Changes
== II ==
Դժվար կլիներ ճշտությամբ նշել այն պատճառները, որոնց հետևանքով Կատերինա Իվանովնայի խանգարված գլխում ծագեց այդ անհեթեթ հոգեհացը կազմակերպելու միտքը։ Հիրավի, դրա վրա ծախսվեց համարյա տասը ռուբլի այն քսան ռուբլուց ավելի գումարից, որ ստացվել էր Ռասկոլնիկովից, հատկապես Մարմելադովի թաղման համար։ Գուցե Կատերինա Իվանովնան հանգուցյալի հանդեպ իրեն պարտավոր էր համարում «ինչպես հարկն է» հարգել նրա հիշատակը, որպեսզի բոլոր տնվորները, մանավանդ Ամալյա Իվանովնան, գիտենան, որ հանգուցյալը «ոչ միայն ամենևին էլ նրանցից վատ չի եղել, այլ գուցե շատ ավելի լավ է եղել», որ նրանցից ոչ ոք իրավունք չունի նրա հանդեպ «իր քիթը բարձրացնել»։ Գուցե այստեղ առավելապես ազդեցություն ուներ ''աղքատի'' այն առանձնահատուկ հպարտությունը, որի հետևանքով մեր կենցաղում բոլորի և յուրաքանչյուրի համար պարտադիր հասարակական որոշ ձեսերի համար շատ չքավորներ վերջին ուժերն են լարում և ծախսում խնայված վերջին կոպեկները, որպեսզի միայն «ետ չմնան ուրիշներից» և որպեսզի այդ ուրիշները նրանց որևէ կերպ «չպարսավեն»։ Միանգամայն հավանական է նաև այն, որ Կատերինա Իվանովնան հատկապես այս դեպքում, հատկապես այն պահին, երբ ինքը կարծես թե մոռացված էր բոլորի կողմից, ուզեց ցույց տալ այդ բոլոր «չնչին ու վատթար տնվորներին», որ ինքը ոչ միայն «գիտե ապրել և գիտե հյուրեր ընդունել», այլև նույնիսկ ամենևին էլ այդպիսի վիճակի համար չի դաստիարակվել, այլ դաստիարակված է գնդապետի «ազնվականական, կարելի է նույնիսկ ասել՝ արիստոկրատական տանը», ու ամենևին էլ ստեղծված չէ հատակ ավլելու և գիշերները երեխաների շորեր լվանալու համար։ Հպարտության և սնափառության այդ մոլուցքները երբեմն համակում են բոլորովին աղքատ ու ընկճված մարդկանց ու երբեմն նրանց համար գրգռիչ, անզսպելի պահանջ են դառնում։ Իսկ Կատերինա Իվանովնան ամենևին էլ նկճվածներից չէր. կարելի էր նրան ուղղակի սպանել այլևայլ հանգամանքներով, բայց անկարելի էր նրան ''ընկճել'' բարոյապես, այսինքն՝ վախեցնել և նրա կամքը ենթարկել ուրիշին։ Մյուս կողմից նրա մասին Սոնեչկան միանգամայն իրավացիորեն ասում էր, որ նրա խելքն ու միտքը խանգարվում է։ Ճշմարիտ է, դեռ չէր կարելի այդ ասել դրականապես և վերջնականորեն, բայց հիրավի, վերջին ժամանակներում, ամբողջ վերջին տարում նա այնքան էր տանջվել, որ մասամբ խելքը թռցրել էր։ Ինչպես բժիշկներն են ասում, թոքախտի ուժեղ զարգացումը նույնպես նպաստում է մտավոր ունակությունների խանգարման։
Բազմաքանակ և բազմատեսակ ''գինիներ'' չկային, ''մադերա'' նույնպես, դա չափազանցրած էր, բայց գինի կար։ Բերված էր օղի, ռոմ և լիսաբոնյան գինի, բոլորը ամենավատ որակի, սակայն բավականաչափ քանակությամբ։ Բացի կուտյայից, կային երեք֊չորս տեսակ խորտիկներ (ի միջի այլոց նաև բլիններ), բոլորը Ամալյա Իվանովնայի խոհանոցից․ բացի դրանից, երկու ինքնաեռ էր դրված, ճաշից հետո թեյ ու փունջ խմելու համար։ Գնումները տնօրինել էր ինքը՝ Կատերինա Իվանովնան, նրան օգնել էր տնվորներից մեկը, մի ինչ֊որ խղճուկ լեհ։ Աստված գիտե, թե սա ինչի համար էր ապրում տիկին Լիպպևեխզելի տանը։ Նա անմիջապես ներկայացավ Կատերինա Իվանավնային, նրա հանձնարարությունները կատարելու համար, ու ամբողջ նախորդ օրը և այդ ամբողջ առավոտյան դես֊դեն էր վազում գլուխը կորցրած ու լեզուն հանած, կարծես առանձնապես ջանալավ, որ այս վերջին հանգամանքը նկատելի լինի։ Ամեն մի դատարկ բանի համար նա րոպե առ րոպե գալիս էր Կատերինա Իվանովնայի մոտ, նույնիսկ վազ էր տալիս նրան փնտրելու խանութաշարքում, նրան շարունակ անվանում էր «պանի խորունժինա» (տիկին կոռնետուհի) և ի վերջո սաստիկ ձանձրացրեց Կատերինա Իվանովնային, թեև սա սկզբում ասում էր, որ առանց այդ «ծառայակամ և մեծահոգի մարդու» ինքը բոլորովին կկորչեր։ Կատերինա Իվանովնայի բնավորությանը հատուկ էր հենց առաջին հանդիպած, պատահական մարդուն անմիջապես լավագույն, հիանալի հատկություններ վերագրել, այնպես գովաբանել նրան, որ մարդ նույնիսկ ամաչում էր, գովասանքի համար մեջտեղ բերել այլևայլ հանգամանքներ, որոնք ամենևին էլ գոյություն չունեին, միանգամայն անկեղծորեն ու պարզամտությամբ հավատալ դրանց գոյության, հետո էլ հանկարծ միանգամից հիասթափվել, շշպռել, նախատել և հրելով վռնդել այն մարդուն, որին ինքը ընդամենը մի քանի ժամ առաջ տառացիորեն երկրպագում էր։ Բնությունից նա ծիծաղկոտ, ուրախ և խաղապասեր բնավորություն ուներ։ Բայց իր գլխին շարունակ դժբախտություններ և ձախորդություններ էին թափվել, նա ''մոլեգնաբար'' ցանկանում էր ու պահանջում, որ բոլորը խաղաղ և ուրախ ապրեն և ''չհամարձակվեն'' այլ կերպ ապրել։ Ահա թե ինչու իր կյանքում ամենաթեթև դիսոնանսը, ամենաչնչին անհաջողությունը նրան իսկույն կատաղության էր հասցնում, և նա մի ակնթարթում, ամենավառ հույսերից ու ֆանտազիաներից հետո, սկսում էր անիծել իր բախտը, պոկել ու դեն շպրտել այն ամենը, ինչ որ լինում էր իր ձեռքի տակ, ու գլուխը խփել պատին։ Չգիտես ինչու Ամալյա Իվանովնան էլ հանկարծ նրա աչքում արտասովոր նշանակություն ստացավ և նրա կողմից արտասովոր հարգանքի արժանացավ, գուցե դա այն պատճառով էր, որ ձեռնարկվել էր այդ հոգեհացը, և Ամալյա Իվանովնան սրտանց որոշել էր մասնակցել բոլոր գլխացավանքներին. նա հանձն էր առել սեղան գցել, սփռոց, անձեռոցիկներ, ամանեղեն և այլ իրեր բերել և իր խոհանոցում ուտելիք պատրաստել։ Նրան ամեն ինչ լիազորել էր Կատերինա Իվանովնան ու թողել էր իր փոխարեն տնօրինություն անելու, իսկ ինքը գնացել էր գերեզմանոց։ Հիրավի, ամեն ինչ շատ լավ էր պատրաստված, սեղանը ծածկված էր նույնիսկ բավական մաքուր սփռոցով, ամանները, պատառաքաղները, դանակները, ըմպանակները, բաժակները, թասերը՝ այդ ամենը, իհարկե, հավաքովի էր, զանազան ձևի ու չափի, բերվել էր այլևայլ տնվորներից, բայց որոշ Ժամին ամեն ինչ իր տեղն էր, ու Ամալյա Իվանովնան զգալով, որ գործը հիանալի է կատարել, գերեզմանոցից վերադարձողներին դիմավորեց նույնիսկ մի փոքր հպարտ տեսքով, զուգված֊զարդարված, սգո նոր ժապավեններով պճնած գլխադիրով ու սև շրջազգեստով։ Այդ հպարտությունը թեև ըստ արժանվույն էր, բայց չգիտես ինչու դուր չեկավ Կատերինա Իվանովնային. «Հիրավի, կարծես թե առանց Ամալյա Իվանովնայի չէինք կարողանա սեղան գցել», մտածում էր նա։ Նրան դուր չեկավ նաև նոր ժապավեններով պճնած գլխադիրը. «Այդ հիմար գերմանուհին հո չի՞ հրպարտանում նրանով, որ ինքը տանտիրուհին է և գութ է արել օգնելու աղքատ տնվորներին։ Գո՜ւթ է արել, ասացեք խնդրեմ, Կատերինա Իվանովնայի հայրիկի մոտ, որը գնդապետ էր և քիչ էր մնում նահանգապետ դառնար, երբեմն սեղան էր բացվում քառասուն մարդու համար, այնպես որ մի որևէ Ամալյա Իվանովնայի կամ ավելի լավ է ասել Ամալյա Լյուդվիգովնայի այնտեղ խոհանոց էլ չէին թոզնի...»։ Սակայն Կատերինա Իվանովնան որոշեց առայժմ չարտահայտել իր զգացմունքները, թեև մտածում էր, որ անպայման հարկավոր է հենց այդ օրը վռնդել Ամալյա Իվանովնային և նրան ցույց տալ իր իսկական տեղը, թե չէ նա աստված գիտե թե ինչեր կերևակայի, իսկ առայժմ Կատերինա Իվանովնան նրա նկատմամբ սառը վերաբերմունք էր ցույց տալիս։ Կատերինա Իվանովնային մասամբ ջղայնացնում էր նաև մի ուրիշ անախորժություն. թաղմանը կանչված տնվորներից համարյա ոչ մեկը դրան չէր մասնակցել, բացի լեհից, որը կարողացել էր նաև վազ տալ գերեզմանոց, իսկ հոգեհացին, այսինքն՝ ուտելու֊խմելուն ներկայացան միայն աննշան և աղքատ տնվորները, նրանցից շատերը նույնիսկ անվայելուչ էին հագնված, ուղղակի խուժաններ էին։ Իսկ այն տնվորները, որոնք հասակով ավելի մեծ ու ավելի պատկառելի էին, բոլորն էլ ասես դիտմամբ, ասես պայմանավորված լինելով, բացակայում էին։ Օրինակ, Պյոտր Պետրովիչ Լուժինը, կարելի է ասել՝ բոլոր տնվորներից ամենապատկառելի մարդը, չեկավ հոգեհացին, այնինչ դեռ նախորդ օրվա երեկոյան Կատերինա Իվանովնան բոլորին, այսինքն Ամալյա Իվանովնային, Պոլեչկային, Սոնյային և լեհին ասում էր, որ նա առավելապես ազնիվ ու մեծահոգի մարդ է, ահագին կապեր ու կարողություն ունի, եղել է իր առաջին ամուսնու բարեկամը, ընդունվում էր իր հոր տանը, խոստացել է բոլոր միջոցները գործադրել իր համար խոշոր թոշակ հաջողացնելու նպատակով։ Այստեղ հիշատակենք, որ եթե Կատերինա Իվանովնան պարծենում էր որևէ մեկի կապերով ու կարողությամբ, այդ անում էր առանց որևէ հետաքրքրության, առանց որևէ անձնական հաշվենկատության, բոլորովին անշահախնդիր, այսպես ասած՝ զգացմունքների հորդությունից դրդված, հաճույք ստանալով հենց միայն գովաբանելուց ու գովաբանվողին մեծ արժանիքներ վերագրելուց։ Լուժինից բացի, հավանորեն «նրանից օրինակ վերցնելով», չեկավ նաև «այդ վատթար սրիկա Լեբեզյատնիկովը»։ «Ախր նա ի՞նչ է իրեն երևակայում։ Նրան հրավիրել են միայն գթասրտությունից դրդված, այն էլ Պյոտր Պետրովիչի հետ մի սենյակում ապրելու և նրա ծանոթը լինելու պատճառով, այնպես որ, անհարմար կլիներ չհրավիրել»։ Չեկավ նաև մի բարեկիրթ տիկին, իր «պառաված աղջկա» հետ։ Թեև սրանք ընդամենը երկու շաբաթ էին ապրել Ամալյա Իվանովնայի սենյակներում, բայց արդեն մի քանի անգամ գանգատվել էին, որ իրենց խանգարում է Մարմելադովների սենյակից լսվող աղմուկը, մանավանդ երբ հանգուցյալը հարբած վերադառնում էր տուն։ Կատերինա Իվանովնան այդ իմացավ հենց Ամալյա Իվանովնայից, երբ սա լեզվակռիվ անելով Կատերինա Իվանովնայի հետ և սպառնալով դուրս անել նրա ամբողջ ընտանիքը, ամբողջ կոկորդով մեկ բղավում էր, որ նրանք անհանգստացնում են «ազնիվ տնվորներին, որոնց կրունկն էլ չարժեն»։ Կատերինա Իվանովնան որոշել էր հիմա դիտմամբ հրավիրել այդ տիկնոջը և նրա աղջկան, որոնց «կրրունկն էլ իբր թե չարժեր ինքը», մանավանդ որ մինչև այժմ, պատահմամբ հանդիպելով նրան, այդ տիկինը գոռոզաբար երես էր դարձնում, թող ուրեմն նա իմանար, ոո այստեղ «ազնվորեն են մտածում և զգացմունքներ տածում, հրավիրում անհիշաչարությամբ», և թող նրանք տեսնեն, որ Կատերինա Իվանովնան սովոր է եղել այլ վիճակում էլ ապրել։ Կատերինա Իվանովնան ենթադրում էր սեղանի շուրջ նրանց հետ անպայման խոսել այդ մասին, ինչպես նաև իր հանգուցյալ հայրիկի համարյա թե նահանգապետ լինելու մասին, ու դրա հետ մեկտեղ անուղղակիորեն ակնարկել, որ հանդիպումների ժամանակ չպետք էր երես դարձնել և որ դա չափազանց հիմար բան է եղել։ Չեկավ նաև մի հաստափոր փոխգնդապետ (ըստ էության պաշտոնաթող շտաբս-կապիտան), բայց պարզվեց, որ դեռ նախորդ օրվա առավոտից նա «հալից ընկած էր եղել»։ Մի խոսքով, եկել էին միայն՝ լեհը, հետո մի խղճուկ, սակավախոս գրասենյակային ծառայող կեղտոտված ֆրակով, բշտիկավոր դեմքով, գարշելի հոտով, հետո մի խուլ ու համարյա բոլորովին կույր ծերուկ, որը մի ժամանակ ծառայել էր մի ինչ-որ փոստատան, և որին ինչ֊որ մեկը անհիշելի ժամանակներից և հայտնի չէ ինչի համար պահում էր Ամալյա Իվանովնայի տանը։ Եկավ նաև մի հարբած պաշտոնաթող պարուչիկ, էապես զորքի պարենավորման աստիճանավոր, որը բոլորովին անվայելուչ ու բարձր քրքիջ էր աձակում և «երևակայեցեք», առանց ժիլետի էր։ Ինչ֊որ մեկն էլ եկավ և ուղղակի սեղան նստեց նույնիսկ առանց Կատերինա Իվանավնային բարևելու և, վերջապես, մի անձնավորություն էլ հագուստ չունենալու պատճառով եկավ խալաթ հագած, բայց դա արդեն այնքան անպատշաճ էր, որ Ամալյա Իվանովնայի և լեհի ջանքերով հաջողվեց նրան դուրս անել։ Լեհը իր հետ բերել էր ինչ֊որ ուրիշ երկու լեհերի, որոնք բնավ և երբեք չէին ապրել Ամալյա Իվանովնայի տանը և որոնց մինչև այժմ ոչ ոք չէր տեսել այդ տան սենյակներում։ Այս ամենը չափազանց անախորժ ջղայնություն պատճառեց Կատերինա Իվանովնային։ «Որ այդպես է, էլ ո՞ւմ համար էին կատարվում բոլոր պատրաստությունները»։ Տեղ չլինելու պատճառով երեխաներին նստեցրին ոչ թե սեղանի շուրջ, այլ ետին անկյունում, ուր նրանց համար ուտելիք դրեցին սնդուկի վրա, երկու փոքրիկներին նստեցրին հատարանին. Պոլեչկան որպես նրանցից մեծը, պետք է հսկեր, կերակրեր նրանց ու սրբեր այդ «ազնվատոհմ երեխաների» քթիկները։ Մի խոսքով, Կատերինա Իվանովնան ակամայից պետք է բոլորին դիմավորեր կրկնապատկված ծանրակշռությամբ և նույնիսկ արհամարհանքով։ Նա մի առանձին խստությամբ նայեց մի քանիսներին և գոռոզաբար հրավիրեց սեղան նստել։ Չգիտես ինչու, գտնելով, որ բոլոր չեկածների համար պետք է պատասխանատու լինի Ամալյա Իվանովնան, նա հանկարծ սկսեց վերջինիս հետ չափազանց անփույթ վարվել. Ամալյա Իվանովնան անմիջապես դա նկատեց և խիստ վիրավորվեց։ Այդպիսի սկիզբը լավ վախճան չէր խոստանում։ Վերջապես նստեցին։
Ռասկոլնիկովը ներս մտավ համարյա հենց այն րոպեին, երբ մյուսները վերադարձան գերեզմանոցից։ Կատերինա Իվանովնան չափազանց ուրախացավ նրա գալու համար, նախ՝ այն պատճառով, որ նա բոլոր հյուրերի մեջ միակ «կրթված մարդն էր» և «ինչպես հայտնի է, պատրաստվում էր երկու տարուց հետո այստեղի համալսարանում պրոֆեսորի ամբիոն գրավել», երկրորդ, այն պատճառով, որ նա անմիջապես և քաղաքավարությամբ ներողություն խնդրեց, որ հակառակ իր ցանկության, չկարողացավ մասնակցել թաղման։ Կատերինա Իվանովնան ուղղակի նետվեց դեպի։ Ռասկոլնիկովը, նստեցրեց սեղան, իր ձախ կողքին (աջ կողքին նստեց Ամալյա Իվանովնան)։ Չնայած անընդհատ իրարանցման և ուտելիքները կանոնավոր մատուցելու և բոլորին հասցնելու հոգսերին, չնայած տանջալից հազին, որը ամեն րոպե ընդհատում և խեղդում էր նրան և կարծես առանձնապես ուժեղացել էր վերջին երկու օրում, նա անընդհատ դիմում էր Ռասկոլնիկովին և գրեթե շշնջալով, հապճեպորեն թափում իր մեջ կուտակված բոլոր զգացմունքները և իր ամբողջ արդարացի ցասումը ձախողված հոգեհացի նկատմամբ, ցասումը հաճախ փոխարինվում էր ամենաուրախ, ամենաանզուսպ ծիծաղով հավաքված հյուրերի, գլխավորապես հենց տանտիրուհու հասցեին։
— Ամեն ինչի համար այդ կկուն է մեղավոր։ Դուք հասկանում եք, թե ում մասին եմ խոսում. սրա մասին, սրա մասին,— ու Կատերինա Իվանովնան գլխով ցույց տվեց տանտիրուհուն։— նայեցեք նրան. Լռել է աչքերը, զգում է, որ մենք իր մասին ենք խոսում, բայց չի կարողանում հասկանալ, ու չռել է աչքերը։ Ի-ի֊ի՜հ, բո՛ւ է, բո՛ւ, քա՛հ-քա՛հ֊քա՛հ... Քխա՛֊քխա֊քխա։ Եվ ի՞նչ է ուզում ցույց տալ իր գլխադիրով․ քխա՛-քխա՛-քխա՛։ Դուք նկատեցի՞ք, ուզում է բոլորին ցույց տալ, թե ինձ հովանավորում և պատիվ է անում իր ներկայությամբ։ Ես նրան, իբրև կարգին կնոջ, խնդրել էի հրավիրել ավելի լավ մարդկանց և հատկապեա հանգուցյալի ծանոթներին, իսկ նա տեսեք թե ում է բերել, ինչ-որ ծաղրածուներ են, կեղտոտ-փնթիներ։ Նայեցեք անմաքուր դեմք ունեցող այն մեկին, ինչ-որ երկոտանի փսլնքոտ է։ Իսկ այդ լեհե՜րը, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ, քխա՛-քխա՛-քխա՛։ Ոչ ոք, ոչ ոք ու երբեք նրանց այստեղ չի տեսել, ես էլ երբեք չեմ տեսել, դրանք ինչո՞ւ են եկել, հարցնում եմ ձեզ։ Նստել են առոք-փառոք, կողք֊կողքի։― Պա՛ն, է՛յ,― հանկարծ նա բարձրաձայն դիմեց լեհերից մեկին,— բլիններ վերցրե՞լ եք, էլի վերցրեք, գարեջուր խմեցեք, գարեջուր։ Օղի չե՞ք ուզում։— Նայեցեք, վեր թռավ, գլուխ է տալիս, նայեցեք, նայեցեք, խեղճերը երևի բոլորովին քաղցած են։ Ոչինչ, թող ուտեն։ Գոնե չեն աղմկում, միայն թե ես վախենում եմ տանտիրուհու արծաթե գդալների համար․․․
— Ամալյա Իվանովնա,— համարյա լսելի ձայնով հանկարծ դիմեց նա տանտիրուհուն,— եթե ձեր գդալները գողանան, ես դրանք համար պատասխանատու չեմ, նախազգուշացնում եմ ձեզ.— քա՛հ-քա՛հ֊քա՛հ,— քրքջաց Կատերինա Իվանովնան՝ նորից դիմելով Ռասկոլնիկովին, նորից նրան գլխով ցույց տվեց տանտիրուհուն, իր արտառոց վարմունքից ուրախացած։— Չհասկացավ, էլի չհասկացավ։ Նստել է բերանը բացած, նայեցեք, բու է, իսկական բու, նոր ժապավեններ կապած բվեճ է, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։
Այստեղ ծիծաղը դարձյալ վերածվեց անտանելի հազի, որը տևեց հինգ րոպե։ Թաշկինակը մի քիչ արյունոտվեց, ճակատին քրտինքի կաթիլներ և այտերին կարմիր բծեր դուրս տվին։ Նա Ռասկոլնիկովին լուռ ցույց տվեց արյունը, ու հազիվ շունչ առնելով, իսկույն սկսեց դարձյալ թունդ ոգևորությամբ փսփսալ նրա ականջին։
— Տեսե՛ք, է՛, կարելի է ասել, որ ես դրան միանգամայն նրբամիտ հանձնարարություն տվի՝ հրավիրել այն տիկնոջն ու նրա աղջկան, հասկանո՞ւմ եք, թե ում մասին եմ խոսում։ Այստեղ հարկավոր էր առավելապես քաղաքավարի վարվել, առավելագույն ճարտարությամբ գործել, իսկ սա այնպես արեց, որ այդ եկվոր հիմար կինը, այդ գոռոզ արարածը, այդ աննշան գավառացին, որը մայորի ինչ-որ այրի կին է ու եկել է թոշակի մասին հոգալու և ատյանների շեմքերը մաշելու, որը հիսունհինգ տարեկան հասակում սև է ներկում իր մազերը, սպիտակ ու կարմիր ներկեր է քսում երեսին (գա հայտնի է)․․․ Հենց այդպիսի արարածը ոչ միայն չբարեհաճեց գալ, այլև ոչ ոքի չուղարկեց ներողություն խնդրելու, թե ինքը չէր կարող գալ, ինչպես այդպիսի դեպքերում պահանջում է ամենասովորական քաղաքավարությունը։ Չեմ կարող հասկանալ, թե ինչո՞ւ Պյոտր Պետրովիչն էլ չեկավ։ Իսկ ո՞ւր է Սոնյան, ո՞ւր գնաց։ Ահա վերջապես նա էլ եկավ։ Հը՛, Սոնյա, որտե՞ղ էիր։ Տարօրինակ է, որ դու նույնիսկ հորդ թաղման օրը այդպես անճշտապահ ես։ Ռոդիոն Ռոմանովիչ, թողեք նա նստի ձեր կողքին։ Ահա քո տեղը, Սոնեչկա․․․ Ինչ որ ուզում ես վերցրու։ Դոնդող վերցրու, լավն է։ Հիմա բլիններ կբերեն։ Երեխաներին տվե՞լ եք։ Պոլեչկա, այդտեղ կա՞ ամեն ինչ. քխա՛֊քխա՛֊քխա՛։ Լա՛վ։ Լյոնյա, խելոք կաց, իսկ դու, Կոլյա, ոտքերդ մի թափ տա. նստիր, ինչպես որ պետք է նստի ազնվատոհմ երեխան։ Հա՛, դու ի՞նչ ես ասում, Սոնեչկա։
Սոնյան շտապեց իսկույն նրան հաղորդել, որ Պյոտր Պետրովիչը ներողություն է խնդրում։ Նա աշխատում էր բարձր խոսել, որպեսզի բոլորը կարողանային լսել, գործ էր ածում ամենաընտիր ու քաղաքավարի խոսքեր, որ իբր թե ասել էր Պյոտր Պետրովիչը, գունազարդում էր նրա արտահայտությունները։ Սոնյան ավելացրեց, որ Պյոտր Պետրովիչը պատվիրել էր անպայման հաղորդել, թե հենց որ հնարավոր լինի, ինքը անմիջապես կգա, որպեսզի խոսի ''գործերի'' մասին և պայմանավորվի, թե ինչ կարելի է անել և ձեռնարկել հետագայում և այլն, և այլն։
Սոնյան գիտեր, որ դա կհանդարտեցնի և կհանգստացնի Կատերինա Իվանովնային, դուր կգա նրան, և որ գլխավորն է, նրա հպարտությունը բավարարված կլինի։ Սոնյան նստեց Ռասկոլնիկովի կողքին, հապճեպ գլուխ տվեց և հարևանցիորեն, հետաքրքրությամբ նայեց նրան։ Սակայն մնացած ամբողջ ժամանակվա ընթացքում մի տեսակ խուսափում էր նրան նայելուց և նրա հետ խոսելուց։ Նա կարծես նույնիսկ մտացրիվ էր, թեև շարունակ նայում էր Կատերինա Իվանովնայի դեմքին, որպեսզի գոհացներ նրան։ Նա էլ, Կատերինա Իվանովնան էլ սգաշորով չէին, որովհետև սև շոր չունեին. նա հագած էր ինչ-որ մուգ֊դարչնագույն շոր, իսկ Կատերինա Իվանովնան՝ իր միակ, չթե, թուխ և զոլավոր շրջազգեստը։ Պյոտր Պետրովիչին վերաբերող լուրը գոհունակությամբ ընդունվեց։ Փքված լսելով Սոնյային, Կատերինա Իվանովնան նույնպիսի փքվածությամբ հարցրեց, թե ինչպես է Պյոտր Պետրովիչի առողջությունը։ Այնուհետև անմիջապես և համարյա լսելի ձայնով շշնջաց Ռասկոլնիկովի ականջին, որ իրոք տարօրինակ կլիներ, եթե Պյոտր Պետրովիչի պես հարգարժան ու պատկառելի մարդը լիներ այսպիսի «արտասովոր կոմպանիայում», չնայած նույնիսկ նրա ամբողջ նվիրվածությանը իր, Կատերինա Իվանովնայի ընտանիքին և նրա հին բարեկամությանը իր՝ Կատերինա Իվանովնայի հայրիկի հետ։
— Ահա թե ինչու ես առանձնապես շնորհակալ եմ ձեզնից, Ռոդիոն Ռոմանիչ, որ դուք նույնիսկ այսպիսի պայմաններում չխորշեցիք իմ աղուհացից,— համարյա լսելի ձայնով ավելացրեց նա,— սակայն ես հավատացած եմ, որ միայն դեպի իմ խեղճ հանգուցյալ ամուսինը տածած ձեր առանձնահատուկ բարեկամությունը ձեզ դրդեց կատարել ձեր խոսքը։
Այնուհետև նա հպարտ ու փքված նայեց իր հյուրերին ու հանկարծ մի առանձին հոգատարությամբ հարցրեց սեղանի մյուս կողմում նստած խուլ ծերունուն, թե «արդյոք էլի տապակած չի՞ ուզում և արդյոք լիսաբոնյան գինի տվե՞լ են նրան»։ Ծերունին չպատասխանեց և երկար ժամանակ չէր կարողանում հասկանալ, թե իրեն ինչ են հարցնում, թեև հարևանները ծիծաղի համար սկսեցին բոթել նրան։ Նա միայն շուրջն էր նայում բերանը բացած, որով էլ ավելի հրահրեց ընդհանուր զվարճությունը։
— Այ քեզ դմբոյի մեկը։ Նայեցեք, նայեցեք, ինչի՞ համար են դրան բերել։ Ինչ վերաբերում է Պյոտր Պետրովիչին, ապա նրա նկատմամբ ես միշտ վստահ եմ եղել,— շարունակեց Կատերինա Իվանովնան՝ դիմելով Ռասկոլնիկովին,— և, իհարկե, նա նման չէ...— կտրուկ, բարձրաձայն և չափազանց խիստ տեսքով դիմեց նա Ամալյա Իվանովնային, որը դրանից նույնիսկ երկչոտեց,— նման չէ ձեր այն պճնվող, թեթևսոլիկ տնվորուհիներին, որոնց իբրև խոհարարուհի էլ չէին ընդունի հայրիկիս տանը, իսկ հանգուցյալ ամուսինս այդպիսիներին ընդունելով, իհարկե, պատիվ կաներ նրանց, այն էլ շնորհիվ միայն իր անսպառելի բարության։
— Այո, սիրում էր խմել, շատ էր սիրում,— հանկարծ գոչեց պարենավորման պաշտոնաթոզ աստիճանավորը՝ քամելով օղու տասներկուերորդ ըմպանակը։
— Հանգուցյալ ամուսինս իրոք ուներ այդ սովորությունը, և դա բոլորին հայտնի է,— մեկ էլ հանկարծ նրան կպավ Կատերինա Իվանովնան,— բայց նա բարի և ազնիվ մարդ էր, սիրում և հարգում էր իր ընտանիքը։ Վատ էր միայն այն, որ նա իր բարության շնորհիվ չափից դուրս վստահում էր ամեն տեսակ անառակ մարդկանց և ասաված գիտե թե ում հետ էր խմում, այնպիսիների հետ, որոնք նրա կոշկատակերին էլ չարժեին։ Երևակայեցեք, Ռոդիոն Ռոմանովիչ, մի անգամ նրա գրպանում մեղրաբլիթե աքլորիկ գտանք, գալիս է գիտակցությունը կորցնելու չափ հարբած, բայց երեխաներին չի մոռացել։
— Աք֊լո֊րի՞կ։ Դուք հաճեցիք ասել աք-լո-րի՞կ,— բղավեց պարենավորման պարոն աստիճանավորը։
Կատերինա Իվանովնան նրան պատասխանի չարժանացրեց։ Նա միտք արեց ինչ-որ բանի մասին և շունչ առավ։
— Երևի դուք, ինչպես և բոլորը, կարծում եք, թե ես նրա հետ չափից դուրս խիստ էի վարվում,— շարունակեց Կատերինա Իվանովնան՝ դիմելով Ռասկոլնիկովին։— Բայց այդ ճիշտ չէ։ Նա ինձ հարգում էր, նա ինձ շատ, շատ էր հարգում, բարեհոգի մարդ էր։ Երբեմն ես այնպե՜ս էի խղճում նրան։ Մեկ էլ տեսար նստում է մի անկյունում, նայում է ինձ, մեղքս գալիս է, ուզում եմ փաղաքշել նրան, հետո էլ մտածում եմ՝ «որ փաղաքշես, էլի կհարբի». միայն խստությամբ կարելի էր շատ թե քիչ զսպել։
— Հըմ, այո, լինում էին մազերը քաշքշելու դեպքեր, հաճախ էին լինում,— դարձյալ գոչեց պարենավորման աստիճանավորը ու էլի մի գավաթ օղի կոնծեց։
— Օգտակար կլիներ ոչ միայն որոշ հիմարների մազերը քաշքշել, այլև նրանց ցախավելով դուրս շպրտել։ Ես հիմա հանգուցյալի մասին չեմ խոսում,— պարենավորման աստիճանավորին ցասկոտ պատասխանեց Կատերինա Իվանովնան։
Նրա այտերի կարմիր բծերը է՛լ ավելի էին կարմրատակում, կուրծքը ելնում ու իջնում էր։ Էլի մի րոպե, և նա արդեն հիստերիկայի մեջ կընկներ։ Շատերը քթների տակ ծիծաղում էին, ըստ երևույթին դա հաճելի էր շատերին։ Ոմանք բոթում էին զորքերի պարենավորման աստիճանավորին և ինչ-որ փսփսում նրա ականջին։ Ակներև էր, որ ուզում էին կռվեցնել նրանց։
— Թույլ տվեք հարցնել, դուք այդ ի՜՞չ եք ակնարկում,— հարցրեց պարենավորման աստիճանավորը,― այսինքն՝ ո՞ւմ վերաբերյալ... Դուք հիմա... բարեհաճեցեք արտահայտվել... Ասենք, հարկավոր չէ, դատարկ բան է։ Դե այրի կին է, էլի, որրևայրի է, ներում եմ... Փա՛ս։— Եվ նա դարձյալ օղի կոնծեց։
Ռասկոլնիկովը նստել էր և լուռ, զզվանքով էր լսում։ Նա ուտում էր միայն քաղաքավարությունից դրդված, որպեսզի չվիրավորեր Կատերինա Իվանովնային, որը րոպե առ րոպե պատառներ էր դնում նրա ափսեին։ Ռասկոլնիկովը ակնապիշ նայում էր Սոնյային։ Սոնյան հետզհետե ավելի էր անհանգստանում և մտահոգվում. նա էլ էր նախազգում, որ հոգեհացը խաղաղ չի վերջանա, ու վախով էր հետամտում Կատերինա Իվանովնայի սաստկացող ջղայնությանը։ Ի միջի այլոց նրան հայտնի էր, որ հենց ինքը, Սոնյան էր գլխավոր պատճառը, որով երկու եկվոր կանայք այնպես արհամարհանքով էին վերաբերվել Կատերինա Իվանովնայի հրավերին։ Նա Ամալյա Իվանովնայից լսել էր, որ մայրը նույնիսկ վիրավորվել էր հրավերից և հարցրել՝ «Ես ինչպե՞ս կարող եմ իմ դստերը նստեցնել, ''այդ տեսակ աղջկա կա կողքին''»։ Սոնյան նախազգում էր, որ դա արդեն որևէ կերպ հայտնի է Կատերինա Իվանովնային, իսկ իրեն, Uոնյային, հասցրած վիրավորանքը է՛լ ավելի մեծ վիրավորանք էր անձնապես Կատերինա Իվանովնայի, նրա երեխաների, նրա հայրիկի հասցեին, մի խոսքով, մահացու վիրավորանք էր, ու Սոնյան գիտեր, որ հիմա Կատերինա Իվանովնան չի հանգստանա, «մինչև որ չասի այդ թրևող թեթևսոլիկներին, թե ինչ են նրանք», և այլն, և այլն։ Հակառակի պես ինչ-որ մեկը սև հացից շինած, մեջտեղից, սլաքով ծակված երկու սիրտ դրեց ափսեի մեջ, սեղանի մյուս ծայրից ուղարկեց Սոնյային։ Կատերինա Իվանովնան վրդովվեց և անմիջապես բարձրաձայն ասաց, որ դրանք ուղարկողը, իհարկե, «հարբած ավանակ է»։ Ամալյա Իվանովնան էլ նախազգալով ինչ-որ վատ բան և դրա հետ մեկտեղ մինչև հոգու խորքը վիրավորվելով Կատերինա Իվանովնայի գոռոզությունից, հավաքվածների անախորժ տրամադրությունը ցրելու և միաժամանակ բոլորի աչքում իրեն բարձրացնելու համար, ռուսերեն կոտրատելով, սկսեց առանց որևէ առիթի պատմել, թե ինչ-որ իր ծանոթը, «դեղատան ծառայող Կառլը» գիշերը գնում էր կառքով, «կառապանը ուզում էր նրան սպանել, Կառլը նրան շատ, շատ խնդրեց, որ չսպանի, ու լացեց, ձեռքերը ձալեց, վախեցավ, ու վախից սրտաճաք եղավ»։ Կատերինա Իվանովնան թեև ժպտաց, բայց իսկույն դիտողություն արեց, թե Ամալյա Իվանովնան չպետք է ռուսերենով անեկդոտներ պատմի։ Վերջինս է՛լ ավելի վիրավորեց և առարկեց, որ իր «ֆատերը (հայրը) Բեռլինում շատ, շատ պատկառելի մարդ էր և հաճախ ձեռքերը գրպաններ էր խոթում»։ Ծիծաղկոտ Կատերինա Իվանովնան չհամբերեց և քա՛հ-քա՛հ քրքջաց, այնպես որ Ամալյա Իվանովնան արդեն կորցրեց վերջին համբերությունը և հազիվ էր զսպում իր բարկությունը։
— Ա՛յ քեզ բվե՜ճ,— գրեթե զվարճացած դարձյալ փսփսաց Կատերինա Իվանովնան Ռասկոլնիկովի ականջին,― ուզում էր ասել ձեռքերը գրպաններն էր դնում, բայց դուրս եկավ որ ձեռքերը ուրիշների գրպաններն էր խոթում, քխա՛֊քխա՛, Դուք նկատե՞լ եք, Ռոդիոն Ռոմանովիչ, որ Պետերբուրգում ապրող այդ բոլոր օտարերկրացիները, այսինքն՝ գլխավորապես գերմանացիները, որոնք ինչ֊որ տեղերից գալիս են մեզ մոտ, մեզնից ավելի հիմար են։ Համաձայնեցեք, մի՞թե կարելի է պատմել այդպիսի բան, թե «դեղատան ծառայող Կառլը վախից սրտաճաք եղավ», թե նա (փսլնքոտը) փոխանակ կառապանի ձեռքերը կապելու, «ձեռքերը ծալեց ու լացեց, շատ խնդրեց չսպանել իրեն»։ Ա՛յ քեզ թեթևսոլիկի մեկը, կարծում է, թե դա շատ հուզիչ է, ու մտքովն էլ չի անցնում, թե որքան հիմար է ինքը։ Իմ կարծիքով պարենավորման այդ հարբած աստիճանավորը նրանից շատ ավելի խելացի է. գոնե նկատում ես, որ հարբեցողի մեկն է, խմելուց է թռցրել խելքը, իսկ մյուսները բոլորն էլ հո կարգին են, լուրջ են... Ի-ի՜հ, նստել է աչքերը չռած։ Բարկանում է, բարկանում, քա՛հ-քա՛հ֊քա՛հ, քխա՛-քխա՛֊քխա՛։
Ուրախ տրամադրված Կատերինա Իվանովնան սկսեց զանազան մանր-մունր բաներ պատմել ու հանկարծ խոսեց այն մասին, թե ինչպես ինքը թոշակի միջոցով իր հայրենի Տ․․․ քաղաքում անպայման պանսիոն կբանա ազնվական աղջիկների համար։ Կատերինա Իվանովնան այդ մասին դեռ չէր հաղորդել Ռասկոլնիկովին և իսկույն տարվեց ամենահրապուրիչ մանրամասնությունների շարադրմամբ։ Հայտնի չէ, թե ինչ կերպ հանկարծ նրա ձեռքն ընկավ հենց այն «գովասանաթերթը», որի մասին Ռասկոլնիկովին հաղորդել էր դեռ հանգուցյալ Մարմելադովը, գինետանը նրան բացատրելով, որ Կատերինա Իվանովնան, իր կինը, ինստիտուտն ավարտելիս՝ շալով պարել էր «նահանգապետի և այլ անձանց ներկայությամբ»։ Այդ գովասանաթերթը հիմա ակներևաբար պետք է վկայագիր լիներ պանսիոն հիմնելու նկատմամբ Կատերինա Իվանովնայի իրավունքի մասին, և որ գլխավորն է, պատրաստ էր պահվում «երկու պճնվող թեթևսոլիկներին» ամաչեցնելու համար, եթե նրանք գային հոգեհացին, և պարզ ապացուցելու նրանց, որ Կատերինա Իվանովնան ազնվական տանից է, «նույնիսկ կարելի է ասել, արիստոկրատական տանից, գնդապետի աղջիկ է և անշուշտ ավելի լավն է, քան արկածներ որոնող ուրիշ կանայք, որոնք այնքան շատացել են վերջին ժամանակներում»։ Գովասանաթերթը իսկույն անցավ հարբած հյուրերի ձեռքերը, Կատերինա Իվանովնան այդ չէր արգելում, որովհետև գովասանաթերթում իրոք en toutes lettres<ref>Լրիվ (ֆրանս.)։</ref> նշված էր, որ նա արքունի խորհրդականի և ''կավալերի դուստր է'', հետևաբար իրոք որ համարյա գնդապետի դուստր է։ Ոգևորվելով, Կատերինա Իվանովնան անմիջապես շարադրեց Տ... քաղաքում ապագա սքանչելի ու հանգիստ կյանքի բոլոր մանրամասնությունները, հիշատակեց գիմնազիայի ուսուցիչներին, որոնց հրավիրելու է իր պանսիոնում դասեր ավանդելու համար, մի պատվարժան ծերունու, ֆրանսիացի Մանգոյին, որը ինստիտուտում ֆրանսերեն էր սովորեցնում հենց իրեն, Կատերինա Իվանովնային, և որը հիմա էլ դեռ ապրում է Տ... քաղաքում և անշուշտ ձեռնտու վճարով կաշխատի իր մոտ։ Վերջապես, բանը հասավ նաև Սոնյային, «որը Կատերինա Իվանովնայի հետ կմեկնի Տ... և այնտեղ ամեն կերպ կօգնի նրան»։ Բայց այստեղ հանկարծ մեկը փռթկաց սեղանի մյուս ծայրում։ Կատերինա Իվանովնան թեև աշխատեց այնպես ցույց տալ, թե չի լսել սեղանի մյուս ծայրում եղած ծիծաղը, բայց անմիջապես, դիտմամբ բարձրացնելով ձայնը, սկսեց ոգևորությամբ խոսել այն մասին, որ Սոֆյա Սեմյոնովնան անկասկածելի ընդունակություներ ունի նրան որպես օգնական ծառայելու համար, հիշաաակեց նրա «հեզությունը, համրերատարությունը, անձնուրացությունը, ազնվությունը և կրթությունը», ընդ որում շոյեg նրա այտը և տեղից քիչ բարձրանալով, երկու անգամ պինդ համբուրեց նրան։ Uոնյան շիկնեց, իսկ Կատերինա Իվանովնան հանկարծ լացեց, մտածելով, որ «նա թույլ նյարդեր ունի և հիմար է, որ նրա տրամադրությունը խիստ փչացած է, որ ժամանակն է վերջացնել հացկերույթը, և որովհետև ուտելիքը արդեն վերջացել է, հարկավոր է թեյ մատուցել»։ Ամալյա Իվանովնան բոլորովին վիրավորված լինելով, որ ոչ մի մասնակցություն չի ունեցել ամբողջ խոսակցությանը և որ իրեն նույնիսկ բոլորովին չեն լսում, այդ իսկ րոպեին հանկարծ ռիսկ արեց դիմել վերջին փորձին և թաքուն տխրությամբ համարձակվեց Կատերինա Իվանովնային հաղորդել չափազանց կարևոր և խորիմաստ մի դիտողություն այն մասին, որ ապագա պանսիոնում պետք է հատուկ ուշադրություն դարձնել աղջիկների (դի վեշե) սպիտակեղենի մաքրության վրա և որ «անպայման պետք է լինի մի լավ դամա (դի դամե) որը լավ հսկի սպիտակեղենին» և երկրորդ՝ որ «ջահել աղջիկները բոլորն էլ գիշերները ծածուկ կերպով ոչ մի ռոման (վեպ) չկարդան»։ Կատերինա Իվանովնան, որ իրոք վրդովված էր և խիստ հոգնած և որին արդեն բոլորովին ձանձրացրել էր հոգեհացը, իսկույն «կտրեց» Ամալյա Իվանովնայի խոսքը, ասելով, որ վերջինս «դատարկ բան է բարբաջում» և ոչինչ չի հասկանում և որ դի վեշենների (մաքուր սպիտակեղենի) մասին հոգալը ոչ թե ազնվականական պանսիոնի վերատեսչուհու, այլ հանդերձապահի գործն է․ իսկ ինչ վերաբերում է ռոմաններ կարդալուն, ապա դա նույնիսկ ուղղակի անվայելուչ բան է և ինքը խնդրում է, որ Ամալյա Իվանովնան լռի, Ամալյա Իվանովնան կարմրատակեց, ու չարանալով, ասաց, որ ինքը միայն «բարիք էր ցանկանում», «շատ ու շատ բարիք էր ցանկանում» և որ «բնակարանի համար վաղուց իրեն գելդ (փող) չի վճարվում»։ Կատերինա Իվանովնան անմիջապես «սաստեց» նրան, ասելով, թե նա ստում է, «ոչ մի բարիք էլ չի ցանկանում», որովհետև դեռ երեկ, երբ հանգուցյալը դեռ սեղանի վրա էր, նա, տանտիրուհին իրեն տանջում էր բնակարանի համար։ Ամալյա Իվանովնան, շարունակելով ռուսերեն կոտրատել, ասաց, որ ինքը հրավիրել էր «այն կանանց, բայց նրանք չեկան, որովհետև նրանք ազնվաբարո կանայք են և չեն կարող գալ ոչ ազնվաբարո կանանց մոտ»։ Կատերինա Իվանովնան իսկույն ևեթ «շեշտեց», թե որովհետև Ամալյա Իվանովնան փնթիի մեկն է, ուստի և չի կարող դատողություն անել, թե ինչ է իսկական ազնվությունը։ Ամալյա Իվանովնան այդ չհանդուրժեց և անմիջապես հայտարարեց, թե իր «ֆատերը Բեոլինում շատ, շատ պատկառելի մարդ էր ու ման էր գալիս ձեռքերը գրպանները դրած ու հաճախ բերանով փո՛ւֆ, փո՛ւֆ էր անում», ու իր ֆատերին իսկությամբ ներկայացնելու համար Ամալյա Իվանովնան աթոռից վեր թռավ, ձեռքերը դրեց գրպանները, ուռցրեց այտերը ու սկսեց բերանով ինչ-որ անորոշ, փո՛ւֆ֊փո՛ւֆի նմանվող ձայներ հանել։ Բոլոր տնվորները քա՛հ֊քա՛հ քրքջում էին, ու նախազգալով գոտեմարտը, հավանության բացականչություններով դիտմամբ խրախուսում էին Ամալյա Իվանովնային։ Բայց Կատերինա Իվանովնան արդեն չէր կարող այդ բանը տանել և անմիջապես, ի լուր ամենքի «կտրուկ» ասաց, որ Ամալյա Իվանովնան գուցե և երբեք հայր չի ունեցել, որ Ամալյա Իվանովնան ուղղակի պետերբուրգյան հարբեցող չուխոնուհի է և անշուշտ առաջներում մի որևէ տեղ խոհարարուհի է եղել, թերևս դրանից էլ վատ բան։ Ամալյա Իվանովնան կարմրատակեց խեցգետնի պես ու ճղճղալով ասաց, որ Կատերինա Իվանովնան ինքը գուցե «ամենևին էլ ֆատեր չի ունեցել, իսկ ինքը Բեռլինում ֆատեր ուներ, որը երկար սերթուկ էր հագնում և շարունակ փո՛ւֆ, փո՛ւֆ, փո՛ւֆ էր անում»։ Կատերինա Իվանովնան արհամարհանքով աաաց, որ իր ծագումը բոլորին հայտնի է, որ հենց այդ գովասանաթերթում տպագիր տառերով նշված է, որ իր հայրը գնդապետ էր, իսկ Ամալյա Իվանովնայի հայրը (եթե նա իրոք ինչ-որ հայր է ունեցել) հավանորեն Պետերբուրգի մի որևէ չուխոն էր, կաթ էր ծախում, ավելի ճիշտ է այն, որ ամենևին էլ հայր չի եղել, որովհետև դեռ մինչև այժմ էլ հայտնի չէ, թե ինչ է Ամալյա Իվանովնայի հայրանունը, Իվանովնա՞, թե՞ Լյուդվիգովնա։ Ամալյա Իվանովնան բոլորովին կատաղելով և բռունցքը խփելով սեղանին, ճչաց-ճղճղաց, որ ինքը Ամալյա Իվանովնա է և ոչ թե Լուդվիգովնա, որ իր հոր անունը Իոհան էր և նա բուրմայստեր էր, որ Կատերինա Իվանովնայի հայրը երբեք և ամենևին էլ բուրմայստեր չի եղել։ Կատերինա Իվանովնան աթոռից վեր կացավ և խիստ տոնով, առերևույթ հանգիստ ձայնով (թեև բոլորովին սփրթնած էր և հուզմունքից ելնում ու իջնում էր կուրծքը) ասաց, որ եթե նա թեկուզ միայն մի անգամ էլ համարձակվի «իր քոսոտ ֆատերիշկային համեմատել նրա հայրիկի հետ, ապա ինքը, Կատերինա Իվանովնան, կպոկի նրա գլխագիրը ու կտրորի ոտքերով»։ Այդ լսելով, Ամալյա Իվանովնան սկսեց վազվզել սենյակում և ամբողջ ուժով մեկ գոռալ, որ ինքը տանտիրուհի է, և Կատերինա Իվանովնան «հենց այս րոպեիս պետք է հեռանա բնակարանից». այնուհետև սկսեց սեղանից հավաքել արծաթե գդալները։ Աղմուկ ու շրմփոց բարձրացավ, երեխաները լացեցին։ Սոնյան նետվեց Կատերինա Իվանովնային զսպելու, բայց երբ Ամալյա Իվանովնան հանկարծ ինչ-որ բղավեց դեդին տոմսի մասին, Կատերինա Իվանովնան ետ հրեց Սոնյային ու նետվեց դեպի Ամալյա Իվանովնան, որպեսզի անհապաղ ի կատար ածեր իր սպառնալիքը գլխադիրի նկատմամբ։ Այդ րոպեին դուռը բացվեց, և սենյակի շեմքում հանկարծ հայտնվեց Պյոտր Պետրովիչ Լուժինը։ Նա կանգնած էր և խստաբարո, ուշադիր հայացքով նայում էբ հավաքվածներին։ Կատերինա Իվանովնան արագ մոտեցավ նրան։
== III ==
— Պյոտր Պետրովիչ, գոնե դուք պաշտպանեցեք,— գոչեց նա,— հասկացրեք այդ հիմար արարածին, որ չպետք է համարձակվի այդպես վարվել ազնվաբարո, դժբախտացած կնու հետ, որ դրա դեմ դատարան կա... Ես հենց գեներալ-նահանգապետին կդիմեմ... սա պատասխան կտա... հիշելով իմ հոր աղուհացը, պաշտպանեցեք որբերիս...
— Ներեցեք, տիկին... ներեցեք, ներեցեք, տիկին,— առարկում էր Պյոտր Պետրովիչը,— ինչպես և հայտնի է ձեզ, ես բոլորովին էլ պատիվ չեմ ունեցել ճանաչելու ձեր հայրիկին․․․ ներեցեք, տիկին (մեկը բարձրաձայն քրքջաց), ու մտադիր չեմ մասնակցելու ձեր և Ամալյա Իվանովնայի անընդհատ երկպառակություններին․․․ Ես իմ գործով եմ եկել... ու ցանկանում եմ անհապաղ բացատրվել ձեր խորթ աղջկա, Սոֆյա... Իվանովնայի հետ... Կարծեմ այդպե՞ս պետք է անվանել նրան։ Թույլ տվեք անցնել...
Ու Պյոտր Պետրովիչը անցնելով Կատերինա Իվանովնայի կողաից, քայլեց դեպի դիմացի անկյունը, ուր գտնվում էր Սոնյան։
Կատերինա Իվանովնան տեղնուտեղը մնաց կանգնած, ասես կայծակնահար եղավ։ Նա չէր կարողանում հասկանալ, թե Պյոտր Պետրովիչը ինչպես կարող էր ուրանալ նրա հայրիկի աղուհացը։ Մի անգամ մոգոնելով այդ աղուհացը, նա արդեն ինքը սրբությամբ հավատում էր դրան։ Կատերինա Իվանովնային ապշեցրեց նաև Պյոտր Պետրովիչի պաշտոնական, սառը, նույնիսկ ինչ-որ արհամարհական սպառնալիքով լեցուն տոնը։ Ու բոլորն էլ նրա երևալուն պես հետզհետե սսկվեցին։ Բացի այն, որ «գործիմաց և լուրջ» այդ մարդը ամենևին սազական չէր ամբողջ խմբին, երևում էր, որ նա եկել է մի ինչ-որ կարևոր բանի համար, որ հավանորեն մի ինչ-որ արտասովոր պատճառ էր նրան բերել այդպիսի մարդկանց մոտ և որ ուրեմն այժմ ինչ֊որ բան է պատահելու, ո՛վ գիտե ինչ է լինելու։ Ռասկոլնիկովը, որ կանգնած էր Սոնյայի կողքին, մի կողմ անցավ, տեղ բանալով նրա համար։ Պյոտր Պետրովիչը կարծես նրան բոլորովին չնկատեց։ Մի րոպե հետո շեմքում երևաց նաև Լեբեզյատնիկովը, նա սենյակ չմտավ, այլ կանգ առավ ինչ-որ մի առանձին հետաքրքրություն, համարյա զարմանք արտահայտող դեմքով, ունկնդրում էր, բայց կարծես երկար ժամանակ չէր կարողանում ինչ-որ բան հասկանալ։
— Ներեցեք, որ ես գուցե խանգարում եմ, բայց բավական կարևոր գործ կա,— ասաց Պյոտր Պետրովիչը առայժմ անորոշ մտքով, առանձնապես չդիմելով որևէ մեկին,— ինձ համար նույնիսկ ուրախալի է բոլորի ներկայությունը։ Ամալյա Իվանովնա, ձեզ, որպես տանտիրուհու, խոնարհաբար խնդրում եմ ուշադրություն դարձնել Սոֆյա Իվանովնայի հետ իմ հետագա խոսակցության վրա։ Սոֆյա Իվանովնա,— շարունակեց նա՝ ուղղակի դիմելով խիստ զարմացած և արդեն նախապես վախեցած Սոնյային,— իմ սեղանից, իմ բարեկամ Անդրեյ Սեմյոնովիչ Լեբեզյատնիկովի սենյակից, ձեր այցելությունից անմիջապես հետո չքացավ ինձ պատկանող հարյուր ռուբլիանոց պետական մի թղթադրամ։ Եթե դուք որևէ կերպ գիտեք և մեզ ցույց կտաք, թե հիմա այն որտեղ է գտնվում, ապա ազնիվ խոսքով հավատացնում եմ ձեզ ու բոլորին վկա եմ վերցնում, որ գործը հենց դրանով էլ կվերջանա։ Հակառակ դեպքում ստիպված կլինեմ շատ լուրջ միջոցների դիմել, այդ դեպքում... ինքներդ ձեզ կշտամբեք։
Սենյակում խոր լռություն տիրեց։ Լռեցին նույնիսկ լացող երեխաները։ Սոնյան կանգնել էր մեռելի պես գունատ, նայում էր Լուժինին և չէր կարողանում որևէ բան պատասխանել։ Նա կարծես դեռ ոչինչ չէր հասկանում։ Անցավ մի քանի վայրկյան։
— Դեհ, ի՞նչ կասեք,— հարցրեց Լուժինը՝ ակնապիշ նայելով նրան։
— Ես չգիտեմ... Ես ոչինչ չգիտեմ...— վերջապես, թույլ ձայնով ասաց Սոնյան։
— Հա-ա՞, չգիտե՞ք,— նորից հարցրեց Լուժինը ու էլի մի քանի վայրկյան լռեց։— Լավ մտածեցեք, օրիորդ,— ասաց նա խստորեն, բայց կարծես դեռ էլի հորդորանքով,— կշռադատեցեք, ես համաձայն եմ ձեզ դեռ ժամանակ տալ մտածելու համար։ Հաճեցեք նկատի առնել, որ եթե ես հավատացած չլինեի դրանում, ապա, իհարկե, շնորհիվ իմ փորձառության, ռիսկ չէի անի այսպես ուղղակի մեղադրել ձեզ, որովհետև ուղղակի և բացահայտ, բայց սուտ կամ նույնիսկ սխալմամբ թույլ տրված մեղադրանքի համար որոշ իմաստով ես ինքս եմ պատասխանատու։ Ես այդ գիտեմ։ Այսօր առավոտյան իմ կարիքների համար ես մանրեցի հինգ տոկոսանոց մի քանի բանկնոտ, ճիշտ երեք հազար ռուբլի գումարով։ Հաշիվը գրված է և գտնվում է իմ քսակում։ Անդրեյ Սեմյոնովիչը վկա է, որ ես գալով տուն, սկսեցի հաշվել փողերը, ու հաշվելով երկու հազար երեք հարյուր ռուբլի, դրեցի քսակիս մեջ, իսկ քսակը սերթուկիս կողագրպանումն է։ Սեղանի վրա մնում էր թղթադրամներով մոտ հինգ հարյուր ռուբլի, դրանց մեջ երեք հատ հարյուր ռուբլիանոց։ Այդ պահին դուք եկաք (իմ կանչելով), ու հետո շարունակ գտնվում էիք ինձ մոտ, չափազանց շփոթված էիք, այնպես որ խոսակցության ժամանակ նույնիսկ երեք անգամ վեր կացաք ու չգիտեմ ինչու շտապում էիք գնալ, թեև մեր խոսակցությունը դեռ չէր վերջացել։ Անդրեյ Սեմյոնովիչը կարող է վկայել այդ ամենը։ Հավանորեն դուք ինքներդ, օրիորդ, չեք մերժի վկայել և հայտարարել, որ ես Անդրեյ Սեմյոնովիչի միջոցով ձեզ կանչել էի միայն նրա համար, որպեսզի ձեզ հետ խոսեի ձեր ազգականուհու, Կատերինա Իվանովնայի ողբալի և անօգ վիճակի մասին (ես չկարողացա գալ նրա մոտ, հոգեհացին), ինչպես և այն մասին, թե որքան օգտակար կլիներ նրա համար բաժանորդագրություն, վիճակախաղ կամ նման մի բան կազմակերպել։ Դուք ինձ շնորհակալություն հայտնեցիք և նույնիսկ արտասվեցիք (ես ամեն ինչ պատմում եմ այնպես, ինչպես որ եղել է, որպեսզի նախ՝ այդ ամենը հիշեցնեմ ձեզ և երկրորդ՝ ձեզ ցույց տամ, որ իմ հիշողությունից ոչինչ չի վրիպել)։ Այնուհետև ես սեղանից վերցրի տասը ռուբլիանոց մի թղթադրամ և տվի ձեզ, որպես իմ կողմից սկզբնական օժանդակություն ձեր ազգականուհուն։ Անդրեյ Սեմյոնովիչը տեսավ այդ ամենը։ Այնուհետև ես ձեզ ճանապարհեցի մինչև դուռը, դուք դարձյալ ինչ-որ շփոթված էիք։ Ես ու Անդրեյ Սեմյոնովիչը խոսեցինք մոտ տասը րոպե, որից հետո Անդրեյ Սեմյոնովիչը գնաց, իսկ ես նորից մոտեցա սեղանին, որի վրա դրված էին փողերը, ես նպատակ ունեի հաշվել դրանք ու առանձին տեղավորել, ինչպես և առաջ ենթադրել էի։ Ես զարմանքով տեսա, որ թղթադրամներից մի հարյուր ռուբլիանոց էր պակասում։ Դե ուրեմն հաճեցեք դատել, ես ոչ մի կերպ չեմ կարող կասկածել Անդրեյ Սեմյոնովիչի նկատմամբ, նույնիսկ ամոթ եմ համարում նման բան ենթադրել։ Ես նաև չէի կարող փողերը սխալ հաշվել, որովհետև ձեր գալուց մի րոպե առաջ վերջացնելով հաշվելը, ես գտա, որ հանրագումարը ճիշտ է։ Ինքներդ համաձայնեցեք, որ հիշելով ձեր շփոթմունքը, հեռանալու հապճեպությունը, ձեր ձեռքերը որոշ ժամանակ սեղանի վրա պահելը, վերջապես, նկատի առնելով ձեր հասարակական վիճակը և դրա հետ կապված սովորությունները, ես, այսպես ասած, սարսափելով և նույնիսկ կամքիս հակառակ ''ստիպված'' եղա ձեր նկատմամբ կասկած տանել, իհարկե դաժան, բայց արդարացի կասկած։ Նաև ավելացնում եմ և կրկնում, որ թեև ես դրանում ''միանգամայն'' հավատացած եմ, բայց և այնպես հասկանում եմ, որ իմ այս մեղադրանքը կարող է ինձ համար որոշ չափով վտանգավոր լինել։ Բայց, ինչպես տեսնում եք, ես այս բանից ձեռք չքաշեցի. ես ընդդիմացա, և ահա թե ինչ պատճառով։ Միայն և միայն ձեր սև ապերախտության պատճառով, օրիորդ։ Ինչպե՜ս։ Ես ձեզ հրավիրում եմ ձեր աղքատ ազգականուհուն օժանդակելու նպատակով, ես ձեզ տրամադրում եմ ուժերիս ներածին չափ օգնություն, տասը ռուբլի, իսկ դուք տեղնուտեղը, հենց նույն պահին այդպես եք վարվում ինձ հետ։ Ոչ, այդ արդեն լավ չէ։ Անհրաժեշտ է խրատել։ Լավ մտածեցեք. այդ դեռ քիչ է, որպես ձեր իսկական բարեկամ (հարկավ, այս պահին դուք չեք կարող ավելի լավ բարեկամ ունենալ), խնդրում եմ ձեզ՝ ուշքի եկեք։ Այլապես անողոք կլինեմ։ Դեհ, ուրեմն ի՞նչ։
— Ես ձեզնից ոչինչ չեմ վերցրել,— սարսափահար շշնջաց Սոնյան,— դուք ինձ տվիք տասը ռուբլի, ահա, վերցրեք։— Սոնյան գրպանից հանեց թաշկինակը, գտավ դրա կապված ծայրը, քանդեց կապը, հանեց տասը ռուբլիանոց թղթադրամը ու մեկնեց Լուժինին։
— Իսկ մնացած հարյուր ռուբլին վերցնելը դուք այնպես էլ չե՞ք խոստովանում,— կշտամբանքով ու կտրուկ ասաց Լուժինը՝ չընդունելով թղթադրամը։
Սոնյան նայեց շուրջը։ Բոլորը սարսափ և խստություն, ծաղրանք ու ատելություն արտահայտող դեմքերով նրան էին նայում։ Սոնյան դարձավ դեպի Ռասկոլնիկովը... Սա ձեռքերը ծալած կանգնել էր պատի մոտ և բորբ հայացքով զննում էր նրան։
— Ախ, տեր աստված,— հառաչեց Սոնյան։
— Ամալյա Իվանովնա, պետք է հայտնել ոստիկանությանը, ուստի և խոնարհաբար խնդրում եմ ձեզ, առայժմ մեկին ուղարկեցեք դռնապանին կանչելու,— կամացուկ և նույնիսկ սիրալիր ասաց Լուժինը։
— Գոտ դեր բարմհերցիգե<ref>Ողորմած աստված (գերմ․)։</ref>, ես այդպես էլ գիտեի, որ նա է գողացել,— ձեռքերն իրտր զարկեց Ամալյա Իվանովնան։
— Դուք այդպես էլ գիտե՞իք,— վրա բերեց Լուժինը,— ուրեմն առաջ էլ որոշ հիմք եք ունեցել այդպես եզրակացնելու։ Խնդրում եմ ձեզ, հարգելի Ամալյա Իվանովնա, միտներդ պահեցեք ձեր խոսքերը, որոնք, սակայն, վկաների ներկայությամբ ասացիք։
Հանկարծ բոլոր կողմերից բարձր խոսակցություն սկսվեց։ Բոլորը շարժվեցին տեղերից։
— Ինչպե-ե՜-ես,— հանկարծ ուշքի գալով գոչեց Կատերինա Իվանովնան և գլխապատառ նետվեց դեպի Լուժինը,— ինչպե՜ս, դուք նրան գողությո՞ւն եք վերագրում, հա՞, նրա՞ն, Սոնյայի՞ն։ Ա՛խ, ստոր մարդ։— Եվ նա արագ մոտեցավ Սոնյային, հյուծված ձեռքերով պինդ դրկեց նրան։
— Սոնյա, ինչպե՞ս համարձակվեցիր նրանից տասը ռուբլի վերցնել, ա՛յ հիմար։ Տուր, տեսնեմ, տուր իսկույն այդ տասը ռուբլին։
Ու Սոնյայից վերցնելով թղթադրամը, Կատերինա Իվանովնան ճմռթեց այն և ուժզին շպրտեց Լուժինի երեսին։ Գնդիկը դիպավ Լուժինի աչքին և ընկավ հատակին։ Ամալյա Իվանովնան նետվեց փողը վերցնելու։ Պյոտր Պետրովիչը զայրացավ։
— Զսպեցեք այդ խելագարին,— բղավեց նա։
Այդ րոպեին դռան մոտ, Լեբեզյատնիկովի կողքին երևացին էլի մի քանի մարդիկ, որոնց մեջ էին նաև երկու եկվոր կանայք։
— Ինչպե՜ս, խելագա՞ր, ե՞ս եմ խելագարը, հիմար,— ճղճղաց Կատերինա Իվանովնան։— Խելագարը դու ինքդ ես, դատական խլուրդ, ստոր մարդ։ Սոնյա՞ն, Սոնյա՞ն պիտի վերցնի դրա փողը։ Սոնյա՞ն է գող, հա՞։ Նա դեռ քեզ ցույց կտա, հիմարի մեկը,— ու Կատերինա Իվանովնան հիստերիկաբար քրքջաց։— Ա՜յ քեզ հիմարի գլուխ,— նետվեց նա բոլոր կողմերը՝ ամենքին մատնացույց անելով Լուժինին։— Ինչպե՜ս, դու է՞լ, անամոթ,— դիմեց նա տանտիրուհուն,— դու է՞լ ես պնդում, որ նա «գողացել» է, ստոր արարած, կրինոլին հագած պրուսական խրտվիլակ։ Ա՛յ քեզ բան, ախր նա սենյակից դուրս էլ չի եկել, ու հենց որ եկավ, ա՛յ ստոր մարդ, իսկույն նստեց իմ կողքին, բոլորն էլ տեսան։ Հենց Ռոդիոն Ռոմանովիչի մոտ էլ նստեց... Խուզարկեցեք նրան։ Քանի որ նա սենյակից ոչ մի տեղ չի գնացել, ուրեմն փողը պետք է իր մոտը լինի։ Դե փնտրիր, է՛, փնտրիր, փնտրիր։ Եթե չգտնես, բարեկամ, ապա պատասխան կտաս։ Թագավորի մոտ, թագավորի մոտ, հենց ողորմած թագավորի մոտ կգնամ, ոտքերը կընկնեմ, կգնամ հենց այժմ, հենց այսօր, ես որբ եմ, ինձ կթողնեն նրա մոտ։ Դու կարծում ես չե՞ն թողնի, ո՛չ, ստում ես, կհասնեմ, կհասնեմ նրա մոտ։ Դու Սոնյայիս խեղճությո՞ւնն էիր հաշվի առել, հա՞, դու դրա վրա՞ էիր հույս դրել։ Իսկ ես հո ճարպիկ եմ, բարեկամ։ Գլխկոնծի կգաս։ Փնտրի՛ր, դե փնտրիր, է՛, փնտրի՛ր։
Ու Կատերինա Իվանովնան մոլեգնաբար քաշքշում էր Լուժինին դեպի Սոնյան։
— Ես պատրաստ եմ, ու պատասխանատու եմ դրա համար... բայց զսպվեցեք, տիկին, զսպվեցեք։ Ես շատ լավ եմ տեսնում, որ դուք ճարպիկ եք։ Այդ․․․ այդ ինչպե՞ս կարելի է անել,— մրթմրթում էր Լուժինը,— այդ պետք է անել ոստիկանության ներկայությամբ... ասենք հիմա էլ բավական շատ վկաներ կան․․․ Ես պատրաստ եմ․․․ Բայց ախր դա դժվար է տղամարդու համար... սեռերի տարբերության պատճառով․․․ Գուցե օգնության գար Ամալյա Իվանովնան․․․ Սակայն գործը այդպես չի արվում․․․ հապա ի՞նչ անել։
— Ում որ կուզեք։ Ով ուզում է թող խուզարկի,— բղավում էր Կատերինա Իվանովնան,— Սոնյա, շուռ տուր գրպաններդ։ Այդպես, այդպես։ Նայիր, հրեշ, մի գրպանը դատարկ է, մեջը թաշկինակն էր, տեսնո՞ւմ ես։ Ահա մյուս գրպանը, ահա, տեսնո՞ւմ ես, տեսնո՞ւմ ես։
Ու Կատերինա Իվանովնան չէ թե շուռ տվեց, այլ ուղղակի երկու գրպանն էլ մեկը մյուսի ետևից դուրս քաշեց։ Բայց երկրորդ, աջ գրպանից հանկարծ դուրս թռավ թղթի մի կտոր և օդում ծուռ գիժ քաշելով, ընկավ լուժինի ոտքերի տակ։ Բոլորը այդ տեսան, շատերը ճչացին։ Պյոտր Պետրովիչը հիացավ, հատակից երկու մատով վերցրեց թուղթը, բարձրացրեց այնպես, որ բոլորը տեսնեն, ու բաց արեց։ Դա ութ տակ ծալված հարյուր ռուբլիանոց թղթադրամ էր։ Պյոտր Պետրովիչը պտտեց ձեռքը՝ բոլորին ցույց տալով թղթադրամը։
— Գող, կորիր֊գնա իմ բնակարանից։ Ոստիկանություն, ոստիկանություն կանչեցեք,— ճղճղաց Ամալյա Իվանովնան,— դրանց պետք է Սիբիր քշել, կորեք այստեղից։
Բոլոր կողմերից բացականչություններ լսվեցին։ Ռասկոլնիկովը լսում էր աչքերը Սոնյային հառած, երբեմն էլ մի ակնթարթ նայելով Լուժինին։ Սոնյան կանգնել էր նույն տեղում, ասես ուշագնաց վիճակում։ Նա համարյա նույնիսկ զարմացած էլ չէր։ Հանկարծ նրա ամբողջ դեմքը կարմրատակեց. նա ճչաց ու ձեռքերով ծածկեց դեմքը։
— Ոչ, այդ ես չեմ արել, ես չեմ վերցրել, ես չգիտեմ,— սիրտ կտրատող լացուկոծով գոչեց նա ու նետվեց դեպի Կատերինա Իվանովնան։ Վերջինս գրկեց նրան և պինդ սեղմեց իրեն, կարծես ուզում էր նրան կրծքով պաշտպանել բոլորից։
— Սոնյա, Սոնյա, ես չեմ հավատում, տեսնո՞ւմ ես, չեմ հավատում,— գոչում էր (չնայած ակներև փաստին) Կատերինա Իվանովնան՝ նրան, ինչպես երեխայի, օրորելով իր գրկում, նրան համբուրում էր անընդհատ, վերցնում էր նրա ձեռքերը, դնում իր երեսին, համբուրում։— Դու ինչպե՞ս կարող էիր վերցնել, ի՞նչ հիմար մարդիկ են սրանք. օ, տեր աստված, հիմարներ եք դուք, հիմարնե՛ր,— ճչում էր Կատերինա Իվանովնան՝ դիմելով բոլորին,— ախր դուք դեռ չգիտեք, չգիտեք, թե ինչպիսի աղջիկ է սա, ինչպիսի սիրտ ունի։ Սա՞ գողանա, հա՞։ Ախր սա իր վերջին շորը կհանի, կծախի, ոտաբոբիկ ման կգա և ունեցածը ձեզ կտա, եթե ձեզ հարկավոր լինի, ա՛յ թե ինչպիսին է սա։ Դեղին տոմս էր ստացել, որովհետև իմ երեխաները բոլորովին քաղցած էին, մեզ համար էր իրեն ծախել... Ա՛խ, հանգուցյալ, հանգուցյալ, ա՛խ, հանգուցյալ, տեսնո՞ւմ ես, տեսնո՞ւմ ես։ Ա՜յ քեզ հոգեհաց։ Տե՛ր աստված, դե պաշտպանեցեք սրան, ի՞նչ եք բոլորդ էլ կանգնել։ Ռոդիոն Ռոմանովիչ, դո՞ւք ինչու չեք պաշտպանում, դուք է՞լ եք հավատում, ինչ է։ Դուք բոլորդ էլ, բոլորդ էլ, բոլորդ էլ չարժեք սրա ճկույթը։ Տեր աստված, վերջապես, պաշտպանեցեք, էլի՛։
Խեղճ, թոքախտավոր, որբևայրի Կատերինա Իվանովնայի լացը կարծես թե ուժեղ տպավորություն թողեց ներկաների վրա։ Ցավից ծռմռված, թառամած, թոքախտային այդ դեմքի վրա, այդ չորացած, արնակալած շուրթերին, այդ խռպոտ֊ճղճղան ձայնի մեջ, երեխայի լացի նմանվող այդ աղիողորմ լացի մեջ, պաշտպանության այդ դյուրահավատ և միաժամանակ հուսահատական աղերսանքի մեջ այնքա՜ն խղճալիություն, այնքա՜ն տառապանք կար, որ կարծես թե բոլորն էլ խղճացին դժբախտ կնոջը։ Գոնե Պյոտր Պետրովիչը իսկույն ևեթ ''խղճաց''։
— Տիկին, տիկին,— բացականչեց նա ազդու ձայնով,— այս փաստը ձեզ չի վերաբերում։ Ոչ ոք չի համարձակվի ձեզ մեղադրել, թե դուք այդպիսի դիտավորություն եք ունեցել կամ նրա հետ համաձայնության եք եկել, մանավանդ որ հենց դուք շուռ տվիք գրպանը և հայտնաբերեցիք թղթադրամը, հետևաբար դուք ոչինչ չգիտեիք։ Միանգամայն և միանգամայն պատրաստ եմ ցավելու, որ այսպես ասած, աղքատությունը ստիպել էր Սոֆյա Սեմյոնովնային այդպիսի քայլ անել, բայց օրիորդ, ինչո՞ւ դուք չէիք ուզում խոստովանել։ Խայտառակությունի՞ց էիք վախենում։ Առաջին քա՞յլն էր։ Գուցե շփոթվա՞ծ էիք։ Հասկանալի է, շատ հասկանալի... Բայց ինչի՞ համար էր հարկավոր այդպես վարվել։ Պարոններ,— դիմեց Լուժինը բոլոր ներկաներին,— պարոններ, ցավելով և, այսպես ասած, կարեկցելով, ես պատրաստ եմ նույնիսկ հիմա էլ ներել չնայելով ինձ հասցրած վիրավորանքներին։ Թող այս ամոթանքը ձեզ խրատ լինի ապագայի համար, օրիորդ,— դիմեց նա Սոնյային,— իսկ ես այս գործը անհետևանք եմ թողնում և կարճում եմ, թող այդպես էլ լինի։ Բավական է։
Պյոտր Պետրովիչը խեթ֊խեթ նայեց Ռասկոլնիկովին։ Նրանց հայացքները իրար հանդիպեցին։ Ռասկոլնիկովի բորբ հայացքը պատրաստ էր մոխրացնելու նրան։ Այնինչ Կատերինա Իվանովնան կարծես էլ ոչինչ չէր լսում, նա խելահեղորեն գրկում և համբուրում էր Սոնյային։ Երեխաները ամեն կողմից նույնպես փարվեցին Սոնյային, իսկ Պոլեչկան, որը այնքան էլ չէր հասկանում գործի էությունը, կարծես ամբողջովին սուզվել էր արցունքների մեջ, հեկեկում էր և լացից ուռած իր սիրունիկ դեմքը սեղմում Սոնյայի ուսին։
— Ինչպի՜սի ստորություն է դա,— հանկարծ դռնից լսվեց բարձր մի ձայն։
Պյոտր Պետրովիչը արագ ետ նայեց։
— Ինչպիսի՜ ստորություն,— կրկնեց Լեբեզյատնիկովը՝ անթարթ նայելով նրա աչքերին։
Պյոտր Պետրովիչը կարծես նույնիսկ ցնցվեց։ Բոլորը այդ նկատեցին։ (Հետո դա հիշում էին)։ Լեբեզյատնիկովը ներս մտավ։
— Եվ դուք համարձակվեցիք ինձ վկա՞ բերել,— ասաց նա՝ մոտենալով Պյոտր Պետրովիչին։
— Այդ ի՞նչ է նշանակում, Անդրեյ Սեմյոնովիչ, դուք ինչի՞ մասին եք խոսում,— մրթմրթաց Լուժինը։
— Այն է նշանակում, որ դուք... զրպարտիչ եք, ահա թե ինչ են նշանակում իմ խոսքերը,— տաքացած վրա բերեց Լեբեզյատնիկովը՝ իր կարճատես աչքերը խստորեն հառելով նրա վրա։ Նա սարսափելի զայրացած էր։ Ռասկոլնիկովը իր հայացքը ուղղակի գամեց նրան՝ ասես որսալով ու կշռադատելով յուրաքանչյուր բառը։ Դարձյալ լռություն տիրեց։ Պյոտր Պետրովիչը համարյա նույնիսկ կորցրեց իրեն, մանավանդ առաջին ակնթարթում։
— Եթե դուք այդ ինձ եք ասում․․․— սկսեց նա կակազելով,— բայց ի՞նչ է պատահել ձեզ, խելքդ տե՞ղն է։
— Խելքս տեղն է, իսկ դուք... խարդախ եք։ Օ՛, ինչպիսի՜ ստորություն է դա։ Ես ամեն ինչ լսում էի, ես դիտմամբ սպասում էի, որ ամեն ինչ հասկանամ, որովհետև, ճիշտն ասած, դա այնքան էլ խելքի մոտիկ բան չէ... Բայց ինչի՞ համար դուք արեցիք այդ ամենը, չեմ հասկանում։
— Ես ի՞նչ արեցի որ։ Վերջ պիտի տա՞ք ձեր այդ անհեթեթ հանելուկներին, թե՞ գուցե խմած եք։
— Գուցե դուք եք խմում, ստոր մարդ, և ոչ թե ես։ Ես երբեք էլ օղի չեմ խմում, որովհետև դա դեմ է իմ համոզմունքներին։ Երևակայեցեք, նա ինքը իր սեփական ձեռքերով այդ հարյուրանոցը տվեց Սոֆյա Սեմյոնովնային, ես այդ տեսա, ես վկա եմ, ես կերդվեմ։ Նա, նա տվեց,— կրկնում էր Լեբեզյատնիկովը՝ դիմելով բոլորին և ամեն մեկին։
— Դուք գժվե՞լ եք, ինչ է, համբակ,— ճղճղաց Լուժինը,— նա ինքը այստեղ է, ձեր առաջ. նա ինքը այստեղ, հենց այժմ բոլորի ներկայությամբ հաստատեց, որ բացի տասը ոուբլոըց, ինձնից ոչինչ չի ստացել։ Ուրեմն ես էլ ինչպե՞ս կարող էի թղթադրամը նրան տալ։
— Ես տեսա, տեսա,— գոչում ու պնդում էր Լեբեզյատնիկովը,— ու թեև սա դեմ է իմ համոզմունքներին, բայց ես պատրաստ եմ հենց այժմ դատարանում ամեն կերպ երդվել, որովհետև ես տեսա, թե ինչպես դուք թղթադրամը ծածուկ դցեցիք նրա դրպանը։ Միայն թե ես, հիմարս, մտածեցի, թե դուք բարեգործությունից դրդված քշեցրիք։ Դռան մոտ, հրաժեշտ տալու պահին, երբ նա շուռ եկավ, և երբ դուք մի ձեռքով սեղմեցիք նրա ձեռքը, մյուս, ձախ ձեռքով թղթադրամը ծածուկ գցեցիք նրա գրպանը։ Ես տեսա, տեսա։
Լուժինը սփրթնեց։
— Ինչո՞ւ եք ստում,— հանդգնաբար բղավեց նա,— դուք լուսամուտի մոտ կանգնած, ինչպե՞ս կարող էիք տեսնել թղթադրամը։ Այդ միայն երևացել է... ձեր կարճատես աչքերին։ Դուք զառանցում եք։
— Ոչ, չեմ զառանցում։ Թեև ես հեռու էի կանգնած, բայց ամեն, ամեն ինչ տեսա, ու թեև պատուհանի կողքից իսկապես դժվար էր նկատել թղթադրամը, բայց ես մի այլ առիթով հաստատ գիտեի, որ դա հենց հարյուրանոց թղթադրամ էր, որովհետև երբ դուք Սոֆյա Սեմյոնովնային տասը ռուբլի տվիք, ես տեսա, որ հենց այդ պահին սեղանից մի հարյուրանոց վերցրիք (ես այդ տեսա, որովհետև այդ րոպեին մոտիկ էի կանգնած, ու որովհետև ես այդ մասին էի մտածում, դրա համար էլ չմոռացա, որ թղթադրամը ձեր ձեռքումն է)։ Դուք այն ծալեցիք և շարունակ պահում էիք ձեր ձեռքում։ Հետո ես այդ մոռացա, բայց երբ դուք վեր կացաք, թղթադրամը աջ ձեռքից դրեցիք ձախ ձեռքի մեջ ու քԻչ մնաց վայր գցեիք, այստեղ ես դարձյալ հիշեցի այն, որովհետև դարձյալ հղացա նույն միտքը, այն է՝ դուք ուզում եք ինձնից ծածուկ բարերարություն անել նրան։ Կարող եք պատկերացնել, թե ինչպես ես սկսեցի հետամտել, ու տեսա, թե ինչպես ձեզ հաջողվեց թղթադրամը խոթել նրա գրպանը։ Ես տեսա, տեսա, ես կերդվեմ։
Քիչ էր մնում Լեբեզյատնիկովը շնչասպառ լիներ։ Ամեն կողմից զանազան բացականչություններ լսվեցին, որոնք մեծ մասամբ զարմանք էին արտահայտում, բայց լսվում էին նաև ցասկոտ բացականչություններ։ Բոլորը սպառնալից շարժվեցին դեպի Պյոտր Պետրովիչը։ Կատերինա Իվանովնան հապճեպ մոտեցավ Լեբեզյատնիկովին։
— Անդրեյ Սեմյոնովիչ, ես ձեր նկատմամբ սխալվել էի։ Պաշտպանեցեք Սոնյային։ Միայն դուք եք նրա կողմը։ Նա որբ է, ձեզ աստված ուղարկեց։ Անդրեյ Սեմյոնովիչ, աղավնյակ, պատվելի։
Ու Կատերինա Իվանովնան համարյա չգիտակցելով, թե ինչ է անում, Լեբեզյատնիկովի առջև ծունկ չոքեց։
— Անհեթեթություն,— բղավեց կատաղության չափ զայրացած Լուժինը,— դուք հա՛ անհեթեթություն եք դուրս տալիս, պարոն։ «Մոռացա, հիշեցի, հիշեցի հա՛ մոռացա»,— ի՞նչ է դա, ուրեմն ես թղթադրամը դիտմա՞մբ եմ դրել նրա գրպանը։ Ինչի՞ համար, ի՞նչ նպատակով։ Ես ի՞նչ առնչություն ունեմ այդ...
— Ինչի համա՞ր, ա՛յ, հենց դա ես ինքս էլ չեմ հասկանում, բայց որ իսկական փաստն եմ պատմում, դա ճիշտ է։ Նողկալի, հանցավոր մարդ, ես բնավ չեմ սխալվում, ես շատ լավ եմ հիշում, որ հենց այն պահին, երբ ես շնորհակալություն էի հայտնում և սեղմում ձեր ձեռքը, այդ առիթով գլխումս հարց ծագեց՝ ինչի՞ համար դուք թղթադրամը ծածուկ դրեցիք նրա գրպանը։ Այսինքն՝ ինչո՞ւ ծածուկ։ Մի՞թե հենց միայն այն պատճառով, որ ուզում էիք դա թաքցնել ինձնից, գիտենալով, որ ես հակառակ համոզմունքներ ունեմ և ժխտում եմ մասնավոր բարեգործությունը, որը ոչինչ արմատապես չի բուժում։ Ու որոշեցի, որ դուք իսկապես ինձնից քաշվում էիք այդպիսի խոշոր գումար տալ, ու բացի դրանից,— մտածեցի ես,— գուցե ուզում էիք նրան սյուրպրիզ անել, զարմացնել նրան, երբ նա իր գրպանում ամբողջ հարյուր ռուբլի գտներ (որովհետև որոշ բարեգործներ այնքան էլ չեն սիրում ուռցնել իրենց բարերարությունները, ես այդ գիտեմ)։ Հետո էլ մտածեցի, թե դուք ուզում եք նրան փորձել, այսինքն թե երբ նա գտնի փողը, արդյոք կգա՞ շնորոհակալություն հայտնելու։ Հետո էլ կարծեցի, թե ուզում եք խուսափել շնորհակալությունից, ու ինչպես ասում են, աջ ձեռքը չպիտի իմանա, թե ինչ է անում ձախը... Մի խոսքով, այդպիսի բաներ... Ու էլ ինչ մտքեր ասես, որ չէին ծագում գլխումս, այնպես որ ես որոշեցի այդ բոլորը հետո կշռադատել, բայց և այնպես անքաղաքավարություն համարեցի ձեզ հայնել, թե գիտեմ գաղտնիքը։ Սակայն գլխումս էլի մի հարց ծագեց, չլինի՞ թե Սոֆյա Սեմյոնովնան կորցնի փողը, նախքան դա կգտնի իր գրպանում․ ահա թե ինչու ես որոշեցի գալ այստեղ, կանչել նրան և հայտնել, որ իր գրպանը հարյուր ռուբլի են դրել։ Դրանից առաջ մտա տիկիններ Կոբիլյատնիկովաների մոտ, որպեսզի նրանց տայի ''Դրական մեթոդի ընդհանուր հետևությունը'' և մանավանդ խորհուրդ տայի կարդալ Պիդերիտի (ի միջի այլոց նաև Վագների) հոդվածը. հետո եկա այստեղ, ուր ահա թե ինչ է կատարվում։ Եվ մի՞թե, մի՞թե ես կարող էի մտածել այդ ամենի մասին և այդպիսի դատողություններ անել, եթե իսկապես տեսած չլինեի, որ դուք հարյուր ռուբլի դրեցիք նրա գրպանը։
Երբ Անդրեյ Սեմյոնովիչը վերջացրեց իր երկար ու բարակ դատողությունները և իր խոսքի վերջում այդպիսի տրամաբանական հետևություն արեց, սարսափելի հոգնեց, դեմքից նույնիսկ քրտնքի կաթիլներ էին գլորվում։ Ավա՜ղ, նա չէր էլ կարողանում ռուսերեն կարգին բացատրել իր մտքերը (ուրիշ ոչ մի լեզու չգիտեր), այնպես որ նա ամբողջովին մի տեսակ հյուծվեց, իր փաստաբանական սխրանքից հետո կարծես նույնիսկ նիհարեց։ Այնուամենայնիվ նրա ճառը արտաքո կարգի տպավորություն թողեց։ Նա խոսում էր այնպիսի ոգևորությամբ, այնպիսի համոզվածությամբ, որ ըստ երևույթին բոլորն էլ հավատացին նրան։ Պյոտր Պետրովիչը զգաց, որ իր բանը վատ է։
— Իմ ի՞նչ գործն է, թե ձեր գլխում ինչ-որ հիմար հարցեր են ծագել,— դոչեց նա։— Դա ապացույց չէ։ Դուք կարող էիք այդ ամենը զառանցել երազում, պրծավ-գնաց։ Իսկ ես ձեզ ասում եմ, որ դուք ստում եք, պարոն։ Ստում և զրպարտում եք իմ դեմ որևէ ոխ ունենալու պատճառով, այն է՝ չարացած լինելով, որ ես չէի համաձայնվում ձեր ազատամտական և հակակրոնական, սոցիալական առաջարկներին, այ թե ինչ։
Բայց այդ սեթևեթությունը օգուտ չբերեց Պյոտր Պետրովիչին։ Ընդհակառակը, բոլոր կողմերից փնթփնթոց լսվեց։
— Հը՛մ, ա՛յ թե որտեղից բռնեց,— գոչեց Լեբեզյատնիկովը։— Ստո՛ւմ ես։ Կանչիր ոստիկանությանը, իսկ ես երդում կտամ։ Միայն թե չեմ կարողանում հասկանալ ինչի՞ համար է նա այդպիսի ստոր արարք թույլ տվել։ Օ, ողորմելի, ստոր մարդ։
— Ես կարող եմ բացատրել, թե նա ինչի համար է այդպիսի արարք թույլ տվել, ու եթե հարկավոր է, ինքս էլ երդում կտամ,— վերջապես, կտրուկ ձայնով ասաց Ռասկոլնիկովը և առաջ եկավ։
Ըստ երևույթին նա հաստատակամ էր ու հանգիստ։ Հենց միայն մի հայացք նետելով նրա վրա, բոլորը հասկացան, որ նա իրոք գիտե գործի էությունը և դա իր վախճանին է հասել։
— Հիմա ամեն ինչ բոլորովին պարզվեց ինձ համար,— շարունակեց Ռասկոլնիկովը՝ դիմելով ուղղակի Լեբեզյատնիկովին։— Այս պատմության հենց սկզբից ես ենթադրեցի, որ այստեղ մի ինչ-որ խարդախություն կա, ես այդ ենթադրեցի մի քանի առանձնահատուկ հանգամանքների հեաևանքով, որոնք միայն ինձ են հայտնի և որոնք այժմ ես կբացատրեմ բոլորին, դրանց մեջ է գործի ամբողջ էությունը։ Իսկ դուք, Անդրեյ Սեմյոնովիչ, ինձ համար ամեն ինչ վերջնականապես պարզեցիք ձեր անհերքելի ցուցմունքով։ Բոլորին, բոլորին խնդրում եմ լսել, այս պարոնը (նա ցույց ավեց Լուժինին) վերջերս ուզում էր մի աղջկա, այն է՝ իմ քրոջը, Ավդոտյա Ռոմանովնա Ռասկոլնիկովային։ Բայց ժամանելով Պետերբուրգ, նա երեկ չէ մյուս օրը մեր առաջին տեսակցության ժամանակ գժտվեց ինձ հետ, ու ես նրան վռնդեցի իմ սենյակից, այդ կարող են վկայել երկու հոգի։ Այս մարդը խիստ չար է․․․ Երեկ չէ մյուս օրը ես դեռ չգիտեի, որ նա ապրում է այստեղի համարներում, ձեզ մոտ, Անդրեյ Սեմյոնովիչ, որ ուրեմն հենց մեր գժտվելու օրը, այսինքն՝ նույնպես երեկ չէ մյուս օրը, նա տեսել էր, թե ինչպես ես, իբրև հանգուցյալ պարոն Մարմելադովի բարեկամ, նրա կնոջը, Կատերինա Իվանովնային մի քիչ փող էի տվել թաղման համար։ Սա իսկույն նամակ էր գրել մորս և հայտնել, թե ես ամբողջ փողը տվել եմ ոչ թե Կատերինա Իվանովնային, այլ Սոֆյա Սեմյոնովնային, և ամենաստոր արտահայտություններով հիշատակել էր... Սոֆյա Սեմյոնովնայի բնավորությունը, այսինքն՝ ակնարկել էր Սոֆյա Սեմյոնովնայի նկատմամբ իմ առնչության բնույթը։ Այս ամենը, ինչպես դուք հասկանում եք, նպատակ ուներ ինձ կռվեցնել մորս ու քրոջս հետ, նրանց համոզել, թե ես անազնիվ նպատակներով վատնում եմ նրանց վերջին փողերը, որոնցով նրանք օգնում են ինձ։ Երեկ երեկոյան մորս, քրոջս և նրա ներկայությամբ ես վերականգնեցի ճշմարտությունը, ապացուցելով, որ փողը տվել էի Կատերինա Իվանովնային, թաղման համար, և ոչ թե Սոֆյա Սեմյոնովնային, որ Սոֆյա Սեմյոնովնայի հետ երեկ չէ մյուս օրը ես նույնիսկ ծանոթ էլ չէի, նույնիսկ երեսն էլ չէի տեսել։ Այնուհետև ես ավելացրի, որ սա, Պյոտր Պետրովիչ Լուժինը, իր բոլոր արժանիքներով չարժե Սոֆյա Սեմյոնովնայի հենց միայն ճկույթին, Սոֆյա Սեմյոնովնայի, որի մասին նա այդպիսի վատ կարծիք է արտահայտում։ Նրա այն հարցին, թե արդյոք ես Սոֆյա Սեմյոնովնային կնստեցննի՞ իմ քրոջ կողքին, ես պատասխանեցի, որ ես այդ արդեն արել եմ հենց նույն օրը։ Սաստիկ չարանալով, որ մայրս ու քույրս չեն ուզում իր զրպարտությունների հիման վրա գժտվել ինձ հետ, նա սկսեց մեկը մյուսի ետևից աններելի հանդգնություններ ասել մորս և քրոջս։ Տեղի ունեցավ վերջնական պառակտում, ու նրան վռնդեցին։ Այս ամենը կատարվեց երեկ երեկոյան։ Հիմա հատուկ ուշադրություն եմ խնդրում, պատկերացրեք, որ եթե նրան հաջողվեր հիմա ապացուցել, որ Սոֆյա Սեմյոնովնան գող է, ապա մորս ու քրոջս ապացուցած կլիներ, որ իր կասկածանքները համարյա իրավացի էին, թե նա արդարացիորեն էր բարկացել, որ ես հավասար եմ համարել քրոջս և Սոֆյա Սեմյոնովնային, թե հարձակվելով ինձ վրա, նա դրանով պաշտպանում, ուրեմն և պահպանում էր իմ քրոջ և իր հարսնացուի պատիվը։ Մի խոսքով, այդ կերպ նա նույնիսկ կկարողանար ինձ վերստին կռվեցնել հարազատներիս հետ և, իհարկե, հույս ուներ կրկին հաճոյանալ նրանց։ Էլ չեմ խոսում այն մասին, որ նա վրեժ էր առնում անձամբ ինձնից, որովհետև հիմք ունի ենթադրելու, որ Սոֆյա Սեմյոնովնայի պատիվն ու երջանկությունը թանկ են ինձ համար։ Ահա նրա ամբողջ դիտավորությունը։ Ահա թե ես ինչպես եմ հասկանում այս գործը։ Ահա ամբողջ պատճառը, ուրիշ պատճառ չի կարող լինել։
Ռասկոլնիկովը այսպես կամ համարյա այսպես վերջացրեց իր խոսքը, որ հաճախ ընդհատվում էր լարված ուշադրությամբ լսող ներկաների բացականչություններով։ Բայց, չնայելով բոլոր ընդհատումներին, նա խոսեց խիստ տոնով, հանգիստ, ճիշտ, պարզ, կտրուկ։ Նրա հատու ձայնը, նրա համոզված տոնը և խստաբարո դեմքը բոլորի վրա մեծ տպավորություն թողին։
— Այդպես է, այդպես է, դա այդպես է,— ցնծությամբ պնդում էր Լեբեզյատնիկովը։— Պետք է որ այդպես լինի, որովհետև հենց որ Սոֆյա Սեմյոնովնան մտավ մեր սենյակը, նա, Լուժինը, ինձ կանչեց դեպի պատուհանը և այնտեղ կամացուկ հարցրեց՝ «Այստե՞ղ է Ռասկոլնիկովը, դուք նրան չտեսա՞ք Կատերինա Իվանովնայի հյուրերի մեջ»։ Հետևաբար նրան անպայման հարկավոր էր, որ դուք այստեղ լինեիք։ Դա հենց այդպես է, որ կա։
Լուժինը լռում էր և արհամարհանքով ժպտում։ Սակայն նա խիստ սփրթնած էր։ Թվում էր, որ նա միտք էր անում, թե ինչպես դուրս պրծնի։ Գուցե նա հաճույքով կթողներ ամեն ինչ ու կհեռանար, բայց տվյալ րոպեին դա գրեթե անկարելի էր, այդ կնշանակեր ուղղակի խոստովանել իր դեմ ուղղված մեղադրանքների արդարացիությունը և այն, որ ինքը իսկապես զրպարտել էր Սոֆյա Սեմյոնովնային։ Բացի դրանից, ներկա գտնվողները, որոնք առանց այն էլ արդեն հարբած էին, չափազանց հուզվում էին։ Պարենավորման աստիճանավորը, որ այնքան էլ չէր հասկանում այդ ամենը, բոլորից ավելի բարձր էր բղավում և Լուժինի համար խիստ անհաճելի միջոցներ էր առաջարկում։ Բայց կային նաև չխմած տնվորներ․ դրանք եկել էին բոլոր սենյակներից։ Երեք լեհերը խիստ ցասկոտում էին և անդադար գոռում՝ «անպիտան պարոն», ու լեհերեն ինչ-որ սպառնալիքներ էին քրթմնջում։ Սոնյան լարված լսում էր, բայց կարծես նա էլ լավ չէր հասկանում այդ ամենը, կարծես ուշաթափությունից էր սթափվել։ Նա աչք չէր կտրում Ռասկոլնիկովից, զգալով, որ նրանից է կախված իր ամբողջ պաշտպանությունը։ Կատերինա Իվանովնան խռպոտ ու դժվարությամբ էր շնչում, ու թվում էր, որ գտնվում է սարսափելի ուժասպառ վիճակում։ Առավելապես հիմար դրության մեջ էր Ամալյա Իվանովնան, կանգնել էր բերանը բացած և ոչինչ չէր հասկանում։ Նա միայն տեսնում էր, որ Պյոտր Պետրովիչը բռնվել է։ Ռասկոլնիկովը նորից խոսելու թույլտվություն խնդրեց, բայց այդ նրան թույլ չտվին. բոլորը բղավում էին և հայհոյանքներով ու սպառնալիքներով խռնվում Լուժինի շուրջը։ Բայց Պյոտր Պետրովիչը չվախեցավ։ Տեսնելով, որ Սոնյային մեղադրելու գործը բոլորովին տանուլ է տրված, նա ուղղակի լկտիության դիմեց.
— Թույլ տվեք, պարոններ, թույլ տվեք, մի նեղեք, թողեք անցնեմ,— ասում էր նա՝ ճեզքելով ամբոխը,— ու խնդրում եմ թողնել սպառնալիքները. հավատացնում եմ ձեզ, որ այդ իզուր է, ոչինչ չեք անի, ես վախկոտներից չեմ, ընդհակառակը, հենց դուք, պարոններ, պատասխան կտաք, որ բռնությամբ քողարկեցիք քրեական գործը։ Դատարանում մարդիկ կույր չեն և... հարբած չեն լինում ու չեն հավատա երկու մոլի անաստվածներին, գրգռիչներին ու ազատամիտներին, որոնք անձնական վրեժից դրդված, ինձ մեղադրում են այնպիսի բաների համար, որոնք հենց իրենց պետք է վերագրել և այդ հենց իրենք են հիմարաբար խոստովանում։ Այո։ Դե թույլ տվեք անցնել։
— Անմիջապես ձեր հոտը պետք է կտրվի իմ սենյակից․ բարհհաճեցեք հեռանալ և մեր մեջ ամեն ինչ վերջացած է։ Իզուր չէ՞ր, որ ես կաշվից դուրս էի գալիս, դրան բացատրում իմ համոզմունքները... ամբողջ երկու շաբաթվա ընթացքում...
— Ախր ես ինքս էլ, Անդրեյ Սեմյոնովիչ, ժամ առաջ ձեզ ասել եմ, որ մեկնում եմ, իսկ դուք ինձ դեռ պահում էիք․ իսկ հիմա միայն կավելացնեմ, որ դուք հիմար եք։ Ցանկանում եմ, որ դուք բուժեք ձեր խելքը և ձեր կարճատես աչքերը։ Թույլ տվեք անցնել, պարոններ։
Նա ամբոխի միջով առաջ անցավ. բայց պարենավորման աստիճանավորը չէր ուզում նրան բաց թողնել այդպես հեշտությամբ, միայն հայհոյանքներ կերցնելով. նա սեղանից մի բաժակ վերցրեց, թափ առավ ու շպրտեց դեպի Պյոտր Պետրովիչը, սակայն բաժակը դիպավ Ամալյա Իվանովնային։ Սա ճչաց, իսկ պարենավորման աստիճանավորը թափ առնելուց կորցնելով հավասարակշռությունը, ծանր փռվեց հատակին, սեղանի տակ։ Պյոտր Պետրովիչը անցավ իր սենյակը ու կես ժամից նա արդեն տանը չէր։ Բնությունից երկչոտ Սոնյան առաջ էլ գիտեր, որ իրեն ավելի հեշտ է կործանել, քան ուրիշ որևէ մեկին, ու ամեն մեկը համարյա կարող էր անպատիժ վիրավորել նրան։ Բայց և այնպես մինչև այդ րոպեն նրան թվում էր, որ կարելի է փորձանքից խուսափել որևէ կերպ՝ զգուշությամբ, հեզությամբ, խոնարհվելով բոլորի և ամեն մեկի առաջ։ Նրա հիասթափությունը չափազանց ծանր էր։ Իհարկե, նա կարող էր համբերությամբ և գրեթե անտրտունջ տանել ամեն ինչ, նույնիսկ այդ բանը։ Բայց առաջին րոպեին խիստ ծանր էր նրա տրամադրությունը։ Երբ անցավ առաջին վախը և առաջին շշմածությունը, երբ նա պարզ հասկացավ ու կշռադատեց ամեն ինչ, չնայած իր հաղթանակին և արդարացման, անզորության ու վիրավորանքի զգացումը տանջալից ճմլեց նրա սիրտը։ Նա հիստերիկայի մեջ ընկավ։ Վերջապես, չդիմանալով իր այդ վիճակին, սենյակից դուրս նետվեց և վազեվազ գնաց տուն։ Այդ եղավ Լուժինի հեռանալուց համարյա անմիջապես հետո։ Երբ բաժակը զարկվեց Ամալյա Իվանովնային, ու ներկաները բարձրաձայն քրքջացին, սա էլ չդիմացավ ուրիշների մեղքով իրեն հասած գլխացավանքին։ Կատաղածի պես, ճղճղոցով հարձակվեց Կատերինա Իվանովնայի վրա, գտնելով, որ այդ ամենի համար նա է մեղավոր։
— Չքվիր իմ բնակարանից, հենց այժմ, մա՛րշ,— և այս ասելով, սկսեց Կատերինա Իվանովնայի իրերից վերցնել այն ամենը, ինչ֊որ ձեռքն էր ընկնում, ու շպրտել հատակին։ Առանց այդ էլ սաստիկ ընկճված, համարյա ուշագնաց, շնչասպառ, գունաթափ Կատերինա Իվանովնան վեր թռավ անկողնից (որի վրա էր ընկել ուժասպառ վիճակում) և հարձակվեց Ամալյա Իվանովնայի վրա։ Բայց կռիվը խիստ անհավասար էր. վերջինս նրան ետ շպրտեց ինչպես մի փետրիկ։
— Սա ի՞նչ բան է։ Բավական չէ, որ այդպես անխղճորեն զրպարտեցին, դեռ այդ փուչ արարածն էլ է հարձակվում ինձ վրա։ Ամուսնուս թաղման օրը, իմ աղուհացից հետո երեխաներիս հետ դուրս են քշում բնակարանից, փողոց են շպրտում։ Հապա ես ո՞ւր գնամ,— հեկեկալով ու շնչասպառ ճչում էր խեղճ կինը։— Տե՛ր աստված,— բղավեց նա հանկարծ, աչքերը կրակ կտրած,— մի՞թե արդարություն չկա։ Հապա դու ո՞ւմ պետք է պաշտպանես, եթե ոչ մեզ, որբերիս։ Դե հիմա կտեսնենք։ Աշխարհում կա դատաստան և արդարություն, կա, ես կգտնեմ։ Հենց հիմա, սպասիր դու, անխիղճ արարած։ Պոլեչկա, մնա երեխաների մոտ, ես շուտով կգամ։ Սպասեցեք ինձ թեկուզ փողոցում։ Կտեսնենք, աշխարհում կա՞ արդարություն, թե ոչ։
Ու գլխին գցելով հենց այն կանաչ, դրադեգամե գլխաշորը, որ Ռասկոլնիկովի հետ խոսելիս հիշատակել էր հանգուցյալ Մարմելադովը, Կատերինա Իվանովնան անցավ դեռ սենյակում խռնվող տնվորների անկարգ ու հարբած ամբոխի միջով ու արցունքներն աչքերին, հեծկլտալով, վազեց փողոց, հետապնդելով անորոշ մի նպատակ՝ ինչ֊որ մի տեղ, հենց հիմա, անմիջապես և ինչ կերպ էլ լինի արդարություն գտնել։ Պոլեչկան վախվխելով, երեխաների հետ կուչ եկավ անկյունում, սնդուկի վրա, և երկու փոքրիկներին զրկած, դողդողում էր, սպասում մոր վերադարձին։ Ամալյա Իվանովնան սենյակով մեկ այս ու այն կողմ էր ընկնում, ճզճղում, ճչում, ձեռքն ընկած բոլոր իրերը շպրտում հատակին, աղմուկ-աղաղակ բարձրացնում։ Տնվորները բղավում էին այս ու այն կողմից, ոմանք պատմում էին իրենց գիտեցածը տեղի ունեցած իրադարձության մասին, մյուսները վիճում էին ու հայհոյանք թափում․ ոմանք էլ սկսեցին երգել․․․
«Հիմա էլ իմ գնալու ժամանակն է»,— մտածեց Ռասկոլնիկովը։— «Հապա , Սոֆյա Սեմյոնովնա, տեսնենք հիմա դուք ի՞նչ եք ասելու»։
Եվ նա գնաց Սոնյայի բնակարանը։
== IV ==