Changes
/* VII */
== VII ==
Նույն օրը երեկոյան ժամը յոթին Ռասկոլնիկովը մոտեցավ իր մոր և քրոջ բնակարանին, Բակալեևի տան հենց այն բնակարանին, որ նրանց տեղավորել էր Ռազումիխինը։ Մուտքը փողոցից էր։ Ռասկոլնիկովր դանդաղ էր մոտենում և կարծես տատանվում էր. ներս մտնե՞ր, թե՞ ոչ։ Բայց նա ոչ մի դեպքում ետ չէր դառնա, այդպես էր որոշել։ Միևնույն է, հո՛, նրանք դեռ ոչինչ չգիտեն», մտածում էր նա։ «իսկ ինձ տարօրինակ համարելու սովորություն ունեն...»։ Նրա կոստյումը սարսափելի էր. կեղտոտ էր, անձրևի տակ էր եղել, պատռտված էր ու մաշված։ Նրա դեմքը համարյա այլանդակվել էր հոգնածությունից, վատ եղանակից, ֆիզիկական խոնջությունից և համարյա մի օր ու գիշեր ապրած հոգեկան պայքարից։ Այդ ամբողջ գիշերը նա անցկացրել էր մենակ, աստված գիտե թե որտեղ։ Բայց իր այդ որոշումը հաստատ էր։
Նա ծեծեց դուռը, մայրը բացեց այն։ Դունեչկան տանը չէր։ Նույնիսկ սպասուհի էլ այդ պահին չպատահեց։ Պույլխերիա Ալեքսանդրովնան սկզբում համրացավ բերկրալի զարմանքից, հետո վերցրեց որդու թևը ու նրան ներս տարավ։
— Ահա և դու,— սկսեց նա՝ ուրախությամբ կմկմալով։— Մի բարկանա ինձ վրա, Ռոդյա, որ ես քեզ այսպես հիմարաբար, արցունքներով եմ դիմավորում․ ես ծիծաղում եմ և ոչ թե լաց լինում։ Դու կարծում ես, թե ես լալի՞ս եմ։ Ոչ, ուրախանում եմ, միայն թե արտասվելու հիմար սովորություն ունեմ։ Այսպես է հորդ մահից հետո, ամեն մի առիթով լալիս եմ։ Նստիր, աղավնյակս, երևի հոգնել ես։ Ես այդ տեսնում եմ։ Ա՛խ, ինչքան ես կեղտոտվել։
— Ես երեկ անձրևի տակ ընկա, մայրիկ...— ասաց Ռասկոլնիկովը։
— Ոչ֊ոչ,— վրա բերեց Պույլխերիա Ալեքսանդրովնան՝ ընդհատելով նրան,— դու կարծում էիր, թե ես քեզ հիմա պետք է հարցուփո՞րձ անեմ ըստ իմ առաջվա կանացի սովորության. մի անհանգստանա։ Ես հո հասկանում եմ, ամեն ինչ հասկանում եմ. հիմա ես արդեն ընտելացել եմ այստեղի դրության և հենց ինքս եմ տեսնում, որ այստեղ ավելի խելացի բաներ են լինում։ Ես առմիշտ համոզվել եմ, որ չեմ կարող հասկանալ քո նկատառումները և քեզնից հաշիվ պահանջել։ Ով գիտե դու ինչ գործեր և պլաններ ունես և ինչ մտքեր են ծագում գլխումդ, ինչո՞ւ պետք է ես քաշքշեմ թևիցդ, դե՝ ասա, ինչ ես մտածում։ Ես... ախ, տեր աստված, ի՞նչ եմ շշմածի պես դես֊դեն ընկնում... Ես, Ռոդյա, ժուռնալում արդեն երրորդ անգամ կարդում եմ քո հոդվածը, Դմիտրի Պրոկոֆիչն է բերել։ Տեսա թե չէ, ուղղակի ախ քաշեցի, մտածում եմ՝ ինչ հիմարն եմ եղել, ահա թե դու ինչով ես զբաղվում, ահա թե ինչումն է բանը։ Ուսումնականները միշտ էլ այդպես են լինում։ Գուցե թե դու նոր մտքեր ես ունեցել, կշռադատում ես դրանք, ինչո՞ւ քեզ տանջեմ ու շփոթեցնեմ։ Կարդում եմ, սիրելիս և իհարկե շատ բան չեմ հասկանում, դե, դա այդպես էլ պետք է լինի. որտեղի՞ց հասկանամ։
— Ցույց տուր, մայրիհկ։
Ռասկոլնիկովը վերցրեց թերթը և հարևանցիորեն նայեց իր հոդվածը։ Որքան էլ այդ հակասում էր նրա դրությանը և վիճակին, նրա մեջ առաջացավ այն տարօրինակ, սուր և քաղցը զգացումը, որ առաջանում է հեղինակի սրտում, երրբ առաջին անգամ նա իր գրվածքը տպված է տեսնում. այն էլ ասած, այստեղ նշանակություն ուներ նաև քսաներեք տարեկան հասակը։ Դա մի ակնթարթ տևեց։ Մի քանի տող կարդալով, նա մռայլվեց ու սոսկալի թախիծը ճմլեց նրա սիրտը։ Միանգամից նա վերհիշեց վերջին ամիսների իր ամբողջ հոգեկան պայքարը։ Զզվանքով ու վրդովմունքով նա հոդվածը շպրտեց սեղանին։
— Միայն թե, Ռոդյա, որքան էլ ես անխելք եմ, այնուամենայնիվ կարող եմ դատել, որ մեր գիտական աշխարհում շատ շուտով դու կլինես առաջին մարդկանցից մեկը, եթե ոչ ամենաառաջինը։ Եվ ինչպե՜ս էին նրանք համարձակվում մտածել, թե դու խելագարվել ես։ Քա՛հ-քա՛հ-քա՛հ, դու այդ չգիտես, նրանք այդպես էին կարծում։ Ա՛խ, ստոր ճիճուներ, ախր նրանք որտեղի՜ց հասկանան, թե ինչ է բանականությունը։ Ախր Դունեչկան էլ համարյա հավատում էր։ Այ քեզ բան։ Հանգուցյալ հայրդ երկու անգամ նյութ ուղարկեց մի ժուռնալի, սկզբում ոտանավորներ (տետրը կա ինձ մոտ, ես քեզ երբևէ ցույց կտամ), հետո էլ մի ամբողջ վիպակ (ես ինքս էի խնդրել, որ ինձ տար արտագրելու), ու երկուսս էլ որքա՜ն էինք աղոթում, որ ընդունեին, բայց չընդունեցին։ Է՜, Ռոդյա, մի վեց֊յոթ օր առաջ, նայելով շորերիդ, դարդ էի անում, մտածում էի, թե դու ինչպես ես ապրում, ինչ ես ուտում և ինչ ես հագնում։ Իսկ հիմա տեսնում եմ, որ էլի անխելք էի, չէ՞ որ երբ ուզենաս, քեզ համար ամեն ինչ կճարես քո խելքով և տաղանդով։ Ուրեմն դու առայժմ այդ չես ուզում անել, որովհետև շատ ավելի կարևոր գործերով ես զբաղվում։
— Դունյան տանը չէ՞, մայրիկ։
— Ոչ, Ռոդյա։ Շատ հաճախ նրան տանը չեմ տեսնում, ինձ մենակ է թողնում։ Շնորհակալություն Դմիտրի Պրոկոֆիչին, գալիս է ինձ մոտ, շարունակ քո մասին է խոսում։ Նա քեզ սիրում է ու հարգում, որդյակս։ Քրոջդ մասին չեմ կարող ասել, թե նա որևէ չափով չի հարգում ինձ։ Ես հո չեմ գանգատվում։ Ես ու նա տարբեր բնավորություն ունենք, նա ինչ֊որ գաղտնիքներ ունի, ես ձեզնից ոչ մի գաղտնիք էլ չունեմ։ Իհարկե, ես հաստատ հավատացած եմ, որ Դունյան շատ խելացի է, ու բացի դրանից, սիրում է ինձ էլ, քեզ էլ... բայց չգիտեմ, թե այդ ամենը ուր կհասցնի։ Այ, Ռոդյա, դու հիմա ինձ երջանկացրիր, որ եկար, իսկ նա այստեղ չէ. կգա ու ես կասեմ՝ քո բացակայությամբ եղբայրդ այստեղ էր, իսկ դու որտե՞ղ էիր բարեհաճում ժամանակ անցկացնել։ Դու ինձ, Ռոդյա, շատ էլ երես մի տա. եթե կարող ես, եկ, եթե չես կարող, ի՞նչ արած, հո էլի ու էլի կսպասեմ։ Չէ՞ որ այնուամենայնիվ ես կգիտենամ, որ դու սիրում ես ինձ, այդ էլ բավական է ինձ համար։ Կկարդամ քո գրվածքները, բոլորից էլ լուրեր կլսեմ քո մասին, կամ դու կայցելես, սրանից էլ ի՞նչ լավ բան կա։ Ա'յ, հիմա հո եկար, որ մխիթարես մորդ, ես հո տեսնում եմ...
Այստեղ Պույլխերիա Ալեքսանդրովնան հանկարծ լաց եղավ։
— Էլի՛ այս լացը. մի նայիր ինձ, հիմարիս։ Ա՛խ, տեր աստված, ի՞նչ եմ նստել,— գոչեց նա արագ վեր կենալով,— ախր սուրճ կա, իսկ ես քեզ չեմ էլ հրամցնում։ Այ թե ինչ է պառավի եսամոլությունը։ Հիմա, այս րոպեիս։
— Մայրիկ, այդ թողեք, ես հիմա կգնամ։ ես դրա համար չեմ եկել։ Խնդրում եմ, լսեք ինձ։
Պույլխերիա Ալեքսանդրովնան երկչոտ մոտեցավ որդուն։
— Մայրիկ, ինչ էլ որ պատահի, ինչ էլ որ դուք լսեք իմ մասին, դուք ինձ կսիրե՞ք այնպես, ինչպես հիմա,— հանկարծ սրտահույզ հարցրեց Ռասկոլնիկովը, կարծես առանց մտածելու, առանց կշռադատելու իր խոսքերը։
— Ռոդյա, Ռոդյա, ի՞նչ պատահեց քեզ, ինչպե՞ս կարող ես այդպիսի հարց տալ։ Ո՞վ պետք է ինձ որևէ բան ասի քո մասին։ Ես ոչ ոքի չեմ հավատա, ով էլ որ ինձ մոտ գա, ուղղակի դուրս կանեմ։
— Ես եկել եմ ձեզ հավաստիացնելու, որ ես միշտ սիրել եմ ձեզ, ու հիմա ուրախ եմ, որ մենք երկուսով ենք, նույնիսկ ուրախ եմ, որ Դունյան այստեղ չէ,— նույն պոռթկումով շարունակեց Ռասկոլնիկովը,— ես եկել եմ ձեզ ուղղակի ասելու, որ թեև դուք դժբախտ կլինեք, բայց և այնպես գիտցեք, որ ձեր որդին հիմա ձեզ ավելի շատ է սիրում, քան իրեն, և որ այն ամենը, ինչ որ դուք մտածել եք իմ մասին, որ իբր թե ես դաժան եմ ու չեմ սիրում ձեզ... այդ ամենը ճշմարիտ չի եղել։ Ես ձեզ միշտ էլ սիրելու եմ... Էհ, բավական է. ինձ թվում էր, որ այսպես պետք է վարվեի և այսպես սկսեի իմ ասելիքը...
Պույլխերիա Ալեքսանդրովնան լուռ գրկում էր որդուն, սեղմում կրծքին ու մեղմ լալիս էր։
— Չգիտեմ ինչ է պատահել քեզ, Ռոդյա,— վերջապես ասաց նա,— այս ամբողջ ժամանակվա ընթացքում ես կարծում էի, թե մենք ուղղակի ձանձրացնում ենք քեզ, իսկ հիմա տեսնում եմ, որ քեզ մեծ դառնություն է սպասվում, այդ պատճառով էլ դու դարդ ես անում։ Ես այդ վաղուց եմ կանխազգում, Ռոդյա։ Ներիր ինձ, որ խոսեցի այդ մասին, շարունակ դրա մասին եմ մտածում և գիշերները չեմ քնում։ Այս գիշեր քույրդ շարունակ զառանցում էր և քո անունն էր տալիս։ Ես ինչ֊որ բան լսեցի, բայց ոչինչ չհասկացա։ Ամբողջ առավոտ այնպես էի, ինչպես մարդ լինում է մահապատժի ենթարկվելուց առաջ, ինչ-որ բան էի սպասում, նախազգում, և ահա կատարվեց սպասածս։ Ռոդյա, Ռոդյա, ո՞ւր ես գնալու, որևէ տե՞ղ ես մեկնելու, թե՞ ինչ։
— Մեկնելու եմ։
— Ես այդպես էլ կարծում էի։ Ես էլ հո կարող եմ մեկնել քեզ հետ, եթե այդ քեզ հարկավոր լինի։ Դունյան էլ, նա սիրում է քեզ, նա շատ է սիրում քեզ. թերևս Սոֆյա Սեմյոնովնան էլ թող գա մեզ հետ, եթե այդ հարկավոր է. տեսնո՞ւմ ես, նրան ես կընդունեմ ինչպես իմ աղջկան։ Դմիտրի Պրոկոֆիչը մեզ կօգնի ճանապարհվելու... բայց... դու... ո՞ւր պիտի մեկնես։
— Մնաք բարով, մայրիկ։
— Ինչպե՞ս թե, հենց այսօ՞ր,— ճչաց մայրը, կարծես առմիշտ կորցնում էր որդուն։
— Էլ չեմ կարող մնալ, պետք է գնամ, դա ինձ շատ է հարկավոր...
— Ես չե՞մ կարող քեզ հետ գալ։
— Ոչ, դուք ծունկ չոքեցեք և ինձ համար աղոթեցեք աստծուն։ Ձեր աղոթքը գուցե և հասնի նրան։
— Եկ քեզ խաչակնքեմ, օրհնեմ քեզ։ Այ, այդպես, այդպես։ Օ, տեր աստված, այս ի՞նչ ենք անում։
Այո, Ռասկոլնիկովը ուրախ էր, նա շատ ուրախ էր, որ ինքն ու մայրը երկուսով էին, որ ուրիշ ոչ ոք չկար։ Այդ ամբողջ սարսափելի ժամանակվա ընթացքում առաջին անգամ կարծես թեթևացավ նրա սիրտը։ Նա ծունկ չոքեց մոր առջև, նա համբուրում էր մոր ոտքերը, ու երկուսն էլ գրկված լալիս էին։ Այս անգամ մայրը չէր զարմանում և հարցեր չէր տալիս։ Նա արդեն վաղուց էր հասկացել, որ որդու հետ ինչ֊որ զարհուրելի բան է կատարվում, իսկ հիմա որդու համար ինչ֊որ սարսափելի րոպե էր վրա հասել։
— Ռոդյա, սիրելիս, իմ առաջնեկ,— հեկեկալով ասում էր նա,— դու հիմա էլ այնպես ես, ինչպես փոքր հասակումդ էիր, հենց այդպես էլ գալիս էիր ինձ մոտ, այդպես էլ ինձ գրկում էիր ու համբուրում. դեռ այն օրերում, երբ հորդ հետ ապրում էինք աղքատ վիճակում, դու մեզ մխիթարում էիր հենց միայն նրանով, որ մեզ հետ էիր, իսկ երբ ես թաղեցի հորդ, քանի՜֊քանի անգամ ես ու դու այսպես գրկված լալիս էինք նրա գերեզմանի վրա։ Ես վաղուց եմ լալիս, որովհետև մայրական սիրտս նախազգացել է դժբախտությունը։ Երբ ես առաջին անգամ քեզ տեսա այն ժամանակ, երեկոյան, երբ մենք նոր էինք ժամանել այստեղ, քո միայն մի հայացքից ամեն ինչ հասկացա, ու սիրտրս դողաց, իսկ այսօր, երբ դուռը բացեցի քո առաջ ու նայեցի քեզ, մտածեցի, որ երևի հասել է ճակատագրական ժամը։ Ռո՛դյա, Ռո՛դյա, դու հո հենց այժմ չե՞ս մեկնում։
— Ոչ։
— Դու էլի կգա՞ս։
— Այո... կգամ։
— Ռոդյա, մի բարկանա, ես չեմ էլ համարձակվում քեզ հարցուփորձ անել։ Գիտեմ, որ չպիտի համարձակվեմ, բայց այնպես, էլի, միայն երկու խոսք ասա ինձ, հեռու տե՞ղ ես մեկնում։
— Շատ հեռու։
― Այնտեղ ծառայելո՞ւ, աշխատելո՞ւ ես, թե՞ ինչ։
― Ինչ որ աստված տա... միայն թե աղոթեցեք ինձ համար...
...Ռասկոլնիկովը քայլեց դեպի դուռը, բայց մայրը կառչեց նրանից և հուսաբեկ հայացքով նայեց նրա աչքերին։ Նրա դեմքը ծռմռվեց սարսափից։
— Բավական է, մայրիկ,— ասաց Ռասկոլնիկովը, խորապես զղջալով, որ խելքին փչել էր այստեղ գալ։
— Հո ընդմիշտ չե՞ս գնում, դու հո կգա՞ս, վաղը կգա՞ս։
— Կգամ, կգամ, մնաք բարով։
Վերջապես, նա պոկվեց մորից։
Երեկոն զով էր, տաք ու պայծառ, եղանակը պարզել էր դեռ առավոտից։ Ռասկոլնիկովը գնում էր իր բնակարանը, նա շտապում էր։ Նա ուզում էր ամեն ինչ վերջացնել մինչև մայրամուտ։ Չէր ուզում մինչև այդ ժամը հանդիպել որևէ մեկին։ Բարձրանալով դեպի իր բնակարանը, նա նկատեց, որ Նաստասյան թողնելով ինքնաեռով զբաղվելը, ուշադրությամբ հետամտում է իրեն և ուղեկցում աչքերով։ «Ինձ մոտ հո չկա՞ որևէ մեկը», մտածեց նա։ Զզվանքով պատկերացրեց. Պորֆիրիին, բայց, հասնելով իր սենյակը և բանալով դուռը, նա տեսավ Դունեչկային։ Սա նստել էր մենակ, խոր մտածմունքի մեջ ընկած, ու ըստ երևույթին վաղուց էր սպասում եղբորը։ Ռասկոլնիկովը կանգ առավ շեմին։ Դունեչկան վախվխելով վեր կացավ բազմոցից և ուղիղ կանգնեց նրա դիմաց։ Նրա հայացքը, որ անշարժ սևեռված էր եղբոր վրա, սարսափ և անամոք տխրություն էր արտահայտում։ Ռասկոլնիկովը հենց միայն այդ հայացքից իսկույն հասկացավ, որ քրոջը ամեն ինչ հայտնի է։
— Հը՛, մտնե՞մ քեզ մոտ, թե՞ գնամ,— անվստահ հարցրեց նա։
— Ես ամբողջ օրը Սոֆյա Սեմյոնովնայի մոտ էի. երկուսս էլ քեզ էինք սպասում։ Կարծում էինք, որ անպայման այնտեղ կգաս։
Ռասկոլնիկովը ներս մտավ և ուժասպառ վիճակում նստեց աթոռին։
— Ես ինչ֊որ թույլ եմ, Դունյա. խիստ հոգնել եմ. բայց կուզենայի գոնե այս րոպեին միանգամայն հանգիստ վիճակում լինել։
Նա անվստահ նայեց քրոջը։
— Դու որտե՞ղ էիր ամբողջ գիշեր։
— Լավ չեմ հիշում, գիտե՞ս, քույրս, ես ուզում էի վերջնականապես որոշել իմ անելիքը ու երկար քայլում էի Նևայի մոտակայքում, ես այդ հիշում եմ։ Ուզում էի հենց այնտեղ էլ ջուրն ընկնել, բայց... սիրտ չարեցի...— շշնջաց նա՝ դարձյալ անվստահ նայելով Դունյային։
— Փառք աստծո։ Մենք, ես ու Սոֆյա Սեմյոնովնան հենց դրանից էինք վախենում. ուրեմն դու դեռ հավատում ես, որ պիտի ապրես, փառք աստծո, փառք աստծո։
Փասկոլնիկովը դառն քմծիծաղ ավեց։
— Ես չէի հավատում, իսկ քիչ առաջ մորս հետ գրկված լալիս էինք, չեմ հավատում, բայց նրան խնդրեցի աղոթել ինձ համար Աստված գիտե, թե այդ ինչպես է արվում, Դունեչկա, ես դրանից ոչինչ չեմ հասկանում։
— Դու մայրիկի մո՞տ եղար։ Դու այդ ասացի՞ր նրան,— սարսափահար բացականչեց Դունյան։— Մի՞թե դու համարձակվեցիր ասել։
— Ոչ, չասացի... խոսքերով. բայց նա շատ բան հասկացավ։ Գիշերը նա լսել էր, թե դու ինչպես էիր զառանցում։ Ես հավատացած եմ, թե նա արդեն կիսով չափ հասկանում է։ Գուցե ես վատ բան արեցի, որ գնացի նրա մոտ։ Նույնիսկ չգիտեմ էլ, թե ինչի համար գնացի։ Ես ստոր մարդ եմ, Դունյա։
— Ստոր մարդ ես, բայց պատրաստ ես տառապանքի գնալ։ Դու հո գնո՞ւմ ես։
— Գնում եմ։ Հենց հիմա։ Այդ ամոթանքից խուսափելու համար էր, որ ես ուզում էի խեղդվել ջրում, Դունյա, բայց, ջրի ափին կանգնած, մտածեցի, որ եթե մինչև այժմ ինձ ուժեղ եմ համարել, ապա թող հիմա չվախենամ ամոթանքից,— ասաց նա առաջ ընկնելով։— Սա հպարտությո՞ւն է, Դունյա։
— Հպարտություն է, Ռոդյա։
Ռասկոլնիկովի մարած աչքերը կարծես թե առկայծեցին. նրան հաճելի էր, որ ինքը դեռ հպարտ է։
— Իսկ դու, քույրս, չե՞ս կարծում, որ ես ուղղակի վախեցա ջուրն ընկնելուց,— հարցրեց նա այլանդակ քմծիծաղով, նայելով քրոջ դեմքին։
— Օ, Ռոդյա, բավական է,— դառը բացականչեց Դունյան։
Երկու րոպե լռություն տիրեց։ Ռասկոլնիկովը նստել էր մռայլված ու նայում էր հատակին, Դունեչկան կանգնել էր սեղանի մյուս կողմում և տանջալից նայում էր նրան։ Ռասկոլնիկովը հանկարծ վեր կացավ։
— Ուշ է, պետք է գնալ։ Ես հիմա գնում եմ ինձ մատնելու։ Բայց ես չգիտեմ, թե ինչի համար եմ գնում ինձ մատնելու։
Դունեչկայի այտերի վրայով խոշոր արցունքներ էին հոսում։
— Դու լալիս ես, քույրս, բայց կարո՞ղ ես ձեռքդ մեկնել ինձ։
— Եվ դու կասկածո՞ւմ էիր։
Դունյան պինդ գրկեց եղբորը։
— Մի՞թե դու, տառապանքի գնալով, արդեն կիսովի չափ չես քավում քո ոճրագործությունը,— գոչեց նա՝ եղբորը սեղմելով իր գրկում և համբուրելով նրան։
— Ոճրագործությո՞ւն։ Ի՞նչ ոճրագործություն,— գոչեց Ռասկոլնիկովը ինչ֊որ հանկարծակի կատաղությամբ,— ես սպանել եմ գարշելի, վնասակար մի ոջիլ, վաշխառու մի պառավ, որը ոչ ոքի հարկավոր չէր, որին սպանելը հարյուրապատիկ ներելի է, որը չքավորներից հյութ էր քամում, և դա ոճրագործությո՞ւն է։ Ես չեմ մտածում դրա մասին և դա քավելու միտք էլ չունեմ։ Եվ ի՞նչ են բոլոր կողմերից բարբաջում՝ «ոճրագործություն, ոճրագործություն»։ Միայն հիմա եմ պարզ տեսնում իմ փոքրոգության ամբողջ անհեթեթությունը, հիմա, երբ արդեն որոշել եմ տանել այս ավելորդ ամոթանքը։ Որոշել եմ ուղղակի իմ ստորության և անշնորհքության հետևանքով, նաև շահավետության նկատառումով, ինչպես որ առաջարկում էր․․․ այդ... Պորֆիրին...
— Եղբայրս, եղբայրս, այդ ի՞նչ ես ասում։ Չէ՞ որ դու արյուն ես թափել,— հուսաբեկ գոչեց Դունյան։
— Որը բոլորն էլ թափում են,— գրեթե զայրացած վրա բերեց Ռասկոլնիկովը,— որը թափվում և միշա թափվել է աշխարհում ինչպես ջրվեժ, որը խմում են ինչպես շամպայն և որի համար թագ են դնում Կապիտոլիյում և թագադրվողին հետո մարդկության բարերար են անվանում։ Դու ավելի ուշադիր նայիր այդ ամենին։ Ես ինքս մարդկանց բարիք էի ցանկանում և հարյուրավոր, հազարավոր բարի գործեր կանեի հենց միտքն այդ հիմարության փոխարեն, որը նույնիսկ հիմարություն էլ չէ, այլ պարզապես անշնորհքություն է, որովհետև այդ ամբողջ միտքը այնքան էլ հիմար միտք չէր, ինչպես թվում է այժմ, ձախորդության պահին․․․ (ձախորդության պահին, ամեն ինչ հիմար բան է թվում)։ Ես կարծում էի այդ հիմարությամբ անկախ դրության հասնել, առաջին քայլն անել, միջոցներ ձեռք բերել, ու հետո ամեն ինչ կկարգավորվեր, անհամեմատ ավելի մեծ օգուտ կստացվեր... բայց ես, ես առաջին քայլն էլ չկարողացա անել, որովհետև ես ստոր մարդ եմ։ Ահա թե ինչումն է բանը։ Եվ այնուամենայնիվ ձեր աչքերով չեմ նայի իրերին. եթե իմ գործը հաջողվեր, ինձ կմեծարեին, իսկ հիմա թակարդն եմ ընկնում։
— Բայց դա այլ բան է, բոլորովին այլ բան։ Եղբայրս, այդ ինչե՞ր ես ասում։
— Հը՛մ, պատշաճ ձև չէ՛, էսթետիկորեն այնքան էլ լավ ձև չէ... բայց ես բոլորովին չեմ հասկանում, թե ինչու ռումբերով, ուղղակի գրոհով մարդկանց ջնջխելը ավելի պատվավոր ձև է։ Էսթետիկայից վախենալը անզորության առաջին նշանն է... Ես այդ երբեք, երբեք այնպես պարզ չեմ գիտակցել, ինչպես հիմա, ու ամենևին էլ այլ կերպ չեմ հասկանում իմ ոճրագործությունը։ Երբեք, երբեք այնպես ուժեղ և համոզված չեմ եղել, ինչպես հիմա...
Ռասկոլնիկովի դալուկ, հոգնատանջ դեմքը նույնիսկ կարմրեց։ Բայց վերջին խոսքերն արտասանելիս նա պատահմամբ նայեց Դունյայի աչքերին և դրանց մեջ այնքա՜ն, այնքա՜ն տանջանք տեսավ իր նկատմամբ, որ ակամայից ուշքի եկավ։ Նա զգաց, որ այնուամենայնիվ դժբախտ է դարձրել այդ երկու խեղճ կանանց։ Այնուամենայնիվ ինքն է դրա պատճառը...
— Դունյա, սիրելիս, եթե ես մեղավոր եմ, ներիր ինձ (թեև ինձ չի էլ կարելի ներել, եթե ես մեղավոր եմ)։ Մնաս բարով, չվիճենք։ Պետք է գնամ, ժամանակն է։ Մի՛ գա իմ ետևից, աղերսում եմ քեզ։ Ես դեռ տեղ պետք է գնամ... Այժմ դու գնա և իսկույն նստիր մայրիկի կողքին։ Աղաչում եմ քեզ, այդպես արա։ Սա իմ վերջին, ամենամեծ խնդրանքն է։ Շարունակ նրա մոտ եղիր, ես նրան թողի տագնապալից վիճակում, որին նա հազիվ թե դիմանա, նա կամ կմեռնի կամ կխելագարվի։ Եղիր նրա հետ։ Ռազումիխինը ձեզ հետ կլինի, ես նրան ասել եմ... Մի լար ինձ համար։ Ես կաշխատեմ ամբողջ կյանքումս լինել և քաջասիրտ, և ազնիվ, թեև մարդասպան եմ։ Գուցե դու երբևէ կլսես իմ անունը։ Ես ձեզ ամոթով չեմ անի, կտեսնես, ես դեռ կապացուցեմ․․․ հիմա առայժմ ցտեսություն,— շտապեց եզրափակել նա՝ դարձյալ նկատելով ինչ֊որ տարօրինակ արտահայտություն Դունյայի աչքերում, իր վերջին խոսքերի ու խոստումների պահին։— Ինչո՞ւ ես այդպես լալիս։ Մի լար, մի լար, հո բոլորովին չե՞նք բաժանվում... Ախ, հա՛, կաց, մոռացա...
Նա մոտեցավ սեղանին, վերցրեց մի հաստ, փոշոտված գիրք, բացեց և թերթերի միջից հանեց փղոսկրի վրա պատկերված մի փոքրիկ ջրաներկ դիմանկար։ Դա տանտիրուհու աղջկա, տենդից մեռած իր նախկին հարսնացուի, հենց այն տարօրինակ աղջկա դիմանկարն էր, որը ուզում էր վանք մտնել։ Ռասկոլնիկովը մի րոպե դիտեց այդ արտահայտիչ, հիվանդագին դեմքը, համբուրեց դիմանկարը և տվեց Դունյային։
— Սրա հետ ես շատ եմ խոսել այդ մասին, միայն սրա հետ,— մտախոհ ասաց նա,— սրան ես շատ բան եմ հաղորդել այն ամենից, ինչ որ հետո այդպես այլանդակորեն կատարվեց։ Մի անհանգստանա,— դիմեց նա Դունյային,— նա ինձ հետ համաձայն չէր, ինչպես և դու, և ես ուրախ եմ, որ նա չկա։ Գլխավորը, գլխավորը այն է, որ հիմա ամեն ինչ կընթանա նոր ձևով, կերկատվի,— գոչեց նա հանկարծ՝ դարձյալ համակվելով տխրությամբ,— բայց արդյո՞ք պատրաստված եմ դրան, արդյո՞ք ինքս եմ այդ ուզում; Ասում են, որ դա հարկավոր է, որպեսզի ես փորձություններ տանեմ։ Ինչի՞ համար, ինչի՞ համար են այդ բոլոր անիմաստ փորձությունները։ Ինչի՞ համար են դրանք, արդյո՞ք ես այն ժամանակ, տանջանքներից, ապուշությունից ճզմված, քսանամյա տաժանակրությունից հետո ծերունական տկարության մատնված, ավելի լավ կգիտակցեմ ամեն ինչ, քան գիտակցում եմ այժմ, և այդ դեպքում ինչի՞ համար պիտի ապրեմ։ Ինչո՞ւ եմ այժմ համաձայնում այդպես ապրել։ Օ, ես գիտեի, որ ստոր մարդ եմ, երբ այսօր, լուսաբացին կանգնած էի Նևայի ափին։
Վերջապես, երկուսն էլ դուրս եկան։ Ծանր էր Դունյայի հոգեվիճակը, բայց նա սիրում էր եղբորը։ Նա գնաց, բայց մի հիսուն քայլ անցնելով, շուռ եկավ մի անգամ էլ նրան նայելու։ Եղբայրը դեռ երևում էր։ Հասնելով փողոցի անկյունը, նա էլ ետ նայեց, վերջին անգամ իրար հանդիպեցին նրանց հայացքները, բայց նկատելով, որ քույրը իրեն է նայում, Ռասկոլնիկովը անհամբերությամբ և նույնիսկ սրտնեղելով թափահարեց ձեռքը, որ քույրը գնա, իսկ ինքը կտրուկ շուռ եկավ դեպի մյուս փողոցը։
«Ես դաժան եմ, ես այդ տեսնում եմ», մտածում էր նա՝ մի րոպե անց խղճահարվելով, որ ջղայնությամբ ձեռքով նշան էր արել Դունյային, որ սա գնար։ «Բայց ինչո՞ւ են նրանք ինձ այդպես սիրում, եթե ես դրան չարժեմ։ Երանի թե ես մենակ լինեի և ինձ ոչ ոք չսիրեր, ու ինքս էլ երբեք և ոչ ոքի չսիրեի։ ''Այս ամենը չէր լինի''։ Հետաքրքիր է, մի՞թե գալիք տասնհինգ֊քսան տարում հոգիս այնքան կհեզանա, որ ես երկյուղածությամբ կնվնվամ մարդկանց առջև, ու ամեն խոսքի վրա ինձ ավազակ կանվանեմ։ Այո, այդպես, հենց այդպես կլինի։ Դրա համար էլ հիմա աքսորում են ինձ, նրանց այդ է հարկավոր... Ահա նրանք բոլորը փողոցով մեկ ետ ու աոաջ են թրևում, ու նրանցից ամեն մեկը սրիկա և ավազակ է իր բնավորությամբ, դրանից էլ վատ բան՝ ապուշ է։ Փորձիր խուսափել աքսորից, ու նրանք բոլորը կկատաղեն անչափ զայրույթից։ Օ, որքան եմ ատում նրանց բոլորին։
Նա խորին մտածմունքի մեջ ընկավ. «հապա ի՞նչ կերպ կարող է պատահել, որ ես ի վերջո առանց առարկությունների խոնարհվեմ նրանց բոլորի առջև, խոնարհվեմ համոզմուձքով։ Ի՛նչ կա որ, ինչո՞ւ չէ։ Իհարկե, այդպես էլ պետք է լինի։ Մի՞թե անընդհատ տառապանքի քսան տարիները վերջնականապես չեն ընկճի։ Ջուրը քար է մաշում։ Եվ դրանից հետո ինչո՞ւ, ինչո՞ւ ապրել, ինչո՞ւ եմ ես հիմա գնում մեղա գալու, երբ գիտեմ, որ այդ ամենը կլինի ոչ այլ կերպ, քան հենց այդպես, ինչպես որ գրվում է գրքում»։
Նախորդ օրվանից նա գուցե հարյուրերորդ անգամ էր իրեն տալիս այդ հարցը, բայց այնուամենայնիվ գնում էր։
== VIII ==