Changes
Այս հեռագիրը վերջինն էր։ Գիշերվա դեմ թանձր մառախուղ պատեց։ Ցերեկը քայլի վրա ոչինչ չէր կարելի որոշել։ Նա չցրվեց ողջ գիշերը և գետերի լաստանավերն ու մինչև իսկ հանրակառքերն ստիպված էին դադարեցնել իրենց երթևեկությունը մինչև առավոտ։
==III==
Առավոտյան բոլոր լրագրերը դարձյալ լիքն էին ամենալավ խուզարկուների տեսություններով ու ենթադրություններով։ Փղի քաջագործություններն ու մյուս տեղեկությունները, որ ստացվում էին հեռագրական թղթակիցներից, հրապարակվում էին բոլոր մանրամասնություններով։ Լրագրերի էջերը լիքն էին արշինանոց վերնագրերով, որոնցից յուրաքանչյուրը բռնում էր էջի մեկ երրորդ մասը։
Իմ սիրտը պատռվում էր, երբ կարդում էի դրանք։
:«Սպիտակ փիղն ազատ։ Ճակատագրական երթը շարունակվում է։ Գյուղերը դատարկվում են։ Բնակիչները փախչում են։ Սարսափը փղի առջևից է գնում, մահն ու ավերածությունը հետևից։ Իսկ նրանց հետևից՝ խուզարկուները։ Հացի պահեստներն ավերված են, գործարանները ― կործանված, ցանքսերը ― ոչնչացված, տները ― ամայացած։ Արյունալի սպանությունները, որ կատարում է նա իր ճանապարհին ― աննկարագրելի են։ Մեր ամենալավ խուզարկուների երեսուն ու չորս տեսությունները։ Տեսուչ Բլենտի իրատեսությունը»։
― Ահա և նա, ― ասաց տեսուչ Բլենտը նկատելի կերպով հուզված։ Վերջապես ահա և նա։ Ի՜նչ հրաշալի գովազդ է մեր խուզարկուների համար։ Այսպիսի գովազդի դեռ չի արժանացել և ոչ մի նման կազմակերպություն։ Մեր հռչակը կտարածվի ողջ աշխարհում ու կմնա հավիտյան։ Եվ իմ անունն էլ նրա հետ։
Բայց ես հրճվելու տրամադրություն չունեի։ Ինձ թվում էր, թե ես պատասխանատու եմ բոլոր այն արյունալի հանցանքների համար, որ կատարում էր փիղը։ Իսկ այդ հանցանքների ցանկն օրեցօր ավելանում էր։ Մի տեղ նա միջամտում էր քաղաքային ընտրություններին ու սպանում մի հինգ ընտրողների։ Հետո սպանել է երկու դժբախտների Մակ֊Ֆլենինգենին ու Օ․Դոնագուին, որոնք դեռ մի օր էր, ինչ եկել էին մեր երկիրն ու առաջին անգամն էին օգտվում ընտրություններին մասնակցելու իրավունքով։ Հենց այդ րոպեին նրանց ոչնչացնում է մեր այդ անխիղճ Սիամի Պատուհասը։ Մի այլ քաղաքում նա հարձակվում է քարոզչի վրա, որ պատրաստելիս է եղել իր հերթական քարոզը թատրոնի, պարերի ու այլ զվարճությունների դեմ, ու տրորում ոտների տակ։ Մի ուրիշ տեղ նա սպանում է շանթարգելներ տարածող գործակալին։ Այդպես մեծանում էր ցուցակը, ուռչում արյունից ու հանցանքներից։ Սպանվածներն արդեն վաթսուն հոգի էին, վիրավորները՝ երկու հարյուր քառասուն։
Լրագրական բոլոր հաշվետվությունները նշում էին խուզարկուների քաջությունն ու անձնվիրությունը։ «Երեք հարյուր հազար հասարակ քաղաքացիներ ու չորս խուզարկուներ երես առ երես ընդհարվել են սոսկալի արարածի հետ ու երկուսը զոհվել են պաշտոնատեղում» ― այդպես էին վերջանում բոլոր հաղորդակցությունները։
Ես չափազանց վախենում էի, թե չլինի հանկարծ հեռագրական ապարատն անկյունում նորից սկսի տկտկալը։ Եվ իսկապես շուտով նորից սկսվեցին ստացվել տեղեկություններ, բայց բարեբախտաբար այս անգամ արդեն ուրիշ տեսակի տեղեկություններ, ո՛չ այնպիսիք ինչպես ես էի սպասում։ Պարզվեց, որ փիղը աչքից կորել է։ Մառախուղի ժամանակ հաջողվել է նրան թաքնվել և աչքից հեռու մնալ։ Ամենահեռավոր վայրերից, իրարից շատ ու շատ հեռու ընկած տեղերից հաղորդում էին, որ այսինչ ժամերին մառախուղի մեջ նկատվել է ինչ որ մի ահագին անորոշ զանգված և որ «անշուշտ դա փիղն է» եղել։ Այդպիսի «անորոշ զանգված» նկատել էին Նյու֊Խեվենում, Նյու֊Ջերսիում, Պենսիլվանիայում, Նյու֊Յորք քաղաքում։ Բայց ամեն տեղ փիղն անմիջապես անհետացել է առանց որևէ հետք թողնելու։ Մեր անսահման երկրի բոլոր կողմերը ցրված խուզարկու բաժանմունքի բազմաթիվ ջոկատների յուրաքանչյուր խուզարկուից ժամը մի հաշվետվություն էր ստացվում իրենց հաջողությունների մասին, ամեն մեկն առանձնապես հաղորդում էր, որ թելն արդեն ձեռքին է, հետևում է, հետապնդում, գնում «թարմ հետքերով», և ոչ ոք ոչինչ չէր գտնում։
Անցավ մի օր առանց որևէ հետևանքի։
Անցավ երկրորդը։
Ացավ երրորդը։
Լրագրական հաշվետվությունները դարձան տաղտկալի, միակերպ, նրանք հաղորդում էին փաստեր, որ ոչ մի արժեք չունեին, թելեր, որ ոչ մի բանի չէին հասցնում, տեսություններ, որ այլևս ոչ ոքի չէին հուզում ու զարմացնում։
Տեսչի խորհրդով ես կրկնապատկեցի պարգևի գումարը։ Անցան դարձյալ չորս տաղտկալի, ոչ մի բանով աչքի չընկնող օրեր։ Վերջապես ծանր աշխատանքով ծանրաբեռնված խեղճ խուզարկուները խիստ հարված կրեցին։ Լրագրերի խմբագրությունները հրաժարվեցին այլևս նրանցից տպագրության համար նյութեր ընդունելը։
― Բավական է ինչքան տպեցինք ձեր այդ տեսությունները, ― սառը կերպով պատասխանեցին նրանց։
Երկու շաբաթ անցավ փղի անհետանալուց։ Պարգևի գումարը ես բարձրացրի մինչև յոթանասունհինգ հազարի։ Սա մե՜ծ գումար է, բայց ես պատրաստ էի տալ իմ անձնական բոլոր կարողությունս, որպեսզի չկորցնեմ կառավարության վստահությունը։ Այժմ, երբ ամենքը հուսախաբվեցին խուզարկուներից, լրագրերը նույնպես նրանց դեմ դարձան ու սկսեցին ամենաանողոք կերպով ծաղրել ամեն քայլափոխում։ Թատրոնների դերասանները հագնում էին խուզարկուի շորեր ու բեմի վրա ներկայացնում փղի հետապնդումը։ Երգիծաբանական ամսագրերը ծաղրանկարներ էին տպում՝ խուզարկուն ահագին հեռադիտակով դիտում է հեռուն, իսկ փիղը նրա հետևից գրպանից խնձորներն է հանում։
Միայն մի մարդ կար հանգիստ ու անվրդով ու համառորեն տանում էր ամեն ծաղր ու ծանակ։ Դա տեսուչ Բլենտն էր «կաղնենի սիրտը»։ Նրա պարզ ու պայծառ հայացքը ոչ մի անգամ չշփոթվեց, չտատանվեց։
― Թող ծիծաղեն, ― պնդում էր նա։ ― Լավ կծիծաղի նա, որ վերջը կծիծաղի։
Իմ հիացմունքս այդ մարդու նկատմամբ օր֊օրին ավելանում էր։ Նա դառնում էր պաշտամունք։ Ես օրերով նստում էի նրա առանձնասենյակում։ Ավա՜ղ, խուզարկուների գրասենյակն այդ ծաղր ու ծանակի հետևանքով ավելի ու ավելի անհաճո վայր էր դառնում այնտեղ մնալու համար։
Բայց նա՝ իմ պաշտամունքի առարկան կարողանում էր տանել այդ, ― նշանակում է ես էլ պիտի տանեի, քանի ուժ ունեի։
Փղի հափշտակությունից անցել էր երեք շաբաթ։ Վերջապես մի առավոտ ես պատրաստ էի արդեն խոնարհել դրոշս ու հեռանալ պարտված։ Բայց հենց այդ միջոցին մեծ խուզարկուն առաջարկեց ինձ դարձյալ մի ճարպիկ միջոց։ Նա խորհուրդ տվեց կաշառել հենց իրենց՝ հափշտակիչներին։ Իսկապես այդ մարդու հնարամտությունը չափ ու սահման չուներ։ Նա հավաստիացնում էր, որ բավական է ծախսել հարյուր հազար դոլար և փիղը կվերադառնա մեզ։
― Այդպիսի մի գումար թերևս ես դարձյալ կարողանամ հավաքել, ― ասացի ես, ― բայց ի՞նչ կլինի խեղճ խուզարկուների դրությունը, որ այդքան աշխատեցին պարգևի հույսով։
― Նրանք կստանան կեսը, ― հանգստացրեց ինձ տեսուչը։
Դրանից հետո ես չառարկեցի։ Եվ այդպես, Բլենտն հենց ինձ մոտ գրեց երկու միատեսակ նամակներ հայտնի ավազակների կանանց։
«Հարգելի քաղաքացուհի։ Եթե ձեր ամուսինը ցանկանում է ստանալ մի մեծ գումար, (առանց օրենքի կողմից որևէ պատժի յենթարկվելու), թող անմիջապես նշանակի օրն ու ժամը ինձ հետ բանակցելու։
::::::::::::::::::::Տեսուչ Բլենտ։
Հավատարմարի միջոցով նամակներից մեկն ուղարկեց Դեֆֆի «Աղյուսի» կնոջը, իսկ մյուսը «Շեկոյի» Մակ֊Ֆեգգենի կնոջը։
Ճիշտ մի ժամ հետո նրանցից ստացվեց վիրավորական պատասխան֊նամակներ։
«Հին ապուշ․ Աղյուսը մեռել է երկու տարի առաջ։
::::::::::::::::::::Բրիջետ Մեխոնի»։
«Հիմարների տեսուչ։ Շեկո Մակ֊Ֆեգգենը կախաղան է բարձրացված և արդեն տարի ու կես է, որ երկնքումն է։ Այդ մասին գիտե ամեն մի ավանակ, բացի խուզարկուից։
::::::::::::::::::::Մերի Օ՛Խուլիգան»։
― Այդ առթիվ ես վաղուց կասկածում էի, ― ասաց տեսուչը։ Այս նամակները միայն հաստատում են իմ բնազդի ճշտությունն ու անսխալ լինելը։
Հենց որ տեսչի ձեռնարկած մի քայլը չէր հաջողվում, նա արդեն պատրաստ ուներ մյուսը։ Նա իսկույն մի հայտարարություն գրեց լրագրին։ Ինձ մոտ մնացել է այդ հայտարարության պատճենը։
«Ա֊Կսիբլ, 242Ն․ Ինդ֊Ֆց28լգ․ Օցպու ― ; 2մլ ոգվ․ Մում»։
Նա ասաց, որ եթե ավազակը դեռ կենդանի է, այսպիսի հայտարարությանը նա անմիջապես կարձագանքի ու կգա պայմանական վայրը։ Գոյություն ուներ այդպիսի մշտական վայր, ուր տեղի էին ունենում տեսակցություններ հանցագործների ու խուզարկուների միջև։
Հանդիպումը պիտի տեղի ունենար հետևյալ օրը, գիշերվա ժամը 12֊ին։ Մինչև այն ժամանակ ոչինչ չէր կարելի անել։ Օգտվելով այդ հանգամանքից, ես գրասենյակից գնացի մի փոքր հանգստանալու։
Հետևյալ երեկոյան, ժամը 11֊ին ես եկա տեսչի մոտ ու սեղանի վրա դրի մի կապող փող ― հարյուր հազար դոլար։ Շուտով նա գնաց՝ դարձյալ նույն վստահության անհողդողդ արտահայտությունը աչքերին։ Հետևյալ ժամն ինձ համար անտանելի երկար տևեց։ Վերջապես այդ ժամն էլ մոտեցավ իր վախճանին։ Ես լսեցի ինձ համար վաղուց ըղձալի քայլերի ձայնն ու շնչասպառ վեր թռչելով վազեցի նրան դիմավորելու։ Տեսչի պարզ աչքերը վառվում էին հաղթանակով։
― Ամեն ինչ սարքված է, ― ասաց նա։ Վաղն այդ ծաղրածուներն ուրիշ կերպ կերգեն։ Եկեք իմ հետևից։
Տեսուչը վառեց մոմն ու ինձ տարավ ներքև, մի մեծ կիսանկուղային սենյակ, կամարաձև առաստաղով։ Այստեղ սովորաբար քնում էին բոլոր վաթսուն խուզարկուները։ Այդ ժամին այնտեղ գտնվում էին տասներկու հոգի խուզարկու գործակալներից։ Նրանք ձանձրույթից թուղթ էին խաղում։ Մենք անցանք նրանց մոտով։ Տեսուչը գնաց սենյակի ամենահեռավոր մութ անկյունը։ Ես ետ չէի մնում նրանից։ Հանկարծ ինչ որ մի սոսկալի հեղձուցիչ հոտ դիպավ քթիս։ Ես քիչ էր մնում կորցնեի գիտակցությունս։ Կիսախավարում գծագրեց մի անձև սպիտակ զանգված։ Տեսուչը սայթաքեց ու, ընկնելով ուղղակի նրա վրա, ասաց․
― Կեցցե՛ մեր ազնիվ արհեստը։ Փիղը գտնված է։ Վերցրեք նրան․․․
Ինձ տարան վերև, գրասենյակը և ուշքի բերին կարբոլյան թթվուտով։ Ներքևում նստած բոլոր խուզարկուները վազեցին վեր ու այդտեղ սկսվեց այնպիսի մի խրախճանք, որպիսին ես կյանքումս չէի տեսել։ Կանչեցին բոլոր թերթերի լրաբերներին, մի ամբողջ արկղ շամպայն բաց արին, խմեցին, կենացներ առաջարկեցին, մեկ֊երկու ձեռք սեղմեցին, շնորհավորեցին։ Միանգամայն հասկանալի է, որ տեսուչ Բլենտը խրախճանքի հերոսն էր։ Ես հաճույքով նայում էի նրա վրա ու հասկանում, որ նա արժանացել էր այդ բախտին իր համբերությամբ, խելքով ու քաջությամբ, բայց չէ որ ես զրկվել էի ամեն ինչից։ Ես դարձել էի անտուն մի մուրացիկ, ինձ վստահած թանկագին կենդանին սատկեց, վստահությունը դեպի ինձ ու իմ պաշտոնը խախտվեց։ Իսկ տեսչին հառել էին տասնյակ հիացմունքով լի աչքեր, տասնյակ ձայներ շշնջում էին «Նայեցեք նրան, նայեցե՛ք։ Ահա խուզարկուների թագավորը, ահա իր գործն իմացող մի մարդ։ Տվեք նրա ձեռքը մի թել, մի աննշան թել ― և այդ բավական է նրան։ Նա կգտնի ինչ ուզեք, թեկուզ ծովի հատակում»։
Հիսուն հազար դոլարի բաժանումը բոլորին մեծ հաճույք պատճառեց։ Երբ վերջացավ բաժանումը, տեսուչն իր բաժին փողը գրպանը դնելով, արտասանեց մի փոքրիկ ճառ․
― Տղերք, ուրախացեք այդ փողն ստանալու համար և իմացեք, որ դուք արժանի եք, ― ասաց նա։ Դեռ ավելին, դուք անմահ փառքով ծածկեցիք խուզարկուների ողջ դասը։
Հենց այդ րոպեին ստացվեց մի հեռագիր․
:::::::::::::::Մոնրո, Միչիգան, 10 ժ․ առ։
«Երեք շաբաթվա ընթացքում առաջին անգամ հասա հեռագրատուն։ Ձիով փղի հետքերով ավելի քան հազար մղոն անցա անտառներով։ Օր֊ավուր նրա ոտքերի հետքերը դառնում էին ավելի շատ, ավելի պարզ ու ավելի թարմ։ Հավատացեք եղեք, որ մի շաբաթ չի անցնի և ես նրան կբռնեմ։ Ճիշտ է ասածս, ինչպես մահը։
::::::::::::::::::::Խուզարկու Դարլի»։
Տեսչի հրամանով ներկաները երեք անգամ ուռա կանչեցին Դարլիի՝ «ջոկատի ամենախելոք խուզարկուի» պատվին։ Այնուհետև Բլենտը հրամայեց հեռագրել նրան, որ նա վերադառնա տուն ու ստանա իր պարգևը։
Այդպես վերջացավ փղի հափշտակման զարմանալի պատմությունը։
Հետևյալ առավոտ բոլոր լրագրերը նորից սկսեցին գովաբանել խուզարկուներին։ Կար միայն մի փոքրիկ բացառություն։ Մի գարշելի լրագրական թերթուկ համարձակվել էր տպել՝
«Այո, մեր խուզարկուն մե՜ծ մարդ է։ Գուցե նա բավական դանդաղ է գտնում կորած փղի նման մանր իրերը, գուցե նա ընդունակ է երեք շաբաթ շարունակ գիշերել հոտած դիակի հետ միասին մի հարկի տակ ու չնկատել, կասկած չտանել այդ մասին, սակայն եթե մեկը նրա քիթը կոխի դիակի մեջ, նա այդ դիակը կգտնի, դա անկասկած է»։
Խեղճ Հասան (փիղը) կորավ ինձ համար ընդմիշտ։ Ահա թե ինչպես եղավ այդ։ Մահացու կերպով վիրավորված թնդանոթի հարվածներից, նա մոլորվել էր մառախուղի մեջ ու պատահաբար ընկել խուզարկու բաժանմունքի շենքը։ Այստեղ նա շրջապատված թշնամիներով, հյուծվելով քաղցից ու վերքերից, պառկել էր ամբողջ երեք շաբաթ, մինչև որ մահը հանգիստ էր պարգևել նրան։
Գործարքը երևակայական գողերի հետ ինձ վրա նստեց հարյուր հազար դոլար։ Իմ մյուս ծախքերն այդ գործի վրա հասան մինչև քառասուներկու հազարի։ Ես մնացի առանց միջոցների, ես կորցրի պաշտոնս, ես դարձա անտուն մի թափառական աշխարհում։ Բայց իմ հիացմունքը խուզարկուների տեսուչ Բլենտի, աշխարհիս այդ ամենամեծ խուզարկուի վերաբերմամբ չնսեմացավ, ու չի նսեմանա երբեք։