Changes
/* Գլուխ չորրորդ։ Պարոն Քասը զրույց է ունենում անծանոթի հետ */
== Գլուխ չորրորդ։ Պարոն Քասը զրույց է ունենում անծանոթի հետ ==
Ես շատ մանրամասն պատմեցի, թե անծանոթը ինչ հանգամանքներում հասավ Այպինգ, որպեսզի ընթերցողը հասկանա, թե ինչու նա բոլորի հետաքրքրությունը շարժեց։ Սակայն, բացի երկու արտասովոր միջադեպերից, մինչև Ակումբի տոնի նշանակալից օրը, կարելի է շատ հարևանցի պատմել Այպինգում նրա բնակության մասին: Պանդոկի կարգ ու կանոնի վերաբերյալ հարցերի շուրջը նա մի քանի ընդհարում ունեցավ տիկին Հոլի հետ, բայց ամեն անգամ էլ, հավելվածական վճարման ամենազոր հնարքով նա իր կամքն էր պարտադրում և այդ տևեց մինչև ապրիլի վերջերը, երբ երևացին չքավորության առաջին նշանները։
Հոլը չէր սիրում նրան և մերթ ընդ մերթ համարձակվում էր ասել, թե պետք է ազատվել նրանից։ Բայց ընդհանրապես հակակրանքը հայտնում էր ցուցադրաբար թաքցնելով այն և հնարավորին չափ խուսափելով կենվորից։
― Սպասիր մինչև ամառ,— խոհեմորեն ասում էր տիկին Հոլը,― երբ կսկսեն գալ արվեստագետներր։ Այն ժամանակ կտեսնենք։ Թերևս մի քիչ ամբարտավան է, բայց, ինչ էլ ասես, չես կարող ուրանալ, թե շատ ճշտապահ մաքրում է հաշիվները։
Անծանոթը եկեղեցի չէր հաճախում և փաստորեն ոչ մի զանազանություն չէր դնում կիրակի և լուր օրերի միջև, ոչ իսկ հագնվածքով։ Եվ, ինչպես թվում էր տիկին Հոլին, շատ անկանոն էր աշխատում։ Որոշ օրեր վաղ առավոտյան ցած էր իջնում և առանց դուլ ու դադարի աշխատում էր։ Ուրիշ օրեր ուշ էր վեր կենում, չափչփում էր սենյակը, ժամերով բարձրաձայն քրթմնջում էր ու ծխում և նիրհում բուխարիի առաջ զետեղված բազկաթոռում։ Գյուղից դուրս արտաքին աշխարհի հետ ոչ մի կապ չէր պահպանում։ Տրամադրությունը առաջվա պես շատ հեղհեղուկ էր։ Ընդհանուր առմամբ վարվում էր որպես ամենաբուռն վրդովմունքների ենթակա մեկը և մի քանի անգամ, բարկության ջղաձգական նոպաներ ունեցավ, երբ շպրտում, բզկտում ու ջարդուփշուր էր անում ձեռքի տակ եկած ամեն ինչ։ Թվում էր՝ ընդմիշտ հակամետ է ամենասաստիկ ջղայնության։ Ցածր ձայնով ինքն իրեն խոսելու սովորությունը հետզհետե արմատավորվեց նրա մոտ, բայց չնայած տիկին Հոլը փութաջանորեն ականջ էր դնում, ոչ մի կերպ գլուխ չէր հանում լսածներից։
Անծանոթը ցերեկով հազվադեպ էր դուրս գալիս, բայց մթնշաղին եղանակը ցուրտ լիներ թե ոչ, ման էր գալիս մինչև քթի ծայրը փաթաթված, և ամենամենավոր շավիղներով, որոնց վրա ընկած էր լինում ծառերի կամ հողաթմբերի ստվերը։ Նրա պահպանակնոցը և լայնեզր գլխարկի ծածկի տակ ահռելիորեն վիրակապված դեմքը, մթան միջից տհաճ անակնկալով հայտնվում էին տուն դարձող մշակներին։ Իսկ երբ մի գիշեր, ժամը ինն անց կեսին Թեդդի Հենֆրին օրորվելով դուրս էր գալիս «Կարմիր թիկնոց» գինետնից, խայտառակորեն վախեցավ, գլխարկը ձեռքում ման եկող անծանոթի գանգանման գլխից, որի վրա ընկել էր պանդոկի կիսաբաց դռան անակնկալ լույսը։ Գիշերվա դեմ նրան հանդիպող երեխաները երազում չարքեր էին տեսնում։ Հայտնի չէր, նա էր ավելի ատում տղաներին, թե տղաները նրան, բայց բացահայտ էր՝ ատելությունը երկուստեք բուռն էր։
Անխուսափելի էր, որ այսքան ուշագրավ արտաքինով և նիստուկացով մարդը, Այպինգի պես գյուղում հաճախ ասեկոսեների նյութ էր դառնալու։ Նրա զբաղմունքի մասին սուր տարակարծություններ կային։ Տիկին Հոլը այս կետում խիստ բծախնդիր էր։ Երբ հարցնում էին, շատ ուշադիր բացատրում էր, թե կենվորր փորձառական հետազոտություններով է զբաղվում, շատ զգույշ անցնելով վանկից վանկ, ասես վախենում էր սայթաքի։ Երբ հարց էին տալիս՝ ինչ բան է «փորձառական հետազոտությունը» իր գերազանցության գիտակ մարդու հովով պատասխանում էր, թե գրեթե բոլոր կրթված մարդիկ գիտեն այդ և ապա բացատրում էր, թե «հայտնագործություններ է անում»։ Եվ ավելացնում էր, թե կենվորն ունեցել է ինչ-որ արկած, որ առժամապես գունաթափել է դեմքը և ձեռքերը․ դյուրազդաց բնավորություն ունենալով, չի ուզում, որ մարդիկ նկատեն այդ։
Բայց տիկին Հոլի թիկունքում լայն տարածում էր գտել այն կարծիքը, թե անծանոթը ոճրագործ է, որը մինչև քթի ծայրը փաթաթվելով փորձում է խույս տալ արդարադատությունից և բոլորովին թաքնվել ոստիկանության աչքից։ Այս միտքը ծնվեց պարոն Թեդդի Հենֆրիի ուղեղում։ Եվ սակայն փետրվարի կեսից կամ մարտի սկզբից ի վեր որևէ նշանակալից ոճրի մասին չէր խոսվել։ Ազգային դպրոցի փորձնական կրտսեր ուսուցիչ պարոն Գուլդի երևակայության մեջ այս տեսությունը ձևափոխվեց այն իմաստով, թե անծանոթը ծպտված անիշխանականի մեկն է, որ պայթուցիկներ է պատրաստում։ Եվ նա վճռեց ժամանակը ներածին չափ ձեռնարկել հետախուզական գործողություններ, որոնք գլխավորաբար կայանում էին նրանում, որ երբ հանդիպում էին, պարոն Գուլգը սևեռուն նայում էր անծանոթին կամ էլ գլխի գցող հարցեր էր տալիս այնպիսի մարդկանց, ովքեր երբեք չէին տեսել անծանոթին։ Բայց և այնպես նա ոչինչ չհայտնաբերեց։
Մի ուրիշ կարծիքի տեր էին պարոն Ֆիրենսայդի կուսակիցները, որոնք կամ ընդունում էին այն տեսակետը, թե անծանոթը պիսակավոր է կամ էլ դրա պես մի բան։ Օրինակի համար՝ Սայլըս Դարգընը բազմիցս ասել էր՝ «Եթե նա հոժարի տոնավաճառներում ցուցադրվել, շատ շուտով կհարստանա»։ Փոքր ի շատե աստվածաբան լինելով, նա անծանոթին բաղդատում էր մեկ տաղանդ ունեցող մարդու հետ։ Մի ուրիշ տեսակետ ամբողջ խնդիրը բացատրում էր՝ մի անվնաս լուսնոտ համարելով անծանոթին։ Իսկ դա այն առավելությունն ուներ, որ մեկ անգամ ընդմիշտ լուսաբանում էր ամեն ինչ։
Կային և մարդիկ, որոնք այս խմբակների միջև տատանվում էին կամ էլ հաշտվողական դիրք էին գրավում։
Սասեքսցիները սնահավատ չեն և ապրիլ ամսի սկզբին տեղի ունեցած դեպքերից հետո էր միայն, որ գյուղում սկսեցին շշնջալ անծանոթի գերբնական հատկությունների մասին։ Իսկ դրան հավատ էին ընծայում միմիայն հատ ու կենտ կանայք։
Բայց ինչ էլ մտածեին, այպինգցիները ընդհանուր առմամբ միահամուռ հակակրանք էին տածում անծանոթի հանդեպ։ Նրա դյուրագրգռությունը, որը գուցե հասկանալի լիներ մտավոր աշխատանքով զբաղվող քաղաքացուն, ապշեցուցիչ բան էր սասեքսցի այս հանդարտ գյուղացիների համար։ Նրանց մերթ ընդ մերթ նկատած խելացնոր շարժուձևերը, մութն ընկնելուն պես նրա ձեռնարկած սրընթաց պտույտները, երբ ամենախաղաղ անկյուններում հանկարծ իրենց դիմացն էր ցցվում, բրտորեն կոպտում էր իր հետ զրույց սկսելու բոլոր փորձերը, մթնշաղի սերը, որը նրան մղում էր փակել դռները, իջեցնել վարագույրները, հանգցնել մոմերն ու ճրագները― ո՞վ կարող էր համաձայնել այս բոլորի հետ։ Այպինգցիները մի կողմ էին քաշվում, երբ նա անցնում էր գյուղամիջով, իսկ երբ այլևս հեռացած էր լինում, դեռատի խեղկատակները բարձրացնում էին վերարկուների օձիքները և իջեցնում գլխարկների եզրերը, ու ներվային քայլվածքով հետևում էին նրան, կապկելով նրա խորհրդավոր վարվելակերպը։ Այդ օրերին մեծ ժողովրդականություն էր վայելում «Ուրվականը» կոչված երգը։ Օրիորդ Սթեչըլը կատարել էր այդ երգը, եկեղեցու կանթեղների ի նպաստ դպրոցում կազմակերպված համերգում։ Եվ այնուհետև հենց որ մի քանի գյուղացիներ որևէ տեղ հավաքված էին լինում և անծանոթը հայտնվում էր, մեկն ու մեկը սուլում էր այդ երգի մոտիվը առավել կամ նվազ բարձրը ձայնով։ Իսկ ուշ ժամերին փողոցներում մնացած երեխաներ նրա ետևից «ուրվական» էին գոռում և չտփից դուրս ոգևորված ծլկվում էին։
Գյուղական բժիշկ Քասը հետաքրքրությունից այրվում էր։ Վիրակապերը ուշագրավ էին պրոֆեսիոնալ տեսակետից և հազար ու մի շշերը նախանձով խառն հարգանք էին ներշնչում։ Ապրիլ և մայիս ամիսներին անծանոթի հետ խոսելու առիթ էր փնտրում։ Ի վերջո, երբ հոգեգալստյան տոնը մոտենում էր, այլևս չկարողացավ իրեն զսպել և որոշեց, գյուղական հիվանդապահի ի նպաստ հանգանակությունը պատրվակ բռնելով գնալ նրա մոտ։ Քասը զարմացավ, երբ իմացավ, թե պարոն Հոլը չգիտեր կենվորի անունը։
― Ինչ֊որ անուն տվեց,— ասաց տիկին Հոլը, մի խոսք, որ հիմք չուներ,— Բայց ես լավ չլսեցի։
Նա գլխի ընկավ, թե բոլորին ծիծաղելի կթվա, որ ինքը չգիտե կենվորի անունը։
Քասը բախեց հյուրասենյակի դուռը և մտավ։ Ներսից բավական հստակ լսվեց ինչ֊որ անեծք։
― Ներողություն անկոչ այցելությանս համար,— ասաց նա, ապա դուռը փակվեց, և տիկին Հոլը չլսեց խոսակցության մնացած մասը։
Ամբողջ տասը րոպե միմիայն շշունջներ լսեց տիկինը, ապա զարմացական մի ճիչ, ոտքերի քստքստոց, դեն շպրտված աթոռի աղմուկ, խեղդուկ մի ծիծաղ, դեպի դուռն ուղղվող արագ ոտնաձայներ― և ահա շեմքին երևաց Քասը, դեմքը ճեփ֊ճերմակ, չռված աչքերով, ուսի վրայով ետ էր նայում։ Նա դուռը չփակեց իր ետևից և առանց տիկին Հոլին նայելու, մեծ քայլերով կտրեց֊անցավ միջանցքը և աստիճաններով ցած իջավ։ Տիկին Հոլը լսեց փողոցում արագ֊արագ հեռացող ոտնաձայնը։ Նա գլխարկը ձեռքում էր բռնել։ Տիկին Հոլը խորտկարանի դռան ետև կանգնած մնաց, աչքերր հառած հյուրասենյակի բաց դռանը։ Նա լսեց անծանոթի մեղմ խնդուքը, ապա ոտնաձայնը։ Հյուրասենյակի դուռը չրխկաց, և պանդոկը նորից թաղվեց լռության մեջ։
Քասն ուղղակի գնաց գյուղի երեց՝ Բանթինգի տունը։
― Խելագա՞ր եմ ես,— գոչեց նա առանց այլևայլի, հենց որ մտավ երեցի փոքրիկ ու խղճուկ աշխատասենյակը։— Գժի տեսք ունե՞մ արդյոք։
― Ի՞նչ է պատահել,— հարցրեց երեցը ամմոնեղջյուրը դնելով առաջիկա քարոզի անջատ թղթիկների վրա։
― Պանդոկում ապրող այդ մարդը․․․
― Հետո՞․․․
― Խմելու բան տվեք ինձ,— հարեց Քասը և նստեց։
Երբ ջղերը մի քիչ հանդարտեցին մի բաժակ էժանագին շերրիով,— բարի երեցը դրանից լավ խմիչք չուներ,― Քասը պատմեց հենց նոր ունեցած տեսակցության մասին։
― Ներս մտա,— ասաց նա շնչասպառ,— և խնդրեցի մասնակցել հիվանդապահի ֆոնդին ի նպաստ կազմակերպված հանգանակության։ Երբ սենյակն էի մտնում, ձեռքերը գրպանը դրեց և իրեն գցեց բազկաթոռի մեջ։ Եվ փռշտաց։ «Լսել եմ՝ դուք հետաքրքրվում եք գիտությամբ»,― ասացի ես։ «Այո՛»,— ասաց նա և դարձյալ փռշտաց։ Շարունակ փռշտում էր։ Ինչ խոսք, որ վերջերս ահռելիորեն մրսել է։ Էլ զարմանալու ինչ կա, որ այդպես փաթաթվում է։ Սկսեցի երկար-բարակ բացատրել հիվանդապահի հարցը, ամբողջ ժամանակ չորս կողմս դիտելով։ Ամենուրեք շշեր են և քիմիական նյութեր։ Հետո մի կշեռք, դարակներում փորձանոթներ և գարնանածաղկի բուրմունք։ Չի՞ ուզում մասնակցել։ Ասաց՝ կմտածի։ Ուղղակի հարցրի՝ գիտահետազոտական աշխատանքներո՞վ է զբաղված։ Ասաց՝ այո։ «Երկարատև՞ աշխատանքներ են»։ Կարգին բարկացավ։ «Գրողը տանի, երկարատև են»,― գոչեց նա, այլևս չզսպելով իրեն։ «Օ՜»,— բացականչեցի ես։ Ու կծիկը քանդվեց։ Մարդը քիչ էր մնում պայթի և ահա հարցումս լսելով՝ պայթեց։ Իրեն մի բաղադրատոմս էին տվելք խիստ արժեքավոր մի բաղադրատոմս,― թե ինչի՞ համար, չէր կարող ասել։ «Բժշկակա՞ն է»։ «Գրողը տանի, ձեր ի՞նչ գործն է»։ Անծանոթը արժանապատվությամբ փնչացրեց ու հազաց։ Եվ շարունակեց աշխատանքը։ Ասաց՝ կկարդա բաղաղրատոմսը։ Հինգ նյութերից է բաղկացած։ Ապա ցած դրեց և գլուխը շուռ տվեց։ Պատուհանից ներս խուժող օդահոսանքը բարձրացրեց թղթի կտորը։ Սվսվոց ու խշշոց․․․ Բաց բուխարիով սենյակում էր աշխատում։ Մի բոց տեսա․․․ բաղադրատոմսն էր վառվում և ծխնելույզով վեր բարձրանում․․․ Մարդը առաջ նետվեց, բայց արդեն ուշ էր։ Եվ ահա, հենց այդ պահին նա հուսահատորեն թափահարեg ձեռքը։
— Հետո՞․․․
― Բայց ձեռք֊մեռք չկա, պարզապես դատարկ մի թևք է։ Տե՜ր աստված,— մտածեցի ես,— մարդը հաշմանդամ է, երևի խցանե բազուկ ունի և հիմա հանել է։ Բայց,— մտածեցի ես,— այստեղ ինչ֊որ տարօրինակ բան կա։ Գրողը տանի, այդ ինչն է տնկված ու բաց պահում թևքը, եթե մեջը բան չկա։ Եվ մեջը բան չկար, վստահացնում եմ ձեզ։ Ոչի՛նչ չկար մինչև ներսերը, մինչև հոդը։ Թևքով ցած մինչև արմունկը պարզ տեսնում էի, և շորի ճեղքվածքից մի լույս էր փայլում։ «Ողորմա՜ծ տեր»,― գոչեցի ես։ Իսկ նա կանգ առավ։ Սև պահպանակնոցը հառեց իմ կողմը, հետո էլ թևքին։
— Հետո՞․․․
― Այդքան բան։ Ոչինչ չասաց։ Հենց այդպես, աչքերը ոլորեց վրաս և թևքը իսկույն գրպանը խրեց։ «Հենց նոր ասում էի թե բաղադրատոմսը վառվեց, չէ՞»,— գոչեց նա և մի տեսակ հարցական հազաց։ «Գրողր տանի, դուք ինչպես եք շարժում այդ դատարկ թեքը»,—հարցրի ես։ «Դատարկ թև՞ք»։ «Այո՛, այո՛»,— գոչեցի ես,— «դատարկ թևք»։
«Սա դատ արկ թևք է, հա՞։ Դուք ձեր աչքերով տեսա՞ք, որ դատարկ թևք է»։ Նա անմիջապես վեր կացավ։ Ես էլ վեր կացա։ Ապա շատ դանդաղ երեք քայլ արեց, ընդհուպ մոտեցավ ինձ ու կանգնեց։ Եվ թունալից փնչացրեց։ Ոչ իսկ երերացի ես, թեև, ինչ մեղքս պահեմ, այդ վիրակապված գունդը և աչքակալները սուսուփուս մոտենալիս ում ասես, որ չէին վախեցնի։
«Ասում էիք դատարկ է թևքս, հա՞»,— գոչեց նա։― «Իհարկե՛»,— պատասխանեցի ես։ Երեսը բաց, առանց ակնոցի մարդու դիմաց էլ այսպես լուռ ու մունջ կանգնես, էլի մարմնովդ դող կանցնի։ Ապա անծանոթը շատ հանգիստ թևքը գրպանից դուրս բերեց և բազուկը բարձրացրեց դեպի ինձ, ասես ուզում էր դարձյալ ցույց տալ։ Այդ բոլորն անում էր խիստ դանդաղ։ Եվ ես նայեցի նրա թևքին։ Թվում էր ամբողջ մի դար էր անցել։ «Հետո՞»,— հարեցի ես, թեթև հազալով,— «այդտեղ ոչինչ չկա»։— Ի վերջո պետք էր մի բան ասեի։ Ես սկսում էի վախենալ։ Թևքի մինչև ծայրը տեսնում էի։ Նա ուղիղ ինձ մեկնեց թևքը, դանդաղ, շատ դանդաղ, հենց այսպես, մինչև որ թևածալը հայտնվեց քթիս տակ։ Տարօրինակ է, երբ տեսնում ես, թե դատարկ մի թևք այդ կերպ մոտենում է քեզ... Եվ ահա՛...
― Ի՞նչ...
― Ինչ֊որ բան (իսկ և իսկ մի ցուցամատ և բթամատ) սեղմեց քիթս։
Բանթինգն սկսեց ծիծաղել։
― Բայց այնտեղ ոչինչ չկար,— գոչեց Քասը, որի ձայնը, երբ «չկար»֊ին հասավ, սուր ճիչի վերածվեց։— Ձեզ համար ինչ կա որ, կծիծաղեք, բայց ես ձեզ բան եմ ասում, այնպես հանկարծակիի եկա, որ խփեցի թևածալին և շուռ գալով սենյակից դուրս նետվեցի, պրծա նրանից...
Քասը կանգ առավ։ Կասկած չկար՝ նրա խուճապը անկեղծ էր. շշմած շուռ եկավ և մի երկրորդ բաժակ էլ խմեց հիանալի երեցի ողորմելի շերրիից։— Երբ խփեցի թևածալին, վստահացնում եմ ձեզ, ինձ թվաց, թե մի բազկի եմ խփում։ Բայց ոչ մի բազուկ չկար։ Բազկի նշույլն իսկ չկար։
Պարոն Բանթինգը մտքերի մեջ թաղվեց։ Ապա կասկածոտ նայեց Քասին։
― Խիստ արտասովոր պատմություն է,— ասաց նա, չափազանց խոհուն ու լուրջ։— Ինչ խոսք, որ խիստ արտասովոր պատմություն է,— կրկնեց նա խորիմաստ շեշտով։
== Գլուխ հինգերորդ։ Ավազակություն երեցի տանը ==