Changes

Չիպոլինոյի արկածները

Ավելացվել է 16 622 բայտ, 16:16, 19 Փետրվարի 2016
/* Գլուխ քսանիններորդ */
Բոլորն այնքան էին հոգնած, որ քայլում էին փակ աչքերով, դրա համար էլ նրանցից միայն մեկը նկատեց, որ ամրոցի աշտարակին ծածանվում է ազատության դրոշը։ Դրոշը Բալուկն ու Չիպոլինոն էին գիշերը կախել և հիմա, աշտարակին նստած, նրանք սպասում էին, թե ինչ կլինի հետո։
 
 
===Վերջաբան==
 
Որտեղ Պոմիդորը երկրորդ անգամն է լալիս
 
 
Նա, ով աշտարակի վրա առաջինը տեսավ ազատության դրոշը, սկզբում կարծեց, թե դա Բալուկի սարքած խաղը կլինի։ Նա կատաղած որոշեց անմիջապես պոկել այդ սարսափելի դրոշը, իսկ հետո ինչպես հարկն է դնքսել պատանի կոմսին, որն այս անգամ արդեն «ամեն չափ ու սահման անցավ»։
 
Եվ ահա այդ սինյորը զայրույթից շնչահատվելով վազում է աստիճաններն ի վեր։ Նա փնչում է, հազիվ է շնչում, ամեն մի քայլն անելիս չարությունից ավելի է կարմրում ու սառչում։ Ես վախենում եմ, թե վերև հասնելով, այլևս չկարողանա անցնել հարթակ տանող դռնակից։ Ահա լսում եմ նրա ոտնաձայները, որոնք լռության մեջ կարծես մուրճի հարվածներ լինեն։ Շուտով նա կլինի ամենաբարձր տեղում։ Կկարողանա՞ դռնակից անցնել թե չի կարողանա։ Դուք ի՞նչ եք կարծում։
 
Ահա նա հասավ հարթակին․․․ Դե ձեզնից ո՞վ ճիշտ գուշակեց։
 
― Լա՛վ, ես ձեզ կասեմ՝ ճիշտ գուշակեցին նրանք, ովքեր կարծում են, թե չի անցնի։ Եվ իսկապես, ասպետ Պոմիդորը (չէ՞ որ նա էր աստիճաններով բարձրացողը, մի՞թե չճանաչեցիք) չարությունից այնպես էր ուռել, որ դռնակը նրա մարմնից երկու անգամ նեղ էր։
 
Եվ ահա նա կանգնած է վերևում, քամուց ծածանվող սարսափելի դրոշից միայն երկու քայլ հեռու ու չի կարողանում պոկել այն, նույնիսկ ձեռքը չի հասնում։ Իսկ դրոշի կոթի մոտ, Բալուկի կողքին, որ այդ րոպեին շտապ֊շտապ ակնոցն էր սրբում, էլի մի հոգի կար․․․
 
Էլ ո՞վ կլինի դա, եթե ոչ Չիպոլինոն, ասպետի ատելի, երդվյալ թշնամին, որ մի անգամ արդեն նրան, սինյոր Պոմիդորին լացացրել էր։
 
― Բարի օր, սինյոր ասպետ, ― քաղաքավարությամբ գլուխ տալով, ասաց Չիպոլինոն։
 
― Զգո՜ւյշ, Չիպոլինո, քո այդ անտանելի քաղաքավարությամբ դու գլուխդ վտանգի տակ ես դնում։ Այն րոպեին, երբ դու ասպետ Պոմիդորին գլուխ ես տալիս, բավական է, որ նա ձեռքը մեկնի, որպեսզի բռնի քո մազերից, ինչպես մի անգամ գյուղում արեց․․․
 
Սինյոր Պոմիդորն այնպես է կատաղած, որ չի մտածում, թե ինչ է իրեն սպառնում։ Ահա նա բռնեց Չիպոլինոյի մազերից և այնպիսի ուժով ձգեց, որ Սոխի մազերից մի փունջ նորից մնաց նրա ձեռքին։
 
Նա դեռ ուշքի չէր եկել, երբ աչքերը կսկծացին, և ընկույզի մեծությամբ արտասուքները աչքերից գլորվեցին ու չփչփալով ընկան քարե հատակին։
 
Բայց այս անգամ ասպետ Պոմիդորի լալու պատճառը միայն Չիպոլինոյից պոկված մազափունջը չէր։ Նա լալիս էր կատաղությունից, որովհետև զգում էր իր ամբողջ անզորությունը․․․
 
«Այս ի՞նչ է, վե՞րջ, մի՞թե վերջն է սա», ― կատաղությունից ու արցունքներից խեղդվելով, մտածում էր նա։
 
Ես հաճույքով նրան թույլ կտայի, որ արցունքներից խեղդվեր, կամ աստիճաններից թեթև հրումով գլորվեր ցած, բայց Չիպոլինոն այնքան մեծահոգի էր, որ խնայեց, և սարսափահար սինյոր Պոմիդորն ինքը աշտարակից փախավ։ Նա ներքև էր վազում չորսական, երբեմն էլ վեցական աստիճան թռչելով, իսկ ներքև հասնելով, ծլկեց իր սենյակը, որտեղ նրան ոչ ոք չէր խանգարի, որ մի կուշտ լա։
 
Իսկ ի՞նչ եղավ հետո, երեխաներ։ Ա՜խ, ի՛նչ եղավ․․․
 
Իշխանը վերջապես արթնացավ, մի քիչ թափառեց ամրոցի սենյակներում և դուրս եկավ մաքուր օդ շնչելու։ Եվ հանկարծ նա էլ աշտարակի դրոշը տեսավ։ Սարսափից աչքերը փակելով, ինչքան ուժ ուներ ոտքերում՝ փախավ։ Այս կողմ այն կողմ վազելուց հետո, նորից դարբասից դուրս եկավ, մտավ իր հուսալի ապաստարանը՝ փափուկ գոմաղբի մեջ, մտածելով, որ այնտեղ իրեն ոչ ոք չի գտնի։
 
Բարոն Նարինջն էլ արթնացավ։ Նա նույնպես ցանկացավ մաքուր օդ շնչել և հրեց սայլակի մոտ քնած ծառային։ Առանց աչքերը բացելու, քնած Լոբին ծանր սայլակը քաշեց դուրս։
 
Ամրոցի բակում արևի կուրացուցիչ ճառագայթներն արթնացրին նրան։ Բայց միայն արևի կուրացուցիչ շողերը չէին կարևորը։ Լոբին աչքերը բարձրացրեց և տեսավ ամրոցի վրա ծածանվող դրոշը։ Կարծես թե նրա մատների միջով էլեկտրական հոսանք անցավ․․․
 
― Բռնի՛ր, բռնի՛ր սայլակը, ― ճչաց սարսափահար բարոն Նարինջը։
 
Բայց ո՜ւր․․․ Լոբին մատները բացեց, թողեց իր հին սայլակի բռնակը, և բարոնը մեջքի վրա ընկնելով, այնպես ուժեղ գլորվեց, ինչպես այն անգամ, երբ նա մի երկու տասնյակ գեներալ ճզմեց։ Վերջապես նա շրմփաց ոսկի ձկնիկներով ավազանի մեջ և մինչև կոկորդը թաղվեց ջրի մեջ։ Քիչ աշխատանք չթափեցին նրան այնտեղից հանելու համար։
 
Բակից բարոնի մոլեգին ճիչերը լսելով, հերցոգ Մանդարինը նետվեց դեպի ավազանը, թռավ մարմարե հրեշտակիկի վրա, որի բերանից շատրվան էր ցայտում, և օտարոտի ձայնով գոռաց․
 
― Է՜յ, հեռացրեք աշտարակի դրոշը, թե չէ ես ինձ ջուրը կնետեմ։
 
― Տեսնե՛նք, ― ասաց Լոբին և նրան հրեց ջրի մեջ։
 
Երբ հերցոգին ջրից հանեցին, նրա բերանում մի ոսկի ձկնիկ կար։ Խեղճ ձուկ․ երևի կարծում էր, թե ինչ֊որ քարայրի մեջ է մտնում, այնինչ սոված բերան էր ընկել․․․ Խաղաղություն նրա ոսկե լողակներին։
 
Այդ օրվանից իրադրությունները փոխվում էին չտեսնված արագությամբ, իրար հետևից։ Մենք էլ շտապենք․ օրերը թռչում են օրացույցից պոկված թերթերի նման, անցնում են շաբաթները, և մենք հազիվ ենք հասցնում որևէ բան տեսնել։ Այդպես երբեմն կինոյումն է լինում․ մեխանիկը ժապավենը չափից դուրս արագ է պտտեցնում։ Ձեր աչքերը հազիվ են նշմարում տները, մարդկանց, ձիերին, իսկ երբ ժապավենը վերջապես դանդաղում է և պտտվում սովորական արագությամբ, պարզվում է, որ շատ բան արդեն անցել է, և էկրանի վրա ամեն ինչ փոխված է․․․
 
Իշխանն ու կոմսուհիները հեռացան իրենց նախկին կալվածքներից։ Ինչ վերաբերում է իշխանին, ապա այդ միանգամայն հասկանալի է։ Իսկ ինչո՞ւ կոմսուհիները գնացին։ Չէ՞ որ ոչ ոք միտք չուներ պառավ կանանց ձեռք տալու կամ մի կտոր հացից զրկելու, կամ նրանցից օդի վարձ պահանջելու։ Բայց, վերջ ի վերջո, եթե նրանք իրենք են գնացել, ավելի լավ, բարի ճանապարհ։
 
Բարոնը նիհարեց, դարձավ իսկական այն մտրակը, որով նա մի ժամանակ քշում էր ծառային։
 
Սկզբնական շրջանում նա ստիպված էր բավական սոված մնալ։ Քանի որ սայլակը քաշող չկար, տեղից չէր շարժվում։ Այդ պատճառով էլ ստիպված էր սեփական ճարպի պաշարներով սնվել։
 
Բարոնը մոմի նման օրեցօր հալչում էր։ Երկու շաբաթում կորցրեց իր քաշի կեսը, իսկ այդ կեսը սովորական մարդուց երեք անգամ ծանր էր։ Երբ բարոնը կարողացավ առանց ուրիշի օգնության տեղից շարժվել, սկսեց փողոցներում ողորմություն խնդրել։ Բայց անցորդները ոչինչ չէին տալիս։
 
― Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, ― ասում էին, ― այդքան առողջ մարդ ես և մուրացկանություն ես անում։ Գնա աշխատիր․․․
 
― Ախր ոչինչ անել չգիտեմ։
 
― Գնա կայարանում իրեր կրիր։
 
Բարոնն այդպես էլ արեց, և ծանրություն կրելուց նիհարեց, ճաղի նման ուղղվեց։ Իր հին կոստյումներից մեկից նա կես դյուժին նոր կոստյում կարել տվեց։ Սակայն հին կոստյումներից մի ձեռք նա այնուամենայնիվ պահեց։ Եթե դուք երբևէ այցելեք նրան, նա ձեզ թաքուն ցույց կտա այդ կոստյումը և հառաչելով կասի․
 
― Տեսե՛ք, դեռ վերջերս ես այսքան հաստ էի։
 
― Չի կարող պատահել, ― կզարմանաք դուք։
 
― Ի՞նչ է, չե՞ք հավատում, հա՞, ― դառնությամբ կծիծաղի բարոնը, ― հարցրեք մարդկանց, նրանք ձեզ կասեն։ Ա՜խ, ի՜նչ հիանալի ժամանակներ էին․․․ Մի օրում ես այնքան էի ուտոմ, ինչքան ինձ հիմա երեք ամիս կբավարարի։ Նայեք, թե ի՛նչ կուրծք ունեի, ի՛նչ փոր, ի՛նչ քամակ։ Իսկ հերցոգը։ Նա իսկի մատը մատին չի տալիս, որ մի կտոր հաց վաստակի, և ապրում է բարոնի հաշվին։ Ամեն անգամ, երբ ազգականը հրաժարվում է նրան ուտելիք տալուց, հերցոգը բարձրանում է լապտերի վրա և խնդրում է հայտնել կոմսուհիներին, որ նա ինքնասպանություն գործեց։ Եվ բարոնը, որ դեռ սրտում չաղ ժամանակից մնացած բարություն ուներ, ճաշը կամ ընթրիքը կիսում, տալիս էր հերցոգին ու հառաչում։
 
― Իսկ քավոր Դդումը, ա՛յ, էլ չի հառաչում։ Նա ամրոցի գլխավոր այգեպանն է դարձել, իսկ նախկին ասպետ Պոմիդորը նրա օգնականն է։
 
Ձեզ դուր չի՞ գալիս, որ սինյոր Պոմիդորին ազատ են թողել։ Դե, նա ինչքան պետք էր՝ բանտ նստեց, հետո ազատ արձակեցին։
 
Հիմա Պոմիդորը կաղամբ է ցանում և խոտ հնձում։ Երբեմն գանգատվում է իր բախտից, բայց միայն այն ժամանակ, երբ հանդիպում է սինյոր Մաղդանոսին, որը ծառայում է ամրոցում որպես պահակ։
 
Ամրոցն այլևս ամրոց չէ, այլ մանուկների պալատ։ Այնտեղ և՛ նկարչության սենյակ կա, և՛ Բուրատինոյի տիկնիկային թատրոն, և՛ պինգ֊պոնգ, և՛ շատ ուրիշ խաղեր։ Հասկանալի է, որ այնտեղ կա ամենալավ, երեխաների համար ամենաօգտակար խաղը՝ դպրոց։ Չիպոլինոն ու Բալուկը իրար հետ մի նստարանի են նստում և սովորում են թվաբանություն, քերականություն, աշխարհագրություն, պատմություն և մնացած բոլոր առարկաները, որ հարկավոր է լավ իմանալ՝ ամեն տեսակի խաբեբաներից, ճնշողներից պաշտպանվելու և հայրենի երկրից նրանց հեռու պահելու համար։
 
― Չմոռանաս, բարեկամս, ― հաճախ ծեր Չիպոլինոն ասում է իր տղային, Չիպոլինոյին, ― սրիկաներ շատ կան աշխարհում, և նրանք, որոնց դու քշեցիր, դեռ կարող են վերադառնալ։
 
Բայց ես հավատացած եմ, որ նրանք այլևս չեն վերադառնա։ Փաստաբան սինյոր Սիսեռիկն էլ չի վերադառնա, որն շտապեց թաքնվել քանի որ շատ մեղքեր ուներ։
 
Ասում են, թե նա ինչ֊որ մի օտար երկրում նորից իր արհեստն է բանեցնում։ Իհարկե, այնտեղ էլ նրա տեղը չէ, բայց լավ է, որ նա մեր այս պատմությունից հեռացավ վերջանալուց առաջ։ Ճիշտն ասած, ես էլ հոգնեցի այդ կպչուն, անհանգիստ ստահակի հետ քարշ գալուց։
 
― Հա՛, մոռացա ձեզ ասել, որ գյուղի ավագ դարձավ վարպետ Խաղողը։ Որպեսզի իր հեղինակությունը չգցի, նա բոլորովին թողել է ծոծրակը բզով քորելու սովորությունը։ Միայն երբեմն բզի փոխարեն օգտագործում է լավ սրած մատիտ, բայց այդ հազվադեպ է լինում։
 
Մի անգամ գյուղի բնակիչները իրենց տների վրա այսպիսի մակագրություն տեսան․ «Կեցցե մեր ավագը»։
 
Սանամեր Դդումը գյուղում լուր տարածեց, թե իբր այդ մակագրությունները կոշկի ներկով ինքը վարպետ Խաղողն է անում։
 
― Լավ ավագ է, ― ասում էր փնթփնթան սանամերը։ ― Գիշերները ման է գալիս և ինքն իր մասին «կեցցե» գրում։
 
Բայց դա միանգամայն իզուր էր։ Տների վրայի բոլոր մակագրությունները Սոխ Պրասն էր անում, այն էլ ոչ թե ձեռքով, այլ բեղերը թանաքի մեջ թաթախելով։ Այո՛, այո՛, Սոխ Պրասը։ Ես առանց վախենալու ձեզ ասում եմ այս գաղտնիքը, որովհետև դուք բեղեր չունեք և նրա օրինակին չեք հետևի։
 
Այստեղ էլ հենց մեր պատմությունն իսկապես ավարտվեց։ Ճիշտ է, աշխարհում դեռ ուրիշ ամրոցներ կան, և իշխան Լիմոնից ու սինյոր Պոմիդորից բացի ուրիշ ձրիակերներ կան, բայց այդ պարոններին էլ մի օր դուրս կանեն, ու նրանց այգիներումն էլ երեխաները կխաղան։
 
Թող այդպե՜ս լինի։
Ադմին, Վստահելի
1876
edits