Changes

Օրիորդ Ռոկունոմիան

Ավելացվել է 27 052 բայտ, 20:32, 24 Մարտի 2013
Նոր էջ. {{Վերնագիր |վերնագիր = Օրիորդ Ռոկունոմիան |հեղինակ = [[Ակուտագավա]] |թարգմանիչ = Նորայր Ադալյան |աղբյու...
{{Վերնագիր
|վերնագիր = Օրիորդ Ռոկունոմիան
|հեղինակ = [[Ակուտագավա]]
|թարգմանիչ = Նորայր Ադալյան
|աղբյուր = http://japonialit.blogspot.com
}}

==1==

:Օրիորդ Ռոկունոմիայի հայրը ծագում էր մի հին ու նշանավոր տոհմից։ Բայց հին կերտվածքի և դարից ետ մնացած մարդ լինելով, նա խյոբունոդայուի1 աստիճանից այն կողմ չանցավ։ Օրիորդը հոր և մոր հետ ապրում էր Ռոկունոմիայից ոչ հեռու գտնվող ցածրիկ մի տան մեջ և այդ վայրի անունով էլ նրան կոչեցին օրիորդ Ռոկունոմիա։

:Ծնողները նրան փայփայում էին։ Բայց և այնպես, դարձյալ հին սովորության համաձայն, իրենց սեփական ցանկությամբ ոչ մեկին ցույց չէին տալիս։ Նրանք միայն հույս ունեին, որ մեկնումեկը իրենց դստեր համար հարսնախոսաթյան կգա։ Եվ օրիորդը իր օրերն անց էր կացնում պատշաճորեն, պարկեշտ, ինչպես սովորեցրել էին ծնողները։ Դա առանց որևէ դառնության, բայց և առանց որևէ ուրախության մի գոյություն էր։ Սակայն, քանի որ օրիորդը բոլորովին չէր ճանաչում կյանքը, ուստի դժգոհ էլ չէր։ «Միայն թե հայրս ու մայրս ողջ լինեն»,— մտածում էր նա։

:Հինավուրց լճակի վրա կռացած բալենիները տարեցտարի գնալով ավելի քիչ էին ծաղիկներ տալիս։ Մինչ այդ, օրիորդի գեղեցկությունը հանկարծակի հասունության ինչ-որ երանգ ստացւսվ։ Հայրը՝ նրա նեցուկը, որը իր ծերության տարիներին սակեի հանդեպ հատուկ մոլուցք ուներ, անակնկալ վախճանվեց։ Կես տարի հետո անդարձ կորստի մշտական ողբով նրան հետևեց նաև մայրը։ Օրիորդը ոչ այնքան վշտացավ, որքան շփոթվեց։ Եվ իսկապես նրա՝ փայփայանքով մեծացած աղջկա համար բացի դայակից ամբողջ աշխարհում ոչ մի մտերիմ մարդ չմնաց։

:Դայակը արիաբար, առանց ուժերը խնայելու, բանում էր օրիորդի սիրույն, բայց սերնդից սերունդ պահպանված սադափե զարդատուփերը և արծաթե մոխրամանները հերթով անհետանում էին տնից։ Եվ նույն ժամանակ էլ ծառաներն ու աղախինները սկսեցին աշխատանքից հեռանալ։ Օրիորդն սկսեց քիչ-քիչ հասկանալ կյանքի դժվարությունները, բայց ոչնչով չէր կարողանում գործին օգնել։ Եվ վհատ հանգստության մեջ նա, ինչպես վաղեմի ժամանակներում, օրն անց էր կացնում նույն միօրինակզվարճալիքներով` կոտո2 էր նվագում և թանքա3 էր հորինում։

:Մի անգամ էլ աշնանը, աղջամուղջին, դայակը մոտեցավ օրիորդին և դանդաղ, ընդմիջումներով նրան այսպես ասաց.
– Իմ ազգականներից մեկը, մի վանական, խնդրել է ինձ. նա ասում է, որ մի ազնիվ մարդ՝ Տամբա նահանգի նախկին կառավարիչը, ձեզ հետ հանդիպելու թույլտվություն է խնդրում։ Ինքը լավն է, բարի հոգի ունի, և հայրն էլ բարձր աստիճանավոր է, ինքը ծագում է պալատական ավագանուց, չէի՞ք բարեհաճի նրա հետ հանդիպել։ Այսպիսի նեղվածքում ապրելուց հո ավելի լավ կլինի...

:Օրիորդը կամացուկ լաց եղավ։ Այդ մարդուն հանձնվելը նույնն էր, ինչ զզվելի կարիքից ազատվելու համար սեփական մարմինը վաճառելը։ Իհարկե, նա գիտեր, որ աշխարհում դա էլ է հաճախ պատահում։ Բայց նրա վիշտը մեծ էր, քանի որ հենց իր համար այդպես էր դասավորվել։ Եվ, դայակի դիմաց նստած, պուերարիայի4 տերևների արանքով թափանցող քամու սուլոցի տակ, օրիորդը թևքով երկար ժամանակ ծածկել էր դեմքը...

==2==

:Համենայն դեպս, նրանք սկսեցին ամեն գիշեր հանդիպել։ Ասպետը, ինչպես դայակն էր ասում, մեղմ բնավորություն ուներ։ Ե՛վ դեմքով, և՛ կեցվածքով գեղեցիկ էր, ինչպես և վայել էր նրան։ Բացի այդ, գրեթե բոլորի համար պարզ էր, որ ի սեր օրիորդի գեղեցկության նա ամեն ինչ մոռանում էր աշխարհում։ Օրիորդը, իհարկե, նրւս նկատմամբ նույնպես ատելություն չէր տւսծում։ Երբեմն նրա մասին մտածում էր նույնիսկ որպես իր նեցուկի։ Բայց երբ, կանթեղների լույսից աչքերը կկոցելով, նրա հետ պառկում էր մահճին՝ թիթեռնիկներով և ծաղիկներով զարդարուն վարագույրի հետևում, օրիորդը ոչ մի գիշեր ուրախություն չէր զգում։

:Նույն այդ ժամանակ տունը կամաց-կամաց զվարթացավ։ Մեջտեղ եկան սև լաքած նոր գզրոցներ և բամբուկե վարագույրներ։ Ծառաների թիվը շատացավ։ Դայակը, հասկանալի է, տնտեսությունը առաջվանից ավելի ժրաջանորեն էր վարում։ Բայց նույնիսկ այդ բոլոր փոփոխությունները տեսնելուց հետո էլ օրիորդը տրտմում էր միայն։

:Մի անձրևային գիշեր օրիորդի հետ սակե խմելիս, ասպետը սարսափելի մի բան պատմեց, որը, իր ասելով, Տամբա նահանգում էր պատահել։ Ինչ-որ ուղևորներ մայրաքաղաքից Իձումոձի գնւսլիս, ճանապարհին իջևանում են Օեյամա լեռան ստորոտում։

:Հյուրանոցի տիրոջ կինը հենց այդ գիշեր բարեհաջող կերպով աղջիկ էր ծնել։ Եվ ուղևորները տեսել էին, թե ինչպես ծննդկանի սենյակից արագ քայլերով դուրս էր եկել բոլորին անծանոթ մի տղամարդ։ Ասելով՝ «Ծննդից ութ տարի անց... ինքնասպան լինել...», նա հանկարծ անհայտացել էր։ Ութ տարի հետո ուղևորները, այս անգամ Կիոտո գնալիս, գիշերում են նույն տանը։ Եվ ի՞նչ, իսկապես պարզվում է, որ աղջիկը ութ տարեկան հասակում վախճանվել էր տարօրինակ մահով։ Ծառից վայր էր ընկել, ու կոկորդը դեմ էր առել մանգաղին։ Ահա թե ինչ պատմեց ասպետը։

:Լսելով այս պատմությունը՝ օրիորդը սարսափեց մարդկային կյանքի ունայնությունից։ Այն աղջկա ճակատագրի համեմատությամբ՝ ասպետի նման նեցուկ ունենալով ապրելը, անկասկած, երջանկություն էր։ «Հարկավոր է ամեն ինչ հանձնել բախտի տնօրինությանը, էլ ի՞նչ է մնում ինձ»։ Այսպես մտածելով, նա շրթունքներով ժպտում էր թովիչ։

:Ձեղուններից կախված սոճիների ճյուղերը մեկ անգամ չէ, որ կռացան ձյան ծանրության տակ։ Ինչպես հին ժամանակներում, ցերեկը օրիորդը կոտոյի լարերին էր խփում և կամ սուգորոկու5 խաղում։ Իսկ գիշերները, ասպետի հետ միևնույն մահճում պառկած, լսում էր, թե ինչպես են բադերը իջնում լճակի վրա։ Դրանք գրեթե առանց վշտի, բայց և անուրախ օրեր էին։ Սակայն այդպիսի տրտում հանգիստը օրիորդին առաջվա պես խաբուսիկ գոհացում էր բերում։

:Սակայն անսպասելիորեն արագ վրա հասավ նաև այդ հանգստության վերջը։ Վաղ գարնան մի երեկո օրիորդի հետ մենակ մնալով, ասպետը դժվարությամբ ասաց. «Զեզ հետ վերջին գիշերն եմ հանդիպում»։ Նրա հայրը Մուցու գավառի կառավարիչից նոր նշանակում էր ստացել։ Ասպետը նույնպես պետք է մեկներ այդ ձյունաշատ և հեռավոր վայրը։ Իհարկե, օրիորդից բաժանվելը նրա համար շատ ծանր էր։ Բայց քանի որ նա հորից գաղտնի էր նրան իր կինը դարձրել, այժմ ոչ մի կերպ չէր ուզում բացել գաղտնիքը։ Օրիորդի հետ նա երկար, շատ երկար խոսեց այդ մասին, ընդհատելով իր խոսքը ծանր հոգոցներով։

:— Բայց հինգ տարի հետո ծառայության ժամկետը կլրանա։ Առանց թախծելու սպասեք։

:Օրիորդը երեսնիվայր պառկել ու արտասվում էո։ Ասպետից բաժանվելը նրա համար անասելի ծանր էր, թեև նրա մասին մտածում էր ոչ թե սիրելով, այլ իբրև իր նեցուկի։ Ասպետը շոյում էր նրա մեջքը և մխիթարում ու քաջալերում։ Սակայն յուրաքանչյուր երկրորդ բառի վրա արցունքներից իր ձայնն էլ էր դողում։

:Այդ պահին ոչինչ չկասկածող դայակը երիտասարդ աղախնի ուղեկցությամբ մատուցարաններ և սակեով լցված սափորներ ներս բերեց, պատմելով այն մասին, որ հինավուրց լճակի վրա կռացած բալենիները բողբոջներ են արձակել...

==3==

:Անցավ հինգ տարի և նորից գարուն եկավ։ Բայց ասպետը, որը գնացել էր հյուսիս, չվերադարձավ Կիոտո։ Այդ ժամանւսկամիջոցում ծառաները ցրվեցին տարբեր կողմեր, իսկ այն օթևանները, որոնցում օրիորդն էր ապրում, մի անգամ փոթորկից փլվեցին։ Այդ պւսհից սկսած օրիորդը իր դայակի հետ միասին բնակվում էր ծառաների համար կառուցված տան կողքի շինությունում։ Չնայած շինությունը բնակարան էր կոչվում, բայց նեղ էր ու լքված, միայն մի կերպ պաշտպանում էր անձրնից ու ցողից։ Երբ նրանք տեղափոխվեցին այդ շինությունը, դայակը խղճահարությունից չէր կարողանում առանց արցունքների նայել օրիորդին։ Բայց պատահում էր նաև, որ նա առանց պատճառի բարկանում էր։

:Ինչ խոսք, ծանր էին ապրում նրանք։ Զարդաքանդակ պահարանները վաղուց արդեն ծախվել և վերածվել էին բրնձի ու բանջարեղենի։ Օրիորդի շորերից բան չէր մնացել, բացի հագի շրջազգեստից։
:Պատահում էր նաև, երբ ցախը չէր հերիքում, դայակը գնում էր տան վրայից փտած տախտակներ պոկելու։ Սակայն օրիորդը, ինչպես այն վաղեմի ժամանակներում, կոտո նվազելով ու թանքաներ հորինելով էր հոգեպես հանգստանում և անդադար սպասում էր ասպետի վերադարձին։

:Եվ ահա նույն տարվա աշնանը, մի լուսնյակ գիշեր, դայակը մոտեցավ օրիորդին ու դանդաղ, ընդմիջումներով այսպես ասւսց.
:— Նորին պայծառափայլությունը, երեի, չի վերադառնա։ Ի՞նչ կլինի, եթե դուք հաճեիք մոռանալ նորին պայծառափայլությանը։

:Ի դեպ, բժշկական վարչության կրտսեր մի կառավարիչ միշտ կտրում Է ճամփաս, ցանկություն հայտնելով ձեզ հետ տեսակցել...

:Լսելով այդ խոսքերը, օրիորդը հիշեց այն, ինչ տեղի էր ունեցել վեց տարի առաջ։ Վեց տարի առաջ նա այնքան տխուր էր, որ ինչքան էլ լաց էր լինում, ոչ մի կերպ չէր կարողանում հանգստանալ։ Իսկ հիմա և՛ մարմնով, և՛ հոգով սաստիկ հոգնած էր։ «Միայն թե մարդ հանգիստ ծերանա...»,— ուրիշ ոչ մի բանի մասին չէր մտածում։ Լսելով դայակին, նա նիհարած դեմքը բարձրացրեց դեպի սպիտակ լուսինը և տխուր օրորեց գլուխը։

:– Այլևս ոչինչ չեմ ուզում։ Թեկուզ ապրեմ, թեկուզ մեռնեմ` միևնույն է ինձ համար։

:***

:Հենց այդ նույն ժամին Խիտատի հեռավոր գավառում ասպետը իր նոր կնոջ հետ սակե էր խմում։ Կինը հոր սրտովն էր. նա այդ գավառի կառավարչի դուստրն էր։
:— Այս ի՞նչ է, լսո՞ւմ ես,— հանկարծ վախեցած ասաց ասպետը, նայելով տանիքի քիվին, որը ամբողջովին ողողված էր լուսնի լույսով։ Այդ պահին, չգիտես ինչու, նրա աչքերի առաջ պարզորոշ գծագրրվեց օրիորդի կերպարանքը։
:— Երևի շագանակ ընկավ։
:Այսպես պատասխանելով, խիտատցի կինը սակեի սափորը անշնորհք ձնով կռացրեց թասի վրա։

==4==

:Ասպետը Կիոտո վերադարձավ ինը տարի հետո, ուշ աշնանը։ Իր խիտատցի կնոջ ու նրա ազգականների հետ Ավաձու գնալիս անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի օր նա մնաց ճանապարհին։ Նրանք դիտմամբ Կիոտո ժամանեցին մթնշաղին, որպեսզի մարդկանց ուշադրությունը չգրավեն։ Հեռավոր վայրում ապրելով, ասպետը երկու-երեք անգամ իր կիոտոցի կնոջը քնքուշ նամակներ էր ուղարկել։ Բայց մեկ սուրհանդակը ետ չէր եկել, մեկ՝ մյուսը վերադարձել էր առանց օրիորդին գտնելու, և ասպետը ոչ մի անգամ պատասխան չէր ստացել։ Այդ պատճառով էլ երբ նա Կիոտո հասավ, նրա սերն ավելի ուժեղ բորբոքվեց։ Կնոջը բարեհաջող կերպով հասցնելով հոր պալատը, նա, նույնիսկ ճանապարհի զգեստները չփոխելով, իսկույն ուղևորվեց

:Ռոկունոմիա։
:Երբ նա Ռոկունոմիա եկավ, տեսավ, որ և՛ չորս սյուների վրա կանգնած դարբասը,և՛ խինոկի կեղևով ծածկված տունը, և՛ օրիորդի օթևանները՝ բոլորը անհետացել են, մնացել է միայն փլաւոակների մի կույտ։ Ասպետը կանգնել էր մինչև ծնկները հասնող խոտի մեջ և շփոթված հայացքը շրջում էր այն վայրերով, որտեղ մի ժամանակ այգի էր եղել։ Կիսով չափ լցված լճակում բոշխ ու կնյուն էին աճել, որոնք նորալուսնի փայլի տակ մեղմ սոսափում էին։

:Նա ծառայողների նախկին բնակարանից ոչ հեռու նկատեց տախտակե թեքված մի տնակ։ Երբ մոտեցավ, այնտեղ վայրկենաբար երևաց ինչ-որ մեկի ստվերը։ Խավարի մեջ նայելով՝ նա կամաց ձայն տվեց։ Լուսնի լույսի տակ օրորվելով դուրս եկավ մի պառավ միանձնուհի, որը ծանոթ թվաց նրան։

:Երբ ասպետը տվեց իր անունը, միանձնուհին առանց մի խոսք ասելու երկար ժամանակ լաց եղավ։ Այնուհետև նա կերկերուն ձայնով պատմեց օրիորդի մասին։
:— Ձերդ ողորմածությունը, երևի, ինձ մոռացել է: Ես այն կնոջ մայրն եմ, որը տիրուհու մոտ էր ծառայում։ Աղջիկս դեռ հինգ տարի էլ ծառայեց այն բանից հետո, երբ ձերդ ողորմածությունը բարեհաճեց մեկնել Կիոտյից։ Իսկ հետո այնպես եղավ, որ նա ամուսնու հետ գնաց Տաձիմա, և այն ժամանակ ես խնդրեցի՝ ինձ ու աղջկաս ազատել։ Բայց վերջերս ես անհանգստացա օրիորդի համար և մենակ եկա Կիոտո։ Եվ ի՞նչ, ինչպես կբարեհաճեք տեսնել, ախր նույնիսկ տունն էլ է կորել։ Թե որտեղ է հիմա օրիորդը, ճիշտն ասած, վաղուց է չգիտեմ։ Ձերդ ողորմածություն, հավանաբար, չգիտեք, որ երբ աղջիկս ծառայության մեջ էր, օրիորդն այնպես վատ էր ապրում, որ էլ ասել չի լինի...

:Այս բոլորը լսելուց հետո ասպետը հանեց իր ներքնազգեստներից մեկը և տվեց կորացած միանձնուհուն։ Իսկ հետո գլուխը կախ գցած, խոտերի միջով լուռ հեռացավ։

==5==

:Սկսած հաջորդ օրվա առավոտից, օրիորդին որոնելով ասպետը ոտքի տակ տվեց ւսմբողջ մայրաքաղաքը, բայց ոչ մի կերպ չկարողացավ իմանալ, թե որտեղ է նա և ինչ է պատահել։

:Եվ ահա մի քանի օր անց, իրիկնադեմին, անձրևի շիթերից պատսպարված, նա կանգնել էր Արևմտյան պատկերասրահի ծածկի տակ՝ Սուձակումոնի դարբասի դիմաց։ Նրանից բացի այդտեղ անձրևի կտրվելուն էր սպասում նաև աղքատի տեսքով մի կուսակրոն։

:Անձրևը տխրագին մաղում էր լաքած դարբասի ծերպից։ Աչքի ծայրով նայելով կուսակրոնին, ասպետը, ջանալով ցրել ձանձրույթը, ետ ու առաջ էր քայլում սալահատակի վրա։ Հւսնկարծ նրա լսողությունը որսաց, որ պատկերասրահի կիսամութ պատուհանի ճաղերի հետևում ինչ-որ մարդ կա։ Եվ նա անտարբեր մի հայացք գցեց պատուհանին։

:Միանձնուհին, պատուհանի տակ ծակոտկեն խսիրներն ուղղելով, խնամում էր մի հիվանդ կնոջ: Նույնիսկ մթնշաղի թույլ լույսի տակ նրա դեմքը սարսափելի նիհար էր: Բայց մի հայացքն էլ բավական էր, որպեսզի նա ճանաչեր օրիորդին։ Ասպետը ցանկացավ խոսել նրա հետ, բայց օրիորդի կերպարանքը այնքան խղճալի էր, որ ձայնը կտրվեց։ Իսկ օրիորդը, չիմանալով, որ նա իր կողքին է, ծակոտկեն խսիրի վրա շուռումուռ գալով, տանջալից լարումով արտասանեց այսպիսի մի թանքա.

:Գլխավերևում
:Սառը քամին է
:Շվվոցով շաչում ճղակների մեջ։
:Իսկ դու համբերում ես,
:Մարմին՝ խաղալեք ունայն այս կյանքում...

:Այդ լսելով ասպետը ինքնաբերաբար տվեց նրա անունը։ Օրիորդը բարձրացրեց գլուխը։ Բայց ասպետին տեսավ թե չէ, թույլ ճիչով երեսնիվայր կրկին ընկավ խսիրի վրա։ Միանձնուհին՝ նրա հավատարիմ դայակը և ներս վազող ասպետը վախեցած նետվեցին, որ նրան բարձրացնեն։ Բայց երբ ուսերից բռնած բարձրացրին նրան ու նայեցին դեմքին, ավելի շատ վախեցան։

:Դայակը ցնորվածի պես նետվեց դեպի աղքատ կուսակրոնը և նրան խնդրեց մեռնողի վրա աղոթք կարդալ։ Կուսակրոնը համաձայնեց և նստեց օրիորդի գլխավերևում։ Բայց աղոթելու փոխարեն նա դիմեց աղջկան այսպիսի խոսքերով.
:— Կյանքը և մահը մարդու իշխանությանը ենթակա չեն։ Առանց ուժերդ խնայելու կոչիր Ամիդա բուդդային։
:Ասպետի գրկի մեջ՝ օրիորդը հազիվ լսելի արտասանեց բուդդայի ւսնունը։ Բայց անմիջապես էլ վախեցած աչքերը հառեց մութ առաստաղին։

:– Ա՛հ, այնտեղ հրե կառք կա6։Մի՛ վախենա։
:– Աղոթիր բուդդային, և լավ կլինի քեզ համար։
:Կուսակրոնը ձայնն իջեցրեց։ Օրիորդը մի քիչ սպասեց և, ասես հարթմնի զառանցելով, մրմնջաց,
:– Ես ոսկե լոտոս եմ տեսնում7: Վիթխարի լոտոս, որ նման է սրբազան հովանոցի։
:Կուսակրոնն ուզում էր ինչ-որ բան ասել, բայց չհասցրեց։ Ընդհատվող ձայնով օրիորդը շւսրունակեց.
:— էլ չեմ տեսնում լոտոսը։ Հիմա խավար է, միայն քամին է սուլում խավարում։
:— Ամբողջ սրտով կոչիր բուդդային։ Ինչո՞ւ դու բուդդային չես կանչում։
:Կուսակրոնը խոսում էր գրեթե զայրացած։ Բայց օրիորդը, ասես վերջին շնչում, կրկնում էր միշտ միևնույնը.
:— Ոչինչ... ոչինչ չեմ տեսնում։ Խավար է... Միայն քամին... միայն սառը քամին է սուլում խավարում։
:Ասպետը և դայակը, արցունքները կուլ տալով, կիսաձայն շշնջացին Ամիդայի անունը։ Կուսակրոնը, բարեպաշտորեն ձեռքերը ծալած օգնում էր օրիորդին՝ աղոթելու։ Եվ այդպես, ծակոտկեն խսիրի վրա, անձրևի խշշոցին միախառնված աղոթքի խոսքերով, օրիորդը կամաց-կամաց մեկնեց մահվան թագավորությունը...

==6==

:Մի քանի օր հետո լուսնյակ գիշերին, գջլտված կուսակրոնը, որը օրիորդին աղոթելու կոչ էր անում, կրկին ծնկները գրկած նստել էր Արևմտյան պատկերասրահում՝ Սուձակումոնի դարբասի դիմաց։ Անհոգորեն ինչ-որ բան երգելով, լուսնի լույսի տակ, ճանապարհով անցնում էր սամուրայը։ Կուսակրոնին տեսնելով, նա կանգ առավ և անտարբեր ասաց.

:— Ասում են, վերջին ժամանակներս այստեղ, դարբասի մոտ կնոջ լացի ձայն է լսվում։ Հա՞...
:Շարունակելով նստած մնալ՝ կուսակրոնը մի բառով պատասխանեց.
:– Լսի՛ր։
:Սամուրայը ականջ դրեց։ Սակայն, բացի ծղրիդների թույլ խշխշոցից, ոչինչ չէր լսվում։ Գիշերային օդում տարածվում էր միայն սոճիների խեժահոտը։ Սամուրայը ցանկացավ խոսել։ Բայց նա չհասցրեց մի բառ էլ արտասանել, երբ հանկարծ ինչ-որ տեղից լսելի եղավ կանացի մեղմ, շատ մեղմ հառաչանք։

:Սամուրայը ձեռքը տարավ սրին։ Բայց ձայնը, իր հետևից թողնելով երկար ու ձիգ մի արձագանք, կամաց-կամաց ինչ-որ տեղ անհետացավ։
:– Աղոթի՛ր բուդդային։ — Կուսակրոնը դեմքը բարձրացրեց դեպի լուսինը։—Դա չնչին կնոջ ոգին է, որը ոչ դժոխք է ընկել, ոչ դրախտ։ Աղոթի՛ր բուդդային:

:Բայց սամուրայը, առանց պատասխանելու, նայում էր կուսակրոնի դեմքին։ Եվ հանկարծ, զարմացած մոտենալով, բռնեց նրա ձեռքը։
:— Չէ՞ որ դուք պատվարժան Նայկին եք։ Ինչո՞ւ այսպիսի տեղում...
:Նա, որին անվանեցին «պատվարժան Նայկի», օծվելուց առաջ՝ Յոսիսիգե Յասուտանե8 անունով, ամենաբարեպաշտ բուդդայական կուսակրոնն էր, մինչև իսկ սուրբ Կույայի աշակերտների մեջ փառաբանված։

:1922
[[Կատեգորիա: Արձակ]]
[[Կատեգորիա: Ճապոնական գրականություն]]