Changes
:Նա շրջվեց մյուս կողքին և անմիջապես նորից քնեց ու երբ հաջորդ առավոտյան արթնացավ, գիշերային մղձավանջից արդեն ոչինչ չէր հիշում։
==Գլուխ ութերորդ․ Հմայադեղերի վարպետը==
:— Էն կողմը նայի՛ր... Հրե՛ն...
:— Ո՛ր մեկը...
:— Էն բարձրահասակ կարմրահեր տղայի կողքին կանգնածը...
:— Էն ակնոցավո՞րը...
:— Դեմքը տեսա՞ր։
:— Իսկ սպին, ճակատի սպին դու տեսա՜ր։
:Հաջորդ առավոտյան՝ սկսած այն պահից, երբ Հարրին դուրս եկավ տղաների ննջասենյակից, շշուկները կրնկակոխ հետապնդում էին նրան։ Աշակերտները խմբվում էին դասարանների դռների մոտ ու Հարրիին տեսնելու համար իրար հրմշտելով, ձգվում, կանգնում ոտքերի թաթերին կամ ևս մեկ անգամ նրա վրա նայելու համար՝ միջանցքներում իրենց ճանապարհը փոխելով, կրկին ու կրկին անցնում էին նրա կողքով։ Հարրին անչափ շփոթվում էր դրանից։ Առանց այն էլ գլուխը պտտվում էր միջանցքների լաբիրինթոսից, որովհետև ամբողջ առավոտ նյարդայնացած փորձում էր կենտրոնանալ իր դասարանը տանող ճանապարհը գտնելու վրա։
:Հոգվորթսում հարյուր քառասուներկու սանդուղք կար՝ լայն ու երկար, նեղ ու ոլոր-մոլոր, կային այնպիսի սանդուղքներ, որ ուրբաթ օրերին դեպի ուրիշ տեղ էին տանում, կային այնպիսիք, որոնց մեջտեղում ինչ-որ տեղ աստիճաններից մեկ-երկուսն անհետանալու սովորության ունեին, և պետք էր լավ հիշել դրանց տեղը՝ ժամանակին ցատկելու և գլուխկոնծի չտալու համար։
:Իսկ դռնե՜րը... դռները մի ուրիշ գլխացավանք էին։ Ուրեմն, կային այնպիսի դռներ, որոնք չէին բացվում, եթե դրանց շատ սիրալիր չխնդրեիր կամ եթե մատներով փաղաքշական խուտուտ չտայիր որոշակի ճիշտ տեղում։ Կային այնպիսի դռներ, որ բոլորովին էլ դուռ չէին, այլ իրենց դուռ ձևացնող դատարկ պատեր, որոնք մերթ ընդ մերթ դռան խաբուսիկ շրջանակի տեսք էին ստանում։ Ասես այդ ամենը քիչ էր, դեռ ավելացրած, որ անտանելի դժվար էր մտապահելը, թե ինչը որտեղ էր գտնվում, որովհետև բոլոր պատերը, դռները, անցումներն ու սանդուղքները, կարծես իրենց ինքնուրույն, անկախ կյանքով էին ապրում և երբ խելքներին փչեր, կարող էին հանկարծ ուրիշ տեղերում հայտնվել։ Պատերին փակցված դիմանկարներում պատկերված մարդիկ սովորություն ունեին այցելության գնալ մեկը մյուսին, և Հարրին համոզված էր, որ ասպետական զինազգեստները և պատերին կախված զենք ու զրահները կարող էին ինքնուրույն շարժվել միջանցքներով։
:Ուրվականներն իրենց հերթին էին բարդացնում կյանքը։ Ամեն անգամ Հարրիի ողնաշարով մի զարհուրելի սարսուռ էր անցնում, երբ որևէ դուռ բացելիս կամ միջանցք թեքվելիս, քիթ֊քթի հանդիպում կամ քսվամ էր ամրոցի մշտաբնակ ուրվականներից մեկն ու մեկին։ Գրիֆինդորի աշտարակի մշտաբնակ ուրվական Լորդ Նիքոլաս դե Միմսի Փորփինգթոնը, նույն ինքը՝ Գրեթե Անգլուխ Նիքը, շատ սիրալիր էր և հաճույքով ճանապարհը ցույց էր տալիս նորեկ գրիֆինդորցիներին, սակայն փոլթերգեյսթ Փիվզը երկու փակ դուռ ու մի խորամանկ սանդուղք արժեր, եթե բախտդ չբերեր ու պատահաբար հանդիպեիր նրան միջանցքներում, հատկապես՝ դասերից ուշանալիս։ Նա կամ թղթի աղբադույլերն էր շուռ տալիս մարդկանց գլխին, կամ գորգերը քաշում ոտքերի տակից, կավիճ էր փշրում աշակերտների մեջքին, կամ ետևից անտեսանելի մոտենալով, հանկարծ բռնում էր քթից ու կոկորդաձայն աղաղակում ՝ ԷՍ ՈԻ՞Մ ՔԹԻՑ ԲՌՆԵՑԻ։
:Իսկ Փիվզից էլ վատը, եթե ընդհանրապես կարելի էր ավելի վատը լինել, ամրոցի պարետ Արգուս Ֆիլչն էր։ Հարրին ու Ռոնը առաջին իսկ օրը առավոտյան հաջողացրին Ֆիլչի ճանապարհը կտրել և մեկընդմիշտ մտնել նրա «սև ցուցակի» մեջ։ Ֆիլչը նրանց դեմ բուսնեց, երբ նրանք ապարդյուն փորձում էին մի դուռ բացել, որը, դժբախտաբար, պարզվեց տանում էր դեպի հենց այն երրորդ հարկի արգելված միջանցքը, որի մասին նախորդ երեկոյան հայտարարել էր պրոֆեսոր Դամբլդորը։ Ֆիլչը հրաժարվեց հավատալ տղաներին, որ նրանք պարզապես մոլորվել էին ու կորցրել ճանապարհը։ Նա համոզված էր, որ նրանք դիտավորյալ ուզում էին մտնել արգելված միջանցքը՝ խախտելով ընդհանուր դպրոցական հրահանգը, և սպառնամ էր փակել նրանց ստորգետնյա զնդանում։ Եվ հայտնի չէ, թե տղաների վերջն ինչ կլիներ, եթե պրոֆեսոր Քուիրելը, որը, բարեբախտաբար, այդ պահին անցնում էր նույն միջանցքով, չմիջամտեր ու չփրկեր նրանց Ֆիլչի հաշվեհարդարից։
:Ֆիլչը մի կատու ուներ, անունը՝ Միսիզ Նորիս, մի գջլոտ, գզգզված, փոշեգույն արարած, ճիշտ ու ճիշտ Ֆիլչի նման դուրս ընկած, բլխկան աչքերով։ Կատուն ֆռֆռում էր միջանցքներով, ու վա՜յ նրան, ով համարձակվեր մի չնչին խախտում կատարել կամ ոտքի բութ մատն իսկ հանել արգելված սահմաններից դուրս. Միսիզ Նորիսը նույն պահին վնգալով անհետանում էր ու մի երկու վայրկյանից հայտնվում տիրոջ՝ պարետ Ֆիլչի ընկերակցությամբ։ Վերջինս, ծանր շնչելով, արդարադատության ուրվականի պես հայտնվում էր որևէ սյան կամ արձանի ստվերից ու դատաստան տեսնում դժբախտ սահմանախախտների գլխին։ Ֆիլչը բոլորից լավ գիտեր ամրոցի գաղտնի անցումներն ու դռները (բացի Ուիզլի երկվորյակներից, իհարկե) և կարող էր ուրվականի պես անակնկալ հայտնվել՝ չգիտես թե որտեղից։
:Ուսանողները պարզապես ատում էին նրան, և շատերի գաղտնի երազանքն էր՝ աննկատ մոտենալ ու մի լավ քացի տալ Միսիզ Նորիսին։
:Այդ ամենից հետո, երբ վերջապես գտնում էիր քո դասասենյակը, սկսվում Էր ամենամեծ գլխացավանքը, որը հենց դասերն էին։ Հարրին շատ շուտով հասկացավ, որ կախարդական փայտիկ թափահարելն ու մի քանի ծիծաղելի բառեր արտասանելը բոլորովին էլ բավարար չեն հրաշագործելու համար և նույնիսկ, կարելի Է ասել, գործի շատ աննշան մասն են կազմում։
:Ամեն չորեբշաբթի կեսգիշերին նրանք իրենց աստղադիտակներով պետք է ուսումնասիրեին աստղային երկինքը և անգիր անեին տարբեր աստղերի անուններն ու մոլորակների շարժման ուղեծիրները։ Շաբաթական երեք անգամ գնում էին ամրոցի ետնաբակում գտնվող ջերմոցները՝ հերբոլոգիայի կամ բուսագիտության դասերին, որը վարում էր կարճահասակ, կլորամարմին ու բարեսիրտ մի կին ՝ պրոֆեսոր Սածիլը։ Նրանք սովորում էին խնամել ու աճեցնել տարբեր տեսակի տարօրինակ բույսեր, սնկազգիներ և սերտում էին դրանց օգտագործման եղանակներն ու նպատակները։
:Միանշանակ, ամենատաղտկալի դասը հրաշագործության պատմությունն էր։ Դա միակ առարկան էր, որը դասավանդող ուսացիչը ուրվական էր։ Պրոֆեսոր Բինզը, վաղուց արդեն շատ զառամյալ ծերուկ էր, երբ մի օր ուսուցչանոցի բուխարու առջև ննջել֊մնացել էր բազկաթոռում նստած, իսկ հաջորդ առավոտյան՝ տեղից վեր կացել դասի գնալու համար, մարմինը թողնելով բազկաթոռի մեջ։ Բինզը քնեցնող, միալար ձայնով խոսում էր ու խոսում, մինչ աշակերտները գրչափետուրները խզխզացնելով արագ֊արագ գրանցում էին հրաշագործների անուններն ու մեծ իրադարձությունների տարեթվերը և Էմերիկ Չարացածին խառնում Ոտիկ Ցնդածի հետ։
:Պրոֆեսոր Ֆլիթվիքը՝ հմայախոսքերի ու դյութաղոթքների ուսուցիչը, պստլիկ գաճաճ էր, որը ստիպված էր կանգնել իրար վրա շարված մի քանի հաստափոր գրքերի վրա, որպեսզի իր գրասեղանի ետևից կարողանար տեսնել ամբողջ դասարանը։ Առաջին դասի սկզբում նա վերցրեց աշակերտական մատյանը և սկսեց ներկա-բացակա անել և, երբ հասավ Հարրիի անվանը, մի հուզախառն կչկչոց արձակեց ու հանկարծ անհետացավ տեսադաշտից՝ հուզմունքից սայթաքելով իր պատվանդանի վրայից։
:Պրոֆեսոր Մըք Գոնագալը ամեն ինչում տարբերվում էր մյուս ուսուցիչներից։ Հարրին միանգամայն ճիշտ էր, երբ նրան առաջին անգամ հանդիպելիս մտածեց՝ վա՜յ նրան, ով այդ կնոջը երբևէ կբարկացնի։ Խիստ և խելացի, նա դասարան մտնելու աոաջին իսկ պահից մի լավ դաս տվեց բոլորին։
:— Տրանսֆիգուրացիան Հոգվորթսում ձեզ դասավանդվող ամենավտանգավոր և բարդ հրաշագործությունն է, — ասաց նա, — եթե մեկն ու մեկը համարձակվի իրեն անպատշաճ պահել իմ դասերի ժամանակ, անմիջապես կհեռացվի, և այլևս երբեք չի վերադառնա։ Ես ձեզ զգուշացրի։
:Հետո նա իր գրասեղանը վերածեց խոզի ու կրկին ետ կերպափոխեց գրասեղանի։ Բոլորն անչափ տպավորված էին և անհամբերությամբ ուզում էին րոպե առաջ սկսել տրանսֆիգուրացիայի վարժությունները, սակայն շատ շուտով հասկացան, որ դեռ երկար ճանապարհ պիտի անցնեն մինչև կահույքը կենդանիների վերածելու հրաշքին մոտենալը։ Բազմաթիվ բարդ ու խճճված գրառումներ կատարելուց հետո, նրանցից յուրաքանչյուրին տրվեց մեկական լուցկի և նրանք սկսեցին կատարել լուցկին ասեղի կերպափոխելու պարզագույն վարժությունը։ Դասի վերջում միայն Հերմիոնա Գրեյնջերին էր հաջողվել ինչ-որ փոփոխություն մտցնել լուցկու հատիկի տեսքի մեջ։ Պրոֆեսոր Մըք Գոնագալը դասարանին ցուցադրեց, թե ինչպես էր Հերմիոնայի լուցկին լրիվ արծաթափայլ ու սրածայր դարձել, և ամբողջ դասի ընթացքում իր առաջին ժպիտը պարգևեց Հերմիոնային։
:Ամբողջ դասարանն անհամբերությամբ էր սպասում սև արվեստներից ինքնապաշտպանության դասերին, սակայն պրոֆեսոր Քուիրելի դասերն ավելի շուտ զվարճալի էին, քան խորհրդավոր։ Նրա լսարանից սխտորի ուժեղ հոտ էր գալիս, և բոլորն ասում էին, որ դա վամպիրներին վանելու համար էր և հատկապես այն մեկին, որին պրոֆեսոր Քուիրելը հանդիպել էր Ռոմանիայում և վախենում էր, որ մի գեղեցիկ օր այդ վամպիրը կգտնի իրեն նույնիսկ Հոգվորթսում։ Քուիրելը հայտարարեց, որ իր չալման՝ գլխի փաթթոցը, նվեր էր ստացել աֆրիկացի մի արքայազնից ի երախտագիտություն նրան մի ցնորված զոմբիից ազատելու համար։ Սակայն դժվար թե որևէ մեկը հավատաց այդ պատմությանը, որովհետև, երբ Սիմուս Ֆինիգանը նրա պատմածից ոգևորված խնդրեց, որ պրոֆեսոր Քուիրելը նկարագրի, թե ինքն ինչպես էր հաղթել զոմբիին, Քուիրելն անմիջապես կաս-կարմիր կտրեց և սկսեց եղանակի մասին խոսել։ Բոլորն արդեն նկատել էին, որ նրա գլխի փաթթոցից նույնպես տարօրինակ հոտ էր գալիս, և Ուիզլի երկվորյակները պնդում էին, որ փաթթոցն այդպես ուռած է, որովհետև բերնեբերան խցկրտված է սխտորով, որպեսզի Քուիրելը, ուր էլ գնա, իրեն պաշտպանված զգա արնախում վամպիրներից, և որ նա նույնիսկ քնելաց փաթթոցը գլխից չի հանում։
:Հարրիի սրտից մի մեծ քար ընկավ, երբ նա հայտնաբերեց, որ այնքան էլ ետ չի մնում մյուսներից։ Երեխաներից շատերը մագլական ընտանիքներից էին եկել և իր նման մինչև վերջին օրը չէին էլ կասկածել, թե կախարդանքի կամ հրաշագործության տաղանդ ունեն։ Սովորելու այնքան բան կար, որ նույնիսկ Ռոնի նման տոհմիկ հրաշագործ ընտանիքներից եկածները գրեթե ոչնչով առաջ չէին մյուսներից։
:Ուրբաթ օրը շատ կարևոր եղավ Հարրիի ու Ռոնի համար։ Նրանց վերջապես հաջողվեց առավոտյան նախաճաշին Սեծ դահլիճ իջնել առանց ճանապարհին մոլորվելու։
:― Ի՞նչ ունենք այսօր, ― հարցրեց Հարրին Ռոնին, շաքարավազ լցնելով իր կաթնապուրի մեջ։
:― Երկու դաս «Հմայագեղ» սլիզերինցիների հետ, ― ասաց Ռոնը, ― Պրոֆեսոր Սառկեկը Սլիզերին տան Ավագ դասախոսն է։ Ասում են, որ նա միշտ սլիզերինցիներին է հովանավորում։ Այսօր կտեսնենք այդպե՞ս է, թե՝ ոչ։
:― Երնեկ Մըք Գոնագալն էլ մեզ հովանավորեր, ― ասաց Հարրին։ Պրոֆեսոր Մըք Գոնագալը Գրիֆինդոր տան Ավագ դասախոսն էր, սակայն դա նրան բոլորովին չէր խանգարում սարի չափ տնային աշխատանք հանձնարարել նորեկ գրիֆինդորցիներին։
:Հենց այդ պահին փոստը ժամանեց։ Հարրին արդեն ընտելացել էր այդ տեսարանին, սակայն առաջին օրը առավոտյան անակնկալից ու հիացմունքից պարզապես տեղում քարացավ, երբ նախաճաշի ժամանակ հարյուրավոր բվեր թևավոր հեղեղով ներս լցվեցին Մեծ դահլիճ և սկսեցին սավառնել ու պտտվել սեղանների վրա՝ փնտրելով իրենց տերերին և նամակներ ու փաթեթներ գցելով ուղիղ նրանց գլխին։
:Մինչ այդ Հեդվիգը Հարրիին դեռ ոչինչ չէր բերել։ Երբեմն, դպրոցական մյուս բանբեր բվերի հետ ամրոցի թռչնատուն գնալուց առաջ, նա նախաճաշի ժամին ներս էր թռչում Մեծ դահլիճ, Հարրիի ականջը կտուցով մի քիչ խուտուտ տալիս ու մի կտոր կարմրացրած հացիկ կտցահարում։ Սակայն այդ առավոտ Հեդվիգը վայրէջք կատարեց նարնջի ջեմի ու շաքարավազի ամանների արանքում և մի երկտող գցեց Հարրիի ափսեի վրա։ Հարրին անմիջապես բացեց երկտողը, որը, փաստորեն, Հոգվորթսում նրա ստացած առաջին նամակն էր (գրված էր գրեթե անընթեռնելի անփույթ ձեռագրով).
:Սիրելի Հարրի, ինչքան գիտեմ ուրբաթ օրը կեսօրից հետո ձեզ ազատ ժամեր են տրվում։ Չէի՞ր ցանկանա ժամը հինգի կողմերը գալ ինձ մոտ՝ մի բաժակ թեյ խմելու։
:Շատ եմ ուզում իմանալ, թե ինչպես անցավ քո առաջին շաբաթը։
:Պատասխանը ուղարկիր Հեդվիգի հետ։
:Հագրիդ
:Հարրին վերցրեց Ռոնի գրչատուփը եւ երկտողի տակ խզբզեց՝
:Շնորհակալություն։
:Մեծ հաճույքով կգամ։ Առայժմ։
:Իսկապես, մեծագույն հաջողություն էր, որ կեսօրից հետո Հարրիին սպասում էր Հագրիդի հետ թեյ խմելու հեռանկարը, որոկհետև հմայադեղերի դասը Հարրիի համար մինչև այդ օրը դպրոցում պատահած ամենատհաճ բանը եղավ։
:Կիսամյակի բացման ընթրիքի ժամանակ Հարրիի մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ պրոֆեսոր Սառկեկը, չգիտես ինչու, բոլորովին չի համակրում իրեն։ Սակայն հմայաղեղերի առաջին իսկ դասից հետո Հարրին միանգամայն համոզկած էր, որ պրոֆեսոր Սառկեկը ոչ թե պարզապես չի համակրում իրեն, այլ ուղղակի տանել չի կարող և, կարելի է ասել, ատելով ատում է։
:Հմայաղեղերի դասերն ընթանում էին ամրոցի նկուղներում գտնվող զնդաններից մեկում։ Այստեղ շատ ավելի ցուրտ էր, քան ամրոցի վերևի հարկերում, և բավականին տհաճ էր ու ահարկու, իսկ սպիրտի մեջ պահվող բազմաթիվ սարսափազդու արարածներով թափանցիկ անոթները, որոնք շարված էին պատերի երկայնքով կախված դարակների վրա, ավելի էին ուժեղացնում նկուղի ընդհանուր վհատեցնող դժնդակ տպավորությունը։
:Սառկեկը Ֆլիթվիքի պես դասն սկսեց ներկա֊բացակայով և Ֆլիթվիքի պես կանգ առավ Հարրիի ազգանվան վրա։
:— Օհ, այո՜,— ասաց նա ընդգծված սիրալիր ձայնով, — Հարրի Փոթթեր, մեր նոր նշանավոր դեմքը։
:Դրաքո Մալֆոյը և նրա ընկերներ Քրեբն ու Գոյլը բերանները ձեռքով փակած ցածրաձայն հռհռացին։ Սառկեկը վերջացրեց ներկա֊բացական և գլուխը բարձրացնելով, նայեց դասարանին։ Նրա աչքերը Հագրիդի աչքերի նման սև էին, սակայն Հագրիդի աչքերից ճառագող ջերմության ակնարկն իսկ չունեին։ Սառկեկի աչքերը սառն էին, դատարկ և մութ ու անտակ թունելներ էին հիշեցնում։
:— Ձեր այստեղ գտնվելու նպատակն է սովորել հմայադեղեր պատրաստելու ճշգրիտ գիտությունը և բարդագույն արվեստը, — արհամարհական հայացքով չափելով դասարանը սկսեց նա իր դասը։ Սառկեկը գրեթե շշուկով էր խոսում, սակայն նրա արտասանած յուրաքանչյուր բառը բացարձակ լսելի էր բոլորին։ Պրոֆեսոր Մըք Գոնագալի նման, պրոֆեսոր Սառկեկը կատարելապես տիրապետում էր առանց ջանքի դասարանը լուռ պահելու ուսուցչական բարձր արվեստին։
:— Քանի որ այս գիտությունը կախարդական փայտիկ թափահարելու անհեթեթ վարժության հետ ոչ մի կապ չունի, ձեզնից շատերի համար բավականին դժվար կլինի պատկերացնել, որ սա հրաշալի կախարդանք է։ Ես չեմ էլ ենթադրում, որ դուք ընդհանրապես կընկալեք գոլորշիներով պարուրված, պղպջող մակերեսով, մարմանդ կրակի վրա կամացուկ եռացող կաթսայի գեղեցկությունը կամ երակներով տարածվող, մարդու միտքը դյութող և կամքն ու զգացմունքները ստրկացնող հեղուկների անհաղթահարելի հզորությանը... Ես կարող եմ սովորեցնել Ձեզ, թե ինչպես թորել հաղթանակն ա ճանաչումը, ինչպես եփել փառքը և, նույնիսկ, շշի մեջ խցանել մահը, եթե, անշուշտ, դուք ընդամենը հաստագլուխ բթամիտների մի հերթական ամբոխ չեք, որին ես սովորաբար ստիպված եմ լինում խելք սովորեցնել։
:Այս փոքրիկ ճառից հետո զնդանում տիրող լռությունը նույնիսկ ավելի ազդեցիկ դարձավ։ Հարրին ու Ռոնը ապշահար իրար նայեցին։ Հերմիոնա Գրեյնջերը նստած էր աթոռի ծայրին և իր ամբողջ տեսքով հուսահատ պատրաստակամաթյուն էր ցուցադրում ՝ վերջապես սկսելու ապացուցել, որ ինքը հաստագլուխ բթամիտներից չէ։
:— Փո՛թթեր, — հանկարծ ասաց Սառկեկը. — Ի՞նչ կստանանք, եթե ասֆոդելի արմատի փոշի լցնենք օշինդրի թուրմի մեջ։
:Ինչի՞ արմատի փոշի՜, ինչի՞ թուրմի մե՜ջ...
:Հարրին նայեց Ռոնին, որն իրենից ոչ պակաս ապշահար տեսք ուներ։ Հերմիոնայի ձեռքը սլացիկ վեր բարձրացավ։
:— Ես չգիտեմ, սըր, — ասաց Հարրին։
:Սառկեկի շրթունքը կծկվեց արհամարհական ժպիտի մեջ։
:— Այդպես, այդպե՜ս... Միայն անունով, անշուշտ, շատ առաջ չես գնա։
:Նա անտեսեց Հերմիոնայի ցուցափայտի պես վեր ցցված ձեռքը։
:— Ապա մի կրկին փորձենք, Փոթթեր, որտե՞ղ կփնտրեք, եթե ես Ձեզ հանձնարարեմ բեզոար գտնել։
:Հերմիոնան ձեռքն այնքան վեր ցցեց, ինչքան հնարավոր էր աթոռին նստած մնալով, սսկայն Հարրին հեռավոր գաղափար իսկ չուներ, թե ի՛նչ է իրենից ներկայացնում բեզոարը։ Նա փորձում էր չնայել Մալֆոյի, Քրեբի և Գոյլի կողմը, որոնք ցնցվում էին անձայն ծիծաղից։
:— Ես չգիտեմ, սըր։
:— Ինչպիսի՜ ինքնավստահության, Փոթթեր, դպրոց եք եկել առանց նույնիսկ մի գիրք բացելու։
:Հարրին ինքն իրեն ստիպեց հայացքը չհեռացնել Սառկեկի սառն ու անբարյացակամ աչքերից։ Անշուշտ նա Դարզլիների տանը եղած ժամանակ աչքի էր անցկացրել իր բոլոր գրքերը, բայց մի՞թե Սառկեկը սպասում էր, որ ինքը պետք է անգիր հիշեր «Հազար կախարդական բույսեր, հմայախոտեր ու սնկազգիներ» գրքի ամեն մի տողը։ Սառկեկը շարունակում էր անտեսել :Հերմիոնայի լարումից ցնցվող, պարզապես աչք ծակող ձեռքը։
:— Փո՛թթեր, ի՞նչ տարբերություն կա ընձախոտի և գայլապտաղի միջև։
:Հերմիոնան այլևս չդիմացավ և վեր ցատկեց տեղից՝ լարի պես ձգված ձեռքը վեր ցցած, ասես անտեսանելի թելով նրա ձեռքը կապված ու կախված էր առաստաղից։
:— Ես չգիտեմ, — հանգիստ ասաց Հարրին, — բայց կարծես Հերմիոնան գիտի, միգուցե նրան հարցնեք։
:Երեխաներից մի քանիսը ծիծաղեցին։ Հարրիի հայացքը հանդիպեց Սիմուսին, որը գոհունակությամբ աչքով արեց նրան։ Սառկեկը, սակայն, բնավ գոհ չէր։
:— Նստե՛ք, — ատամների արանքից նետեց նա Հերմիոնայհն։
:― Ի գիտություն Ձեզ, Փոթթեր, ասֆոդելի և օշինդրի խառնուրդն այնպիսի ուժեղ քնաբեր հեղուկ է, որ հաճախ այն կոչում են Կենդանի մահվան թուրմ, Բեզոարը կովկասյան վայրի այծի ստամոքսից հանված քարն է, որը կարող է փրկել Ձեզ բազմաթիվ թույներից։ Ինչ վերաբերվում է ընձախոտին ու գայլապտղին, դրանք միևնույն բույսի տարբեր անվանումներն են, որը հայտնի է նաև ակոնիտ անունով։ Դե՞հ... Այդ ինչո՞ւ չեք գրի առնում։
:Ամբողջ դասարանում հանկարծ խառնաժխոր սկսվեց՝ գրչափետուրների ու մագաղաթների խշխշոցից։ Աղմուկի ձայնը գերազանցելով, Սառկեկն ասաց.
:― Եվ մեկ միավոր կհանվի Գրիֆինդոր տանից Ձեր լկտիության համար, Փոթթեր։
:Ոչ մի հավանականություն չկար, որ այդ օրը հմայաղեղերի դասին Գրիֆինդոր տան հաշիվը կբարձրանար։ Գործնական վարժություն կատարելու համար Սառկեկը դասարանը զույգերի բաժանեց և ամեն զույգին տալով մեկական կաթսա, հանձնարարեց մի գործնական առաջադրանք կատարել, որի իմաստը կարմիր մկնոռ կամ չիբան բուժող պարզագույն հմայաթուրմ եփելն էր։ Վարժության ընթացքում նա ստվերի պես շրջում էր շարքերով՝ իր երկար սև պարեգոտի փեշերը ծածանելով և խստահայաց դիտում, թե ինչպես են աշակերտները չորացրած եղինջ կշռում և հավանգի մեջ օձի ժանիքներ փշրում՝ քննադատելով բոլորին, բացի Մալֆոյից, որին ակնհայտորեն համակրում էր։
:Նա բոլորին հրավիրեց ուշադրություն դարձնել, թե ՄալՏոյն ի՜նչ կատարյալ է շոգեխաշել իր պոզավոր խխունջները, երբ հենց այդ պահին վառ կանաչ գույնի ծխի քուլաներ տարածվեցին հատակի վրա, ու ականջ ծակող խշշոց լսվեց ամբողջ զնդանում։ Նեվիլն ինչ-որ կերպ հաջողացրել էր հալեցնել իր ու Սիմուսի կաթսան ու վերածել այն մի ծռմռված անոթի, որի փափկած ու դուրս ծալվող պռունկից խշշոցով ցած էր թափվում պարունակությունը և տարածվելով զնդանի հատակին, հալեցնում մոտիկ կանգնածների կոշիկների ներբանները։ Մի քանի վայրկյանից ամբողջ դասարանը կանգնած էր աթոռակներր վրա։ Նեվիլը, որը ոտքից գլուխ թրջվել էր հմայաթարմով, երբ կաթսայի պարունակությունը դուրս ժայթքեց հատակին, ապշադեմ կանգնած տնքում էր ցավից, իսկ կարմիր չիբանները կատաղի արագությամբ ուռչում ու բլթում էին նրա ոտքերի և ձեռքերի վրա։
:— Ապո՛ւշ, ― բղավեց Սառկեկը և իր կախարդական փայտիկի մի շարժումով հատակից մաքրեց հմայաթուրմի լճակներն ու ծխի քուլաները, — համոզված եմ, որ հիստրիքս ոզնու ասեղները կաթսայի մեջ ես լցրել կրակը մարելուց առաջ։
:Նեվիլը շարունակում էր հնգմնգալ, իսկ կարմիր մկնոռները դեռ բլթում էին նրա քթի վրա։
:— Ուղեկցե՛ք նրան հիվանդանոցային աշտարակ, — Սառկեկը ատամների արանքից նետեց Սիմուսին։ Հետո նա շրջվեց Հարրիի ու Ռոնի կողմը, որոնք Նեվիլին ամենամոտն էին կանգնած։
:— Դուք, Փո՛թթեր, ինչո՞ւ չզգաշացրիք նրան, որ կաթսան կրակի վրա՝ ասեղները հմայաթուրմի մեջ չլցնի։ Կարծում էիք, որ նրա սխալի շվաքից Ձեր փառք ու պատիվը կուժեղանա՞... Եվս մեկ միավոր է հանվամ Գրիֆինդոր տանից։
:Դա արդեն չափազանց անարդարացի էր։ Հարրին բերանը բացեց որ առարկի, սակայն Ռոնը տրորեց նրա ոտքը։
:— Ձայն չհանես, — շշնջաց նա, — ասում են, որ եթե Սառկեկին հակաճառես, վերջը կարող է շատ վատ լինել։
:Երբ մի ժամ անց նրանք աստիճաններով դուրս էին մագլցում զնդանից, Հարրիի մտքերն անհանգիստ թափառում էին, իսկ տրամադրությունը անչափ ընկած էր։ Նրա պատճառով Գրիֆինդորը երկու միավոր կորցրեց ուսումնական կիսամյակի հենց առաջին իսկ շաբաթում։ Ինչո՞ւ է պրոֆեսոր Սառկեկն այդքան ատում իրեն։
:— Բանի տեղ մի դիր, — ասաց Ռոնը, — Սառկեկը Ֆրեդի ու Ջորջի կողքով երբեք հանգիստ չի անցնում առանց Գրիֆինդորից միավորներ հանելու։ Կարելի՞ է ես էլ գամ Հագրիդի մոտ։
:Չորս անց կեսին նրանք երկուսով դուրս եկան ամրոցից և մարգագետնով շարժվեցին դեպի Հազրիդի փայտաշեն խրճիթը, որը գտնվում էր Արգելված անտառի եզրին։ Խրճիթի դռան կողքին ընկած էին մի զույգ ռետինե կրկնակոշիկներ, իսկ պատին հենված էր մի հսկայական արբալետ։
:Երբ Հարրին դուռը թակեց, ներսից լսվեց կատաղի ճանկռտոց և շան որոտաձայն հաչոց։ Հետո օդը ցնցվեց Հազրիդի թավ ձայնից՝ «Ե՛տ կաց, ժանի՛ք... Հանգի՛ստ...», և Հագրիդի մեծ, փռչոտ դեմքը հայտնվեց դռան բացվածքի մեջ.
:— Ներս համեցեք... Հո՛յ, ժանի՛ք, ե՛տ կաց, — նա տղաներին ներս թողեց ՝ փորձելով մի ձեռքով շան վզկալից բռնած անշարժ պահել մի հսկայական սև բողարի։
:Ներսում միայն մեկ սենյակ կար։ Առաստաղից կախ էին արված ապխտած մսի մեծ կտորներ և գունափետուր փասիաններ, բաց կրակի վրա կախված եռում էր պղնձյա թեյնիկը, իսկ անկյունում կանգնած էր մի հսկայական փայտյա մահճակալ՝ ծածկված բազմագույն մանր կտորներից ասեղնակարված վերմակով։
:― Դեհ, ներս համեցեք ու զգացեք ինչպես ձեր տանը, ― ասաց Հագրիդը, բաց թողնելով ժանիքին, որը թռչկոտելով նետվեց Ռոնի կողմը և իր հսկայական թաց լեզվով սկսեց լիզել նրա ականջները։ Ակնհայտ էր, որ իր տիրոջ պես, ժանիքը միայն տեսքից էր սարսափազդու։
:― Սա Ռոնն է, ― ասաց Հարրին, մինչ Հագրիդը եռացող ջուր էր լցնում մի մեծ թեյամանի մեջ և չրով պաքսիմատներ դնում ափսեի վրա։
:― Ուիզլի ե՞ս, ― հարցրեց նա մի հայացք նետելով Ռոնի պեպեններին, ― կյանքիս կեսն անցավ քո երկվորյակ եղբայրներին Արգելված անտառից դուրս քշելով։
:Չրով պաքսիմատներն այնքան չոր էին, որ տղաները քիչ մնաց ատամները կոտրեին։ Սակայն, քանի որ ակնհայտ էր, որ Հագրիդն ինքն էր պատրաստել դրանք, Հարրին ու Ռոնը ձևացրին, որ շատ համեղ են և Հագրիդին պատմեցին իրենց առաջին դասերի մասին։ ժանիքը գլուխը դրել էր Հարրիի ծնկին և թուք էր ծորացնում նրա պարեգոտի փեշին։
Հարրին ու Ռոնը պարզապես յոթերորդ երկնքում էին, երբ Հագրիդը Ֆիլչին «մտագար պառավ այծ» անվանեց։
:― Իսկ ինչ վերաբերում է էդ քնձռոտ կատվին, Միսիզ Նորիսին, ա՛յ թե, կուզենայի մի օր ծանոթացնել նրան ժանիքիս հետ։ Պատկերացնո՞ւմ եք, ամեն անգամ, երբ ամրոց եմ մտնում, էդ գջլոտ կենդանին կրնկակոխ հետապնդում է ինձ։ Չեմ կարողանում ազատվել դրանից։ Ֆիլչն է դրան կարգադրում, որ ինձ հետևի։
:Հարրին Հագրիդին պատմեց Սառկեկի դասի և նրա անարդարացի վերաբերմունքի մասին։ Հագրիդն էլ, Ռոնի պես, Հարրիին ասաց, որ բանի տեղ չդնի, որովհետև Սառկեկն ընդհանրապես ոչ ոքի չի սիրում, և դա նրա սովորական վերաբերմունքն է բոլոր նորեկների նկատմամբ։
:— Բայց, ախր նա ինձ՝ ուղղակի ատում է։
:— Հիմարություն, ― ասաց Հագրիդը, — Էդ ինչո՞ւ պիտի քեզ ատի։ Ի՞նչ պատճառ ունի քեզ ատելու համար։
:Սակայն Հարրին չէր կարողանում ազատվել այն մտքից, որ այդ ասելիս Հագրիդը ջանում էր աչքերը փախցնել նրա հայացքից։
:― Ինչպե՞ս են քո եղբայր Չարլիի գործերը, — հարցրեց Հագրիդը Ռոնին, ― ես նրան շա՜տ էի սիրում... կենդանիների հետ շփվելու մե՜ծ տաղանդ ուներ։
:Հարրին մտածեց, որ Հագրիդը դիտավորյալ փոխեց խոսակցության թեման, որ խուսափի իրեն ուղղակի պատասխանելուց։ Մինչ Ռոնը Հագրիդին պատմում էր Ռոմանիայում Չարլիի աշխատանքի՝ վիշապների կենսաձևի և վարք ու բարքի նրա ուսումնասիրությունների մասին, Հարրին սեղանի վրա թեյնիկը տաք պահող ծածկոցի տակ նկատեց թղթի մի կտոր, որը հոդված էր՝ կտրված «Մարգարե» դյութական օրաթերթի հուլիսի 31-ի համարից։ Նա վերցրեց թղթի կտորը և կարդաց.
:Գրինգոթսում կատարված կողոպուտի փորձի մասին վերջին հաղորդագրությունը
:Հուլիսի 31֊ին Գրինգոթսում կատարված կոտրանքով գողության փորձի հետաքննությունը շարունակվում է։ Շատերի կարծիքով դա չար ուժերին ծառայող անհայտ կախարդների կամ վհուկների գործն է եղել։ Գրինգոթսի գոբլիններն այսօր հայտարարեցին, որ բանկից ոչինչ չի գողացվել։ Կոտրանքով բացված պահոցը պատահաբար այդ նույն օրը, ավելի վաղ, արդեն դատարկված է եղել տերերի կողմից։
:«Մենք չենք կարող ասել, թե ինչ կար պահոցում, եւ խնդրում ենք, հեռու մնալ մեր գործերից, եթե չեք ուզում անախորժության հանդիպել», ― ասա Գրինգոթսի հասարակական կապերի ներկայացուցիչը այսօր կայացած մամլո ասուլիսում։
:Հարրին հիշեց, որ գնացքի մեջ Ռոնը պատմում Էր Գրինգոթսում կատարված կողոպուտի փորձի մասին, սակայն Ռոնը ամսաթիվը չէր ասել նրան։
:― Հագրիդ, — ասաց Հարրին, — Գրինգոթսի կողոպուտի փորձը կատարվել է իմ ծննդյան օրը։ Պատկերացնո՞ւմ ես, հնարավոր է նույնիսկ հենց այն ժամանակ, երբ մենք այնտեղ էինք։
:Կասկած չկար։ Հագրիդն այս անգամ ակնհայտորեն աչքերը փախցրեց Հարրիից։ Նա խուլ հազաց ու չրով պաքսիմատներով ափսեն սեղանից վերցնելով, դեմ տվեց Հարրիին՝ այնպես, որ Հարրին նահանջի տեղ չունենալով, ստիպված մեկ հատ էլ վերցրեց։ Հարրին կրկին կարդաց լրատվությունը՝ կոտրանքով բացված պահոցը պատահաբար այդ նույն օրն ավելի վաղ արդեն դատարկված է եղեի.. Հագրիդը դատարկեց թիվ յոթ հարյուր տասներեք պահոցը, եթե միայն մի ճմրթված փոքրիկ փաթեթ հանելը կարելի էր դատարկել համարել։ Արդյոք հենց դա չէ՞ր գողերի ուզածը։
:Հարրին ու Ռոնը ընթրիքի համար ամրոց վերադարձան՝ գրպանները ծանրացրած չրով պաքսիմատներով, որոնցից նրանք չկարողացան հրաժարվել հանուն քաղաքավարաթյան։ Ճանապարհին Հարրին մտածում էր, որ այդ շաբաթվա դասերից և ոչ մեկը նրան մտորելու այնքան նյութ չտվեց, ինչքան մեկ գավաթ թեյի շուրջը Հագրրդի հետ ունեցած զրույցը...
:Գուցե Հագրիդը պարզապես ճիշտ ժամանակին հասցրեց վերցնել այդ փաթեթը... Հետաքրքիր է, թե որտե՞ղ է կրկին թաքցրել այն... Արդյո՞ք Հագրիդը Սառկեկի մասին ինչ-որ բան գիտի, բայց չի ցանկանում պատմել իրեն...