Այսպես եմ ես կարծում։ Բայց չէ որ ես սոսկ կին եմ, համարյա երեխա, ընդսմին առաջին կինը, որը փորձում է գլուխ հանել այդ հարցից, և շատ հավանական է, որ իմ անփորձության ու անգիտության պատճառով սխալ հետևության եմ հանգել։
==Քառասուն տարի անց==
Իմ միակ ցանկությունը և ջերմեռանդ աղերսանքն այն է, որ մենք կարողանանք այս աշխարհից հեռանալ միասին, և այս աղերսանքը հավիտյան կհնչի երկրի երեսին, բոլոր ժամանակներում այն կապրի յուրաքանչյուր սիրող կնոջ սրտում, և այն կկոչեն Եվայի աղոթք։
Բայց եթե մեզանից մեկը պետք է առաջինը հեռանա այս աշխարհից, թող դա ես լինեմ, և այդ մասին է իմ աղերսանքը, որովհետև նա ուժեղ է, իսկ ես թույլ եմ, և ես այնպես անհրաժեշտ չեմ նրան, ինչպես նա՝ ինձ, առանց նրա կյանքն ինձ համար կյանք չէ․ ես ինչպե՞ս եմ քարշ տալու իմ գոյությունը։ Այս աղերսանքը ևս հավիտենական կլինի և կբարձրանա երկինք, քանի դեռ երկրի երեսին ապրում է մարդկային ցեղը։ Ես առաջին կինն եմ երկրի երեսին և կկրկնվեմ վերջին կնոջ մեջ։
::::::::Եվայի գերեզմանի մոտ
Ադամ։ Այնտեղ, որտեղ նա կար, Դրախտն էր։
==Հատված Եվայի ինքնակենսագրությունից==
Սեր, անդորր, հաշտություն, անսահամանորեն խաղաղ երջանկություն՝ այսպես գիտեինք մենք կյանքը դրախտի այգում։ Ապրելը հաճույք էր։ Թռչող ժամանակը չէր թողնում ոչ մի հետք՝ ո՛չ տառապանք, ո՛չ զառամություն, հիվանդությունները, վիշտը, հոգսը տեղ չունեին Եդեմում։ Դրանք թաքնված էին նրա պարսպից դուրս, բայց ներս թափանցել չէին կարողանում։ Բոլոր օրերը այնտեղ նման էին միմյանց, և դրանցից յուրաքանչյուրը անսահման ցնծություն էր։
Իսկ որքա՜ն հետաքրքիր բաներ կային այնտեղ։ Չէ որ մենք երեխաներ էինք և անգետ երեխաներ։ Այժմ անհնար է անգամ պատկերացնել, թե որքան անգետ էինք մենք։ Մենք ոչինչ չգիտեինք, բացարձակապես ոչինչ։ Մենք ստիպված էինք սկսել ամենասկզբից։ Մենք պետք է սովորեինք ամբողջը ի սկզբանե։ Այժմ չորս տարեկան երեխան հիանալի հասկանում է այն, ինչի մասին մենք պատկերացում չունեինք նույնիսկ երեսուն տարեկանում։ Չէ որ մենք անդայակ և անուսուղիչ երեխաներ էինք։ Ոչ ոք մեզ ոչինչ չէր բացատրում։ Մենք բառարան չունեինք և չգիտեինք՝ ճիշտ ենք գործածում բառերը թե ոչ․ մենք նախապատվությունը տալիս էինք երկար բառերին, բայց, ինչպես հիմա գիտեմ, մեզ դուր էին գալիս դրանց հնչեղությունն ու պատկառելիությունը, իսկ իրականում հաճախ անգամ նվազագույն պատկերացում չունեինք, թե դրանք, ըստ էության, ինչ են նշանակում։ Իսկ մեր ուղղագրությունը մի աներևակայելի բան էր։ Բայց այդպիսի մանրուքները մեզ ամենևին չէին անհանգստացնում։ Մենք ուզում էինք կուտակել ավելի մեծ թվով շքեղ բառեր, իսկ թե ինչ եղանակով՝ դա կարևոր չէր։
Բայց ամեն բանից ավելի մեզ դուր էր գալիս սովորելը, մեր տեսած բոլոր իրերի ու երևույթների պատճառները, բնույթն ու դերն իմանալը, ուսումնասիրելը․ դա իսկական կիրք էր։ Ադամը թե՛ հակումներով, թե՛ բնավորությամբ իսկական գիտնական էր, առանց կեղծ համեստության ես կարող եմ նույնը ասել նաև իմ մասին, և մենք սիրում էինք մեզ կոչել այդ վեհ բառով։ Մեզանից յուրաքանչյուրը տենչում էր գիտական հայտնագործություններով գերազանցել մյուսին, և այդ բարեկամական մրցակցությունը մեզ խթանում էր, թույլ չէր տալիս անգործության մատնվել ու տարվել դատարկ բավականությունների որոնմամբ։
Մեր կատարած առաջին հիշարժան գիտական հայտնագործությունը այն օրենքն էր, ըստ որի ջուրը և դրա նման հեղուկները հոսում են դեպի ցած, այլ ոչ թե դեպի վեր։ Այդ հայտնագործությունն արեց Ադամը։ Շատ օրերի ընթացքում նա գաղտնի կատարում էր իր փորձերը և դրանց մասին ինձ ոչինչ չէր ասում, որովհետև ուզում էր նախ վերջնականապես համոզվել։ Ես գիտեի, որ նրա հիանալի ուղեղը զբաղված է մի ինչ֊որ կարևոր հարցի լուծմամբ, որովհետև նա անհանգիստ էր քնում և գիշերները շարունակ շուռումուռ էր գալիս անկողնում։ Բայց, վերջապես, նրա վերջին տարակուսանքները ցրվեցին, և ամեն ինչ ինձ պատմեց։ Ես ուղղակի չէի կարողանում նրան հավատալ, այնքան տարօրինակ էր դա թվում։ Իմ զարմանքը նրա պարգևն էր, նրա հաղթանակը։ Նա ինձ տանում էր առվակից֊առվակ, մենք զննեցինք մի քանի տասնյակ առվակներ, անվերջ կրկնելով․ «Ահա՛, տեսնո՞ւմ ես, նա հոսում է բլրակից։ Ամեն անգամ դրանք ցած էին վազում և դրանցից ոչ մեկը չի վազում վերև, բլուրնիվեր։ Իմ ենթադրությունը ճիշտ է։ Բոլոր փաստերը հաստատում են այդ։ Դա ապացուցված է։ Ոչ մի բան չի կարող այն հերքել»։ Որքան հաճելի էր տեսնել այն ուրախությունը, որ նրան պատճառել էր իր մեծ հայտնագործությունը։
Հիմա մի երեխա էլ չի գտնվի, որը զարմանա, տեսնելով, որ ջուրը հոսում է բլրից ցած, այլ ոչ թե բլուրնիվեր։ Բայց այն ժամանակ դա շշմեցնող ու անհավանական բան էր թվում։ Գիտեք ինչ, ես այդ հասարակ երևույթը անգիտակցաբար դիտել եմ իմ ստեղծման պահից, բայց երբեք դրան ուշադրություն չեմ դարձրել։ Միանգամից չէ, որ ես ընտելացա այդ մտքին ու հարմարվեցի դրան, և այդ բանից հետո դեռ երկար ժամանակ հենց որ հոսող ջուր էի տեսնում, ակամայից սկսում էի հետևել, թե այն ուր է հոսում, ակնկալելով, թե ուր որ է կհայտանաբերեմ մի բացառություն Ադամի օրենքից, բայց ի վերջո, վերջնականապես համոզվեցի և հիմա շատ կզարմանամ ու կշփոթվեմ, եթե հանկարծ տեսնեմ մի ջրվեժ, որը թափվի վերև, այլ ոչ թե ներքև։ Գիտելիքները ծանր աշխատանքով են ձեռք բերվում։ Գիտության ոչ մի մասնիկ ձրի չի տրվում մեզ։
Այդ օրենքը Ադամի առաջին նշանակալից ավանդն էր գիտության մեջ և երկու հարյուրամյակից ավելի նրա անունն էր կրում՝ «Ադամի օրենքը հեղուկների հոսքի մասին»։ Ադամի տրամադրությունը միշտ կարելի էր բարձրացնել, եթե նրա ներկայությամբ, իբր թե, պատահաբար, այդ օրենքի մասին մի երկու֊երեք գովասանական բառ արտասանեիր։ Չեմ թաքցնում, որ նա անչափ հպարտանում էր իր հայտնագործությամբ, բայց չէր գոռոզանում։ Սնապարծությունը նրան միշտ խորթ էր, նա այնքան լավն էր, սիրալիր ու բարեսիրտ։ Նա, ձեռքը սրտնեղությամբ թափահարելով, սովորաբար պատասխանում էր, թե դատարկ բան է, թե մեկ ուրիշ գիտնական անպայման կհայտնագործեր նույն բանը։ Եվ, այնուամենայնիվ, եթե որևէ եկվոր նրա հետ հանդիպում ունենալիս անքաղաքավարությամբ մոռանում էր հիշատակել այդ օրենքի մասին, մենք միշտ նկատում էինք, որ նա երկրորդ անգամ հրավեր չէր ստանում։ Մի երկու հարյուրամյակ հետո տարակուսանքներ ծագեցին, թե իրականում ով է հայտնագործել այդ օրենքը․ գիտական ընկերությունները կես դարից ավելի վիճում էին, և այդ հայտնագործության պատիվը շնորհեցին նորերից մեկին։ Դա դաժան հարված էր։ Ադամը այդպես էլ չկարողացավ այդ հարվածից ուշքի գալ։ Վեց հարյուր տարի այդ վիշտը կրծում էր նրա սիրտը, և ես համոզված եմ, որ դա էլ նրան գերեզման տարավ։ Հասկանալի է, որ մինչև իր կյանքի վերջը նա թագավորներից և մյուս բոլոր մարդկանցից վեր էր կանգնած որպես Առաջին Մարդ, և վայելում էր այն բոլոր մեծարանքները, որոնց իրավունքը տալիս էր այդ տիտղոսը, բայց այդ պատիվները չէին կարող փոխհատուցել այդչափ վշտալի կորուստը, որովհետև իսկական գիտնական էր, առաջին գիտնականը երկրի վրա, և նա շատ անգամ է ինձ խոստովանել, որ եթե հեղուկների հոսքի օրենքի առաջին հայտնագործողի իր փառքը պահպանվեր, ինքը կհամաձայներ համարվել իր սեփական որդին և Երկրորդ Մարդը։ Ես նրան մխիթարում էի ինչպես կարող էի։ Ասում էի, որ նրա համբավը, Առաջին Մարդու համբավը հավիտենական է, բայց կգա ժամանակը, երբ ջուրը դեպի ցած հոսելու օրենքի կեղծ հայտնագործողի անունը կմոռացվի, կչքվի և կանհետանա երկրի երեսից։ Եվ ես դրան հավատում եմ։ Ես երբեք չեմ դադարել դրան հավատալուց։ Իհարկե, այդ օրը կգա։
Իր հաջորդ մեծ հաղթանակով գիտությունը ինձ է պարտական։ Այսինքն, ես եմ պարզել, թե կաթն ինչպես է մտել կովի մեջ։ Մենք երկուսով երկար ժամանակ գլուխ էինք ջարդում այդ գաղտնիքը պարզելու համար։ Տարիներ շարունակ կրնկակոխ շրջում էինք կովերի ետևից, իհարկե, ցերեկը, բայց ոչ մի անգամ չտեսանք, որ նրանք այդ գույնի հեղուկ խմեին։ Ուստի մենք, վերջապես, հանգեցինք այն հետևության, որ նրանք կաթը հայթայթում են գիշերները։ Այդ ժամանակ մենք սկսեցինք հերթով նրանց հետևել գիշերները։ Արդյունքը դարձյալ նույնն էր լինում՝ հանելուկը մնում էր չլուծված։ Սկսնակներից այլ եղանակներ չէր էլ կարելի սպասել, իսկ այժմ, իհարկե, դժվար չէր նկատել, թե դրանք որքան ոչ գիտական էին։ Սակայն ժամանակի ընթացքում փորձը մեզ ավելի հուսալի գործելակերպ հուշեց։ Մի անգամ գիշերը, երբ ես պառկած, մտազբաղ դիտում էի աստղերը, իմ գլում մի սքանչելի միտք ծագեց, և ես տեսա, թե դա ինչպես կարելի է անել։ Ես արդեն ուզում էի արթնացնել Ադամին և ամեն բան նրան պատմել, բայց ինձ զսպեցի և գաղտնիքս չհայտնեցի։ Մինչև առավոտ աչք փակել չկարողացա։ Հենց որ լուսաբացի առաջին ճառագայթը շողաց, ես անաղմուկ դուրս սողացի և, անտառի խորքում գտնելով մի կանաչ բացատ, այն ցանկապատեցի, ապա այդ ապահով փարախում փակեցի մի կով։ Ես նրան մաքուր կթեցի և թողեցի այնտեղ գերության մեջ։ Նա խմելու ոչինչ չուներ․ նա կա՛մ պետք է կաթ ստեղծեր ինչ֊որ գաղտնի կերպով, կա՛մ էլ այդպես կթած մնար։
Ամբողջ օրը հանգիստ չունեի և բոլոր հարցերին պատասխանում էի անպատեհորեն, որովհետև միայն մի փորձի մասին էի մտածում։ Բայց Ադամը զբաղված էր բազմապատկման աղյուսակի հայտնագործությամբ, և ոչինչ չնկատեց։ Մայրամուտից քիչ առաջ նա արդեն պարզել էր, որ վեց անգամ ինը հավասար է քսանյոթի, և քանի դեռ այդ հայտնագործությամբ արբած նա մոռացել էր իմ գոյության և աշխարհում ամեն բանի մասին, ես գաղտագողի գնացի իմ կովի մոտ։ Հուզմունքից ու անհաջողության մատնվելու երկյուղից ձեռքերս այնպես էին դողում, որ մի քանի րոպե չէի կարողանում ինչպես հարկն է բռնել կովի պտուկները։ Բայց, վերջապես, դա ինձ հաջողվեց, և․․․ կաթը ցայտեց։ Երկու գալոն։ Երկու գալոն, չնայած որ կաթ պատրաստելու համար կովը ոչ մի հյութ չէր ընդունել։ Եվ ես իսկույն գտա դրա բացատրությունը․ կովը բերանով չէր կուլ տալիս կաթը, այն օդից կոնդենսացվում էր կովի մորթու վրայի մազերի միջոցով։
Ես վազեվազ գնացի Ադամին այդ ամենը պատմելու, և նա էլ ինձ նման երջանիկ էր ու անասելի հպարտանում էր ինձանով։
Հետո նա հանկարծ ասաց․ «Գիտես, դու ոչ թե մեկ, այլ ամբողջ երկու կարևոր ու բազմախոստում ավանդ ես ներդրել գիտության մեջ։
Եվ դա ճիշտ էր։ Կատարելով մի շարք փորձեր, մենք արդեն վաղուց համոզվել էինք, որ մթնոլորտային օդը անտեսանելի վիճակում գտնվող կախույթաջուր է, իսկ ջուրը կազմված է ջրածնից ու թթվածնից, ըստ որում երկու մաս ջրածնին ընկնում է մեկ մաս թթվածին, որն արտահայտվում է H₂O բանաձևով։ Իմ հայտնագործությունն ապացուցեց, որ գոյություն ունի ևս մի բաղադրամաս՝ կաթը, և մենք ճշտեցինք բանաձևը՝ H₂OԿ։
==Հատվածներ Եվայի օրագրերից, որոնք մտցված են նրա ինքնակենսագրության մեջ==
Եվս մի հայտնագործություն։ Մի առիթով նկատեցի, որ Ուիլյամ Մակ Քինլին<ref>Ուիլյամ Մաք Քինլի՝ ԱՄՆ֊ի պրեզիդենտ 1897-1901 թթ։</ref> իսկական հիվանդի տեսք ունի։ Դա ամենառաջին առյուծն է, և ես հենց սկզբից նրան շատ կապվեցի։ Ես զննեցի խեղճին, փնտրելով նրա տկարության պատճառը, և պարզեցի, որ նրա բկին կանգնել է մի գլուխ չծամված կաղամբ։ Այն դուրս քաշել չկարողացա, ուստի ավելից հանեցի մի փայտիկ և դրանով կաղամբը ներս հրեցի։ Ուիլյամ Մաք Քինլին անմիջապես թեթևություն զգաց։ Նրանով զբաղվելիս ես ստիպում էի երախը լայն բացել, որպեսզի ինձ համար ավելի հարմար լիներ ներս նայել, և նկատեցի, որ նրա ատամներն ինչ֊որ տարօրինակ են։ Եվ ահա հիմա ես դրանք ուշադիր գիտական զննման ենթարկեցի ու մեծագույն զարմանքով հայտնագործեցի հետևյալը․ առյուծը բուսակեր չէ, նա գիշակեր գազան է։ Համենայն դեպս, նա պատրաստվում է դառնալ գիշակեր գազան։
Ես վազեցի Ադամի մոտ և այդ մասին հաղորդեցի նրան, բայց նա, իհարկե, միայն քմծիծաղ տվեց և ասաց․
― Իսկ նա լեշ որտե՞ղ կգտնի։
Ես հարկադրված էի խոստովանել, որ այդ չգիտեմ։
― Հիանալի է։ Ուրեմն, դու ինքդ տեսնում ես, որ դա զուտ երևակայություն է։ Լեշը ուտելու համար չի նախատեսված, այլապես այն ի վերուստ կառաքվեր։ Քանի որ ի վերուստ առաքված լեշ գոյություն չունի, այստեղից անհերքելիորեն հետևում է, որ աշխարհաստեղծման պլանի մեջ գիշակեր արարածներ մտցված չեն եղել։ Սա տրամաբանական է, այնպես չէ՞։
― Տրամաբանական է։
― Այս դատողության մեջ կա՞, արդյոք, որևէ բռնազբոսիկ բան։
― Ոչ։
― Լավ։ Այդ դեպքում դու ինչո՞վ կարող ես դրան առարկել։
― Նրանով, որ գոյություն ունի տրամաբանությունից բարձր մի բան։
― Մի՞թե։ Իսկ դա ի՞նչն է։
― Փաստերը։
Ես մոտ կանչեցի պատահած առաջին առյուծին և նրան հրամայեցի բանալ երախը։
― Հապա նայիր քամուց պաշտպանված վերին ծնոտը, ― ասացի ես։ ― Մի՞թե առջևի այս երկար ատամը ժանիք չէ։
Նա զարմացավ և վճռականորեն ու ծանրակշիռ ասաց․
― Երդվում եմ իմ լուսապսակով, որ դա ժանիք է։
― Իսկ սրա հետևի այն չո՞րսը։
― Մանր սեղանատամներ են, եթե դատողությունն ինձ չի դավաճանում։
― Իսկ դրանց հետևի այն երկո՞ւսը։
― Սեղանատամներ են կամ ես ընդունակ չեմ աչքաչափով տարբերել սեղանատամը անցյալ ժամանակի ածական դերբայից։ Ես այլևս առարկելու ոչինչ չունեմ։ Վիճակագրությունը չի կարող սխալվել՝ այս գազանը բուսակեր չէ։
Այ նա միշտ այդպիսին է՝ ո՛չ մանրախնդրություն, ո՛չ նախանձ, միայն արդարամտություն և մեծահոգություն։ Ապացուցեք նրան որևէ բան, և նա անմիջապես ու առանց մազաչափ վիրավորվելու կխոստովանի, որ ինքը իրավացի չի եղել։ Չգիտեմ, արդյոք, ես արժանի՞ եմ այդ սքանչելի երիտասարդին, որն այնքա՜ն գեղեցիկ է ու ազնիվ։
Դա տեղի ունեցավ անցյալ շաբաթ։ Դրանից հետո մենք հետազոտեցինք շատ կենդանիների և համոզվեցինք, որ այս տեղերում կան գիշակեր գազաններ, թեև առաջ մենք այդ բնավ չէինք նկատում։ Եվ ահա հիմա, չգիտես ինչու, շատ տխուր է նայել բենգալական փառահեղ առյուծին, որը գետնամորի ու սոխ է խժռում․ դա ինչ֊որ չի համապատասխանում նրա էությանը, թեև առաջ ես նման բան չեմ զգացել։
(Ավելի ուշ)։ Այսօր մենք անտառում Ձայն լսեցինք։
Երկար ժամանակ փնտրում էինք նրան, բայց այդպես էլ չգտանք։ Ադամն ասաց, որ այդ Ձայնը առաջ էլ է լեսել, բայց երբեք չի տեսել նրան, թեև շատ մոտ է գտնվել։ Ադամի կարծիքով, այդ Ձայնը օդի նման է և այն տեսնել հնարավոր չէ։ Ես Ադամին խնդրեցի պատմել ամեն բան, ինչ գիտեր դրա մասին, բայց նա համարյա ոչինչ չգիտեր։ Դա Այգու Տիրակալն է, ասաց նա, որը իրեն հրամայել է խնամել ու պահպանել Այգին, և մեկ էլ Ձայնը ասել է, թե կա մի ծառ, որի պտուղը չպետք է ուտենք, եթե կերանք, անպայման կմեռնենք։ Մեր մահը անխուսափելի կլինի։ Դրանից ավելի Ադամը չգիտեր։ Ես ուզեցի տեսնել այդ ծառը, և մենք երկար ու անչափ հաճելի մի ճանապարհով գնացինք ու հասանք մեկուսի և շատ գեղեցիկ մի վայր, որտեղ աճում էր այդ ծառը․ այնտեղ նստեցինք գետնին, և երկար ժամանակ դիտում էինք ծառն ու զրուցում։ Ադամն ասաց, որ դա չարն ու բարին իմանալու ծառն է։
― Չարն ու բարի՞ն։
― Այո՛։
― Իսկ դա ի՞նչ է։
― Ի՞նչ «դա»։
― Դե, հենց դա։ Ի՞նչ բան է «բարին»։
― Չգիտեմ։ Ի՞նչ իմանամ։
― Լավ, իսկ «չա՞րը»։
― Երևի մի որևէ առարկայի անուն է, բայց չգիտեմ ինչ առարկայի։
― Ադամ, բայց չէ որ դու պետք է դրա մասին գոնե որոշ պատկերացում ունենաս։
― Իսկ ինչո՞ւ։ Ես այն երբեք չեմ տեսել, ինչպե՞ս կարող եմ նրա մասին պատկերացում ունենալ։ Իսկ քո կարծիքով դա ի՞նչ է։
― Իհարկե, ես ոչինչ չէի կարող նրան պատասխանել, և հասկացա, թե իմ կողմից ինչպիսի անմտություն էր նրանից բացատրություն պահանջելը։ Մենք ոչ մի կերպ չէինք կարող կռահել, թե դա ինչ բան է։ Պարզապես, մի նոր բառ, ինչպես որ «բարին»։ Առաջ մենք այդպիսի բառեր երբեք չէինք լսել, և դրանք մեզ համար ոչ մի իմաստ չունեին։ Ես շարունակում էի դրանց մասին մտածել և շուտով հարցրեցի․
― Ադամ, իսկ այդ մյուս նոր բառերը՝ «կմեռնենք» և «մահ», դրանք ի՞նչ են նշանակում։
― Գաղափար չունեմ։
― Իսկ ի՞նչ ես կարծում, դրանք ի՞նչ կարող են նշանակել։
― Փոքրիկս, մի՞թե չես զգում, թե որքան անհնար է գոնե մոտավորապես կռահել, թե ինչի մասին է խոսքը, եթե ես առհասարակ ոչինչ չգիտեմ այդ մասին։ Մարդը ի վիճակի չէ կարծելու, եթե նա կարծելու բան չունի։ Մի՞թե այդպես չէ։
― Այո․․․ իհարկե, բայց շատ ցավալի է։ Չէ որ հենց նրա համար եմ ես ուզում իմանալ, որովհետև ոչինչ չգիտեմ։
Որոշ ժամանակ մենք լուռ նստած գլուխ էինք կոտրում այդ հանելուկի վրա, բայց հանկարծ ես կռահեցի, թե ինչ պետք է անել բոլոր տարակուսանքները ցրելու համար և նույնիսկ զարմացա, թե ինչպես մենք այդ իսկույն չմտածեցինք․ դա հո այնքան հասարակ բան էր։ Ես վեր թռա ու բացականչեցի․
― Ի՜նչ հիմարն ենք մենք։ Եկ այդ պտուղն ուտենք, մենք «կմեռնենք», կիմանանք ինչ բան է «մահը», ու այլևս դրա պատճառով չենք տանջվի։
Ադամը համաձայնեց ինձ հետ, ոտքի ելավ և արդեն ձեռքը մեկնել էր խնձորին, երբ հանկարծ մեր մոտով կաղեկաղ անցավ շատ հետաքրքիր մի արարած, որի նմանը դեռ չէինք տեսել, և մենք, իհարկե, մոռանալով գիտության հետ առնչություն չունեցող մանրուքները, վազեցինք այդ արարածի հետևից, որն ամենաուղղակի առնչություն ուներ գիտության հետ։
Շատ մղոններ մենք սարերով ու հովիտներով վազում էինք այդ անճոռնի, թևծափող հրեշի հետևից, մինչև որ հասանք հովտի արևմտյան մասը, որտեղ մեծ ժանտաթզենի է աճում, և այդտեղ մենք նրան բռնեցինք։ Ինչպիսի՜ ուրախություն, ինչպիսի՜ ցնծություն։ Պարզվեց, որ պտերոդակտիլ է։ Որքա՜ն հմայիչ ու լավիկն էր այդ ճիվաղը։ Եվ որքա՜ն չարն էր ու որքա՜ն զզվելիորեն էր կռնչում։ Մենք երկու առյուծ կանչեցինք, և նրանց հեծած տուն եկանք, նրան էլ վերցնելով հետներս, և հիմա նա նստած է մեր կողքին․ արդեն ուշ է, բայց ես չեմ պառկում քնելու․ այնքան հմայիչ է այդ հրեշը և, բացի այդ, իսկական արքայական ավանդ է գիտության մեջ։ Ես գիտեմ, որ աչք չեմ փակի, շարունակ կմտածեմ նրա մասին ու անհամբեր կսպասեմ լուսաբացին, որպեսզի րոպե առաջ հետազոտեմ նրան, զննեմ, կռահեմ նրա ծագման գաղտնիքը և որոշեմ, թե որքանով է նա թռչուն ու որքանով սողուն, և սահմանեմ՝ վերապրո՞ւկ է նա թե բնական ընտրության արդյունք․ ասենք, վերջինս, դատելով հրեշի տեսքից, տարակուսելի է։ Օ՜, գիտություն։ Քո առջև մյուս բոլոր հետաքրքրությունները մշուշի նման ցրվում են։
Ադամն արթնացավ։ Նա ինձ խնդրում է, որ չմոռանամ գրի առնել այդ չորս նոր բառերը։ Ուրեմն, նա արդեն մոռացել է։ Բայց ես դրանք հիշում եմ։ Հանուն նրա ես միշտ զգաստ եմ։ Դրանք արդեն գրի են առնված։ Նա բառարան է կազմում։ Համենայն դեպս նրան այդպես է թվում, սակայն ես նկատում եմ, որ բոլոր գլխացավանքներն ինձ են բաժին ընկնում։ Բայց ինչ մեծ բան է որ։ Ես սիրում եմ անել այն, ինչ նա ինձ խնդրում է, իսկ բառարանի հետ կապված աշխատանքն ինձ առանձնահատուկ բավականություն է պատճառում, որովհետև հակառակ դեպքում խեղճ տղան շատ անհարմար վիճակի մեջ կընկներ։ Անչափ ոչ գիտական է նրա ուղղագրությունը։ «Մուկ» բառը նա գրում է «գ»֊ով, իսկ «տամուկը»֊ը՝ «կ»֊ով, թեև այդ երկու բառերը միևնույն արմատն ունեն։
Երեք օր անց։ Հակիրճության համար մենք նրան Տերի ենք կանչում, և նա ուղղակի սքանչելի է։ Այս երեք օրը մենք ամբողջ ժամանակ հենց միայն նրանով ենք զբաղված։ Ադամը չի կարողանում հասկանալ, թե գիտությունն ինչպես է մինչև այժմ յոլա գնացել առանց Տերիի, և ես նրա հետ համաձայն եմ։ Մեր կատուն, տեսնելով օտարի, իրեն թույլ տվեց օտարի հետ չափից ավելի ազատ վարվել, բայց տեղնուտեղը ափսոսաց դրա համար։ Տերին այնպես չանչեց Թոմասին՝ քթից մինչև պոչը, որ նրա մազերը երկինք թռան, և Թոմասը հեռացավ այնպիսի տեսքով, կարծես անակնկալ էր պատրաստել, իսկ հիմա ազատ ժամանակ ուզում է մտածել, թե ինչու ամեն բան հակառակը ստացվեց։ Տերին սքանչելի է, նրա հետ ոչ մեկը համեմատվել չի կարող։ Ադամը նրան հանգամանորեն հետազոտել է և այժմ համոզված է, որ նա բնական ընտրության արդյունք է։ Ինձ թվում է, որ Թոմասը այլ կարծիքի է։
Երրորդ տարի։ Հուլիսի սկզբին Ադամը նկատել էր, որ լճակի ձկներից մեկի վրա ոտքեր են աճել․ այդ ձուկը կետազգիների ընտանիքին է պատկանում, բայց կետ չէ, այլ միայն նրա գաճաճ տարատեսակը։ «Շերեփուկ» է կոչվում։ Մենք մեծագույն հետաքրքրությամբ զննում էինք նրան, որովհետև որոշել էինք, որ եթե նրա ոտքերը բավականաչափ աճեն, ամրանան և պիտանի լինեն գործի համար, մենք ոտքեր կաճեցնենք նաև մյուս ձկների վրա, որպեսզի նրանք կարողանան դուրս գալ ցամաք և այնտեղ ազատ զբոսնեն։ Մեզ հաճախ վշտացնում է այդ թշվառների վիճակը, որոնք ապրում են հավիտենական խոնավության մեջ և դատապարտված են միշտ մնալու ջրում, մինչդեռ մյուս բոլոր արարածները կարող են ծաղիկների մեջ վազվզել և ուրախանալ։ Շուտով ոտքերը բոլորովին իսկական դարձան, և կետից գորտ ստացվեց։ Նա ափ դուրս եկավ, սկսեց թռչկոտել և ուրախ երգել, հատկապես երեկոները, որովհետև նրա երախտագիտությունն անսահման էր։ Մյուսները հետևեցին նրա օրինակին, և հիմա գիշերները մենք կատարյալ երաժշտություն ենք ունենում, մի բան, որ շատ հաճելի է առաջվա լռության համեմատությամբ։
Մենք ափ էինք հանում ամենաբազմապիսի ձկներ և նրանց բաց թողնում մարգագետնում զբոսնելու, բայց ամեն անգամ մեզ մի նոր հիասթափություն էր սպասվում՝ նրանց վրա ոտքեր չէին աճում։ Դա շատ տարօրինակ էր, մենք ոչինչ չէինք կարողանում հասկանալ։ Մեկ շաբաթ էլ չէր անցել, որ նրանք բոլորը նորից ջուրը մտան, և թվում է, թե նրանց այնտեղ ավելի դուր է գալիս, քան ցամաքում։ Մենք հետևություն արեցինք, որ ձկներն առհասարակ ցամաքը չեն սիրում և դրանով չեն հետաքրքրվում, բոլորը, բացի կետերից։ Այստեղից մոտ երեք հարյուր մղոն հեռու մի ընդարձակ լճում մեծ կետեր են ապրում, և Ադամը գնաց այնտեղ, որպեսզի նրանց վրա ոտքեր աճեցնի և նրանց կյանքը ավելի երջանիկ դարձնի։
Նրա գնալուց մեկ շաբաթ անց ծնվեց փոքրիկ Կայենը։ Ես շատ զարմացա․ ես չէի էլ կասկածում, թե նման բան կարող էր պատահել։ Բայց, ինչպես սիրում է ասել Ադամը, միշտ պատահում է այն, ինչ չես սպասում։
Սկզբում չհասկացա, թե նա ինչ է, և մտածեցի, որ մի նոր կենդանի է։ Բայց նրան հետազոտելով համոզվեցի, որ դա սխալ է, որովհետև անօգնական ճուտիկը ո՛չ ատամ ուներ ու համարյա ոչ էլ մազ։ Նրա որոշ գծեր լիովին մարդկային էին, բայց դրանք բավարար չէին, որպեսզի ես գիտական իրավունք ունենայի նրան դասելու այդ տեսակին։ Այնպես որ սկզբում նա դիտվում էր որպես lusus naturae,<ref>Բնության խաղ (լատ․)։</ref> այլանդակություն, և միառժամանակ հարկ եղավ դրանով սահմանափակվել, սպասելով նրա հետագա զարգացմանը։
Սակայն շուտով նա սկսեց ինձ հետաքրքրել, այդ հետաքրքրությունն օրեցօր աճում էր և դարձավ ավելի ջերմ զգացում՝ մտերմություն, հետո սեր, իսկ այնուհետև՝ կույր աստվածացում։ Այդ էակը տիրեց իմ ամբողջ հոգուն, և ես անասելիորեն երջանիկ էի ու իմ բախտից շնորհակալ։ Կյանքը դարձավ երանություն, ցնծություն, զմայլանք, և ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե փափագում էի, որ Ադամը շուտ վերադառնա և ինձ հետ բաժանի իմ անսահման ուրախությունը։
Չորրորդ և հինգերորդ տարիներ։ Վերջապես, նա վերադարձավ, բայց չհամաձայնեց, որ դա երեխա է։ Նա լավագույն մտադրություններ ունի, և ես նրան շատ եմ սիրում, բայց նա միշտ նախ գիտնական է և հետո միայն մարդ, այդպիսին է նա իր բնույթով, և յուրաքանչյուր փաստ անպայման ուզում է գիտականորեն ստուգել։ Թե որքան տագնապալից օրեր անցկացրի ես հաջորդ տարվա ընթացքում, մինչ նա կատարում էր իր փորձերը, նկարագրել անհնար է։ Ադամը փոքրիկին ենթարկում էր ամեն տեսակ զրկանքների ու փորձությունների, որպեսզի պարզեր՝ թռչո՞ւն է նա, սողո՞ւն թե չորքոտանի, և որն է նրա դերը․ այնպես որ ես հոգնածությունից ու հուսահատությունից ուժասպառ լինելով, գիշեր ու ցերեկ շրջում էի նրա հետևից, աշխատելով փոքրիկին հանգստացնել և ինչ֊որ չափով օգնել տանելու այդ փորձությունները։ Ադամը կարծում էր, թե ես փոքրիկին անտառում եմ գտել, և ես չէի փորձում նրան հակառակը համոզել, քանի որ այդ միտքը նրան հարկադրում էր ժամանակ առ ժամանակ գնալ անտառ մեկ ուրիշ նույնպիսի արարած փնտրելու, իսկ ես և փոքրիկը այդ ժամանակամիջոցում կարողանում էինք հանգստանալ և ուժ հավաքել։ Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ես ինչպիսի թեթևություն էի զգում, երբ նա դադարեցնում էր իր սարսափելի փորձերը, հավաքում թակարդներն ու խայծերը և գնում անտառ։ Հենց որ նա տեսադաշտից անհետանում էր, ես փոքրիկին սեղմում էի կրծքիս, անդադար համբուրում և ուրախությունից լալիս։ Խեղճ մանկիկն ասես հասկանում էր, որ մեզ համար ինչ֊որ հաճելի բան է կատարվել, և տոտիկները շարժելով ղունղունում էր ու երջանիկ լայն ժպիտով բացում անատամ փոքրիկ բերանը՝ ընդհուպ մինչև ուղեղը, եթե, իհարկե, նրա ուղեղը հենց այդտեղ է գտնվում։
Տասներորդ տարի։ Հետո լույս աշխարհ եկավ մեր փոքրիկ Աբելը։ Իմ կարծիքով, մենք մեկուկես֊երկու տարեկան էինք, երբ ծնվեց Կայենը, և երեք կամ երեքուկես տարեկան, երբ մեր ընտանիքում ավելացավ Աբելը։ Մինչ այդ Ադամն արդեն շատ բան էր հասկացել։ Նրա փորձերը աստիճանաբար դառնում էին պակաս վտանգավոր և, վերջապես, Գլեդիսի ու Էդվինայի ծնվելուց հետո (հինգերորդ և վեցերորդ տարում) լիովին դադարեցին։ Նա քնքշորեն սիրեց երեխաներին այն բանից հետո, երբ գիտականորեն նրանց դասակարգեց, և այդ ժամանակից ի վեր Եդեմում լիակատար երջանկություն էր տիրում։
Հիմա մենք ինը երեխա ունենք․ դրանց կեսը տղաներ են, կեսը՝ աղջիկներ։
Կայենն ու Աբելը սկսել են սովորել։ Կայենը արդեն կարողանում է գումարել ինձանից ոչ վատ և, բացի այդ, մի քիչ էլ՝ հանել և բազմապատկել։ Աբելն այնպես ընդունակ չէ, ինչպես նրա եղբայրը, բայց նա էլ շատ ջանասեր է, և այդ հատկությունը ասես թե փոխարինում է խելամտությանը։ Երեք ժամում Աբելը սովորում է նույնքան, որքան Կայենը, բայց Կայենը այդ ընթացքում կարողանում է մի երկու ժամ էլ խաղալ։ Այսպիսով, թեև Աբելը ճանապարհին շատ է թրև գալիս, բայց, ինչպես Ադամն է ասում, «տեղ է հասնում ճիշտ ըստ չվացուցակի»։ Ադամը հանգեց այն հետևության, որ ջանասիրությունը նույնպես տաղանդ է, և այդ բառը զետեղեց բառարանի համապատասխան բաժնում։ Ես համոզված եմ, որ գրագիտությունը նույնպես ձիրք է։ Չնայած իր փայլուն ընդունակություններին, Կայենը անգրագետ է գրում։ Այդ տեսակետից նա շատ նման է իր հորը, որը մեր բոլորից ավելի ընդունակ է, բայց որի ուղղագրությունը միանգամայն աննկարագրելի է։ Ես գրագետ եմ գրում, և Աբելը՝ նույնպես։ Այս առանձին փաստերը դեռ ոչինչ չեն ապացուցում, որովհետև այդ փոքրաթիվ օրինակները բավական չեն ընդհանուր սկզբունք սահմանելու համար, բայց դրանք, այնուամենայնիվ, ստիպում են ենթադրել, որ գրագետ գրելու ընդունակությունը հատուկ ձիրք է, որը մարդուն տրվում է ի ծնե, և միջակ խելքի նշան է։ Այստեղից կարելի է հակառակ հետևություն անել՝ դրա բացակայությունը բարձր մտավոր կարողության նշան է։ Երբեմն, երբ Ադամը իր աղացով անցկացնում է որևէ պատկառելի բառ, ասենք՝ «ռացիոնալիզմ», և, ճակատի քրտինքը սրբելով, արդյունքի հասնում, ես պատրաստ եմ նրա առջև ծնկի գալու՝ նա մոտավորապես այնքան մեծ, հզոր ու հոյակապ է թվում։ Նա ընդունակ է «թոքախտաբույժ» բառը գրելու ավելի շատ եղանակներով, քան առհասարակ կարելի է մտածել։
Կայենն ու Աբելը շատ լավ տղաներ են և քնքշորեն հոգ են տանում իրենց կրտսեր եղբայրների ու քույրերի մասին։ Չորս ավագները ուր ուզեն թափառում են, և մենք հաճախ երկու֊երեք օր անընդմեջ նրանց չենք տեսնում։ Մի անգամ նրանք Գլեդիսին կորցրել էին և առանց նրա տուն վերադարձան։ Նրանք ոչ մի կերպ չէին կարողանում բացատրել, թե որտեղ էին նրան կորցրել։ Ինչ֊որ հեռու մի տեղ, ասում էին նրանք, բայց թե որտեղ՝ իրենք էլ չգիտեն, որովհետև առաջ երբեք այդ տեղերում չէին եղել։ Այնտեղ շատ կան հատապտուղներ, որ մենք անվանում ենք «մահաբեր շնախաղող», իսկ թե ինչու մահաբեր, ինքներս էլ չգիտենք։ Այդ բառը ոչ մի իմաստ չունի․ մենք դրա համար գործածեցինք այն բառերից մեկը, որ շատ վաղուց լսել էինք Ձայնից, որովհետև մենք սիրում ենք ամեն մի հարմար դեպքում նոր բառեր օգտագործել, որպեսզի դրանց ընտելանանք, ու սովորական դառնան։ Երեխաներն այդ հատապտուղները շատ են սիրում, և դրանք հավաքելով, երկար թափառել են թփուտների մեջ, իսկ երբ որոշել են ուրիշ տեղ գնալ, տեսել են, որ Գլեդիսը անհետացել է, և նա չի պատասխանել սրանց կանչերին։
Հաջորդ օրը նա չվերադարձավ։ Երկրորդ օրն էլ, երրորդ օրն էլ։ Անցավ ևս երեք օր, իսկ նա չէր վերադառնում։ Դա շատ տարօրինակ էր․ մինչ այդ նման բան դեռ չէր պատահել։ Դա շարժեց մեր հետաքրքրությունը։ Ադամը որոշեց, որ եթե նա վաղը կամ, ծայրահեղ դեպքում, վաղը չէ մյուս օրն էլ չվերադառնա, մենք պետք է Կայենին ու Աբելին ուղարկենք որոնումների։
Այդպես էլ արեցինք։ Նրանք երեք օր բացակայեցին, բայց և այնպես Գլեդիսին գտան։ Նա շատ արկածներ էր ունեցել։ Առաջին իսկ գիշերը մթության մեջ նա գետն էր ընկել, և հոսանքը նրան տարել էր շատ հեռու, թե որքան հեռու՝ նա չգիտեր, և դուրս էր գցել մի ավազոտ ծանծաղուտ։ Դրանից հետո նա հյուրընկալվել էր կենգուրույի ընտանիքում, որը նրան շատ լավ ընդունել և խնամել էր։ Մայր կենգուրուն նրա նկատմամբ արտակարգ քնքուշ ու հոգատար է եղել, ամեն օր նա իր ձագուկներին հանել է պարկից և ուղևորվել դեպի բլուրներն ու հովիտները՝ կեր հայթայթելու, տունը է վերադարձել պարկը լիքը ամենահասուն մրգերով ու ընկույզներով և գրեթե ամեն երեկո նրանց մոտ հյուրեր են եկել՝ արջեր, ճագարներ, մորաճուռակներ, հավեր, աղվեսներ, բորենիներ, ժանտաքիսներ ու ամեն տեսակ ուրիշ գազաններ, և բոլորը շատ ուրախ ժամանակ են անցկացրել։ Կենդանիներն, ըստ երևույթին, անհանգստացել էին, որ աղջկա վրա մորթի չկա, և երբ քնել է, նրան ծածկել են տերևներով ու մամուռով, որպեսզի նրա նուրբ մաշկը ցրտից պաշտպանվի։ Տղաները նրան գտել էին հենց այդ վիճակում՝ տերևների կույտի տակ պառկած։ Առաջին օրերին նա իրեն շատ վատ էր զգացել, որ տնից այդքան հեռու է, բայց հետո դա անցել էր։
«Վատ զգալ»․ դա նրա սեփական արտահայտությունն է։ Մենք այն զետեղեցինք բառարանում և շուտով դրա համար կգտնենք որևէ իմաստ։ Այն կազմված է մեզ արդեն հայտնի բառերից, որոնք ունեն ինքնուրույն պարզ իմաստ, թեև կապակցության մեջ դրանք այդ իմաստը ասես կորցնում են։ Բառարան կազմելը շատ գրավիչ, բաց դժվար աշխատանք է, ինչպես ասում է Ադամը․․․
==Մի էջ Եվայի ինքնակենսագրությունից, աշխարհաստեղծման 920-րդ տարի==
Այո, այն հեռավոր, պարզունակ, անհոգ ժամանակներում մեր թեթևամտության պատճառով մտքներովս անգամ չէր անցնում, որ մենք՝ համեստ, անհայտ, փոքր մարդիկս, օրորում, խնամում ու փայփայում ենք ամենանշանակալից ու արտասովոր մի իրադարձության, որին էլ վիճակված էր տիեզերքում տեղի ունենալ այս հազարամյակի ընթացքում՝ մարդկության հիմնադրումը։
Ճիշտ է, առաջին օրերին, աշխարհն ամայի էր, բայց պարզվեց, որ դա ուղղելի բան է։ Երբ լրացավ մեր երեսուն տարին, մենք արդեն երեսուն երեխա ունեինք, իսկ մեր երեխաներն ունեին երեքհարյուր երեխա, ևս քսան տարի անց բնակչության թիվն աճեց, հասնելով վեց հազարի, իսկ երկրորդ հարյուրամյակի վերջին այդ թիվը հասավ մի քանի միլիոնի։ Որովհետև մեր ընտանիքը երկարակյաց էր և միայն քչերն էին մահանում։ Իմ երեխաների կեսից ավելին մինչև այսօր էլ ողջ են։ Ես ծննդաբերում էի մինչև հասակս առնելը։ Իմ երեխաներից համարյա ոչ մեկը, որոնք բարեհաջող անցկացրին մանկության առաջին քնքուշ տարիները, այդ ժամանակից ի վեր չի մահացել։ Նույնն է նաև ուրիշ ընտանիքներում։ Մարդկության թիվն այժմ միլիարդների է հասել։
==Մաթուսաղայի օրագիրը==
::::::::::Առաջին հատված
Աշխարհի սկզբնավորումից հաշված 747 թվականի չորրորդ ամսի առաջին օրը։ Այս տարի լրացավ իմ վաթսուն տարին, քանի որ ծնվել եմ աշխարհի սկզբնավորումից հաշված 687 թվականին։ Ինձ մոտ եկան իմ ազգականները և ինձ թախանձում էին ամուսնանալ, որպեսզի մեր տոհմը շարունակվի։ Այդպիսի հոգս ստանձնելու համար ես դեռ երիտասարդ եմ, թեև ինձ հայտնի է, որ հայրս՝ Ենովքը, և՛ պապ Հարեդը, և՛ իմ նախապապ Մաղաղայելը, և՛ նախանախապապ Կայինան, բոլոր ել ամուսնացել են այն տարիքում, որին ես հասել եմ։ Եվ նրանք բոլորը ինձ հետ խոսել են իմ մասին, բոլորն էլ ցանկանում են, որ ես ամուսնանամ, քանզի ես իմ հոր ավագ որդին եմ և մեր իշխանական տոհմի ապագա գլխավորը՝ երբ հասնի հերթս, նաև նրան պատկանող քաղաքների, հողերի ու տիտղոսների տերը, երբ աստվածներն կամենան իրենց մոտ կանչել այժմ ապրող ժառանգորդներին, որոնք կանգնած են իմ և այդ բարձր աստիճանի միջև։
Տասներորդ օր։ Ընծաներ տվեցի մի քանի իմաստունների ու նրանց ծառաներին և նրանց ուղարկեցի իրենց հայրենի երկիրը, որովհետև այլևս դաստիարակների կարիք չեմ զգում, քանզի իմ պատանեկությունը վերջացավ և այսօր ոտք եմ դնում հասունության շեմին։ Ուց իմաստունի հետ, որն ապրում է հեռավոր Նոդ երկրի Ենովք կոչվող հնադարյան քաղաքում, ես ուղարկեցի նաև մի զորավարի՝ մեծաթիվ քաջ ռազմիկներով և իմ սեփական թիկնապահների թվից, որպեսզի վերջիններս նրա քարավանը պաշտպանեին Իավալայի որդիներից, որոնք ավազակություն են անում այդ ճանապարհին գտնվող անապատում։ Նրա ծոռնադուստր Ցիլան առայժմ մնացել է նրանց ազգական Ամբակումի տանը, քանի որ նա չի հոգնել նրանց մոտ հյուրընկալվելուց, նրանք էլ՝ նրան իրենց մոտ հյուր տեսնելուց։ Գեղեցիկ և համեստ օրիորդ է։
Տասնութերորդ օր։ Մեր քաղաքի կառուցման տարեդարձն է։ Թող բարգավաճի Աումրաթը և նրանք, ովքեր ապրում են նրա պարիսպների ներսում։ Իմ նախապապ Մաղաղայելը, որը 300 տարի առաջ դրել է քաղաքի հիմնաքարը, հանդիսավոր բազմում էր տաճարի սրբարանում և ընդունում քաղաքի ավագներին, գովաբանելով նրա վեհությունը, և՛ փառքը, և՛ հզորությունը, և՛ փառահեղությունը, ու ասելով, որ ինքը տեսել է, թե ինչպես է կառուցվել քաղաքի առաջին տունը, և հետևել է, թե ինչպես այդ խոնարհ սերմից աճել է քաղաքը, մինչև որ ծածկել է հինգ բլուրներն ու նրանց միջև ընկած հովիտները, այնպես որ նրա բնակիչներին ոչ ոք ի վիճակի չէ հաշվել։ Եվ իրոք, դա մի շքեղ քաղաք է՝ տաճարներով ու պալատներով, ամուր պարիսպներով ու անծայրածիր փողոցներով, և նրանում չկա մի տուն, որը քարից չլինի կառուցված։ Ամենաառաջին տունը հնացել և փլվել է, բայց մարդիկ բոլոր կողմերից գալիս են երկյուղածությամբ դիտելու այն, և ոչ ոքի չի թույլատրվում փչացնել տունը, թեև անխոհեմ շատ եկվորներ հեռավոր երկրներից բերել են դրա հնադարյան քարերի վրա իրենց և բոլորին անհայտ այն գյուղերի անունները փորագրելու փուչ սովորությունը, որտեղ իրենք ծնվել են․ չափազանց տխմար մի սովորություն, և հիմար է նա, ով դրան հետևում է։
Քսանչորսերորդ օր։ Այսօր հորս պալատում ինչ֊որ խեղկատակներ ներկայացում էին տալիս, և նրանցից մեկը կրակ էր լափում․ շիկացած ածուխները դնում էր բերանը, ծամում և կուլ տալիս։ Ու բացի այդ, խմում էր բոցավառվող նավթը և ոչ թե զզվանք, այլ միայն բավականություն ու բերկրանք էր արտահայտում։
Իսկ մեկ ուրիշը, երեխայի վրա կործելով զամբյուղը, սուրը խրեց այդ զամբյուղի մեջ և երեխայի հեծկլտանքի տակ դուրս քաշեց արյունաշաղախ սուրը։ Իսկ երբ զամբյուղը շրջեցին, այնտեղ ո՛չ երեխա տեսանք, ո՛չ էլ արյան հետք։ Բայց դրանք հնացած աչքակապություններ են և շատ բան չարժեն։
Երրորդն էլ կուլ տվեց մարդու թևի երկարությամբ կեռ թուրը։ Այդ խեղկատակը քաղցրալեզու էր և գեղեցիկ, բայց և այնպես ես ի խորոց սրտի ուզում էի, որ այդ թուրը կտրատեր նրա փորոտիքը և դրանով իսկ վերջ դներ այդ ներկայացմանը, որովհետև ո՛չ ես, ո՛չ էլ մեկ ուրիշը չի համարձակվում ո՛չ նստել հորս ներկայությամբ, ո՛չ էլ նրանից առաջ հեռանալ դահլիճից։ Իսկ հայրս շատ գոհ էր և շատ էլ զարմանում էր․ և ինչպես կարող էր այլ կերպ լինել, երբ նա մեկուսի կյանք է վարում, զբաղվելով գիտությամբ, չի տեսնում, թե ինչ է կատարվում աշխարհում։ Հիրավի, այդ պարզունակ կատակները նրան այնպես էին հիացրել, ինչպես կհիացնեին առաջին անգամ իր գյուղից դուրս եկած մի չտես գեղջուկի։
Հետո նա շքեղ և երբներանգ հագնված իր բոլոր պալատականների, մեծամեծների ու աստիճանավորների ուղեկցությամբ գնաց թատրոն։ Նորեկ դերասան Լուցը, որի համբավն այժմ տարածված է երկրով մեկ, այնպես հուզեց բազմությանը, հիանալիորեն խաղալով Ադամի դերը «Վտարում Եդեմից» վաղեմի ու աննման դասական թատրոնում (նման ոչ մի բան ներկա ժամանակներում էլ չեն գրում), որ բոլորը բարձրաձայն հեկեկում էին և շուտով աղմկելով ոտքի կանգնեցին ու կանգնած մնացին այնքան երկար, որ թվում էր, թե հուր հավիտյան չէին դադարելու ծափահարել։ Բայց այդ ժամանակ ներս մտավ Իևելը՝ նախանախանախանախապապ Ենոսի չծերացող խորթ եղբայրը, հոնքերը բարձրացրեց և խղճահարությամբ նայեց շուրջը, կարծես թե ասելով․ « Եվ սա նրանք դերասանական խաղ են անվանում»։ Նա միշտ այդպես է անում, և չկա մի բան, որ գովի, բացի հնամաշ ու տխմար բաներից, որ բացի իրենից, ուրիշ ոչ ոք չի տեսել, իսկ ժամանակակից ամեն ինչ վատաբանում է, համարելով գռեհիկ ու անշնորհք, և՛ ոչ ինքն է որևէ բանից բավականություն ստանում, ո՛չ էլ ուրիշներին է թողնում բավականություն ստանալ։ Եվ ահա նա վերամբարձ ու պարծենկոտաբար խոսելով, երկար ու ամպագոռգոռ մի ճառ սկսեց այն մասին, թե ինչպիսին է եղել թատրոնը հին ժամանակներում, երբ դեռ ամեն բան չէր մանրացել, ինչպես այժմ, և ասաց, «Քանի դեռ ողջ էր մեծ Ուցիելը, այ այն ժամանակ մենք Ադամ ունեինք։ Տե՜ր իմ, ներիր, եթե մենք, որ տեսել են իսկական դերասանների, հիշում ենք, թե ինչպիսին էր թատրոնը մի չորս֊հինգ հարյուր տարի առաջ․․․»։ Այդպես նա անչափ հուզվեց և սկսեց գլուխ գովել ու այնպես անամոթաբար և ահավոր կերպով ստել, որ կարելի էր միայն ցանկալ, որ աստծու կամոք հնարավորին չափ շուտ հայտնվեր իր անհետացած կուռքերի մեջ։ Որքան տխուր ու ձանձրալի են այդ մռայլ, անատամ ծերունիները, որոնք ապրում են, ասես, միայն նրա համար, որ մեզ կշտամբեն, բայց գովաբանեն վաղուց մոռացված ժամանակների հրաշքները, որոնց համար միայն իրենք են ափսոսում։ Ծերությունը հարգանքի է արժանի, բայց նման սովորությունը չի զարդարում այն։ Ես նրան այդպես էլ կասեի, եթե դա սազական լիներ իմ նվաղ տարիքին և իմ մորուքի աղվամազին։
Քսանյոթերորդ օր։ Այսօր Ցուարը՝ ստրուկներից մեկը, փռվեց իմ առջև, խոնարհաբար հիշեցնելով, որ վեց տարի է անցել այն օրից, երբ ես նրան գնեցի իր հորից։ Ես կանչեցի իմ կառավարչին, և նա վկայեց, որ դա այդպես է։ Այդ մարդը հրեա է, ուստի ես չեմ կարող նրան ավելի երկար պահել ստրկության մեջ, և ասացի նրան, որ այսօրվանից ինքն ազատ է։ Այստեղ նա նորից խոնարհվեց մինչև գետին ու ասաց․ «Տեր իմ, ես կին ու երեխաներ ունեմ»։ Այդ ժամանակ ես առանց մտածելու քիչ էր մնում ասեի․ «Նրանց էլ տար»։ Բայց իմ կառավարիչը, ծնկի գալով, ասաց․ «Օ՜, իշխան, թեև ծանր է պարտքս, բայց պետք է այն կատարեմ՝ երբ նրան գնեցիք, նա ո՛չ կին ուներ, ո՛լ էլ երեխաներ։ Ձերդ ողորմածությունն է նրան կին տվել, իսկ նրա երեխաները ստրկության մեջ են ծնվել»։ Դա ինձ շատ շփոթեցրեց, որովհետև մինչ այդ առիթ չէի ունեցել նման հարցեր լուծելու, բայց ասացի․ «Եթե այդպես է, ուրեմն թող այդպես լինի, նրան դրամ ու հագուստ տուր, և թող նա մենակ գնա իր տնից, բայց լավ հոգ տար նրա կնոջ ու երեխաների մասին, որ չլինի թե նրանց վաճառեն կամ էլ նրանք կարիքից տառապեն»։
Այդ լսելով, Ցուարը վեր կացավ և, խոնարհվելով, երկտակված գնաց, մեծ վշտից ասես խոցված։ Ու մի ծանրություն իջավ իմ սրտին, թեև ըստ օրենքի էի վարվել։ Ես ուրախ կլինեի, եթե կարողանայի այլ կերպ վարվել։ Ես գնացի տեսնելու, թե ինչ է լինելու, իսկ պահակախմբին չհրամայեցի հետևել ինձ, և տեսա, որ նրանք գրկում են միմյանց, բայց ոչինչ չեն ասում, և նրանց դեմքերն ասես քարացել էին, աչքներին ոչ մի կաթիլ արցունք չկար, իսկ փոքրիկները խաղում էին նրանց ոտքերի մոտ, վիճելով բռնած թիթեռնիկի համար։ Ես տուն վերադարձա, ու կյանքի բերկրանքը լքեց ինձ, և դա զարմացնում է ինձ, որովհետև նրանք միայն ստրուկներ են, ոտքիս տակի փոշի։ Հարկավոր է դեռ խորհել այդ մասին։
Քսանութերորդ օր։ Այդ թշվառները եկան ինձ մոտ, և Ցուարը, հուսահատ դեմքով, որը չէր համապատասխանում նրա բառերին, ասաց․ «Տե՛ր իմ, եկել եմ ըստ օրենքի և սովորության հայտարարելու, որ սիրում եմ իմ պարոնին, իմ կնոջն ու երեխաներին և հրաժարվում եմ ազատությունից, ուստի թող իմ ականջը դատավորների առջև բզով ծակվի, որպեսզի ես և իմ մերձավորները այդ նշանով հավիտյանս վերադառնանք ստրկության, որովհետև ավելի լավ է ստրկական վիճակը կամ նույնիսկ մահը, քան թե բաժանվելը նրանցից, ովքեր ինձ համար հացից էլ, արևի լույսից էլ, կյանքից էլ թանկ են»։
Չգիտեմ, ճիշտ վարվեցի թե ոչ, բայց իմ սիրտը չէր կարող այդ բանը տանել, և ես ասացի․ «Դա խիստ ու դաժան օրենք է։ Ես ազատություն եմ տալիս ձեզ բոլորիդ, որպեսզի իմ խիղճն այլևս ինձ չտանջի»։ Դրանք արժեքավոր ստրուկներ էին, բայց աղոթում եմ աստծուն, որ չզղջամ իմ որոշման համար, որովհետև հարստությունս այնքան մեծ է, որ նրանց կորուստը ամենամանր մետաղադրամի կորստի է հավասար։
Հինգերորդ ամիս, երրորդ օր։ Սրտովս չէ արքայադուստր Սառան՝ իմ ազգական Իլիի թոռնիկը, թեև նա հին ընտանիքից է, հարուստ ու համբավավոր, բայց ես նրան կնության չեմ վերցնի, եթե ինձ չհարկադրի հայրս։ Երեք օր սրանից առաջ նա մեծատոհմիկների ու ժառանգների մեծ շքախմբով կրկին եկել է հյուընկալվելու հորս դղյակներում, որոնք գտնվում են իմ նոր պալատի դիմաց և դրան շատ մոտիկ։ Այդ օրիորդը համարյա իմ հասակակիցն է, միայն մի քիչ է ինձանից մեծ, քանի որ հենց նոր է լրացել նրա վաթսունմեկ տարին (ինչը պակաս հաճելի է, քան եթե նա լիներ հիսունինը տարեկան)։ Բայց աստված իմ, թեև իր տարիքին համեմատ նա պետք է փթթուն ու կենսուրախ լինի, սակայն ձգտում է ընդօրինակել տանտիրուհու վեհությունը, և տեսքը լուրջ է, իսկ մաշկը՝ հողագույն։ Նա ուզում է իրեն իմաստունի ու գիտունի տեղ դնել, և քայլում է քիթը վեր ցցած, կարծես թե վսեմ խոհերով տարված։ Աստված մի արասցե, որ նրա քիթը դիպչի մի ծառի ճյուղի։ Նա կկախվի այդ ճյուղից, որովհետև նրա քիթը կեռ է և կախվելու համար շատ հարմար։ Նրա գլխին, ներկայիս նորաձևության համեմատ, ավելի շատ շուկայում գնված մազերն են, քան թե բնության պարգևածը։ Եթե նորաձևություն դառնար աստծու ողորմածությամբ մեզ տրված քթի չափերը ճիշտ նույն ձևով մեծացնելը, ես կուզենայի իմաանալ, թե այդ դեպքում ինչ կաներ այս կինը։ Ուր էլ որ նա ուղղի քայլերը, իր հետևից թոկով կապած քարշ է տալիս գերգարշելի թավամազ շնիկին, և երբ նստում է, նրան ծնկներին է առնում և փաղաքշում, իսկ ցուրտ եղանակին նրան հագցնում է ասեղնագործված կարմիր մահուդե սթարիկ, որ չլինի թե ցուրտը կամ որևէ տենդ նրան տանի և աշխարհը թողնի թախծի ու վշտի մեջ։ Անիծվի այն օրը, երբ ես կժառանգեմ նրա տեղը և նրա տիրուհու ձանձրալի սերը։ Ամե՛ն։
Հինգերորդ օր։ Երբ զբոսնում էի Շատրվանների բակում, եկան Ցուարն ու նրա կինը՝ Մալան, և փռվեցին իմ առջև, որպեսզի դիմեին ինձ մի խնդրանքով․ պահակներն ուզում էին նրանց դատաստանը տեսնել, որ նրանք համարձակվել էին խանգարել իմ մենությունն ու մտորմունքը, բայց ես չթույլատրեցի, որովհետև այն պահից, երբ գթասրտություն հանդես բերեցի այդ մարդկանց հանդեպ, նրանց վիճակն սկսել է ինձ մտահոգություն պատճառել։ Իսկ նրանց խնդրանքն այն էր, որ ես իրենց ծառայության վերցնեմ ինձ մոտ, և ես կատարեցի նրանց խնդրանքը, թեև ինձ համար տարօրինակ էր նրանց պարզամտությունը, որ այդքան ցածր կոչման տեր մարդիկ եկել էին իրենց խնդրանքով անհանգստացնելու իմ աստիճանի մարդուն։ Ես Մալային ծառայության նշանակեցի կանանց մասում, Իսկ Ցուարին բերեցի ինձ մոտ ու կարգեցի պատանեկապետ, և երկուսի համար էլ լավ վարձատրություն նշանակեցի, և նրանք շատ երախտապարտ մնացին, որովհետև չէին սպասում և հույս չունեին, թե այդպիսի բախտի կարժանանան։
Կեսօրին տեսա, թե ինչպես օրիորդ Ցիլան անցավ պալատիս գլխավոր դարպասների առջևով միայն մի ծառայի ուղեկցությամբ, որովհետև նրա ընտանիքը ո՛չ անվանի է և ո՛չ էլ հարուստ։ Նրա ապուապուպապ Ուցը շատ գիտուն մարդ է, բայց նրա ցեղը ոչ մի բանով փառաբանված չէ։ Նրանք կռապաշտներ են, աղոթում են Բաաղին, այդ պատճառով էլ օրենքը նրանց զրկում է որոշ իրավունքներից ու արտոնություններից։ Այս օրիորդը շատ գեղեցիկ է, նույնիսկ ավելի գեղեցիկ, քան մինչ այդ ինձ թվում էր։
Տասներորդ օր։ Այսօր ամբողջ քաղաքը դուրս էր թափվել փողոցները, պարիսպների վրա, տանիքներին և ամենուր, որտեղից երևում էր հեռուն, որպեսզի տեսներ իավալիտների նշանավոր ցեղի այստեղ եկած վայրենիներին, որոնք բնակվում են ոչ տներում, այլ վրաններում, և անօրեն հորդաներով թափառում են հեռավոր հյուսիս֊արևելքում՝ մեր երկրի ու Նոդ աշխարհի միջև ընկած մեծ անապատներում։ Նրանք թվով քսան հոգի են, մեծ ու փոքր զորապետներ՝ բազմաթիվ ծառաներով, բոլորն էլ բարբարոսական շքեղությամբ զարդարված երկսապատ ու միասապատ ուղտեր հեծած, եկել են, որպեսզի իրենց հնազանդությունը հայտնեն իմ հորը նրա հետ հաշտության պայմանագիր կնքեն։ Նրանք կստանան ապրանքներ, մանր֊մունր զարդեր, հողամշակման գործիքներ, իսկ փոխարենը խոստանում են ավազակություն չանել ճանպարհների վրա և ձեռք չտալ մեր քարավաններին ու մեր վաճառականներին։ Յուրաքանչյուր հիսուն֊վաթսուն տարին նրանք այդպիսի դեսպանություն են ուղարկում մեզ մոտ, իսկ հետո պայմանագիրը խախտում և նորից անկարգություններ են անում։ Բայց միշտ չէ, որ մեղքը նրանցն է լինում։ Նրանք խոստանում են ապրել իրենց հատկացված մարզերում և զբաղվել խաղաղ արհեստներով ու հողագործությամբ, բայց նրանց կառավարելու ուղարկվող գործակալներն ամեն կերպ նրանց խաբում ու կեղեքում են, տեղափոխում ուրիշ, ոչ այնքան լավ կացարաններ, իսկ արգավանդ հողերն ու հարուստ որսահանդակները նրանցից խլում են, դիմադրելու դեպքում էլ՝ գնդակահարում, ուստի և գիշերով ապստամբում են և սպանում բոլորին, ով ձեռքներն է ընկնում, որպեսզի վրեժ լուծեն գործակալների դավաճանության ու ամբարտավության համար։ Այդ ժամանակ մեր բանակներն արշավանքի են ելնում նրանց բնակավայրերն ամայացնելու համար, բայց այդ բանը նրանց չի հաջողվում։ Այսօր եկած դեսպանները շրջում էին քաղաքում, դիտում նրա հրաշալիքները, սակայն ո՛չ բացականչյություններով և ո՛չ էլ այլ կերպ չէին արտահայտում իրենց հիացմունքը։ Հանդիպման ժամանակ երկու կողմերն էլ շատ սիրալիր ճառեր ասացին, և խնջույքից հետո դեսպանները հետ ուղարկվեցին բազմաթիվ նվերներով, որ մեծ մասամբ հողամշակման գործիքներ էին, որոնցից նրանք զենք կկոփեն և կապստամբեն իրենց կեղեքողների դեմ։ Անբասիր քաջեր են նրանք, տեսքով վայրենի, դեմքով կատաղի։ Բայց նրանց ցեղը և այդպիսի մյուս ցեղերը ասես կողը խրված փուշ էին իմ հոր և նրա խորհրդի համար։ Նրանք աստված չունեն, իսկ եթե մենք բարեսրտությամբ նրանց մոտ քարոզիչ ենք ուղարկում, որպեսզի նրանց համոզի կանգնել ճշմարիտ ուղու վրա, քարոզչին հարգարժան կերպով լսում են, իսկ հետո՝ ուտում, և այս բանը խանգարում է, որ նրանց մեջ շողա հավատո լույսը։
==Երկրորդ հատվածը Մաթուսաղայի օրագրից==
Տասներորդ օր։ Շատ ժամանակ չի պահանջվում, որպեսզի խելքով չփայլող մարդիկ տարվեն մի որևէ նորույթով։ Երկու տարի էլ չի անցել այն ժամանակվանից, երբ կրկին հիշեցրին ինչ֊որ հնամենի գնդակախաղ, բայց արդեն գործածության մեջ են մտել խաղի կանոններից փոխառված բառեր, թեև, ճշմարիտն ասած, բանական և ավելի կարևոր գործերով զբաղված մարդկանց ականջները հոգնում են այդ անիմաստ շաղակրատանքից և անգթորեն ցավում։ Երբ մի մարդ իր մերձավորին խորամանկությամբ գերազանցում և նրա դժբախտությունից օգուտ է քաղում, խաժամուժը խաբվածի մասին ասում է, որ նրան «խփեցին», իսկ եթե մեկը հանկարծ ուշագրավ ու փառավոր մի գործ է կատարում, նրա մասին ասում են, որ նա «երեք դարպաս է տապալել»։ Եվ ահա, այս ամենանողկալի այլանդակությունները սանձարձակ լկտիությամբ ներխուժում են խոսքի բուն հիմքի մեջ և այլանդակում այն, ինչն առաջ ներդաշնակ էր ու գեղեցիկ։ Այսօր հորս հրամանով նրա պալատի մեծ բակում այդ մրցությունն անցկացվեց այնպես, ինչպես այն անցկացվում էր երեք հարյուր տարի առաջ։ Կարմիր հագած, կեռ մահակներով ինը մարդ ուժերն էին չափում կապույտ գուլպայավոր ուրիշ ինը մարդկանց հետ։ Այդ կապույտներից ոմանք կռացած կանգնած էին միմյանցից որոշ հեռավորության վրա և նրանցից յուրաքանչյուրը ձեռքերի ափերով հենվել էր ծնկներին և աչալուրջ առաջ էր նայում․ դրանց անվանում են «պաշտպաններ» և «դաշտայիններ», իսկ թե ինչու՝ աստված գիտի։ Ես այդ չգիտեմ և գիտենալ չեմ ուզում։ Մի կարմրոտանի կանգնել էր, գլխավերևում պտտեցնելով մահակը, որով ժամանակ առ ժամանակ հարվածում էր գետնին, հետո նորից սկսում էր պտտեցնել, իսկ նրա հետևում կանգնած կապտոտանին կռանում էր, շարունակ թքելով ափերի մեջ, և կոչվում էր «բռնող»։ Իսկ սրա ետևում կռանում էր նա, որին կոչում էին «մրցավար»։ Նա հագնված էր այնպես, ինչպես հիմա բոլորն են հագնվում, ու փայտի ծայրով ինչ֊որ բան է փորփրում, բայց, որքան ես կարողացա հասկանալ, առանց որևէ իմաստի։ Եվ նա ասաց․ «Ցածր գնդակ»։ Այնուհետև կապտոտանին գնդակը մեծ թափով նետեց ուղիղ դեպի մահակավորը, բայց նրան չդիպավ, որովհետև դիպուկ չէր նշանառել։ Այդ ժամանակ բոլոր նրանք, ովքեր կոչվում էին «պաշտպաններ» և «դաշտայիններ», թքեցին ափերի մեջ, կռացան ու նորից սկսեցին աչալուրջ նայել իրենց առջև։ Իսկ մահակավորը մի քանի անգամ թույլ տվեց, որ գնդակը նետեն իր վրա, բայց այնպես էր կռանում և ուղղվում, որ հարվածից խուսափում էր․ այնուամենայնիվ, մյուսները թքում էին ափերի մեջ, իսկ նա այդ միջոցին աշխատում էր մահկով հարվածել մրցավարին, սակայն իր ողբալի անշնորհքության պատճառով չէր կարողանում։ Բայց նրա ժամն էլ հասավ, և նա կարողացավ իրականացնել իր մտադրությունը՝ մահացու հարվածով մրցավարին գետին տապալել, ինչն ինձ մեծ գոհունակություն պատճառեց, թեև նա ինքն էլ փռվեց գետին՝ այս անգամ չկարողանալով խուսափել դնդակից, որը փշրեց նրա գանգը, ինչն ինձ մեծ ուրախություն ու գոհունակություն պատճառեց։ Որոշելով, որ սա արդեն վերջն է, ես հորիցս թույլտվություն խնդրեցի հեռանալու և հեռացա, թեև իմ կողքին կանգնածները մնացին տեսնելու, թե մյուսներն ինչպես են միմյանց խեղանդամելու։ Իսկ ես մի կուշտ դիտեցի այդ զվարճալիքը և այլևս չեմ գնա այն դիտելու, որովհետև հազվադեպ է հաջող հարված հասցվում․ և այդ պատճառով էլ այս խաղին պակասում է մոլեգնությունը։ Եվ, բացի այդ, այդտեղ էր Իևելը, որը ծաղրում էր ներկայիս խաղացողներին ու գովաբանում այն անպարտելի թիմերին, որոնց ինքը տեսել էր երեք հարյուր տարի առաջ և որոնց անդամները բոլորն էլ արդեն մահացել են ու փտել․ փառք աստծուն, որը միշտ բարին է կատարում։
Տասներկուերորդ օր։ Ահա արդեն քսան տարի սաստկացող այն լուրերը, թե մեր իշխանական ցեղի գլխավորը՝ երկրային տոհմերի հայր, ազնվագույն, օգոստոսափառ և հնագույն Ադամը (թող խաղաղությունը նրանից անպակաս լինի) կամք է արտահայտել այցելել իմ հորը՝ նրա գահանիստ քաղաքում, այժմ արդեն լուրեր չեն, այլ ճշմարտություն։ Արդեն մոտենում է դեսպանությունը, որը բերում է այդ լուրը։ Քաղաքում մեծ ցնծություն և ուրախություն է։ Հայրս իր առաջին նախարարին հրամայել է ամեն բան նախապատրաստել ինչպես հարկն է։
Տասներկուերորդ օր։ Այսօր եկան վստահված անձինք և լուր բերեցին, որ դեսպանությունը կանգ է առել Բալկա օազիսում՝ մեզանից հարավ տասնյոթ օրվա ճանապարհ։
Տասնչորսերորդ օր։ Քաղաքում չկա այլ խոսակցություն, քան մեծ նորությունների ու մեկ էլ դեսպանության մասին։ Արևածագին ճանապարհ ընկան հորս դեսպանորդները՝ շքեղ հագնված և ընծաներով, նրանք իրենց հետ տանում են և՛ ոսկի, և՛ թանկագին քարեր, և՛ քաղցրավենիքներ, և՛ պատվավոր հագուստներ։ Նրանք մեկնեցին փողփողացող դրոշներով ու զինվորական նվագով, և նրանց շողշողուն շարքերը իմ մոտով անցնում էին այնքան ժամանակ, մինչև որ ինձ հոգնեցրին նրանց թիվն ու աղմուկը։ Իսկ այն բազմությունը, որ աղմուկ֊աղաղակով գնում էր նրանց ետևից, և մեկ էլ տանիքներին հավաքված անբաններին ոչ մի մարդ ի վիճակի չէր հաշվելու։ Հիրավի, այսօր նշանավոր օր է։
Տասնհինգերորդ օր։ Եղա թանգարանում, որպեսզի տեսնեմ թզենու տերևներից և անմաշ տարօրինակ մորթիներից պատրաստված զգեստները, որ հին ժամանակներում մեր նախահայրերը հագել էին դրախտում։ Ինչպես նաև հրեղեն թուրը, որը եղել է հրեշտակի ձեռքում։ Այս օրերին քաղաքը առաջիկա իրադարձությունների կապակցությամբ խելահեղ վիճակում է և ասում են, թե թանգարան են թողնում միայն փոքրաթիվ հազարյակների այն բազմությունից, որն ամեն օր այնտեղ է ձգտում այդ մասունքները դիտելու։ Որպեսզի կարողանայի տեսնել, թե ինչպես են տեսնում հասարակ մարդիկ, և լսել, թե ինչպես են լսում հասարակ մարդիկ, և ազատ լինել իմ աստիճանին վայել տաղկտալի մեծարանքից, երբ ինքս եմ դառնում նայելու առարկա, ես թանգարան գնացի հասարակ մոհակի<ref>Մոհակ ― չթարգմանվող բառ է, նշանակում է մարդ, որը հասարակ արհեստավորից բարձր է․ այդքան նուրբ են եղել կաստայական տարբերությունները այն դարաշրջանում։ Ծան․ հրատարակչի։</ref> հագուստով, հետս ոչ մի ծառա չվերցնելով։ Թանգարանի ընդարձակ դահլիճներում անցուդարձ էին անում հարյուրավոր գիդեր, իսկ նրանցից յուրաքանչյուրի ետևից քայլում էին հարյուրավոր հետաքրքրասերներ, որոնց նրանք պատմում էին այդտեղ ժողովված բոլոր հրաշալիքների մասին։ Եվ ես նկատեցի, որ այդ գիդերը իրենց գանձերը ցույց են տալիս ոչ թե ինչպես պատահի, այլ խիստ կարգով, և որ նրանց խոսքը հին սովորությամբ քարացել է իբրև բառերի անփոփոխ հաջորդականություն, դարձել է միալար և զուրկ որևէ արտահայտչականությունից, ասես դա մեքենա է արտասանում։ Այն գիդը, որի ետևից ես քայլում էի, արդեն չորս հարյուր տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը, և այդ ամբողջ երկար ժամանակաընթացքում ամեն օր կրկնել էր միևնույն բառերը, այնպես որ նա այսօր իր լեզվի տերը չէր։ Հենց որ սկսում էր խոսել, միայն Աստված կարող էր նրան կանգենցնել, մինչև որ խոսքը ինքն իրեն չվերջանար։ Նրա տխմար ճամարտակությունը և փքուն ոճը մի ժամանակ գուցե և ներշնչող են եղել, բայց հիմա կարող են միայն ծաղրական քրքիջ կամ խղճահարության արցունքներ առաջացնել, այնքան որ նրանք տափակ ու անկենդան են դարձել։ Երեք անգամ ընդհատեցի այդ խղճուկ զառամյալ ավանակին, որպեսզի փորձեի նրան։ Եվ կատարվեց այն, ինչ ենթադրում էի՝ նա շփոթվում էր և ստիպված էր լինում ետ դառնալ ու նորից սկսել։ Այսպես, օրինակ, նա ասաց․ «Դիտեք սույն ահեղ զենքը՝ այն սարսափելի օրվա մռայլ մասունքը, որը դեռ բացարձակ վառվում է ագահ կրակի նման, որը Եդեմի մթին տարածությունների վրա բոսորագույն ցոլքեր են նետել․․․» Ես նրան ընդհատեցի և հարց տվեցի մի ազդու ցուցանմուշի մասին, որի վրա այսպիսի մակագրություն կար․ «Դրախտի դռան բանալու նմանակն ու պատկերը, որի բնօրինակը հանգչում է Կայենի գանձարանում, հեռավոր Ենովք քաղաքում»։ Դա խիստ շփոթեցրեց զառամյալ գիդին, նա փորձեց պատասխանել ինձ, բայց չկարողացավ, մեկ էլ փորձեց, դարձյալ չկարողացավ։ Իսկ հետո ուզեց հիշել այն տեղը, որի վրա ընդհատել էր իր ձանձրալի ճառը, բայց չկարողացավ, ու նորից ճռճռաց ամենասկզբից․ «Դիտեք սույն ահեղ զենքը՝ այն սարսափելի օրվա մասունքը, որը դեռ բոցարձակ վառվում է ագահ կրակի նման, որը Եդեմի մթին տարածությունների վրա բոսորագույն ցոլքեր է նետել․․․ Էլի երկու անգամ ես նրան ընդհատեցի, և ամեն անգամ նա վերադառնում էր իր անիծյալ «Դիտեք սույն ահեղ զենքը․․․» բառերին։ Բայց այս անգամ բազմության մեջ առաջացած ծիծաղից նա հասկացավ, որ ծուղակն է ընկել, և ցասումը համակեց նրան, ու նա հարձակվեց ինձ վրա, ասելով․ «Թեև ես անվանի մարդ չեմ, և բարձր պաշտոն չեմ զբաղեցնում, բայց վայել չէ, որ մոհակի մեկը, անքաղաքավարի մի պատանի ծաղրանքով վիրավորի իմ ծերությունը»։ Առաջին անգամ էի ես նախատինք լսում, և բարկացա, ու քիչ էր մնում ասեի․ «Ըստ օրենքի, նա, ով վիրավորում է թագավորական տան զարմին, մահվան է ենթակա»։ Բայց ժամանակին ինձ զսպեցի ու լռեցի, մտքումս որոշելով հարկ եղած ժամանակ խաչելություն տալ նրան՝ իր ամբողջ ընտանիքի հետ միասին։
Ես դեռ առիթ չէի ունեցել տեսնելու որևէ բան, նման այն հետաքրքրությանը, որով բազմությունը դիտում էր Թզենու տերևները։ Իսկ չէ որ դրանք ամենևին էլ տերևներ չեն, այլ միայն դրանց կխմաղքները, քանի որ փափկամասը ամբողջապես վաղուց փտել ու փոշիացել է, անվնաս են մնացել միայն երակները։ Կգտնվեն պարսավիչներ և կասեն, թե մեզանում միշտ էլ կլինեն իսկական դրախտային զգեստներ, քանի դեռ երկրի երեսից չեն վերացել թզենիներն ու գազանները, որպեսզի հնարավոր լինի նորոգել այդ սրբազան գանձերը։ Իսկ ես ոչինչ չեմ ասի, որովհետև այդպես ավելի խելամիտ կլինի։ Բայց ինձ համար դառն է հիշել, որ յոթ քաղաքներից յուրաքանչյուրում ցուցադրված է միակ իսկական ու չկեղծված Հրեղեն թուրը, որը մեր նախահայրերին վտարել է դրախտից։ Սա տարակուսանք է հարուցում։
Այդ միջոցին կողքիցս անցավ մի սքանչելի կռապաշտուհի ու կորավ բազմության մեջ։ Իսկ ես, երազներով ու անուրջներով տարված և կորցնելով հետաքրքրությունս ինձ շրջապատող հրաշալիքների նկատմամբ, գնացի տուն։
Քսաներորդ օր։ Երանի թե աստծու օգնությամբ շուտ գար այդ դեսպանությունը, որովհետև ժողովուրդն իսպառ գլուխը կորցրել է։ Ամբողջ քաղաքը զբաղված է այդ մեծ իրադարձության և դրա նախապատրաստության մասին խոսակցությամբ։ Սակայն դեռ շատ օրեր կանցնեն, նախքան այդ հույսերը կարդարանան։
Քսանյորթերորդ օր։ Կործանվի՛ Իսավալի սերունդը։ Չորանա՛ այն ձեռքը, որի համար քիչ էր ազնիվ երգեհոնի ու հմայիչ քնարի ստեղծումը։ Նա անհանգիստ սատանային փակեց արկղի մեջ, որպեսզի ամեն կարգի թափառաշրջիկներ, արկղի բռնակը պտտեցնելով, նրա միջից ճիչեր կորզեն, և դա անվանեն երաժշտություն։ Թեև դեռ հարյուր տարի էլ չի անցել այն ժամանակից, երբ երևան եկավ այդ նորույթը, բայց այն արդեն ժանտախտի նման տարածվել է ամենուրեք, և հիմա ամեն մի քաղաքում հեռու երկրներից եկած թափառաշրջիկները, իրենց բարեկամ կապիկի ենկերակցությամբ, պտտում են այդ սարսափելի արկղի բռնակը։ Դա դեռ տանելի կլիներ, եթե նրանք զանազան բաներ նվագեն, բայց դժբախտաբար այդ բոլոր արկղերը միայն մի երգ են նվագում՝ մի նոր երգ, որը մոդայիկ դարձավ մի երեսուն տարի առաջ, իսկ հիմա, թերևս, դուրս կգա մոդայից, խեղդվելով այն անհեթեթ հեղեի մեջ, որի մասին մարսողությունը խանգարված այդ բարեպաշտ տխմարները ժամանակ առ ժամանակ դատարկախոսում ու գուշակություններ են անում։ Ասում են, թե սպասվող տոնակատարությունները դեպի մեր քաղաքն են գրավել ավելի մեծ թվով արկղավոր թափառաշրջիկների, և որ դրանցից արդեն այստեղ եկել են առնավազն ութսուն հազար մարդ, և բոլորն անդադար պտտեցնում են միևնույն լալագին եղանակը՝ «Համբուրիր մայրիկիդ, Ագաթ»։ Ճշմարիտն ասած, ես այլևս չեմ կարողանում տանել այդ բանը, թեկուզև գետնի տակն անցներ այդ Ագաթը․ դա էլ ինձ համար քիչ կլիներ, որովհետև մեծ է իմ զայրույթն այն բանի համար, որ նա առհասարակ ծնվել է և մեր գլխին այդպիսի փորձանք բերել։
747 թվականի վեցերորդ ամսի երկրորդ օրը։ Երեկ եկան հորս ուղարկած պատվիրակները, իսկ նրանց հետ՝ օգոստափառ դեսպանությունը։ Եվ հայրս նրանց հանդիսավորությամբ դիմավորեց քաղաքի դարպասի մոտ։ Թափորը չափազանց երկար էր, զգեստները՝ տարօրինակ, և այդ տեսարանը աչք էր շոյում։ Ամբողջ քաղաքը ցնծությունից խելագարվել էր։ Այդպիսի աղմուկ ու իրարանցում ես դեռ չէի տեսել։ Ամբողջ գիշեր ամեն մի տուն, ամեն մի փողոց ու բոլոր պալատները ողողված էին լույսերով, ռ ովքեր արևելյան հեռավոր սարերում էին եղել, ասում էին, թե իրենց թվում էր, որ առջևում ոչ թե քաղաք է փռված, այլ մի հարթավայր, ուր շաղ են տրված բազմանիստ թանկարժեք զարդեր, որոնք շողշողում և վետվետում էին, իրենց փայլով հմայելով մարդկանց։
Դեսպանը հաղորդեց իր բերած լուրը, ու այլևս տարակույս չէր մնում։ Ադամը կգա մեզ մոտ, և ժամկետն արդեն նշանակված է 787 թվականին կամ հաջորդ տարի։ Մունետիկներն այս մասին ազդարարեցին ժողովրդին, և ամբողջ քաղաքը աղմկալից ցնծում էր։ Հայրս հրամայեց սկսել նախապատրաստությունները այդքան նշանակալից իրադարձությունն ըստ պատշաճի տոնելու համար։ Իսկ այժմ կսկսվեն խաղերն ու այլ զվարճությունները՝ ի պատիվ դեսպանի, և հայրս հայտարարեց, որ երկու ամսով, քանի դեռ կշարունակվեն այդ տոնակատարությունները, ամեն մի աշխատանք դադարեցվում է։
==Մի հատված 916 թվականի հունվարին «Ռադիկալում» տպագրված հոդվածից==
«․․․ Երբ բնակչության թիվը հասավ հինգ միլիարդի, երկրի համար արդեն հեշտ չէր մարդկանց կերակրելը։ Ճիշտ է, պատերազմները, համաճարակները և սովի տարիները ժամանակ առ ժամանակ թեթևություն էին բերում և նվազեցնում իրադրության հրեշավոր լարվածությունը։ Հիրավի, բարերար եղավ հիշարժան 508 թվականը, այն տարին, երբ սովը, ժանտախտի հետ միասին, ինն ամսվա ընթացքում հնձեց հարյուր վաթսուն միլիոն մարդ․ շատ չէ, իհարկե, բայց, այնուամենայնիվ, ավելի լավ է, քան եթե ոչինչ չլիներ։ Նույնը կարելի է ասել նաև հետագա այդպիսի տարիների մասին։ Սակայն դարեդար բնակչության թվի առաջացրած բեռը գնալով ավելի ու ավելի էր ծանրանում, դառնում ավելի ու ավելի ահեղ, և, դրան համապատասխան, անդիմադրելիորեն աճում էր դրության լրջությունը։
Մանկական հասակն անցկացրած մարդիկ համարյա չէին մահանում։ Կյանքի միջին տևողությունը հավասար էր վեց հարյուր տարվա։ Օրորոցներն անդադար ու անժամկետ շարունակ լցվում, լցվում ու լցվում էին, գերեզմանատները գործնականորեն թափուր էին,գերեզմանափորներն անգործության էին մատնված և հազիվ էին կարողանում կերակրել իրենց ընտանիքներին։ Մահացությունը մեկ միլիոնի հաշվով կազմում էր 2250 մարդ։ Խելամիտ մարդկանց դա վախեցնում էր, թեթևամիտները դրանով ուրախանում էին։ Նրանք միշտ բնակչության թիվը ընթացիկ տասնամյակում համեմատում էին նախորդ տասնամյակում եղած նրա թվի հետ և ուրախանում վիթխարի աճով, ասես թե դա տեղի էր ունենում հօգուտ մարդկության, որն առանց այդ էլ հազիվհազ էր կարողանում հողից բավականաչափ սնունդ կորզել։
Բայց վատթարը դեռ առջևում էր։ Բնականաբար, մենք հույս էինք դնում ոչ թե պատահական համաճարակների ու սովի տարիների բարերար ազդեցության վրա, քանի որ դա միայն կարճատև էր լինում, այլ պատերազմների ու բժիշկների փրկարար օգնության վրա, ոըը մշտական էր։ Ուրեմն տեսնենք, թե ինչ էր կատարվել։ Վերջին հիսուն տարում գիտությունը բժիշկների արդյունավետությունը կրճատել է ուղիղ կիսով չափ։ Ներկայումս բժիշկը օգտագործում է միայն մեկ մահաբեր միջոց, մինչդեռ առաջ նա գործադրում էր տասը։ Սանիտարական պայմանների բարելավումը առողջացրեց անցյալում կործանարար բնագավառները։ Հայտնագործվեց, որ առավել օգտակար և անբուժելի հիվանդությունների մեծ մասը հարուցվում է զանազան տեսակի մանրէների միջոցով, և մարդիկ սովորեցին վնասազերծել այդ մանրէների գործունեությունը։ Դրա հետևանքով դեղնախտը, սև ժանտախտը, խոլերան, դիֆտերիան և համարյա բոլոր մյուս ամենաօգտակար հիվանդությունները վերածվել են ժամանցի, որի շնորհիվ կարելի է ոչ առանց բավականության անցկացնել մեկ֊երկու ժամ, և պետության համար այլևս ոչ մի արժեք չեն ներկայացնում, դառնալով ոչ ավելի վտանգավոր, քան ստամոքսի խանգարումը։ Վիրաբուժության հիանալի նվաճումները մեծացրին մեր դժբախտությունը։ Այժմ հիվանդ ստամոքսը ուղղակի հեռացվում է, և մարդ իրեն հիանալի է զգում, էլ չենք ասում ուտելիքի խնայողության մասին։ Եթե մարդ զրկվում է տեսողությունից կամ լսողությունից, նրա գանգը ծակում և կորցրածը վերադարձնում են։ Նրա ձեռքերն ու ոտքերը կտրում են և դրանք փոխարինում մեխանիկական իրերի պահեստից վերցված ուրիշ ձեռք ու ոտքով, և նա սկսում է վազել ու աշխատել առաջվանից ավելի լավ։ Եթե պահանջվի, նրա համար կպատրաստեն նոր քիթ, նոր աղիքներ, նոր ոսկորներ, նոր ատամներ, ապակյա աչքեր, արծաթե կերակրափող, կարճ ասած՝ նրան կարող են քանդել ըստ բաղկացուցիչ մասերի և նորից հավաքել, այնպես որ նա կդառնա կրկնակի ամուր ու դիմացկուն։ Այս ամենը կատարվում է անզգայացնող և ցավազրկող միջոցների գործադրմամբ, այնպես որ նրան չի սպառնում ո՛չ փթախտ, ո՛չ ցավ։ Դա պատերազմը դարձրել է համարյա թե անօգտակար, որովհետև հարյուր վիրավորից, որոնք առաջ կմեռնեին, հիմա իննսունինը մեկ ամսից հետո ողջ և առողջ շարք են վերադառնում։
Իսկ ինչպիսի՞ն է մանրէների դեմ մղվող այդ պայքարի, սանիտարիայի և վիրաբուժության ընդհանուր արդյունքը։ Միանգամայն սարսափելի է․ Մահացությունը նվազելով հասել է մեկ միլիոնի Հաշվով 1200 մարդու։ Եվ տխմարները դրա համար ուրախանում են ու դրանով հպարտանում։ Մինչդեռ վիճակը շատ լուրջ է։ Եթե այդպես շարունակվեց, երկրագնդի բնակչությունը մեկ տարվա ընթացքում կկրկնապատկվի։ Եվ կգա ժամանակ, երբ մարդիկ ոչ թե նստելու, այլ կանգելու տեղ էլ չեն ունենա։
Իսկ ո՞րն է ելքը։ Ես չգիտեմ։ Կյանքի տևողությունը չափազանց երկար է, մահացությունը՝ չափազանց ցածր։ Կյանքի միջին տևողությունը հարկավոր է սահմանել երեսունհինգ տարի՝ մի կարճատև ակնթարթ, մահացությունը հասցնել մեկ միլիոնի հաշվով 20000 ― 30000 մարդու։ Բայց նույնիսկ այդ դեպքում էլ բնակչության թիվը կկրկնապատկվի յուրաքանչյուր երեսունհինգ տարին մեկ, և ժամանակի ընթացքում այն նորից անասելի չափերով կաճի ու կյանքի պահպանությունը կդժվարանա։
Ուրեմն, պատիվ մատուցեք նրան, ով այդ պատվին արժանի է։ Բժիշկը մեզ հուսախաբ արեց, բայց պատերազմը փրկեց։ Ճիշտ է, սպանվածների ու վիրավորների թիվը չափազանց աննշան է, որպեսզի կարողանա էական ազդեցություն գործել վիճակի վրա, սակայն պատերազմի հետևանքները՝ թշվառությունը և ավերածությունները, ոչնչացնում են միլիոնավոր մարդկանց, տեղ ազատելով ներգաղթողների համար։ Պատերազնը կոպիտ, բայց հոգատար բարեկամ է։ Այն թույլ չի տալիս, որ մեր թիվը վաթսուն միլիարդից անցնի, և պահպանում է թերսնվող մարդկության կյանքը։ Ավելի մեծ թվով մարդկանց երկրագունդը կերակրել չի կարող․․․»
==Աշխարհի արարչագործումից հետո 920 թվականին==
==Երրորդ աստիճանի ազգակցության տիկնոջ օրագրից==
Այսօր ընդունեցի Խելահեղ Մարգարեին։ Նա լավ մարդ է, և իմ կարծիքով, նրա խելքը շատ ավելի բարձր է իր համբավից։ Նա այդ մականունն ստացել է շատ վաղուց և միանգամայն անարժան կերպով, որովհետև նա պարզապես կանխատեսումներ է կազմում, այլ ոչ թե մարգարեություն անում։ Նա դրան չի էլ հավակնում: Իր կանխատեսումները նա կազմում է պատմության և վիճակագրության հիման վրա, օգտագործելով անցյալի փաստերը, որպեսզի գուշակի, թե, ամենայն հավանականությամբ, ինչպիսին կլինի ապագան։ Կիրառական գիտություն և միայն այդքանը։ Աստղագետը գուշակում է խավարումը, բայց դա դեռ չի նշանակում, թե նա իրեն մարգարե է համարում։ Նոյը, ահա՝ մարգարե է, և ոչ ոք ավելի մեծ հարգանք չի տածում նրա և նրա սրբազան ձիրքի նկատմամբ, քան այս համեստ գիտնականը, որը կանխատեսումներ է կազմում և համադրում է հնարավորինն ու հավանականը։
Խելահեղ մարգարեի կամ Խելահեղ Իմաստասերի հետ (նրան անվանում են և՛ այսպես, և՛ այնպես) ես ծանոթացա երրորդ դարի սկզբին, երբ նա դեռ սովորում էր համալսարանում։ Այն ժամանակ տասնինը կամ քսան տարեկան էր։ Ես միշտ նրա նկատմամբ բարեկամական զգացումներ եմ տածել, մասամբ, հասկանալի է, այն պատճառով, որ նա իմ ազգականն է (թեև հեռավոր), բայց գլխավորապես այն պատճառով, որ նա խելոք է և ազնիվ։ Նա մտադրվեց ամուսնանալ, երբ քսանչորս տարեկան էր, և երբ, ըստ էության, ո՛չ ինքը, ո՛չ էլ իր ընտրյալը չէին կարող իրենց թույլ տալ մի այնպիսի շքեղություն, ինչպիսին ամուսնությունն է, որովհետև նրանք աղքատ էին, և նրանց ծնողներն էլ էին տառապում այդ նույն թերությամբ։ Երկու ընտանիքներն էլ բավականաչափ հարգարժան էին և նույնիսկ հեռավոր ազգակցական կապեր ունեին ավագանու հետ, բայց, ինչպես Ադամն էր ասում, «սոխակին հարգարժանությամբ չես կերակրի», և միայն այդպիսի ունեցվածքով ընտանեկան կյանք սկսելը խելամտություն չէր լինի։ Ես նրանց խորհուրդ տվեցի սպասել, և իհարկե, նրանք ինձ լսեցին, քանի որ Առաջին Արյան անձի խորհուրդը, ըստ ամբողջ մարդկային ցեղի սովորության, եղել է և մնում է որպես օրենք։ Բայց նրանք չափազանց անհամբեր ճուտիկներ էին՝ միմյանց կրքոտ կերպով սիրահարված, և նրանք սպասեցին ճիշտ այնքան, որքան պահանջվում էր վարվելակարգի միայն ամենախիստ պահանջները բավարարելու համար։ Իմ հովանավորության շնորհիվ երիտասարդին մաթեմատիկայի դասատուի տեղ տրամադրվեց հենց իր համալսարանում, և այդ տեղը պահպանվեց նրա համար․ նա մեծ եռանդով աշխատում և փող էր կուտակում։ Խեղճերն այդ «կյանքի տարեկետմանը», ինչպես իրենք էին արտահայտվում, դիմացան որքան կարող էին, բայց այդպես վաթսուն տարի սպասելուց հետո նրանք, այնուամենայնիվ, չդիմացան ու ամուսնացան։ Նորահարսը մի չքնաղ մկնիկ էր՝ բարեկազմ, ճկուն, սևաչյա, հմայիչ փոսիկներով դեղձանման այտիկներով, չարաճճի, ուրախ, նազելի՝ արվեստի իսկական ստեղծագործություն, մի իսկական պոեմ։ Ծագումով նա օտարերկրացի էր և իր երակներում եղած մի կաթիլ ազնիվ արյան համար, վերջին հաշվով, պարտական էր մի անվանի մեծատոհմիկ անձնավորության՝ իշխան Պրաչկոուին, որն ապրում է այստեղից շատ միջօրեականներ այն կողմ գտնվող մի հեռավոր երկրում։ Իշխանն իմ սերնդից է․․․ անունը մոռացել եմ, բայց, համենայն դեպս, իմ դուստր Ռեգինայի տոհմի գծով է։ Ես նկատի ունեմ մեր տոհմի այն ճյուղը, որն առաջացել է Ռեգինայի երկրորդ ամուսնությունից։ Նա երրորդ պորտի եղբայրն էր․․․ ես սրա անունն էլ եմ մոռացել։ Դեռատի հարսի անունը Կարմիր Ամպիկ էր, մի անուն, որը նույնքան օտարերկրյա էր, ինչպես նրա ծագումը։ Այն, կարծեմ, ժառանգական էր համարվում։
Երիտասարդ ամուսինները աղքատության մեջ էին ապրում․ նրանք այժմ էլ են աղքատ, բայց երջանիկ են ոչ պակաս, քան շատ հարուստներ։ Իսկական կարիք նրանք երբեք չեն զգացել, քանի որ իմ հովանավորության շնորհիվ նա պահպանել է իր տեղը և նույնիսկ, ժամանակ առ ժամանակ, ստանում է ռոճիկի մի փոքր հավելում։ Նրանց խաղաղ կյանքը մռայլվեց միայն մի վշտով, որը շանթահարեց նրանց միության առաջին հարյուրամյակի վերջին, բայց մինչև այժմ էլ ցավ է առաջացնում նրանց սրտում։ Նրանց տասնվեց երեխաները զոհվեցի երկաթուղային աղետի ժամանակ։
Նախքան այսօր ինձ մոտ գալը, Իմաստասերը զննել էր այն շարժիչը, որը գործի է դրվում այդ զարմանահրաշ նոր ուժով՝ հեղուկ մտքով։ Շարժիչն ամենախոր տպավորությունն է գործել նրա վրա։ Նա ասաց, թե չի տեսնում պատճառներ, որոնք կկարողանային այդ ուժին խանգարել դուրս մղելու գոլորշին և էլեկտրականությունը, քանի որ հզորությամբ այն մի քանի անգամ գերազանցում է դրանց, համարյա թե տեղ չի գրավում և կոպեկներ արժե։ Ավելի ճիշտ, կոպեկներ արժե նրա արտոնագիրը ձեռք բերած տրեստի համար։ Դա նույն տրեստն է, որին պատկանում են երկրագնդի վրա եղած բոլոր երկաթուղիներն ու նավերը, այլ կերպ ասած՝ համաշխարհային ամբողջ տրանսպորտը։
«Հինգ տարի առաջ, ― ասաց նա, ― տգետները ծիծաղում էին այդ նոր ուժի վրա, իմաստունները մերժում էին այն, բայց այդպես է եղել ամեն մի նոր գյուտի վերաբերմամբ, և այդպես կլինի ամեն մի նոր գյուտի վերաբերմամբ՝ մինչև աշխարհի վերջը։ Եվ ինչո՞ւ մարդիկ չեն սովորում հետևություններ անել, երբ իմանում են արդյունքները։ Թվում է, թե փորձը նրանց պետք է սովորեցներ այդ բանը։ Իբրև կանոն, առաջին հայացքից անհեթեթ թվացող գյուտը ժամանակի ընթացքում դառնում է շատ ու շատ օգտակար բավական է միայն նրա մեջ կատարել այս կամ այն բարելավումը։ Հինգ տարի առաջ հեղուկ միտքը ոչ մի գործնական օգուտ չէր տալիս և միայն ցուցանմուշ էր Կայսերական ակադեմիայի տիկնանց ցուցահանդեսում։ Դրա արդյունաբերական կամ առևտրական կիրառման մասին խոսք անգամ լինել չէր կարող՝ արտադրության անչափ թանկության պատճառով, քանի որ այն ստանալու համար վաղ փուլում օգտագործվում էր պետական գործիչներից, դատավորներից, գիտնականներից, բանաստեղծներից, իմաստասերներից, ծովակալներից, գյուտարարներից և ինժեներներից ստացվող հումքը միայն, իսկ այժմ, ինչպես ասում է Մաթուսաղան, սովորել են այդ հումքը ստանալ նաև քաղաքագետներից ու ապուշներից, ըստ որում նա սովորական սարկազմով ավելացնում է․ «Բայց դա նույնաբանություն է, որովհետև քաղաքագետն ու ապուշը հոմանիշներ են»։
Ես կողմնակից եմ այն կարծիքին, որ մենք նոր ենք միայն ձեռնամուխ լինում այդ նոր, խորհրդավոր ուժի զարգացմանը։ Ես համոզված եմ, որ այսօր մեզ հայտնի ամեն ինչ դատարկ բան է դրա համեմատությամբ, ինչ կհայտնագործվի մոտակա տասնամյակների ընթացքում։ Ինչ իմանանք՝ դա չի՞ դառնա, արդյոք, հին առասպելներում պատմվող հռչակավոր ու դառնորեն ողբացվող կորուսյալ ուժը։ Ձեզ, ամենողորմածդ պայծառափայլություն, ինչպես և ամբողջ աշխարհին հայտնի են այդ առասպելները, բայց դուք չգիտեք պատմությունը։ Հենց վերջերս վերծանվեցին կրկնակի մայրցամաքում հնադարյան մի քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերված կավե սալիկները, և երբ դրանց թարգմանությունը հրապարակվի, աշխարհի ժողովուրդները կիմանան, որ «բացառիկ» կոչված մի շատ հիանալի մարդ, որը հինգերորդ դարի կեսին ոչնչությունից դուրս գալով, մի քանի տարվա ընթացքում հպատակեցրել է ողջ աշխարհը և երկրային բոլոր թագավորությունները ենթարկել իր վեհապետական իշխանությանը, որն այժմ գտնվում է նրա որդու ձեռքում, իր վիթխարի աշխատությունների մեջ հենվել է ոչ միայն իր հսակայական ռազմական, պետական և վարչական հանճարի, այլև ինչ֊որ արտաքին ուժի վրա, թեև նրա տաղանդը, անկասկած, ո՛չ իրեն հավասարն ուներ, ո՛չ էլ նմանը։ Այդ ուժն առասպելներում, ռոմանտիկական գրականության մեջ և չափածոյում ստացավ Կորուսյալ ուժ անունը։ Ճիշտ է, երիտասարդ, միանգամայն անհայտ կոշկակարը կրկնակի մայրցամաքն ամայացրել է հրով ու սրով, առանց այդ ուժի օգնության, և այնտեղ գտնվող թագավորությունները հպատակեցրել, հենվելով միմիայն իր սեփական ընդունակությունների և մեկ միլիոն գեներալների հրամանատարության տակ եղած մեկ միլիարդ զինվորների վրա, գեներալներ, որոնց նա վարժեցրել էր անձամբ և որոնք ենթարկվել են միայն նրա կամքին, որ սահմանափակված չէր մինիստրությունների կամ օրենսդրական ժողովների ձանձրալի միջամտությամբ, հպատակեցրել է, կռվի դաշտում թողնելով սպանվածների ու վիրավորների սարեր։ Սակայն մնացած աշխարհը նա նվաճել է առանց արյուն թափելու, եթե չհաշվենք մի դեպք։
Հիմա, այդ կավե սալիկների շնորհիվ, գաղտնիքը բացված է։ «Բացառիկին» հայտնի է դարձել, որ ոմն Նեյպիր, ոչ անվանի, բայց շատ գիտուն մի մարդ, իր կտակի մեջ գրել է, թե իբր, ինքը գտել է մի միջոց, որի օգնությամբ կարելի է մեկ ակնթարթում ոչնչացնել մի ամբողջ բանակ, բայց նա իր գաղտնիքը չի բացահայտի, որովհետև պատերազմն առանց այդ էլ արդեն բավականաչափ սարսափելի բան է և ինքը չի ուզում նպաստել, որպեսզի այն դառնա էլ ավելի կործանարար։
Կոշկակար կայսրն ասել է․ «Այդ մարդը հիմար է եղել, նրա գյուտը առհասարակ կոչնչացնի պատերազմը», ― և հրամայել է, որ գիտնականի թղթերը բերեն իրեն։ Նա գտել է բանաձևը, այն անգիր արել, և ապա բոլոր փաստաթղթերն այրել։ Հետո նա ծածուկ ստեղծել է այդ Ուժը և, այն պահելով գրպանում, դուրս եկել միայնակ կռվելու արևելյան կիսագնդի բոլոր միապետների դեմ։ Միայն մեկ բանակ է հասցրել դուրս գալ նրա դեմ։ Վիթխարի հարթավայրում բանակը մարտակարգ է ընդունել, և նա տասներկու մղոն հեռավորությունից պայթեցրել է բանակը այնպես, որ նրանցից մնացել են միայն մի քանի կոճակ և այրված քրջեր։
Նա իրեն հռչակել է աշխարհի տիրակալ, և նրա իշխանությունը ճանաչվել է միաձայն։ Ինչպես ձեզ հայտնի է, նրա երեսնամյա թագվորությունը լիակատար խաղաղության ժամանակաշրջան է եղել, բայց հետո նա մի դժբախտ պատահականության հետևանքով ինքն իրեն պայթեցրել է իր սարքի ու իր մայրաքաղաքներից մեկի հետ միասին, և նրա ահեղ գաղտնիքը իր հետ մեռել է։ Այնուհետև նորից են սկսվել ահեղ պատերազմները, որ մինչև օրս էլ շարունակվում են որպես մարդկության պատիժ՝ նրա գործած մեղքերի համար։ Բայց նրա հիմնադրած համաշխարհային կայսրությունը իմաստության և ուժի ծնունդ էր, և այսօր նրա որդին նստած է նրա գահին նույնքան հաստատուն, ինչպես որ այն օրերին, երբ նա նոր էր գահ բարձրացել շատ դարեր սրանից առաջ։
Դա շատ հետաքրքիր էր։ Այնուհետև նա սկսեց բացատրել իր «Պարբերական կրկնությունների օրենքը», իսկ գուցե և իր «Մտավոր միջին մակարդակի մշտականության օրենքը», բայց այստեղ մեզ ընդհատեցին։ Նրան խոստացել էին ունկնդրություն Նորին Վեհության տիկնոջ մոտ, և պալատական աստիճանավորը ներկայացավ հաղորդելու, որ այդ բարձր պատիվը նրան կշնորհվի հենց հիմա։
==Հատված մարդկության գլխավորի պարտականությունները կատարող Նորին Վեհություն տիկնոջ հետ Խելահեղ Իմաստասեր Ռեջինալդ Սելկիրկի ունեցած զրույցից==
«Մեր հիանալի քաղաքակրթությո՞ւնը։ Ես չեմ առարկում այդ մակդիրի դեմ․ դա ճիշտ է այն բնորոշում, բայց ինձ վճռականորեն դուր չի գալիս այն խոր ու ինքնագոհ հիացմունքը, որ նա ենթադրում է։ Բոլոր պատմածները, և մանավանդ ձեր պատմածները, ամենապայծառափայլ տիկին, ցույց են տալիս, որ Եդեմի լուսաշող, խաղաղ, տգետ, ոչնչով չարատավորված քաղաքակրթությունը արժեր հազար միլիոնավոր այնպիսի քաղաքակրթություններ, ինչպիսին մերն է։ Ի՞նչ է քաղաքակրթությունը, եթե այդ բառը վերցնենք իր ճշգրիտ նշանակությամբ։ Բարոյագիտական տեսակետից դա վատ կրքերի ճնշում է, բարոյական մակարդակի բարձրացում․ հոգևոր տեսակետից դա կուռքերի խորտակում է, Աստծու գահակալում․ նյութական տեսակետից դա հաց է և արդարություն հնարավորին չափ ավելի մեծ թվով մարդկանց համար։ Այսպիսին է այն սովորական բանաձևը, սովորական բնորոշումը, որ բոլորն ընդունում են լիակատար գոհունակությամբ։
Մեր քաղաքակրթությունը ուշագրավ է որոշ արտաքին ու խաբուսիկ գծերով․ ուշագրավ է գիտական ու տեխնիկական հրաշքներով, ուշագրավ է տեխնիկական հագեցվածությամբ, որը նա անվանում է զարգացում, առաջադիմություն և այլ գեղեցիկ բառերով, ուշագրավ է բնության խորհրդավոր գաղտնիքների բացահայտմամբ և նրա համառ օրենքների նկատմամբ տարած հաղթանակներով, ուշագրավ է իր չտեսնված ֆինանսական ու առևտրական նվաճումներով, ուշագրավ է դրամի ծավալով և անտարբերությամբ դեպի այն, թե ինչպես է ձեռք բերվում այդ դրամը, ուշագրավ է մասնավոր հարստությունների անասելի չափերով և այն առատաձեռնությամբ, որով դրանք նվիրաբերվում են հասարակական մշակույթի զարգացմանը նպաստող հիմնարկներին, ուշագրավ է, իր աղաղակող աղքատությամբ, ուշագրավ է այն անակնկալներով, որ նրան հրամցնում է այդ մեծ նորածինը՝ «Կազմակերպությունը», որը չարչիական բանականության ամենավերջին ու ամենազորեղ ստեղծագործությունն է, որը հրաշքներ է գործում տրանսպորտում, գործարաններում ու ֆաբրիկաներում, կապի, նորությունների հավաքման, գրքերի հրատարակման, ժուռնալիզմի ասպարեզներում, ինչպես նաև այն ամենում, ինչ վերաբերում է բանվորների պաշտպանությանը, բանվորների կեղեքմանը, բոլոր ազգային կուսակցությունների շարքային անդամների վերածմանը հլու ոչխարների, պետական ծառայության դռները ուժեղ բնավորության ու մտքի տեր անձանց առջև փակելուն կամ ծախու օրենսդրական ժողովների, շաղակրատ կոնգրեսների և քաղաքապետարանների ընտրությանը, որոնք կողոպտում են իրենց քաղաքը և կաշառքի դիմաց հովանավորում գողերին, պառնիկներին, խաղաորջատերերին ու կավատներին։ Դա մի քաղաքակրթություն է, որը ոչնչացրեց կյանքի պարզությունն ու անդորրը, նրա հանգիստը, նրա պոեզիան, նրա լուսավոր ռոմանտիկ երազանքներն ու տեսիլքները փոխարինեց դրամատենդով, ստոր նպատակներով, գռեհիկ ցանկություններով ու չթարմացնող քնով․ նա հորինեց անհրաժեշտություն․ նա հորինեց անօգուտ շքեղության բազում տեսակներ և դրանք դարձրեց անհրաժեշտություն․ նա ստեղծեց հազար տեսակ արատավոր ձգտումներ և չի բավարարում դրանցից և ոչ մեկը․ նա տապալեց աստծուն և նրա գահին բազմեցրեց շահամոլին։
Կրոնը սրտից տեղափոխվել է բերանը։ Այսպես է ասում Նոյը։ Եղել է ժամանակ, երբ վարդապետության միակ բարակ թելով միմյանցից բաժանված երկու աղանդներ կռվել են այդ թելի համար, սպանել, խոշտանգել, տանջել են դրա համար, մեռել են դրա համար։ Այդպիսի կրոնը սրտի մեջ է ապրում։ Այն անհրաժեշտ էր, այն ապրում էր, այն մարդու էությունն էր կազմում։ Ո՞վ է իր կրոնի համար կռվում այլ կերպ, քան լեզվով։ Ձեր քաղաքակրթությունը իրեն մատնել է ջրհեղեղի։ Այսպես է ասել Նոյը, և այն նախապատրաստվում է»։
==Հատված դասախոսությունից==
Տասնութին կայացավ Կայսերական ինստիտուտի ամենամսյա նիստը։ Քառասուն անմահների տեղերը, բացառությամբ երկուսի, զբաղված էին։ Այս երեկո դասախոսություն էր կարդում պատմական կանխագուշակումների մի նշանավոր պրոֆեսոր։ Դասախոսության մի մասը նա նվիրեց Ռեջինալդ Սելկիրկի՝ նրա, ում ավելի հաճախ անվանում են «Խելահեղ Իմաստասեր», երկու օրենքներին, այն է՝ «Մտավոր միջին մակարդակի օրենքին» և «Պարբերական կրկնության օրենքին»։ Հարակից հարցերի մանրամասն տեսությունից հետո, նա ասաց․
«Ես կարծում եմ, որ այս օրենքներն ապացուցված են։ «Պարբերական կրկնության օրենքի» համաձայն ոչ մի բան չի կարող կատարվել մեկ անգամ, ամեն բան կատարվում է կրկին, կրկին ու կրկին՝ միալար ու միօրինակ։ Բնությունը ինքնատիպ չէ՝ ես ուզում եմ ասել, որ նա համարյա չի կարողանում նոր առարկաներ, նոր գաղափարներ, թատերական նոր տպավորություններ ստեղծել։ Նա ունի հին եղանակների սքանչելի, ամենահրաշագեղ և անսահմանորեն բազմապիսի հավաքածու, բայց երբեք դրանք չի նորոգում։ Նա կրկնվում, կրկնվում, կրկնվում է։ Դիմեք ձեր սեփական հիշողությանը, ձեր սեփական փորձին և կհամոզվեք, որ դա այդպես է։ Ստեղծելով մարդուն, որը նրան բավարարեց, բնությունը հավատարիմ է մնում նրան, չի նահանջում նրանից ոչ մի պարագայում, նրան կրկնում է տասնյակ միլիարդավոր պատճեններով։ Ֆիզիկապես և մտավորապես միջին մարդը միշտ միատեսակ է, մազաչափ տարբերություն չկա առաջին ձագի, միջնեկ ձագի և վերջին ձագի միջև։ Եթե հարցնեք․ «Բայց մի՞թե դուք իսկապես այդ կարծիքին եք, որ բոլոր մարդիկ միատեսակ են», ― կպատասխանեմ՝ ես ասացի, որ միջին մարդը միշտ միատեսակ է։
«Բայց ընդունենք, որ որոշ անհատներ մեծ չափով գերազանցում են միջին մակարդակը, համենայն դեպս, մտավորապես»։
Այո, կպատասխանեմ ես, բայց բնությունը կրկնում է նաև այդպիսի մարդկանց։ Նա կրկնում է ամեն բան։ Խոսելով փախաբերականորեն, բնությունը մարդկության ընդհանուր մտավոր մակարդակը սահմանել է, ասենք, վեց ոտնաչափ։ Վերցրեք մեկ միլիարդ մարդ, նրանց կանգնեցրեք միմյանց կիպ կպած, և նրանց գագաթները կկազմեն նույնպիսի հավասար հարթություն, ինչպես սեղանի երեսը։ Այդ հարթությունը պատկերում է մասսայի մտավոր բարձրությունը, և դա անփոփոխ է։ Այստեղ ու այնտեղ, միմյանցից մի քանի մղոն հեռու, այդ հարթության վրա մոտավորապես մեկ մտավոր մատնաչափ, այսպես ասած, բարձրանում են առանձին գլուխներ․ նրանք այն մարդիկ են, որոնք աչքի են ընկել գիտության, իրավաբանության, ռազմական արվեստի, առևտրի և այլ ասպարեզներում։ Հինգ հազար քառակուսի մղոն մակերեսի վրա դուք կտեսնեք երեք գլուխ, որոնք բարձր են ևս մեկ մատնաչափ՝ դրանք ազգային համբավ վաստակած մարդիկ են, և մեկ գլուխ, որն այդ գլուխներից բարձր է մի երկու֊երեք մատնաչափ՝ դա համաշխարհային համբավ (ժամանակավորապես) նվաճած մարդու գլուխն է։ Եվ, վերջապես, երկրագնդի շրջագծի սահմաններում ինչ֊որ տեղ դուք, հինգ հարյուր տարվա սպասումից հետո, կտեսնեք մեկ֊միակ վեհապանծ գլուխ, որը բարձր է մյուս բոլորից՝ դա գրողի, իմաստունի, նկարչի, նահատակի, նվաճողի գլուխ է, կարճ ասած, գլուխը մի մարդու, որի փառքը աստղերին է հասնում և չի խամրի մինչև աշխարհի վախճանը, գլուխը որևէ հսկայի, որն անչափ գերազանցում է ամբողջ մարդկային հոտին, մի որևէ անհամեմատելի և անզուգական բացառիկ անձի, նման նրան, ով իր մեջ թաքնված ուժերի կախարդանքով կոշկակարի իր մուրճը փոխարինեց համաշխարհային տերության գայիսոնով։ Այս պատկերը ձեզ ցույց է տալիս ցանկացած ազգության սովորական մարդուն, այն առանձին մարդկանց, որոնք օժտված են ավելի զորեղ մտքով և այդ պատճառով էլ հռչակ են ձեռք բերում, ավելի հազվադեպ մարդկանց, որոնց տաղանդն ավելի մեծ է ու համբավն ավելի երկարատև, իսկ դարերի տարածության վրա մենավոր բարձրացող վերջին գլուխը մարմնավորում է այն առավելագույնը, ինչի ընդունակ է բնությունը։
Նա կփոխի՞, արդյոք, այդ ծրագիրը։ Ո՛չ, մինչև աշխարհի վերջը չի փոխի։ Նա, արդյոք, հավիտյան կկրկնի՞ այն։ Այո՛, հավիտյան ու անփոփոխ, նորից ու նորից նա կկրկնի այդ աստիճանավորումները, միշտ միևնույն համամասնությամբ և միշտ մեքենայի կանոնավորությամբ։ Մարդկանց յուրաքանչյուր միլիոնի հաշվով ճիշտ այսինչ թվով մեկ մատնաչափ նշանավոր դեմքեր, յուրաքանչյուր միլիարդի հաշվով՝ այսինչ թվով երկմատնաչափ նշանավոր դեմքեր և այլն։ Ու միշտ դարագլուխը մեկ անգամ՝ այդ վերադարձող մենավոր աստղը, ոչ ավելի հաճախ, քան դարագլուխը մեկ անգամ, և երբեք ոչ երկուական անգամ մեկ դարագլխում։
Եթե բնությանը որևէ գաղափար դուր է գալիս, նա անդուլորեն հետևում է դրան։ Ստեղծում է հարթավայրեր, ստեղծում է բլուրներ, ստեղծում է սարեր և միմյանցից մեծ հեռավորության վրա դնում է բարձր գագաթներ, ապա՝ ավելի հոյակապ ու հազվադեպ գագաթներ ամեն մայրցամաքին մեկական հատ և, վերջապես, ամենահոյակապ գագաթը՝ վեց մղոն բարձրությամբ։ Այդ նույն աստիճանավորմանը նա դիմում է նաև ձիերի վերաբերմամբ՝ ստեղծում մեծ քանակությամբ ձիեր, և դրանք բոլորն էլ վազում են միևնույն ու ոչ այնքան մեծ արագությամբ, միայն առանձին ձիեր մի փոքր ավելի արագ են վազում, շատ հազվադեպ նա ստեղծում է երկու֊երեք ձի, որոնք զգալիորեն ավելի արագ են վազում, և կես հարյուրամյակը մեկ անգամ՝ հռչակավոր մեկ ձի, որը երկու րոպեում վազում է մեկ մղոն։ Ու մինչև աշխարհի վերջը յուրաքանչյուր հիսուն տարին մեկ Բնությունը այդ ձին կկերտի։
Ըստ «Պարբերական կրկնության օրենքի», ամեն բան, ինչ մեկ անգամ կատարվել է, անպայման կկատարվի էլի մեկ անգամ, ու էլի՛ մեկ անգամ, ու էլի՛ մեկ անգամ, և ոչ թե անկանոն կերպով, այլ որոշակի ժամանակամիջոց անց, ըստ որում ամեն մի երևույթ կկրկնվի իր, այլ ոչ թե ուրիշ ժամանակաշրջանում, ենթարկվելով իր սեփական օրենքին։ Արևի խավարումը, Վեներայի անցնելը Արևի սկավառակի առջևով, գիսաստղերի երևալն ու անհետանալը, ամենամյա աստղային անձրևը՝ այս բոլոր երևույթները մեզ հուշում են, որ Բնությունը, որը սիրում է պարբերական կրկնությունները երկնքում, նույն բնությունն է, որը տնօրինում է Երկրի գործերը։ Ուրեմն, ըստ արժանվույն գնահատենք այդ ակնարկը։
Կա՞ արդյոք ինքնասպանությունների օրենքը հերքելու որևէ հնարավորություն։ Ո՛չ, այն հաստատված է։ Եթե այսինչ թվով ինքնասպանություններ այսինչ քաղաքում կատարվել են անցյալ տարի, մոտավորապես նույնքան էլ կկատարվեն այս տարի։ Եվ այդ թիվը տարեցտարի կաճի բնակչության թվի աճման համեմատ։ Եթե ձեզ հայտնեն բնակչության թիվը հարյուր տարի հետո, դուք կկարողանաք ճշտորեն հաշվել, թե ինչ քանակությամբ ինքնասպանություններ կկատարվեն այդ հեռավոր տարում։
Կկործանվի՞ արդյոք այս հիանալի քաղաքակրթությունը։ Այո՛, ամեն բան կործանվում է։ Արդյո՞ք նա կրկին կծագի և արդյո՞ք կրկին գոյություն կունենա։ Այո՛, որովհետև ամեն բան, ինչ որ պատահում է, պետք է կրկին պատահի։ Ու կրկին ու կրկին, և այդպես հավիտյան։ Ավելի քան ութ դար պահանջվեց այս քաղաքակրթությունը նախապատրաստելու համար։ Այնուհետև նա հանկարծակի սկսեց աճել և, հարյուր տարի էլ չանցած, մի անզուգական հրաշք դարձավ։ Ժամանակի ընթացքում այն կկործանվի ու կմոռացվի։ Դարեր կանցնեն, և այն կրկին կծնվի ճիշտ այնպիսին, ինչպիսին եղել էր՝ բոլոր գյուտերը, բոլոր հայտնագործությունները կկրկնվեն ամենայն մանրամասնությամբ։ Եվ կրկին այն կկործանվի ու դարեր հետո կծնվի, և նորից կշլացնի աշխարհը, ինչպես որ շլացնում է հիմա, նորից ամեն մանրամասնությամբ կատարելագործված։ Այսպիսին է «Պարբերական կրկնության օրենքը»։
Անգամ հնարավոր է, որ կրկնվեն նաև առարկաների անունները։ Մի՞թե հին ժամանակներում գոյություն չի ունեցել և չի մոռացվել Ապաքինման գիտությունը։ Եվ մի՞թե հենց վերջերս այն կրկին չծնվեց ու իր հետ չբերեց իր մոռացված անունը։ Արդյո՞ք այն կրկին կկործանվի։ Ես ենթադրում եմ, որ դարերի ընթացքում դեռ ոչ մեկ անգամ։ Եվ կրկին ու կրկին կծնվի։ Իսկ «Գիտությունը և Առողջությունը Սուրբ գրքի բանալիով» մոռացված գի՞րքը։ Մի՞թե մենք այն նորից չստացանք՝ վերանայված, ուղղված, այնպես, որ նրա ոճի ու քերականական կառուցվածքի խելահեղությունը սանձված էր ուսյալ նորադարձի ձեռքով։ Ու մի՞թե այն չի մոռացվի և՛ մեկ, և՛ երկու, և՛ քսան անգամ, ու կրկին չի ծնվի վիթխարի ժամանակահատվածներից հետո, և նորից փակուղու առջև չի կանգնեցնի մարդկային միտքը։ Դրանում կարելի է չտարակուսել։ Այդպես պետք է լինի ըստ «Պարբերական կրկնության օրենքի»։
==Հատված դիրքի տեր մարդու օրագրից==
Ինձ ընդունեց մարդկության գլխավոր պաշտոնատար, փառավորագույն, հզորագույն, ամենաողորմած, ազնվագույն Նորին Վեհության տիկինը, որին ես մեծարեցի իր այդ պաշտոնական տիտղոսներով, և ծնկաչոք, հնազանդությամբ նրան հայտնեցի իմ երախտագիտությունը, այնուհետև, թույլտվություն ստանալով, որն արտահայտվեց նրա ձեռքի շարժումով, ոտքի ելա ու կանգնեցի գահի առջև։ Դա տեղի ունեցավ թագավորած դահլիճում, այն պալատում, որտեղ նա և ամբողջ Առաջին ընտանիքը ապրում են արդեն չգիտեմ թե քանի հարյուրամյակ և որը նրանք գերադասում են մյուս բոլոր պալատներից։ Այս պալատն առաջվա նման ամենահոյակապն ու, իմ կարծիքով, ամենագեղեցիկն է ամբողջ կայսրության մեջ։ Դրա ոսկեզօծ շենքերն ամբողջ մղոններ են գրավում և շողշողում են, ինչպես երկրի վրա ընկած արևներ։ Դրա զբոսայգիները, պարտեզներն ու անտառները կորչում են կապտավուն հեռուներում, և թվում է, թե այդ դրախտն անսահման է։ Հարյուր հազար մարդ, չհաշված պալատական գվարդիայի բրիգադներն ու դիվիզիաները, ծառայում են նախածնողներին և նրանց առաջին՝ եդեմածին սերունդների ընտանիքներին։ Եվ, այնուամենայնիվ, այդ պալատն այնքան էլ վիթխարի չի թվում հսկայական մայրաքաղաքում, որի բնակչությունը համարյա անհնարին է արտահայտել թվերով, և որտեղ շատ փողոցների երկարությունը երկու հարյուր ու ավելի մղոն է։
Թագավորած դահլիճը մի հոյակապ, ընդարձակ, սյունաշար, գմբեթավոր կառույց է, որին հին, ամենահմուտ վարպետները հեքիաթային գեղեցկություն են տվել մարմարե արձանների, թանկագին քարերի, ոսկյա զարդարանքների և վերջալույսի սքանչելի գույների միջոցով։
Ամբողջ երկրագնդի միապետները յուրաքանչյուր հիսուն տարին մեկ իրենց ամենաանվանի մեծատոհմիկների ուղեկցությամբ այդտեղ են հավաքվում, որպեսզի ողջունեն մարդկության Նախածնողներին։ Հասկանալի է, որ դրա համար անհրաժեշտ է լայնարձակություն, և դրա պակասն այստեղ չի զգացվում։ Հավանաբար, մի սքանչելի տեսարան է ներկայացնում օտար աշխարհների ամենահարուստ տարազներ հագած սևամորթ, սպիտակամորթ, դեղնամորթ ու դարչնամորթ թագավորների այդ բազմությունը։ Եվ ինչպիսի՜ ասպարեզ թարգմանների համար։ Բայց հիմա դահլիճը համարյա դատարկ է․ այստեղ են միայն թիկնապահները, սենեկապետները, մանկլավիկները և ուրիշներ՝ պատշաճ թվով քարտուղարների հետ, որոնք պատրաստ են ոչինչ չանելու, և ջանասիրությամբ դրանով են զբաղված։
Նորին Վեհության զգեստը հիշեցնում էր արկտիկական երկինք, երբ հյուսիսափայլն այն հեղեղում է մանուշակագույն, մորեգույն և ոսկեգույն բոցերի թրթռացող ալիքներով, և փայլփլող գույների այդ առկայծուն, խաբուսիկ երազում խաչաջևվում, միանում ու անջատվում էին թանկարժեք անհամար զարդերի ճաճանչները՝ մերթ բորբոքվելով, մերթ էլ մարելով, ինչպես կայծերը մոխրացած թղթի մեջ։ Հետագայում ես այդ սքանչելի տեսարանը ցնծությամբ նկարագրեցի Նանգ Պարբատին՝ Առաջին արյան այդ զայրալից ու սանձարձակ եդեմածին շառաղվին, որի այլանդակ սիրտն ամբողջապես լցվեց ատելությամբ, նախանձով ու չարությամբ, երբ շատ վաղուց նրան արգելվեց երևալ Նախահայրերի աչքին։ Նա կծու ժպտաց և արհամարհանքով ասաց․
― Ա՜խ, այդ սնապարծությունը։ Իսկ ես դեռ հիշում եմ այն օրերը, երբ ամբողջ ընտանիքով մի մաշված շապիկ էլ չունեին։
Ես զսպեցի զայրույթս, որովհետև իմ դիրքի տեր մարդուն թույլատրելի չէ առարկել եդեմածնին, անգամ եթե նա ուզում է այդ, թեև նման ցանկություն իսկական օրինապահ կրծքում կարող է առաջանալ միայն ցասման րոպեներին և տեղնուտեղը իսպառ անհետանալ․ բայց ես խոնարհաբար նրան խնդրեցի ինձ ազատել Բարձրագույն իշխանությունների մասին նման բառեր լսելուց, քանի որ ինձ վայել չէ։
― Դե, հասկանալի՛ է, ― փնչացրեց նա, ― չէ որ դու հայրենասեր ես, ինչպես բոլոր քեզ նմանները։ Դա նա է, ով սողում է Առաջին ընտանիքի առջև և փառաբանում կայսրին ու կառավարությանը, անկախ այն բանից՝ իրավացի են նրանք, թե անիրավացի, և մանավանդ այն ժամանակ, երբ նրանք իրավացի չեն․ դա կոչվում է «իր երկրին պաշտպան կանգնել»։ Հայրենասիրությո՜ւն․․․ Կեղծիք է, գարշանք, արծաթազօծ մանկական խաղալիք, որի օգնությամբ կողոպտիչների, սահմանադրական դատարկաբանների, տկարամիտների ու կեղծավորների խառնամբոխը, որ կոչվում է կայսերական կառավարություն, խաբում և իր բռան մեջ է հավաքում դյուրահավատ մանուկներին՝ ժողովրդին։ Օ՜, հայրենասիրությունը սքանչելի՜ բան է։ Ադամը սովորություն ուներ այն անվանելու «սրիկայի վերջին ապաստան»։ Իսկ գիտե՞ս, որ դատարկագլուխ տգետներն անգամ ինձ էին հայրենասեր անվանում։ Ավա՜ղ, այս աշխարհում վիրավորանքից խուսափելն անհնար է։ Գնա՛նք խմենք։
Ես սաստիկ անհարմար էի զգում, անցորդները զարմացած ետ էին նայում, տեսնելով, թե ինչպես Առաջին արյան զարմը՝ իր դասի սրբազգեստով (ճիշտ է, շատ մաշված), տնավարի, ասես հավասարը հավասարի հետ, բռնել է իմ դիրքի տեր մարդու վերարկուի դարձածալից։ Եվ նրա խոսքերն էլ ով ասես կարող էր լսել, որովհետև նա համառորեն խոսում էր չափազանց բարձրաձայն (գլուխը մի փոքր, այսպես ասած, տաք էր), որքան էլ աշխատում էի նրան հանգստացնել։ Հետաքրքրասերների հայացքներից խուսափելու համար, ես նրա ետևից մտա «Եդեմի զինանիշ» պանդոկը, որտեղ, վերջապես, ազատ շունչ քաշեցի, որովհետև պանդոկի բոլոր այցելուները հարգանքով ոտքի ելան և գլխաբաց հեռացան։
― Ստրուկնե՛ր, ― գոչեց նա։ ― Նայիր դրանց, նրանք ստորանում են հագուստի առջև, ծնվելու պատահականության առջև՝ դարձյալ արծաթազօծ մանկական խաղալիք։ Օ՜հ, աստված իմ, ահա թե ինչ բան է այդ մարդկությունը։ ― Նա ճռնչաձայն ծիծաղեց։ ― Մարդկություն, որն այնքա՜ն բարձր կարծիքի է իր մասին։
Նա աչքի անցկացրեց իր սրբազգեստը, պոկեց թելից կախված ոսկեկար ժանյակի կտորը, մտազբաղ տրորեց ձեռքի մեջ ու նետեց շանը, որն այն հոտոտեց, և ապա, առանց ճաշակելու հիասթափված հեռացավ։
― Ահա, համենայն դեպս, մի բանական արարած, որն արժանի է հարգանքի։ Ես խոնարհվում եմ նրա առջև։ ― Նա մատները խրեց իր ձյունափայլ մազերի մեջ և հոգոց հանելով, ասաց․ ― Ինչ արած, մի ժամանակ մենք էլ այդպես իմաստուն էինք և այդպես բանական։ Ես տեսել եմ այդ օրերը։
Շուտով նա կրկին պոռթկաց երկարաշունչ կրակոտ մենախոսությամբ։ Այս անգամ հովանավորականության առթիվ։ Ճիշտ է, նա անուններ, այնուամենայնիվ, չհիշատակեց, բայց միանգամայն պարզ էր որ ակնարկում է Մարդկության գլխավորի պաշտոնակատար իր տատին։ Ես ուղղակի փշաքաղվեցի։
― Այս պալատում չկա ոչ մի պաշտոն, ― ասաց նա, ― որին կարելի լիներ հասնել ծառայություններով, չկա առանձնապես աշխատանք չպահանջող և բարձր վարձատրվող մի պաշտոն, որը տրված լինի որևէ տկարամիտ ծերուկի միայն այն պատճառով, որ ծննդյան պատահականությամբ նա պատկանում է Ազգակցության առաջին երեք աստիճաններից մեկին։ Ամեն բան, ինչ որևէ արժեք ունի, տրվում է Երեք դասերին։ Եվ ինչպե՜ս են նրանք՝ այդ զառամյալ փլատակները, կառչում իրենց տաքուկ տեղերից։ Ադամը երբեմն հոգոց էր հանում և ասում․ «Նրանք հազվադեպ են մահանում և երբեք հրաժարական չեն տալիս»։ Հովանավորականությո՞ւն։ Դա հո ուղղակի հովանավորականության կրետի բույն է։ Նա, օ՜, աստված իմ, նա չի կարողանում տանել պլեբեյական մարմնի ո՛չ հպումը, ո՛չ էլ հոտը։ Նույնիսկ աման լվացողները պետք է Առաջին ընտանիքից լինեն։ Աղգակցության երրորդ աստիճանը, զինանշանագիտական գերատեսչության վկայականը, ուղիղ գծով բոլոր նախնիների ամուսնության վկայականները հաշվի չեն առնում, այսպես ասած՝ «իռլանդացիներին խնդրում են չանհանգստանալ»։ Եվ ինչպիսի՜ հեգնանք․ հենց նա ինքը ամուսնության վակայական չունի։
Ես համարձակվեցի նրան առարկել և կշտամբանքով ասացի․
― Նա այդպես ամուսնացած էլ ծնվել է։
― Հիմարությո՛ւն է, ― փնչացրեց նա ու մատները շրխկացրեց, ― մանկական հեքիաթներ։
Այստեղ նա նորից սկսեց պարսավել հովանավորականությունը ու հասավ աստված գիտե թե ուր։ Ես կարող էի նրան հիշեցնել (եթե իմ դիրքի տեր մարդու համար պատշաճ լիներ նման բաներ խոսելը), որ եթե անգամ այդ համակարգը վատն է, նա ինքը դրանից ավեի շատ օգուտ է քաղել, քան մեկ ուրիշը։ Չէ որ առանց որևէ իրավունքի, բացի ծագումից, նա երկու հարյուրամյակ ծառայել է պալատում և վայրընթաց կարգով փորձել է Ազգակցության երրորդ աստիճանի սրբազան արտոնությունը կազմող բոլոր պաշտոնները, հերթով արատավորելով դրանցից յուրաքանչյուրը, մինչև որ գլորվել հասել է կոշիկ մաքրողի աստիճանի։ Եվ միայն այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ նա արատավորել է նաև այդ պաշտոնը, վերջապես, զայրույթով նրանից ազատվեցին ու արգելեցին երևալ պալատում։
Նա հերթով հայհոյում էր այն ամենը, ինչը մենք հարգում և մեծարում ենք, իսկ ես ստիպված էի լսել, որովհետև նա շատ կամակորն է և կարող էր խիստ վիրավորվել, եթե ես հանկարծ հեռանալու թույլտվություն խնդրեի։ Բայց ի վերջո նա, առանց որևէ նախազգուշացման կամ նախաբանի, անսպասելիորեն հայտարարեց, թե իրեն ձանձրացրեց իմ անվերջ շաղակրատանքը, և մատնացույց արեց դուռը։ Դա անարդարացի էր, որովհետև խոսում էր միայն ինքը, իսկ ես երեք բառ էլ չէի ասել, բայց իսկույն, հարգարժան կերպով ետ֊ետ քայլելով, առանց մի առարկության հեռացա, քանի որ ուրախ էի բաժանվելու նրանից ցանկացած պայմանով։ Մեկ րոպեից նա ինքն էլ դուրս եկավ պանդոկից և քայլեց փողոցով ոչ մեկին չնայելով, իսկ բոլոր անցորդները, հարգանքով խոնարհվելով, ճանապարհ էին տալիս նրան։ Ինձ հայտնի բոլոր անբաններից ամենատհաճը սա է․ ես դրանում համոզված եմ։
Բնավորությամբ, խոսակցությամբ, տեսքով նա իր ազնիվ տատի լիակատար հակապատկերն է։ Ասում են, թե հին ժամանակներում նրա տատն էլ է ըմբոստացել և չի ցանկացել հնազանդվել, բայց հոգսերը և դարերի բեռը նրա սիրտը մաքրել են գթության և հնազանդության համար, որոնք միշտ են նրա մեջ ապրել, և դրանց երանությունը լուսավորում է նրա դեմքը, ու նա սքանչելի է։ Ինչպիսի՜ պատիվ էր նրան մեկ անգամ տեսնելը։ Ես նրան չեմ տեսել նոր հարյուրամյակի առաջին երեք օրից հետո, երբ նա հռավարության ցոլքերի մեջ հանդիսավորապես երևաց ժողովրդին և հին սովորությամբ օրհնեց եկող դարը․ այդ արարողությունը միշտ խոր տպավորություն էր գործում, բայց այս անգամ դա առանձնապես հուզիչ էր, որովհետև առաջին անգամ Նորին Վեհությունը ծեսը կատարում էր միայնակ։
Բոլորի աչքերն արտասվակալեցին, երբ նրա կողքին տեսան թափուր տեղը, որը, հավանաբար, այլևս երբեք չէր զբաղեցվելու։ Ութսուն տարի առաջ, ավելի ու ավելի վատացող առողջավիճակի պատճառով, Մարդկության գլխավոր Նորին Գերագույն պայծառափայլությունն իր բոլոր պարտականությունները, բայց ոչ իշխանությունը, հանձնեց իր տիկնոջը և այդ ժամանակից ի վեր անմիջականորեն չէր մասնակցում Առաջին ընտանիքի գործերի կառավարմանը, չհաշված այն, որ հիսունհինգ տարի առաջ, նկատի ունենալով որոշ կարևարագույն հանգամանքներ, նա ունկնդրման արժանացրեց աշխարհի կայսրին և թույլ տվեց, որ իրեն համոզեն նույնն անելու երեսունմեկ տարի հետո։ Ահա արդեն երեք քառորդ դար նա ապրում է կատարելապես միայնակ, անձնական բժիշկների խստագույն հսկողության տակ, և սրանք բժշկագիտության նորանոր նվաճումների օգնությամբ վերջին հիսուն տարիների ընթացքում տարեցտարի պահպանում են նրա մեջ առկայծող կյանքը։ Դա իրոք որ հիանալի է։ Բժիշկները միանգամայն արժանի են, որ նրանց հաջողությունը հրաշք անվանվի։ Նա վերջիններիս համար ապահովել է համաշխարհային համբավ, ինչպես նաև ոչ փոքր հարստություն։
==Հատված օրագրից<ref>Ենթադրաբար՝ Նանգ Պարբատի օրագրից։ Ծան․ ռուս․ խմբ․</ref>==
․․․ Նրա իսկական վիճակի մասին չէր հայտնվում լայն հասարակությանը, համենայն դեպս, այդ մասին ոչինչ հնարավոր չէր իմանալ բժշկական տեղեկագրից։ Փորձով իմաստնացած մարդիկ կարողանում են մեկնաբանել այդ տեղեկագիրը, քանզի միանգամայն պարզ է, որ իր գրպանի մասին մտածող բժիշկի համար ձեռնտու է անվանի խնամառուին սպառնացող վտանգը ժամանակ առ ժամանակ չափազանցնել մի տասնվեց֊քսան անգամ, իսկ հետո նվաճել բովանադակ աշխարհի հիացմունքն ու երախտագիտությունը (ինչպես նաև ձեռք բերել նոր խնամառուներ), հիվանդին նորից հասցնելով այնպիսի վիճակի, երբ նա ինքն է գդալով ուտում իր շիլան, անիմաստ ժպտում է և ինչ֊որ բան քրթմնջում «իմ սիրելի ժողովուրդների մասին, որպեսզի այդ բառերը այնուհետև հեռագրի միջոցով տարածվեն ամբողջ հողագնդում, գորովագութ արցունքներով հեղեղեն լրագրերը և եկեղեցու կողմից օգտագործվեն հոգիների մեղմացման ու նոր հոժարակամ նվիրատվություններ շորթելու համար։ Այս ամբողջ տասնամյակների ընթացքում նա ոչ մի հիվանդությամբ չի տառապել, բացի «բժշկական հիվանդությունից»․ այդ մասին ինձ պատմել է դիպլոմավոր հիվանդապահուհիներից մեկի օգնականուհին։ Մեզանից նրանք, ովքեր դեռ լիովին ավանակ չեն, գիտեն, թե դա ինչ հիվանդություն է և ով է այն հարուցում, ինչպես է այն ընթանում, ինչքան փող, նաև ինչպիսի համբավ է նա բերում։ «Բժշկական հիվանդությունը» գոյություն ունի միայն ընտրյալների համար, միայն անվանիների համար և ախտահարում է միմիայն հարուստներին ու նշանավորներին, իսկ իր երկարատևությամբ դա անմահությունից տասը գլուխ բարձր բան է։
Ես ունեմ մասնավոր կարգով հիվանդապահուհու օգնականուհուց ստացած ստույգ տեղեկություններ, որ բժիշկները հենց սկզբից այդ խնամառուի հիվանդության վրա բորսայական խաղ են սարքել և տեղեկագիրը բորսայական միջնորդներին են վաճառել մեկ շաբաթ առաջ՝ երբեմն նրանց, ովքեր խաղում են վտանգի օգտին, երբեմն էլ նրանց, ովքեր խաղում են առողջացման օգտին։ Մի անգամ, երբ արժեթղթերի գինը 39 է եղել, նրանք գաղտնի բանակցություններ են սկսել երկու կողմերի հետ՝ միաժամանակ առաջարկելով արժեթղթերի գինը բարձրացնելով հասցնել 42֊ի կամ իջեցնել 35֊ի, նայած թե ով ավելին կառաջարկեր։ Դա փաստ է։ Այդ մասին ինձ պատմեց հիվանդապահուհու օգնականուհին։ Ավելի շատ տվել էին ցուլերը․ այդ մասին նա նույնպես ինձ ասաց։ Եվ բազմաթիվ այլ դեպքերում նրանք նախօրոք վաճառել են բարձրացումը կամ իջեցումը, թեև ստույգ թվերը օգնականուհին չգիտեր։ Սրանից երևում է, թե ինչ արժե տեղեկագիրը, երբ հիվանդը «բժշկական հիվանդությամբ» է տառապում։ Այս ի՞նչ (անընթեռնելի մի բառ) աշխարհ է։
==Երկու հատված արգելված գրքից, որի վերնագիրն է «Պատմահայեցողություն կամ պատմության ընդհանուր ակնարկ»==
․․․ Ավելի քան հինգ հարյուր տարի առաջ արտասանած ճառում, որն ամբողջապես հասել է մեզ, նա ասել է․
«Մենք՝ Մեծ հանրապետության ազատ քաղաքացիներս, իրավամբ հպարտանում ենք նրա մեծությամբ, նրա հզորությամբ, նրա արդարամիտ ու հեզաբարո կառավարությամբ, նրա մեծ ազատություններով, նրա փառավոր անունով, նրա անբիծ պատմությամբ, նրա անբիծ դրոշով և այն բանով, որ նրա ձեռքերը չեն կեղեքել թույլերին, ներկված չեն եղել զավթողական պատերազմների արյամբ, որ նրա հյուրընկալ դուռը բաց է ամեն ազգի տարագիրների առջև․ մենք հպարտանում ենք այն ակնածական հարգանքով, որ նրա նկատմամբ տածում են բոլոր կողմերից նրան շրջապատող միապետները, բայց ամենից ավելի հպարտանում ենք այն վեհ հայրենասիրությամբ, որը ժառանգել ենք մեր հայրերից, որը անաղարտ պահպանել ենք, որի շնորիհիվ նվաճել ենք մեր ազատությունները և մինչև օրս էլ դրանք պահպանում ենք։ Քանի դեռ ողջ է այդ հայրենասիրությունը, Հանրապետությանը ոչինչ չի սպառնում, նրա մեծությունն անխախտ է, և երկրային ոչ մի ուժ նրան չի հաղթի»։
Լավ ըմբռնեք այս բառերի իմաստը։ Հակառակ բոլոր մեր ավանդույթների, մենք այժմ անարդարացի և ստոր պատերազմ ենք սկսում, պատերազմ անօգնական ժողովրդի դեմ, պատերազմ, որի նպատակն է նողկալի կողոպուտը։ Սկզբում մեր համաքաղաքացիները, հավատարիմ մնալով այն սկզբունքներին, որոնցով դաստիարակվել են, հանդես էին գալիս պատերազմի դեմ։ Բայց այժմ նրանք նահանջել են այդ սկզբունքներից և միանգամայն ուրիշ բան են պահանջում։ Իսկ ի՞նչն է այդ փոփոխության պատճառը։ Քաղաքագետի ընդամենը մեկ ճարպիկ քայլը՝ զրնգուն մի ֆրազ, բոցավառող մի ֆրազ, որից պտտվել են քննադական դատողությունների անընդունակ նրանց գլուխները․ «Մեր երկիրը և՛ արդարի կողմն է, և՛ անարդարի»։ Դատա՜րկ ֆրազ, տխմա՜ր ֆրազ։ Բայց այն տպագրեցին բոլոր թերթերը, այն թնդում էր եկեղեցական ամբիոններից․ ժողովրդական կրթության գերատեսչության ավագ տեսուչը հրամայեց այդ լոզունգը կախել յուրաքանչյուր դպրոցում, ռազմական մինիստրությունը այն գրեց պետական դրոշի վրա։ Եվ ամեն մի մարդ, ով այդ լոզունգը բավականաչափ բարձրաձայն չէր բացականչում կամ պարզապես լռում էր, դավաճան էր հայտարարվում․ հայրենասերներ էին համարվում միայն նրանք, ովքեր աղաղակում էին։ Հայրենասեր համարվելու համար հարկավոր էր անընդհատ կրկնել՝ «Իմ երկիրը և՛ արդարի կողմն է, և անարդարի», ու պահանջել այդ փոքր պատերազմը։ Բայց մի՞թե դուք չնկատեցիք, որ այդ ֆրազը վիրավորական է ամբողջ ազգի համար։
Որովհետև, հանրապետության օրոք ո՞վ է «երկիրը»։ Տվյալ պահին իշխանության գլուխ կանգնած կառավարությո՞ւնը։ Բայց չէ՞ որ կառավարությունը միայն ծառա է, ժամանակավոր ծառա, և նա՛ չէ որոշողը, թե որ ուղին է արդար և որը՝ անարդար, ով է հայրենասեր և ով՝ ոչ։ Կառավարությունը պարտավոր է ենթարկվել ցուցումներին, այլ ոչ թե ցուցումներ տալ։ Այնուամենայնիվ ինչ է «երկիրը»։ Լրագրե՞ր։ Եկեղեցի՞։ Դպրոցական տեսուչնե՞ր։ Բայց չէ որ դրանք բոլորը երկրի միայն մի աննշան մասն են ու ամենևին էլ ո՛չ ամբողջ երկիրը․ դրանց չէ, որ պատկանում է իշխանությունը, դրանց պատկանում է իշխանության սոսկ չնչին մասը։ Դրանք յուրաքանչյուր հազարից մեկն են, և հենց այդ հազարներին է պատկանում իշխանությունը, հենց այդ հազարներն են, որ պետք է որոշեն, թե որ ուղին է արդար և որը՝ անարդար․ հենց նրանք պետք է որոշեն, թե ով է հայրենասեր, իսկ ով՝ ոչ։
Իսկ ովքե՞ր են այդ հազարները։ Այլ կերպ ասած, ովքե՞ր են կազմում «երկիրը»։ Միապետության օրոք երկիրը միապետն է ու նրա ընտանիքը, հանրապետության օրոք դա ժողովրդի ձայնն է։ Ձեզանից յուրաքանչյուրը պետք է խոսի ինքն իր համար, իր անունից և իր պատասխանատվությամբ։ Եվ և դա մեծ ու սրբազան պատասխանատվություն է, դրանից չի կարելի թեթևամտորեն հրաժարվել, ենթարկվելով եկեղեցու, լրագրերի, կառավարության ահաբեկմանը կամ թե տրվել քաղաքագետի դատարկ ֆրազի հրապույրներին։ Ձեզանից ամեն մեկն ինքը պետք է իր համար որոշի, թե որ ուղին է արդար, իսկ որը՝ անարդար, ինչն է հայրենասիրական, իսկ ինչը՝ ոչ։ Չի կարելի խուսափել այդ պարտքի կատարումից և մարդ մնալ։ Իսկ ներքին համոզմունքին հակառակ ուղի ընտրել, նշանակում է դառնալ ամենաստոր ու ամենաանամոթ դավաճան և՛ սեփական անձի նկատմամբ, և՛ իր երկրի նկատմամբ՝ ինչպես էլ որ քեզ մարդիկ անվանեն։ Եթե դու միայնակ, հակառակ ամբողջ ազգի, ընտրել ես մի ուղի, համարելով, որ այդ ուղին արդար է, նշանակում է դու կատարել ես քո պարտքը և՛ քո նկատմամբ, և՛ քո երկրի նկատմամբ, ու բարձր պահիր գլուխդ։ Դու ամաչելու ոչինչ չունես։
Միայն այն ժամանակ, երբ վտանգ է սպառնում հանրապետության բուն գոյությանը, մարդ պետք է պաշտպանի իր կառավարությանը, նույնիսկ եթե այն արդարացի չէ։ Բայց միայն այդ դեպքում։
Մեր հանրապետության գոյությանը ոչ մի վտանգ չի սպառնում։ Եվ ազգը իր պատիվը վաճառեց զրնգուն ֆրազով։ Նա կտրեց հուսալի խարսխաճոպանը և լողում է ալիքների կամքին հնազանդ, ծովահենների ձեռքը հանձնելով իր ղեկանիվը։ Տխմար ֆրազը ամրապնդման կարիք ուներ, և այն արժանի զույգ գտավ՝ «Եթե նույնիսկ այս պատերազմն անարդարացի է, մենք այն արդեն սկսել ենք և պետք է հասցնենք մինչև վերջ․ այն դադարեցնել, նշանակում է խայտառակվել»։ Արդարև, ոչ մի ջարդարար չէր կարողանա ավելի լավ ասել։ Մենք չենք կարող դադարեցնել նողկալի, թալանչիական արշավանքը, որովհետև հաշտություն կնքել այդ փոքր ժողովրդի հետ, որը միայն մեկ բան է պահանջում՝ պահպանել իր անկախությունը, նշանակվում է խայտառակվել։ Դուք մոռացել եք Ադամի ասույթը, վերհիշեք այն, լավ մտածեք դրա մասին։ Նա ասել է․ «Անփառունակ հաշտությունն ավելի լավ է, քան անազնիվ պատերազմը»։
Դուք սերմեր եք ցանել, և դրանք ծիլեր կտան։
․․․Սակայն անհնար եղավ փրկել Մեծ հանրապետությունը։ Այն նեխել էր մինչև ուղն ու ծուծը։ Զավթումների ծարավը վաղուց ի վեր կատարել էր իր սև գործը․ ոտնատակ տալով անօգնական օտարերկրացիներին, հանրապետությունը, բնականաբար, սովորել էր ծույլ անտարբերությամբ նայել իր սեփական քաղաքացիների ոտնահարված իրավունքներին․ ուրիշի ազատությունների ճնշմանը ծափահարող ամբոխներն ապրեցին մինչև այն օրը, երբ հենց իրենք ստիպված եղան հատուցել այս սխալի համար։ Կառավարությունը վերջնականապես ընկավ գերհարուստների ու պնակալեզների ձեռքը, ընտրական իրավունքը վերածվեց մի հասարակ մեքենայի․ և նրանք այն պտտում էին իրենց ուզածին պես։ Չարչիական ոգին փոխարինեց բարոյականությանը, յուրաքանչյուրը դարձավ միմիայն իր գրպանի հայրենասերը։ Քսակ֊իշխանները, որոնք սկզբում մեծագույն շուքով էին ընդունում հարևան երկրների արիստոկրատներին և նրանց գնում իրենց աղջիկների համար, ժամանակի ընթացքում իրենք սկսեցին ժառանգական տիտղոսների ծարավ զգալ։ Առաջացավ ավելի ու ավելի ուժեղացող ձգտում դեպի միապետական կարգերը։ Սկզբում այդ մասին խոսում էին շշուկով, իսկ հետո՝ ամբողջ ձայնով։
Հենց այդ ժամանակ էլ Ծայրագույն Հարավում երևան եկավ ճակատագրի մարդը, որն ստացավ «Բացառիկ» մականունը։ Բանակ֊բանակի ետևից, տերություն֊տերության ետևից հաղմացրիվ էին լինում կոշկակարի զորեղ արշավանքներից, և նա շարունակում էր իր հաղթական երթը դեպի հյուսիս, ավելի ու ավելի հյուսիս։ Նիրհող հանրապետությունը վերջապես արթնացավ, բայց արդեն ուշ էր։ Նա դրամափոխներին վռնդեց տաճարից և կառավարման ղեկը հանձնեց անաղարտ մարդկանց ձեռքը, բայց ամեն բան անօգուտ եղավ։ Իրենց իշխանությունն ամրապնդելու համար դրամափոխներն արդեն վաղուց քաղաքացիների կեսին կաշառել էին ի հաշիվ զինվորական կենսաթոշակների, երբեմնի բարերար այդ չափանիշները դարձնելով ստրուկներ ստեղծելու միջոց՝ բռնապետության անհուսալի զենքի․ չէ որ յուրաքանչյուր կենսաթոշակառու ձայնի իրավունք ուներ, իսկ կենսաթոշակ ստանում էր յուրաքանչյուր տղամարդ և յուրաքանչյուր կին, որոնք երբևիցե ծանոթ էին եղել մի զինվորի հետ։ Թոշակները նշանակվում էին Մեղսագործության օրվանից, և իրենց կյանքում ձեռքները զենք չբռնած մարդկանց հորդաները դրամ էին պահանջում անցած երեք հարյուր տարիների համար, և ստացան։ Զավթումները ոչ միայն չէին համալրում պետական գանձարանը, այլև հենց ամենասկզբից դրա համար ծանրագույն բեռ դարձան։ Կենսաթոշակները, զավթումները և պաշտոնատար անձնաց կաշառակերությունը, չնայած անհավատալի հարկերին, լիակատար սնանկացման հասցրին երկիրը․ պետական վարկերը սպառվել էին, զինանոցները՝ դատարկվել, երկիրը պատրաստ չէր պատերազմի։ Ռազմական ու ծովային ուսումնարանները, այնպես, ինչպես և բոլոր սպայական պաշտոնները բանակում և նավատորմում, վաղուց արդեն դարձել էին դրամափոխների արգելոցներ, իսկ մշտական բանակը, որ զավթումների դարաշրջանի ծնունդն էր, նրանց հայրենակալվածքը։
Բանակը և նավատորմը հրաժարվեցին ենթարկվել նոր կոնգրեսին ու նոր կառավարությանը և ծաղրանքով հայտարարեցին․ «Փորձե՛ք ստիպել»։ Դրան առարկելու բան չկար։ Ծովագնացությունից ոչինչ չհասկացող օրինավոր մարդիկ ծով դուրս բերեցին այն նավերը, որոնք չէին հսկում նվաճված երկրները, և դրանք բոլորը խորտակվեցին, փորձելով ազնվորեն կատարել իրենց պարտքը։ Աշխարհազորը, քաղաքացիական անձանց ղեկավարությամբ, ոգևորված, երբեմնի, վաղուց մոռացված ժամանակների իսկական հայրենասիրությամբ, եղաններով ու որսորդական հրացաններով զինված ռազմաճակատ նետվեց, և կանոնավոր բանակը նրանցից հետք անգամ չթողեց։ Որովհետև դրամափոխները, օգտվելով աղմուկից, վաճառվեցին կոշկարաին։ Նա դրամափոխներին ճոխ տիտղոսներ շնորհեց և, առանց մի կրակոցի, բարձրացավ հանրապետության գահին։
Ահա թե ինչ եղանակով Պոպոատախուալպակատապետը մեր տերը դարձավ, իսկ շուտով նրա իշխանությունն անցավ նրա հետնորդներին, որն այդ նույն անունն է կրում և որը մինչև այժմ էլ իր փոխարքայի միջոցով կառավարում է մեզ։
==Հատված Սեմի օրագրից Աշխարհի արարչագործումից 920 տարի անց==
Օրը շաբաթ է։ Սովորականի պես ոչ ոք այն չի պահում։ Ոչ ոք, բացի մեր ընտանիքից։ Մեղավորներն ամենուրեք մեծ բազմություններով հավաքվում և անձնատուր էր լինում զվարճությունների։ Տղամարդիկ, կանայք, աղջիկները, պատանիները՝ բոլորը գինի են խմում, կռվում են, պարում, տարվում մոլեխաղերով, հռհռում են, աղաղակում, երգում։ Եվ զբաղվում են ամեն տեսակ զազրանքներով, զազրանքներ, որոնք նկարագրելու համար դժվար է բառեր գտնել։ Իսկ ի՛նչ աղմուկ է տիրում։ Ոռնում են եղջերափողերը, զրնգում են կաթսաներն ու կաթսայիկները, ղողանջում են պղնձյա շեփորները, գվվում ու որոտում են թմբուկները՝ ուղղակի խլանալ կարելի է։ Եվ այս ամենը շաբաթ օրով։ Կարո՜ղ եք երևակայել։ Հայրս ասում է, թե հին ժամանակներում ամեն բան այլ կերպ է եղել։ Իր երեխա ժամանակ բոլորը պահելիս են եղել Տիրունական օրը, ոչ ոք մեղք չի գործել, չի զվարճացել, չի աղմկել, ամենուրեք տիրել է խաղաղություն, լռություն, հանգստություն, ժամերգությունը կատարվել է օրվա ընթացքում մի քանի անգամ ու մեկ էլ երեկոյան։ Այդպես է եղել մի վեց հարյուր տարի առաջ։ Համեմատեք այն ժամանակները ներկայիս հետ։ Ու նման փոփոխությունն ախր կատարվել է այնքան կարճ ժամանակում, որ դեռևս ոչ տարեց մարդիկ անգամ լավ հիշում են, թե ամեն բան ինչպես է եղել անցյալում։
Այսօր այդ արարածներն այստեղ հավաքվել են սովորականից ավելի մեծ բազմությամբ․ եկել են դիտելու տապանը, մագլցելու նրա վրա և ծաղրուծանակի ենթարկելու այն։ Նրանք հարցեր են տալիս, իսկ երբ պատասխանում ես, որ դա նավ է, նրանք հռհռում են և հարցնում, թե այս չոր հարթավայրի կենտրոնում որտեղի՞ց ջուր։ Եթե մենք բացատրում ենք, թե տերը երկնքից կթափի ջուրը, որպեսզի հեղեղի ամբողջ աշխարհը, նրանք հռհռում են և ասում․ «Այդ հեքիաթը տատիկիդ պատմիր»։
Այսօր նորից եկավ Մաթուսաղան։ Եթե նա աշխարհի ամենածեր մարդն էլ չէ, համենայն դեպս, ամենածերն է անվանիների մեջ, և այդ յուրահատուկ առաջնակագությունը հարգարժան և ակնածալից սարսուռ է առաջացնում բոլորի մեջ․ բավական է, որ նա մի որևէ տեղ երևա, բուռն զվարճության աղմուկը իսկույն դադարում է, լռություն է տիրում, և մարդիկ, գլխարկները ստրկամտորեն հանելով ողջունում են նրան, երբ նա անցնում է, և միմյանց ականջի շշնջում․ «Նայեք, նայեք, ահա նա գնում է․․․ համարյա հազար տարեկան է․․․ ասում են, անձամբ ծանոթ է եղել Ադամի հետ»։ Նա շատ փառամոլ ծերուկ է և իսկույն երևում է, թե այդ ամենը ինչքան հաճելի է նրան, թեև քիթը վեր ցցած մանրաքայլ անցնում է մարդկանց մոտով, ասես կեկ֊ռոկ է պարում, և ձևացնում է, թե իբր լուրջ բաների մասին է խորհում ու շուրջը ոչ մի բան չի նկատում։
Իսկ ես գիտեմ, որ նա շատ նախանձ է ու նաև մանրախնդիր։ Թերևս չպետք է այդպես արտահայտվեի, որովհետև նրան ազգական եմ գալիս կնոջս կողմից, որը նրա թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնա֊թոռնաղջիկն է կամ դրա նման մի բան, և մարդկանց մոտ ես, իհարկե, լռում եմ, բայց ինչու այդ չխոստովանեմ, երբ մեն֊մենակ եմ օրագրիս հետ․ չէ որ դա նույնն է, թե ես ինքս ինձ եմ ասում։ Նա նախանձում և զայրանում է տապանի համար․ ես դրանում համոզված եմ։ Նախանձում և զայրանում է, որովհետև տապանի պատրաստումը հանձնարարեցին ոչ թե նրան, այլ հայրիկին։ Տապանը շրջակայքի բոլոր ժողովուրդներին այնպիսի մի հրաշք է թվում, որ հայրիկը, անցյալում անհայտ մի մարդ, դրա շնորհիվ հռչակվեց ամբողջ աշխարհում․ բնականաբար, Մաթուսաղան նախանձում է։ Սկզբում մարդիկ ասում էին․ «Նո՞յ։ Իսկ ո՞վ է այդ Նոյը», բայց հիմա նրանք հեռվից վազեվազ գալիս են, միայն թե ստանան նրա ինքնագիրը։ Այս բանը Մաթուսաղային գրգռում է։
Բայց նա հարկադրված չի լինում գիշերները նստել ինքնագրեր պատրաստելու համար, ինչպես մենք։ Մենք բոլորս՝ ութ մարդ, որովհետև միայն հայրս դրանց տասներորդ մասն էլ չէր կարողանա գրել ծերության և հոդացավի պատճառով։ Մաթուսաղան շատ զզվելի բնավորություն ունի։ Իմ կարծիքով, նա միայն այն ժամանակ է գոհ լինում, երբ բոլորի տրամադրությունը փչացնում է։ Նա միշտ իմ եղբայրներին, ինձ և մեր կանանց «երեխաներ» է անվանում։ Եվ դա անում է միայն այն պատճառով, որ տեսնում է, թե դա մեզ համար որքան տհաճ է։ Մի անգամ Հաբեթը վախվխելով համարձակվեց հիշեցնել նրան, որ մենք արդեն չափահաս տղամարդիկ և կանայք ենք։ Դուք մեկ մղոն հեռավորությունից էլ կլսեիք, թե նա ինչպես փնչացրեց։ Արհամարհանքից նույնիսկ աչքերը կկոցեց, հետ տարավ կնճռոտված շրթունքները, ցույց տալով ատամների դեղնած մնացորդները, և շնչարգելությամբ՝ հիվանդի հազով ընդմիջվող մի զզվելի բռնազբոսիկ չոր ծիծաղ արձակեց, իսկ հետո ասաց․ «Տղամարդի՜կ ու կանա՜յք, այդ դո՞ւք եք, հա՞։ Իսկ քանի տարեկան եք դուք, հարգարժան ավերակներ»։
― Մեր կանայք՝ մոտ ութսուն, իսկ մեր բոլորից ամենակրտսերը ես եմ, որիս հարյուր տարին լրացավ այս գարնանը։
― Ութսո՛ւն, աստվա՜ծ իմ։ Հարյուր, աստվա՜ծ իմ։ Եվ ամուսնացա՜ծ եք։ Աստվա՜ծ, աստվա՜ծ, աստվա՜ծ։ Ծծկերնե՜ր։ Փալասե տիկնիկնե՜ր։ Ամուսնացա՜ծ եք։ Իմ երիտասարդության օրերին ոչ ոք չէր կարող մտածել, որ ամուսնացնի այդպիսի երեխաների։ Հրեշավո՜ր է։
Հաբեթն ուզեց նրան հիշեցնել, որ շատ նահապետներ ամուսնացել են վաղ երիտասարդության տարիքում, բայց նա լսել չուզեց։ Նա միշտ այդպես է․ մի անհերքելի փաստարկ բերեցիր, կսկսի գոռալ քեզ վրա, և մնում է, որ լռես ու փոխես խոսքդ։ Նրա հետ վիճել չի կարելի, դա կհամարվի չլսված անպատվություն։ Համենայն դեպս մենք՝ երիտասարդներս չէ, որ պետք է նրան առարկենք։ Ո՛չ մենք, ո՛չ էլ մեկ ուրիշը։ Բացի բժշկից։ Բժիշկը նրանից չի վախենում և առհասարակ ոչ ոքի նկատմամբ հարգանք չի տածում։ Նա ասում է, թե ամեն մարդ միայն մարդ է, և այն, որ նա հազար տարեկան է, ոչինչ չի փոխում՝ նա մարդ էլ մնում է։
<references/>