Changes

Օվկիանոսում կորածները

Ավելացվել է 978 292 բայտ, 18:18, 26 Մայիսի 2016
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Օվկիանոսում կորածները |հեղինակ = [[Մայն Ռիդ]] |թարգմանիչ = Վահան Վարդանյան |աղբ...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Օվկիանոսում կորածները
|հեղինակ = [[Մայն Ռիդ]]
|թարգմանիչ = Վահան Վարդանյան
|աղբյուր = [http://litopedia.org Լիտոպեդիա]
}}

== Գլուխ I. Ալբատրոսը ==

Ծովային լայնաթև ուրուրը<ref>Ծովային ուրուր - ալբատրոս:</ref>, որ սավառնում էր Ատլանտյան օվկիանոսի արձակ տարածությունների վերևում, հանկարծ, ներքևում ինչ-որ բան տեսնելով, անշարժացավ: Նրա ուշադրությունը գրավեց սեղանի մեծությամբ մի լաստ: Երկու ոչ մեծ նավագերան, երկու լայն տախտակ` անփութորեն վրան գցված մի քանի առագաստաթելերով, ու խաչաձև կապված երկու-երեք ավելի նեղ տախտակ- ահա և ամբողջ լաստը:

Եվ այս լաստի վրա պատսպարվել են երկու հոգի` մի տղամարդ և տասնվեց տարեկան մի պատանի: Պատանին, որ մեկնված է տրորված առագաստալաթի վրա, ըստ երևույթին, քնած է: Իսկ տղամարդը կանգնած է և, ափով աչքերը արևից ծածկելով, լարված նայում է օվկիանոսի անեզր հեռուները:

Նրա ոտքերի մոտ ընկած են հանդշպուգը<ref>Հանդշպուգ - կարթաձողի մի տեսակ:</ref>, երկու նավաթիակ, ձյութած բրեզենտի մի կտոր ու մի կացին. ալբատրոսի սուր աչքն անգամ ուրիշ ոչինչ տեսնել չի կարող լաստի վրա:

Թռչունը սլանում է դեպի արևմուտք: Մի տասը մղոն ևս թռչելով, նա, թևերը լայն բացած, նորից անշարժանում է ու նորից աչքերը գամում օվկիանոսին:

Թռչունը մեկ ուրիշ, նույնպես անշարժ մի լաստ է տեսնում: Սա բոլորովին նման չէ առաջինին, թեև թե մեկը, թե մյուսը լաստ է կոչվում: Երկրորդը մի տասն անգամ ավելի մեծ է: Այն կառուցված է նավի փայտամասերի ամենատարբեր խոշոր բեկորներից: Նրա եզրերին կապված են դատարկ, մեծ տակառներ. դրանք օգնում են լաստին մնալու ջրի վրա: Ի՜նչ ասես, որ չկա այստեղ: Ե́վ երկու ձողանների միջև, ինչպես կայմի վրա, քաշված բրեզենտ, և́ երկու-երեք տակառիկ, և́ ծովային պաքսիմատների դատարկ արկղ, և́ թիակներ, և́ ծովային գործածության շատ ուրիշ առարկաներ: Իրերի այդ քաոսի մեջ տեղավորված են մի երեսուն հոգի: Նրանք նստած են, պառկած, կանգնած. մի խոսքով, ամենատարբեր դիրքերում են:

Ոմանք անշարժ են, ասես քնած են: Սակայն նրանց փռկված մարմիններն ու մուգ կարմիր, բորբոքված դեմքերը մտածել են տալիս, որ քնի պատճառը խմիչքն է: Մարդկանց մյուս խմբին, նրանց շարժումներին նայելիս, նրանց աղմուկն ու գոռգոռոցը լսելիս` այլևս կասկածելու հարկ չի լինում. սրանք, անշուշտ հարբած են. անագե բաժակն անընդհատ շրջան է գործում, և ռոմի հոտը հեռվից-հեռու զգացվում է: Այստեղ կան նաև մարդիկ, որ սթափ են, բայց նրանք սակավաթիվ են և նման են կենդանի մեռելների` այնքան որ հյուծված են, գրեթե անհույս, մերթ ընդ մերթ նայում են օվկիանոսի լայնարձակ տարածությանը ու նորից անշարժանում անելանելի հուսահատության մեջ:

Իզուր չէ, որ ալբատրոսը, այդ մարդկանց նայելով, տանջվում է անհամբերությունից: Նա գիշատիչ թռչունի բնազդով զգում է, որ շուտով, շատ շուտով, լիառատ խնջույք է սպասում իրեն:

Իսկ առայժմ նա թռչում է առաջ, ավելի ու ավելի դեպի արևմուտք: Ահա նա թռավ-անցավ ևս մի տասը մղոն ու նորից անշարժացավ տեղում: Նորից ինչ-որ մի արտասովոր առարկա ջրի վրա: Ալբատրոսի սրատես աչքը միայն կարող էր նկատել. մեծ լաստի մարդիկ չեն տեսնում: Առարկան այդքան հեռավորությունից թռչունի մեծությամբ մի կետ է թվում: Մինչդեռ իրականում թեև ոչ մեծ, բայց այնուամենայնիվ նավակ է դա, նեղ, երկար թիանավակ, որի մեջ վեց հոգի են նստած: Նավակն առագաստ չունի, ըստ երևույթին, չեն էլ փորձել առագաստ դնել: Կան թիակներ, բայց ոչ ոք չի թիավարում: Մարդիկ, երևի, հուսահատված, թողել են դրանք, և այժմ նավակը, ինչպես և լաստերը, ալիքների ու քամու քմահաճույքով քշվում է օվկիանոսում: Իսկ խաղաղ ժամանակ նավակը, ինչպես և երկու լաստերը, երկար ժամանակ քարանում է տեղում:

Եթե ալբատրոսը կարողանար մտածել, ապա նա կհասկանար, որ լաստերն ու նավակը այստեղ են ընկել, որովհետև, հավանաբար, ինչ-որ տեղ մոտերքում նավ է խորտակվել, և նավը կամ ջրի տակն է անցել, կամ էլ ոչնչացել է բոցերի մեջ: Իսկ փոքր լաստից մի տասը մղոն դեպի արևելք նա տեղի ունեցած աղետի ավելի ցայտուն ապացույցներ կտեսներ: Այնտեղ լողում էին ածխացած տախտակներ, գերաններ, բազրիքներ ու նավի այլ մասեր. և դա նշանակում էր, որ նավը ոչ թե փոթորկից, այլ կրակից է խորտակվել: Իսկ օվկիանոսում մի ամբողջ մղոնի վրա ցրված բազմատեսակ բեկորներից ալբատրոսը կկռահեր, որ ոչ միայն հրդեհ, այլև ահավոր ուժի պայթյուն է տեղի ունեցել նավի վրա:

Եթե ալբատրոսը կարողանար նաև կարդալ, ապա նա «Պանդորա» բառը կկարդար և́ կործանումից փրկված նավակի նավախելի վրա, և́ տակառների վրա, որոնց շնորհիվ մեծ լաստը նավարկելի էր դարձել, և́ փոքր լաստի երկու լայնակի տախտակների վրա: Այստեղ այդ բառը ավելի խոշոր տառերով է գրված: Տախտակները, ըստ երևույթին, եղել են խորտակված նավի բուգշպրիտի<ref>Բուգշպրիտ - առջևի կայմը, որը գտնվում է նավաքթի վրա հորզոնական դիրքում: </ref> երկու կողմում: Եվ իրենց լաստիկը շինելու համար այդ տախտակները պոկել են նրանք, ովքեր հիմա պատսպարված են նրա վրա: Այո, կասկածից վեր է. մոտերքում ինչ-որ տեղ «Պանդորա» անունով նավ է խորտակվել:


== Գլուխ II. Հրդեհ նավի վրա ==

Այս գլխում կանենք «Պանդորա»-ի պատմությունը` իր բոլոր սարսափազդու մանրամասնություններով։

«Պանդորա»-ն (որն, ավա՜ղ, Անգլիայում հանդերձա-վորված և հենց անգլիական նավահանգստից դուրս եկած ստրկատար միակ նավը չէր) սև ստրուկների փոխադրումով էր զբաղվում։ Ինչպես նման բոլոր նավերի, այնպես էլ նրա անձնախումբը հիմնականում բաղկացած էր անուղղելի սրիկաներից, կազմվել էր որտեղ և ինչպես պատահել էր, այնպես, որ հազվադեպ կարելի էր նույն ազգության պատկանող գոնե երկու մարդ գտնել այստեղ։

Խորտակումից առաջ, իր վերջին ուղերթի ժամանակ, նավը «ապրանք» բերելու համար գնաց դեպի Գվինեական ծոցի ափը։ Այնտեղ գնելով և նավամբարում տեղավորելով հինգ հարյուր դժբախտ սևամորթների (հինգ հարյուր «հակեր»-ի, ինչպես նրանց ծաղրանքով անվանում էին ստրկավաճառները), նավը իր «բեռը» տարավ Բրազիլիա, այն ամոթալի շուկան, որտեղ այդ օրերին դեռևս ծաղկում էր նեգրերի վաճառքը։ Այնտեղ կային հատուկ ընդունման կետեր, որտեղ սևամորթ մարդկանց բացահայտորեն գնում և ստրկության էին վաճառում։

Աֆրիկայից Հարավային Ամերիկա մեկնելու ճանապարհին, ուշ գիշերով, երբ նավը լողում էր բաց օվկիանոսում, հանկարծ հրդեհ բռնկեց նրա վրա: Հրդեհը հանգցնել չհաջողվեց։ Ծայր առած իրարանցման ու խուճապի մեջ սկսեցին թիանավեր ջուրն իջեցնել։ «Պանդորա»-ն երեք թիանավ ուներ։ Բայց պարզվեց, որ կատերը պիտանի չէ, իսկ բարկասը վերևից վրան ընկած տակառից ճեղքվեց ու սուզվեց։ Սարքին մնում էր մի թիանավ, և, օգտվելով մթությունից, նավապետը, իր օգնականի ու չորս նավաստիների հետ, նստեց նրա մեջ ու փախավ։

Մնացած նավաստիները (նրանք մոտ երեսուն հոգի էին) կարողացան մի մեծ լաստ սարքել: Ընդամենը մի քանի վայրկյան էր անցել, որ նրանք հեռացել էին վառվող նավից, երբ բոցը հասավ վառոդով տակառին, և ահավոր պայթյունը ցնցեց նավը, աղետը հասցնելով իր հանգուցակետին։
Բայց ի՞նչ եղավ «սև բեռը»: Այդ մասին պատմելն անգամ սարսափելի է։

Դժբախտները մինչև վերջին րոպեն մնացել էին փակված նավամբարներում, որոնց դռները գերաններով մեխված էին տախտակամածին։ Նրանք այնտեղ էլ կոչնչանային, ծխից խեղդվելով կամ ողջ-ողջ այրվելով բոցավառվող տախտակների մեջ, եթե նավից հեռացողների թվում չլիներ մի գթառատ հոգի։ Դա մի պատանի էր, գրեթե անչափահաս։ Նա կացնով մեկը մյուսի ետևից պոկեց այդ լողացող բանտի փականները և տա-ռապյալ նեգրերին օգնեց դուրս գալու։

Ավա՜ղ։ Նրանց վիճակված էր բոցերից փրկվել մի-այն նրա համար, որ կործանվեին օվկիանոսի մթին խորքերում։

Պայթյունից տասը րոպե հետո հարազատ վայրերից բռնի կերպով տարված բոլոր հինգ հարյուր նեգրերից ոչ մեկը չմնաց օվկիանոսի մակերևույթին։ Լողալ չիմացողներն անմիջապես հատակն իջան, իսկ իմացող-ներին լափեցին շնաձկները, օվկիանոսը լիքն էր դրանցով։

Այս ողբերգական իրադարձությունից անցել էր մի քանի օր: Հենց այդ պահից էլ սկսվում է մեր պատմությունը։ Հիմա դժվար չէ կռահել, թե ինչ մարդիկ էին դրանք, որոնց մասին նախապես խոսվեց։ Պատահականության կամքով նրանք ընկել են նույն զուգահեռականի վրա և այժմ լողում են իրար ետևից, մեկը մյուսից ընդամենը մի քանի տասնյակ մղոնով անջատված։

Դեպի արևմուտք լողացող փոքրիկ նավակը հենց այն էր, որ թռցրել էին «Պանդորա»-ի կատաղի նավապետն ու նրա ոչ պակաս կատաղի օգնականը։ Նրանց հետ էին մի հյուսն և երեք նավաստի, որոնց թույլ էին տվել, դավաճանաբար լքելով մնացածներին, փախչել իրենց հետ։ Այդ բանին օգնել էր մթությունը։ Սակայն որքան էլ նրանք արագ էին թիավարում, այնուամենայնիվ նրանց ականջին հասել էին այն գազազած անեծքներն ու սպառնալիքները, որ փախչողների ետևից ուղարկում էին խաբված ուղեկիցները։

Հենց սրանք են, որ այժմ լողում են մեծ լաստի վրա: Իսկ ովքե՞ր են այն երկուսը, որ խիզախել են իրենց կյանքը վստահել երրորդ, խարխուլ նավակին, որն այնքան խղճուկ է, որ թվում է, եթե նույնիսկ մի թեթև քամի էլ բարձրանա` կտոր-կտոր կլինի, և ուղևորներն էլ ջրի տակ կիջնեն։

Սակայն նավի խորտակումից հետո անցած գրեթե ամբողջ ժամանակամիջոցում, բարեբախտաբար, օվկիանոսում լիակատար հանդարտություն էր տիրում:

Բայց և այնպես, ինչո՞ւ այդ երկուսը` նավաստին ու յունգան<ref>Յունգա – կրտսեր նավաստի:</ref>, «Պանդորա»-ի անձնակազմի անդամ լինելով հանդերձ, մնացած բոլորից առանձին են լողում։

Դա ուներ իր պատճառը, որի մասին էլ այժմ համառոտակի կպատմենք։ Փոքր լաստի ավագ ուղևորի անունը Բեն Բրաս էր. նա համարվում էր նավի ամբողջ անձնակազմի ամենալավ, ամենախիզախ նավաստին։ Նա երբեք էլ չէր վարձվի այդպիսի նավի վրա աշխատելու, եթե բազմաթիվ վիրավորանքներ չստանար հայրենի Անգլիայի նավատորմում ծառայելիս։ Հենց դրանք էլ նրան հասցրին այդ անխոհեմ արարքին ու նա վաղուց արդեն զղջում էր արածը։

Նրա պատանի ընկերը ևս նույնպիսի մի չմտածված քայլի զոհ էր դարձել։ Աշխարհ տեսնելու տենչով բռնված, նա վճռեց դառնալ ծովային. փախավ տանից ու վարձվեց որպես յունգա։ Նա, ի դժբախտություն իրեն, աշխատանքի ընդունվեց «Պանդորա»-ում, չկասկածելով, թե ինչ է դա իրենից ներկայացնում։ Սակայն այնտեղ այնքան դաժան էին նրա հետ վարվում, որ պատանին շատ շուտ հասկացավ իր կատարած սխալը։ Առաջին իսկ րոպեից, երբ պատանի Վիլյամը մտավ այդ ստրկատար նավը, կյանքը նրա համար տանջանք դարձավ։ Եվ նա, իհարկե, այդ կյանքին չէր դիմանա, եթե չգտնվեր այնպիսի մի քաջակորով ընկեր, ինչպիսին Բեն Բրասն էր։ Շուտով նավաստին իր առանձնահատուկ պաշտպա-նության տակ առավ նրան։ Մտերիմները զգում էին, որ իրենք ոչ մի ընդհանուր բան չունեն այդ ավազակախմբի հետ։ Սոսկ պատահականությունն էր հանդիպեցնել նրանց։ Եվ բարեկամները հաստատ վճռեցին առաջին իսկ հնարավորության դեպքում հեռանալ այդ նողկալի խմբից։

Դժբախտաբար, նավի խորտակումը խանգարեց նրանց մտադրության իրագործմանը։ Նրանք կամա թե ակամա բոլորի հետ հայտնվեցին մեծ լաստի վրա։ Եթե Բրասն ու յունգան մնային այն խարխուլ շինվածքի վրա, որով ազատվեցին վառվող նավից, ապա փրկության վերջին, թեկուզ և չնչին, հույսն էլ կկորցնեին։ Դրա համար էլ նրանք մոտեցան մեծ լաստին, իրենց լաստը կապելով նրանից։

Նրանք ստիպված եղան նորից մի քանի օր ու գիշեր անցկացնել այդ զզվելի մարդկանց ընկերակցությամբ, նրանց հետ կապելով և իրենց բախտը։ Գիշերը, փոփոխական քամիների կամքով, նրանց լաստերը դեսուդեն էին քշվում, իսկ ցերեկը, հանդարտ պահերին, երկար ժամանակ կանգնած էին մնում տեղում։

Սակայն, այնուամենայնիվ, ի՞նչը վերջիվերջո Բեն Բրասին ու նրա պատանի ուղեկցին ստիպեց հեռանալ մեծ լաստից: Եվ ինչպե՞ս պատահեց, որ նրանք նորից հայտնվեցին իրենց փոքրիկ լաստի վրա։

Մենք չենք կարող մեր ընթերցողից գաղտնի պահել պատճառը, թեև այդ մասին մտածելիս անգամ սարսռում ենք: Բանն այն է, որ եթե Բեն Բրասը չփրկեր իր պատանի բարեկամին, ապա նրան կերած կլինեին։ Խիզախ նավաստին այդ ահավոր ճաշկերույթը կարողացավ կանխել միայն խորամանկորեն մտածված ծրագրի շնորհիվ, և այն էլ` սեփական կյանքը վտանգի ենթարկելով։

Դա տեղի ունեցավ այսպես։ Մթերքի աղքատիկ պաշարը, որ այդ սրիկաներին հաջողվել էր վերցնել վառվող նավից, սպառվեց։ Նրանք սովահարության այն աստիճանին էին հասել, երբ մարդիկ ամենանողկալի ուտելիքից անգամ չեն խորշում: Բայց նրանց մտքով անգամ չանցավ վիճակ գցել, մի բան, որին ընդունված է դիմել այդպիսի սարսափելի դեպքերում: Նրանք ավելի պարզ վարվեցին` իրար հետ պայմանավորվելով սպանել տղային և ուտել։ Միմիայն Բենը դեմ եղավ այդ չարագործությանը։ Բայց նրա ձայնը հաշվի չառնվեց։ Գազանացած նավաստիներն իրենցն էին պնդում։ Միակ բանը, որին կարողացավ յունգայի պաշտպանը, դա սպանությունը մինչև հաջորդ առավոտ հետաձգելու խոստումն էր։

Նավաստին, անշուշտ, գիտեր, թե ինչ էր անում։ Գիշերը քամի բարձրացավ, և իրար կապված լաստերը ճանապարհ ընկան։ Իսկ երբ խավարը պատեց օվկիանոսը, Բեն Բրասը կտրեց երկու լաստերն իրար կապող պարանը։ Ահա թե ինչպես եղավ, որ նրանք նորից երկուսով մնացին ու բաժանվեցին իրենց վտանգավոր ուղեկիցներից։ Հենց որ նրանք այնքան հեռացան, որ թիակների աղմուկը չէր կարող լսվել, սկսեցին թիավարել։

Ամբողջ գիշեր թիավարեցին քամուն հակառակ։ Եվ միայն այն ժամանակ, երբ լույսը բացվեց, և օվկիանոսը նորից անշարժացավ, որոշեցին շունչ քաշել, գիտենալով, որ քիչ առաջվա ուղեկիցները հիմա իրենց չեն տեսնում, քանի որ իրենք մի տասը մղոն առաջ էին անցել մեծ լաստից։

Այս հոգնեցուցիչ թիավարումից հետո, և այն էլ դրանից առաջ այդքան ժամեր տագնապի մեջ եղած, յունգան այնքան էր թուլացել, որ առագաստալաթի վրա մեկնվելն ու քնելը մեկ եղավ։ Բայց Բենը, հետապնդումից վախենալով, մտքով անգամ չանցկացրեց պառկել: Նա այդպես էլ ամբողջ առավոտ կանգնած մնաց պահակի նման, աչքերը ափով արևից ծածկած, տագնապալից նայելով արևի տակ փայլատակող օվկիանոսի հայելուն։


== Գլուխ III. Աղոթքը ==

Հորիզոնի բոլոր կողմերից և հատկապես արևմուտքից ուշադիր զննելով օվկիանոսի հարթությունը, Բեն Բրասը վերջապես շրջվեց դեպի Վիլյամը, որն ամբողջ առավոտվա ընթացքում ոչ մի անգամ չէր արթնացել։

– Ինչքան է հոգնել, խե՜ղճ տղա,– նայելով նրան՝ ինքնիրեն խոսեց նավաստին։– Եվ հասկանալի է, ինչ շաբաթ ապրեցինք։ Մի մտածեցեք, որքա՜ն մոտ էր նա մահին:

Զարմանալի չէ, որ ուժասպառ է եղել: Բայց կար-ծում եմ, որ նա այդ փորձանքից չի ազատվել: Հենց որ տղան հանգստանա, նորից պետք է թիակները գործի դնել, թե չէ` մեկ էլ տեսար էլի ետ քշվեցինք նրանց մոտ: Այն ժամանակ` երկուսիս էլ վերջ: Ոչ միայն տղային, ինձ էլ կլափեն հենց այն պատճառով, որ նրան փախցրի: Գետնի տակն անցնեմ, թե ճիշտ չեմ ասում:

Նավաստին մի պահ լռեց, խորհրդածելով` իրեն կհետապնդե՞ն, թե ոչ:

– Իհարկե,– նորից քթի տակ խոսեց Բրասը,– նրանք քամուն հակառակ մեր լաստին չեն հասնի: Միայն թե հիմա թիակները գործի չդնեին... Ահա և քամին դադարեց. օվկիանոսը ոնց որ ապակու կտոր: Այնտեղ թիավարներ շատ կան, և թիակներն էլ քիչ չեն. ով գիտե, մեկ էլ տեսար` հասան մեզ:

– Վա՜յ, Բեն, սիրելի Բեն, ազատի՜ր ինձ: Ազատի՜ր այս ավազակներից,– վախեցած, իհարկե, երազում, խոսեց յունգան:

– Շանթահար լինեմ, թե մի գարշելի բան չի տեսել,– յունգայի բառերը որսալով, ասաց նավաստին:– Արդեն քնի մեջ էլ է խոսում: Երևի երազում տեսնում է, որ պատրաստվում են իր վրա հարձակվել, ինչպես այն գիշեր: Չարթնացնե՞մ: Քանի որ սարսափելի բաներ է տեսնում` ավելի լավ է թող արթնանա: Բայց մեղք է արթնացնելը, լավ կլիներ, որ մի քիչ էլ քներ:

– Ա-ա-ա՜: Նրանք ուզում են ինձ սպանել, ուտել,– նորից քնի մեջ տնքաց տղան:

– Շանթահար լինեմ, թե դա նրանց հաջողվի: Վի՛լմ, փոքրիկս, արթնացիր, արթնացի՛ր: Լսու՞մ ես: Եվ, քնածի վրա կռանալով, Բենը հրեց նրան:

– Ախ, Բեն, դո՞ւ ես: Իսկ որտե՞ղ են այդ ավազակները:

– Յոթ սարի ետևում: Երազում ես տեսել: Դրա համար էլ քեզ արթնացրի:

– Ի՜նչ լավ արեցիր: Օ՜, ինչ սարսափելի երազ էր: Տեսա իբր ինձ ուտում էին:

– Բավական է, Վիլմ, նրանք քեզ չեն կերել ու չեն էլ ուտի. ուրիշ բան է, եթե առաջ ինձ սպանեն:

– Բեն թանկագինս, ինչ լավն ես,– գրեթե բղավելով ասաց պատանին:– Դու նույնիսկ կյանքդ վտանգեցիր ինձ փրկելու համար: Ախ, արդյո՞ք երբևէ կկարողանամ ապացուցել, թե որքա՜ն եմ գնահատում քո բարությունը:

– Փոքրիկս, այդ մասին խոսել անգամ չարժե: Միայն թե վախենում եմ, որ մեր փախչելը շատ էլ օգուտ չի տա: Բայց եթե մեզ վիճակված է մեռնել, ապա ինչ մահ ուզում է լինի, միայն թե այդպիսին չլինի: Իմ կարծիքով, ավելի լավ է շնաձկները մեզ խժռեն, քան թե մեր եղբայրը, քան թե մարդիկ: Թյո՛ւ: Մտածելն անգամ զզվելի է: Իսկ հիմա, փոքրիկս, քիթդ չկախես: Ճիշտ է, մեր վիճակը նախանձելի չէ: Բայց ով գիտե, մեկ էլ տեսար դրությունը փոխվեց: Աստված մեզ չի լքի: Ես ու դու նրան չենք տեսնում, իսկ նա, միգուցե հենց այս պահին մեզ է նայում: Ափսոս աղոթել չգիտեմ, ինձ չեն սովորեցրել: Իսկ դու գիտե՞ս:

– Գիտեմ: «Հայր մեր»-ը գիտեմ: Մեզ հարմա՞ր է:

– Իհարկե: Դրանից լավ աղոթք չեմ էլ լսել: Ապա, բարեկամս, չոքիր ու աղոթիր, իսկ ես կկրկնեմ: Ամոթ է ասելը, բայց կարծես մոռացել եմ:

Յունգան հնազանդորեն չոքեց ու սկսեց աղոթել: Հոգով անխարդախ նավաստին նույնպիսի դիրքում, ձեռքերը կրծքին խաչած` ուշադիր լսում էր, մերթընդմերթ հիշողության մեջ արթնացրած մեկ-երկու խոսք մեջ գցելով:

Ավարտելով, երկուսն էլ հանդիսավոր ձևով ասացին «ամեն», և Բրասը, ասես նոր ուժերի հորձանք զգալով, բարձրացրեց մի թիակը, յունգային էլ կարգադրեց վերցնել մյուսը:

– Միայն թե մեզ հաջողվեր գնալ դեպի արևելք,– ասաց նա,– այն ժամանակ նրանք մեզ չէին տեսնի, ինչպես իրենց ականջները: Մի երկու-երեք ժամ կշարժենք թիակները, քանի դեռ արևը չի սկսել այրել, և ընդմիշտ հրաժեշտ տանք նրանց: Դե, փոքրիկս, Վիլյամ, գործի անցնենք: Եկ մի քիչ էլ թիավարենք, իսկ հետո` ինչքան կուզես հանգստացիր:

Լաստեզրին տեղավորվելով՝ նավաստին թիակը ջուրն իջեցրեց, այն աշխատեցնելով ինչպես կանոեով<ref>Կանոե – հնդկական նավակ, որը չունի թիակալներ, ինչպիսիք ունենում է սովորական նավակը: </ref> լողացող թիավարը: Վիլյամը նստեց հակառակ ծայրին, և լաստը, չնայած օվկիանոսի լիակատար հանդարտությանը, առաջ շարժվեց:

Թեև նոր էր լրացել յունգայի տասնվեց տարին, բայց նա վարպետորեն էր կառավարում թիակը, կարողանալով այն գործադրել տարբեր ձևերով: Վիլյամն այդ արվեստին տիրապետել էր ծովի մասին երազել սկսելուց դեռևս շատ առաջ, և այժմ նրա այդ հմտությունը լավ ժամանակին էր պետք գալիս: Բացի դրանից, նա իր տարիքի համեմատ շատ ուժեղ էր և այդ իսկ պատճառով էլ ետ չէր մնում նավաստուց: Ճիշտ է, Բենն ամբողջ ուժով չէր գործում:

Սակայն ինչ էլ որ լինի, լաստը երկու թիակների համաչափ հարվածների տակ բավականաչափ արագ էր շարժվում. իհարկե ոչ այնքան արագ, ինչքան նավակը, բայց, այնուամենայնիվ, ժամում երկու-երեք հանգույց անելով:

Երկար թիավարելու հարկ չեղավ: Թեև համընթաց քամի փչեց արևմուտքից, նրանց օգնելով լողալու ցանկալի ուղղությամբ: Թվում էր, թե դա նրանց օգտին էր: Մինչդեռ նավաստին, ըստ երևույթին, դժգոհ էր, նկատելով, որ քամին արևմուտքից էր փչում:

– Այս քամին ինձ դուր չի գալիս,– ձայն տվեց նա յունգային:– Եթե ուրիշ կողմից փչեր, ես ոչինչ չէի ասի: Բայց այս քամուց օգուտ չկա, թեև օգնում էլ է դեպի արևելք շարժվելուն: Չէ որ սա նրանց էլ է նույն կողմը քշում: Իսկ նրանք առագաստով ավելի արագ են շարժվում, քան մենք մեր թիակներով:

– Իսկ ինչո՞ւ մենք էլ առագաստ չդնենք: Ինչ ես կարծում, Բեն, չե՞նք կարող,– արձագանքեց յունգան:

– Հիմա, բարեկամս, հենց այդ մասին էլ մտածում եմ: Միայն թե չգիտեմ` ինչից կարող ենք առագաստ սարքել: Մենք կլիվերի բրեզենտ ունենք: Սա, որ հիմա վրան նստած ենք: Բայց բրեզենտը շատ է հաստ: Իսկ պարան ունե՞նք: Սպասիր, որ կլիվերի վրա մի կտոր թոկասարք կա. դա այն է, ինչ որ մեզ հարկավոր է: Ունենք հանդշպուգ և երկու թիակ: Եկ թիակները կանգնեցնենք ու բրեզենտը քաշենք նրանց միջև:

Նավաստին այդպես էլ արեց: Մի կտոր բրեզենտ պոկելով, այն ձգեց թիակների միջև և ամուր կապեց: Եվ ահա ինքնաշեն առագաստը, ուռչելով, արդեն քամուն դեմ էր տալիս իր մի քանի քառակուսի յարդը, որը միանգամայն բավական էր այդպիսի լաստի համար:

Այժմ մնում էր միայն լաստը կառավարել ու հետևել, որ քամին այն տանի անհրաժեշտ ուղղությամբ: Դրա համար նավաստին գործի դրեց հանդշպուգը որպես ղեկ կամ ղեկաթի:

Բեն Բրասը, հանդշպուգը ձեռքին, առագաստի ետևում նստած, գոհունակությամբ նայում էր, թե որքան լավ է այն գործում: Եվ իրոք, հենց որ քամին առագաստն ուռցրեց` լաստը լողաց ժամում առնվազն հինգ հանգույց արագությամբ:

Հազիվ թե ավելի արագ շարժվեր մեծ լաստը իր ավազակներով, որոնք քիչ էր մնում մարդակեր դառնային: Հետևաբար, ինչ հեռավորության վրա էլ այն գտնվելիս լիներ, քիչ էր հավանական, որ իրենց հասներ:

Ինքն իրեն համոզելով, որ այդպես է, նավաստին այլևս չէր մտածում քիչ առաջ իրեն և իր պատանի ուղեկցին սպառնացող վտանգի մասին: Սակայն զգալով, թե դեռևս որքան սարսափելի բաներ են սպասում իրենց, նրանք չէին կարողանում ոչ գոնե մի ուրախ խոսք փոխանակել, ոչ էլ շնորհավորել իրար:

Երկար ժամանակ լուռ նստած էին նրանք` հուսահատությամբ համակված: Միայն լսվում էր թե ինչպես լռության մեջ ճողփում էր ջուրը, մարգարտահատիկ փրփուր փռելով լաստի կողքերին:


== Գլուխ IV. Սով, հուսահատություն ==

Սակայն քամին թույլ էր ու երկար չփչեց: Ծովայիններն այդպիսի քամին անվանում են «կատվի թաթիկ»: Նրա ուժը բավականացնում է միայն ջուրը մի թեթև ալիքավորելու համար, ու սովորաբար մի ժամից ավելի չի տևում: Եվ ահա նորից տիրեց մեռյալ հանդարտություն. օվկիանոսի մակերևույթը դարձավ հայելու պես հարթ:

Փոքրիկ լաստն անշարժ ընկած էր ջրի վրա. ինքնաշեն առագաստն անզոր էր նրան տեղաշարժելու: Բայց և այնպես, հիմա էլ նա օգուտ էր տալիս` արևից պաշտպանելով մեր տառապյալներին. թեև ցերեկային լուսատուն նոր էր հորիզոնից բարձրացել, սակայն արդեն այրում էր այնպիսի անողոքությամբ, որպիսին նա ունենում է արևադարձային երկրներում:

Բենն այլևս չէր առաջարկում թիավարել, թեև հետապնդման սպառնալիքը չէր անցել: Ճիշտ է նրանք մի հինգ-վեց հանգույց շարժվել էին դեպի արևելք: Բայց չէ որ թշնամիներն էլ պետք է որ նույնքան արած լինեին. հետևաբար, նրանց միջև ընկած տարածությունը չէր ավելացել:

Հոգնածությունը և վիճակի անհուսալիության գիտակցումն ընկճե՞լ էին Բրասին, թե՞ մի լավ կշռադատելուց հետո նավաստին իրոք սկսել էր ավելի քիչ վախենալ հետապնդումից, ինչ որ էր, նա առաջվա պես չէր անհանգստանում տեղում կանգնած լինելու համար: Մեկ անգամ էլ վեր կենալով, Բենը ուշադիր, չորս կողմից նայեց հորիզոնին, հետո մեկնվեց առագաստի ստվերում, խորհուրդ տալով, որ նույնն անի նաև յունգան: Վիլյամը չթողեց, որ իրեն խնդրեն և պառկելուն պես քնեց:

«Լավ է, որ նա կարողանում է քնել,- մտածեց Բրասը:- Նա էլ ինձ նման ահավոր սոված է, բայց քանի դեռ քնած է, քիչ է տանջվում: Ասում են` ով քնում է, նա կարող է ավելի շատ դիմանալ: Հաստատ չգիտեմ` այդպես է, թե չէ: Սակայն գիտեմ, ինչքան էլ որ քնելուց առաջ տրաքվելու չափ կերել եմ, առավոտյան արթնացել եմ բոլորովին սոված, ասես բերանս պատառ դրած չեմ եղել: Օհ-հո-հո՜: Մտքովս էլ չի անցնում քնել: Աղիքներս փորումս էնպիսի մի զուռնադհոլ են ածում, որ ծերուկ Մորփեոսին<ref>Մորփոս – հին հունական դիցաբանության մեջ երազների աստվածը, Քնի ու Գիշերվա որդին:</ref> անգամ չեն թողնի քնել: Գոնե որևէ փշրանք լիներ լաստի վրա: Պաքսիմատի վերջին պատառը կուլ եմ տվել ավելի քան մեկուկես օր առաջ: Հը, ի՞նչ կարելի է ուտել... Բան չկա: Գուցե կոշիկնե՞րս ծամեմ: Չէ, չէ. այնքան են աղիացել ծովաջրից, որ կա-րող են սոսկ խմելու պահանջը սաստկացնել, իսկ ես առանց այն էլ հազիվ եմ զսպում ծարավս: Ա՜յ քեզ դժբախտություն: Ոչ ուտելիք, ոչ խմելիք: Ոնց պիտի լինի: Տեր իմ, գոնե փոքրիկ Վիլմի աղոթքը լսիր: Դու, իհարկե, իմ աղոթքը չես լսի, չէ որ ես չափից դուրս մեծ սրբապիղծ եմ: Օհ-հո-հո՜: Եվս մեկ-երկու օր այսպիսի սովահարություն` և ես ու Վիլմը, թերևս, այնպես կքնենք, որ էլ երբեք չենք արթնանա»:

Հուսահատված նավաստին ինքն իրեն արտասանած այս ամբողջ ճառն ավարտեց այնպիսի մի խղճալի հառաչանքով, որ Վիլյամն անմիջապես արթնացավ իր հանգիստ քնից:

– Ի՞նչ է պատահել, Բեն,– հենվելով արմունկին ու տագնապալից նայելով իր հովանավորի դեմքին, հարցրեց նա:

– Առանձնապես` ոչինչ,–պատասխանեց նավաստին: Նա չէր ուզում իր մռայլ մտքերով վախեցնել պատանուն:

– Դու հառաչե՞լ ես, թե ինձ է թվացել: Վախեցա, կարծեցի` նրանք հասնում են մեր ետևից:

– Չէ, փոքրիկս, դրանից չեմ վախենում: Նրանք, թերևս, մեզնից շատ են ետ մնացել: Այսպիսի հանդարտության դեպքում նրանք կծուլանան ու մատը մատին էլ չեն խփի, ուր մնաց թե թիավարեն, գոնե այնքան ժամանակ, քանի դեռ թեկուզ մի կաթիլ ռոմ կա տակառում: Իսկ երբ եղած-չեղածը քամեն, այն ժամանակ բոլորովին չեն հասկանա` շարժվում են, թե հարբածությունից են օրորվում: Չէ, Վիլյամ, նրանցից չէ, որ հիմա պետք է վախենանք...

– Էէ՜, Բեն, սոված եմ, շա՜տ... Հիմա ինչ էլ որ լիներ` կուտեի:

– Գիտեմ, փոքրիկս, գիտեմ: Ես էլ սարսափելի ուտել եմ ուզում:

– Դու պետք է որ ինձնից ավելի շատ ուզես, Բեն: Չէ որ քո երկու պաքսիմատների կեսից ավելին ինձ տվեցիր: Ափսոս, ինչու՞ վերցրի: Հիմա, երևի, սարսափելի տանջվում ես սովից:

– Ճիշտ է, Վիլյամ, ասելու չէ, թե ինչքան եմ ուզում ուտել: Իսկ եթե մի կտոր ավելի կամ պակաս պաքսիմատ եմ կերել, դրանից վիճակը չի փոխվի: Միև-նույն է, ստիպված կլինենք...

– Ի՞նչ «ստիպված կլինենք», Բեն,– հարցրեց յունգան, նկատելով, որ ստվեր իջավ իր բարեկամի դեմքին. նա դեռ երկար այդպես մռայլ ու տխուր չէր տեսել նավաստուն:

Բենը չպատասխանեց: Նա ոչինչ չկարողացավ հորինել, իսկ ճշմարտությունն ասել չուզեց, խղճալով տղային, և, շրջվելով այնպես էլ ոչինչ չասաց:

– Գիտեմ ինչ էիր ուզում ասել, Բեն: Դու կարծում ես, թե մենք մեռնելու ենք:

– Ի՜նչ ես ասում, Վիլմ: Դեռ հույս կա: Ով գիտե հետո ինչ է լինելու: Գուցե մեր աղոթքը անպատասխան չմնա: Այ թե ինչ, փոքրիկս, եկ մեկ անգամ էլ ծայրից ծայր ասենք: Այս անգամ ավելի շատ կկարողանամ քեզ օգնել: Ժամանակին ես էլ եմ իմացել այդ աղոթքը, իսկ քեզ լսելուց հետո շատ բան վերհիշեցի: Սկսիր:

Վիլյամը առագաստի ստվերում չոքեց ու նորից աղոթեց: Նավաստին, նույնպես չոքած, իր կոշտացած ձայնով նրա հետ կրկնում էր յուրաքանչյուր բառը:

Երբ վերջացրին, Բենը վեր կացավ և երկա՜ր-երկար նայեց օվկիանոսին:

Աղոթքը թեթևացրեց նավաստու անխարդախ հոգին, ու մի պահ նրա դեմքը լուսավորվեց հույսով... Բայց միայն մի պահ: Ոչ մի մխիթարական բան չէր երևացել նրա աչքին: Առաջվա պես նույն անսահման, կապույտ օվկիանոսն էր փռված շուրջը, իսկ գլխավերևում նույն անսահման, կապույտ երկինքն էր:

Ընդամենը մեկ րոպե հոգին ջերմացրած հույսին անմիջապես հաջորդեց լիակատար հուսահատությունը, և նավաստին նորից կծկված պառկեց առագաստի ետևում: Ու նորից երկու ընկերները լուռ մեկնվել էին կողք-կողքի: Բայց ոչ մեկը, ոչ էլ մյուսը քնած չէր: Նրանք ասես թե անզգայացել էին լիակատար հուսահատությունից:


== Գլուխ V. Հավատ, հույս ==

Թե որքան ժամանակ նավաստին ու յունգան պառկած մնացին այդ կիսաանզգա վիճակում, իրենք էլ չիմացան: Համենայն դեպս դա, հավանաբար, մի քանի րոպեից ավելի չտևեց, որովհետև այդպիսի դեպքում մարդու միտքը չի կարող երկար ժամանակ գործել:

Այդ վիճակից նրանց անսպասելիորեն դուրս բերեց ոչ թե գիտակցության մեջ ծնունդ առած միտքը, այլ, ավելի շուտ, զուտ արտաքին, տեսողական տպավորությունը:

Նրանք պառկած էին մեջքի վրա` բաց աչքերը երկնքին հառած: Միապաղաղ, անհուն կապույտը խաթարող ամպի ոչ մի ծվեն չկար երկնքում:

Եվ հանկարծ այդ միապաղաղ կապույտը նախշվեց, խայտափայլեց բազմաթիվ կենդանի արարածներով, որոնք, արծաթե նետերի պես շողարձակելով, անցան նրանց լաստի վրայով: Արևի պայծառ ճառագայթների տակ նրանք մի պահ երևացին որպես կապտասպիտակ պտեր, և հանձին այդ լուսավոր, պայծառ արարածների, որոնց կարելի էր թռչունների տեղ ընդունել, նա-վաստին ճանաչեց օվկիանոսի խորքի բնակիչներին:

– Թռչող ձկների վտառ է,– նույնիսկ տեղից չբարձրանալով՝ անտրամադիր նկատեց նա:

Եվ հանկարծ, տեսնելով, որ այդ ձկները, գրեթե առագաստին դիպչելով, շարունակում են թռչել լաստի վերևում, նավաստին վեր թռավ տեղից ու բղավեց.

– Իսկ եթե դրանցից մեկին ցած գցե՞նք: Որտե՞ղ է հանդշպուգը:

Ի դեպ, վերջին հարցը նա տվեց մեքենաբար, որովհետև հենց նույն պահին, առանց պատասխանի սպասելու, նա կտրուկ շարժումով վերցրեց իրենից ոչ հեռու ընկած հանդշպուգը և թափահարեց գլխավերևում:

Հնարավոր է նրան հաջողվեր խփել այդ թևավոր-լողացող արարածներից մեկին, որոնք ալբակորներից ու բոնիտներից ազատվելու համար օվկիանոսից դուրս թռչելով, երամով սուրում էին իրենց գլխավերևում: Բայց հանդշպուգի կարիք չեղավ. լաստի վրա գտնվեց ձուկ որսալու ավելի հաստատ մի միջոց` Բենի պատրաստած առագաստը: Հենց այն պահին, երբ նավաստին ուզում էր հարվածել հանդշպուգով, ինչ-որ մի բան փայլատակեց նրա աչքերի առջև, իսկ ականջներին հասավ Վիլյամի հրճվալի բացականչությունը. թռչող ձկներից մեկը թափով խփվեց առագաստին և, իհարկե, ընկավ լաստի վրա: Լսվում էր, թե ինչպես էր նա բրեզենտի մեջ մոլորվելով թպրտում, ըստ երևույթին, ավելի զարմացած, քան յունգան, որի երեսին նա ընկավ: Եթե, ինչպես ասում են, բռնած մի թռչունը թփուտում գտնվող երկուսին արժե, ապա, նույն առածով առաջնորդվելով, բռնած մի ձուկը ջրում եղած եր-կուսին արժե և օդում գտնվող ավելի շատին:

Հավանաբար այսպիսի մտքեր ծագեցին Բեն Բրասի գլխում, որովհետև նա դադարեց երկրորդ ձուկը բռնելու համար դեսուդեն ընկնելուց, հանդշպունգը շպրտեց լաստի վրա, ապա, կռանալով, ընկավ այն մեկի ետևից, որն իր բարի կամքով կամ, ավելի ճիշտ, դրան հակառակ, դարձել էր իրենց զոհը:

Ձուկն այնպես էր թպրտում, որ կարող էր, լաստեզրին հասնելով, ջուրը նետվել: Դա, անկասկած, շատ էր ուզում ձուկը, բայց բոլորովին չէին ուզում լաստի բնակիչները: Եվ որպեսզի այդ բանը չպատահեր, նրանք անմիջապես չոքեցին ու, սողալով, ընկան ձկան ետևից, այդ պահին հիշեցնելով որսաշների, որոնք ձգտում են հնարավորին չափ շուտ բռնել իրենց արանքում դեսուդեն վազվզող դաշտամկանը:

Յունգային երկու անգամ հաջողվեց բռնել ձկանը, սակայն ծակող լողաթևիկներով լպրծուն արարածը միշտ կարողանում էր դուրս պրծնել ձեռքից: Դեռ հայտնի չէր, արդյոք, կբռնե՞ն, թե նրանց վիճակված է սոսկ տանտալոսյան<ref>Տանտալոս – Լիդիայի թագավորը: Ըստ առասպելի, որդուն սպանելու համար աստվածները նրան դատապարտել են հավիտենական սովի ու ծարավի:</ref> տանջանքներ կրել ու, ձկանը նայելով, նրան դիպչելով` իրենց ախորժակը գրգռել, առանց որսը ճաշակելու:

Այսպիսի տխուր վախճանի վերաբերյալ միտքը Բեն Բրասին ստիպեց լարել իր բոլոր ուժերը, ամբողջ եռանդը: Նա նույնիսկ վճռեց, որ եթե ձուկը ջուրն ընկնի, ապա ինքն անմիջապես կնետվի նրա ետևից, քանի որ նորից իր հարազատ տարերքի մեջ ընկած ձկանը պետք է բռնել առանց վայրկյան իսկ կորցնելու, քանի դեռ նա ուշքի չի եկել: Դեռ նոր էր այս բանը նրա մտքով անցել, երբ որսը բռնելու ավելի հուսալի միջոց գտնվեց. դրա համար բոլորովին էլ պետք չէր ձկան ետևից ջուրը նետվել:

Ջղաձգորեն դեսուդեն ընկնող ձուկն իրոք հայտնվեց լաստի հենց եզրին: Սակայն նրան վիճակված չէր ավելի հեռու գնալ: Բրասը հասկացավ, թե ինչ գանձ է ընկնում իր ձեռքը, և առագաստի չամրացված ծայրով ծածկեց նրա տակ մնացած գերյալին: Ափով ամուր սեղմելով ձկանը, Բենն այդպիսով վերջ տվեց նրա` ազատվելու կատաղի ջանքերին: Ու երբ նա առագաստը մի փոքր բարձրացրեց, տեսավ, որ ձուկը տափակել է և, իհարկե, ավելորդ է ասել, աղ դրած ծովատառեխի պես շունչը փչել:

Բարեհոգի նավաստին ճիշտ ժամանակին իրենց ուղարկված այդ ուտելիքի մեջ տեսավ նախախնամության ամենազոր ձեռքը: Եվ, առանց երկար ու բարակ մտածելու, դա վերագրեց կրկնակի աղոթքի ուժին:

- Տեսնում եմ, Վիլյամ, սա մեր աղոթքի պատասխանն է: Արի մի անգամ էլ ասենք, որպես շնորհակալություն: Բաց օվկիանոսում մեզ ուտելիք տվողը` խմելու ջուր էլ կտա: Դե, փոքրիկս, ինչպես մեր քահանան էր ասում եկեղեցում` աղոթենք ընդ տեր մեր:

Եվ այս ճառից հետո, որը թեև հանդիսավոր լրջությամբ արտասանվեց, բայց բավականաչափ զավեշտական հնչեց, նավաստին չոքեց, հետևելով իր պատանի ընկերոջը:


== Գլուխ VI. Թռչող ձուկը ==

Թռչող ձուկը օվկիանոսի ամենաուշագրավ «հրաշալիքներից» մեկն է: Ահա թե ինչու մեր պատմության մեջ, որը գլխավորապես նվիրված է օվկիանոսի խոր-քերի նկարագրությանը, չենք կարող սահմանափակվել այդ ձկան վերաբերյալ հակիրճ ակնարկով:

Դեռևս հնագույն ժամանակներում, երբ մարդիկ առաջին անգամ սկսեցին նվարկել ծովերում և օվկիանոսներում, նրանք զարմանքով նկատեցին մի երևույթ, որը մեր օրերում էլ ոչ միայն ապշեցնում է յուրաքանչյուրին, ով առաջին անգամ է այն տեսնում, այլև մնում է առեղծված: Ձուկը հանկարծ օվկիանոսի խորքերից դուրս է թռչում և գրեթե երկհարկանի տան բարձրությամբ ցատկ է կատարում: Բացի դրանից, նախքան իր բնական տարերքը վերադառնալը, նա, օդում եղած ժամանակ, կարող է մի ստադիա<ref>Ստադիա - 1/8 անգլիական մղոն, մոտավորապես` 185 մետր: </ref> տարածություն թռչել:

Զարմանալի չէ, որ այս տեսարանը ապշեցնում է նույնիսկ ամենաանտարբեր դիտողին, ստիպում է մտածել հետաքրքրասերներին, իսկ բնախույզի համար դառնում է շատ հետաքրքիր հետազոտության առարկա:

Թռչող ձուկը շատ-շատ քիչ տեղերում է պատահում, չհաշված տաք լայնությունները: Այդ իսկ պատճառով էլ արևադարձային երկրները ոտք չդրած մարդկանցից շատ քչերին է վիճակվել տեսնել նրան թռչելիս:

Թռչող ձկների շատ տեսակներ կան. դեռ ավելին, նրանք այնքան բազմազան են, որ իրարից խիստ տարբեր երկու ընտանիք են կազմում:
Մենք ամենից առաջ կխոսենք թռչողների ցեղին պատկանող երկու տեսակ ձկների մասին:

Այդ տեսակներից մեկը` եվրոպական թռչող ձուկը, ապրում է ոչ միայն Ատլանտյան օվկիանոսի բարեխառն և արևադարձային մասերում, այլև Միջերկրական ծովում: Այդ պուտ-պուտ թխաթույր ձուկը կես մետր երկարություն է ունենում: Սրածայր, ճառագայթաձև հսկայական կրծքալողակները տարօրինակ տեսք են տալիս մեծագլուխ ձկանը, թռչելու ժամանակ նա «չռվածի» տեսք ունի:

Թռչող ձկների մյուս տեսակը` արևելյան թռչող ձուկը, ապրում է Հնդկական օվկիանոսում:

Ջրից դուրս ցատկելով, ձկներն անցնում են մոտ հարյուր մետր և իջնում ջրի վրա: Պետք է ասել, որ նրանք ծանր են թռչում:

Երկարալողակները` ահա թե ում կարելի է լավ թռչող անվանել: Եվ այդ է ասում նաև նրանց արտաքինը:

Երկարալողակներն ունեն սլացիկ, երկարուն մարմին, փոքր գլուխ, խորը կտրված պոչալողակ և շատ երկար, սուր կրծքալողակներ:

Երկարալողակի մարմնի ծավալի կեսը գրավում է հսկայական լողափամփուշտը: Սա շատ կարևոր հանգամանք է. պակասում է ձկան քաշը և թեթևանում է նրա թռիչքը:

Երկարալողակների շատ տեսակներ են հայտնի:

Դրանք իրենց սովորություններով շատ նման են իրար, բայց տարբերվում են գունավորումով և կառուցվածքի այս կամ այն առանձնահատկությամբ:

Երկարալողակները պատահում են ո՛չ միայն շոգ և արևադարձային երկրների բոլոր ծովերում: Երկարալողակների տեսակներից մեկն ապրում է Միջերկրական ծովում, նրան կարելի է տեսնել նաև Անգլիայի ափերի մոտ: Երկարալողակներ կան նաև Ճապոնական ծովի հյուսիսային մասում:
Երկարալողակները կերակրվում են խեցգետիններով, լողացող կակղամորթներով և մանր ձկներով: Իսկ իրենք իրենց հերթին կերակուր են ավելի խոշոր ձկների, օրինակ, թյունոսների համար: Նրանց որսում են նաև դելֆինները:

Թշնամիներից ազատվելու համար երկարալողակները դուրս են թռչում ջրից ու սլանում օդում: Բայց միշտ չէ, որ նրանց հաջողվում է ողջ մնալ: Օդում նույնպես թշնամիներ կան` ալբատրոսները և ծովային այլ թռչուններ:

Երկարալողակը թռչում է թղթանետի պես. նա սավառնում է: Շարժիչ ուժը պոչով հրելն է, պոչով ջրին հարվածելը:

Հետապնդողից փախչելիս, ձուկը սլանում է ջրում` ամբողջ ուժով գործի դնելով պոչը: Ահա նա բարձրացավ, մոտացավ մակերևույթին, գլուխը դուրս հանեց ջրից... Մի ակնթարթ` և պոչով ուժեղ հարվածահրումը ձկանը դուրս է նետում ջրից:

Հրման ուժի մասին կարելի է դատել նրանով, որ ձուկը ջրից վեր է բարձրանում չորս, հինգ և նույնիսկ ավելի մետր: Ու նա հարյուր, հարյուր հիսուն և նույնիսկ ավելի մետր թռչում է: Իհարկե, ցատկը կարող է նաև ավելի ցածր լինել, իսկ թռիչքը` ավելի կարճ:

Թռիչքի տևողությունը մի քանի վայրկյանից հասնում է մինչև մեկ րոպեի: Եվ հասկանալի է, որքան ավելի ուժեղ է թափ առել ձուկը ջրում, որքան ավելի ուժեղ է եղել պոչով հասցված վերջին հարվածը, այնքան նա ավելի շատ կբարձրանա ջրից: Իսկ դա նշանակում է, որ նա ավելի շատ կմնա օդում, հետևաբար` ավելի երկարատև կլինի ջրի վրա իջնելը:

Թռչող ձուկը քամուն հակառակ ավելի երկար է թռչում, քան քամուն համընթաց:

Երկարալողակը, ինչպես և ամեն մի թռչող ձուկ, թռիչքի ժամանակ իր հսկայական լողակները չի թափահարում: Նա դրանք չի շարժում, ինչպես թռչունը` թևերը: Լողակները ձկանն օգնում են մնալու օդում. Դրանք ծառայում են որպես յուրատեսակ պարաշյուտ, բայց միայն այդքան:

Թռչող ձկները հաճախ դուրս են ցատկում նավի մոտերքում. նավը, վտառի մեջ խրվելով, վախեցնում է ձկներին: Եվ նրանք նավից փախչում են իրենց սովորական ձևով` թռչում են: Բայց նրանք այնքան էլ հաճախ չեն ընկնում նավի տախտակամածի վրա, մասնավորապես ցերեկով: Քամոտ գիշերներին դա պատահում է կողըն-թաց քամու ժամանակ: Պատճառը պարզ է. քամին թռչող ձկներին գցում է նավի վրա:

Օդ բարձրացած երկարալողակների վտառը հեշտությամբ կարելի է սպիտակաթև թռչունների տեղ դնել: Բայց թեփուկների փայլատակող (հատկապես արևի տակ) ցոլքն ասում է, որ մեր առջև ձկներ են:

Ի՜նչ հրաշալի տեսարան է: Նայելուց չեն կշտանում ոչ հին «ծովագայլը», որը թերևս հազարերորդ անգամ է տեսնում այդ, ոչ էլ յունգան, որը իր առաջին ուղերթն է կատարում և կյանքում առաջին անգամ է տեսնում դա։

Նավաքթին նստած և անընդհատ անսահման ջրատարածությանը նայող ուղևորին ճնշող տխրության երկարատև ժամերը քանի՜ցս անմիջապես փոխարինվել են ուրախ աշխուժությամբ, երբ նա հանկարծ օվկիանոսի խորքերից բարձրացած արծաթափայլ թռչող ձկների վտառն է տեսել:
Թվում է, թե աշխարհում չկա մի արարած, որն այնքան թշնամիներ ունենա, որքան թռչող ձուկը։

Չէ որ նա օդ է բարձրանում հենց նրա համար, որ ազատվի օվկիանոսային բազմաթիվ հետապնդողներից։ Բայց դա նշանակում է «ջրից ելնել` կրակն ընկնել»։Իր մշտական թշնամիների` դելֆինների, ալբա-կորների, բոնիտների և օվկիանոսային մյուս բռնա-կալների երախից ազատվելով, նա ընկնում է ալբատ-րոսների, ջրահավերի և օդային մյուս բռնակալների կտուցը։

Շատերը խղճահարություն են զգում կամ, համենայնդեպս, ասում են, որ խղճահարություն են զգում այդ գեղեցիկ և արտաքուստ այնքան անմեղ, թույլ զոհերի նկատմամբ։ Նրանց կարեկցանքին խիստ հարված է հասցվում, երբ իմանում են, որ այդ «քնքուշ» ձկնիկը ոչնչով լավ չէ շնաձկից և, նրա նման, օվկիանոսի բռնակալներից մեկն է։ Պարզվում է, որ նա նույնպես ամենայն անողոքությամբ ոչնչացնում է մանր ձկներին, բոլոր նրանց, որոնք կարող են անցնել իր կոկորդով։

Մեր նկարագրած թռչող ձկան այդ երկու տեսակներից բացի, կան նաև օվկիանոսի մի քանի ուրիշ բնակիչներ էլ, որոնք կարող են օդում մնալ. ճիշտ է` ընդամենը մի քանի վայրկյան։ Նրանք թռչող ձկների նման դուրս են նետվում ջրից և ամբողջ վտառներով օդ են բարձրանում, փախչելով, ինչպես և թռչող ձկները, իրենց թշնամիներից` ալբակորներից ու բոնիտներից։ Դրանք ավելի շուտ գլխոտանի կաղկամորթներն են: Խաղաղ օվկիանոսի կետորսները նրանց անվանում են «թռչող թանաքաձկներ»։


== Գլուխ VII. Կենարար ամպը ==

Թռչող ձուկը, որ այնքան հաջողակ կերպով ընկավ օվկիանոսում կորած և մահու չափ սոված երկու մարդկանց մոտ, պատկանում էր «էկզոցետուս էվոլանս» հատուկ տեսակին. այդ, ինչպես ծովայիններն են նրան անվանում, «իսպանական թռչող ձուկը» Ատլանտյան օվկիանոսի շոգ լայնությունների հանրահայտ բնակիչն է։ Նրա մեջքն ու կողերը կապտապողպատագույն էին, փորը` արծաթասպիտակ երանգով դարչնագույն, իսկ խոշոր թևալողակները` փոշեգորշ երանգի։ Բռնված ձուկը համեմատաբար խոշոր էր` մի ոտնաչափ երկարությամբ և գրեթե մի ֆունտ քաշով։
Ինչ խոսք, դա սոված մարդկանց, ինչպես ասում են, մի ատամին էլ հերիք չարեց։ Բայց և այնպես, նրանց քաղցը մի փոքր մեղմացրեց։

Հարկ չկա նույնիսկ հիշատակելու, որ ձուկը հում-հում կերան։ Իհարկե, մեկ այլ պարագայում նրանք այդ բանը ծանր փորձություն կհամարեին, բայց հիմա նրանց մտքով անգամ չանցավ հումի ու եփածի մասին մտածել։ Սա իսկական նրբահամ խորտիկ թվաց, և նրանք սոսկ ափսոսացին, որ այդքան քիչ է իրենց ձեռքն ընկել։

Ի միջի այլոց, թռչող ձուկը (իհարկե, ոչ հումը) իսկապես ամենահամադամ խորտիկներից մեկն է, համով հիշեցնում է թարմ, լավ պատրաստված ծովատառեխը։

Բայց ահա մի նոր փորձանք եկավ։ Այժմ, երբ նրանք թեթևակի կոտրել էին քաղցը, առանց այն էլ խիստ տանջող ծարավն ավելի սաստկացավ: Թերևս մեղավոր էր աղի ձուկը. ուտելուց մի քանի րոպե հետո ծարավն ավելի անտանելի դարձավ։

Միշտ և ամենուրեք շատ ծանր է սաստիկ ծարավին դիմանալը։ Բայց ոչ մի տեղ դա այնքան տանջալից չի լինում, որքան ծովում։ Հենց այդ ջրի առատությունը, որը չի կարելի խմել (որովհետև նրանով հնարավոր չէ ծարավը հագեցնել ճիշտ այնպես, ինչպես որ չոր ավազով` անապատում), այդ ջրային տարերքի անմիջական մոտիկությունը ավելի շուտ բորբոքում են ծարավը, քան թեթևացնում։ Ի՞նչ օգուտ, որ դուք, մատներդ աղի ջրի մեջ իջեցնելով, փորձեք նրանով զովացնել ձեր այրվող լեզուն ու շուրթերը կամ թրջել բերանը։ Չէ որ, միևնույն է, այն կուլ տալ չի կարելի։ Դա նույնն է, թե մարդ փորձի վառվող սպիրտով ծարավը հագեցնել։ Բավական է այդ դառնաղի ջրից մի փոքր բերանն առնել թքագեղձերն անմիջապես կչորանան և ամբողջ ներսը կսկսի այրվել կրկնակի ուժով։

Բեն Բրասը այդ լավ գիտեր, և երբ յունգան ծովաջուր վերցնելով, խմելու համար բերանին էր մոտեցնում, նավաստին նրան հորդորում էր այդ բանը չանել, որովհետև դա միայն կսաստկացներ տանջանքը։ Արճճե մի գնդակ գտնելով իր գրպանում, Բրասը այն տվեց տղային, խորհուրդ տալով բերանն առնել ու ծծել։ Դա, սովորեցնում էր Բենը, կուժեղացնի թքի արտադրությունը և բերանը շատ չի չորանա։ Իհարկե, դա ծարավը չհագեցրեց, բայց կարծես ավելի դյուրացավ համբերելը։

Իսկ Բենն ինքը կացնի բերանը դրեց շուրթերին և, մերթ լեզուն սեղմելով երկաթին, մերթ կծոտելով այն, փորձում էր նույնպիսի արդյունքի հասնել։

Բայց այդ բոլորը սարսափելի ծարավը նվազեցնելու սոսկ խղճուկ միջոցներ էին, ծարավ, որը դուրս էր մղել նրանց բոլոր մտքերը, բոլոր զգացումները` և՛ ուրախ, և՛ տխուր։ Նրանք,դրանից բացի, ուրիշ ոչ մի բանի մասին չէին կարող մտածել. այդ տանջանքը մոռացնել էր տվել ամեն ինչ։ Քաղցածության գաղափարն անգամ ետին պլան մղվեց, որովհետև ամենաուժեղ քաղցի զգացումն իսկ շատ ավելի նվազ տանջալից է, քան սաստիկ ծարավի զգացումը։ Քաղցից մարմինը թուլանում է, և ֆիզիկական հյուծումից նյարդերը բթանում են. դրանից մարմինը սակավ ընկալունակ է դառնում կրած տանջանքների նկատմամբ։ Մինչդեռ ամենաանտանելի ծարավի դեպքում անգամ մարմինը նախկին ուժը չի կորցնում և այդ պատճառով էլ ավելի սուր է զգում ծարավը։

Արդեն մի քանի ժամ էր, ինչ նրանք տանջվում էին և այդ ամբողջ ժամանակամիջոցում գրեթե ոչ մի բառ չէին արտասանել: Միայն նավաստին մերթ ընդ մերթ փորձում էր քաջալերել իր պատանի բարեկամին, բայց զգացվում էր, որ սփոփանքի խոսքերը սոսկ մեխանիկորեն էին դուրս թռչում նրա բերանից, և որ նա ինքն էլ դրանք արտաբերում էր փրկության հույսը կորցրած։ Բայց որքան էլ նվազել էր այդ հույսը, այնուամենայնիվ, նա երբեմն վեր էր կենում հորիզոնը զննելու. և երբ լիակատար հիասթափությամբ էին ավարտվում որոնումները, նա նորից իջնում էր բրեզենտի վրա և, մերթ պառկած, մերթ ծնկաչոք, մի ակնթարթ ասես ընդարմանում էր հուսահատությունից։

Անակնկալ կերպով նրան այս տրամադրությունից հանեց մի հանգամանք, որի վրա յունգան բոլորովին ուշադրություն չէր դարձրել, թեև նկատել էր այն։ Չգիտես որտեղից հանկարծ հայտնված ամպը ծածկեց արևը. միայն այսքան։

«Ի՞նչն է նրան այդպես զարմացրել»,– մտածեց Վիլյամը՝ տեսնելով, թե ինչպես այդ աննշան երևույթն ապշեցրել է իր ընկերոջը։ Իրոք, Բեն Բրասը, ամպը նկատելով, տեղից վեր թռավ և աչքերը ագահորեն հառեց երկնքին։ Նրա դեմքի արտահայտությունը փոխվեց։ Աչքերը, որոնցում քիչ առաջ միայն մռայլ հուսահատություն էր կարդացվում, փայլեցին հույսով։ Իսկապես, արևի երեսը մթագնած ամպը, կարծես, ճիշտ հակառակ ազդեցությունն էր գործել նավաստու դեմքի վրա:


== Գլուխ VIII. Բրեզենտե «բաքը» ==

– Քեզ ի՞նչ պատահեց, Բեն,– խեղճացած, խեղդված ձայնով հարցրեց Վիլյամը, որի կոկորդը չորացել էր ծարավից:– Շատ ուրախ տեսք ունես։ Ինչ որ լավ բա՞ն ես տեսել:

– Ահա՛ թե ինչ եմ տեսել,– ցույց տվեց նավաստին երկինքը:

– Ոչինչ չեմ տեսնում, բացի այս մեծ ամպից… քիչ առաջ արևը թաքնված էր նրա տակ։ Ի՞նչ մի առանձին բան կա այստեղ:

– Ինչ մի առանձին բա՞ն։ Եթե դա ինձ չի թվացել, ապա ամպը մեզ բերում է այն, ինչ ես ու դու աշխարհում ամենից շատ ենք ուզում:

– Ջո՞ւր,– շնչակտուր գոռաց Վիլյամը, և ուրախությունից նրա աչքերը փայլեցին:– Կարծում ես` անձրևաբե՞ր ամպ է:

– Ես Բեն Բրասը չլինեմ, թե դրանք անձրևաբեր ամպեր չեն: Ապա մի նայիր, ինչքան շատ են։ Երբեք չեմ տեսել, որ ամպերի այսքան կուտակումից անձրև չթափվի։ Եվ եթե քամին նրանց այս կողմ քշի, ապա նրանք այնպիսի մի տեղատարափով կհյուրասիրեն մեզ, որ էլ դու պրծար։ Գլխավորն այն է, որ նրանք մեզ մահից կփրկեն… Ապա մի նայիր, փոքրիկս,– գոռաց նավաստին:– Քամին նրանց այս կողմ է քշում։ Այնտեղ, արևմուտքում, ամպերը շատ են կուտակվել, և քամին էլ այնտեղից է փչում: Ուռա՜, Վիլյամ։ Այնտեղ արդեն անձրև է գալիս: Դա նույնքան ճիշտ է, որքան իմ անունը Բեն Բրաս է: Մի տես, թե այն կողմում ինչ մառախուղ է կանգնած օվկիանոսի վրա։ Անձրևը դեռևս հեռու է մեզնից, մոտավորապես մի քսան մղոն, բայց ոչինչ, ոչինչ. եթե միայն քամին ուղղությունը չփոխի, անձրևը պետք է որ հասնի մեզ։

– Բայց եթե քո ասածն էլ լինի, Բեն, ի՞նչ օգուտ ունենք դրանից: Անձրևը չենք կարող խմել, միայն առանձին կաթիլներ կընկնեն մեր բերանը: Իսկ մենք ջուր հավաքելու բան չունենք:

– Ինչպե՞ս թե չունենք: Իսկ ինչի՞ համար են մեր շորերը, մեր շապիկները: Թե որ անձրևը սկսվեց` կթափվի ինչպես շուռ տված դույլից: Ես գիտեմ, թե դա ինչպիսին է լինում այս տեղերում։ Ոտքիցգլուխ ջուր կկտրենք. շալվարներս, բաճկոններս, շապիկներս մինչև վերջին թելը կթրջվեն։ Մենք կքամենք նրանց ներծծած ջուրն ու կխմենք:

– Իսկ ինչի՞ մեջ կքամենք։ Չէ՞ որ աման չունենք։

– Ինչի մեջ կքամե՞նք։ Ամենից առաջ մեր բերանում, իսկ հետո… ճիշտ որ… Ափսո՜ս։ Ինչպես գլխի չեմ ընկել։ Իսկապես որ ջուրը լցնելու տեղ չունենք… Համենայն դեպս, այժմ գլխավորը կուշտ խմելն է, իսկ հետո նորից կհամբերենք։ Եվ ձկնիկներ էլ մի կերպ կբռնենք, միայն թե հիմա, այս պահին մի կուշտ ջուր խմենք։ Է՜խ, իսկ անձրևը, տես, ավելի ու ավելի է մոտենում մեզ։ Տեսնո՞ւմ ես այն սև ամպերը։ Ո՜նց է կայծակը մտրակում նրանց։ Ուրեմն, հավանաբար, հիմա այստեղ էլ անձրև կթափվի։ Եկ մեր բոլոր շորերը հանենք ու փռենք լաստի վրա, որպեսզի անձրևը մեզ անակնկալի չբերի։

Եվ Բեն Բրասն սկսեց արագորեն հագից հանել նավաստիական բաճկոնը, հանկարծ, հայացքն ինչ-որ բանի հառելով, մի ակնթարթ դադարեցրեց այդ գործողությունը, և մի բառ դուրս թռավ նրա բերանից` «Բրեզե՜նտը»։

Եվ նավաստին ցույց տվեց ձյութած բրեզենտը, որն այժմ ծառայում էր իբրև առագաստ, իսկ առաջ «Պանդորա»-ի վրա ծածկ էր եղել քթամասի նավամբարի համար։ Սակայն յունգան չհասկացավ, թե նա ինչ էր ուզում ասել այդ շարժումով։

Տղայի տարակուսանքով լի հայացքը նկատելով, Բենը չուզեց նրան տանջել.

– Քո կարծիքով, մենք ջուր հավաքելու աման չունե՞նք: Կարծեմ, այդպես ասացիր։ Իսկ սա ի՞նչ է, Վիլմ:

– Օ՜,– բացականչեց յունգան՝ վերջապես հասկանա-լով նավաստու միտքը։– Կարծում ես...

– Վիլմ, կարծում եմ այս ամանը մեզ լի ու լի բավական է. տասնյակ գալոն ջուր կտանի։

– Իսկ բրեզենտը ջուր կպահի՞։

– Իհարկե, իզուր չէ, որ անջրանցիկ ենք դարձրել այն: Ախր ես ինքս եմ օգնել բրեզենտը ձյութելուն։ Այնպիսի մի բաք կստացվի, որ նրանից լավը չես գտնի։ Բրեզենտը կփռենք այնպես, որ մեջտեղում փոս գոյանա և, երբ անձրևը սկսվի, այնքան ջուր կլցվի մեջը, որ կարող ես լողանալ, ինչպես լճում: Ուռա-ա՜-ա՜։ Հիմա այստեղ էլ կթափվի… Ապա մի այնտեղ նայիր, անձրևն արդեն հասնում է… Պատրաստվի՛ր։ Միջակայմը վերցրու, պարանները քանդիր։ Փոխանակ, ինչպես երգում է ասվում, «Պարզենք առագաստը ընդդեմ քամու», պարզենք այն լաստի վրա՝ անձրևին ընդառաջ։ Շուտ, Վիլմ, շուտ, բարեկամս։

Մի ակնթարթ և յունգան արդեն ոտքի վրա էր։ Երկուսով սկսեցին արագ-արագ քանդել բրեզենտը պահող պարանները, և մի քանի վայրկյան հետո առագաստն ընկած էր լաստի վրա: Որոշվեց «կայմերն» առայժմ թողնել իրենց տեղում, որովհետև դրանք ամուր մտցված էին բների մեջ։

Սկզբում նավաստին որոշել էր, որ իրենք բրեզենտը պահելու են ձեռքով։ Բայց նա ամեն ինչ ծանրութեթև անելու ժամանակ ուներ, և իր նախնական ծրագիրը փոխեց։Այդ ծրագիրը նրանով էր վատ, որ երկուսի ձեռքերն էլ զբաղված կլինեին։ Ասենք թե ջուրը իսկապես լցվեր նրանց բրեզենտի մեջ, լավ, իսկ հետո՞։ Ի՞նչ կարող էին անել հետո, ինչպե՞ս խմեին:

Եվ Բենը ելքը գտավ։ Լաստի վրայից կլիվերի առագաստալաթը վերցնելով, նա և յունգան ձվաձև, ցածր ու փակ պատնեշի նման մի բան սարքեցին դրանից, այնուհետև բրեզենտը փռեցին այնպես, որ ոչ միայն ծածկեց պատնեշը, այլև մի մասն էլ կախվեց եզրերից։ Հետո մեկ տեղում փոս գցեցին բրեզենտը, որից և բավականաչափ տարողությամբ մի խորություն ստացվեց։

Շատ մեծ զգուշությամբ, որն անհրաժեշտ էր տվյալ պահին, նրանք աչքի անցկացրին ամբողջ բրեզենտը, տեսնելու համար պատռվածք չունի՞ արդյոք, չլինի՞ թե հանկարծ թանկագին ջուրը դուրս հոսի։ Համոզվելով, որ բրեզենտն անվնաս է, նավաստին բռնեց Վիլյամի ձեռքը և, չոքելով, երկու ընկերներն ագահորեն հայացքները հառեցին երկնքին, նայելով, թե ինչպես են մոտենում իրենց փրկություն բերող ցածր, սև ամպերը։


== Գլուխ IX. Թարմացնող ցնցուղը ==

Երկար սպասելու հարկ չեղավ։ Ամպրոպը ավելի ու ավելի էր մոտենում և, ի մեծ երջանկություն նավաստու ու յունգայի, այնպիսի մի տեղատարափ անձրև սկսվեց, որ ասես թե ջրամրրիկ անցավ նրանց գլխավերևով:

Մեկ րոպե չանցած` բրեզենտի փոսը մեկ քառորդի չափ լցվեց ջրով։ Եվ երկու ծարավները, գլուխները գրեթե իրար կպցրած, արդեն երեսնիվայր ընկել էին նրա վրա և, շուրթերը ջրին հպած, ագահորեն հրաշալի հեղուկն էին ծծում համարյա նույն արագությամբ, ինչ արագությամբ իջնում էր վերևից:

Նրանք երկար ժամանակ պառկած էին նույն դիրքում, հրճվելով երկնքից թափվող ջրով։ Կյանքում դրանից ավելի համով բան չէին խմել։ Եվ այնքան էին տարվել այդ երանելի զբաղմունքով, որ մինչև մի կուշտ չխմեցին` ոչ մի բառ չարտասանեցին։ Բայց թե ոտքից-գլուխ ջուր էին կտրել. արևադարձային հորդ անձրևը` ծանր, խոշոր կաթիլների անընդհատ հորձանքը անմիջապես մինչև վերջին թելը թրջեց նրանց: Բայց թե մեր բարեկամները չէին դժգոհում դրանից, այլ, ընդհակառակը, հրճվում էին ցնցուղով։ Զով ան-ձրևաջուրը հաճելիորեն թարմացրեց կիզիչ արևից այրված մարմինը:

– Դե, փոքրիկս,– առնվազն մեկ գալոն անձրևաջուր կուլ տալուց հետո հևալով ասաց Բենը,– քեզ չէի՞ ասում, որ եթե մեզ համար ամենածանր պահին ուտելիք ստացանք, ապա ջուր էլ կստանանք։ Ապա մի նայիր, թե ինչքան է հավաքվել։ Այժմ երկար ժամանակ ջուր կունենանք, և մեր գործն է` չթողնել, որ այն գոլորշիանա։ Եթե այդպիսի բան պատահի` ինքներս մեղավոր կլինենք և, ուրեմն, արժի, որ մեռնենք ծարավից։

– Բայց ի՞նչ կարող ենք անել, երբ ջուրը պահելու աման չունենք։

– Պետք է մի բան մտածել։ Շուտով անձրևը կդադարի: Հասարակածի մոտ միշտ այդպես է. թեև հորդ է տեղում, բայց տևում է կես ժամ կամ ավելի քիչ: Եվ հենց որ տեղատարափը վերջանա, նորից դուրս կգա արևն ու կսկսի առաջվա պես այրել։ Եվ մեր ջուրը կորած է. թափվելուց ավելի արագ կչորանա, եթե, իհարկե, այս-տեղ թողնենք... Կտեսնես, կես ժամ հետո մեր բրեզենտը նույնքան չոր կլինի, որքան ջրահավի մեջքի բմբուլը:

– Միթե՞։ Իսկ ի՞նչ անենք, որ ջուրը չգոլորշիանա:

– Թող մի մտածեմ,– ծոծրակը քորելով` պատասխանեց նավաստին:– Թերևս, մինչև անձրևի կտրվելը, մի բան գտնեմ։

Նավաստին, մտածմունքի մեջ ընկած, մի քանի րոպե լուռ նստեց։ Վիլյամը անհամբեր նրան էր նայում, սպասելով արդյունքին։

Եվ հանկարծ նավաստու ամբողջ դեմքը ողողվեց ժպիտով. յունգան հասկացավ, որ նա ջուրը պահելու լավ միջոց է գտել։

– Դե, փոքրիկս, կարծում եմ, մեր գործը հաջողվում է։ Գտա, թե ինչպես կարող ենք առանց տակառի յոլա գնալ։

– Ճի՞շտ, Բեն։ Դե ասա, ինչպե՞ս։

– Բրեզենտով յոլա կգնանք։ Ջուրը կպահի ոնց որ ապակե շիշը: Ինքս եմ ձյութել, իսկ եթե ես մի բան անում եմ` խղճով եմ անում։ Այդպես էլ հարկավոր է, չէ՞, Վիլմ։

– Այո, Բեն։

– Դա է, որ կա, փոքրիկս։ Դու էլ քեզ համար օրենք դարձրու` աշխատել միայն բարեխղճորեն։ Լավ աշխատանքը հազվադեպ է դավաճանում։ Իսկ վատը միշտ քո դեմ է շրջվում: Կտեսնես, թե իմ բրեզենտը ինչքան է մեզ օգնելու...

Նավաստին ընդհատեց իր խրատները, որովհետև անձրևը կարվեց, և արևը, ամպի տակից դուրս գալով, սկսեց առաջվա պես այրել։

– Դե, Վիլմ, եկ գործի անցնենք, հաշված րոպեներ ունենք մեր տրամադրության տակ։ Միայն թե արի մի քիչ էլ ջուր խմենք, քանի դեռ մեր շիշը չեմ խցանել։

Ճիշտ է, Վիլյամը լավ չհասկացավ, թե ինչ խցանավոր շշի մասին է խոսքը, բայց և այնպես, հնազանդորեն նորից երկարեց բրեզենտի փոսի վրա և եռանդով սկսեց խմել։ Բենը ևս նույնը արեց և առնվազն մի քա-նի պինտ էլ կենարար հեղուկ քաշեց իր ծավալուն ստամոքսը։ Հետո վեր կացավ, կռնչաց հաճույքից և, նշան անելով, հասկացրեց, որ Վիլյամն էլ վեր կենա։

Նախքան աշխատանքը սկսելը Բենը յունգային պատմեց, թե ինչ ծրագիր ունի ինքը։ Դրա շնորհիվ Վիլյամը կարող էր, հասկանալով, արագ օգնել նրան, ոչ մի րոպե չուշացնելով, մի հանգամանք, որը զգալիորեն հեշտացրեց գործը, քանի որ այն կարելի էր կատարել միայն երկուսով և ամբողջ ուժով աշխատելով:

Բենի ծրագիրը բավականին սրամիտ էր և միաժամանակ պարզ։ Նախ հարկավոր էր բրեզենտի չորս անկյունները բարձրացնել, հետո էլ` բոլոր կողմերը, և այնպես, որ ջուրը չճողփա ու թափվի պաստառի եզրերից, իսկ այնուհետև ի մի բերել բոլոր ծայրերը։ Այդպիսով ստացվեց ամուր ձգված բացվածքով պարկ։ Ճիշտ է, այդ անելիս այնուամենայնիվ մի քիչ ջուր թափվեց։ Եվ այն ժամանակ, երբ Բենը պարկն էր բռնել, բերանամասում ամուր սեղմելով ծալքերը, յունգան հաստ պարանից նախապես պատրաստված օղակը հենց Բենի թևերի տակ ճարպկորեն հագցրեց վրան։ Նա պարանի մյուս ծայրը փաթաթեց «կայմերից» մեկին ու սկսեց ձգել։ Երբ ամուր կապեց բրեզենտը, և նավաստին արդեն կարող էր ձեռքերն ազատել, նրանք երկուսով մի քիչ ավելի ներքևում երկրորդ օղակը հագցրին պարկի վրա և, ապահով լինելու համար, պարանը երկու անգամ նրա շուրջը փաթաթելով, կապեցին պինդ հանգույցով։

Լաստի վրա ընկած ջրով բրեզենտը նման էր ձյութի մեջ թաթախված ինչ-որ մի արտառոց գազանի վիթխարի փորի։ Բայց որպեսզի ջուրը ծալքերից դուրս չհոսեր, հարկավոր էր պարկի բերանը միշտ վերև պահել։ Դա դժվար բան չէր։ Նրանք պարկը կախեցին թիակակայմի գագաթից, պարանի մյուս ծայրը կրկնակի փաթաթելով նրա շուրջը և ամուր հանգույց անելով։ Այժմ ջուրը ուզածի չափ կարող էր ճողփալ բրեզենտե «բաքի» մեջ, միևնույն է`թափվելու տեղ չուներ։

Այսպիսով, նրանց հաջողվեց առնվազն տասներկու գալոն խմելու ջուր ամբարել, և այդ ջուրը պահված էր հուսալի ամանում, որը միանգամայն գոհացնում էր Բենին։


== Գլուխ X. Լոցման ձուկը ==

Ամենատանջալի մահից` ծարավամահությունից հրաշքով փրկվելուց հետո, նավաստին սկսեց էլ ավելի հավատալ, որ իրենց կհաջողվի հուսահատ դրու-թյունից դուրս գալու ելք գտնել։ Եվ նա ու յունգան որոշեցին ամեն ինչ անել, որ այդ հույսը իրականանա: Այժմ նրանք ջրի զգալի պաշար ունեին, որը, խնայողությամբ օգտագործելու դեպքում, երկար ժամանակ կբավականացներ։ Եթե նաև ուտելիքի նույնպիսի պաշարով ապահովեին իրենց, ապա, հնարավոր է, դիմանային, մինչև մոտերքով անցնող որևէ նավ վերցներ նրանց։ Փրկության էլ ուրիշ ի՞նչ միջոց կարող էր լինել։
Ուտելիք ճարել` նրանց համար նշանակում էր այն հանել ջրից։ Իհարկե, օվկիանոսի անեզր ավազանում ուզածիդ չափ ուտելեղեն կար, բայց թե ի՞նչ ձևով ձեռք բերել։

Նավաստին լավ էր հասկանում, որ ձկներին, օվկիանոսի այդ վախկոտ բնակիչներին, բռնելն այնքան էլ հեշտ չէ։ Իրենց ունեցած ձկնորսական խղճուկ միջոցներով թեկուզ մեկ ձկնիկ բռնելու բոլոր ջանքերը կարող էին ապարդյուն անցնել։

Սակայն արժե փորձել։ Եվ նավաստին ու յունգան գործի անցան այնպիսի հաստատ վստահությամբ, ինչպես որ եռանդուն մարդիկ սովորաբար մի դժվար բան են ձեռնարկում։

Առաջին հերթին պետք էր պատրաստել կարթեր ու կեռիկներ։ Պատահականորեն նրանց մոտ գտնվեց մի քանի քորոց, և Բենը մեծ քանակությամբ կեռիկներ սարքեց։ Կարթաթելի համար թոկը քանդեցին, բաժանեցին առանձին հյուսքերի և անհրաժեշտ հաստության պարաններ գործեցին դրանցից։Հարմար չափի փայտակտորներից պատրաստեցին լողակներ, իսկ սուզագնդիկի համար օգտագործվեց հենց այն արճճե գնդակը, որի օգնությամբ դեռ մի քիչ առաջ խեղճ Վիլյամը ապարդյուն փորձում էր ազատվել ծարավի տանջանքներից։ Թռչող ձկան ոսկորներն ու լողակները (բոլորը, ինչ-որ նրանից մնացել էր) կծառայեն որպես խայծ։ Ճիշտ է, այնքան էլ հրապուրիչ խայծ չէ, մսի հետք անգամ չէր մնացել վրան, բայց այդ հանգամանքը Բենի համար վարանմունքի պատճառ չէր։ Նա փորձից գիտեր, որ օվկիանոսում շատ կան այնպիսի ձկներ, որոնք, առանց ուշադրություն դարձնելու, քուրջն անգամ կուլ կտան:

Նրանք օրվա ընթացքում շատ անգամ էին ձուկ տեսել լաստի մոտ, սակայն, ավելի շատ տառապելով ծարավից, քան քաղցից, և հույս չունենալով ծարավը հագեցնել, մտքներով էլ չէին անցկացրել ձուկ որսալ։ Բայց թե հիմա որոշեցին լրջորեն զբաղվել դրանով։

Անձրևը դադարել էր, քամին հանդարտել, օվկիանոսը նման էր ապակու։ Ամպերը հալվել էին, և ջինջ երկնքում նորից կուրացուցիչ շողում էր կիզիչ արևը։

Բենը, թռչող ձկան լողակի մի կտոր կարթին ամրացրած, կանգնել էր լաստին և ուշադիր ջրին էր նայում։ Ջուրն այնքան վճիտ էր, որ մի քանի սաժեն խո-րության վրա ամենափոքր ձկնիկն անգամ կարելի էր տեսնել։

Վիլյամը, նույնպես մարտական պատրաստ վիճակում, կարթը ձեռքին, կանգնել էր հակառակ եզրին։

Նրանց գործադրած ջանքերը երկար ժամանակ ապարդյուն էին անցնում, ջուրը կարծես մեռյալ էր։ Ոչ մի կենդանի արարած, ոչինչ, բացի օվկիանոսի անսահման կապույտից, մի սքանչելի տեսարան, որն այժմ իր միօրինակությամբ ճնշում էր նրանց։

Այսպես մի ժամի չափ կանգնած էին նրանք, երբ հանկարծ յունգան բացականչեց։ Շրջվելով, նավաստին տեսավ, որ մի ձուկ լողաց դեպի լաստի այն եզրը, որտեղ Վիլյամն էր կանգնած։ Կարթը ջուրը գցելու պատրաստ տղայի հրճվալից կանչի պատճառը հենց դա էր։ Բայց նրա ցնծությունն անմիջապես սառեց, նա նկատեց, որ այդ ցնծությունը չի բաժանում իր հովանավորը։ Ընդհակառակը, Բենը, այդ ձուկը տեսնելով, չգիտես ինչու, մռայլվեց։

Բայց ինչո՞ւ։ Ի՞նչը նրան դուր չեկավ։ Ձուկը շատ գեղեցիկ էր` փոքրիկ, անբասիր ձևի ու հմայիչ երանգավորման, բաց երկնագույն` ավելի մուգ երան-գի լայնակի շրջագծերով։ Ինչո՞ւ երբ Բենը մի հա-յացք գցեց նրա վրա, դեմքն այդպես ձգվեց։

– Վիլմ, կարթն անտեղի ջուրը մի գցիր,– ասաց նա:– Այդ ձկնիկը քո խայծը չի վերցնի... նա չէ, որ վերցնելու է:

– Ինչո՞ւ,– զարմացած հարցրեց յունգան:

– Որովհետև նա ավելի կարևոր գործ կունենա. հիմա նա ուտելիք ճարելու ժամանակ չունի։ Հավատացած եմ, նրա տերն այստեղ մոտերքում կլինի:

– Տե՞րը: Քեզ ինչ-որ չեմ հասկանում, Բեն: Այդ ի՞նչ ձուկ է:

– Լոցման ձուկ... Տեսնո՞ւմ ես, նա հեռանում է։ Վերադառնում է իրեն ուղարկողի մոտ։

– Իսկ ո՞վ կարող էր նրան ուղարկած լինել, Բեն։

– Հասկանալի է, թե ով` շնաձուկը... Ասացի քեզ, չէ՞: Ապա մի այն կողմը նայիր։ Գրողը տանի, երկուսն են։ Եվ ինչքա՜ն էլ խոշոր։ Շանթահարվեմ, թե երբևէ այսպիսի զույգ տեսել եմ։ Մի տես, թե ինչ լողակներ ունեն, իսկական առագաստ: Լոցման ձուկը գնաց շնաձկների ետևից, որ նրանց ուղեկցի այստեղ... Կախաղան բարձրանամ, թե նրանք դեպի մեզ չեն լողում։

Նայելով այնտեղ, ուր Բենն էր մատնացույց արել, Վիլյամը ջրից մի քանի ոտնաչափ դուրս ցցված երկու հսկայական մեջքալողակներ նկատեց: Նա անմիջապես ճանաչեց սպիտակ շնաձկներին, որովհետև մեկ անգամ չէ, որ նրան վիճակվել էր տեսնել օվկիանոսային այդ հրեշներին։

Իսկապես, ամեն ինչ եղավ այնպես, ինչպես Բեն Բրասն էր ասել։ Քիչ առաջ լաստից մի քսան սաժեն հեռավորությամբ լողացող ձուկը հանկարծ կտրուկ շրջվեց ու ետ լողաց դեպի շնաձկները։ Իսկ այժմ նա նորից լողում էր այստեղ, շնաձկների առջևն ընկած, ասես իրոք նրանց դեպի լաստն էր բերում։

«Բայց ինչո՞ւ Բենի ձայնն այդքան տագնապալից է,– մտածեց յունգան։– Ըստ երևույթին, այդ այլանդակ արարածների մոտիկությունը վտանգավոր է մեզ համար»: Վիլյամը կռահեց, Բենն իրոք անհանգստացած էր։ Իհարկե, եթե մեծ նավի վրա լինեին, կարելի էր առանց վախենալու նայել մոտեցող շնաձկներին։ Բայց բոլորովին ուրիշ բան էր այս ճոճվող լաստակը այնքան տափակ, որ նավաբեկյալների ոտքերը գրեթե ջրին հավասար բարձրության վրա էին գտնվում, շնաձկները հեշտությամբ կարող էին, հարձակվել նրանց վրա:

Նավաստին ինքը շատ էր ականատես եղել այդպիսի դեպքերի։ Ուստի և զարմանալի չէ, որ, շնաձկների մոտենալուն համեմատ, նա արդեն ոչ թե տագնապ, այլ իսկական սարսափ էր ապրում: Բայց իրադարձություններն այնքան սրընթաց էին զարգանում, որ Բրասը հասցրեց նույնիսկ մտածել թե հարձակման դեպքում ինչ ձեռնարկի, իսկ յունգան` հարցնել, թե ինչ բնավորություն ունեն սպիտակ շնաձկները:

Բենը հազիվ էր վերջին բառերն արտաբերել, երբ առջևից լողացող շնաձուկը երկատված լայն պոչով ուժգին հարվածեց ջրին և, մի ցատկով նետվելով դեպի լաստը, այնպիսի ուժով խփվեց նրան, որ այն քիչ մնաց շրջվեր:

Երկրորդ շնաձուկը նույնպես նետվեց դեպի լաստը, բայց, ինչ-ինչ պատճառով մի կողմի վրա թեքվելով, իր հսկայական երախով կառչեց լաստի գերաններից մեկի ցցվացքից ու կծելով պոկեց այն, ասես թե գերանը խցանածառից էր:

Հսկայական կտորը մի ակնթարթում կուլ տալով, նա շուռ եկավ ջրի մեջ, պատրաստվելով նոր գրոհի նետվելու:

Բրասն ու Վիլյամը ցած դրեցին կարթերը: Նավաստին բնազդաբար վերցրեց կացինը, յունգան` հանդշպուգը, և ահա արդեն երկուսով կանգնած էին կողք-կողքի, պատրաստ` թշնամու նոր հարձակմանը:

Շուտով այն կրկնվեց: Հենց նոր հարձակված շնաձուկը վերադարձավ առաջինը: Նա գրեթե ամբողջ մարմնով դուրս ցատկելով ջրից, նետի պես սլացավ առաջ, և նրա զզվելի մռութը հայտնվեց լաստի եզրի վրա:

Եվս մի ակնթարթ` և երերուն լաստը շուռ կգար կամ կսուզվեր ջրի տակ, ու նրանք կեր կդառնային շնաձկներին:

Բայց Բեն Բրասն ու նրա պատանի ընկերը բոլորովին մտադիր չէին հրաժեշտ տալ կյանքին, առանց փորձելու գոնե մի հարված հասցնել իրենց պաշտպանելիս: Եվ նավաստին իրոք հասցրեց այդ հարվածը, և այն էլ այնպիսին, որ անմիջապես ազատվեց իր հակառակորդից:

Ոտքի վրա ամուր կանգնելու համար մի ձեռքով բռնելով նավաթիակից, որը որպես կայմ էր ծառայում, մյուսով բարձրացրեց կացինը և ինչքան ուժ ուներ իջեցրեց նողկալի արարածի վրա: Դիպուկ և ուժեղ ձեռքով հասցված հարվածը իջավ շնաձկան մռութին, ճիշտ պնչածակերի արանքում:

Խփելու համար ավելի հարմար տեղ հնարավոր էլ չէր ընտրել. շնաձկան քիթը կենսական ամենակարևոր կենտրոններից մեկն է: Որքան էլ խոշոր է, որքան էլ ուժեղ է շնաձուկը, այնուամենայնիվ ուժեղ ու վստահ ձեռքով պնչածակերի մեջտեղին հասցված հանդշպուգի կամ հասարակ մահակի մեկ հարվածը բավական է, որ գիշատիչն այլևս չհետապնդի իր որսին:

Այդպես էլ պատահեց: Բրասի հասցրած հարվածը բավական եղավ, որ ահավոր կենդանին մի ակնթարթում շրջվի` փորը վեր տնկած: Շնաձուկը մի երկու անգամ ևս թափահարեց իր հսկայական փորը, սատիկ ցնցվեց ամբողջ մարմնով, և հետո արդեն փայտի պես անշարժ մնաց ջրի վրա:

Վիլյամի գործն ավելի դժվար եղավ իր հակառակորդի հետ կռվում, թեև այնուամենայնիվ հաջողվեց վռնդել նրան: Հենց որ հրեշը, հսկայական երախը բացած, գլուխը հանեց լաստի վրա, յունգան, թափ առնելով, հանդշպուգը խցկեց ճիշտ նրա ծնոտների արանքը:

Շնաձուկը իր ահավոր ատամների եռաշարով կառչեց հանդշպուգից և, գլխի մի շարժումով պոկելով այն Վիլյամի ձեռքից, հեռացավ` ատամների տակ մանրացնելով և կտոր-կտոր կուլ տալով հանդշպուգը, ասես հաց լիներ կամ միս:

Մի քանի րոպե անց ջրի վրա լողացող միայն մի քանի բեկորներ մնացին հանդշպուգից: Բայց շատ ավելի հաճելի էր տեսնել, թե ինչպես հանդշպուգը ֆարշի վերածած շնաձուկն անհետացավ ջրի տակ և այլևս չերևաց:

Վիլյամն ու Բրասը զարմացան. նա փայտե խորտիկներով իր գրգռված ախորժա՞կը գոհացրեց, թե՞ վախեցավ, տեսնելով իրենից շատ ավելի խոշոր ուղեկցին վիճակված բախտը` դա այդպես էլ առեղծված մնաց: Ասենք, այդ բանը այնքան էլ չէր հետաքրքրում նրանց. կարևորն այն էր, որ ազատվեցին ահավոր գիշատչից:

Վճռելով, որ շնաձուկն ընդմիշտ հեռացավ իրենցից, և նայելով ճերմակ փորը վեր տնկած երկրորդին, նրանք չկարողացան զսպել իրենց ուրախությունը, և օվկիանոսի վրա տարածվեց հաղթանակի բարձրաձայն, ցնծագին կանչը:


== Գլուխ XI. Աղքատիկ ճաշ ==

Կացնահար շնաձուկը դեռ շարժում էր լողակները, ասես շարունակելով լողալ:

Օվկիանոսային այդ հրեշների առանձնահատկություններին անծանոթ մարդուն կարող էր թվալ, թե նա դեռ կենդանի է և իրոք պատրաստվում է հեռանալու: Բայց Բեն Բրասը գիտեր, որ այդպես չէ: Շատ անգամ էր նա խայծով կեռի վրա վերցրել նրանց, հետո օգնել բարձրացնելու տախտակամած և կտոր-կտոր անելու: Աշխարհ տեսած նավաստին, որ բազմիցս կտրել-անցել էր Ատլանտյան օվկիանոսը, լավ էր ուսումնասիրել այդ շատակեր արարածների սովորույթները. այնպես որ, նա այդ հարցում համարձակորեն կարող էր վեճի բռնվել շնաձկանը երբեք իր բնական տարերքում չտեսած կաբինետային ամեն մի բնագետի հետ: Բրասը շատ էր տեսել, թե ինչպես այդ արարածին տախտակամած են հանել` իր կուլ տված պողպատե հսկայական կեռով հանդերձ, իսկ հետո, փորը բացելով և փորոտիքը հանելով, նորից ջուրն են գցել, և կենդանին ոչ միայն լողակներն է շարժել, այլ, նույնիսկ, լողալով բավականաչափ հեռացել է նավից: Դեռ ավելի, նա մի անգամ տեսել է, թե ինչպես շնաձկանը երկու կես են արել ու կտրել են գլուխը և այնուամենայնիվ մարմնի երկու մասերը դեռ երկար ժամանակ կենդանության նշաններ են ցույց տվել: Կատվի կամ օձաձկան կենսունակությունից են խոսում: Բայց թե շնաձուկը շատ ավելի մահացու տանջանքների կդիմանա, քան քսան կատու միասին վերցրած, և էլի որոշ ժամանակ կապրի:

– Համա՛ թե շրխկացրի,– ցնծալով բացականչեց նավաստին, տեսնելով մեջքի վրա լողացող շնաձկանը:– Հենց մռութի մեջտեղը հասցրի: Այլևս մեզնից ձեռք կքաշի... Իսկ որտե՞ղ է քոնը:

– Ա՜յ էն կողմը գնաց,– պատասխանեց յունգան, ցույց տալով, թե ուր անհետացավ ավելի փոքր շնաձու-կը:– Ձեռքիցս պոկեց հանդշպուգն ու ջարդոտեց: Տեսնում ես, այնտեղ մի քանի կտորներ են լողում ջրի վրա: Այդքանն է մնացել մեր հանդշպուգից: Այնպես քաշեց, որ ձեռքիցս բաց թողեցի: Հազիվ կարողացա ինձ ոտքի վրա պահել:

– Էժան ես պրծել: Զարմանում եմ, որ քեզ` քո հանդշպուգի հետ միասին, ջուրը չի քաշել: Լավ է, որ ժամանակին ես ձեռքիցդ բաց թողել: Կարծում եմ, այդպիսի հյուրասիրությունից հետո քիթն այլևս այստեղ չի խոթի: Իսկ իմը, թրևս, էլ ուշքի չի գա... Սատանան տանի, այս ի՞նչ եմ մտածում: Չէ՞ որ իմ շնաձուկը կարող է ջրասույզ լինել: Չէ, չեմ թողնի... Վիլմ, շուտ ինձ տուր սեզենը<ref>Սեզեն – հյուսված պարան: </ref> դրան պետք է կապել, թե չէ` մեկ էլ տեսար իսկապես ջրի տակ իջավ: Այ թե հա... Ուզում էինք կարթո՜վ ձուկ բռնել: Եվ շատ էլ կբռնեի՜նք... Արի մի շնաձուկը կապենք. այս միսը մեզ կբավականացնի ամբողջ մեծ պասի ընթացքում: Կանգնիր լաստի մյուս եզրին, թե չէ մեկ էլ տեսար իմ կողմը թեքվեց, ու ես շրմափացի ջուրը... Այդպես, այդպես...

Նավաստին վերջին ցուցումները տվեց, հասցնելով արդեն օղակապ անել Վիլյամի պարզած պարանի ծայրը: Մի պահ` և օղակը ջրում է: Ահա նա օղակապը մոտեցրեց գիշատչի երախին, և օղակն արդեն մռութի վրա է: Եվս մի պահ, և այն ձգված է: Այժմ պետք է մյուս ծայրը կապել կայմին, և գործն ավարտված է: Ու ձուկն այլևս չի սուզվի: Իսկ որպեսզի շնաձկան մտքով չանցնի հարություն առնել, Բենը, լաստեզրից առաջ թեքվելով, կացնով մի քանի ուժեղ հարված հասցրեց գլխին. Դրանից նրա վերին ծնոտը նմանվեց մսի քոթուկի: Այժմ այդ գարշելի արարածն այլևս չի կենդանանա:

– Դե Վիլմ,– ասաց Բենը,– ահա և մենք ուզածիդ չափ միս ունենք. կուշտ կուտենք: Մի քիչ համբերիր, այնպիսի մի կտոր կտրեմ քեզ համար, որ մատներդ էլ հետն ուտես: Շնաձկան ամենանուրբ տեղից, պոչամասից: Բռնիր պարանը և այդ մսագունդը հնարավորին չափ մոտեցրու ինձ, այնպես, որ ձեռքս հասնի:

Յունգան կատարեց նրա հրամանը, իսկ Բենը, լաստեզրին պպզելով ու պոչալողակից բռնելով, դանակի մի հարվածով այնպիսի մի կտոր պոկեց, որ նույնիսկ իրենց նման սովածներին լիուլի կբավականացներ։

Իհարկե, ավելորդ է ասել, որ նրանք շնաձկան միսը, ինչպես և թռչող ձուկը, հում կերան, դրանից բոլորովին չտուժելով։ Հարավային ծովի կղզիներում ապրող քանի՜-քանի՜ ցեղեր և այն էլ ոչ այնքան վայրենի ցեղեր, սպիտակ ու կապույտ շնաձկան միսն ուտում են հում վիճակում, հարկ չհամարելով եփել: Ե́վ նավաստին, և՛ յունգան նույնպես դրա անհրաժեշտությունը չէին տեսնում։ Բայց եթե անգամ կրակ անելու հնարավորություն էլ ունենային, միևնույն է, նրանք եփութափով չէին զբաղվի. չէ որ չափից դուրս շատ էին սոված։ Եվ այդ պատճառով էլ նավաստին ու յունգան առանց նեղվելու կերան շնաձկան միսը։

Կուշտ ուտելուց և իրենց սարքած «բաքի» ջրով ծարավը մեկ անգամ ևս հագեցնելուց հետո մեր տառապյալները ոչ միայն նոր ուժերի հորձանք զգացին, այլև պայծառ հավատ` ապագայի նկատմամբ։ Ոգեշնչված, նրանք սկսեցին քննարկել, թե էլ ի՞նչ կարելի է անել, ինչ կարելի է ձեռնարկել, ինչպե՞ս ազատվել մեռնելուց։

Այո, առաջվա պես նրանց վտանգ էր սպառնում: Եթե փոթորիկ սկսվի կամ էլ թեկուզ, մի թեթև քամի բարձրանա, ապա նրանք ոչ միայն կզրկվեն իրենց ունեցած ջրի և ուտելիքի պաշարից, այլև լաստն էլ փշուր-փշուր կլինի կամ կկործանվի օվկիանոսի փրփրաբաշ ալիքների մեջ։ Բայց նրանց բախտը բերել էր, որ գտնվում էին օվկիանոսի այն մասում, որտեղ շաբաթներ շարունակ լիակատար հանդարտություն է տիրում։ Որևէ տեղ բարձր լայնություններում` հարավում կամ հյուսիսում, նրանց լաստը երկար չէր դիմանա. առաջին իսկ փոթորկի ժամանակ նա իր վախճանը կգտներ։ Փորձով իմաստնացած նավաստին այդ լավ գիտեր։ Նրան ուրիշ բան էր անհանգստացնում. այդ վայրերում նավերին շատ ավելի հաճախ սպառնում է հակառակ վտանգը` անդորրությունը: Իզուր չէ, որ վաղ շրջանի իս-պանական ծովագնացները այդ լայնություններն անվանել են «Ձիու լայնություններ»։ Բանն այն է, որ այդ ժամանակներում Եվրոպայից ձիեր են փոխադրել Նոր աշխարհ, և քանի որ երկարատև հանդարտության մեջ ընկնող նավերի խմելու ջուրը պակասում էր, ապա հսկայական թվով ձիեր էին սատկում, և նրանց դիակները նավից դուրս էին շպրտվում:

Նույն իսպանացիները շատ ավելի բանաստեղծական ու գեղեցիկ անունով են կոչել Ատլանտյան օվկիանոսի մեկ ուրիշ գոտի (հատկապես խաղաղ, մեղմ փչող զեփյուռի համար)` «Հրաշագեղ տիկնանց ծով»:

Եվ քանի որ Բեն Բրասը գիտեր, որ փոթորիկները շատ հազվադեպ երևույթ են «Ձիերի լայնություններում», ուստի հաստատ հավատացած էր, որ իրոք վերջ ի վերջո անպայման կազատվեն և այդ իսկ պատճառով մի րոպե անգամ պարապ չէր մնում:


== Գլուխ XII. Շնաձկանը շերտատում են ==

Այնքան զարմանալիորեն նրանց բաժին ընկած ջրի ու շնաձկան մսի պաշարը լավ պահելու և խնայողաբար ծախսելու դեպքում կարող էր երկար ժամանակ բավականացնել:

Ջրի համար չէին անհանգստանում, արվել էր` ինչ հնարավոր էր. թերևս մնում էր միայն մի քանի տակ ծալված առագաստալաթով վերևից ծածկել բրեզենտե «բաքը» ու դրանով էլ այն պահպանել արևի ճառագայթներից:

Այլ բան է շնաձկան միսը։ Եթե միջոցներ չձեռնարկվեն` շատ շուտ կհոտի և ուտելու համար պիտանի չի լինի, և այն ժամանակ, նույնիսկ քաղցից էլ որ մեռնելիս լինեն, ձեռք տալ չի լինի։ Ուրեմն, ինչ-որ մի բան պետք է մտածել։ Իրար հետ խորհրդակցելով, նավաստին ու յունգան կանգ առան մի շատ հասարակ ու հեշտ միջոցի վրա, որպիսին կարելի էր կիրառել այդ լայնություններում իշխող սաստիկ շոգի պայմաններում. նրանք որոշեցին ապխտել շնաձկան միսը, ինչպես սովորաբար ապխտում են ամեն մի ձուկ։ Դրա համար պետք է միայն կտրատել շերտ-շերտ ու կախել թիակակայմերի միջև ձգված պարանների վրա, իսկ մնացած գործն արդեն կանեն արևը, օդն ու քամին։ Այդ ձևով միսը կարող է շաբաթներ և նույնիսկ ամիսներ դիմանալ:

Բարեկամներն անմիջապես գործի անցան: Վիլյամը նորից շնաձկան հսկայական մարմինը քաշեց-մոտեցրեց լաստին, իսկ Բենը իր նավաստիական ծալովի դանակը բացեց և սկսեց միսը կտրատել լայն, թափանցիկության չափ բարակ շերտերի:

Պոչամասի ամենալավ կտորները կտրելով, Բենը յունգային կարգադրեց շնաձուկն ավելի մոտեցնել իրեն ու պատրաստվեց մնացած մասը շերտատելու, երբ հանկարծ բարձրաձայն ծիծաղեց:

Վիլյամը ընկերոջ հրճվալի դեմքը տեսնելով, ուրախացավ. չէ որ վերջին ժամանակներս դա շատ հազվադեպ էր լինում:

– Ի՞նչ պատահեց, Բեն,– ժպտալով, հարցրեց նա:

Ի պատասխան, նավաստին, ձեռքը գցելով նրա վիզը, ստիպեց կռանալ ջրի վրա:

– Նայիր ջրի մեջ և ասա, թե ինչ ես տեսնում:

– Որտե՞ղ,– հարցրեց յունգան, չհասկանալով, թե որտեղ պետք է նայեր:

– Մի՞թե տարօրինակ բան չես տեսնում շնաձկան փորի վրա:

– Տեսնում եմ, տեսնում,– բացականչեց Վիլյամը, արդեն տեսնելով «տարօրինակին»:– Փոքրիկ ձուկը, հա՞: Կպել է շնաձկանն ու գլուխն է շարժում։ Ի դեպ, նա փոքրիկ է թվում միայն շնաձկան կողքին: Իսկ իրականում, երևի, առնվազն մի ոտնաչափ երկարություն կունենա: Բայց ի՞նչ է անում նա այդ տարօրինակ դիրքում:

– Ի՞նչ է անում: Ծծում է շնաձկանը։

– Ծծում է շնաձկա՞նը։ Լո՞ւրջ ես ասում, Բեն։

– Դե, իհարկե: Ամուր կպել է նրան, ինչպես խխունջը նավի պղնձապատին, ու պոկ չի գա, մինչև ես նրան ցած չբերեմ, մի բան, որ հիմա կանեմ... Ապա մի շուտ պարանը տուր ինձ:

Տղան մեկնեց պարանը ու հետաքրքրությամբ սկսեց հետևել ընկերոջ արածին: Նավաստին մի օղակ սարքելով, ինչպիսին դրանից առաջ շնաձկան համար էր պատրաստել, ջուրը գցեց ու դրանով ճարպկորեն գրկեց ձկան մարմինը, որը, թվում էր, թե շատ ամուր կպել է շնաձկանը։ Ի դեպ, դա ո́չ միայն թվում էր։ Իրոք որ ձուկն այնքան ամուր էր կպել շնաձկան փորին, որ Բեն Բրասը, ամբողջ ուժով քաշելով հանդերձ, դժվարությամբ պոկեց նրան։

Թափով քաշելով պարանը, այնուամենայնիվ նրան հաջողվեց պոկել մակաբույծ ձկանը և կենդանի բարձրացնել լաստի վրա, որտեղ նա սկսեց դեսուդեն ընկնել։

– Օհո, աղավնյակս, թեև ծույլ ես, ինքդ չես սիրում լողալ, բայց որ ուզենաս փախչել` ետևիցդ չեն հասնի,– ասաց Բենը և, որպեսզի այդ չպատահի, ձկանը դանակով մեխեց լաստին։

– Սա ի՞նչ ձուկ է. Բեն,– հարցրեց Վիլյամը, հետաքրքրությամբ զննելով այնքան տարօրինակ տեսք ունեցող և ոչ պակաս արտասովոր ձևով իրենց մոտ հայտնված արարածին։

– Կպչան,– հակիրճ պատասխանեց նավաստին։

– Կպչա՞ն։ Առաջին անգամ եմ լսում։ Ինչո՞ւ է այդպես կոչվում։

– Որովհետև նա կպչում է...

– Ինչի՞ն։

– Շնաձկանը։ Մի՞ թե չտեսար ինչպես էր կպել շնաձկան ծծակներին, հը՞։ Հա՜, հա՜, հա՜:

– Չէ, Բեն, ճիշտ չէ։ Դու պարզապես կատակում ես,– ընկերոջ խոսքերից զարմացած, ասաց Վիլյամը։

– Դե, լավ, չեմ ուզում քեզ հիմարի տեղ դնել... Սա իրոք որ կպչում է շնաձկներին և այն էլ, չգիտես ինչու, միայն սպիտակներին։ Երբեք չեմ տեսել, որ նա որևէ ուրիշ շնաձկան մոտենա, իսկ չէ որ դրանք շատ են, ու բոլորն էլ տարբեր տեսակի։ Իսկ այն, որ նա իբր ծծում է շնաձկանը ու դրանով սնվում` փչոց է, թեև մարդիկ այդպես են ասում և նույնիսկ «ծծան ձուկ» են անվանում նրան։ Բայց եթե քեզ այդպիսի բան ասեն` չհավատաս։ Աչքովս եմ տեսել, որ նա ճիշտ նույն ձևով կպչում է նաև նավի պղնձե տակին կամ ստորջրյա ժայռին։ Իսկ ի՞նչ կարող է նա ծծել պղնձից կամ քարից։ Քո կարծիքով, նա կարո՞ղ է սնունդ ստանալ դրանցից:

– Իհարկե, ոչ:

– Այդ է` որ կա։ Ուրեմն, նա դրանք չի ծծում։ Ես շատ եմ այդպիսի ձկան փոր բացել`տեսնելու համար, թե նա ինչով է սնվում, և սոսկ ջրային զանազան մանր զեռուններ եմ տեսել. դրանք օվկիանոսում լինում են անչափ-անհամար քանակությամբ, և այն էլ բազմապիսի։ Եկ սա էլ մորթենք։ Կտեսնես, որ սրա փորում էլ նույնն է։

– Իսկ այդ դեպքում ինչո՞ւ է շնաձկանը կամ նավին կպչում:

– Ինձ ասել են, թե ինչու։ Եվ ինձ թվում է, որ դա ավելի մոտ է ճշմարտությանը, քան այն անհեթեթությունը, թե ձուկը շնաձկանը կամ նավին է կպչում` նրանց ծծելու համար: Ռազմանավի վրա, որտեղ ես երկու տարի ծառայել եմ, մի գիտնական` դոկտոր կար... Այդպիսի բոլոր խրթին բաներից լավ էր գլուխ հանում։ Այսպես, ուրեմն, նա ասում էր, որ կպչանը շատ վատ է լողում։ Եվ դա ճիշտ է, ինչպե՞ս կարող է լավ լողալ, եթե նրա լողակներն այդքան փոքր են։ Եվ իբր դրա համար էլ նա կպչում է շնաձկներին կամ նավերին, որպեսզի հարկադրված չլինի շատ լողալ և հեշտ լինի տեղից-տեղ փոխադրվելը։ Իսկ ժայռին, իբր, կպչում է հանգստանալու համար։ Երբ ուզում է` պոկվում է նրանից, որս անում ու նորից վերադառնում կամ էլ մեկ ուրիշ բանի կպչում։

– Իսկ այս ի՞նչ տարօրինակ բան է գլխի վրա։ Սրա շնորհի՞վ է, որ կպչում է։

– Այո, Վիլյամ, հենց այս վահանիկի օգնությամբ էլ նա կպչում է։ Եվ տես, փոքրիկս, եթե ուզենաս վերև կամ ետ քաշելով պոկել նրան, ոչ մի դեպքում չես կարողանա, ինչքան էլ որ չարչարվես։ Նույնիսկ ես չեմ կարող այդ անել։ Տեղից պոկելու համար պետք է ձուկը մի փոքր առաջ շարժել, ինչպես ես հիմա արեցի, կամ պոկել կտոր-կտոր, հակառակ դեպքում` չես կարող նրան տեղահան անել... Սակայն մենք շատախոսում ենք։ Արի նորից գործի անցնենք։ Իսկ հետո, երբ նորից կսովածանանք, անուշ կանենք կպչանը։ Դրանից համեղ բան չկա աշխարհում։ Շատ եմ կերել հարավային ծովերի կղզիներում եղած ժամանակ։ Տեղացիներն այդ ձուկը կարթով են բռնում։ Միայն թե այնտեղի կպչանը սրան նման չէ. նա կլինի մի երեք ոտնաչափ, գուցեև ավելի,– եզրափակեց նավաստին և վերստին սկսեց շնաձկան միսը լայն, բարակ շերտերի վերածել:


== Գլուխ XIII. Կպչանը ==

Կպչանը կամ, ինչպես գիտնականներն են ասում, «էխենեիս ռեմորան», օվկիանոսում ապրող ամենայուրօրինակ արարածներից մեկն է։ Բայց նա յուրօրինակ է ոչ այնքան արտաքինով, որքան իր սովորություններով։ Սակայն նրա արտաքինը նույնպես բավականաչափ տարօրինակ է: Նրան տեսնելիս ակամայից մտածում ես` ահա մի շատ հարմար ընկեր շնաձկան` օվկիանոսի խորքերի այդ կատաղի բռնակալի համար։ Եվ իրոք, այդ ձուկը նրա մշտական ուղեկիցն է։

Կպչանը սև, հարթ մարմին ունի, լայն բացված կարճ լողակներ, անճոռնի գլուխ, հսկայական բերան, ըստ որում ստորին ծնոտը դուրս է ցցված` բավականաչափ ծածկելով վերևինը, դա մի առանձնահատուկ այլանդակություն է հաղորդում նրա կերպարանքին, եթե ձկան մռութը կարելի է կերպարանք անվանել։ Պռոշներն ու ծնոտները լցված են խիտ ատամներով, իսկ կոկորդը, քիմքն ու լեզուն` ծածկված համատարած կարճ փշերով։ Աչքերը մուգ են, բարձրադիր։ Գլխի վրա գտնվող ծծիչը, այսպես կոչված վահանակը, կազմված է կիսաշրջանաձև շարված մի քանի լայնակի ծալքերից։

Այն ամենը, ինչ որ Բրասը պատմում էր այդ ձկան մասին, միանգամայն ճիշտ էր, բայց թե նա չհիշատակեց նրա ոչ պակաս հետաքրքիր շատ առանձնահատկություններ։

Կպչանը լողափամփուշտ չունի և շատ քիչ են զար-գացած նրա լողակները։ Ըստ երևույթին, այդ պատճառով էլ նա, կարծես ի հատուցումն այն բանի, որ բնությունը նրան այդպես է ստեղծել, օժտված է օվկիանոսում լողացող արարածներին կամ առարկաներին կպչելու հատկությամբ։ Սպիտակ շնաձուկը գիշատչի իր դանդաղ, գաղտագողի շարժումներով, շատ հարմար է այդ նպատակի համար։ Նա կպչանի համար միաժամանակ և́ փոխադրամիջոց է, և՛ հանգստավայր, ահա թե ինչու սպիտակ շնաձուկը միշտ շրջապատված է այդ տարօրինակ ուղեկիցներով։

Կպչանը կպչում է ջրի երեսին լողացող նաև ուրիշ առարկաների` գերանի կամ նավատակին։ Ինչպես նավաստին էր պնդում, պատահում է, որ նա հանգստանում է և ստորջրյա ժայռի վրա։ Նա կպչում է նաև կրիաներին, գետաձիերին, նույնիսկ համեմատաբար խոշոր ալբակորներին։

Կպչանը սնվում է գլխավորապես ծովախեցգետնիկներով, կակղամորթներով և օվկիանոսային այլ մանր ձկներով։ Բայց նա մարմնի այն մասով, որով կպչում է, ոչ մի սնունդ չի ընդունում. որևէ կենդանու կպչելով, կպչանը նրան ամենևին վնաս չի տալիս։ Նա միայն երբեմն է օգտվում այդ ապարատից։ Իսկ մնացած ժամանակ լողում է, եթե կարելի է այսպես ասել, «իր բնակավայրի» շուրջը, միաժամանակ կեր գտնելով իր համար։ Նա լողում է պոչի լայնակի շարժումների օգնությամբ, որոնք, սակայն, խիստ անհամաչափ են ու անճոռնի։

Կպչանն իր հերթին կերակուր է ուրիշ ձկների, ինչպես, օրինակ, երկատամի կամ ալբակորի համար։ Սակայն շնաձուկը խնայում է նրան, ինչպես խնայում է լոցման ձկանը, երբեք չհետապնդելով նրանցից ոչ մեկին։

Կպչանը լինում է ինչպես լրիվ սպիտակ, այնպես էլ սև գույնի։

Նրանք հաճախ երկուսով միասին են ուղեկցում շնաձկանը։ Սպիտակ կպչանը, հավանաբար, սևի տարատեսակն է, կոչվում է ալբինոս։

Եթե շնաձուկը, կեռի վրա ընկնելով, նավ բարձրացվի, ապա նրան ուղեկցող կպչանները մի քանի օր կշարունակեն լողալ նավի ետևից: Այդ ժամանակ նրանց կարելի է բռնել վրան որպես խայծ մսակտոր անցկացրած կարթով. նրանք բռնվում են նույնիսկ ամենահանդարտ ջրում։ Բայց հենց որ կպչանը խայծը բերանն առնի, պետք է կարթը շուտ դուրս քաշել, թե չէ` նա անմիջապես կմոտենա նավակողին և այնքան ամուր կկպչի նրան, որ ոչ մի կերպ չես կարողանա պոկել։

Հայտնի է կպչանի երկու տեսակ։ Մեկը, որի մասին հիմա խոսեցինք, ամենատարածվածն է։ Իսկ մյուսը, որն ավելի խոշոր է ու ավելի սակավ է հանդիպում, ապրում է Խաղաղ օվկիանոսում և կոչվում է «էխենեիս աուստրալիս»։ Այս վերջին տեսակի կպչանն իր ցեղակցից ավելի բարետես է, ավելի արագ է լողում և ընդհանրապես ավելի շարժունակ է ու ակտիվ։

Այդ ձկան պատմության մեջ թերևս ամենահետաքրքիր մանրամասնը հետևյալն է։ Պարզվում է, որ դա հենց այն ձուկն է, որին վաղ շրջանի իսպանական ծո-վագնացները ճանաչում էին «ռեմորա» անունով։ Կոլումբոսը նրան տեսել է Կուբայում ու Յամայկայում, որտեղ բնիկները կրիաներ են բռնում նրանց օգնությամբ։

Դա արվում էր այսպես։ Արմավենուց հյուսված պարանը կապելով օղակից, որը նախապես հագցնում էին ռեմորայի պոչի ամենանեղ մասի վրա, փորալողակների ու պոչալողակների միջև, ձուկը նորից բաց էին թողնում ջրի մեջ։ Պարանի մյուս ծայրը կապում էին ծառից կամ փաթաթում էին ափին գտնվող ժայռաբեկորին։ Այնուհետև որպես կարթ նետված ձկանը լիակատար ազատություն էր տրվում։

Իհարկե, նա առաջին հերթին կպչում էր ծովային այն խոշոր կրիաներից մեկնումեկին, որոնք հնուց հայտնի էին իրենց համեղ մսով ու մատուցվում էին ազնվականների խնջույքներում, և ժամանակակից որկրամոլները դրանք գնահատում են այնպես, ինչպես մի ժամանակ Կուբա կղզու հին կացիկներն<ref>Կացիկներ (կասիկներ) – Ամերիկայի հայտնագործման դարաշրջանի հնդկացի առաջնորդներ:</ref> են գնահատել։

Կրիայի որսով զբաղվողը ժամանակ առ ժամանակ նայում է իր «կարթին»։ Եթե պարանը շատ է ձգվել, ուրեմն ռեմորան արդեն կպել է կրիային, և այն ժամանակ որս անողը դուրս է քաշում կրկնակի բեռով պարանը։ Մահակով կրիային հասցված մի լավ հարված` և որսը պատրաստ է։

Այս ձևով հսկայական քաշի կրիաներ են բռնում։ Ռեմորային կրիայի հետ մեկտեղ պարանով դուրս հանելիս քաշում են նրա պոչից, այսինքն` այնպիսի ուղղությամբ, որ նա ոչ մի կերպ չի կարող պոկվել կրիայից (բացառությամբ այն դեպքերի, երբ նա խիստ ուժեղ թափ է առնում)։

Ամենազարմանալին այն է, որ նույն ձևով կրիա են բռնում նաև մեր օրերում Մոզամբիկի ափին, և այդ անում են այնպիսի մարդիկ, որոնք երբեք չեն հաղորդակցվել արևմտահնդկական կղզիների բնիկների հետ և այդ իսկ պատճառով էլ չէին կարող ձուկը որպես կարթ օգտագործելու հետաքրքրական եղանակը սովորել նրանցից։

Այդ ձկնատեսակի առավել մանր նմուշները պատահում են նաև Միջերկրական ծովում։ Հիշյալ ձուկը քաջ հայտնի է եղել դեռևս հին ժամանակներում, և նրա մասին շատ են պատմում այն օրերի գրողները։ Այնուամենայնիվ, ինչպես և որևէ արտասովոր հատկությամբ օժտված այդօրինակ արարածների մեծ մասը, նա ավելի շուտ զանազան մտացածին պատմությունների առարկա է եղել, քան իսկական բնագիտության։ Նրա մասին, օրինակ, ասել են, թե կպչում է ողնուցին և նավը քաշում հակառակ ուղղությամբ, մինչև որ սա կանգնում է։ Էլ ավելի զարմանալի մի հատկություն էլ են վերագրել նրան, հավատացնելով, որ եթե հանցագործը, արդարադատությունից վախենալով, խորամանկորեն կարողանա այդ ձկան միսն ուտեցնել դատավորին, ապա նա երկար ժամանակ կազատվի օրենքի հետապնդումից, քանի որ դատավորը շատ ուշ մեղադրավճիռ կկայացնի նրա նկատմամբ։


== Գլուխ XIV. Զարմանալի առագաստանավը ==

Երբ նավաստին ու յունգան շնաձկան հետ իրենց գործը վերջացրին, արևն արդեն մայր էր մտնում: Այժմ լաստը բոլորովին այլ տեսք ուներ։ Թիակայմերի միջև մի քանի շարք ձգված պարանների վրա շնաձկան մսի լայն, բարակ շերտեր էին փռված։ Իրար մոտիկ կախված այդ բազմաթիվ սպիտակավուն կտորների ամբողջությունը հեռվից կարելի էր առագաստի տեղ ընդունել։

Եվ դրանք իրոք առագաստի դեր էին կատարում` բավականաչափ լայն մակերեսը դեմ անելով երեկոյան սկսված քամուն և դրանով իսկ օգնելով, որ լաստը ավելի արագ շարժվի:

Լաստը ղեկավարելն անիմաստ էր. չարժեր ուժ կորցնել դրա համար. մեր նավաբեկյալները հասկանում էին, որ այդպիսի փոքրիկ լաստով, միևնույն է, ափ չէին հասնի։ Փրկության միակ միջոցը կարող էր լինել մոտերքով անցնող որևէ նավ, որը կվերցներ նրանց։ Իսկ քանի որ հնարավոր չէր կռահել, թե որ կողմից կարող էր այն հայտնվել, ապա արդյոք մեկ չէ, թե ալիքը կամ քամին կողմնացույցի երեսուներկու մասերից դեպի որն է քշում նրանց։

«Ո՛չ, մեկ չէ,– հանկարծ մտածեց Բրասը։– Վայ մեզ, եթե լաստը դեպի արևմուտք քշվի: Այդ կողմերում ինչ-որ տեղ մեծ լաստն է ճոճվում, վրան` այն սրիկաներն ու հարբեցողները, որոնք քիչ էր մնացել մարդակեր դառնային։ Թերևս նրանք էլ, քամու կամ հոսանքի քմահաճույքով, դեսուդեն են քշվում օվկիանոսում։ Գուցե նրանք մեզնից ավելի շատ են տառապում ահավոր ծարավից ու սովից։ Իսկ գուցեև նրանցից մեկնումեկը ստիպված է եղել հնազանդվել այն դաժան ճակատագրին, որ նրանք պատրաստել էին յունգա Վիլմի համար, չէ որ, եթե ես չմիջամտեի, սա չէր խուսափի դրանից... Լավ է, որ յունգան ազատվեց նրանցից։ Բայց որ երկրորդ անգամ նրանց ճանկն ընկավ, այլևս փրկություն չի լինի»։
Գազազած ավազակախումբը չէր խնայի նաև հենց իրեն` Բեն Բրասին, վրեժ լուծելով սրա հասցրած «վնասի» համար։

Ահա թե ինչու, հենց որ քամին փչեց, Բեն Բրասն անմիջապես շրջվեց դեպի արևը` որոշելու համար, թե որ ուղղությամբ է շարժվում իրենց լաստը։ Եվ զար-մանալի չէ, որ նրա տագնապն անմիջապես անցավ, նրանք քշվում էին դեպի արևելք։

– Իրոք որ դեպի արևելք,– ասաց նա։– Ա՜յ քեզ տարօրինակ բան։ Այս վայրերում, որքան նկատել եմ, քամին գրեթե միշտ արևելքից դեպի արևմուտք է փչում, իսկ հիմա` ընդհակառակը։ Բայց թե այս քամին երկար չի տևի։ Սա նորից սոսկ «կատվաթաթիկ» է: Հենց որ դադարեց, անմիջապես կսկսվի անշարժությունը: Ինչ որ է, միայն թե այնպիսի քամի չփչի, որ մեզ դեպի մեծ լաստը քշի։

Նրա այն ցանկությունը, որ քամին իրենց ետ չտաներ, միանգամայն հասկանալի էր Վիլյամին։ Երեկվա սարսափելի տեսարանը դեռ թարմ էր նրա հիշողության մեջ: Նա չէր մոռացել, թե ինչպես մի տասնյակ գազազած սրիկաներ ուզում էին սպանել իրեն, և միայն մի խիզախ մարդ, սեփական կյանքը վտանգի ենթարկելով, համարձակվեց, պաշտպանել իրեն։ Այնքա՜ն ահավոր տեսարան էր, որ շուտ մոռանալ հնարավոր չէր։.
Եվ նա չէր մոռանում, չէր մոռանում ոչ մի րոպե։ Ճիշտ է, երբ շնաձկները հարձակվեցին նրանց վրա, անմիջական վտանգը նրա մտքից դուրս մղեց սարսափելի հիշողությունները: Բայց հենց որ վտանգն անցավ, դրանք նորից վերադարձան։ Թեև նա ամբողջ օրն աշխատանքով էր զբաղված, բայց մերթընդմերթ նրա աչքերի առջև հառնում էր այդ տեսարանը` որպես արթմնի ծանր մղձավանջ։ Գրեթե յուրաքանչյուր մի քանի րոպեն մեկ նա անգիտակցաբար շրջվում էր դեպի արևմուտք, տագնապալից նայելով, թե արդյոք հեռվում, իրենց երազած նավի փոխարեն, չի՞ երևում այն սարսափելի նավը։

Բայց ահա գործն ավարտված է: Նույնիսկ նավաստին սաստիկ հոգնածություն զգաց, էլ ուր մնաց նրա համեմատաբար թույլ ընկերը։ Ոչ մի րոպե չնստելով, Բեն Բրասը նորից սկսեց ուշադիր զննել հորիզոնը. իսկ տղան պառկեց լաստի բաց տախտակների վրա։

– Հոգնեցի՞ր, փոքրիկս,– մեղմորեն հարցրեց նավաստին:– Փռեիր առագաստալաթի մնացորդն ու քնեիր ինչպես որ պետքն է։ Ինչո՞ւ երկուսս էլ տանջվենք ու չքնենք։ Ես կհերթապահեմ մինչև մութն ընկնելը ու հետո ինքս էլ կպառկեմ։ Պառկիր, քունդ առ։

Վիլյամը շատ էր հոգնել, չառարկեց։ Առագաստալաթը տակը գցելով, պառկեց, և հաճելիորեն կծկվելով, անմիջապես քնեց։

Իսկ նավաստին շարունակում էր կանգնած մնալ և ուշադիր տնտղել հորիզոնը։ Նա մերթ անհանգիստ նայում էր ջրերին, որ թույլ ճողփում էր լաստեզրի մոտ, մերթ հայացքը հառում էր օվկիանոսի մթնող հեռուները: Բայց որևէ բան նկատելու նրա բոլոր ջանքերն իզուր էին։

Այդպես կանգնած մնաց նա այնքան ժամանակ, մինչև որ մթնշաղը, որը շատ կարճատև է այդ լայնություններում, վերածվեց թանձր խավարի։
Ամեն ինչ անլուսին գիշեր էր գուշակում։ Երկնակամարում ցրված մի քանի թույլ թարթող աստղերն էին միայն, որ նրան օգնում էին երկինքը ջրից ջոկելու։ Եթե հիմա բոլոր առագաստները պարզած մի նավ անցներ լաստից մեկ կաբելտով<ref>Կաբելտով - 185,2 մետր:</ref> հեռավորությամբ, հազիվ թե նկատվեր։ Այդպիսի մթության. մեջ արթուն մնալն անիմաստ էր։ Նման եզրակացության հանգելով, նավաստին նույնպես պառկեց քնած ընկերոջ կողքին ու շուտով, ինչպես և նա, ընկղմվեց անուշ քնի մեջ, չքացան նրանց անվերջ տառապանքներն ու հուզումները:


== Գլուխ XV. Խորհրդավոր ձայնը ==

Այդպես նրանք քնեցին մի քանի ժամ շարունակ, մոռանալով անցած փորձանքները, չմտածելով ոչ իրենց շրջապատող, ոչ էլ գալիք վտանգների մասին։

Ինչպիսի՜ տեսարան։ Եվ չկար մեկը, որ այն տեսներ։ Հավիտենության պես անծայր, անսահման օվկիանոսում փոքրիկ, իրենցից մի քիչ ավելի երկար, խարխուլ լաստի վրա քնած են երկու հոգի, այնքան անխռով, ասես պառկած են ամուր գետնի վրա փռված փափուկ անկողնում, հուսալի կտուրի տակ: Այո, օվկիանոսում կորած այդ խղճուկ լաստիկը և նրա վրա խաղաղ քնած մարդիկ մի հազվագյուտ տեսարան էին ներկայացնում։

Բարեբախտաբար, արդեն մի քանի ժամ էր, ինչ նրանք վայելում էին այն խոր ու հաճելի քուն, որը մոռացնել է տալիս ամեն ինչ` բոլոր սարսափները, բոլոր տառապանքները։

Եվ ինչպե՜ս այդպիսի քունը չանվանել երանություն։ Կեսգիշերն արդեն վաղուց անցել էր, իսկ նրանք դեռ քնած էին։ Եվ ի՞նչը կարող էր նրանց արթ-նացնել։ Նույն արևմտյան զեփյուռը և լաստի մոտ ջրի մեղմ ճողփյունը ավելի շուտ քնացնում էին նրանց, ինչպես օրորոցայինը` երեխային։

Յունգան արթնացավ առաջինը։ Նա ավելի շատ էր քնել և քնից հետո հանգստացած նյարդերը ավելի սրությամբ էին ընկալում արտաքին տպավորությունները։ Նա արթնացավ այն պատճառով, որ մի քանի խոշոր, ծանր կաթիլներ ընկան նրա դեմքին։

Այս ի՞նչ է։ Ջուրն ակոսող լաստեզրից իրեն հասած ցայտե՞ր։

Ո́չ, դրանք անձրևի կաթիլներ էին։ Երկինքը սևակնած էր։ Բայց այն պահին, երբ Վիլյամը նայեց նրան, փայլատակեց կայծակը, իր պայծառությամբ լուսավորելով օվկիանոսն ու երկինքը։ Միայն մի ակնթարթ, և անմիջապես ամբողջ շրջապատը թաղվեց խոր խավարի մեջ։

Տղան նորից երեսը սեղմեց բրեզենտին, պատրաստվելով քնել։

Այդ անձայն, փայլատակումի նմանվող կայծակը չվախեցրեց նրան։ Չվախեցրին նաև չարագուշակ անձրևաամպերը։ Նա այնքան հաճախ էր թրջվում և́ հորդահոս անձրևից, և́ օվկիանոսային ալիքների ցայտերից, որ այլևս չէր վախենում մեկ անգամ ևս թրջվելուց։

Եվ նա նորից անվրդով կքներ, եթե հանկարծ ինչ-որ խորհրդավոր ձայն չլսեր։ Գուցե ոչ մի ձայն էլ չկար ու սոսկ թվացել էր նրան, բայց միևնույն է, նա այլևս քնել չէր կարող և այնպես էր վախեցել, որ քնելու ցանկությունն ընդհանրապես կորել էր։ Ի՞նչ բան էր դա։ Մարդկային ձա՞յն...

Բայց, միգուցե, ճա՞յը ճչաց, ֆրեգատ էր կամ ծովաբադ։ Ոչ, նրանք չէին։ Յունգան գիտեր տարբերել ինչպես այդ, այնպես էլ շատ ուրիշ թռչունների ձայները։ Անսպասելիորեն լսված ձայնը բոլորովին նման չէր թռչունի ճիչի։

Դա մարդու ձայն էր, ավելի ճիշտ` երեխայի ձայն, ըստ որում ոչ թե մանկիկի, այլ մի տասը տարեկան աղջկա:

Եվ այդ ձայնի մեջ բողոք չէր լսվում, այն պարզապես մի փոքր տխուր էր։ Գուցե քնաթաթախ լինելու պատճառո՞վ էր, որ Վիլյամին թվաց, թե աղջիկը ինչ-որ մեկի հետ խոսում է:

Բայց դա անհավատալի էր, պարզապես անհնարին։ Նրան, թերևս, խաբել էր երևակայությունը կամ նա իրոք իրեն անծանոթ օվկիանոսային ինչ-որ թռչունի քնկոտ մռթմռթոցն էր մարդկային ձայնի տեղ ընդունել։

Չարթնացնե՞լ Բենին ու ամեն ինչ պատմել։ Իսկ եթե հանկարծ պարզվի, որ դա մարդու ձայն չէ, այլ օվկիանոսային ինչ-որ թռչնիկ է քնի մեջ երգո՞ւմ, և ինքն անտեղի է արթնացնում նրան։ Չէ որ Բենը հանգստանալու խիստ կարիք ունի: Իհարկե, նա չի բարկանա, որ Վիլյամն իրեն արթնացրեց։ Բայց թե մի լավ կծիծաղի վրան, եթե ինքը նրան ասի, թե գիշերվա այս ժամին Ատլանտյան օվկիանոսում ինչ-որ փոքրիկ աղջիկ է խոսում։ Ով գիտե, մեկ էլ տեսար ասաց, թե դա ծովահարս է, և սկսեց ուզածի պես ձեռք առնել իրեն։ Չէ, նա չէր ուզի ծաղրի առարկա դառնալ նույնիսկ իր լավագույն ընկերոջ համար։ Ավելի լավ է լռել։

Եվ Վիլյամը որոշեց չարթնացնել նավաստուն և այդ ամբողջ անհեթեթությունը գլխից հանել. այդ ամենը սոսկ թվացել է իրեն։

Բայց նոր էր նա գլուխը դրել իր կոշտ մահճին, երբ նորից նույն ձայնը լսվեց։ Այս անգամ այն հնչում էր ավելի հստակ, ասես թե աղջիկն ավելի բարձրաձայն էր խոսում կամ ավելի էր մոտեցել:

«Եթե սա փոքրիկ աղջկա ձայն չէ,– մտածեց Վիլյամը,– ուրեմն ես երբեք չեմ լսել, թե ինչպես է քույրիկս ճլվլացել կամ մանուկ հասակում ինչպես են շաղակրատել իմ խաղընկերուհիները։ Իսկ եթե դա փոքրիկ ծովահարսի ձայն է, ուրեմն ծովահարսները կարողանում են խոսել, որովհետև ոչ թե մի բառ, այլ շատ բառեր ասվեցին իրար ետևից: Ոչ, հարկավոր է Բենին արթնացնել: Սա լսողության խաբկանք չէ, ոչ էլ երևակայության խաղ։ Ինչ-որ տեղ մոտերքում կամ փոքրիկ ծովահարս է խոսում, կամ աղջնակ։ Ինչ անեմ, ստիպված եմ արթնացնել Բենին»:

– Բե՜ն։ Բե՜ն...

– Է՜ է՜ է՜: Ու՜ ո՜ւհ: Ի՞նչ աղմուկ է: Երևի յոթկես-ժամյա՞կ է։ Ախր ես «շան հերթափոխի»<ref>«Շան հերթափոխ» – կիսահերթափոխություն գիշերվա ժ. 12-ից գրեթե մինչև առավոտվա ժ. 4-ը:</ref> չեմ։ Է՜ է՜ է՜: Այդ դո՞ւ ես, Վիլմ։ Ի՞նչ է պատահել փոքրիկ։

– Բեն, ինչ-որ ձայներ եմ լսում:

– Ձայնե՞ր։ Հետո ինչ։ Օվկիանոսում, այո, միշտ ինչ-որ բան լսվում Է։ Ինչ գազան ու թռչուն ասես կա այստեղ... Էխ, փոքրիկս, երբ արթնացրիր` էնպիսի լավ երազ էի տեսնում։ Իբր նորից իմ հին ֆրեգատի վրա եմ... Իսկ ո՞րն էր իմ երազի մեջ լավը։ Կարծես ոչինչ էլ չէր եղել. բոցմանը ինձ քնից հանեց, ականջիս տակ գոռգոռաց, որ ես շուտ հերթափոխի գնամ։ Այնուամենայնիվ էն հերթափոխությունն ավելի հեշտ էր, քան հիմիկվանը։ Ուրեմն ասում ես, որ ինչ-որ բան ես լսել, հա՞:

– Ձայն լսեցի։ Համենայնդեպս, ինձ թվաց, որ դա ձայն է:

– Ձա՞յն։ Մարդու ձա՞յն։

– Այո, ըստ իս, աղջկա ձայն էր։

– Աղջկա ձա՞յն: Ցնդե՞լ ես, ինչ է: Ապա մի մոտ արի: Թող մի քեզ նայեմ:

– Բոլորովին էլ չեմ ցնդել, Բեն: Իսկապես մարդու ձայն եմ լսել: Երկու անգամ։ Առաջին անգամ մտածեցի, որ սխալվել եմ։ Բայց հիմա երկրորդ անգամ լսեցի, և ես...

– Եթե մրրկահավեր ու ճայեր չլինեին այս տեղերում, ապա չէի իմանա, թե ինչ ասեմ քեզ։ Չէ որ նրանք ճչում ու լաց են լինում ճիշտ և ճիշտ փոքր երեխաների պես։ Հենց նրանց ձայներն է, որ լսել ես։ Այստեղ լեփ-լեցուն են. ծովահարսեր էլ շատ կան։ Ինքդ մտածիր, որտեղի՞ց կարող է այստեղ աղջիկ հայտնվել։ Եթե տղամարդ հայտնվեր, ասենք, մի կերպ կարելի էր, և այն էլ...

Նավաստին խոսքը կիսատ թողեց և, ցնցվելով, շտկվեց ու սկսեց լարված ականջ դնել։ Քամու միջով, ջրի աղմուկի միջով տղամարդու ձայն հասավ նրանց։

– Կորած ենք, Վիլմ,– այլևս ականջ չդնելով, ցածրաձայն ասաց նա։– Լեգրոյի ձայնն է։ Մեծ լաստի վրա գտնվող արյունարբու մարդակերներից ամենագլխավորինը: Նշանակում է, մեծ լաստն այստեղ մոտերքում է։ Իսկ մենք կարծում էինք, թե ազատվել ենք նրանցից։ Պատրաստվիր, բարեկամս։ Մեր մեռնելու ժամը, երևի, հասել է...


== Գլուխ XVI. Էլի օվկիանոսում կորած մարդիկ ==

Եթե այդ բոլոր իրադարձությունները կատարվեին օրը ցերեկով և ոչ թե գիշերը, Բրասն ու իր պատանի ընկերն այդքան չէին վախենա քամու հետ իրենց հասնող անծանոթ ձայնից։ Այնպիսի բաներ կտեսնեին նրանք ցերեկով, որոնք ոչ միայն չէին սարսափեցնի, այլև, ընդհակառակը, կստիպեին մոտենալ։

Իսկ այժմ նրանց կողմն էր քշվում բոլորովին էլ ո՛չ մեծ լաստը, և նրանք լսել էին ո́չ Լեգրոյի ձայնը կամ էլ նրա գարշելի ուղեկիցներից որևէ մեկինը, որոնց մասին մտածել էին վախեցած։

Եթե նրանց աչքերը կարողանային թափանցել օվկիանոսը պարուրած թանձր խավարի միջով, ապա նրանք կտեսնեին շատ բաներ, որոնք քամու կամ ալիքների կամքով քշվում էին իրենց նման։ Նրանք կնկատեին ածխացած գերաններ, նավափայտերի բեկորներ` պարանասարքերի ու առագաստների մնացորդներով, տակառներ ու տակառիկներ, որոնք գրեթե սուզվել էին իրենց պարունակության ծանրությունից: Եվ ի՜նչ ասես որ չկար այդտեղ։ Կարծես ահավոր պայթյունից ջարդուփշուր եղած արկղների տախտակներ, նավասենյակների կահույք, թասեր, ամաններ, հավավանդակներ, թիակներ, հանդշպուգներ և էլի շատ ու շատ ուրիշ բաներ։ Այս ամենը քամու բերանն ընկած` քշվում էր, օրորվում ալիքների վրա։

Շատ իրեր լողում էին` իրար վրա կիտված, շատերն էլ տարտղնել էին օվկիանոսում` մի ամբողջ մղոնի վրա։ Եվ եթե հիմա լույս լիներ, նավաստին ու յունգան, տեսնելով օվկիանոսի հարթ մակերևույթին փռված այդ խայտաբղետ իրերը,անմիջապես կճանաչեին հրդեհված «Պանդորա»-ի մնացորդները, այն նավի, որից իրենք հազիվ էին ազատվել:

Իսկ այդ իրերից շատերը որքա՜ն հարկավոր կարող էին լինել: Դրանք ձեռք գցելով, նրանք կվերակառուցեին իրենց խարխուլ լաստը, կդարձնեին ավելի հուսալի, ավելի ամուր։ Եվ լաստը դրա կարիքն ուներ. նա դժվարությամբ էր դիմանում երկու հոգու ծանրությանը և, իհարկե, կտոր-կտոր կլիներ փոթորկի առաջին իսկ հարվածից։ Բացի այդ, օվկիանոսում թափառող այդ բոլոր առարկաների մեջ նրանք կտեսնեին մնացածներից խիստ տարբերվող մի բան, որի համար շատ կզարմանային ու կուրախանային:

Դա մի լաստ էր, մի քիչ ավելի մեծ, քան այն, որով իրենք լողում էին, բայց բոլոլովին ուրիշ ձևով կառուցված։ Մի քանի կիսով չափ այրված տախտակներ, բազմոց, եղեգնյա բազկաթոռ և էլի ինչ-որ թեթև կահույք, այս բոլորը պարաններով մի կերպ կապված էին իրար: Լաստը անճոռնի տեսք ուներ ու, թերևս, ավելի քիչ էր հարմար Ատլանտյան օվկիանոսում նավարկե-լու համար, քան այն, որի վրա գտնվում Էին Բեն Բրասն ու Վիլյամը։ Բայց սա մի դրական կողմով տարբերվում էր նրանց լաստից։ Արագընթացունակությունը ապահովում էր մի հարմարանք, որը նավաստու մտքով չէր անցել կամ որի մասին նա ժամանակ չէր ունեցել մտածելու։ Բոլոր կողմերից լաստից կապված էին ամուր փակված դատարկ տակառներ, որոնց շնորհիվ նա կարող էր լողալ` մոտավորապես երկու տոննա ծանրություն տանելով։ Բացի այդ, լաստի ետևից լողում էր մի փոքրիկ տակառ, որը լաստից կապված էր ո́չ նրա լողունակությունը ավելացնելու համար. կիսով չափ ջրի մեջ սուզված տակառիկը դատարկ չէր։

Իհարկե, այս բոլոր իրերը, պատահականորեն թե ալիքների քմահաճույքով, կարող էին կուտակվել ու միասին լողալ։ Բայց չէ որ լաստն ինքն իրեն կապվել չէր կարող։ Պարզ էր, որ դա մարդու ձեռքով էր արված։ Եվ իրոք, չորս կողմից տակառներով շրջապատված լաստի վրա նստած էր այդ տարօրինակ կառույցի հեղինակը։ Դա մի մարդ էր, որը յուրաքանչյուրի ուշադրությունը կգրավեր ամեն մի պարագայում` զտարյուն մի նեգր` էբենոսափայտի պես փայլուն մաշկով, խոշոր, գրեթե քառակուսի գանգով, մազերը գանգուր և այնքան խիտ, որ թվում էր, թե դրանք ոչ թե մազ են, այլ խիստ թաղքած, ասես գլխին կպած բուրդ։ Մեծ, լոշտակ ականջները, կախ ընկած շրթունքներով, ինչպես ասում են, մինչև ականջները բացվող բերանը հիշեցնում էին գորիլա կամ շիմպանզե։

Բայց և այնպես, չնայած բավական տգեղ դիմագծերին, նեգրի դեմքը բոլորովին էլ վանող կամ նույնիսկ անդուր չէր: Ժպիտը, շողշողուն ճերմակ ատամները և վառ կարմիր շրթունքները նույնիսկ գրավիչ էին դարձնում նրա դեմքը։ Համենայնդեպս դա ասում էր, որ նեգրը լավ ու բարի մարդ է։

Սակայն հիմա, երբ նա նստած էր իր յուրօրինակ լաստի վրա ու նայում էր տակառներից սարքված նավեզրի վրայով, չէր ժպտում. ընդհակառակը, նրա դեմքը մռայլ էր ու մտահոգ։

Դա բոլորովին էլ զարմանալի չէր, որովհետև նեգրը մենակ չէր. լաստի վրա գտնվում էր նաև ութ-տասը տարեկան մի աղջիկ։

Նա նստել էր փոքր-ինչ կծկված, ասես վախեցած, սևեռուն նայում էր իր սև ուղեկցին, միայն երբեմն անտարբեր աչքերը հառելով օվկիանոսի սև մակերևույթին։ Այնքան տխրություն ու հուսահատություն կար դեռ բոլորովին մատաղ այդ արարածի դեմքին, որ պարզ երևում էր` նա կորցրել էր փրկության ամեն մի հույս։

Թեև աղջիկը նեգրուհի չէր, բայց սպիտակամորթ էլ չէր կարելի ասել նրան։ Մաշկը ձիթապտղագույն էր, բայց երկար խոպոպիկներով ուսերին թափվող մազերը և այտերի վարդագույնը ասում էին, որ նրա մեջ ավելի շատ կովկասյան, քան նեգրական արյուն կա։

Նա, ով եղել է Աֆրիկայի արևմտյան ափին, աղջկան տեսնելով, դեմքից անմիջապես կկռահեր, որ նա սերում է այն խառը ռասայից, որն առաջացել է գաղութարար պորտուգալացիների և սևամորթ բնիկների երկարատև շփումից։


== Գլուխ XVII. Թե ինչպես էր Ձյունիկը փրկվել ստրկատար նավից ==

Ընթերցողը, հավանաբար, կռահեց, որ նեգրն ու աղջիկը, ինչպես Բեն Բրասն ու Վիլյամը, նույնպես «Պանդորա» ստրկատար նավի խորտակման զոհերն են։ Ուստի մենք միայն կպատմենք, թե ովքեր էին նոր անձնավորությունները և ինչպես էր նրանց հաջողվել ազատվել այն զարհուրելի ճակատագրից, որից չխուսափեց այդ ստրկատար նավի վրա եղած սևամորթներից և ոչ մեկը։

Նեգրը, թեև իր տարաբախտ շատ ու շատ ցեղակիցներից էլ ավելի սև էր, բայց նրանց կազմի մեջ չէր մտնում և այդ նավի վրա «բեռ» չէր։ Նա «Պանդորա»-ի անձնակազմի անդամ էր և այնտեղ ծառայում էր որպես կոկ<ref>Կոկ – խոհարար:</ref>։ Քամբուզի<ref>Քամբուզ- նավի խոհանոցը:</ref> այդ լիիրավ տիրոջը, ասես ծաղրելու համար, Ձյունիկ էին կանչում նավի վրա։ Նա, որ ծագումով աֆրիկացի էր, ծնվել էր ազատ, բայց ստրկության էր վաճառվել։ Հետո նորից ազատություն ձեռք բերելով, շատ նավերի վրա աշխատել էր որպես կոկ կամ ստյուարդ<ref>Ստյուարդ – բուֆետապան:</ref> և բազմիցս նավարկել էր աշխարհի շուրջը, ակոսելով հողագնդի գրեթե բոլոր ծովերն ու օվկիանոսները։

Բնավորությամբ լավ մարդ լինելով հանդերձ, նա այնուամենայնիվ խղճի դեմ չէր համարում ստրկատար նավերի վրա աշխատելը ու չէր խորշում նրանց անձնակազմերից, միայն թե լավ վճարեին իրեն և առատորեն բաց թողնեին նավապահեստների պաշարներից։ Իսկ քանի որ նեգր ստրուկների փոխադրումով զբաղված նավերի վրա ժլատ չէին այդ հարցում, ուստի Ձյունիկն էլ հաճախ հենց այդտեղ էր աշխատում։ Ճիշտ է, այնպիսի մի նողկալի խմբի, ինչպիսին «Պանդորա»-ի անձնակազմն էր, նա առաջին անգամ հանդիպեց և, հարկ է արդարամտորեն ասել, նրանից անկեղծորեն զզվել էր սկսել սոսկալի խորտակումից դեռ շատ առաջ։ Ձյունիկը նավից հեռանալու գրեթե նույնքան ջերմ ցանկություն ուներ, որքան և Բեն Բրասն ու յունգան:

Սակայն նա սիրտ չարեց փախչել այն ժամանակ, երբ իրենք Աֆրիկայի ափերի մոտ էին կանգնած, նա քաջ գիտեր, որ այնտեղ իրեն կբռնեն ու նորից կվաճառեն ստրկության, որից արդեն շատ տարիներ էր, ինչ իրեն հաջողվել էր ազատվել։

Չի կարելի ասել, թե Ձյունիկը աչքի էր ընկնում անբասիր վարքագծով, բայց և այնպես, նա մեծապես օժտված էր մի առաքինությամբ` իրեն բարություն արած մարդուն ամբողջ կյանքում երախտապարտ լինելու ունակությամբ։ Եթե նա զուրկ լիներ այդ առաքինությունից, ապա այժմ լաստի վրա կլիներ մենակ և անելանելի դրության համար տագնապ չէր ապրի։ Բայց հենց այն պատճառով, որ նա գիտեր մեծապես շնորհապարտ լինել, նրան սաստիկ տանջում էր այդ աղջկա ճակատագիրը, մի աղջիկ, որի փրկության մասին մտածում էր նույնքան, որքան և իր։

Իսկ ի՞նչն էր այդքան անձնվեր հոգատարության պատճառը։ Չէ որ աղջիկը նրա դստրիկը չէր։ Մաշկի գույնը, դիմագծերը ասում էին, որ փոքրիկի ու նրա սևամորթ հովանավորի միջև ազգակցական մոտիկ կապ լինել չի կարող։

Եվ իրոք, նրանց միջև արյունակցական ոչ մի կապ չկար։ Աղջիկը դստրիկն էր մի մարդու, որը դարձավ Ձյունիկի ամենակատաղի թշնամին, նրան ստրկության վաճառելով։ Սակայն հենց այդ մարդն էլ հետագայում փրկագնեց Ձյունիկին ու դրանով ընդմիշտ շահեց նրա երախտագիտությունը։
Այդ մարդը նախկինում եղել էր Աֆրիկայի ծովափին գտնվող առևտրական ֆակտորիայի տերը։ Իսկ վերջին մի քանի տարիներին ապրում էր Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում։ Ահա թե ինչու նրա դստրիկը, որը ծնվել էր Աֆրիկայում` այնտեղից նրա մեկնելուց դեռ առաջ, դարձել էր «Պանդորա»-ի ուղևորուհին` Ձյունիկի հովանավորությամբ: Աղջիկը մեկնում էր հոր մոտ, նրա նոր նստավայրը արևմուտքում։

Եվ նեգրը ինչպիսի՜ բարեխղճությամբ էր կատարում աղջկա պաշտպանի իր պարտքը։ Երբ բոլորը թողեցին հրկիզվող նավը, և տախտակամածն արդեն բոցավառվում էր, հավատարիմ նեգրը բոցի ու ծխի միջով, կյանքը վտանգի ենթարկելով, իջավ նավասենյակ, որտեղ, վտանգին անտեղյակ, խոր քնած էր աղջիկը, բարձրացրեց նրան ու ձեռքերին առած` նավախելային սենյակի լուսամուտից նետվեց օվկիանոսը։
Ձյունիկը հրաշալի էր լողում։ Իր ֆիզիկական հսկայական ուժի շնորհիվ նա, անգամ այդպիսի բեռը շալակին, կարող էր որոշ ժամանակ մնալ ջրի վրա։

Բարեբախաաբար նրան պատահել էր նավահեծանի պարանասարք, որի օգնությամբ թիանավակն են իջեցնում, և, ոտքը նրա ծայրի օղակի մեջ մտցնելով, նա կիսով չափ կանգնած էր, կիսով լափ լողում էր ջրում:

Հենց այդ պահին պայթյուն լսվեց, ու նավը դղրդյունով փլվեց: Օվկիանոսն անմիջապես ծածկվեց փայտակտորներով, տակառներով ու տակառիկներով, նավաստիական ուղեսնդուկներով, նավակահույքով և նման այլ իրերով: Դրանցից մի քանիսը բռնելով, Ձյունիկը լաստանման մի բան սարքեց և երեխայի հետ գիշերն անցկացրեց նրա վրա։

Առավոտյան, հենց որ լույսը բացվեց, Ձյունիկը սարսափով տեսավ, որ ինքն ու փոքրիկ Լալին բոլորովին մենակ են, և որ ջրի վրա եղած իր դժբախտ ցեղակիցներն արդեն հուշ են դարձել։

Բերված լինելով աֆրիկյան մայրցամաքի խորքերից, այն տեղերից, որտեղ մեծ լճեր ու գետեր չկան, նրանցից քչերը գիտեին լողալ, և նրանք, իհարկե, անմիջապես ջրի տակն անցան։ Մնացածներին պատառոտեցին շնաձկները. սրանք շատ-շատ են օվկիանոսի այդ մասում։ Եվ երբ արևը բարձրացավ ջրի վրա, լուսավորելով ողբերգության վայրը, Ձյունիկը սոսկումով համոզվեց, որ իրենից, փոքրիկ Լալիից և ուղեկիցներով շրջապատված շնաձկներից բացի, ուրիշ ոչ մի շունչ կենդանի չէր մնացել ամբողջ անծայրածիր օվկիանոսում:

Սակայն նեգրը գիտեր, որ «Պանդորա»-ի անձնակազմը փրկվել է։ Նա ականատես էր եղել, թե ինչպես նավապետը իր գործակիցների հետ թիանավակ նստած փախավ։ Եվ, նախքան ջրի մեջ հուսահատ թռիչք գործելը, Ձյունիկը նավասենյակի լուսամուտից տեսել էր թիանավակի հեռանալը։ Նա տեսել էր նաև, թե նավից ինչպես հեռացավ անձնակազմի մնացած մասին տանող մեծ լաստը։

Ընթերցողը, բնականաբար, կարող է հարց տալ` ինչո՞ւ Ձյունիկը չլողաց դեպի մեծ լաստը, իր նախկին ուղեկիցների մոտ։ Ինչո՞ւ նա չփորձեց ազատվել նրանց հետ միասին: Հիմա ձեզ կասենք դրա պատճառը։ Նավի վրա հրդեհ առաջացավ մասամբ հենց կոկի անփութության պատճառով: Եվ ինքն այդ գիտեր, ինչպես գիտեր և այն, որ այդ մասին հայտնի է նավապետին ու ամբողջ անձնակազմին։ Հենց որ նավապետը, «հրդեհ» բացականչությունը լսելով, իմացավ պատճառը, իր օգնականի հետ, որն իրենից պակաս դաժան չէր, այնպիսի ծեծ տվեց Ձյունիկին, որ այն ամբողջ կյանքում կմնա նրա հիշողության մեջ։ Իսկ երբ անձնախումբն էլ իմացավ հրդեհի պատճառը, քիչ էր մնում տեղնուտեղը հոշոտեին նեգրին: Նավաստիներն արդեն բռնել էին նրան ջուրը գցելու համար, երբ հանկարծ դիտանցքից դուրս պրծավ թանձր ծխամպը, ծածկելով ամբողջ տախտակամածը։ Ձյունիկին մոռանալով, բոլորն աճապարեցին ազատվել և, մի լաստ սարքելով, հեռացան բոցավառվող նավից։

Ահա թե ինչու Ձյունիկը հրաժարվեց մնացածների հետ միասին մեծ լաստի վրա փրկություն որոնելուց։ Չէ որ նրանք դաժանորեն վրեժ կլուծեն իրենից ու չարախնդությամբ, կատաղությամբ կվանեն լաստից հենց նրա համար, որ իրեն պատառոտեն շնաձկները, որոնք, որսի հոտն առնելով, վխտում էին շրջակայքում։

Եվ Ձյունիկը որոշեց ապավինել սեփական ուժերին, բախտին և ոչ թե սպասել իր նախկին ընկերների կարեկցանքին, առավել ևս, որ նրանք վերջին ժամանակներս բոլորովին չէին սիրում իրեն։

Թերևս դա ավելի լավ եղավ։ Եթե նա հասներ լաստին, և այդ ավազակները նրան թույլ տային մնալ իրենց հետ, ապա շատ հավանական է, որ նրանք ձեռք կբարձրացնեին փոքրիկ Լալիի կյանքի վրա, ինչպես որ վարվեցին սոսկալի մահից լոկ պատահականորեն ազատված յունգայի հետ:


== Գլուխ XVIII. Ձյունիկը դրեյֆող նավի վրա ==

«Պանդորա»-ի խորտակումից հետո անցած վեց օրում Ձյունիկի և Լալիի արկածները, ճիշտ է, այնքան բազմազան չէին, որքան նավաստունն ու յունգայինը, բայց այնուամենայնիվ բավականաչափ հետաքրքիր էին և արժեր նրանց մասին պատմել։

Ձյունիկը նավի պայթելուց հետո մնացած գիշերն անցկացրեց իր ձեռքով իրար կապված բեկորների վրա։ Դեռ երկար ժամանակ նրա ականջներում հնչում էին ստրկության վաճառված սևամորթների վայրի, գազազած աղաղակները, երբ նրանք կառչում էին մեծ լաստից, իսկ նրանց անողոքաբար ետ էին հրում։ Նա տեսավ, թե ինչպես մթության մեջ աղոտ կերպով սպիտակին տվեց հանկարծակի լաստի վրա բարձրացված առագաստը ու հանդարտ սահեց ալիքների վրայով: Ձյունիկը լսում էր այն սակավաթիվ մարդկանց վերջին ճիչերն ու հառաչանքները, որոնք լավ լողալ գիտեին, բայց, ուժասպառ լինելով, ջրի տակ իջան կամ ողջ-ողջ կուլ գնացին շուրջը վխտացող շնաձկներին։ Բայց ահա նրա ականջին հասավ ինչ-որ մեկի վերջին աղաղակը, և գերեզմանային լռություն տիրեց։ Խաղաղվելով, սսկվեց նաև օվկիանոսի մթամած մակերևույթը։ Գիշատիչ շնաձկներն անգամ, ասես լիուլի ապահովելով իրենց կերակուրը, մի քանի րոպեով հեռացան այդ ահասարսուռ տեղից, նրանք իջան խորքերը, որպեսզի հանգիստ խժռեն այն օվկիանոսային անհատակ հորձանուտում:

Լույսը բացվեց։ Նեգրն ու աղջիկը իրենց շուրջը լողացող բազմաթիվ առարկաներ տեսան, սակայն չտեսան մարդկային ոչ մի կենդանի արարածի։ Եվ Ձյունիկը հասկացավ, որ նավակը ձեռք գցած վեց հոգուց և մեծ լաստի վրա գտնվող անձնակազմից բացի, ուրիշ ոչ ոք չէր ազատվել կործանումից, Այդ սրիկաները լաստի վրա առագաստ էին բարձրացրել հենց նրա համար, որ շուտ հեռանան խեղճ խեղդվողներից, որոնք փրկություն էին աղերսում ու կառչում լաստից, որն, իհարկե, շուտով կորավ աչքից։ Նավակի մեջ նստած վեց հոգին նույնպես թիավարում էին ամբողջ ուժով, որպեսզի նախկին ընկերներն ու ուղեկիցները չկարողանային հասնել իրենց:

Ձյունիկն ինքն իրեն հարց էր տալիս, թե ինչու կենդանի մնացածներից ոչ ոք չփորձեց փրկվել բռնելով որևէ տախտակից, գերանից, չէ որ շրջակայքում շատ էին այդպիսի առարկաները։ Թերևս, ընթերցողն էլ է տարակուսում, թե ինչու նրանք այդպես չվարվեցին։

Մինչդեռ պատճառը շատ պարզ էր: Լողալ իմացող նեգրերը նետվեցին մեծ լաստի ետևից և այնքան հեռու լողացին, որ այլևս դեպի վառվող նավը ետ լողալու ուժ չունեին, իսկ երբ տեղի ունեցավ պայթյունը, և նավը կտոր-կտոր եղավ, նրանք արդեն կենդանի չէին։ Իսկ մնացածները, տեսնելով, թե ինչպես կրակը ավելի ու ավելի է մոտենում իրենց, գրեթե բանականությունը կորցրած, հուսահատությունից նետվեցին ջուրը և տեղնուտեղը խեղդվեցին։

Եվ ահա միայն Ձյունիկը փոքրիկ Լալիի հետ հայտնվեց օվկիանոսային այդ անշունչ անապատում, մի քանի փայտատորի վրա, առանց ուտելիքի, առանց խմելու ջրի։

Մի սարսափելի դրություն, որն ամենաարիասիրտ մարդուն անգամ կարող է լրիվ հուսահատության գիրկը նետել։

Բայց Ձյունիկը հուսահատվել չգիտեր։ Քանի-քանի՜ անգամ էր նա իր կյանքում դժվարին կացությունների մեջ ընկել, ինչքա՜ն վտանգներ էր տեսել ցամաքում, թե ծովում։

Եվ այդ ծանր պահին հոգեպես ընկճվելու և ձեռքերը ծալած նստելու փոխարեն նա սկսեց մտածել, թե ինչպես դուրս գա այդ ահավոր փորձանքից։

Նոր էր սկսել լուսանալ, երբ նա շուրջը լողացող բազմաթիվ բեկորների մեջ տեսավ մի բան, որն անմիջապես բարձրացրեց տրամադրությունը։ Դե, իհարկե, այժմ ինքն ամեն ինչ կանի, որպեսզի բռնի հենց լաստի մոտ լողացող տասը գալոնանոց այդ տակառիկը, ու կփրկի իր անօգնական ուղեկցուհուն և իրեն: Ինչ-որ նշանից Ձյունիկն անմիջապես ճանաչել առարկան: Նա հիշեց, որ հրդեհից մի փոքր առաջ այդ տակառիկը դրել էր իր մոտ` քամբուզում, մի առանձին անկյունում. մեջը մի քանի գալոն խմելու ջուր կար, ինքն էր լցրել` թաքուն վերցնելով ընդհանուր պաշարից դեռ այն ժամանակ, երբ նավի անձնակազմը չէր որոշել խմելու ջրի խիստ սահմանափակ օրաբաժնի անցնել։

«Պանգորա»-ի նախկին կոկը մի ակնթարթում որսաց տակառիկը և ամուր կապեց լաստի տախտակներից մեկին, որին ինքը հեծել էր։

Եթե այնքան անսպասելիորեն գտնված այդ ջուրը չլիներ, ապա Ձյունիկը, իր ամբողջ կենսուրախությամբ հանդերձ, վերջ ի վերջո անպայման կհուսահատվեր, որովհետև առանց ջրի երկար չէին դիմանա ոչ ինքը, ոչ էլ Լալին։

Տակառիկն անսպասելի գյուտ էր, և այն Ձյունիկին մղեց շարունակելու որոնումները խորտակված նավի բեկորների մեջ։

Դրանց մեջ կային բազմաթիվ տարօրինակ իրեր, որոնցից մեկը հատկապես գրավեց նրա ուշադրությունը։ Մանր ալիքների վրա ծուլորեն օրորվելով, կոշտ ու կոպիտ մի տակառիկ էր լողում. այդպիսիների մեջ սովորաբար ալյուր են պահում։ Ձյունիկը ճանաչեց «Պանդորա»-ի պահեստի իր վաղեմի ծանոթին և հիշեց, որ այն լիքը լցված է նավապետի անձնական պաշարին պատկանող ընտիր պաքսիմատներով։

Քանի որ տակառիկը հերմետիկորեն փակված չէր, ապա պաքսիմատներն, անշուշտ, ամբողջովին ներծծվել էին ծովաջրով։ Սակայն այս հանգամանքը բոլորովին էլ չշփոթեցրեց նախկին խոհարարին, բարկ արևի տակ շուտ կչորանան։ Ճիշտ է, շատ համով չեն լինի, բայց ուտել կարելի է։

Տակառիկն անմիջապես հանվեց ջրից և տեղավոր-վեց լաստի վրա, ապահով տեղում:

Հիմա արդեն, վճռեց Ձյունիկը, ամենից առաջ պետք է լաստը վերակառուցելու մասին հոգալ, հարկավոր է այն ավելի ամուր և հուսալի դարձնել: Եվ, ջրից մի թիակ դուրս քաշելով, թիավարելով, սկսեց լողալ շրջակայքում, հավաքելով այն ամենը, ինչը կարող էր պետք գալ իրեն:

Շատ կարճ միջոցում նա մեծ թվով զանազան փայտաբեկորներ հավաքեց, որոնց մեջ գտավ նաև իր քամբուզի մի մասը։ Այս շինանյութից բավականաչափ ամուր ու մեծ լաստ էր սարքել նա, երբ հանկարծ մեծագույն հաճույքով նկատեց, որ մոտերքում, ալիքների վրա օրորվելով, վեց դատարկ տակառ է լողում։ Ա՜յ թե բախտը բերեց։ Այժմ նա իր լաստը լողունակ կդարձնի։ Նավի վրա այդպիսի շատ տակառներ կային, և հրդեհն էլ հենց այն պատճառով էր առաջացել, որ դրանք շատ մեծ եռանդով էին դատարկվում։ Սակայն նրա այժմյան նպատակի համար ավելի լավ կլիներ, եթե դրանք հնարավորին լափ շատ լինեին։ Թիավարելով, Ձյունիկը լաստով մոտենում էր մերթ մեկին, մերթ մյուսին, մինչև որ բոլորը դուրս բերեց ջրից։ Եվ երբ նա տակառները կապեց լաստից, ապա դրանք, ջրի վրա մնալով, նավեզրի նման մի բան ստեղծեցին նրա շուրջը։

Աշխատանքն ավարտելով, Ձյունիկը դեռ մի քանի օր էլ պտտվում էր «Պանդորա»-ի խորտակման տեղում և հավաքում այն ամենը, ինչը կարող էր հետագայում օգտակար լինել իրեն։ Ժամանակ առ ժամանակ թույլ, արագորեն հանդարտող քամի էր բարձրանում։ Լաստն անբաժան էր իրեն շրջապատող այդ իրերից. քամին նրանց քշում էր իրար հետ, և ուր որ լողում էր լաստը, այնտեղ էլ լողում էին նրանք:

Ոչ մի անգամ նեգրի մտքով չանցավ առագաստ կանգնեցնել և, մի կողմ նավարկելով, ազատվել այդ անշունչ առարկաներից, որոնք, նրան շրջապատած, հիշեցնում էին ահավոր աղետը։

Բայց գուցեև առագաստ դնելու միտքը ծագել էր նրա գլխում, սակայն նա մի կողմ էր նետել այն որպես անարժեք բան։ Ձյունիկը, ճիշտ է, նավարկությունից ոչ մի գաղափար չուներ, բայց թե դրան քաջատեղյակ էր գործնականորեն և սեփական մաշկի վրա փորձել էր, թե ինչ է ներկայացնում իրենից Ատլանտյան օվկիանոսը, հատկապես նրա այն մասը, որտեղով անցնում է իր հիշողությունից չջնջվող սարսափելի «կենտրոնական երթուղին». այդ ճանապարհով էին տարել նաև իրեն` որպես վաճառված ստրուկի։ Նա ոչ պակաս ծանոթ էր նաև օվկիանոսի այն մասին, որտեղ այժմ իրենք գտնվում էին, ու հասկանում էր, որ եթե ինքը լաստի վրա առագաստ կանգնեցնի, ապա սա, քամու բերանն ընկած, իրենց կքշի մի կողմից մյուսը, մի բան, որն ամենևին չի ավելացնի այդ ջրային գերեզմանից ազատվելու երաշխիքը Ձյունիկի ամբողջ հույսն այն էր, թե մոտերքով անցնող որևէ նավ կգտնի ու կվերցնի իրենց: Եվ հաստատ հավատացած լինելով, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա, նա, առայժմ ոչինչ չձեռնարկելով, գերադասում էր դրեյֆել նավաբեկումի մյուս անշունչ զոհերի հետ միասին:


== Գլուխ XIX. Ձյունիկը փրկվում է` հավաբնից բռնելով ==

Արդեն վեց օր էր, ինչ Ձյունիկն ու փոքրիկ Լալին այդպիսի կյանք էին վարում, սնվելով միայն ծովաջրից աղիացած պաքսիմատով և մի քանի այլ ուտելիքներով, որոնք պատահաբար գտնվում էին լողացող իրերի ու բեկորների մեջ: Նրանք ծարավից չէին տանջվում ջրով լի տակառիկի շնորհիվ:

Թերևս հենց այդ պատճառով Ձյունիկն այդ օրերին մնաց կայտառ ու գործունյա, երբեք չվհատվեց: Դա առաջին նավաբեկությունը չէր նրա կյանքում, և նրան` ծովային այդ հին կոկին, առաջին անգամ չէ, որ վիճակվում էր մոլորված թափառել օվկիանոսում: Մի անգամ փոթորկի ժամանակ քամին նրան տախտակամածից թռցրեց ու գցեց ջուրը. նա ետ մնաց իր նավից: Սաստիկ քամին չթողեց, որ նավը ետ դառնա ու փրկի նրան: Ձյունիկը հրաշալի լողորդ էր և, հսկայական ալիքների դեմ կռվելով, գրեթե մի ամբողջ ժամ մնաց ջրի վրա: Իհարկե, նա վերջ ի վերջո կխեղդվեր, քանի որ հարյուրավոր մղոններ հեռու էր ափից: Բայց այն պահին, երբ նա արդեն փրկության հույսը կորցրել էր, նրա մոտով լողաց մի հավաբուն, որից և նա անմիջապես բռնեց: Բունը շատ մեծ էր և, չնայած Ձյունիկի ծանրությանը, չթողեց, որ նա սուզվի:

Ձյունիկն անմիջապես կռահեց. հավաբունը նավից գցել էր ընկերներից մեկը` իրեն փրկելու համար: Սակայն նավի հետքն անգամ չկար: Չնայած այդ հավաբնին, տարաբախտ լողորդին սպասում էր անխուսափելի կործանումը: Բարեբախտաբար, փոթորիկը սկսեց թուլանալ, ու քամին փոխեց ուղղությունը: Նավը, որից Ձյունիկն ընկել էր, քշվեց ետ` իր նախկին ճանապարհով: Եվ երբ այն գտնվում էր Ձյունիկից մարդկային ձայնի հեռավորության վրա, նրան օգնության հասան ընկերներն ու փրկեցին:

Այժմ այդ դեպքը վերհիշելով և իր անցած կյանքին մի հետադարձ հայացք գցելով, Ձյունիկը որոշեց, որ ինքը շատ այդպիսի ահավոր օրեր է ապրել: Հենց այդ պատճառով էլ ինքը գործելու է ոչ թե որպես մարդ, որը դեռևս կարող է փրկության հույս ունենալ, այլ որպես մեկը, որը հավատացած է, որ անպայման կփրկվի:

Բոլոր վեց օրերի ընթացքում Ձյունիկը նույնիսկ մեկ ժամ անգործ չմնաց: Ինչպես արդեն ասել ենք, նա շուրջը լողացող շատ նավաբեկորներ հավաքեց և, ոչ քիչ ժամանակ ու աշխատանք ծախսելով, պատկառելի մեծության մի ամուր լաստ պատրաստեց, խնամքով նրա վրա դարսելով այն ամբողջ ուտեստեղենը, որ նրան հաջողվել էր գտնել նավի մնացորդների մեջ: Այդ աշխատանքն ավարտելով, Ձյունիկն սկսեց ձուկ բռնել:

Նավաբեկության վայրում շատ ձուկ կար, մեծ մասամբ` շնաձուկ: Տարաբախտ նեգրերի մսով հագեցած ագահ գիշատիչները այնուամենայնիվ չէին հեռացել աղետի վայրից: Շուրջը, մի մղոնի վրա, ուր նավի բեկորներն էին ցրված, երևում էին այդ հրեշների գլուխները: Նրանք լողում էին մերթ զույգ-զույգ, մերթ խմբերով` ջրից դուրս ցցած առագաստանման վիթխարի լողակները, և բոլոր ուղղություններով ակոսում էին օվկիանոսը` նոր ավար փնտրելով:

Ձյունիկը, որքան էլ ջանաց, ոչ մի շնաձուկ բռնել չկարողացավ: Սակայն այստեղ քիչ չէին նաև ուրիշ տեսակի բավականաչափ խոշոր ձկները, որոնք այս կողմերն էին եկել կործանված նավի շնորհիվ կշտանալու հույսով: Դրանք ալբակորներ էին, բոնիտներ և շատ ուրիշ օվկիանոսային ձկներ: Իսկ ընդհանրապես, բա-ցառյալ նմանօրինակ տխուր դեպքերը, դրանց շատ հազվադեպ կարելի է տեսնել օվկիանոսի երեսին:

Երկարակոթ արսատեգի օգնությամբ (և ե՜րբ հասցրեց Ձյունիկն այն սարքել) նա մի քանի մեծ ձուկ սպանեց: Այսպիսով վեցերորդ օրվա վերջին նրա «պահեստը» զգալիորեն համալրվեց պաշարով. այստեղ կային ալբակոր, մի քանի բոնիտ և շնաձկան երեք ուղեկից` լոցման ձուկ եւ երկու կպչան:

Ձկների փորը մաքրելով Ձյունիկը բարակ շերտերով կտրատեց միսը ու փռեց տակառների վրա, որպեսզի լավ չորանան արևի տակ:

Հրաշալի եղանակ էր և զվարթացած Ձյունիկը շատ եռանդուն գործունեություն ծավալեց, աշխատելով ինչ կերպ էլ լինի շատ ուտելիք ձեռք բերել, մի բան, որը, ինչպես տեսնում ենք, լիովին հաջողվեց նրան:

Այժմ Ձյունիկը հանգիստ էր. նա և Լալին ոչ թե մի քանի օր կամ մի երկու շաբաթ, այլ, թերևս, մի ամբողջ ամիս էլ կդիմանային:

Նրանք համեմատաբար ապահովված էին նաև ջրով: Միայն իրեն հայտնի ինչ-որ ձևով չափելով տակառիկը, նա ճշտությամբ հաշվեց, թե ինչքան ջուր կա նրա մեջ և ինչքան ժամանակ կբավականացնի: Նա գոհունակությամբ համոզվեց, որ խիստ խնայողության դեպքում իրենք մի քանի շաբաթ ապահովված կլինեն:

Եվ այս համոզմունքով, այդ ամբողջ ժամանակամիջոցում առաջին անգամ, նա հանգիստ ու խոր քնեց:

Չկարծեք, թե Ձյունիկը լաստի վրա անցկացրած օրերի ընթացքում բոլորովին չէր քնել: Ոչ, գիշերն այնուամենայնիվ մի երկու ժամ նրան հաջողվում էր աչքերը փակել: Գիշերները մութ էին, անլուսին, շրջակայքը, ջուրն ու երկինքը` սև, և Ձյունիկը ստիպված էր դրանք անցկացնել զգաստ, հայացքը խավարի միջով հեռուն հառած. միգուցե հանկարծ որևէ նավ անցնի մոտերքով և, անձայն ու աննկատ սահելով, իրենց զրկի փրկվելու միակ հնարավորությունից:

Փոքրիկ Լալին նույնպես մասնակցում էր գիշերային այդ հսկումներին և փոխարինում էր Ձյունիկին, երբ սա, հոգնած, այլևս չէր կարող կռվել քնի դեմ:

Բայց այդ գիշեր պահակություն անելն անօգուտ էր, չկար ոչ աստղ, որ լուսին, այնպիսի մի անթափանց խավար էր տիրում շուրջը, որ նավը կարող էր գրեթե քսվելով անցնել լաստի կողքով և մնալ աննկատելի: Ձյունիկին ու Լալիին ոչինչ չէր մնում անել, քան պառկել ու քնել: Ու նրանք մեկնվեցին առգաստալաթե փռվածքին, ինչպես շատ հարմար ու փափուկ անկողնու վրա, սպասելով կախարդական քնի գալուն:


== Գլուխ XX. Երբ կայծակը փայլատակեց ==

Ձյունիկը պառկեց թե չէ` անմիջապես խռմփացրեց:

Այնպիսի ուժգնության ձայներ, ինչպիսիք քնած Ձյունիկն էր քթից արձակում օվկիանոսում հազվադեպ կարելի ` լսել, թերևս միայն այն ժամանակ, երբ, ասենք, կետն է փնչացնում` ջուրը շատրվանելով, կամ դելֆինն է խորը շնչում:

Բայց թե Ձյունիկի հուժկու խռմփոցը Լալիին չարթնացրեց: Առաջ աղջիկը շատ էր վախենում նրանից, իսկ հիմա սովորել էր, և այդ խռմփոցը ոչ միայն չէր խանգարում նրա քնելուն, այլև, ընդհակառակը, կարծես օրոր էր ասում:

Կեսգիշերին արդեն վաղուց անցել էր, իսկ նրանք դեռ քնած էին: Չգիտես` նրանից, որ Լալին ավելի նրբազգաց էր քնած ժամանակ, թե այն պատճառով, որ Ձյունիկը խլացուցիչ խռմփացրեց, Լալին հանկարծ արթնացավ:

Կռահելով, թե ինչն իրեն արթնացրեց, Լալին ավելի հարմար պառկեց, պատրաստվելով նորից քուն մտնել, երբ հանկարծ այնպիսի մի բան տեսավ, որը սաստիկ վախեցրեց նրան, ստիպելով մոռանալ քունը:

Հենց այդ պահին անթափանցելի սև երկինքը լուսավառվեց կայծակից, բայց սա փայլատակեց ոչ թե նետաձև, ոչ թե զիգզագներով, ինչպես սովորաբար լինում է, այլ մի ընդարձակ շերտով, որը համատարած հրաշող վարագույրով մի ակնթարթ ծածկեց ամբողջ երկնակամարը:

Օվկիանոսի մակերևույթը նույնպես լուսավորվեց պայծառ շողքով: Եվ շուրջը ահագին տարածության վրա օվկիանոսում փռված անհամար բեկորների և իրերի մեջ (այդ օրերի ընթացքում Լալիի աչքերն արդեն վարժվել էին դրանց) նա ինչ-որ տարօրինակ բան տեսավ:

Դա մի գեղեցիկ տղայի կերպարանք էր: Նա, ինչպես աղջկան թվաց, ծնկաչոք կանգնած էր ջրի մեջ կամ նրա մակերևույթից հազիվ բարձրացող ինչ-որ բանի վրա։

Լույսի պայծառ բռնկումի պահին աղջիկը կարողացավ նաև ինչ-որ առարկաներ նկատել նրա մոտ. դրանց թվում` կանգնեցված երկու բարակ ձողաններ և նրանց միջև ինչ-որ սպիտակ փռվածքներ։

Զարմանալի չէ, որ այդ անսպասելի երևույթը այնքան ապշեցրեց Լալիին։ Որտեղի՞ց կարող էր մարդ հայտնվել այստեղ, բաց օվկիանոսում, և ինչպե՞ս է նա մնում մակերևույթին, ջրի վրա չոքած։ Մի՞թե իրոք դա իսկական, կենդանի տղա է: Թե միայն տեսիլք է` ծնված երևակայությունից կամ քմահաճ երազից, որից ինքը հենց նոր սթափվեց: Հետևաբար նրա առաջին գործը եղավ իր ուղեկցին արթնացնելը։
Կայծակի երկրորդ փայլատակումին չսպասելով, նա նետվեց դեպի իր սևամորթ խնամակալը:

– Ի՞նչ, ի՞նչ,– հրաշալի խռմփոցի կեսին հանկարծակի արթնանալով` վեր թռավ Ձյունիկը։– Ասում ես ինչ-որ բա՞ն ես տեսել։ Ախր ի՞նչ կարող ես տեսած լինել։ Չէ որ չորս կողմը խավար է, ոնց որ գետնի տակ։ Այսպիսի մթան մեջ, փոքրիկս, Լալի, քո քիթն անգամ չես նկատի։ Երկինքը սև է, ինչպես ծեր նեգրիս մաշկը, և ոչ մի աստղ։ Դու, հավանաբար, սխալվել ես, թխլիկս, սխալվել։

– Ոչ, Ձյունիկ,– հավատացնում էր Լալին, պրոտուգալերեն բառերը խառնելով նեգրականի հետ,– չեմ սխալվել: Տեսա, երբ կայծակը փայլատակեց, և մի պահ ցերեկվա պես պայծառ-պայծառ լույս եղավ: Ու ինձ թվաց, որ ես... Ո́չ, ես իսկապես ինչ-որ մեկին տեսա:

– Տղամա՞րդ, թե կին:

– Ոչ տղամարդ, ոչ կին։

– Ոչ տղամարդ, ոչ կի՞ն։ Ինչպե՞ս թե։ Այդ դեպքում, թերևս... Գուցե ծովահա՞րս էր։

– Ոչ, Ձյունիկ: Իմ տեսածը նման էր տղայի: Այո, այո, հիմա պարզ հիշում եմ... այն տղային։

– Այդ ո՞ր տղային։ Ի՞նչ ես դուրս տալիս, Լալի։

– Հենց այն տղային, որ նավի վրա էր: Հիշու՞մ ես այն ջահել անգլիացուն, որ «Պանդորա»-ի վրա ծառա-յում էր որպես յունգա:

– Ա ա ա՜: Ուրեմն խոսքդ նրա՞ մասին է։ Է, այդ տղան, կարծում եմ, վաղուց արդեն ջրի տակն է անցել կամ էլ մնացածների հետ նավարկում է մեծ լաստով։ Հաստատ գիտեմ, որ նավապետը նրան իր հետ չի վերցրել, քանի որ այդ տղային քամբուզի մոտ տեսել եմ այն ժամանակ, երբ նավակն արդեն հեռացել էր նավից... Ապա մի սպասիր... Ազնիվ խոսք, այնտեղ, քամու փչած կողմում, ինչ-որ մեկը խոսում է։ Լսո՞ւմ ես, փոքրիկս։

– Լսում եմ, Ձյունիկ: Դա նույն ձայնն է, և նման է այն տղայի ձայնին։ Այո, այո, ճիշտ և ճիշտ նրա։

– Այդ ո՞ւմ` նրա:

– Է՜, դե այդ յունգայի... Վա՜յ: Լսո՞ւմ ես։ Նա նորից ինչ-որ բան ասաց, և ինչ-որ մեկը նրան պատասխանում է։

– Ողորմա՜ծ Աստված: Իրոք որ, թխլիկս, ես էլ եմ լսում, որ երկու հոգի խոսում են։ Մեկը ոնց որ այն տղան է, որի մասին ասում ես, իսկ մյուսը տղամարդու ձայն ունի։ Ո՞վ կարող է լինել։ Չլինի ջրահեղձներից կամ շնաձկների հոշոտածներից մի երկուսի հոգիներն են։ Ապա մի նորից ականջ դիր, Լալի։ Գուցե կարողանաս ջոկել, թե ովքեր են։

Այս խոսքի վրա` նեգրն անմիջապես բարձրացավ նստած տեղից և, ձեռքը հանպատրաստից լաստեզրի տակառներից մեկի վրա դնելով, քարացավ` լսողություն դարձած։

Փոքրիկ Լալին նույնպես բարձրացավ և, իր ուղեկցի կողքին կանգնելով, սկսեց նայել մթության մեջ։ Նա հույս ուներ, որ ուր որ է նորից կայծակը կփայլատակի, և ինքը կտեսնի «Պանդորա»-ի այն տղային։ Ի՜նչ գեղեցիկն է նա։ Իզուր չէ, որ ինքը նրան չի մոռացել։


== Գլուխ XXI. Թիակներ ջրի վրա ==

– Մեր մեռնելու ժամը հասել է։
Այս սարսափազդու խոսքն ասելով, Բեն Բրասը գլուխը բարձրացրեց և, լարված ականջ դնելով, սկսեց նայել մթան մեջ։

Վիլյամը զարհուրեց իր պաշտպանի ասածից, բայց ոչինչ չպատասխանեց. նա նույնպես ամբողջովին աչք ու ականջ էր դարձել։

Այնքան մութն էր, որ մեր տառապյալները իրար չէին տեսնում։ Այդպիսի գիշերով ոչ միայն լաստ ու նավակ, այլև բոլոր առագաստները պարզած նավն էլ չես նկատի, եթե անգամ կողքովդ անցնի։

Բայց նրանք ոչ միայն ոչինչ չէին տեսնում, այլև ոչինչ չէին լսում. շուրջը տիրում էր լիակատար լռություն, որը խախտում էին միայն գիշերային քամու սվվոցը և խարխուլ լաստիկի ճեղքած ջրերի ճողփյունը:

Մի քանի րոպե քամու և ջրի այդ զուգերգից բացի ոչինչ չէր լսվում, և Բրասն սկսեց մտածել, որ սխալվել են կամ լսողությունը խաբել է իրենց: Քնաթաթախ մարդու աչքին ինչ ասես որ չի կարող երևալ: Ասենք, ձայնն էլ հստակ չէր. նման էր փնթփնթոցի: Գուցե դելֆին էր փնչացնում, կամ էլ օվկիանոսի իրեն անհայտ ինչ-որ մի բնակիչ: Շատ կան այնպիսիք, որոնց ամենափորձված նավաստին անգամ ոչ տեսել է, ոչ լսել, որովհետև դրանք հազվադեպ են ջրի երես դուրս գալիս: Բայց գուցեև փնթփնթացել է մարդկային կերպարանքով այն օվկիանոսաբնակներից մեկը, որոնք այն-քան տարօրինակ անուն ունեն` մանատ կամ լամանտին, կամ էլ աստված գիտե թե ինչ։

Իսկ ամենազարմանալին այն է, որ ինչքան էլ նավաստին Վիլյամին հավատացնում էր, թե դա նրան թվացել է, թե նա թռչունի կամ ծովահարսի ճիչն է մարդկային ձայնի տեղ ընդունել, այնուամենայնիվ տղան իրենն էր պնդում, թե իբր աղջկա ձայն է լսել: Բենն արդեն պատրաստ էր վերջին ենթադրության վրա կանգ առնելու, բայց մի բան նրան շփոթեցնում էր. մեղմ ձայնը մենակ չէր, նրան պատասխանում էր տղամարդու ձայն, և նավաստին ոչ մի կերպ չէր կարողանում գտնել սրա պատասխանը:

– Վիլյամ, դո՞ւ էլ ես տղամարդու ձայն լսել,– վերջապես այնպիսի մի տոնով հարցրեց նա, որ ասես ուզում էր կամ վերջնականապես ցրել իր կասկածնե-րը, կամ ամբողջությամբ հաստատել։

– Այո, Բեն, իհարկե, լսել եմ։ Նա խոսում էր ցածր ձայնով, ավելի ճիշտ` քթի տակ։ Բայց չեմ կարծում, թե Լեգրոն լինի: Օ՜, եթե նա է...
– Ով-ով, բայց թե դու, Վիլմ, դու պետք է որ հիշեիր նրա ձայնը։ Մի՞թե մոռացել ես այդ սրիկայի ագռավակռինչը` իր ֆրանսիական խոսվածքով։ Հուսանք, որ նա չի։ Լավ է, որ սխալված լինենք, որովհետև եթե նո-րից նրանց ճանկն ընկնենք` գթություն չի լինի։ Եվ հիմա` ավելի վատ, որովհետև և՛ ագահ են, և՛ սոված` շնաձկների պես։

– Բեն, լավ կլիներ, որ նրանք չլինեին։ Այդ դեպքում...

– Կամաց, կամաց, փոքրիկս,– ընդհատեց նրան նավաստին:– Ցածր խոսիր։ Եթե նրանք են ու այսքան մոտիկ, լավ կլինի, որ մեզ չլսեն։ Իսկ մեզ տեսնել չեն կարող մինչև չլուսանա։ Լավ կլիներ մեկ անգամ էլ լսեինք այդ ձայները ու ստուգեինք, թե որտեղից են գալիս։ Չեմ հիշում` որ կողմից եմ լսել։

– Իսկ ես հիշում եմ։ Երկու ձայնն էլ այս կողմից էին գալիս։– Վիլյամը ցույց տվեց հողմահակառակ կողմը։

– Այդպե՞ս ես կարծում։

– Հավատացած եմ։

– Շատ տարօրինակ է,– ասաց նավաստին։– Եթե նրանք են, որ մեծ լաստի վրա են, պետք է մեր մյուս կողմից լինեին։ Կամ գուցե քամի՞ն է ուղղությունը փոխել։ Որովհետև երբ նրանցից հեռանում էինք` նրանց հողմահակառակ կողմում էինք գտնվում։ Մի՞թե իրոք քամին փոխել է ուղղությունը։ Ասենք, դա հնարավոր է. այս կողմերում քամին հազվադեպ է արևմուտքից փչում։ Եվ հետո` առանց կողմնացույցի ինչ իմանաս որտեղ ես գտնվում. չորս կողմը խավար, երկնքում` ոչ մի աստղ։ Ասենք, թե ինչ-որ աստղ էլ կա, միևնույն է` նրանով ոչինչ չես իմանա։ Այ, Բևեռային աստղը բոլորովին ուրիշ բան է։ Միայն թե այս լայնություններում նրան չես տեսնի։ Ուրեմն, հաստատ ասում ես, որ ձայները հողմահակառակ կողմից են լսվել։

– Հավատացած եմ, Բեն. ձայներն այն կողմից էին գալիս:

– Այդ դեպքում եկ մենք էլ շարժվենք, որպեսզի նրանցից հեռանանք։ Դե, շուտ գործի անցնենք, փոքրիկս: Նախ հավաքենք շնաձկան մսից սարքված մեր առագաստը, թե չէ սա քամու ուղղությամբ մեզ քշում է նրանց մոտ։ Ստիպված ենք թիավարել։ Ուրեմն, մեր թիակները մեզ պետք կգան։ Կաշխատենք մինչև լուսաբաց հնարավորին չափ հեռանալ, որպեսզի այլևս չտեսնենք ու չլսենք նրանց։

Նրանք արագ վեր կացան ու սկսեցին հավաքել պարանների վրա փռված միսը, որպեսզի այն շարեն առագաստալաթի վրա, իսկ «կայմերին», այսինքն` թիակներին, որոնց վրա այն փռված էր, իրենց նախկին դերը հատկացնեն։

Աշխատում էին լուռ, երբեմն դադար տալով, որպեսզի ականջ դնեն։

Բեն Բրասն ու Վիլյամն արդեն հանել էին միսը և սկսել թիակներին ամրացված պարանները քանդել։ Այդ պահին նրանց ուշադրությունը բևեռվեց դրանցից մեկի վրա. սա, ջրով լցված բրեզենտե «բաքի» վզիկը ձգելով, նրան պահում էր այնպիսի դիրքում, որը չէր թողնում ջուրը թափվի։ Բարեբախտաբար նրանք զգուշությամբ էին գործում։ Եթե այդպես չվարվեին և դուրս քաշեին թիակը, որից կապված էր այդ պարանը, ապա ջրի պաշարը արագորեն կնվազեր, գուցեև ամբողջությամբ օվկիանոսը թափվեր, նախքան կարողանային նկատել դժբախտությունը։

Բայց թե մի թիակով հեռու չես գնա, իսկ մյուսն էլ, պարզվում է, չի կարելի ազատել, որովհետև շատ պատասխանատու դեր է կատարում։ Բայց ահա նրանք հիշեցին, որ իրենք շնաձկան կրծած հանդշպուգի մի քանի բեկորներ ունեն։ Լավ է, որ Բեն Բրասը դրանք հանել էր ջրից։ Այժմ կարելի էր դրանցից մեկն օգտագործել։ Նրանք դուրս քաշեցին թիակը, փոխարենը դրեցին բեկորներից ամենաերկարը ու նրանից կապեցին ջրով լի պարկը ամբողջ գործողությունը մի քանի րոպե տևեց։ Այժմ, երբ նրանք նորից երկու թիակ ունեին, նստեցին լաստեզրին և, ամեն մեկն իրենը գործի դնելով, սկսեցին թիավարել քամու դեմ, հեռանալով խորհրդավոր ձայներից:


== «Հե՜յ, նավի մարդիկ» ==

Դեռ տասն անգամ էլ չէին շարժել թիակները (երկուսն էլ թիավարում էին միանգամայն անաղմուկ և անընդհատ ականջ դնելով), երբ նրանց հասան նույն ձայները, որոնք Վիլյամին աղջկա ձայն էին թվացել։ Առաջվա պես դրանք հազիվ էին լսվում, ասես թե խոսողները հանգիստ զրուցում էին։

– Թող Բեն Բրաս անունն այլևս նավացուցակներում չլինի, եթե դա աղջկա ձայն չէ,– բացականչեց նավաստին։– Բայց այս ի՞նչ է։ Ո՞ւմ հետ է նա խո-սում։ Եվ աղջիկն էլ շատ փոքրիկ է, ինչ ասեմ, մի տափօղակի չափ։ Ախր, սատանաս տանի, ի՞նչ կարող է լինել։

– Չգիտեմ։ Մի՞ թե ջրահարս է:

– Ինչ կա որ, հնարավոր է...

– Իսկ մի՞թե ջրահարսներ կան:

– Կան։ Համա թե հարց է։ Ո՞վ կհամարձակվի ասել, որ չկան։ Միայն ու միայն ցամաքային առնետները, որոնք ամեն ինչի վրա ծիծաղում են ու ոչ մի բանի չեն հավատում։ Իսկ ինչո ւ չեն հավատում։ Հենց նրա համար, որ երկուգլխանի հորթերից ու մեկ էլ չորսոտնանի հավերից բացի, ուրիշ ոչ մի արտառոց բան չեն տեսել։ Պարզ է, ծովում ջրահարսներ կան. դա ինչ վիճելու բան է որ։ Ինքս եմ տեսել, այն էլ` մեկին չէ։ Ժամանակին նավարկել եմ մի ընկերոջ հետ, հենց սա էլ ինձ պատմել է, որ ինքը վտառներով ջրահարսներ է տեսել Հնդկական օվկիանոսում։ Նրանց մազերը,– պատմում էր նա,– երկար են, ուսերից ներքև թափված, ինչպես Պորտսմուտի կամ Գրեյվսենդի ծայրամասում ինչ-որ տեղ երամներով զբոսնող աշակերտուհիներինը... Սո՛ւս։ Նորից նա է:

Եվ իրոք, այդ պահին նորից ութից-տասը տարեկան աղջկա բարակ ձայն լսվեց։ Թրթռալով, ձայնը հստակ հնչում էր ջրի վրա, և, դատելով նրա ելևէջներից, աղջիկը ինչ-որ մեկի հետ խոսում էր։

Ու նույն պահին, ի պատասխան աղջկա, լսվեց մեկ ուրիշ ձայն, տղամարդու։

– Եթե նա ջրահարս էր,– փսփսոցով խոսեց Բենը,- ուրեմն սա էլ ջրապապ է։ Հետաքրքիր զույգ է, գրողը տանի: Համա՜ թե հանելուկ է։ Փոքրիկ, քո կարծիքով ի՞նչ կարող է նշանակել սա։

– Չգիտեմ,– մեքենայաբար պատասխանեց յունգան։

– Կարևորն այն է,– թեթևացած շունչ քաշեց նավաստին,– որ սա մեծ լաստը չէ։ Նրա վրա ոչ մի աղջիկ էլ չկար: Տղամարդն էլ Լեգրոյի պես չի կռնչում: Սկզբում, երբ քունը գլուխս էր, ինձ թվաց, թե նա է... Բայց քանի որ մոտերքում փոքրիկ ջրահարսների վտառ կա ու նրանց մեջ էլ մի քանի ջրապապեր են խցկվել, ապա վախենալու ոչինչ չկա... Գլխավորն այն է, որ դա ֆրանսիացին չէ և ոչ էլ նրա նողկալի խմբից որևէ մեկը։ Փա՜ռք քեզ, տեր... Լսիր, փոքրիկս, բպյց գուցե ին-չոր նա՞վ է մոտենում մեզ։

Այս միտքը նրան ստիպեց մի թափով ոտքի ելնել, ասես ուզում էր հնարավորին չափ շուտ համոզվել` այդպե՞ս է, թե ոչ։

– Գիտես ինչ, Վիլմ, արի ձայն տամ նրանց։ Թող ինչ ուզում է լինի։ Ձայն կտամ ու վերջ: Իսկ դու լավ լսիր, թե ինչ կպատասխանեն... Հե՜յ, նավի մարդիկ։

Կանչն ուղղված էր այն կողմը, որտեղից խորհրդավոր ձայններն էին լսվում։ Նրա կանչին պատասխան չտրվեց։ Նավաստին մեկ-երկու վայրկյան ուշադիր ականջ դրեց և ավելի բարձր ձայնով կրկնեց` «Հեյ՜, նավ»։

Ինչ-որ մեկի ձայնը արձագանքի պես կրկնեց նրա բառերը, բայց թե դա արձագանք չէր։ Օվկիանոսում արձագանք չի լինում։ Մինչդեռ նա, որ կրկնեց նավաստիների շրջանում ընդունված «Հե՜յ, նավի մարդիկ» բացականչությունը, այն արտասանեց այլ կերպ, քան նավաստին, բոլորովին ուրիշ, ոչ անգլիական առոգանությամբ, ասենք նրա ձայնի հնչյունն էլ այնպիսին չէր, ինչպես անգլիացունը։ Բայց և այնպես դա մարդկային ձայն էր, և այն էլ տղամարդու ձայն։ Բավականաչափ կոպիտ, խիստ ձայն, բայց կարիք կա՞ ասելու արդյոք, որ այն մեր նավաբեկյալներին շատ ավելի հաճելի թվաց, քան որևէ երաժշտություն։ Եվ «Հե՜յ, նա-վի մարդիկ» բառերին հաջորդեցին հենց նույն շուրթերից պոկված նաև ուրիշ բառեր:

– Ողորմա՜ծ Սստված,– կանչում էր տարօրինակ ձայնը:– Այդ ո՞վ է, գրողը տանի, գոռում։ «Պանդորա»-ից ինչ-որ մե՞կը։ Դուք եք, նավապետ, թե դուք եք, մասա Լեգրո:

– Նե՜գրն է,– ծափ տվեց Բրասը:– Աստված վկա, Ձյու-նիկն է: «Պանդորա»-ի մեր կոկը։ Երդվում եմ Նեպտունով, որ նա է: Միայն թե չեմ հասկանում` ինչպես է այդ սևամորթն այստեղ ընկել։ Եվ ինչո՞վ է լողում։ Նա մեծ լաստի վրա չկար։ Կարծում էի, թե փախել է նավապետի հետ։ Իսկ եթե այդպես է, ուրեմն, նավակից է ձայն տալիս։

– Ոչ, դա նավակը չէ,– պատասխանեց յունգան:– Ես աչքովս եմ Ձյունիկին քամբուզի մոտ տեսել այն բանից հետո, երբ նավակն արդեն հեռացել էր նավից։ Բայց քանի որ հետո նա մեծ լաստի վրա էլ չերևաց, կարծում էի, թե խեղդվել է կամ էլ չի հասցրել հեռանալ բոցավառվող նավից... Բայց ախր սա իրոք որ նրա ձայնն է: Լսո՞ւմ ես։ Նորից է ձայն տալիս:

– Հե-ե՜յ, հե-ե-ե՜յ, նավի մարդիկ,– նորից բարձրաձայն տարածվեց ջրի վրա:– Լսիր, նավ, ձեզնից ո՞վ էր հիմա գոռում։ Այդ ի՞նչ նավ է: Անունն ի՞նչ է, թե՞ դա նավ չէ: Գուցե «Պանդորա»-ի՞ց եք։ Նավաբեկյալնե՞ր։

– Այո, մենք ենք,– պատասխանեց Բենը:– «Պանդորա»-ի նավաբեկյալներ։ Ո՞վ է ձայն տալիս: Ձյունիկ, դո՞ւ ես։

– Այո, այո, ես եմ։ Իսկ դուք ո՞վ եք: Այդ դուք եք, մասա նավապետ:

– Ոչ:

– Ուրեմն դո՞ւք եք, մասա Լեգրո:

– Գրողի ծոցը քո մասա Լեգրոն: Ես եմ, Բենը։ Բեն Բրասը:

– Աստվա՜ծ իմ: Մի՞թե մասա Բրասն է: Ինչպե՞ս եք այստեղ հայտնվել: Չէ որ դուք մեծ լաստի վրա էիք:

– Էի, բայց չմնացի: Եվ հիմա իմ սեփական նավի վրա եմ... Իսկ դու, Ձյունիկ, նույնպե՞ս, քո սեփականի վրա ես:

– Սեփականի, սեփականի, մասա Բեն։ Բեկորներից ու տակառներից եմ սարքել:

– Մենա՞կ ես լաստի վրա:

– Ոչ, ոչ: Ինձ հետ է իմ թխլիկը։ Նավասենյակի աղջիկը։ Հիշո՞ւմ եք փոքրիկ Լալիին։

– Ուրեմն, նա՞ է,– փնթփնթաց Բենը, հիշելով «Պանդորա»-ի փոքրիկ ուղևորուհուն։– Ա-ա՜: Հիշում եմ, հիշում, Ձյունիկ... Կանգնա՞ծ ես տեղում, թե շարժվում ես։

– Գերանի պես ցցված եմ նույն տեղում։ Վառոդի պայթյունից հետո մի մղոն էլ չենք անցել։

– Ուրեմն սպասիր մեզ։ Մենք թիակներ ունենք։ Հիմա կմոտենանք ձեզ։

– Ասացիք` «մե՞նք»: Մի՞թե դուք մենակ չեք լաստի վրա:

– Ինձ հետ է փոքրիկ Վիլմը։

– Փոքրիկ Վի՞լմը։ Համա թե լավ տղա է ու ինչքան էլ քաջ։ Երբ թխլիկիս ազատելու համար նավասենյակ էի իջնում, տեսա, թե ինչպես նա կացնով լյուկի ճաղերն էր փշրում` նեգրերին նավամբարից բաց թողնելու համար... Էխ, միևնույն է, նրանց համար ոչ մի լավ բան չստացվեց: Մի մասին շնաձկները խժռեցին, մնացածներն էլ խեղդվեցին։ Աստվա՜ծ իմ։ Ինչպես էին գոռում նրանք` կրակից ազատվելու համար չուրը թռչելիս։
Այս խոսակցությունից, ավելի ճիշտ` մենախոսությունից, որ Ձյունիկն արտասանեց, միայն առանձին բառեր էին հասնում նրանց։ Եվ Բենն ու յունգան, շտապելով հնարավորին չափ շուտ ճանապարհ ընկնել, նույնիսկ չէին լսի նեգրին, եթե նրա ձայնը չծառայեր որպես ուղեցույց և չօգներ այդ մթության մեջ հասնելու իրեն։ Այժմ, երբ նրանք գիտեին, որ Ձյունիկը հեռու չէ, լաստը դարձրին և շարժվեցին հենց այն կողմը, որտեղից քիչ առաջ այնքան սրընթաց փախչում էին։ Նրանք այնքան արագ էին սլանում (այժմ նրանց առաջ էր մղում նաև ուղեկից քամին), որ երբ Ձյունիկն իր անկապ պատմությունն էր ավարտում, Բենն ու յունգան արդեն գտնվում էին նրանից կես կաբելտով հեռավորության վրա, մթան մեջ նկատելով այն ինքնատիպ «նավի» խավար գծագրումները, որ նեգրն էր սարքել իր և Լալիի համար։

Այդ պահին նորից փայլատակեց կայծակը, և երկու լաստի ուղևորները տեսան իրար: Մի քանի վայրկյան անց` լաստերն արդեն իրար մոտ էին, և երկու անձնակազմերն էլ այնպիսի ջերմությամբ ու հրճվանքով նետվեցին իրար մոտ, այնպիսի ցնծությամբ ողջունեցին իրար, որ կարծես այդ անսպասելի տեսակցությունը վանել էր բոլոր վտանգներն ու մահվան սպառնալիքը:


== Գլուխ XXIII. Լաստերը միացան ==

Միմյանց անծանոթ ճանապարհորդներն անգամ, ամայի անապատում հանդիպելիս, հավանաբար, իրար մոտով չեն անցնի առանց գոնե մի քանի բառ փոխանակելու։ Իսկ եթե նրանք հին ծանոթներ են, ապա անպայման կկանգնեն, կզրուցեն իրար հետ, հնարավորին չափ ուշացնելով բաժանման պահը։ Եվ եթե պատահաբար պարզվի, որ երկուսն էլ նույն ուղղությամբ են գնում, ապա որքան երջանիկ կլինեն նրանք, որ հանդիպել են, որ այսուհետև կկարողանան և́ միասին աշխատել, և́ ընկերություն անել։

Ճիշտ այնպես, ինչպես երկու ճանապարհորդներ կամ ճանապարհորդների երկու խմբեր կհանդիպեին ցամաքի վրա գտնվող անապատում, այդպես օվկիանոսի ջրային անապատում հանդիպեցին այդ երկու լաստերը։ Նրանց ուղևորները ոչ թե օտարներ էին, այլ հին ծանոթներ։ Եվ եթե մինչև այսօր նրանք մտերիմներ չէին, ապա այժմ, նման պարագայում, ախուսափելիորեն դառնալու էին այդպիսիք։ Ընդհանուր վտանգի հանդեպ վախը գառնուկին ստիպում է սեղմվել առյուծին, իսկ կատաղի հովազին հարկադրում է փաղաքշանքով մոտենալ երկչոտ եղնիկին, որն արդեն չի դողում այդպիսի վտանգավոր հարևանությունից։

Բայց այդքան զարմանալիորեն միացած այս երկու խմբերի միջև թշնամանք չկար։

Բնականաբար, այդպիսի հանդիպումից հետո վերստին բաժանվելու մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Չորսն էլ հասկանում էին, որ իրենք ունեն մի ձգտում, մի ցանկություն, չէ որ նրանք նավաբեկության զոհեր էին, բոլորն էլ թափառում էին օվկիանոսում, ուստի և միայն ու միայն երազում էին այդ ջրային անապատից դուրս պրծնելու, մահ սպառնացող վտանգից ազատվելու մասին։ Իրար մոտ լինելով, նրանք կարող էին ավելի շուտ փրկություն գտնել։ Ուրեմն էլ ի՞նչ կարիք կար բաժանվելու և նպատակին ձգտելու առանձին-առանձին։

Պետք է ուղղակի ասել, որ նրանց մտքով անգամ չէր անցնում իրարից հեռանալ: Հանդիպման պահից ի վեր բանականությունը նրանց հուշում էր, որ այժմ իրենք մի ճակատագիր ունեն, մի ընդհանուր նպատակ, այդ իսկ պատճառով էլ հարկավոր է միավորել ջանքերը, գործել միասին:
Եվ, առաջին ողջույններից ու հարցուփորձից հետո, Բեն Բրասն ու Ձյունիկն անմիջապես որոշեցին լաստերը միացնել։

– Ահա թե ինչ, Ձյունիկ,– ասաց նավաստին,– ավելորդ պարան կունենա՞ս:– Ուզածիդ չափ, մի բան էլ ավելի,– պատասխանեց «Պանդորա»-ի նախկին խոհարարը:– Շատ ամուր թոկերի մի ամբողջ բոլորակ։ Պիտանի՞ է:

– Էն էլ ո՜նց,– ասաց նավաստին և, իրեն նետված թոկի մի ծայրը գցելով Ձյունիկի սարքած լաստեզրի տակառի վրայով, ձայն տվեց.– Ձյունիկ եղբայր, պարանն ամրացրու դրան: Մի կերպ սրանով մինչև առավոտ յոլա կգնանք, իսկ երբ լույսը բացվի, լաստերն ավելի ամուր կկապենք իրար:

Նախկին խոհարարը, նավաստու հրահանգին ենթարկվելով, բռնեց իրեն նետված պարանի ծայրը և կապեց իր յուրօրինակ «նավի» մի տախտակից։ Բենն իր հերթին մյուս ծայրը կապեց հանդշպուգի բեկորից, որը ժամանակին ղեկի դեր էր կատարել իր լաստի վրա։

Աշխատանքը վերջացնելով և այնուհետև իրար պատմելով այն, ինչ նրանցից յուրաքանչյուրն ապրել էր չարաբաստիկ «Պանդորա»-ի խորտակումից ի վեր, նրանք որոշեցին, որ բոլորն էլ (քանի որ առայժմ գիշեր է) պետք է հանգստանան, որպեսզի լույսը բացվելուն պես վեր կենան ու մտածեն, թե ինչպես կարելի է հնարավորին չափ լավ միացնել երկու լաստերն ու դարձնել մեկը:


== Գլուխ XXIV. Լաստի վերակառուցումը ==

Լույսը հազիվ բացված` բոլորն արդեն ոտքի վրա էին: Առաջինը վեր կացավ Բեն Բրասը և անմիջապես բոլորին արթնացրեց: Ծագող արևի ճառագայթները նորից լուսավորեցին չորս նավաբեկյալներին, բայց թե նրանց դեմքի արտահայտությունը բոլորովին ուրիշ էր, քան նախորդ օրը երեկոյան: Իհարկե, իսկական ուրախությունը դեռ հեռու էր, բայց նրանք դարձել էին ավելի աշխույժ, ավելի կայտառ, որովհետև այս նոր հանդիպումը փրկության նոր հույս էր ծնել նրանց հոգում: Նույնիսկ փոքրիկ Լալին հասկանում էր, որ այսքան անակնկալ կերպով միավորվելով, իրենք կդառնան ավելի ուժեղ, և ավելի հեշտ կլինի վտանգի դեմ պայքարելը. երկու այնպիսի ամրակազմ մարդիկ, ինչպիսիք Ձյունիկն ու նավաստին էին, միասին աշխատելով, այնքան շատ բան կարող էին անել, որ չէր անի նրանցից յուրաքանչյուրն առանձին, էլ չենք ասում, որ գործն էլ ավելի հաջող կընթանար:

Ձյունիկն ու նավաստին իրենց զարմանալի հանդիպման բուն փաստը հասարակ պատահականություն չէին համարում: Իզուր չէր, որ մինչև հիմա հանգամանքները շատ բարեհաջող էին դասավորվում նրանց համար: Ոչ միայն անցյալում նրանք դուրս էին եկել շատ ծանր թվացող դրություններից, այլև հետագայում էլ նրանց կյանքը ինչ-որ ժամանակամիջոց ապահովված էր կործանումից։

Ու թեև Բեն Բրասն ինքը այնքա՜ն ջանք էր գործադրել այս հանդիպումից խուսափելու համար, այժմ փրկության նրանց հույսն ամրապնդվել էր, և նրանք ավելի մեծ հավատով էին նայում ապագային։

Ահա թե ինչու առաջին իսկ ճառագայթների հետ վեր թռավ Բեն Բրասը ու ոտքի հանեց մնացածներին։

Նավաստին շատ լավ գիտեր, թե օվկիանոսի նույնիսկ այսքան հանդարտ մասում որքան քիչ կարելի է վստահել եղանակի քմահաճույքներին, երկարատև հանդարտությունն ամեն րոպե կարող է փոխվել փոթորկի։ Պետք է արագացնել լաստի վերակառուցումը, թող դա լինի մեկ լաստ, բայց այնքան մեծ ու ամուր, որ ոչ մի փոթորիկ սարսափելի չլինի նրա համար։

Հմուտ նավաստի Բրասի համար այդպիսի լաստ պատրաստելը դժվար գործ չէր։ Այժմ, երբ երկու լաստ կար նրանց տրամադրության տակ, ու շուրջն էլ այդքան շատ շինանյութ էր լողում, դա միանգամայն իրագործելի էր թվում։ Մի խոսքով, պետք է փորձել։

Խորհրդակցելով, նրանք որոշեցին քանդել փոքր լաստը, որպեսզի նրա տախտակներն օգտագործեն երկրորդ լաստի համար, քանի որ սա ավելի մեծ ու ավելի հուսալի էր։

Նրանք մտադիր չէին մեծ փոփոխությունների ենթարկել, առավել ևս ամբողջությամբ վերակառուցել Ձյունիկի լաստը, որի կառուցվածքը վկայում էր «Պանդորա»-ի նախկին կոկի հնարագիտության մասին։ Որոշվեց միայն մի փոքր ավելի ընդարձակել և ավելի հուսալի դարձնել լաստը։

Սակայն, նախքան գործին ձեռնամուխ լինելը, հարկավոր էր մի բան ճաշակել։ Եվ Ձյունիկը առատորեն հյուրասիրեց պաքսիմատ ու չորացրած բոնիտ... այն պաշարներից, որ ջանասիրությամբ պատրաստել էր նա այդ օրերի ընթացքում:

Կրակ չունենալու պատճառով, նախկին կոկը զրկված էր իր խոհարարական արվեստն ամբողջ շքեղությամբ ցուցադրելու հնարավորությունից: Ծովաջրում թրջված պաքսիմատը թեթևակի կծվել էր։ Բայց թե դա ի՜նչ նշանակություն ուներ մեր սոված քառյակի գայլային ախորժակի համար: Նախաճաշը հոյակապ թվաց նրանց, առավել ևս, որ նրանք կծված պաքսիմատի վրայից քաղցրահամ ջուր էին խմում` մեջը գինի ավելացրած:

Գինի՞: Որտեղի՞ց էր նրանց գինին, կարող է զարմա-նալ ընթերցողը։ Նույնպիսի հարցով Ձյունիկին դիմեց նաև նավաստին, զարմացած այնպիսի ճոխությունից, ինչպիսին կոկի լաստի վրա գտնվող գինու տակառիկն էր:

Պատասխանը պարզ էր: Նավապետի սենյակում պահվող կանարյան գինով տակառիկը օվկիանոս էր ընկել շատ ուրիշ իրերի հետ միասին, ու քանի որ լիքը չէր, ապա հանգիստ լողում էր իր համար, միայն մի փոքր սուզված ջրի մեջ, որտեղից և այն հանել էր Ձյունիկը։

Նախաճաշից անմիջապես հետո լաստի վերակառուցման աշխատանքը սկսվեց։ Փոքր լաստը քանդելուց առաջ վերցրին նրա վրա չորացվող շնաձկան միսը ու փոխադրեցին մյուս լաստը։ Դրանից հետո դատարկեցին բրեզենտե «բաքը» (նավաստու մեծ հայտնագործությունը), որն այժմ արդեն հարկավոր չէր. շատ մեծ զգուշությամբ ջուրը նրանից լցրին ավելի հուսալի ամանի` որպես նավեզր ծառայող դատարկ տակառիկներից մեկի մեջ։ Այնտեղ փոխադրեցին նաև թիակները, հանդշպուգի կտորը, կացինն ու բրեզենտը, և երբ փոքր լաստը բոլորովին դատարկվեց, այն քանդեցին, իսկ տախտակները, երկու հեծաններն ու առագաստափայտի կտորները, որոնցից կազմված էր լաստը, ամրացրին անհրաժեշտ տեղերում։

Այսպես նրանք աշխատեցին ամբողջ օրը, հանգստանալով միայն մեկ ժամ, այն էլ` ճաշելու համար։ Թիակների օգնությամբ նրանք կիսակառույց լաստով շարժվում էին մի տեղից մյուսը, ջրից հանելով իրենց համար օգտակար զանազան իրեր, որոնք Ձյունիկը չէր հասցրել կամ չէր կարողացել դուրս քաշել։

Արևն արդեն գնում էր դեպի մայրամուտ, իսկ աշխատանք դեռ շատ կար: Սակայն նրանք հանգիստ պառկեցին քնելու, երկինքը նույնպիսի պայծառ օր էր խոստանում նաև վաղը։ Ու եթե եղանակը չփչանա, ապա կեսօրին աշխատանքը կվերջացնեն: Նրանք մի այնպիսի ընդարձակ լաստ կունենան, որ նրա վրա տեղ կլինի և́ հենց իրենց համար, և́ իրենց ամբողջ պաշարի համար, և հետո լաստն այնքան ամուր կլինի, որ կդիմանա ամենաուժեղ քամուն, որպիսին հնարավոր է Ատլանտյան օվկիանոսի այդ մասում, որտեղ հավերժական անշարժությունն է տիրում։


== Գլուխ XXV. «Կատամարան»<ref>Հնդկաստանում «կատամարան» է կոչվում մի առանձին տեսակի լաստ։ Այդ նույն անունով են կոչվում մեջտեղում առագաստ ունեցող այն ոչ մեծ նավերը, որոնք բաղկացած են իրար հետ միացված երկու կորպուսներից։</ref> ==

Հաջորդ առավոտյան, լույսը բացվելուն պես, նրանք վերսկսեցին աշխատանքը:

Դարսելով ու խնամքով իրար հարմարեցնելով գերանները, մեկտեղեցին դրանք, կապեցին պարանով, և երեք հոգով` նավաստին, Ձյունիկն ու յունգան, սկսեցին ամբողջ ուժով ձգել:

Ստացվեց երկարավուն ձևի լաստ, որը հիշեցնում էր վերանորոգման համար օգտագործվող գետանավակ կամ հարթահատակ լաստանավ։ Երկարությունը մի քսան ֆուտ էր, իսկ լայնությունը միջին մասում` մոտ տասը ֆուտ: Նորից եզրերին պատշաճ կարգով տեղավորված էին դատարկ տակառները. մեկը լայնքով` քթամասի մոտ, մյուսը նույնպես լայնքով` նավախելի մոտ։ Մնացած չորսը (դրանք ընդամենը վեցն էին) երկու եզրերի երկայնքով, յուրաքանչյուր կողմից` երկուսը: Այդպիսով նորակառույց լաստը հավասարակշռվում էր, դառնում համաչափ։ Մի խոսքով, լաստն այժմ իսկական ծովային նավի տեսք ուներ, և Բրասը, նրա գլխավոր շինարարը, այն հանդիսավոր կերպով կնքեց «Կատամարան» անունով։

Հաջորդ օրը, ժամը տասներկուսին մոտ, «Կատամարան»-ը պատրաստ էր։ Եթե Ձյունիկը մենակ գործեր, ապա նա լաստը այդ ձևով էլ կթողներ, նեգրը դեռ չէր հավատում, որ իրենք այդպիսի նավով ափ հասնելու թեև ոչ զգալի, բայց այնուամենայնիվ ինչ-որ հնարավորություն ունեն։ Սակայն նավաստին, որ այդ գործերից շատ լավ էր գլուխ հանում, այլ կերպ էր մտածում։ Նա գտնում էր, որ դա միանգամայն իրագործելի է: Այժմ նրանք գտնվում էին հարավային պասսատի հենց կենտրոնում: Նույնիսկ իր կամքին թողնվելու և հոսանքով շարժվելու դեպքում լաստը որոշ ժամանակ անց անխուսափելիորեն պետք է հասնի Հարավային Ամերիկայի ափերի մոտ ինչ-որ տեղ։ Իսկ առագաստով լողալու դեպքում նրա արագությունը ավելի կմեծանա: Ճիշտ է, այդպիսի կոշտուկոպիտ նավը շատ արագ չի ընթանա, բայց այնուամենայնիվ նրանք կարող են լրիվ հույս ունենալ, որ թեև դանդաղ, բայց հաստատապես ցամաք կհասնեն։ Բենը հասկանում էր, որ դա միայն ժամանակի հարց է, և ամեն ինչ կախված է նրանից, թե քանի օր կբավականացնի պարենամթերքը և հատկապես` խմելու ջուրը։

Ամեն ինչ կշռադատելով, նավաստին որոշեց, որ իրենք հաջողության ինչ-որ հեռանկարներ ունեն, արժե բախտը փորձել, ուստի և պետք է առագաստով կայմ կանգնեցնել լաստի վրա։ Չէ որ վատագույն դեպքում իրենք ոչինչ չեն կորցնում, իրենց նկատել ու վերցնել կարող են նաև այն դեպքում, եթե իրենք առագաստով նավարկեն և ոչ թե միայն հոսանքով լողան։

Բարեբախտաբար, կայմ ու առագաստ սարքելու համար ուզածի չափ նյութ ունեին ձեռքի տակ։ Մոտերքում լողում էր «Պանդորա»-ի կոնտրբիզանը` իր ամբողջ նավասարքով։ Դրանից լավ կայմ ու երկայնակի առագաստափայտ կստացվի, մնում է միայն առագաստը ձգել, և այն ժամանակ արդեն «Կատամարան»-ը կսլանա։

Եվ նավաստին ձեռնամուխ եղավ «Կատամարան»-ի սարքավորմանը։ Ձյունիկն ու յունգան օգնում էին նրան։ Արդեն երրորդ օրվա վերջին այդ տարօրինակ նավի մեջտեղում բարձրանում էր լայնակի առագաստափայտով իսկական կայմ, իսկ նրա վրա անզոր կախված էր լայն առագաստը, ասես սպասելով արևմտյան հողմի փչելուն:

Պետք է ասել, որ քամին, որի շնորհիվ Բենն ու Վիլյամը հասել էին ստրկատար նավի բեկորներին, որ-տեղ նրանք հանդիպեցին իրենց բարեկամ Ձյունիկի հետ, փչում էր ոչ այն կողմ, ուր մտադիր էր նավաստին վարել նավը, այլ ճիշտ և ճիշտ հակառակ կողմը։ Իհարկե, դա այն քամին չէր, որպիսին նրանք կուզեին ունենալ այդ լայնություններում, այլ սոսկ մի թեթև ծովազեփյուռ էր, և եթե դա հաշվի չառնենք, ապա ստրկատար նավի խորտակումից շատ օրեր ի վեր լիակատար հանդարտություն էր տիրում։ Դա սկսվել էր այն գիշեր, երբ երկու լաստերն իրար միացան, և այդ օրից ի վեր շարունակվում էր, ներառյալ նաև այն երեք օրերը, երբ նրանք զբաղված էին «Կատամարան»-ը սարքելով։
Չորրորդ օրը ևս ոչ մի փոփոխություն: Քամու ոչ մի շարժում։ Օվկիանոսի մակերևույթն ասես հղկված լիներ։ Անբարետես արտասովոր նավը` եզրերին ամրացված իր վեց տակառներով, մեջտեղում միայնակ ցցված, վերևում նեղացող զանգվածային կայմով արտացոլվում էր ջրի մեջ, ինչպես հայելում։

Սակայն ոչ «նավապետ» Բեն Բրասը, ոչ էլ նրա անձնակազմի այն անդամները, որոնց տարիքը թույլ էր տալիս մտահոգվել ապագայի համար և միջոցներ ձեռնարկել ամեն տեսակ պատահականությունների դեպքում, չէին ափսոսում այդ հարկադրյալ անգործության համար, թեև նրանք անգործ չէին նաև անշարժ լաստի վրա։ Թիակներն անընդհատ շարժելով (բարեբախտաբար մի քանի թիակ ունեին), նրանք լայնքով ու երկայնքով ակոսեցին օվկիանոսի այն նույն մեկ քառակուսի մղոն տարածությունը, որտեղ չարաբաստիկ «Պանդորա»-ի ողջ մնացած բեկորներն էին լողում:

Այդպիսով նրանց հաջողվեց ջրից հանել և լաստի վրա դարսել «թափառող» շատ գտածոներ. հետագայում կարող էր ամեն ինչ պետք գալ։

Հանկարծ Բենը դրանց մեջ տեսավ... իր սեփական նավաստիական սնդուկը: Նրա մեջ կար սպիտակեղեն, տոնական համազգեստ, որ նա հագնում էր ափ իջնելիս, և շատ ուրիշ մանր բաներ, որոնք առաջիկա ճանապարհորդության ընթացքում կարող էին պետք գալ նրանց։
Որոշվեց սնդուկն օգտագործել որպես պահարան:

Նույնպիսի աշխատանքով անցկացրին նաև չորրորդ օրը:

Հաջորդ առավոտյան արևը դեռ նոր էր ծագել, երբ օվկիանոսի մինչ այդ հայելու պես հարթ մակերևույթը հանկարծ կնճռոտվեց. թվում էր, թե քամին փչում է հենց արևից։

Առագաստալաթը սահեց կայմն ի վեր: Եվ երբ թոկասարքերով ամրացված առագաստը լավ ձգվեց, «Կատամարան»-ը սլացավ ալիքների վրայով։
Այն ճակատագրական վայրը, որտեղ խորտակվել էր ստրրկատար նավը, մնաց հեռվում:

– Դեպի արևմո՛ւտք։ Այդպե՛ս պահել,– գոռաց Բեն Բրասը՝ նայելով ինչպես փքվեց առագաստը, և նրա ձեռքերով ստեղծված լաստը վերակենդանացած թռչունի պես թռավ ալիքների վրայով։

– Դեպի արևմո՛ւտք։ Կա́ այդպես պահել,– իրար հետ ձայնեցին Ձյունիկն ու յունգան:

Իսկ Լալիի աչիկները հրճվանքից փայլեցին, այն-քա՜ն ուրախ տեսք ունեին նրա ուղեկիցները:


== Գլուխ XXVI. Վիլյամը և փոքրիկ Լալին ==

Դա շատ առումներով բարենպաստ քամի էր։ Նախ, փչում էր հարկավոր ուղղությամբ, երկրորդ, փչում էր հավասարաչափ ու անընդհատ, ուժով չգերազանցելով թեթև ծովազեփյուռին, բայց և չհասնելով մինչ այդ նրանց տանջող անշարժությանը։ «Կատամարան»-ի «նավապետը» անշարժությունից վախենում էր ոչ պա-կաս, քան փոթորկից:

Դա հենց այն քամին էր, որի կարիքը նրանք ունեին նոր լաստը փորձելու համար։ Ջրի մակերևույթը փոքր-ինչ ծածանող քամին միևնույն ժամանակ այնպես էր ուռեցնում առագաստները, որ թոկասարքերը ձգված էին աղեղնալարի պես։

Քանի որ քամին փչում էր ճիշտ արևելքից, ապա «Կատամարան»-ի այն մասը, որ Բենը քթամաս էր անվանում, ուղղված էր ճիշտ դեպի արևմուտք։ Իսկ որպեսզի նավը մի կողմից մյուսը չնետվեր ու քամուց չպտտվեր (չշրջվեր ֆորդեվինդով, ինչպես ծովայիններն են ասում), մեր նավաշինարարները նավախելի վրա ղեկահարմարանք էին սարքել` այն ղեկավարելու համար: Դա «Պանդորա»-ի մեծ նավակի երկար թին էր պարզապես: Թին դրեցին երկարությամբ, մի ծայրն իջեցնելով ջրի մեջ, իսկ մեջտեղում պարաններով կապեցին նա-վախելի մոտ գտնվող տակառից, ըստ որում այնպես, որ այն կարողանար շարժվել լծակի նման` աջ ու ձախ, և այդպիսով ծառայեր որպես ղեկ։ Այս պարզունակ հարմարանքի օգնությամբ կարելի էր «Կատամարան»-ը շրջել ցանկացած ուղղությամբ, ոչ միայն քամուն հա-մընթաց, այլև ոչ քամահայաց կողմը, միայն թե քամին ուղիղ դեմուդեմ չփչեր։

Ճիշտ է, այժմ նրանցից որևէ մեկը ստիպված էր անընդհատ կանգնել «ղեկանիվի» մոտ, ինչպես Բենն էր կատակով անվանում ղեկահարմարանքը։

Առաջին հերթապահությունը կատարեց անձամբ «նավապետը», դա, քանի որ նավը փորձարկվում էր, համարելով շատ պատասխանատու գործ, որը չէր կարելի վստահել Ձյունիկին կամ Վիլյամին: Դե, իսկ հետո, երբ նավն արդեն իսկապես ուղղություն կվերցնի և նրա նավարկային հատկությունները կստուգվեն ու կլինեն անբասիր, կհերթապահեն նաև անձնակազմի մնացած երկու անդամները։

Եվ այսպես, արդեն մեկ ժամից ավելի էր, ինչ «Կատամարան»-ը լողում էր նպատակադրված ուղղությամբ։ Ամեն ինչ կարգին էր, ոչ մի պատահար։ «Նավապետը» նստած էր նավախելին, ղեկանիվի մոտ նրա հերթապահությունը դեռ չէր ավարտվել։ Նա միայն հետևում էր իր նավի ընթացքին։ Ձյունիկը զբաղված էր լաստի վրա այս ու այն կողմ թափված իրերով, աշխատելով ինչ-որ կարգ հաստատել այնտեղ, նա փորձում էր հարմար տեղ գտնել ամեն մի առարկայի համար, մի այնպիսի տեղ, որտեղ այն հնարավորին չափ քիչ կտուժեր ալիքների կամ քամու ավերիչ ներգործությունից:

Վիլյամը և փոքրիկ Լալին գտնվում էին լաստի քթամասում, տակառի մոտ։ Տակառը գրեթե բոլորովին դատարկ էր և այդ պատճառով էլ բարձր կանգնած էր ջրի վրա: Նրանք ոչնչով չէին զբաղված, եթե գործ չհամարենք նրանց կամացուկ, մտերմիկ խոսակցությունը և ժամանակ առ ժամանակ լսվող ուրախ բացականչությունները այն առթիվ, որ ճակատագիրը երջանիկ կերպով նորից միացրեց իրենց` այդպիսի երկու քաջ պաշտպան տալով։

Պետք է ասել, որ նավի վրա, կարճատև ուղևորության ժամանակ, որն այնքան ահավոր և անսպասելի վախճան ունեցավ, նրանք քիչ էին տեսնվում, իսկ ճանաչում էին իրար ավելի քիչ։ Գեղեցիկ կրեոլուհին գրեթե ամբողջ ժամանակ գտնվում էր իր նավասենյակում, աղջկան հազվադեպ էր թույլատրվում դուրս գալ այնտեղից, իսկ պատանի անգլիացին, մշտապես վախ ապրելով, որ նավապետը կամ նրա օգնականները կարող են պատժել իրեն, չէր համարձակվում երևալ արգելված տերիտորիայում, բացառությամբ իր կատաղած ղեկավարների որևէ հանձնարարությունը կատարելիս։

Եվ այդ դեպքում էլ նա այնտեղ լինում էր ճիշտ այնքան, որքան պահանջվում էր հանձնարարությունը կատարելու համար, իմանալով, որ եթե մի փոքր ուշանա նավասենյակի մոտ, ապա կամ անմիջապես կհայհոյեն իրեն, կամ էլ նույնիսկ կհրեն ու կգցեն շպիգատը<ref>Շպիգատ - բացվածք, ուր հոսում է տախտակամածի ջուրը:</ref> և կամ էլ ոտքի հարվածներով կստիպեն հեռանալ իրեն հատկացված տեղը։

Ուստի զարմանալի չէ, որ այսպիսի անբարենպաստ հանգամանքներում յունգային հազվադեպ էր հաջողվում տեսնվել կրեոլուհու հետ, որը, ինչպես արդեն պատմել ենք, առանձնահատուկ հանգամանքների բերումով դարձել էր նրա ուղեկիցը չարաբաստիկ նավի վրա։

Թեև նա գրեթե չէր խոսել իր փոքրիկ ուղեկցուհու հետ և բոլորովին ծանոթ չէր նրա ոչ հոգեկան հատկություններին, ոչ էլ բնավորությանը, սակայն աղջկա արտաքինը շատ լավ էր ուսումնասիրել, ամենայն մանրամասնությամբ: Գեղեցիկ դեմքի վա չկար մի գիծ, չկար ձյութի պես սև ոլորվող վարսերի մի գանգուր, որ վրիպած լիներ նրա հայացքից:

Ա՜խ, որքան էր Վիլյամը, կիսով չափ առագաստներով ծածկված, կանգնել ու նայել նրա ետևից, երբ աղջիկը մի պահ կանգ էր առել նավասենյակի դռան մոտ։ «Պանդորա»-ի անձնակազմը ներկայացնող գռեհիկ սրիկաների մեջ աղջիկը նրան հիշեցնում էր գայլերի ոհմակն ընկած անպաշտպան գառնուկ:

Որքա՜ն հաճախ էր աղջկան տեսնելիս սիրտը սկսում ուժեղ բաբախել իրեն անծանոթ ինչ-որ մի զգացմունքից, որի մեջ խառնված էին և́ ցավ, և́ հրճվանք:

Իսկ հիմա, նստած այդ հմայիչ արարածի կողքին, «Կատամարան»-ի վրա,– թող որ դա լիներ սոսկ մի փխրուն նավ, որին ամեն րոպե կարող էր ցրիվ տալ քամին կամ ընդմիշտ կլանել օվկիանոսը,– Վիլյամն այլևս վախ չէր զգում և, տարված նրանով, սոսկ մի անհասկանալի, բայց և բերկրալի զգացում էր ապրում։


== Գլուխ XXVII. Չափազա՜նց ուշ է ==

Արդեն գրեթե երկու ժամ էր, ինչ «Կատամարան»-ն ընթանում էր առագաստով, բայց մեր բարեկամները դեռ մնում էին նախկին տեղում, իրենց գործերով զբաղված։ Վերջապես Ձյունիկը, իրերի դասավորությունն ավարտելով, առաջարկեց փոխարինել ղեկանիվի մոտ կանգնած Բենին, մի բան, որին պատրաստակամությամբ համաձայնեց նավաստին և, թիակը թողնելով, գնաց դեպի լաստի միջին մասը, իր սնդուկի մոտ: Չոքելով, սկսեց խառնշտորել այն. Բենն ուզում էր մի լավ տնտղել սնդուկի պարունակությունը, գուցե այնպիսի մի բան գտնվի, որը պետք կգա դժվար կացության մեջ։

Վիլյամն ու փոքրիկ Լալին դեռ նստած էին լաստի քթամասում։ Սովորության համաձայն, պատանու հայացքն ուղղված էր հեռուն, սակայն նա ստեպ-ստեպ նայում էր իր ուղեկցուհուն, աշխատելով խոսակցությամբ զբաղեցնել նրան։

Աղջիկն անգլերեն չէր խոսում. նա միայն մի քանի բառ գիտեր, որ լսել էր Աֆրիկայի ափին գտնվող իր հոր ֆակտորիան այցելող անգլիացի ու ամերիկացի ծովայիններից։ Սակայն այդ սակավաթիվ բառերը, որ կրկնում էր նա, ոչ միայն կոպիտ էին, որի մասին իր միամտության պատճառով նա չէր էլ կասկածում, այլև բոլորովին անհասկանալի էին ու դրանց օգնությամբ հնարավոր չէր փոքրիշատե երկարատև զրույց ունենալ։ Ուստի նրանք խոսում էին կրեոլուհու մայրենի լեզվով։ Վիլյամը պորտուգալերեն շատ բառեր գիտեր, քանի որ «Պանգորա»-ի ծովայինների մեծ մասը պորտուգալացի էր։ Ճիշտ է, այդ խոսվածքը խիստ գործածական էր Աֆրիկայի ափին, բայց թե այն նման չէր պորտուգալերեն այն բարբառին, որը տարածված է Հարավային Ամերիկայի արևադարձային գոտիներում գտնվող մեծ գետերի ավազանում։
Այնուամենայնիվ, այդ բարբառով բացատրվելիս, Վիլյամը ի վիճակի էր, նշանների ու շարժումների օգնությամբ, մի կերպ շարունակելու այն սակավաբառ, կցկտուր խոսակցությունը, որ վարում էր իր ուղեկցուհու հետ։

Այն երկու ժամից ավելի ժամանակամիջոցում, որ նավաստին կանգնած էր ղեկանիվի մոտ, ոչինչ չխանգարեց մեր նավաբեկյալների խաղաղ զբաղմունքը։

Սակայն շուտով Վիլյամի և նրա ընկերուհու ուշադրությունը գրավեց լաստի առջևում մոտավորապես մեկ կաբելտով հեռավորության վրա լողացող մի շատ տարօրինակ ձուկ։ Երկուսն էլ նույնիսկ վեր թռան տեղից և, հետաքրքրությունից վառված, սկսեցին հետևել արտասովոր արարածին։

Սակայն այդ ձկան հարուցած հետաքրքրությունը հաճելի չէր։ Ընդհակառակը, նրանք զզվանքով, գրեթե սարսափով էին նայում ձկանը։ Դա օվկիանոսի խորքերում ապրող ամենազզվելի հրեշներից մեկն էր։ Ձկան երկարությունը մեկ մետրից ավելի էր. մարմինը, գնալով դեպի պոչը, աստիճանաբար նեղանում էր։ Սովորական ձկները վիզ չունեն, իսկ սա կարծես վիզ ուներ։ Գոնե այդպես էր թվում։ Պատճառը գլխի տարօրինակ ձևն էր, կարճ, բայց շատ լայն վիզը տարածվում էր կողմերի վրա։ Ձկան գլուխն ու մարմնի առջևի մասը նման էին բռնակով մուրճի։ «Մուրճի» երկու կողմերում գտնվում էին ոսկեգույն մեծ աչքերը։

Վերևից ռունգները չէին երևում. դրանք գտնվում էին գլխի ներքևի մասում։ Իսկ ռունգների ետևում սևին էր տալիս պայտաձև բացվածքը` բերանը։ Եվ երբ երախը բացվում էր` սղոցաձև եզրերով սուր ատամների մի քանի շարք էր երևում այնտեղ։

Վիլյամը չգիտեր, թե ինչ ձուկ է դա, թեև այն հաճախ է հանդիպում օվկիանոսի որոշ մասերում։ Բայց նա, բարեբախտաբար, թե դժբախտաբար, այդպիսի արարածներ չէր տեսել։ Սակայն քանի որ Լալին հարցրեց, թե ինչ ձուկ է, ասենք, ինքն էլ էր ուզում այդ իմա-նալ, նա դիմեց Բենին։ Բենը սնդուկի կափարիչի տա-կից գլուխը հանելով և տղայի մատնացույց արած ուղղությամբ նայելով, անմիջապես որոշեց, թե ինչ հրեշ էր պատվավոր ուղեկցորդի նման լողում լաստի ետևից։

– Մրճաձուկ է,– կարճ պատասխանեց նա։– Շնաձկան տեսակներից մեկը, ըստ որում ամենազզվելին:

Այս ասելով, նավաստին նորից վերադարձավ իր գործին, և նրա գլուխը կորավ սնդուկի բացված կափարիչի տակ: Բենը բոլորովին ուշադրություն չդարձրեց ձկան վրա։ Իրենք, մտածում էր նա, այդ կենդա-նուց վախենալու ոչինչ չունեն։

Այո, սկզբում այսպես էր մտածում Բեն Բրասը։ Բայց որքան խաբուսիկ դուրս եկավ նրա խաղաղ վստահությունը։ Ընդամենը մի տասը րոպե հետո նա հայտնվեց այդ սարսափելի երախից մի վեց ֆուտ հեռավորության վրա, և նրան սպառնաց հրեշի քառաշար ահավոր ատամների մեջ բզկտված լինելու անմիջական վտանգը:

Երբ «Կատամարան»-ի նավապետը կենդանուն հակիրճ բնորոշեց որպես մրճաձուկ, Վիլյամը հիշեց, որ ժամանակին դրա մասին կարդացել է բնագիտության գրքերում ու ճանապարհորդությունների վերաբերյալ վեպերում։ Իսկապես, դա մրճաձուկ էր, շնաձկան տարատեսակը. գլխի կառուցվածքի պատճառով նրան անվանում են նաև «հավասարակշռող ձուկ»։

Գիտական անունը «զիդենա» է։ Նա համարվում է ամենաագահը շնաձկների այն ամբողջ ցեղատեսակի մեջ, որին պատկանում է:

Այսպես ուրեմն, հրեշը գտնվում էր լաստից մեկ կաբելտով հեռավորության վրա, լաստի ընթացքի հենց առջևում: Կենդանին իր սարսափազդու այլանդակությամբ պարզ գծագրվում էր օվկիանոսի թափանցիկ ջրերի միջից։ Շնաձուկը շարունակում էր լողալ նույն ուղղությամբ, հավասարաչափ արագությամբ, այդպիսով մնալով լաստից միևնույն հեռավորության վրա, ճիշտ և ճիշտ հետախույզ կամ պատվավոր սուրհանդակի նման, որն ուղեկցում էր «Կատամարան»-ին՝ Ատլանտյան օվկիանոսով անցնող նրա ճանապարհին:

Դեռ որոշ ժամանակ Վիլյամն ու Լալին հետևում էին ձկանը, բայց քանի որ տեսարանը չէր փոխվում (շնաձուկը լողում էր առաջվա պես, լաստից նույն հեռավորության վրա), ապա այդ զբաղմունքը շուտով ձանձրացրեց, ու նրանք սկսեցին շուրջը նայել։

Սակայն շուտով մի նոր տեսարան գրավեց յունգայի ուշադրությունը, և նա նույնիսկ երկու անգամ բացականչեց:

Առաջին անգամ նրա բացականչությունների մեջ լսվեց ուրախ զարմանք, իսկ հետո դրան փոխարինեցին տագնապն ու շփոթությունը։

– Հե՜յ,– սկզբում գոռաց նա՝ շրջվելով ու նայելով «Կատամարան»-ի նավախելին։– Տեսե՜ք, Ձյունիկը քնել է: Հա՜-հա՜, հա՜, ա՜յ քեզ պառավ կոկ։ Տեսեք ոնց է քնել, թիակն անգամ դուրս է պրծել ձեռքից...

Բայց նույն պահին մի տագնապալի ճիչ պոկվեց պատանու կոկորդից, իսկ հետո իրար հաջորդող բացականչություններ, որոնք խոսում էին անմիջական վտանգի մասին։

– Վա՜յ, թիակը։ Տեսեք, թիակը... թիակը պտտվո՜ւմ է... Զգույշ, Լալի, զգո՜ւյշ։

Վտանգը կանխելու համար գոռալով, պատանին ձեռքերը պարզեց, թռավ իր ընկերուհու մոտ, ասես կամենալով պաշտպանել նրան։

Սակայն արդեն ուշ էր, ղեկաթիակի ծայրը, քնած հերթապահի ձեռքից դուրս պրծնելով, կախվել էր ջրի վրա:

Մնալով առանց ղեկավարման, «Կատամարան»-ը սկսեց պտտվել քամու ուղղությամբ, որի պատճառով թիակը նույնպես հսկայական լծակի նման պտտվեց նավախելային տակառի վրա իր ամրակապման շուրջը, ծայրով բռնեց Լալիին և, շարժումը շարունակելով, նետեց օվկիանոսի կապույտ ալիքների մեջ:


== Գլուխ XXVIII. Ջուրն ընկա՜վ ==

– Ընկա՜վ։ Ջուրն ընկա՜վ,– գոռաց Վիլյամը, տեսնելով` ինչպես թիակի բարձրացած ծայրը լաստի վրայից վերցրեց և հեռու օվկիանոսը շպրտեց աղջկան։

Արդեն չգիտակցելով, որ գոռում է, պատանին սլացավ լաստեզր, մտադիր լինելով ջուրը նետվել Լալիին փրկելու համար, բայց այդ պահին թիակը ետ շրջվեց ու ետևից յունգայի ծնկածալերին խփելով, այնպիսի ուժով վեր թռցրեց, որ նա փլվեց չոքած Բեն Բրասի ուսերին և գլխի վրայով թռչելով, ընկավ ուղիղ նրա սնդուկի մեջ։

Բենը լսեց տղայի տագնապալի ճիչը ու գրեթե միաժամանակ` ճողփյուն, երբ աղջիկը ջուրն ընկավ։ Նա կտրուկ շրջվեց և այն է` ուզում էր բարձրանալ, երբ հենց այդ պահին ուժգնությամբ իր մեջքին ընկած Վիլյամը նորից ցած գլորեց նրան։

Երբ Վիլյամը, նրա վրայից ընկնելով, գլորվեց սնդուկի մեջ, նավաստին արդեն ուշքի եկավ անակնկալից ու ոտքի ելավ։

– Ո՞վ։ Որտե՞ղ: Ո՞վ ընկավ...– գոռաց շփոթված Բենը,– ախր դու այստեղ ես։ Դե, ի՞նչ է պատահել:

– Բեն, Բե՛ն,– գոռալով պատասխանեց Վիլյամը՝ թպրտալով սնդուկում՝ նավաստու իրերի մեջ։– Փոքրիկ Լալին... Նա... թիակը կպավ նրան... Փրկի՜ր։ Ախ, փրկի՜ր նրան։

Բայց տղայի պատասխանն ու աղերսանքն ավելորդ էին արդեն, նավաստին ամեն ինչ հասկացել էր: Նա լսել էր ճողփյունը և արագ շուրջը նայել. աղջիկը լաստի վրա չէր։ Պարզ էր, թե «Կատամարան»-ի անձնակազմից ով էր ջուրն ընկել։

Մակերևույթի վրա շրջանաձև տարածվող ալիքները ցույց էին տալիս այն տեղը, ուր աղջիկը ջուրն էր ընկել։ Հենց այն պահին, երբ Բենը ոտքի ելավ, աղջիկը դուրս լողաց և ճչալով ու ջուր կուլ տալով, սկսեց թաթիկներով ջղաձգորեն հարվածել ջրին, բնազդաբար ձգտելով չսուզվել։

Այդ վճռական պահին խիզախ նավաստու մտքով անգամ չանցավ կշռադատել անելիքը։ Ցատկ` և նա «Կատամարան»-ի եզրի մոտ է, երկրորդ ցատկը` նա տակառներից մեկի վրա է. երրորդը` և նա արդեն օվկիանոսում է, լաստից վեց ֆուտ հեռավորության վրա:

Եթե գոնե մի տասը վայրկյան առաջ նա նախազգուշացված լիներ կատարվածի մասին, ապա ընդամենը մի քանի շարժում հարկավոր կլիներ հասնելու համար այնտեղ, որտեղ աղջիկը ջուրն էր ընկել։ Դժբախտաբար, Վիլյամի հետ ընդհարվելու պատճառով անցավ ևս մի քանի վայրկյան: Եվ ահա այդ սակավաթիվ վայրկյանների ընթացքում թեև լաստը մնացել էր առանց ղեկավարման, բայց այնուամենայնիվ, առագաստով լողալիս, բավականաչափ արագորեն հեռանում էր ու հեռանում։ Ուստի, երբ նավաստին ջուրը նետվեց, օվկիանոսում թպրտացող աղջիկն արդեն բավականաչափ հեռու էր լաստից, գրեթե մեկ կաբելտով տարածության վրա:

Եթե Լալին լողալ կարողանար, ապա դա շատ մեծ դժբախտություն չէր լինի։ Նավաստին գիտեր, որ աղջկա հետ միասին լաստին հասնելն իր համար դժվար չէ. ինքը կարող է ավելի ծանր բեռ շալակած էլ լողալ։ Բայց նա հասկանում էր, որ աղջիկը հազիվհազ է մնում ջրի վրա և ամեն վայրկյան կարող է նորից սուզվել։

Նավաստու համար դա պարզ էր արդեն և այն պահին, երբ նա նոր էր ջուրը նետվել աղջկան օգնելու համար։ Ուստի, ձեռքի հզոր շարժումներով ճեղքելով ջուրը, նա հնարավորին չափ շտապում էր, ձեռքերի ու ոտքերի յուրաքանչյուր մկանը լարած։

Այդ միջոցին Վիլյամը վեր թռավ տեղից ու վազեց նավախել: Արագ բարձրանալով տակառի վրա, հենց այն տեղում, որտեղ չարաբաստիկ թիակն էր ամրացված, նա, հուզմունքից դողալով, հետևում էր կատարվող տեսարանին, նայելով մերթ անօգնական թպրտացող Լալիին, մերթ նրան օգնության շտապող արագընթաց լողորդին։

Իսկ Ձյունիկն այդ միջոցին հանգիստ քնած էր իր համար, խոր քնով, ինչպես նեգրերն են քնում իրենց տանը շոգ երկրներում։ Ոչ Վիլյամի օգնության ճիչը, ոչ նավաստու բացականչությունները բոլորովին չէին ներգործել Ձյունիկի թմբկաթաղանթների վրա։ Նա չէր լսել նաև Լալիի աղեկտուր ճիչերը, թեև այդ ժամանակ տրվել էր հենց իր անունը։

Դե, քանի որ այդ ձայներից ոչ մեկը նրան դուրս չէր բերել ընդարմացման վիճակից, ապա այժմ նա առավել ևս կարող էր շատ հանգիստ շարունակել իր քունը` չտեսնելով ու չլսելով, թե ինչ էր կատարվում շուրջը։ Չէ որ նավաստին լողում էր անձայն, աղջկա ճիչերը հեռանում էին, իսկ Վիլյամը, այժմ Ձյունիկի միակ ուղեկիցը, հափշտակված էր տեղի ունեցող իրադարձությամբ. նա ոչ միայն բղավել, այլև շնչել անգամ վախենում էր։

Այո, կատամարանցիների ապրած այդ տանջալից րոպեներին Ձյունիկն այնքան լավ էր քնել և այնքան խորը, ասես պառկած լիներ մահճակալի վրա, իր քամբուզում, օրորվելով լավ առագաստանավի անշտապ ընթացքից։

Վիլյամի մտքով անգամ չանցավ արթնացնել նրան, որովհետև, ճիշտն ասած, նա դեռ լրիվ չէր սթափվել։ Նրա գլուխը դժժում էր ապրած ցնցումից։ Նա նավախել նետվեց ու տակառի վրա ցատկեց, բոլորովին չհասկանալով, թե ինչ է անում... Եվ դրաման, որի հանգուցալուծմանը այնքան մեծ անհանգստությամբ սպասում էր պատանին, այնպես էր նրան գամել իրեն, որ նա նույնիսկ մոռացել էր մտածել Ձյունիկի մասին և այն մասին, որ նրան պետք է արթնացնել։

Լռությունը երկար չտևեց։ Ասենք, այս հուզիչ դրամայի դերասանների ու հանդիսատեսի համար կարող էր երկար երևալ։ Այն խախտեց Վիլյամի հրճվալի բացականչությունը, կարճ ու բուռն «ուռա՜ն». նավաստին հասել էր ցանկալի նպատակակետին։ Ահա նա բարձրացնում է Լալիին և, մի ձեռքով բռնած աղջկան, մյուսով լողում է դեպի լաստը։


== Գլուխ XXIX. Փրկվա՜ծ է ==

– Կեցցե՜ Բենը։ Ուռա՜։ Նա փրկեց աղջկա՜ն...

Հնարավոր է` հրճվանքի այս պայթյունին ուղեկցող շարժումները շատ բուռն էին, որ տակառը օրորվեց ու դուրս պրծավ Վիլյամի ոտքերի տակից, կամ էլ տեղի ունեցածի իսկական պատճառն այն էր, որ այսքան երկար և ուժեղ լարվածությունից հետո նրա նյարդերը խիստ թուլացել էին. բայց ինչ էլ որ լիներ, վերջին «ուռան» բղավելիս Վիլյամը կորցրեց հավասարակշռությունը և տակառից ընկավ՝ գլորվելով հանգիստ քնած խոհարարի վրա։

Ըստ երևույթին, քնածի շոշափելիքի զգայարանն ավելի նուրբ էր, քան լսողության զգայարանը, և նեգրը վերջապես արթնացավ.

– Գրո՜ղը տանի,– գոռաց նա՝ չոքելով և աշխատելով դուրս պրծնել իր մեջքի վրա ընկած Վիլյամի տակից։– Սա ինչ բան է։ Ի՞նչ աղմուկ է։ Ո՞վ էր «ուռա» գոռում... Դո՞ւ էիր գոռում, Վիլյամ։ Ինձ թվաց, թե ինչ-որ մեկը «ուռա» գոռաց... Ի՞նչ է, գուցե նա՞վ ես տեսել... Ո՞չ։ Իսկ որտե՞ղ է մասա Բրասը, և որտե՞ղ է մեր փոքրիկ աղջիկը։ Վա՜յ...

Հարցերն այնպիսի արագությամբ էին հաջորդում իրար, որ տղան չէր հասցնում պատասխանել ոչ մեկին։ Բայց թե Ձյունիկի վերջին բացականչությունն ասում էր, որ հազիվ թե դա հարկավոր է։

Արագ ու սևեռուն մի հայացք գցելով լաստին և տեսնելով, որ Բենը չկա, և, որ գլխավորն է, չկա իր սիրելի Լալին, նեգրը զարմանքից ու սարսափից քարացավ։

Ձյունիկը նայեց ջրին։ Ինչպես օվկիանոսում շատ նավարկած բոլոր մարդիկ, նա, վաղուց իր մեջ մշակված սովորության համաձայն, անմիջապես աչքերը հառեց նավածրին. ջուրն ընկածը միշտ ընթացող առագաստանավի ետևում է լինում։ Եվ նեգրը իրավացի էր։ Նա անմիջապես նկատեց Բեն Բրասին կամ, ավելի ճիշտ, միայն նրա գլուխը, որը հազիվ նշմարվում էր ալիքների վրա: Իսկ նրա մոտ երևում էր սև գանգուրներով մի փոքրիկ գլուխ և նավաստու ուսը վստահորեն գրկած մի փոքրիկ ձեռք:

Ձյունիկն անմիջապես ամեն ինչ հասկացավ։ Վիլյամը կարող էր ոչինչ չբացատրել։ Նրա համար պարզ դարձավ, թե ինչ էր կատարվել իր քնած միջոցին։ Նա չհասկացավ միայն կատարվածի պատճառը և նույնիսկ չկասկածեց, որ դժբախտությունը տեղի էր ունեցել հենց իր անփութության պատճառով: Բայց, այնուամենայնիվ, դրանից նրա անհանգստությունը բոլորովին չպակասեց։ Քիչ է ասել անհանգստություն... Նա ահավոր տագնապ էր ապրում:

Այս զգացումը անմիջապես չծնվեց։ Սկզբում, երբ նա տեսավ, որ աղջկան պահում է այնպիսի մի հրաշալի լողորդ, ինչպիսին իր հին ընկերն է, կատարվածի վախճանի վրա չկասկածեց, այնքան չկասկածեց, որ նույնիսկ օգնության չգնաց նրանց, թեև առաջին իսկ վայր-կյանին մտածեց այդպես վարվել։

Սակայն անմիջապես համոզվեց, որ Լալիին ու նրա խիզախ ազատարարին սպառնացող վտանգը չի անցել։

Այդ վտանգի մասին չէր մտածել նաև Վիլյամը, երբ իր հրճվանքն արտահայտելով, «ուռա» էր գոռում։ Նա տեսել էր, որ նավաստին բռնեց աղջկան և, անսահմանորեն հավատալով իրենց պաշտպանի արիությանն ու ճարպկությանը, չէր կասկածում, որ նա իր թեթև բեռի հետ միասին կհասնի «Կատամարան»-ին։ Ուրախությունից իրեն կորցրած` հաշվի չէր առել մի հանգամանք. «Կատամարան»-ը առագաստի օգնությամբ շարժվում էր այնպիսի արագությամբ, որ նույնիսկ ամենաարագաշարժ լողորդն անգամ, մենակ, առանց որևէ բեռան, չէր կարող հասնել նրան։ Այդ թեժ պահին այդ տխուր հանգամանքի վրա ուշադրություն չդարձրեց ոչ միայն յունգան, այլ նույնիսկ Ձյունիկը, իսկ չէ որ, պետք է ասել, Ձյունիկը ոչ միայն լավ կոկ էր, այլև փորձված ծովագնաց։ Սակայն գրեթե նույն պահին նեգրը տեսավ վտանգն ու հասկացավ, թե որտեղից է գալիս այն։ Արագ պպզելով նավախելային տակառի մոտ, բռնեց ղեկաթիի ծայրը, որը հենց ինքն էր ձեռքից բաց թողել հանցավոր անփութությամբ ու, թեև մինչև հիմա նրա մտքով էլ չէր անցնում, որ ինքն է այդ բոլորի պատճառը, ամբողջ ուժով ձեռնամուխ եղավ դրությունը փրկելուն:

Նեգրի ուժեղ ձեռքերը «Կատամարան»-ին ստիպեցին շրջվել քամուն հակառակ և մոտենալ լողորդին։ Բայց մեր ղեկը վարողը հանկարծ մեկ ուրիշ բան տեսավ, որի պատճառով թիակն այնքան անակնկալ բաց թողեց, որ ասես ձեռքն անդամալուծվել էր կամ թիակի ծայրը շիկացած երկաթ դարձել:

Մի բան պարզ էր. պատճառն անդամալուծությունը չէր: Թիակը բաց թողած ձեռքը` աջ ձեռքը, ձգվեց դեպի ձախ կոնքը, որտեղ պատյանով երկար դանակն էր կախված գոտկից: Նա բռնեց կոթը, բայց ոչ նրա համար, որ դուրս քաշի, այլ որպեսզի համոզվի` տեղում է, թե ոչ։

Մի ակնթարթ` և ձեռքը ետ գնաց: Նեգրն արդեն ոտքի վրա էր: Նա այլևս թիակի մասին չէր մտածում և, մոտենալով լաստեզրին, նետվեց ջուրը։


== Գլուխ XXX. Մրճաձուկը ==

Ղեկաթին թողած և ջուրը նետված նեգրի վերաբերմունքը որոշ ժամանակ անհասկանալի էր Վիլյամին: Ինչո՞ւ այդպես վարվեց Ձյունիկը: Մի՞թե նավաստին չէր կարող աղջկան վերցրած մենակ հասնել լաստին։ Չէ որ նա հեշտությամբ էր պահում աղջկան: Բացի դրանից, Ձյունիկը շատ ավելի օգտակար կլիներ լաստի վրա մնալով և այն ղեկավարելով։ Բավական էր, որ նա ևս մի քանի րոպե կանգներ ղեկի մոտ, ու լողորդը կհասներ «Կատամարան»-ին։ Իսկ այժմ, երբ նա բաց թողեց թին, լաստը նորից շրջվեց, և, քթամասն անելով քամու ուղղությամբ, սկսեց հեռանալ նավաստուց:

Սակայն Վիլյամը նույնիսկ չնկատեց այդ տագնապալի իրադրությունը, իսկ եթե նկատեց էլ, ապա մեկ ակնթարթ անց մոռացավ դրա մասին:

Նա ընդամենը մի քանի վայրկյան հետևեց նեգրին: Տհաճ մտքեր էին խռնվում նրա գլխում, ինչո՞ւ նեգրը ջուրը ցատկելուց առաջ բռնեց դանակի կոթը, փոքր-ինչ դուրս քաշեց ու նորից տեղը դրեց: Մի պահ կասկած ծագեց տղայի գլխում։ Նեգրի ինչի՞ն էր պետք դանակը, եթե նա նպատակադրվել էր փրկել լողորդին։ Արդյո՞ք սատանայական բան չի անցել նրա մտքով` պակասեցնել սննդի ու ջրի կարիք ունեցողների թիվը:

Սակայն այս կասկածն ընդամենը մի վայրկյան տևեց և անմիջապես խոր զղջում առաջացրեց պատանու մեջ։ Ինչպե՞ս կարող էր նա այդքան վատ մտածել Ձյունիկի մասին։

Զղջումը վրա հասավ ակնթարթորեն, որովհետև նրա հայացքն ընկավ...

Նեգրի տարօրինակ վարմունքը նրան հասկանալի դարձավ միայն հիմա. Ձյունիկը Բեն Բրասի մոտ էր լողում ոչ թե սպանելու, այլ փրկելու համար։

Միայն թե ումի՞ց փրկելու։ Մի՞թե իսկապես նավաստին կարող էր խեղդվել և օգնության կարիք ուներ:

Բայց Վիլյամն արդեն այդպիսի հարց չէր տալիս իրեն։ Ինչի՞ համար են կռահումներն ու ենթադրությունները։ Նրա հովանավորին սպառնացող վտանգն իր ամբողջ սարսափելի իրականությամբ կանգնեց նրա առջև։ Մեջտեղում մանգաղաձև փորվածքով այդ տափակ ու մուգ սկավառակը, որ ջուրը փրփրացնելով արագ սահում էր, շնաձկան մեջքալողակից բացի ուրիշ ոչինչ լինել չէր կարող։ Ու Վիլյամը հասկացավ, թե ինչպիսի վտանգ է սպառնում նրանց։

Չէ որ դա հենց այն շնաձուկն է, որ մի փոքր առաջ դիտում էին ինքն ու փոքրիկ Լալին, շատ վտանգավոր մրճաձուկը։ Թափանցիկ ջրի միջից գծագրվում էին նրա մրճանման գլուխը և չարագուշակ վառվող, դուրս պրծած աչքերը։ Ահավո՜ր տեսարան։

Եվ ահա տղան մնաց այդ ցնցող տեսարանի միակ վկան, իսկ նրա մասնակիցներն էին Ձյունիկը, մրճաձուկը, Բեն Բրասն ու աղջիկը, որին նա փրկում էր։

Դեռևս այն պահին, երբ Վիլյամը հասկացավ, թե ինչու նեգրը ջուրը նետվեց, կատարվող ողբերգության գործող անձինք ասես թե դասավորվել էին հսկայական հավասարասրուն եռանկյունու անկյուններում, ըստ որում Ձյունիկն ու շնաձուկը գտնվում էին հիմքի անկյուններում, իսկ Բենը` իր բեռան հետ, գագաթի անկյունում։ Այս վերջին կետը մնում էր գրեթե անշարժ, իսկ մյուս երկուսը շարժվում էին դեպի նա. մարդն ու շնաձուկը մրցում էին արագությամբ։

Ահա թե ինչպես կատարվեց այդ բոլորը. մինչ այդ «Կատամարան»-ի առջևից լողացող հրեշի ականջներին հասան ջուրն ընկած Լալիի ճողփյունը և լաստից ջուրը նետված նավաստու մարմնի էլ ավելի ծանր ու էլ ավելի ուժգին ճողփյունը: Մրճաձուկը շնաձկների ամբողջ ցեղին բնորոշ գիշատիչ բնազդով անմիջապես ետ դարձավ ու լողաց դեպի լաստի ետևը, որտեղ, ինչպես նա զգում էր, անխուսափելիորեն պետք է լիներ այն, ինչ ջուրն էր ընկել, լիներ դա առարկա, թե մարդ:

Եվ ահա, երբ գիշատիչը մոտենում էր «Կատամարան»-ի նավածրին, Ձյունիկը, նկատելով հովհարաձև լողակն ու ուղղությունը, դեպի ուր նա շարժվում էր, կռահեց հրեշի մտադրությունը։

Բայց հազիվ Էր Ձյունիկը ջուրը նետվել, երբ շնաձուկը, իր սկզբնական ուղղությունից շեղվելով, լողաց դեպի նեգրը, ըստ երևույթին, նա որոշեց փոխել հարձակման ենթակա առարկան։ Սակայն կամ նեգրը նրա ճաշակին չհամապատասխանեց, կամ Էլ ձուկը վախեցավ նրա խիզախությունից,– Ձյունիկը լողում էր ձկանն ընդառաջ,– բայց ինչ էլ որ լիներ` ձուկը ետ նետվեց, սկսեց լողալ նախկին ուղղությամբ, Բենին ընդառաջ:
Հասկանալի է, որ գրեթե գիտակցությունը կորցրած և իր շարժումները կաշկանդող աղջկանով լողացող նավաստին հազիվ թե կարողանար պաշտպանվել շնաձկան հարձակումից, և այն էլ այնպիսի շնաձկան, ինչպիսին մրճաձուկն է: Ձյունիկն այդ գիտեր, և հենց դա էր, որ նրան դրդեց օգնության նետվել։

Իսկ ինչ վերաբերում է անձամբ նեգրին, ապա դժվար էր շնաձկան համար ավելի վտանգավոր հակառակորդ գտնել օվկիանոսի ջրերում: Նա լողում էր ձկան պես և սուզվում ծովաբադի նման: Շատ էր նա շնաձկան հետ դեմ առ դեմ հանդիպել սրա հարազատ տարերքում, շատ անգամ էր հաղթող դուրս եկել այդպիսի հանդիպումներից: Նա, մենամարտի դուրս գալով, վախենում էր ոչ թե իր համար, այլ նրանց համար, որոնց ուզում էր փրկել:

Սկզբից ևեթ շնաձուկը ավելի մոտ էր Բենին, նա ավելի շուտ էր սկսել շարժվել։ Ու թեև նրանք գրեթե հավասար տարածություն պետք է հաղթահարեին, Ձյունիկը գիտեր, որ իր հակառակորդը, արագությամբ գերազանցելով, առաջինը կհասնի նպատակակետին։

Այս միտքը խիստ անհանգստացնում, գրեթե հուսահատության էր մատնում նրան:

Նա ձեռքերով ու ոտքերով կատաղորեն հարվածում էր ջրին, բարձրաձայն գոռում, և ընդհանրապես ամեն կերպ աշխատում էր շնաձկան ուշադրությունը գրավել իր վրա։

Սակայն ոչ նրա աղմկալի շարժումները, ոչ գոռգոռոցները ոչ մի օգուտ չտվին. խորամանկ կենդանին ուշադրություն չէր դարձնում դրանց վրա։ Նրա մուգ մեջքալողակը, ուժեղ քամու դեմ բացված առագաստի պես, ընդառաջ էր գնում իր համար առավել մատչելի զոհերին:

Հավասարասրուն եռանկյունում կողմերը շատ դանդաղորեն, բայց հաստատապես դառնում էին անհավասար: Այժմ դա արդեն շեղանկյուն եռանկյունի էր, և Ձյունիկը վայրկյան առ վայրկյան ավելի պարզ էր տեսնում դա:

– Վա՜խ, խե՜ղճ Լալի,– ճչում էր նա հուզմունքից ընդհատվող ձայնով։– Վա՜յ, մասա Բեն, հանուն բոլոր սրբերի, ա՜ջ վերցրեք, լսո՞ւմ եք, ա՜ջ. իսկ ես կլողամ ձեր և այդ կատաղի անասունի մեջտեղով: Դեպի առա՜ջ: Այդպես, ճիշտ է: Մի քիչ դիմացեք, Բեն: Միայն թե հասնեմ, հետո գիտեմ, թե ինչ դատաստան կտեսնեմ այս մսագնդի հետ։

Ձյունիկի ցուցումը իր ազդեցությունը գործեց: Մինչև այժմ նավաստին վտանգը չէր նկատել, նրա միակ մտածմունքը լաստին հասնելն էր։ Ինչ շնաձկան հարձակման մասին կարող էր մտածել: Նա մրճաձկան մոտենալն անգամ չէր նկատել: Բանն այն է, որ շնաձկան լողակը լավ էր երևում «Կատամարան»-ի կողմից, այսինքն` կողքից, բայց այն դժվար էր նկատել առջևից նայելիս: Ուստի զարմանալի չէ, որ զոհերը, որոնց վրա ուզում էր հարձակվել շնաձուկը, չէին նկատում նրա մոտենալը։ Եվ միայն այն ժամանակ, երբ նավաս-տին տեսավ «Կատամարան»-ից թռած և իրեն ընդառաջ լողացող Ձյունիկին, նրա մտքով անցավ` շնաձո՜ւկ։ Նույն պահին նա հիշեց, որ Վիլյամը իրենից հարցրել էր այդ կենդանու մասին, և ինքն էլ նրան հակիրճ պատասխանել էր, որ դրա անունը մրճաձուկ է։

Միայն հիմա Բենը հասկացավ, որ շնաձուկը հասնում է իրենց։ Բայց թե որտեղից պետք էր սպասել հարձակումը, նա չգիտեր, մինչև չլսեց Ձյունիկի նախազգուշացնող կանչերը` «Ա՜ջ վերցրեք»։

Նավաստին շատ բարձր կարծիք ուներ նախկին կոկի փորձի մասին ու չէր կարող արհամարհել նրա խորհուրդը։ Եվ հենց որ կանչը լսեց, սկսեց լողալ դեպի աջ և այնքան արագ, որքան այդ կարող էր անել մեկ ազատ ձեռքով լողացողը։

Բարեբախտաբար դա բավական էր, ու շուտով բոլոր լողորդների հարաբերակցությունը փոխվեց. եռանկյունու փոխարեն այժմ նրանք ուղիղ գիծ կազմեցին. մի ծայրում նավաստին էր, մյուս ծայրում` շնաձուկը, իսկ մեջտեղում` Ձյունիկը:


== Գլուխ XXXI. Դեմ առ դեմ ==

Լողորդների դասավորության մեջ կատարված այդպիսի փոփոխության հետևանքով շնաձուկը կորցրեց իր առավելությունները։ Այժմ նրա հակառակորդն էր ոչ թե թուլացած, ծանրաբեռնված և անզեն մի նավաստի,– նույնիսկ եթե զենք էլ ունենար, միևնույնն է, նրա ձեռքերը զբաղված էին,– ո՛չ, այժմ նա ստիպված էր գոտեմարտել երկար դանակով զինված, կայտառ, ուժերով առլեցուն հակառակորդի հետ, որը մանկուց սովոր էր ջրային տարերքին և ջրում, թերևս, շնաձկից վատ չէր զգում իրեն։ Համենայն դեպս, նեգրը կարող էր մի քանի ժամ շարունակ մնալ ջրի վրա, և ջրի տակ էլ ոչ պակաս, քան օդով շնչող որևէ կենդանի:
Բայց թե Ձյունիկը բոլորովին էլ մտադիր չէր խոր մտնել ջրի տակ։

Իհարկե, ո́չ, ո́չ մի դյույմ։ Ընդհակառակը, որքան ավելի մոտ մակերևույթին` այնքան ավելի լավ։

Նա շատ լավ էր հասկանում, որ ջրի տակ վտանգավոր էր իր համար։

Ինչպես արդեն գիտեք, նա շատ անգամ էր շնաձկան հետ մենամարտի բռնվել սրա հարազատ տարերքում։ Ճիշտ է, նա ավելի շատ գործ էր ունեցել ոչ թե մրճաձկան, այլ սպիտակ շնաձկան հետ, այնուամենայնիվ նա որոշ բան գիտեր նաև այդ ձկնատեսակի վարքագծի մասին։

Բանն այն է, որ մրճաձուկը և այդ ցեղատեսակի մյուս ձկները հարձակվում են միայն այն ժամանակ, երբ զոհը գտնվում է իրենց տակին։ Հակառակ դեպքում նրանք ստիպված են լինում շրջվել մեջքի կամ կողքի վրա, և որքան իրենց որսը ջրի մակերևույթին ավելի մոտ է գտնվում, այնքան ավելի կտրուկ են շրջվում։ Իսկ եթե որսը բոլորովին մակերևույթի վրա է, ապա շնաձուկը իր բերանի յուրօրինակ դասավորության և ծնոտի կառուցվածքի պատճառով փորը վերև է ցցում։

Այս հանգամանքը քաջ ծանոթ է յուրաքանչյուրին, ով իր ամբողջ կյանքը ծովի վրա է անցկացրել, և հատկապես նրանց, ովքեր շատ անգամ են մենամարտի բռնվել շնաձկան հետ։

Օրինակ, Կարմիր ծովում մարգարիտ որոնողները շնաձկան հարձակումից բոլորովին չեն վախենում։ Նրանց պաշտպանության զենքը երկու ծայրը սրած և ամրության համար կրակում թրծված մի հասարակ փայտ է։ Նրանք այդ փայտն անվանում են «էստակա»։

Այդ հասարակ զենքն ունենալով (այն օղակով կա-խում են գոտուց), նրանք չեն վախենում մարգարիտի համար խորը սուզվելուց, թեև հենց այդ տեղերում են շնաձկներ լինում։ Հենց որ ագահ գիշատիչը հարձակվում է նրանց վրա, մարգարիտ որոնողները, սպասելով մինչև նա փորը վեր ցցած իր ջրային սալտոն կկատարի և հսկայական երախը կբանա, էստական ճարպկորեն խրում են գիշատչի երախը, և վերջինիս մնում է միայն հեռանալ երախը բաց կամ էլ փակել այն` կործանման դատապարտելով իրեն: Սակայն այդ ջրերն են մտնու նաև ուրիշ շնաձկներ, որոնց հետ հաշիվ տեսնելն այնքան էլ հեշտ չէ: Դրանք կոչվում են «տինտորերա», և մարգարիտ որոնողները նրանցից ավելի քիչ չեն վախենում, քան ծովայինները` սովորական շնաձկներից:

Մրճաձուկը կատաղի գիշատիչ է, և նրանից ավելի շատ են վախենում, քան որևէ ուրիշ շնաձկից։ Սակայն կասկածից վեր է, որ այդ սարսափը կիսով չափ հարուցում է նրա ահավոր արտաքինը։

Ձյունիկը գիտեր, որ կենդանին, առանց նախապես իր սովորական կիսաշրջանաձև դիրքն ընդունելու, չի կարող վնաս հասցնել իրեն, այդ իսկ պատճառով էլ նրան մոտեցավ ջրի ամենավերևի մասում մնալու մտադրությամբ, թույլ չտալով, որ կենդանին իր վերևում լինի:

Եվ այսպես այժմ մենամարտն անխուսափելի էր:

Շնաձուկը, թեև տեղի ունեցած տեղափոխություններից որոշ չափով շփոթված, այնուամենայնիվ, ըստ երևույթին, չէր հրաժարվել մարդու միս ճաշակելու իր մտադրությունից: Երկու սպիտակամորթները նրանից խուսափեցին, բայց այդ հարցում նա առանձնահատուկ նախապատվություն չուներ. սևամորթ Ձյունիկն էլ ոչ պակաս ախորժալի էր թվում նրան, քան Բեն Բրասն ու փոքրիկ Լալին:

Իհարկե, դժվար է պնդել, թե շնաձուկը հենց այդպես էլ դատում էր կամ թե նա ընդհանրապես կարող էր դատողություններ անել: Ասենք, դատողություններ անելու ժամանակ էլ չկար:

Երբ Ձյունիկը հայտնվեց շնաձկան և վերջինիս նպատականշած զոհերի միջև, նեգրի գանգրահեր գլուխը և գիշատչի մրճաձև գանգը բաժանում էր այնպիսի մի տարածություն, որտեղ նույնիսկ երեք հատ հանդշպուգ չէր տեղավորվի:

Դրությունը հաճելի չէր, և եթե մեկ ուրիշը լիներ Ձյունիկի փոխարեն, չէր դիմանա ու անձնատուր կլիներ սարսափին:

Բայց դրա ժամանակը չէր: Հմուտ ռազմիկը պատրաստ էր մենամարտի, գործելով այնպիսի խիզախությամբ ու վճռականությամբ, ասես թե հաղթանակի նկատմամբ լիակատար վստահություն ներշնչող հմայիլ ուներ:

Վիլյամը, «Կատամարան»-ի խելին կանգնած, շունչը պահած հետևում էր այդ տեսարանի բոլոր մանրամասնություններին: Նա տեսավ, թե ինչպես նեգրը պատյանից դուրս քաշեց դանակը, բայց թե այն երկար չմնաց նրա ձեռքերում. որպեսզի ձեռքերն ազատի և ավելի հարմար մանևրի, խուսափելով իր հակառակորդից, Ձյունիկը դանակն առավ ատամների մեջ։ Այսպիսի արտասովոր տեսքով ներկայացավ նա ծովի խորքերի կատաղի տիրակալի հետ հանդիպմանը։


== Գլուխ XXXII. Շրջանագծով ==

Բնական կլիներ ենթադրել, որ շնաձուկն անմիջապես կնետվի իր հակառակորդի վրա, բռնված սոսկ մի ցանկությամբ` որքան հնարավոր է շուտ խժռել նրան:
Բայց ո́չ: Չնայած իր ագահությանը, որը բնորոշ է ընդհանրապես բոլոր տեսակի շնաձկներին, այս գիշատչին հատուկ է նաև բնազդային մեծ զգուշությունը։ Ծովային այս վագրը, ինչպես և ցամաքում ապրող վագրը, հոտառությամբ կարող է կռահել արդյոք հեշտությա՞մբ ձեռք կբերի որսը, թե հակառակորդը վտանգավոր կլինի։

Թերևս այսպիսի մի միտք (եթե դա կարելի է ընդհանրապես միտք համարել) անցավ մրճաձկան այլանդակ գլխով. չէ որ Ձյունիկը չափազանց վճռական տեսք ուներ։ Միանգամայն հնարավոր է, որ եթե նեգրը սկսեր փախչել նրանից և ոչ թե ընդառաջ լողար, ապա շնաձուկն անմիջապես հարձակվեր նրա վրա։

Ի լրումն դրա, հակառակորդը մոտավորապես նույնքան խոշորամարմին էր, որքան ձուկն ինքը, և քաջությամբ` նրանից ոչ պակաս։ Հնարավոր է նաև, որ շնաձկան սովորական ուղեկից երկու լոցման ձկները, գրեթե հասնելով Ձյունիկի քթին ու նրա մուգ մարմինը զննելով, լավ հետախույզների պես զեկուցեցին իրենց տիրոջը, որ հարկավոր է զգուշությամբ մոտենալ նախանշված որսին։

Ինչ էլ որ լիներ, շնաձուկը, ըստ երևույթին, անմիջապես հակառակորդի մեջ տեսավ այնպիսի մի բան, որը փոխեց նրա տակտիկան. անխոհեմորեն Ձյունիկի վրա նետվելու կամ էլ թեկուզ նույն արագությամբ լողալու փոխարեն, ինչպիսի արագությամբ առաջ մոտենում էր նրան, շնաձուկը, արդեն մի քանի ծովային սաժեն հեռավորության վրա գտնվելով, հանկարծ սկսեց ընթացքը դանդաղեցնել. նրա կողքերին հանգիստ ծածանվող հովհարաձև գորշ լողակներն արդեն չէին օգնում առաջվա պես սրընթաց շարժվելուն։

Դեռ ավելին, գրեթե ընդհուպ մոտենալով նեգրին, նա հանկարծ մի կողմ շեղվեց, ասես որոշելով թիկունքից հարձակվել հակառակորդի վրա կամ նույնիսկ լողալ-անցնել կողքով:

Հետաքրքիր է, որ երկու լոցման ձկները, որոնք լո-ղում էին շնաձկան հենց աչքերի մոտ, ասես ուղղություն էին տալիս նրա շարժմանը։

Այս անսպասելի մանևրը անակնկալի բերեց նեգրին։ Նա սպասում էր ակնթարթային հարձակման և կկարողանար ետ մղել այն. նա նույնիսկ բերանից դուրս քաշեց դանակը և ամուր սեղմեց աջ ձեռքում, պատրաստվելով մահացու հարված հասցնել։

Գիշատչի անվճռականությունը որոշ չափով շփոթեցրեց նրան:

Ըհ՜ը... Ձյունիկը գլխի ընկավ, որ խորամանկ արարածը ձգտում է շրջանցել իրեն, որպեսզի իր թիկունքում հարձակվի անպաշտպան Բենի ու Լալիի վրա:

Հենց որ այս կասկածն անցավ նրա մտքով, նա շրջվեց ջրի մեջ և լողաց` կտրելու շնաձկան ճանապարհը, որպեսզի, եթե հնարավոր է, իր վրա գրավի նրա ուշադրությունը։

Ի դեպ, այժմ արդեն նշանակություն չուներ` գիշատիչը պատրաստվում էր վերսկսել նավաստու և նրա բեռան վրա հարձակվելու իր նախնական պլանը, թե դա պարզապես մանևր էր նեգրի թիկունքն անցնելու համար. այսպես թե այնպես, Ձյունիկը ճիշտ տակտիկա ընտրեց: Նեգրը հասկացավ, որ եթե ճարպիկ հակառակորդը թիկունքից մոտենա իրեն, ապա ինչպես իր, այնպես էլ նավաստու և աղջկա համար վատ կլինի: Եթե շնաձկանը հաջողվեր շրջանցել իրեն և ընդառաջ լողալ նավաստուն, ապա ինչպիսի լավ լողորդ էլ որ լիներ Ձյունիկը, նա, միևնույն է, ձկան ետևից չէր հասնի։

Եվ նա հանկարծ կռահեց, թե ինչպես կանխել անսպասելի վտանգը, որ շնաձուկը չշրջանցի իրեն ու չհարձակվի անպաշտպան զույգի վրա։ Բերանից դանակը հանելով` Ձյունիկը գոռաց.

– Էհե՜յ, մասա Բրաս, ա՜ջ վերցրեք: Այդ դեպքում նա ստիպված կլինի շրջանագծով շարժվել։ Ի սե՜ր Աստծու, մնացեք իմ թիկունքում, թե չէ` կորած եք։

Սակայն նավաստին հազիվ թե այդ խորհրդի կարիքն ուներ. նա ինքն էլ էր արդեն տեսել վտանգը և սկսել էր մանևրել այնպես, ինչպես խորհուրդ էր տալիս նեգրը։

Այժմ նրանք բոլորն էլ շարժվում էին շրջանագծով կամ, ավելի ճիշտ, երեք համակենտրոն շրջանագծերով, ըստ որում աղջկան շալակած նավաստին շարժվում էր փոքր շրջանագծով, Ձյունիկը` միջին շառավիղ ունեցող շրջանագծով, իսկ շնաձուկն իր ուղեկիցներով` արտաքին ամենամեծ շրջանագծով։ Չարությամբ վառվող նրա աչքերը ուղղված էին կենտրոնին. նա հարմար պահի էր սպասում, որպեսզի անցներ նեգրի կողմից պահպանվող երկրորդ շրջանագծով։ Ամբողջ հինգ րոպե շարունակվեց այս գոտեմարտը, ըստ որում առանց կողմերից որևէ մեկի բացահայտ գերակշռու-թյան։ Եվ այնուամենայնիվ այս մենամարտում առավելությունը արտաքին շրջանագծով լողացող մրցակցի կողմն էր։ Թեև շնաձուկը ստիպված էր լինում ավելի մեծ տարածություն հաղթահարել, սակայն դա նրա համար յուրատեսակ սպորտային մրցություն էր, իսկ նրա մրցակիցների համար` ծանր աշխատանք` զուգակց-ված խեղդվելու վտանգի հետ։

Եթե կենդանու գանգը ուրիշ կառուցվածք ունենար, իսկ ուղեղն էլ կատարելագործված լիներ, ապա նա կշարունակեր այդ խաղը, և այս դեպքում նրա գլխավոր հակառակորդը` Ձյունիկը, ստիպված կլիներ կամ գթություն հայցել, կամ էլ ձկներին կեր դառնալ։ Բայց է́լ ավելի շուտ ջրի տակ կանցներ բեռնավորված լողորդը, որը գտնվում էր նեգրի ետևում:

Սակայն, ինչպես և բոլոր կենդանիները, լինեն դրանք ցամաքային, թե ջրային, շնաձուկը նույնպես ոչ միշտ է ընդունակ բավականաչափ համբերություն դրսևորելու և պատահում է` կատաղում է։ Եվ ահա գիշատիչը հենց այդպիսի վիճակի մեջ ընկնելով, որը, ըստ երևույթին, հատուկ է ջրային գիշատիչներին, ինչպես նաև մարդկանց, վերջապես որոշեց խախտել խաղի կանոնները ու դրանով իսկ հաշիվները փակել։

Չհամբերելով, շնաձուկը հանկարծ դուրս եկավ իր շրջանագծից և շարժվեց դեպի Բեն Բրասն ու նրա ուսին կպած փոքրիկ Լալին։ Մի խոսքով, չնայած իր երկու ուղեկիցների նախազգուշացմանը և նեգրի` ջրի տակ փայլատակող դանակին, շնաձուկը սրընթաց նետվեց դեպի երեք շրջանագծերի կենտրոնը։ Նա այնքան մոտիկից անցավ նեգրի տափակ քթի մոտով, որ նրա կպչուն մաշկը քիչ մնաց քսվեր լողորդի դուրս ցցված շրթուքներին: Բավական էր, որ Ձյունիկը ձեռքը երկարեր` նրա հարվածը կխոցեր խորամանկ հակառակորդին:

Ձյունիկն այլ կերպ էր գործում և այնքան ճարպկորեն, այնքան հնարամտորեն, կարծես արդեն վաղօրոք գիտեր շնաձկան այդ նոր խաղի մասին։ Հենց որ շնաձկան կողը մի դյույմ հեռավորությամբ սահեց իր քթի մոտով, նա հանկարծ նորից դանակն առավ ատամների մեջ և, ձեռքերն ու ոտքերը միաժամանակ գործի դնելով, ցատկ կատարեց ջրում ու ամբողջ մարմնով վեր նետվելով, թռավ գիշատչի մեջքին։

Մի ակնթարթ` և նրա ձախ ձեռքը կառչեց շնաձկան աջ աչքի վերևում գտնվող ոսկրոտ ելուստից, մկանուտ մատները խրվեցին աչքի խոռոչը, իսկ աջ ձեռքում բռնած երկար դանակը սկսեց բարձրանալիջնել մերթ փայլատակելով օդում, մերթ ջրի տակ անցնելով` շոգեմուրճի ռիթմիկությամբ։

Իր գործն անելով, Ձյունիկը շատ հանգիստ իջավ լպրծուն թամբից։ Կողքին լողում էր շնաձուկը կամ, ավելի ճիշտ, նրա դիակը, որը մի քանի ծովային մղոնի վրա արյունով էր ներկում կապույտ ալիքները:


== Գլուխ XXXIII. «Կատամարան»-ի ետևից ==

Ինչպես արդեն ասվել է, նավախելին կանգնած Վիլյամը, շունչը պահած, հետևում էր այդ տեսարանին: Հենց որ նա տեսավ` շնաձուկը մեռած է, իսկ Ձյունիկն անվնաս ու հաղթող դուրս եկավ մենամարտից, այլևս անկարող լինելով իրեն զսպել, ուրախությունից ճչաց։

Սակայն այդ ճիչն անմիջապես լռեց ու նրան հաջորդեց մեկ ուրիշ, բոլորովին այլ զգացումներ արտահայտող ճիչ։ Դա արդեն ոչ թե ուրախության, այլ սարսափի ճիչ էր։

Պարզվում է, որ իր առջև, միակ հանդիսատեսի առջև, բաց օվկիանոսում կատարվող դրաման դեռ չէր ավարտվել: Տեղի էր ունենալու մի նոր, ոչ պակաս հուզիչ գործողություն, ըստ որում այժմ արդեն յունգան ոչ թե հանդիսատես էր, այլ մասնակից:

Եվ այդ գործողությունը սկսվեց: Յունգայի կոկորդից դուրս թռած հուսահատական ճիչն ազդարարեց դրա սկիզբը:

Ձյունիկի ու շնաձկան մենամարտին հետևելով, Վիլյամն աչքաթող էր արել մի շատ կարևոր հանգամանք։

Այժմ վտանգի մեջ էր ոչ միայն նեգրը, այլև Բեն Բրասն ու փոքրիկ Լալին, ինչպես նաև հենց ինքը. մի խոսքով` այժմ ամբողջ փոքրիկ անձնակազմի բախտը կախված էր հենց իրենից կամ, ավելի ճիշտ, այն բանից, թե արդյոք կհաջողվի՞ իր ձեռքը վերցնել իրենց փրկության գործը. եթե հաջողվի, ապա իրենք դեռևս կարող են փրկվել, հակառակ դեպքում` անպայման կզոհվեն։

Հավանաբար, ընթերցողը կզարմանա` ի՞նչ ահավոր վախճան գուշակող տարօրինակ հանգամանքի մասին կարող է խոսք լինել։ Սակայն այստեղ ոչ մի խորհրդավոր բան չկար։ Պարզապես «Կատամարան»-ը, քամով լցված առագաստ ունենալով, ինչպես և պետք էր սպասել, ավելի ու ավելի էր հեռանում լողորդներից։

Ահա թե ինչու սարսափից ճչաց յունգան։ Այժմ, երբ նա դադարել էր մենամարտի վախճանի համար անհանգստանալուց, անմիջապես գիտակցեց այդ նոր վտանգը։ Ու, թերևս, Բեն Բրասը նույնպես այդ նկատեց։ Նույն պահին հեռու-հեռվից լսվեց նավաստու զիլ ձայնը։

– Վի՜լմ,– գոռում էր նա՝ աշխատելով հնարավորին չափ գլուխը բարձր պահել ջրից, որպեսզի լավ լսվեր ձայնը:– Վի-ի՜-լմ, աղավնյակս, բռնիր ղեկաթին ու շրջիր։ Լսում ես: Կանգնիր քամուն հակառակ, թե չէ կո-րա՜ծ ենք։

Ձյունիկը նույնպես փորձում էր գոռալ, բայց թե շնաձկան հետ երկարատև ու լարված պայքարից հետո այնպես էր հևում, որ սոսկ անկապ հնչյուններ էին դուրս թռչում բերանից, հնչյուններ, որոնք ավելի շուտ նման էին դելֆինի խռխռոցի, քան մարդկային հո-դորոշ խոսքի։ Բոլորովին հնարավոր չէր հասկանալ նրան:

Ու հազիվ թե դա հարկավոր էր, քանի որ Վիլյամն ինքն էր տեսել, թե որտեղ է վտանգը, և շտապ կերպով անհրաժեշտ միջոցներ էր ձեռնարկում: Ղեկավարվելով սեփական դատողությամբ ու մասամբ էլ Բեն Բրասի ցուցումներով, նա նետվեց դեպի ղեկաթին և, երկու ձեռքով կառչելով նրանից, ամբողջ ուժով աշխատեց շրջել «Կատամարան»-ը:

Որոշ ժամանակ անց նրան հաջողվեց լաստը շրջել քամուն հակառակ կամ, ավելի ճիշտ, լաստը այնքան «քամուն մոտիկ» դնել, որքան ընդհանրապես նման տիպի նավը կարող էր այդ մանևրը կատարել: Եվ այդ միջոցին նա հանկարծ տեսավ, որ իր ջանքները բոլորովին կամ գրեթե բոլորովին անօգուտ են։ Ընթացքը պակասեցնելով, հսկայական առագաստով լաստը շարունակում էր հեռանալ իր ետևից շարժվող լողորդներից. նրանց միջև ընկած տարածությունը, ինչպես Վիլյամը նկատեց, ավելի ու ավելի էր մեծանում։ Նույնիսկ Ձյունիկը, որ շնաձկան հետ հաշիվը մաքրելուց հետո ուղղություն էր վերցրել դեպի «Կատամարան»-ը, նույնիսկ նա ոչ մի դյույմ չէր մոտենում քամուց քշվող լաստին։

Ահա և ամենալարված պահը։ Տագնապը, կարծես, հասավ իր գագաթնակետին, բոլորն էլ տեսնում էին, որ լաստը չի ենթարկվում ղեկավարման և ավելի ու ավելի է հեռանում... Այս վիճակում երկար մնալ հնարա-վոր չէր։ Երևում էր, որ երկու լողորդներն էլ թուլանում են հոգնածությունից։ Ծովաբադի պես լողացող Ձյունիկը դեռ որոշ ժամանակ կարող էր դիմանալ, բայց բեռնավորված նավաստին անխուսափելիորեն շուտով ջրի տակ կանցներ։ Ասենք, Ձյունիկն էլ չէր կարող անվերջ լողալ: Եթե քամու ուղղությամբ շարժվող «Կատամարան»-ի հետապնդումը շարունակվի, նեգրը նույնպես անխուսափելիորեն ամենակուլ օվկիանոսի զոհը կդառնա։

Մի քանի րոպե (դրանք ժամեր էին թվում) շարունակ-վում էր մարդկանց ու լաստի մրցությունը` առանց այս կամ այն կողմի համար որևէ նկատելի հաջողության։ Ճիշտ է, այնուամենայնիվ որոշ փոփոխություն կատարվեց նրանց փոխադարձ դասավորության մեջ։ Սկզբում նեգրը լողում էր Բեն Բրասի ու նրա փրկած աղջկա ետևում` մի քանի սաժեն հեռավորությամբ։ Այժմ ետևում էին նրանք և, ավաղ, ավելի ու ավելի էին ետ մնում։ Ու թեև Ձյունիկն ավելի էր հեռանում Բենից, բայց «Կատամարան»-ին չէր մոտենում։ Լաստը ավելի արագընթաց առագաստանավ դուրս եկավ, քան Ձյունիկը` լողորդ։

Սկզբում, երբ Ձյունիկն առաջ նետվեց լաստին մոտենալու համար, հույս ուներ, որ արագորեն կհասնի և այն կշրջի ուժասպառված լողորդի կողմը։

Իր լողալու հմտությանը վստահ լինելով, նա միանգամայն իրագործելի էր համարում դա։ Բայց այժմ, մի քանի րոպե լաստի հետքով լողալուց հետո, նա համոզվեց, որ իր ու «Կատամարան»-ի միջև ընկած տարածությունը ոչ միայն չի կրճատվում, այլև, ընդհակառակը, ավելանում է։ Ու նա խիստ անհանգստացավ։

Եվ այդ անհանգստությունը գնալով ավելանում էր, իզուր էր նա ամբողջ ուժով ջուրը ճեղքում, իզուր էր ուժերը լարելով` գործում ամուր ոտքերով, միշտ նույն կապտագույն լայն ջրաշերտն էր բաժանում նրան «Կատամարան»-ից։

Ու երբ նա վերջապես տեսավ, որ բոլոր ջանքերն իզուր են և «Կատամարան»-ը հեռանում է, նրա անհանգստությունը փոխվեց տանջալից տագնապի: Գուցե ամեն ինչ այնպես չէր, ինչպես նրան թվում էր, բայց թե նա որոշեց, որ լաստին հասնելն անհնարին է, ու դադարեցրեց ջանք գործադրելը:

Սակայն նա մտադիր չէր տեղում մնալ։ «Կատամարան»-ին հետապնդելուց հրաժարվելով, նա կուղբի նման ճարպկորեն շուռ եկավ ջրում ու ետ նայեց: Այնտեղ, մոտավորապես երկու հարյուր ծովային սաժեն հեռավորության վրա, երևում էր երկու կետ, այնքան ձուլված իրար, որ ալիքների կատարներին սևին տվող մի պուտ էր թվում:

Եվ հետո` դրանք նկատել կարելի էր միայն մի քանի դյույմ ջրից բարձրանալով։

Եվ Ձյունիկը է́լ ավելի բարձրացավ, քանի որ գիտեր, թե ինչ է այնտեղ սևին տվողը...

Ոչ մի վայրկյան չտատանվելով, նա, ջուրը ճեղքելով, լողաց ուղիղ այնտեղ:

Այլևս հակասական զգացումներ չկային նրա հոգում։ Նրան ամբողջությամբ կլանել էր մի միտք։ Նա լողում էր ոչ թե գիտակցաբար օգնելու նպատակով, այլ սոսկ հուսահատությունից մղված, որպեսզի քանի դեռ թեկուզ մի կաթիլ ուժ կա մեջը` թույլ չտա խեղդվելու փոքրիկ Լալիին, իր խնամակալությանը հանձնված երեխային, իսկ եթե ուժերը սպառվեն, ապա աղջկա հետ միասին կիջնի վիթխարի անհատակ գերեզմանը, որից ոչ հետք, ոչ շիրմաքար չի մնա:


== Գլուխ XXXIV. Առագաստն անհետանում է ==

Այժմ նեգրն ու նավաստին լողում էին իրար ընդառաջ: Ճիշտ Է, Բենը բավականաչափ դանդաղ էր շարժվում, բայց չի կարելի ասել, թե Ձյունիկն էլ արագ էր ետ լողում։ Հուսահատված լինելով, նա առաջվա վճ-ռականությունը չէր զգում: Նա նույնիսկ իրեն հաշիվ չէր տալիս, թե ինչու ետ դարձավ. մի՞թե միայն նրա համար, որ խեղդվի մյուս երկուսի հետ միասին: Ըստ երևույթին, այժմ հենց այդ վախճանն էր սպասում նրանց բոլորին: Բայց որքան էլ որ դանդաղ էին լողում, այնուամենայնիվ, նրանք շուտով հանդիպեցին: Նրանց աչքերում սառել էր ծանր հուսահատությունը, ինչպիսին ունենում են վերջին հույսը կորցրած մարդիկ:

Այժմ արդեն «Կատամարան»-ը այնպիսի հեռավորության վրա էր, որ եթե խարիսխ էլ գցեր, ապա նրանք հազիվ թե լողալով հասնեին։ Լաստը և նրա շուրջը կապված տակառներն արդեն աչքից կորել էին։ Հեռվում սպիտակին էր տալիս միայն առագաստը, ինչպես երկն-քում չվող մի գանգուր ամպիկ, ու նա էլ սպառնում էր ուր որ է վերածվել մի սպիտակ կետի, իսկ հետո գուցեև անհետանալ տեսադաշտից։ Էլ ինչ հույս կարող էր լինել։

Բեն Բրասը տարակուսում էր, թե ինչու մինչև հիմա առագաստը իջեցված չէր։ Առաջին րոպեներին, լաստի ետևից գնալու ժամանակ,նա Վիլյամին գոռում էր, որ սա բաց թողներ թոկասարքերը, գոռաց խռպոտելու աստիճան, մինչև որ սկսեց շնչակտուր լինել ու ձայնը բոլորովին կորցրեց։ Եվ լաստն էլ այդ միջոցին այնքան հեռու էր քշվել, որ հազիվ թե յունգան լսած լիներ իրեն։ Վերջապես նավաստին դադարեց գոռալուց, նա մռայլ ու լուռ շարունակում էր լողալ, տարակուսելով, թե ինչու Վիլյամը չկատարեց իր հրամանը, և ցավ ու վիշտ էր ապրում դրա համար։ Դե, իհարկե, եթե յունգան առագաստն իջեցներ, նրանք դեռևս կարող էին «Կատամարան»-ին հասնելու հույս ունենալ։ Եվ այն պահին, երբ նավաստին մռայլ լռության մեջ էր խորասուզված, տեսավ, որ Ձյունիկը մոտենում է իրեն։ Էլ ինչպե՜ս կարելի էր չհուսահատվել։ Նույնիսկ նեգրի նման հրաշալի լողորդը հրաժարվել էր լաստին հասնելու փորձ կատարելուց։ Պարզ է, որ իր վիճակն ավելի անհուսալի էր:

Մի քանի վայրկյան հետո լողորդներն իրար կողքի էին արդեն։ Նրանք հայացքներ փոխանակեցին և անխոս հասկացան իրար: Մեկը մյուսի աչքերում կարդաց իրենց սպասող ահավոր վիճակը: Նրանք դատապարտված էին խեղդվելու:

Առաջինը ծանր լռությունը խզեց Ձյունիկը.

– Լսեցեք, մասա Բեն, դուք, թերևս, բոլորովին թուլացել եք։ Ապա մի մեր աղջկան տվեք ինձ... Դե, Լալի, բռնիր իմ ուսից, թող մասա Բենը մի փոքր շունչ քաշի։

– Չէ, չէ, հարկավոր չէ,– անհույս ձայնով բողոքեց նավաստին։– Էլ ինչ կարիք կա, մի փոքր էլ կպահեմ։ Միևնույն է քիչ է մնացել...

– Սո՜ւս-ս,– սուլող շշնջոցով ընդհատեց նրան նեգրը և բազմանշանակալից հայացքով ցույց տվեց Լալիին։– Ես այսպես եմ հասկանում,– շարունակեց նա աղջկա համար նախատեսված հանգիստ ձայնով,– որ առայժմ վտանգ չկա։ Պարզ բան է, մենք կամաց-կամաց կհասնենք «Կատամարան»-ին: Քամին կփոխվի և նրան կքշի մեր կողմը... Ավելի լավ է ֆրանսերեն խոսեք: Խեղճ փոքրի-կը ֆրանսերեն չգիտե,– դիմեց նա նորից Բենին, անցնելով ֆրանսիական գաղութների բնակիչների օգտագործած խոսելաձևին:– Դե, ես գիտեմ, որ և́ ձեր, և́ իմ, և́ լաստի, մի խոսքով` բոլորիս վերջն է։ Բայց թող գոնե մինչև վերջին րոպեն աղջիկը չիմանա այդ մասին։ Ինչո՜ւ անտեղի տանջվի:

– Լավ, լավ,– փնթփնթաց Բենը՝ իրար խառնելով ֆրանսերեն ու անգլերեն բառերը:– Իսկապես, թող խեղճ աղջիկը չիմանա, թե ինչ է իրեն սպասում։ Գթա՜ մեզ, Աստված... Ահա և լաստն արդեն չի երևում։ Ո՞ւր կորավ... Ձյունիկ, դու չե՞ս տեսնում։

– Ախ, Աստվա՜ծ իմ արդարադատ, լաստը չկա,– պատասխանեց նեգրը՝ գլուխը ջրից մի փոքր վեր բարձրացնելով։– Կորել է։ Վերջ արդեն, այլևս չենք տեսնի։
Նրա ձայնի մեջ հազիվ լսելի հնչեց հուսահատության նոտան։ Եթե մինչ այդ փրկության ինչ-որ աղոտ հույս ունեին դեռ, ապա այժմ, երբ լաստն անհետացել Էր ու նույնիսկ առագաստն էլ չէր երևում կապույտ երկնքի ֆոնի վրա, եղած հույսն էլ կորավ: Ուստի դրամայի մեջ կատարված այս նոր շրջադարձը չփոխեց նրա գլխավոր մասնակիցների տրամադրությունը։ Մահն անողոք անխուսափելիությամբ նայում էր նրանց աչքերին։ Եթե որևէ փոփոխություն էլ կատարվեց, ապա դա եղավ ոչ թե նրանց տրամադրության, այլ գործողությունների մեջ։ Լողորդներն այլևս որևէ որոշակի ուղղությամբ չէին շարժվում, լողալու տեղ չունեին: Առագաստն անհետացել էր, և այժմ նրանք չգիտեին, թե որտեղ է գտնվում լաստը: Գուցե սուզվել է, իրենց մենակ թողնելով անծայրածիր օվկիանոսում:

– Էլ ի՞նչ իմաստ ունի լողալը,– հուսահատորեն ասաց Բենը։– Անտեղի ուժ ծախսել, երբ այնքան էլ շատ չի մնացել։

– Իրոք որ` իմաստ չունի,– համաձայնեց նեգրը։– Կլողանք նույն տեղում. այդպես ավելի հեշտ կլինի, ավելի երկար կդիմանանք։ Լսեցեք, մասա Բեն, մեր աղջկան տվեք ինձ։ Աստված վկա, դուք ինձնից շատ եք հոգնել... Լալի, բռնիր իմ ուսից... Այ այդպես։

Եվ, մոտենալով նավաստուն, նեգրը զգուշությամբ աղջկա թուլացած ձեռքերը վերցրեց նավաստու ուսերից ու դրեց իր ուսերին:

Բենն այլևս չէր փորձում հրաժարվել իր ընկերոջ ազնիվ առաջարկից։ Այժմ, ճիշտն ասած, այդ օգնությունը խիստ հարկավոր էր իրեն։ Նրանք շարունակում էին լողալ, աշխատելով այնքան ուժ ծախսել, որքան հարկավոր էր ջրի վրա մնալու համար։


== Գլուխ XXXV. Մահվան սպասելիս ==

Ջուրն ընկած կատամարանցիները մի քանի րոպե շարունակ նույն, վտանգավոր վիճակում էին, գրեթե անշարժ` մուգ կապույտ ալիքների մեջ, ասես կախված ջրի և օդի միջև, կյանքի ու մահվան միջև։ Ոչ նեգրը, ոչ էլ սպիտակամորթը այլևս չէին մտածում, թե ինչպես ազատվեն մահից, նրանք չէին կասկածում, որ ան-պայման կզոհվեն։

Եվ ինչպե՜ս կարող էին կասկածել։ Դա նրանց համար սոսկ ժամանակի հարց էր։ Կանցնի մեկ, երկու ժամ, իսկ գուցե և ավելի քիչ, որովհետև հոգնածությունն ու լարվածությունն արդեն սպառել էին նրանց ուժերը, և ամեն ինչ վերջացած կլինի։ Նրանք չեն խուսափի բնության օրենքներից` ձգողականու-թյան օրենքից կամ, ավելի ճիշտ, տեսակարար կշռի օրենքից, ու կսուզվեն օվկիանոսի անհատակ ու անի-մանալի խորքերը. և փոքրիկ Լալին, այդ անտրտունջ, գեղեցիկ երեխան, ճակատագրի այդ անմեղ զոհը կբաժանի իրենց ցավալի բախտը` մեկընդմիշտ կանհետանա այս աշխարհից:

Այդ ամբողջ ժամանակամիջոցում աղջիկը խուճապային սարսափի ոչ մի նշան ցույց չէր տալիս, մի բան, որը խիստ բնական կլիներ տվյալ պարագայում։ Ծնված ու մեծացած լինելով այնպիսի երկրում, որտեղ մարդկային կյանքը թանկ չի գնահատվում, նա սովորել էր մահվան տեսարաններին, իսկ դա որոշակի չափով մահը զրկում է իր սարսափից, չէ՞ որ հաճախակի մահ տեսնող մարդիկ ավելի ստոիկական անտարբերություն են ունենում։

Բայց սխալ կլիներ ենթադրել, թե աղջիկն անտարբեր էր իր ճակատագրի նկատմամբ։ Ընդհակառակը, նա միանգամայն բնական վախ էր ապրում։ Սակայն, գուցե այն պատճառով, որ գիտակցությունը մթագնված էր ծայրահեղ վտանգավոր իրադրությամբ կամ էլ չէր զգում, թե որքան մեծ է այդ վտանգը, նրա վարքագիծը սկզբից մինչև վերջ աչքի էր ընկնում ինչ-որ մի գրեթե գերբնական հանգստությամբ։ Հնարավոր է նաև, որ նրան պահում էր իր խիզախ պաշտպանների հանդեպ ունեցած հավատը: Նույնիսկ այս ճակատագրական րոպեներին նրանք երկուսն էլ չէին ուզում աղջկան ասել, որ իրենց քիչ է մնացել ապրելու։

Եվ այնուամենայնիվ նրանք դրանում հավատացած էին ոչ հավասար չափով։ Սպիտակամորթը կործանման անխուսափելի լինելն ավելի շատ էր զգում, քան նեգրը։ Դժվար է ասել, թե ինչու։ Գուցե այն պատճառով, որ Ձյունիկին շատ հաճախ էր վիճակվել լինել կործանման եզրին ու ամեն անգամ խուսափել դրանից, այժմ, չնայած փրկվելու կարծես լիակատար անհնարինությանը, հուսո մի թույլ ճառագայթ կար նրա հոգում։

Ուրիշ էր նավաստու վիճակը։ Հավատի նշույլ իսկ չուներ նա։ Նա գտնում էր, որ իր կյանքի վերջին րոպեներն են։ Մեկ թե երկու անգամ նրա մտքով անցավ անձամբ վերջ դնել պայքարին ու դրա հետ մեկտեղ` այդ ահավոր ժամի տանջալից ապրումներին։ Բավական էր, որ նա դադարեր ձեռքերը շարժելուց` կիջներ հատակը։ Նրան պահում էր միայն բնազդը, որին հակառակ է ինքնաոչնչացումը, և որը մեզ հուշում է կամ, ավելի ճիշտ, մեզ ստիպում է սպասել այն վերջին ակնթարթին, երբ մահն ինքը կգա։

Այսպես, տարբեր պատճառներ ունենալով և տարբեր ձևով դատելով, «Կատամարան»-ից ծովը նետված երեք տառապյալները շարունակում էին մնալ ջրի վրա։ Փոքրիկ Լալին այն պատճառով, որ Ձյունիկն էր նրա կողքին. Ձյունիկը այն պատճառով, որ հոգու խորքում ինչ-որ տեղ հուսո թույլ ճառագայթ կար, իսկ նավաստին այն պատճառով, որ ինքնապահպանման բնազդը նրան ետ էր պահում այնպիսի քայլ կատարելուց, որը ամեն մի պարագայում հանցագործություն է համարվում քաղաքակիրթ հասարակության մեջ։

Ոչ ոք ոչ մի բառ չասաց այն մի քանի խոսքից հետո, որոնց հիմնական իմաստը, ֆրանսերեն խոսելով, աշխատում էին Լալիից թաքցնել Ձյունիկն ու նավաստին։
Մոտեցող մահվան սարսափը կապել էր Ձյունիկի ու նավաստու լեզուն։ Գրեթե բոլորովին ուժասպառ լո-ղորդները երկար ժամանակ խոր լռություն էին պահպանում։


== Գլուխ XXXVI. Ծովում սնդուկ է լողում ==

Ոչինչ, ոչ մի բան չէր խախտում այդ հանդիսավոր պահի լռությունը։ Միայն լսվում էր, թե ինչպես թեթև քամուց քշվող ալիքները խփվում էին տանջված լողորդների մարմիններին։ Բայց թե երեք դժբախտները չէին էլ նկատում այդ, ինչպես և չէին նկատում ծովային ճայի ճիչերը։ Իսկ եթե նկատում էին էլ, ապա այդ սուր ճիչերը լոկ սաստկացնում էին նրանց համակած սարսափը։

Եվ հանկարծ այդ խորին լռության և անսահման անհուսության մեջ մի ձայն լսվեց... Երկու լողորդները ցնցվեցին վախից. ասես անդրշիրիմյան ձայն էր դա։ Եվ իրոք, այնքան քնքուշ էր հնչում, որ կարծես մեկ ուրիշ աշխարհից էր գալիս: Սակայն գերբնական ոչինչ չկար։ Դա փոքրիկ Լալիի ձայնն էր:

Նեգրի ուսերից բռնած աղջիկը ավելի հեռուն էր տեսնում, քան նրան պահող Ձյունիկը կամ կողքից լողացող նավաստին, որովհետև նրանցից մի քանի դյույմով ավելի բարձր էր գտնվում։ Ուստի նա նկա-տեց այն, ինչ չէին կարող նկատել տանջված լողորդները, որոնք դեռևս պայքարում էին օվկիանոսի մակերևույթին մնալու համար, նրանց բավականաչափ մոտիկ ինչ-որ մուգ առարկա էր լողում ջրի վրա։

Աղջկա ասածն այնքան ապշեցրեց տղամարդկանց, որ նրանք անմիջապես սթափվեցին ընդարմացումից:

– Ի՞նչ ես տեսնում, փոքրիկ Լալի, ի՞նչ, ի՞նչ կա այնտեղ, հը՞,– առաջինը գոռաց Ձյունիկը։– Ապա մի նորից նայիր, սիրելի աղջիկս,– շարունակեց նա, միևնույն ժամանակ աշխատելով ավելի բարձրացնել ուսը, որից բռնել էր երեխան։– Ի՞նչ տեսար։ Լա՞ստն է, «Կատամարա՞ն»-ը, հը՞։

– ՉԷ, չէ,– պատասխանեց Լալին,– «Կատամարան»-ը չէ... Ինչ-որ փոքրիկ, քառանկյունի բան է, արկղի նման։

– Արկղի՞: Ինչպե՞ս կարող էր այստեղ արկղը հայտնվել: Ա՜րկղ: Ա՜խ, սատանան տանի...

– Շանթահարվեմ, եթե դա իմ սնդուկը չէ,– ընդհատեց նրան նավաստին, գլուխը ջրից բարձրացնելով, ինչպես որսի շունը վիրավոր բադ փնտրելիս։– Հա, իհարկե, Բեն Բրասը չլինեմ, թե իմ ասածը չէ։

– Ձեր սնդո՞ւկը,– հարցրեց Ձյունիկը, իր հերթին գանգրահեր գլուխը ջրից վեր բարձրացնելով, որպեսզի ավելի լավ տեսնի:– Ա՜յ քեզ բան... Իսկապե՜ս որ։ Ինչպե՞ս է պատահել: Չէ՞ որ դուք այն լաստի վրա էիք թողել։

– Բանն էլ այն է, որ թողել էի,– պատասխանեց նավաստին:– Կարելի է ասել, վերջին առարկան է, որ ջուրը նետվելուց առաջ ձեռքս եմ առել։ Ես ինքս էլ աչքերիս չեմ հավատում. իմ հին սնդո՜ւկը։ Այդպես էլ կա է:

Այս խոսակցությունը տեղի ունեցավ աճապարանքով, ու դեռ չավարտված` մեր լողորդները շարժվեցին այնքան անսպասելիորեն հայտնված առարկայի ուղղությամբ:


== Գլուխ XXXVII. Փրկարար օղակի փոխարեն ==

Գուցե դա, իսկապես, բոլորովին էլ Բեն Բրասի սնդուկը չէր, բայց որ սնդուկ էր լողում և ոչ թե ուրիշ բան, ակնհայտ էր: Հաստատուն նստած լինելով ջրի վրա, նա խnստանում էր օգնել մեր լողորդներին, որոնք այնքան էին թուլացել, որ էլի մի քիչ` և չէին դիմանա ու հատակը կիջնեին։

Դա իրոք նավաստիական սնդուկ էր և այն էլ Բեն Բրասին պատկանող սնդուկը։ Դե, իհարկե, նա ոչ մի դեպքում չէր կարող սխալվել. մի՞թե նա կարող էր չճանաչել առագաստալաթի այդ ամուր բոլորակարված-քը, որ ինքն էր պատրաստել և սեփական ձեռքով ներկել երկնագույն յուղաներկով, որպեսզի անջրաթափանց դարձնի սնդուկը։ Իսկ ամուր պարանից պատրաստված այդ բռնակնե՜րը. մի՞թե ինքը չի հյուսել ու ամրացրել։ Հապա՜ «Բ. Բ.» տառերը։ Չէ որ դրանք իր իսկ սեփական անվան սկզբնատառերն են, որ ինքը խոշոր-խոշոր գրել է կողքին, հենց կողպեքանցքի տակ, շեղակի նկարված խարիսխով, աստղերով և ուրիշ քմահաճ պատկերներով. դրանք վկայում էին, որ նրա տերը արվեստի զգալի ձիրք ունի։

Սկզբում, երբ Բենը համոզվեց, որ դա իր սեփական սնդուկն է, որոշեց, որ դժբախտություն է տեղի ունեցել և լաստը խորտակվել է։

– Է՜խ, Վիլմ, խե՜ղճ տղա,– ասաց նա:– Եթե այդպես է` նրա բանը պրծած է...

Սակայն շուտով այդ ենթադրությունը մի կողմ դրվեց, և նավաստու մտքերը այլ ուղղությամբ շարժվեցին:

– Ոչ,– ասաց նա, իր իսկ առաջին վարկածին առարկելով,– այդ չի կարող լինել։ Ինչո՞ւ լաստը պետք է խորտակվեր։ Քամի չկա, ծովը խաղաղ է... Այդպիսի բանի համար ոչ մի առիթ չկա... Ըհը՜, հիմա հասկացա... Ահա թե ինչ, բարեկամս, Ձյունիկ, դա կա-չկա Վիլմի արածն է։ Նա է սնդուկը ծովը գցել, հուսալով, որ մեզ կհասնի։ Ահա թե ինչպես է եղել, որ սա մեզ մոտ է ընկել։ Այ քեզ տղա, կեցցե՜ս, կեցցե՜ս... Դե, բռնիր սնդուկից: Հիմա արդեն ամեն ինչ կորած չէ։
Խորհուրդն ավելորդ էր։ Առանց պայմանավորվե-լու` երկուսն էլ կախվեցին սնդուկի բռնակներից։

Ինչ ասել կուզի, այդպիսի պարագայում սնդուկը շատ հաճելի առարկա էր նրանց համար։ Ասում են` խեղդվողը փրփուրից էլ է բռնում, իսկ այժմ նրանք հնարավորություն ունեին բռնելու ոչ թե փրփուրից, այլ նավաստիական սնդուկից: Վերջինս լողում էր` հատակը ջրի մեջ ու կափարիչը վերև, ասես դրված լիներ Բենի մահճակալի մոտ, ռազմանավի կուբրիկում։ Ըստ երևույթին, սնդուկն այդ դիրքում էր պահում այն երկաթաշերտը, որ խփված էր տակին և այժմ ծառայում էր որպես սուզակապար։ Սնդուկն այնքան էր բարձրանում ջրից, որ պարզ էր` դատարկ էր կամ գրեթե դատարկ: Նույնիսկ կողքերի բռնակները, որոնք մի քանի դյույմ հեռու էին կափարիչից, ջրից բարձր էին գտնվում։

Այդ բռնակներից կախվելը հարմար էր և այնքան գայթակղիչ, որ հարկ չեղավ Ձյունիկին համոզել բռնելու դրանցից մեկը, իսկ ինքը` Բենը, իր համար հենարան կգտնի` մյուսից բռնելով։

Լուռ համաձայնությամբ երկուսն էլ լողալով մոտեցան. Բենը սնդուկի մի կողմից, Ձյունիկը մյուս, և անմիջապես կառչեցին բռնակներից:

Դրա շնորհիվ սնդուկը պահպանեց հավասարակշռությունը, ու թեև ավելացած քաշի պատճառով մի քանի դյույմ սուզվեց ջրի մեջ, բայց կափարիչը, հուրախություն նրանց, այնուամենայնիվ, մնաց մակեր-ևույթից վերև նույնիսկ այն ժամանակ, երբ նրա վրա փռվեց աղջկա փոքրիկ մարմինը։ Ջրի մակերևույթի և փակված կափարիչի միջև դեռևս մնում էր մի քանի դյույմ, այնպես որ ջուրը չէր կարող սնդուկի մեջ լցվել։


== Գլուխ XXXVIII. Կռահումներ «Կատամարան»-ի վերաբերյալ ==

Սնդուկին հասնելուց հետո, երկու-երեք րոպե անց, մեր լողորդները ներկայացնում էին մի յուրօրինակ խումբ։ Աջ կողմից շեղակի երկարել էր նավաստու մարմինը, ըստ որում նա ձախ ձեռքը մինչև արմունկը անցկացրել էր բռնակի հյուսածո օղակի միջով։ Այսպիսով նրա քաշի ճիշտ կեսն ընկնում էր լողացող սնդուկի վրա և, մակերևույթին մնալու համար, նա պետք է սոսկ թեթևակի շարժեր աջ ձեռքը։ Որքան էլ հոգնած լիներ, դա նրա ուժից վեր չէր. կրած բոլոր չարչարանքներից հետո դա ոչ թե աշխատանք էր, այլ հանգիստ:

Սնդուկի մյուս կողմից, ճիշտ նույն դիրքով, լողում էր Ձյունիկը, միայն այն տարբերությամբ, որ սա, ընդհակառակը, հենվել էր աջ ձեռքի վրա և շարժում էր ձախը։
Ինչպես արդեն նշվել է, փոքրիկ Լալին Ձյունիկի ուսերից փոխադրվել էր ավելի բարձր տեղ` սնդուկի կափարիչի վրա, և երեսնիվայր պառկած`երկու ձեռքով բռնել դուրս ընկած եզրից:

Ավելորդ է ասել, որ դրության ու հանգամանքերի մեջ կատարված այդպիսի փոփոխության շնորհիվ փոփոխվեցին նաև նրանց ապագայի ծրագրերը։ Ճիշտ է, մահը կարող էր նույնքան անխուսափելի թվալ նրանց, որքան և մի քանի րոպե առաջ,– այն դեռևս կանգնած էր շեմին,– միայն թե հիմա նա այնքան էլ չէր շտապում... Այդ սնդուկի օգնությամբ,– ի՜նչ պակաս առաջնակարգ փրկարար օղակ է,– նրանք շատ ժամեր կմնան ջրի վրա, մինչև որ ծարավից ու քաղցից թուլանալով` կիջնեն ջրի տակ։ Ամեն ինչ կախված է այն բանից, թե նրանք ինչքան ժամանակ կկարողանան դիմանալ։ Իսկ եթե որոշ քանակությամբ պարեն ու ջուր ունենային, ապա կարող էին երկար ճանապարհորդել, թեև այդ ճանապարհորդությունն այնքան էլ սովորական չէր լինի։ Բայց, իհարկե, այս բոլորը այն դեպքում, եթե փոթո-րիկ չբարձրանա, և շնաձկները չհարձակվեն:

Ավա՜ղ։ Ամեն րոպե կարելի էր սպասել թե մեկը և թե մյուսը։

Ճիշտ է, նրանք առայժմ այդպիսի վտանգի մասին չէին մտածում, ինչպես նաև այն մասին, որ կարող են մեռնել քաղցից կամ նրա անբաժան ուղեկից ծարավից։ Այս զարմանալի զուգադիպությունը, որ սնդուկը նրանց հասավ այն պահին, երբ քիչ էր մնում ջրի տակ իջնեին, ոչ պակաս զարմանալի փոփոխություն առաջացրեց նավաստու ու նեգրի մտքերի մեջ, ծնելով փր-կության եթե ոչ հաստատ վստահություն, ապա, համենայնդեպս, ինչ-որ երանելի նախազգացում, որ դեռևս մեկ ուրիշ, առավել հուսալի ու հաստատուն օգնություն է սպասում իրենց, և որ իրենց վիճակված չէ խեղդվեք կամ, առնվազն, առա՛յժմ վիճակված չէ խեղդվել:

Հույս, մի քաղցր, սփոփիչ հույս արթնացավ նրանց հոգում, իսկ դրա հետ միաժամանակ եկավ նաև իրենց կյանքի փրկության համար պայքարը շարունակելու վճռականությունը։ Այժմ երկուսով կարող էին ազատ կերպով զանազան կարծիքներ ու խորհուրդներ փոխանակել. և ահա նրանք սկսեցին խոսել իրենց դրությունից։
Ամենից առաջ սկսեցին կռահել, թե ինչպես է սնդուկը հայտնվել այստեղ։ Նրա տիրոջ առաջին ենթադ-րությունը, որ իբր լաստը խորտակվել է, և սնդուկը պարզապես տեղի ունեցած նավաբեկության բեկորներից մեկն է, անհիմն եղավ, և այդ իսկ պատճառով էլ անմիջապես մերժվեց։ «Կատամարան»-ը խորտակելու ընդունակ ջրային կամ օդային տարերքի ոչ մի ուժեղ շարժում տեղի չէր ունեցել։ Այդ հնարամիտ կառուցվածքը, ողջ և անվնաս, լողում էր ինչ-որ տեղ օվկիանոսում, ցուցադրելով իր ֆանտաստիկ գծագրումները։

Ճիշտ է, այն ոչ մի տեղ չէր երևում։ Նույնիսկ փոքրիկ Լալին, որին հանձնարարված էր դիտարկել, քանի որ նա առավել բարձր տեղում էր գտնվում, ոչինչ չէր տեսնում, թեև աշխատում էր ամենայն ջանասիրությամբ կատարել իր առջև դրված խնդիրը։

Եթե լաստը մեկ-երկու լիգա<ref>Լիգա (ծով.) – երկարության հին չափ, որը հավասար է 5,56 կիլոմետրի:</ref> հեռավորության վրա լիներ, ապա առագաստի մեծ քառանկյունին բավականաչափ լավ կերևար։ Բայց թե աղջիկը ոչ մի առագաստ էլ չնկատեց։

Այդպես էլ նա զեկուցեց իր ուղեկիցներին. ծովից ու երկնքից բացի` շուրջը ուրիշ ոչինչ չկա։

Այստեղից կարելի էր եզրակացնել, որ «Կատամարան»-ը, եթե նույնիսկ չի էլ խորտակվել, ապա քամուց այնքան հեռու է քշվել, որ երբեք չէին կարող հասնել նրան։ Սակայն փորձով իմաստնացած ծովայինը չէր հուսահատվում։ Նրա կռահումները ավելի մխիթարական բնույթի էին։ Ինչ-որ ուրիշ փաստերի վրա հիմնվելով և մի լավ ծանր ու թեթև անելով, նա որոշեց, որ ծովային ալիքների մեջ սնդուկի հայտնվելը պատահականություն չէ։ Դա, անկասկած, ինչ-որ ծրագրով գործող Վիլյամի ձեռքի գործն է:

– Հավատացած եղիր, Ձյունիկ,– ասում էր նա կոկին,– տղան այս սնդուկը ջուրն է գցել, նախապես իմանալով, որ եթե մենք «Կատամարան»-ին չհասնենք, սա մեզ կփրկի: Չէ որ սնդուկը, երբ ես այն խառնշտորում էի, լաստի մեջտեղն էր դրված։ Ինչ է, ինքն իրե՞ն է դուրս թռել։ Չէ որ նրա մեջ զանազան իրեր կային, իսկ հիմա, հավատա, դատարկ է, հակառակ դեպքում այսպես չէր լողա, նշանակում է` տղան վերցրել է հենց այս սնդուկը, բոլոր իրերս միջից թափել և հայդա` ջուրը գցել։ Եվ շատ խելոք է արել։ Համա՜ թե գլուխ է: Միայն նա կարող էր այսպիսի բան մտածել։ Ես առաջ էլ էի նկատել, որ նա հնարամիտ տղա է։ Ապա մի մտածիր, որքա՜ն խելոք է։ Հը՞։ Գովասանքների այս հեղեղից հետո Բենը իր հիացմունքն ապրում էր յուրովի։

– Կարող է պատահել, իհարկե, կարող է պատահել,– հա-մաձայնվեց նեգրը։

– Իսկ հետո` ահա թե ինչ է արել,– շարունակեց Բենն իր կռահումները։

– Ի՞նչ։

– Իջեցրել է առագաստը։ Միայն թե չգիտեմ, ինչու ավելի շուտ չի արել այդ բանը։ Ախր ես նրան գոռացել եմ, և նա էլ պետք է որ ինձ լսած լինի։ Կարծում եմ` նա ոչինչ չէր կարող անել առագաստի հետ։ Հիմա եմ հիշում, որ մեր առագաստիկը բարձրացնելիս այնպիսի հանգույց եմ արել թոկասարքերի վրա, որ աստված հեռու տանի։ Ինչպես կարող էր նա շատ արագ քանդել այդ հանգույցը։ Չէ որ նրա մատները փոքր են։ Ահա թե ինչն է խանգարել։ Իսկ հիմա վերջապես իջեցրել է առագաստը, նշանակում է` այնուամենայնիվ նրան հաջողվել է քանդել իմ արած հանգույցը, գուցեև պարզապես կտրատել է թոկը. ահա թե ինչու մենք առագաստը չենք տեսնում, իսկ իրականում «Կատամարան»-ը շատ մոտիկ է։ Չի կարող պատահել, որ նա հեռու գնացած լինի, հատկապես, եթե այն ժամանակ, երբ մեր տեսողությունից անհետացավ, առագաստն արդեն իջեցված է եղել։

– Ճիշտ ես ասում, ես էլ նկատեցի, որ առանց որևէ պատճառի առագաստը հանկարծ անհետացավ, կարծես ինչ-որ մեկը պոկեց։

– Ուրեմն, Ձյունիկ,– ավելի ուրախ ձայնով շարունակեց նավաստին,– եթե ամեն ինչ մեր ասածի պես է, ապա լաստը մեզանից շատ չի հեռացել` մեկ կամ գուցե երկու հանգույց։ Չէ որ մենք հեռուն տեսնել չենք կարող, որովհետև մինչև վզներս նստած ենք ջրի մեջ։ Համենայն դեպս, կարող եմ ասել` լաստը, հավանաբար, գնում է քամու ուղղությամբ, և առանց առագաստի ավելի արագ չի գնա, քան մենք կլողանք։ Սա արդեն հաստատ է։ Այդ պատճառով արի մեկ կամ երկու մղոն ընդառաջ գնանք նրան, այն ժամանակ կերևա` դեռ օրորվում է նա ինչ-որ տեղ, թե ընդմիշտ հրաժեշտ է տվել: Սա, թերևս, ամենից լավ կլինի, հը՞։

– Ճիշտ եք ասում, մասա Բրաս, դա ամենաճիշտը կլի-նի: Ավելի լավ բան մտածել չեմ կարող։

Եվ, առանց խոսակցությունը շարունակելու, նրանք ձեռնամուխ եղան իրենց խնդրի իրագործմանը։ Մեկը լողում էր աջ ձեռքով, մյուսը` ձախով, բայց երկուսն էլ միանման ուժով ու վճռականությամբ։ Նրանց շարժման արագությունը դարձավ այնպիսին, որ շուրջը ջուրը փրփրում էր, և ցայտերը նույնիսկ հասնում էին սնդուկի կափարիչից կառչած փոքրիկ Լալիի մատներին։


== Գլուխ XXXIX. Քամու ուղղությամբ ==

Նրանք երկար չլողացին։ Հանկարծ Լալին բացականչեց, և տղամարդիկ դադարեցրին ջանք գործադրելը։

Մինչ նավաստին ու կոկը ջանասիրաբար գործում էին, Լալին, կափարիչի վրա չոքած, առաջ էր նայում։ Եվ հանկարծ նա տեսավ մի բան, որը եթե ոչ հրճվալի, ապա, համենայն դեպս, բավականաչափ ուրախ բացականչության առիթ տվեց:

– Ի՞նչ է, Լալի,– անհամբեր հարցրեց նեգրը:– Ինչ-որ բա՞ն տեսար։ Սո՜ւրբ երկինք, չլինի՞ «Կատամարան»-ն է:

– Չէ, չէ́: Տակառ, տակա՜ռ է լողում ջրի վրա...

– Տակա՞ռ: Ի՞նչ տակառ,– զարմացավ նեգրը:

– Երևի մեր լաստի դատարկ տակառներից մեկը... Դե, իհարկե, վրան պարաններ կան։

– Ճիշտ է,– հաստատեց Բենը, որը հնարավորին չափ վեր բարձրանալով` նույնպես տեսավ տակառը։ Շանթահարվեմ, թե այդպես չէ: Այնուամենայնիվ, երևի մեր լաստիկը խորտակվել է... Օ, ո́չ: Ամեն ինչ հասկանալի է... Սա մեր Վիլմի արածն է. նա է տակառի պարանները կտրատել: Օգնության է ուղարկել, մտածելով, որ կարող է սնդուկը մեզ չպատահի։ Ամեն ինչ կշռադատել է: Բան եմ ասում` համա թե գլուխ ունի...

– Իսկ ինչ կլինի, եթե լողալով հասնենք այդ տակառին ու նրան էլ բուքսիրի վերցնենք,– առաջարկեց կոկը:– Դա ավելորդ չէր լինի։ Որ քամի բարձրանա` սնդուկը մեզ այնքան էլ չի օգնի։ Իսկ տակառը շատ պետք կգա. էն էլ ո՜նց։

– Ճիշտ է, Ձյունիկ։ Տակառն էլ բռնենք։ Սնդուկը լավ ծառայություն մատուցեց, բայց և այնպես, տակառը փոթորկոտ ծովում ավելի վստահելի է։ Ուղղություն վերցրու դեպի տակառը, նա ուղիղ մեր առջևում է։

Հինգ րոպե անց` լողորդները հավասարվեցին տակառին: Նրանք պարաններից անմիջապես ճանաչեցին, որ լաստից է պոկված։ Եվ նավաստին անմիջապես նկատեց, որ պարանները ոչ թե դանակով կամ որևէ ուրիշ սուր գործիքով խնամքով կտրատված են, այլ, ըստ եր-ևույթին, հապճեպորեն «սղոցված», քանի որ ծայրերը քրքրված են և թելերը դես ու դեն ցցված։

– Նորից Վիլմի արածն է։ Նա, երևում է, պարանները կտրատել է հին կացնով։ Իսկ մեր կացինը բութ է... Կեցցե՜ մեր պանծալի տղան...

– Սպասեցեք,– գոռաց Ձյունիկը՝ ընդհատելով նավաստու բուռն խանդավառությունը։– Մասա Բրաս, առայժմ բռնեք սնդուկից, իսկ ես բարձրանամ տակառի վրա ու նայեմ, գուցե մեր «Կատամարան»-ը տեսնեմ։

– Ճիշտ է, Ձյունիկ։ Դե, բարձրացիր։ Ես մենակ կպահեմ սնդուկը:

Ձյունիկը, ձեռքերը պարանօղակից ազատելով, լողաց դեպի տակառը և, բավականին չարչարվելուց հետո, վերջապես մագլցեց, նրա վրա։

Այդ անելու համար նրան հարկ եղավ մեծ ճարպկություն ցուցաբերել. տակառը պտտվում էր ոտքերի տակ, սպառնալով ցած գցել նրան։ Բայց թե այդպիսի ջրային մարմնամարզությունը դատարկ բան էր Ձյունիկի համար։ Հավասարակշռվելով, նրան հաջողվեց բավականաչափ հաստատուն դիրք գտնել, որպեսզի հարկ եղածին պես շուրջը փռված օվկիանոսը դիտի:

Նավաստին անհանգիստ հետևում էր նրա շարժումներին։ Իզուր չէր, որ երկու լուր էին ստացել հնարամիտ յունգայից. դրանք ասում էին, որ նա մոտերքում է։ Ինչպես որ ինքն սպասում էր, այնպես էլ եղավ։ Նեգրը հազիվ էր բարձրացել տակառի վրա, երբ բարձր գոռաց.

– «Կատամարա՜ն»-ը, «Կատամարա՜ն»-ը։

– Որտե՞ղ է,– ձայն տվեց նրան նավաստին։– Քամու ուղղությա՞մբ։

– Ճիշտ քամու ուղղությամբ։

– Իսկ հեռո՞ւ է, մեր լավ կոկ, շա՞տ է հեռու։

– Մոտիկ է, շատ մոտիկ. բոցմանի սուլոցի հեռավորության վրա։ Երեք-չորս կաբելտովից ոչ ավելի։

– Լավ, իջիր տակառից... Ի՞նչ ես կարծում, ի՞նչ ենք անելու հիմա, Ձյունիկ։

– Ամենալավը կլինի այն,– ի պատասխան գոռաց նեգրը,– որ ես փորձեմ հասնել մեր լաստին։ Առագաստն իջեցված է, նա ավելի արագ չի լողում, քան կարմիր ծառի գերանը խաղաղ եղանակին, արևադարձային գոտում։ Անմիջապես կշարժվեմ դեպի նա, և այն ժամանակ ես ու Վիլմը թիակներով կմոտենանք ձեզ։
– Կարծում ես, կհասնե՞ս լաստին, Ձյունիկ։

– Իհարկե, կհասնեմ։ Դուք ու Լալին լողացեք և տեսեք, որ ոչ տակառը, ոչ էլ սնդուկը ձեզնից չհեռանան. տակառը նույնիսկ ավելի է հարկավոր։ Միայն թե ես հասնե՜մ լաստին, իսկ հետո անմիջապես կքշեմ ձեզ մոտ:

Այս ասելով, նեգրը տակառը թեքեց ու սահեց ջրի մեջ: Վերստին խորհուրդ տալով չհեռանալ այնտեղից, որտեղ այժմ նրանք գտնվում էին, նեգրը իր մկանուտ ձեռքերի ամբողջ երկարությամբ ջուրը ճեղքելով, առաջ լողաց, փրփրացնելով ու կետաձկան նման փնչացնելով։


== Գլուխ XL. Փրկարար օղակներ ջրի վրա ==

Հազիվ թե կարիք կա ասելու, որ այն ժամանակ, երբ տեղի էին ունենում նկարագրվող իրադարձությունները, «Կատամարան»-ի վրա գտնվող Վիլյամը քիչ մնաց խելագարվեր անհանգստությունից։ Սկզբում նա նետվեց դեպի ղեկաթին, մտադիր լինելով կատարել Բեն Բրասի առաջին ցուցումը, բայց համոզվելով, որ լաստը շրջելու իր հուսահատ փորձերն անօգուտ են, անցավ նավաստու երկրորդ հրամանի կատարմանը. սկսեց առագաստն իջեցնել։ Սակայն Բենն իզուր չէր տարակուսում, ցավ զգալով, թե ինչու իր վերջին կարգադրությունը չկատարվեց կամ, առնվազն, կատարվեց ոչ բավականաչափ արագորեն։ (Հետո նա այնուամենայնիվ վճռեց, որ Վիլյամը վերջիվերջո իջեցրել է առագաստը, թեև ուշացման իսկական պատճառը դեռևս անհայտ էր մնում Բենին)։

Իսկ այն ենթադրությունը, որ նա հայտնեց Ձյունիկին, թե իբր ինքը «այնպիսի հանգույց է արել, որ աստված հեռու տանի», Վիլյամը, ըստ երևույթին, չի կարողանա քանդել, իրավացի էր։ Բենը իրավացի դուրս եկավ նաև այն բանում, որ առագաստը վերջ ի վերջո իջեցվել էր. Վիլյամը կամ կարողացել էր քանդել նրա արած հանգույցը, կամ էլ պարզապես կտրատել էր թոկասարքը։

Ճիշտ եղավ երկրորդը։ Իրոք, ծովային ամուր հանգույցից գլուխ հանելը յունգայի ուժերից վեր էր։ Վիլյամն ամեն կերպ փորձեց քանդել այն, բայց, վերջ ի վերջո, ամեն ինչից ձեռք քաշելով, վերցրեց կացինն ու թոկասարքերը կտրատեց։

Առագաստն անմիջապես իջավ, բայց արդեն ուշ էր. և երբ Վիլյամը նորից նայեց օվկիանոսին, նրա հայացքի առջև բացվեց անծայրածիր, միօրինակ երկնագույն հարթությունը, իսկ շուրջը ոչ մի կետ, ոչ մի բիծ։

Նա հասկացավ, որ առաջին անգամ մնաց մեն-մենակ անծայրածիր օվկիանոսում։

Այդ մտքից կարելի էր հուսահատվել և, սարսափից քարանալով, գործելու ընդունակությունը կորցնել։ Ու եթե մեկ ուրիշ պատանի լիներ յունգայի փոխարեն, ապա այդպես էլ կպատահեր։ Բայց թե Վիլյամը այդպիսին չէր: Իզուր չէ, որ նա ծով էր դուրս եկել արկածներ որոնելու տենչով բռնված, միայն հնարամտություն ու վճռականություն ունեցող պատանին կարող էր այդպիսի քայլի դիմել։

Նա չհնազանդվեց ճակատագրին, չընկճվեց, այլ շարունակում էր հոգու ու մարմնի բոլոր ուժերը լարել, հուսալով որևէ կերպ օգնել աղետալի վիճակում գտնվող կատամարանցիներին։ Նորից նետվելով դեպի ղեկաթին և այն հանելով կեռիկից, որի վրա ամրացված էր` ծառայելով որպես ղեկ, նա սկսեց թիավարել, որպեսզի նավը առաջ շարժի քամուն հակառակ ուղղությամբ։

Ինչ ասել կուզի, նա աշխատում էր բոլոր ուժերը լարած և, այնուամենայնիվ, շուտով ստիպված եղավ հա-մոզվել, որ իր գործադրած ջանքերն ապարդյուն են։ Հսկայական լաստը, Ձյունիկի արտահայտությամբ, իսկապես որ «կարմիր ծառի գերան էր` խաղաղ եղանակին արևադարձային գոտում»։

Գործը է՛լ ավելի վատացավ. յունգան տեսավ, որ լաստը ոչ միայն քամուն հակառակ չի գնում կամ կանգ է առել, այլ շարունակում է շարժվել քամու ուղղությամբ։

Այդ վճռական պահին նրա մտքով անցավ... Նա առաջ էլ այդ մասին մտածած կլիներ, եթե չհուսար, որ կկարողանա քամու դեմ շարժել լաստը։ Բայց հենց որ այդ գործը ձախողվեց անմիջապես մտածեց որևէ լողացող բան գցել ջուրը։ Դա իր ուղեկիցներին թույլ կտա ավելի երկար մնալ ջրի վրա։

Առաջին առարկան, որ նա նկատեց, նավաստու սնդուկն էր։ Ինչպես գիտեք, այն դրված էր լաստի մեջտեղը, հենց այնտեղ, որտեղ Բեն Բրասը հետազոտել էր նրա պարունակությունը։

Կափարիչը բաց էր, և Վիլյամը տեսավ, որ սնդուկը գրեթե դատարկ է. բոլոր իրերը թափված էին շուրջը։ Նավաստին, երբ խառնշտորել էր այն, դես ու դեն էր ցրել իր ունեցվածքը։ Եվ ի՜նչ ասես, որ չկար այս-տեղ։ Ի՜նչ տեսակ իրեր և ի՜նչ քանակությամբ։

Սնդուկի տեսքն իսկ հուշում էր, որ հնարավոր է այն օգտագործել Վիլյամին անհրաժեշտ նպատակով. նրա առագաստալաթե ներկված պատյանը անջրանցիկ էր։ Բավական է կափարիչը փակել` և ահա ձեզ իսկական խարսխանիշ լողան, որը փրկարար օղակի դեր կկատարի։ Համենայնդեպս, առայժմ դրանից լավ բան չէր տեսնում ինքը և, առանց ժամանակ կորցնելու, պատանին կափարիչը ծածկեց, կողպեքը չխկաց, և սնդուկը փակված էր արդեն։ Ձեռքը հյուսված բռնակներից մեկին գցելով, յունգան սնդուկը քարշ տվեց լաստեզր... և ահա այն արդեն օրորվում է ալիքների վրա։

Լավ է, որ սնդուկը նույնիսկ ջրում պահում էր իր սովորական դիրքը, լողում էր` հատակը ջրի մեջ: Եվ որքան լավ էր մնում ջրի վրա, ասես խցանից էր պատրաստված։ Զարմանալու ոչինչ չկար, յունգան հիշեց, որ մի անգամ ինքը «Պանդորա»-ի բաքում խոսակցություն էր լսել հենց այդ սնդուկի վերաբերյալ։ Ըստ որում՝ շաղակրատում էր գլխավորապես հենց ինքը` Բեն Բրասը. նա գովաբանում էր իր արտադրանքի ծովագնացային հիանալի հատկությունները:

– Իմ սնդուկը` ոնց որ նավ,– պարծենում էր ռազմանավի նախկին նավաստին։– Ոնց որ փրկարար օղակ, եթե, իհարկե, որևէ մեկը ծովն է ընկել։ Թե որ, Աստված չանի, այդպիսի բան պատահի, հաշվիր որ նա մի փոքրիկ, իսկ գուցե մեծ նավակի մի ամբողջ անձնակազմ կպահի ջրի վրա։

Մասամբ այս բանը հիշելու շնորհիվ էր, որ յունգայի մտքով անցավ սնդուկը ջուրն իջեցնել։ Եվ այժմ նայելով, թե ինչպես է այն հեռանում «Կատամարան»-ի նավածրում, Վիլյամն ուրախանում էր, զգալով, որ իր ուղեկիցն ու պաշտպանը իրավունք ուներ իրենով հպարտանալու, ինքը ի դերև չհանեց նրա հույսերը: Բայց նա ավելի շատ ուրախանում էր նրա համար, որ սնդուկը, հնարավոր է, մահից կփրկի ոչ միայն Բենին, այլև նրան, որն ավելի թանկ էր իր համար` փոքրիկ Լալիին:


== Գլուխ XLI. Դիտարկում աշտարակից ==

Սնդուկը ջուրն իջեցնելով, Վիլյամը չհանգստացավ և որոշեց, որ էլի ինչ-որ բան պետք է ուղարկել նավաբեկյալներին. գուցե նոր առաքումը, տեղ հասնելով, անխուսափելի կործանումից ազատվելու հույս ներշնչի նրանց:

Էլ ինչ կարելի է ջուրն իջեցնել։ Գուցե տախտա՞կ։ Ոչ, ավելի լավ է տակառ, ջրի դատարկ տակառնե-րից մեկը։ Այ դա բա՜ն կլիներ, պարզապես հրաշալի՜ բան։
Ասածն արած էր։ Դանակ չգտնվեց, ու Վիլյամը պարանները կտրատեց կացնով։ Եվ ահա լաստից անջատված տակառը լողում է նավածրում, հասնելով նավաստիական սնդուկի ետևից։ Սակայն նա շատ արագ չի լողում։ Չէ որ նրա վրա առագաստ չկա, այդ պատճառով էլ քամին չի քշում նրան։ Իսկ լաստը, այնուամենայնիվ, սնդուկից ու տակառից ավելի արագ էր լողում, որովհետև քամին, որքան էլ թույլ, քշում էր նրան։ Վիլյամը ճիշտ մտածեց, որ ուժասպառ լողորդների համար, որպիսիք էին այժմ Բենն ու Ձյունիկը, լաստից բաժանող ավելորդ մի կաբելտովը կարող է վճռական դեր խաղալ։

Եվ նա մտածեց` որքան շատ լողացող առարկաներ ջուրը նետվեն նրանց օգնելու համար, այնքան ավելի հավանական է, որ նրանք դրանցից գոնե մեկը կնկատեն ու կհասնեն նրան: Ուստի Վիլյամն առանց ժամանակ կորցնելու սկսեց կտրատել երկրորդ տակառի պարանները, որպեսզի նրան ևս ալիքների կամքին հանձնի։ Այսպիսով երկրորդ տակառն ազատելով, նա նույն ձևով վարվեց նաև երրորդի հետ, հետո անցավ չորրորդին և ուզում էր ձեռնամուխ լինել հինգերորդին, մտադիր լինելով թողնել միայն վեցերորդը, որի մեջ թանկագին ջրի պաշարն էր։ Նա գիտեր, որ եթե նույնիսկ բոլոր տակառներն էլ անջատի, միևնույն է լաստը չի սուզվի: Նա դրանից բոլորովին չէր վախենում։ Եվ, այնուամենայնիվ, երբ նա արդեն պատրաստ էր կտրատելու հինգերորդ տակառը լաստին ամրացող պարանները, հանկարծ կանգ առավ: Մի տարօրինակ հանգամանք գրավեց նրա ուշադրությունը։ Երրորդ և հատկապես չորրորդ տակառները նավահետքով լողալու փոխարեն` օրորվում էին լաստեզրի մոտ, ասես չկամենալով բաժանվել իրենց հին բարեկամ լաստից։

Սկզբում Վիլյամը ոչինչ չէր կարողանում հասկանալ, բայց շուտով նա կռահեց պատճառը։ Քանի որ տակառներն այլևս լաստը չէին պահում, ապա այն խորը նստել էր ջրի մեջ, և այդ պատճառով էլ քամին արդեն չէր կարող նրան ավելի արագ քշել, քան տակառներին։ Այսպիսով, տակառներն ու «Կատամարան»-ը այժմ միանման արագությամբ կամ, ավելի ճիշտ, նույն դանդաղու-թյամբ էին շարժվում քամու ուղղությամբ։

Սկզբում յունգան դժգոհ էր դրանից, սակայն անմիջապես մտածեց, որ դա ձեռնտու է լողացողներին. չէ որ ոչ թե տակառներն են ավելի արագ լողում, այլ «Կատամարան»-ն է ավելի դանդաղ շարժվում. ուստի, եթե երեք ընկերները կարողանան հասնել տակառներին, ապա նրանք նույնպիսի հաջողությամբ կհասնեն նաև լաստին, և դա հիանալի կլինի։ Եվ իրոք, այժմ լաստն այնքան դանդաղ էր շարժվում, որ ամենավատ լողորդն անգամ առանց դժվարության կհասներ նրան, իհարկե, այն դեպքում, եթե նրանց միջև եղած տարածությունը շատ մեծ չլիներ: Այո, շա́տ մեծ։ Հենց դա էր կարևորը: Վիլյամն սկսեց անհանգստանալ։ Արդյո՞ք իր երեք ուղեկիցները շատ են հեռու լաստից և արդյո՞ք նրանք կարող են լողալով հասնել։ Որտե՞ղ են նրանք հիմա։ Նա վստահ չէր ուղղության վրա, որովհետև չղեկավարվող լաստը քամու կողմն էր շրջում մերթ քիթը, մերթ եզրերը, մերթ նավախելը։

Ոչինչ չէր երևում, բացի սնդուկից, որ այդ միջոցին արդեն գտնվում էր քամու ուղղությամբ մի քանի հարյուր ծովային սաժեն հեռավորության վրա. նրան մի փոքր ավելի մոտիկ էր առաջին տակառը և էլ ավելի մոտիկ` երկրորդը։ Սակայն լավ էր, որ դրանք շարվել էին մի գծի վրա, ասես օգնելով կռահելու, թե որտեղ են գտնվում մեր երեք լողորդները, եթե դեռ չէին խեղդվել։

Դեռ ավելին. այդ երեք առարկաները ոչ միայն օգնում էին կռահելու ուղղությունը, այլև ճշտությամբ ցույց էին տալիս այն։ Չէ՞ որ լաստը կարող էր շարժվել միայն ա́յն ուղղությամբ, ուր քամին էր փչում կամ, ինչպես ծովայիններն են ասում, քամուն համընթաց, այդ պատճառով էլ ջրում գտնվող ուղևորները պետք է լինեին այն կողմում, որտեղից քամին էր փչում։

Նա հայացքով չափեց օվկիանոսի մի մասը` մինչև հորիզոն` և́ ձախ, և́ աջ. չէ՞ որ լողորդները կարող էին շեղված լինել։ Սակայն նա իզուր էր նայում։ Ոչինչ չէր խախտում վազող ալիքների անդորրությունը, ոչի՛նչ, բացի նույն սնդուկից, տակառներից և մեկ էլ իրենց ձյունաճերմակ թևերով փայլատակող մի քանի ճայերից:
Վազելով լաստի տախտակների վրայով, Վիլյամը բարձրացավ լաստեզրի միակ տակառի վրա, որն ամենա-բարձր դիտակետն էր, չհաշված կայմը։ Դժվարությամբ հավասարակշռությունը պահելով, նա նորից նայեց քամու ուղղությամբ ու նորից ոչինչ չտեսավ. միայն տակառներն էին, սնդուկը և նույն ճայերը, որոնք ծուլորեն թափահարում էին կեռ թրի նման փոքրիկ թևերը։ Նրանք անծայրածիր օվկիանոսում իրենց զգում էին ինչպես տանը։ Եվ օվկիանոսը նրանց տունն էր, նրանց բնակավայրը։

Ավելի ու ավելի խիստ հիասթափություն ապրելով, Վիլյամը տակառից ցած թռավ և նետվելով դեպի կայմը, սկսեց մագլցել նրա վրա։ Մի քանի վայրկյան` և նա արդեն կայմի գագաթին էր։ Կայմը երկու ձեռքով գրկած` Վիլյամը նորից նայեց հեռուն։ Նա նայում էր, նայում ու չէր տեսնում մի այնպիսի բան, որը նման լիներ իր կորած ուղեկիցներին։ Լարվածությունից ձեռքերի ու ոտքերի մկանները բոլորովին թուլացան, հարկադրված էր իջնել. ու նա հուսահատված իջավ «Կատամարան»-ի տախտակամածին։

Մի փոքր հանգստանալուց հետո Վիլյամը նորից բարձրացավ կայմի վրա։ Եվ նորից առանց հայացքը կտրելու` սկսեց հետևել սնդուկի ու տակառների ընթացքին։ Եթե դրանք այլևս ոչ մի բանի պետք չգան, ապա գոնե իր համար ուղեցույց կլինեն, կնշեն անհրաժեշտ ուղղությունը։

Յունգայի համար է́լ ավելի հարմար ուղեցույց էին ճայերը: Հենց այդ կողմում, կարճ շրջանագծեր անելով, այժմ երկու ճայ էին պտտվում ջրի վրա։ Ըստ երևույթին, ներքևում, գրեթե ջրի տակ գտնվող ինչ-որ առարկա էր զբաղեցնում նրանց։ Ու թեև նրանք հեռու էին Վիլյամից, բայց երբեմն պատանուն էին հասնում նրանց սուր ճիչերը։ Այն, ինչ որ նրանք տեսնում էին, գրգռում էր նրանց հետաքրքրությունը կամ էլ գուցե մեկ ուրիշ ավելի սուր զգայարանը: Այդ տեղում պտտվելով, նրանք անընդհատ վերադառնում էին դեպի նրա կենտրոնը։ Ու նրանց հետևող Վիլյամի հայացքը ակամա գամվեց ջրային հարթությունում սևին տվող մի առարկայի, որն իր գույնի շնորհիվ հստակորեն աչքի էր ընկնում ջրի կապույտ ֆոնի վրա։ Այն բոլորովին սև էր, օվկիանոսում ապրող բոլոր արարածներից ավելի սև, եթե չհաշվենք միստիցետուս հսկայական կետաձկանը` իր շատ մուգ երանգավորումով։ Բնորոշ էր նաև առարկայի ձևը` գրեթե գնդանման։

Վիլյամը, օգտվելով միայն հակառակ ծայրից ապացուցելու մեթոդից, կարող էր կռահել, թե ինչ է դա: Պարզ է, որ ոչ սև ձկնկուլ է, ոչ ջրահավ, ոչ էլ նավաթռչուն։ Թեև դրանք գույնով նման են այդ առարկային, բայց այդ թռչունների մարմինները բոլորովին ուրիշ ձև ունեն։ Եվ ընդհանրապես օվկիանոսի բնակիչներից ոչ մեկն էլ չի կարող այդպիսի ուրվագծեր ունենալ`ոչ կենդանիները, ոչ էլ ձկները։ Այդ առարկան կլոր էր ծովաոզնի հիշեցնող գնդի նման, իսկ սևությունը` ոնց որ ձյութած զանգված։ Ախր դա... ախր դա իրենց կոկ Ձյունիկի գանգրահեր գլուխն է։ Իսկ նրանից մի փոքր հեռու երևում են ևս երկու առարկաներ, նույնպես մուգ, կլոր, բայց թե այնքան սև ու կլոր չեն ինչպես առաջինը: Դրանք, թերևս, Բենի ու փոքրիկ Լալիի գլուխներն են։ Ըստ երևույթին, ճայերը նույնպես նրանցով շատ են հետաքրքրվել, որովհետև անընդհատ մոտենում են մերթ մեկ, մերթ մյուս գլխին, անընդհատ, սուր ճիչեր արձակելով, սավառնում են նրանց վերևում։ Եվ այժմ այդ ճիչերը շատ ավելի պարզորոշ են հասնում Վիլյամին, որը կարծես ձուլվել է կայմի հետ։


== Գլուխ XLII. Նորից լաստի վրա ==

Հենց որ յունգան համոզվեց, որ իր ուղեկիցները չեն խեղդվել, այլ ողջ ու առողջ լողում են լաստից ոչ հեռու, ցած իջավ կայմից։ Հույսով քաջալերված, նա որոշեց չթուլացնել իր ջանքերը, մինչև որ նրանք չփրկվեն։

Ցած սահելով, նա նետվեց դեպի ղեկաթին և սկսեց թիավարել քամու հակառակ ուղղությամբ։

Ճիշտն ասած` լաստն առաջ էր շարժվում ոչ այնքան արագ, սակայն Վիլյամը դրանից էլ էր գոհ. չէ՞ որ այնուամենայնիվ լաստն արդեն ոչ թե հեռանում էր իր ընկերներից, այլ, ընդհակառակը, մոտենում էր նրանց։ Դրա պարզ ապացույցը վերջին տակառն էր, որի պարանները նա կտրատեց ու ջուրն իջեցրեց. այժմ այդ տակառը շարժվում էր քամու հակառակ ուղղությամբ։ Ուրեմն, լաստն էլ էր քամուն հակառակ շարժվում։

Սնդուկն ու առաջին տակառը շուտ էին ջուրն իջեցվել. վեր ջին տակառի պարանները նա կտրատեց ոչ միանգամից, այլ որոշ ժամանակ երկմտեց` արդյո՞ք արժե կտրատել։ Ուստի առաջին տակառը և սնդուկը լողում էին հեռվում` քամու ուղղությամբ։ Յունգան կայմից նայելիս նկատեց, որ լողորդները սնդուկից հեռու չեն և այդ իսկ պատճառով հազիվ թե բաց թողնեն այն։

Վիլյամը ցած իջավ իր դիտաշտարակից, այնպես էլ հաստատ չիմանալով, ընկերները սնդուկը տեսե՞լ են, թե ոչ։ Իսկ հիմա, երբ նա զբաղված էր թիավարությամբ, այլևս կայմի վրա բարձրանալու բոլորովին ժամանակ չուներ։ Գլխավորն այն է, որ լաստը շարժվում է անհրաժեշտ ուղղությամբ՝ քամուն հակառակ։ Ամեն մի ծովային սաժենը նրան ավելի ու ավելի է մոտեցնում ուղեկիցների կյանքի փրկությանը. ամեն մի սաժենը նշանակում է, որ լողորդները մեկ անգամ ավե-լի պակաս ձեռքերը առաջ կպարզեն ջուրը ճեղքելու համար, իսկ նրանք այնքան են հոգնել, որ դա էլ քիչ բան չէ։ Էլ ինչպե՜ս կարող է ինքը թեկուզ մեկ վայրկյան ձեռքից բաց թողնել թին։ Եվ Վիլյամը թիավարում էր ամբողջ ուժով, ունենալով միայն մեկ նպատակ` շարժվել քամուն հակառակ: Բարեբախտաբար քամին, որ մինչ այդ էլ բավականաչափ մեղմ էր, ավելի ու ավելի էր թուլանում, ասես նա էլ էր ուզում օգնել մարդկանց փրկության գործին. և Վիլյամը գոհունակությամբ նկատեց, որ ջուրը նետված տակառներն ար-դեն բավականաչափ ետ են մնացել։ Ուրեմն լաստը առաջ էր շարժվում։

Այդ միջոցին մի ուրախալի տեսարան բացվեց նրա աչքերի առջև։ Նա այնքան էր զբաղված թիակով, որ ոչ մի վայրկյան գլուխը չէր բարձրացրել շուրջը նայելու, և երբ վերջապես նայեց քամու ուղղությամբ, զարմանքով տեսավ, որ ոչ միայն տակառն ու սնդուկն էին ավելի ու ավելի մոտենում, այլև սնդուկի կափարիչի վրա ինչ-որ մեկը պառկած է և ձեռքերը պարզած բռնել է դուրս ցցված եզրից, իսկ սնդուկի երկու կողմերում սևին են տալիս երկու գունդ, ըստ որում նրանցից մեկը ավելի կլոր է և ավելի սև։ Պարզ էր, որ այդ գնդերը մարդկային գլուխներ էին։

Հանելուկային պատկերը շուտով պարզվեց. սնդուկի կափարիչի վրա պառկած էր Լալին, իսկ նրա կողքերից լողում էին Բեն Բրասն ու Ձյունիկը։ Սնդուկը երեքին էլ պահել էր ջրի վրա։ Ուռա՜։ Նրանք փրկվա՜ծ են։

Այժմ Վիլյամը հաստատ համոզված էր դրանում։ Բայց այդ վստահությունը դեռ չէին զգում երեք տանջվածները։ Բանն այն է, որ Վիլյամը կանգնած էր լաստի բարձրադիր տեղում և կարող էր տեսնել նրանց ամեն մի շարժումը, այն դեպքում, երբ նրանք դեռևս չէին կարող պատանուն տեսնել։

Բայց եթե ինքը կանգնած մնա, մտածեց յունգան, ու նրանց նայի, ապա դրանով օգուտ չի տա։ Բավարարվելով մի քանի ուրախ բացականչություններով, նա նորից ձեռքն առավ թին և սկսեց է́լ ավելի մեծ եռանդով թիավարել։ Հաջողության նկատմամբ վստահությունը նոր ուժ տվեց նրան։

Երբ նա նորից կտրվեց իր զբաղմունքից և, շտկվելով, մի հայացք գցեց օվկիանոսին, պատկերը փոխվել էր. փոքրիկ Լալին առաջվա պես պառկած էր սնդուկի կափարիչի վրա, բայց կողքին երևում էր միայն մեկ գլուխ`նավաստու գլուխը։ Նրան կարելի էր ճանաչել սպիտակ դեմքից ու երկար մազերից։

«Բայց ո՞ւր կորավ կոկի գանգը։ Ո՞ւր է նրա գանգրահեր գլուխը։ Մի՞թե մարմնի հետ միասին օվկիանոսի հատակն է իջել»,– տագնապով հարցնում էր յունգան ինքն իրեն։ Բայց հաջորդ իսկ վայրկյանին նա ստացավ իր հարցի շատ գոհացուցիչ պատասխանը։ Նեգրը, որ այժմ երևում էր ամբողջությամբ, նստած էր տակառի վրա. նա պարզապես այն տեղում չէր, որտեղ յունգան նրան փնտրում էր աչքերով. ահա թե ինչու նրան անմիջապես չնկատեց։

Սակայն խոհեմ պատանին ախ ու վախի համար ժամանակ չկորցրեց և նորից սկսեց եռանդուն աշխատեցնել թիակը։

Այսպես նա թիավարեց ու թիավարեց, մինչև որ լսեց... իր անունը։ Աչքերը բարձրացնելով, նա տեսավ, որ Ձյունիկը տակառի վրա չէ, և նրա սև ու կլոր կերպարանքը ջրից դուրս է նայում «Կատամարան»-ից ընդամենը մեկ կաբելտով հեռավորությունից։

Նրա չռված ականջները փրփրալի հետք էին թողնում ջրի վրա, գլխի երկու կողմում, նշելով ճիշտ ուղղությունը, որով նա լողում էր ուղիղ դեպի լաստը։ Իսկ այն, որ նա կատաղորեն պտտեցնում էր աչքերի` փրփուրի պես ճերմակ սպիտակուցները և փնչացնում էր ու հևում իր հաստ շրթունքներով, և ջուրը ալիքներ էր բարձրացնում նրա շուրջը, ցույց էր տալիս, որ նա ամբողջ ուժով ձգտում էր հասնել «Կատամարան»-ին։

– Էհե՜յ, լա՜ստ,– գոռաց նա շնչակտուր լինելով, երբ արդեն յունգան կարող էր նրան լսել,– թիավարիր այս կո՜ղմ, Վի՜լմ, թիավարիր ամբողջ ուժո՜վ... Օ՜հ, համա թե հոգնել եմ, էլ չեմ կարող։ Եվ պատկերացնում եմ, թե ինչ է կատարվում այն երկուսի հետ։ Նրանք ետևում են, ինձնից մեկ կաբելտով հեռավորության վրա։

Եվ, իր խոսքն ավարտելով բարձրաձայն «ուֆ, ուֆ»-ով, որն արտասանվել էր մասամբ բերանն ընկած ջրից ազատվելու համար, ինչպես նաև իր գոհունակությունն արտահայտելու համար, կոկը, առանց ըն-թացքը դանդաղեցնելու, լողաց դեպի լաստը։

Մի քանի վայրկյան անց Ձյունիկի երկարատև ջանքերը վերջապես հաջողությամբ պսակվեցին. նա յունգայի օգնությամբ մագլցեց լաստի վրա։ Հազիվ շունչ քաշելով, նեգրն անմիջապես վերցրեց երկրորդ թիակը, և լաստը, երկու թիակների համերաշխ հարվածների տակ, վերջապես հասավ սնդուկին։ Անձնակազմի մյուս երկու անդամները հանվեցին լաստի վրա։ Այսպես նրանք ազատվեցին մահից, որը քիչ առաջ անխուսափելի էր թվում։


== Գլուխ XLIII. Լաստը նորոգվում է ==

Լաստ բարձրանալուց հետո Բենը, այդ աժդահան ու հսկան, այնքան թուլացած էր, որ նույնիսկ ոտքի վրա կանգնել չէր կարող։ Նա մի քայլ արեց, օրորվեց և ուժասպառ ընկավ տախտակների վրա: Փոքրիկ Լալիի մասին հոգաց Վիլյամը։ Նրան օգնելով, գրեթե ձեռքերի վրա տանելով, պատանին փոքրիկին զգուշությամբ դրեց կայմի մոտ, առագաստալաթի վրա: Եթե չհաշվենք այն մի քանի բառերը, որ նվաղած ձայնով արտաբերեց աղջիկը` հասկանալով իր փրկված լինելը, ապա յունգան իր քնքուշ հոգատարության համար լիուլի վարձատրված էր այն շնորհակալությամբ, որ երևում էր փոքրիկ կրեոլուհու աչքերում։

Ձյունիկը, որ մյուսներից պակաս չէր տանջված, նույնպես փռվեց լաստին։ Երկար ժամանակ բոլորն էլ լուռ ու անշարժ պառկած էին տախտակներին, զգալով, որ չեն կարող ոչ որևէ շարժում անել, ոչ էլ թեկուզ մի բառ արտասանել։

Սակայն Վիլյամն անգործ չէր նստել. Լալիին պառկեցնելով, նա անմիջապես գնաց «Կատամարան»-ի այն անկյունը, որտեղ գտնվում էր լաստի հաստ տախտակներին ամրացված և կիսով չափ ջրի մեջ սուզված փոքրիկ տակառը։ Նրա մեջ կանարյան թանկարժեք գինի կար։ Խցանն զգուշությամբ հանելով (նրանք միտումնավոր կերպով տակառիկը կապել էին անցքը վերև արած), նա տակառիկի մեջ իջեցրեց թիթեղյա փոքրիկ շերեփը, որը պատահականորեն հայտնվել էր նավաստու սնդուկում։ Սա պարանով կապված էր տակառիկից, ինչպես այն շերեփիկները, որ օգտագործում են գինի ծախողները։ Քաղցրահամ հեղուկից վերցնելով, նա շերեփը մոտեցրեց նախ փոքրիկ Լալիի շուրթերին, հետո իր սիրելի պաշտպան Բեն Բրասին, որից հետո մեկ անգամ ևս շերեփը տակառիկի մեջ իջեցնելով, գինի տվեց նրա իսկական տիրոջը` Ձյունիկին։

Ժամանակին Տեներիֆի լանջերին աճած վազի ոգին հրաշք գործեց։ Մի քանի րոպե հետո նավաստին ու կոկը նորից ընդունակ դարձան մտածելու, թե նախազգուշական ինչ միջոցներ պետք է ձեռնարկեք և առաջին հերթին ինչից պետք է սկսել:

Ամենից առաջ, որոշեցին նրանք, հարկավոր է բռնել այն դատարկ տակառները, որ Վիլյամը ջուրն է գցել։ Լաստը, այդ տակառներից զրկվելով, ոչ միայն մեծ նստվածք էր տվել, այլև ընդհանրապես կորցրել էր իր նավարկելիության մի մասը։

Եվ հետո սնդո՜ւկը։ Այժմ տերը մի առանձին վերաբերմունք ուներ նրա նկատմամբ։ Այն բռնեցին առաջին հերթին, իսկ նրանից հետո` տակառը, որի վրա մագլցել էր Ձյունիկը լավ տեսնելու համար։ Ե́վ սնդուկը, և́ տակառը մոտ էին. երկար թիավարելու հարկ չեղավ։

Բայց թե մյուս երեք տակառները բավականաչափ հեռու էին քշվել քամու հակառակ ուղղությամբ, և անընդհատ ավելի ու ավելի էին հեռանում։ Բայց քանի որ նրանք դեռևս աչքից չէին անհետացել, ապա «Կատամարան»-ի անձնակազմը դրանց հասանելու մեջ մի առանձին դժվարություն չէր տեսնում։

Իսկապես, դա դժվար գործ չէր։ Նավաստին գործում էր մեկ, կոկը մյուս թիակով, իսկ Վիլյամը ցույց էր տալիս, թե որ կողմը թիավարել։ Թիակների մի քանի համերաշխ շարժում` և լաստը մեկը մյուսի ետևից հասավ հեռացող տակառներին։ Բռնեցին դրանք, նորից պարաններով ամրացրին նախկին դիրքում։ Ու եթե չլինեին ջուրն ընկած երեք տառապյալների թաց հագուստները և մեկ էլ` նրանց տանջված դեմքերը, ապա ոչ ոք գլխի չէր ընկնի, թե «Կատամարան»-ի վրա բան է պատահել։

Իսկ ինչ վերաբերում է թաց հագուստին, ապա նրա պատճառած անհանգստությունը երկար չտևեց. երկնքում շողացող արևը շատ շուտ չորացրեց այն: Այս տեսակետից, իրոք, վնասը մեծ չէր, քանի որ դրանք այնքան արագ էին չորանում,որ երեքն էլ, հատկապես Ձյունիկը, պարուրվել էին գոլորշու թանձր ամպով։ Շուտով նրանց վրա մի թաց թել անգամ չմնաց։

Չգիտես` այն պատճառով, որ նեգրի մարմինը ավելի շատ բնական ջերմություն ուներ, քան մնացածներինը, թե այն պատճառով, որ արևի ճառագայթները պարզապես վառում էին, նա ծխում էր մի կույտ ածխի նման, երբ նրանից ձյութ են քաշում։ Ուստի և գոլորշու ծածկույթի միջով, որի ետևում չէին երևում նրա մերկ ուսերն ու գլուխը, դժվար էր տեսնել`սև է նա, թե սպիտակ։ Եվ ոնց որ Յուպիտերը, այդ ամպով շրջապատված, նեգրը շարունակում էր խոսել ու գործել, նավաստուն ու Վիլյամին օգնելով ջրից հանելու տակառները, մինչև դրանք բոլորն էլ իրենց տեղը դրվեցին, առագաստը նորից բարձրացվեց, և «Կատամարան»-ը, ասես ոչինչ չէր պատահել, ծովի ալիքները ճեղքելով, գնաց քամու ուղղությամբ։

Սակայն այս անգամ նրանք հոգ տարան, որպեսզի պարանասարքերի հանգույցները կապվեն ինչպես հարկն է։ Այժմ, ճիշտն ասած, հարկավոր էր նկատողություն անել Ձյունիկին, զգուշացնելով, որ նա ավելի շրջահայաց լինի հետագայում: Սակայն կատամարանցիները դա ավելորդ համարեցին. վտանգը, որից, կարելի է ասել, հրաշքով փրկվեցին, բավականաչափ լավ դաս կլինի նրա համար։

Միակ բանը, որի համար ափսոսում էին, պարենամթերքի պաշարների մի զգալի մասի կորուստն էր` այն ապխտած ձկան, որ Ձյունիկը չորացրել էր նախքան երկու լաստերի միանալը, և շնաձկան այն չորացված մսի, որ փոխադրվել էր փոքր աստից։ Ձուկը, չորացնելու համար, փռել էին լաստեզրի տակառների վրա, հենց այն տակառների, որոնց պարանները կտրատել էր Վիլյամը։ Ձուկը թափվել էր ջուրը և կամ տակն էր իջել, կամ լողում էր մակերևույթին։ Թեև մնացած բոլոր վնասները շտկվել էին, բայց պաշարի մեծ մասը կորել էր։ Գուցեև չէր սուզվել այլ ջուրը քշել-տարել էր կամ, ավելի ճիշտ, երկնքում սավառնող գիշատիչ թռչուններն էին կերել, կամ էլ ոչ պակաս անկշտում այն գիշատիչները, որ վխտում են ծովի խորքերում: Ձյունիկը ցավով էր մտածում, որ պակասել են իրենց պաշարները, և այս ցավը բաժանում էին անձնակազմի մնացած բոլոր անդամները։ Սակայն նրանք այնքան էլ սուր չէին զգում այդ կորուստը, ինչպես կարող էր լինել մեկ ուրիշ պարագայում. այնքա՜ն հրաշագործ փրկությունից հետո բոլորի տրամադրությունն էլ շատ բարձր էր։ Բացի դրանից, պետք էր հուսալ, որ կկարողանան պաշարները լրացնել ճիշտ նույն ձևով, ինչ ձևով որ դրանք ձեռք էին բերել առաջին անգամ։


== Գլուխ XLIV. Ալբակորները ==

Իրոք որ շուտով այդպիսի հնարավորություն ունեցան նրանք։

Առագաստը դեռ հողմով չէր լցվել, երբ ջրում երևաց օվկիանոսային տարածություններում պատահող ամենագեղեցիկ ձկան մի վտառ։ Ձկների թիվը մի քանի հարյուրի էր հասնում։ Ինչպես և սովորական թյունիկի վտառներում է լինում, նրանք բոլորն էլ գրեթե նույն չափի էին և լողում էին շարք-շարք։ Բայց այդ ձկները թյունիկից ավելի փոքր էին, ունեին մոտավորապես չորս ֆուտ երկարություն, համաչափ հաստություն ու գեղեցիկ ձև, որպիսին հատուկ է այդ ընտանիքի բոլոր տեսակներին։

Նույնիսկ միայն գույնի համար նրանց կարելի է անվանել շատ գեղեցիկ արարածներ։ Փիրուզի նման երկնագույն, ոսկեփայլ մեջք, արծաթասպիտակավուն, սադափի պես շողշողուն փոր։ Վառ դեղնավուն երկ-շարք մեջքալողակներ։ Խոշոր, կլոր աչքեր` բիբերի արծաթավուն շրջանակով։

Երկար, մանգաղաձև մեջքալողակներ` լավ զարգացած ու շատ յուրատեսակ. դրանց տակ` ողնաշարի երկարությամբ ընկած խոր փորակ, որի մեջ նրանք, երբ գտնվում են հանգիստ վիճակում, մտնում են այնպիսի զարմանալի ճշտությամբ, որ նույնիսկ չեն երևում, կարծես թե չկան։

Եթե չհաշվենք գեղեցիկ երանգավորումը, մեծ չափսերը և էլի ինչ-որ առանձնահատկություններ, ապա այդ ձուկը կարելի էր ընդունել թյունիկի տեղ, մի բան, որը մեծ սխալ չէր լինի, քանի որ դրանք պատ-կանում են նույն ընտանիքին, ինչ-որ թյունիկը, միայն թե ուրիշ տեսակի։ Եվ այդ տեսակը ամենագեղեցիկն է։

– Ալբակորնե՜ր,– գոռաց Բեն Բրասը, հենց որ ձկների վտառը հավասարվեց լաստին։– Դե, Ձյունիկ, հանենք կարթերը: Համա թե լավ որս կլինի այսպիսի քամու ժամանակ։ Հիմա մենք կհամալրենք մեր պաշարնե-րը։ Միայն թե, հա՜, ոչ ոք ոչ մի խոսք, թե չէ մեկ էլ տեսար` փախան...Կամա́ց, կոկ, կամա́ց, պառավ քամբուզ։

– Ի՜նչ «կամաց», մասա Բրաս։ Մի՞թե կարծում եք նրանք կհեռանան «Կատամարան»-ից: Դրանից վախենալու ոչինչ չունենք։ Տեսեք, թե ոնց են դես ու դեն սուրում. մեկ ձախ կողմում են, մեկ էլ տեսար` անցան աջ կողմը։ Ասես ոչ մի տեղ չեն կարող հանգիստ գտնել։

Եվ իրոք, ձկները սկսեցին տարօրինակ մանևրել։ Լաստին հավասարվելով, ոչ առաջ անցնելով, ոչ էլ ետ մնալով, նրանք որոշ ժամանակ լողում էին աջ եզրի երկարությամբ։ Դա նրանց համար դժվար չէր. նրանց լողակները թեթևակի շարժվում էին, պահպանելով լաստի ընթացքին համապատասխան արագություն։ Եվ բոլորն էլ շարժվում էին այնքան զուգահեռ լաստի ընթացքին և այնքան զուգահեռ իրար նկատմամբ, որ կարելի էր կարծել, թե նրանք անտեսանելի թելերով կապված են իրար։ Եվ հանկարծ, անսպասելիորեն, ինչպես գեղադիտակի նախշերն են փոխվում, լաստի և միմյանց նկատմամբ զուգահեռ շարժումը խախտվեց։ Պոչի մի շարժումով ամբողջ վտառը միաժամանակ շրջվեց լաստին ուղղաձիգ և անմիջապես իջավ նրա տակ։

Մի պահ նրանք չերևացին, իսկ հետո հայտնվեցին, բայց այս անգամ արդեն աջ եզրի երկարությամբ, անընդհատ պահպանելով նրան զուգահեռ շարժումը։ Ամբողջ մանևրը կատարվեց այնպիսի ճշգրտությամբ ու ներդաշնակությամբ, որ աշխարհի նույնիսկ լավագույն կադրային սպայի զինվորները չէին կարող այդքան հստակ շարժումներ կատարել։ Աջ դա́րձ։ Ձախ դա՛րձ։ Կարծես բոլորի մեջ միաժամանակ էր շրջվելու ցանկություն առաջանում, և հենց նույն պահին նրանց պնչերը թպրտում էին, ու նրանք շրջվում էին բոլորը միանգամից, ցուցադրելով փորի արծաթավուն շերտերը, և հետո նույնպիսի համերաշխությամբ նետվում էին «Կատամարան»-ի ողնուցի տակ։

Նրանք այս զարմանալի մանևրը կատարեցին մի քանի անգամ, աջ եզրից անցնելով ձախը և` ընդհակառակը։ Հենց այդ պատճառով էլ Ձյունիկն այնքան վստահորեն հայտարարեց, թե քանի դեռ ձկները այդ ձևով են շարժվում, ապա հարկ չկա վախենալու, որ նրանք կհեռանան «Կատամարան»-ից։

Միայն Բեն Բրասը հասկացավ, թե ինչու Ձյունիկն այդպես ասաց։ Իսկ Վիլյամը խիստ զարմացավ, երբ նախկին կոկը շատ վստահ այդպիսի հայտարարություն արեց, և հետո` իրեն էլ այնպես էր պահում, կարծես արտաքուստ այդքան երկչոտ ձկներին փախցնելուց ամենևին չէր վախենում:

– Լսիր, Ձյունիկ,– ասաց տղան,– ինչո՞ւ ես ասում, թե կարող ենք չվախենալ, որ նրանք կհեռանան «Կատամարան»-ից:

– Նրա համար, սիրելիս, որ մոտերքում ինչ-որ մեկ ուրիշը կա, որից ձկներն ավելի շատ են վախենում, քան մեզնից։ Այդպես եմ կարծում։ Ես չեմ տեսնում, թե ով է դա, բայց կարծում եմ, որ անպայման երկարամռութ է։

– Ի՞նչ է նշանակում երկարամռութ:

– Ինչպես թե` ի՞նչ։ Երկար մռութ, և վե́րջ: Դե լավ, եթե ուզում ես` երկար քիթ։ Ապա մի այնտեղ նայիր, լաստի ձախ կողմը։ Տեսնում ես։ Նեգրը գիտե, որ նա հեռու չէ։ Ահա թե ինչու ձկնիկներն այս ու այն կողմ են ընկնում, մեզնից չհեռանալով։ Իսկ քանի դեռ նրանք այստեղ են, մենք մի քանի հատ կբռնենք։

– Շնաձո՜ւկ է,– գոռաց յունգան` որոշ հեռավորության վրա, այնտեղ, որտեղ նեգրն էր ցույց տվել, լաս-տի ձախ կողմում, ինչ-որ մի մեծ ձուկ տեսնելով։

– Շնաձո՞ւկ: Ոչ-ո'չ,– առարկեց նեգրը:– Շնաձուկ չէ: Եթե շնաձուկ լիներ, ապա այս ձկնիկները մեր լաստեզ-րի մոտ ցցված չէին մնա։ Նրանք խաղալիս կլինեին շնաձկան մոտ, ինչպես փոքրիկ թռչնակները` արծվի կամ շահենի մոտ։ Ոչ, այդ խորամանկ գազանը շնաձուկ չէ. դա երկարամռութ է. ալբակորի իսկական թշնամին։ Քանի դեռ նա մոտիկ է, ձկնիկները մեզնից հեռու չեն գնա։

Այս ասելով, նեգրն սկսեց ջոկջկել կեռիկները և Բենի օգնությամբ խայծ հագցնել վրան, այդ ամենն անելով շատ հանգիստ, մի բան, որը հաստատում էր նրա վստահությունը իր ասածի նկատմամբ։


== Գլուխ XLV. Թրաձուկը ==

Վիլյամը, որ այնպիսի հետաքրքրությամբ հետևում էր հայտնված արտասովոր ձկանը, մոտեցավ ձախ եզրին, որպեսզի ավելի լավ տեսնի նրան։ Բայց ձախ եզրը ուղղված էր դեպի հարավ-արևմուտք, և մայր մտնող արևը խանգարում էր պատանուն։ Աչքերին հով անելու համար ձեռքը ճակատին դրած, նա նայում էր ու նայում, բայց ծովի ալիքներից բացի ոչինչ չէր տեսնում։ Ձյունիկը թեև ամբողջովին տարված էր կարթաթելերով ու կեռիկներով, բայց այնուամենայնիվ մեկ-մեկ նայում էր, թե ինչպես է դիտարկում յունգան։

– Իզուր ես այդ կողմը նայում։ Տեսնում ես, ալբակորները ձախ կողմում են։ Ուրեմն, երկարաքիթը աջ կողմում է: Իմացած եղիր, որ նրանք աշխատում են այդ աղավնյակի հետ նույն կողմում չլինել։

– Այնտե́ղ նայիր, Վիլմ, այնտե́ղ,– միջամտեց Բենը։– Տեսնո՞ւմ ես... Այ, այնտեղ, ճիշտ նավածրին: Մի՞թե չես տեսնում:

– Տեսնում եմ...– ձայն տվեց Վիլյամը։– Նայիր, Լալի ինչ տարօրինակ ձուկ է։ Երբեք այդպիսին չեմ տեսել։

Յունգան ճիշտ էր ասում։ Թեև երիտասարդ ծովայինը շատ մղոններ էր կտրել Ատլանտյան օվկիանոսում, բայց այդպիսի ձկան չէր պատահել։ Նա կարող էր հարյուրավոր մղոններ անցնել ուզածդ օվկիանոսում և այնուամենայնիվ ոչ մի անգամ չտեսնել նրան։

Ձուկը, որ տեսան «Կատամարան»-ի անձնակազմի անդամները, օվկիանոսի ամենահազվադեպ բնակիչներից մեկն է։ Նրա տեսքն այնքան յուրահատուկ է, որ եթե Բեն Բրասը չասեր էլ, թե ինչ է անունը, ապա պատանին ինքը կկռահեր։ Ձկան երկարությունը ութ կամ տասը ֆուտ էր։ Նրա երկայնակի ոսկրոտ մռութը առաջ էր ցցված ամբողջ մարմնի մեկ երրորդի չափով։ Ըստ էության, այդ ելունը, որ վերին ծնոտի շարունակությունն է, միանգամայն ուղիղ է և ամբողջությամբ կազմված է ոսկրից, որը, դեպի ծայրը գնալով, բարակում է թրի նման:

Մնացած բաներով ձուկը անճոռնի չէր թվում. նա ոչնչով նման չէր օվկիանոսային շատ գիշատիչների, որոնց հատուկ է սարսափելի արտաքինը։ Զգացվում էր, որ թրաձուկը, զարմանալի սրընթացության հետ միաժամանակ, ինչ-որ չափով զգուշավոր էր. ասես գողեգող էր շարժվում։ Ինչպես արդեն նկատել էր Ձյունիկը, ձկան սևեռուն աչքերում կատաղի, հետապնդող արտահայտություն կար, մի բան, որն ասում էր, թե գիշատչի ամբողջ կյանքն անցնում է որսին հետապնդելով։

Ուստի զարմանալի չէ, որ Վիլյամը այդ գիշատչին շնաձկան տեղ դրեց. նախ այն պատճառով, որ խանգարում էր արևը, և երկրորդ, այն պատճառով, որ նա մի շարք հատկանիշներ ուներ, որոնք նրան նմանեցնում էին շնաձկների որոշ տարատեսակների. տարբերությունը նկատելու համար հարկավոր էր շատ լավ զննել ու քաջահմուտ լինել նման բաներում։ Վիլյամը նախևառաջ նկատեց ջրից մի քանի դյույմ բարձրացող մանգաղանման խոշոր լողակը, պոչը նույնպիսի կտրվածք ուներ, ինչպես և շնաձկան պոչը. գիշատիչ աչքերն ու զգուշավոր շարժումները նույնպես բնորոշ էին շնաձկան համար։

Բայց թե այդ ձուկը մի բանով տարբերվում էր շնաձկից, նա շնաձկան նման դանդաղ չէր շարժվում։ Ըստ երևույթին, դա ամենաարագ լողացող ձկներից մեկն էր: Բավական էր ալբակորները մի եզրից մյուսը նետվեին, և գիշատիչը այդ շարժումը կրկնում էր այնպիսի արագությամբ, որ հնարավոր չէր հետևել նրան։

Նրա շարժումները բոլորովին անորսալի կլինեին, եթե չլիներ երկու հետաքրքիր առանձնահատկություն. նախ, այդ տարօրինակ ձուկը լողալիս այնպիսի խշշոց է հանում, որն անտառում տեղատարափ անձրևի խշշոց է հիշեցնում, և երկրորդ, այդ ձուկն ընթացքի ժամանակ հանկարծ փոխում է իր երանգավորումը. նա մերթ գորշ է, երբ անշարժ է, մերթ խայտաբղետ է` երկնագույն ու կապույտ շերտերով, իսկ երբեմն էլ` ամբողջովին փիրուզագույն։

Բայց Վիլյամը կարողացավ ձկան ինչ տեսակ լինելն իմանալ ոչ թե այդ առանձնահատկություններից ելնելով, այլ նրա երկար, թրի նման ուղիղ քիթը տեսնելով։ Ով գեթ մեկ անգամ տեսել է թրաձկանը, այլևս չի կարող սխալվել ու նրան չճանաչել այդ աներկմտելի նշանից։ Իսկ պատանի ծովայինին վիճակվել էր մեկ անգամ այդպիսի քիթ տեսնել ոչ թե ջրի վրա ու ջրի տակ, այլ հայրենի քաղաքում, ուր պատահականորեն բնության արտասովոր արարածների մի հավաքածու էին բերել, որի դիտումը, պետք է խոստովանել, զգալի դեր խաղաց տանից փախչելու և ծովային դառնալու նրա ցանկության մեջ։ Նա այն ժամանակ հանգամանորեն զննեց ապակյա կափարիչի տակ պահվող ոսկորը և լսեց այն բացատրությունը, որ այդ ցուցանմուշը թրաձկան քիթ է։ Եվ այժմ Ատլանտիկայի արևադարձային ալիքներում, որոնք գրեթե նույնքան թափանցիկ են, որքան և ապակյա կափարիչը, նա անմիջապես ճանաչեց թրաձկան ահեղ զենքը։


== Գլուխ XLVI. Թրի ծովային ասպետները ==

Մինչ Վիլյամը նայում էր զարմանալի ձկանը, սա անսպասելիորեն նետվեց դեպի լաստը։ Այդ շարժումը բնորոշ սուլող խշշոց առաջացրեց. նրա հսկայական մարմինը երևաց ջրում, և արևելյան թրի պես կեռ մեջքալողակը երկար փրփրահետք թողեց ջրի երեսին։

Այդ ցատկը պարզորոշ կերպով ուղղված էր «Կատամարան»-ի երկայնքով լողացող ալբակորների վտառի կողմը։

Բայց նրանց անակնկալի բերելն այնքան էլ հեշտ չէր։ Ինչպես երևում էր, ահավոր սարսափ զգալով, նրանք այնուամենայնիվ չէին կորցրել իրենց ոգու արիությունը. և հենց որ թրաձուկը նետվեց նրանց վրա, հրահանգով, կայծակի արագությամբ անցան լաստի մյուս կողմը։

Տեսնելով, որ հարձակումը չհաջողվեց, թրաձուկը կանգ առավ հանկարծ, դա ցույց էր տալիս նրա լողալու վարպետությունը: Հետապնդումը շարունակելու փոխարեն նա, «Կատամարան»-ի տակն անցնելով, գերադասեց գողեգող հետևել լաստին։ Թվում էր` քանի որ չէր հաջողվել ուժով տիրանալ որսին, որոշել էր գործել խորամանկությամբ։

Վիլյամի համար պարզ դարձավ, որ ալբակորները «Կատամարան»-ի մոտ էին մնում ոչ այնքան նրա համար, որ հույս ունեին ուտելու որևէ բան գտնել, այլ նրա համար, որ լաստը ահեղ հակառակորդից լավ պաշտպանվելու միջոց էր։ Հավանաբար հենց դրանով է բացատրվում այն, որ ոչ միայն ալբակորներն ու նրանց ցեղակից բոնիտները, այլև վտառներով շարժվող մյուս ձկնատեսակները հաճախ աշխատում են մոտիկ մնալ հանդիպող նավերին, կետաձկներին և բաց օվկիանոսում լողացող բոլոր խոշոր առարկաներին։

Հարձակման այն եղանակը, որ գործադրում է թրաձուկը (նա սրընթաց նետվում է զոհի վրա և նրան հագցնում իր երկար ու բարակ քթին), շատ վտանգավոր է հենց գիշատչի համար։ Եթե հանկարծ «թուրը» վրիպի ու դիպչի նավեզրին կամ մեկ ուրիշ արգելքի, որը բավականաչափ ամուր է սրընթաց հարձակումը կասեցնելու համար, ապա նրա զենքը կամ կկոտրվի կամ այնպիսի ուժով կխրվի այդ արգելքի մեջ, որ տերը կմեխվի և իր անշրջահայաց ագահության զոհը կդառնա:

Քանի որ վախեցած ալբակորները խիստ տարված էին իրենց հակառակորդի շարժումներին հետևելով, Ձյունիկը, հասկանալով, որ ձկները հազիվ թե ուշադրության արժանացնեն իրենց համար նախատեսված խայծով կեռիկները. Կարթերը ջուրը չնետեց, այլ թողեց լաստի վրա, սպասելով մինչև թրաձուկը կթողնի-կգնա կամ այնքան ետ կմնա, որ ալբակորները կկարողանան ինչ-որ ժամանակ մոռանալ նրա գոյությունը:
– Կարթ գցելն իմաստ չունի,– ասաց նեգրը, դիմելով նավաստուն,– քանի դեռ այդ խորամանկ մռութը մոտերքում է: Պետք է սպասել մինչև կհեռանա, որ ալբակորները չտեսնեն ու չլսեն նրան:

– Ճիշտ ես ասում,– պատասխանեց Բենը:– Բայց ափսոս: Եթե այդ անպետք մռութը չլիներ, նրանք կհրապուրվեին խայծով: Լավ եմ ճանաչում դրանց:

Ալբակորների ու նրանց թշնամու վարքագծի մասին նավաստուց շատ ու շատ բան իմացան բոլոր ներկա գտնվողները, և հատկապես նրա սիրելի յունգան: Վիլյամը արտակարգ հետաքրքրություն էր ցուցաբերում ալբակորների նկատմամբ և նրանց վերաբերյալ հարց ու փորձ անում: Մինչ նրանք սպասում էին, որ որ-ևէ փոփոխություն տեղի ունենա ալբակորներին հետապնդողի տակտիկայի մեջ, Բենը իր կյանքից մի քանի դեպք պատմեց: Դրանցում ալբակորը կամ թրաձուկը, իսկ երբեմն էլ երկու ձկները հանդես էին գալիս որպես գլխավոր գործող անձինք։
Ի թիվս այլ պատմությունների, Բենը նաև հաղորդեց, թե ինչպես է թրաձուկը քթով ծակել այն նավը, որի վրա ինքը եղել է։

Այն պահին, երբ դա տեղի ունեցավ, նավի վրա գտն-վողներից ոչ ոք չէր էլ կասկածում կատարվածի մասին։ Անձնակազմը ճաշում էր ներքևում, և միայն նավաստիներից մեկը, որ այդ ժամանակ տախտակամածում էր, ջրի ուժեղ ճողփյուն լսեց։ Ջրին նայելով, նա տեսավ, որ ինչ-որ մի խոշոր մարմին սուզվում է և, վճռելով, որ անձնակազմի անդամներից մեկը խեղդվում է, անմիջապես գոռաց` «Ջրում մա՜րդ կա»: Անձնակազմը շարեցին, անունները կարդացին. Բոլորը ներկա էին։ Ու թեև նավաստիներն այնպես էլ չիմացան այդ հանելուկային դեպքի պատճառները, բայց և այնպես, նրանց տագնապը շուտով անցավ ու մոռացան դրա մասին։

Մի փոքր ժամանակ անց նավաստիներից մեկը (հենց ինքը Բեն Բրասը) ճոպանները կարգի բերելու համար բարձրացավ կայմի վրա և վերևում եղած ժամանակ նկատեց, որ նավի կողքից, հենց ջրագծի մոտ, ինչ-որ երկար բան է ցցված: Նավակ իջեցրին, նավի այդ մասը զննեցին, և պարզվեց, որ թրաձկան քիթ է, որը պոկվել է նրա գլխից: Իսկ այն, որը նավաստին խեղդվող մարդու տեղ էր դրել, եղել էր հենց թրաձուկը, որը նավին հարվածելու ժամանակ ստացած ցնցումից սպանվել էր:

Սա իր «թրով» ծակել էր և́ նավի պղնձյա բոլորակարվածքը, և́ ձախ կողի հաստ տախտակը։ Նավամբար իջած նավաստիները տեսան, որ նավամբարի պատի միջով ան-ցած «թրի» ծայրը ութ-տասը դյույմ երկարությամբ ցցված է ներսում։

Չնայած Բեն Բրասի այս պատմության անհավանական լինելուն, նրանում ոչ մի հորինվածք չկար։ Որ դա ճշմարտություն էր, գիտեր նաև Ձյունիկը, քանի որ նա ինքը կարող էր իր հետ կատարված մի քանի այդպիսի դեպքեր պատմել: Դրա ստուգության վրա չկասկածեց նաև Վիլյամը, որ կարդացել էր այդպիսի մի դեպքի մա-սին և լսել էր, որ իբր բրիտանական թանգարանում նույնիսկ այդպիսի դեպքի ապացույց կա. Հաստ նավատախտակի մի կտոր` մեջը թրաձկան քիթը ցցված, և յու-րաքանչյուրը, ով հետաքրքրվում է, կարող է այդ ցուցանմուշը տեսնել։
Նոր էր Բենը իր հետաքրքիր պատմությունն ավարտել, երբ ալբակորներին հետապնդող թրաձուկը շարժվեց, դա ասում էր, որ նա մտադիր է փոխել իր տակտիկան. ըստ որում ոչ թե նահանջել, այլ, ընդհակառակը, ավելի համարձակորեն նետվել գրոհի։ Դե, իհարկե, յուղալի ալբակորների խոշոր վտառը շատ-շատ էր հրապուրիչ։ Այնքան մոտիկ և միևնույն ժամանակ այնքան անորսալի ձկների տեսքը պետք է որ անասելի հրապուրիչ լիներ նրա համար։ Գուցեև թրաձուկն այնքան էր սոված, որ որոշել էր ինչ էլ լիներ` ուտել նրանց։

Այս մտադրությամբ նա ավելի մոտեցավ «Կատամարան»-ին և, ուղղությունն անընդհատ փոխելով, սկսեց վխտալ եզրերի երկարությամբ, իսկ մի երկու անգամ էլ նույնիսկ սրընթաց նետվեց դեպի վտառը` շփոթություն առաջացնելու և շարքերը քայքայելու համար։

Դա նրան հաջողվեց. գեղեցիկ ձկները, առաջվանից ավելի շատ ահաբեկված, փոխանակ լողալու այնպես, ինչպես մինչև հիմա լողում էին (փակ, ուղիղ շարքերով, իրար զուգահեռ), խառնվեցին, հավաքվեցին իրար գլխի, իսկ հետո ցրվեցին տարբեր ուղղություններով։

Այս խառնաշփոթության մեջ ալբակորների մի մեծ խումբ բոլորովին անջատվեց վտառից ու մի քանի սաժեն ետ մնաց «Կատամարան»-ից:

Եվ այժմ հենց նրանց էին ուղղված գիշատչի քաղցած աչքերը, բայց միայն մի ակնթարթ, որովհետև հաջորդ պահին նա այնպիսի արագությամբ խրվեց ձկնախմբի մեջ, որ շուրջը միայն ցայտեր բարձրացան։ Նրա սրընթաց շարժումից առաջացած աղմուկը արձագանքեց հեռու օվկիանոսում։
– Նայի՛ր, Վիլմ, նայի՛ր,– գոռաց նավաստին, վախենալով, որ իր սիրելին բաց կթողնի այդ հետաքրքիր տեսարանը։– Ապա մի նայիր, թե ինչեր է անում այդ հրեշը։ Խոսքս հիշիր, նա հիմա մի երկու ալբակոր կանցկացնի իր շամփուրի վրա...

Բենն իր խոսքը դեռ չէր ավարտել, որ թրաձուկը խրվեց ահաբեկված վտառի մեջտեղը։ Ջուրը շատրվանի պես վեր բարձրացավ, նրանից դուրս թռան մի քանի ալբակորներ և անմիջապես ջրի տակն անցան։ Մի քանի րոպե շարունակ այդ տեղում օվկիանոսի մակերևույթը եռում էր, փրփրում, ծածկվում պղպջակներով, այդ ծածկույթի ետևում ոչինչ հնարավոր չէր տեսնել։ Շուտով ջրի վրա երևաց թրաձկան գլուխը` երկար քթի ծայրին երկու գեղեցիկ ձուկ խրած։

Դժբախտ արարածները ջղաձգորեն թպրտում էին, աշխատելով ազատվել այդ տանջալի վիճակից. սակայն նրանց չարչարանքը երկար չտևեց։ Գրեթե նույն ակնթարթին թրաձուկը գլխի կարճ շարժումով վերև նետեց նախ մեկ, հետո մյուս զոհին... Բայց նրանք ընկան ոչ թե ջրի մեջ, այլ ուղիղ ագահ գիշատչի կոկորդը։ Թրաձուկը, որ ատամներ կամ ծամելու համար որևէ ուրիշ հարմարանք չունի, հիանալի յոլա գնաց առանց դրանց, որսն ամբողջությամբ ուղարկելով իր անկշտում ստամոքսը:


== Գլուխ XLVII. Ալբակորներին բռնում են կարթով ==

Կատամարանցիներն այնպիսի հետաքրքրությամբ էին հետևում թրաձկան շարժմանը, որ գրեթե բոլորովին մոռացել էին իրենց ողբալի վիճակը: Հազվագյուտ տեսարանով հատկապես տարվել էին Վիլյամն ու փոքրիկ Լալին։ Եվ այն բանից հետո էլ, երբ նավաստին ու Ձյունիկը զբաղվեցին ուրիշ ավելի կարևոր գործերով, նրանք, դեռ երկար ժամանակ իրար մոտ կանգնած, նայում էին այնտեղ, ուր քիչ առաք երևում էր թրաձուկը...

Հենց նոր երևում էր և ահա արդեն անհետացավ։ Մի զույգ ալբակոր կուլ տալով, անկշտում հրեշը, երևի, սուզվեց խորը կամ նետվեց ինչ-որ մեկ ուրիշ տեղ`ավելի հեռու։

Եվ ուր ասես չէին նայում յունգան ու փոքրիկ Լալին։ Ե́վ նավածրին, ուր քիչ առաջ իր արվեստն էր ցուցադրում թրաձուկը, և́ կողքերը, և́ առաջ։ Նրանք այդպես ուշադիր էին նայում չորս կողմը, որովհետև, իմանալով, թե լողալու ինչպիսի վարպետ է թրաձուկը, հասկանում էին, որ այդ վիթխարին կարող է երկու-երեք վայրկյանում մի քանի հարյուր սաժեն տարածու-թյուն անցնել որևէ ուղղությամբ։

Սակայն թրաձուկը ոչ մի տեղ չէր երևում։ Եվ յունգան էլ, ինչպես Լալին, թեև նրանք դեռ էլի հաճույքով կնայեին թրաձկան քթով կատարած վարժություններին, վերջապես ստիպված եղավ հաշտվել այն բանի հետ, որ ներկայացումն ավարտված է, քանի որ գլխավոր դերակատարը, ըստ երևույթին, գնաց իր արվեստը ցուցադրելու օվկիանոսի մեկ ուրիշ վայրում:

– Կարծես, այո, կարծես նա իրոք հեռացել է,– պատասխանեց Ձյունիկը յունգայի հարցին:– Լավ կլիներ, որ այդպես լիներ։ Այդ դեպքում մեզ էլ կհաջողվեր գոնե մի երկու ձուկ բռնել։ Ապա մի հիմա նայիր։ Բոլորովին ուրիշ կերպ են պահում իրենց։ Հանգիստ են, ոչնչից չեն վախենում։ Նշանակում է երկարամռութը քիթը ուրիշ կողմ է շրջել։ Ըստ երևույթին` թողել-գնացել է։

Ձյունիկը ճիշտ նկատեց, ալբակորների վարմունքը բոլորովին փոխվել էր։ Փոխանակ, ինչպես առաջ, խելահեղորեն լաստի մի կողմից մյուսը նետվելու, նրանք խաղաղ լողում էին լաստի մոտ, ոչ ետ մնալով, ոչ էլ առաջ անցնելով:

Դեռ ավելին, զգացվում էր, որ այժմ ալբակորները կհրապուրվեն խայծով, մինչդեռ թրաձկան ժամանակ որքան էլ Ձյունիկն ու նավաստին աշխատեցին խայծը նրանց քթին դեմ անել, նրանք համառորեն հրաժարվեցին համտես անելուց։

Նավաստին ու Ձյունիկը որոշեցին վերսկսել իրենց ձկնորսական գործողությունները։ Յուրաքանչյուրը շնաձկան մսի մի կտոր հագցրեց իր կարթի վրա. և խայծը ավելի հրապուրիչ էր նրանով, որ կար-թաձողի կեռիկը փաթաթված էր կարմիր շորով. նրանք, իհարկե, իսկական կարթաթել չունեին. դրան փոխարինում էր մի քանի ֆուտ երկարությամբ պարանը։

Երկու կեռիկները միաժամանակ ճողփյունով խրվեցին ջրի մեջ, և նրա մակերևույթին հայտնված շրջանակները դեռ չէին անհետացել, երբ լսվեց մեկ ուրիշ, ավելի ուժեղ ճողփյուն, և ջուրը փրփրեց. կեռիկների վրա թպրտում, կատաղորեն գալարվում էին երկու ալբակոր։ Արագորեն դուրս քաշելով, մեր ձկնորսներն անմիջապես հանդշպուգով հարվածեցին նրանց գլխին։

Գերիներին զննելու կամ ձեռք գցած որսով ուրախանալու վրա ժամանակ չկորցրին։ Բայց յունգան ու փոքրիկ Լալին չէին կշտանում իրենց մոտ հայտնված այդ գեղեցիկ արարածներին նայելուց, իսկ նավաստին ու նեգրը, շտապ-շտապ ուղղելով կարթերի խայծը, որ ատամներով թեթևակի ծամծմել թյունոսները (չէ որ ալբակորները պատկանում են թյունոսաձկների ընտանիքին), նորից ջուրը նետեցին կարթերը: Այս անգամ ձկները նախկին ագահությամբ չհարձակվեցին խայծի վրա։

Ասես ինչ-որ վատ բան կասկածելով, ամբողջ վտառը վախվխելով հեռացավ նրանից: Բայց թե խայծը այնպիսի հրապույրով էր պտտվում հենց նրանց քթի տակ, որ սկզբում մեկ, հետո երկրորդ ձկնիկը սկսեց ավելի ու ավելի մոտենալ. մի կտոր պոկելով, նրանք հանկարծ բաց էին թողնում ու վախեցած հեռու նետվում, կարծես տհաճություն զգալով նրա համից կամ հոտից։

Այսպիսի զգույշ համտեսումը շարունակվեց մի քանի րոպե, մինչև վերջապես ալբակորներից մեկը, ըստ երևույթին իր ուղեկիցներից ավելի խիզախը կամ գուցե ամենասովածը, նայելով գայթակղիչ կտորին, չհամբերեց և ինքն իրեն ասաց` «Մնաս բարով, զգուշություն», նետվեց Բենի կարթի խայծի վրա, մի թափով կուլ տվեց` կեռիկի և մի քանի դյույմ պարանի հետ միասին։

Այժմ կարելի էր չվախենալ, որ ձուկը կեռիկից կպոկվի: Նախքան Բենը կարթը կձգեր, որպեսզի ավելի խոր խրեր կեռիկը, այն արդեն շատ ամուր նստել էր ձկան ներսում։ Երկրորդ անգամ ձգելով, նա ձուկը դուրս քաշեց լաստի վրա, որտեղ, ինչպես և նրա երկու նախորդներին, վերջ տվեց գլխին հասցրած հանդշպուգի հարվածով։

Այդ միջոցին Ձյունիկը ջանասիրաբար շարունակում էր որս անել, նույն բանով զբաղվեց նաև մյուս ձկնորսը, որը, իր բռնած երկրորդ ձկան հետ հաշիվները մաքրելուց հետո, թարմ խայծ ամրացրեց ու նորից կարթը ջուրը գցեց։

Բայց նորից ինչ-որ բան վախեցրեց ալբակոբներին. նրանք վերստացան իրենց նախկին երկչոտությունը։ Ձկնորսները, ինչպես երևում էր, մեղավոր չէին դրանում. ձկներին անհանգստացրել էր ինչ-որ մեկ ուրիշ բան, որը լաստից չէր երևում։

Ալբակորներն այնքան մոտեցան լաստին, որ կարելի էր տեսնել նրանց ամեն մի շարժումը, ամեն մի մանրամասնությունը, ընդհուպ մինչև նրանց աչքերի ծիածանագույն թաղանթի փայլը։

Նրանց հետևող քառյակը տեսավ, որ ձկները վերև են նայում։ Վերև սկսեցին նայել և́ մեր ձկնորսները, և́ պարապ կանգնած յունգան ու Լալին. բոլորը հայացքները հառեցին երկնքին: Բայց այնտեղ չէր երևում մի այնպիսի բան, որը կարող էր ահաբեկել ալբակորներին։ «Այդ դեպքում ինչո՞ւ են այդպես տագնապալից վերև նայում»,– մտածեցին յունգան ու Լալին։ Նավաստին ևս տարակուսում էր, նա տեսնում էր միայն կապույտ, անամպ երկինքը և ուրիշ ոչինչ:

Միայն Ձյունիկը, որի օվկիանոսային կյանքի գիտելիքները կրկնակի ավելի շատ էին, քան մյուս երե-քինը միասին վերցրած, հայացքը չէր կտրում, այլ, ը-նդհակառակը, շարունակ համառորեն նայում էր երկն-քին։ Եվ վերջապես մի գոհունակ բացականչություն դուրս թռավ նրա կոկորդից. նա տեսավ մի այնպիսի բան, որով և, նրա կարծիքով, բացատրվում էր ալբակորների տարօրինակ վարմունքը։

– Ֆրեգա՜տ<ref>Ֆրեգատ – եռակազմ ռազմանավ, ինչպես նաև՝ արագաթռիչք որոր:</ref>...– ատամների արանքից նետեց Ձյունիկը:– Եվ այն էլ երկուսը. թերևս` արու և էգ: Գուցե հենց այս պատճառով էլ ահաբեկվել են ձկները։

– Ի՞նչ։ Ֆրեգա՞տ,– կրկնեց նավաստին։

Այդպես է կոչվում օվկիանոսում թափառող խիստ յուրատեսակ գիշատիչ թռչուններից մեկը։ Բնագետները «պելիկանուս ակվիլա» անունն են տալիս նրան, իսկ ծովայինները արագ թռիչքի ու մարմնի գեղեցիկ կառուցվածքի համար նրան ճանաչում են այն անունով, որ ասաց Ձյունիկը։

– Այդ որտե՞ղ տեսար։ Որտե՞ղ է։ Ոչ մի թռչուն չեմ տեսնում։ Որտե՞ղ է, ասա։

– Տես, ահա... գրեթե ճիշտ մեր գլխավերևում... Ա՜յն ամպի մոտ։ Ահա նրանք` մեկը, իսկ կողքին` մյուսը, արու և էգ։ Ես երկուսին էլ պարզ տեսնում եմ։

– Համա թե սուր աչք ունես, Ձյունիկ։ Իսկ ես ոչ մի թռչուն էլ չեմ տեսնում... Ա՜, ահա նրանք։ Իսկապես երկուսն են։ Դե, իհարկե, բարեկամս, ֆրեգատներ են։ Թևերից կարել է անմիջապես ճանաչել։ Օվկիանոսում թռչող ոչ մի ուրիշ թռչուն այդպիսիք չունի։ Եվ նրանցից ոչ մեկն այնքան չի բարձրանում, ինչքան սա։ Նրա թևերը, երբ բաց է անում, տասներկու ֆուտ լայնություն են ունենում, իսկ այստեղից ծիծեռնակի չափ են թվում։ Ուրեմն, թռչունները բարձրացած կլինեն մի ամբողջ մղոն։ Ճի՞շտ եմ ասում, Ձյունիկ:

– Մեկ մղո՞ն, մասա Բեն։ Ավելի լավ է` ասեք երկու մղոն: Պահվել են քամուց: Ու քարացել են նույն տեղում։ Այ թե հա՜. թերևս` քնած են։

– Քնա՞ծ,– արձագանքեց յունգան։ Ծայրահեղ զարմանք կար նրա ձայնի մեջ։– Չլինի՞ թե, Ձյունիկ, ուզում ես ասել, որ թռչունը կարող է քնել օդում։

– Էխ, փոքրիկս, Վիլմ։ Դու շատ քիչ բան գիտես այս տեղերի թռչունների մասին։ Կարո՞ղ է քնել օդում։ Իհարկե, նրանք քնում են օդում։ Մեկ էլ տեսար թևերը ծալեցին, սեղմեցին մարմնին ու գլուխը պահեցին թևի տակ... Ճի՞շտ եմ ասում, մասա Բեն։

– Չգիտեմ, Ձյունիկ, չեմ կարող ճիշտն ասել` այդպես է, թե չէ,– անվստահ պատասխանեց ռազմանավի նախկին նավաստին։– Լսել եմ այդ մասին, միայն թե ինձ թվում է, որ դա փչոց է։

– Համա թե ասացի՜ք,– պատասխանեց Ձյունիկը, գլուխն օրորելով հեգնանքով։– Իսկ ինչո՞ւ է փչոց։ Չէ՞ որ ֆրեգատ նավը կարող է առագաստներն իջեցրած «քնել» ջրի վրա։ Իսկ ինչո՞ւ ֆրեգատ թռչունը չի կարող քնել օդում։ Ինչ որ ջուրն է ֆրեգատ նավի համար, այն էլ օդն է ֆրեգատ թռչունի համար։ Ի՞նչը կխանգարի նրան այնտեղ քնելու: Թերևս միայն ուժեղ քամին։ Իհարկե, ուժեղ քամու ժամանակ նա այնտեղ քնել չի կարող։

– Ահա թե ի՜նչ, բարեկամս...– պատասխանեց նավաս-տին։ Ձայնից զգացվում էր, որ նա այդ հարցի վերաբերյալ որոշակի կարծիք չունի։– Գուցե դու իրավացի ես, իսկ գուցեև ոչ։ Չեմ ասում, թե ստում ես, մտքովս անգամ այդպիսի բան չի անցնում։ Միայն գիտեմ, որ շատ եմ տեսել օդում անշարժացած ֆրեգատների, ինչ-պես որ հիմա, որոնք չեն շարժվել ոչ քամուն հակառակ, ոչ էլ նրա ուղղությամբ։ Բայց և այնպես, չեմ հավատում, որ նրանք քնում են օդում։ Ինչքա՜ն եմ տեսել, այդպիսի ժամանակ նրանք մերթ ծալում են իրենց մկրատանման պոչը, մերթ բաց են անում, ինչպես դերձակը մկրատն է բացում։ Եվ կարծում եմ, որ այդ ժամանակ նրանց ոչ մի աչքն էլ քնած չէ։ Եթե նրանք քնեին, ինչպե՞ս կարող էին պոչերն այդպես շարժել։ Թեև թռչունների պոչը փետուրներից է, բայց և այն-պես, ծանրություն ունի։ Այդ ինչպե՞ս է ֆրեգատը քնած ժամանակ պոչը շարժում։

– Լավ, լավ, մասա Բեն,– ասաց նեգրը էլ ավելի ներողամտաբար, ասես խղճալով նավաստուն, որ նա չկարողացավ ավելի ծանրակշիռ փաստարկ բերել,– իսկ միթե` դուք քնած ժամանակ չեք շարժում ձեր բութ մատը կամ թաթը, իսկ գուցեև ամբողջ ոտքը։ Եվ հետո` ըստ ձեզ ստացվում է, որ ֆրեգատը բոլորովին չի հանգստա-նում, չի քնում: Ախր դուք գիտեք, որ նա լողալ չի կարող, որովհետև ոտքերի վրայի թաղանթը շատ փոքր է, և ջրի վրա էլ մնում է ոչ ավելի լավ, քան որևէ խայտահավ կամ իր աղբակույտին սովոր պառավ հավը։ Չէ որ ֆրեգատի համար ջրի վրա քնելը նույնքան անհնարին է, որքան և ինձ ու ձեզ համար, մասա Բեն։

– Դե լավ, Ձյունիկ,– դանդաղ, ասես պատասխան փնտրելով, ասաց նավաստին,– ես ուրախ կլինեի քեզ հետ համաձայնվել. այն, ինչ որ դու ես ասում, կարծես նման է ճշմարտության... Բայց և այնպես, սպանես էլ չեմ հասկանա, թե ինչպես կարող է թռչունը օդում քնել։ Դա նույնն է, թե հավատայի, որ իմ բրեզենտե հին գլխարկը կարող եմ ամպերի եզրից կախել։ Եվ միևնույն ժամանակ խոստովանում եմ, ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ, թե իրոք, ինչպես են ֆրեգատները հանգստանում։ Գուցե նրանք ամեն գիշեր վերադառնում են ափ, իսկ առավոտյան նորից ետ թռչում։

– Հա՜մա թե ասացիք, մասա Բրաս։ Մի՞թե մի ավելի խելոք բան չէիք կարող մտածել։ Մարդիկ ասում են, թե իբր ֆրեգատը երբեք հարյուր լիգից ավելի չի հեռանում ափից: Սո́ւտ են ասում։ Այս նեգրը,– մատով իր կրծքին խփեց Ձյունիկը,– այդպիսի ծեր արու է տեսել հենց Ատլանտյան օվկիանոսում, ափից հարյուր լիգից շատ ավելի մեծ հեռավորության վրա։ Հիմա էլ նրանք նույնպիսի տարածության վրա են գտնվում։ Վատ չէր լինի, որ ճիշտ լիներ, թե իբր ֆրեգատը երբեք հարյուր հանգույցից ավելի չի հեռանում ցամաքից. այդ դեպքում գուցեև մեզ հաջողվեր նրան բռնել։ Աստված իմ։ Ախր մենք հիմա կրկնակի հեռու ենք ցամաքից, իսկ այս երկարաթև թռչունները բարձր կախված են մեր գլխավերևում և քնած են նույնքան հանգիստ, ինչպես այս նեգրն է,– նա նորից մատը խփեց իր կրծքին,– ժամանակին քնել հին «Պանդորա»-ի քամբուզում։

Այս անգամ Բենը առարկելու ոչինչ չուներ: Չգիտես` ճիշտ էին նեգրի փաստարկները, թե նա լոկ խորամանկորեն ճշմարտացիության տեսք էր տալիս դրանց, բայց թե փաստը մնում է փաստ: Բարձր երկնքում սավառնում էին երկու մութ ուրվագիծ, պարզ երևալով վառ երկնագույն ֆոնի վրա։ Թեև Նրանք շատ բարձր էին կախված ու բոլորովին չէին շարժվում, բայց և այնպես, զգացվում էր, որ դրանք կենդանի արարածներ են, որ դրանք թռչուններ են և պատկանում են հենց այն տեսակին, որին անմիջապես ու անսխալ կերպով նրանց վերագրեցին նավաստին ու նեգրը, թեև գիտության այդ բնագավառից անտեղյակ էին։


== Գլուխ XLVIII. Ֆրեգատը ==

Ֆրեգատը («պելիկանուս ակվիլա»), որն այնքան աշխույժ վեճեր առաջացրեց «Կատամարան»-ի վրա, շատ տեսակետներից էականորեն տարբերվում է օվկիանոսային մնացած թռչուններից։ Թեև նրան սովորաբար հավալուսների շարքն են դասում, բայց նա գրեթե ոչնչով նման չէ տնային սագ հիշեցնող այդ անճոռնի թռչունին։

Օվկիանոսի վերևում սավառնելով, որս անող թռչունների մեծ մասից նա ամենից առաջ տարբերվում է նրանով, որ մատների միջև միայն մի փոքրիկ լողաթաղանթ կա, իսկ ոտքերի ճանկերն այնպիսին են, ինչպես արծվինը կամ բազեինը։

Նա ուրիշ տեսակետներից էլ խիստ նման է այդ թռչուններին, այնպես որ, ծովայինները, ելնելով այս նմանությունից, մեծ տարբերություն չեն դնում նրանց միջև և ֆրեգատին պարզապես անվանում են ծովային բազե, ֆրեգատ-բազե կամ ֆրեգատ-արծիվ։ Այդպես է կոչվում նաև օվկիանոսի վերևում որս որոնող խոշոր ձկնկուլը։

Արու ֆրեգատի մարմինը սև է ագաթի պես, և միայն կտուցն է վառ կարմիր, շատ երկար, տափակ և ծայրը` կտրուկ ոլորված դեպի ներքև։ Էգը նույնպես ամբողջովին սև է, միայն մի մեծ սպիտակ կլոր պուտ կա փորի վրա։

Ֆրեգատի ոտքերը մարմնի համեմատությամբ կարճ են: Մատների վրա, ինչպես արդեն ասացինք, մեծ եղունգներ կան. միջնամատը ծածկված է թեփուկով և խիստ ոլորված է: Ֆրեգատի ոտքերը մինչև թաթը ծածկված են փետուրներով, մի բան, որով վերստին դրսևոր-վում է նրա նմանությունը ցամաքային գիշատիչ թռչունների հետ։ Նրանք ունեն ևս մեկ ընդհանուր ու բնորոշ նշան, ֆրեգատի միջնամատը ծալված է ներսի կողմը, ասես նրա համար, որպեսզի կարողանա ծառի վրա նստելիս կառչել, մի բան, որ նա անում է, երբ ափ է գալիս, որտեղ հաճախ բույն է հյուսում ծառի վրա կամ գիշերում է ճյուղին նստած, ինչպես թառի վրա։

Ըստ էության այդ թռչունը, կարելի է ասել, միջան-կյալ օղակ է ցամաքում ապրող գիշատիչ թռչունների և օվկիանոսի վերևում որս անող թաղանթավորների միջև։

Հնարավոր է, որ ֆրեգատը շարունակում է ձկնորս թռչունի և ծովային արծվի սկսած գիծը։ Նրանք սնունդ են ճարում ջրից, սակայն որոնելու համար ափից շատ չեն հեռանում։

Ֆրեգատը, որին իսկապես ծովային բազե կամ արծիվ կարելի է անվանել համարձակության և ուժի համար, այն բոլոր հատկությունների համար, որ հատուկ են նրան, ինչպես և այդ արքայական թռչուններին, ափից այնքան հեռու է թռչում, որ հաճախ նրան կարելի է տեսնել օվկիանոսի մեջտեղում։

Այդ թռչունն ունի մի զարմանալի հատկություն, որը մինչև այժմ չեն կարող բացատրել թռչնաբանները: Բանն այն է, որ նրա թաթերը թաղանթ գրեթե չունեն, հետևաբար` նա լողալ չի կարող։ Եվ իրոք, ոչ ոք երբեք չի տեսել, որ ֆրեգատը ջրի վրա նստի հանգստանալու։ Նա չի կարող մնալ նաև ալիքի վրա. ոտքերի ու մարմնի կառուցվածքը այդ դարձնում է անհնարին։ Բայց այդ դեպքում ինչպե՞ս և որտե՞ղ Է նա հանգստանում, երբ թևերը հոգնում են։ Այս հարցին իսկապես որ դժվար է պատասխանել։

Ոմանք, ինչպես, օրինակ, Բեն Բրասը, պնդում են, թե իբր ֆրեգատը ամեն երեկո գիշերելու համար վերադառնում է ափ։ Բայց եթե հիշենք, որ նրա համար ափ հասնելը երբեմն նշանակում է գրեթե հազար մղոն ճանապարհ անցնել, չհաշված հակառակ ուղղությամբ դեպի ձկնորսության վայրը կատարած ճանապարհորդությունը, ապա այդպիսի ենթադրությունը բոլորովին ճշմարտանման չի լինի։ Շատ ծովայիններ այն կարծիքին են, որ նա քնում է մեծ բարձրության վրա օդում կախված վիճակում։ Այդպիսին էր և Ձյունիկի կարծիքը։

Եվ ահա այս կարծիքը կամ ենթադրությունը, ինչպես ուզում եք անվանեցեք, որի վրա ծիծաղեց Բեն Բրասը` որպես ամենաանհավանական անհեթեթության, վերջ ի վերջո կարող, է պատահել, որ այնքան էլ հեռու չէ ճշմարտությունից։ Որքան հաճախ է պատահել, որ որևէ նավաստու պատմած արտասովոր դեպքերն ընդունվել են որպես շաղակրատանք, որպես ֆանտաստիկ զառանցանք, ինչպես, օրինակ, ֆրեգատի վերաբերյալ պատմությունը, և ծաղրվել են կաբինետային գիտնական-բնագետների գիտական տեսանկյունից, բայց վերջ ի վերջո պարզվել է, որ զուտ ճշմարտություն են։

Ինչո՞ւ ծովայինների այն պնդումը, թե իբր ֆրեգատը քնում է օդում, չի կարող ճիշտ լինել։ Չէ՞ որ այն հիմնված է անձնական դիտարկման վրա և բոլորովին էլ նավաստիական հորինվածք չէ, ինչպես համարում են խելոք և իրենց մասին բարձր կարծիք ունեցող, բայց հաճախ սխալվող դասատու բնագետները։

Եկեք ստուգենք, արդյո՞ք այդքան անհավանական է ֆրեգատի քնելու վերաբերյալ ծովայինների տեսությունը։

Որ ֆրեգատը կարող է օդում հանգստանալ, դա բոլորովին կասկածից վեր է։ Հաճախ կարելի է տեսնել, ինչպես այժմ տեսան մեր կատամարանցիները, որ նա թևերը պարզած, անշարժ կախված է օդում և միայն իր երկար, երկատված պոչն է շարժում թեթևակի, մերթ բացելով, մերթ փակելով, ինչպես, նավաստու դիպուկ արտահայտությամբ, դերձակն իր մկրատը։ Այդ շարժումը, հնարավոր է, զուտ մկանային բնույթի է և միանգամայն համատեղելի է քնելու կամ ննջելու վիճակի հետ, որում թռչունը գտնվում է հանգստանալիս։ Ինչ էլ որ լինի, նա մնում է օդում, առանց դիրքը փոխելու, առանց տեղից շարժվելու, երբեմն րոպեներ շարունակ ոչ մի շարժում չի անում, այլ միայն իր երկատված պոչի գեղեցիկ ոլորված երկար փետուրներն է բացում ու փակում։

Ձուկը քնում է, և այդ դիրքում ջրի մեջ մնալու համար որևէ նկատելի ջանք չի գործադրում։ Ինչո՞ւ նույն բանը օդում չեն կարող անել որոշ թռչուններ, որոնց մարմինը շատ ավելի թեթև է ձկան մարմնից, իսկ կմախքը օդային շերտեր ունի, որոնք օգնում են նրան մնալու օդում։

Ֆրեգատը հազվադեպ է հանգստանում այս բառի սովորական իմաստով։ Նրա ռիթմիկ, նազելիորեն թեթև թռիչքը` հսկայական սլացիկ թևերի օգնությամբ (բացված վիճակում դրանք երբեմն հասնում են տասը ֆուտի), ապացուցում է, որ նա օդում իրեն զգում է նույնքան հանգիստ ու թեթև, ինչպես ծառի ճյուղի վրա։ Ստույգ հայտնի է, որ նա շաբաթներ, ամիսներ շարունակ չգիտե, թե ինչ է ծառի վրա կամ որևէ մեկ ուրիշ բարձր տեղում հանգստանալը։

Ճիշտ է, եթե ֆրեգատը ձուկ է որսում ափի մոտերքում, նա սովորաբար ափին էլ գիշերում է։ Իսկ եթե նա թռչում է հեռու, բաց ծով, ապա ամբողջ գիշերն անցկացնում է օդում։ Ֆրեգատը հանգիստ չի որոնում, ինչպես այդ անում են օվկիանոսային շատ ուրիշ թռչուններ, օրինակ, նրա մերձավոր ազգակից ջրահավը։ Նա հանգստանալու համար չի նստում ոչ նավերի կայմին, ոչ էլ նավի որևէ բարձր ձողի վրա, այլ անդադար։ Սավառնում է լողացող նավերի կայմերի վերևում, ասես հաճույք գտնելով դրանում, ու երբեմն էլ կտուցով պատառներ է պոկում դրոշակաձողի գունավոր կտորից։

Հանցանքի վայրում բռնված ֆրեգատի մասին մի զվարճալի անեկդոտ են պատմում։ Այն նավաստին, որը կայմն է բարձրացել ու բռնել նրան, եղել է նավի վրա ժամանակավորապես ծառայող գյուղացի տղա։ Նա ձո-ղանի պես երկար է եղել ու նիհար։ Եվ ահա այդ դեպքից հետո նավի անձնակազմը միշտ ձեռք էր առնում նրան, հավատացնելով, թե ֆրեգատը, որ սովոր է նավաստիներին ճանաչել իրենց կեցվածքից, սխալվել է, նորեկին դրել է ձողանի տեղ ու ոչ թե նավաստու, և իր սեփական սխալի զոհն է դարձել։

Խիստ ասած, ֆրեգատը ձկնորսություն չի անում, ինչպես օվկիանոսի մնացած գիշատիչ թռչունները։ Քանի որ նա չի կարող ոչ լողալ, ոչ էլ սուզվել, ապա, իհարկե, չի էլ կարող ջրից ձուկ բռնել։ Բայց, այդ դեպքում, ինչո՞վ է նա ապրում։ Որտեղի՞ց է սնունդ գտնում իր համար: Կարճ ասենք. նա որսը բռնում է օդում և գլխավորապես սնվում է թռչող ձկներով ու թռչող թանաքաձկներով։ Երբ սրանք, փախչելով իրենց հետապնդողներից, ջրից դուրս են թռչում` ապահովություն փնտրելով օդում, ֆրեգատը նկատում է նրանց ու քարի պես ցած ընկնում և բռնում` նախքան նրանք կհասցնեն վերադառնալ իրենց համար նույնքան վտանգավոր տարերքը, որտեղից հենց նոր դուրս էին թռել։

Թռչող ձկներից բացի, ֆրեգատը որսում է նաև ջրից դուրս ցատկելու սովորություն ունեցող ձկներին, իսկ երբեմն էլ խլում է ջրահավի, ճայի, ծո-վային ծիծեռնակի և արևադարձային այլ թռչունների որսը, որոնք կարող են և́ սուզվել, և́ լողալ. ըստ որում սկզբում նրանց հարկադրում է բաց թողնել ձուկը, իսկ այնուհետև ինքը բռնում է օդում`նախքան այն նորից ջուրը կընկնի։

Այդ յուրատեսակ գիշատիչ թռչունը պարզապես երանություն է ապրում փոթորկի ժամանակ. դա նրա համար ամենաառատ որսի ժամանակն է, քանի որ կարող է բռնել փոթորկի կողմից ուղղակի ջրի ալեկոծվող մակերևույթին նետված ձուկը: Իսկ երբ օվկիանոսում լիակատար հանդարտություն է տիրում, նա դիմում է այլ միջոցի, ջրից ձուկ բռնած թռչուններին ուժով ստիպում է իրենց օրինական որսը տալ իրեն։ Դեռ ավելին նրանց հարկադրում է զկռտալով դուրս բերել արդեն կուլ տված ձուկը։

Թռչելու զարմանալի վարպետությունը նրան հնարավորություն է տալիս ո́չ միայն առանց վրիպելու բռնել դուրս նետված կտորը (նա այդպիսի ֆոկուսների էլ է դիմում). եթե պատահում է, որ ձուկը հարմար վիճակում չի ընկնում կտուցի մեջ, նա ձկանը նորից նետում է օդ, բռնում նորից ու նորից, մինչև որ կարողանում է կուլ տալ:


== Գլուխ XLIX. Երկու գիշատիչների արանքում ==

Թռչունները, որոնց այնքան ուշադիր հետևում էին կատամարանցիները, հանկարծ դուրս եկան անշարժության վիճակից և, օդում սավառնելով, սկսեցին պարուրաձև իջնել, մոտենալ ջրին։

Շուտով նրանք այնքան ցածրացան, որ արուի կարմիր, դուրս ցցված խպիպը, ինչպիսին ունենում է փքվող աղավնին, արդեն պարզ երևում էր։ Թռչունների բարեկազմ մարմինները` մանգաղաձև երկար թևերով ու երկատված գեղեցիկ պոչով, պարզորոշ գծագրվում էին երկնքի կապույտի վրա։

Ալբակորները բոլորովին դադարեցին Ձյունիկի ու Բրասի առաջարկած խայծին ուշադրություն դարձնելուց և սկսեցին արագ դես ու դեն ընկնել ջրում, մինչև որ ցրվեցին օվկիանոսով մեկ։

Միթե՞ վերևում կախված ֆրեգատների սարսափն էր, որ նրանց ստիպեց այդպես փոխել իրենց համար սովորական տակտիկան:

Ո́չ, այդպիսի վարմունքի պատճառը մեկ ուրիշ բան էր, ո՛չ սարսափը։ Նրանք, ըստ երևույթին, ցրվեցին մեկ ուրիշ բանի պատճառով, որը ոչ իրենք, ոչ էլ լաստի վրա գտնվողները դեռևս չէին տեսնում։

Բեն Բրասն ու Ձյունիկը գիտեին, որ ալբակորները այդպես իրար անցան ոչ այն պատճառով, որ վախեցան ֆրեգատներից. դրանք բոլորովին էլ սարսափելի չէին նրանց համար։ Բայց յունգան, որ դեռ քիչ էր հասկանում օվկիանոսի կյանքը, նույնիսկ նկատած լինելով, որ ալբակորների տեսքը բոլորովին էլ վախեցած չէ, չհասկացավ, թե ինչու նրանք հանկարծ այդպես իրար խառնվեցին, և, ցույց տալով թռչուններին, որոնք այժմ ջրի մակերևույթից մոտ հարյուր սաժեն էին բարձր, դիմեց ավագ ընկերներին.

– Մի՞թե այդպիսի մեծ ձուկն էլ է ֆրեգատներից վախենում։

– Ալբակորներին չէ՛, որ հետևում են նրանք,– պատասխանեց նավաստին,– ալբակորներն էլ նրանցի՛ց չեն վախենում։ Մոտերքում ինչ-որ մեկ ուրիշ ձուկ կա, միայն չի երևում, թե ինչ տեսակ է։ Նրան չեն տեսնում նաև այս երկնագույն գեղեցկուհիները։ Բայց թե սրանք աչքները չորս արած փնտրում են նրան: Տեսնո՞ւմ ես, ինչպես են շուրջը պտտվում։

Եվ, պարզ բան է, հենց որ այդ ձուկը ալբակորներին տեսնի, անմիջապես սարսափից դուրս կթռչի ջրից։

– Ի՞նչ ուրիշ ձկան մասին ես խոսում,– հարցրեց յունգան նավաստուն։

– Հասկանալի է, որ թռչող ձկան։ Հենց այն ձկան, որը ժամանակին մեզ փրկեց սովամահությունից, հի-շու՞մ ես։ Մոտերքում այդ ձկների մի ամբողջ վտառ կա։ Ֆրեգատներն էլ են նրա հոտն առել և այդ պատճա-ռով էլ պտտվում են այս տեղերում։ Նրանք նկատել են ալբակորներին, բայց որովհետև գիտեն, որ նրանք նույնպես թռչող ձկնիկներ են որսում, ապա ներքև են իջել` խաղին ավելի մոտ գտնվելու համար։ Քանի դեռ ալբակորները չեն տեսել թևավոր արարածներին ու չեն խրվել նրանց մեջ, ֆրեգատը ստիպված կլինի մի-այն շուրթերը լիզել։ Նա ոչինչ չի կարող անել, մինչև ալբակորներից ահաբեկված ձկները ջրից դուրս չթռչեն։ Իսկ այս երկնագույն գեղեցկուհի-ները կարծես դեռ նրանց չեն տեսնում, բայց, դատելով նրանց շարժուձևից, ասածս հիշիր, հիմա կնկատեն... Ահա։ Չասացի՞, Վիլմ։ Այնտեղ նայիր։ Որսը սկսվե՜ց։

Եվ իրոք, մի քանի ալբակորներ հանկարծ շրջվեցին «Կատամարան»-ի ուղղությանը զուգահեռ կողմը և կայծակի արագությամբ առաջ սլացան թափանցիկ ջրում։

Լաստի վրա գտնվող հանդիսականները տեսան, թե ինչպես մի քանի սպիտակ կետեր ակնթարթորեն փայլատակեցին օդում և անմիջապես անհետացան ջրի մեջ։

Կատամարանցիները թափանցիկ լողաթևերի արծաթավուն փայլից անմիջապես ճանաչեցին թռչող ձկնիկների վտառը, այժմ նրանց հետապնդում էին թշնամիներից ամենավտանգավորները` ալբակորները։

Որոշ թռչող ձկներ չհասցրին դուրս նետվել ու դարձան իրենց հետապնդողների որսը։

Ֆրեգատները պտտվում էին և́ հետապնդողների, և՛ հետապնդվողների գլխավերևում, սպասելով իրենց հերթին։ Եվ հենց որ այդ սիրունիկ արարածները հայտնվեցին ջրի երեսին, թռչունները քարի պես նետվեցին ներքև` երկու զորաջոկատների միջև, յուրաքանչյուրը ընտրելով իր զոհին։ Հարձակումը հաջող անցավ։ Կատամարանցիները տեսան, թե ինչպես երկու ֆրեգատները վեր բարձրացան` յուրաքանչյուրի կտուցին մի թռչող ձկնիկ։

Սակայն մի ֆրեգատին, թերևս, քիչ թվաց միայն ձուկ բռնելը. նա կամեցավ նաև խաղալ ձկնիկի հետ. հանկարծ գլուխը ցնցելով, նա իր որսը վեր նետեց ու հետո բռնեց, և այդպես մի քանի անգամ։ Ուզածին չափ զվարճանալով, նա, հենց որ ձկնիկը նորից հայտնվեց կտուցի մեջ, ամբողջությամբ կուլ տվեց նրան։ Ձկնիկն իր լողաթևիկներով անհետացավ նրա կոկորդում, որտեղ նրանից առաջ, անկասկած, նրա նման շատերն էին ընկել։

Սակայն, ինչպես երևում է, մեկ ձկնիկը քիչ էր ֆրեգատների համար, և նրանք որսը կուլ տալուց հետո անմիջապես նախկին դիրքը գրավեցին, սպասելով հարմար պահի, որպեսզի ներքև նետվեն նոր զոհ գտնելու համար։

Եվ կատամարանցիների բախտը բերեց, նրանց վիճակվեց տեսնել օվկիանոսում երբեմն տեղի ունեցող բացառիկ հետաքրքիր դեպքերից մեկը, այն փոքրիկ ողբերգությունը, որ հաճախ կատարվում է բնության մեջ, ըստ որում գործող անձինք դարձան նրա իսկ ստեղծած երեք արարածները, և բոլոր երեքն էլ իրա-րից միանգամայն տարբեր:

Ֆրեգատը, որ նոր որսի էր սպասում, իր համար զոհ ընտրեց հենց իր ներքևում թռչող ձկնիկին, որը պատահականորեն բոլորովին մենակ էր մնացել։ Չգիտես` իր ընկերներից ավելի վատ լողալու, թե ավելի վատ թռչելու պատճառով, նա անջատվել էր ամբողջ վտառից:

Բայց նա այլևս չէր դանդաղում, և միանգամայն հասկանալի է, թե ինչու, նրա հետքով սլանում էր երեք ֆուտ երկարությամբ ալբակորը։ Ե՛վ ալբակորը, և́ թռչող ձկնիկը գործի էին դրել իրենց մկանների այն ամբողջ ուժը, որ պարփակված է նրանց լողակներում, մեկը` որպեսզի փախչի, իսկ մյուսը` որպեսզի խանգարի այդ անելուն։

Լաստի վրա գտնվողների համար միանգամայն ակնհայտ էր, որ ալբակորը հաղթող դուրս կգա այդ մրցությունից: Ավաղ, այդ հասկացել էր նաև թռչող ձկնիկը։ Փոքրիկ արարածը թափանցիկ ջուրը ճեղքելիս ասես դողում էր սարսափից: Եվ մեր հանդիսականները որոշեցին, որ հիմա նա դուրս կթռչի ջրից ու հիմար վիճակում կթողնի իր ագահ հետապնդողին:

Անկասկած, դա հալածված թռչող ձկնիկի համար միակ ելքն էր, և կասկածից վեր է նաև, որ նա հենց այդպես էլ ուզում էր անել, երբ հանկարծ տեսավ իր գլխավերևում սավառնող ֆրեգատի երկար սև թևերն ու ագահորեն ձգված վիզը:

Այս տեսարանը բավական էր, որպեսզի ձկնիկը մի փոքր մնար ջրի տակ, ճիշտ է` ընդամենը մի կարճ ակնթարթ: Ա՜յ քեզ վիճակ: Վերևում` այդ այլանդակ կարմիր խպիպն ու գիշատչորեն ձգված վիզը: Ներքևում` բացվելու և նրան կուլ տալու պատրաստ ահավոր երախը։ Փրկության ոչ մի հույս չկար:

Ձկնիկի գլխավերևում անհամբեր սպասողականությամբ սավառնող ֆրեգատը առանց ժամանակ կորցնելու ցած նետվեց, որ բռնի նրան։ Գուցե այն պատճառով, որ չափից դուրս վստահ էր իր նկատմամբ, իսկ գուցեև մեկ ուրիշ անբացատրելի պատճառով, նա ակնառու կերպով հաստատեց այն հին ու բոլորին հայտնի առածը, թե` բաժակից մինչև բերանը դեռ հեռու է, կարճ ասած` թռչող ձկնիկը խույս տվեց նրանից:

«Կատամարան»-ից տեսան, թե ինչպես ֆրեգատը, կտուցը լայն բացած ու ճանկերն ագահորեն չռած, նետվեց դեպի ձկնիկը, որպեսզի կառչի նրանից։ Բայց... նրա ամբողջ մարտական կիրքն իզուր անցավ, արծաթասպիտակավուն ձկնիկը նետի պես անցավ նրա մոտով և ընկավ ջուրը։ Կատամարանցիները հասկացան, որ թռչող ձկնիկն ազատվեց։


== Գլուխ L. Ձյունիկը թավալգլոր ընկնում է ջուրը ==

Եվ այժմ բոլորը զարմացած նայում էին ֆրեգատին, որովհետև, նորից վեր բարձրանալու և իր բաց թողած ձկնիկի կամ էլ մեկ ուրիշ որսի ետևից ընկնելու փոխարեն, նա մնաց օվկիանոսի մակերևույթին ու, թևերը փռած, սկսեց այնպիսի ուժով հարվածել ջրին, որ չորս կողմը ցայտեր էին թռչում, նրան պարուրելով ջրային ամպով։

Բացի այդ, նա առանց մի վայրկյան անգամ հանգստանալու` սուր ճչում էր։

Բայց դա հաղթական ճիչ չէր, ընդհակառակը, զգացվում էր, որ հենց իրեն է վտանգ սպառնում, որ ինքն է ինչ-որ մեկ ուրիշ, իրենից ավելի հզոր գիշատչի զոհը դարձել։

Այդ անբացատրելի շարժումները, որ նման էին ազատվելու համար գործադրվող ջանքերի, տևեցին մի քանի վայրկյան: Օվկիանոսի մակերևույթը մի քանի քառակուսի յարդ տարածության վրա ցնցվում էր, ալիքվում ջրի տակ գտնվող ինչ-որ կենդանի արարածի ջանքերով։ Իսկ այդ ամբողջ միջոցին թռչունը շարունակում էր ճչալ ու թևերով փրփրացնել ջուրը, ինչպես մի վիթխարի մոլեգնած հավալուսն:

Լաստի վրա գտնվողներից ոչ մեկը չէր կարող հասկանալ, թե ինչով է բացատրվում ծեր ֆրեգատի այս տարօրինակ վարմունքը։

Մնացածներից ոչ պակաս զարմացած ու շփոթված էր նաև Ձյունիկը, որը գտնում էր, թե օվկիանոսում չկա մի բան, որ ինքը չկարողանա բացատրել։

– Ի՞նչ է կատարվում նրա հետ, Ձյունիկ,– հարցրեց Բենը, հուսալով, որ ով-ով, բայց նեգրը կկարողանա բացատրություն գտնել ֆրեգատի այդ տարօրինակ վարմունքի համար։– Ֆրեգատը ողնուցով կպել է ինչ-որ բանից... Շանթահարվեմ, եթե նա հիմա ջրի տակ չանցնի։

– Ես էլ շանթահարվեմ,– պատասխանեց Ձյունիկը, առանց քաշվելու փոխ առնելով նավաստու սիրած արտահայտությունը։– Տեղնուտեղը անդունդն անցնեմ, թե գիտեմ ինչ է կատարվում։ Աստվա՜ծ իմ, ոնց որ ինչ-որ մեկը բռնել է թռչունի ոտից... Գուցե շնաձուկ է, գուցեև երկարամռութը... կամ էլ...

Եթե Ձյունիկն իր խոսքն ավարտեր, ասելու էր` «թրաձուկը»։ Բայց դա նրան չհաջողվեց։ Հենց այն պահին, երբ նա, կռահումներ անելով, զարմացած աչքերն էր պտտեցնում, ինչ-որ բան ուժեղ հարվածեց լաստի տակից։ Հարվածը կպավ հենց այն տախտակին, որի վրա Ձյունիկն էր կանգնած, և այնքան ուժեղ էր, որ տախտակը դուրս թռավ ամրակներից ու, վեր բարձրանալով, գլորեց նրան. և ոչ միայն պարզապես գլորեց, այլ կարծես բաբանով «Կատամարան»-ից նետեց օվկիանոս։

Եվ դա դեռ բոլորը չէր։ Տախտակը, որ Ձյունիկին ջուրը նետեց, ակնթարթորեն վերադարձավ իր նախկին տեղը. դա լաստի ամենածանր փայտամասերից մեկն էր, բայց տեղում մնալու փոխարեն նորից վեր թռավ և անմիջապես ընկավ ջուրը, ասես թե նրան ծովը քաշեց ինչ-որ մեկի անտեսանելի, բայց ուժեղ ձեռքը` որևէ ծովային աստվածության, գուցեև հենց Նեպտունի ձեռքը։

Եվ ոչ միայն տախտակը. ամբողջ լաստն սկսեց շարժվել, ասես ինչ-որ անտեսանելի մեկը մտել էր տակը ու ցնցում էր, օրորում վեր ու վար։ Այնքան արագ և այնքան ուժեղ էին այդ խորհրդավոր ցնցումները, որ լաստի վրա գտնվողները հազիվ էին ոտքի վրա մնում։

Լաստի հետ միաժամանակ ուժեղ ցնցվում էր նաև նրա տակի ջուրը. տախտակների տակից, որոնց վրա կանգնած մեր եռյակը ակրոբատների նման ճարպկության հրաշքներ էր գործում հավասարակշռությունը չկորցնելու համար, լսվում էր ուժեղ ճողփյուն և աղմուկ. և առաջին ուժեղ ցնցումից մի քանի վայրկյան անց շուրջը փրփրում էին սպիտակակատար ալիքները։

Ակամա սալտո-մորտալեից սթափված նեգրը դուրս եկավ ջրի երես, բայց տեսնելով, որ լաստը դեռ վեր ու վար է անում, չհամարձակվեց նրա վրա բարձրանալ, այլ լողաց նրա կողքով, ամբողջ ժամանակ վախեցած ու անհասկանալի ինչ-որ բաներ ասելով։ Նույնիսկ խիզախ Բեն Բրասը, ռազմանավի այդ նախկին նավաստին, որ քանի անգամ ուղիղ մահվան աչքերի մեջ էր նայել, նա էլ հիմա վախեցավ։

Եվ ինչպե՞ս կարելի էր չվախենալ։ Նա չէր կարող բացատրել, թե բնության ինչպիսի ուժ էր առաջացրել այդ հանելուկային ցնցումը, իսկ անբացատրելին, բնականաբար, վախ է առաջացնում։

– Գրո՜ղը տանի,– դողացող ձայնով գոռաց Բեն Բրասը։– Այդ ի՞նչ հրեշ է շարժվում մեր տակին։ Չլինի՞ կետաձուկն է մեջքը քսում լաստին։ Կամ էլ...

Բայց նա չհասցրեց խոսքն ավարտել, երբ նորից լսվեց թնդյուն, կարծես տախտակը, որ այնպես խորհրդավոր կերպով վեր-վեր էր թռչում, հանկարծ երկու կես եղավ։

Այդ ձայնը, ինչից էլ որ այն առաջացած լիներ, ամբողջ խառնաշփոթության վերջակետը եղավ։ Դրանից հետո լաստի օրորումները դադարեցին, նրա անընդհատ ճոճվելուց առաջացած ալիքներն աստիճանաբար հանդարտվեցին և, վերջապես, մի վերջին անգամ ցատկոտելով, նա սովորականի պես լողաց օվկիանոսի խաղաղված մակերևույթի վրայով:


== Գլուխ LI. Միջաթափանց հարված ==

Հենց որ «Կատամարան»-ը հավասարակշռվեց, Ձյունիկը մագլցեց վրան։ Նեգրն այնքան զվարճալի տեսք ուներ, որ երբ ամբողջովին թրջված կանգնել էր, ու ջուրն էլ հոսում էր վրայից, նրան տեսնողը չէր կարող ծիծաղը զսպել։ Բայց ինչ ծիծաղելու ժամանակ էր նրա ընկերների համար։ Ընդհակառակը, նրանք ընկճված էին, մինչև այժմ նրանք չէին հասկանում, թե ինչն էր հենց նոր վերջացած տարօրինակ ցնցման պատճառը։ Նրա հարուցած սարսափը շարունակում էր երեքին էլ պահել իր իշխանության տակ ու կարծես կապել էր նրանց լեզուները։ Ձյունիկն առաջինը խախտեց լռությունը։

– Երկնայի՜ն ուժեր,– բացականչեց նա, կաստանետների պես ատամներն իրար զարկելով։– Ի՞նչ բան էր սա։ Ի՞նչ եք կարծում, մասա Բեն, ո՞վ էր այդպիսի քաշքշուկ սարքել լաստի տակ... Ջուրն այնպես էր փրփրել, որ նրա ետևում ոչինչ չէր երևում։ Աստվա՜ծ իմ, չլինի՞ դև էր։

Նեգրի վախեցած դեմքից երևում էր, որ նա իրոք կարծում է, թե հենց սատանան է այդ ամբողջ խորհրդավոր խառնաշփոթությունը սարքել։

Թեև նավաստին էլ ազատ չէր սնահավատություններից, սակայն Ձյունիկի միամիտ հավատը չէր բաժանում։ Չնայած նա այդ տարօրինակ դեպքի բացատրությունը չէր գտնում, բայց և այնպես, ոչ մի կերպ չէր կարող այն վերագրել գերբնական ուժերի գործունեությանը։ Տախտակը տեղից պոկած հարվածը շատ ուժեղ ցնցել էր ամբողջ լաստը: Ի դեպ հնարավոր է, որ այդ անբացատրելի և անսպասելի հարվածը տեղի էր ունեցել միանգամայն բնական ճանապարհով. դա կարող էր հասցրած լինել մի հսկայական ձուկ կամ էլ հորձանուտից դուրս պրծած որևէ այլ հրեշ։ Իսկ այն, որ դեռ հետո էլ «Կատամարան»-ը շարունակում էր օրորվել, և այն էլ այնպես, որ քիչ էր մնում ամբողջ անձնակազմը ջուրն ընկներ, ամենից շատ էր շփոթեցնում Բեն Բրասին։ Նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու այդ ձուկը կամ մեկ ուրիշ արարած, գլուխը ողնափայտին խփելով, այդպիսի վտանգավոր հանդիպումից հետո անմիջապես չփախավ։

Սկզբում Բենը մտածեց, որ կետաձուկ կա լաստի տակ։ Նա լսել էր, որ կետերն ընկնում են նավերի տակ։ Բայց թե այդ հանելուկային արարածի համառությունը, որ, ինչքան էլ տարօրինակ է, շարունակում էր գրոհել լաստի վրա, վկայում էր, որ տեղի ունեցածը չի կարող զուտ պատահականություն լինել։ Բայց եթե հարձակումը միտումնավոր էր, և նրա մեղավորն էլ կետաձուկն էր, ապա իրենք այդքան էժան չէին պրծնի։ Նավաստին գիտեր, որ կետը, սոսկ լաստն օրորելով, իրենց հանգիստ չէր թողնի։ Ծովային հսկան պոչի մի հարվածով օդ կթռցներ լատանավը, հորձանուտը կնետեր կամ, ջարդուփշուր անելով, բեկորները կցրեր ալիքների վրա։

Նա, իհարկե, անպայման այդպես կվարվեր իրենց հետ, ենթադրում էր Բեն Բրասը։ Ուրեմն կետը չէր, որ քիչ մնաց ծովը նետեր իրենց։ Իսկ եթե այդպես է, ապա ուրեմն ի՞նչ էր դա... Շնաձո՞ւկ։ Ո́չ, իհարկե։ Ճիշտ է, լինում են նաև խոշոր կետաձկան երկարությամբ շնաձկներ, բայց նավաստին երբեք չէր լսել, որ նրանք հարձակված լինեին անցնող նավերի վրա։

Եվ ահա մեր նավաբեկյալները կանգնած էին, գլուխ կոտրելով հանելուկային դեպքի վրա, երբ հանկարծ Ձյունիկը, վերջապես գլխի ընկնելով, թե բանն ինչումն է, բարձրաձայն գոռաց։

Հենց որ նեգրը սարսափից սթափվեց, նա անմիջապես մտածեց զննել այն տախտակը, որի վրայից ինքը հարկադրված սալտոմորտալե կատարեց ակրոբատի պես։

Եվ ահա հենց այստեղ էլ (նույն տեղում, որտեղ նա կանգնած էր) հայտնաբերվեց մի այնպիսի բան, որն անմիջապես հասկանալի դարձրեց ամեն ինչ։ Գերանից, փոքր-ինչ շեղությամբ, մի ամբողջ ֆուտ երկարությամբ դուրս էր ցցված ոսկրե մի սուր առարկա: Եվ այնքան ամուր էր մտած փայտի մեջ, որ կարծես դարբնոցային մուրճի հարվածներով էին խրել։ Անմիջապես երևում էր, որ այն տախտակի մեջ էր մտել ներքևից. սուրսայրն ամբողջովին ծածկված էր քառթվածքներով, և բացվածքի շուրջը տաշեղներ կային։

Սակայն Ձյունիկը երկար չմտածեց դրա վրա։ Հենց որ մի հայացք գցեց առարկային, որ դրանից առաջ այդտեղ չէր եղել, վախն անմիջապես անցավ։ Զվարթ քրքիջը, որն ավելի շուտ երկարատև խրխինջ էր հիշեցնում, ազդարարեց, որ Ձյունիկը նորից ինքն իրեն գտել է։

– Աստվա՜ծ վկա...– բացականչեց նա։– Հե՜յ, մասա Բրաս։ Հապա մի տեսեք, թե ինչն էր մեզ այդպես սարսափեցրել։ Այ քեզ բա՜ն։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ այդ անճոռնի երկարամռութը այդպիսի ուժ ունի։ Այ քեզ բա՜ն։

– Ախր սա թրաձուկ է,– բացականչեց Բենը:

Իրոք, տախտակից դուրս ցցված սրածայր ոսկորը այդ տարօրինակ արարածներից մեկի սրաձև ելունն էր։

– Այո, Ձյունիկ, թրաձուկ է որ կա։

– Չէ, չէ. միայն նրա մռութն է,– կատակեց նեգրը։– Ձկան հետքն էլ չի երևում։ Ուրեմն ահա թե ինչ սև մարմին էի տեսել լաստի տակ: Իսկ հիմա չքացել է: Քիթը կոտրել է, ու դա էլ նրան սպանել է: Սատկել է ու ջրի տակն անցել:

– Այդպես էլ կա,– ավելացրեց նավաստին։– Մինչ նա թպրտացել է ու ձգտել է դուրս պրծնել` «թnւրը» կոտրվել է։ Ես լսեցի, որ ինչ-որ բան ճռռաց, ասես նավագերանը ճաքեց, և հետո լաստն անմիջապես դադարեց ցատկոտելուց, ամեն ինչ հանգստացավ։ Տե՜ր աստված։ Համա՜ թե հարված էր: Տախտակն ամենաքիչը մի հինգ դյույմ հաստություն կունենա. բայց ահա տեսնում ես, երկարամռութը միջաթափանց ծակել է ու դեռ մի ֆուտից էլ ավելի դուրս հանել «թուրը»: Այ թե հա՜: Ինչ արտասովոր, խելագար արարածներ ասես, որ չկան օվկիանոսում։

Նավաստու այս փիլիսոփայական դատողությամբ էլ ավարտվեց արկածը:


== Գլուխ LII. Մահացու գոտեմարտ ==

Այժմ արդեն այս ամբողջ տարօրինակ դեպքը դադարել էր երկու մեծահասակների համար հանելուկ լինելուց։ Պարզ էր, որ թրաձուկը իր ելունով ծակել էր տախտակը ու քիթը ջարդել: Ըստ երևույթին, «թրով» հարվածը հասցվել էր ո́չ «Կատամարան»-ի վրա հարձակվելու մտադրությամբ: Դա տեղի էր ունեցել բոլորովին պատահականորեն:

Եվ հազիվ թե ուրիշ կերպ էլ կարող էր լինել, չէ որ հարվածը ճակատագրական եղավ հենց թրատիրոջ համար: Անկասկած, այժմ հրեշը անշունչ ընկած էր ինչ-որ տեղ օվկիանոսի հատակին. ոսկրե թուրը կոտրվել էր գրեթե հիմքից, իսկ նրա տերն առանց իր զենքի ապրել չէր կարող: Եթե սարսափելի խեղվածքը նույնիսկ անմիջապես էլ չէր սպանել թրաձկանը, միևնույն է, այդ երկար «սուսերի» կորուստը, որի օգնությամբ նա կեր էր ճարում իր համար, հավանաբար պետք է որ կրճատեր նրա կյանքի մնացած օրերը, և հանգուցալուծումը չուշացավ:
Բայց ոչ նավաստին, ոչ էլ նախկին կոկը չէին կասկածում, որ ձուկը ինքնասպանություն էր գործել հակառակ իր կամքի:

Բեն Բրասն այս բոլորը Վիլյամին բացատրեց պարզ ու տրամաբանորեն։ Թրաձուկը ընկել էր ալբակորների վտառի ետևից։ Թե իր սրընթաց բուռն հարձակումից և թե ահավոր ընչաքաղցությունից կուրացած, նա չի նկատել լաստը և իր երկար թրով խփվել է տախտակին ու միջաթափանց ծակել այն։ Չկարողանալով դուրս քաշել փայտի մեջ խրված թրաձև ելունը՝ հսկայական ձուկը թպրտացել է, մինչև որ վրա է հասել աղետալի վախճանը։ Ըստ երևույթին, դա տեղի է ունեցել այսպես. լաստը վեր է նետվել, իսկ հետո հանկարծ թափով թեքվել է կողքի վրա, և ձուկն էլ բախվել է տախտակին։

Այս ամենը յունգային հանգամանորեն բացատրելու կարիք չկար: Առանց այդ էլ Վիլյամն արդեն որոշ բան գիտեր։ Այդ թեմայով նախկին խոսակցություններից նրան արդեն հայտնի էին դեպքեր, երբ թրաձուկը նույնպիսի թեթևամտությամբ «սուսերամարտել» է իր զենքով։

Սակայն այժմ դա չէր կարևորը։ Հենց որ «Կատամարան»-ը իր նախկին դիրքն ընդունեց, և Ձյունիկը մագլցեց լաստի վրա, ամբողջ անձնակազմի, այդ թվում նաև նեգրի, հայացքները նորից ուղղվեցին այն տարօրինակ տեսարանին, որն այդ ընդհարումից առաջ գրավել էր նրանց ուշադրությունը։ Բոլորը սկսեցին հետևել ֆրեգատի արտասովոր վարմունքին։

Թռչունը դեռ պտտվում էր ջրի վրա, դես ու դեն ընկնում, զարնվում և, ցայտեր բարձրացնելով, հարվածում թևերով։ Նրան ամենուրեք հետևում էր փրփուրի փոքրիկ ամպը, ասես լուսապսակի պես շրջապատելով նրան։

Նույնիսկ Բեն Բրասն ու Ձյունիկը, որ կռահել էին թրաձկան հետ կապված տարօրինակ պատմությունը, չէին կարող հասկանալ, թե ինչ է կատարվում թռչունի հետ։ Ծովի վրա անցկացրած իրենց ամբողջ կյանքի ընթացքում նրանք չէին տեսել, որ իրեն այդպես պահած լիներ ֆրեգատը կամ օվկիանոսի որևէ այլ փետրավոր գիշատիչ։

Երկար կանգնեցին նրանք, զարմանալով ու կարծիքներ փոխանակելով։ Ի՞նչն է պատճառը։ Երևում էր, որ թռչունի ջղաձիգ շարժումները ակամա են, որ ինչ-որ պայքար է տեղի ունենում։ Բացի այդ, նա անընդհատ ճչում էր, չգիտես` սարսափի՞ց, թե ցավից, իսկ գուցեև` թե́ մեկից, թե́ մյուսից։

Բայց ինչո՞ւ է նա այդքան համառորեն մնում ծովի մակերևույթի: Հայտնի է, որ այդ թռչունը կարող է օդ բարձրանալ գրեթե ուղղաձիգ կերպով և այնքան բարձր թռչել, որ ոչ մի թևավոր արարած չի հասնի նրա ետևից։

Այս հարցը երկար ժամանակ անլուծելի մնաց նավաստու և նեգրի համար։ Նրանք ոչ միայն չէին կարողանում դրա լուծման բանալին գտնել, այլ նույնիսկ չէին էլ փորձում քիչ թե շատ ճշմարտանման ենթադրություններ անել։

Նրանք տասը րոպե շարունակ գլուխ էին կոտրում այդ հանելուկի վրա։ Եվ ահա վերջապես խնդիրը լուծվեց. հանելուկային դեպքը բացատրություն ստացավ:

Տարաբախտ թռչունը այդ զարմանալի դրամայի կամավոր մասնակիցը չէր. նա գերի էր ընկել։

Ֆրեգատը, կարծես, սկսում էր ուժասպառ լինել։ Թուլանալուն համապատասխան` թևերն ավելի ու ավելի կամաց էին հարվածում ջրին, այլևս փրփուրի ցայտեր չէին բարձրանում շուրջը, և ծովը ավելի քիչ էր ալեկոծվում։ Այժմ հանդիսականները տեսան, որ թռչունը մենակ չէր. այնտեղ, ներքևում, ինչ-որ ձուկ կառչել էր նրա ոտքից։ Ձևից, մեծությունից և երկնագույն երանգավորումից դժվար չէր ճանաչել ալբակորին։ Դա, անկասկած, նույն գիշատիչն էր, որը թռչունի հետ միաժամանակ հետապնդում էր թռչող ձկնիկին։

Ուրեմն, ահա թե ինչու ֆրեգատը չէր կարող ջրից վեր բարձրանալ։ Բայց դա դեռ բոլորը չէ։ Ըստ երևույթին, գոտեմարտից տանջված ալբակորը նույնպես ուժասպառվել էր. նա այլևս նետի պես դես ու դեն չէր սլանում։ Երևաց, որ ծովային շահենի թաթը բոլորովին էլ ձկան երախում չի լռվել, ինչպես կատամարան-ցիներն էին կարծում, ո́չ, թռչունը կանգնած էր ալբակորի գլխին, ասես ձողանի վրա բարձրացած` հավասարակշռություն էր պահպանում մեկ ոտքով։

Ա՜յ քեզ հրաշք։ Ի՞նչ կարող էր նշանակել այս ամենը։

Ֆրեգատի և ալբակորի պայքարը կարծես մոտենում էր ավարտին, այժմ գոտեմարտերը իրար էին հաղոր-դում ընդհատումներով։ Յուրաքանչյուր ընդմիջումից հետո թռչունը ավելի ու ավելի կամաց էր թափահարում թևերը, ձուկն ավելի ու ավելի դանդաղ էր շարժում լողակները։ Վերջապես երկու գիշատիչներն էլ անշարժացան. ֆրեգատ` օվկիանոսի վրա, ալբակորը` ջրում։

Եթե թռչունը այդքան լայն չտարածեր իր հզոր թևերը, ապա նա երևի կիջներ օվկիանոսի խորքը։ Ձուկը դեռ երբեմն-երբեմն թույլ փորձեր էր անում, որպեսզի նրան քաշեր ներքև` ջրի տակ։ Բայց խանգարում էին թևերը, որ գրեթե տասը ֆուտ լայնությամբ տարածվել էին ջրի վրա։

Այս տարօրինակ տեսարանը գտնվում էր հենց «Կատամարան»-ի առջևում, և քամու ուղղությամբ ընթացող լաստը ավելի ու ավելի էր մոտենում մենամարտի վայրին։ Հակառակորդների ուրվանկարները վայրկյան առ վայրկյան ավելի ու ավելի հստակ էին գծագրվում։ Եվ երբ «Կատամարան»-ը ընդհուպ մոտեցավ ու երկու ուժասպառ մարտիկներին տախտակամած բարձրացրին, նոր միայն երևաց, որ նրանք իրար էին կպել։

Պարզվեց, որ գոտեմարտը տեղի է ունեցել բոլորովին պատահականորեն, երկու կողմերի կամքից անկախ։

Եվ ինչպե՞ս կարող էր ուրիշ կերպ լինել։ Ալբակորը բավականաչափ ուժեղ է ֆրեգատի կտուցի համար, շատ մեծ է, և թռչունը չի կարող իր հսկայական երախով կուլ տալ նրան: Իր հերթին մի՞թե ֆրեգատը կհամարձակվեր ներխուժել ծովային հզոր գիշատչի տիրակալության սահմանները։

Այսպիսի ճակատագրական խճճվածության հասցված հանդիպման պատճառն այն էր, որ նրանք հետապնդել էին միևնույն որսին: Իսկ սա այն փոքրիկ թռչող ձկնիկն էր, որին հաջողվեց խույս տալ երկու տարերքներում` օդում ու ջրում իրեն հետապնդող թշնամիներից։

Թռչող ձկնիկի վրա նետվելիս թռչունը վրիպել էր և կեռ ճանկերը խրել ալբակորի ճիշտ աչքի մեջ։ Ճանկերը տեղավորվել էին հենց ակնախոռոչում կամ շատ խորը խրվել էին ուղեղի թելավոր հյուսվածքի մեջ. բայց ինչ էլ որ լիներ, նրանք կռվել էին այնտեղ: Եվ ոչ թռչունը, ոչ ձուկը, որ խիստ տենչում էին ազատվել տանջալի ցավից, չէին կարող վերջ տալ հարկադրյալ միությանը։ Նրանց իրարից անջատեց Ձյունիկը։ Երկուսն էլ ապահարզան տվեցին, ամենաարդյունավետ ապահարզանը, որ երբևէ տվել է դատարանը սըր Կրեսուել Կրեսուելի<ref>Սըր Կրեսուել Կրեսուել – արդարադատ դատավոր անգլիական հին լեգենդ¬ներում:</ref> ժամանակներից ի վեր:

Դատը կարճ տևեց: Հանցագործներից յուրաքանչյուրը դատապարտվեց, և մահապատիժը ի կատար ածվեց անմիջապես, ձկանն անշնչացրին գլխին իջեցրած հարվածով, մեկ ուրիշ պատիժ, նույնքան շուտափույթ, կրեց թռչունը, պարզապես նրա վիզը պոկեցին։ Այսպես զոհվեցին ծովային երկու բռնակալները։ Հուսանք, որ իրենց չարագործությունների համար նույնպիսի հատուցում կստանան աշխարհի բոլոր բռնակալները:


== Գլուխ LIII. Մռայլ հեռանկարներ ==

Թրաձկան վերստին հայտնվելը (արդյոք նույն թրաձուկը չէ՞ր, որ արդեն մեկ անգամ պատահել էր նրանց) ցրեց «Կատամարան»-ի մոտ գտնվող բոլոր ալբակորներին։ Ավելի ճիշտ, նրանք նկատեցին թռչող ձկների մի վտառ ու ընկան նրանց ետևից, այնպես որ այժմ մոտերքում ոչ մի ալբակոր չէր մնացել, բացի նրանից, որ հանվեց ֆրեգատի ճանկերից:

Այս արտասովոր դեպքից հետո, որը գրեթե նույնքան տարօրինակ էր, որքան և նախորդը, անձնակազմը զբաղվեց լաստի զննումով, արդյո՞ք հարվածը վնասվածք չի պատճառել։

Բարեբախտաբար, ոչ մի լուրջ բան չհայտնաբերվեց: Ծակված էր տախտակը, որի մեջ լռվել էր ոսկրե ելու-նը, բայց դա դատարկ բան էր։ Ճիշտ է, «թուրը» գրեթե ամբողջությամբ, բացի տախտակի վերևում դուրս պրծած մասից, մի քանի ֆուտ ցցված էր ներքևում։ Բայց և այնպես, ելունը դուրս չքաշեցին, նա առանձնապես չէր խանգարում «Կատամարան»-ի ընթացքին։

Տախտակը մի քիչ տեղաշարժվել էր, մեկ-երկու գերան խախտվել էին, ահա և բոլորը։ Ձյունիկի ու նավաստու հմուտ ձեռքերի համար դրանք շտկելը դատարկ բան էր։

Նրանք երկուսն էլ նորից կարթերը ջուրը գցեցին, բայց արևն արդեն մայր էր մտնում, իսկ ձուկ դեռ չկար։ Մայրամուտի ֆոնի վրա չէր երևում ոչ մի կենդանի արարած` ոչ ալբակոր, ոչ ձուկ, ոչ թռչուն: Դանդաղորեն օվկիանոսի անմռունչ հորձանուտն իջնող արևը նրանց մենակ թողեց բոսորագույն մշուշում։

Ուրախանալու ոչինչ չկար մթնշաղային այդ ժամին: Ճիշտ է, նրանք այնքա՜ն հետաքրքիր արկածներ էին ապրել, որ տխրելու ժամանակ չէին ունեցել։ Ցերեկով կատարված հուզիչ իրադարձությունները թույլ չէին տալիս իսկական իրավիճակի մասին մտածել: Բայց այժմ, երբ ամենուրեք նորից խաղաղու-թյուն էր տիրում, նրանց մտքերն ակամայից վերադարձան նախկինին. որքա՜ն քիչ հույս կա ազատվելու ասես մինչև աշխարհի վերջը տարածվող այս անծայրածիր ջրային անապատից։

Նրանք տխուր հայացքով ճանապարհեցին ծովի մեջ սուզվող արևը։ Ոսկեշող լուսատուն անհետացավ արևմուտքում, այնտեղ, ուր ձգտում էին և նրանք։ Եթե այդ պահին կարողանային լինել այնտեղ, որտեղ շողշողացող գունդն էր լուսավորում, օ՜, այն ժամանակ նրանք կլինեին ցամաքի վրա։ Ցամաքի, հրաշալի՜, անշա՜րժ ցամաքի վերաբերյալ միտքն անգամ երանելի թրթիռով համակեց նավաբեկության այդ դժբախտ զոհերին, որոնք այժմ անսահման օվկիանոսում կառչել էին իրենց խարխուլ լաստից։

Նրանց ճնշում էր շուրջը տիրող մեռելային լռությունը։ Թեթև զեփյուռը դադարել էր արևի մայր մտնելուց առաջ։ Ծովը խաղաղվել էր, դարձել հարթ, ինչպես ապակին։ Մութը թանձրանում էր, և այդ հայլանման մակերևույթի մեջ անդրադառնում էին առկայծող աստղերը, որ քիչ-քիչ հայտնվում էին երկնքում։

Ինչ-որ վեհ ու ահեղ բան կար այդ հանդիսավոր լռության մեջ, ու նրանք համակվեցին սարսափով։

Մերթ ընդ մերթ ինչ-որ ձայներ էին խախտում լռությունը։ Բայց դրանք ավելի շուտ տխրություն էին բերում, քան ուրախացնում էին։ Որովհետև դրանք այն ձայներն էին, որ կարելի էր լսել միայն օվկիանոսի անմռունչ անապատում, ինչ-որ մեկի վայրի քրքիջը հիշեցնող ծովաճայի ճիչ, բոցման թռչունի ականջ ծակող սուլոց:

Այսօր մեր նավաբեկյալները վհատվելու մի պատճառ էլ ունեին. նրանք անհանգստանում էին չորացրած ձկան այնքան անհրաժեշտ պաշարների կորստյան համար։

Ճիշտ է, անկշտում օվկիանոսը կլանել էր նրանց մթերքի միայն մի մասը։ Բայց թե դրա համար էլ արժեր տխրել. այնքան էլ հեշտ չի լինի փոխհատուցել կորցրածը։

Քանի դեռ նրանք ալբակորներին էին հետապնդում` հաջող որսի հույս ունենալով, դա այնքան էլ չէր անհանգստացում։ Բայց հիմա, երբ ամբողջ վտառը հեռացել էր և իրենց մնացել էր ընդամենը երեք ձկնիկ, նրանք ավելի սուր էին զգում իրենց թշվառությունը։ Քիչ հույս կար, թե նորից այդպիսի մի վտառ կպատահի։

Մթնշաղի թանձրանալուն համեմատ` ավելի ու ավելի էին հուսալքվում մեր բարեկամները։ Ժամեր անցան, բայց մեր տխուր նավաբեկյալները ոչ մի բառ չփոխանակեցին:


== Գլուխ LIV. Գիշերը լաստի վրա ==

Վհատությունը չի կարող անվերջ երկարել, դե այդպես է տնօրինել բարերար բնությունը։ Ժամանակ է լինում, որ տխրությունը շատ թե քիչ ավելի երկար է պատում սիրտդ, բայց այդպիսի պահերին միշտ հաջոր-դում են պայծառ փայլատակումներ, և վրա է հասնում եթե ոչ ուրախությունը, ապա գոնե որոշ թեթևություն։

Արևի մայր մտնելուց մոտավորապես մեկ ժամ հետո «Կատամարան»-ի մարդիկ նորից աշխուժացան, ասես ազատվելով իրենց ճնշող ծանր տրամադրությունից։

Իհարկե, դա իր պատճառն ուներ։ Ինչ-որ բան փոխվեց շրջապատող բնության մեջ, թեթև քամի բարձրացավ ու փչեց դեպի արևմուտք, հենց այն ուղղությամբ, ուր այնպես ձգտում էին կատամարանցիները։

Ու նրանք ճանապարհ ընկան։ Չնայած «թրի» ահավոր հարվածին, որ ստացել էր «Կատամարան»-ը, լաստը համընթաց քամով այնքան արագ շարժվեց, ասես ուզում էր ցույց տալ, թե թրաձկան հարձակումն իրեն շարքից դուրս չի բերել: Ամեն մի շարժում բարերար ազդեցություն է գործում տխրությամբ համակված մարդու վրա, հատկապես, եթե շարժվում ես ուզածդ ուղղությամբ:

«Առա՜ջ». ահա մի բառ, որը քաջալերում է վհատված-ներին, հրաշագործ մի բառ հուսալքվածների համար։

«Կատամարան»-ի վրա գտնվողներից ոչ մեկի մտքով էլ չէր անցնում, թե քամին իրենց կհասցնի մինչև հաստատուն հող կամ գոնե այնքան կփչի, որ շատ մղոններ առաջ կտանի լաստը։ Բայց արդեն այն միտքը, որ իրենք այնուամենայնիվ տեղում կանգնած չեն, քաջալերեց նրանց։
Ու նրանք սկսեցին ընթրիքի մասին մտածել։ Ձյունիկը պատրաստակամությամբ վեր կացավ ու գնաց դեպի իր պաշարները։

Նրա «պահեստը» տեղավորված էր լաստի մեջտեղում: Եվ քանի որ պետք չէր հեռու գնալ, իսկ ընտրություն կատարելու էլ բան չկար, ապա նա շուտով վերադարձավ նավախել, որտեղ նստած էին ընկերները։ Նա ձեռքում բռնել էր կես դյուժին ծովային աղով ներծծված պաքսիմատ և մի քանի կտոր չորացրած ձուկ։

Դա շատ աղքատիկ ու պարզ ընթրիք էր: Ամեն մի չքավոր այդ տեսնելիս արհամարհանքով դեմքը կծռմռեր։ Բայց կատամարանցիները, որոնց համար նախատեսված էր այն, մեծ գոհունակությամբ ընդունեցին։

Հենց այդտեղ, նրանց աչքի առաջ, «Կատամարան»-ի տախտակամածի վրա ընկած էր ևս մի մեծ համեղ խորտիկ. դա ալբակորն էր, որը համով չի զիջում ոչ մի օվկիանոսային ձկան։ Բայց ալբակորի միսը ստիպված պիտի լինեին ուտել հում վիճակում, իսկ Ձյունիկը չորացրած ձուկ ուներ պահած, մի բան, որը կատամարանցիների կարծիքով, շատ ավելի համեղ էր։

Այս վիճակում, որում մեր տառապյալներն էին գտնվում, շատ բծախնդիր լինելու հարկ չկար, հատկապես, եթե կարելի էր նախաճաշի վրայից մի կում կանարյան գինի խմել, բայց, ավաղ, գինին բաշխվում էր խիստ խնայողաբար և առատորեն ջուր էր խառնվում հետը։

Պետք է ասել, որ Ձյունիկը։ Շատ տնտեսող էր։ Գուցե նա հենց այդ հատկությանն էր պարտական, որ կենդանի էր մնացել: Չէ որ եթե նեգրը այդպես ջանասիրաբար չհավաքեր և այդքան խնամքով չպահեր իր պաշարները, ապա, հավանաբար, և́ ինքը, և́ փոքրիկ Լալին վաղուց արդեն սովամահ եղած կլինեին։

Իր աղքատիկ նախաճաշն անելով, Ձյունիկը ցավում էր, որ կրակ չկա, որի վրա կարելի լիներ տապակել ալբակորը։ Ով-ով, բայց քամբուզի շեֆը շատ լավ գիտեր, թե ինչ համեղ պատառ է այդ ձուկը։

Նա իրոք որ խիստ ցավում էր ոչ այնքան իր համար, որքան իր սիրելի Լալիի։ Ինչպիսի հաճույքով նրան կհյուրասիրեր չորացրած ձկից և աղի պաքսիմատներից ավելի համեղ որևէ բանով։ Բայց քանի որ կրակի մասին երազել անգամ չէր կարելի, ապա ստիպված եղավ հրաժարվել Լալիի համար ընթրիք պատրաստելու հաճույքից։Գոնե ինչ-որ չափով իրեն վարձատրած լինելու համար, նա սահմանվածից ավելի շատ կանարյան քաղցր գինի տվեց աղջկան։

Որքան էլ փոքր էր յուրաքանչյուրին ընկած կերաբաժինը, այնուամենայնիվ, խմած գինին է́լ ավելի քաջալերեց մեր նավաբեկյալներին:
Ընթրիքն ավարտելով, Ձյունիկը, Վիլյամն ու Լալին պառկեցին քնելու։ «Շան հերթափոխությունում» մնաց Բեն Բրասը, որ բռնի ղեկաթին և կատարի հերթապահի մյուս բոլոր պարտականությունները։


== Գլուխ LV. Ձյունիկը ցամաք է տեսնում ==

Բեն Բրասը հերթապահեց ամբողջ գիշեր։

Իր պարտքին հավատարիմ, նա ոչ մի րոպե բաց չթողեց ղեկաթին։ Քամին շարունակում էր փչել նույն ուղղությամբ, և լաստը, հասարակածային հոսանքից քշվելով, արագ գնում էր դեպի արևմուտք։

Սկսեց թեթև մշուշ բարձրանալ օվկիանոսից, և աստղերը տեսողությունից կորան: Թվում էր, թե ղեկապետն այլևս չի կարողանա պահել նախկին ուղղությունը: Բայց Բենը գտնում էր, որ քամին ընթացքը չի փոխում և, դրանից ելնելով, առաջ էր տանում լաստը։ Ու հետագայում պարզվեց, որ նա չի սխալվել:

Միայն լուսադեմին նրան փոխարինեց Ձյունիկը, ընդունելով հերթապահությունը և գրավելով նրա տեղը ղեկաթիի մոտ:

Բենը չէր կամեցել արթնացնել նեգրին և, ըստ երևույթին, մեծահոգաբար մինչև առավոտ կմնար իր պահակակետում, եթե նեգրը շարունակեր քնած մնալ։

Ձյունիկը արթնացավ ո́չ իր կամքով և ո́չ այն պատճառով, որ նրան անհանգստացրեց ընկերը. նա դողում էր խոնավ մշուշից։ Արթնանալուց հետո նա մի քանի րոպե ամբողջ մարմնով ցնցվում էր, ասես տենդով բռնված, այնպես որ վզից կախված փղոսկրյա իրերը չխկչխկում էին իրար զարնվելով։

Բայց շուտով Ձյունիկը վերջնականապես ուշքի եկավ. աֆրիկացի նեգրը բոլոր տեսակի եղանակներից ամենից վատ տանում է ցուրտը։ Նա մի քանի անգամ երկու ձեռքով խաչաձև խփեց լայն կրծքին, այնպես, որ մատների ծայրերը գրեթե իրար էին կպչում ողնաշարի վրա, մինչև վերջապես հաջողվեց վերականգնել արյան շրջանառությունը։ Միայն այդ պահին գլխի ընկնե-լով, որ հերթափոխության ժամանակն է, նա նավաստուն առաջարկեց տեղը զիջել իրեն:

Հասկանալի է, որ սրա մտքով անգամ չանցավ հրաժարվել: Բայց պառկելուց առաջ նա անհրաժեշտ ցուցումներ տվեց Ձյունիկին, թե ինչպես վարել «Կատամարան»-ը, որպեսզի վերցված ուղղությունից չշեղվեն։

Այդ միջոցին Վիլյամը երազում տեսնում էր Անգլիայում գտնվող հայրական տունը, իսկ փոքրիկ Լալին անրջում էր իր աֆրիկյան հայրենիքը: Մինչդեռ նավաստին, ամենից առաջ, երազում տեսնում էր, որ ինքը բարեհաջող կերպով «բեռնվել է» բոլոր առագաստները պարզած բրիտանական ռազմանավի բաքի վրա, իսկ շուրջը, նավերի կամ կախովի մահճակալների վրա երկարած, քնել են իր նման հարյուրավոր նավաստիներ:

Հերթապահության առաջին ժամին Ձյունիկը ոչ մի բանի մասին չէր մտածում և, հետևելով նավաստու հրահանգներին, աշխատում էր նշված ուղղությամբ վարել «Կատամարան»-ը:

Իմիջիայլոց, նրան հրահանգված էր դիտարկել` գուցե որևէ տեղ առագաստ երևա։ Բայց այնպիսի թանձր մառախուղում, որն այժմ պարուրել էր նրանց, չէր հաջողվի նկատել ամենամեծ նավն անգամ, եթե այն նույնիսկ մեկ կաբելտով հեռավորությամբ անցներ «Կատամարան»-ի մոտով։
Ուստի Ձյունիկը չէր էլ փորձում որևէ բան տեսնել օվկիանոսում։

Բայց նա չդադարեցրեց իր դիտարկումները, ինչ և պահանջել էր նավաստին. չէ որ ականջները ավելի վատ չեն ծառայում ծովայինին, քան աչքերը։

Եթե նավը չես կարող տեսնել, ապա կարող ես լսել անձնակազմի ձայները կամ էլ նավի վրա պատահականորեն առաջացած մյուս հնչյունները։ Շատ է պատահել, որ նավն այդպիսով մատնել է իր ներկայությունը նույնիսկ ամենախավար գիշերը, թանձր մառախուղում։

Ճիշտ է, այդպիսի եղանակին հաճախ է պատահում, որ նավերը մոտենում ու հեռանում են, և նրանցից ոչ մեկը չգիտե, թե որքան մոտ է մյուսը։

Ինչպես երկու հսկա ուրվականներ, նրանք հանդիպում են օվկիանոսի մեջտեղում և լռելյայն բաժանվում նորից, յուրաքանչյուրն անաղմուկ ընթանալով իր ճանապարհով։

Արդեն լուսանում էր, բայց սևամորթ նավավարը «Կատամարան»-ի առագաստի մեջ խաղացող քամու սվվոցից և լաստեզրերի դատարկ տակառներին խփվող ալիքների խուլ ճողփյունից բացի, ուրիշ ոչ մի ձայն դեռ չէր լսել։

Լույսը բացվեց. հորիզոնում երևաց արևի սկավառակի վերին եզրը, և նրա ճառագայթների տակ մշուշը սկսեց դանդաղորեն ցրվել։ Այդ միջոցին հանկարծ մի այնպիսի բան բացվեց Ձյունիկի աչքերի առաջ, որ արյունը կայծակի արագությամբ հորդեց դեպի սիրտը, որը բաբախեց կատաղի հրճվանքով և ասես ուզում էր դուրս թռչել հզոր կրծքից:

Նա անմիջապես վեր թռավ տեղից, թողեց ղեկաթին, ասես շիկացած երկաթակտոր լիներ բռնած, և, նետվելով առաջ, դեպի «Կատամարան»-ի աջ եզրը, սկսեց ագահորեն նայել օվկիանոսային հեռուն։

Իսկ ի՞նչը կարող էր այդպես հանկարծակի ցնցել մեր նեգրին: Այդ ի՞նչ տեսարան էր ապշեցրել նրան:

Նա ցամա՜ք էր տեսել։


== Գլուխ LVI. Արդյո՞ք ցամաք է ==

Թվում էր, թե նա, անսպասելի և ուրախալի այդ. տեսարանը նկատելով, անմիջապես աշխարհով մեկ կգոռա իր հայտնագործության մասին։
Բայց այդպիսի բան տեղի չունեցավ։ Ընդհակառակը, նա լուռ էր. և́ այն ժամանակ, երբ քայլում էր լաստի փռվածքի վրայով, և́ այն ժամանակ, երբ կանգնած էր նավաքթին ու նայում էր հեռուն։

Ահա նա, խիստ ցանկալի, անսպասելի, անակնկա՜լ ցամաքը։ Այդ իսկ պատճառով էլ նեգրը դեռևս երկյուղում էր նրա մասին հայտնել իր ուղեկիցներին: Եվ շատ ժամանակ անցավ, մինչև նա համարձակվեց հավատալ, որ տեսողությունն իրեն չի խաբում։

Ճիշտ է, նեգրը ծովերի աշխարհագրության ընդարձակ գիտելիքներով աչքի չէր ընկնում, բայց նրան քաջ ծանոթ էին Ատլանտիկայի արևադարձային լայնությունները։ Նա շատ անգամ էր անցել այդ սարսափելի ճանապարհը հասարակածի վրայով. մեկ անգամ` շղթայակապ, այնուհետև հաճախակի` ստրկավաճառների մոտ ծառայելիս, օգնում էր նույնպիսի անմարդկային եղանակով փոխադրելու «կենդանի բեռը»։ Նրան հայտնի էր, որ այնտեղ, որտեղ, ամենայն հավանականությամբ, այժմ գտնվում են իրենք, մոտակայքում չկա ոչ մի կտոր հող`լինի դա կղզի, ժայռ, թե խութ: Նա ոչ տեսել էր, ոչ էլ լսել նման որևէ բան։ Նա գիտեր, որ այս տեղերում են Համբարձման կղզին և Սուրբ Պողոսի անմարդաբնակ փոքրիկ կղզին: Սակայն դրանցից ոչ մեկն էլ չէր կարող հայտնվել «Կատամարան»-ի ճանապարհին։

Բայց և այնպես, ի՞նչ էր նա տեսել հիմա։ Աչքերը հո չե՜ն բռնվել։ Կղզու պատկերն այնքան պարզ, այն-քան հստակ էր տպավորվել նրա բիբերում, որ տեսողության խաբկանք լինել չէր կարող։

Միայն լրիվ համոզվելուց հետո նա ամպրոպաձայն գոռաց և արթնացրեց իր ուղեկիցներին։ Բոլորն անմիջապես վեր թռան, մի ակնթարթում արթնանալով քնից։

– Ցամա՜ք,– գոռում էր Ձյունիկը։

– Ցամա՞ք,– արձագանքեց Բեն Բրասը՝ վեր թռչելով ու քնած աչքերը տրորելով։– Ասում ես` ցամա՞ք, Ձյունիկ։ Չէ՜։ Չի́ կարող պատահել։ Երևի, բարեկամս, աչքիդ է երևացել։

– Ցամա՞ք,– իր հերթին հարցրեց Վիլյամը։– Որտե՞ղ է, որտե՞ղ է, Ձյունիկ:

– Ցամա՜ք,– բացականչեց փոքրիկ Լալին՝ կռահելով, թե ինչ է նշանակում այդ բառը, թեև այն օտար լեզվով էր արտասանվել։

– Դե որտե՞ղ է, է՜,– հարցրեց նավաստին՝ անցնելով լաստատախտակների վրայով, որպեսզի դուրս գա տեսադաշտը փակող առագաստի առջևը։

– Հրե՜ն, հրե՜ն,– պնդում էր Ձյունիկը։– Այ այնտե՛ղ, մասա Բրաս, հենց աջ եզրի կողմը։

– Բայց իսկապես... իսկապես որ ցամաք է...– հաստատեց նավաստին, սևեռուն նայելով մառախուղի միջից աղոտ երևացող անծանոթ գծագրումներին։– Գետինն անցնեմ, թե ցամաք չէ։ Այո, այո, կղզի է, թեև ոչ մեծ, բայց նույնպես` կղզի։

– Ա՜յ քեզ բան։ Այնտեղ մարդիկ կան...Նայեցեք, մասա Բրաս, նրանք այս ու այն կողմ են շարժվում։ Այնքան պարզ եմ տեսնում, ինչպես արևը երկնքում։ Տասնյակներ են։ Իրենց համար գնում-գալիս են։ Այն կողմ, ա՛յն կողմ նայեցեք:

«Տեսնում եմ, ինչպես արևը երկնքում»` այնքան էլ ճիշտ չէր ասված, որովհետև ոչ այնքան հարմար պահ էր ընտրված։ Ցերեկային լուսատուն դեռևս թաքնված էր մշուշում, այդ պատճառով էլ դժվար էր տարբերակել կղզու աղոտ գծագրումները, ավելի ճիշտ, այն բանի աղոտ գծագրումները, ինչ մեր նավաբեկյալները կղ-զու տեղ էին գնում։

Միայն Ձյունիկը, որ բոլորից շատ էր նայել այդ «ցամաքին» և տեսողության հատուկ սրություն էր մշակել իր մեջ, պարզորոշ կերպով բազմաթիվ շարժվող կերպարանքներ էր նկատում այնտեղ։ Այժմ, երբ նա իր ուղեկիցների ուշադրությունը հրավիրեց դրա վրա, Բեն Բրասին ու Վիլյամին նույնպես սկսեց թվալ, թե իրենք տեսան նրանց։

– Շանթահարվե՛մ,– բացականչեց նավաստին։– Իսկապես որ մարդիկ են։ Տղամարդիկ ու նույնիսկ կանայք, և սպիտակ զգեստով։ Ովքե՞ր են, որտեղի՞ց են լույս ընկել... Գրո́ղը տանի։ Աչքերիս չեմ հավատում։ Կյանքումս չեմ տեսել, որ Ատլանտիկայի այս կողմում կղզի լինի։ Գուցե վերջին մեկ-երկու տարում է դուրս ցցվել ծովից... Իսկ դու ի՞նչ կասես, Ձյունիկ։ Գուցե Թռչող Հոլանդացի՞ն<ref>Թռչող Հոլանդացի — լեգենդար կերպարը այն ծովային նավապետի, որը իր նավի հետ միասին դատապարտված է մշտապես փոթորկալից ծովում թափառելու և երբեք ափ չհասնելու։</ref> է կամ հենց նոր ջրից դուրս եկած մի ժա՞յռ։ Թե այնուամենայնիվ իսկական կղզի է։

– Ի՜նչ եք ասում: Այստեղ Թռչող Հոլանդացի չկա։ Ոչ, մասա Բրաս, ձեր նեգրը անտեղի խոսքեր չի շռայլում։ Դա կղզի է, իսկական ցամաք։ Այ, ինքներդ կտեսնեք։ Միայն թե շրջենք «Կատամարան»-ը և մի քիչ ավելի մոտենանք։

Ձյունիկի խորհուրդը լսելով, նավաստին նորից անցավ լաստի մյուս ծայրը, վերցրեց ղեկաթին ու «Կատամարան»-ի քիթը շրջեց առաջ, ուղիղ դեպի անծանոթ, հենց նոր հայտնագործված ցամաքը։

Կղզին մեծ չէր թվում. մի հարյուր յարդ էր գրավում հորիզոնում։ Ասենք, միշտ չէ, որ հաջողվում է աչքաչափով ճիշտ որոշել, հատկապես, եթե, ինչպես հիմա, խանգարում է մառախուղը։

Թվում էր, թե կղզին ծովի մակարդակից բարձրանում էր մի քանի ֆուտ։ Մի կողմից այն ավարտվում էր կտրուկ զառիթափով, իսկ մյուս կողմից աստիճանաբար իջնում էր դեպի ջուրը։

Մարդիկ գլխավորապես երևում էին բարձրության վրա: Մի տեղ նրանք կանգնած էին, երեք կամ չորս հոգով խումբ կազմած, մեկ ուրիշ տեղ զբոսնում էին մեկ-մեկ կամ զույգ-զույգ:

Ըստ երևույթին, նրանք տարբեր հասակի էին ու տարբեր ձևով հագնված։ Նույնիսկ մառախուղի միջից կարելի էր տեսնել, որ նրանք ամենատարբեր գույնի զգեստներով են։ Այստեղ հանդիպում էին նաև բարձրահասակ մարդիկ. նրանց կողքին կային այնպիսիները, որոնք գաճաճներ էին թվում։ Ձյունիկը պնդում էր, որ այդ «փոքրիկները» բարձրահասակների երեխաներն են։

Նրանց կեցվածքները նույնպես տարբեր էին։ Ոմանք կանգնած էին շիփ-շիտակ, ուսերից կախ գցած ինչ-որ երկար նիզակներ. ոմանք էլ, նույնպես զինված, կռացել էին ներքև: Շատերը եռանդուն աշխատում էին, հսկայական քլունգները հավասարաչափ խփելով գետնին, ասես թե փոս էին փորում:

Ճիշտ է, այս բոլոր շարժումները աղոտ էին երևում, այնպես որ կատամարանցիները ոչ մի կերպ չէին կարող հասկանալ, թե ինչ աշխատանքներ էին կատարվում կղզում։

Արդյո՞ք նրանց տեսածը կղզի էր, իսկ կերպարանքները իսկապես մարդիկ էին։ Ձյունիկը չէր կասկածում ու կրքոտ պաշտպանում էր իր տեսակետը։ Սակայն Բենը փոքր-ինչ կասկածամտորեն էր տրամադրված և իրեն ավելի անվճռական էր պահում։ Սակայն դա չէր խանգարում, որ նա երդվի, ամեն րոպե ցանկություն հայտնելով «տեղնուտեղը գետնի տակն անցնել», եթե դա կղզի չէ։

Նավաստին կղզու գոյության փաստը չէր վիճարկում: Այն ժամանակներում, որոնց մասին մենք պատմում ենք, շատ հաճախ հանկարծակի նոր ցամաքներ էին գոյանում օվկիանոսի մեջտեղում, այնտեղ, որտեղ առաջ նրանց մասին գաղափար էլ չունեին։ Եվ հիմա, երբ թվում էր, թե ծովագնացներն ակոսել են ամբողջ օվկիանոսը, հետազոտել նրա յուրաքանչյուր դյույ-մը, այնտեղ դեռ հաճախ հայտնագործում են ժայռեր, ծանծաղուտներ, նույնիսկ անծանոթ կղզիներ:

Ուրեմն, դա չէր, որ շփոթության էր մատնում Բենին: Նրան ուրիշ բան էր մտահոգում, չափից դուրս շատ մարդիկ կային այնտեղ:

Եթե այդ ցամաքի վրա քսան-քսանհինգ մարդ պատահեր իրենց, ապա այդ դեպքում դեռ կարելի Էր բացատրել, թե ինչու է կղզին բնակեցված։ Ճիշտ է, այդպիսի բացատրությունը հազիվ թե դուր գար նրան և ուղեկիցներին։ Հնարավոր էր, որ «Պանդորա»-ի նավաբեկյալ նավաստիներն էին ժամանակավոր գաղութ հիմնել կղզյակում և, ջանասիրաբար գործի դնելով քլունգները, հոր էին փորում` խմելու ջուր գտնելու նպատակով։
Սակայն հազիվ թե դա ալիքներում կործանված ստրկատար նավի անձնակազմը լիներ, դրա դեմ էին խոսում և́ բնակչության բազմաքանակ լինելը, և́ մի շարք ուրիշ հանգամանքներ։ Համոզվելով, որ իրենք ստիպված չեն լինի հանդիպել «Պանդորա»-ի ավազակախմբի հետ, կատամարանցիները համարձակվեցին ավելի մոտենալ կղզուն։

Այնուամենայնիվ, չնայած ամբողջ ակնհայտությանը, նավաստին դեռևս կասկածում էր, թե կղզի է իր առջև։ Նա է՛լ ավելի քիչ էր հավատում, որ ափին վխտացող այդ կերպարանքները իրոք մարդկային արարածներ են:

Ոչինչ չէր կարող Բեն Բրասին ստիպել հավատալու դրան, մինչև «Կատամարան»-ը այնքան մոտեցավ ֆանտաստիկական կղզու ափերին, որ նա միանգամայն պարզորոշ նկատեց նրա վրա փողփողացող դրոշակը։

Դրոշակը կարմիր կտորից էր, ինչպիսին սովորաբար օգտագործվում է դրոշների համար, և ամրացված էր կոնաձև բարձր ձողափայտին: Դրոշակն ազատ ծածանվում էր քամուց, և նույնիսկ մառախուղը, որ կիսով չափ ծածկում էր նրան, չէր կարող բոլորովին թաքցնել տեսողությունից։ Այդպիսի վառ կարմիր գույն շատ հազվադեպ է պատահում օվկիանոսում։ Գուցե դա ծովային բնակիչներից որևէ մեկի հագո՞ւստն էր` արևադարձային թռչունի երկար փետուրները, որ այնքան բարձր են գնահատում պոլինեզիական առաջնորդները, կամ թե ծովային շահենի կարմիր խպի՞պը:

Ոչ, դա կարող էր լինել միայն դրոշակի պաստառ, և ուրիշ ոչ մի բան:

Ի վերջո այդպես վճռեց Բեն Բրասը: Եվ այդ համոզմունքը, որ նա արտահայտեց իրեն հատուկ յուրօրինակ խոսվածքով, վստահություն ներշնչեց բոլորին: Ուրեմն, հորիզոնում երևացող առարկան կամ ժայռ է, կամ խութ, կամ էլ կղզի, իսկ նրա վրա շարժվող արարածները, անկասկած, տղամարդիկ են, կանայք ու երեխաներ։


== Գլուխ LVII. Կաննիբալյան կղզիների արքան ==

Նավաստու հանդիսավոր հայտարարությունը ցրեց բոլոր կասկածները։ Դե, իհարկե, առջևի սև կետը կղզի է, իսկ նրա վրա գտնվող ուղղաձիգ կերպարանքները` մարդկային արարածներ:

Այս զգացումն այնպիսի ուժով համակեց կատամարանցիներին, որ նրանք այլևս չէին կարող զսպել իրենց, ու բոլորը միանգամից ուրախ ճչացին։
Եթե նրանք ունկնդրեին զգուշության ձայնին, ապա այդքան բուռն ցնծություն չէին արտահայտի։ Ճիշտ է, կղզում չկային ավազակներ` «Պանդորա»-ի խորտակման զոհերը։ Բայց թե այնտեղ կարող էին լինել ուրիշ, նույնքան կատաղի և արյունարբու վայրենիներ։

Ով կարող էր երաշխավորել, որ այնտեղ մարդակերներ չեն ապրում։

Կարող է տարօրինակ թվալ, որ այսպիսի բան անցավ մեր տառապյալների մտքով։ Սակայն հենց այս մասին էր, որ միաժամանակ մտածեցին բոլորը, և առաջին հեր-թին ինքը` Բեն Բրասը։

Նավաստու կենսափորձը ոչ միայն չհերքեց այն, ինչ նա մանուկ հասակում լսել էր մարդ խժռող ցեղերի մասին, այլև, ընդհակառակը, այդ փորձը էլ ավելի հաստատեց նրա հավատը մարդակերների գոյության նկատմամբ։

Բեն Բրասը եղել էր Ֆիջի կղզիներում, որտեղ ծանոթացել էր նրանց արքա Տոկոմբոյի` Հոկի-Պոկի-Վիտի-Վում դինաստիայի ուղղակի շառավիղի հետ և մար-դակերների այդ ցեղի մյուս ազնվատոհմիկների հետ։ Նա տեսել էր մարդու միս եփելու նրանց հսկայական կաթսաները, այն ամաններն ու թավաները, որտեղ միսը տապակվել է, ափսեները` որոնցով մատուցվել է, դա-նակները` որոնցով սովորաբար այն կտրտում էին, պա-հեստները, որոնք լիքն էին մարդեղենով և ամբողջովին ներծծված մարդկային արյունով։ Դեռ ավելին` նավաստին ականատես էր եղել մի վիթխարի խնջույքի, որտեղ հրամցվել էին սպանված տղամարդկանց ու կանանց մարմիններ` և́ տապակած, և́ խաշած։ Հյուրասիրությանը մասնակցում էին Տոկոմբոյի հարյուրավոր պալատականներ։ Եվ այդ սահմռկեցուցիչ արարողությանը նայելով, նրանց կողքին, արտաքուստ անվրդով ու գոհ, նստած էր մեր նավաստու նավապետը, բրիտանական ռազմանավի նավապետը, այո, բրիտանական էսկադրայի կոմոդորը, որն իր տրամադրության տակ ուներ այնքան թնդանոթներ, որ կարող էր երկրի երեսից ջնջել ամբողջ Վիտի-Վաու կղզին։

Դժվար է հասկանալ այդ անգլիացու գործելակերպը, որին գրեթե «նորին պայծառափայլություն» էին անվանում։ Միակ բացատրությունը, որ այստեղ կարելի է տալ, հետևյալն է. նրա սահմանափակ միտքը գերին էր միջազգային չմիջամտության անհեթեթ, բայց, ավաղ, հաճախ խիստ հարմար տեսության` ամենավտանգավոր բյուրոկրատիզմի, որը երբևէ կաշկանդել է չինովնիկի մունդիրով հիմարի փափկանկատ խիղճը:

Բոլորովին այդպես չի գործել Ուիլքսը, այդ յանկի-հրամանատարը, որին մենք այնքան սիրում ենք կշտամբել։ Նա նույնպես այցելել է մարդակերների Վի-տի-Վաու կղզին։ Բայց կղզում գտնվելու ժամանակ Ուիլքսը նրա վրա ուղղեց իր քառասուն ֆունտանոց թնդանոթները և այնպիսի մի դաս տվեց և́ թագավորին, և́ նրա հպատակներին, որ նրանք եթե չհրաժարվեցին էլ իրենց հակաբնական ազգային սովորությունից, ապա գոնե երդվեցին վերջ տալ դրան:

Իրոք, լա՜վ չմիջամտություն է։ Միջազգային նր-բանկատություն արյունարբու վայրենիների ցեղի նկատմամբ։ Մարդակերների ցեղը, իսկապես, մի՞թե ազգ է։ Այդ դեպքում ինչո՞ւ չճանաչել ամեն մի ավազակախմբի ազգային իրավունքը, որին վիճակվել է անկախ գոյություն նվաճել իր համար: Ավա՜ղ։ Աշխարհը լիքն է անհիմն պահանջներով, թունավորված քաղաքական կեղծավորության թույնով։

Իհարկե, Բեն Բրասը ինքը այդպես չէր դատում, նրա փոխարեն այդ անում է նրա կենսագիրը: Բենը մտածում էր նեղ ու գործնական, նա հաստատապես հավատում էր մարդակերների գոյությանը։ Ու մինչդեռ լաստը, որի հետ նա, իր կամքին հակառակ, կապել էր բախտը, գնում էր դեպի խորհրդավոր կղզին, նավաստին շարունակում էր սարսափել նրա բնակիչներից:

Այդ պատճառով էլ նա ուզում էր ափին մոտենալ ամենայն զգուշությամբ։ Բայց հենց որ պատրաստվեց այդպիսի խորհուրդ տալ իր ուղեկիցներին, նրա բոլոր բարի մտադրությունները հօդս ցնդեցին։ Ձյունիկը ցնծագին «ուռա՜» բացականչեց, նրան կրկնեց Վիլյամը, և ընդհանուրին միացավ փոքրիկ Լալիի կիսամանկական ձայնը։

Նավաստու նախազգուշացումն ուշացավ, թեև դա, գուցե, անհրաժեշտ էր «Կատամարանի» անձակազմի անվտանգության համար։ Անզգույշ բացականչությունը բոլորովին անսպասելի հետևանք ունեցավ, կատարվեց այնպիսի մի բան, որը փոխեց ոչ միայն Բեն Բրասի, այլև նրա ուղեկիցների մտքերի ամբողջ ընթացքը։

Աղմկալի ձայները խախտեցին օվկիանոսի անդորրությունը և հանկարծ փոխեցին կղզու ամբողջ պատկերը կամ, ավելի ճիշտ, նրա բնակիչների արտաքինը։ Եթե դրանք մարդկային արարածներ էին, ապա նրանք պատկանում էին տարօրինակ, շատ տարօրինակ ցեղի, նրանք թևեր ունեին։ Հակառակ դեպքում, ինչպես կարող էին նրանք, «Կատամարան»-ի վրա բարձրացած ճիչերը լսելով, պոկվել հաստատուն հողից ու բոլորը միանգամից օդ բարձրանալ:

Սակայն կատամարանցիներին հարկ չեղավ երկար գլուխ կոտրել: Եթե դեռևս կարելի էր կասկածել, որ առջևում գտնվողը կղզի է, ապա նրա բնակիչներն արդեն դադարել էին հանելուկ լինելուց։

– Ախր սրանք թռչուննե՜ր են,– բացականչեց նեգրը,– և ուրիշ ոչինչ։

– Ճիշտ է, Ձյունիկ,– համաձայնվեց նավաստին։

– Իհարկե, իսկական թռչուններ։ Ինչ կա որ, ավելի լավ։ Այո, այո։ Ես նույնիսկ ոմանց ճանաչում, եմ։ Այստեղ կան և́ ֆրեգատներ, և́ ջրահավեր, և́ շատ ուրիշ թռչուններ։ Ահա և, կարծում եմ, մրրկահավերի ճուտեր... Ի՜նչ ասես, որ չկա այստեղ` և մեծ, և փոքր...

Այլևս կարիք չկար ենթադրելու, թե ինչ արարածներով է բնակեցված կղզին։ Հանելուկային կերպարանքները, որոնք մոլորության մեջ էին գցել «Կատամարան»-ի անձնակազմին, պարզվեց, որ իրոք երկոտանիներ են, բայց ոչ մարդիկ, և ոչ էլ նույնիսկ երկրային բնակիչներ։ Դրանք «օդի բնակիչներ» էին։ Երբ նրանց խրտնեցրին տարօրինակ ճիչերը, որ այդ թռչուններն առաջին անգամ էին լսում, նրանք նետվեցին փրկություն որոնելու հարազատ տարերքում, որտեղ կարելի էր չվախենալ ցամաքային ու ծովային թշնամիների հետապնդումներից։


== Գլուխ LVIII. Կետաձո՜ւկ է ==

Թռչունների օդ բարձրանալը ցրեց կատամարանցիների ենթադրությունները, բայց և այնպես, մինչև վերջ չսասանեց նրանց հավատը։ Կղզին մնում էր տեղում, բոլորի աչքի առաջ, ճիշտ է, բոլորովին ամայի, բնակիչներից լքված։ Բավական էր մի բացականչություն, որպեսզի հանկարծ սկսվեր մասսայական տեղափոխությունը։ Կղզու վրա առաջվա նման փողփողում էր դրոշակը։ Բայց ափին, ինչպես երևում էր, չկար ոչ մի արարած, որը հպարտությամբ ողջուներ այդ միայ-նակ դրոշակին։

Այո, մարդու ոտք չէր մտել այստեղ։ Հակառակ դեպքում, միթե թռչուններն այդքան երկար կապրեին, ասես արգելանոցում, որ ի վերջո մարդկային ձայնի հնչյունն իսկ վախեցներ նրանց: Իսկ եթե կղզում ոչ ոք չկա, ուրեմն հետագա նախազգուշությունների անհրաժեշտությունը վերանում է, հարկավոր է միայն նայել լաստին։ Եվ անմարդաբնակ կղզում ափ իջնելու որոշում ընդունելով, նավաստին ու Ձյունիկը Վիլյամի հետ միասին եռանդուն կերպով վերցրին թիակները, որպեսզի հնարավորին չափ շուտ ափ հասնեն։

Քամու և թիակալների ջանքերով «Կատամարան»-ը մեծ արագությամբ սլացավ ջրի վրայով:

Մի քանի րոպե անց «Կատամարան»-ն արդեն գտնվում էր խորհրդավոր կղզուց ընդամենը մի հարյուր սաժեն հեռավորության վրա և, թեթևորեն սահելով, ավելի ու ավելի էր մոտենում նրան։

Կղզին արդեն մոտ էր։ Ծագող արևի ճառագայթները ցրել էին վաղորդյան մշուշը, և այնտեղ, առջևում, կատամարանցիերի դիմաց հառնում էր հանելուկային ցամաքը։ Բեն Բրասը, թիակը թողնելով, մեկ անգամ ևս ետ դարձավ, որպեսզի վերստին զննի այն։

– Համա՜ թե ցամաք է,– բացականչեց նա առաջին իսկ հայացքից։ Ինչպե՞ս չէ, լավ կղզի է, գրպանդ լայն բաց արա։ Շանթահարվեմ, թե դա կղզի է... Ի՜նչ հող. մի բուռ էլ չես գտնի։ Կարծես ժայռի նման ինչ-որ բան է։ Չէ, ժայռ չէ, ավելի շուտ` կետի է նման... Դե իհարկե, կե՜տ է. շա՜տ նման է։

– Շատ, շա՜տ նման է,– արձագանքեց Ձյունիկը, բոլորովին չուրախանալով այդպիսի նմանության համար։

– Իսկապես որ կետ է,– ի լուր ամենքի` վստահ ձայնով հայտարարեց նավաստին։– Ամենաիսկականը... Այո,– շարունակեց նա, կարծես հանկարծ գլխի ընկնե-լով,– հիմա ամեն ինչ պարզ է։ Մեծ կաշալոտ է: Զարմանում եմ, ինչպես առաջ մտքովս չի անցել։ Ահա թե ինչ. սպանել են ինչ-որ կետորսական նավից։ Տեսնո՞ւմ եք, մեջքին դրոշակ կա ցցված: Հենց նրանք էլ դրել են այդ նշանաձողը։ Որպեսզի նավի վերադառնալու դեպ-քում հեշտ լինի գտնելը... Կետորսներն անպայման կվերադառնան, ամբողջ հույսը դրա վրա է:

Իր բացատրություններն ավարտելով, Բենը շտկվեց, կանգնեց «Կատամարան»-ի ամենաբարձր տեղում և, այլևս ուշադրության չարժանացնելով կետին, սկսեց ագահ աչքերով շուրջը նայել։

Բոլորին անմիջապես պարզ դարձավ, թե ինչ նպատակով էր նա նորից հետախուզում, նրան թևավորում էր հույսը։

– Կետը, հավանաբար, սպանված է,– դատում էր նավաստին:–Լավ, այդ դեպքում որտե՞ղ են կետորսական նավերը։

Նա տասը րոպե շարունակ նայում էր օվկիանոսին, մինչև որ զննեց ամբողջ շրջակայքը։

Սկզբում նրա հայացքը լի էր հույսով ու վստահությամբ, բայց կամաց-կամաց նորից ստվեր իջավ նավաստու դեմքին, և այդ տրամադրությունն անմիջապես հաղորդվեց նրա ուղեկիցներին։

Որքան աչքը կտրում էր` ծովում առագաստ չէր երևում։

Ոչ մի բիծ չէր մթագնում ծովի շողշողացող հեռուն։

«Կատամարան»-ի «նավապետը» խոր հիասթափությամբ թողեց իր դիտակետը ու նորից շրջվեց դեպի մեռած կաշալոտը։ Այժմ նրանց իրարից բաժանում էր ընդամենը մոտ հարյուր սաժեն, և այդ տարածությունը կրճատվում էր. լաստը, առագաստը պարզած, ավելի ու ավելի էր մոտենում։

Տեսողական պատրանքը ցրվեց մշուշի հետ միասին, որն անչափ մեծացնում և աղավաղում է առարկաների գծագրումները։

Կաշալոտի մսեղիքն այլևս չէր կարելի կղզու տեղ ընդունել, բայց թե նա դեռ շարունակում էր ապշեցնել իր վիթխարիությամբ։ Այժմ այն ավելի շուտ նմանվում էր օվկիանոսից բարձրացող վիթխարի սև ժայռի։ Կետը քսան յարդից ավելի երկարություն ուներ, իսկ նրանց, ովքեր կենդանուն նայում էին կողքից, լաստից, նա ավելի խոշոր էր երևում։

Հինգ րոպե հետո նրանք մոտեցան, առագաստն իջեցրին ու կանգեցրին լաստը։ Բենը պարանը նետեց կրծքալողակներից մեկի վրա և «Կատամարան»-ն ահա կառանվեց կաշալոտի մոտ, ինչպես փոքրիկ նավակը հսկայական ռազմանավի կողքին:

Բեն Բրասի խելքին փչեց բարձրանալ կետոսկրից ու ճարպից կազմված այդ լեռան գագաթը։ Հենց որ լաստը հուսալիորեն ամրացվեց, նավաստին սկսեց իր վերելքը:

Բայց պարզվեց, որ կետի մսեղիքի վրա մագլցելն այնքան էլ հեշտ չէ:

Եվ հետո` լուրջ վտանգ էր սպառնում, չէ՞ որ շատ դժվար էր մնալ ծովային հսկայի լպրծուն մաշկի վրա, որից ծորում էր յուղալի հեղուկ, որ, ինչպես հայտնի է, արտադրում է կաշալոտը։

Ընթերցողը, երևի, կմտածի, թե Բեն Բրասի նման լողորդի համար նույնիսկ սայթաքելը սարսափելի չէ. չէ որ մի քանի ֆուտ բարձրությունից ջուրն ընկնելը չի սպառնում քիչ թե շատ լուրջ խեղվածք պատճառել։ Բայց եթե պատկերացնենք, որ որս գտնելու նպատակով բազմաթիվ շնաձկներ էին վխտում մսեղիքի շուրջը, ապա հասկանալի կդառնա, թե ընկնելու դեպքում ինչպիսի վտանգ էր սպառնում խիզախ ծովայինին:

Բայց Բեն Բրասն այնպիսին չէր, որ որևէ վտանգի առջև նահանջեր։ Նա Ձյունիկի աջակցությամբ օգտագործեց կետաձկան այն կրծքալողակը, որից կապված էր լաստը, և մագլցեց մեռած հրեշի մեջքի վրա:

Հենց որ նա հարմարվեց իր նոր տեղում, նրան նետեցին պարանի ծայրը, և կաշալոտի վրա բարձրացավ նաև Ձյունիկը: Երկու ծովայինները գնացին դեպի պոչը կամ, նավաստու արտահայտությամբ, դեպի այդ յուրատեսակ նավախելը:

Այստեղ, ետևի մասում, բարձրանում էր ճարպի բրգաձև զանգվածը, նկատելիորեն ցցվելով կետի մեջքին։ Դա կեղծ կամ ճարպային մեջքալողակ էր, ինչպիսին սովորաբար ունենում են կաշալոտները:

Այդ ուռուցիկության վրա բարձրանալով, ծովայինները դադար առան։ Դա կետի մարմնի ամենաբարձր տեղն էր. հենց այնտեղ էլ բարակ ձողափայտի վրա ծածանվում էր դրոշակը։ Նրանք կանգնեցին կողք-կողքի, սևեռուն նայելով արևով ողողված, փայլատակող ծովային հեռուն:


== Գլուխ LIX. Կետի մսեղիքի վրա ==

Նրանց համատեղ հետախուզության նպատակը նույնն էր, ինչ-որ առաջ։ Ահա նրանք կանգնած են սպանված կետի մսեղիքի վրա։ Իսկ որտե՞ղ են մարդիկ, որոնք հարպունահարել են սրան։

Ուշադիր հետազոտելով հորիզոնը, նավաստին վերադարձավ ծովային հսկայի զննմանը և այստեղ հայտնաբերեց որոշ առարկաներ, որ առաջ չէր նկատել։ Պարզվեց, որ վեր բարձրացված դրոշակը, որը կետորսների շրջանում հայտնի է «նշանաձող» անունով, կաշալոտի մահվան միակ վկան չէր։

Նրա կողքին ցցված էին երկու մեծ հարպուններ։ Յուրաքանչյուրի երկաթե սայրը խոր խրված էր կենդանու ճարպաշերտի մեջ։ Մաշկից դուրս էին գալիս փայտե զանգվածային բռնակներ. դրանցից դեպի ջուրն էին գնում պարաններ` ծայրերին կապված հաստ կոճղեր, որոնք լողանների նման մնում էին ջրի երեսին։

Բենն անմիջապես ճանաչեց, որ դրանք խարսխանիշ լոգաններ են, որպիսիք ունենում է յուրաքանչյուր կետորսական նավ։ Դրանք քաջ հայտնի էին նրան, ու նա գիտեր դրանցից օգտվել։ Ժամանակին, նախքան ռազմանավի նավաստի դառնալը, նա աշխատել էր որպես հարպունահար և հասկանում էր այն բոլորը, ինչ կապված էր կետորսի մասնագիտության հետ:

– Այո,– եզրակացրեց նա, ճանաչելով իր նախկին ար-հեստի գործիքները,– ճիշտ և ճիշտ ինչպես որ ասել եմ։ Կետորսական նավ է մտել այս ջրերը և զբաղվել կաշալոտի որսով... Բայց, թերևս, ես սխալվում եմ,– նկատեց նա մի պահ մտածելուց հետո։– Ո՞վ իմանա, գուցե ոչ մի նավ էլ չի եղել այստեղ։ Այս լողանները ինչ-որ դուր չեն գալիս ինձ։

– Լողաննե՞րը,– հարցրեց Ձյունիկը։– Այո կոճղերը, որ ջրի վրա՞ են... Իսկ ինչո՞վ ձեզ դուր չեն գալիս մասա Բրաս:

– Եթե դրանք չլինեին, ապա ես հաստատապես կիմանայի, որ նավ է եղել այստեղ։

– Դե, իհարկե։ Անպայման եղել է,– պնդում էր Ձյունիկը:– Հակառակ դեպքում, որտեղի՞ց կարող էին հայտնվել և́ դրոշակը, և́ հարպունները:

– Է՜խ:– հոգոց հանեց նավաստին,– դրանք կարող էին այստեղ ընկնել, թեկուզ և հարպունահարները մոտեր-քում եղած չլինեին։ Եղբայրս, դու բոլորովին չգիտես, թե ինչպես են կետ որսում։

Այս խոսակցությունը շփոթեցրեց նեգրին։

– Գիտես ինչ, բարեկամս,– շարունակեց նավաստին, խարսխանիշ լողաններն այստեղ են, որովհետև, երբ վելբոտները հեռացել են, կետուհին դեռ շունչը փչած չի եղել։ (Նախկին կետորսը, ինչպես ընդունված է նրա երբեմնի ընկերների շրջանում, կետերի մասին միշտ իգական սեռով էր խոսում): Այո, նա երևի դեռ կենդանի է եղել,– նորից շարունակեց Բենը։– Լողաններն էլ հենց նրա համար են կապել, որ չկարողանա շատ հեռանալ։ Երևում է` կաշալոտների մի ամբողջ նախիր է եղել, այդ պատճառով էլ կետորսական նավի նավաստիները ժամանակ չեն կորցրել վիրավոր կետի համար։ Եվ ահա լողաններով մի երկու հարպուն են բաց թողել նրա վրա, իսկ մեջքին նշանաձող են խրել։ Սկզբում որ այս բոլորը տեսա, ուրիշ բան էի մտածում Տես, դրոշակը գրեթե ուղղաձիգ է ցցված։ Ապա մի կռահիր, թե կետորսներն ինչպե՞ս կարող էին վելբոտից այսքան դիպուկ խրել դրոշակը։ Բացի դրանից, ո՞վ սիրտ կաներ, քանի դեռ կետուհին չէր սատկել, բարձրանալ այստեղ ու դրոշակ տնկել...

– Դուք իրավացի եք,– ընդհատեց Ձյունիկը։

– Չէ։ չէ։– առարկեց նավաստին,– բանն էլ այն է, որ իրավացի չեմ։ Սկզբում ինքս էլ էի այդպես մտածում, իսկ հիմա տեսնում եմ, որ սխալվել եմ, այ, ինչպես հիմա դու, Ձյունիկ։ Նայիր. կետուհու մեջքին դրոշա-կաձողը ուղիղ չի ցցված, այլ կարծես փոքր-ինչ մի կողքի վրա է թեքված։ Պատճառն այն է, որ կետուհին շունչը փչելիս մի քիչ շրջվել է կողքի Վրա։ Ի՞նչ, մի՞թե լավ հարպունահարի համար, եթե նա իր գործի վարպետն է, դժվար է վելբոտից դրոշակ ցցել ձկան մեջքին։ Այդպես էլ եղել է։

– Թող այդպես լինի,– համաձայնվեց Ձյունիկը: Ի՞նչ տարբերություն։ Միևնույն է` կետին սպանել են։

– Տարբերությունը մեծ Է։ Հենց բանն էլ այդ է։

– Ինչ որ բան չեմ հասկանում, մասա Բեն։

– Լավ մտածիր: Եթե կետուհուն այն աշխարհն ուղարկելու պահին վելբոտներից են հետապնդել նրան, դա արդեն ուրիշ բան է։ Այդ դեպքում կետորսական նավն այստեղ է եղել այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ աշխատել են: Ուրեմն` նա հիմա էլ ինչ-որ տեղ մոտերքում է։

– Դե իհարկե, ճիշտ այդպես է։

– Է՜խ, Ձյունիկ, ո՞վ գիտե հիմա որտեղ են մեր կետորսները։ Եվ հետո` կետուհին էլ իր լողաններով կարող է շատ մղոններ անցած լինել այն տեղիցս որտեղ նրան հարպունահարել են: Էնպիսիները գիտեմ, որ մինչև շունչը փչելը քսան հանգույց են արել... Իսկ այս պառավը խոշոր է եղել, այսքան խոշորը չեմ էլ տեսել։ Սա էլ, իհարկե, նախքան սատկելը, լողալով հեռացել է և ոչ թե մոտեցել... Իսկ այս դեպքում կետորսական նավը հազիվ թե հասնի նրան ու նրա հետ միասին` մեզ։

Նավաստին լռեց ու հայացքը նորից հառեց ծովին: Նա մեկ անգամ ևս շատ ուշադիր, փորձախույզ նայեց հորիզոնին։ Հետո նույն հուսահատ տեսքով վերստին սկսեց զննել կետի մսեղիքը:


== Գլուխ LX. Արտասովոր խոհանոցը ==

Նավաստին ու «Պանդորա»-ի նախկին կոկը ամբողջ օրը շուրջն էին նայում մեռած կաշալոտի «դիտակետից»:

Սակայն նրանք այստեղ էին մնացել ո́չ միայն դրա համար: Նույնպիսի դիտակետ կարելի էր սարքել նաև «Կատամարան»-ի կայմի վրա:

Բայց շատ բան նրանց ստիպում էր մնալ մսեղիքի մոտ, փոխանակ շարունակելու ճանապարհը դեպի արևմուտք: Նրանք հույս ունեին, որ կվերադառնան կետորսական նավերը, որոնք սպանել էին կաշալոտին. հավանաբար` նրանք չեն թողնի այսքան արժեքավոր որսը։

Բացի դրանից, կատամարանցիները մի տեսակ իրենց ավելի հանգիստ էին զգում ծովային հսկայի մոտ, ասես թե խարիսխ գցած լինեին իսկական կղզու ափին: Մասամբ էլ այս հանգամանքն էր նրանց դրդում երկարաձգելու կանգառը։

Ուրիշ նկատառումներ էլ ունեին նրանք, ընդհանրապես ուզում էին դեռ որոշ ժամանակ մնալ այստեղ, նավամատույցում։

Արթուն ժամերին ուշադիր ուսումնասիրում էին առաջիկա իրադրությունը. քննարկման առարկա դարձավ նաև կետի մսեղիքը։ Խորհրդակցելով, կատամարանցիները որոշեցին չհեռանալ ծովային հսկայից, մինչև չհաջողվի գոնե մասամբ օգտագործել նրա աճյունը ապագայի համար։

Նախկին կետորսը գիտեր. այդ կաշալոտի սև մաշկի տակ, որի վրա արդեն երկու օր է, ինչ նրանք այդպես անվախ քայլում են, կան արժեքավոր նյութեր, որոնք կարող էին իրենց պետք գալ` «Կատամարան»-ի վրա որոշ բարեհարմարություն ստեղծելու համար։

Ամենից առաջ հաստ ճարպաշերտերը, որոնք կարելի էր եփել կամ հալեցնել։ Այնպիսի մի խոշոր կետ, ինչպիսին սա է, կարող է ամենաքիչը հարյուր տակառիկ ճարպ տալ։

Բայց թե դա շատ քիչ էր հետաքրքրում նրանց։ Ճարպը առևտրական նպատակներով հալեցնելու համար հարկավոր են կաթսաներ, լցնելու տակառներ, հարկավոր է նավ` փոխադրելու համար, իսկ իրենք ոչինչ չունեն։

Բայց Բենը գիտեր, որ կաշալոտի գանգի մեջ կան մաքուր սպերմացետի նստվածքներ, մի բան, որն առանց որևէ մշակման էլ պետք կգա իրենց. այդ մասին արդեն իրենք կարող են հոգալ։

Դա կարելի է ձեռք բերել շատ հասարակ ձևով. բավական է բացել կաշալոտի հսկայական գանգի մեջ գտնվող սպերմացետի «պարկը»: Այնտեղ կհայտնաբերվի բարակ ցանցաշերտով պատած մի խոռոչ, որի մեջ ամենաքիչը տասը-տասներկու մեծ տակառ մաքուր սպերմացետ կա։

Եվ հետո` նրանց այդքան շատ հարկավոր էլ չէ։ Ձյունիկի ու նավաստու մտածածն իրագործելու համար երկու-երեք տակառն էլ էր բավական։

Նրանք շատ էին տանջվել առանց վառելիքի, և այնքան կարևոր չէ տաքանալը, ինչքան կերակուր եփելը։ Վերջապես նրանց զրկանքները վերջ գտան։ Այժմ կարող են սպերմացետի պաշար ունենալ շատ օրերի հա-մար, կաշալոտի «պարկի» մեջ ինչքան ասես կա։ Իսկ լաստի վրա կա վեց տակառ, հինգը` դատարկ։Եթե դրանցից միայն մի քանիսը ճարպով լցվի, ապա լաստը ամենևին չի տուժի. ոչ նրա լողունակությունը, ոչ ծովագնացային հատկությունները չեն նվազի:

Ե՛վ Ձյունիկը, և՛ Բեն Բրասը տեսնում էին, թե ինչպիսի զզվանքով է Լալին հում միսն ուտում։ Միայն դաժան սովը կարող էր նրան ստիպել կուլ տալ իր բաժինը։ Դա տառապանք էր պատճառում երկուսին էլ, և նրանք ուզում էին աղջկա համար ձեռք բերել ինչ-որ մի ավելի լավ բան, մանկական քնքուշ մարմնի համար ավելի հարմար մի բան։

Եվ այսպես, կետի մսեղիքից հեռանալուց դեռ շատ առաջ կամ, ավելի ճիշտ, այնտեղ տեղավորվելուց անմիջապես հետո, Բեն Բրասը, Ձյունիկը, ինչպես նաև հրեշի մեջքի վրա բարձրացած Վիլյամը կացնով բացեցին կետի «պարկի» մեծ խոռոչը։ Այնուհետև նրա մեջ իջեցրին նավաստու ծովային սնդուկում գտնված թիթեղյա կաթսայիկը և այն դուրս քաշեցին հեղուկ սպերմացետով լցված։

Կաթսայիկը տարվեց «Կատամարան», և ճանապարհորդներն անմիջապես սկսեցին կրակ անել։

Շուտով կաթսայիկը վերասարքավորվեց ու վերածվեց ճրագի։ Ձյութած պարանի մի քանի թելեր քանդելով, մեր գյուտարարները դրանք սուզեցին կետաճարպի մեջ, և ահա ճրագը պատրաստ էր: Մնում էր միայն պատրույգը վառել։

Բայց իզուր չէր, որ գրեթե երեսուն տարի իր ծխամորճն էր ծխում Բեն Բրասը. էլ ինչպե՞ս կարող էր նա պատշաճ բարձրության վրա չգտնվել։ Այն սնդուկի մեջ, որտեղից կաթսայիկն էին հանել, գտնվեցին նաև կրակ վառելու համար անհրաժեշտ պիտույքներ` աբեթ, կայծքար և կայծահան։ Աբեթը միանգամայն չոր էր մնացել նավաստիական սնդուկի անջրանցիկ մասում, այնպես որ` ճրագը կարելի էր անմիջապես վառել։
Եվ իրոք, շուտով զվարթորեն բոցկլտաց կրակը, և բոցի լեզուներն արդեն կաթսայիկի եզրերն էին լիզում։ Մեր կորուսյալները հաջողությամբ մի մեծ կտոր չորացրած ձուկ խորովեցին բոցի վրա։

Այսօր բոլորն էլ փառավոր ճաշեցին, դա ամենաճոխ սեղանն էր այն պահից ի վեր, երբ նրանք հարկադրված էին եղել փախչել վառվող «Պանդորա»-ի տախտակամածից։


== Գլուխ LXI. Շնաձկների խառնաժողովը ==

Սպերմացետը դեռ բոցավառվում էր, պատրույգը մինչև վերջ չէր այրվել, և Ձյունիկն էլ չէր ուզում դադարեցնել եփութափը։ Նա մտադրվել էր հնարավորին չափ շատ ձուկ խորովել ընթրիքի համար։ Ի տարբերություն իր արհեստակից եղբայրների, նախկին կոկը չէր ուզում, որ թանկարժեք վառելանյութն իզուր կորչեր։ Նա մի կտոր էլ շնաձկան միս հանեց և, առաջվա նման, կախեց կրակի վրա։

Նրա հոգացողությանը նայելիս Բեն Բրասի գլխով մի փայլուն միտք անցավ։ Չէ որ ահա կոկը վաղօրոք է ընթրիք պատրաստում: Իսկ ի՞նչ կլինի, եթե ամբողջ հաջորդ օրվա համար ուտելիք պատրաստվի, մի խոսքով, եթե նախապես պատրաստվի ձեռքի տակ եղած ամբողջ հում մթերքը։ Այդ դեպքում իրենք ընդհանրապես այլևս կրակի կարիք չեն ունենա։ Բացի դրանից, չէ որ խորոված կամ կրակի ու ծխի մեջ մի լավ ապխտած մթերքը շատ ավելի լավ է պահպանվում, քան հումը։ Եվ իրոք այդ ձևով պահածոյացված ամեն մի ձուկ, լինի դա տառեխ ու ծովային գայլաձուկ, թե ձողաձուկ ու թյունիկ, կարող է ամիսներով մնալ ու չփչանալ։ Ինչ ասել կուզի, հրաշալի միտք է:

Հենց որ Բեն Բրասը իր մտածածը հաղորդեր մյուսներին, անմիջապես որոշվեց այն իրագործել։ Կարելի էր ապահով լինել, որ վառելիքը չի պակասի, Բենը պնդում էր, թե շատ խոշոր կաշալոտի «պարկում», հենց այնպիսին, ինչպիսին իրենց կետն է, հաճախ հինգ հարյուր գալոն հեղուկ սպերմացետ է լինում։ Բացի դրանից, նրանց տրամադրության տակ կային հսկայական քանակությամբ կետամիս ու ճարպասարեր։ Եվ հետո` շատ ուրիշ վառելանյութեր էլ կան կաշալոտի մսեղիքում։

Մի խոսքով, «Կատամարան»-ի անձնակազմը անսպասելիորեն իր տրամադրության տակ ունեցավ վառելիքի այնպիսի մի հսկայական պաշար, որը բավական էր մի ամբողջ տարի բոցավառվող խարույկ պահելու համար։

Իսկ քանի որ առատ վառելանյութ կար, կարելի էր ավելի լայնորեն ծավալել եփութափը։ Վատը միայն այն էր, որ մթերքը սակավ էր։ Նրանց լրջորեն անհանգստացնում էր այն բանը, որ պահեստում շատ քիչ մթերք էր մնացել։

Մինչ Բեն Բրասն ու Ձյունիկը կանգնել ու մտածում էին, կամացուկ գանգատվելով իրար, թե ինչ ճար գտնենք մի նոր միտք անցավ ծովայինի գլխով։

– Նայիր, բարեկամս,– բացականչեց նա։– Չէ որ մեզ համար հասարակ բան է պահեստը լիքը լցնելը։ Այստեղ այն քան միս կա, որ մինչև կյանքիդ վերջն էլ եփես` չի վերջանա:

Այս ասելիս, նավաստին մատնացույց արեց ջուրը։

Բոլորը հասկացան, թե ինչ նկատի ուներ նա։ Կաշալոտի մսեղիքի շուրջը վխտում էին տասնյակ կապույտ ու սպիտակ շնաձկներ` «լոցմանների» ու կպչանների իրենց շքախմբով։ Ծովը տառացիորեն խլրտում էր նրանցով։ Շրջակայքում հարյուր սաժենի վրա հազիվ թե կարելի էր ծովային տարածության հինգքառակուսիմետրանոց մի կտոր գտնել, որտեղ ջրից դուրս ցցված չլինեին նրանց չարագուշակ տեսք ունեցող կոշտլողակների սայրերը։

Այս բոլոր ծովային գիշատիչները, իրենց սովորական վարմունքին հակառակ, հավաքվել էին կաշալոտի մեռած մսեղիքի մոտ։ Նրանք բոլորովին էլ հարձակման չէին պատրաստվում. Երախի առանձնահատուկ կառուցվածքը շնաձկանը թույլ չի տալիս խժռել մեծ կետի մսեղիքը։ Նրանք, անկասկած, կրնկակոխ որսորդներին են հետևել այն պահին, երբ կաշալոտին հարպունահարել են, և այժմ մնում էին խփված կետի մոտ. բնազդը նրանց հուշում էր, որ կետորսները, վերադառնալով, կզբաղվեն մշակումով, երբեմն-երբեմն խոշոր մսակտորներ նետելով իրենց։

– Էհե՜,– բացականչեց նավաստին։– Նրանք, կարծես, լավ սովածացել են վրա կտան ամեն մի խայծի։ Մնում է միայն ցանկանալ, ու մենք ինչքան ուզես շնաձուկ կորսանք։

– Իսկ կեռիկնե՞ր շնաձկների համար, մասա Բեն։ Չէ՞ որ «Կատամարան»-ի վրա չկան։

– Դու, եղբայրս, մի անհանգստանա,– վստահորեն ասաց նավաստին։– Թող գրողի ծոցը կորչեն այդ կեռիկները։ Նայիր, այնտեղ քո կեռիկներից էլ ավելի կարևոր բան կա։ Շնաձկները հիմա հեզ ու խոնարհ են, ինչպես մեջքի վրա շրջված կրիան։ Նրանք միշտ էլ այդպիսին են, երբ մեռած կաշալոտի մոտ են հավաքվում… Տեսնո՞ւմ ես, ա՜յ նրանք, որ կետի կողքին են ցցված։ Եթե ես դրանց օգնությամբ մի քանի շնաձուկ ձեռք չգցեմ, կասես, որ կյանքումս հարպուն չեմ առել ձեռքս։ Թող խոհանոցդ, Ձյունիկ, շո՛ւտ։ Արի օգնիր։ Այ, կբռնենք ու կմշակենք մի քանի շնաձուկ, այն ժամանակ կարող ես նորից գործի անցնել։ Այնպիսի մի եփութափ սարքենք, որ սատանան անգամ չդիմանա։ Իսկ հիմա`շուտ, բարեկամս, շտապի՛ր։

Այս ասելով, Բենն սկսեց մագլցել մսեղիքի վրա։

Ձյունիկը հասկացավ, որ իր հին բարեկամը խելոք բան է մտածել։ Նա մի կողմ դրեց կրակին բռնած ձկնակտորը և նավաստու ետևից բարձրացավ կաշալոտի զառիթեք կողի վրա։


== Գլուխ LXII. Վտանգավոր հավասարակշռություն ==

Բենը վերցրեց կացինը և, մոտենալով կետի մարմնի մեջ դեռևս ցցված հարպուններից մեկին, սկսեց փորելով հանել այն։

Նա մի քանի րոպեում մի ամբողջ խոռոչ առաջացրեց հարպունի շուրջը և այնքան խորացրեց, մինչև որ գրեթե բացվեց քառթավոր սայրը։

Այդ միջոցին Ձյունիկն անհամբերությամբ բռնեց փայտե ամուր բռնակը և, ձգելով իր հերկուլեսյան ուժով, դուրս քաշեց փափուկ ճարպաշերտի մեջ լռված հարպունը:

Դժբախտաբար, հարպունը քաշելիս Ձյունիկը հաշվի չառավ իր ուժը:

Մի քանի անհաջող փորձերից հետո, անսպասելիորեն, հարպունը հեշտությամբ տեղի տվեց։ Չափից դուրս ուժեղ թափ առնելով, նեգրը կորցրեց հավասարակշռությունն ու սայթաքեց։ Կաշալոտի լպրծուն մաշկն ասես փախավ նրա ոտքերի տակից, և նա այնպիսի աղմուկով գլորվեց ներքև, կարծես հալվող սառույցի վրա շրմփաց։

Որքան էլ ցավալի էր պատահածը, բայց և այնպես դա դեռ վատթարագույնը չէր։ Մի՞թե ընկնելն այնքան վախեցրեց նեգրին, որ նա ահավոր տագնապով բարձրաձայն գոռաց։ Եվ ո՛չ անտեղի, այժմ շատ ավելի ահավոր վտանգ էր սպառնում նրան։

Մսեղիքն այնպես էր ընկած, որ հարպունի շուրջը կետի կողին մի մեծ տարածություն էր մնում` կտրուկ թեքվածք, որը վերջանում էր ջրին նայող զառիթափով։ Կաշալոտի հսկայական կողը, որից յուղալի հեղուկ էր ծորում, հարթ էր հայելու նման։ Այդ զառիթափից էլ ընկավ Ձյունիկը։

Անկումն այնքան սրընթաց էր, որ նեգրը չէր կարող ոչ պառկած մնալ այնտեղ, որտեղ սայթաքեց, ոչ էլ ոտքի կանգնել. նա իներցիայով գլորվեց ջուրը։

Երկնայի՜ն ուժեր, ի՞նչ կլինի նրա վիճակը։ Այնտեղ, ներքևում, արդեն սպասում էին տասնյակ շնաձկներ. քաղցած երախները բաց, նրանք ագահությունից վառվող աչքերով նայում էին Ձյունիկին։ Նկատելով, որ երկու մարդ բարձրացավ կետաձկան վրա և նրանցից մեկն էլ կացնով գործ է անում, բոլոր շնաձկները նետվել էին այդ կողմը, վճռելով, որ սկսվում է մսեղիքի մշակումը։

Մի շատ չնչին պատահականություն Ձյունիկին փրկեց ողբալի ճակատագրից. հակառակ դեպքում` հրեշները ողջ-ողջ կխժռեին նրան։ Ընկնելիս` նա ամուր կառչեց հարպունից, եթե նեգրը ձեռքից բաց թողներ հարպունը` ստիպված կլիներ հրաժեշտ տալ կյանքին:

Բարեբախտաբար, նա արիություն ունեցավ ամուր կառչելու հարպունից, բայց գուցեև մեքենայորեն արեց այդ բանը։ Ինչ էլ որ լիներ` նա հարպունը պահեց: Նրա բախտը բերեց նաև, որ գլորվում էր ոչ թե այն կողմը, որտեղ լողաններն էին ջրի,երեսին, այլ հակառակ կողմը։

Թե մեկը և թե մյուսը փրկարար եղավ նրա համար:

Դեպի ջուրը գնալու կես ճանապարհին անկումը հանկարծ կասեցվեց կամ, ավելի ճիշտ, դանդաղեց, նորից միայն ու միայն երջանիկ պատահականության շնորհիվ, ձգվեց հարպունի բռնակից կապված պարանը։ Գլորվելիս նեգրը պարանը քանդել էր մի կողմից մինչև ծայրը, մյուս ծայրը մնում էր կետի մսեղիքի մյուս կողմում ջրի մեջ գտնվող լողանին ամրացված։

Բայց որքան էլ մեծ լիներ լողանի ծանրությունը, որը, ջրի վրա օրորվելով, հակակշիռ էր ընկնող նեգրի համար, այնուամենայնիվ բավական չէր Ձյունիկի հզոր մարմինը պահելու համար։ Ճիշտ է, նա սկսեց ավելի դանդաղ գլորվել, բայց այնուամենայնիվ, ի վերջո կընկներ ծովը և անմիջապես կհայտնվեր շնաձկների ստամոքսում։ Բայց այդ պահին օգնության հասավ Բեն Բրասը: Եվ ճիշտ ժամանակին։

Այն պահին, երբ Ձյունիկի ոտքերն արդեն գրեթե ջրին էին հասնում (մնում էր ոչ ավելի, քան վեց դյույմ), նավաստին հասցրեց բռնել պարանից ու կասեցնել անկումը։

Բայց միայն այդքանը կարողացավ Բեն Բրասը: Շուտով պարզվեց, որ նա չի կարող նեգրին վերև քաշել։ Նրա ուժը բավականացնում էր ճիշտ այնքան, որ, անկումը կասեցնելուց հետո, ծանր լողանի օգնությամբ կախված պահեր կոկին։ Ձյունիկը կախված մնաց կյանքի ու մահվան արանքում, բառացիորեն ատամներով ու եղունգներով կառչած կաշալոտի լպրծուն մաշկից։

Նեգրը հասկանում էր, որ իր դրությունը վտանգավոր է, դեռ ավելին, գրեթե անհուսալի։ Ներքևից պարզորոշ լսվում էր աղմուկ, շնաձկներն էին լողում ջրում։ Նեգրը տագնապալից նայեց այնտեղ ու վախից անշարժացավ. նա տեսավ եռանկյունաձև սև լողակների սուր ծայրեր և խոր ակնակապիճներում չարությամբ պտտվող հսկայական վառվող աչքեր։ Նույնիսկ ամենաամուր սիրտը կցնցվեր այս տեսարանից։ Եվ Ձյունիկը մինչև հոգու խորքը սարսափեց։

– Բռնեցե՜ք, մասա Բեն,– ակամայից ճչաց նա:– Ի սեր Աստծու, ամուր պահեք։ Ոչ մի մատ ներքև, թե չէ անիծյալները ողջ-ողջ կուլ կտան ինձ... Հանուն բոլոր սրբերի, ամո՜ւր պահեք։

Բայց այս ջերմեռանդ աղաչանքն ավելորդ էր։ Բենն առանց այն էլ լարել էր բոլոր ուժերը, պահելով պարանը։ Ավելի ուժեղ ձգել նա չէր կարող. չէր համարձակվում նույնիսկ դիրքը փոխել, մի փոքր տեղաշարժել ձեռքը։ Չնչին շարժումն իսկ սպառնում էր կործանել նրա սևամորթ բարեկամին։

Բավական է պարանը թուլանար, մի քիչ ներքև իջներ` և Ձյունիկը կմնար առանց ոտքերի, չէ որ առանց այդ էլ նրա կրունկները օրորվում են ջրից մի քանի դյույմ բարձրության վրա, շնաձկների գրեթե մռութի մոտ։

Նեգրը արկածներով հարուստ իր ամբողջ կյանքի ընթացքում թերևս այդքան ցած կախված չի եղել անդունդի վրա։ Բավական էր մի չնչին պատահականություն, որ խախտեր հավասարակշռությունը, և նա անխուսափելիորեն մահվան ճանկերի մեջ կլիներ:

Հազիվ թե կարելի է կասկածել, թե ինչով կվերջանար այս ողբերգական դեպքը, եթե նավաստին ու կոկը սոսկ միայն իրենց հույսին թողնվեին։ Նավաստու ուժերը վայրկյան առ վայրկյան սպառվում էին, իսկ նեգրի մարմինը ավելի ու ավելի էր ծանրանում. թուլանալով, նա արդեն դժվարությամբ էր կառչում կետի լպրծուն մաշկից։

Թվում էր` ուրիշ օգնություն լինել չի կարող. վախճանն ակնհայտ է... Ձյունիկը ստիպված կլինի, պատկերավոր ասած, «իր նախապապետի մոտ գնալ»։

Բայց նեգրի ժամը դեռ չէր հասել։ Եվ նա դա հասկացավ, երբ հանկարծ ինչ-որ մեկի պատանեկան, բայց ուժեղ ձեռքերը կառչեցին պարանից։ Դրանք «փոքրիկ Վիլմի» ձեռքերն էին:

Հենց այն պահից, երբ Ձյունիկը սայթաքեց ու ընկավ, յունգան հասկացավ իր բարեկամին սպառնացող ամբողջ վտանգը և, կետի լողակի վրայով սրընթաց վեր մագլցելով, օգնության հասավ Բենին։

Եթե նա մեկ վայրկյան ուշ բռներ պարանից` ամեն ինչ վերջացած կլիներ։

Բայց նա ժամանակին հասավ. անդունդի վրա կախված Ձյունիկը փրկվեց: Նավաստին ու Վիլյամը ընդհանուր ուժերով դանդաղ, բայց հաստատուն կերպով նեգրին վեր քաշեցին լպրծուն լանջով և իջեցրին ոսկորներից ու ճարպից բաղկացած այդ լեռան գագաթին գտնվող հորիզոնական լայն «հրապարակի» վրա:


== Գլուխ LXIII. Հմտորեն նետված հարպունը ==

Անցավ որոշ ժամանակ, մինչև Ձյունիկը շունչ քաշեց ու վերստացավ իր սովորական հանգստությունը։ Նավաստին նույնպես բոլորովին շնչակտուր էր եղել։ Ու նրանք դեռ երկար ժամանակ չէին կարողանում ձեռնամուխ լինել այն ծրագրի իրագործմանը, որի համար բարձրացել էին կետի մեջքի վրա։

Հենց որ Ձյունիկը սթափվեց այնքան, որ կարողացավ խոսել, նախ ջերմ շնորհակալություն հայտնեց Բենին, որը նրան փրկեց ավելի սարսափելի կործանումից, քան օվկիանոսի ալիքներում կորչելն է, իսկ հետո` նաև Վիլյամին:

Բայց Բենը նայում էր ոչ թե մահից փրկված իր հին բարեկամին, այլ երիտասարդին, որը օգնեց փրկելու Ձյունիկին։

Նա պատանուն էր նայում այնպիսի աչքերով, որոնցում մեծ հրճվանք էր կարդացվում։

Ճարպկությունն ու խիզախությունը, որ այդ պա-տահարի ժամանակ դրսևորեց նրա սիրելին, անասելիորեն ուրախացնում էին Բեն Բրասին։

Վիլյամի ամեն մի հասակակից կամ նույնիսկ նրանից ավելի մեծը, փոխանակ օգնության հասնելու, ինչպես այդ արեց յունգան, թերևս կմնար լաստի վրա, վախից քարացած, կամ էլ, լավագույն դեպքում, կարեկցանքի անօգուտ ճիչ կարձակեր, կաղաղակեր... Այսպես էր մտածում Բեն Բրասը։

Վախենալով, որ բարձրաձայն ասված գովասանքով կարող է փչացնել Վիլյամին, Բենը լռեց։

Բայց յունգային ուղղված նրա դեմքի արտահայտությունից երևում էր, որ ազնիվ ծովայինի սիրտը լի է հպարտությամբ ու սիրով դեպի յունգան, որի նկատմամբ նա վաղուց արդեն գրեթե հայրական կապվածություն էր զգում:

Մի քանի բառով իրար շնորհավորելով բարեհաջող փրկության առթիվ, ինչպես այդ սովորաբար արվում է անցած վտանգից հետո, երեքն էլ նորից ձեռնամուխ եղան այնքան անսպասելիորեն ընդհատված գործին:

Վիլյամը փոխարինեց եփութափով զբաղված Ձյունիկին. չէ որ սա «նավապետի» հրամանով կիսատ էր թողել գործը: Յունգան վերադարձավ լաստ, որպեսզի իբր թե զբաղվի ձուկ խորովելով։ Բայց իրականում նա ավելի շատ ուզում էր հանգստացնել Լալիին, որը դեռ տագնապի մեջ էր, չիմանալով ինչով վերջացավ պատահարը։

Բենը շունչ քաշեց և, հենց որ ուշքի եկավ, անմիջապես ձեռնամուխ եղավ այն խնդրի իրագործմանը, որի համար մագլցել էր կաշալոտի մեջքի վրա։

Նեգրից վերցնելով հարպունը, որ նա դեռ ամուր պահում էր, ասես վախենալով ձեռքից բաց թողնել, նավաստին սկսեց վեր քաշել լողանը։
Շուտով Ձյունիկի օգնությամբ նրան հաջողվեց ջրից հանել լողանը և բարձրացնել այն հորիզոնական «հարթակի» վրա, որտեղ իրենք էին գտնվում։
Առայժմ կոճղի կարիք չկար. հարկավոր էր միայն պարան, ուստի այն արձակեցին, իսկ լողանը թողեցին տեղում ընկած։

Նախկին կետորսը, հարպունով զինված, կանգնեց իր դիտակետում։ Այս անգամ արդեն նա ոչ թե ցամաք էր փնտրում, այլ զննում էր շրջակայքը։
Շնաձկների մի ամբողջ խառնաժողով էր հավաքվել մեռած կետի մոտ։ Գիշատիչները հատկապես շատ էին այնտեղ, որտեղ հենց նոր քիչ մնաց նրանց երախն ընկներ Ձյունիկը։

Ոմանք, պարզապես հիասթափված, ցրվեցին։ Բայց մեծ մասը մնաց տեղում, դեռ սպասելով, թե չի հաջողվի արդյոք վերադարձնել այն ճոխ խնջույքը, որ հրա-պուրել էր իրենց:

Բենը մտադիր էր այդ այլանդակ ծովային հրեշներից մի կես դյուժին հարպունահարել, որպեսզի նրանց մսով համալրի «Կատամարան»-ի պաշարները։ Որքան էլ զզվելի տեսք ունեն այդ արարածները և որքան էլ նողկանք են ներշնչում մեզ, այնուամենայնիվ նրանցից շատերի միսը հրաշալի է, հատկապես` որոշ համեղ պատառներ։ Դրանք կարող էին զարդարել ամեն մի խորտկասերի սեղան, էլ չենք խոսում մեր քաղցած կորուսյալների մասին։

Մի քանի շնաձկների, հենց նրանց, որոնք դեռ մի փոքր առաջ քիչ էր մնում կուլ տային Ձյունիկին, սպանելը մեծ դժվարություն չէր ներկայացնում։ Դրա համար հարկավոր էր, որ նրանք ավելի մոտենային: Բայց կետի մաշկը չափազանց լպրծուն էր, ու նավաստին չհամարձակվեց ցած իջնել այդ վտանգավոր զառիվայրով։ Ուստի նա վճռեց բախտը փորձել մեկ ուրիշ տեղում։

Կաշալոտի պոչի ուղղությամբ վայրէջքը աստիճանաբար դառնում էր սակավ շեշտակի և հենց ջրի մոտ ավարտվում էր փոքր թեքություն ունեցող հարթությամբ։ Այնտեղ, գրեթե ծովի մակերևույթին, ընկած էին երկու մեծ, ջրով հազիվ ծածկված պոչաթևերը, որոնք շատ յարդերի վրա տարածվել էին տարբեր կողմեր։

Կաշալոտի պոչի մոտ պտտվում էին մի քանի շնաձկներ։ Եթե բախտը բերի, ու նրանք ավելի մոտենան, այն ժամանակ կարելի է հարպունը նետել։ Իսկ եթե ոչ, հարպունահարը կկարողանա նրանց հրապուրել ու գործի դնել իր զենքը:

Բենը Ձյունիկին կարգադրեց հարպունի հետ միասին կետի մսեղիքից կտրված մի քանի ճարպակտոր բերել, իսկ ինքը գնաց դեպի պոչը։ Նա շարունակ կանգ էր առնում և հարպունի ծայրով բազմաթիվ անցքեր բացում կետի սպունգանման մաշկի մեջ, որպեսզի թե ինքը և թե ետևից գնացող իր ուղեկիցը ավելի հուսա-լի հենակետ ունենային։

Իր համար հարմար տեղ ընտրելով հենց պոչալողակի ճյուղավորման մոտ, նա շատ խնամքով ևս երեք անցք բացեց։ Վերջապես, ինչպես հարկն է ամեն ինչ պատրաստելով, նավաստին վեր կացավ և, հարպունը նշանակետին ուղղելով, սկսեց սպասել շնաձկներին։ Սրանք սկզբում կարծես սիրտ չէին անում մոտենալ: Բայց նախկին կետորսը գիտեր, թե ինչպես գործը գլուխ բերել, բավական էր ջուրը շպրտել Ձյունիկի ձեռքին եղած ճարպակտորը, որ, ճղփոց լսվելուն պես, տասնյակ շնաձկներ, երախները լայն բացած, հարձակվեին նրա վրա։
Ամեն ինչ եղավ նախատեսվածի պես։

Նոր էին ճարպակտորը ծովը գցել, հնարավորին չափ կետի մսեղիքին մոտիկ, երբ առնվազն քսան շնաձկներ հարձակվեցին կետի վրա։ Բայց, ավա՜ղ, ոչ բոլորը վերադարձան։ Նրանցից մեկը, Բեն Բրասի հարպունից խոցված, ստիպված եղավ հրաժեշտ տալ հարազատ տարերքին։ Նրան ջրից հանեցին և լպրծուն լանջով քարշ տվեցին կաշալոտի մսեղիքի ամենավերին մասը։

Այնտեղ որքան էլ շնաձուկը դես ու դեն խփվեց, որքան էլ հուսահատորեն օդը ճեղքեց ետևի լողակների սարսափելի հարվածներով, նեգրն անմիջապես կացնով դատաստան տեսավ նրա հետ, օգնության կանչելով իր ամբողջ ուժն ու ճարպկությունը։

Մի շնաձուկ էլ բռնեցին ու նույն ձևով այն աշխարհն ուղարկեցին։ Նրանից Հետո երրորդը, չորրորդը... Եվ այդպես այնքան ժամանակ, մինչև որ Բեն Բրասը գտավ, որ շնաձկան մսի պաշարը բավական է ամենաերկար ճանապարհորդության համար։

Ինչ էլ որ պատահեր, այժմ նրանք երկար ժամանակ ապահովված էին ուտելիքով, ինչպես և ջրով։


== Գլուխ LXIV. Լիառատ ջրեր ==

Շնաձկան մսի լավագույն կտորները, ոսկորներից հանված և բարակ շերտերով կտրատված, ծխահարվում էին ու խորովվում սպերմացետի կրակի վրա:

Կաշալոտի «պարկում» այնքան վառելիք կար, որ կարելի էր շրջակա տասը մղոնի վրա եղած բոլոր շնաձկներին խորովել. իսկ չէ որ այնտեղ հարյուրավոր շնաձկներ էին լողում:

Իսկապես, օվկիանոսի այդ գոտին, որտեղ մեռած կաշալոտն էր գտնվել, թեև շատ է հեռու ցամաքից, բայց և այնպես տարվա բոլոր եղանակներին հարուստ է կենդանական, աշխարհով։ Երբեմն մի քանի մղոնի վրա ծովը լիքն է լինում ամեն տեսակ ձկներով, իսկ օդը` թռչուններով։ Այդ ջրերում հանդիպում են կաշալոտների մեծ հոտեր։ Նրանք տաքանում են արևի տակ, մերթ ընդ մերթ կոկորդից բաց թողնելով ջրի գոլորշու շատրվաններ կամ դանդաղորեն առաջ են լո-ղում, երբեմն անճոռնիորեն շուռումուռ գալով։ Նրանց տեղում հայտնվում են դելֆինների, ալբակորների և ծովի խորքերի այլ բնակի չների վտակները, նրանք բոլորն էլ հետապնդում են իրենց սիրած որսը։ Այստեղ, թեև ավելի փոքր քանակությամբ, որս են անում և́ շնաձուկը, և́ թրաձուկը` իրենց «լոցմանների» ու կպչանների ուղեկցությամբ. ծովահրեշներին հրապուրում է այն արարածների առատությունը, որոնցով նրանք սնվում են։ Արևի տակ փայլատակում են թռչող ձկնիկների երամները, ալիքների մեջ ճղփում են միշտ զգույշ թյունոսները, իսկ նրանց վերևում, երկնքում, ամպի պես, բառիս բուն իմաստով, ծածկելով արևը, սլանում են թևավոր գիշատիչները` ճայեր, ամենատարբեր փետրավորումով ջրահավեր, արևադարձային թռչուններ, ֆրեգատներ, ձկնկուլներ ու տասնյակ ուրիշ թռչուններ, որոնք դեռ քիչ են հայտնի ու չեն նկարագրված բնագետների կողմից։

Ճիշտ է, օվկիանոսային մեծ տարածություններն ամենուրեք չէ, որ այսքան խիտ են բնակեցված. երբեմն ընդարձակ տարածությունների վրա հազվադեպ է որևէ թռչուն կամ ձուկ պատահում։ Գնում է նավը օրեր ու գիշերներ, իր ճանապարհին ոչ մի կենդանի արարածի չհանդիպելով։ Կարելի է հարյուրավոր մղոններ լո-ղալ, և աչքը կյանքի նշույլ չի տեսնի ոչ ջրում, ոչ օդում։

Դրանք իսկական օվկիանոսային անապատներ են. ինչպես և ցամաքում, այդ անապատները թվում են ոչ միայն անբնակ, այլև, ընդհանրապես, կյանքի համար ոչ պիտանի։

Իսկ ինչո՞վ է բացատրվում այդպիսի տարբերությունը, եթե ծովը արտաքուստ ամենուրեք միանման է։

Այն ջրային տարածությունները, որտեղ կյանքը հորդում է, տարբեր խորություն ունեն. երբեմն դա ընդամենը մի քանի ծովային սաժեն է, երբեմն էլ անհատակ անդունդ։ Իսկական բացատրությունն ուրիշ է։ Այդ խնդրի լուծման բանալին ոչ թե օվկիանոսի խորության մեջ է, այլ ծովային հոսանքների ուղղության մեջ։

Բոլորն էլ գիտեն, որ օվկիանոսները հատվում են հոսանքներով, երբեմն դրանք ձգվում են հարյուրավոր մղոն լայնությամբ, իսկ երբեմն էլ նեղանում են` հասնելով մի քանի հանգույցի: Օվկիանոսային այդ հոսանքները մշտական են, թեև հեշտ չէ նրանց ճիշտ սահմանները որոշել։ Դրանց պատճառը ոչ թե ժամանակավոր փոթորիկներն են, այլ մշտապես միևնույն ուղղությամբ փչող քամիները։ Այդպիսին են պասսատները Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսներում, մուսսոնները` Հնդկական օվկիանոսում, պամպերոսները` Հարավային Ամերիկայում և նորդերը` Մեքսիկական ծոցում։

Կա նաև ուրիշ պատճառ, որը, թերևս, շատ ավելի ազդեցություն է գործում, քան քամիները (ի դեպ, սովորաբար սա ավելի քիչ է հաշվի առնվում). դա Երկրի պտույտն է առանցքի շուրջը։ Կասկածից վեր է, որ հենց այդ պատճառով էլ պասսատները փչում են դեպի արևմուտք. այստեղ ներգործում են երկրի մթնոլորտի կենտրոնախույս ուժերը։ Եթե դա այդպես չլիներ, և քամիները փչեին դեպի հյուսիս ու հարավ, ապա նրանք կբախվեին հասարակածում։

Բայց ես բոլորովին էլ մտադիր չեմ քամիների կամ օվկիանոսային հոսանքների վերաբերյալ թեմայով դիսերտացիա գրել. չէ որ ես գիտնական չեմ։ Բայց և այնպես, ինձ հայտնի է, որ շատ մեծ մոլորություններ կան այդ բնագավառում, ճիշտ այնպես, ինչպես մակըն-թացությունների ու տեղատվությունների վերաբերյալ հարցում։ Չէ որ օդերևութաբանները մինչև հիմա պատշաճ ուշադրություն չեն դարձրել մեր մոլորակի պտույտի վրա, որն այդ երևույթների իսկական ու գլխավոր պատճառն է։

Ես այդ թեման շոշափեցի ո́չ այն պատճառով, որ մեր գրքույկը հատկապես օվկիանոսին է նվիրված։ Բանն այն է, որ ծովային հոսանքները մեծ դեր են կատարում այս գրքում։ Եվ ես նրա էջերում փորձում եմ բացատրել այն առեղծվածային երևույթը, թե ինչու օվկիանոսի որոշ գոտիներ այնքան հարուստ են կյանքով, մինչդեռ ուրիշ գոտիներ մեռյալ են և ամայի: Դրա պատճառը ծովային հոսանքներն են։ Այնտեղ, որտեղ բախվում են հանդիպակաց հոսանքները, ինչ որ հաճախ է պատահում, նրանք սովորաբար իրենց հետ բերում են բազմաթիվ օրգանական նյութեր, բուսական ու կենդանական մնացորդներ, որոնք կամ կուտակվում են, կամ ներգրավվում օվկիանոսային մեծ ջրապտույտների մեջ։ Դրանք հեռավոր ափերից քշված ծովային ջրիմուռներն են` դուրս նետված փոթորկի ուժով և կորած օվկիանոսում. թռչուններն են, որ չվելու ժամանակ ծովն են ընկել մեռած, կամ էլ նրանց ծիրտը, որը լո-ղում է ջրի վրա. ձկներն են, որ ոչնչացել են համաճարակից, բնական կամ բռնի մահով. չէ որ «ձկների ցեղը» նույնպես ենթակա է բնության ընդհանուր օրենքին, անկման ու կործանման օրենքին. այս բոլոր օրգանական նյութերը քշվում են հոսանքներով, կուտակվում են չեզոք «հողում» և ծառայում են որպես սնունդ բյուրավոր կենդանի արարածների համար, որոնցից շատերը հազիվ թե զարգացման ավելի բարձր աստիճանի վրա են կանգնած, քան նրանք, որոնց աճյունները կլանում են իրենք։

Այդ ջրային տարածությունների վերին շերտերում լողում են անհամար քանակությամբ անողնաշար խխունջներ` յանտիպա, ատլանտա, բազմազան թևոտանի կակղամորթներ, սիֆոնոֆոններ, որոնց անվանում են առագաստավոր մեդուզաներ, գլխոտանի կակղամորթներ, ինչպես նաև բյուրավոր մեդուզաներ։

Այսպիսին են օվկիանոսի այդ գոտիները, որ ծովայիններն անվանում են «լիառատ ջրեր»։ Այստեղ հաճելի ապաստան են գտնում և́ կետերն իրենց մշտական ուղեկիցներով, որոնք նրանց համար ծառայում են որպես կեր, և́ շնաձկները, և́ դելֆինները, և́ թրաձկները, և́ թռչող ձկնիկները, և́ օվկիանոսում ապրող այլ արարածներ։ Իսկ ծովի վերևում, օդում սավառնում են բազմաթիվ թևավորներ. դրանք կամ ծովի խորքերի բնակիչների թշնամիներն են կամ օգնականները, որոնք նրանց հետ միասին կազմում են փոխադարձ ոչնչացման միասնական շղթան։


== Գլուխ LXV. Կետաձուկը կրակի մեջ ==

Գուցե մեզ ևս շատ հեռուն տարան ծովային հոսանքները: Վերջացնենք այս երկարած շեղումը և դառնանք օվկիանոսում կորած մեր նավաբեկյալներին։ Մենք նրանց թողեցինք այն ժամանակ, երբ նրանք պատրաստվում էին շնաձկներ խորովել և այն էլ ոչ թե առանձին կտորներով, այլ ամբողջ մսեղիքներով, ասես մտադիր էին ձկնաճաշով հյուրասիրել մի մեծ նավակազմ։

Ինչպես հայտնի է, բավականաչափ վառելիք կար: Բայց առանց պատրույգի դժվար է սպերմացետը վառել և կրակը պահպանել։ Սակայն պատրույգ պատրաստելը դժվար չէ. «Պանդորա»-ի բեկորների միջից գտնված և նեղ օրվա համար պահված հին պարանն էլ կլինի: Բավական է քանդել այն, և ձյութած թելերից կստացվի մի հրաշալի պատրույգ, որը երկար կվառվի կրակարա-նում։ Նրանց ուրիշ բան էր անհանգստացնում. ուտելիքը եփելու օջախ չունեին։ Թիթեղյա փոքրիկ կաթսան, որի մեջ նախորդ օրն իրենց միակ կերակուրն էին պատրաստել մեր կորուսյալները, պիտանի չէ այն վիթխարի խնջույքի համար, որ այժմ մտադրվել են սար-քել իրենք։ Իհարկե, ծայրահեղ դեպքում կարելի է գործի դնել նաև կաթսայիկը, բայց թե շատ ժամանակ ու համբերություն կպահանջվի: Իսկ ժամանակը շատ թանկ է և չարժե անտեղի վատնել, իսկ ինչ վերաբերում է համբերությանը, ապա հազիվ թե կարելի է ունենալ այսպիսի պայմաններում։

Իհարկե, օջախը նրանց շատ է անհրաժեշտ: Բայց «Կատամարան»-ի վրա չկա մի այնպիսի բան, որը կարո-ղանա փոխարինել դրան։ Իսկ եթե իրենց ուզածի պես կրակ սարքեն լաստի վրա, առանց իսկական օջախի, վտանգավոր է, և ամեն ինչ կարող է ավարտվել մեծ հրդեհով։

Այս միտքը նրանց գլխով անցավ այն ժամանակ, երբ շնաձկան մսից բիֆշտեքսներ էին պատրաստել տապակելու համար:

Այժմ նրանք լուրջ մտահոգված էին, բայց, ըստ երևույթին, ելք չէին գտնում։

Ի՞նչ անել, ինչպե՞ս խոհանոցային օջախ սարքել:

Ձյունիկը հոգոց քաշեց, մտաբերելով զանազան ամաններով ու թավաներով հարուստ իր քամբուզը. նա հատկապես հիշեց հսկայական պղնձե կաթսան, որի մեջ սարի չափ միս Էր եփում, ծովի չափ սիսեռապուր պատրաստում։

Բայց Ձյունիկն այնպիսին չէր, որ երկար անձնատուր լիներ անտեղի ափսոսանքներին։ Ճիշտ է, «գիտության» քրմերը և դատարկախոսները փորձում են պնդել, թե նրա ցեղին հատուկ է բարձր բանականության բացակայությունը, թեև իրենք շատ ավելի ապաշնորհ են, քան այդ ցեղի ներկայացուցիչները։ Իսկ Ձյունիկը օժտված էր հազվագյուտ հնարամտությամբ, հատկապես այն բոլոր բաներում, որոնք վերաբերում էին խոհանոցին ու խոհարարական արվեստին։ Տասը րոպե էլ չէր անցել, ինչ օջախի մասին խոսք էր եղել, իսկ նեգրն արդեն առաջարկեց իր նախագիծը, որը կարող էր մրցել ամեն մի արտոնագրի հետ, որ այնքան լայնորեն գովազդում են երկաթեղենի վաճառականները, բայց որն առաջին իսկ ստուգման ժամանակ ամենևին չի արդարացնում սպասումները։ Այդ նախագիծը հարմար էր այն իրադրության համար, որի մեջ գտնվում էր գյուտարարը և, ըստ երևույթին, տվյալ պայմաններում մի-ակ հնարավորն էր։

Հակառակ մյուս գյուտարարների, Ձյունիկն անմիջապես ի լուր ամենքի հայտարարեց իր մտածածը։

– Իսկ մեր ինչի՞ն է պետք դա,– հարցի լուծումը գտնելով, բացականչեց նա։– Մեր ինչի՞ն է պետք կաթսան:

– Ախր ուրիշ կերպ հնարավոր չէ, Ձյունիկ,– պատասխանեց նավաստին, սպասողական նայելով իր զրուցակցին:

– Իսկ ինչո՞ւ, կրակ չանենք հենց այստեղ։

Խոսակցությունը տեղի էր ունենում կետի մեջքի վրա, այն տեղում, որտեղ սպանել էին շնաձկներին և կտոր-կտոր արել։

– Այստե՞ղ,– դեռևս տարակուսելով կրկնեց նավաստին։– Ի՞նչ իմաստ ունի կրակ անելը, եթե, միևնույն է, ոչ կաթսա կա, ոչ թավա։

– Կորչի՜ կաթսան, առանց նրա էլ յոլա կգնանք,– պատասխանեց նախկին խոհարարը։– Մի փոքր սպասեցեք, մասա Բրաս, և ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես հրաշք կաթսա պատրաստել։ Եվ կարելի կլինի, ինչպես դուք եք ասում, մեր կաշալոտ-պառավի ամբողջ ճարպը լցնել մեջը։

– Ապա, բարեկամս, ասա մի տեսնենք, թե բանն ինչ է։

– Հիմա։ Տվեք կացինը, և ես ամեն ինչ ցույց կտամ ձեզ։

Բենը կացինը տվեց Ձյունիկին, և նեգրը կատարեց իր խոստումը։ Նա եռանդուն գործի անցավ ու լավ սրված գործիքի մի քանի հարվածով մեծ խոռոչ բացեց ճարպաշերտի մեջ։

– Դե, մասա Բրաս,– աշխատանքն ավարտելով բացականչեց նա և հաղթողի ցնծալից տեսքով թափահարեց կացինը,– ի՜նչ կասեք սրան։ Ահա ձեզ տապակիչ։ Մի՞թե ձեր ուզածի չափ ճարպ չի տեղավորվի այստեղ։ Ինչպե՞ս կհրամայեք փորել փոսը` ավելի լա՞յն, ավելի խո՞րը, ինչպե՞ս կուզեք: Ուզո՞ւմ եք ջրհորի պես խորը սարքեմ և սայլի անվահետքերի լայնությամբ։ Դե, ի՞նչ կասեք, մասա Բրաս։

– Կեցցե՜ս, Ձյունիկ, բրավո́: Գլուխդ, բարեկամս, լավ է աշխատում, ինչ ուզում է ասեն ձեր մասին այդ վայ-փիլիսոփաները։ Ահա ես սպիտակամորթ եմ, բայց կյանքումս այսպիսի բան չէր անցնի մտքովս։ Սրանից լավ օջախի կարիք էլ չունենք։ Շուտ այստեղ լից սպերմացետը, գցիր խծուծն ու վառիր։ Եվ անմիջապես սկսիր եփել։

Կաշալոտի մսեղիքի մեջ Ձյունիկի փորած փոսն անմիջապես լցվեց սպերմացետի «պարկից» հանված ճարպով։

Այնուհետև նրա մեջ գցեցին քանդված պարանից ստացված խծուծը։

Ճանապարհորդները ջրհորի կռունկ հիշեցնող մի հատուկ հարմարանք սարքեցին փոսի ետևում։ Մի կողմից տակը դրեցին հանդշպուգը, մյուս կողմից` թիակը։ «Կռունկն» ինքը պատրաստված էր կաշալոտի մսեղիքի մեջ գտնված հարպունի երկաթե երկար նետից։

Նրա վրա, ինչպես շամփուրի վրա, շարեցին շնաձկան մսի կտորները։

Երբ ամեն ինչ կարգավորված էր, ներքևից վերև բարձրացրին կրակարանը, և պատրույգը վառվեց։

Ձյութած խծուծը աբեթի նման անմիջապես բռնկեց։ Շուտով կաշալոտի մեջքին մի քանի ֆուտ վեր բարձրացավ պայծառ բոցը։ Բիֆշտեքսները ախորժալի թշշում էին ու կարմրում կրակի վրա, խոստանալով մի լավ եփվել։

Կողմնակի դիտողը հեռվից, ծովի կողմից բոցը տեսնելով ու չհասկանալով, թե բանն ինչ է, կարող էր կարծել, թե կաշալոտը կրակի մեջ է։


== Գլուխ LXVI. Մեծ լաստը ==

Այն ժամանակ, երբ օվկիանոսի բոլոր թռչուններն ու ձկները զարմացած նայում էին այդ անօրինակ տեսարանին` կաշալոտի մեջքի վրա բոցավառվող խարույկին, այստեղից մի քսան մղոնի վրա բոլորովին մի այլ պատկեր կբացվեր նրանց առջև:

Եթե կաշալոտի վրա կատարվող տեսարանն ավելի շուտ կոմիկական բնույթ էր կրում, ապա այստեղ տեղի էր ունենում իսկական ողբերգություն, կյանքի ու մահվան ողբերգություն:

Նրա համար որպես բեմ էր ծառայում տախտակներից ու նավագերաններից մի կերպ սարքված հարթակը, կարճ ասած` լաստը։ Գործող անձինք տղամարդիկ էին, միայն տղամարդիկ։ Ճիշտ է, նրանց իբրև մարդկային արարածներ ճանաչելու համար պահանջվում էր լարել երևակայությունը և հետո նաև ծանոթ լինել այն հանգամանքներին, որ նրանց հասցրել էին այստեղ։ Կողմնակի մարդը, հիշելով, թե ինչպիսին էին նրանք առաջ կամ նայելով նրանց ճշտորեն պատկերող դիմանկարներին, թերևս կասկածեր, որ դրանք մարդիկ են: Եվ այդ մարդուն չէր կարելի կշտամբել նման սխալի համար։

Եթե այդ տարօրինակ արարածները, որ ավելի շուտ կմախքներ էին, քան կենդանի մարդիկ, դեռ որոշ չափով նման էին մարդկանց, ապա հոգեկան կերպարով իսկական դևեր էին։ Այստեղ նրանց մեջ կար նույնիսկ ոչ թե դիակ, այլ մերկ կմախք, որի վրայից միսն ամբողջովին հանված էր: Արյունոտ ոսկորները, որոնց վրա տեղ-տեղ պահպանվել էին կրճիկի կտորներ, վկայում էին, որ դիակը բոլորովին վերջերս է քերթվել: Սա-կայն կմախքը լրիվ չէր. որոշ ոսկորներ պակաս էին, դրանցից մի քանիսն էլ ընկած էին հենց այդտեղ, գերանների վրա, իսկ մի քանիսը պետք էր փնտրել այնպիսի տեղերում, որ տեսնելիս մարդու մազերը բիզ-բիզ էին կանգնում:

Լաստն իրենից ներկայացնում էր մի երկարավուն տախտակամած` քսան ֆուտ երկարությամբ ու տասնհինգ ֆուտ լայնությամբ։ Այն սարքված էր կայմերի ու գերանների բեկորներից: Վերևի մասում անհավասարաչափ մի հարթակ էր` շինված տախտակներից, ֆալշբորտի կտորներից, գիտանցքերի կափարիչներից, ծխնիներից հանված դռներից, թեյարկղների ու վանդակների շրջանակափայտերից և զանազան նավաիրերից։ Լաստի վրա գրված էր մի հսկայական տակառ և երկու-երեք տակառիկ։ Որպեսզի լաստը հաստատուն մնար ջրի վրա` եզրերին կապված էին որպես լողան ծառայող մի քանի դատարկ տակառիկներ։ Մեջտեղում բարձրանում էր միայնակ կայմը, որի վրա անփութորեն ամրացված էր եռանկյունի մեծ առագաստը` ոչ այն է կոնտրբիզան, ոչ այն է կրյույս-բրամսել։

Կայմաբնի մոտ ընկած էին մեծ թվով զանազան առարկաներ թիակներ, հանդշպուգներ, պոկված տախտակներ, ճոպանի խճճված կտորներ, երկու կացին, կես դյուժինի չափ կաթսայիկներ ու գավաթներ, ինչպիսիք սովորաբար գործածում են ծովայինները, շնաձկների մաքուր կրծոտված բազմաթիվ ողնաշարեր և... բոլորովին այլ տեսակի երկու-երեք ոսկորներ, նման այն ոսկորներին, որոնց մասին արդեն ասացինք։ Դրանց ձևն ու չափը կասկած չէր հարուցում, դրանք մարդու սրունքի ոսկորներ էին։

Այս բազմատեսակ անպետք իրերի մեջ մի քսան-երեսուն մարդ կար։ Նրանցից ոմանք նստած էին կամ կանգնած, մյուսները պառկել էին` հասակով մեկ երկարած, կամ թափառում էին օրորվելով, չգիտես` գինու ազդեցության տակ, թե այն պատճառով, որ հյուծվածությունից չէին կարող ոտքի վրա մնալ։ Նրանց տարօրինակ քայլվածքի պատճառը նավի օրորումը չէր։ Օվկիանոսը բոլորովին խաղաղ էր, և կոպիտ պատրաստված լաստը կոճղի պես անշարժ նստած էր ջրի վրա:

Բավական էր նայել կայմի ներքևի մասին` և հասկանալի կլիներ, թե ինչն-ինչոց է. այնտեղ դրված էր մի տակառիկ, որից ռոմի հոտ էր փչում։
Այդ կենդանի դիակները, որ հազիվ էին ոտքի վրա մնում, հարբած էին։

Բայց այստեղ իշխում էր ոչ թե աղմկալի հուզումը, որը խոսում է երբեմնի ցոփության մասին, այլ, ավելի շուտ, ուժերի նյարդային անկումը, որը փոխարինել էր դրան։

Լաստի վրա լսվում էին ոչ թե հարբած բաժակակից-ների ուրախ բացականչություններ, այլ խելագարների զառանցանք ու քրքիջ: Եվ հասկանալի է. չէ որ նրանցից ոմանք ցնդել էին, հարբելով հասել սպիտակ տենդի աստիճանի։

Բայց ռոմի տակառիկը դատարկվել էր, և ոչ մի կաթիլ սատանայական խմիչք չէր մնացել լաստի վրա։

Խելագարների վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Նրանք ազատ թրև էին գալիս այս ու այն կողմ, ինչ-որ անկապ-անկապ մռթմռթում. անեծքներով ու հայհոյանքներով հագեցված նրանց խոսքը երբեմն ընդհատվում էր աղաղակներով, վայրի քրքիջի պայթյուններով։

Միայն այն դեպքում, երբ նրանք խանգարում էին նվազ «խանդավառված» որևէ մեկի անդորրը կամ երբ նրանցից երկուսը պատահականորեն կռիվ էին սարքում, սկսվում էր մի վայրի տեսարան, որին բոլորն էին մասնակցում։ Սովորաբար ավարտվում էր նրանով, որ կռվարարներից մեկին ծովն էին գցում և ստիպում լողալ այնքան, մինչև կհաջողվեր նորից խարխուլ լաստի վրա մագլցել։ Ասենք, ծովը նետվածը երբեք ջրում չէր մնում։ Որքան էլ նա հարբած լիներ, այնուամենայնիվ նրա բնազդն այնքան չէր բթացել, որ ստիպեր մոռանալ ինքնապահպանման մասին։ Վայրի, թափառող հայացքի մեջ դեռևս կար բանականության մի կայծ, որը հուշում էր, թե լաստի շուրջը տասնյակներով երևացող, ալիքները սրընթաց ճեղքող սև եռանկյունիները ահավոր շնաձկների մեջքալողակներն են։ Բավական էր տեսնել դրանցից թեկուզ մեկը, և սովորական սարսափը կսթափեցներ ամեն մի, նույնիսկ մահու չափ հարբած, նավաստու։

Սարսափի հետ ուղեցկվող այդ «ցնցուղը», որպես կանոն, խելքի էր բերում իրեն կորցրածին: Համենայնդեպս, լաստի վրա անդորրություն էր տիրում այնքան ժամանակ, մինչև նորից մի նոր, է՛լ ավելի այլանդակ կռիվ էր սարքվում։

Քանի որ մեծ լաստը, որի վրա հրդեհված նավի անձնակազմն էր գտնվում, արդեն վաղուց էր տեսադաշտից հեռացել, ապա ընթերցողը կարող է մոռացած լի-նել նրա մասին։ Սակայն ոչ լաստը, ոչ նրա անձնակազմը չէին խորտակվել: Ողջ էին մնացել, ճիշտ է, ոչ բոլորը, բայց մեծ մասը դեռ կենդանի էր, և դրանք առավել ուժեղ, եռանդուն ու ոխակալ մարդիկ էին։

Պակասում էր գրեթե քսան մարդ։ Մենք արդեն գիտենք, թե ինչու չկային նավապետն ու նրա հինգ ուղեկիցները, որոնք փախել էին նավակով։ Հասկանալի է նաև նախկին կոկի, անգլիացի նավաստու ու յունգայի, ինչպես նաև փոքրիկ Լալիի բացակայությունը։

Բայց լաստի վրա խռնված մարդկանց մեջ պակասում էր վեց հոգի, գուցեև ավելի։ Նրանց բացակայությունը կարող էր հանելուկային թվալ այս չարաբաստիկ ճանապարհորդության մանրամասնություններին անծանոթ մարդուն։ Ճիշտ է, կրծված կմախքը և ամենուրեք թափված մարդկային ոսկորները կարող էին անհետացածների մասին որոշ բան ասել, գոնե նրան, ով գիտե, թե սովն ինչպիսի ծայրահեղությունների է հասցնում իր զոհերին։

Ուրեմն, թող նրանք, որոնց որ բախտը հեռու է պահել նման փորձություններից, ականջ դնեն լաստի վրա հենց այս պահին տեղի ունեցող խոսակցություններին, երբ մենք ուզում ենք նորից շարունակել «Պանդորա»-ի անձնակազմի պատմությունը: Մեր ճշմարիտ պատմությունը նրանց կբացատրի, թե ինչու ավելի քան երեսուն նավաստիներից, որոնցից սկզբում բաղկացած էր անձնակազմը, լաստի վրա մնացել էր ընդամենը քսանվեց մարդ և կրծված կմախք:


== Գլուխ LXVII. Մարդակերների խումբը ==

– Դե՜, գոռաց սևամորուք մարդը, որի հյուծված դեմքից դժվար էր ճանաչել ստրկատար նավի երբեմնի գեր ավազակին, ֆրանսիացի Լեգրոյին։– Ժամանակն է, որ նորից բախտներս փորձենք։ Գրողը տանի... Պետք է ուտել, թե չէ կմեռնենք։

Իսկ ի՞նչ են ուզում ուտել այդ մարդիկ։

Լաստի վրա ուտելու բացարձակապես ոչինչ չկար։ Եվ այդպես միշտ, սկսած այն օրից, երբ լաստը հեռացավ վառվող նավից։ Ծովային պաքսիմատով մի փոքրիկ արկղ. ահա այն ամենը, ինչ նավաստիները իրարանցման մեջ հասցրել էին վերցնել «Պանդորա»-ի տախտակամածից։
Յուրաքանչյուրին բաժին ընկավ երկու պաքսի-մատ. ինչ ասել կուզի, որ դրանք մեկ օրում անհետացան։ Ճիշտ է, ծովայինները բավականաչափ ջուր էին վերցրել նավից և, դրանից բացի, ջրի պաշար` այն անձրևի ժամանակ, որն օգնության եկավ Բեն Բրասին ու Վիլյամին։ Մինչ անձրև էր տեղում, մեծ լաստի նավաստիները նույնպես ջրով լցրին իրենց շապիկներն ու փռված առագաստը։

Բայց հիմա այս թանկարժեք հեղուկի պաշարները ևս սպառվելու վրա էին։ Տակառի մեջ մնում էր յուրաքանչյուրի համար ընդամենը մեկ-երկու բաժին։

Բայց որքան էլ ծարավը տանջում էր մարդկանց, այնուամենայնիվ սովն ավելի խիստ էր նեղում։

Ի՞նչ նկատի ուներ Լեգրոն, երբ ասաց` «Հարկավոր է ուտել»: Մի՞թե այստեղ, լաստի վրա, կար որևէ ուտելիք, որը նրանց կօգներ խուսափելու այդ ահավոր ընտրությունից`«ուտել կամ մեռնել» Եվ ինչո՞ւ նրանք մինչև հիմա դեռ կենդանի են։ Չէ որ արդեն շատ օրեր էին անցել այն պահից, երբ նրանք կուլ էին տվել ծովային պաքսիմատի վերջին փշրանքը:

Այս բոլոր հարցերին միայն մեկ պատասխան կարելի է տալ: Սարսափելի է այն բարձրաձայն ասելը, ահավոր է նույնիսկ նրա մասին մտածելը:

Օ՜, այնտեղ, լաստի վրա գտնվող ամբողջովին կրծոտված կմախքը, որը, անկասկած, մարդու է պատկա-նում, այդ ոսկորնե՜րը, որ ցրված են ամեն տեղ, մի քանիսը նույնիսկ կարելի է տեսնել նավաստիների ձեռքում, որոնք ամենազզվելի ձևով են վարվում դրանց հետ։ Մի՞ թե դեռ կարելի է տարակուսել, թե ինչով են սնվում այդ սովահար ճիվաղները...

Այո, հենց դա՛ և այն շնաձկան միսը, որին հաջողվեց սպանել հանդշպուգով. ահա այն ամենը, որ եղել էր նրանց ուտելիքը «Պանդորա»-ն թողնելուց ի վեր։ Մինչդեռ շուրջը ծովը լիքն է շնաձկներով։ Ամենաքիչը մի երկու տասնյակ վխտում էր ալիքների մեջ, լաստի վրա գտնվողների տեսադաշտում։ Բայց, ծիծաղելի է ասել, այնքան վախկոտ էին այդ հրեշները, որ նրանց բռնելու առիթ չէր լինում, ոչ մեկը չէր համարձակվում ավելի մոտ լողալ լաստին։

Բոլոր հնարամտություններն անհաջող անցան։ Իզուր էին մի քանի նավաստիներ, որոնք ավելի սթափ էին, օրեր շարունակ որսով զբաղվում։ Ահա հիմա էլ մի քանիսը ձկնորսական սարքերով էին զբաղված, մարդկային մսի խայծով կեռիկները հեռու ջուրը նետելով, փորձում էին բռնել այդ կատաղի արարածներին։

Նրանք այս բոլորն անում էին զուտ մեքենայաբար, վաղուց համոզված լինելով նման մտահղացումների անիրագործելիության մեջ և, այնուամենայնիվ, հուսահատորեն համառելով: Շնաձկները զգուշանում էին։ Գուցե նրանց վախեցնում էր այն ընկերոջ վիճակը, որը համարձակվեց չափից դուրս մոտ լողալ այդ արտասովոր նավին, իսկ գուցեև բնազդը նրանց հուշում էր, որ վաղ թե ուշ հենց իրենք անուշ կանեն նրանց, ովքեր այժմ ուզում են իրենց խժռել։

Այսպես թե այնպես, խայծին վրա չէին տալիս։ Եվ այն ժամանակ սովահար նավաստիները սկսեցին գայլի աչքերով իրար ուտել։ Այդ մարդկանց մտքերը նորից դարձան դեպի այն հրեշավոր վճիռը, որը պետք է փրկեր սովամահությունից։

Եվ այստեղ, լաստի վրա, ինչպես և ստրկատար նավի տախտակամածում, Լեգրոն դեռևս ինչ-որ ճակատագրական իշխանություն ուներ նավաստիների նկատմամբ։ Բեն Բրասն այլևս չկար, ուրեմն նրա բռնատիրական հակումներին ընդդիմացող էլ չկար։ Այժմ Լեգրոն դարձել էր յուրովի բռնակալ իր տարաբախտ ընկերների նկատմամբ, այդ կենդանի դիակների նկատմամբ։

Այդ ամբողջ ժամանակամիջոցում նա իր արարքներում ղեկավարվում էր ոչ այնքան ազնվությամբ, որքան ենթականերին հնազանդ պահելու անհրաժեշտությամբ, թույլ չտալով, որ բացահայտ խռովություն բռնկի։ Այդ պատճառով էլ նրա կառավարման օրոք, թեև բոլորն էլ սովի էին մատնված, բայց ամենից շատ տառապում էին թույլերը։

Նրա հետ միասին իշխանությունը բաժանում էին մի քանի շատ ուժեղ ծովայիններ, նրանք կազմում էին այդ սրիկայի անձնական պահակախումբը, պատրաստ էին դժվարին պահին սարի պես կանգնել նրա թիկունքին: Դրա համար նրանք ստանում էին ջրի մեծ բաժին և զզվելի ուտելիքի լավագույն կտորները։ Այս անարդարությունը հաճախ հասցնում էր դաժան կռիվների, որոնք քիչ էր մնում արյունահեղությամբ ավարտվեին:

Եվ եթե չլինեին բողոքի այդ հազվադեպ պոռթկումները Լեգրոն իր խմբի հետ այնպիսի բռնատիրա-կան ռեժիմ կհաստատեր, որը թույլերի կյանքը տնօրինելու իշխանություն կտար իրենց։

Գործը հենց դրան էլ հանգում էր։ Լաստի վրա ստեղծվում էր բացարձակ միապետություն` մարդակերների միապետություն, որտեղ թագավոր էր դառնալու ինքը` Լեգրոն։ Սակայն բանը դրան դեռ չէր հասել, գոնե հիմա, երբ կյանքի ու մահվան հարց էր ծագել։ Հենց որ հրեշավոր, բայց անխուսափելի ոչնչացման համար նոր զոհ ընտրելու անհրաժեշտություն առաջացավ, այդ դժբախտներն իրենց դրսևորեցին որպես որոշ չափով հանրապետականներ. նրանք պահանջեցին վիճակ գցել, մի բան, որը ամենաանկողմնապահ վճիռը կլիներ։

Այդ պահին, երբ կյանքի ու մահվան հարց է դրված, մարդիկ սովորաբար հաղթահարում են վիճակահանության նկատմամբ իրենց տհաճությունը և այն ճանաչում են որպես արդարության գործիք։

Իհարկե, Լեգրոն և նրա դաժան թիկնապահները կհակառակվեին դրան, եթե բավականաչափ ուժեղ զգային իրենց,– ճիշտ այնպես, ինչպես քվեարկությանը ընդդիմանում են մյուս հզոր ու նույնքան կատաղի քաղաքագետները,– բայց ավազակը կասկածում էր իր իշխանության ամրության վրա։ Դեռևս նավարկության սկզբում Լեգրոն և նրա խումբը գազանային դաժանությամբ սովյալներին առաջարկեցին ուտել յունգա Վիլյամին, մի բան, որը բավականին բարեհաճությամբ ընդունեցին շրջապատողները։ Եթե լաստի վրա չգտն-վեր մի ազնիվ մարդ` անգլիացի նավաստին, ապա պատանին, հավանաբար, կդառնար մարդկային կերպարանքով այդ հրեշների առաջին զոհը։ Բայց քանի որ վիճակն ընկնելու էր իրենց միջավայրից որևէ մեկին` օ՜, այդ դեպքում բանը բոլորովին ուրիշ էր: Յուրաքանչյուրը կունենար իր համախոհները, որոնք ոչ մի դեպքում թույլ չէին տա այդպիսի դաժան կամայականություն, իսկ Լեգրոն ամենից շատ վախենում էր ընդհանուր տուրուդմփոցից, որտեղ կարող էր կյանքով վարձահատույց լինել ոչ միայն ամեն մի նավաստի, այլև հենց ինքը։ Արտակարգ միջոցառումների ժամանակը դեռ չէր հասել։ Եվ ամեն անգամ, երբ ծովայինների առջև հարց էր ծառանում` «Ո՞վ է հաջորդը»,– հարկ էր լինում դիմել վիճակահանության։

Այժմ այդ հարցը նորից էր բարձրացվում, արդեն երկրորդ անգամ։ Այն դրեց հենց ինքը` Լեգրոն, հանդես գալով որպես հռետոր։

Ոչ ոք համաձայնությամբ չպատասխանեց, բայց ոչ ոք էլ չառարկեց, նույնիսկ առարկության նշան ցույց չտվեց: Ընդհակառակը, առաջարկը կարծես ընդունվեց լուռ, սակայն անուրախ համաձայնությամբ, թեև բոլորն էլ հասկանում էին նրա հրեշավորությունը և իրենց շատ լավ հաշիվ էին տալիս, թե ինչ դաժան հետևանքներ կունենա դա։

Նրանց հայտնի էր, թե որտեղից պետք է սպասել պատասխանը։ Նրանք արդեն երկու անգամ դիմել էին այդ ահավոր գուշակին, որի խոսքը պետք է հնչեր որպես մահավճիռ իրենցից մեկնումեկի համար։ Նրանք երկու անգամ ճանաչել էին ճակատագրի կամքը և անտրտունջ ենթարկվել նրան։ Նախնական պատրաստություններ չէին պահանջվում. ամեն ինչի մասին վաղուց արդեն պայմանավորվել էին։ Մնում էր միայն վիճակ գցել։

Երբ Լեգրոն իր հարցը տվեց, լաստի վրա շարժում սկսվեց: Կարելի էր կարծել, թե նրա խոսքերը նավաստիներին դուրս կբերեն անտարբերության վիճակից, բայց այդպիսի բան տեղի չունեցավ։ Միայն մի քանիսը վախի նշաններ ցույց տվեցին. նրանց դեմքերը գունատվեցին և շուրթերը դարձան սպիտակ: Անձնակազմի մեծ մասն այնքան էր բթացել տառապանքներից, որ կատարվածի ամբողջ սարսափն արդեն նրան չէր հասնում, և կյանքն այլևս սիրելի չէր նրա համար։

Սակայն նրանք, որոնք դեռևս կարողանում էին ոտքի վրա մնալ, վեր կացան ու շրջապատեցին իրենց մարտահրավեր նետած մարդուն։

Ընդհանուր լուռ համաձայնությամբ Լեգրոն հանդես էր գալիս որպես կարգադրիչ։ Իր մասնակցությամբ տեղի ունենալիք կյանքի ու մահվան այդ ահավոր խաղի թղթերն ինքն էր բաժանելու։ Նրա երկու-երեք համախոհները կանգնեցին կողքին, պատրաստ օգնելու նրան, ասես կրուպիեի<ref>Կրուպիե – խաղատնում բանկ բռնող:</ref> դեր կատարելով։ Որքան էլ կարևոր ու հանդիսավոր լիներ վիճակահանությունը, ամեն ինչ պետք է լուծվեր չափազանց հասարակ ձևով։ Լեգրոն ձեռքն առավ բրեզենտե երկարավուն մի տոպրակ, որը բազմոցի մութաքա էր հիշեցնում. նավաստիները սովորաբար այդպիսի տոպրակի մեջ են պահում կիրակնօրյա զբոսանքների համար նախատեսված իրենց տոնական հագուստը։ Տոպրակի հատակին ընկած էր մեկ առ մեկ հաշված քսանվեց կոճակ` վիճակահանության մասնակիցների թվին համապատասխան։ Դրանք համազգեստի սովորական կոճակներ էին, ինչպիսիք կարելի է տեսնել առևտրական նավատորմի նավաստու բաճկոնի վրա` սև, եղջերյա, չորս անցքով։ Նավաստիները դրանք վաղուց էին իրենց հագուստից պոկել նույն նպատակի համար, ինչ և հիմա. այժմ դրանք մեկ անգամ ևս պետք է ծառայեին նրանց։ Կոճակներն այնքան խնամքով էին ընտրված, որ նայելիս անգամ գրեթե հնարավոր չէր տարբերել իրարից։ Բոլորի մեջ միայն մեկն էր խիստ տարբեր։ Մինչ մյուսները սև էին, սա կարմիր էր, բոսորագույն, ասես արյան մեջ թաթախված։ Եվ իրականում այդպես էլ կար։ Դիտավորյալ կերպով այն թաթախել էին արյան մեջ, կարմիր գույնը պետք է ծառայեր որպես մահվան նշան։

Շոշափելով ոչ մի կերպ հնարավոր չէր որսալ այգ կոճակի և մյուսների տարբերությունը։ Նույնիսկ կույր ծնվածի զգայուն մատները չէին կարող այն գտնել մնացածների մեջ, էլ ուր մնաց կոշտուկավոր, ձյութոտ նավաստիական թաթերը։

Կարմիր կոճակը տոպրակի մեջ նետվեց մնացած բոլոր կոճակների հետ միասին։ Նա, ում որ այն ընկնի, կմեռնի։

Նախապատրաստության կարիք չեղավ. նույնիսկ հերթականությունը վեճ չառաջացրեց: Այդ բոլորը վաղուց արդեն շատ անգամ քննարկվել էր բացեիբաց և մտածվել գաղտնի։ Բոլորը եկել էին այն եզրակացության, որ ի վերջո հավանականությունները միանման են, և արդյո՞ք միևնույն չէ, թե ում բախտը շուտ կվճռվի։ Կարմիր կոճակը նույն հաջողությամբ կարող էր բաժին ընկել հերթում եղած և́ առաջինին, և́ վերջինին։ Այդ պատճառով էլ ոչ ոք չէր վարանում ձեռնամուխ լինելու սարսափելի վիճակահանությանը։

Հենց որ Լեգրոն նավաստիներին երկարեց տոպրակը, որը բացված էր ճիշտ այնքան, որպեսզի մարդկային ձեռքը կարողանար մեջը մտնել, նրանցից մեկն առաջ եկավ և անփութորեն ու միևնույն ժամանակ արիաբար մատները կոխեց բացվածքի մեջ...


== Գլուխ LXVIII. Կյանքի ու մահվան վիճակախաղ ==

Նավաստիները մեկը մյուսի ետևից մոտենում էին ու տոպրակից հանում կոճակները։ Յուրաքանչյուրն իրենը հանելով, այն ցույց էր տալիս բաց ափի վրա այնպես, որ բոլորը կարողանային տեսնել, թե ինչ գույնի է, ու հետո դնում էր մի կողմ, մյուսների մոտ: Սակայն հազիվ թե այն նորից պետք գա այդպիսի մի վիճակախաղի համար։

Չնայած արարողության ամբողջ կարևորությանը, լաստի վրա հանդիսավոր լռություն չէր տիրում։ Դժբախտները նույնիսկ կատակ էին անում վիճակ հանելիս: Կողմնակի դիտողը, չիմանալով խաղի ահավոր պայմանները, կկարծեր, թե նավաստիները զվարճանալու համար ինչ-որ դատարկ շահումով վիճակախաղ են սարքել:

Բայց կային և այնպիսիները, որոնց դեմքի վրա բոլորովին ուրիշ զգացումներ էին կարդացվում։ Ոմանք վիճակ էին հանում ընկճված տեսքով։ Նրանք ձեռքը երկչոտութամբ տոպրակի մեջ իջեցնելիս այնքան ուժեղ էին ցնցվում, որ պարզ էր դառնում` այդ մարդիկ ամբողջովին սարսափի իշխանության տակ են, մի բան, որը շատ ավելի տանջալից է, քան սովորական վիճակախաղի հասարակ ավարտը։

Առավել երկչոտներն ու վախկոտները տոպրակին մոտենալիս դողում էին ամբողջ մարմնով, իսկ երջանիկ վիճակ հանելուց հետո անձնատուր էին լինում բուռն, անզուսպ ուրախության։ Կային և այնպիսիները, որոնք չէին կարողանում նույնիսկ թաքցնել իրենց մորթին փրկելու դիվային հրճվանքը ե սկսում էին պարել, ասես հսկայական կարողության տեր էին դարձել հանկարծ։

Այդ տարօրինակ վիճակախաղը տարբերվում էր ուրիշ շատ վիճակախաղերից. այստեղ շահած էր համարվում նա, ում դատարկ տոմս էր ընկել, իսկ կարմիր կոճակը հանողը կյանքն էր տանուլ տալիս։

Լեգրոն տոպրակը բռնել էր շինծու անհոգությամբ։ Բայց յուրաքանչյուրը նրան ուշադիր նայելիս կհասկանար, որ դա զուտ կեղծիք է։ Հետագայում հանգամանքերը ցույց տվեցին, որ պարծենկոտ ֆրանսիացին իսկապես վախկոտ էր։ Ճիշտ է, կատաղած կամ վրիժառությամբ լցված ժամանակ նա կարող էր նույնիսկ կյանքի համար վտանգավոր կռվի մեջ մտնել. բայց այնպիսի մենամարտում, ինչպիսին սա էր, որտեղ սառնասրտություն էր պահանջվում, որտեղ նրա միակ հակառակորդը ինքը` ֆորտունան էր, ու նա չէր կարող որևէ անազնիվ խորամանկությամբ դուրս պրծնել, շինծու քաջությունը վերջնականապես լքեց նրան:

Քանի դեռ վիճակախաղը նոր էր սկսվել ու տոպրակի մեջ շատ կոճակներ կային, նրան մի կերպ հաջողվում էր անտարբեր ձևանալ։ Ապրելու հավանականությունը դեռ շատ էր. գրեթե քսան` մեկի դիմաց։ Բայց վիճակահանությունը շարունակվում էր. նավաստիները մեկը մյուսի ետևից ափի վրա ցույց էին տալիս սև կոճակը, ֆրանսիացու դեմքը ավելի ու ավելի նկատելիորեն էր աղավաղվում։ Թվացող սառնությունը սկսեց դավաճանել նրան, աչքերում փայլատակեց սարսափին մոտիկ տենդային գրգռվածությունը։

Հենց որ տոպրակից դուրս էր գալիս ինչ-որ մեկի ձեռքը, կյանք կամ մահ բերելով նրա տիրոջը, Լեգրոն տագնապալի հայացքն անմիջապես սևեռում էր այդ փոքրիկ եղջերյա շրջանակին, որ նավաստին պահում էր ցուցամատի ու բթի միջև։ Եվ ամեն անգամ, հենց որ կոճակը սև էր լինում, նրա դեմքը մթագնում էր։

Բայց երբ հանեցին նաև քսաներորդը, իսկ կարմիրը չկար ու չկար դեռ, կարգադրիչն ինքը սաստիկ հուզվեց: Այժմ նա արդեն ի վիճակի չէր թաքցնելու իր տագնապը։ Ապրելու հավանականությունը նվազում էր այնպիսի արագությամբ, որ նա սարսափով համակվեց։ Այժմ արդեն հինգն էր մեկի դիմաց. մնում էր ևս հինգ երջանիկ վիճակ։

Այդ ահավոր պահին, փորձելով կշռադատել այն, ինչ տեղի էր ունենում, Լեգրոն ընդհատեց վիճակահանությունը։ Գուցե ավելի լավ կլինի տոպրակը մեկ ուրիշին հանձնի։ Թերևս այն ժամանակ բախտը շուռ գա ու ժպտա իրեն. իզուր չէր, որ նա իր բախտն անիծեց, երբ դուրս հանվեց տասնմեկերորդ համարը։ Այդ ամբողջ ժամանակամիջոցում նա ամեն կերպ խորամանկում էր, որպեսզի կարմիր կոճակը հանվեր տոպրակից. մեկ էլ տեսար տոպրակը թափ տալով խառնում էր կոճակները. գուցե կարմիրը երես դուրս գա կամ որևէ կերպ մոտիկ հերթում գտնվողի ձեռքի տակ ընկնի։ Բայց այդպես չեղավ: Այն անըմբռնելի համառությամբ շարունակում էր մնալ տոպրակի մեջ։

Իսկ ի՞նչ կլինի, եթե տոպրակը հանձնի մեկ ուրիշին և ինքը իր բախտը փորձի` քսանմեկերորդ վիճակը հանելով։ «Չարժե́»,– մտովի պատասխանեց ինքն իրեն։ Ավելի լավ է դիմանալ մինչև վերջ: Մի՞թե վերջինը կլինի կարմիր կոճակը։ Չէ, հազիվ թե. դա խիստ անհավանական է: Հենց սկզբից կար քսանհինգ հավանականություն` մեկի դիմաց։ Ճիշտ է, արդեն հանվել էր քսան սև (բոլորովի՜ն անհասկանալի է), իսկ կարմիրը դեռ չէր հայտնվել։ Սակայն այն կարելի էր սպասել ամեն մի րոպե, ճիշտ այնպես, ինչպես և հինգ սևերից յուրաքանչյուրը։

Այսպես, ուրեմն, կարգը փոխելն իմաստ չուներ: Ֆրանսիացին ներքուստ ինքն իրեն հավաքեց և նորից կրտիճի տեսք ընդունելով` շրջապատողներին նշան արեց, որ պատրաստ է շարունակելու։

Եվս մի նավաստի հանեց քսանմեկ համարը: Նորի́ց սև կոճակ:

Տոպրակից հանեցին քսաներկուերորդը` սև:

Քսաներեքն ու քսանչորսը` նո́ւյնը:

Այժմ մնում էր միայն երկու կոճակ: Ճակատագրի վճռին սպասում էին երկուսը։ Նրանցից մեկը ինքը` Լեգրոն էր, մյուսը` իսլանդացի նավաստին, որն այդ ամբողջ ավազակախմբի մեջ թերևս ամենաքիչ հանցավորն էր։ Մեկը կամ մյուսը պետք է դառնար իր մարդակեր ուղեկիցների զոհը...

Հազիվ թե հարկ կա ապացուցելու, որ վերջին պահին հետաքրքրությունը այդ ճակատագրական վիճակախաղի նկատմամբ մեծացավ։ Նրա ահավոր պայմաններն այնպիսին էին, որ սկզբից էլ բոլորը լարվածությամբ ու ագահ ուշադրությամբ էին հետևում խաղի ընթացքին։ Փոխվել էր միայն մասնակիցների վերաբերմունքը. այն դարձել էր սակավ ցավագին, քանի որ վտանգավոր վախճանն այլևս նրանցից յուրաքանչյուրին չէր սպառնում։

Վիճակախաղը մոտենում էր իր ավարտին, և մեծ մասն արդեն ազատ էր վտանգից, բայց սարսափն առավել ևս տանջալից էր բզկտում նրա́նց, որոնց կյանքը դեռևս տատանվում էր կշեռքի նժարի վրա։ Մինչ այդպիսիներն ավելի ու ավելի էին պակասում և փրկության հավանականությունը նվազում էր, սարսափն ավելի ուժգին էր համակում նրանց: Սակայն երբ վերջապես միայն երկու կոճակ մնաց տոպրակում, իսկ հերթում` երկու վիճակահան, վիճակախաղի նկատմամբ հետաքրքրությունը խիստ մեծացավ:

Վիճակահանությունից բացի, ուրիշ հանգամանքներ էլ էին գրավել շրջապատողների ուշադրությունը։ Թվում էր, թե ճակատագիրն ինքը կամեցավ մասնակցել այդ ահավոր ողբերգությանը։ Բայց գուցե պատահականության տարօրինակ, չափազանց տարօրինակ խաղն էր միջամտել...

Այս երկու նավաստիները, որոնք այժմ վերջինն էին, որ սպասում էին ճակատագրի դատավճռին, վաղուց հակառակորդներ էին կամ, ավելի ճիշտ, իսկական թշնամիներ։ Նրանք մահու չափ ատում էին իրար և ասես կապված էին վենդետայով` արյան վրեժխնդրությամբ, որը սովորական բան է Կորսիկայում։

Այդ թշնամանքը ծնվել էր ո́չ այստեղ. այն ծնունդ էր առել դեռևս «Պանդորա»-ի վրա, նավարկության առաջին իսկ օրերին։

Դա սկսվեց Լեգրոյի և Բեն Բրասի միջև ծագած կռվից, որտեղ ֆրանսիացին ամոթալի պարտություն կրեց։ Իռլանդացի նավաստին, որ բնավորությամբ ազ-նիվ էր ու համակրում էր Բեն Բրասին, մասամբ որպես իր հայրենակցի, անցավ բրիտանացի ծովայինի կողմը, որով և ֆրանսիացու անզուսպ կատաղությունը հարուցեց։ Իռլանդացին իր հերթին նույնպիսի վերաբերմունք էր դրսևորում նրա նկատմամբ: Լեգրոն կատաղորեն ատում էր Լարրի Օ’Հորմանին, այսպես էին անվանում իռլանդացուն, և ամեն մի հարմար առիթով դիպչում էր նրան։ Նույնիսկ Բեն Բրասն այդքան ատելի չէր նրա համար։ Ստացած դասը հիշելով, ֆրանսիացին սկսեց եթե ոչ բարեկամաբար, ապա որոշ հարգալից երկյուղով վարվել անգլիացի նավաստու հետ։ Կատաղի թշնամանքի հարցում համառելու փոխարեն, Լեգրոն հաշտվեց ստրկատար նավի վրա իր երկրորդական դրության հետ և ամբողջ չարությունը կենտրոնացրեց Զմրուխտյա կղզու<ref>Զմրուխտյա կղզի – Իռլանդիայի բանաստեղծական անունը:</ref> զավակի վրա։

Հաճախ նրանց միջև տեղի էին ունենում մանր ընդհարումներ, որոնցից սովորաբար հաղթող էր դուրս գալիս նենգ ֆրանսիացին։ Բայց դեռ երբեք չէր եղել այնպիսի մի գժտություն, որ այդ երկուսը ստիպված լինեին ուժերը չափել կյանքի ու մահվան հուսահատ պայքարում։ Սովորաբար թշնամիներն աշխատում էին խույս տալ իրարից։ Ֆրանսիացին ներքուստ վախենում էր հակառակորդից, գուցե նրա մեջ տեսնելով ինչ-որ թաքնված ուժ, որն առայժմ դեռ չէր դրսևորվել, բայց կարող էր ամբողջությամբ ի հայտ գալ մա-հացու կռվում։ Իսկ իռլանդացին վեճերի նկատմամբ ոչ մի հակում չէր զգում, մի բան, որ հազվադեպ է պատահում նրա հայրենակիցների մեջ։ Դա հաշտ բնավորությամբ մարդ էր և շատ սակավախոս, իսկապես հազվադեպ երևույթ, եթե նկատի ունենանք, որ նրա անունը Լարրի Օ’Հորման էր։

Իռլանդացու բնավորության մեջ ոչ քիչ լավ գծեր կային, բայց, թերևս, ամենալավը հենց դա էր։ Ֆրանսիացու համեմատությամբ նրան կարելի էր համարել իսկական հրեշտակ, իսկ լաստի վրա գտնվող բոլոր մնացած սրիկաների մեջ նա առավել պակաս վատն էր թվում։ Լավերի շարքը չէր կարելի դասել նրան, քանի որ այդ բառը ամբողջ խայտաբղետ անձնակազմից ընդհանրապես ոչ մեկին չէր սազում։

Հակառակորդներն իրենց արտաքին տեսքով շատ էին տարբերվում իրարից։ Ֆրանսիացին սևահեր էր, մեծ մորուքով, իռլանդացին` շիկահեր և անմորուք։ Սակայն հասակով նրանք գրեթե հավասար էին` բարձրահասակ, վայելչակազմ, երկուսն էլ աչքի էին ընկ-նում մարմնեղ, ամուր կազմվածքով, նույնիսկ` որոշ գիրությամբ։

Բայց մի՞թե նրանք այդպիսի տեսք ունեին հիմա, այն պահին, երբ մասնակցում էին այս հանդիսավոր արարողությանը, որը պետք է նրանցից մեկին կործանման դատապարտեր։ Ի լրումն դրա, նրանց ողբեր-գական վիճակն արյունարբու հետաքրքրություն էր հարուցում մյուսների մեջ, ովքեր կենդանի էին մնալու։

Երկուսն էլ այնքան էին նիհարել, որ հագուստը պարզապես կախ էր ընկել նրանց ուսերից: Խորն ընկած աչքերով ու ցցված այտոսկրերով, տափակ, ներս ընկած կրծքով, որի բոլոր կողերը մեկ առ մեկ կարելի էր հաշվել, նրանք ավելի շատ նման էին խորշոմած մորթով պատած կմախքների, քան մարդկանց, որոնց մեջ շունչ կար։ Թերևս նրանցից ոչ մեկը պիտանի չէր այն նպատակի համար, որին նրանց դատապարտել էր անողոք անխուսափելիությունը։

Լեգրոն կարծես ավելի քիչ էր հյուծված։ Դա, հավանաբար, բացատրվում էր անձնակազմի նկատմամբ ունեցած նրա իշխանությամբ. իր դրությունից օգտվելով, նա իրեն էր վերցնում առյուծի բաժինը այն ուտելիքի, որն այնպիսի սղությամբ բաշխվում էր մնացածներին։ Ասենք, գուցեև այդպես էր թվում նրա դեմքը ծածկող այն խիտ բուսականության շնորհիվ, որը, դիմագծերի ծայրահեղ նիհարությունը թաքցնելով, ավելի գեր տեսք էր տալիս նրան։

Սակայն նրանց մասին նորից չենք խոսի։ Մենք միայն ուզում էինք իրականում ցույց տալ, թե ինչպիսի ծայրահեղությունների, ինչպիսի հրեշավոր մտածումների և էլ ավելի հրեշավոր գործերի կարող է հասցնել մարդուն սովը։ Որքան էլ ցնցվենք նողկանքից, բայց այդ ծանր ժամին այդպես էին մտածում խորտակված «Պանդորա»-ի զոհերը։


== Գլուխ LXIX. Մարտահրավերը մերժված է ==

Երբ վերջին վիճակը հանելու պահը մոտեցավ (մյուսն արդեն հանելու կարիք չի լինի), տիրեց լռություն, սովորական անդորր` պայթելու պատրաստ փոթորկից առաջ։

Տիրեց լռություն, այնքան խոր, որ եթե չլինեին դատարկ տակառներին խփվող ալիքները, կարելի էր տախտակների վրա քորոցի ընկնելու ձայնը լսել։ Ծովի աղմուկի մեջ լսվում էր թաղման լաց, լաստի վրա կատարված սրբապիղծ տեսարանի ինչ-որ մռայլ նվագակցություն: Թվում էր, թե այդ դատարկ տակառների մեջ մեղավորների հոգիներն են փակված. նրանք դժոխային տանջանքներ են ապրում և հոգեվարքի ճիչերով ձայնակցում ալիքների շառաչին։

Երկու նավաստիները, որոնցից մեկն անխուսափելիորեն դատապարտված էր, կանգնած էին դեմ-դիմաց. մնացածները, շրջան կազմած, խռնվել էին նրանց մոտ։ Բոլորի հայացքները գամված էին նրանց, բայց հակառակորդները միայն իրար էին նայում։ Կատաղություն, չարություն, ատելություն էր փայլատակում նրանց փոխանակած հայացքներում. բայց նրանց աչքերում է́լ ավելի վառ էր շողում թշնամուն մեռած տեսնելու հույսը:

Երկուսին էլ ոգեշնչում էր այն միտքը, որ ճակատագիրն ինքն է բոլորի միջից իրենց ընտրել այսքան արտասովոր մենամարտի համար։ Ու նրանք հավատում էին դրան։

Այդ համոզմունքն այնքան ուժեղ էր, որ նրանցից ոչ մեկի մտքով անգամ չէր անցնում հակառակվել ճակատագրի դատավճռին. նրանք հաշտվել էին այն մտքի հետ, որ «երևի, ճակատին այդպես է գրված»։

Սակայն նրանք ֆատալիստներ չէին, նրանք ավելի շատ հավատում էին ուժին ու ճարպկությանը, քան կույր պատահականությանը:

Հենց դրա վրա էր հույս դրել իռլանդացին, հանդես գալով նոր առաջարկով։

– Ես այսպես եմ մտածում,– ասաց նա.– արի փորձենք, թե ով է մեզնից ավելի լավը։ Վիճակ հանելը դժվար բան չէ, այստեղ երկուսիս հավանականություններն էլ հավասար են. գուցե կապրի հենց նա, ով վատթարագույնն է։ Երդվում եմ սուրբ Պատրիկով, որ դա անպատվաբեր է, բանի նման չէ։ Թող ապրի նա, ով ավելի արժանի է։ Ճի՞շտ եմ ասում, տղաներ:

Գտնվեցին մարդիկ, որոնք պաշտպանեցին իռլանդացուն։ Այդ առաջարկը, որ այնքան սարսափելի էր բոլորի համար, միանգամայն խելացի թվաց. այն նոր հեռանկարներ էր բացում։

Այլևս իրենց կյանքի համար վախ չունենալով, նավաստիներն արդեն կարող էին ավելի հանգիստ սպասել պայքարի վախճանին: Արդարության զգացումը դեռևս բոլորովին չէր հանգել նրանց սրտերում։ Իռլանդացու մարտահրավերը պատվի գործ թվաց նրան։ Շատերը հակված էին պաշտպանելու նրան և արտահայտվեցին այդ ոգով։

Լեգրոն ավելի շատ կողմնակիցներ ուներ, բայց նրանք լուռ էին, սպասում էին, թե իրենց պարագլուխը ինչ կպատասխանի հակառակորդին։
Բոլորն էլ կարծում էին, որ Լեգրոն հաճույքով կընդունի մարտահրավերը. չէ որ նրա բախտը չբերեց այս վիճակախաղում։ Բացի դրանից, նա առաջ էլ հաճախ էր հաղթանակ տարել իր հակառակորդի նկատմամբ։

Բայց Լեգրոն վճռականապես հրաժարվեց: Ընդհակառակը, նա ամբողջովին ապավինեց բախտին։ Ճիշտ է, ուշադիր դիտողը ֆրանսիացու տեսքից ու վարմունքից կնկատեր, որ Լեգրոն հույսը դնում է ինչ-որ խորամանկության վրա։ Բայց ոչ ոք առանձնապես չէր հետևում նրան։ Ոչ մեկը ուշադրություն չդարձրեց, որ Լեգրոն անցողակի սեղմեց իր կողմնակիցներից մեկի ձեռքը։ Եթե նույնիսկ որևէ մեկն էլ նկատեր, ի՞նչ կար այստեղ։ Հրաժեշտ տվեց ընկերոջը, վտանգի պահին փնտրելով նրա կարեկցանքը. հակառակ դեպքում` ինչո՞վ բացատրել այդ շարժումը:

Սակայն, եթե շրջապատողները ավելի ուշադիր նայեին այդ հրաժեշտին, ապա նրանք կհասկանային մահվան նկատմամբ այն անտարբերությունը, որ այդ պահից այնքան ցայտուն արտահայտվում էր Լեգրոյի վարմունքի մեջ: Պարզ էր, որ այժմ ինչ-որ մի նշանակալից բան տեղի ունեցավ երկու նավաստիների միջև:

Այդ թռուցիկ ձեռքսեղմումից հետո Լեգրոն այլևս չէր տատանվում: Նա անմիջապես հայտարարեց, որ պատրաստ է ամեն ինչի և մտադիր է հաստատ մնալ վիճակ հանելու իր վճռի վրա:

– Սատանա՜ն տանի,– գոռաց նա ի պատասխան իռլանդացու մարտահրավերի։– Իռլանդացի, գուցե կարծում ես, թե վախեցա՞։ Անե́ծք։ Ոչ մեկի մտքով անգամ չի անցնի այդպիսի անհեթեթություն: Բայց ես հավատում եմ իմ բախտին, թեև ֆորտունան հաճախ խաբել է ինձ ու հիմա էլ առաջվա նման դավեր է լարում։ Ասենք դու էլ նրա հովանավորությունը չես վայելում, այնպես որ հավանականությունները հավասար են։ Է՜, ինչ կա որ, եկ մեկ անգամ էլ փորձենք... Սատանա́ն տանի։ Երևում է մի վերջին անգամ նա մեզնից մեկնումեկի վրա պիտի ծիծաղի, դա արդեն անվիճելի է...

Հասկանալի է, Օ’Հորմանը վիճակախաղի սահմանված կարգը փոխելու իրավունք չուներ. ուստի նրանք, ովքեր դեմ արտահայտվեցին վիճակախաղը շարունակելուն, մնացին փոքրամասնություն։ Նավաստիները աղմկալի պահանջում էին, որ բախտն ինքը վճռի, թե երկուսից ո՞րը։
Լեգրոն դեռ ձեռքին պահում էր տոպրակը, որի մեջ երկու կոճակ կար` սև ու կարմիր։ Վիճեցին, թե ով վիճակ հանի: Հարցն այն չէր, թե` ով առաջինը. միևնույն է` երկրորդը չի լինելու, բավական է, որ մեկը կոճակ հանի։ Եթե կարմիր լինի կմեռնի նա, եթե սև` նրա հակառակորդը։
Ինչ-որ մեկն առաջարկեց, որ տոպրակը վերցնի մեկ ուրիշը, ու մի լավ թափ տվեց այն։

Բայց Լեգրոն ընդդիմացավ։ Քանի որ արդեն իրեն վստահել են հետևել կարգ ու կանոնին, ուրեմն` ինքն էլ գործը մինչև վերջ կհասցնի։ Բոլորը տեսան,– հայտարարեց նա,– արդյո՞ք ինքը օգուտ ունեցավ իրեն պարտադրված վիճակից։ Ո՛չ, բոլորովին հակառակը։ Դա, անհաջողությունից բացի, ուրիշ ոչինչ չտվեց նրան։ Իսկ որ բախտդ չբերեց, բոլորն էլ գիտեն, կարող է մինչև վերջ էլ չբերել։ Սակայն ինքն անտարբեր է. այսպես թե այնպես, միևնույն է. տոպրակ բռնողը ոչ մի լավ բան չի ստանա։ Բայց քանի որ ինքը ձեռնամուխ է եղել և ամբողջ վիճակախաղն անցկացրել ի դժբախտություն իրեն, ապա այժմ ոչ մի դեպքում բաց չի թողնի, թեկուզև դրա համար կյանքով վարձահատույց լինի։
Լեգրոյի ճառը հաջողություն ունեցավ։

Մեծ մասն արտահայտվեցին նրա օգտին, պնդելով, որ նա շարունակի բռնել տոպրակը։

Որոշվեց. ընտրությունը կատարելու էր իռլանդացին, հանելով նախավերջին կոճակը։

Օ’Հորմանը այդպիսի կարգի դեմ չբողոքեց, ու դրա համար լուրջ հիմք էլ չկար։ Թվում էր, թե սովորական խաղ է` գիր, թե ղուշ։ «Եթե ղուշ է` ես շահեցի, եթե գիր` տարվեցի»: Բայց այս ձևակերպումն այստեղ նո՛ր, դաժան իմաստ էր ստանում, որը ավելի հարմար էր տվյալ պահի համար` «Եթե ղուշ է` ես կապրեմ, եթե գիր` կմեռնեմ»։ Այս միտքը Լարրի Օ’Հորմանի մտքով անցավ, երբ նա, համարձակորեն մոտենալով տոպրակին, բռունցքն իջեցրեց նրա մութ որովայնը ու դուրս քաշեց... սև կոճակը։


== Գլուխ LXX. Անսպասելի հանգուցալուծում ==

Տոպրակում մնաց կարմիրը։ Զարմանալի է, որ այն եղավ վերջինը, բայց այդպիսի տարօրինակ բաներ երբեմն լինում են։ Վիճակն ընկավ Լեգրոյին։ Վիճակախաղն ավարտվեց։ Ֆրանսիացին տանուլ տվեց իր կյանքը։

Այժմ էլ ի՞նչ իմաստ ուներ խաղը շարունակելը։ Բայց, ի զարմանս հանդիսատեսների, նա դիմեց այդ քայլին։

– Գրո՜ղը տանի,– բացականչեց նա։– Նորից բախտս չբերեց... Դե լավ,– սառնասրտորեն ավելացրեց նա, փոքր-ինչ զարմացնելով բոլորին։– Տուր մի ես էլ վիճակ հանեմ։ Գոնե տեսնեմ այդ անիծյալին, որը կյանքս է խլելու։

Այս ասելով, նա աջ ձեռքն իջեցրեց տոպրակի մեջ, միևնույն ժամանակ շարունակելով ձախով պահել այն: Նա մի քանի վայրկյան ինչ-որ բան էր տնտղում այնտեղ, ներսում, կարծես միանգամից չէր կարողանում գտնել կոճակը: Այսպես խառնշտորելով, նա բաց թողեց ձախ ձեռքով սեղմած բացվածքը և, մատները ճարպկորեն տեղափոխելով, բռնեց տոպրակի ամենատակի մասը։ Դա, ըստ երևույթին, արվում էր կոճակը անկյունը խցկելու և այն մատներով բռնելու համար։

Մի քանի վայրկյան, մինչ նա փորձում էր բռնել եղջերյա փոքրիկ շրջանակը, տոպրակը կախված մնաց նրա ձախ ձեռքի վրա։ Վերջապես այդ նրան հաջողվեց։ Նա դուրս քայլեց աջ ձեռքը, որի մեջ ինչ-որ բան էր ամուր սեղմված. ըստ երևույթին, մահվան սարսափելի նշանը։ Հետաքրքրությամբ համակված նրա ուղեկիցները, շունչները պահած, խռնվեցին շուրջը՝ որսա-լով Լեգրոյի ամեն մի շարժումը:

Մի ակնթարթ ևս նա սեղմած պահեց բռունցքը, հետո վեր բարձրացրեց, որպեսզի բոլորը կարողանան տես-նել։ Այնուհետև սկսեց դանդաղորեն բացել մատները ու ցույց տվեց բացված ափը։ Երևաց տոպրակից հանված կոճակը, բայց, ի զարմանս բոլորի, ոչ թե կարմիր, այլ սև։

Ընդհանուր զարմանքը չէին բաժանում միայն երկու հոգի. մեկը ինքը՝ Լեգրոն էր, թեև, կարծես, բոլորից շատ հենց նա պետք է զարմանար, մյուսը նավաստին էր, որը մի քանի րոպե առաջ կանգնեց նրա կողքին ու գաղտնի ինչ-որ բան դրեց նրա ձեռքը։

Վիճակախաղի անսպասելի վախճանը ահավոր հուզում առաջացրեց:

Մի քանի հոգի բռնեցին տոպրակը, դուրս քաշեցին Լեգրոյի ձեռքից: Տոպրակն անմիջապես շուռ տվեցին տակն ի վեր, ու կարմիր կոճակն ընկավ լաստի տախտակների վրա։

Նավաստիները կատաղել ու բարձրաձայն գոռում էին, որ իրենց խաբել են։ Ոմանք ուզում էին կռահել, թե այդ ինչպես սրիկային հաջողվեց խարդախել։ Լեգրոյի հանցակիցը պնդում էր, թե ոչ մի խաբեություն էլ չի կատարվել, կոճակների հաշվի մեջ սխալ է եղել հենց սկզբից, երբ դրանք տոպրակի մեջ են դրվել:

– Միանգամայն հնարավոր է, միանգամայն հնարավո՜ր է,– համոզում էր այն նավաստին, որը Լեգրոյին օգնել էր խարդախելու։– Պարզապես մի կոճակ ավելի է դրվել՝ քսանվեցի փոխարեն քսանյոթ, ահա և բոլորը։ Ինչ արած, քանի որ հաշվելուն բոլորս էլ օգնել ենք, ապա ոչ ոք էլ մեղավոր չէ։ Հիմա ստիպված ենք նորից հանել։ Միայն թե այն անգամ, տեսեք հա, ավելի խնամքով հաշվեցեք...

Ոչ ոք չհամարձակվեց առարկել. բոլորը համաձայնվեցին: Բայց շատերը համոզված էին, որ օյին են խաղացել իրենց գլխին, նույնիսկ գլխի էին ընկնում, թե այդ ինչպես կատարվեց։

Վիճակ հանողներից որևէ մեկը տոպրակում եղած կոճակի նման մի կոճակ է ճարել իր համար. բռունցքի մեջ պահած, ձեռքը ներս է տարել և անմիջապես դուրս քաշել։

Քսանվեց նավաստիներն էլ վիճակ են հանել. նրանցից ո՞րն է խարդախը։

Շատերը խարդախության մեջ կասկածում էին հենց Լեգրոյին։ Աչքի էր զարնում նրա տարօրինակ վարմունքը: Ինչո՞ւ նա տոպրակի մեջ խոթեց սեղմված բռունցքը ու դուրս քաշեց առանց մատները բացելու։ Սա իսկ արդեն բավականաչափ կասկածելի էր թվում. ուրիշ բաներ էլ էին նկատվել, բայց հետո նավաստիները հիշեցին, որ մի քանի հոգի էլ ճիշտ այդպես են պահել իրենց: Այսպես, ուրեմն, մեղավորին ջրի երես հանելու համար հանցանշան չէր գտնվում։ Այդ պատ-ճառով էլ ոչ ոք ոչ ուժ, ոչ էլ տրամադրություն ուներ իր համար վտանգ ստեղծելով, մեղադրանք հարուցել։

Սակայն այդպիսի մարդ գտնվեց։ Մինչև հիմա նա դեռ չէր արտահայտվել, սպասում էր, որ որոշ ժամանակ անցնի բոլորին հիասթափեցրած վերջին կոճակը հանելուց հետո։ Այդ մարդը Լարրի Օ’Հորմանն էր։

Մինչ մնացած նավաստիները Լեգրոյի մեղսակցի փաստարկներն էին լսում ու մեկը մյուսի ետևից սիրով համաձայնվում, իռլանդացին քաշվել էր մի կողմ, ըստ երևույթին, ինչ-որ հաշիվների մեջ խորասուզված։

Միայն վերջում, երբ բոլորը կարծես համաձայնվեցին երկրորդ անգամ վիճակ հանել, նա սթափվեց իր մտքերից և, սրընթաց առաջ գալով, ամենայն վճռականությամբ գոռաց,

– Ո́չ... Ոչ, ո́չ մի դեպքում,– շարունակեց նա։– Ո́չ մի վիճակահանություն, սիրելիներս, մինչև մի լավ չպարզենք այս փոքրիկ գործը։ Այստեղ ինչ-որ կեղտոտ բան կա. բոլորն էլ համաձայն են սրան։ Միայն թե ինչպե՞ս գտնել սրիկային։ Թերևս ես ասեմ, թե ով է այդ նողկալի սրիկան, որը ոչ համարձակություն, ոչ էլ պատիվ ունեցավ բոլորի հետ հավասար կերպով իր կյանքը խաղաթղթի վրա դնելու։

Այս անսպասելի միջամտությունից բոլոր նավաստիների հայացքները անմիջապես դարձան խոսողին։ Տարբեր խմբերի կողմնակիցները հավասարապես շահագրգռված էին այն մերկացման մեջ, որ սպառնում էր կատարել Օ’Հորմանը:

Եթե հաջողվի մերկացնել խաբեբային, բոլորը նրա վրա կնայեն որպես մի մարդու, որը պետք է դուրս քաշած լիներ կարմիր կոճակը. հետևապես` հենց նրա հետ էլ պետք է վարվել համապատասխան ձևով։ Դա հասկանալի դարձավ նախքան փոքրիկ իսկ ակնարկ կպոկվեր որևէ մեկի բերանից: Նավաստիներից նրանք, որոնք ոչ մի բանում մեղավոր չէին, հասկանալի է, խիստ ուզում էին գտնել «քոսոտ այծին», որպեսզի հարկ չլիներ երկրորդ անգամ վտանգավոր վիճակը հանել ու քանի որ դրանց թվին էր պատկանում գրեթե ամբողջ անձնակազմը, կարելի է պատկերացնել, թե ինչպիսի ուշադրությամբ էին նավաստիները սպասում, թե ինչ կասի իռլանդացին։

Բոլորը կանգնած` անհամբեր հայացքով լափում էին նրան: Միայն Լեգրոյի ու նրա մեղսակցի աչքերում բոլորովին ուրիշ զգացումներ էին երևում։ Հատկապես աչքի էր զարնում ֆրանսիացու խղճալի տեսքը, կախ էր ընկել ծնոտը, շուրթերը սպիտակել էին, ոչ մի կաթիլ արյուն չէր մնացել նրանց մեջ. հայացքը վառվում էր դիվային չարությամբ։ Ամբողջ կերպարանքը հիշեցնում էր մի մարդու, որին սպառնում է ամոթալի ու ահավոր վիճակ, և նա անզոր է այն կանխելու։


== Գլուխ LXXI. Լեգրոն դատարանի առջև ==

Խոսքն ավարտելով, Օ’Հորմանը հայացքը գամեց ֆրանսիացու վրա: Բոլորը հասկացան, թե ում նկատի ունի նա։

Իռլանդացու հայացքի տակ Լեգրոն սկզբում սկսեց դողալ: Բայց տեսնելով, որ հարկավոր է օգնության կանչել իր ամբողջ լկտիությունը, նա ջանք գոր-ծադրեց ու պատասխանեց նույն ձևով:

– Սատանա՜ն տանի,– գոռաց նա։– Ի՞նչ ես աչքերդ չռել ինձ վրա: Չլինի՞ թե ուզում ես զրպարտել ինձ։ Ինչ է, ե՞ս եմ այդ ստորությունն արել։

– Ուրիշ էլ ո՞վ,– պատասխանեց իռլանդացին։– Թող անդունդն իջնեմ սատանայի մոտ, թե զրպարտում եմ քեզ։ Այդպիսին չէ Լարրի Օ’Հորմանը, որ ակնարկներով խոսի, միստր Լեգրո։ Հենց քո երեսին կասեմ` այդ դու, աղավնյակս, քո սեփական ձեռքով ավելորդ կոճակը դրեցիր տոպրակի մեջ։ Այո, հենց դու, միստր Լեգրո, և ոչ որևէ մեկ ուրիշը։

– Ստո՜ւմ ես,– ճչաց ֆրանսիացին՝ սպառնալից թափահարելով ձեռքերը։– Ստո՜ւմ ես։

– Կամա́ց, խղճուկ ֆրանսիացի։ Հոլուսեցի Լարրիին չես վախեցնի, դա քո բանը չի, պարծենկոտ: Ու նորից կասեմ` այդ դո՛ւ ես կոճակը գցել։

– Իսկ որտեղի՞ց գիտես, Օ’Հորման:

– Կարո՞ղ ես ապացուցել։

– Հանցանշաններ ունե՞ս,– միանգամից հարցրին մի քանի նավաստիներ։

Նրանց մեջ հատկապես ուշադրություն էր գրավում ֆրանսիացու մեղսակիցը։

– Էլ ի՞նչ է ձեզ հարկավոր, երբ առանց այն էլ ամեն ինչ պարզ է լույսի պես։ Երբ ձեռքս մտցրի տոպրակի մեջ, այնտեղ միայն երկու կոճակ կար, և ոչ մի հատ ավելի։ Ես երկուսն էլ շոշափեցի, չիմանալով, թե որը վերցնեմ։ Եթե այնտեղ լիներ նաև երրորդը մի՞թե իմ ձեռքի տակ չէր ընկնի։ Կարող եմ Պատրիկ երանելու սուրբ խաչով երդվել, որ այնտեղ ավելի կոճակ չկար։

– Իսկ դա դեռ ոչինչ չի նշանակում, կարող էր և երեքը լինել,– պնդում էր Լեգրոյի բարեկամը։– Երրորդը, երևի, ընկել էր ինչ-որ տեղ ծալքի մեջ, և դու էլ մատներովդ չես շոշափել:

– Ի՞նչ գրողի տարած ծալքերի մասին է խոսքը։ Ընկած է եղել այս խաբեբայի ափի մեջ, ընկնելու ուրիշ տեղ չուներ։ Եղել է նրա բռունցքի մեջ. ահա թե որ-տեղ։ Թերևս ձեզ ասեմ նաև, թե ինչպես է այնտեղ ընկել։ Կոճակը նրան տվեց այն երիտասարդը, հենց նա, որը հիմա դանակը բկիս է դրել, թե` ապացուցիր, հա ապացուցիր... Ապա մի փորձիր ստել, Բիլլ Բաուլեր։ Ինքս տեսա, թե ինչպես էիր խղճուկ ֆրանսիացու հետ քչփչում այն ժամանակ, երբ նրա հերթը հասավ։ Տեսա, թե ինչպես իրար թաթ սեղմեցիք, ու դու կամացուկ ինչ-որ բան տվեցիր նրան։ Այն ժամանակ գլխի չընկա, բայց երդվում եմ Հիսուսով, անընդհատ մտածում էի` ի՞նչ սատանայություն է: Դե, իսկ հիմա գիտեմ, թե ինչ էր դա. կոճա՜կ։

Իռլանդացու ասածն արժանի էր ուշադրության. և նավաստիներն այդպես էլ վերաբերվեցին։ Լեգրոյի դեմ ուղղված հանցանշանները ծանրակշիռ էին ու մեծամասնության աչքում համոզիչ կերպով ապացուցում էին նրա մեղավորությունը:

Գտնվեցին նաև վկաներ էլ, որոնք պաշտպանեցին մեղադրանքը: Օ’Հորմանից առաջ վիճակ հանած նավաստին կտրականապես պնդում էր, թե տոպրակի մեջ միայն երեք կոճակ կար: Իսկ մյուսը, որ մեկ մարդ նրանից առաջ էր կանգնած հերթում, նույնպիսի վստահությամբ կրկնում էր, որ երբ ինքը վիճակ էր հանում, տոպրակի մեջ ընդամենը չորս կոճակ կար։ Երկուսն էլ հաստատում էին, որ իրենք ոչ մի դեպքում չէին կարող սխալվել հաշիվների մեջ։ Իզուր չէր, որ իրենք մեկ առ մեկ տնտղել են ամեն մի կոճակը, կամենալով ամեն կերպ ճանաչել արնագույնը։ Աստված մի արասցե, որ այն հանվի։

– Է՜խ, ինչ կա այստեղ չհասկանալու,– բացականչեց իռլանդացին։ Նա, ըստ երևույթին, անհամբեր սպասում էր, որ դատապարտվի խարդախության մեջ մեղա-վոր հակառակորդը։– Դա խղճուկ ֆրանսիացու գործն է, և վերջ։ Իզուր չէր նա քաշքշում ու խառնշտորում տոպրակը։ Այդ բոլորը խաբեություն է։ Կոճակն ամբողջ ժամանակ նրա բռի մեջ է եղել։ Երդվում եմ Հիսուսով։ Նրան հասնում է մահվան վիճակը, դա նույնքան հաստատ է, որքան եթե նա հանած լիներ այն: Նա պետք է մեռնի։

– Սրիկա́։ Ստախո́ս,– գոռաց Լեգրոն:– Եթե ես մեռնեմ, դու...

Այս ասելով նա առաջ նետվեց` դանակը ձեռքին, սպառնալով իրեն մեղադրողի կյանքին։

– Կանգնիր,– մռնչաց իռլանդացին, հեռանալով հարձակվողից։ Եվ, իր հերթին դանակը դուրս քաշելով, պաշտպանության դիրք գրավեց։– Կանգնի́ր, գորտաճահիճ, շուն, թե չէ մի ակնթարթում դժոխք կուղարկեմ առանց խոստովանանքի ու չես հասցնի «Հայր մեր» ասել քո նողկալի հոգու համար, թեև նա, վկա է աստված, դրա խիստ կարիքն ունի։ Դե, իսկ հիմա մոտեցիր,– շարունակեց իռլանդացին՝ լավ ամրանալով իր դիրքում։– Լարրի Օ’Հորմանը պատրաստ է դիմավորելու և քեզ, և ամեն մեկ ուրիշի, ով էլ որ թաքնված լինի քո նողկալի թիկունքում:


== Գլուխ LXXII. Կենաց ու մահու մենամարտ ==

Վիճակահանությունը, որ մինչև այժմ որոշ հանդիսավորությամբ էր կատարվում, մոտենում էր անսպասելի լուծման:

Բայց այժմ ոչ ոք չէր մտածում երկրորդ անգամ դիմել հաջողության աստվածուհուն։ Այլևս նրա դատավճռին դիմելու կարիք չկար։ Առանց այդ էլ շուտով մարդակերների խմբի պահեստը կլցվի. դրա երաշխիքն է նավաբեկյալ անձնակազմի երկու պարագլուխների` Լեգրոյի և Օ’Հորմանի մահացու թշնամանքը։

Շուտափույթ մահ է սպասում մեկին կամ մյուսին, իսկ հնարավոր է` երկուսին էլ։ Հակառակորդները մտադիր էին շեղբը պատյան դնել ոչ շուտ, քան թշնամու մարմնի մեջ մխրճելուց հետո, անհերքելիորեն այդ էին վկայում վճռականությամբ լի նրանց կեցվածքները։

Ոչ ոք չէր փորձում միջամտել, ոչ ոք չկանգնեց նրանց միջև, որ բաժանի իրարից։ Իհարկե, նրանցից յուրաքանչյուրն ուներ իր բարեկամները կամ, ավելի ճիշտ, իր կողմնակիցները, բայց նրանք էլ նույնքան անզգա էին, որքան և «ռինգի չեմպիոնների» սովորական երկրպագուները։

Ուրիշ հանգամանքներում ամեն մի խումբ վշտանում է իր չեմպիոնի պարտությամբ, որի համար նա գրազ է գալիս։ Բայց այստեղ, լաստի վրա, հանդիսատեսները տենչում էին հակառակորդներից որևէ մեկի մահը։

Թե մեկ, թե մյուս կողմը ավելի մեծ հաճույքով կհամաձայներ իր ընտրյալի զոհվելուն, քան այն բանին, որ երկուսն էլ կենդանի դուրս գային գոտեմարտից։

Այդ ավազակախմբի յուրաքանչյուր նավաստին, եսասիրական բնազդից մղված, սպասում էր առաջիկա բախման վախճանին, և այդ բնազդը նրա մեջ խլացնում էր պարագլխի հանդեպ եղած ամեն մի նվիրվածություն։ Ոմանք գուցեև բարեկամական որոշ զգացումներ էին տածում Լեգրոյի կամ Օ’Հորմանի նկատմամբ, բայց մեծ մասի համար բոլորովին միևնույն էր, թե երկուսից որը կսպանվի: Գտնվեցին նաև այնպիսիք, որոնք հոգու խորքում տենչում էին երկու հակառա-կորդներին տեսնել փոխադարձ թշնամանքի զոհ դարձած։ Օ՜, այդ դեպքում շուտ չէր հասնի այդ ատելի վիճակախաղը վերսկսելու ժամանակը, վիճակախաղ, որին նրանք ավա՜ղ ստիպված էին դիմել արդեն ոչ մեկ անգամ։

Այժմ երկու խմբերն էլ գրեթե հավասար թվով կողմնակիցներ ունեին։ Դեռ տասը րոպե առաջ ֆրանսիացին զգալիորեն ավելի շատ կողմնակիցներ ուներ, քան նրա հակառակորդ իռլանդացին։ Բայց վիճակախաղի ժամանակ Լեգրոյի վարմունքը նրանից վանեց շատերին։ Մեծամասնությունը գտնում էր, որ նա իսկապես սրիկայություն է արել։ Եվ այդ երկչոտ խարդախությունը այնպես էր դիպչում բոլորին, որ նույնիսկ նրանք, ովքեր առաջ անտարբեր էին Լեգրոյի նկատմամբ, այժմ դարձան նրա թշնամին։

Բայց, էլ չխոսելով անձնական նկատառումների մասին, նույնիսկ այստեղ, տականքների այս խառնաժողովում, կային այնպիսիները, որոնց մեջ դեռ վերջնականապես չէր լռել պատվի ձայնը, որը պահանջում էր «խաղ` ըստ կանոնների», և ֆրանսիացու սրիկայությունը նորից արթնացրեց այդ զգացմունքը նրանց սրտերում։

Հենց որ հակառակորդները մահացու կռվի մեջ մտնելու հաստատ վճռականություն ցուցաբերեցին, լաստի վրա եղած բազմությունը, ասես մեքենայաբար, բաժանվեց երկու խմբի. մեկը կանգնեց Լեգրոյի թիկունքում, մյուսը` իռլանդացու:

Նավաստիները տեղավորվեցին լաստի երկու ծայրերին, ու քանի որ երկու խմբերն էլ մարդկանց թվով գրեթե հավասար էին, հավասարակշռությունը չխախտվեց: Լաստի մեջտեղում կար մի հորիզոնական հարթակ, որը առավելություն չէր ընձեռում հակառակորդներից ոչ մեկին. և արյունալի դրաման տեղի էր ունենալու հենց նրա վրա։

Որոշվեց կռվել դանակներով։ Ճիշտ է, լաստի վրա ուրիշ զենք էլ կար` կացիններ, հարպուններ, բայց հակառակորդներին արգելվում էր դրանցից օգտվել։ Եվ հետո` ի՞նչը կարող է ավելի ազնիվ լինել, քան նա-վաստիական լավ դանակը, որպիսին ուներ նրանցից յուրաքանչյուրը։

Եվ այսպես, յուրաքանչյուրը զինվեց իր գոտկից արձակած սեփական դանակով: Թշնամու հարձակմանը ավելի լավ դիմագրավելու համար ոտքը առաջ է դրված, մերկացրած շեղբով ձեռքը վեր է բարձրացված, մկանները լարված են մինչև վերջ, աչքերը վառվում են այնպիսի մի ատելության կրակով, որը կարող է միայն մահով վերջանալ. այսպես էին կանգնած նրանք դեմուդեմ։

Յուրաքանչյուրի թիկունքում կանգնեցին նրա կողմնակիցները, կազմելով մի կիսաշրջան, որի կենտրոնում գտնվում էր իրենց չեմպիոնը: Նրանք բոլորն էլ ագահորեն որսում էին հակառակորդների ամեն մի շարժումը, իմանալով, որ նրանցից մեկը, իսկ գուցեև երկուսն էլ, արդեն դժոխքի ճանապարհին են։

Այս ահավոր մենամարտը լուսավորում էր մայր մտնող արևը։ Ոսկեշող գունդը հորիզոնում էր։ Արևի սկավառակը թվում էր չարագուշակ բոսորագույն, մի լուսավորություն, որը միանգամայն համապատասխան էր այդպիսի տեսարանի համար։ Պարզ է, որ թշնամիները բնազդաբար շրջվեցին դեպի արևմուտք ու հայացքները հառեցին լուսատուին։ Նրանք երկուսն էլ մտածում էին, որ գուցե այլևս երբեք չվիճակվի զմայլվել արևի շողշողուն փայլով...


== Գլուխ LXXIII. Ատելություն ընդդեմ ատելության ==

Հակառակորդները հանդիպեցին ոչ անմիջապես։ Նրանք որոշ ժամանակ խույս էին տալիս իրարից, վախենում էին մոտենալ, այնքան որ ահեղ էին փայլատակում ձեռքում բռնած սուր դանակները։ Սակայն նրանք անշարժ ու անգործ չէին. ընդհակառակը, երկուսն էլ, մի կողմից մյուսն անցնելով, կարճ աղեղ գծելով և աշխատելով անընդհատ մնալ դեմքով դեպի հակառակորդը, միշտ զգաստ էին։

Երբեմն, ժամանակ առ ժամանակ, բայց բոլորովին էլ ոչ կանոնավոր կերպով, նրանցից որևէ մեկը ձևացնում էր, թե հարձակվում է կամ էլ շինծու նահանջով աշխատում էր թուլացնել թշնամու զգոնությունը։ Եվ այնուամենայնիվ այդպիսի մի քանի հարձակումներից ու հակահարձակումներից հետո ոչ մեկը նույնիսկ քերծվածք չստացավ, ոչ մի կաթիլ արյուն չթափվեց։

Հանդիսականների մեծ մասը ցավագին հետաքրքրությամբ էր հետևում։ Բայց ոմանք ոչ մի հուզմունք չէին ցուցաբերում, լիակատար անտարբերությամբ վերաբերվելով այն բանին, թե ով կհաղթի և ով կլինի զոհը։ Նրանց համար միևնույն էր, եթե անգամ երկուսն էլ ընկնեին կռվում։ Լաստի վրա կային նաև այնպիսիները, որ կգերադասեին գոտեմարտի հենց այդպիսի վախճանը։

Իսկ նրանք, ովքեր տարվել էին պայքարի ազարտով, աշխատում էին մերթ գոռգոռոցներով, մերթ հորդորներով քաջալերել կռվողներին։
Բայց այստեղ կային նաև բոլորովին ուրիշ տեսակի հանդիսականներ, որոնց, կարծես, գոտեմարտի վախճանը հուզում էր ոչ պակաս, քան նրանց, ում մասին հենց նոր խոսեցինք: Դրանք շնաձկներն էին։ Նայելով, թե ինչպես են նրանք շրջագծերով պտտվում, կատաղորեն աչքերը մարդկանց վրա չռած, չէր կարելի չմտածել, որ նրանք հասկանում են այն ամենը, ինչ կատարվում է լաստի վրա, գիտակցում են, որ այժմ տեղի կունենա սպանություն, ու միայն սպասում են այդ դեպքին, որը իրենց օգտին է լինելու։

Ինչպիսին էլ որ լիներ լուծումը, հանդիսականները ստիպված չեն լինի երկար սպասել` ոչ նրանք, որ ջրի վրա են, ոչ նրանք, որ ջրի տակ են։ Դե, իհարկե։ Երկու գազազած նավաստիներ մերկացրած շեղբերով կանգնած են դեմ-դիմաց, և ամեն մեկն անպայման ուզում է խոցել հակառակորդին: Նրանց ոչ ոք չի բաժանում իրարից. ընդհակառակը, հանդիսականները կռվողներին գրգռում են իրար դեմ, մղում սպանության, այսքան բանից հետո կարող էր արդյոք հեռու լինել արյունալի վախճանը։ Չէ որ դա սրերով մենամարտ չէ, որտեղ, հմտորեն սուսերամարտելով, կարելի է երկարաձգել պայքարը, կամ ատրճանակներով մենամարտ, երբ ոչ դիպուկ կրակոցը նորից կարող է ուշացնել վախճանը:

Այս մենամարտողները գիտեին, որ բավական է պարզված ձեռքի հեռավորությամբ մոտենան իրար` և իրենցից մեկն անմիջապես մահացու վերք կստանա:

Ահա արդեն մի քանի րոպե է, ինչ հակառակորդները հարձակման դիրքում են, բայց այս միտքը դեռևս հարգալից հեռավորության վրա է պահում նրանց։

Ընկերների գոռգոռոցներն արդեն ուրիշ բնույթ են ստանում։ Խրախուսող բացականչությունների հետ մեջ ընդ մեջ լսվում է ծաղր։ Ոմանք գոչում են` «Պարծենկոտները վախեցան»։

– Շո́ւտ, Լեգրո։ Խրի́ր դանակդ,– գոռում են ֆրանսի-ացու կողմնակիցները։

– Ապա մի, Լարրի, ցույց տուր նրան։ Հասցրու ոնց որ պետքն է,– բղավում են իռլանդացուն ընտրած հանդիսականները։

– Հե՜յ դուք, երկուսդ էլ, գործի՛ անցեք։ Կնիկ եք և ոչ թե տղամարդ,– աղաղակում են նրանք, որոնք, թվում է, թե ոչ մի խմբի չեն պատկանում։

Տարբեր լեզուներով հնչող այս անպատկառ խորհուրդներն անհրաժեշտ ներգործությունն ունեցան։ Վերջին բացականչությունները դեռ չէին լռել, երբ մենամարտի մասնակիցները հարձակվեցին իրար վրա և, ընդհուպ մոտենալով, միաժամանակ հարվածեցին դանակով։ Բայց նրանցից յուրաքանչյուրի շեղբը կպավ հակառակորդի ձախ թևին, որը արագորեն առաջ էր պարզվել հարվածը ետ մղելու համար։ Եվ նրանք իրարից հեռացան առանց լուրջ վնասվածքի, միայն թեթևակի վիրավորված, նրանցից ոչ մեկը շարքից դուրս չեկավ։ Սակայն դա նրանց գազազեցրեց ու դարձրեց սակավ շրջահայաց։ Այլևս հետևանքների մասին չմտածելով, նրանք անմիջապես նորից իրար կպան: Հանդիսականները նրանց բախումը դիմավորեցին հավանության բացականչություններով։

Բոլորը սպասում էին, որ հիմա արդեն շուտով կորոշվի գոտեմարտի վախճանը, բայց նրանք ստիպված էին դառը հիասթափություն ապրել։ Մի քանի անարդյունք հարձակումներից հետո կռվողները վերստին նահանջեցին, այս անգամ ևս առանց լրջորեն վիրավորվելու։ Վայրի կատաղությունը կուրացնում էր նրանց, թույլ չտալով շեշտակի հարված հասցնել, գուցեև նրանք թուլացել էին երկար ժամանակ սոված մնալուց։ Հակառակորդները երկրորդ անգամ հեռացան իրարից, և նրանցից ոչ մեկը մահացու վիրավորված չէր:

Երրորդ հանդիպումն էլ նույնքան անարդյունք եղավ։ Հենց որ նրանք մոտեցան, յուրաքանչյուրն իր ձախ ձեռքով բռնեց հակառակորդի աջը, որի մեջ զենքն էր. և այդպես, իրար դաստակից ամուր բռնած, նրանք շարունակում էին կռվել։ Այժմ դա արդեն ոչ թե ճարպկության, այլ ուժի մրցություն էր։ Քանի դեռ թշնամական այդ «ձեռքսեղմումը» շարունակվում է, ոչ մի վտանգ չկա. չէ որ նրանցից ոչ մեկը չի կարող գործի դնել դանակը։ Յուրաքանչյուրն ուզած պահին կարող է բաց անել իր ձախ ձեռքը, բայց այդ դեպքում նա կազատի թշնամու դանակ բռնած ձեռքը ու դրանով իսկ անմիջապես հարվածի տակ կդնի իրեն։

Երկուսն էլ գիտակցում էին վտանգը և, փոխանակ իրարից հեռանալու, շարունակում էին ամուր բռնել մեկմեկու։

Մի քանի րոպե նրանք կռվում էին այդպիսի տարօրինակ ձևով, ամեն մեկն աշխատելով ցած գլորել հակառակորդին: Եթե դա հաջողվեր, ապա վերևում գտնվողը մոտ կլիներ հաղթանակին։

Նրանք գալարվում էին, պտտվում, կռանում, բայց և այնպես կարողանում էին ոտքի վրա մնալ։

Կռվողները մի տեղում կանգնած չէին, այլ դես ու դեն էին նետվում լաստով մեկ, դիպչում էին կայմին, պտտվում էին դատարկ տակառների շուրջը, կոխոտում էին դեսուդեն թափված ոսկորները։ Երբ նրանք մոտենում էին, հանդիսականները տեղ էին բացում ճարպկորեն կողմից կողմ թռչելով: Հարթակը, որի վրա կատարվում էր այս ահավոր դրաման, անընդհատ օրորվում էր. չէին օգնում ոչ բալաստը` ջրով ներծծված նավահեծանները, ոչ էլ որպես լողան ծառայող դատարկ տակառները։

Շուտով երևաց, որ մրցությունում տանուլ կտա Լեգրոն: Ֆրանսիացին կղզիաբնակ իր թշնամուն զիջում էր ոչ միայն մկանների ուժով, այլև անպայման կպարտվեր դիմացկունության մրցությունում։

Բայց թե Լեգրոն իռլանդացուց ավելի խորամանկ էր, և նա այդ վճռական պահին դիմեց հնարքի։

Լաստի վրա պտտվելիս ֆրանսիացին գլուխը սեղմեց Օ’Հորմանի բաճկոնի աջ թևքին. թևքը ամուր գրկել էր իռլանդացու ենթադաստակը ու կպչում էր դաստակին, որով նա բռնել էր իր ահեղ դանակը։ Հանկարծ Լեգրոն, թեև քիչ էր մնում վիզը կոտրեր, ատամներով բռնեց այդ թևքը և իր հզոր ծնոտներով ուժով կառչեց նրանից: Մի ակնթարթում նրա ձախ ձեռքը սահեց դեպի աջը. դանակը կայծակի արագությամբ մի ձեռքից փոխանցվեց մյուսին, ևս մի ակնթարթ` և շեղբը փայլատակեց, սպառնալով խրվել հակառակորդի կուրծքը։

Օ’Հորմանի բախտը կարծես վճռված էր։ Նրա երկու ձեռքերն էլ կաշկանդված էին. էլ ինչպե՞ս խուսափել հարվածից։

Հանդիսականները լուռ, շունչները պահած, սպասում էին նրա անխուսափելի մահվանը։ Բայց նրանք չէին հասցրել ձայն հանել, երբ զարմանքով տեսան, որ իռլանդացին խույս տվեց վտանգից։

Նավաստու բաճկոնի մահուդը, ի բարեբախտություն նրա, բոլորովին էլ առաջնակարգ տեսակի չէր։ Նույնիսկ նոր վիճակում էլ այդ կտորը լավը չէր, դե, իսկ այժմ, երկարատև ու անփույթ գործածությունից հետո, գրեթե բոլորովին քրքրվել էր: Ուստի երբ Օ’Հորմանը պոկվելու հուսահատական շարժում արեց` ձեռքն ազատեց իր թշնամու ծնոտներից` ֆրանսիացու ատամների մեջ թողնելով միայն մի շորակտոր։

Հանկարծ ամեն ինչ փոխվեց, այժմ գերակշռությունը իռլանդացու կողմն էր։ Ոչ միայն նորից ազատ էր նրա աջ ձեռքը, այլև ձախով էլ նա դեռևս պահում էր իր հակառակորդին, կաշկանդելով նրա շարժումները։ Լեգրոն կարող էր գործել միայն ձախով, իսկ այդ բանը խիստ անբարենպաստ դրության մեջ էր դնում նրան։

Աղաղակները, որոնցով ֆրանսիացու կողմնակիցները հենց նոր պատրաստվում էին ողջունել նրա անտարակուսելի թվացող հաղթանակը, անմիջապես լռեցին։ Եվ պայքարը վերստին շարունակվեց լռության մեջ։

Եվս մի քանի վայրկյան տևեց մարտը, մինչև որ ավարտվեց բոլորի համար միանգամայն անսպասելի ձևով։

Կասկածից վեր է, որ հաղթող դուրս կգար Օ’Հորմանը, եթե գոտեմարտը, ինչպես և բոլորը ենթադրում էին, ավարտվեր կռվողներից մեկի մահով։ Սակայն այնպես պատահեց, որ ոչ ոք չընկավ այդ արյունալի մենամարտում։ Ճակատագիրը երկուսին էլ պահպանում էր, թեև մեկ ուրիշ, բայց նույնքան ահավոր վախճանի համար, իսկ նրանցից մեկին վիճակված էր մեռնել տասնապատիկ ավելի ահավոր մահով։

Ինչպես արդեն ասացի, բախտը ժպտաց իռլանդացուն։ Նա այդ հասկացավ և չհապաղեց օգտվել իր առավելությունից:

Շարունակելով սեղմած պահել Լեգրոյի դաստակը, նա աջ ձեռքով գործում էր այնպիսի ուժով, որը թվում էր, թե պետք է վճռեր պայքարի ելքը, իսկ ֆրանսիացին, ձախով պաշտպանվելով, կարող էր միայն թույլ դիմադրություն ցույց տալ, ի վիճակի չլինելով ոչ հարվածել, ոչ էլ ետ մղել հարվածները։

Թշնամիների շեղբերն ավելի ու ավելի հաճախ են ընդհարվում. ևս մի քանի հարձակում, սակայն դեռ ոչ ոք վիրավորված չէ։ Բայց այդ ապարդյուն կռիվը երկար չտևեց։ Վերջացավ նրանով, որ իռլանդացին մի ճարպիկ հարվածով շեղբը խրեց թշնամու ափի մեջ, միջաթափանց ծակելով մատները, որոնցով նա բռնել էր դանակը։ Զենքը ընկավ բացված ձեռքից, և գերանների միջև եղած ճեղքից անցնելով, իջավ ջրի տակ։
Հուսահատության մի ճիչ դուրս թռավ ֆրանսիացու կոկորդից, երբ նա տեսավ իր գլխավերևում բարձրացված դանակը։

Բայց նրան սպառնացող հարվածը կախված մնաց օդում։ Նախքան թշնամին կհարվածեր, նրան խանգարեցին։ Հանդիսականներից ինչ-որ մեկը բռնեց իռլանդացու բարձրացած ձեռքը ու բարձր ձայնով գոռաց.

– Մի՛ սպանիր։ Նրան ուտելու հարկ չի լինի։ Նայիր այնտեղ... Փրկվա՜ծ ենք, փրկվա՜ծ։


== Գլուխ LXXIV. Կրա՜կ ==

Այս տարօրինակ բառերն ասող նավաստին, որ այնքան անակնկալ ընդհատեց մահվան մենամարտը, ձեռքը երկարեց դեպի օվկիանոսային հեռուն, կարծես մատնացույց անելով ինչ-որ բան, որ ինքը նկատել էր հորիզոնում։

Բոլորի հայացքները անմիջապես ուղղվեցին այդ կողմը։ «Փրկվա՜ծ ենք» կախարդական խոսքը ապշեցրեց ոչ միայն հանդիսականներին, այլև անակնկալ ընդհատված ողբերգության դերակատարներին։ Այդ խոսքի քաղցրալուր հնչյունը մեղմեց նրանց սրտերում եղած չարությունը։ Իռլանդացին, որ իր հայրենակիցների մեծ մասի նման դյուրաբորբոք էր ի ծնե ու հեշտությամբ բոցավառվում էր «ինչպես մոմը կրակից», անմիջապես սառեց։

Նա հարվածի համար բարձրացրած ձեռքը չհեռացրեց նավաստուց. ձեռքը թուլացավ, մատները, որոնցով ամուր սեղմել էր հակառակորդի կոկորդը, բացվեցին։ Եվ ֆրանսիացին, ազատ մնալով, կարողացավ անարգել հեռանալ մարտադաշտից։

Մնացածների հետ մեկտեղ Օ’Հորմանը շրջվել ու կանգնել էր, նայելով հեռուն, այնտեղ, ուր ինչ-որ մեկը փրկություն էր տեսել իրենց բոլորի համար։

– Այդ ի՞նչ է,– միաբերան բացականչեցին մի քանի նավաստիներ։– Մի՞ թե ցամաք է:

Բայց ոչ, հնարավոր բան չէր: Նրանցից ոչ մեկն էլ սկսնակ չէր ծովային գործում և չէր կարող մտածել, թե իբր ինքը իրոք ցամաք է տեսնում։

– Առագաստ: Նա՞վ...

Այ, սա արդեն ավելի նման էր ճշմարտության. թեև, առաջին հայացքից, ոչ առագաստ, ոչ նավ չէր երևում հորիզոնում:

– Ի՞նչ է դա,– նորից ու նորից հարցնում էին նավաստիները։

– Կրա՜կ է։ Ինչպե՞ս է, որ չեք տեսնում,– հարցրեց լուսանի աչքերով նավաստին, նա, որի միջամտությունը մենամարտին առաջացրեց այդ անսպասելի շեղումը ծրագրից:– Նայեցեք,– շարունակեց նա։– Ահա այնտեղ, որտեղ արևն է մայր մտնում: Մի փոքրիկ կետ է, բայց ես շատ լավ եմ տեսնում։ Դա, երևի, նավի նակտոուզն<ref>Նակտոուզ (ծով.) - կողմնացույցի պահարան:</ref> է լույս տալիս։

– Սատանա՜ն տանի,– բացականչեց ինչ-որ մի իսպանացի։– Դա պարզապես արևի անդրադարձումն է։ Դու, բարեկամս, թափառող կրակ ես տեսել։

– Պա՜հ,– ասաց մեկ ուրիշը։– Թեկուզ դու իրավացի ես, ու դա էլ իրոք նակտոուզի լամպ է, դրանից մեզ ի՞նչ օգուտ։ Միայն ախորժակդ կգրգռես և ուրիշ ոչինչ։ Եթե դա նակտոուզ է, ապա նավը դեպի մեզ է շրջ-ված նավախելով։ Էլ ինչպե՞ս կարող ենք հասնել նրան։

– Երդվում եմ աստծով, կրակ է։ Կրա՜կ է,– գոռաց սրատես փոքրիկ ֆրանսիացին:– Ես տեսնում եմ այն։ Այո, այո, իսկապես։ Միայն թե... սատանան տանի... դա նակտոուզի լամպ չէ։

– Ես էլ եմ տեսնում,– բացականչեց մեկ ուրիշը։

– Ես էլ,– նրան միացավ երրորդը։

Եվ անմիջապես բոլոր նավաստիները խոսեցին միանգամից։ Ամեն մեկը իր խոսքն էր ասում ծովում վառված այդ կրակի նկատմամբ հավատն ամրապնդելու համար։ Ոչ ոք չհամարձակվեց կասկածել, նույնիսկ նրանք, ովքեր սկզբում անվստահորեն վերաբերվեցին։

Ճիշտ է, օվկիանոսում երևացած այդ լույսը երկնքի ֆոնի վրա թույլ առկայծող մի փոքրիկ կայծ էր միայն. կարելի էր հեշտությամբ սխալվել աստղը որպես այդպիսին ընդունելով։ Բայց այդ ժամին արևմուտքում, որտեղ դեռ մայր մտնող արևի շողերն են վառվում, աստղ չի լինում։

Որքան էլ բարոյապես կոպտացել էին նավաստիները, բայց դեռ չէին կորցրել իրենց մտավոր կարողությունը և, կրակի հայտնության մասին խորհրդածելիս, չէին կարող աստղի տեղ ընդունել այդ դեղնա-վուն կետը, որը հազիվ էր նշմարվում մայրամուտի նույնքան դեղին երկնքում։

– Ո́չ, գրազ եմ գալիս, աստղ չէ,– վստահորեն հայտարարեց նրանցից մեկը։– Իսկ եթե նավի կրակ է, ապա նակտոուզի լամպ չէ։ Հավատացած եղեք, ճիշտ եմ ասում։ Եվ այդ ո՞ւմ մտքով անցավ դուրս տալ նակտոուզների և ամեն տեսակ լամպերի մասին։ Գուցեև ինչ-որ բան լույս է տալիս նավի վրա, այդ դեպքում դա քամբուզի օջախն է. կոկը սուրճ է պատրաստում անձնակազմի համար:

Այն հոյակապ կոմֆորտը, որ մտապատկերեցին նրանք, արդեն չափից դուրս էր սովից մեռնող մարդկանց համար. նրանց նյարդերը չդիմացան, և ի պատասխան նավաստու խոսքի`լսվեց ցնծության վայրի աղա-ղակ։ Քամբուզ, քամբուզի օջախ, կոկ, սուրճ` անձնակազմի համար, շոգեխաշած տավարի միս` կարտոֆիլով ու ծովային պաքսիմատով, քիշմիշով քաղցրավենիք, մսով թխվածք, նույնիսկ մի ժամանակ այնքան ատելի սիսեռապուր և աղ դրած միս. այս ամենը ուրիշ աշխարհի հեքիաթ էր թվում, անցյալի հրճվանք, որ իրենք այլևս երբեք բախտ չեն ունենա վայելելու:

Այժմ, երբ նրանց աչքի առջև քամբուզային օջախի կրակն էր բռնկել (որպիսին նրանք համարում էին օվկիանոսում երևացած այդ լույսը), շատ տարօրինակ պատկերներ ծնվեցին նրանց գրգռված ուղեղում։

Անմիջապես մոռացության մատնվեցին և́ մենամարտը, և́ նրա մասնակիցները: Ամեն մի նավաստու խոհերը, կրակոտ ցանկությամբ լեցուն հայացքները մնում էին գամված այդ լուսավոր կետին, որն աղոտ առկայծում էր մայրամուտի արևով ողողված երկնքի կարմրավուն ֆոնի վրա:

Մինչ նրանք այդպես նայում էին, փոքրիկ կայծը ասես մեծանում էր ու բոցավառվում. մի քանի րոպե չանցած դա արդեն ոչ թե կայծ էր, այլ լուսապսակով շրջանակված պայծառ բոց։ Մայրամուտի երկնքի գույներն աստիճանաբար աղոտանում էին, ու շուրջը թանձրանում էր խավարը. ահա թե ինչով էր բացատրվում այդ փոփոխությունը։

Այդպես էին մտածում հանդիսականները, ավելի քան երբեք հավատացած լինելով, որ հեռվում երևացող կրակը քամբուզային օջախի բոց է։


== Գլուխ LXXV. Դեպի փարո՜սը ==

Երբ հորիզոնում կայծը վերածվեց պայծառ բոցի, լաստի վրա գտնվողները համակվեցին մի ձգտումով` շուտ հասնել լույս երևացած տեղը։ Լինի դա քամբուզ, թե որևէ այլ բան, լինի օջախի բոց, թե լամպի լույս – միևնույն է` կրակը վառվում է նավի վրա։ Օվկիանոսի այդ մասում ցամաք չկար: Ծովում էլ որ-տե՞ղ կարող է կրակ լինել, եթե ոչ նավի վրա:

Ոչ ոք ոչ մի ակնթարթ չէր կասկածում, որ դա նավ է։

Բոլորն էլ այնքան էին հավատացած, որ մի քանի նավաստիներ, հենց որ այդ միտքը նրանց գլխով անցավ, ինչքան ուժ ունեին գոռացին` «Հե՜յ, նավի մարդիկ, հե՜յ»։

Բայց նավաստիների բացականչությունների մեջ այլևս առաջվա ուժը չկար։ Նրանց ձայներն էլ հյուծված մարմինների պես թուլացել էին։ Ճիշտ է, նավաստիները տասնապատիկ ավելի ուժեղ էլ որ գոռային, միևնույն է, այդպիսի հեռավորության վրա նրանց չէին լսի. լույսը դեռ շատ հեռու էր լաստից:

Կրակը վառվում էր նրանցից առնվազն քսան մղոն հեռավորության վրա։ Բայց այդ գրգռված վիճակում, որի մեջ այժմ նրանք գտնվում էին ծարավի, քաղցի և հայտնագործությունից առաջացած խելահեղ հուզմունքի ազդեցությամբ, հեռավորության վերաբերյալ նրանց պատկերացումը խաբուսիկ էր. շատերին թվաց, թե կրակը բոլորովին մոտիկ է։

Սակայն նրանց մեջ գտնվեցին նաև ավելի խելացի մտածողներ: Նրանք ապարդյուն գոռալու վրա ուժ չէին վատնում, աշխատում էին ուրիշներին համոզել, որ անհրաժեշտ է ամբողջ եռանդը գործադրել և հնարավորին չափ մոտենալ կրակին։

Ոմանք կարծում էին, թե դրա համար հատուկ ջանքեր չեն պահանջվի. չէ որ լույսը կարծես մոտենում է իրենց։ Եվ իրոք այդպես էր թվում։ Սակայն ավելի փորձված ծովայինները գիտեին` դա սոսկ տեսողական պատրանք է, և պատճառն էլ այն է, որ ծովն ու երկինքը րոպե առ րոպե ավելի են մթնում։

Այդ նավաստիները և խոսքով, և անձնական օրինակով ընկերներին համոզում էին գնալ դեպի կրակը, նրանք բոլորն էլ հավատում էին, որ լույսը նավի վրա է վառվում։

– Եկեք ընդառաջ գնանք,– ասում էին նրանք,– եթե նավը կանգնած է այստեղ, ճանապարհի վրա. իսկ եթե ոչ` ամեն ինչ անենք նրան հասնելու համար։

Հորդորելու կարիք չեղավ, անձնակազմի նույնիսկ ամենածույլերը եռանդուն կերպով գործի անցան։ Ապրելու նոր հույսը, շատերին արդեն անխուսափելի թվացող մահից ազատվելու անսպասելիորեն բացված հեռանկարը ոգևորեցին նրանց, ստիպեցին լարել բոլոր ուժերը։ Նրանք երբեք այնպիսի կրքոտությամբ, այնպիսի միահամուռությամբ չէին աշխատել, ինչպես հիմա, երբ իրենց ծանրաշարժ լաստը քշում էին առաջ։

Ոմանք նետվեցին դեպի թիակները, ոմանք էլ առագաստով զբաղվեցին։

Վաղուց արդեն ոչ ոք ուշադրություն չէր դարձրել նրա վրա. այն օրորվում էր, կախված լինելով կայմից ու թեթևակի ուռչելով պատահական քամուց։ Նավաստիները ոչ մի պատկերացում չունեին, թե ինչ ուղղություն վերցնեն, իսկ եթե նույնիսկ նշվեր էլ ուղղությունը, միևնույն է` նրան հետևելու այդքան վճռականություն չէին ունենա։ Արդեն շատ օրեր էր, ինչ քշվում էին օվկիանոսում` ալիքների ու քամիների կամքին հանձնված։
Այժմ առագաստը նորից բարձրացված էր ու գտնվում էր միանգամայն պատրաստ վիճակում։ Ինչպես հարկն էր ձգեցին ու ամրացրին պարանասարքերը, կայմը կանգնեցրին բոլորովին ուղիղ, որպեսզի կողքի չթեքվեր։

Քանի որ այն «նավը», դեպի որը ուղղություն վերցրին, գտնվում էր ոչ այնքան հողմահակառակ կողմում, նրանք իրենց ընթացքին ուղղահայաց քամու առկայությամբ ստիպված էին ղեկավարվել առագաստով։ Այս նպատակով երկու նավաստիների նշանակեցին ղեկի մոտ։ Ճիշտ է, դա սոսկ մի լայն տախտակ էր` դրված ամենաեզրին ու լաստի նավախելային մասում թեքությամբ ամրացված գերաններին։ Բայց այս պարզունակ հարմարանքի օգնությամբ նրանց հաջողվեց լաստը վարել «քթով դեպի առաջ», ուղիղ դեպի կրակը։

Թիավարները նստեցին երկու կողմից։ Գրեթե յուրաքանչյուրը, ով զբաղված չէր առագաստի կամ ղեկի մոտ, օգնում էր թիավարելուն։ Թիակները բոլորին չէին բավականացնում, և նրանք, ովքեր թիակ չունեին, վերցրին ով ինչ կարող էր` հանդշպուգներ, տախտակի կտորներ, մի խոսքով` այն ամենը, ինչը թեկուզ մի փոքր պիտանի էր թիավարներին օգնելու համար։

Կենաց ու մահու պայքար էր. գոնե այսպես էին մտածում նավաստիները։ Նրանք հաստատապես հավատում էին, որ նավը մոտիկ է։ Ահա ուր որ է կհասնեն. դրա մեջ է իրենց փրկությունը. իսկ եթե չհաջողվի` բոլորը կործանված են։ Եվս մեկ օր առանց ուտելու` և իրենցից մեկնումեկը կմեռնի։ Եվս մեկ օր առանց ջրի` և մահից ավելի սարսափելի տանջանքներ են սպասում յուրաքանչյուրին։

Նրանց միահամուռ ջանքերի ու լայն առագաստի շնորհիվ մեծածավալ լաստը բավականաչափ արագ սահում էր ջրի վրայով, ճիշտ է` ոչ այնքան արագ, ինչպես նրանք կցանկանային։ Նրանք երբեմն լռում էին, բայց ժամանակ առ ժամանակ թիակների աղմուկի միջից լսվում էին նրանց ձայները, և, ավա՜ղ, շատ հաճախ դրանք պիղծ խոսքեր էին։

Նրանք անիծում էին լաստը, նրա ծանրաշարժությունը, դանդաղկոտությունը, որով մոտենում էին նավին, անիծում էին հենց նավը այն բանի համար, որ նա ընդառաջ չէր գալիս իրենց։ Այժմ նրանք, ովքեր առաջ մտածում էին, թե կրակը շարժվում է դեպի իրենց, հրաժարվեցին այդ մտքից: Ընդհակառակը, հիմա, գրեթե մեկ ամբողջ ժամ թիավարելուց հետո, բոլորին թվում էր, թե նավը հեռանում է։

Միշտ որևէ մեկը հայացքը գամում էր կրակին։ Մեջքով դեպի կրակը նստած թիավարներն անընդհատ շրջվում էին ու, վիզը կոտրելու ռիսկի ենթարկելով, նայում ուսի վրայով, և այդ բոլորը նրա համար, որ-պեսզի վշտացած տեսքով նորից նախկին դիրքն ընդունեին։

Շատերը չէին կարող թաքցնել դառն հիասթափությունը։ Ոմանք պնդում էին, թե կրակը փոքրանում է, թե նավը ամբողջ ուժով հեռանում է իրենցից, և որ նրան հասնելու հույսի նշույլ անգամ չկա։

Թիավար նավաստիները սկսեցին հոգնել:

Կային և այնպիսիները, որոնք բարձրաձայն կասկած էին հայտնում` իսկ գուցե ընդհանրապես ոչինչ չկա` ոչ նավ, ոչ նավի կրակ։ Չէ՞ որ այն, ինչ իրենք նկատել էին, ընդամենը մի լուսավոր կետ էր օվկիանոսում, ինչ-որ փայլփլող առարկա, գուցե ջրի երես դուրս եկած ֆոսֆորավոր սատկած ձուկ կամ կակղամորթ։ Նրանցից ոմանք նման շատ բաներ էին տեսել իրենց կյանքում։ Եվ շատերը բավականաչափ դյուրահավատությամբ ականջ էին դնում այդ խոսքերին։

Դժգոհությունն անընդհատ մեծանում էր ու ժամանակի ընթացքում, հավանաբար, հասցներ այն բանին, որ ծովայինները մի կողմ նետեին թիակները, երբ հանկարծ ընդհանուր լարվածությունը բարձրակետին հասնելով, լուծվեց անսպասելիորեն ու միաժամանակ բոլորի համար` լույսը հանգավ։

Այն անհետացավ հանկարծակի, նավաստիների աչքի առաջ, որոնք հայացքները չէին կտրում նրանից: Լույսը հանգավ ոչ աստիճանաբար, ինչպես աղոտանում և աչքից կորչելով հալվում է աստղը. ոչ, այն հանգավ միանգամից, ասես մեկը փչեց ու հանգցրեց։

«Կարծես տակառով աղի ջուր չուռ տվեցին քամբուզի կրակի վրա»,– հիշում էր մի նավաստի, որը տեսել էր կրակի անհետացումը։

Հենց որ լույսը մարեց, թիավարներն անմիջապես մի կողմ շպրտեցին թիակները ու թողեցին ղեկը։ Արդյո՞ք արժե առաջ տանել լաստը։ Երկնքում ոչ լուսին կա, ոչ աստղ։ Կրակը նրանց միակ ուղեցույց աստղն էր, և երբ այն անհետացավ, նրանք ամենևին գաղափար չունեին, թե ինչ ուղղությամբ շարժվեն: Քամին անընդհատ փոխում էր ուղղությունը, բայց եթե նույնիսկ ամբողջ ժամանակ նույն կողմն էլ փչեր, յուրաքանչյուրը գիտեր, թե որքան անհուսալի բան է նրան վստահելը, հատկապես այդպիսի առագաստով ու ղեկով։

Եթե առաջ էլ նավաստիները գրեթե համոզված էին, որ թափառող կրակի ետևից են գնում ու պատրաստ էին թողնել հետապնդումը, ապա այժմ, կրակը մարելուց անմիջապես հետո, գիշերային նավարկությունը դադարեցվեց։

Նորից հուսահատությունը պատեց նավաստիներին, ու նրանք վայրի քինոտ անեծքներով առագաստը թողեցին բախտի քմահաճույքին` թող քամիները քշեն-տանեն օվկիանոսի ցանկացած տեղը, որտեղ, ճակատագրի կամքով, իրենց տարաբախտ կյանքը կավարտվի տանջալից հոգևարքով։


== Գլուխ LXXVI. Զարհուրելի խավար ==

Գիշերը մութ էր, ինչպես իսպանացիներն են պատկերավոր ասում` «ոնց որ մի աման ձյութ»։

Դժվար էր պատկերացնել, որ այն է՛լ ավելի կմթնի։ Բայցևայնպես շուտով ջրից հանդարտ բարձրացավ մի թանձր մառախուղ ու պարուրեց մեծ լաստը։

Այդպիսի խավարում ոչինչ հնարավոր չէր տեսնել, նույնիսկ կրակը, եթե այն նորից վառվեր էլ:

Քանի դեռ մառախուղը չկար, նրանք անընդհատ նայում էին կրակի կողմը. մերթ մեկը, մերթ մյուսը պահակություն էր անում, հուսահատորեն սպասելով, որ այն նորից կվառվի։ Բայց օդն ավելի ու ավելի էր հագենում գոլորշիներով, դրան համեմատ մռայլ համառությունն աստիճանաբար թուլանում էր, ու վերջապես լքեց նրանց։

Կեսգիշերին մառախուղն այնքան թանձրացավ, որ նույնիսկ վեց ֆուտ հեռավորության վրա ոչինչ չէր երևում։ Լաստի վրա գտնվողներն աղոտ կերպով տարբերակում էին միայն իրենց ամենամոտ հարևաններին, և այն էլ ասես թափանցիկ գորշ քողի միջով։

Բայց մթությունը նրանց խոսելուն չէր խանգարում։ Քանի որ տեսիլքային կրակի հետ մարեց նաև օգնության հույսը, բնականաբար նրանց մտքերը պետք է մեկ ուրիշ հունով ընթանային։ Նավաստիները հիշեցին այն դրաման, որից այնքան անսպասելիորեն շեղեցին իրենց։

Սովը, կտրատող, անտանելի սովը նրանց ստիպեց մտովի փոխադրվել այն տեսարանը, որն այնպես էլ չհաջողվեց ավարտել պատշաճ ձևով, որին խանգարեց առջևում երևացած խաբուսիկ լույսը։ Եվ այժմ ծովայինները մտածում էին, որ ամեն ինչ ուրիշ կերպ կդասավորվեր, եթե իրենք պատրանքի զոհ չդառնային։

Ահա թե ինչն էր զբաղեցրել նրանց միտքը ու խոսակցության թեման դարձել։ Եվ այդ հանդիսավոր կեսգիշերային ժամին, մռայլ, անհատակ անդունդի վրա կախված մառախուղում, նրանք նորից սկսեցին քննարկել այդ ահավոր հարցը`«Ո՞վ է հաջորդը»։

Այժմ թվում էր, թե որոշման հանգելն արդեն դժվար չէ առաջվա նման։

Նավաստիների մեծ մասը մտածել էր, թե ինչ գիծ բռնի։ Նորից վիճակ գցելու մասին խոսք անգամ չկար. և ինչո՞ւ։ Նրանք արդեն անցել էին այդ ճանապարհը։ Իսկ եթե այն երկուսը իրենց հաշիվները դեռ չեն մաքրել, ապա անկասկած հարցը պետք է վճռվի միայն նրանց միջև։ Այստեղ վիճելու բան չկա։

Բոլորը միաձայն հայտարարեցին, որ սովահար թափառականների համար կեր կդառնա կամ Լեգրոն, կամ Օ’-Հորմանը: Այլ խոսքով, պետք է շարունակել անսպասելիորեն ընդհատված մենամարտը։

Այս որոշումը, թերևս, հազիվ թե կարելի է անարդարացի ճանաչել, միայն թե ոչ իռլանդացու նկատմամբ։ Այն պահին, երբ նրան խանգարեցին, հաղթանակն արդեն նրանն էր։ Եթե նա մի կես վայրկյան էլ ունենար` անշնչացած թշնամին ընկած կլիներ նրա ոտքերի տակ։

Ամեն մի միջնորդ դատարան կվճռեր Օ’Հորմանի օգտին և, գուցե, նրան ազատեր կյանքը վտանգի տակ դնելու հետագա անհրաժեշտությունից։ Բայց այստեղ, որտեղ որպես դատավոր հանդես էին գալիս նավաբեկության զոհերը` ստրկատար նավի ավազակախումբը, ընդ որում անձնակազմի կեսը հակված էր նրա հակառակորդի կողմը, դատավճիռն ուրիշ էր։

Ձայների մեծամասնությամբ որոշեցին` իռլանդացու և Լեգրոյի մենամարտը նորից կսկսվի ու կավարտվի միայն մասնակիցներից մեկի մահով։
Բայց թե հիմա հնարավոր չէր վերսկսել գոտեմարտը. խանգարում էին գիշերն ու խավարը։ Սակայն արևի առաջին իսկ ճառագայթների հետ մահվան կռիվը կվերսկսվի։

Այսպես որոշելով՝ «Պանդորա»-ի նախկին նավաստիները պառկեցին քնելու։ Ճիշտ է, քունը հանգիստ չէր, ինչպես ստրկատար նավի բաքի վրա։ Ծարավը, սովը, անորոշ ապագայի նկատմամբ սարսափը, էլ չենք խոսում կոշտ մահճի մասին, վատ ուղեկիցներ են քնելու համար։ Եվ հետո` նավաստիները թե մարմնով, թե հոգով տանջված էին անսահման:

Ոմանք քնած էին։ Նրանք կքնեին նույնիսկ դժոխքի դռանը, Պլուտոնի դարպասի մոտ, հենց ականջի տակ լսվող Ցերբերի ոռնոցի ներքո։

Միայն սակավաթիվ մարդիկ չէին կարող կամ չէին ուզում քնել։ Ամբողջ գիշեր մերթ մեկը, մերթ մյուսը, իսկ երբեմն էլ երկուսը միաժամանակ թափառում էին լաստի վրա կամ սողում տախտակների վրայով, հազիվ թե գիտակցելով իրենց արածը։ Պարզապես հրաշք էր, թե ինչպես այդ մարդիկ ջուրը չէին ընկնում, չէ որ նրանք, բառիս բուն իմաստով, գրեթե լուսնոտներ էին։ Բայց, չնայած շարժումների անբնականությանը, նրանց ինչ-որ կերպ հաջողվում էր մնալ լաստի վրա: Ջրի մեջ գլորվել` կնշանակեր ուղիղ ընկնել շնաձկների երախը, որոնք արդեն պատրաստ սպասում էին իրենց սուր ատամներով հոշոտելու զոհին։ Գուցե հավասարակշռությունը պահպանելու գործում այդ անքուն թափառականներին օգնում էր ինչ-որ բնազդ կամ էլ վտանգի աղոտ նախազգացումը։


== Գլուխ LXXVII. Գաղտնի համաձայնություն ==

Նավաստիների մեծ մասը քնել էր, բայց լռություն, լիակատար խոր լռություն թերևս չկար։ Ժամանակ առ ժամանակ լսվում էր մերթ բարձրացած առագաստի մեջ սվսվացող քամու փսփսոցը, մերթ լաստի ծանր գերաններից ճեղքվող ալիքների թույլ ճողփյունը:

Այդ ձայներին. հաջորդում էր քնածների աղմկալի շնչառությունը. մեկը պատահականորեն խմռփացնում էր, մեկն ինչ-որ բան էր փնթփնթում` սարսափելի երազ տեսնող մարդու անկապ խոսքեր։

Երբեմն բոլորովին ուրիշ աղմուկ էր լսվում. զրուցում էին մի քանի թշվառներ, որոնց չէր հաջողվել քնել։ Կամ էլ որևէ մեկը, քնաթաթախ դիպչելով ընկերոջ սարսափած մարմնին ու նրա քաղցր հանգիստը խանգարելով, դժբախտին վերադարձրել էր դեպի տանջալից իրականությունը, որից նա մոռացություն էր փնտրում քնի մեջ:

Սովորաբար այդպիսի դեպքում ծայր էր առնում մի թունոտ հայհոյանք: Թե արթնացածի և թե նրան անհանգստացնողի բերանից կարկուտի պես սպառնալիքներ ու անեծքներ էին թափվում: Եվ հետո երկուսն էլ, շարունակելով փնթփնթալ, լռում էին։

Այդ ժամին, երբ գիշերն ավելի մութ է, իսկ մառախուղն ավելի թանձր, երկու նավաստիներ տեղավորվել էին կայմի մոտ, հատակին. ի դեպ, նրանց կարելի էր նկատել միայն ընդհուպ մոտենալով։

Երկտակված, չոքած, մարմինն առաջ նետած` նրանք երկու ձեռքով հենվել էին տախտակներին:

Դիրքը խիստ անհարմար էր հանգստի համար։ Եվ իրոք, եթե որևէ մեկը հետևեր նրանց կամ լսեր նրանց կամացուկ խոսակցությունը, կհասկանար, որ այդ մարդիկ քնելու միտք չունեն։

Բայց ո՞վ կարող էր տեսնել նրանց այդ անթափանց խավարում։ Ճիշտ է, նրանց որոշ ուղեկիցներ պառկած էին ընդամենը մի քանի ֆուտ հեռավորության վրա, բայց նրանք կամ քնած էին, կամ այդ երկու նավաստիների փսփսոցը լսել կարողանալու համար շատ հեռու էին գտնվում։
Իսկ սրանք շարունակում էին խոսել հազիվ լսելի ձայնով, հերթով բերանը մոտեցնելով զրուցակցի ականջին։ Ու մինչ նրանք փսփսում էին, նրանց դեմքի արտահայտությունից կարելի էր կռահել, թե ինչի կամ, ավելի ճիշտ, ում մասին է խոսքը։

Խոսքն այն մարդու մասին էր, որը հասակով մեկ երկարել էր կայմի մոտ ու կարծես քնած էր։ Եվ նա իրոք խոր քնած էր. մերթ ընդ մերթ խլացուցիչ խմռփոց էր դուրս պրծնում նրա բերանից:

Այնքան աղմկալի խռմփացնող այդ նավաստին իռլանդացի Օ’Հորմանն էր, այն ընդհատված մենամարտի մասնակիցներից մեկը, որ վերսկսվելու էր լուսաբացին։ Ինչ չարագործություններ էլ որ կատարած լիներ նա իր կյանքում (իսկ նա քիչ մեղքեր չուներ, չէ որ մենք նրան սոսկ անվանեցինք չարագործների այդ ամբողջ խմբի համեմատաբար փոքր հանցագործը), համենայն դեպս նա վախկոտ չէր։ Եթե մարդը կարող է այդքան խոր քնել, իմանալով, թե ինչ է սպասում իրեն արթնանալուց հետո, նշանակում է նա քաջ է և մեռնելուց չի վախենում։

Կայմի մոտի երկու նավաստիներն աչք չէին կտրում նրանից։ Սակայն նրանք չէին կարող պարզորոշ տեսնել պառկածին։ Մառախուղի սպիտակ քողի միջից աղոտ գծագրվում էր տախտակների վրա երկարած մարդկային մի մարմին, ըստ որում երևում էին միայն մարմնի ստորին մասն ու ոտքերը։ Սակայն նույնիսկ արևի լույսով անգամ նրանց չէր հաջողվի այստեղ տեսնել նրա ուսերն ու գլուխը, դրանք ծածկում էր ռոմի դատարկ տակառը, որի մասին արդեն խոսել ենք։

Քանի դեռ թեկուզ մի կաթիլ բան կար տակառում, իռլանդացին զվարճանում էր այդ խմիչքով. իսկ հիմա, երբ ռոմը վերջացել էր, հնարավոր է, որ սպիրտի հոտն էր այստեղ բերել հանգստի համար տեղ որոնող նավաստուն։

Այսպես թե այնպես, այն դառնալու էր նրա վերջին հանգրվանը կյանքում։ Ֆորտունայի դաժան կամքով Օ’Հորմանին այլևս վիճակված չէր արթնանալ։

Այսպիսին էր ճակատագիրը, որ նրա համար պատրաստում էին կայմի մոտ թաքնված նավաստիները։

– Համա՜ թե խորն է քնել,– փսփսաց նրանցից մեկը մյուսի ականջին։– Լսո՞ւմ ես, ինչպես է խռմփացնում։ Գրողը տանի։ Ոնց որ կռտած խոզ։

– Այո, որ թնդանոթ էլ կրակես` չի արթնանա,– հաստատեց մյուսը։

– Այդ լավ է,– կամացուկ ասաց առաջին նավաստին, բազմանշանակալից թոթվելով ուսերը։– Եթե ինչպես հարկն է գործը գլուխ բերենք, նա այլևս ուշքի չի գա... Ճիշտ եմ ասում, տղա:

– Ոնց որ ասես, էնպես էլ կանեմ,– հայտարարեց մյուսը։– Ի՞նչ է հարկավոր։

– Կարևորն է` առանց աղմուկի: Մի հատ հասցրու` և վերջ։ Միայն թե դա պետք է անել հմտորեն։ Դանակը կխրես ուղիղ սիրտը, և նա չի էլ շարժվի։ Ինքն էլ չի նկատի, թե ինչպես էն աշխարհը կընկնի։ Երբ մտածում եմ, որ նա այսքան հեշտ ու հանգիստ է ազատվելու այս ամբողջ հիմարությունից նախանձում եմ նրան։

– Միայն թե աղմո՜ւկ չբարձրանա:

– Դա ամենահեշտ բանն է. ոնց որ ջուրը նետվես։ Մեզնից մեկը կփակի բերանը, իսկ մյուսը... հիմա հասկացար։

Թե ինչ ահավոր չարագործություն պիտի կատարեր մյուսը, նավաստին չհամարձակվեց նույնիսկ փսփսոցով ասել:

– Լավ, ասենք թե ամեն ինչ հարթ անցավ,– առարկեց նրա մեղսակիցը,– բա վաղն ի՞նչ է լինելու։ Թերևս բոլորն անմիջապես գլխի կընկնեն, թե ում ձեռքի գործն է։ Անպայման մեզ մատնացույց կանեն, իսկ քեզ` երեկ-վա դեպքից հետո, առաջին հերթին։ Այս մասին չե՞ս մտածել։

– Ինչպե՜ս չէ։ Ամեն ինչ չափել-ձևել եմ։

– Եվ ի՞նչ։

– Ամենից առաջ կտանք, որ նրանք ուտեն, այդ դեպքում, կարծում եմ, չեն հետաքրքրվի։ Իսկ եթե տուրուդմփոց սկսվի, մերոնք ավելի ուժեղ են։ Է՛հ, ինչ լինելու է, թող լինի... Ավելի լավ է անմիջապես գերեզման իջնել, քան թե ամեն օր քիչ-քիչ մեռնել:

– Ինչ որ ճիշտ է, ճիշտ է:

– Մի՛ վախենա։ Նրանց պատճառով փորձանքի չենք գա: Ես որոշ բան մտածել եմ, թե ինչպես կարելի է նրանց խաբել: Այնպես կանենք, որ իբր ինքն է իր վրա ձեռք բարձրացրել, և վերջ:

– Ի՜նչ ես ասում:

– Համա թե անհասկացողն ես: Մշո՞ւշ է, ի՞նչ է, գլուխդ լցված: Մի՞թե չգիտես, իռլանդացին դանակ ունի և այն էլ ինչքա՜ն սուր։ Ով-ով, բայց թե ես գիտեմ։ Ինչ Է, մի՞թե հնարավոր չէ գողանալ։ Եվ ահա դանակը կգտնեն այնտեղ, որտեղ հարկավոր է. ցցված կլինի վերքի մեջ, որից իռլանդացին կմեռնի։ Հիմա հասկացա՞ր:

– Հասկացա, հասկացա։

– Առաջին հերթին պետք է դանակը թռցնել։ Ավելի լավ է` դու գնա: Ես չեմ համարձակվի։ Կարող է արթնանալ։ Անմիջապես գլխի կընկնի, թե ինչու եմ իր շուրջը պտտվում։ Իսկ դու քեզ համար կանցնես նրա մոտով, ոնց որ ոչ մի բան եղած չլինի։ Փորձը փորձանք չէ. լավ կլինի։
– Ինչ արած, կփորձեմ,– պատասխանեց մյուսը։– Ինչ ես ասում, հենց հիմա չանե՞նք:

– Որքան շուտ` այնքան լավ: Դանակը ձեռք կգցենք, իսկ հետո ինչ-որ բան կմտածենք։ Թե կարող ես` թռցրու:

Այս ասելով, նավաստին մնաց տեղում։ Մյուսը ոտքի ելավ ու հեռացավ կայմից, ըստ երևույթին, առանց որևէ նպատակի: Սակայն այդ ճանապարհը նրան բերեց ռոմի դատարկ տակառի մոտ, այնտեղ, որտեղ իռլանդացին էր քնած:


== Գլուխ LXXVIII. Մթան քողի տակ չարագործություն կատարվեց ==

Հազիվ թե կարիք կա բացատրելու, թե ովքեր էին այդ երկու նավաստիները, որ գաղտնաբար չարանենգ դավեր էին լարում։ Առաջինը, իհարկե, ֆրանսիացի Լեգրոն էր, մյուսը` նրա մեղսակիցը, հենց նա, որը վիճակահանության ժամանակ օգնեց նրան խարդախելու։

Ընթերցողը, հավանաբար, այդ մարդկանց զրույցից արդեն հասկացավ քնած Օ’Հորմանին մորթելու դիվային մտադրության մասին։

Ֆրանսիացին այդ ահավոր հանցագործությունը կատարելու շատ պատճառներ ուներ, և դրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած կարող էր այդպիսի մի փչացած մարդու մղել չարագործության։ Նա միշտ ատել էր իռլանդացուն, իսկ հիմա, երեկ տեղի ունեցածից հետո, այդ խոր, մահացու ատելությունն է՛լ ավելի էր ուժեղացել։ Արդեն այդ մեկն էլ բավական էր, որ սրիկա Լեգրոն մորթեր իր թշնամուն։ Ի դեպ, նրան այդպես գործելու էին մղում նաև ուրիշ, ավելի լուրջ ու հիմնավոր նկատառումներ։ Ինչպես հայտնի է, նավաստիները ի վերջո համաձայնության եկան, որ արևի առաջին իսկ ճառագայթների հետ ավարտվի ընդհատված մենամարտը։ Լեգրոն գիտեր, որ արյունալի դրամայի հաջորդ գործողությունը կլինի վերջինը և, դատելով քիչ առաջ կատարված տեսարանից, մահու չափ վախենում էր հանգուցալուծումից: Առաջին գործողության վարագույրն իջնելուց առաջ նա արդեն հասկացավ, որ կարող է կյանքից զրկվել։ Եվ հիմա, իրեն հակառակորդից թույլ զգալով, սարսափելի վախենում էր վերջին գոտեմարտը մտաբերելիս:

Դրանից խուսափելու համար նա պատրաստ էր ամեն ինչի, ամեն մի ստորության ու հանցագործության, նույնիսկ այդպիսի նենգ սպանության:

Լեգրոն գիտեր, որ եթե ինքն ուզում է հաջողություն ունենալ ու ոչնչացնել թշնամուն, հարկավոր է, որ նավաստիներից ոչ մեկը հանցագործության վկա չլինի, այդ դեպքում մարդասպանի դեմ ուղղակի հանցանշաններ չեն լինի. և ընկերների դատաստանից վախենալու հարկ չկա։

Հարցը միայն այն է, թե արդյոք կհաջողվի չարագործությունը կատարել գիշերվա քողի տակ, լիակատար լռության մեջ։ Սակայն դա շուտ պետք է վճռվի։

Լեգրոյի մտածած խորամանկությունը հազիվ թե հաջողություն ունենար մեկ ուրիշ պարագայում։ Դժբախտին մորթել իր իսկ դանակով` ինքնասպանության տեսք տալու համար, մի՞թե սա չափից դուրս շատ սպիտակ թելերով չի կարված։ Բայց Լեգրոն հավատացած էր, որ այստեղ, լաստի վրա, հետաքննությունը օրենքի ամենայն խստությամբ չի կատարվի։ Հավանաբար, նավաստիները սպանվածի վերաբերյալ գործը կքննեն առանց որևէ ձևականություն պահպանելու։

Համենայնդեպս, այս դեպքում ռիսկը շատ ավելի փոքր է, քան մենամարտի ժամանակ, որը, ամենայն հավանականությամբ, իր համար մահացու վախճան կունենա։

Այս չարագործությունը կատարելու որոշման մեջ նա այլևս չէր տատանվում։ Եվ այդ նպատակով արեց առաջին քայլը` իր մեղսակցին ուղարկեց դանակը գողանալու։

Գողությունը հաջող անցավ։

Հասնելով ռոմի տակառի մոտ, սրիկան լուռ նստեց. նա մի քանի րոպե մնաց այնտեղ, հետո վեր կացավ ու նորից գնաց դեպի կայմը։ Որքան էլ գիշերը խավար էր, այնուամենայնիվ Լեգրոն նկատեց` ինչ-որ բան փայլատակեց մեղսակցի ձեռքում։ Ֆրանսիացին գիտեր, որ դա հենց այն զենքն է, որ ինքն այնքան շատ ուզում էր ձեռք գցել։

Այո, քնածին դավաճանաբար զինաթափեցին:

Եվ ահա երկու նավաստիները կանգնած են դեմ-դիմաց. և այդ կարճ ակնթարթում մեղսակիցը դանակը թաքուն տվեց իսկական մարդասպանին։

Հետո երկուսն էլ դեռ որոշ ժամանակ արտաքուստ անհոգ տեսքով մնացին կայմի մոտ, իբր առօրյա գործերից էին խոսում։ Սակայն զրուցելիս նրանք իբր պատահականորեն թեթևակի տեղաշարժվեցին մի քիչ, այնքան, որ նույնիսկ օրը ցերեկով դժվար կլիներ նկատել։ Էլի մի քանի այդպիսի հազիվ նկատելի շարժումներ, կարճ դադարներով հանդերձ, և ահա դավադիրներն արդեն աննկատելի կերպով հասան տակառին։ Նրանցից մեկը նստեց հենց այդտեղ, կողքին, մյուսը, շրջանցելով, հետևեց ընկերոջ օրինակին ու նստեց հակա ռակ կողմում:

Մինչև այժմ երկու նավաստիների վարմունքի մեջ չկար մի այնպիսի առանձնահատուկ բան, որը գրավեր լաստի վրա գտնվողների ուշադրությունը։ Եթե նույնիսկ որևէ մեկն արթնանար էլ, ապա դավադիրների շարժումները ծածկող համատարած խավարը կխանգարեր հասկանալու, թե ինչ է կատարվում։

Ոչ ոք չտեսավ, թե ինչպես մարդասպանները նստեցին իրենց քնած զոհի մոտ. ոչ ոք չնկատեց, ինչպես երկուսն էլ միանգամից, ձեռքերը երկարելով, կռացան իռլանդացու վրա: Մեկը խեղդում Էր նրան` վերմակը դեմքին գցած, մյուսը`փայլատակող շեղբը թափով իջեցնելով կրծքին, խրեց սիրտը։

Մի ակնթարթ` և երկուսն էլ իրենց ստոր գործը վերջացրին։ Այդ անթափանց խավարում, չարագործներից բացի, ոչ ոք չտեսավ սպանությունը։ Ոչ ոք չլսեց մեռնողի կոկորդում խեղդված խուլ ճիչը, իսկ եթե ոմանք լսեին էլ, ապա նրանց կթվար, թե մղձավանջից տանջվող հարևանը գոռաց։
Մարդասպանները, իրենք իրենց արածից սարսափած, դողալով, գաղտագողի վերադարձան կայմի մոտ:

Նրանց զոհը մնաց անշարժ, դեմքը վերև, հենց այն տեղում, որտեղ նրան բռնեցին մարդասպանները։

Յուրաքանչյուրը, ով հիմա կկռանար պառկած նավաստու վրա, կկարծեր, թե նա դեռ քնած է:

Ավա՜ղ, դա մահվան քուն էր:


== Գլուխ LXXIX. Երբ լույսը մարեց ==

Մենք «Կատամարան»-ի անձնակազմին թողեցինք գործի ամենաթեժ պահին, երբ նրանք կաշալոտի մեջքի վրա զբաղված էին շնաձկան միս ծխահարելով։

Կատամարանցիներն ուզում էին այնքան մթերք ունենալ, որ, թեկուզ աղքատիկ օրաբաժնով, բայց բավականացներ մինչև Ատլանտյան օվկիանոսի մյուս ծայրը ճանապարհորդելու համար։

Այդպիսի պաշար պատրաստելու համար նրանք ստիպված եղան աշխատել ոչ միայն ամբողջ օրը, այլև մի քանի ժամ էլ գիշերը։ Եվ այդ ժամանակամիջոցում պայծառ վառվում էր կրակը. նրանք անընդհատ թարմ սպերմացետ էին ավելացնում ինքնաշեն օջախի մեջ, որ պատրաստել էին ծովային հսկայի մեջքի վրա։ Վառելանյութը խնայելու հարկ չկար. այնքան կար, որ կարելի էր տարին տասներկու ամիս բիֆշտեքս եփել։

Բայց պարզվեց, որ կետաճարպը չի կարող վառվել առանց պատրույգի, իսկ քանի որ նրանց համար շատ թանկ էր իրենց ունեցած պարանը, որը չէին ուզում ամբողջությամբ քանդել պատրույգի համար, ապա հարկ եղավ, անհրաժեշտությունից ելնելով, խնայել։

Գտնելով, որ պաշարի համար բավականաչափ շնաձկան միս չի խորովված, մեր նավաբեկյալները մտադիր էին հաջորդ օրը նորից եփութափի ձեռնամուխ լինել։ Իսկ պատրույգն անտեղի չվառելու համար, նախքան քնելու գնալը, հանգցրին կրակը:

Ըստ որում՝ կրակը հանգցրին բավականաչափ յուրօրինակ ձևով, կաշալոտի սպերմացետի «պարկից» ավելի շատ հեղուկ հանելով, այն ամբողջությամբ լցրին օջախի մեջ։ Կրակը մի վերջին անգամ վառ բռնկեց ու անմիջապես հանգավ, նրանց թողնելով լիակատար մթության մեջ։

Այնուամենայնիվ նրանք առանց դժվարության հասան իրենց լաստին, որտեղ մտադիր էին անցկացնել գիշերվա մնացած մասը։ Վերջին օրերի ընթացքում այն-քան անգամ էին կատարել այդ ճանապարհորդությունը` կաշալոտից «Կատամարան» և ընդհակառակը, որ այժմ կարող էին փակ աչքերով էլ ազատ բարձրանալ ու իջնել: Ասենք, հիմա էլ, գիշերային այս վերջին անցման ժամանակ, նրանք իրենց այնպես էին զգում, ասես աչքերը կապված էին. սպանված կետաձուկը շրջապատված էր համատարած անթափանց խավարով։

Նրանք խարխափելով անցան կաշալոտի լպրծուն մեջքի վրայով, հսկայական կրծքալողակին կապված պարանով իջան ներքև, մի-մի բաժին տաք խորոված կերան, որ վերցրել էին իրենց հետ, և, վրայից մի կում կանարյան գինի խմելով, պառկեցին քնելու։

Ապագայի համար իրենց ավելի հանգիստ զգալով, քան վերջին ժամանակներս, նրանք շուտով քնեցին։ Եվ մթան մեջ սև զանգվածի վերածված կաշալոտի ու «Կատամարան»-ի շուրջը խոր լռություն տիրեց։

Հենց այդ պահին, ոչ ավելի քան տասը մղոն հեռավորության վրա մի անհանգիստ տեսարան էր տեղի ունենում։ Ընթերցողը, երևի, արդեն կռահեց, թե ինչ կրակ էին տեսել մեծ լաստի նավաստիները, այն քամբուզային օջախի տեղ ընդունելով, իրականում դա կետի մեջքի վրա գտնվող սպերմացետե օջախն էր:

Երբ լույսը հանգավ, սկսվեց մի աղմկալի կռիվ, որը իր գագաթնակետին հասավ հենց այն ժամանակ, երբ «Կատամարան»-ի անձնակազմը ընթրում էր։

Կատամարանցիները վաղուց քաղցր քուն էին մտել՝ մոռանալով շրջապատող բոլոր վտանգները, իսկ մեծ լաստի վրա դեռ շարունակվում էր կռիվը։

Չորս կատամարանցիներն էլ խոր քնեցին գիշերվա մնացած մասը։ Որքան էլ տարօրինակ է, բայց, կետ հսկայի մոտ լաստը կապելով, նրանք ավելի հուսալի էին զգում իրենց, քան այն ժամանակ, երբ իրենց փոքրիկ խարխուլ նավակը միայնակ քշվում էր օվկիանոսում։ Ճիշտ է, այդ անվտանգությունը գոյություն ուներ միայն նրանց երևակայության մեջ, բայց և այնպես, նրանց հոգին ավելի խաղաղ էր։

Նրանք քնած էին։ Լույսը բացվելու ժամն էր, բայց շուրջն ամեն ինչ պարուրված էր թանձր մշուշով։ Մառախուղն այնքան անթափանց էր, որ «Կատամարան»-ից չէր երևում կետի մսեղիքը, չնայած ընդամենը մի քանի ֆուտ էր բաժանում նրանց իրարից:

Առաջինը շարժվեց Բեն Բրասը: Ձյունիկը երբեք էլ վաղորդայնի թռչուն չէր եղել, ու եթե հանգամանքները թույլ տային կամ նրա մտքով անցներ անտեսել իր պարտականությունները, նա հաճույքով պառկած կմնար մինչև կեսօր։ Բայց Բենը գիտեր, որ առջևում դեռ շատ անելիք կա, և չի կարելի անտեղի ժամանակ վատնել։ «Կատամարան»-ի «նավապետն» արդեն հույս չուներ, որ կետորսական նավը կարող է վերադառնալ։ Ուրեմն, որքան շուտ ավարտեն բոլոր պատրաստությունները և կարողանան դուրս գալ անշարժ վիճակից` իրենց ընդհատված ճանապարհը դեպի արևմուտք շարունակելու համար, այնքան ցամաք հասնելու ավելի շատ հեռանկար կունենան։

Բենն սկսեց բոթբթել Ձյունիկին։ Մինչ նա արթնացնում էր նեգրին, վեր կացան նա և Վիլյամն ու Լալին, այնպես որ այժմ արդեն ամբողջ անձնակազմը մարտական լիակատար պատրաստությամբ ոտքի վրա էր։

Նավաստիական ձևով պատրաստված նախաճաշ արվեց։ Դրանից հետո Ձյունիկն ու ծովայինը յունգայի հետ միասին մագլցեցին կաշալոտի մեջքի վրա, որ նորից ձեռնամուխ լինեն ընդհատված եփութափին, իսկ Լալին, սովորականի նման, մնաց «Կատամարան»-ի վրա։


== Գլուխ LXXX. Կասկածելի ձայներ ==

Նախկին կոկը իր օգնականներին տարավ մսեղիքի ամենավերևի մասը։ Բայց նրան անմիջապես հաջողվեց գտնել իր խոհանոցը։ Նա ձեռքով բավական ժամանակ տնտղեց կետի լպրծուն մաշկը, մինչև որ վերջապես շոշափեց փոսի եզրը: Մնացածները վրա հասան, երբ նա մի նոր պատրույգ էր դնում: Կրակը բոցկլտաց, և բոցի վրա կախված բիֆշտեքսների առա չին բաժինը թշշաց:

Այժմ մնում էր միայն սպասել, մինչև բոլոր կտորները խորովվեն։

Նրանց վրա նույնիսկ սեփական հյութը լցնելու կարիք չկար, բավական էր միայն ժամանակ առ ժամանակ շրջել ու թեթևակի տեղաշարժել շամփուրի փոխարեն հարպունի վրա շարված ձկնապատառները, որպեսզի յուրաքանչյուր կտորը բավականաչափ կարմրեր կրակի վրա։

Խոհարարական այս ոչ բարդ գործողությունները խոհարարի անընդհատ ուշադրության կարիքը չունեին։ Երբ Ձյունիկը տեսավ, որ «խոհանոցային օջախը» լրիվ թափով գործում է, պպզեց նրա մոտ, մեր խոհարարը նստելը միշտ գերադասում էր կանգնելուց։ Նրա ընկերները ոտքի վրա էին։
Հինգ րոպե էլ չէր անցել, երբ հանկարծ նեգրը սրընթաց վեր թռավ, ասես մեկը քացի տվեց։ Նույն պահին մի ճիչ դուրս թռավ նրա բերանից` «Աստվա՜ծ իմ»։

– Ի՞նչ պատահեց, Ձյունի՛կ,– հարցրեց Բրասը:

– Սո՜ւս-ս։ Մի՞թե չլսեցիք։

– Չէ,– պատասխանեց նավաստին։

Յունգան նույնպես հաստատեց, որ ոչինչ չի լսել:

– Իսկ ես լսեցի։

– Բայց ի՞նչ:

– Ինքս էլ չգիտեմ։

– Երևի բիֆշտեքսները թշշացին կամ էլ, գուցե, թռչուն ծղրտաց օդում։

– Ոչ-ո́չ, ոչ մեկը, ոչ էլ մյուսը։ Սո՜ւս։ Մասա Բրաս, գիտե՞ք ինձ ինչ թվաց: Բոլորովին ուրիշ տեսակ ձայներ, ոնց որ իսկական մարդկային ձայներ։ Սո՜ւս, մի րոպե լռեցեք։ Գուցե նորից լսվի:

Որքան էլ ուղեկիցները չհավատացին Ձյունիկին, բայց ստիպված եղան հնազանդվել։ Նրանք թերևս առանձնահատուկ ուշադրություն չդարձնեին նրա ասածին, եթե չիմանային, որ նեգրը ի ծնե բացառիկ սուր լսողություն ունի։ Այդ ընդունակության մասին կարելի էր իմանալ նրա մեծ, հրաշալի զարգացած ականջներից։ Սակայն դա առանց այն էլ հայտնի էր մեր տառապյալներին, քանի որ առաջ էլ բազմիցս համոզվել էին նրա այդ հրաշալի շնորհի մեջ։ Ուստի նրանք, Ձյունիկի խորհրդին հետևելով, լռեցին և սկսեցին ուշադիր ականջ դնել:

Այդ պահին, ի զարմանս Բեն Բրասի ու Վիլյամի, ինչպես նաև հենց նեգրի, ներքևից լսվեց Լալիի բարակ ձայնը։

– Ձյունի՜կ,– կանչեց աղջիկը, դիմելով իր մշտական հովանավորին։– Ես լսում եմ, թե ինչպես մարդիկ խոսում են։ Ա՜յ այնտեղ, ջրի վրա։ Իսկ դու չե՞ս լսում։

– Սո́ւս, փոքրիկս,– խռպոտ շշնջաց նեգրը՝ կռանալով ներքև, դեպի Լալին։– Կամաց, սիրելիս, ավելորդ բաներ մի ասա: Տես հա՜ ոչ մի խոսք, դու լավ աղջիկ ես...

Կարկուտի պես թափված նախազգուշացումներից վախեցած, երեխան լռեց։ Ձյունիկը նշաններով ընկերներին հասկացրեց, որ լռություն պահպանեն ու նորից սկսեց լարված ականջ դնել։

Այդ ավելորդ վկայությունը Բեն Բրասին ու յունգային համոզեց, որ նեգրը իրոք ոչ թե շնաձկան խորովածի ձայն էր լսել, այլ ինչ-որ մի ուրիշ բան. առանց խոսակցությունը շարունակելու, նրանք հետևեցին Ձյունիկի օրինակին և սկսեցին ականջ դնել։

Երկար սպասելու հարկ չեղավ։

Նրանք իրենք էլ լսեցին ձայներ, որոնք ոչ մի դեպքում չէր կարելի օվկիանոսի աղմուկի հետ շփոթել։ Դրանք մարդկանց ձայներ էին։

Ձայները լսվում էին հեռվից, թեև, հնարավոր է, ավելի մոտ էին, քան թվում էր։

Դրա պատճառը թանձր մառախուղն էր, որը, ինչպես հայտնի է, խլացնում է ամեն մի աղմուկ։

Սակայն տարածությունը, մոտ լիներ այն, թե հեռու, անընդհատ կրճատվում էր։ Ականջ դնելով, արդեն մի քանի րոպե հետո կատամարանցիները համոզվեցին, որ այդ ձայներն արտաբերող մարդիկ մոտենում էին կաշալոտի մսեղիքին։

Իսկ ինչպե՞ս են նրանք շարժվում։ Հո ոտքով չե՞ն քայլում: Ուրեմն, նրանք նավի վրա՞ են։

Այս հարցերը հուզում էին մեր ճանապարհորդներին։ Օ՜, եթե հնարավոր լիներ բարենպաստ պատասխան ստանալ: Այդ դեպքում իրենք էլ, իրենց հերթին, «ուռա» կգոռային։ Եվ պատասխան բացականչության հույս ունենալով, մառախուղի մռայլ ծածկոցի միջով կտարածվեր ծովային ողջույնը` «Հե՜յ, նավի մարդիկ, հե՜յ»։

Բայց ինչո՞ւ այն չի լսվում։ Ինչո՞ւ «Կատամարան»-ի մարդիկ կանգնած ունկնդրում են այդ ձայները և ազդանշան չեն տալիս, իսկ նրանց աչքերում ավելի շուտ սարսափ, քան փրկության հրճվանք է կարդացվում։

Սակայն բավական եղան Բեն Բրասի մի քանի բառերը` բացատրելու համար և՛ այդ լռությունը, և՛ նրանց դեմքերի վրա կարդացվող դժգոհությունը։

– Անե՛ծք։ Մեծ լաստն է։


== Գլուխ LXXXI. Տհաճ ենթադրություններ ==

– Անե՛ծք։ Մեծ լաստն է։

Ի՞նչ տարօրինակ խոսքեր է ասում նավաստին, և ինչո՞ւ այդքան չարագուշակ է հնչում նրա ձայնը։ Որտեղի՞ց այդ չար կանխագուշակումները: Ինչո՞ւ նավը, որ իրենք «մեծ լաստ» են անվանում, այդպիսի սարսափ է ներշնչում «Կատամարան»-ի ամբողջ անձնակազմին:

Դե, ինչ վերաբերում է Բեն Բրասին ու յունգա Վիլյամին, այստեղ ամեն ինչ պարզ է։ Թող ընթերցողը հիշի, թե ինչպես նրանք անհանգստացան այն ժամանակ, երբ այսօրվա նման գիշերվա խավարում լսեցին Ձյունիկի ու փոքրիկ Լալիի ձայները. ինչպիսի՜ զգուշությամբ, ինչպիսի՜ երկյուղով երկար ժամանակ չէին համարձակվում մոտենալ տակառների ետևում թաքնված նեգրին։ Հիշենք, թե ինչու էին նրանք այդպիսի զգուշությամբ վարվում. յունգային սարսափեցնում էր մարդակերների այդ խումբը, որն առանց երկար ու բարակ մտածելու կխժռեր իրեն, իսկ նրա մեծահոգի պաշտպանը վախենում էր նրանց վրեժխնդրության զոհը դառնալ։

Այս բոլոր սարսափները դեռ չէին մոռացվել և նոր ուժով վերակենդանացան, երբ նրանք մտածեցին` իսկ գուցե մեծ լաստը մոտի՞կ է։

Ձյունիկը «Պանդորա»-ի նավաստիներից այդքան վախենալու հարկ չէր ունենա, եթե որոշ բաներ չվերհիշեր։ Ստրկատար նավի պայթյունից անմիջապես առաջ ինքը նավապետի ու նրա օգնականի ոխակալ վերաբերմունքից հասկացավ, որ նրանք աղետի մեղավորը համարում են հենց իրեն։ Նեգրը գիտեր, որ դա իրավացի է, և միևնույն ժամանակ բոլոր հիմքերն ուներ ենթադրելու, որ մնացած նավաստիներն էլ մոլորության մեջ չեն այդ հարցում։ Դրանից հետո ինքն այլևս նրանց հետ չի հանդիպել, և դա ի բարեբախտություն իրեն, քանի որ նրանք հակառակ դեպքում անպայման իրենց անզուսպ կատաղությունը կթափեին իր գլխին։ Ձյունիկը բավականաչափ խելք ուներ այդ հասկանալու համար։ Եվ ահա թե ինչու նա նույնքան խիստ, որքան Բեն Բրասն ու յունգան, տենչում էր խուսափել խորտակված նավի` օվկիանոսում կորած անձնակազմի հետ հետագա հանդիպումներից:

Իսկ փոքրիկ Լալին վախենալու առանձին բան չուներ: Բայց նա վախեցավ իր ուղեկիցների սարսափը տեսնելով։

– Մեծ լա՜ստը...– ասաց Ձյունիկը, մեքենայաբար կրկնելով նավաստու վերջին բառերը։– Մի՞թե նա է, մասա Բրաս։

– Շանթահարվե́մ։ Չգիտեմ թե ինչ ասեմ, Ձյունիկ... Եթե այդ նա է...

– Իսկ եթե հանկարծ նա լինի, այդ դեպքում ի՞նչ,– հարցրեց ՝նեգրը՝ տեսնելով, որ Բրասը անսպասելիորեն կանգ առավ ու խոսքը կիսատ թողեց։

– Այդ դեպքում մեր բանը վատ կլինի, հոգսերի մեջ կընկնենք։ Հազիվ թե նրանք այն օրից ի վեր. ինչ մենք նրանցից փախել ենք, որևէ տեղից ուտելիք ճարած լինեն։ Իսկապես հրաշք է, ինչպե՞ս են ողջ մնացել, եթե իրոք «Պանդորա»-ի նավաստիներն են։ Գուցե նրանց, ինչպես և մեզ, հաջողվել է շնաձկան միս ձեռք գցել, իսկ գուցեև որպես ուտելիք են օգտագործել...

Այստեղ նավաստին հանկարծ խոսքը կիսատ թողեց, նայելով Վիլյամին: Ըստ երևույթին, այն, ինչ նա ուզում էր ասել, պիտանի չէր անչափահասի ականջների համար։

Այնուամենայնիվ Ձյունիկը նրան շատ լավ հասկացավ և ի նշան համաձայնության` գլուխը խորիմաստ օրորեց:

– Նորից ջրի հարցը,– շարունակեց նավաստին։– Այն ժամանակ դեռ մի քիչ մնացել էր նրանց մոտ, իսկ հիմա հավանաբար վերջացել է։ Բայց թե ինչքան ասես ռոմ ունեին: Եվ դա ավելի վատ. այստեղից էլ սկսվել են բոլոր դժբախտությունները: Ճիշտ է, անձրևի ժամանակ կարող էին ջուր հավաքել շապիկների կամ բրեզենտի մեջ, ինչպես մենք արեցինք: Բայց թե նրանք այնպիսի մարդիկ չեն, որ այդ մասին հոգան, երբ կողքներին մի ամբողջ տակառ ռոմ կա։ Դե, իսկ հիմա, կարծում եմ, եթե խժռելու որևէ բան էլ ունեցել են,– դու ինձ հասկանում ես, Ձյունիկ,– ապա ջուր` ոչ մի կաթիլ չեն ունե-ցել։ Երևի ծարավից խեղդվում են։ Իսկ քանի որ այդպես է...

– ...իսկ քանի որ այդպես է, նշանակում է նրանք մեզնից կխլեն մեր ամբողջ ամբարած ջուրը։ Եվ դա կլինի մեր վերջը։

– Դա, իհարկե, այդպես է,– շարունակեց նավաստին։– Ախր նրանց համար քիչ է գողանալ մեր ջուրը, որն աշխարհում ամեն ինչից թանկ է մեզ համար։ Կկողոպտեն ամեն ինչ ու հետո էլ կսպանեն։

– Ի՞նչ եք ասում, մասա Բրաս։ Իսկ եթե դա նավապետով ու նավաստիներով լցված նավա՞կն է։ Ի՞նչ եք կարծում:

– Ինչ կա որ, կարող է և այդպես է,– պատասխանեց Բենը։– Ես նրանց բոլորովին մոռացել էի։ Ամեն ինչ կարող է լինել։ Դե դա արդեն կես դժբախտություն է. մենք նրանցից այնքան վախենալու բան չունենք, ինչքան մեծ լաստի վրա գտնվողներից: Նրանց դրությունը, թերևս, այդքան ծանր չէ։ Իսկ եթե ծանր էլ է, այնուամենայնիվ նրանք այդքան շատ չեն, որ մեզ վախեցնեն։ Այնտեղ ընդամենը հինգվեց մարդ կա։ Ես ինձ վրա եմ վերցնում այդ ավազակախմբից երեքին. իսկ դու և Վիլյամը մի լավ քոթակ կտաք մնացածներին։ Է՜խ, երանի նրանք լինեին։ Բայց հազիվ թե. նրանց նավակը լավն է, ունեն նաև կողմնացույց, բավական է, որ թիակները լավ գործի դրած լինեն, ու վաղուց նրանց հետքը չքացած կլինի։ Բարեկամս քո ականջները մերից լավն են: Ապա մի սրիր ու լսիր: Չէ՞ որ «Պանդորա»-ի բոլոր նավաստիների ձայները քեզ ծանոթ են. փորձիր, գուցեև որևէ մեկին ճանաչես։

Այդ ամբողջ միջոցին, մինչ ցածրաձայն, գրեթե փսփսոցով տեղի էր ունենում այս խոսակցությունը, խորհրդավոր ձայները լուռ էին։ Սկզբում, երբ դրանք լսվեցին, թվաց, թե երկու-երեք մարդ է խոսում։ Բայց ձայները պարզ չէին լսվում, ասես թե մարդիկ դեռ հեռու էին կամ էլ շատ կամաց էին խոսում։

Այժմ կատամարանցիները ականջ էին դնում, սպասելով, որ որևէ բարձրաձայն ասված խոսք կհասնի իրենց ու միևնույն ժամանակ բոլորովին չէին ուզում, որ այդպես լիներ: Նրանք կգերադասեին երբեք չլսել այդ ձայները։

Որոշ ժամանակ թվում էր, թե նրանց աղաչանքը լսված էր: Անցավ ամբողջ տասը րոպե` ոչ մի հնչյուն, ոչ մի ձայն...

Սկզբում լռությունը անհանգստացրեց նրանց։ Բայց հանկարծ Բեն Բրասի մտքով մի նոր ենթադրություն անցավ, ու նրա բոլոր մտքերն ու ձգտումները միանգամայն այլ ընթացք ստացան:

Իսկ եթե իրենք բոլորովին ուրիշ մարդկանց ձայներ են լսե՞լ։ Ինչո՞ւ դա պետք է անպայման խորտակված ստրկատար նավի անձնակազմը լինի` կամ մեծ լաստի մարդակեր սրիկաները, կամ նավակով փախած նավապետի խումբը։ Ով գիտե, գուցե այնուամենայնիվ դա կետորսական նավի նավաստիներն են խոսում։

Նախկին հարպունահարը այդ մասին չէր մտածել։ Իսկ այժմ այս ենթադրությունն այնպես ցնցեց նրան, որ նա դժվարությամբ զսպեց «Հե՞յ, նավի մարդիկ» բացականչությունը։

Բայց խանգարեց մեկ ուրիշ, արագորեն փայլատակած միտք, որը նորից զգուշության կոչեց նրան։ Եթե այդ մարդիկ, որոնց ձայներն իրենք լսել էին, կետորսական նավի անձնակազմից չեն, այլ ստրկատար նավի նավաստիներն են, ապա նրանց ձայն տալ` նշանակում է հաստատապես անխուսափելի կործանման ենթարկել և́ քեզ, և́ քո ուղեկիցներին:

Նա իր մտածածը շշուկով հաղորդեց Ձյունիկին, որի վրա դա ճիշտ նույնպիսի տպավորություն թողեց: Նեգրը ևս խիստ ուզում էր գոռալ` «Հե՜յ նավի մարդիկ», ու միևնույն ժամանակ գիտակցում էր, թե որքան վտանգավոր է դա։

Երկու բարեկամների հոգում կռվում էին հակասական զգացումները։ Որքան ցավալի էր մտածել, որ հենց այդտեղ, իրենց կողքին, այնքան մոտիկ, որ կարելի է ձայն տալ, գտնվում է այն նավը, որը կարող է բոլոր վտանգներից փրկել իրենց։ Գուցե նավը այդպես էլ անցնի իրենց կողքով, անաղմուկ սահելով ջրերի վրայով, թանձր մառախուղով ծածկված իրենց հայացքներից։ Եվս մեկ ժամ` և նավը կլինի հեռու օվկիանոսում, ու նրա անձնակազմն այլևս չի լսի մեր նա-վաբեկյալների կանչը։

Միայն մեկ բառ մի բացականչություն` իրենք փրկված են։ Եվ այնուամենայնիվ կատամարանցիները չէին համարձակվում. չէ՞ որ այդ կանչը կարող էր իրենց մատնել թշնամուն ու կործանել։

Նրանք համակվեցին մի սաստիկ ցանկությամբ` կյանքը վտանգի ենթարկելով ազդանշան տալ։ Մի քանի վայրկյան նրանք տատանվում էին` լռե՞լ, թե ձայն տալ «Հե՜յ նավի մարդիկ»։

Բայց զգուշությունը խորհուրդ էր տալիս փակել բերանը. և ի վերջո հաղթանակեց ողջախոհությունը։

Այդպիսի վճիռ ընդունվեց ո́չ պատահականորեն: Նախկին հարպունահարը դրան հանգեց իր նախկին մասնագիտական փորձի վրա հիմնված խորհրդածությունների ճանապարհով:

Եթե դա կետորսական նավն է,– մտածում էր Բեն Բրասը,– ապա նա պետք է վերադառնա կաշալոտին որոնելու։ Անձնակազմը գիտե, որ կետը սպանված է։ Այդ են ասում և խարսխանիշ լողանները, և դրոշակը։ Բեն Բրասը հավատացած էր, որ նավաստիները անպայման կուզենան վերադառնալ կաշալոտին որոնելու։ Հենց այս վստահությունն էլ անընդհատ հույս էր ներշնչում նրան ու ստիպում այդքան երկար մնալ կաշալոտի մոտ։ Ամեն օր չի հաջողվի օվկիանոսում գտնել այնպիսի մի կաշալոտ, որը գրեթե հարյուր տակառ սպերմացետ կարող է տալ։ Նա գիտեր, որ այդպիսի գանձը բախտի քմահաճույքին չեն թողնի, այլ կփորձեն ամեն կերպ գտնել:

Ամեն ինչ ասում էր, որ ձայները կետորսական նավից են լսվել։ Իսկ այդ դեպքում կետին գտնելու եկած անձնակազմը հազիվ թե համարձակվի ճանապարհը շարունակել մառախուղում։ Նրանք ավելի շուտ կկանգնեն տեղում և կսպասեն, մինչև եղանակը պարզի: Այսպիսով, կատամարանցիներն, այնուամենայնիվ, կարող էին հուսալ, որ երբ մառախուղը ցրվի, իրենք ցանկալի նավը կտեսնեն տեղում: Ու նրանք որոշեցին լռություն պահպանել։

Դեռ շատ վաղ էր։ Լույսը նոր էր բացվում։ Երբ հայտնվի լուսատուն ու նրա հզոր ճառագայթները ցրեն խավարը, միայն այն ժամանակ մեր նավաբեկյալները վերջնականապես կհամոզվեն, թե ինչ ձայներ են դրանք` մարդկա՞նց, թե մարդակերների, մարդկային կերպարանքով հրեշների։


== Գլուխ LXXXII. Ոչ պաշտոնական քննություն ==

Մառախուղի ցրվելուն սպասելու հարկ չեղավ։ Մինչ արևը մշուշը կբարձրացներ օվկիանոսից, կատամարանցիներն արդեն գիտեին, թե ովքեր են իրենց հարևանները։ Ոչ, դրանք ոչ թե բարեկամներ էին, այլ մահացու թշնամիներ, հենց նրանք, որոնցից իրենք այնքան վախենում էին։

Բացահայտումը շատ չուշացավ։ Այսպես եղավ։ Երեք հոգի` Ձյունիկը, նավաստին ու Վիլյամը, առաջվա նման մնում էին կաշալոտի մսեղիքի վրա. նրանք ուշադիր լսում էին։ Բեն Բրասն ու պատանին կանգնած էին, իսկ նեգրը կիսապառկած իր մեծ ականջը սեղմել Էր կետի մաշկին. նա, երևի, գտնում էր, որ այդպես ավելի լավ է լսվում։

Սակայն նրանք լսողությունը լարելու կարիք չունեցան։ Երբ վերջապես ձայնը լսվեց, պարզվեց, որ մարդու ձայն է, և այնքան բարձր ու մոտիկ, որ խուլն անգամ կարող էր լսել։

– Գրո՜ղը տանի,– բացահայտ զարմանքով բացականչեց ինչ-որ մեկը։– Տեսեք, տղերք։ Մեռել կա այստեղ։

Եթե անգամ մառախուղի դևն ինքը արտասանած լիներ այս բառերը, դրանք չէին կարողանա ավելի ուժեղ ցնցել կաշալոտի մեջքին կանգնած մեր մոլորյալներին։ Օտար առոգանությունն ու սրբապիղծ հայհոյանքները կարող էին մերկացնել ֆրանսերեն խոսող ամեն մեկին, բայց այդ ձայնը չէր կարելի չճանաչել իր երանգից. այն շատ հաճախ էր թնդացել իրենց ականջին` նույնպիսի սուր, տհաճ ելևէջներով։

– Վա՜հ, մասա Լեգրոն է,– փնթփնթաց նեգրը:– Բոլորն էլ կասեն, որ նա է։

Ընկերները Ձյունիկին չպատասխանեցին։ Ասենք, պատասխան չէր էլ պահանջվում։ Մառախուղի մեջ նոր ձայներ հնչեցին։

– Մեռե՞լ,– գոռաց մեկ ուրիշ ծովային։– Հա էլի, ճիշտ որ։ Ո՞վ է:

– Ախր սա իռլանդացի՜ն է,– բացականչեց երրորդը։– Տեսեք, նրան սպանել են։ Դանակն էլ ցցված է կողերի մեջ: Մորթվա՜ծ է։

– Դե, սա նրա դանակն է,– ասաց ինչ-որ մեկը:– Ինչ-պե՜ս կարող եմ չճանաչել։ Չէ՞ որ առաջ դա ինձ է պատկանել։ Նայեցեք, կոթի վրա պետք է տիրոջ անունը լինի։ Հենց այն օրը, որ դանակը ինձնից գնեց` տեղնուտեղը փորագրեց վրան:

Նավաստիները, ասես կամենալով ասածն ստուգել, լռեցին։

– Ճիշտ է,– ասաց նրանցից մեկը, շարունակելով ինքնագլուխ քննությունը։– Ահա անունը` Լարրի Օ’-Հորման։

– Նա վերջ է տվել իր կյանքին,– ասաց ևս մի նավաստի, որը մինչ այդ լուռ էր։– Սա ինքնասպանություն է։

– Ի՞նչ անհասկանալի բան կա,– հաստատեց մեկ ուրիշը։– Այսպես թե այնպես` նրա վերջն էր։ Եվ ահա տղան մտածել է` որքան շուտ, այնքան լավ, ու վերջ է տվել։

– Ինչպե՞ս թե,– հարցրեց ևս մեկը, ըստ երևույթին համաձայն չլինելով իրենից առաջ արտահայտվածների հետ:– Ինչու մենակ նա պետք է մեռներ, և ոչ մենք բոլորս:

– Մոռացե՞լ ես, ախպեր, այսօր նա կռվելու էր մըսյե Լեգրոյի հետ։

– Չէ, չեմ մոռացել։ Է, հետո ի՞նչ:

– Ապա մի ուղեղդ շարժիր։

– Ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչու նախապապերի մոտ գնալու հերթը հենց նրանն էր, և ոչ մեկ ուրիշինը։ Հե՜յ, տղերք, տեսեք։ Այստեղ կեղտոտ գործ է կատարված։ Իռլանդացուն մորթել են իր սեփական դանակով։ Պարզ է։ Հազիվ թե նա ինքն իր վրա ձեռք բարձրացներ։ Նրա ինչի՞ն էր պետք դա։ Այստեղ կեղտոտ գործ է կատարվել։

– Իսկ ով է մեղավորը, ում վրա ես կասկածում...

– Ես ոչինչ չգիտեմ, եղբայրներ. եթե տեսել եք, ասեք։ Մեկն ու մեկը կիմանա, թե այս բոլորն ինչպես է կատարվել։ Կեղտոտ գործ է, ուրիշ կերպ չի կարող լինել։ Տվե՛ք չարագործի անունը...

Մեկ րոպեից ավելի լռություն տիրեց։ Ոչ ոք չէր պատասխանում։ Եթե նավաստիները գիտեին էլ, թե ով է մարդասպանը, այնուամենայնիվ մտադիր չէին նրան մատնել։

– Լսեք, տղերք,– միջամտեց մի նավաստի, որի սուր ձայնը բորենու ճիչի էր նման։– Ես խժռել եմ ուզում այն շնաձկան պես, որի փորոտիքը չորացել է քաղցից։ Եկեք քննությունը հետաձգենք, մինչև որ մի բան կդնենք բերաններս։ Հետո կերևա, թե ով է նրան այն աշխարհն ուղարկել։ Գուցե ոչ ոք էլ մեղավոր չի։ Դե, ի՞նչ կասեք...

Այս նողկալի առաջարկին ոչ ոք չպատասխանեց։ Այդ պահին նորից մի բարձր ճիչ լսվեց, որի պատճառը բոլորովին ուրիշ բան էր։ Այն բոլորը, ինչ որ խոս-վեց հետագայում, ոչ մի կապ չուներ քննարկվող հարցի հետ։

– Կրա՜կը, կրա՜կը,– գոռում էին ձայները։

– Հենց երեկ գիշեր տեսած կրա՜կը: Քամբուզի վառարա՜նը։ Դե, իհարկե, նավը մո՜տ է, ընդամենը մի հարյուր յարդ:

– Հե՜յ, նավի մարդիկ։ Հե՜յ, նավ։

– Հե՜յ, նավի մարդիկ։ Այդ ի՞նչ նավ է...

– Հե՜յ, դուք։ Ինչու չեք պատասխանում, գրողի տարածներ:

– Տղե՜րք, թիակները վերցրեք։ Շո́ւտ, թիակները։ Քնե՞լ են, ինչ է, այդ տխմարները. աչքները դեռ չե՞ն բացել... Հե՜յ, նավի մարդիկ, հե՜յ, հե՜յ...

Դժվար չէր կռահել թե ինչ են նշանակում այս խոսքերը: Նավաստին ու Ձյունիկը հուսահատ իրար նայեցին։ Նրանք արդեն իմացան, թե ինչ է կատարվում իրենց թիկունքում: Այնտեղ, իրենց սարքած օջախում, վառ բոցկլտում էր սպերմացետը, ու կրակի վրա կարմրում էին բիֆշտեքսները: Հուզված լինելով, նրանք ամեն ինչ մոռացել էին։ Բոցը, լույս տալով մառախուղի միջից, նրանց ներկայությունը մատնել էր լաստի վրա գտնվող մարդկանց։ Կատամարանցիները լսեցին թիակները վերցնելու հրամանը, աղոտ կերպով որսացին անմիջապես լսված ջրի ճողփյունը ու հասկացան, որ մեծ լաստը ուղիղ դեպի իրենց է գալիս։


== Գլուխ LXXXIII. Կա` ճոպանը արձակել ==

– Ահա, ահա́ նրանք։ Այս կողմ են լողում...– փնթփնթաց Ձյունիկը:– Ի՞նչ անենք, մասա Բրաս: Եթե մնանք` վերջներս վատ կլինի։
– Մնա՞նք։ Ինչպե՜ս չէ,– բացականչեց նավաստին։ Այժմ նա խոսում էր բարձրաձայն, քանի որ փսփսալն արդեն իմաստ չուներ։ Ամեն ինչ, ինչ-որ ուզում ես, միայն թե ոչ դա... Շո՛ւտ, Ձյունիկ, շո՛ւտ, Վիլմ։ Դեպի լա՜ստը: Աստված ոտքներիս ուժ տա` կարողանանք ողջ-առողջ դուրս գալ այստեղից, այս կետաձկան մսեղիքի վրայից։ Մենք դեռ շատ ժամանակ ունենք, իսկ հետո կտեսնենք, թե ով կհաղթի: Լավ, քիթդ մի կախիր, Ձյունիկ: Մեր «Կատամարանը» հրաշալի նավ է։ Ես իմ ձեռքով եմ կառուցել, իսկ դու էլ ինձ օգնել ես։ Հիշո՞ւմ ես, բարեկամս։ Կարո՞ղ եմ չիմանալ, թե ինչպես է շարժվում։ Մենք կանցնենք նրանցից:

– Անպայման, մասա Բրաս,– հաստատեց Ձյունիկը և, նավաստուն հետևելով, անմիջապես պարանով իջավ «Կատամարան»-ի վրա, որտեղ արդեն նրանց էր սպասում Վիլյամը։

Պարանը, որով փոքրիկ նավն ամրացված էր կաշալոտի լողակին, կտրելը և լաստը մատույցից դուրս հրելը մի քանի րոպեի գործ եղավ:
Սակայն որքան էլ կարճատև էին այդ պահերը, այնուամենայնիվ այդ ժամանակամիջոցում արևը ծագեց, և համայնապատկերը հրաշալիորեն փոխվեց։ Օվկիանոսի վրա փռված մառախուղը գրեթե հալվեց արևի կիզիչ ճառագայթներից ու մի անսովոր տեսարան բացվեց։ Սպանված կաշալոտի մոտ գտնվող բոլոր առարկաները կարելի էր ընդգրկել մի հայացքով, դրանք բոլորն աչքի առաջ էին։

Ծովի վրա վիթխարի սև ժայռի պես բարձրանում էր ծովային հսկայի մսեղիքը։ Կողքին երևում էր բարձրացված առագաստով փոքրիկ «Կատամարան»-ը, որը հենց նոր հեռացավ նրանից։ Լաստի վրա գործում էր անձնակազմը` երկու տղամարդ ու մի ջահել տղա, չէ որ փոքրիկ կրեոլուհին սոսկ ուղևոր էր։ Տղամարդիկ եռանդուն գործի էին դրել թիակները, իսկ տղան պահել էր ղեկը։

Նավածրում, հարյուր յարդից էլ պակաս հեռավորության վրա, երևում էր մեծ լաստը ու նրա վրա քսանի չափ լավ չտարբերակվող կերպարանքներ։ Մեկը նստել ու թափով թիավարում էր, մեկը ղեկն էր վարում, մեկն էլ զբաղված էր առագաստով։ Երկու նավաստի կանգնել էին քթամասում ու բարձրաձայն հրամաններ էին տալիս: Նրանք բոլորն էլ երևի ապշել էին այսքան անսպասելիորեն բացված տեսարանից ու չգիտեին, թե ինչ մտածեն, ինչ ուղղությամբ շարժվեն:

Մեծ լաստի մարդիկ ավելի խիստ էին հուզված ու զարմացած, քան կատամարանցիները. սրանք այլևս ոչ մի բանի վրա չէին զարմանում։ Նրանք, լաստի վրա յուրօրինակ հետաքննությանը մասնակցող նավաստիների ձայները լսելուն պես, ամեն ինչ հասկացան։-Զարմանքը, որ սկզբում նրանք ապրում էին, այժմ փոխվել էր վախի։

Իսկ մեծ լաստի նավաստիները դեռ ուշքի չէին եկել։ Եվ հասկանալի է` ում ասես չէր ապշեցնի այդ տեսարանը, որն այնքան անսպասելիորեն կանգնեց նրանց աչքի առաջ, նախ աղոտ կերպով գծագրվելով մառախուղի մեջ, ապա կամաց-կամաց հստականալով։

Որքա՜ն զարմանալի է այս բոլորը։ Ահա կետի վիթխարի մսեղիքը։ Նրա մեջքի վրա խարույկ է վառված, ու բոցի լեզուները երկինք են ելնում. կրակի վրա «կռունկ» կա, ու նրանից ինչ-որ բան է կախված ծխահարման համար, կողքին` մի լաստ, այնքա՜ն նման իրենց լաստին, նույնպիսի առագաստով և դատարկ տակառներով։ Լաստի վրա երեք մարդ կա։

Այս բոլոր հրաշքները, այս բոլոր տարօրինակ, արտասովոր երևույթները ապշեցնել կարող էին նույնիսկ ամենաանտարբեր դիտողին։ Շատ նավաստիների լեզուն քիչ մնաց կապ ընկներ, բայց թե մնացածները բուռն կերպով իրենց զարմանքն էին արտահայտում բարձրաձայն աղաղակներով ու գրգռված շարժումներով։

Առաջին հրամանը, որ տվեց Լեգրոն («Կատամարան»-ի վրա նրա ձայնն էին լսել), հետևյալն էր` լրիվ թափով գնալ դեպի խավար զանգվածը կամ, ավելի ճիշտ, դեպի նրա կատարին բոցավառվող փարոսը։ Նավաստիներն անմիջապես ենթարկվեցին։ Նրանց բոլորին էլ տանջում էր մի անհասկանալի սարսափ` իսկ եթե կրակը առաջվա պես նորից կորչի տեսողությունի՞ց։

Բայց որքան նրանք ավելի էին մոտենում, և մառա-խուղն էլ նոսրանում էր, ամեն ինչ ավելի տեսանելի էր դառնում։ Նավաստիների զարմանքը չնվազեց, բայց նրանք սկսեցին ավելի լավ կողմնորոշվել շրջապատող իրադրության մեջ։

Կատամարանցիների հապճեպ նահանջը ինքնին արդեն ցույց էր տալիս ամեն ինչ, փոքրիկ լաստը հեռանում էր։ Դա, ավելի քան որևէ մեկ ուրիշ բան, «Պանդորա»-ի նավաստիներին օգնեց հասկանալու, թե ինչու նրանք փախուստի դիմեցին:

Սկզբում նրանք ոչ մի կերպ չէին կարողանում գլխի ընկնել թե այդ ինչ մարդիկ են փոքր լաստի վրա։ Երևում էր, որ չորս հոգի են, բայց մառախուղը դեռևս խանգարում էր պարզ տեսնելու նրանց կերպարանքները, դիմագծերն ու դեմքի արտահայտությունը: Եթե այնտեղ միայն երկու հոգի լինեին, և լաստի փոխարեն էլ` տախտակներից սարքված մի հասարակ հարթակ, այն ժամանակ թերևս կարելի կլիներ կռահել: ՉԷ՞ որ հենց այդպիսի լաստով փախան Բեն Բրասն ու պատանին: Գուցե հենց նրանք են, որ կան: Բայց այդ դեպքում` ովքե՞ր են մնացած երկուսը։ Եվ որտեղի՞ց այդ սրընթաց փախչող լաստի վրա հայտնվեցին վեց տակառները, առագաստն ու մյուս նավապիտույքները։

Նավաստիները չուզեցին ժամանակ կորցնել ենթադրություններ անելով: Բավական է և այն, որ այդ չորս հոգին, իրենց տեսնելով, փախուստի դիմեցին։ Այս հանգամանքն իսկ, թվում էր, անհերքելիորեն ապացուցում է, որ նրանք ունեն ինչ-որ մի թանկագին բան, որն արժե փրկել. մի՞թե զուր։

Ինչ-որ մեկն ասաց այդ բառը։ Այն շատ սաստիկ հուզեց այս խառնածին անձնակազմին, որի բոլոր անդամները խիստ տանջվում էին ծարավից։ Ոչ մի ակնթարթ չտատանվելով, նավաստիները նետվեցին դեպի թիակները և սկսեցին ամբողջ ուժով հետապնդել «Կատամարան»-ին:


== Գլուխ LXXXIV. Հետապնդում ==

Թիակները գործի դնելով և առագաստը պարզելով, նավաստիները մի քանի րոպեում հասան կաշալոտի մսեղիքին։ Մի լավ տնտղեցին այն, կռահեցին, թե ինչպես է կետն այնտեղ ընկել, բայց դեռ զարմացած էին վերևում եղած հրավառության վրա։

Այդ հսկայի ստվերի տակով անցնելիս ինչ-որ մեկն առաջարկեց կանգ առնել, հավատացնելով, թե այստեղ բավականաչափ ուտելիք կա բոլորի համար։ Բայց մեծամասնությունը մերժեց առաջարկ։

– Գրողի ծո́ցը,– թնդաց Լեգրոյի տիրական ձայնը:– Մենք ուտելիք շատ ունենք։ Ջուր` ահա թե ինչ է հիմա մահու չափ հարկավոր մեզ։ Կարո՞ղ ենք ջուր ճարել կետի վրա։ Իսկ այն փախչողների մոտ, ով էլ որ նրանք լինեն, անպայման ջուր կա։ Եկեք նախ ընկնենք նրանց ետևից։ Կհասնենք և անմիջապես ետ կդառնանք։ Իսկ եթե չհաջողվի, միևնույն է` կվերադառնանք։

Առաջարկն այնքան խելացի թվաց, որ ոչ ոք չառարկեց։ Որոշումն ընդունվեց հավանության բացականչություններով։ Թիավարները մի նոր ուժով գործի դրեցին թիակները, և լաստը անցավ մսեղիքի մոտով, ետևում` նավածրում թողնելով և՛ սև զանգվածը, և́ նրա վրա բոցավառվող փարոսը:

Կարծես փորձելով իր վարմունքն արդարացնել մնացածների առջև, Լեգրոն շարունակեց.

– Չվախենաք, այս սատկած հսկային կգտնենք։ Տեսեք, մառախուղը ցրվում է։ Եվս մի կես ժամ` ու նրա հետքն էլ չի մնա։ Մենք այս կետի մսեղիքը մի քսան մղոնից էլ կնկատենք, տեսեք, թե ինչ ծուխ է բարձրանում նրանից, ոնց որ հնոցից ժայթքելիս լինի: Այնպես թիավարեցեք, որ սատանաներն էլ սարսափեն: Տեսնո՞ւմ եք այն տակառները։ Հավատացած եղեք, դրանցից մեկի մեջ ջուր կլինի։ Ապա մի մտածեցեք` ջո՜ւր:
Ծարավից տառապող ծովայիններին նոր լիցք տալու համար այս մոգական բառը կրկնելու հարկ չկար թերևս։ Առանց այդ էլ նրանք թիավարում էին ամբողջ ուժով։

Հետապնդումը շարունակվեց մոտավորապես տասը րոպե. նրանց իրարից բաժանում էր ընդամենը մի երկու հարյուր յարդ կամ ավելի պակաս։
Ճիշտն ասած, նրանք արդեն կարողանում էին աղոտ կերպով տեսնել իրար, բայց դիմագծերը դեռևս պարզորոշ չէին երևում։

Կատամարանցիներն ունեին մի առավելություն. նրանք գիտեին, թե ովքեր են կրնկակոխ հետապնդում իրենց։ Իսկ մեծ լաստի նավաստիները գաղափար անգամ չունեին, թե ովքեր են այդ չորս հոգին, և ինչու են նրանք այդպես ձգտում խուսափել հանդիպումից: Երևում էր, որ մեծահասակները երկուսն են, բայց դա չէր կարող լուծել այն հանելուկը, թե ովքեր են այդ փախստականները։

Հասկանալի է, ոչ ոքի մտքով էլ չանցավ մեկ առ մեկ վերհիշել բոլոր նրանց, ովքեր իրենց հետ միասին ճանապարհորդել էին «Պանդորա»-ով։ Իսկ եթե որևէ մեկի մտքով անցներ էլ դա, ապա նրանցից ոչ մեկը չէր հավատա, թե սևամորթ կոկ Ձյունիկն ու պորտուգալացի աղջիկը, որին, ի դեպ, շատ քիչ էին տեսել նույնիսկ ստրկատար նավի տախտակամածի վրա, կարողացել էին կենդանի մնալ։ Միայն երբ մառախուղը բոլորովին ցրվեց, ավելի ճիշտ, այնքան նոսրացավ, որ թափանցիկ մշուշ էր թվում, հետապնդողները ճանաչեցին փախստականներին:

Եվ ահա բոլոր կասկածները փարատվեցին:

Սրընթաց փախչող նավի տախտակամածում գտնվող չորսից մեկին անսխալ կարելի էր ճանաչել։ Սև մորթով պատած ու գնդաձև գլխով պսակված այդ հսկայական կլորավուն մարմինը աշխարհի բոլոր կենդանի արարածների մեջ կարող էր պատկանել միայն «Պանդորա»-ի նախկին կոկին։ Նեգրը հանվել էր, որ ավելի հարմար լիներ թիավարելը։ Ոչ մի կասկած։ Անշուշտ Ձյունիկն է։

Նեգրին ճանաչելուն պես նավաստիները սկսեցին աղաղակել։ Մի քանի րոպե շարունակ օդը թնդում էր աֆրիկացու նախկին ուղեկիցների ձայներից, որոնք նրան համոզում էին «խարիսխ գցել»։

– Կանգնի՛ր, Ձյունիկ, գոռում էին նավաստիները:– Ինչո՞ւ ճոպանը կտրեցիր... Կանգնի́ր, սպասի́ր։ Պահի́ր քեզ: Հիմա կմոտենանք։ Մի վախենա, վատություն չենք անի...

Ձյունիկը «իրեն պահում էր» ոչ այնպես, ինչպես այդ կուզեին նրա նախկին ընկերները։ Նրանց բոլոր խնդրանքները հակառակ ներգործությունն էին ունենում. նա է́լ ավելի մեծ ուժով կպավ թիակներին, որպեսզի խուսափի այդ «բարեկամական» հանդիպումից, մի հանդիպում, որը, ինչպես քաջ հայտնի էր նրան, անխուսափելի կործանում էր խոստանում։

Եվ Ձյունիկը հորդորանքներից չխաբվեց։ Բացի այդ, Բեն Բրասը սթափ խորհուրդներ էր տալիս նրան։ Այդ պատճառով էլ նեգրն անտարբեր էր հետապնդողների ասածների նկատմամբ և ի պատասխան` ավելի եռանդուն էր թիավարում։

Հորդորներին փոխարինեցին հրամանները, իսկ այնուհետև սպառնալիքներն ու բողոքները։ Նավաստիները երդվում էին դաժանորեն վրեժխնդիր լինել Ձյունիկից և նկարագրում էին այն սարսափելի տանջանքները, որոնց կենթարկվի նա իրենց ձեռքն ընկնելուց հետո։

Բայց սպառնալիքները չէին ներգործում, ճիշտ այնպես, ինչպես և աղաչանքները։ Ու նավաստիները, քիչ-քիչ համոզվելով դրանում, լռեցին։

Լուռ, բայց համառ դիմադրությունը, որով Ձյունիկը մերժում էր բոլոր պահանջները, կատաղեցրեց նրանց, ովքեր դրանից առաջ իզուր աղաչում էին, և սրանք, չարությամբ լցված, ավելի մեծ եռանդով սկսեցին հետապնդել իրենցից փախչող փոքրիկ լաստը։

Հետապնդողների ու փախստականների միջև դեռևս մնում էր երկու հարյուր յարդ: Երկո՜ւ հարյուր յարդ` օվկիանոսում, առանց արգելքների, հարթ տարածության վրա։ Ի՞նչ կլինի հետո` տարածությունը կփոքրանա և «Կատամարան»-ը թշնամու ճանկը կընկնի, թե տարածությունը կմեծանա ու լաստը կազատվի։


== Գլուխ LXXXV. Ավելի ու ավելի մոտիկ ==

Ի՞նչ է սպասում կատամարանցիներին` փրկությո՞ւն, թե՞ գերություն: Ահա թե ինչն է զբաղեցնում երկու անձնակազմերի միտքը` և́ նրանց, ովքեր փախչում էին, և́ նրանց, ովքեր հետապնդում էին։ Ասենք, այդ հարցը չէր էլ քննարկվում։

Երկու լաստի մարդիկ էլ լարում էին վերջին ուժերը. մի լաստինը` փախչելու, մյուսինը` նրանց փախուստը խանգարելու համար։ Բայց որքա՜ն տարբեր էին կողմերից յուրաքանչյուրին պայքարի մղող պատճառները։

Կատամարանցիները հավատում էին, որ թիակներն ու առագաստը գործի դնելով, պայքարում են սեփական անվտանգության համար, ու նրանք չէին սխալվում, քանի որ «Պանդորա»-ի նավաստիները նրանց ետևից էին ընկել խիստ թշնամական մտադրությամբ, ձգտելով նրանցից խլել ամեն ինչ, նույնիսկ կյանքը։

Այսպես սլանում էին նրանք անծայրածիր օվկիանոսում։ Սարսափն անզուսպ առաջ էր քշում աղետյալներին։ Նրանց հետապնդում` արյունարբու բնազդներով համակված։

«Կատամարան»-ը, անշուշտ, ծովագնացային հատկություններով գերազանցում էր մեծ լաստին, և եթե քամին մի փոքր ավելի ուժեղ լիներ, մեր նավաբեկյալները շատ կհեռանային իրենց հետապնդողներից։

Դժբախտաբար, այժմ ամենաթույլ զեփյուռն էր փչում, այդ պատճառով էլ հետապնդման վախճանը վճռում էին թիակները։

Այս բանում «Կատամարան»-ը խիստ զիջում էր իր հակառակորդին. նրա վրա ընդամենը մեկ զույգ թիակ կար, իսկ մեծ լաստի նավաստիներն ունեին մոտավորապես տասներկու զույգ, ներառյալ հանդշպուգներն ու զանազան նավապտույքները։ Եվ իրոք, երբ անձնակազմը սկսեց հետապնդել, անմիջապես թիակ վերցրին մի ամբողջ դյուժին թիավարներ:

Թեև նրանք թիավարում էին ոչ համաչափ ու ոչ հմտորեն, բայց այնուամենայնիվ նրանց հաջողվում էր ավելի մեծ արագություն վերցնել, քան «Կատամարան»-ին. և փոքր լաստի անձնակազմը սոսկումով տեսավ, որ հետապնդողները գերազանցում են իրենց։

Տարածությունը, թեև ոչ շատ արագ, բայց նկատելիորեն կրճատվում էր։

Տագնապը մեծանում էր. ևս մի քիչ` ու կհասնեն։

Շուտ վհատվող մարդիկ այդպիսի սպառնալիքի տակ կդադարեին ջանք գործադրելուց և կհանձնվեին գրեթե անխուսափելի թվացող ճակատագրի ողորմածությանը:

Բայց ոչ անգլիացի նավաստին, ոչ էլ նեգրը թուլակամ չէին։ Նրանք ամուր կոփվածքի մարդիկ էին։ Նույնիսկ հիմա, երբ հետապնդման վախճանը իրենց օգտին չէր դասավորվում, նրանք քաջալերող խոսքեր էին փոխանակում, իրար պաշտպանելով երկուստեք որոշված հարցում` ձեռքները չծալել, քանի դեռ թեկուզ վեց ֆուտ կա իրենց և անողոք հետապնդողների միջև։

– Ո՛չ,– բացականչեց նավաստին,– թիակները թողնելու հարկ չկա։ Նրանցից գթություն չսպասես, ինչպես քո շնաձկներից։ Ես նրանց լավ եմ ճանաչում... Պինգ կաց, Ձյունիկ թող ոչ մի թիահարված ապարդյուն չանցնի։ Գուցե մենք կարողանանք նրանց հալից գցել։

– Ինձ համար մի անհանգստացեք, մասա Բրաս,– առարկեց նեգրը։– Քանի դեռ մի կաթիլ ուժ կա ձեռքերումս ու շունչ կրծքումս, ես կթիավարեմ, հանգիստ եղեք:

Թվում էր, թե «Կատամարան»-ի անձնակազմը պայքարի է ելել հենց ճակատագրի դեմ: Բայց դեռ ամեն ինչ կորած չէր։ Ինչ-որ մի բան նրանց քաջալերում ու ոգեշնչում էր նոր ջանք գործադրելու։

Բայց ի՞նչը։

Այս հարցին պատասխանելու համար բավական էր միայն ետ նայել։

Այնտեղ, իրենց հետապնդող լաստից որոշ հեռավորությամբ, ջրային հարթության վրա կարելի էր մի նոր բան նկատել։ Ամբողջ հորիզոնի թեքությամբ մի մուգ շերտ էր ձգվում: Սովորական դիտողը, թերևս, դրա վրա ուշադրություն չդարձներ, բայց այդ շերտը Բեն Բրասի փորձված աչքի համար (ծովայինը թիակների մոտ էր նստել` դեմքը հենց այդ կողմն արած) հատուկ իմաստ ուներ։ Նա գիտեր, որ շուտով ծովի ալեկոծությունը կուժեղանա և քամին կսաստկանա։ Բացի այդ, նավածրում հսկայական արագությամբ կուտակվող ամպերը ցույց էին տալիս, որ փոթորիկ է վրա հասնում։

Բեն Բրասն անմիջապես իր դիտարկումները հաղորդեց Ձյունիկին։ Եվ դա փրկության հույս ներշնչեց նրանց։

Երկուսն էլ մտածում էին, որ համընթաց ուժեղ քամին կօգնի իրենց` փախչելու հետապնդողներից։ Առաջվա նման բոլոր ուժերը կենտրոնացնելով «Կատամարան»-ը առաջ մղելու վրա, նրանք միևնույն ժամանակ աչքները չէին կտրում օվկիանոսից, դրան հետևելով ավելի մեծ տագնապով, քան հետապնդող նավաստիներին։

– Է՜խ, միայն թե կարողանանք մոտ չթողնել նրանց,– շշուկով ասաց Բեն Բրասը թիավարող ընկերոջը։– Գոնե մի քառորդ ժամ էլ դիմանայինք։ Ուր որ է հողմը վրա կհասնի, իսկ այն ժամանակ գոնե մի քիչ հույս կունենանք։ Այժմ նրանք հասնում են մեզ, բայց քամին, թերևս, ավելի շուտ կհասնի նրանց։ Է՜խ, մի թարմաշունչ, ուժեղ քամի փչեր։ Տեսնո՞ւմ ես, մեծ լաստի ետևում, երեք հանգույցի վրա, ջուրը ալիքվում է... Թե կյանքը թանկ է քեզ համար, Ձյունիկ, թիավարիր։ Շանթահարվե՜մ։ Ահա նրանք հասնում են մեզ:

Նավաստու վերջին բառերի մեջ հուսահատություն հնչեց ինչպես երևում է, դրությունը սկսել էր անհուսալի թվալ «Կատամարան»-ի նավապետին Ձյունիկը տխրությամբ գլխով արեց` ի նշան համաձայնության. նախկին կոկը բաժանում էր իր ընկերոջ մռայլ կանխազգացումները։


== Գլուխ LXXXVI. Երկու կես եղավ ==

Նավաստին ու Ձյունիկը մի քանի րոպե լուռ էին։ Երկուսն էլ խիստ զբաղված էին թիավարությամբ և իրենց դիտարկումներով, այդ պատճառով էլ խոսելու ժամանակ չունեին։

Հետապնդողներն աղաղակեցին։ Քանի դեռ հետապնդման վախճանի նկատմամբ լիակատար վստահություն չկար, նավաստիները լուռ էին, բայց հենց որ համոզվեցին, որ իրենց ծանրաշարժ լաստն ավելի արագ է գնում ու կհասնի «Կատամարան»-ին, օդում նորից թնդացին չարությամբ լեցուն նրանց դիվային ձայները։ Փախստականներին հասնում էին կանգ առնելու ահեղ բացականչություններ, պահանջներ, սպառնալով` չենթարկվելու համար դաժանորեն վրեժխնդիր լինել։

Սպառնալից խոսքերով ու շարժումներով հատկապես աչքի էր ընկնում նրանցից մեկը, որը, ըստ երևույթին, կարևոր դիրք էր գրավում լաստի վրա։ Այդ մարդը Լեգրոն էր։

Առջևում, գրեթե նավաքթի վրա կանգնած, երկար կարթաձողը ձեռքին, նա կարծես հրամայում էր մնացածներին, ամեն կերպ հրահրելով հարձակման։ Լսվում էր, թե ինչպես նա յուրայիններին պատմում էր, որ ուտելիքի պաշար և ջուր, «Կատամարան»-ին ամրացված մի ամբողջ տակառ ջուր է տեսել փախստականների մոտ։

Ի՞նչ կարևոր էր` սուտ էին, թե ճիշտ այդ խոսքերը։ Միևնույն է, նրանք իրենց գործն արեցին` ոգևորելով թիավար նավաստիներին:

«Ջո՜ւր»,– երաժշտության պես հնչում էր նրանց ականջներում: Այդ բառը լսելիս` բոլորը մեկ մարդու պես մինչև վերջ լարում էին ուժերը։
Մեծ լաստը շարժվեց ավելի արագ, ասես շտապեցնելով հանգուցալուծումը։ Նա հասնում Էր իր հակառակորդին։ Տասը րոպե չանցած` նա այնքան մոտ էր գտնվում «Կատամարան»-ի նավախելին, որ համարձակ մարդը կարող էր մի լաստից մյուսի վրա թռչել։

«Կատամարան»-ի անձնակազմը նայում էր հուսահատ, թշնամին մոտենում էր...

Նրանք տեսնում էին, թե ինչպես ետևից գալիս են փրփրացող կատարներով սև ալիքները. տեսում էին` ինչպես իրենց գլխավերևում երկինքը ավելի ու ավելի է ծածկվում ամպրոպային ամպերով։ Բայց երկինքը կարծես հենց նրա համար էր ահեղ մռայլվում, որ է՛լ ավելի մռայլ դարձներ նրանց ետևից հասնող ահավոր ճակատագիրը։

– Շանթահարվե՛մ։ Շա՜տ ուշ է։ Այլևս չենք կարող ազատվել,– գոռաց Բեն Բրասը, ակնարկելով ուշացած քամին:

– Շա՞տ ուշ է,– մեծ լաստից արձագանքեց Լեգրոն։

Սև բեղերի տակից գիշատչաբար փայլատակող ճերմակ ատամներն այնքան կատաղի տեսք էին տալիս ֆրանսիացուն, որ նրան նայելը զզվելի էր։

– Ասում եք` շա՞տ ուշ է, Բեն Բրաս։ Իսկ ինչու՞ է այդպես, թույլ տվեք հարցնել։ Մեզ համար, իհարկե, ուշ չէ ձեր տակառի ջրից կուշտ խմելը։ Հա՜-հա, հա… Հե՜յ դու, թափառաշրջիկ,– շարունակեց նա, դիմելով նեգրին։– Այդ ի՞նչու թիակներդ ցած չես դնում։ Գրո՜ղը տանի։ Քո ինչի՞ն են պետք դրանք, զզվելի, սև այլանդակություն։ Մի՞թե չես տեսնում` ևս մի քանի վայրկյան, և մենք ձեր բոլորի օձիքից կբռնենք։ Գցի՛ր թիակները, ասում եմ քեզ, և մի՛ ուշացրու։ Ապա մի փորձիր չհնազանդվել` հենց որ մեր ճանկն ընկնես՝ ողջ-ողջ կաշիդ կքերթենք։

– Երբե՛ք, մասա Գրո,– հպարտ պատասխանեց Ձյունի-կը,– ձեզ չի վիճակվի իմ կաշին քերթել։ Կենդանի չեմ հանձնվի. ավելի շուտ` կմեռնեմ։ Իմացած եղեք, ես դանակ ունեմ։ Ու, երդվում եմ, մինչև ինձ բռնեք` ձեզնից մի քանիսին սպանած կլինեմ։ Ուրեմն, զգուշացեք, մասա Գրո: Ավելի լավ է սատանայի հետ գործ ունենաք, քան ծերուկ Ձյունիկի վրա ձեռք բարձրացնեք:

Ֆրանսիացին պատասխանի չարժանացրեց մինչև վերջ դիմադրելու այս սպառնալիքը։ Նա հետագա բանակցություններ վարելու ժամանակ չուներ։ Այժմ լաստերն այնքան էին մոտեցել իրար, որ նրա ամբողջ ուշադրությունը կլանված էր մի նոր գաղափարով։

Լեգրոն տեսնելով, որ կարթաձողով կարելի է հասնել «Կատամարան»-ին, վերցրեց այն և, կռանալով, նավաճանկող կեռը խրեց փոքր լաստի նավախելի մեջ։

Պայքարը տևեց մեկ-երկու վայրկյան, և դրա հետևանքով երկու լաստերն էլ, անշուշտ, կընդհարվեին, եթե չլիներ անգլիացի նավաստու հնարամտությունը, թիակի ճարպիկ հարվածով նա ոչ միայն կարթաձողը պոկեց լաստից, այլև թռցրեց Լեգրոյի ձեռքից:

Նույն պահին ֆրանսիացին, հավասարակշռությունը կորցնելով, օրորվեց ու հանկարծ տապալվեց, բայց երեսնիվայր չընկավ, այլ շարունակեց կանգնած մնալ, ասես ոտքերը լաստագերանների արանքն էին մտել:

Եվ իրոք այդպես էր։ Հենց որ երկու լաստերի վրա գտնվողները առաջին ցնցումից հետո ուշքի եկան, տեսան, որ Լեգրոյից միայն կես մարդ է մնացել` թևատակերից մինչև գլուխը. մարմնի ներքևի կեսը լռվել էր տախտակների արանքում, որոնք ֆրանսիացուն թույլ չէին տալիս ամբողջությամբ ծովն իջնել։

Գուցե նրա համար ավելի լավ կլիներ լրիվ ջուրն ընկնել… Այսպես թե այնպես, գլխով դեպի ներքև կատարած ամենահամարձակ ցատկն անգամ չէր կարող ավելի աղետալի ավարտվել նրա համար։

Գերանների արանքն ընկնելուն պես մի հուսահատ ճիչ դուրս թռավ նրա կոկորդից, և հանկարծ գունատված դեմքը սոսկալի աղավաղվեց։ Ըստ երևույթին, տեղի ունեցավ ավելի սարսափելի բան, քան մինչև գոտին ջուրն ընկնելուց առաջացած հասարակ ցնցումն է։

Ընկերներից մեկը, նրա մեղսակից այն չարագործը, որի մասին արդեն խոսել ենք, առաջ նետվեց Լեգրոյին ծուղակից ազատելու համար. երևում էր, որ ֆրանսիացին իր ուժերով չէր կարող դուրս գալ։

Նավաստին բռնեց նրա ուսերից և այն է` ուզում էր դուրս քաշել, երբ հանկարծ անսպասելիորեն բաց թողեց ու, սարսափի ճիչ արձակելով, ընկրկեց։

Այսքան տարօրինակ վարմունքը հասկանալի դարձավ այն ժամանակ, երբ բոլորը տեսան, թե ինչը այդպիսի սրընթաց փախուստի մատնեց նավաստուն։

Դա արդեն Լեգրոն չէր և ոչ էլ նույնիսկ նրա դիակը, նրանից մնացել էր մարմնի միայն վերին մասը` ասես հսկայական մկրատով փորից ներքև մաքուր կտրված։

– Շնաձո՜ւկը,– գոռաց ինչ-որ մեկը՝ արտահայտելով մի միտք, որը միաժամանակ անցավ բոլորի գլխով` և՛ մեծ լաստի նավաստիների, և՛ «Կատամարան»-ի անձնակազմի։

Այսպես ողբալիորեն ավարտվեց այդ մեղսագործի կյանքը, որն անկասկած արժանի էր այդ ահավոր պատժին ու, երևի, արժանի չէր ավելի լավ բախտի։


== Գլուխ LXXXVII. Չնախատեսված փրկություն ==

Այսքան անսպասելի և, որ գլխավորն է, այսքան սոսկալի տեսարանը չէր կարող ցնցող տպավորություն չգործել բոլոր նրանց վրա, ովքեր ականատես եղան: Հետապնդողների տրամադրությունը փոխվեց, ու նրանք որոշ ժամանակ գրեթե դադարեցրին հետապնդումը։ Կատամարանցիներն էլ իրենց հերթին թուլացրին ջանքերը։ Մի քանի վայրկյան թե մեկ և թե մյուս կողմը ասես քարացել էր ինչ-որ կախարդանքի ազդեցության տակ։ Երկու լաստերի վրա բարձրացված թիակներն անշարժացել էին օդում։

Այս դադարը «Կատամարան»-ի օգտին եղավ, որը ավելի թեթև ընթացք ուներ, քան հետապնդողների լաստը։ Բացի դրանից, նրա անձնակազմը ավելի շուտ ուշքի եկավ զարմանքից. իրենց ինչ գործն է, թե ինչ կատարվեց Լեգրոյի հետ։ Կիսով չափ կեր դարձած ֆրանսիացու ուղեկիցները դեռ չէին վճռել` շարունակել հետապնդումը, թե ոչ, մինչ կատամարանցիներն արդեն առաջ անցան մի քանի լաստի հավասար տարածություն. նրանք սրընթաց փախչում էին վտանգավոր հարևանությունից։

Այս զարմանալի պատահարն այնքան ահաբեկեց «Պանդորա»-ի ավազակախմբի մարդկանց, որ մի պահ նրանք պատրաստ էին հավատալու սովորականից ավելի հզոր ուժերի միջամտությանը։ Ո՛չ բոլորն էին դժբախտի բարեկամները, որին այսքան արտասովոր վիճակ ընկավ: Նրանց հիշողության մեջ դեռևս թարմ էր ընդհատված քննությունը. եթե այն մինչև վերջ հասցվեր, մտածում էին շատերը, Լեգրոյի մեղավոր լինելը կապացուցվեր, ու նա կմերկացվեր, որպես Օ’Հորմանին սպանող։

Մեծ լաստի վրա գտնվողներից շատերը չէին էլ մտածի հետապնդումը շարունակելու մասին, եթե գործը վերաբերեր միայն Լեգրոյի համար վրեժխնդիր լինելուն։ Բայց նրանք գտնվում էին մեկ ուրիշ, ավելի հզոր մղումի իշխանության տակ. նրանց տանջում էր ծարավը, ու նրանք համոզված էին, որ փախչող լաստի վրա ծարավը հագեցնելու մի բան կգտնվի:

Տախտակների վրա դեռ ընկած էր խեղանդամված ֆրանսիացու մարմնի կեսը։ Բայց դա երկար չզբաղեցրեց նրանց մտքերը: Շուտով բոլորովին մոռացան Լեգրոյին, երբ նորից լսվեց` «Ջո՜ւր». դա նրանց ստիպեց շարունակել հետապնդումը:

Նրանք նորից վերցրին թիակները, մեկ անգամ ևս սկսեցին ամբողջ ուժով թիավարել, բայց, ավա՜ղ, շատ ավելի նվազ հաջողությամբ։ Տանջալից ծարավը առաջ էր քշում նրանց, բայց գործողությունների մեջ այլևս չկար նախկին միահամուռությունը, որը միշտ հաղթանակի գրավականն է։ Չկար այն մարդը, որը նրանց ստիպում էր ընթանալ իր ետևից: Եվ այժմ նավաստիներն այնքան անվճռական ու անհամաձայնեցված էին գործում, որ նախապես դատապարտված էին անհաջողության։

Եթե ամեն ինչ մնար անփոփոխ, միգուցե նրանք վերադարձնեին բաց թողնված հնարավորությունները և ժամանակի ընթացքում հասնեին կատամարանցի փախստականներին: Բայց դադարի` հուզումներով լի այդ րոպեների ընթացքում ծովի վրա տեղի ունեցավ փոփոխություն, որը վճռելու էր և՛ փախստականների, և՛ հետապնդողների բախտը։

Հորիզոնի հեռավոր եզրի մուգ գիծը, որին հենց սկզբից այնքան սևեռուն հետևում էին «Կատամարան»-ի մարդիկ, այլևս խավարի նեղ շերտ չէր։ Հե-տապնդման ժամանակամիջոցում այն լայնացել էր, մեծացել և այժմ ծածկում էր երկինքն ու օվկիանոսը։ Ծանր, սև ամպերը քուլա-քուլա բարդվեցին երկնքում, փրփրադեզ արագաշարժ ալիքները եռացին ծովի վրա, թափով զարնվելով երկու լաստերի տակառներին: Ամեն ինչ գուշակում էր եթե ոչ փոթորիկ, ապա առնվազն սաստիկ հողմ։ Հիմա արդեն հետապնդման վախճանը կարծես բոլորովին ուրիշ կլինի։

Եվ ահա ամեն ինչ փոխվեց։ Այն միջոցին, երբ նավաբեկյալ ծովայիններն իրենց ծանրաշարժ մեծ լաստով նորից սկսեցին հետապնդումը, նրանք տեսան, որ ավելի թեթև ընթացք ունեցող «Կատամարան»-ը, առագաստը քամու դեմ լայնորեն պարզած, սրընթաց հեռանում է իրենցից։

Հետապնդումը դադարեցվեց։ Հնարավոր է, որ նավաստիները չհրաժարվեին դրանից, եթե շուրջը ծառս լինող ալիքները նրանց չհիշեցնեին մի նոր վտանգի մասին։ Փրփուրը ոտքից գլուխ թրջում էր նրանց, օվկիանոսը քամու յուրաքանչյուր պոռթկումի հետ սպառնում էր ջրասույզ անել վատ ղեկավարվող լաստը։ Նրանք մինչև կոկորդը թաղվել էին հոգսերի մեջ ու, վերջին ուժերը կորցնելով, կառչել էին իրենց մի կերպ սարքված լաստի գերաններից:


== Գլուխ LXXXVIII. Փոթորիկը վրա է հասնում ==

Այսպիսով, կատամարանցիները մեկ անգամ ևս ազատվեցին ահավոր վտանգից, տառացիորեն դուրս պրծան «մահվան ճանկերից»:

Այն նույն զեփյուռը, որը նրանց ճիշտ ժամանակին հեռացրեց «Կատամարան»-ը հետապնդողներից, շուտով վերածվեց հողմի ու գնալով սաստկացավ, խոստանալով փոխարկվել ծովագնացների համար էլ՛ ավելի ահավոր մի երևույթի` օվկիանոսային արհավիրքի, փոթորկի։

Լաստերն արդեն կորել էին միմյանց տեսադաշտից։ Հինգ րոպե էլ չէր անցել այն պահից, երբ Լեգրոն կարթաձողով բռնեց նրանց լաստը, բայց ուժեղ քամին արդեն տանում էր «Կատամարան»-ը, արագընթաց փոքրիկ նավը բավականաչափ հեռացել էր թշնամու ծանրաշարժ լաստից։
Եվս մեկ ժամ` և «Կատամարան»-ը լավ ղեկասարքի շնորհիվ արդեն մի քանի մղոն դեպի արևմուտք էր գնացել։ Այդ միջոցին մեծ լաստը, որը չէր կարող շարժվել թիակներով և վատ էր հնազանդվում ղեկին, թվում էր, թե հանձնվել է քամիների կամքին։ Նրա նավաստիները իզուր էին փորձում համընթաց քամով շարժվել։

Չնայած քամին սաստկանում էր, իսկ օվկիանոսն էլ ավելի ու ավելի էր ալեկոծվում, բայց կատամարանցիները չէին հուսահատվում։ Բեն Բրասը կարծես չէր նկատում վտանգը և իր ընկերներին հորդորում էր, որ չվհատվեն։

Բոլոր միջոցները ձեռնարկվեցին հնարավոր աղետը կանխելու համար։ Երբ կատամարանցիները նկատեցին, որ հետապնդողները ետևում են մնացել, և այդ կողմից այլևս վտանգ չի սպառնում իրենց, անմիջապես իջեցրին կայմի առագաստը, քանի որ նրա լայնությունը բավականաչափ մեծ էր սաստկացող քամու համար։ Լրիվ չհանեցին, այլ միայն կարճացրին, մի կերպ մերակելով, որպեսզի կիսով չափ պակասեցնեն քամու դեմ պարզվող մակերեսը։ Եվ դա եղավ հենց այն մանևրը, որն անհրաժեշտ էր «Կատամարան»-ի ընթացքը ավելի հաստատուն դարձնելու համար։
Չի կարելի ասել, թե «նավապետն» ու նրա անձնակազմը չէին վախենում լաստի անվտանգության համար: Ընդհակառակը, նրանք սարսափ էին զգում, մի բան, որը բնական էր նրանց վիճակում, ուստի և բոլոր միջոցները ձեռնարկում էին սպառնացող կործանումից խուսափելու համար:

Դրությունը, որի մեջ նրանք ընկան, բոլորովին նոր էր նրանց համար։ Այն օրից ի վեր, ինչ նրանք պատրաստել էին իրենց պարզ լաստը, ոչ մի անգամ փոթորկի կամ գոնե ուժեղ քամու չէին հանդիպել ճանապարհին։ «Պանդորա»-ի կործանումից ի վեր եղանակը միշտ բարենպաստ էր եղել։ Նրանք նավարկում էին «ամառային ջրերում», մերձարևադարձային օվկիանոսում, որտեղ շաբաթներ շարունակ ոչ քամիները, ոչ էլ ալիքները չեն խաթարում ծովի անխռով հայելին. մի խոսքով, երբ օվկիանոսում հանդարտություն է, փոթորկից ավելի վտանգավոր է։ Մինչև հիմա նրանք չէին հանդիպել մթնոլորտային խիստ երևույթների, ամենաշատը` նրանց քշել էր թարմաշունչ զեփյուռը, և «Կատամարան»-ն իրեն դրսևորել էր որպես հրաշալի առագաստանավ։

Բայց արդյոք նա կդիմանա՞ այն հողմին, որը կարող էր վերածվել փոթորկի կամ նույնիսկ` ահեղ մրրիկի:

Այս իրադարձությունները կանխատեսելով, մեր կորուսյալները շատ էլ հավատացած չէին իրենց հաջողության մեջ։ Նրանք դողում էին սարսափից։ Ու երկյուղով էին նայում վերև, ավելի ու ավելի մթագնող երկնքին և իրենց գլխին պայթելու պատրաստ փոթորկին։

Ամբողջ առավոտ քամին անընդհատ ուժեղանում էր և կեսօրին խիստ սաստկացավ։ Ի բարեբախտություն «Կատամարան»-ի անձնակազմի, այն չվերածվեց փոթորկի, հակառակ դեպքում` նրանց խարխուլ նավը փշուր-փշուր կլիներ:

Թեև օվկիանոսի ալեկոծությունը փոթորկի վե-րածվող ալեկոծության համեմատությամբ շատ չափավոր էր, այնուամենայնիվ անձնակազմը հազիվ էր կարողանում անվնաս պահել լաստը: Տխրությամբ կարելի էր մտածեի որ եթե իսկական փոթորիկ լինի, «Կատամարան»-ը անպայման կվերածվի տաշեղների: Նրանք իրենց սոսկ մխիթարել կարող էին այն հույսով, որ նախքան դա տեղի կունենա, կհասնեն ցամաք կամ էլ, որ ավելի հավանական է, որևէ նավ կհանդիպի ու կվերցնի իրենց։

Բայց հիմա կատամարանցիները թափառումները բարեհաջող ավարտելու մասին չէին էլ մտածում` այնքան աննշան էր և այնքան հեռավոր փրկության հույսը։ Հենց որ նրանց մտածում էին այդ մասին, անմիջապես հիշում էին դրության անելանելիությունը ու խիստ վհատվում։ Սակայն այսօր նրանք ժամանակ չունեին տարվելու երևակայությամբ, նրանց մարմինն ու ոգին խիստ զբաղված էին նրանով, որ կանխեն իրենց թափառումների ողբերգական ավարտը։ Բացի այն, որ նրանք ստիպված էին զգույշ լինել յուրաքանչյուր վրա հասնող ալիքի նկատմամբ ու հետևել, որ «Կատամարան»-ը դիմանա նրա ճնշմանը, պետք է նաև հետևեին, որ չքանդվեն գերաններն իրար կապող պարանները։

Արդեն մի քանի անգամ օվկիանոսը հարձակվել էր նրանց վրա։ Եթե փոքրիկ Լալին ու Վիլյամը ամուր կապված չլինեին կայմի բնին, նրանց երկուսին էլ ալիքը քշած կլիներ, ու նրանք, իհարկե, կկորչեին օվկիանոսի մռայլ խորխորատներում։

Երկու ուժեղ տղամարդ մեծագույն դժվարությամբ էին կարողանում մնալ լաստի վրա. որպեսզի լաստից ցած չքշվեին, նրանք հարկադրված եղան, պարանները դաստակի շուրջը փաթաթելով, իրենց ևս կապել գերաններից:

Մի անգամ մի հսկայական ալիք ծածկեց նրանց, այնպես որ բոլորն էլ մի քանի ֆուտ ջրի տակ անցան։ Այդ ծանր պահին չորսն էլ վճռեցին, որ հասել է իրենց վերջին ժամը։ Մի քանի վայրկյան նրանց թվում էր, թե իրենք հատակն են իջնում ե այլևս երբեք արևի երես չեն տեսնի։

Եվ այդպես էլ կպատահեր, եթե նրանց չփրկեր լաստի յուրօրինակ կառուցվածքը. դատարկ տակառներն այնքան էլ հեշտ չեն սուզվում. նրանք անմիջապես դուրս լողացին, նորից ջրի երես հանելով «Կատամարան»-ն ու նրա անձնակազմին:

Բարեբախտաբար, Բեն Բրասն ու Ձյունիկը իրենց արտասովոր լաստը կառուցելիս շատ հույս չէին դրել պատահականության վրա: Փորձված ծովայինը կանխատեսել էր, որ ճանապարհին կարող է այնպիսի փոթորիկ պատահել, ինչպիսին որ այսօր եղավ։ Եվ սոսկ խաղաղ ջրերում նավարկման պիտանի ժամանակավոր նավ կառուցելու փոխարեն, նավաստին շատ աշխատեց, որ հնարավորին չափ ավելի լողունակ դարձնի լաստը։ Նա և Ձյունիկը գործադրեցին իրենց ամբողջ ուժը, որ գերաններն ու տակառները հնարավորին չափ ամուր կապեն պարաններով, և իրենց ամբողջ վարպետությունը, որ իրենց տրամադրության տակ եղած ոչ այնքան պիտանի նյութը հմտորեն օգտագործեն:

«Կատամարան»-ով նավարկելու ժամանակ իսկ նրանք շարունակում էին ամեն օր, գրեթե ամեն ժամ զբաղվել լաստով, անընդհատ կատարելագործելով այն:

Եվ հիմա նրանք վայելում էին իրենց աշխատանքի պտուղները. չէ որ հենց այդ շրջահայացության և աշխատասիրության շնորհիվ միայն կարողացան բարեհաջող դիմակայել փոթորկին։

Եթե նրանք հույսը դնեին հաջողության վրա և անձնատուր լինեին ծուլության, մի բան, որը, թերևս, հասկանալի է այն հուսահատ վիճակում, որի մեջ նրանք գտնվում էին, այսօր կլիներ նրանց վերջին օրը. «Կատամարան»-ը գուցեև ջրի տակ չանցներ, բայց կտոր-կտոր կլիներ, և այդպիսի աղետից հետո ոչ ոք կենդանի չէր մնա:

Ինչ էլ որ լիներ, և՛ լաստը, և՛ անձնակազմը դիմացան փոթորկին։ Մայրամուտից առաջ քամին հանդարտեց, փոխվելով թեթև զեփյուռի։ Արևադարձային ծովը կամաց-կամաց վերադարձավ իր նախկին վիճակին. տիրեց անդորրություն: Եվ «Կատամարան»-ը, նորից իր լայն առագաստը բացելով, հակընթաց քամու հետ առաջ սլացավ` ողողված դեպի անամպ երկնք արևմտյան եզրն իջնող ոսկեհուր լուսատուի ճառագայթներով:


== Գլուխ LXXXIX. Սրտակեղեք ճիչ ==

Գիշերը ցերեկից ավելի հաճելի եղավ։ Քամին այլևս նրանց թշնամին չէր։ Նրան փոխարինած զեփյուռը ավելի էր նպաստավոր, քան լիակատար հանդարտությունը, քանի որ կորուսյալների լաստը դարձնում էր հաստատուն` մեռյալ ալեծածանության դեմ։

Կեսգիշերին հանդարտեց նաև ալեծածանությունը։ Քանի որ փոթորիկը երկար չէր տևել, ապա ալեկոծությունը թույլ էր, և սա էլ շուտով բոլորովին դադարեց:

Վերջապես նրանք կարող էին մտածել հանգստի մասին, որը խիստ անհրաժեշտ էր այդքան չարչարանքներից ու հուզումներից հետո։ Մի քանի կտոր անհամ ուտելիք կուլ տալով ու վրայից ջրով բացված մի գավաթ կանարյան գինի խմելով, բոլորը պառկեցին քնելու։

Ոչ որպես անկողին ծառայող թաց տախտակները, ոչ էլ մինչև վերջին թելը թրջված մարմնին կպած հագուստը չխանգարեցին, որ նրանք քնեն:

Ավելի խստաշունչ եղանակի դեպքում նրանք, թերևս, իրենց վատ զգային։ Բայց այստեղ, արևադարձային գոտում, գիշերը օվկիանոսի վրա այնքան շոգ է լինում, որ «թաց սավանները» ոչ միայն տանելի են թվում, այլև` երբեմն նույնիսկ հաճելի։

Եվ այսպես բոլոր կատամարանցիները պառկեցին հանգստանալու։

Սովորաբար նրանք այլ կերպ էին վարվում. գիշերը մեկնումեկը մնում էր հերթապահելու` ինքը «նավապետը» կամ նախկին կոկը, կամ էլ յունգան։ Հասկանալի է, որ փոքրիկ Լալին ազատված էր այդ պարտականություններից։

Այո պարտադիր գիշերային հերթապահությունը երկու, իմաստ ուներ. պետք էր «Կատամարան»-ը տանել պահանջված ուղղությամբ և միևնույն ժամանակ հետևել ծովին` գուցե որևէ տեղ առագաստ երևա։

Եթե այդ գիշեր նրանք հերթապահեին, ապա մի պարտականություն էլ կավելանար նրանց համար. չպետք է մոռանալ, որ նրանք դեռ վերջնականապես չէին ազատվել իրենց քիչ առաջվա հետապնդողներից: Սրանք, երևի, նույնպես շարժվում էին համընթաց քամիով։

Կատամարանցիները ոչինչ չէին մոռացել: Ու թեև դա նրանց մտքից չէր հեռացել, այնուամենայնիվ, նրանք ի վիճակի չէին դիմադրելու քնին։ Թող լաստն ուր ուզում է գնա, թող հանդիպակա նավը, եթե պատահի ճանապարհին, անշշուկ անցնի իրենց մոտով, թող նույնիսկ իրենց հասնի մեծ լաստը, եթե այդպես է հաճելի ճակատագրին, ինչ լինելու է` թող լինի, ոչինչ չի խանգարի, որ նրանք քնեն խոր քնով:

Եվ հանկարծ բոլորը միանգամից արթնացան, նրանց ոտքի հանեց մի ճիչ, որը մեռելին անգամ կարող էր արթնացնել: Վայրենի աղաղակը այնպիսի տարօրինակ, անմարդկային ելևէջներով տարածվեց ծովի վրա, որ թվում էր, թե կարող էր միտքն օվկիանոսի խորքերից եկած լինել։ Դա կարճատև, կցկտուր ճիչ էր, բայց այնքան ուժեղ, որ նույնիսկ Ձյունիկն արթնացավ։

– Սա ի՞նչ բան է,– առաջինը հարցրեց նեգրը, շփե-լով ականջները, որպեսզի համոզվի, թե արդյոք ինքը պատրանքի զոհ չի՞ դարձել։

– Իսկապես չգիտեմ,– պատասխանեց նավաստին, նույնպես շշմած իր լսածից:

– Կարծես ինչ-որ մեկը խեղդվում է, մասա Բրաս։

– Ոնց որ շնաձուկը մարդու պատառոտի... Անմիջապես դա անցավ մտքովս։

– Աստված վկա, իրավացի եք: Վերջին անգամ ճիշտ և ճիշտ այդպես գոռաց մասա Գրոն։

– Բայց և այնպես,– րոպեական մտածմունքից հետո շարունակեց նավաստին,– ինչ-որ անհասկանալի է։ Մարդ չէր գոռացողը, ո՛չ, ո՛չ։ Կյանքումս չեմ լսել, որ մարդկային կոկորդն այդպես աղաղակեր։

– Եվ մեծ լաստն էլ մոտիկ չէ։ Հենց որ դուք կարթաձողը պոկեցիք նրա ձեռքից, մենք սկսեցինք փախչել։ Այնպիսի արագություն վերցրինք, որ «Պանդորան» մեզ հասնել չէր կարող։ Նրանց չհաջողվեց գոնե մի փոքր մոտենալ, աստված վկա, չեմ ստում։ Ոչ, այնտեղից աղաղակ չի լսվի...

– Իսկ դուք նայեցեք, այ, այնտեղ։ Ինչ-որ բան է երևվում,– ձայն տվեց Վիլյամը, միջամտելով խոսակցությանը:

– Որտե՞ղ։ Ի՞նչ է երևում,– հարցրեց նավաստին։

– Ա՜յ, այնտեղ,– պատասխանեց յունգան, ցույց տալով աջ կողմը։– Մեզնից մոտավորապես երեք կաբելտով հեռու` ջրի վրա։ Նավակի նման մի սև բան է։

– Նավա՜կ է։ Շանթահարվե՛մ։ Այո, հիմա ես էլ եմ տեսնում։ Իսկապես նավակ է։ Միայն թե ինչպե՞ս կարող էր հայտնվել այստեղ, Ատլանտյան օվկիանոսի մեջտեղում։

– Ճիշտ է, նավակ է,– ավելացրեց Ձյունիկը։– Հաստա-տապես կարող եմ ասել։

– Երևում է, որ այդպես է,– ասաց նավաստին, ավելի սևեռուն նայելուց հետո:– Այո, նավակ է… Այ, այ, հիմա ավելի լավ է երևում… Օհո՜, մեջը մարդ կա։ Ես միայն մեկին եմ տեսնում. կայմի պես ցցված է մեջտեղում։ Գուցե հենց նա է, որ հիմա գոռաց, եթե, իհարկե, գոռացողը սատանա չէր: Չէ, ինչ ուզում ես ասա, մարդիկ այդպես չեն գոռում…

Ասես նավաստու վերջին բառերը հաստատելու համար ճիչը կրկնվեց ճիշտ և ճիշտ առաջվա նման։ Իհարկե, այժմ, երբ նրանք արդեն քնից արթնացել էին, այդ աղաղակը նրանց վրա մի փոքր ուրիշ տպավորություն թողեց։

Անկասկած, դա մարդու ձայն էր (ուրիշ ոչ մի բան չէր կարող լինել նույնիսկ այս իրադրության մեջ), բայց այնպիսի մարդու, որի մեջ բանականության վերջին կայծն անգամ հանգել էր։

«Կատամարան»-ի անձնակազմը գուցե դեռ տարակուսանքի մեջ մնար, եթե ամեն ինչ սահմանափակվեր միայն երկրորդ անգամ լսված աղաղակով։ Սակայն անմիջապես ինչ-որ բառեր լսվեցին` անկապ, բայցևայնպես` հոդորոշ, այնուհետև լսվեց այնպիսի մի քրքիջ, որպիսին կարելի է լսել միայն գժանոցների միջանցքներում։

Բոլորը մեկ մարդու պես կանգնած լսում ու զարմանում էին։

Գիշերն անլուսին էր, մութ, բայց լուսաբացն արդեն մոտենում էր։ Արշալույսը վարդագույն երանգներով էր ներկում երկինքը։ Վաղորդյան աղոտ լույսի մեջ, որի թույլ ճառագայթները խաղում էին ջրի մակերևույթին, կարելի էր նույնիսկ զգալի տարածության վրա պարզորոշ տեսնել ամեն մի առարկա:

Իրոք, հեռվում նավակի նման մի բան էր երևում, որի մեջտեղում մարդկային մի կերպարանք էր կանգնած։ Այո, նավակ է, և մեջն էլ ինչ-որ մեկը կանգնած է։ Այնտեղից են գալիս այդ բացականչությունները, այդ քրքիջը, որ իրենք լսում են: Ի՜նչ կասկած կարող է լինել այդ մարդը խելագար է:

Բայց խելագար է նա, թե` ոչ, ինչո՞ւ նրանից փախչել: Այստեղ, լաստի վրա երկու ուժեղ տղամարդ կա, որոնք կարող էին խելագարի հետ հանդիպել ուզածդ վայրում, նույնիսկ օվկիանոսի մեջտեղում։ Ոչ, այդ հանդիպումը նրանց համար սարսափելի չէ. երբ նրանք հաստատ համոզվեցին, որ նավակ ու մարդ են տեսել, անմիջապես հրահանգեցին «ղեկը դեպի ձախ», և լաստը քշեցին ուղիղ դեպի նավակը։
Լաստի ուղղությունը փոխելուց մի տասը րոպե անց մեր ճանապարհորդները պարզորոշ տեսան իրենց նպատակակետը: Մի քանի վայրկյան ուշադիր նայելուց հետո` նրանց հետաքրքրասիրությունը լրիվ բավարարվեց։ Այժմ նրանք հասկացան, թե ինչ է իրենից ներկայացնում այդ տարօրինակ նավակը և նրա է՛լ ավելի տարօրինակ անձնակազմը։

Նրանց առջև ստրկատար նավի մակույկն էր, ու նրա մեջ կանգնած էր խորտակված նավի նավապետը:


== Գլուխ XC. Խելագարը օվկիանոսում ==

Այժմ արդեն կատամարանցիները ենթադրություններ անելու կարիք չունեին. ոչ ջրի վրայի` նավակ հիշեցնող խորհրդավոր առարկան, ոչ այնտեղ երևացող մարդկային կերպարանքը այլևս հանելուկ չէին։ Գաղտնիքը պարզվեց, երբ և՛ նավակը, և՛ նրա մեջ գտնվող մարդը ճանաչվեցին։

Միակ բանը, որ նրանց դեռ շփոթեցնում էր, այն էր, թե ինչու վեցի փոխարեն միայն մի մարդ կար նավակում։

Այնտեղ պետք է վեցը լինեին: Չէ որ հենց այդքան հոգի փրկվեց վառվող նավից իջեցված նավակով. ևս հինգը, բացի նրանից, որն այժմ նավակի մեջ է, և ի դեմս որի, որքան էլ նա սարսափելիորեն փոխված է, դեռևս կարելի է ճանաչել ստրկատարի նավապետին։

Իսկ որտե՞ղ են նրանք, ովքեր պակասում են` նավապետի օգնականը, հյուսնը և նավաստիները, բոլոր նրանք, ովքեր փախել էին նրա հետ միասին։ Գուցե նրանք պառկած են նավակի հատակին և այդ պատճառով էլ չե՞ն երևում «Կատամարան»-ից: Թե՞ նրանք բոլորն էլ զոհվել են ինչ-որ ահավոր աղետի ժամանակ, ու միայն այս մեկն է կենդանի մնացել։

Նավակը խոր չէր նստած ջրի մեջ։ Ֆալշբորտի վերին եզրը կատամարանցիներից ծածկում էր այն բոլորը, ինչ այնտեղ կատարվել էր. որևէ բան տեսնելու համար հարկավոր էր ավելի մոտենալ, իսկ նրանք չէին համարձակվում այդ անել:

Իրոք, հենց որ մեր ճանապարհորդները ճանաչեցին նավակն ու մարդուն, անմիջապես առագաստն իջեցրին և, հեռու մնալու համար, թիակները գործի դնելով, անշարժացան։

Նրանք այդպես վարվեցին ինչ-որ բնազդային սարսափի ազդեցությամբ։ Չէ որ նավակով ազատվածները ոչնչով լավ չէին, քան մեծ լաստի մարդիկ. ստրկատարի հրամանատարները նույնպիսի տականքներ էին, ինչպես և նավաստիների մեծ մասը: Այդ իմանալով, կատամարանցիները տատանվում էին. արդյոք ավելի մոտե-նալը վտանգավոր չէ։ Եթե դեռևս վեցն էլ մնում էին նավակում, և այն էլ առանց ուտելիքի ու ջրի, ապա նրանք առանց ակնթարթ իսկ տատանվելու կկողոպտեին «Կատամարան»-ը այնպես, ինչպես այդ մտադիր էին անել մեծ լաստի վրա գտնվողները։ Այստեղ գթություն սպասել չես կարող։ Իսկ եթե օգնություն չես ստանալու, ապա ավելի լավ է հեռու մնաս նրանցից:

Այս մտքերը կայծակի արագությամբ անցան Բեն Բրասի գլխով, և նա անմիջապես դրանք հաղորդեց իր ուղեկիցներին։

Բայց արդյո՞ք այն հինգ հոգին ևս նավակի մեջ էին։

Գուցե նրանք պառկա՞ծ են հատակին։ Ասենք, հազիվ թե նրանք քնած լինեն։ Եվ ինչպես կարելի է քնել այս աղաղակների ու հառաչանքների տակ։ Չէ՞ որ նավապետը շարունակում է գոռալ, միայն երբեմն-երբեմն դադար տալով։

– Որոտ ու կայծա՛կ,– փնթփնթաց Ձյունիկը։– Հաստատ բան է, նավապետից բացի, ուրիշ ոչ ոք չկա նավակում։ Եվ նրանից էլ միայն կաշին է մնացել, նա վաղուց է խելագարվել կատաղած է:

– Դու, թերևս, իրավացի ես, Ձյունիկ,– համաձայն-վեց նավաստին։– Վեցից միայն նա է մնացել: Տեսնո՞ւմ ես, նավակը ինչքան բարձր է կանգնած ջրի վրա: Գուցե նավաստուց բացի, ուրիշներ էլ կան այնտեղ, բայց մեկ, երկու հոգուց ոչ ավելի... Վախենալու բան չկա, կարելի է ավելի մոտենալ։ Արի լաստը շրջենք ու մի կերպ հասցնենք նավակի եզրին։ Համաձա՞յն ես։

– Դեմ չեմ, մասա Բրաս... իսկապես դեմ չեմ։ Քանի որ դուք այդպես եք մտածում, ինչ ունենք վախենալու։ Ես այնպիսին եմ, որ պատրաստ եմ նաև ռիսկի դիմելու։ Եթե մեր նավապետից բացի ուրիշներ էլ կան այնտեղ, միևնույն է, մեզ հետ չեն կարողանա չափվել։ Մենք երկուսս առնվազն չորս հոգի արժենք, էլ չեմ խոսում մեր Վիլյամի մասին։

– Կարծես, իրոք,– դեռ տատանվելով պատասխանեց նավաստին,– նա մենակ է։ Ավելի լավ է ընդհուպ մոտենանք ու նավակը բռնենք։ Թերևս ստիպված կլինենք զբաղվել նրանով, եթե նա իսկապես խելքը թռցրել է. բայց նա իրեն այնպես է պահում, ոնց որ իսկական խելագար։ Ոչինչ, մի կերպ գլուխ կհանենք... Ղեկը դեպի ձա՛խ... Կարգին հասկանանք, թե ինչ է կատարվում այնտեղ։

Ձյունիկը վերցրեց ղեկաթին և, իր «նավապետի» հրամանին ենթարկվելով, նորից «Կատամարան»-ը տարավ դեպի անշարժ նավակը, իսկ նավաստին ու Վիլյամն սկսեցին թիավարել։

Դժվար է ասել, արդյոք նավակում գտնվող մարդը նկատե՞ց լաստը։ Ավելի շուտ դա չհասավ նրա գիտակցությանը։ Ահավոր աղաղակներն ու անկապ խոսքերը կարծես ոչ մեկին ուղղված չէին։ Դա սոսկ խելագարի վայրի զառանցանք էր։

Դեռևս վաղորդյանի գորշ աղջամուղջն էր իշխում ու ջրի վրա թեթև գոլորշիներ էին բարձրանում։ Ճիշտ է, կատամարանցիները նույնիսկ մշուշի միջից ճանաչեցին նավակն ու «Պանդորա»-ի նավապետին, բայց դա նրանց հաջողվեց, որովհետև բոլոր իրադարձությունները դեռևս շատ թարմ էին նրանց հիշողության մեջ։ Ե՛վ նավակը, և՛ մարդը երևում էին աղոտ կերպով։ Հնարավոր է, որ նավապետը նրանց դեռ չի նկատել ու մինչև հիմա չգիտե նրանց ներկայության մասին:

Մինչ նրանք մոտենում էին, օրն ավելի ու ավելի էր լուսանում։ Հիմա, անկասկած, արդեն նրանց նկատել են, քանի որ նավակի մարդը շարունակում էր աղաղակել, անիմաuտ խոսքեր ասելով` «Հե՜յ, առագաստ: Հե՛յ նավ։ Այդ ի՞նչ նավ է: Սպասեցե՜ք, անիծվե՜ք դուք։ Սպասեցե՜ք, սատանայի սպասավորներ, թե չէ ես ձեզ կխեղդեմ…»։

Այսպես անկապ ու կցկտուր խոսքեր էր ասում նա, մեջընդմեջ սուր աղաղակներ արձակելով և գրգռված ու անհեթեթ շարժումներ անելով։ Այս ամենը կարող էր ծիծաղ հարուցել, եթե այդքան ճնշող տպավորություն չգործեր:

Այս տեսարանին ներկա գտնվողներն արդեն չէին կասկածում, որ «Պանդորա»-ի նախկին նավապետը խելագարված էր։

Նրան մոտենալը վտանգավոր է. այդ հասկանում էին նաև կատամարանցիները: Ուստի նավակից կես կաբելտով հեռավորության վրա գտնվելով, նրանք դադարեցին թիավարումը, որոշելով բանակցությունների մեջ մտնել ու տեսնել, թե արդյոք իրենց չի հաջողվի խելացի խոսքերով հանգստացնել խելքը թռցրածին:

– Նավապե՜տ,– գոռաց ծովայինը՝ ամենաբարեկամա-կան շեշտով դիմելով իր նախկին հրամանատարին։– Այդ ես եմ։ Մի՞թե չեք ճանաչում։ Ես եմ` Բեն Բրասը, ձեր հին «Պանդորա»-ի նավաստին։ Այն օրից ի վեր, ինչ նավը վառվեց, մենք միշտ լողացել ենք այստեղ, այս փոքրիկ լաստով։ Ես ու Ձյունիկը…

Սատանայական ոռնոց դուրս պրծավ խելագարի կո-կորդից և ընդհատեց նավաստու խոսքը, որն ուզում էր համառոտակի պատմել իրենց գլխին եկածը։ Այժմ կատամարանցիներն այնքան մոտիկ էին, որ կարող էին պարզորոշ տեսնել նավապետի դեմքի արտահայտությունը, նրա խելագար դիմաշարժումներն ու կատաղորեն պտտվող աչքերը։ Կասկած չէր կարող լինել, որ նա խելագարված է։ Հետագա իրադարձությունները շուտով ապացուցեցին այդ։

Այն ամբողջ ժամանակամիջոցում, որ նավաստին խոսում էր նավապետի հետ, սա լուռ էր։ Բայց հենց որ խելագարը «Ձյունիկ» բառը լսեց, անսպասելիորեն խիստ գրգռվեց. մի ահավոր ճիչ ցնցեց օդը, ջղաձգությունը աղավաղեց նրա դիմագծերը, աչքերը խելագարության այնպիսի կրակով վառվեցին, որ սոսկալի էր նայելը։

– Ձյունի՜կ,– ոռնաց նա։– Ասացիր` Ձյունի՜կ, այդ քոսոտ շան անունը տվիր: Այստե՛ղ բեր նրան... Ա՜խ, գրողը տանի նրան, նա վառեց իմ նավը... Որտե՞ղ է նա: Թողեք գնամ նրա մոտ: Թողեք սեփական ձեռքերովս խեղդեմ այդ սևամորթին։ Ես այդ ստոր նեգրին ցույց կտամ, թե ինչպես պահել մոմը, որը կլուսավորի նրա դժոխքի ճանապարհը: Ձյունի՜կ... Որտե՞ղ է նա, որտե՞ղ։

Կատաղորեն թափառող նրա բիբերը հանկարծ անշարժացան։ Ու բոլորը տեսան, թե ինչպես նա աչքերը չռեց նեգրի վրա, ասես ուժ գործադրելով, որ տեսնի նրան:

Ձյունիկը, թերևս, դողար այդ հայացքից, բայց, բարեբախտաբար, չհասցրեց նկատել: Նույն պահին խելագարը նորից մի հուսահատ ճիչ արձակեց, մի քանի ֆուտ վեր թռավ ու սրընթաց նետվեց ծովը։

Մեկ-երկու վայրկյան նա մնաց ջրի տակ: Այնուհետև նորից դուրս լողաց և, ուժեղ շարժումներով ճեղքելով ալիքները, գնաց դեպի «Կատամարան»-ը։


== Գլուխ XCI. Խելագար լողորդը ==

Եվս մի քանի ակնթարթ` ու նա արդեն լաստի մոտ էր: Եվ ինչպե՞ս կարող էին նավաբեկյալները առանց կոպիտ ուժ գործադրելու արգելել, որ նա բարձրանա «Կատամարան»-ի վրա։ Հարկ եղավ նորից վերցնել թիակները, և լաստը սահեց հակառակ կողմը:

Բայց խելագարն այնպիսի արագությամբ էր լողում, որ մի քանի անգամ քիչ մնաց ձեռքը գցեր լաստեզրին: Միայն այն ժամանակ, երբ Բեն Բրասն ու Ձյունիկն սկսեցին ավելի արագ թիավարել, տեսան, որ խելագարը իրենց չի հասն: Նորից սկսվեց հետապնդում. հաշիվն առայժմ ոչ ոքի էր, քանի որ և՛ հետապնդողը, և՛ փախչողները գրեթե նույն արագությամբ էին շարժվում, իսկ եթե որևէ գերակշռություն էլ կար, ապա նավապետի կողմն էր:

Դժվար է ասել, թե ինչքան կարող էր տևել այդ տարօրինակ հետապնդումը։ Գուցե այնքան, մինչև կսպառվեր այն ուժը, որ խելագարությունն էր տալիս նավապետին, ու նա ջրի տակ կանցներ, դժբախտը կարծես մոռացել էր իր նավակը վերադառնալ։ Նա ոչ մի անգամ նույնիսկ ետ չնայեց տեսնելու, թե ինչքան է հեռացել նավակից։ Ոչ, նա լողում էր միայն առաջ. և նրա հայացքը միշտ մնում էր գամված նրան, ով կարծես ամբողջովին տիրել էր նրա հոգուն,– նեգրին։ Խելագարը միայն նրա մասին էր մտածում. դա պարզ էր նրա խոսքերից։ Նույնիսկ ջրի մեջ նա անեծքներ էր տեղում Ձյունիկի գլխին. այս անունը չէր իջնում խելագարի շուրթերից, սպառնալիքները չէին դադարում։

Հետապնդումը երկար տևել չէր կարող, եթե նույնիսկ շարունակվեր մինչև բանականությունը կորցրած լողորդի լրիվ ուժասպառվելը: Խելագարությանը հատուկ գերբնական ուժը միշտ չի պաշտպանի նրան, վաղ թե ուշ կգա այնպիսի մի պահ, երբ նա խեղճացած և անզոր կիջնի ջրի տակ։

Բայց ճակատագիրն ուրիշ կերպ էր կանխորոշել։ Այդպիսի մահով չպետք է մեռներ դժբախտը, նրան մեկ ուրիշ, ավելի սարսափելի, բռնի վախճան էր սպասում։ Նա դեռ ոչինչ չէր կասկածում, մինչդեռ «Կատամարան»-ի վրա արդեն նկատել էին աղետի մոտենալը։

Ետևում, ոչ ավելի, քան մեկ կաբելտով տարածության վրա, նրան հետապնդում էին երկու ծովային հրեշներ։ Սարսափելի էր այդ արարածներին նայելը, դրանք մրճագլուխ շնաձկներ էին: Նրանք հստակ երևում էին. ջրի երես դուրս եկած` լողում էին նավա-պետի ետևից, և նրանց սև մեջքալողակները վեր էին ցցվել եռանկյունի ծայրերով։ Թեև կատամարանցիներն առաջ չէին նկատել նրանց, բայց, ինչպես երևում է, շնաձկներն արդեն վաղուց էին հետապնդում նավակը։

Այժմ նրանք կողք-կողքի առաջ էին սլանում լողորդի ետևից` միանգամայն ակնհայտ մտադրությամբ։ Նրանք նավապետին հետապնդում էին նույնպիսի կատաղությամբ, ինչպիսի կատաղությամբ սա հետապնդում էր «Կատամարան»-ին:

Դժբախտը նրանց չէր տեսնում ու նրանց մասին բոլորովին չէր մտածում: Բայց եթե նավապետը նույնիսկ նկատեր էլ նրանց, ապա հազիվ թե ազատվելու որևէ փորձ կատարեր: Դրանք ավելի շուտ նրան կթվային նույնպիսի մղձավանջային տեսիլքներ, ինչպիսիք արդեն խռնվում էին նրա ուղեղում:

Այսպես թե այնպես, նրան չի հաջողվի խույս տալ իրեն հետապնդող այդ ահեղ ու գազազած հրեշներից, եթե լաստի մարդիկ չմիջամտեն: Բայց եթե կամենան էլ օգնության ձեռք մեկնել նրան, ապա դրա համար շատ շտապ ու հմուտ միջամտություն կպահանջվի։ Եվ ի՞նչ։ Նրանք ոչ միայն ուզեցին փրկել նրան, այլև ամենայն ջանասիրությամբ նետվեցին օգնելու։ Կատամարանցիների հոգիները ցնցվեցին, երբ նրանք այդ դժբախտ խելագարին տեսան ահավոր վտանգի մեջ։ Թեկուզ վախենում էին նրանից, ինչպես ամենամահացու թշնամուց, բայց այնուամենայնիվ դա մարդ էր, իրենց մերձավորը, որն ուր որ է կեր էր դառնալու շնաձկներին։

Ինչ հետևանքներ էլ որ ունենար կատաղած խելագարի հետ այդ վտանգավոր հանդիպումը, որից կարելի էր ամեն ինչ սպասել, այնուամենայնիվ, ինչ լինելու էր, թող լիներ։ Նրանք դադարեցրին թիավարելը և ետ դարձան ու գնացին լողորդին ընդառաջ։ Նույնիսկ Ձյունիկն ամեն կերպ աշխատում էր հնարավորին չափ մոտեցնել «Կատամարան»-ը և օգնության հասնել խեղճին, որը խելահեղ ատելությունից կուրացած` գնում էր դեպի իր կործանումը:

Սակայն նրանց բարի մտադրությունն իզուր անցավ. մարդուն վիճակված էր մեռնել։ Շնաձկներն ավելի շուտ հասան նրան, քան կատամարանցիները կարողացան մոտենալ ու որևէ բան անել` փրկելու համար: Նրանք, ովքեր այնքան շատ էին ուզում փրկել նավապետին, տեսան այդ ու դադարեցրին բոլոր ջանքերը՝ մնալով ողբերգական վախճանի վկաներ:

Ամեն ինչ կատարվեց կայծակի արագությամբ: Հրեշներն իրենց զոհին մոտենում էին երկու կողմից, և ահա նրանց անճոռնի մարմիններն արդեն նրա կողքին են։ Սկզբում լողորդը նկատեց նրանցից մեկին, ու քանի որ այդ պահին բնազդը թուլացած բանականությունից ավելի ուժեղ խոսեց նրա մեջ, դժբախտը մի կողմ նետվեց։ Բայց հենց այդ շարժումն էլ նրան դրեց մյուս շնաձկան իշխանության տակ. սա կայծակի արագությամբ շրջվեց մեջքի վրա և իր լայն բացած երախով բռնեց նրան։

Լսվեց մի ահավոր ճիչ, ու կատամարանցիները տեսան նավապետի միայն կես մարմինը։

Դժբախտը միայն մեկ անգամ ճչաց։ Նա չհասցրեց աղաղակը կրկնել, երկրորդ շնաձուկը փախցրեց մարմնի այլակերպված կտորը ու տարավ օվկիանոսի անմռունչ հորձանուտը։


== Գլուխ XCII. Նավակի մեջ ==

– Ե՛տ, դեպի նավակը։

«Կատամարան»-ի անձնակազմը, բնականաբար, այսպիսի վճիռ ընդունեց այն բանից հետո, երբ ականատես եղավ ահավոր տեսարանին: Այստեղ մնալն իմաստ չուներ։ Ակնթարթորեն արյունով ներկված ջրերը, որտեղ ողբերգությունն էր կատարվել, այլևս հետաքրքրություն չէին ներկայացնում նրա ակամա հանդիսականների համար։ Եվ նորից, լաստը դեպի անտերունչ նավակը դարձնելով, նրանք շարժվեցին այն ամբողջ արագությամբ, որ լաստին հաղորդում էին թիակներն ու նոր դրված առագաստը:

Նրանք այլևս չէին մտածում` նավակի մեջ մարդիկ կան, թե չէ, քնած են, թե արթուն։ Կատարվածից հետո դժվար էր պատկերացնել, թե որևէ մեկը կլիներ նավակում: Երևի, դրանից շատ առաջ, նավակը լքել էին բոլորը, բացի միայնակ խելագարից, որը նրա մեջ կանգնած, դիմելով օվկիանոսին, անիմաստ խոսքեր էր ասում:

Իսկ ի՞նչ էին եղել մնացածները: Ահա թե ինչն էր զբաղեցնում «Կատամարան»-ի անձնակազմին։ Բայց նրանք այնպես էլ չկարողացան պատասխանը գտնել։

Մնում էր միայն ենթադրություններ անել. բայց դրանցից ոչ մեկը քննադատության չէր դիմանում:

Կատամարանցիները գիտեին, թե ինչ էր տեղի ունենում մեծ լաստի վրա, և դա զզվանքով էր համակում նրանց:

Գուցե նավակի մեջ եղած մարդի՞կ էլ են իրենց նույն ձևով պահել: Սակայն դա քիչ հավանական էր թվում: Հայտնի էր, որ նավակը վառվող նավից հեռացել էր մթերքի ու ջրի այնպիսի պաշարով բեռնված, որը բավական կլիներ եթե ոչ երկարատև ճանապարհորդության համար, ապա, համենայն դեպս, շատ օրեր։ Այդ կարող էր հաստատել Վիլյամը. նա իր աչքով էր տեսել, թե ինչպես էին նրանք նավակ նստել ու հեռացել: Այդ դեպքում` ինչո՞ւ այսքան ողբերգականորեն էր ավարտվել նավակի ճանապարհորդությունը։ Սովը չէր կարող անձնակազմի ոչնչացման պատճառ լինել։ Չէր կարող նաև փոթորիկը։ Իսկ այդ դեպքում ի՞նչն էր պատճառը:

Եթե ալիքները հարձակված լինեին նավակի վրա, ապա ջրասույզ արած կլինեին կամ շրջած։ Այդ դեպքում նավապետը չէր կարողանա մենակ ղեկավարել այն։ Եվ հետո` ինչպե՞ս պատահեց, որ միայն նա կենդանի մնաց. վեցից միայն մեկը։

Բայց այդ ժամանակամիջոցում չէր եղել այնպիսի ուժեղ փոթորիկ, որը կարողանար այդպիսի աղետ առաջացնել։ Եթե միայն նավակը չափից դուրս վատ չի ղեկավարվել, ծովայինները ոչ մի կերպ չէին կարող ջուրն ընկած լինել:

Դեռևս չիմանալով, թե ինչպես գտնել այդ տարօրինակ հանելուկի բանալին, կատամարանցիները շարունակում էին թիավարել և վերջապես ընդհուպ մոտեցան նավակին:

Ահավոր տեսարան բացվեց նրանց աչքերի առջև։ Եվ այնուամենայնիվ նրանք չէին հասկանում, թե ինչ է կատարվել այստեղ. ամեն ինչ մնում էր առաջվա պես անբացատրելի։ Այն ամենը, ինչ նրանք տեսան, կարող էր միայն ենթադրել տալ, որ ինչ-որ մի սարսափելի ողբերգություն է կատարվել նավակում, և որ անձնակազմի խորհրդավոր անհետացման պատճառը եղել է ոչ թե տարերքի կատաղությունը, այլ մարդու ձեռքը։
Նավակի հատակին ընկած էր բազմաթիվ վերքերով այլափոխված մի դիակ. վերքերից յուրաքանչյուրը կարող էր մահացու լինել։ Դեմքը գազանաբար կտրտված էր, գանգը ծակված մի քանի տեղից` կարծես ծանր մուրճի իրար հաջորդած հարվածներով, կրծքի և ամբողջ մարմնի վրա երևում էին ինչ-որ սուր զենքով բացված անհամար վերքեր։

Այդ հոշոտված, մարդկային կերպարանքը կորցրած դիակն ընկած էր կիսով չափ ջրի մեջ, որ կուտակված Էր նավակի հատակին ու նման էր արյան։ Ջուրն այնքան շատ էր և այնքան թանձր, այնքան մուգ երանգ ուներ, որ մարդ չէր հավատում, թե այդ ամբողջ արյունը մի մարդու վերքերից է հոսել։ Ալ գույնի հեղուկը, ողողելով մեռածի մարմինը, նրան նույնպես արնակարմիր գույնով էր ներկել։

Այդ ահավոր այլանդակված դիակի դիմագծերը ճանաչել հնարավոր չէր։ Կացինը, դանակը կամ մեկ ուրիշ զենք անճանաչելիության աստիճան այլափոխել էին նրան: Բայց, չնայած դրան, Բեն Բրասն ու Ձյունիկը շուտով ճանաչեցին, թե ով էր դա։ Հագուստը, որի կտորները դեռևս տեղ-տեղ պահպանվել էին մարմնի վրա, օգնեց ճանաչելու նրան։ Դա ստրկատարի նավապետի օգնականն էր, որին իրենք շատ լավ էին ճանաչում։
Բայց այս հայտնագործությունն էլ լույս չսփռեց խորհրդավոր դեպքի վրա. ընդհակառակը, ամեն ինչ է՛լ ավելի խճճվեց: Այդ մարդը սպանված էր. այդ էին վկայում վերքերը։ Իսկ դատելով առատ արյունահոսությունից, դրանք հասցվել էին, երբ զոհը դեռ կեն-դանի էր եղել։

Եզրակացությունն այն էր, որ չարագործությունը կատարել է խելագարված ուղեկիցը։ Բազմաթիվ վերքերը` կտրատված, պատռված, ծակված, և դրանց իսկ բնույթն ասում էին, որ այստեղ խելագարի ձեռքն է գործ տեսել. նա դրանց կեսից ավելին զոհին հասցրել է նրա մահից հետո, երբ նա շունչն արդեն փչած է եղել։

Մինչև այժմ ամեն ինչ հասկանալի էր թվում` խելագար նավապետը սպանել է իր օգնականին: Չպարզաբանված էին մնում սպանության շարժառիթները։ Սակայն մի՞թե սպանություն գործելու համար որևէ պատճառ է հարկավոր խելագարին։

Բայց թե մնացածը պարուրված էր գաղտնիքով։ Որտե՞ղ են մնացած չորս հոգին, ինչո՞վ բացատրել նրանց բացակայությունը: Ի՞նչ էր պատահել նրանց: «Կատամարան»-ի անձնակազմը կարող էր միայն մեկը մյուսից սարսափելի ենթադրություններ անել։ Առավել բանական թվաց այն, ինչ Ձյունիկն էր ենթադրում։

– Երևի նավապետն ու նրա օգնականը,– պնդում էր նեգրը,– պայմանավորված են եղել իրար հետ։ Նրանք որոշել են ճանապարհից հեռացնել մնացածներին և ջրի ու մթերքի ամբողջ պաշարը վերցնել իրենց, որպեսզի այդպիսով կենդանի մնալու ավելի շատ հույս ունենան։ Այս կամ այն ճանապարհով նրանց հաջողվել է իրագործել իրենց դաժան մտադրությունը։ Գուցե կռիվ է տեղի ունեցել, և այդ երկու ուժեղ, մնացածներից հաղթանդամ տղամարդիկ հաղթող են դուրս եկել. իսկ գուցեև ամեն ինչ առանց պայքարի է անցել։ Չարագործությունը կարող էր կատարված լինել գիշերը, երբ ոչինչ չկասկածող ընկերները խոր քնած են եղել, կամ էլ նույնիսկ օրը ցերեկով, երբ անձնակազմը իրեն կորցնելու աստիճան հարբած է եղել, չէ որ նավակի մեջ, մյուս մթերքների կողքին, նաև սպիրտ կար:

Նողկալի էր նույնիսկ պատկերացնել այդ բոլորը. այնուամենայնիվ, ոչ Ձյունիկը, ոչ նավաստին չէին կարող վանել այդ մտքերը: Ուրիշ կերպ հնարավոր չէր բացատրել այն ահավոր դրաման, որ կատարվել էր արյունով ողողված նավակում։

Եթե նրանց ենթադրությունները ճիշտ էին, զարմանալի չէր, որ այդպիսի տեսարանների` կենդանի մնացած միակ մասնակիցը խելագարվել էր, նրա բանականությունը չէր դիմացել:


== Գլուխ XCIII. «Կատամարան»-ը լքված է ==

Որոշ ժամանակ կատամարանցիները կանգնել ու նայում էին նավակին, նրա մեջ ընկած անկենդան մարմնին, նրանց աչքերում զզվանք էր երևում։
Սակայն նրանք արդեն այնքան սարսափներ էին տեսել, որ այդ զգացմունքն էլ բթացավ ու կամաց-կամաց բոլորովին անցավ:

Զգացմունքներին և անտեղի մտածումներին անձնատուր լինելու ոչ ժամանակն էր, ոչ էլ տեղը։ Առանց այն էլ նրանց խիստ ուժեղ էին ճնշում սեփական ձախորդությունները, և, անցյալի վերաբերյալ անտեղի ենթադրություններ անելու, փոխարեն, նրանք իրենց մտքերը ուղղեցին դեպի ապագան։

Ամենից առաջ պետք էր վճռել, թե ինչպես վարվել նավակի հետ:

Իհարկե, կվերցնեն իրենց հետ. դա ի՞նչ հարցնելու բան է: Ճիշտ է, «Կատամարան»-ը լավ ծառայություն էր մատուցել: Մինչև հիմա նա փրկել էր նրանց կյանքը, և միայն նրան էին պարտական, որ դեռ չէին խեղդվել։

Նրանց համար շատ հաճելի էր իրենց սարքած լաստի վրա լինելը: Միայն թե շարունակվեր անդորրը. քանի դեռ ջուր և ուտելիք ունեն` նրանք իրենց զգում են լիակատար անվտանգության մեջ։ Բայց լաստը շատ դանդաղ է առաջ շարժվում, և ճանապարհորդությունը կարող է երկարաձգվել ավելի շատ, քան կբավականացնի ուտելիքը, իսկ դա հաստատ մահ է նշանակում։ Հազիվ թե նրանց մեկ ուրիշ անգամ վիճակվի ձուկ բռնել։ Իսկ եթե ջուրը սպառվի, ապա այն ձեռք բերելու մասին երազել անգամ հնարավոր չէ։ Թերևս ստիպված կլինեն շաբաթներ սպասել, մինչև որ նորից անձրև տեղա, իսկ եթե դրա հետ միաժամանակ փոթորիկ պայթի, նույնիսկ մի կաթիլ ջուր հավաքել չի հաջողվի։

Բայց դանդաղաշարժությունը միակ կշտամբանքը չէ, որ կարելի է հասցեագրել «Կատամարան»-ին:

Անցած գիշեր, փոթորկի ժամանակ, նրանք փորձով համոզվեցին, թե որքան անհուսալի է իրենց լաստը. եթե իսկական փոթորկի մեջ ընկնի` ալեկոծված ծովը ցիրուցան կանի այն: Ալիքների ճնշման տակ կպայթեն ճոպանները և իրարից կհեռանան գերանները։ Իսկ եթե նույնիսկ դիմանան էլ դրանք ու դատարկ տակառները լաստը ջրի վրա պահեն, միևնույն է, ալիքները կատամարանցիներին ջուրը կքշեն, ու, նրանք իրենց մահը կգտնեն օվկիանոսում:

Դեռ ինչքա՜ն ժամանակ կանցնի, մինչև նրանք ցամաք հասնեն, և արդյոք կարելի՞ է մշտապես հույս դնել լավ եղանակի վրա:

Այ, եթե իրենք այսպիսի հրաշալի նավակ ունենան` այդ դեպքում բոլորովին ուրիշ է։

Բեն Բրասը շատ լավ ծանոթ էր նավակին, նա շատ էր թիավարել նրա մեջ նստած։

Դա թեթև, արագընթաց նավակ էր նույնիսկ այն դեպքում, երբ միայն թիակներով էր շարժվում։ Իսկ եթե նաև առագաստ պարզվի, ապա համընթաց քամու դեպքում կարելի է ժամում ութից-տասը հանգույց արագության հույս ունենալ։ Այդ դեպքում, հնարավոր է, կհաջողվի մոտ ապագայում ընկնել պասսատների գոտին և հետո խարիսխ գցել հարավ-ամերիկյան ափի, իսկ գուցեև Գվիանայի կամ Բրազիլիայի որևէ նավահանգստում:

Այս խորհրդածություններն ընդամենը մի քանի վայրկյան տևեցին։ Ամեն ինչ մտածված էր նախքան նավակին հասնելը։ Եվ, իհարկե, զարմանալի չէ, որ նավակը երևալուց հետո այս մտքերն իրենք իրենց առաջացան։

Այժմ բարձր լողունակությամբ օժտված նավակ կար նրանց տրամադրության տակ։ Ինչպե՞ս կարող էր նրանց մտքով անցնել` նավակը թողնել բախտի քմահաճույքին։ Ո՛չ, պետք է լա՛ստը լքել…

Եթե նրանք իրենց ամբողջ ունեցվածքով «Կատամարան»-ից նավակ փոխադրվելուց առաջ մի քանի վայրկյան մտածմունքի մեջ ընկան, ապա պատճառն այն էր, որ ծանր ու թեթև էին անում, թե ինչպես կարելի է ավելի հարմար կահավորել իրենց նոր բնակարանը:

Նախ հարկ կլինի կարգի բերել նավակը, հետո նոր փոխադրվել: Եվ այսպես, իրենց ներկայացած զզվելի տեսարանի հարուցած ցնցումից հազիվ ուշքի եկած, նավաստին ու Ձյունիկը անմիջապես գործի անցան. հարկավոր էր աչքից հեռացնել անշունչ դիակը, ինչպես նաև վերացնել նավակում տեղի ունեցած արյունալի պայքարի հետքերը։

Այլանդակված դիակը նետվեց ծովը և անմիջապես անհետացավ ջրում։ Սակայն հազիվ թե ջրի տակ իջավ. այդ տեղում դեռևս պտտվում էին գիշատիչ հրեշները, որոնք հոշոտել էին բանականությունը կորցրած նավապետին: Նրանք ագահորեն նոր որս էին փնտրում իրենց անկշտում փորի համար:

Կատամարանցիները դուրս թափեցին արյունից կարմրած չուրը, մաքուր լվացին տախտակների վրա եղած արյան բծերը, նավակը ողողեցին թարմ ծովաջրով, հետո այն նույնպես դուրս թափեցին։ Այսպես աշ-խատեցին` մինչև նախկին սարսափներից հետք անգամ չմնաց:

Մեր կորուսյալները նավակում թողեցին նրանում գտնված սակավաթիվ իրերը. միգուցե պետք գան հետագայում: Ճիշտ է, այնտեղ ոչ մի պատառ ուտելիք, ոչ մի կաթիլ խմելու ջուր չգտնվեց: Բայց նրանց ձեռքն ընկավ նավի միանգամայն սարքին կողմնացույցը։ Իսկ նավաստին շատ լավ գիտեր այդ գանձի արժեքը ու չուզեց բաժանվել նրանից. այդպիսի կողմնացույց ունենալով, կարելի է ճանապարհից չշեղվել նույնիսկ ամենաամպամած եղանակին:

Երբ նավակի վրա ամեն ինչ պատրաստ էր նորաբնակության համար, ճանապարհորդները «Կատամարան»-ից այստեղ փոխադրեցին իրենց պաշարը։ Նրանք մի առանձին զգուշությամբ նավակի մեջ իջեցրին ջրով տակառը, ինչպես նաև կանարյան թանկարժեք գինու տակառիկը։ Այնուհետև մի նավից մյուսը փոխադրեցին սնդուկը, որի մեջ չորացրած ձուկ էր դարսված, թիակներն ու մնացած գույքը, ըստ որում նավակի մեջ ամեն ինչ այնպես էր հարմարեցված, որ ամեն բան իր անկյունն ունենար։

Լի ու լի տեղ կար ամեն ինչի համար. նավակն ընդարձակ էր, նախատեսված տասներկու մարդու համար. և «Կատամարան»-ի անձնակազմը կարողացավ իր ամբողջ ունեցվածքով շատ հարմար տեղավորվել նրանում։

Վերջում փոխադրեցին կայմը և առագաստը։ Դրանք հանեցին «Կատամարան»-ի վրայից, որպեսզի տեղադրեն նավակի մեջ, և պարզվեց, որ իրենց չափերով շատ հարմար են նավակին:

Այսպիսով, լաստի վրա չմնաց որևէ բան, որը կարող էր հետագա նավարկության ժամանակ պիտանի լինել մեր ճանապարհորդներին։ Կայմից և առագաստից զրկվելուց հետո «Կատամարան»-ը բոլորովին ամայի էր թվում։ Երբ արձակեցին նոր «նավ» փոխադրվելու ժամանակ նավակը լաստի հետ միացնող պարանները` ինչ-որ տխրություն համակեց բոլորին։ Նրանք արդեն վարժվել էին իրենց խարխուլ և արտաքուստ անհեթեթ լաստին, ինչպես մարդիկ վարժվում են սիրելի տանը։ Եվ դա իրոք նրանց տունն էր ջրային անապատում, որից նրանք չէին կարող առանց խոր ափսոսանքի բաժանվել։

Մասամբ, գուցե, այդ էր պատճառը, որ նրանք չէին համարձակվում անմիջապես չարժել թիակները ու հեռանալ լաստից։ Սակայն առանց դրա էլ «Կատամարան»-ի մոտ երկար մնալու պատճառներ գտնվեցին։

Դեռ պետք է կայմ կանգնեցվեր նավակում ու կայմի վրա առագաստ ամրացվեր, և քանի որ լավ կլիներ այդ բոլորը միանգամից անել, նրանք անմիջապես գործի անցան։

Մինչ դրանով էին զբաղված, նավակը քամու հետ առաջ էր դնում, ժամում երկու-երեք հանգույց անելով։ Բայց լաստն ու նավակը ոչ մի կերպ չէին կարողանում բաժանվել, քանի որ քամին միևնույն արագությամբ առաջ էր քշում նաև պարանասարքերից զրկված լաստը, որն այժմ խորը չէր նստած ջրի մեջ։ Իսկ երբ վերջապես կայմը կանգնեցվեց նավակի հենց մեջտեղում, և ակամա ճանապարհորդները պատրաստվում էին բարձրացնելու առագաստը, նավակի ու լաստի միջև տարածությունը գրեթե մեկ կաբելտով էր։

«Կատամարան»-ը գալիս էր ետևից, և այնքան արագ, ասես հաստատապես որոշել էր մենակ չմնալ այդ ամայի ջրային անապատում:


== Գլուխ XCIV. Կաշալոտների հոտը ==

Այնքան վտանգներից իրենց փրկած լաստին ընդմիշտ հրաժեշտ տալու պահը, կարծես, հասավ։ Եվս մի քանի ակնթարթ` առագաստը կբարձրանա, ու նավակը արագ կսլանա ալիքների վրայով. նրանք այլևս երբեք չեն տեսնի ետևից հազիվհազ քարշ եկող «Կատամարան»-ը։ Եվս մի քանի մղոն` ու նա ընդմիշտ կկորչի տեսադաշտից։

Այսպես էին ենթադրում նրանք, երբ կանգնեցնում էին առագաստը։

Որքա՜ն քիչ էին մտածում այն մասին, թե ինչ է սպասում իրենց առջևում։ Ճակատագիրն այդպիսի անակնկալ անջատում չէր խոստանում նրանց։ Դեռ բախտավորություն էր, որ «Կատամարան»-ը այդպես համառորեն, կրնկակոխ հետևում էր նրանց, ասես առաջարկելով ապաստան` մի խաղաղ հանգրվան, «փրկության կղզյակ», որտեղ նրանք կարող են պատսպարվել։ Ավա՜ղ: Շուտով այնքա՜ն կարիք կունենան ապաստանի։
Եվ այսպես նրանք սկսեցին առագաստը կանգնեց-նել: Ճոպանասարքը կարգավորեցին ինչպես հարկն է` առագաստալաթը ձգեցին առագաստափայտի վրա, թոկերն ամրացրին և արեցին այն ամենը, ինչ որ պետք էր. մնում էր միայն բարձրացնել ու ձգել առագաստը:

Վերջինս րոպեական գործ էր, բայց չվիճակվեց դրանով զբաղվել:

Նավաստին ու Ձյունիկն արդեն սկսել էին առագաստը ձգել, երբ հանկարծ Վիլյամը բացականչեց, ու նրանք երկուսն էլ ընդհատեցին աշխատանքը։

Յունգան նայում էր օվկիանոսային հեռուն, աչքը չկտրելով ինչ-որ կետից։ Կողքին կանգնած էր Լալին ու նույնպես այդ կողմն էր նայում։

– Ի՞նչ կա, Վիլմ,– անհամբեր հարցրեց նավաստին, մտածելով, թե գուցե պատանին առագաստանավ է տեսել։

Վիլյամը ինքն էլ էր խանդավառվել այդ հույսով։ Նա հորիզոնում նկատել էր մի սպիտակավուն սկավառակ, որը բարձրացված առագաստ թվաց նրան, բայց անմիջապես անհետացավ, ասես հալվեց օդում։

Վիլյամն ամաչեց, որ անտեղի տագնապ է բարձրացրել: Նա արդեն ուզում էր արդարանալ, երբ նորից դեպի երկինք բարձրացող ինչ-որ սպիտակ բան երևաց: Այս անգամ դա բոլորը նկատեցին:

– Ահա, ահա թե ինչ եմ տեսել,– ասաց խուճապ բարձրացրած յունգան՝ խոստովանելով իր սխալը։

– Է՜խ, փոքրիկ, եթե դա առագաստանավի տեղ ես ընդունել,– առարկեց նավաստին,– ապա սխալվում ես։ Դա կաշալոտն է իր շատրվանը բաց թողնում, և ուրիշ ոչինչ։

– Եվ մեկը չէ...– ասաց Վիլյամը։– Նայեցե՛ք այն-տեղ, մի կես դյուժին կլինի:

– Ճիշտ է, երիտասարդ։ Միայն թե ի՜նչ կես դյուժին, ավելի լավ է ասա` հիսունի չափ։ Մոտավորապես այդքան էլ կլինի, ոչ պակաս։ Չէ որ դու վեց շատրվան միանգամից ես տեսել... Դրանք մի մեծ հոտ են, թերևս` մի ամբողջ վտառ:

– Ա՜յ քեզ բան,– կետերին նայելուց հետո բացականչեց Ձյունիկը։– Նրանք այս կողմ են գալիս։

– Ճիշտ է…– փնթփնթաց նախկին հարպունահարը. այդպիսի հայտնագործության համար ուրախություն չէր զգացվում նրա ձայնի մեջ։– Ճիշտ մեզ վրա։ Է՜խ, սա ինձ գուր չի գալիս... Նրանք, ինչպես տեսնում եմ, ինչ-որ տեղ քոչում են։ Աստված մի արասցե, եթե նրանց ճանապարհի վրա ընկնենք, և այն էլ այսպիսի նավակով։

Այս լսելով, կատամարանցիները դադարեցրին առագաստով զբաղվելը։ Կետերի հոտը այնքան հազվադեպ ու միևնույն ժամանակ գրավիչ տեսարան է, որ հսկայական հետաքրքրություն է առաջացնում, և այն ճանապարհորդը, որն անուշադրության կմատնի այդ, պետք է որ շատ լուրջ գործով տարված լինի:

Որքա՜ն հոյակապ են ծովային հսկաների շարժումները, երբ նրանք, ալիքները ճեղքելով, իրենց համար ճանապարհ են բացում կապույտ տարերքում, մերթ սպիտակ գոլորշու փետրաձև սյուներ շատրվանելով, մերթ վեր նետելով իրենց լայն, հովհարաձև պոչալողակները։ Երբեմն նրանք ջրից դուրս են թռչում մի քանի ֆուտ, իսկ հետո նորից իրենց հսկայական մարմնով շրմփում ջրի մեջ, առաջացնելով այնպիսի ալեկոծություն, որ օվկիանոսում փրփրակատար հսկայական ալիքներ են ծառս լինում, ասես թե ուժեղ փոթորիկ է եղել։

Այսպիսի մտքեր էին անցնում նախկին կետորսի գլխով, երբ նա տեսավ, որ կաշալոտների հոտը ուղիղ իրենց նավակի վրա է գալիս։ Նա գիտեր, որ մեռյալ ալեծածանությունը, որը բարձրանում է շեշտակի ընթացող կետի ճանապարհին, կարող է ամենամեծ նավակը խորտակել։ Իսկ եթե այժմ ուղիղ իրենց վրա եկող այս կետերից որևէ մեկի խելքին փչի մոտով անցնելիս դուրս թռչել ջրից, ապա հազիվ թե որևէ բան կարողանան անել նավաբեկյալները: Նավակը տաշեղների կվերածվի։

Սակայն պատահականությունների վրա մտածելու ժամանակ չկար արդեն։ Այն պահին, երբ կատամարանցիներն առաջին անգամ նկատեցին կետերին, սրանք գտնվում էին նավակից մոտ մեկ մղոն հեռավորության վրա. բայց քանի որ շարժվում էին ժամում տասը հանգույց արագությամբ, ապա մի քանի րոպե հետո արդեն առաջատար կետը գրեթե նրանց կողքին էր, այնտեղ, որտեղ գտնվում էին նավակն ու լքված լաստը։

Կետերը բավականաչափ անկանոն էին շարժվում, թեև այս ու այնտեղ պատահում էին չորս կամ հինգ կետից բաղկացած խմբեր, որոնք գնում էին ուղիղ շար-քով։ Հոտը մոտ մեկ մղոն շրջանագծով տարածություն էր զբաղեցնում, և հենց նրա կենտրոնում, դժբախտաբար, ալիքների վրա օրորվում էին երկու փխրուն ձվակճեպներ` նավակն ու լքված «Կատամարան»-ը:

Դա այն ամենավիթխարի վտառներից մեկն էր, որպի-սիք իր կյանքում երբևէ տեսել էր Բեն Բրասը։ Այնտեղ մոտ հարյուր գլուխ կար, բոլորը մեծահասակ էգեր` ծծկերների հետ. նրանց մեջ աչքի էր ընկնում միակ ծեր արուն` հոտի առաջնորդն ու պաշտպանը։

Նավաստին իր դիտարկումները դեռ չէր ավարտել, երբ կաշալոտներն արդեն անցնում էին նրանց մոտով. մի ամբողջ մղոնի վրա ծովն ալեկոծվեց, կարծես փոթորիկ անցավի իր ետևից մեռյալ ալեծածանություն թողնելով։

Կետերն անցնում էին իրար ետևից, հանդարտ սահելով այնպիսի մի գեղեցկությամբ, որ կարող էր հիացմունք պատճառել յուրաքանչյուրին, ով նրանց դիտելիս կլիներ անվտանգ տեղից։ Բայց նավակից նայող մարդիկ դողում էին, տեսնելով նրանց հոյակապ շարժումները, լսելով ալեկոծության թնդյունի նմանվող նրանց աղմկալի շնչառությունը։

Գրեթե բոլոր կետերն արդեն անցել էին, և նավակի անձնակազմը պատրաստվում էր ազատ շունչ քաշել, երբ հանկարծ նրանք նկատեցին, որ վտառի ամենախոշոր ծեր արուն ետ է մնացել և այժմ ուղիղ իրենց վրա է գալիս: Ջրից դուրս էին ցցվել նրա գլուխը և մի քանի ծովային սաժեն ծավալով մեջքամասը: Նա պոչով մերթընդմերթ հարվածում էր ջրին, ասես ազդանշան էր տալիս առջևից գնացողներին, ցույց տալով ճանապարհը կամ նախազգուշացնելով սպառնացող վտանգից:

Չարությամբ էր շնչում ծովերի «պատրիարքի» ամբողջ կերպարանքը։ Հենց որ Բենը նրան նկատեց, գոռաց` նախազգուշացնելով ընկերներին: Բայց նրա կոկորդից ճիչը դուրս թռավ սոսկ բնազդաբար. այլևս ոչինչ չէր կարող կանխել ահեղ հանդիպումը։

Ոչ ոք չհասցրեց ոչ միայն որևէ բան անել, այլև նույնիսկ մտածել։ Գրեթե նույն պահին, երբ լսվեց նավաստու նախազգուշացնող ճիչը, կետը հարձակվեց նրանց վրա։ Բոլորը զգացին, թե ինչպես թափով օդ նետվեցին, կարծես բաբանից արձակված լինեին, և այնուհետև անմիջապես գլխիվայր ընկան օվկիանոսի անհատակ անդունդը։

Չորսն էլ անմիջապես դուրս լողացին: Նավաստին ու Ձյունիկը, առաջինը ուշքի գալով, սկսեցին աչքերով որոնել նավակը։ Ավա՜ղ։ Այն չկար։ Ջրի վրա լո-ղում էին բեկորներ` անկանոն թափված թիակներ, հանդշպուգներ, պոկված տախտակներ և ուրիշ առարկաներ։ Դրանց մեջ թփրտում էին մարդկային կերպարանքներ. յունգա Վիլյամն ու փոքրիկ Լալին էին։

Պատկերն անմիջապես փոխվեց:

Լսվեց հրահանգ` « Ե՛տ դեպի «Կատամարան»-ը»: Եվ քսան վայրկյան հետո յունգան արդեն նավաստու հետ կողք-կողքի լողում էր դեպի լաստը: Լալիին ձախ ուսին դրած և ալիքները ճեղքելով` այն կողմ սլացավ նաև Ձյունիկը։

Եվս մի րոպե, և չորսն էլ քիչ առաջ լքած լաստի վրա էին: Այս անգամ էլ նրանք ազատվեցին օվկիանոսի հորձանուտում կորչելուց:


== Գլուխ XCV. Ավելի վատ, քան երբևէ եղել է ==

Նրանց հետ պատահած այս դեպքի մեջ ոչ մի հանելուկային բան չկար։ Երբ Բեն Բրասն զգաց ահավոր հարվածը, նա գիտեր, թե ով այն հասցրեց։

Իզուր չէր նա մյուսներին նախազգուշացրել, թե ինչպիսի վտանգ է սպառնում կաշալոտների վտառը տեղից-տեղ քոչելու ժամանակ։ Ճիշտ է, սկզբում նրա ուղեկիցները այդ չէին պատկերացնում, բայց հիմա անձամբ համոզվեցին։ Ահեղ ժամը եկավ ու նորից անցավ։ Նորից լաստի վրա գտնվելով, նրանք տեսան, որ այլևս ոչինչ չի սպառնում իրենց կյանքին։

Բացատրությունների կարիք չկար։ Նավակի կոտրատված տախտակները, որ լողում էին ջրում, և իրենց ապրած ցնցումը բավականաչափ պերճախոս էին` ասելու համար, թե ինչ էր տեղի ունեցել։ Ծեր արուն պոչի մի հարվածով նավակը փշուր-փշուր արեց այնպիսի հեշտությամբ, ասես ձվի կճեպ լիներ, բեկորները` նավակում գտնվող մարդկանց ու առարկաների հետ միասին, մի քանի ֆուտ վեր նետվեցին։

Կաշալոտը դիտավորյա՞լ արեց այդ, թե պարզապես որոշեց խաղ անել` հայտնի չէ, միայն թե դրա վրա ավելի շատ ջանք չգործադրեց, քան պահանջվում էր ճանճ քշելու համար։ Զվարճանալուց հետո ծեր արուն շտապեց ուրախ խայտացող վտառի ետևից, այնքան անվրդով սահելով ալիքների վրայով, ասես առանձին բան չէր պատահել։

Եվ իրոք, կետի համար ոչինչ չէր նշանակում ոչ խորտակումը, ոչ էլ այն ամենը, ինչ սա բերում էր իր հետ։ Իսկ նրանց համար, ում նա հենց այնպես շուռ տվեց, իսկական ողբերգություն էր դա։

Երբ կատամարանցիները բավականաչափ տանելի տեղավորվեցին լաստի վրա ու քիչ-քիչ սկսեցին հանգս-տանալ, նոր միայն ամբողջ խորությամբ զգացին իրենց դժբախտությունը։

Նրանց բոլոր պաշարները ջուրն էին թափվել. թիակներն ու գործածության մյուս առարկաներն օրորվում էին ալիքների վրա. և որ ամենից վատն էր, բոլորովին անհետացել էր նավաստու սնդուկը, որն իրենք, նավակ փոխադրվելիս, լիքը լցրել էին շնաձկան մսով։ Այսքան ծանր բեռ ունենալով, սնդուկը, հավանաբար, հատակն էր իջել, իր հետ տանելով բոլոր պաշարները։ Ճիշտ է, ջրի տակառը և կանարյան գինով տակառիկը դեռ չէին սուզվել. շատ լավ էին խցանված։ Բայց ինչ արժե խմելիքը, երբ ուտելիք չկա։

Մի քանի րոպե նրանք ոչինչ չէին անում, աչքները հառել էին բեկորներին, դիտելով իրենց լիակատար սնանկացման տեսարանը։

Կարելի էր կարծել, թե այդ անգործության պատճառը հուսահատությունն էր, որի ազդեցության տակ նրանք, ասես, ընդարմացել էին։

Իսկ իրականում պատճառն ուրիշ էր։ Նրանք հուսահատվող մարդիկ չէին։ Նրանք սոսկ հարմար պահի էին սպասում, որ գործի անցնեն։ Իսկ դա հնարավոր չէր, քանի դեռ գոնե մի փոքր չէր հանդարտել կետերի առաջացրած մեռյալ ալեծածանությունը:

«Լեռների պես հսկայական» ալիքներ էին ծառս լի-նում ծովում. և լաստը, որտեղ մի կերպ տեղավորվել էին կատամարանցիները (ավելի շուտ` չորեքթաթ, քան կանգնած), այնքան ուժեղ էր օրորվում, որ նրանք հազիվ էին մնում վրան:

Կամաց-կամաց սովորական անդորրություն տիրեց օվկիանոսում, և մեր նավաբեկյալները, որ այդ ժամանակամիջոցում շատ բան էին խորհրդածել, գործի անցան:

Նրանք առայժմ ապագայի որևէ որոշակի ծրագիր չունեին:

Ամենից առաջ ուզում էին հավաքել խորտակման մի քանի բեկորները, որ ցրված էին ալիքների վրա և, եթե հնարավոր է, նորից կահավորել լաստը, ուր վերստին ապաստան էին գտել իրենք։

Բարեբախտաբար, մոտերքում երևում էր կայմը, որը առագաստափայտի ու նրա վրա ամրացված առագաստի հետ մեկտեղ լողում էր ջարդուփշուր եղած նավակի մոտերքում։ Քանի որ դրանք առավել հարկավոր նավասարքերն էին, որոնցից զրկվել էր «Կատամարան»-ը, ապա այժմ, երբ դրանք գտնվեցին, թվում էր` դժվար չի լինի լաստը իր նախկին տեսքով վերականգնելը։

Ամենից առաջ պետք էր բոլոր ջանքերը գործադրել որևէ թիակ գտնելու համար։ Իսկ դրա համար հարկ կլինի բավականաչափ ժամանակ և ուժ վատնել։ Նավասարքերից զրկված լաստի վրա նույնիսկ մի փայտ չկար, որը կարողանար թիակին փոխարինել։ Նրանք ստիպված եղան ձեռքերով թիավարել։

Նրանց հարկադրյալ անգործության միջոցին խորտակման բեկորները բավականաչափ հեռու էին քշվել, ավելի ճիշտ` դատարկ տակառների շնորհիվ ջրի վրա մնացող լաստն անցել էր նրանց մոտով և մի քանի կաբելտով առաջ գնացել։

Հարկավոր էր քամուն հակառակ գնալ, ու նրանք շարժվում էին դանդաղ, այնքան դանդաղ, որ բարկությունից պայթում էին:

Ձյունիկն արդեն պատրաստ էր ջուրը նետվել ու թիակները որսալ, բայց նավաստին այդ մասին լսել անգամ չէր ուզում։ Նա սևամորթ բարեկամին հիշեցրեց, թե ինչպիսի վտանգ են ներկայացնում ջրում վխտացող շնաձկները։ Ճիշտ է, նեգրը բավականաչափ թեթևամտորեն վերաբերվեց դրան, բայց ավելի զգույշ ընկերը ետ պահեց նրան։ Համբերությամբ զինվելով՝ նրանք նորից սկսեցին ձեռքերով թիավարել։

Վերջապես նրանց հաջողվեց երկու թիակ բռնել, և այդ պահից սկսած գործն ավելի աշխուժացավ։

Հետո նրանք գտան կայմն ու առագաստը, հանեցին ջրից ու բարձրացրին լաստի վրա, նորից հուսալի տեղում ամրացրին ջրով ու գինով տակառները, մեկը մյուսի ետևից հավաքեցին օվկիանոսում ցրված գույքը։ Միայն երկաթե գործիքներն ու կացինը Ատ-լանտյան օվկիանոսի հատակն էին իջել:

Բայց ամենածանրը` ուտելիքով լի սնդուկի կորուստն էր: Դա անուղղելի էր և է՛լ ավելի ահավոր դժբախտություն էր գուշակում` կյանքի կորուստ:


== Գլուխ XCVI. Ամենամռայլ ժամը ==

Նորից մահն իր ողջ մռայլ անխուսափելիությամբ նայում էր նրանց երեսին: Նրանք մնացել էին առանց որևէ ուտելիքի: Ոչինչ չէր մնացել այն ամբողջ պաշարից, որ հոգատարությամբ ու հմտությամբ հավաքել ու մթերել էին վաղօրոք: Սնդուկի մեջ դարսվածից բացի, ապխտած ձկան առանձին կտորներ էին մնացել նաև լաստի վրա: Դրանք նույնպես փոխադրվել էին նավակ, ու երբ սա շրջվեց, այդ պաշարը նույնպես կորավ:

Խորտակման բեկորները հավաքելիս` կատամարանցիներն իրենց մթերքն էին փնտրում, հուսալով, թե կհաջողվի մի քանի կորած կտորներ որսալ, բայց ոչինչ չգտնվեց: Ջրի վրա լողացող մթերքները կամ շնաձկներն էին կուլ տվել, կամ էլ օվկիանոսի մյուս անկշտում գիշատիչները։

Սակայն եթե մեր նավաբեկյալները գտնեին էլ անվնաս մնացած այդ կտորները, միևնույն է, այդ ծանր պահին նրանք ձեռք չէին տա դրանց. ծովաջրում երկար մնացած ուտելիքը չափից դուրս աղի կլիներ: Այնուամենայնիվ նրանք գիտեին, որ կգա այնպիսի ժամանակ, երբ հարկ կլինի մի կողմ դնել նման բծախնդրությունը: Եվ իրոք, մի քանի ժամ հետո չորսն էլ քաղցի այնպիսի տանջանք զգացին, որ այժմ արդեն նույնիսկ ամենակոշտ և անհամ ուտելիքից չէին հրաժարվի: Այն պահից ի վեր, երբ նրանք ստիպված եղան հապճեպորեն թողնել կաշալոտի մսեղիքի մոտի իրենց կանգառը, նրանց դեռ չէր հաջողվել մի կարգին ուտել: Ընդհատումներով, ոտքի վրա մի կտոր ձուկ էին ուտում, մի կում ջուր խմում։
Հենց վերջին աղետից առաջ նրանք պատրաստվում էին մարդավարի սեղան նստել: Բայց, նախքան կարգին սեղան նստելը, սպասում էին, որ կանգնեցվի առագաստը, ու նավակը առաջ գնա իր ճանապարհով։

Կաշալոտը պոչի մի հարվածով փշրեց այն ամբողջ հարմարավետությունը, որ նրանք փորձում էին ստեղծել իրենց համար: Խորտակումը, որն այնքան շատ բան ոչնչացրեց, դժբախտաբար, բոլորովին չազդեց նրանց ախորժակի վրա։

Ժամանակն անցնում էր։ Նրանք շարունակում էին քրտնաթոր աշխատել, հավաքելով խորտակման բեկորները, իսկ քաղցը ավելի ու ավելի էր սաստկանում. չորսն էլ զգացին, որ իրենք այդ երկարատև ու վտանգավոր նավարկության սկզբից ի վեր դեռ այդպիսի տառապանք չէին տեսել։
Քաղցից մահու չափ տանջված մարդկանց գործը առաջ չէր գնում։

Օվկիանոսում գտնված զանազան առարկաները տեղավորելով հուսալի տեղում, այնպես, որ նորից քուրը չքշվեին, նրանք սկսեցին մտածել, թե ինչպես մթերքի նոր պաշար ստեղծեն։

Իհարկե, նրանք ամենից առաջ մտածեցին ձկների մասին: Չէ որ միայն դրանք կարող էին սնունդ լինել։

Նախկին հաջողություններից ոգևորված կատամարանցիները հիմա էլ հաճույքով կզբաղվեին ձուկ որսալով, եթե հանգամանքները, դժբախտաբար, փոխված չլինեին։

Ծովում անհետ կորած իրերի մեջ էին նաև կարթաձողերը։ Իսկ հարպունները, որ այնքան մահացու զենք էին եղել նրանց ձեռքին, մնացել էին կաշալոտի մսեղիքի մեջ։ Դրանք ցցված էին մեռած հսկայի մեջքին, վերածված` շնաձկան միսը խորովելու շամփուրի։ Մի խոսքով, երկաթե բոլոր առարկաները, նույնիսկ նրանց դանակները, որ նավակ էին փոխադրվել, այժմ ծովի հատակին էին:

Չէր մնացել ոչ մի կտոր մետաղ, որից կարելի լիներ կեռիկ պատրաստել. իսկ եթե և հաջողվեր գտնել` ի՞նչ օգուտ դրանից։ Միևնույն է, հնարավոր չէր գոնե մի կտոր միս գտնել խայծի համար:

Թվում էր, թե ինչքան էլ գլուխ կոտրեն` ձուկ բռնելու ոչ մի հնարավորություն չկա։ Հուսահատվելով, նրանք հարկադրված եղան վերջ ի վերջո հրաժարվել այդ մտքից։

Այդ ծանր ժամին նրանք հիշեցին կաշալոտին, բայց ոչ ջրից դուրս թռած ծովային հսկային, որի թշնամական գործողություններն անսպասելիորեն մթագնեցին իրենց ծիածանազարդ հեռանկարները. ո՛չ, նրանք հիշեցին սպանված կաշալոտին, որի հսկայական մսեղիքի մոտ կանգնած էին վերջերս: Գուցե այնտեղ հաջողվի որևէ ուտելիք ձեռք բերել, իսկ եթե ոչ` բավական կետամիս կամ կետաճարպ կգտնվի։ Ճիշտ է, կաշալոտի միսը կոշտ է, բայց այնուամենայնիվ կարող է մարդու կյանքը պահպանել։ Եվ այդպիսի այնքան շատ ուտելիք կա այնտեղ, որ կարելի է ոչ միայն մեծ նավի, այլև մի ամբողջ էսկադրայի անձնակազմի բավարարող մթերապահեստներ լցնել։

Գուցեև նրանց հաջողվեր հետադարձ ճանապարհը գտնել: Նրանք շարժվում էին քամու ուղղությամբ, իսկ քամին դեռևս նույն կողմից էր փչում։ Գիշերով անցած ամբողջ տարածությունը կարելի է ետ գնալ կարճ ժամանակամիջոցում։

Սակայն, նույնիսկ լավագույն դեպքում, եթե նրանք ստիպված լինեն միայն տարերքի դեմ կռվել, ապա դա էլ կասկածելի վախճանով դժվար գործ կլինի։

Նրանց ճանապարհին կար մի խոչընդոտ, որն ավելի սարսափելի էր, քան քամու դիմադրությունը կամ ճանապարհից շեղվելու վտանգը։
Հավանաբար, լքված կայանն են վերադարձել իրենց հետապնդողները, և գուցե այդ պահին նրանք իրենց լաստը կապում են հենց այն հսկայական կրծքալողակից, որտեղ ոչ այնքան վաղուց «Կատամարան»-ն էր կանգնած։

Այդ պատճառով էլ կաշալոտի մոտ վերադառնալու միտքը պաշտպանություն չգտավ և անմիջապես մերժվեց:

Մինչ կատամարանցիները նստել ու այս հարցի շուրջն էին խորհրդածում, մռայլ մտքերը պաշարում էին նրանց. Մռայլ` ինչպես գիշերային այս ամպերը, որ սրընթաց իջնում էին ծովի վրա և անթափանց խավարով պարուրում ամեն ինչ:

Նրանք դեռ երբեք այդպես չէին վհատվել։ Եվ այնուամենայնիվ երբեք էլ այնքան մոտ չէին եղել բոլոր փորձանքներից ազատվելուն։ Վհատության այդ ամենածանր ժամը նախորդում էր նրանց փրկությանը, այնպես, ինչպես գիշերվա ամենամութ ժամը նախորդում է լուսաբացին:


== Գլուխ XCVII. Զվարթացնող գավաթ ==

Նրանք չէին էլ փորձում շարժվել այն տեղից, որտեղ նրանց գտավ մայր մտնող արևը։

Մեր նավաբեկյալները մինչև այժմ չէին կանգնեցրել առագաստով կայմը, իսկ թիակ գործադրելը, թվում էր, իմաստ չունի: Արդյո՞ք արժեր ուժ վատնել թիավարելու վրա, եթե, միևնույն է, դանդաղ ես շարժվում: Եվ ընդհանրապես հարց էր ծագում` ի՞նչ օգուտ այսուհետև ևս դեպի արևմուտք շարժվելուց: Այսպես թե այնպես, ոչ մի հույս չկա, թե իրենք սովամահ լինելուց առաջ ցամաք կհասնեն: Իսկ նրանք սովից մեռնել կարող են նաև առանց տեղից շարժվելու: Այդպիսի մահը հավասարապես տանջալից է թե այստեղ, թե այնտեղ։ Միևնույն չէ՞, թե նրանք որ լայնությունում կանց-կացնեն իրենց կյանքի վերջին րոպեները։

Այսպիսին էր հոգեվիճակը, որի մեջ ընկել էին կատամարանցիները` ապրած փորձանքների ազդեցության տակ: Նրանց տիրել էր ինչ-որ մի ընդարմացում, որն ավելի շուտ նշանակում էր անզգայացում, քան հնազանդություն ճակատագրին։

Այսպես տխուր ձգվում էր ժամանակը մթության ու մռայլ լռության մեջ, երբ հանկարծ մի աննշան հանգամանք նրանց ստիպեց սթափվել: Դա Բեն Բրասի ձայնն էր. նա առաջարկում էր ընթրել: Կողմնակի մեկը, այդ լսելով, կարող էր կարծել, թե նավաստին խելագարվել է: Բայց նրա ընկերներն այդպես չէին մտածում։ Նրանք հասկացան, թե նա ինչ նկատի ուներ: Ու նրանցից գաղտնի չմնաց այն միտումնավոր կենսուրախ տոնը, որով Բենը ուզում էր իրենց քաջալերել: Բենի առաջարկը այնքան էլ անհեթեթ չէր. ճիշտ է, միայն պայմանականորեն կարելի էր ընթրիք անվանել այն, ինչ նա առաջարկում էր:

Սակայն ի՜նչ կարևոր է դա։ Այնուամենայնիվ դա այնպիսի մի բան էր, որը կարող էր փոխարինել ընթրիքին, ճիշտ է` ոչ այնքան էական, ինչպես նրանք կուզենային։ Բայց դա կարող էր ոչ միայն երկարացնել նրանց կյանքը, այլև մի պահ թեթևացնել ճնշող ծան-րությունից: Դա մի գավաթ կանարյան ըմպելիքն էր։

Կատամարանցիները չէին մոռացել, թե ինչ ունեն իրենք։ Հակառակ դեպքում` նրանք, թերևս, ավելի շատ հուսահատվեին: Տակառի մեջ մի քիչ խաղողի հյութ էր մնացել, որը հուսալիորեն պահվում էր նրանց հին «պահեստում»: Մինչև այժմ նրանք իրենց ետ էին պահում այդ հյութը ճաշակելու գայթակղությունից, խնայելով ծայրահեղ պարագայի համար։ Հիմա, թվում էր, ժամանակը հասել է, և Բեն Բրասը ընթրիքի համար մի գավաթ գինի առաջարկեց։

Հասկանալի է, որ ոչ ոք չէր էլ մտածում առարկել այսքան հրապուրիչ առաջարկի դեմ։

Հանեցին տակառիկի խցանը, վերցրին փոքրիկ եղջերաչափը, որ փշրված նավակի բեկորների մեջ էր գտնվել, խնամքով կապեցին պարանով, իջեցրին տակառիկի մեջ ու դուրս քաշեցին քաղցր գինով լցված։ Եվ այն սկսեց շրջան գործել` մեկից մյուսին անցնելով. առաջինը նրան հպվեցին փոքրիկ Լալիի սիրունիկ շուրթերը։ Նորից ու նորից տակառիկի մեջ իջեցրին գավաթը և վերջապես խցանը դրեցին տեղը։ Այսպես, առանց ավելորդ ձևականությունների, ավարտվեց այդ ընթրիքը:

Ու չգիտեմ, գինու զվարթացնող ազդեցությունն էր, թե հուսահատությանը բնականորեն հաջորդող հոգեկան վիճակը վրա հասավ, միայն թե երկուսն էլ և՛ նավաստին, և՛ Ձյունիկը, տակառիկը խցանելով, նորից սկսեցին ապագայի ծրագրեր կազմել: Եվ նորից մի աղոտ հույս խլրտաց նրանց հոգում:

Զրուցում էին, թե արդյոք չփորձե՞ն անմիջապես, առանց րոպե իսկ կորցնելու, նորից կանգնեցնել կայմը ու բարձրացնել առագաստը։ Ճիշտ է, գիշերը ձյութի պես սև էր, բայց թե` հետո ի՞նչ։ Դա կարելի է անել նաև առանց լույսի. իսկ եթե պարան անհրաժեշտ լինի, ապա` չմտածեք, դա էլ գլուխ կբերեն առանց դժվարության, թեկուզ գիշերը տասնապատիկ ավելի մութ լինի։ Այսպես արտահայտվեց Ձյունիկը, թեև դա ֆիզիկապես անհնարին էր թվում։

Ընկերոջը համոզելիս նավաստին հետևյալ փաստարկն էր բերում. եթե առաջ գնան` վատ չի լինի։ Եթե շարժիչը լինելու է առագաստը, ապա այլևս իրենցից ջանք չի պահանվի, անկախ այն բանից` լաստը կշարժվի, թե անշարժ կմնա տեղում։

Իհարկե, դատողությունը սակավ համոզիչ էր։ Հազիվ թե դրա օգնությամբ կարելի էր որևէ բանի հասնել և համոզել ի ծնե ֆատալիստ նեգրին, որը երբեմն չափազանց անգործունյա էր լինում։ Բայց Բեն Բրասը գործի դրեց մի ավելի լուրջ փաստարկ, ու Ձյունիկը պատրաստակամությամբ համաձայնվեց:

– Միայն առա՛ջ,– ասում էր Բենը։– Այդպես ավելի շուտ նավ կտեսնենք, եթե այն պատահի ճանապարհին։ Իսկ եթե մնանք այստեղ, ինչպես դու ես ասում, ապա կարող է պատահել, որ այստեղ գան մեր տանջարարները: Գիտես, որ նրանք քամահայաց կողմից են գալիս և այն էլ` առագաստով… Եթե միայն ետ չեն գնացել, կաշալոտի մոտ։ Այդ դեպքում, իհարկե, նրանցից վախենալու բան չունենք։ Բայց ո՜վ գիտե. ավելի լավ է միջոցներ ձեռնարկենք։ Եկ առագաստը կանգնեցնենք։

– Շատ լավ, մասա Բրաս,– պատասխանեց Ձյունիկը, որը առաջ էլ միայն ձևականորեն էր հակաճառում։– Ճիշտ եք ասում։ Միայն հրամայեցեք, ու ես կպատասխանեմ` «Կանգնեցնե՛լ առագաստը»: Չէ որ հրաշալի քամի է... Ուզում եք հենց հիմա էլ գործի անցնենք:

– Լավ,– արձագանքեց նավաստին,– եկ սկսենք: Ձգիր առագաստալաթը։ Որքան շուտ` այնքան լավ...

Այլևս չխոսեցին: Միայն երբեմն լսվում էին Բենի ցածրաձայն տրվող ցուցումներն ու հրամանները. Բենն ու Ձյունիկը զբաղված էին «Կատամարան»-ի վրա կայմ կանգնեցնելով։

Հենց որ այդ գործը կարգավորեցին` ուղղահայաց կանգնեցրին առագաստափայտը, ամուր ձգեցին ու ամրացրին պարանասարքերը, նորից բարձրացված թաց առագաստը լցվեց հողմով և, ասես երգեցիկ ձայնով, լաստը քշեց ալիքների վրայով։


== Գլուխ XCVIII. Ուրվակա՞ն նավ, թե՞ հրդեհված նավ ==

Այժմ «Կատամարան»-ը առագաստը պարզած նորից գնում էր իր նախկին ճանապարհով: Թվում էր, թե անձնակազմի համար նորից ամեն ինչ նույնն էր, ինչպես սպանված կաշալոտի հետ հանդիպելուց առաջ։ Բայց, դժբախտաբար, ամենևին էլ այդպես չէր։

Հանգամանքները փոխվել էին դեպի վատը։ Այն ժամանակ դեռ որոշ մթերք կար. ճիշտ է` լրիվ օրաբաժնի համար չէր բավականացնում, բայց և այնպես բավականաչափ երկար ժամանակի համար նախատեսված ոչ մեծ պաշար կար։ Դեռ ավելին, նրանց տրամադրության տակ կային ինչ-որ զենքեր ու գործիքներ, որոնց օգնությամբ, պակասության դեպքում, կարող էին համալրել իրենց պաշարները։

Բոլորովին ուրիշ էր հիմա։ «Կատամարան»-ը նրանց ծառայում էր նույն հավատարմությամբ ու հուսալիությամբ, կահավորանքը նույնն էր, ինչ և այն ժամանակ, լողունակությունը բոլորովին չէր տուժել։ Բայց թե մատակարարումը, հատկապես «պարենային բաժինը», արդեն նախկին բարձրության վրա չէր, և դա խիստ ճնշում էր անձնակազմին։

Շուտով նորից վհատությունը պատեց նրանց. բայց, չնայած դրան, կատամարանցիները չէին կարող ընդդիմանալ քնին, թող ընթերցողը հիշի, որ անցած գիշեր նրանք քիչ քնեցին ուժեղ փոթորկի պատճառով. դրա նախորդ գիշերն էլ հազիվ հաջողվեց մի փոքր ննջել. չէ որ նրանք զբաղված էին շնաձկան միսը խորովելով։

Հյուծված օրգանիզմը հրամայաբար հանգիստ էր պահանջում։ Բոլորը տառացիորեն հալից ընկել էին. և անձնախումբը լրիվ կազմով գնաց հանգստանալու։ Ոչ ոք չմնաց նույնիսկ ղեկի մոտ հերթապահելու։

Որոշեցին այսպես` լաստը թողնել քամու կամքին, ուր ուզում է` թող գնա։

Երկնային շո՜ւնչը։ Միայն նա էր ավելի ու ավելի հեռու քշում «Կատամարան»-ը։

Թե որքան հեռու էր գնացել իր կամքին թողնված լաստը, գրված չէ հերթապահության մատյանում։ Միայն նշված է ժամանակը. հայտնի է, որ կես գիշերն անցել էր, բայց ոչ ոք չէր արթնացել. բոլորն էլ խոր քնած էին` առագաստի տեղադրումից հոգնած։

Առաջինը արթնացավ Վիլյամը:

Յունգան երբեք խոր չէր քնում, իսկ այս գիշեր հատկապես տագնապալի էր նրա քունը։ Սիրտն անհանգիստ էր, դեռ պառկելուց առաջ ինչ-որ անհասկանալի հուզմունք էր տանջում նրան։ Նա իր ճակատագրի համար չէր վախենում։ Թեև դեռ երիտասարդ էր, բայց արդեն իրեն զգում էր իսկական ծովային ու չէր կտրող տանջվել միայն եսասիրական նկատառումներով. նա անհանգստանում էր փոքրիկ Լալիի համար։

Արդեն շատ օրեր էր, ինչ նա հետևում էր այդ փոքրիկ արարածի ամբողջ կերպարանքի մեջ կատարվող փոփոխությանը։ Տղան նկատում էր, թե ինչպես քիչ-քիչ գունատվում էին Լալիի այտերը, թե ինչպես արագորեն հալվում էր նրա փոքրիկ մարմինը։ Այսօր, ահավոր ցնցումից հետո, որ ապրեցին բոլորը, փոքրիկ կրեոլուհին, կարծես, ավելի շատ էր թուլացել։ Եվ քնելիս յունգային տանջում էր տխուր կանխազգացումը, որ հենց Լալին կդառնա այն ծանր փորձությունների առաջին զոհը, որ իրենց համար դեռ պահել է ճակատագիրը, և որ շուտով, շատ շուտով դա կկատարվի։

Պատանեկան կապվածությունը և սիրելի աղջկա համար տագնապը չէին թողնում, որ յունգան խոր քնի։

Եվ լավ է, որ այդպես պատահեց, հակառակ դեպքում նրան չէր արթնացնի կեսգիշերին ծովի վրա «Կատամարան»-ի դեմ-դիմաց բռնկած պայծառ բոցը։ Իսկ եթե նա չարթնանար, ապա ոչ նրան, ոչ էլ նրա երեք ուղեկիցներին, թերևս, չէր վիճակվի այլևս մարդկային դեմք տեսնել, բացի հոգեվարքի ժամանակ միմյանց աչքերի մեջ նայելուց։

Հեռու-հեռվում, օվկիանոսի մութ ջրերը ցոլացնելով, բոցը լուսավորեց քնած կատամարանցիներին: Այն փայլատակեց ուղիղ յունգայի աչքերի մեջ, և Վիլյամն արթնացավ։

Սթափվելով, նա նայեց տեսիլքին, որը ապշեցրեց ու միաժամանակ անհանգստացրեց նրան։ Այո, կասկածից վեր էր, որ նավ է կամ դրա նման մի բան. բայց յունգան այդպիսի նավ դեռ չէր տեսել։

Նավը կարծես հրդեհով էր բռնված։ Ծխի խոշոր քուլաները բարձրանում էին տախտակամածից ու փռվում նավախելի վրա, հասնելով գրեթե ստորին կայմապարաններին: Նավախելը պայծառ լուսավորված էր կրակե սյուներով, որոնք ծառս էին լինում առաջակայմի մոտ։ Այսպիսի տեսարանի անսովոր ամեն մարդ, մի հայացք գցելով, անմիջապես կմտածեր` նավի վրա հրդեհ է։

Մինչդեռ Վիլյամն արդեն պետք է որ հասկանար այն, ինչ այժմ տեսնում էր։ Դժբախտաբար, վառվող նավի տեսարանը նրա համար նորություն չէր։ Նա ինքն էր ականատես եղել այն նավի խորտակմանը, որը նրան բերել էր Ատլանտյան օվկիանոս և այդպես էլ թողել այստեղ մինչև այսօր, ահավոր վտանգների մեջ։

Բայց այդ հրդեհի հետ կապված հիշողությունները նրան այնքան էլ չօգնեցին հասկանալու այն, ինչ այժմ կատարվում էր նրա աչքի առաջ։ Նա տեսել էր, թե ինչպես «Պանդորա»-ի տախտակամածում մարդիկ վայրի սարսափով դես ու դեն էին ընկնում` բոցերից ազատվելու համար։ Իսկ այստեղ, հեռվում երևացող նավի վրա, բոլորովին հակառակ պատկերն է աչքի զարնում։ Նա տեսնում է, թե ինչպես մարդիկ կանգնած են հենց կրակե սյուների առջև և ոչ միայն հանգիստ մնում են փոթորկվող բոցի մոտ, այլև կարծես աշխատում են է՛լ ավելի բորբոքել կրակը։

Նման տեսարանը կարող էր սարսափահար անել ու խորապես շփոթեցնել նույնիսկ ամենահմուտ ծովայինին։ Այս տեսնելիս մարդ ակամա ուզում էր հարցնել` «Ի՞նչ է սա` ուրվակա՞ն նավ, թե՞ հրդեհված նավ»։


== Գլուխ XCIX. Կետորսական նավը ==

Այս բոլոր դիտումները, որ հանգամանորեն նկարագրեցինք, ոչ ավելի քան տասը վայրկյան խլեցին յունգայից։ Մի ակնթարթում նա հայացքով ընդգրկեց անսպասելիորեն իրենց առջև բացված այդ տարօրինակ տեսարանը։ Նրա մտքով անգամ չանցավ ծագած հարցի պատասխանը որոնել։ Սարսափից ու զարմանքից ցնցված, նա շտապ արթնացրեց ընկերներին։

Երեքն էլ արթնանալով, անմիջապես գոռացին։ Եվ միաժամանակ արձակված ճիչերը վկայում էին ամենահակասական զգացումների մասին։ Աղջիկը ճչաց սաստիկ վախից։ Ձյունիկը աղաղակեց` զարմանքի ու տագնապի խառը զգացումից, իսկ նավաստին, ի մեծ զարմանք Վիլյամի և մյուսների, անզուսպ ցնծություն ապրեց և այնքան կտրուկ շարժումով ոտքի ելավ, որ քիչ մնաց շրջեր «Կատամարան»-ը։

Դեռ ոչ ոք չէր հասցրել բերանը բաց անել հարցնելու համար, թե ինչ է կատարվում, երբ Բեն Բրասն արդեն կանգնած, ինչքան ուժ ուներ, գոռում էր ու աղաղակում։

Նավաստին ավելի ու ավելի հստակ էր կրկնում «Հե՜յ, նավի մարդիկ» այնքան սովորական, վաղուց ծանոթ բացականչությունը, այն մյուս ողջույնների հետ միասին, որ ընդունված են, ծովային սովորության համաձայն, անցնող նավի երևալու ժամանակ։

– Թող Աստված ինձ պատժի, թե նավ չէ,– ասաց Ձյունի-կը:– Եվ նավի վրա հրդեհ է։

– Ո՛չ, ո՛չ,– իսկույն առարկեց նախկին հարպունահարը:– Ոչ մի դեպքում։ Սովորական կետորսական նավ է, որի վրա սպանված կաշալոտների ճարպն են հալում: Մի՞թե չես տեսնում, որ մարդիկ կանգնած են ճարպահալման կաթսաների մոտ և ճարպակտորներ են գցում մեջը… Ողորմա՜ծ աստված: Իսկ եթե նրանք անցնեն մեր մոտով ու չլսեն մեր բացականչություննե՜րը... Հե՜յ, նավի մարդիկ։ Հե՜յ, կետորսական...– նորից իր հզոր թոքերի ամբողջ ուժով գոռաց նավաստին։

Ձյունիկն էլ նրան միացրեց իր զիլ ձայնը։ Նախկին հարպունահարի ասածից անմիջապես կռահելով ինչն ինչոց է, նա հասկացավ, թե որքան կարևոր է, որ իրենց լսեն:

Մի քանի րոպե շարունակ «Կատամարան»-ը թնդում էր աղաղակներից` «Հե՜յ, նավի մարդիկ։ Հե՜յ, կետորսական»… Թվում էր, թե նրանց կարելի էր լսել նույնիսկ ավելի հեռվում, քան այդ հանելուկային նավն էր գտնվում։ Բայց, ի սարսափ կատամարանցիների, նրանց չէին պատասխանում։
Այժմ արդեն նրանք պարզորոշ տեսնում էին նավը և նկատում այն ամենը, ինչ կատարվում էր տախտակամածում: Երկու կրակե սյուները, բարձրանալով հենց առաջակայմի մոտ տեղադրված ճարպահալման հսկայական կաթսաներից, լուսավորում էին ոչ միայն տախտակամածը, այլև շրջակայքը` շատ մղոնների վրա։

Մեր նավաբեկյալները տեսնում էին, թե ինչպես փոթորկվող բոցի դեղին հրացոլքից շառագունած թանձր ծխի խոշոր քուլաները պարուրում են նավախելը, և ինչպես պայծառ կրակների հրացոլքում շարժվում են հսկաներ թվացող մարդկանց ուրվաստվերները։ Ոմանք կանգնած են հենց հնոցի առջև, ոմանք էլ դես ու դեն են գնում, ու բոլորն էլ խիստ զբաղված են ինչ-որ գործով, որը յուրաքանչյուրին, բացի նախկին հարպունահարից, բացարձակ անհեթեթություն կթվար:

Չնայած ամեն ինչ հստակ երևում էր, ու նավն էլ մոտիկ էր, բայց լաստի մարդիկ, որքան էլ բարձր էին գոռում, չէին կարողանում լսել տալ իրենց։

Դա այնքան տարօրինակ թվաց կատամարանցիներին, որ նրանք իսկապես պատրաստ էին հավատալու, թե ուրվական նավ է կանգնած իրենց առջև, իսկ նրա վրա երևացող հսկայական կերպարանքները ոչ թե մարդիկ են, այլ ուրվականներ:

Բայց նախկին հարպունահարը բավականաչափ իմաստնացած էր փորձով և չէր կարող այդ անհեթեթությանը հավատալ: Նա գիտեր, որ դա սովորական կետորսական նավ է` իր անձնակազմով, ու նաև հասկանում էր, թե ինչու նավաստիները չեն պատասխանում իրենց կանչին. նրանք պարզապես չեն լսում։ Բոցի ոռնոցը խլացնում է մնացած բոլոր ձայները, և կետորսները նույնիսկ կողքին կանգնած ընկերոջ ձայնը չեն լսում:
Այս ամենն անցավ Բեն Բրասի մտքով, և մահացու սարսափը պատեց նրան մտածելիս, որ նավը կարող է առանց իրենց լսելու և նկատելու` անցնել մոտով։

Նրանք, հավանաբար, այսքան ողբալի վախճանից չէին խուսափի, եթե հաջողությունը չժպտար։ Նրանց փրկեց մի հանգամանք, որը և օվկիանոսի երկու թափառականների` «Կատամարան»-ի ու կետորսականի այդ պատահական հանդիպումը հանգեցրեց երջանիկ ավարտի։

Կետորսական նավը, որի վրա, դատելով ըստ ամենայնի, վերջերս հարպունահարված կետի ճարպն էր հալեցվում, անշարժ կանգնել էր քամու դիմաց։ Իհարկե, այժմ նա չէր կարող արագ առաջ շարժվել, և, դրանից բացի, անձնակազմը շատ էլ չէր հոգում այդ մասին։

Մինչ կետորսականը դանդաղ մոտենում է, քիթը գրեթե քամու կողմ արած, կատամարանցիները կարող են առանց դժվարության լաստը քամահայաց կողմից ընդհուպ մոտեցնել նրան։

Նավաստին անմիջապես գլխի ընկավ, թե ինչպիսի հաղթաթուղթ ունեն իրենց ձեռքին։ Հենց որ նա համոզվեց, թե այդպիսի հեռավորությունից իրենց չեն լսի, անմիջապես նետվեց դեպի ղեկաթին, շրջեց այն և լաստը տարավ ճիշտ դեպի կետորսական նավը, ասես վճռելով ընդհարվել նրա հետ։

Եվս մի քանի ակնթարթ` ու «Կատամարան»-ը գտնվում էր նավի քթամասից մեկ կաբելտով հեռավորության վրա։ Եվ այստեղ Ձյունիկն ու նավաստին նորից խլացուցիչ գոռացին` «Հե՜յ, նավի մարդիկ…»: Թեև այս անգամ աղաղակը լսվեց, բայց անմիջապես չպատասխանեցին։ Լաստի մարդկանց բացականչություններով կլանված նավաստիները նայում Էին բոցերով լուսավորված ջրին և, հենց իրենց նավի քթի տակ այդպիսի տարօրինակ նավ տեսնելով, մի պահ քարացել էին զարմանքից։

Սակայն նախկին հարպունահարը շուտով ընդհանուր լեզու գտավ նրանց հետ։ Եվ տասը րոպե հետո կատամարանցիներն այլևս չէին դողում ցրտից, իսկ սովն արդեն չէր տանջում նրանց դատարկ որովայնը։ Այժմ նրանք կանգնած էին բոցավառվող կրակի առջև, առատ ու սննդարար մթերքներով ծանրաբեռնված սեղանի մոտ։ Նրանց շրջապատել էին բազմաթիվ հասարակ, ազնիվ մարդիկ, և յուրաքանչյուրն իր հոգատարությամբ ուզում էր գերազանցել մյուսին, որ նավաբեկյալները լավ զգային իրենց։


== Գլուխ C. Վիպակի վերջը ==

Եվ այսպես, կատամարանցիներն այլևս «օվկիանոսում կորածներ» չէին։ Նրանք միացան կետորսական նավի անձնակազմին, իսկ նրանց փոքրիկ ուղևորուհին ապաստան ու քնքշանք գտավ նավապետի սենյակում։

«Կատամարան»-ը մի կողմ չշպրտվեց և ոչ էլ «խարիսխ գցեց», ինչպես ծովայիններն են ասում։ Լաստը բաժանեցին մասերի ու բարձրացրին նավի վրա, որտեղ այն դեռևս ծառայելու էր ամենատարբեր նպատակների համար. կիրառում կգտնեն պարանները, կայմասարքերն ու առագաստը, գերանները կգրվեն հյուսնի տրամադրության տակ, իսկ տակառները կընկնեն տակառագործի մոտ, որտեղ, հավանաբար, կլցվեն այն թանկարժեք սպերմացետով, որի հալումով զբաղված է անձնակազմը։

Նավի վրա մի փոքր մնալուց հետո Բեն Բրասը համոզվեց, թե որքան ճիշտ դուրս եկավ իր ենթադրությունը։ Դա հենց նույն կետորսական նավն էր, որի նավաստիները վելբոտներից հարպունահարել և «լոգանների վրա» թողել էին մեռած կաշալոտին։ Սպանված կաշալոտը այն մեծ վտառի արուն էր, որին հետապնդում էին կետորսները։ Առանց նավից ետ մնալու, վելբոտներն ընկել էին ուրիշ կաշալոտների ետևից. կետորսները սպանել էին դրանցից մի քանիսին, բայց հետապնդման թունդ պահին կորցրել էին այն մեկի հետքը, որին վիրավորել էին առաջինը։

Այնուամենայնիվ նրանք պատրաստվում էին բռնված կաշալոտների մսեղիքի մշակումն անմիջապես վերջացնելուց հետո մեկնել նրան որոնելու։ Այժմ Բեն Բրասի ցուցումների շնորհիվ կետորսականի նավապետի համար շատ ավելի հեշտ էր գտնել կորցրած որսը։ Կաշալոտը, նավապետի կարծիքով, պետք է որ յոթանասուն-ութսուն տակառ ճարպ տար. և դրա համար, իհարկե, արժեր չարչարվելով այնտեղ հասնել։
Նավաբեկյալներին տախտակամած բարձրացնելու հաջորդ օրը նավը, ճարպահալման հնոցների կրակները հանգցնելով, գնաց որոնելու «լոգանների վրա» թողնված կաշալոտին։

Այդ ժամանակամիջոցում «Կատամարան»-ի նախկին անձնակազմն արդեն հասցրել էր իր բոլոր արկածների մասին պատմել փրկարարներին։ Օվկիանոսում կորածները վախենում էին, որ մսեղիքի մոտ կարող են հանդիպել մեծ լաստի ավազակախմբին։ Այդօրինակ հնարավորությունը շատ հետաքրքրեց կետորսականի նավաստիներին։ Եվ երբ նավը մոտենում էր այն տեղին, որտեղ պետք է սպանված կաշալոտը լիներ, բոլորի հայացքներն ուղղվեցին օվկիանոսին:

Կաշալոտի որոնումները պսակվեցին հաջողությամբ։ Կետորսները նրան տեսան այն պահին, երբ արևը մայր էր մտնում։ Դեռ գիշերը վրա հասնելուց առաջ, մթնշաղում, նավը կանգ առավ մսեղիքի մոտ։ Երբ նավը մոտեցավ, վեր սլացավ լողացող զանգվածի վրա տեղավորված ծովային թռչունների մի մեծ երամ. ըստ երևույթին, այստեղ մարդիկ չկային։ Մեծ լաստը ոչ մի տեղ չէր երևում. նրա` այստեղ վերադառնալու ոչ մի նշան չկար։ Բայց թե պահպանվել էր ջրհորի կռունկի նման ծիծաղաշարժ կառույցը, որ կատամարանցիները կանգնեցրել էին մսեղիքի ամենավերևի մասում։ Այն մնում էր ճիշտ նույն դիրքում, ինչ դիրքում որ լքվել էր, միայն շնաձկան կտորներն էին ածխացել ու մոխրացել, և մեկ էլ ներքևում արդեն չէր բոցկլտում կրակը։

Ինչ որ է, խորտակված ստրկատար նավի զոհերի ճակատագիրը շատ երկար գաղտնիք չմնաց։ Երեք օր հետո, երբ կետորսները մշակել էին կաշալոտի մսեղիքը և ճարպը հալեցրել, նավը նորից ճանապարհ ընկավ։ Շուտով նրանք տեսան ջրի վրա լողացող երկու-երեք նավահեծաններ ու մի քանի դատարկ տակառներ։ Դժվար չէր ճանաչել «Պանդորա»-ի մեծ լաստի բեկորները, որոնք տարուբերվում էին այն տեղի մոտերքում, որտեղ քիչ առաջ կետորսները սպանված կաշալոտն էին մշակել։

Կարելի էր ենթադրել, թե ինչ էր կատարվել։ Այն փոթորիկը, որին դիմացավ «Կատամարան»-ը, ճակատագրական էր եղել մեծ լաստի համար։ Մի կերպ սարքված, չափազանց վատ ղեկավարվող լաստը փշուր-փշուր էր եղել, և դժբախտ նավաստիները, տակառից կամ գերանից կառչելու ուժ չունենալով, հավանաբար, խեղդվել էին։ Եվ Վիլյամը պատմում էր հետո.

– Այսպես զոհվեց ստրկատար նավի անձնակազմը: Նրանցից ոչ մեկը՝ ոչ նավակով փրկվածները, ոչ էլ մեծ լաստի վրա գտնվողները, այլևս երբեք ցամաք չտեսան: Նրանք զոհվեցին անծայրածիր օվկիանոսում, զոհվեցին ահավոր մահով, և ոչ ոք օգնության ձեռք չմեկնեց, ոչ ոք չողբաց նրանց։
Իսկապես, նրանց գազանային դաժանության զոհերի` սևամորթ ստրուկների վրեժը, կարծես, լուծված էր։

Եթե մեր խնդիրը լիներ տալ կատամարանցիների հետագա ամբողջ պատմությունը, ապա դա շատ հաճելի զբաղմունք կլիներ, թերևս ավելի հաճելի, քան նրանց նշանավոր «նավի» ճանապարհորդության նկարագրությունը:

Սակայն մեզ տեղ է մնում միայն նրա համար, որ համառոտակի եզրափակենք այս պատմությունը։

Կետորսական նավ ոտք գնելու հաջորդ օրը Ձյունիկը նշանակվեց գլխավոր խոհարար։ Նա այդ բարձր պաշտոնում մնաց մի քանի տարի և այն թողեց միայն նրա համար, որ նույնպիսի դիրք գրավի նավապետ Բենջամին Բրասի հրամանատարության տակ գտնվող հրա-շալի նավում, որը մշտական առևտուր էր անում աֆրիկյան երկրների հետ։ Բայց մի՞թե դա հենց այն «աֆրիկական առևտուրն» էր, որով զբաղվում էին «Պանդորա»-ն և մյուս ստրկատար նավերը։ Ո՛չ, ո՛չ, նավապետ Բրասն այդպիսի ապրանք չէր փոխադրում իր նավով։ Նրա նավամբարները լիքն էին ոչ թե սևամորթներով, այլ սպիտակ փղոսկրով, դեղին ոսկե ավազով և ջայլամի փետուրներով։ Եվ իզուր չէին լուրեր պտտվում, թե աֆրիկյան ափը կատարած յուրաքանչյուր այդպիսի ուղերթից հետո այդ նավի նավապետն ու տերը ամեն անգամ սովորություն ուներ գնալու անգլիական բանկը, որտեղ մի կլոր գումար էր մուծում իր ընթացիկ հաշվին։

Շատ տարիներ անփոփոխ հաջողությամբ առևտրով զբաղվելուց հետո նա՝ նախկին հարպունահարը, ռազմական նավատորմի նավաստին, «Կատամարան»-ի երբեմնի հրամանատարն ու աֆրիկյան առևտրանավի նավապետը, որոշեց հանգստի գնալ։ Նա մի խաղաղ նավահանգիստ գտավ իր համար ու «խարիսխ գցեց» Հեմփսթեդ Հաուզի վիլլայում, որտեղ և մինչև այսօր վայելում է իր ծխամորճը, մի բաժակ գրոգն ու հաճելի ժամանցը:

Իսկ ինչ վերաբերում է «փոքրիկ Վիլյամին», ապա այժմ արդեն վաղուց դադարել են նրան այդպես կոչելուց, հենց այն պահից, երբ նա դարձավ առաջնակարգ առագաստաշոգենավի նավապետ և սկսեց առևտուր անել Արևելյան Հնդկաստանի հետ։ Եվ մի՞թե այդ անունը վայելում է վեց ֆուտ հասակ ունեցող մարդուն, որը կանգնած է իր սեփական նավի տախտակամածի միջին մասում և դեմքով ու կեցվածքով այնպիսի մի երիտասարդ է, որին հաջողվել է առանց դժվարության կին առնել իրեն քնքշորեն սիրող աղջկան: Աղջիկը գեղեցկուհի է, խոր, ազնվությամբ շնչող հայացքով, ձյութի պես սև, փարթամ մազերով ու շատ թուխ դեմքով։ Ոմանք գտնում են, որ նրա երակներում արևելյան արյուն է հոսում, և որ նավապետը նրան բերել է Հնդկաստանից, իր սովորական մի ուղերթից հայրենիք վերադառնալիս։ Բայց ավելի մոտիկ բարեկամները կարող են մեկ ուրիշ պատմություն անել, որը լսել են հենց նրանից. նրանք գիտեն, որ նավապետի կինը Աֆրիկայում ծնված կրեոլուհի է և անունն է Լալի։

Նրանք լսել են նաև, որ նավապետը առաջին անգամ Լալիի հետ ծանոթացել է, ստրկատար նավի վրա, և որ մանկական բարեկամությունը, հետագայում վերածվելով սիրո, նրանց ամուր իրար է կապել, երբ նավաբեկության զոհ դարձած, նրանք լաստով տարուբերվել են ալիքների վրա, Ատլանտյան օվկիանոսի տարածություններում կորած։


----
<references/>