Changes
/* Գլուխ առաջին. Երկար սպասված հյուրասիրություն */
Հոբիթոնն ու Գետամերձը լցվեցին զանազան ասեկոսներով, և վերահաս միջոցառման մասին լուրը տարածվեց ողջ Հոբիթստանով: Ամեն տեղ նորից խոսեցին Բիլբոյի և նրա արկածների մասին, տարիքն առած հոբիթները հանկարծ հայտնվեցին հետաքրքրասեր ունկնդիրների խիտ շրջանակներում և դարձան կարևոր դեմքեր:
Հետաքրքրասեր ունկնդիրների ամենամեծ բանակն իր շուրջն էր հավաքում Հեմ Գեմջին, որը հայտնի էր որպես ուղղակի Ծերուկ: Նա հարմարվել էր «Հանգիստ «Գողտրիկ Անկյուն» պանդոկում, Գետամերձ տանող ճանապարհին, և լսում էին նրան համակ ուշադրությամբ, որովհետև ամենաքիչը քառասուն տարի Ծերուկն այգեպան էր աշխատել Զառիթափի Բեգ-Էնդում: Այժմ նա ծերացել էր ու բողոքում էր հոդացավերից, և նրա փոխարեն ամբողջ աշխատանքը կատարում էր կրտսեր որդին, Սեմ Գեմջին: Երկուսն էլ հիանալի հարաբերությունների մեջ էին Բիլբոյի ու Ֆրոդոյի հետ և ապրում էին Զառիթափի
Բեքշոթ նրբանցքի երրորդ տանը՝ կալվածքից մի փոքր ներքև: