Changes

Կոնեկտիկուտցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում

Ավելացվել է 32 524 բայտ, 14:33, 15 Հուլիսի 2016
/* Գլուխ XVI */
Զինվորները պակաս հետաքրքրասեր էին և փութաջան հեռացան, հենց որ թույլտվություն ստացան։
 
 
==Գլուխ XVII==
 
Թագավորական խնջույք
 
 
Տիրուհին, տեսնելով, որ ես խաղաղ եմ և չեմ բարկանում, անկասկած, եզրակացրեց, որ իրեն հաջողվել է ինձ խաբել։ Նրա երկյուղը փարատվեց, և նա այնպես համառ խնդրեց ցուցադրելու իմ արվեստը և որևէ մեկին սպանելու, որ ես չգիտեի ինչպես օձիքս թոթափեմ։ Բարեբախտաբար, այդ պահին բոլորիս աղոթքի կանչեցին։ Պետք է ասեմ, որ ազնվականությունը, չնայած բռնակալության նկատմամբ ունեցած հակումներին, խորապես ու խանդավառ կրոնամոլ էր։ Ոչ մի բան նրանց չէր կարող ետ պահել եկեղեցու սահմանած ծեսերը բարեխղճորեն կատարելուց։ Հաճախ եմ ինքս տեսել, թե ինչպես թշնամուն հանկարծակիի բերած ազնվականը, նրա գլուխը կտրելուց առաջ, կանգ է առել աղոթելու համար, հաճախ եմ ինքս տեսել, թե ինչպես թաքստոցից թշնամու վրա հարձակվող և նրան սպանող ազնվականը, անմիջապես գնում էր ծունկի իջնելու մոտակա ճանապարհամերձ սրբարանի առջև՝ խոնարհաբար փառք տալու տիրոջը, նույնիսկ չհասցնելով կողոպտել ննջեցյալին։ Նրանց հղկված բարեպաշտության համեմատ ինքը Բենվենուտո Չելլինին, որ աշխարհ պիտի գար տասը դար հետո, անտաշ սուրբ էր թվում։ Բրիտանիայի ամբողջ ավագանին ընտանիքների հետ միասին ամեն օր առավոտյան և երեկոյան իրենց տնային եկեղեցիներում ժամերգության էին մասնակցում և, բացի այդ, նույնիսկ ամենաետին ազնվականները էլի մի հինգ֊վեց անգամ ընդհանուր ընտանեկան աղոթքի էին հավաքվում։ Այդ ամբողջը պետք է եկեղեցու վաստակը համարել։ Թեպետ ես կաթոլիկ եկեղեցու բարեկամը չեմ, բայց պարտավոր եմ ընդունելու այդ։ Եվ հաճախ, կամքիս հակառակ, ինքս ինձ հարցնում էի․ «Ի՞նչ կլիներ, այս երկիրը առանց եկեղեցու»։
 
Աղոթքից հետո մենք ճաշեցինք ճարպայրոցներով լուսավորված խնջույքների սրահում, որտեղ ամեն ինչից ճչում էր մեր հյուրընկալների թագավորական աստիճանին վայել փարթամություն, առատաձեռնություն և բարբարոս շքեղություն։ Սրահի վերին մասում, հարթակի վրա գտնվում էր թագավորի, թագուհու և նրանց որդու՝ արքայազն Ուենի սեղանը, իսկ հատակին, ամբողջ սրահի երկայնքով ձգվում էր ընդհանուր սեղանը։ Վերջինիս շուրջը, աղաթասից դեպի վեր բազմած էր պալատական դասը՝ ավագանին և նրանց ընտանիքների երկսեռ տարեց անդամները, ընդամենը վաթսունմեկ մարդ․ աղաթասից դեպի ցած նստած էին կարևորագույն թագավորական աստիճանավորները իրենց ստորադրյալների հետ միասին․ ընդամենը սեղանի շուրջ նստած էր հարյուր տասնութ մարդ, իսկ նրանց աթոռների ետև կանգնած էին ծառաների համազգեստով նույնքան սպասավորներ, որոնք ուտելիք էին մատուցում։ Դա մի սքանչելի տեսարան էր։ Պատշգամբում բամբիռներից, եղջյուրներից, տավիղներից և ուրիշ սարսափներից բաղկացած նվագախումբը բացեց խնջույքը մի այնպիսի օրհասական աղմուկով, որը կարծես հում նախատիպը լիներ հետագա դարերում տարածված « Ես դրախտում եմ, ես երգում եմ» նշանավոր երգի։ Այդ ժամանակներում սույն երգը բոլորովին նոր էր, և նվագախումբը, հավանաբար, չէր հասցրել ինչպես հարկն է յուրացնել։ Չգիտեմ, այդ պատճառով էր, թե մի ուրիշ, բայց թագուհին հրամայեց երգահանին կախել ճաշից հետո։
 
Երաժշտությունից հետո, թագավորական սեղանի ետևը կանգնած քահանան լատիներենով մի բավականին պատվարժան տևողությամբ քարոզ կարդաց։ Ապա սպասավորների գումարտակները պոկվեցին տեղերից, վազեցի իրար խռնվեցին, ափսեները սրընթաց դես ու դեն տանելով, և զորավոր կերուխումը սկսվեց․ ոչ ոք չէր խոսում, բոլորը գործով էին զբաղված։ Ծնոտների շարքերը բացվում ու փակվում էին միաժամանակ, և ծամելու ձայնը նման էր ստորգետնյա մեքենաների խուլ աղմուկին։
 
Ավերածությունը շարունակվեց մեկ և կես ժամ․ այդ ընթացքում ոչնչացված ուտեստի քանակը անհնար է պատկերացնել։ Սեղանի մեջտեղում վեհորեն բազմած գլխավոր ուտելիքից՝ վարազից ոչինչ չմնաց, բացի ողներից, որոնք կանացի լայնուռույց շրջասզգեստի օղակապերն էին հիշեցնում։ Եվ սա օրինակ ու խորհրդանիշ էր, թե ինչ էր կատարվում մյուս ուտելիքների հետ։
 
Քաղցրավենիի հետ զուգահեռ շրջանառության մեջ դրվեց կոնծաբանությունը և․․․ զրույցը։ Գալոն֊գալոնի ետևից անհայտանում էին մեղրաջուրն ու գինին։ Տղամարդիկ և կանայք սկզբում գոհ եղան, ապա՝ երջանիկ, քիչ հետո՝ խենթանման զվարթ ու աղմկոտ։ Տղամարդիկ այնպիսի անեկդոտներ էին պատմում, որ սարսափելի էր լսելը, բայց ոչ ոք չէր կարմրում յուրաքանչյուր անեկդոտից հետո բոլորն այնպես էին խրխնջում, որ դողդողում էին ամրոցի քարակոփ պատերը։ Տիկիններն էլ, ի պատասխան, այնպիսի պատմություններ էին պատմում, որոնք, անկասկած, կստիպեին Մարգըրեթ Նավարացի թագուհուն կամ նույնիսկ Մեծն Էլիզաբեթ Անգլիացուն երեսները թաշկինակով ծածկել, բայց այստեղ ոչ ոք թաշկինակի ետևն չէր թաքնվում, բոլորը միայն ծիծաղում էին, եթե կուզեք, ոռնում։ Համարյա բոլոր այդ ահավոր պատմությունների մեջ գլխավոր դերակատարները եկեղեցականներ էին, բայց դա բնավ էլ չէր անհանգստացոնում տաներեցին․ նա էլ ծիծաղում էր բոլորի հետ միասին, դեռ ավելին, սեղանակիցների խնդրանքով նա այնպիսի մի երգ ոռնաց, որը բնավ էլ ավելի պատշաճ չէր, քան այդ երեկո երգված մյուս երգերը։
 
Կեսգիշերի դեմ բոլորը հոգնել էին, ծիծաղից ուժասպառ եղել, հարբել։ Ոմանք լաց էին լինում, ուրիշները խանդատանքով համբույրներ էին փնտրում, մի մասն էլ՝ կռիվ, ոմանք ծիծաղում էին, ուրիշները մեկնվել էին սեղանի տակ մեռելի նման։ Տիկիններից իրեն ամենից վատ պահում էր մի սիրունատես ջահել հերցոգուհի, որի համար այդ երեկոն իր հարսանիքի նախօրեն էր։ Այո, դա մի կատարյալ տեսարան էր։ Այդպիսի վիճակով նա կարող էր բնորդի դեր տանել Օռլեանի փոխարքայի դստեր դիմապատկերի համար, այն նշանավոր ճաշի ժամանակ, երբ նրան հարբած բերանը շաղ տալով և ուժասպառ՝ մահճակալ էին դնում, Ancien Regime֊ի<ref>Ֆրանսերեն։ Բառացիորեն նշանակում է «Հին կարգ»․ ֆրանսիական առաջին հեղափոխությունից հետո այդ արտահայտությունով սկսեցին կոչել նախահեղափոխական ֆեոդալական Ֆրանսիան և ֆեոդալական հասարակությունը առհասարակ։</ref> հեռավոր անմոռանալի օրերին։
 
Հանկարծ, ճիշտ հենց այն րոպեին, երբ քահանան ձեռքերը վեր էր պարզել, իսկ բոլոր այն գլուխները, որոնց մեջ դեռ խելք էր մնացել, խոնարհվել էին օրհնություն ակնկալելով, ճիշտ այդ րոպեին սրահի խորքում, կամարի տակ հայտնվեց մի պառավ, կորացած, ալեհեր տիկին, որը հենվում էր ձեռնափայտի վրա։ Նա բարձրացրեց իր ձեռնափայտը, ուղղեց դեպի թագուհին ու գոռաց․
 
― Թող աստծո զայրույթը և աստծո անեծքը վրադ լինի, անխիղճ կին, որ դու սպանեցիր իմ անմեղ թոռնիկին և վշտացրիր իմ պառավ սիրտը, որը աշխարհումս այդ երեխայից բացի այլևս ո՛չ հենարան ունի, ո՛չ մխիթարություն, ո՛չ ուրախություն։
 
Բոլորը երկյուղած խաչակնքեցին, որովհետև այդ մարդիկ սոսկալի վախենում էին անեծքից, բայց թագուհին վեհորեն ոտքի կանգնեց՝ աչքերի մեջ մահաբեր չարությամբ և ուսի վրայից նետեց անգութ հրամանը․
 
― Կալանել նրան։ Խարույկի հանել։
 
Պահակները հնազանդ մոտեցան պառավին։ Ամոթ էր այդպիսի դաժանությանը նայել։ Բայց ի՞նչ կարելի էր անել։ Սենդին հայացք նետեց ինձ վրա։ Գլխի ընկա, որ նոր ներշնչում է ունեցել և ասացի․
 
― Արա ինչպես գիտես։
 
Նա անմիջապես կանգնեց, դեմքը դարձրեց դեպի թագուհին, ապա ինձ մատնացույց անելով, ասաց․
 
― Տիկին, <b>նա</b> չի արտոնում։ Ետս կոչիր հրամանը, այլապես նա կավերի ամրոցը և ցրիվ կտա օդում, ինչպես երերուն երազը։
 
Գրողը տանի, ինչ ցնորված պարտավորություն պետք է ես վերցնեմ։ Իսկ եթե թագուհին․․․
 
Բայց իմ երկյուղը անմիջապես փարատվեց, քանի որ թագուհին շփոթված և առանց որևէ դիմադրության, նշան արեց զինվորներին, թե հրամանը չեղյալ է, և սուզվեց աթոռի մեջ։ Նա միանգամից զգաստացավ։ Զգաստացան նաև շատերը։ Բոլորը իրենց տեղերից վեր թռան և, մոռանալով վայելչության կանոնները, խուռներամ նետվեցին դեպի դուռը, աթոռները շրջելով, ափսեները ջարդելով, արմունկներով իրար հրմշտելով, մեկը մյուսի ոտքերը կոխկրտելով, միայն թե հասցնեին րոպե առաջ փախչել, քանի դեռ ես չեմ փոխել վճիռս և ցրիվ չեմ տվել ամրոցը երկնային անհունի մեջ։ Ի՜նչ սնոտիապաշտ մարդիկ էին, վա՛հ։ Պարզապես դժվար է նույնիսկ պատկերացնել, թե որ աստիճան սնոտիապաշտ էին նրանք։
 
Թշվառ թագուհին այնպես էր վախեցել ու սսկվել, որ առանց իմ թույլտվության չէր համարձակվում նույնիսկ երգահանին կախել։ Ես խղճացի նրան, և ամեն ոք կխղճար, որովհետև նա իրոք տառապում էր այնպես, որ ես որոշեցի զիջումներ անել ու գործը ծայրահեղության չհասցնել։ Փոքր֊ինչ խորհելով, ես կանչեցի նվագախումբը և հրամայեցի մի անգամ էլ նվագել «Ես դրախտում եմ, ես երգում եմ»։ Նրանք նվագեցին։ Ես համոզվեցի, որ թագուհին իրավացի էր և նրան թույլ տվեցի կախաղան հանել ողջ նվագախումբը։ Այս աննշան զիջումը ամենաբարենպաստ ազդեցությունը գործեց թագուհու վրա։ Պետական գործիչը ոչինչ չի շահի, եթե բոլոր պարագաներում վճռաբար կարծրություն դրսևորի, քանի որ դա վիրավորում է իր իսկ հզորությունը։ Փոքրիկ զիջումները այս ու այն տեղում, որտեղ դրանք վնաս չեն բերում գործին, ամենաիմաստուն քաղաքականությունն է։
 
Այժմ, երբ թագուհին դարձյալ հանգիստ էր և նույնիսկ երջանիկ, գինին սկսեց նորից իր գործը տեսնել։ Ուզում եմ ասել, որ գինին արձակեց նրա լեզուն․ նրա ձայնը նորից հնչեց արծաթե զանգակի պես։ Այո, նա վարպետ էր այդ գործում։ Ինձ համար հարմար չէր հիշեցնել նրան, որ արդեն ուշ է, որ ես հոգնել էի և քնել էի ուզում։ Ափսո՜ս, որ ավելի վաղ չէի գնացել քնելու, երբ առիթ կար։ Իսկ այժմ մնում էր միայն գամվել մնալ այստեղ, ուրիշ էլ ելք չկար։ Եվ քուն մտած ամրոցի խորունկ ուրվականային լռության մեջ հնում էր ու հնչում էր նրա ճռվողյունը, մինչև որ ասես հեռու խորքերից մեր ականջներին հասավ ինչ֊որ մի խուլ ճիչ, այնպես օրհասական, որ ես ցնցվեցի։ Թագուհին լռեց, և նրա աչքերը հաճույքից փայլատակեցին, նա թռչնակի նման մի կողմ թեքեց իր սիրունիկ գլուխը և ականջ դրեց։ Եվ նորից խորունկ լռության մեջ մեր ականջներին հասավ նույն ձայնը։
 
― Դա ի՞նչ է, ― հարցրեցի ես։
 
― Իսկապես որ համառ հոգի է։ Որքան երկար է նա դիմանում, ահա արդեն քանի ժամ է։
 
Ինչի՞ն է դիմանում։
 
― Տանջանքներին։ Գնանք, դու մի ուրախ տեսարան կտեսնես։ Եթե նա հիմա էլ չխոստովանի, կտեսնես, թե ինչպես են նրան քառահատելու։
 
Այսպիսի գեղեցկուհին էլ լինի դժոխային ստեղծագործություն, աստված իմ։ Նա հանգիստ էր ու հոգին անխռով, մինչդեռ իմ ոտքերի բոլոր ջղերը նվում էին տառապյալի նկատմամբ խղճահարությունից։ Զինված պահակների ուղեկցությամբ, որոնք բոցկլտացող ջահեր էին տանում, գնում էին մեր քայլերին արձագանքող միջանցքներով, ցած իջնում խոնավ, բորբոսի և դարավոր բանտային խավարի հոտ արձակող քարե սանդուղքներով։ Դա մի ճնշող, ահավոր և երկար ճանապարհ էր, որը բնավ էլ կարճ և հաճելի չդարձավ տառապյալի և նրա մեղքի մասին կախարդ կնոջ շատախոսությունից։ Տառապյալը մեղադրվում էր մի անհայտ մատնիչի կողմից, որ իբր եղջերու է սպանել արքունական արգելարաններում։ Ես ասացի․
 
― Անհայտ մարդու մատնությունը ապացույց չէ։ Ձերդ բարձրություն։ Ավելի ճիշտ կլիներ երես առ երես բերել մեղադրյալին ու մեղադրողին։
 
― Գործը այնքան չնչին բան է, որ ես այդ մասին չեմ մտածել։ Բայց եթե մտածեի էլ, միևնույն է, չէի կարող, որովհետև մեղադրողը ծպտված հայտնվել է ճանապարհին գիշերով, պատմել նրան ամեն ինչ և անհայտացել, ու անտառապահը նրան չի ճանաչում։
 
― Ուրեմն այդ ծպտյալը միակ մարդն է, որ տեսել է, թե ո՞վ է սպանել եղջերուին։
 
― Օ՜, ոչ։ Ոչ մի մարդ էլ չի տեսել եղջերուի սպանությունը։ Բայց այդ ծպտյալը տեսել է այս թշվառականին այնտեղի մոտերքում, որտեղ գտնվելիս է եղել սպանված եղջերուն և, հավատարմության պարտքը կատարելով հայտնել այդ մասին անտառապահին։
 
― Ուրե՞մն ծպտյալն էլ մոտ է եղել այն տեղին, որտեղ սպանվել է եղջերուն։ Մի՞թե հնարավոր չէ, որ նա ինքը սպանած լինի եղջերուն։ Նրա հավատարմությունը․․․ դիմակավորված․․․ բավականին կասկածելի է թվում։ Բայց ինչո՞ւ դուք, Ձերդ բարձրություն, վճռեցիք տանջանքների ենթարկել կալանավորին։ Ի՞նչ իմաստ կա դրա մեջ։
 
― Այլապես նա չի խոստովանի, այդ դեպքում նրա հոգին դժոխք կգնա։ Նրա հանցագործության համար օրենքը մահապատիժ է նախատեսում, և ես, իհարկե, կհետևեմ, որ նա խույս չտա պատժից։ Բայց ես ինքս խորտակած կլինեմ սեփական հոգիս, եթե թույլ տամ, որ նա մեռնի առանց զղջալու և մեղքերի թողություն ստանալու։ Ոչ, ես այդպիսի հիմար չեմ, որ նրա պատճառով ինքս դժոխք գնամ։
 
― Բայց, Ձերդ բարձրություն, իսկ եթե նա զղջալու բան չունի՞։
 
― Դա մենք հիմա կիմանանք։ Եթե նա տանջանքների տակ մեռնի ու, այնուամենայնիվ, չզղջա, որովհետև զղջալու բան չունի, ուրեմն ավելի լավ։ Հո ես դժոխք չեմ ընկնի չզղջացած մարդու պատճառով, որը զղջալու բան չուներ։
 
Դա ժամանակի համառ անբնականության դրսևորումն էր։ Նրա հետ վիճելը անօգուտ էր։ Այն ամենը, ինչ մանկությունից էին լցրել գլուխը, ոչ մի փաստարկով դուրս մղել հնարավոր չէ, բոլոր փաստարկները փշրվում են, ինչպես ալիքները ապառաժին զարնվելիս։ Եվ նրա գլուխն էլ լցրել էին այն, ինչ բոլորի գլուխները։ Երկրի ամենալուսավոր ուղեղներն անգամ չէին կարող տեսնել նրա դատողությունների թույլ կողմերը։
 
Տանջանքների խուցը մտնելով ես մի պատկեր տեսա, որը մինչև այժմ աչքերիս առջև կանգնած է, որքան կուզենայի, որ այդ պատկերը հեռանար, հանգիստ թողներ ինձ։ Տեղացի, երեսունի շուրջ մի երիտասարդ պրկված էր գելոցի վրա, դեմքով դեպի վեր։ Նրա դաստակներն ու ոտնաթաթերը պարաններով կապված էին կեռերին։ Տանջանքներից ջղաձգված դեմքին գույն չկար, քրտնքի կաթիլները կարկամել էին ճակատին։ Մի քահանա կռացել էր նրա վրա, քահանայի կողքին կանգնած էր դահիճը, քիչ հեռու՝ պահակները։ Պատերի մեջ խոթած ջահերը բոցկլտում էին, անկյունում կծկված նստել էր ծռմռված դեմքով և ցնորված ու տանջահար հայացքով մի թշվառ երիտասարդ կին, որի գրկին խաղաղ քնած էր մանկիկը։ Հենց որ մենք շեմքը անցանք, դահիճը թեթևակի դարձրեց անիվը, մի միատեղ ճիչ պոկվեց կալանավորի ու կնոջ կրծքից, բայց ես գոռացի դահճի վրա, և նա անմիջապես թուլացրեց պարանը, նույնիսկ չնայելով, թե ով է հրամայողը։ Ես չէի կարող թույլատրել, որ այդ սոսկալի գործը շարունակվեր, ես պարզապես չէի դիմանա ու կմեռնեի կանգնածս տեղը։ Խնդրեցի թագուհուն դուրս գալ և հնարավորություն տալ ինձ առանձին զրուցել կալանավորի հետ։ Երբ նա սկսեց վիճել, ես կիսաձայն ասացի, որ իր ծառաների ներկայությամբ չեմ ուզում գժտվել հետը, բայց իմ կամքը պետք է կատարվի, քանի որ ես Արթուր թագավորի ներկայացուցիչն եմ և խոսում եմ նրա անունից։ Նա հասկացավ, որ պետք է տեղի տա։ Ես խնդրեցի ներկայացնել ինձ այս մարդկանց և հետո դուրս գնալ։ Դա հաճելի չէր նրան, բայց նա կլլեց դեղահաբը և նույնիսկ ավելին արեց, քան սպասում էի։ Ես միայն ուզում էի հենվել նրա իշխանության վրա, բայց նա ասաց․
 
― Կանեք այնպես, ինչպես ձեզ կասի այս լորդը։ Նա Տնօրենն է։
 
Այդ բառը կախարդական ներգործություն ունեցավ․ բանտային առնետները խոնարհվեցին իմ առջև։ Թագուհու զինվորները շարվեցին և, ջահերը տանելով, դուրս եկան նրա ետևից․ նրանց համաչափ քայլքը հեռանալով արձագանքում էր միջանցքներում։ Հրամայեցի արձակել կալանավորին գելոցից և դնել մահճակալի վրա։ Վերքերին սպեղանի դրեցին, նրան գինի մատուցեցին։ Կինը մոտ սողաց և նայում էր նրա վրա ագահ, քնքուշ, բայց երկյուղած հայացքով։ Նա վախենում էր, թե իրեն կհեռացնեն։ Նա մեկնեց ձեռքը, որպեսզի գողունի դիպչի ամուսնուն, բայց երբ ես պատահմամբ շրջվեցի, սարսափած ետ ընկրկեց։ Պարզապես խիղճս տանջում էր նրան նայելիս։
 
― Աստված իմ, ― ասացի, ― փայփայիր նրան, աղջիկս։ Արա, ինչ ուզում ես, ինձ վրա ուշադրություն մի դարձնի։
 
Նրա հայացքում երախտագիտություն էր շողում, այնպես, ինչպես որևէ կենդանու աչքերում, երբ նա հասկանում է, որ դու բարի ես վարվում իր հետ։ Մանկիկին մի կողմ դնելով, նա այտով հպվեց ամուսնու այտին, մատներով շոյեց մազերը։ Աչքերից արցունքներ էին հոսում։ Ամուսինը ուշքի եկավ և քնքուշ նայեց կնոջը, բայց ավելին անել նա ի վիճակի չէր։ Ես որոշեցի, որ ժամանակն է մնացած մարդկանցից օդը մաքրելու, այդպես էլ արեցի, թողնելով միայն կնոջը երեխայի հետ։ Ապա ասացի․
 
― Աստված իմ, ― ասացի, ― փայփայիր նրան, աղջիկս։ Արա, ինչ ուզում ես, ինձ վրա ուշադրություն մի դարձնի։
 
Նրա հայացքում երախտագիտություն էր շողում, այնպես, ինչպես որևէ կենդանու աչքերում, երբ նա հասկանում է, որ դու բարի ես վարվում իր հետ։ Մանկիկին մի կողմ դնելով, նա այտով հպվեց ամուսնու այտին, մատներով շոյեց մազերը։ Աչքերից արցունքներ էին հոսում։ Ամուսինը ուշքի եկավ և քնքշանքով նայեց կնոջը, բայց ավելին անել նա ի վիճակի չէր։ Ես որոշեցի, որ ժամանակն է մնացած մարդկանցից օդը մաքրելու, այդպես էլ արեցի, թողնելով միայն կնոջը երեխայի հետ։ Ապա ասացի․
 
― Դե, բարեկամս, հիմա պատմիր, թե դու ինչպես ես նայում այս պատմությանը։ Մյուս կողմի տեսակետը ես արդեն գիտեմ։
 
Մարդը մերժողական շարժեց գլուխը։ Բայց կինը կարծես շոյված էր, ինչպես ինձ թվաց, շոյված էր իմ առաջարկությունից։ Ես շարունակեցի․
 
― Դու գիտե՞ս, թե ով եմ ես։
 
― Այո։ Արթուրի թագավորության մեջ քեզ բոլորը ճանաչում են։
 
― Եթե իմ մասին քեզ ճիշտ բաներ են պատմել, ապա դու չպետք է վախենաս խոսելուց։
 
Կինը փութաջան ընդմիջեց ինձ․
 
― Օ՜հ, ազնվափայլ լորդ, համոզիր նրան։ Դու կարող ես նրան համոզել, եթե ուզենաս։ Օ՜, նա այնպիսի տանջանքներ կրեց, և այդ բոլորը իմ պատճառով։ Իսկ ես չեմ կարող դիմանալ, երբ նրան տանջում են։ Որքան կուզենայի, որ նա մեռներ հեշտ, արագ մահով։ Օհ, իմ Հուգո, ես չեմ կարող դիմանալ, երբ քեզ տանջում են։
 
Նա հեկեկաց և ոտքերս ընկավ, աղաչելով ինձ։ Ի՞նչ էր նա աղաչում։ Ամուսնու մա՞հը։ Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում։ Բայց Հուգոն ընդմիջեց նրան․
 
― Լռիր։ Ինքդ չգիտես, թե ինչ ես խնդրում։ Մի՞թե ես հանուն թեթև մահի սովամահության պիտի մատնեմ նրանց, ում սիրում եմ։ Ես կարծում էի, թե դու ինձ ավելի լավ ես ճանաչում։
 
― Է՜, ― ասացի, ― ես ոչինչ չեմ հասկանում։ Ինձ համար դեռ հանելուկ է։ Ուրեմն․․․
 
― Օ՜հ, իմ թանկագին լորդ, համոզիր նրան։ Տես, թե ինչպես են ինձ տանջում նրա տառապանքները։ Նա լռում է, նա չի ուզում խոստովանել։ Իսկ ես այնքան ուրախ կլինեի, որ նա արագ մահով մեռներ․․․
 
― Դու ի՞նչ ես դուրս տալիս։ Նա այստեղից ելնելու է որպես ազատ մարդ։ Նա չի մեռնելու։
 
Տղամարդու գունատ դեմքը բռնկվեց, իսկ կինը ուրախության մոլուցքի մեջ նետվեց դեպի ինձ, ճչալով․
 
― Նա փրկված է։ Քանզի Արթուր թագավորն է խոսում իր ծառայի բերանով, իսկ Արթուր թագավորի խոսքը ոսկի է։
 
― Դե, ուրեմն, դուք վերջապես հավատացիք, որ ինձ կարելի է վստահել։ Իսկ ինչո՞ւ սկզբում չէիք վստահում։
 
― Իսկ ո՞վ էր կասկածում։ Ոչ ես, ոչ կինս։
 
― Այդ դեպքում ինչո՞ւ չէիք ուզում ինձ պատմել։
 
― Դու ինձ ոչինչ չէիր խոստացել, այլապես ամեն ինչ կպատմեի։
 
― Հասկանում եմ, հասկանում եմ․․․ Բայց, այնուամենայնիվ, կարծես լրիվ չեմ հասկանում։ Դու այդպիսի տառապանքներ էիր կրում և մերժում խոստովանել։ Այդ բանը բավականին ակներև ցույց է տալիս, նույնիսկ ամենաբութ հասկացողության տեր մարդուն, որ դու խոստովանելիք չունեիր․․․
 
― Ե՞ս, միլորդ։ Ինչպե՞ս թե։ Չէ՞ որ ես եմ սպանել եղջերուն։
 
― Դո՞ւ ես սպանել։ Օ, աստված իմ, սա ինչ խճճված գործ է, որ ես երվևէ․․․
 
― Թանկագին լորդ, ես ծնկաչոք աղաչում էի նրան խոստովանել, բայց․․․
 
― Դու աղաչո՞ւմ էիր։ Գործը ավելի ու ավելի է խճճվում։ Իսկ ինչո՞ւ էիր ուզում, որ նա այդ աներ։
 
― Դա նրան արագ մահ կընծայեր և կազատեր վայրենի ցավերից։
 
― Այո՜․․․ դրանում իմաստ կա։ Բայց չէ՞ որ նա արագ մահ չէր ուզում։
 
― Նա՞։ Իհարկե, ուզում էր։
 
― Է՜, գրողը տանի, ապա էլ ինչո՞ւ չէր խոստովանում։
 
― Օհ, քաղցր սըր, խոստովանեի և կնոջս ու երեխայիս անտուն, անտեղ ու քաղցած թողնեի, այո՞։
 
― Ա՜, ոսկի սիրտ, այժմ գլխի եմ ընկնում։ Դառը օրենքը խլում է դատապարտվածի ունեցվածքը և մուրացկանության գիրկը նետում նրա կնոջն ու որբուկներին։ Նրանք կարող էին տանջամահ անել քեզ, բայց առանց խոստովանության չէին կարող կողոպտել կնոջդ ու երեխայիդ։ Դու իսկական տղամարդու նման տոկացել ես, իսկ դու ― քո ամուսնու հավատարիմ կողակից և իսկական կին, պատրաստ ես եղել տառապանքներից նրա ազատագրումը խլելու սեփական անձիդ դանդաղ սովամահության գնով․․․ Այո, կանայք ընդունակ են անձնազոհությունների։ Ես ձեզ երկուսիդ էլ կվերցնեմ իմ գաղութը, ձեզ այնտեղ դուր կգա, դա մի գործարան է, որտեղ ես կեղտի մեջ խարխափող ավտոմատներից մարդ եմ պատրաստում։
 
Ադմին, Վստահելի
1876
edits