Changes
/* Երգ իններորդ */
===Երգ իններորդ===
===Երգ երեսուներկուերորդ===
<poem>
Հայեցողն այն իր տեսիլքով վերացած,
Հոժարակամ ուսուցչի դեր ստանձնեց
Եվ բարբառեց այս խոսքերով սրբասաց.
«Այն կինը, որ հաջորդ շարքում է նստած,
Հենց նա է, որ մարդկության մեջ վերք բացավ,
Որը հետո բուժեց Մարիամը գթած։
Նրանից ցած՝ երրորդ շարքի գահույքին,
Հռաքելն է նստած, ինչպես տեսնում ես,
Բեատրիչեն ունենալով իր կողքին։
Ահա Սառան, Հուդիթը և Ռեբեկան,
Ահա և նա, որ մեծ հանին էր նրա,
Ով «Ողորմեա» երգեց վշտից հոգեկան։
Այսպես նրանք հաջորդական շարքերով
Զետեղված են մեկը մյուսից ստորև,
Ինչպես նրանց ես նշեցի անունով։
Իսկ յոթերորդ շարքից մինչև, խորքը խոր
Հաջորդում են եբրայեցի այլ կանայք,
Հատանելով վարդի թերթերը, բոլոր։
Իսկ այդ բոլոր կանայք միջնորմ են կազմում,
Որի շնորհիվ աստիճանները վարդի
Երկու ուրույն կարգերի են բաժանվում։
Ձախակողմում, ուր գահերը լիովին
Զբաղված են, տեղավորված են նրանք,
Որ ունեցան հավատ գալիք Մեսիային։
Աջակողմում, ուր առկա են տակավին
Թափուր գահեր, տեղավորված են նրանք,
Որ ունեցան հավատ եկած Մեսիային։
Ինչպես այս կողմ գահը երկնի թագուհու
Եվ գահերը մյուս կանանց ենթակա
Կազմում են այս բաժանումը ընդհանուր,
Այսպես ներհակ կողմում գահը Հովհաննու
(Որ ապրեց սուրբ և մահացավ մարտիրոս)
Եվ այլ, գահեր կազմում են այլ բաժանում։
Նրանից ցած մի միջնորմ են կազմում դեռ
Ֆրանկիսկը, Բենեդիկտն ու Ավգուստինն
Եվ բազմաթիվ կրոնական այլ պետեր։
Արդ հիացիր աստվածային տեսչությամբ,
Զի երկու, կերպ դավանողներն հավատի
Այս պարտեզում միշտ կբաշխվեն համաչափ։
Իսկ սկսած աստիճանից միջակա՝
Գտնվում են նրանք, որոնք փրկվել են
Ոչ թե իրենց՛ արժանիքով սեփական,
Այլ ծնողի, այն էլ որոշ պայմանով.
Նրանք մարմնի կապանքներից լուծվել են,
Լավն ու վատը չհասկացած դեռ փորձով։
Նրանց դեմքից այդ գուշակել կարող ես,
Ինչպես նաև նրանց ձայնից մանկական,
Եթե նրանց լավ նայես և ուշ դնես։
Բայց դու երկմիտ՝ լռություն ես պահպանում.
Ես կարձակեմ այն կապանքները ամուր,
Որոնց մեջ քեզ նուրբ հարցերն են կաշկանդում։
Այս ընդարձակ արքայության մեջ բնավ
Պատահական մի բան չկա, ճիշտ ինչպես
Չկա թախիծդ կամ չկա քաղց ու ծարավ։
Այն բոլորը, ինչ դու այստեղ ես տեսնում,
Հաստատված է հավերժական օրենքով,
Ինչպես մատին մատանին է ագուցվում։
Մանուկները, որ վաղաժամ են մեռել,
Առանց հատուկ պատճառի չէ, որ այստեղ
Երանության տարբեր չափէր էն գտել։
Արքան, որի արքայությունն երկնային
Այնքան լի է ցնծությունով ու սիրվ,
Որ ոչ ոք չի կարող ցանկալ ավելին,
Ստեղծելով հոգիներին անհամար,
Նրանց տարբեր շնորհներով է օժտում,
Եվ այս փաստը բավական է քեզ համար։
Իսկ այդ փաստը քեզ հայտնի է Սուրբ Գրքից,
Ուր խոսվում է երկվորյակի մասին այն,
Որ դեռ անծին տարբերվում էր մեկ մեկից։
Եվ հարկ է, որ ամեն հոգի երանյալ
Վարձատրվի այն շնորհի համեմատ,
Որով օժտվեց իր ծնունդից սկսյալ։
Մանուկներն էլ, որ անմեղ են ի բնե,
Երանության տարբեր չափեր ստացան,
Ճակատագրով տարբերվելով ի ծնե։
Սկզբնական շրջանում վաղ դարերի
Ի փրկություն անմեղ մարդկանց հերիք էր
Լոկ ունենալ հավատն իրենց հայրերի։
Երբ լրացան ժամանակները այդ հին,
Հարկ զգացվեց արուներին թլփատել,
Որ ուժ տրվեր անմեղության թևերին։
Բայց երբ եկավ ժամանակը շնորհքի,
Ապա դարձավ մկրտությանն անհրաժեշտ,
Առանց որի փակ էր մուտքը երկնքի։
Հիմա նայիր այն դեմքին, որ Քրիստոսին
Շատ է նման, և նրա փայլը միայն
Քեզ թույլ կտա տնսանելու Քրիստոսին»։
Տեսա նրան երանությամբ համակված,
Շրջապատված հրեշտակներով սրբազան,
Որ բարձունքում թոչելու են սահմանված.
Եվ այն, ինչ ես տեսել էի մինչև արդ,
Չպատճառեց ինձ այնքան խոր զմայլանք,
Որքան դեմքն այդ աստվածակերպ, փառազարդ։
Սիրո ոգին, որ առաջինն անդ իջավ,
«Ողջույն, Մստիամ, լի շնորհօք» օրհներգեց
Եվ թևերը նրա առջև բաց արավ։
Ամեն կողմից աստվածային այն երգին
Պատասխանեց հույլը հոգվոց երանյալ,
Եվ դեմքերը ավելի վառ շողացին։
«Ո՛վ դու, սուրբ հայր, որ ինձ համար աստ իջար,
Մի պահ գահը քո թողնելով փառահեղ,
Որ առհավետ հատկացված է քեզ համար,
Ո՞ր հրեշտակն է այդ, որ այնպես հիացքով
Մեր թագուհու աչքերի մեջ է նայում,
Բոցավառված ասես սիրո կրակով»։
Այս խոսքերով ես դիմեցի դեռ նրան,
Որի դեմքը ցոլցոլում էր Մարիամով,
Ինչպես այգաստղն արեգակով հուրհրան»։
Եվ նա ասաց. «Հրեշտակի կամ հոգու մեջ
Ինչքան սեր ու հրճվանք կարող են լինել,
Նրա մեջ կան, և դա մեր իղձն է անշեջ.
Զի դա նա է, ով ավետիսը տարավ
Կույս Մարիամին, երբ որ Որդին Աստածո
Մեր մարմնական բեռը կրել հանձն առավ։
Արդ աչքերովդ հետևիր իմ խոսքերին
Եվ լավ նայիր պատրիկներին մեծամեծ,
Որ գահ ունեն կայսրության մեջ երկնային։
Այն երկուսը, որ վերևում են բազմած
Եվ շատ մոտ են օգոստափառ կայսրուհուն,
Արմատներն են երկու՝ վարդի այս բացված։
Այն, որ նրա ձախակողմում է նստած,
Նախահայրն է, որի ճաշակն հանցավոր
Պատճառ դարձավ մարդկանց այնքան դառնությանց։
Աջ կողմինը եկեղեցու հայրն է հին,
Որին Քրիստոս լոկ վստահեց ու հանձնեց
Բանալիքն այս արքայության երկնային։
Այն, որ կյանքում նախատեսեց ու հայտնեց
Դժվարին ու ծանըր օրերը հարսի,
Որ ձեռք բերվեց չարչարանքով դառն ու մեծ,
Սրա մոտ է նստած, մյուսի մոտ է նա,
Որի օրոք հեստ, ապերախտ, հեղհեղուկ
Ժողովուրդը կերավ միայն մանանա։
Պետրոսի դեմ ահա նստած է Աննան,
Այնքան ուրախ իր աղջկան նայելուց,
Որ անքթիթ օրհներգում է «Ովսաննայ»։
Իսկ դիմացը ընտանիքի նախահոր
Սուրբ Լուչիան է, որ քեզ փրկեց կորուստից,
Երբ դա գայթել էիր հովտում հախնթոր։
Բայց տեսիլքիդ ժամը անցնում է քանզի,
Այստեղ պետք է կասենք, ինչպես լավ դերձակ,
Որ ձևում է ըստ ունեցած կերպասի.
Եվ մեր հայացքն ուղղենք Սիրույն Վեհագույն,
Որպեսզի դու ըստ կարելվույն խորանաս
Նրա պայծառ էությյսն մեջ գերագույն։
Բայց որպեսզի խորանալու փափագով
Ետ չընկրկես, թևածելիս դեպի վեր,
Պետք է որ մենք շնորհ հայցենք աղոթքով,
Շնորհ նրանից, ով կարող է օգնել քեզ։
Հետևիր ինձ զգացումով ներշնչյալ
Եվ քո սրտում կրկնիր խոսքերս անձկակեզ»։
Եվ նա սկսեց սուրբ աղոթքը հետևյալ.
</poem>
===Երգ երեսուներեքերորդ===