Changes

Բաֆուտի քերծեները

Ավելացվել է 36 174 բայտ, 19:01, 15 Մարտի 2016
/* Գլուխ տասնմեկերորդ */
Բայց մեր ուրախությունը երկար չտևեց․ երբ առավոտյան մենք մոտեցանք վանդակին, երկու թռչող սկյուռիկ անկենդան ընկած էին։ Եվ այդ ժամից մեր փոքրիկ գաղութը նվազում էր օրեցօր։ Գազանիկները ուտում էին միայն ձիթարմավենու ընկույզներ և, հավանաբար, դա քիչ էր նրանց համար։ Էլ ի՜նչ կեր ասես, որ նրանց չէինք առաջարկում, բայց ամեն ինչից հրաժարվում էին, և դա շատ տարօրինակ էր։ Չէ՞ որ ամենաքմահաճ կենդանիների համար վերջ ի վերջո մեզ միշտ հաջողվում էր գտնել ինչ֊որ հարմար կեր, և հասկանալու համար, թե ինչ են նրանք սիրում, պետք էր միայն նրանց լայն ընտրություն առաջարկել։ Իսկ այժմ պարզվեց, որ թռչող սկյուռիկների Անգլիա հասցնելը շատ ու շատ դժվար կլինի։
 
 
==Գլուխ տասներկուերորդ==
 
Կապիկների թագավորությունը
 
 
Թերևս, մեր գազանանոցում ամենաաղմկալի, ամենաանտանելի և ամենահրապուրիչ արարածները կապիկներն էին։ Մեզ մոտ դրանց թիվը հասնում էր քառասունի, իսկ կյանքը չորս տասնյակ կապիկների հետ, մի հարկի տակ՝ չի կարելի խաղաղ համարել․ տարեց կապիկները դեռ ոչինչ, բայց փոքրիկները մեզ շա՜տ֊շա՜տ էին չարչարում․ նրանք բարձր ճղճղում էին, երբ մենակ էին մնում, տաք կաթով շիշ էին պահանջում օրվա ու գիշերվա բոլոր ժամերին, հիվանդանում էին ամեն տեսակ մանկական հիվանդություններով (և դրանով վախեցնում էին մեզ մահու չափ), մերթ ինչ֊որ մեկը ծլկում էր «մանկական» սենյակից ու խցկվում հենց ոսկեգույն կատվի վանդակը, մերթ որևէ մեկն ընկնում էր թիթեղյա նավթամանի մեջ, որ լիքը լցված էր ջրով, ― մի խոսքով, նրանք քիչ էր մնում մեզ հիստերիայի հասցնեին։ Մենք ստիպված էինք լինում մտածել ամենախորամանկ ու խարդախ միջոցներ, որպեսզի ինչ֊որ ձևով կարողանանք ղեկավարել փոքրիկներին, և մեր մի քանի գյուտարարություններն իսկապես արտակարգ էին։ Վերցնենք թեկուզ դրիլի ձագուկների հետ պատահած դեպքը։ Այս կապիկները Կամերունի անտառներում հանդիպում են ամեն քայլափոխում, և մեզ մշտապես բերում էին ամեն տարիքի ձագուկներ։ Դրիլը բավականաչափ այլանդակ այն կենդանին է, որին դուք կարող եք տեսնել աշխարհի գրեթե յուրաքանչյուր կենդանաբանական այգում։ Նա ունի վառ կարմիր հետույք, և կապիկն, առանց քաշվելու, մարդկանց թույլ է տալիս դրանով հիանալ։ Դրիլի ամենափոքրիկ ձագուկները ամենասրտառուչ և ամենաանհեթեթ արարածներն են աշխարհում, նրանց մարմինը ծածկված է արծաթամոխրագույն նուրբ մորթով, իսկ գլուխը, ոտքերն ու ձեռքերը, համեմատած իրանի հետ, համարյա երեք անգամ ավելի մեծ են, քան պետք է։ Ձեռքերը, ոտքերը և դեմքը վառ կարմիր են, և պստիկ հետույքը նույնպես ճիշտ այդպիսին է։ Իսկ մարմնի մաշկը ընդհանրապես սպիտակ է, տեղ֊տեղ նրա վրա երևում են մեծ խալեր, ինչպես մեր խալերը, միայն նրանց մոտ դրանք վառ երկնագույն են։ Ինչպես բոլոր կապիկների ձագուկները, փոքրիկ դրիլների աչքերը ևս փոս ընկած են, ոտքերն ու ձեռքերը երկար ու բարակ և դողում են, ինչպես զառամյալ ծերերինը։ Այժմ դուք փոքր֊ինչ պատկերացում ունեք դրիլի ձագուկների մասին։ Վաղ մանկությունը դրիլն անց է կացնում ուժեղ ձեռքերով ու ոտքերով մոր խիտ բրդից կառչած։ Եվ ահա մեր փոքր դրիլները իրենց քնքուշ զգացմունքները նվիրել էին մեզ, որոշելով, որ մենք ենք հենց իրենց ծնողները, և բարձրաձայն պահանջում էին, որ իրենց կրենք մեջքներիս վրա։ Դրիլի ձագերի համար ամենակարևորը՝ շատ սնունդ ստանալն է և գրեթե նույնքան կարևոր է ամուր բռնելը նրանից, ով իրեն տալիս է այդ սնունդը։ Բայց երբ որ քեզանից կառչում են (և ըստ որում շատախոս) մոտ հինգ փոքրիկ դրիլներ, աշխատելը միանգամայն անհնարին է դառնում։ Եվ մենք ստիպված էինք մտածել, թե ինչպես նրանց գոհացնենք։ Մի երկու հին բաճկոն գտանք և դրանք կախեցինք աթոռների թիկնակներից, որ դրված էին վրանի կենտրոնում, հետո դրիլի ձագուկներին «ծանոթացրինք» դրանց հետ։ Գազանիկները սովորել էին մեզ տեսնել այդ բաճկոնների մեջ, հետո՝ գործվածքը պետք է որ ներծծված լիներ մեր հոտով, և փոքրիկները, երևի, վճռեցին, որ դա կաշվի նման մի բան է, որ մենք նետել ենք մեր վրայից։ Նրանք կպան բաճկոնի դատարկ թևքերին, դարձածալերին և փեշերին, ասես նրանց սոսնձել էին դրանց վրա, կպել էին դրանցից ու կախվել կիսաքուն և միայն մեկ֊մեկ էին մոտենում մեզ, չէ՞ որ հարկավոր էր գոնե երբեմն զրուցել, իսկ մենք այդ ընթացքում հասցնում էինք ճամբարի գործերն անել։
 
Բազմաթիվ այցելուների վրա, որոնք գալիս էին մեր ճամբարը և դիտում գազանանոցը, ամենամեծ տպավորությունը թողնում էին կապիկների ձագերը։ Իր ամբողջ վարք ու բարքով կապկի ձագուկը շատ է նմանվում մարդու երեխային, միայն թե նա փոքր֊ինչ ավելի հուզիչ է։ Մեզ մոտ եկած կանայք ուղղակի հալվում էին և ամբողջովին համակվում մայրական սիրով։ Մի երիտասարդ կին գազանանոց եկավ մի քանի անգամ, և նրան այնպես էր ցնցել փոքրիկ կապիկների դեմքի խղճուկ արտահայտությունը, որ նա չափազանց անմտորեն որոշեց ինձ խրատ կարդալ․ թե իբր դաժան բան է փոքրիկներին մայրերից խլելն ու վանդակում բանտարկելը։ Նա չափազանց բանաստեղծորեն էր ծավալվում ազատության բերկրանքի թեմայի շուրջը և այն մասին, թե ինչ անհոգ երջանիկ գոյություն էր սպասում այս փոքրիկներին ծառերի կատարներին, մինչդեռ իմ մեղքով նրանք ստիպված են ճաշակելու բանտարկության բոլոր սարսափները։
 
Այդ առավոտ տեղացի մի որսորդ կապկի ձագեր էր բերել, և ես առաջակեցի․ դե քանի որ երիտասարդ լեդին այդքան լավ գիտակ է ծառերի կատարների կապիկների կյանքին, չի՞ օգնի արդյոք ինձ մի փոքր գործում, որը անխուսափելի է, երբ ես նոր կապիկ եմ ընդունում գազանանոց։ Երիտասարդ կինը հաճույքով համաձայնեց։ Երևում է, իսկույն իրեն պատկերացրեց ոմն բարի խնամակալի դերում։ Իսկ ոչ մեծ գործը պարզ ասած այն էր, որ կապկին ազատեինք արտաքին ու ներքին պարազիտներից։ Ես այդ բացատրեցի, և երիտասարդ լեդին զարմացավ․ նրա մտքով չէր էլ անցնում, ասաց նա, որ կապիկների վրա պարազիտներ են լինում, բացի սովորական լվերից, իհարկե։
 
Ես քարշ տվի զամբյուղիկը, որով բերել էին կապիկին, նրա միջից հանեցի մի քիչ կղկղանք, փռեցի մաքուր թղթի վրա և ցույց տվի իմ նորահայտ օգնականուհուն, թե որքան շատ են այնտեղ սրատուտ որդերը։ Այստեղ նա ինչ֊որ տարօրինակ լռեց։ Հետո ես բերեցի կապիկին, սա մի սպիտակաքիթ մակակ էր, հիրավի հրապուրիչ էակ, մորթն ամբողջապես սև էր, միայն կուրծքն էր սպիտակ, իսկ քթի վրա փայլում էր սպիտակ, փափուկ սրտաձև մի խալ։ Ես զննեցի նրա փոքրիկ ձեռքերն ու ոտքերը, երկար մատները և, ոչ պակաս, ոչ ավելի, գտա լավ տեղավորված արևադարձային֊ավազուտային վեց լու։ Այս մանրագույն միջատները մտնում են ոտքերի ու ձեռքերի մաշկի մեջ, հատկապես ոտքերի տակ, ուր մաշկը նուրբ է, և այնտեղ ուտում են, ճարպակալվում և աճում այնքան ժամանակ, մինչև որ դառնում են լուցկու հատիկի գլխիկի չափ։ Այդ ժամանակ նրանք ձվեր են դնում ու ոչնչանում։ Որոշակի ժամկետից հետո ձվերից դուրս են գալիս նոր լվեր և հաջողությամբ շարունակում ծնողների սկսած գործը։ Եթե ժամանակին չբուժենք լվերով վարակված կապիկին, նա կարող է կորցնել մատնահոդը, իսկ առաձին ծանր դեպքերում կքայքայվեն նաև ձեռքերի ու ոտքերի բոլոր մատները, որովհետև լվերն ավելի խորը կթափանցեն մաշկի տակ և կբազմանան այնքան ժամանակ, մինչև որ լրիվ ուտեն իրենց տիրոջը՝ մնում է միայն թարախով լցված մաշկապարկը։ Մի քանի անգամ ոտքիս վրա գտել եմ այդ լվերին և ես կարող եմ վկայել, որ դա շատ ցավոտ է, նույնիսկ տանջալի։ Այս ամենը ես աշխատեցի որքան կարելի է մանրամասն ու ցուցադրաբար բացատրել օգնականուհուս։ Հետո վերցրի ցավազրկող դեղ, քսեցի կապիկի ձեռքի ու ոտքի մատներին, սառեցրի դրանք և սկսեցի ախտահանված ասեղով մաշկի տակից հանել լվերին ու հականեխել վերքերը, որոնք մնում էին դրանից հետո։ Ցավազրկող միջոցը հիանալի դուրս եկավ, կապիկը նստել էր հանգիստ․ իսկ չէ՞ որ այդ վիրահատությունը չափազանց ցավոտ էր։
 
Երբ լվերի հետ հաշիվը փակեցինք, ես շոշափեցի կապիկի պոչը վերից վար և տեսա երկու այտուցվածք, յուրաքանչյուրը իմ ճկույթի առաջին հոդի չափ։ Ես դրանք ցույց տվի օգնականուհուս, հետո ետ քաշեցի այդ տեղերի մորթին, և նա յուրաքանչյուր այտուցվածքի ծայրում տեսավ փոքրիկ լուսանցույցի նման անցք։ Նայելով ներս, կարելի էր տեսնել, որ ներսում շարժվում է ինչ֊որ սպիտակ այլանդակություն։ Այստեղ ես ամենագիտական արտահայտություններով բացատրեցի, որ ոմն անտառային ճանճ իր ձվերն է դնում զանազան կենդանիների մորթու մեջ, և երբ թրթուրը դուրս է գալիս, նա մտնում է իր տիրոջ մարմնի մեջ և ապրում այնտեղ ու ճարպակալում, ինչպես խոզը, իսկ օդը նրա բնակարանն է մտնում այս «լուսանցքներից»։ Եվ երբ, վերջապես, նա դուրս է գալիս այնտեղից, որ ճանճ դառնա, տանտիրոջ մարմնի մեջ մնում է մի գլանակի հաստության անցք, և այդ անցքը սովորաբար դառնում է թարախային խոց։ Ես իմ օգնականուհուն (որն այս ընթացքում բոլորովին գունատվել էր) ցույց տվեցի, որ այս թրթուրներին հանելն ուղղակի անհնարին է։ Ես նորից ձեռքս առա ասեղը, ետ քաշեցի մորթին և երիտասարդ տիկնոջը ցույց տվի թրթուրը, որ պառկել էր իր թաքստոցում, ճիշտ և ճիշտ արգելափակոցի փաքրիկ աէրոստատ․ բայց հազիվ էր նրան դիպել ասեղը, երբ թրթուրը հարմոնի նման բացվեց, հետո սեղմվեց կնճռոտված գնդի նման և սահեց հեռու, դեպի պոչի ամենախորքը։ Այդ ժամանակ ես իմ օգնականուհուն բացատրեցի, թե այնուամենայնիվ ինչպես պետք է դուրս կորզել այդ թրթուրին (դա իմ սեփական մեթոդն էր)․ անցքի մեջ մտցրի ցավազերծող նյութով տյուբիկի ծայրը և սեղմեցի, որ մի քիչ հեղուկ լցվի այնտեղ, և թրթուրը քարացավ, ուժ չունենալով այլևս շարժվել։ Այժմ ես թեթևակի լայնացրի ճեղքը և իր ապաստարանից հանեցի թրթուրին։ Չհասցրի ես դուրս հանել այս կծկված, սպիտակ այլանդակությունը իր արյունոտված թաքստոցից, երբ իմ օգնականուհին հանկարծ սրընթաց հեռացավ ինձնից։ Ես հանեցի երկրորդ թրթուրը, հականեխեցի բացված անցքերը, որ նրանցից հետո մնացել էին և երիտասարդ լեդիին հասա ճամբարի մյուս ծայրում։ Նա ինձ բացատրեց, որ ուշանում է ճաշի հրավերից, շնորհակալություն հայտնեց չափազանց հետաքրքրիր անցկացրած առավոտի համար, հրաժեշտ տվեց, և մենք նրան այլևս չտեսանք։ Իմ կարծիքով, չափազանց ցավալի է, որ մարդիկ ջանք չեն թափում ավելի լավ իմանալու, թե ինչպես են ապրում կենդանիները ջունգլիներում․ այդ դեպքում նրանք ավելի քիչ դատարկաբանություն կանեին այն մասին, թե շատ դաժան բան է կենդանիներին գերության մեջ պահելը։
 
Մեր կապիկների մեջ ամենահմայիչը բեղավոր կապկի ձագուկն էր, որին Սմիթը բռնել էր երկրի խորքերը որսի գնալիս։ Այսպիսի փոքրիկ կապիկ ես մինչ այդ չէի տեսել։ Եթե երկար ու նուրբ պոչը չլիներ, նա հանգիստ կտեղավորվեր թեյի գավաթի մեջ։ Նրա մեջքը մոխրականաչ էր, կուրծքը՝ սպիտակ, այտերին՝ վառ֊դեղին բծեր։ Բայց ամենաուշագրավը դեմքն էր, ամբողջ վերին շրթունքով մեկ ձգվում էր լայն ու ալիքավոր ճեպ֊ճերմակ մի գիծ, և թվում էր, թե կապիկը պատկառելի սպիտակ բեղեր ունի։ Ձագուկի բերանը նրա մարմնի համեմատ վիթխարի էր, նրա մեջ հեշտությամբ մտնում էր կաթի շշի ծծակը։
 
Զվարճալի էր տեսնել, թե ինչպես էր սնվում այս բեղավոր փոքրիկ գազանիկը։ Երբ նրան մոտեցնում էին կաթի շիշը․ նա նետվում էր ուրախությունից սուր ճղճղալով, ոտքերով և ձեռքերով ամուր գրկում էր այն, և այդպես էլ պառկում էր՝ աչքերը փակած և ամբողջ ուժով խմում էր կաթը։ Թվում էր, թե նրան կերակրում էր մի վիթխարի սպիտակ դիրիժաբլ, չէ՞ որ կապիկը երեք անգամ փոքր էր շշից։ Ձագուկը շատ խելոք էր, և մենք նրան շուտով սովորեցրինք կաթը խմել ափսեից։ Փոքրիկին բերում ու նստեցնում էինք սեղանի վրա․ տեսնելով ափսեն, նա հուզմունքից ընկնում էր իսկական հիստերիայի մեջ՝ ցնցվում էր, ձգվում ու ճղճղում ամբողջ ուժով։ Հենց որ ափսեն դնում էին նրա առջև, նա գլխով նետվում էր դեպի այն, ասես սուզվում էր, ամբողջ երախը մտցնում էր կաթի մեջ և սկսում էր ծծել, և օդ էր շնչում միայն այն ժամանակ, երբ արդեն խեղդվում էր։ Երբեմն ագահությունից նա մնում էր առանց օդի չափազանց երկար ժամանակ, ու շուտով կաթի երեսին բշտիկներ էին երևում, որից հետո արդեն դուրս էր գալիս նրա դեմքը․ ձագուկը հազում էր, փնչացնում, ցայտեցնելով կաթը սեղանին ու իր վրա։ Երբեմն ուտելիս նա հանկարծ որոշում էր, որ ես կանգնած եմ իր կողքին սոսկ մի նպատակով, որ հարմար պահ գտնեմ ու խլեմ նրանից ափսեն․ այդ ժամանակ նա կատաղի ոռնոց էր բարձրացնում ու ձախողում իմ խարդախ մտադրությունը մի հասարակ միջոցով․ բարձր թռչում էր օդի մեջ, ուժեղ թափով ընկնում ափսեի ուղիղ մեջտեղը և մնում էր այնտեղ նստած, աչքերը հաղթանակած փայլեցնելով իմ վրա։ Ուտելու ժամանակ նա հաջողացնում էր այնպես թրջվել կաթով, որ արդեն դժվար էր ջոկել՝ որտեղ են սկսում և որտեղ վերջանում նրա բեղերը, իսկ սեղանն այնպիսի տեսք ուներ, ասես նրա վրա մի մեծ կով են կթել։
 
Մեր կապիկների հավաքածուում իրենց ծանր բնավորությամբ աչքի էին ընկնում երկու շիմպանզեներ՝ Մերին ու Չարլին։ Նախքան մեզ մոտ ընկնելը, Չարլին մի պլանտատորի սիրելին էր և արդեն բավականին վարժեցրած։ Նրա փոքրիկ, ամբողջովին կնճռոտված դեմքը անսահման թախծոտ էր թվում, խաժ աչքերը երկյուղով էին նայում, իր ամբողջ տեսքով նա կարծես ասում էր, թե կյանքն իր նկատմամբ դաժան ու անարդարացի է, բայց ինքը բոլորին ներում է ու չի բողոքում։ Սակայն թախծի ու վշտի այդ արտահայտությունը զուտ խաբկանք էր․ իրականում Չարլին ամենևին էլ վիրավորված, չհասկացված կապիկ չէր, այլ ամենաիսկական փողոցային, խուլիգան տղա, սուտլիկ ու խորամանկ։
 
Մենք ամեն օր նրան վանդակից դուրս էինք թողնում զբոսնելու, և նա շրջում էր ամբողջ ճամբարով մեկ, լուսաճաճանչ, միամիտ տեսքով, ջանալով ցրել մեր զգոնությունը և հավաստիացնել մեզ իր մտադրությունների անմեղության մեջ։ Եվ հետո, իբր պատահմամբ, մոտենում էր սեղանին, ուր դասավորված էր ուտելիքը, արագ հայացք գցում շուրջը, արդյոք ոչ ոք չի՞ տեսնում և՝ համփ։ Չարլիի ձեռքում բանանների ամենամեծ կապը, և նա արդեն սլանում է դեպի մոտակա ծառը։ Եթե նրա հետևից վազում էին, նա նետում էր բանանները և կանգ էր առնում, նրան հանդիմանում էին, իսկ նա նստում էր փոշու մեջ և վշտահար նայում իրեն հանդիմանողներին, ամբողջապես վիրավորված, անմեղություն դարձած։ Եվ ստացվում է, որ նրան իզուր տեղը կասկածել են գարշելի հանցանքի մեջ, բայց նա չափից դուրս ազնվաբարո է և արդարանալու կարիք չունի, իսկ դուք այնքան բթամիտ եք, որ ինքներդ չեք հասկանում ձեր ամբաստանքի անհեթեթությունն ու անիրավացիությունը։ Փորձեք նրա քթի տակ թափահարել գողացած բանանների կապը, և նա կնայի ձեզ մի քիչ զարմացած ու գրեթե զզվանքով։ Իբր, որտեղից հնարեցիք, որ նա գողացել է այդ բանանները։ Մի՞թե դուք չգիտեք, որ նա բանան տեսնել չի կարողանում։ Իր ողջ կյանքում, որը նվիրաբերել է բարեգործությանն ու ինքնազոհաբերությանը, նրա մեջ նվազագույն ցանկություն անգամ չի առաջացել թեկուզև ծանոթանալ այդ զզվելի մրգին, իսկ այն մասին, որ դրանք գողանա, մտքովն էլ չի անցել։ Երբ դուք դադարում էիք նրան հանդիմանել, Չարլին վեր էր կենում գետնից, խորը հառաչում, մի հայացք ձգում ձեզ վրա, որի մեջ տառապանք և զզվանք կար, և ցատկոտելով ուղղվում էր դեպի խոհանոց, տեսնելու, թե արդյոք այնտեղից ինչ կարող է թռցնել։ Չարլին բոլորովին անուղղելի էր, իսկ նրա մռութն այնքան արտահայտիչ էր, որ նա կարող էր մասնակցել անվերջանալի խոսակցության, և դրա համար ամենևին էլ մարդկային խոսքի կարիքը չէր զգում։
 
Սակայն Չարլին իր ամենամեծ հաղթանակը նշեց, երբ մեզ այցելության եկավ Կամերունի գերագույն կոմիսարը, որը կատարում էր իր հերթական տեսչական ուղևորությունը երկրով մեկ։ Նա մեր ճամբարը եկավ քարտուղարների և զանազան օգնականների մի ամբողջ բանակով և շատ էր հետաքրքրվում մեր կենդանիների հարուստ հավաքածուով։ Բայց նրա ուշադրությունն ամենից շատ գրավեց Չարլին։ Մինչ մենք բարձրագույն հյուրին կբացատրեինք, թե դա ինչ զզվելի կեղծավորն է, Չարլին նստել էր վանդակում, բռնել էր ձողերի արանքից իրեն մեկնած մեծ մարդու ձեռքը և նրան էր նայում վշտոտ աչքերով․ ասես աղերսում էր նորին գերազանցությանը չլսել չար բամբասանքները խեղճ կապիկի մասին։ Մեկնելիս, կոմիսարը ինձ ու Սմիթին հրավիրեց իրեն այցելել հաջորդ երեկո։ Առավոտյան մեզ ներկայացավ չափազանց պատկառազդու սուրհանդակը, ոսկու պես փայփլող կոճակներով զարդարված, և մեզ հանձնեց գերագույն կոմիսարի գրասենյակի ծրարը։ Ծրարում մենք գտանք պատկառելի չափերի մի բացիկ, և նրա վրա հիասքանչ ծաղկագիր ձեռագրով գրված էր, որ Կամերունի նորին գերազանցություն Գերագույն կոմիսարը խնդրում է հաճույք պատճառել իրեն, և ընդունելությանը, որ տեղի կունենա երեկոյան ժամը վեցից֊ութը ընկած ժամանակամիջոցում, բերել նաև Չարլիին։ Մենք հրավերը ցույց տվեցինք իրեն՝ Չարլիին, որ նստել էր վանդակում փիլիսոփայական խորհրդածությունների մեջ ընկղմված, բայց նա մի հայացք գցեց բացիկին և իսկույն էլ նրա մասին մոռացավ։ Իր ամբողջ տեսքով նա ցանկանում էր հասկացնել, որ նման հրավերքներն իր համար նորություն չեն, որ դրանք իր գլխին են թափվում գրեթե ամեն օր, բայց աշխարհիկ հոգսերն օտար են իրեն։ Նա աներկիմաստորեն ակնկալում էր, որ իբրև իսկական սուրբ, ինքը կլանված է հոգևոր վսեմ խորհրդածություններով և չի ցանկանում հուզվել ինչ֊որ գերագույն կոմիսարներից ստացած ամեն տեսակ գինարբուքային օրգիաների մասնակցելու հրավերների պատճառով։ Ի դեպ, այդ առավոտ նա արդեն հասցրել էր լինել խոհանոցում և այնտեղից թռցրել էր վեց հատ ձու, մի ամբողջ հաց և հավի ճտի մի ոտքը, ուստի և մենք նրան չհավատացինք։
 
Մերին, Չարլիի ընկերուհին, միանգամայն այլ բնավորություն ուներ, նաև Չարլիից մեծ էր ու բավական խոշոր՝ երկու տարեկան երեխայի հասակ ուներ։ Մինչև մեզ մոտ ընկնելը, նա գտնվում էր խաուս ցեղի մի վաճառականի մոտ և, ըստ երևույթին, այնտեղ նրան ձեռ էին առնում և ընդհանրապես վատ էին վերաբերվում։ Թերևս, հենց դրա համար էլ սկզբում կապիկը տխուր էր ու չար, և մենք արդեն սկսեցինք անհանգստանալ․ կհաջողվի՞ արդյոք մեզ ի վերջո նվաճել նրա վստահությունը, չէ՞ որ նա սովորել էր չվստահել ոչ մի մարդու, լինի նա սև, թե սպիտակ։ Սակայն այն բանից հետո, երբ մի քանի ամիս լավ կերակրեցինք և նրա հետ լավ վարվեցինք, նա, ի մեծ ուրախություն մեր, միանգամայն կերպարանափոխվեց․ այժմ նա մի հրապուրիչ շիմպանզե էր․ ուրախ և հումորի հազվադեպ զգացումով օժտված։ Նրա բաց վարդագույն դունչը հիմարավուն էր թվում, իսկ հաստ ու կլոր փորը ասես թմբուկ լիներ։ Նա հիշեցնում էր պանդոկի հաստլիկ մատուցողուհու, որը միշտ պատրաստ է բարձր քրքջալ ամեն անվայել կատակից։ Երբ Մերին մեզ ավելի մոտիկից ճանաչեց և սովորեց վստահել, նա մի ձեռնածություն հնարեց, որը, ակնհայտորեն, շատ զվարճալի էր համարում։ Նա թռչում էր վանդակի միջնաձողի վրա և, դժվարությամբ պահելով հավասարակշռությունը, ինձ ուղղում էր իր մարմնի ամենաանվայել մասերը։ Իսկ ինձնից պահանջում էր թեքվել նրա վրա և ամբողջ ուժով փչել, այստեղ Մերին ճղճղում էր, քրքջում, համեստորեն ծածկվում ձեռքերով։ Հետո խորամանկորեն մեզ էր նայում հաստլիկ փորի վրայով, հեռացնում էր ձեռքերն ու սպասում, որ ես նորից ծիծաղեցնեմ նրան այդ նույն եղանակով։ Մենք այս բանն անվանեցինք «փչել անամոթ Մերիին», և օրական քանի անգամ էլ որ կրկնեինք այդ կատակը, կապիկը չէր կշտանում։ Մերին գլուխը ետ էր գցում, լայն բացում էր բերանը, մերկացնելով վարդագույն լնդերն ու ճերմակ ատամները, և ուղղակի ուշաթափվում էր ծիծաղից։
 
Թեև Մերին ինձ ու Սմիթին և մյուս բոլոր մեր օգնականներին վերաբերվում էր շատ քնքուշ, նա երբեք չէր մոռանում, որ քեն ունի աֆրիկացիների դեմ, և իր թշնամանքն արտահայտում էր բոլոր օտարների նկատմամբ, որոնք հայտնվում էին ճամբարում։ Նա նրանց կանչող ժպիտներ էր ուղղում, խփում էր կրծքին, կամ էլ սալտո կատարում, ― պատրաստ ամեն բանի, միայն թե գրավեր նրանց ուշադրությունը։ Զանազան ճարպկություններով նա այցելուին մոտեցնում էր վանդակին և ձևանում էր ուրախության և բարյացակամության մարմնացում, իսկ ինքը սուր աչքերով ճիշտ որոշում էր տարածությունը։ Հանկարծ վանդակաճաղերի արանքից դուրս էր գալիս երկար, ուժեղ ձեռքը։ Լսվում էր պատռվող կտորի ձայն, հանկարծակիի եկած հյուրի վախեցած ճիչ, և ահա Մերին հանդիսավորությամբ պարում էր վանդակում, թափահարելով պատռված բաճկոնակի կամ ֆուֆայկայի կտորը, որը պոկել էր իրենով հիացած երկրպագուի վրայից։ Նա անսովոր ուժի տեր էր, և ես ստիպված եղա մի կլոր գումար ծախսել նրա չարաճճիության վնասները հատուցելու համար, ուստի շուտով վանդակն այնպիսի դիրքով դրեցի, որ Մերին այլևս չկարողանա նման եղանակով զվարճանալ։
 
Կապկանոցն ամբողջ օրն անընդհատ աղմկում էր, բայց երեկոյան դեմ, մոտ հինգի կեսին, աղմուկն այնքան էր շատանում, որ ամենաամուր ներվերն անգամ չէին դիմանում՝ այդ ժամին կապիկներին կաթ էին տալիս։ Ժամը չորսին նրանք սկսում էին անհամբերություն ցուցաբերել, թռչկոտում ու ցատկոտում վանդակում, սալտոյի պտույտներ անում կամ էլ դեմքերով սեղմվում էին վանդակաձողերին և աղերսալի վնգվնգում։ Բայց հենց որ հայտնվում էին մաքուր ամանները և տաք կաթով, ածիկով, ձկան յուղով, շաքարով ու կալցիումով լցված նավթի վիթխարի բիդոնները, ալեկոծվում էին հուզմունքից բոլոր վանդակները, անընդհատ աճող ժխորն ուղղակի խլացնում էր։ Շիմպանզեները երկարաձիգ հառաչում էին շրթունքների արանքից և բռունցքներով թակում վանդակի պատերին․ դրիլներն արձակում էին իրենց սուր ճիչը՝ «ա՜ր֊ա՜ր֊ա՜ր֊ա՜ր֊իիիիիիպ», ճիշտ և ճիշտ փոքրիկ գնդացիրների նման․ սպիտակաքիթ և բեղավոր կապիկները կամացուկ սուլում էին և թռչնի նման գեղգեղում։ Կարմրավուն կապիկները պարում էին խելագար պարուհիների նման և ճչում էին․ «Արրո՜պ, արրո՜պ։ Յի՜, յի՜, յի՜, յի՜»։ Մենք շարժվում էինք վանդակների մոտով, դրանց մեջ մտցնում կաթով լի թասերը, և աղմուկը փոքր֊ինչ մեղմանում էր։ Վերջում արդեն լսվում էր միայն խռխռոց, ճպպոց և երբեմն էլ հազ, եթե կաթը թռչում էր կատիկը։ Դատարկելով թասերը, կապիկները բարձրանում էին իրենց վանդակաձողերի վրա և այնտեղ նստում, դուրս ցցելով տռզած փորերը, և ժամանակ առ ժամանակ բարձր ու ինքնագոհ զկրտում։ Որոշ ժամանակ անց բոլորը ցած էին իջնում, զննում էին թասերը և համոզվում, որ դրանց մեջ այլևս ոչինչ չկա։ Երբեմն նրանք նույնիսկ բարձրացնում էին թասերը և նայում հակառակ կողմից՝ հո՞ բան չի մնացել այնտեղ։ Հետո նրանք սովորաբար կծկվում էին իրենց ձողերի վրա և ընկնում երանելի անդորրի մեջ՝ երեկոյան արևի շողերի տակ, և այնժամ ճամբարի վրա իջնում էր խաղաղությունն ու անդորրը։
 
Կապիկների մեջ ինձ առանձնապես դուր էր գալիս այն, որ նրանց միանգամայն օտար է պայմանականությունը, և նրանք անում են այն ամենը, ինչ փչում է գլխներին, բնավ իսկ չշփոթվելով։ Նրանք առատորեն միզում էին ու դատարկում էին աղիները և, կռանալով, հետևում էին, թե ինչպես է դա տեղի ունենում, ընդ որում նրանց մռութներն արտահայտում էին աշխույժ հետաքրքրություն։ Եվ զուգավորվում էին նրանք ամենևին էլ չամաչելով դիտող հասարակությունից։ Ես անձամբ լսել եմ, ինչպես շփոթված հանդիսատեսները կապիկներին անվանում են կեղտոտ ու անամոթ կենդանիներ, որովհետև նրանք պարզամտորեն կատարում են իրենց բնական պահանջները, չհետաքրքրվելով, նայո՞ւմ են իրենց վրա, թե ոչ, և իսկապես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են մարդիկ զայրանում։ Վերջ ի վերջո այդ մենք ենք բարձրագույն բանականությամբ որոշել, որ մեր օրգանիզմի միանգամայն բնական պահանջները ինչ֊որ կեղտոտ ու անվայել բան են, իսկ կապիկները չեն բաժանում մեր տեսակետը։
Ադմին, Վստահելի
1876
edits