Changes
Ապուշը
,/* I */
Բայց ինչ էլ լիներ, սառույցը կոտրված էր, և հանկարծ հնարավոր դարձավ իշխանի մասին խոսել բարձրաձայն։ Բացի դրանից մի անգամ էլ պարզ դրսևորվեց այն արտասովոր տպավորությունր և այն արդեն չափից դուրս մեծ հետաքրքրությունը, որը հարուցել և իր մասին թողել էր իշխանը Եպանչինների տանը։ Գեներալի կինը նույնիսկ զարմացավ այն տպավորությունից, որ գործեցին իր աղջիկների վրա Մոսկվայից ստացած լուրերը։ Իսկ աղջիկները նույնպես զարմացան իրենց մայրիկի վրա, որն այնպիսի հանդիսավորությամբ հայտարարեց նրանց, որ «նրա կյանքի ամենագլխավոր գիծը մարդկանց նկատմամբ անընդհատ սխալվելն է», և միևնույն ժամանակ իշխանին հանձնարարեց «մեծահզոր» պառավ Բելոկոնսկայայի ուշադրությանը Մոսկվայում, ըստ որում, իհարկե, հարկ եղավ նրա ուշադրությունը ստանալ ի սեր Քրիստոսի և աստծու թախանձագին խնդրանքով, որովհետև «պառավին» որոշ դեպքերում դժվար էր տեղից շարժել։
Բայց հենց որ սառույցը կոտրվեց և նոր քամի փչեց։ գեներալը նույնպես շտապեց արտահայտվել։ Պարզվեց, որ նա էլ անասելի հետաքրքրվում էր։ Ի դեպ, նա հայտնեց լոկ «նյութի գործնական կողմի» մասին։ Պարզվեց, որ նա, իշխանի շահերից ելնելով, ինչ֊որ երկու պարոնների, որոնք յուրովի շատ վստահելի ու ազդեցիկ մարդիկ են Մոսկվայում, հանձնարարել է հետևել իշխանին և առանձնապես նրա ղեկավար Սալազկինին։ Այն ամենը, ինչ ասվում էր ժառանգության մասին, «այսպես ասած ժառանգության փաստի մասին», ճիշտ դուրս եկավ, բայց որ բուն ժառանգությունը այնքան էլ նշանակալի չի, որքան որ սկզբում տարածեցին նրա մասին։ Կարողությունը կիսով չափ խճճված է. հայտնվել էին պարտքեր, հայտնվել էին ինչ֊որ հավակնորդներ, և իշխանն էլ, չնայած բոլոր ղեկավարումներին, իրեն պահում էր ամենաանգործնական ձևով։ «Իհարկե, աստված բարին տա նրան», այժմ, երբ «լռության սառույցը» կոտրված է, գեներալն ուրախ է այդ մասին հայտարարել հոգու «ամբողջ անկեղծությամբ», որովհետև «մարդը մի քիչ _էնիք_ ''էնիք'' է», բայց արժանի է դրան։ Այնուամենայնիվ այստեղ հիմարություն է արել, օրինակ, հայտնվել են հանգուցյալ վաճառականի պարտատերերը, վիճելի, աննշան փաստաթղթերով, ոմանք էլ իշխանի բնավորության հոտն առնելով, ուղղակի առանց փաստաթղթերի, և ի՞նչ։ Իշխանը գրեթե բոլորին բավարարել է, չնայած բարեկամների բոլոր զեկույցներին այն մասին, որ բոլոր այդ մարդուկներն ու պարտատիրուկները բոլորովին անիրավ են, և լոկ նրա համար է բավարարել, որ իրոք պարզվել է, որ նրանցից մի քանիսը իսկապես տուժել են։
Գեներալի կինը դրան պատասխանել է, որ այդ ոգով նրան գրում է նաև Բելոկոնսկայան, և որ դա «հիմարություն է, մեծ հիմարություն. հիմարին բուժել չի լինի»,― չոր֊չոր ավելացրեց նա, բայց նրա դեմքից երևում էր, թե որքան ուրախ էր այդ «հիմարի» արարքներից։ Ի եզրափակումն ամենի, գեներալը նկատեց, որ իր կինը իշխանով հետաքրքըրվում է ինչպես իր հարազատ որդով և որ նա սկսել է Ագլայային չափից ավելի գուրգուրել. այդ տեսնելով, Իվան Ֆյոդորովիչը միաժամանակ չափազանց գործնական տեսք ընդունեց։
Կոլյա Իվոլգինը իշխանի մեկնելուց հետո սկզբում շարունակում էր իր առաջվա կյանքը, այսինքն՝ գնում էր գիմնազիա, այցելում էր իր բարեկամ Իպոլիտին, հետևում էր գեներալին և տնտեսության մեջ օգնում Վարյային, այսինքն՝ կատարում էր նրա բոլոր ցանկությունները։ Բայց կենվորներն արագ անհայտացան. Նաստասյա Ֆիլիպովնայի մոտ տեղի ունեցած արկածից երեք օր հետո Ֆերդիշչենկոն տեղափոխվեց չգիտես ուր և բավական շուտով կորավ, այնպես, որ նրա մասին լռեց ամենայն լուր. ասում էին, բայց ոչ հաստատ, որ մի տեղ խմում է։
Իշխանը մեկնեց Մոսկվա, կենվորների հարցը փակված էր։ Հետագայում, երբ արդեն Վարյան ամուսնացավ, Նինա Ալեքսանդրովնան ու Գանյան նրա հետ փոխադրվեցին Պտիցինի մոտ, Իզմայլովյան գունդ, ինչ վերաբերում է գեներալ Իվոլգինին, ապա նրան գրեթե հենց նույն ժամանակ մի բոլորովին չնախատեսված բան պատահեց, նրան կալանատուն նստեցրին։ Նրան այդտեղ ուղարկողը իր բարեկամուհին՝ կապիտանի կինն էր, որին տարբեր ժամանակներ մոտ երկու հազարի արժողության փաստաթղթեր էր տվել։ Այդ բոլորը նրա համար կատարյալ անակնկալ էր եղել, և խեղճ գեներալը «իսկական զոհ էր, ընդհանրապես ասած, մարդկային սրտի ազնվության վերաբերյալ իր անչափելի հավատի»։ Փոխառական պարտագրեր ու մուրհակներ ստորագրելու հանգստացուցիչ սովորություն ընդունելով, նրա մտքովն իսկ չէր անցնում, որ դրանք թեկուզ երբևէ կարող են ներգործություն ունենալ, միշտ մտածում էր, որ դա հենց _այնպես է_։ ''այնպես է''։ Պարզվեց, որ _այդպես չէ_։''այդպես չէ''։
«Սրանից հետո հավատա մարդկանց, ցույց տուր ազնիվ դյուրահավատություն»,— վշտալի բացականչում էր նա, գինու շիշն առաջին՝ նստած Տարասովի տանը նոր բարեկամների հետ և նրանց անեկդոտներ պատմելով Կարսի պաշարման և հարություն առած զինվորի մասին։ Ի դեպ նա սկսեց հիանալի կյանք վարել։ Պտիցինն ու Վարյան ասում էին, դա իսկական նրա տեղն է որ կա․ Գանյան լիովին հաստատեց այդ։ Միայն խեղճ Նինա Ալեքսանդրովնան էր թաքուն դառնագին լալիս (որ նույնիսկ զարմացնում էր տնեցիներին) և, շարունակ տկար լինելով հանդերձ, որքան կարող էր հաճախակի, քարշ էր գալիս Իզմայլովյան գունդ, ամուսնու հետ տեսակցության։
Իշխանի մեկնելուց անցել էր մոտ երեք ամիս, և Իվոլգինների ընտանիքում իմացան, որ Կոլյան հանկարծ ծանոթացել է Եպանչինների հետ և շատ լավ է ընդունվել օրիորդների կողմից։ Վարյան շուտով իմացավ այդ մասին, ի դեպ, Կոլյան ծանոթացել էր ոչ թե Վարյայի միջոցով, այլ «ինքն իր կողմից»։ Կամաց֊կամաց Եպանչինների տանն սկսեցին սիրել նրան։ Գեներալի կինն սկզբում շատ դժգոհ էր նրանից, բայց շուտով սկսեց փաղաքշել նրան «անկեղծության և այն բանի համար, որ չի շողոքորթում»։ Որ Կոլյան չէր շողոքորթում, դա միանգամայն իրավացի էր, նա կարողացավ նրանց հետ միանգամ այն հավասարի և անկախ դիրք բռնել, թեև երբեմն գեներալի կնոջ համար գրքեր ու լրագրեր էր կարդում. բայց նա միշտ էլ պատրաստակամ էր։ Ասենք, նա մի երկու անգամ թունդ կռվեց Լիղավետա Պրոկոֆևնայի հետ, հայտարարեց նրան, որ նա բռնակալ է և որ ինքը ոտք չի դնի նրա տունը։ Առաջին անդամ վեճ ծագեց «կանանց հարցի» պատճառով, իսկ երկրորդ անգամ այն հարցի պատճաոով, թե տարվա ո՞ր եղանակին լավ է որսալ ազնվասարեկներ։ Որքան էլ տարօրինակ լինի, բայց վիճաբանությունից երեք օր հետո գեներալի կինը սպասավորի միջոցով նրան մի տոմսակ ուղարկեց, խնդրելով, որ անպայման շնորհ բերի. Կոլյան չէր կոտրատվում և անմիջապես ներկայացավ։ Չգիտես ինչու, միայն Ագլայան լավ չէր տրամադրված դեպի նա և վերևից էր նայում նրա վրա։ Բայց Կոլյային վիճակված էր հենց նրան մասամբ զարմացնել։ Մի անգամ, դա զատկի տոներին էր, որսալով մի րոպե, երբ մենակ էին, Կոլյան Ագլայային մի նամակ հանձնեց, ասելով միայն, որ պատվիրված է հանձնել միմիայն նրան։ Ագլայան սպառնագին նայեց «անձնապաստան անպիտան տղային», բայդ Կոլյան չսպասեց ու դուրս գնաց։ Ագլայան նամակը բացեց ու կարդաց.
«Մի ժամանակ դուք ինձ պատիվ արիք ձեր վստահությամբ։ Կարող է պատահել, դուք հիմա բոլորովին մոռացել եք ինձ։ Ինչպե՞ս պատահեց, որ գրում եմ ձեզ։ Չգիտեմ, բայց իմ մեջ անզուսպ ցանկություն ծագեց ձեզ հիշեցնել իմ մասին, և հատկապես ձեզ։ Քանի անգամ դուք երեքդ էլ ինձ շատ պետք եք եղել, բայց բոլոր երեքիցդ ես տեսել եմ միայն ձեզ։ Դուք ինձ պետք եք, շատ եք պետք։ Ես ոչինչ չունեմ ձեզ գրելու իմ մասին, ոչինչ չունեմ պատմելու։ Ես այդ չէի էլ ուզում. ես սաստիկ կցանկանայի, որ դուք երջանիկ լինեիք; Արդյոք երջանի՞կ եք։ Ահա հենց միայն այս էի ուզում ասել ձեզ։ _Զեր ''Ձեր եղբայր իշխ. Լ. Միշկին_»։Միշկին''»։
Այս կարճառոտ և բավական անկապ տոմսակը կարդալով, Ագլայան հանկարծ ամբողջովին շիկնեց և մտածմունքի մեջ ընկավ։ Մեզ համար դժվար կլիներ հաղորդել նրա մտքերի ընթացքը։ Ի միջի այլոց նա հարցրեց իրեն. «Որևէ մեկին ցույց տա՞ արդյոք»։ Նա մի տեսակ ամաչում էր։ Սակայն, ի վերջո, ծաղրական ու տարօրինակ ժպիտով նամակը նետեց իր սեղանի արկղը։ Հաջորդ օրը նորից հանեց ու դրեց մի հաստ, ամուր կազմով գրքի մեջ (նա միշտ էլ այդպես էր վարվում իր թղթերի հետ, որպեսզի արագ գտներ, երբ պետք գար)։ Եվ արդեն միայն մի շաբաթ հետո առիթ ունեցավ ուշք դարձնելու, թե ինչ գիրք էր այդ։ Դա «Դոն-Կիխոտ Լամանչեցին» էր։ Ագլայայի ծիծաղը սաստիկ բռնեց, հայտնի չէ ինչու։
Բայց դեռ նամակը կարդալիս, հանկարծ նրա մտքով անցավ. մի՞թե իշխանը այդ անձնապաստան անպիտան տղային, այդ պոռոտախոսին է ընտրել թղթակից և ով գիտե, նրա այստեղի միակ թղթակիցն է։ Թեև, արտասովոր արհամարհոտ տեսքով, բայց և այնպես նա Կոլյային հարցաքըննության ենթարկեց։ Բայց միշտ վիրավորվող «անպիտան տղան» այս անգամ ամենափոքր իսկ ուշադրություն չդարձրեց արհամարհանքին. չափազանց կարճ և բավական չոր բացատրեց Ագլայային, որ թեև ինքը համենայն դեպս իր մշտական հասցեն հայտնել էր իշխանին Պետերբուրգից նրա մեկնելուց անմիջապես առաջ և ընդսմին առաջարկել էր իր ծառայությունները, բայց որ սա առաջին հանձնարարությունն է, որ նա ստացել է իշխանից և իրեն ուղղած նրա առաջին տոմսակը, իսկ որպես ապացույց իր խոսքերի ներկայացրեց նաև նամակը, որ անձամբ ինքն էր ստացել։ Ագլայան անհարմար չզգաց ու կարդաց։ Կոլյային ուղղած նամակում ասված էր.
«Սիրելի Կոլյա, բարի եղեք, սրան առընթեր կնքած նամակը հանձնեցեք Ագլայա Իվանովնային։ Ողջ լերուք։ _Ձեզ ''Ձեզ սիրող իշխ. Լ. Միշկին_»։Միշկին''»։
— Համենայն դեպս ծիծաղելի է այսպիսի փուչիկին վստահելը,— վիրավորված արտասանեց Ագլայան, Կոլյային հանձնելով տոմսակը և արհամարհաբար անցավ նրա մոտով։