Changes
[[Կատեգորիա:Արձակ]]
Ջորջ Ուիլլարդի մայրը՝ Էլիզաբեթ Ուիլլարդը, բարձրահասակ, նիհարավուն, ծաղկատար դեմքով կին էր: Ընդամենը քառասունհինգ տարեկան էր, բայց անհասկանալի հիվանդությունն արդեն մարել էր նրա կրակը: Անտարբեր շրջում էր հին ու անկարգ հյուրանոցով մեկ, նայելով խունացած պաստառներին ու հնամաշ գորգերին: Եվ երբ ի վիճակի էր լինում մի բան անելու, սպասուհու նման կարգի էր բերում գեր տղամարդկանց աղտոտած անկողիները: Նրա ամուսինը՝ Թոմ Ուիլլարդը, սև բեղերով, քառակուսի ուսերով, զինվորական արագ քայլվածքվ, կտրուկ շարժումներով, սլացիկ մարմնով բարետես տղամարդ էր: Նա ամեն կերպ աշխատում էր մոռանալ կնոջը: Սրահներով դանդաղոտ շարժվող գունատ, երկարավուն կերպարանքը կարծես կենդանի հանդիմանանք լիներ: Կնոջ մասին հիշելիս, նա զայրանում ու հայոյում էր: Եվ ուզում էր գլուխն ազատել այդ հյուրանոցից, որը եկամտաբեր չէր և մշտապես գտնվում էր սնանկացման եզրին: Նրա համար կինն ու այդ հին տունն վաղուց կորած ու իր կյանքից ջնջված բաներ են: Հյուրանոց, որտեղ մի ժամանակ այնպիսի հույսերով սկսել էր իր կյանքը, հիմա երազածի ստվերն էլ չէր: Ռայնսբուրգի փողոցներով, կոկիկ հագնված ու գործնական քայլելիս, նա մերթընդմերթ կանգնում ու արագ հետ էր շրջվում, կարծես վախենալով, որ հյուրանոցի և կնոջ ոգին կարող է հետապնդել նրան նույնիսկ փողոցում: «Անիծված լինի այսպիսի կյանքը, անիծված»,- փնչացրեց նա մտացրիվ:
Թոմ Ուիլլարդը քաղաքական կյանքի կրքոտ սիրահար էր և տարիներ շարունակ թունդ հանրապետականների համայնքում դեմոկրատների առաջնորդն էր: Նա հույս էր տալիս իրեն, թե մի օր քաղաքական վիճակն իր օգտին կփոխվի, և կգա ժամանակը, երբ երկար տարիների անօգուտ ծառայությունը կբերի փոխհատուցման պարգևը: Նա երազում էր կոնգրես ընկնել, նույնիսկ նահանգապետ դառնալ: Մի անգամ, երբ քաղաքական մի խորհրդակցության ժամանակ կուսակցության երիտասրդ անդմաներից մեկը սկսեց պարծենալ, թե անձնվեր ծառայում է կուսակցությանը, Թոմ Ուիլլարդը զայրույթից գունատվեց: «Ձայնդ կտրիր»,- շուրջը նայելով մռնչաց նա: «Է՛յ, պատանի, դու ի՞նչ գիտես, ծառայությունն ինչ է: Իսկ ես, ես դեմոկրատ էի այստեղ, Ուայնսբուրգում դեռ այն ժամանակ, երբ դեմոկրատ լինելն հանցանք էր համարվում: Այո, այն օրերին մեզ անխնա հալածում էին»: