Changes
:Հագրիդի շփոթմունքին ու բարկությանը չափ ու սահման չկար, բայց ամենից շատ նա բարկացած էր ինքն իր վրա։
==Գլուխ տասներկուերորդ․ «Իրենքնազարե» հայելին==
:Ծննդյան տոները մոտենում էին։ Մի առավոտ, դեկտեմբերի կեսերին, ամբողջ Հոգվորթսն արթնացավ և տեսավ շրջակայքը մինչև հորիզոն, մի քանի ոտնաչափ ձյունով ծածկված։ Լիճը լրիվ սառցակալել Էր, իսկ Ուիզլի երկվորյակները պատժվել էին հերթական լկտի չարաճճիության համար։ Այս անգամ նրանք չափն արդեն անցել էին։ Մի քանի ձնագնդիկներ էին չարադյութել, որպեսզի դրանք աննկատ պտտվեն Քուիրելի գլխի փաթթոցի շուրջն ու հարվածելով չալման ցած գլորեն խեղճի գլխից։ Մի քանի բվեր, որոնք իրենց տերերին անկաշառ հավատարմությամբ ծառայելով, ձնաբուքի միջով փոստը Հոգվորթս էին հասցրել, այն աստիճան էին ուժասպառ եղել ու ցրտահարվել, որ Հագրիդն իր խրճիթում բվերի վերականգնողական հիվանդանոց էր կազմակերպել՝ խեղճ թռչուններին ուշքի բերելու համար։
:Բոլորն անհամբերությամբ սպասում էին արձակուրդներին։ Մինչ Գրիֆինդորի ընդհանուր սենյակի և Մեծ դահլիճի բուխարիներում կրակը ճարճատում էր օրնիբուն, սառը, միջանցիկ քամիները վնգում էին միջանցքներում, իսկ սառնաշունչ բուքը զրնգացնում էր դասասենյակների պատուհանները։ Ամենադաժանը պրոֆեսոր Սառկեկի դասերն էին, որոնք անցնում էին նկուղի զնդաններում։ Աշակերտները գոլորշու թանձր քուլաներ էին արտաշնչում, և բոլորն աշխատում էին հնարավորին չափ մոտ կանգնել իրենց տաք կաթսաներին։
:Հմայադեղերի դասերից մեկի ժամանակ Դրաքո Մալֆոյը՝ ցուցադրաբար նայելով Հարրիի կողմը, կեղծ սրտացավ ձայնով բարձրաձայն ելույթ ունեցավ.
:— Շա՜տ եմ ցավում բոլոր նրանց համար, ովքեր ստիպված են լինելու Ծննդյան տոները Հոգվորթսում անցկացնել, որովհետև տանը նրանց չեն սպասում։
:Քրեբն ու Գոլլը ցածրաձայն քրքջացին։ Հարրին, որն այդ պահին զբաղված էր ծովային պերկեսի փոշիացրած թեփուկներ կշռելով, բանի տեղ չդրեց նրան։ Քվիդիչի խաղից հետո Մալֆոյը նույնիսկ ավելի անտանելի էր դարձել և ավելի լկտի էր պահում իրեն, քան երբևէ։ Սլիզերինի պարտությունից վրդովված ու Հարրիի հաջողության համար նախանձից պայթելով, նա փորձել էր բոլորին ծիծաղեցնել՝ ասելով, որ քվիդիչի հաջորդ խաղին Հարրիի փոխարեն, որպես Որսորդ, կարելի է խաղացնել որևէ լայնաբերան անտառային գորտի։ Սակայն ոչ ոք չէր ծիծաղել, որովհետև բոլորն էլ անչափ տպավորված էին Հարրիի խաղով և չէին կարող առանց հիացմունքի հիշել, թե նա ինչպես կարողացավ վայր չընկնել կատաղած ցախավելից։
:Այդպիսով, Մալֆոյը ՝ նախանձից և կատաղությունից խորովվելով, սկսել էր Հարրիին երեսով տալ նրա ընտանեկան կացությունը։
:Եվ իսկապես, Ծննդյան տոներին Հարրին չէր պատրաստվում վերադառնալ Բեկտենիների նրբանցքը։ Դրանից մեկ շաբաթ առաջ պրոֆեսոր Մըք Գոնագալը դիմել էր բոլորին՝ խնդրելով ցուցակագրվել, եթե արձակուրդներին մնալու են դպրոցում, և Հարրին անմիջապես իր անունը գրել էր այդ ցուցակում։ Նա ինքն իրեն բոլորովին էլ վատ չէր զգում, ընդհակառակը, նրան սպասում էր իր կյանքում թերևս ամենաերջանիկ Ծննդյան տոների հեռանկարը։ Ռոնը ու նրա եղբայրները նույնպես մնալու էին դպրոցում, որովհետև նրանց ծնողները, տեր և տիկին Ուիզլիները, մեկնելու էին Ռոմանիա՝ իրենց ավագ որդիներից մեկին, Չարլիին, այցելելու համար։
:Երբ հմայադեղերի դասից հետո Ռոնն ու Հարրին նեղ քարե աստիճաններով վեր բարձրացան ու դուրս եկան զնդաններից, դեպի Մեծ դահլիճ տանող միջանցքում հայտնաբերեցին անցումը լրիվ փակող մի հսկայական եղևնի։
:Եղևնու տակ ծանրաքայլ դոփող աժդահա ոտքերից և բարձր փնչոցներից նրանք գլխի ընկան, որ եղևնու ետևում Հագրիդն Էր։
:— Ողջու՛յն, Հագրիդ, օգնություն պետք չէ՞, — բղավեց Ռոնը, գլուխը ճյուղերի մեջ խոթելով։
:— Հե՜եյ... Յոլա կտանեմ... Շնորհակալությո՜ւն, Ռո՛ն։
:— Միգուցե արագացնե՞ք այդտեղ ու ճանապա՞րհ տաք մեզ, — նրանց ետևից լսվեց Մալֆոյի սառը, սրտնեղած ձայնը, — Ուիզլի, այդ ի՞նչ ես անում... Կա-չկա ապագա մասնագիտությունդ ես փորձում, որպես հանդավարների պահապանի տեղակալ։ Երևի հույս ունես, որ դպրոցն ավարտելուց հետո քեզ շքեղ կարիերա կառաջարկեն ընդհուպ մինչև Հոգվորթսի հանդավարների Գլխավոր պահապանի պաշտոնը։ Կարելի է հասկանալ։ Հագրիդի խրճիթը հաստատ աչքիդ ապարանք է թվացել քո ընտանիքի խղճուկ կացարանի համեմատ։
:Ռոնը նետվեց Մալֆոյի վրա ճիշտ այն պահին, երբ Սառկեկն աստիճաններով դուրս էր գալիս զնդանից։
:— ՈւԻ՜ԶԼԻ։
:Ռոնը բաց թողեց Մալֆոյի պարեգոտի օձիքը։
:— Մալֆոյը նրան հրահրեց, պրոֆեսոր Սառկեկ, — ասաց Հագրիդը՝ իր հսկայական փրչոտ դեմքը դուրս հանելով եղևնու ճյուղերի ետևից, — Մալֆոյը վիրավորեց նրա ընտանիքին։
:— Նույնիսկ եթե իսկապես այդպես է, Հագրիդ, միևնույն է, կռվելը Հոգվորթսի կանոնների խիստ խախտում է, — հանդարտ, շողոմաձայն ասաց Սառկեկը։ — Հինգ միավոր է հանվում Գրիֆինդորից, և շնորհակալ եղեք, որ էժան պրծաք, Ուիզլի։ Արագացրե՛ք, առա՛ջ անցեք բոլորդ։
:Մալֆոյը, Քրեբն ու Գոյլը հաղթական գոռոզ ժպիտներով առաջ անցան եղեևնու ճյուղերի միջով, դիտավորյալ փշրելով կանաչ ոստիկները և ցաք ու ցրիվ
անելով եղևնու ասեղները։
:—Ես նրան ի վերջո ցույց կտամ... Վաղ թե ուշ՝ միևնույն է, ցույց կտամ, — Մալֆոյի ետևից ատամները կրճտացրեց Ռոնը։
:— Ես նրանց երկուսին Էլ ատում եմ՝ Մալֆոյին ու Սառկեկին։
:— Դեհ, լա՜վ, լա՜վ... տրամադրաթյուններդ մի՛ փչացրեք, Սուրբ Ծննունդ է էսօր, տղե՜րք... — ասաց Հագրիդը, — Գիտե՞ք ինչ, ժողովու՛րդ, եկեք միասին գնանք Մեծ դահլիճ... Ի՜նչ տեսարան է...
:Հարրին, Ռոնը և Հերմիոնան հետևեցին Հագրիդին ու նրա փարթամ եղևնուն դեպի Մեծ դահլիճ, որտեղ պրոֆեսոր Մըք Գոնագալն ու պրոֆեսոր Ֆլիթվիքը զբաղված էին դահլիճի տոնական հարդարանքով։
:— Ա՛հ, Հագրիդ, վերջին ծա՞ռն ես բերել... Այնտե՛ղ դիր, այն դատարկ անկյունում...
:Դահլիճը հիասքանչ տեսք ուներ։ Բոլոր պատերը դրասանգված էին սպիտակ ճագոմի ու փշարմավի կոկիկ կտրատված ճյուղերով և ամենաքիչը տասներկու տոնական զարդարված եղևնիներ էին տեղադրված դահլիճի տարբեր մասերում։ Մի քանիսը դրասանգված Էին գոհարների պես շողշողացող սառցասեղների շղթաներով, մյուսները ջերմացնող լույս էին սփռում՝ զարդարված հարյուրավոր մոմիկներով։
:— Քանի՞ օր է մնացել մինչև արձակուրդները, — հարցրեց Հագրիդը։
:— Մեկ օր, — ասաց Հերմիոնան, — Եվ դա ինձ մի բան հիշեցրեց։ Հա՛րրի, Ռո՛ն, մենք ընդամենը կես ժամ ունենք այսօր ճաշից առաջ։ Պետք է գրադարան մտնենք։
:— Օ՛հ, իսկապես, ճիշտ ես ասում, — ասաց Ռոնը՝ աչքը կտրելով պրոֆեսոր Ֆլիթվիքից, որը ոսկյա պղպջակներ էր հանում իր կախարդական փայտիկի ծայրից ու դրանցով զարդարում նոր բերված եղևնին։
:— Գրադարա՞ն, — ասաց Հագրիդը ուղեկցելով նրանց Մեծ դահլիճից դուրս, — երբ արձակուրդներին ընդամենը մեկ օր է մնացե՞լ... Մի քիչ շատ չե՞ք տարվել ուսման ծարավով։
:— Օ՛հ, մենք դաս չենք անելու, — ասաց Հարրին զվարթ-զվարթ։ — Այն օրվանից, ինչ դու տվեցիր Նիքողայոս Ֆլամերի անունը, մենք քրքրում ենք գրադարանի բոլոր գրքերը նրա մասին որևէ տեղեկության գտնելու համար։
:— Դուք ինչ եք անո՞ւմ... — Հագրիդը ցնցված էր,
:— Ի՛նք լսեք, ես ձեզ արդեն ասել եմ, որ քթներդ ամեն տեղ չխոթեք։ Ձեզ բոլորովին չի վերաբերում, թե էդ շունն էնտեղ ինչ է պահպանում։
:— Մենք պարզապես ուզում ենք իմանալ, թե ով է Նիքողայոս Ֆլամերը, ուրիշ ոչինչ, — ասաց Հերմիոնան։
:— Եթե, իհարկե, դու այնքան սիրալիր չգտնվես, որ, մեր ջանքերը խնայելով, ինքդ չասես, թե ով է նա, — ավելացրեց Հարրին։ — Մենք հարյուրից ավելի գիրք ենք թերթել արդեն ու դեռ ոչ մի տեղ չենք գտել նրա անունը։ Դեհ, լա՜վ, գոնե մի փոքր հուշող բան ասա՛... Ախր ես համոզված եմ, որ ինչ-որ տեղ կարդացել եմ այդ անունը։
:— Ես ոչինչ էլ չեմ ասի, — հակաճառություն չհանդուրժող տոնով կտրեց Հագրիդը։
:— Ինչ արած, այդ դեպքում ուրեմն մենք ինքներս կգտնենք, — ասաց Ռոնը և մռայլ ու խոժոռված Հագրիդին մենակ թողնելով, նրանք շտապեցին դեպի գրադարան։
:Իսկապես, այն օրվանից, ինչ Հագրիդը բերանից թռցրել էր Նիքողայոս Ֆլամերի անունը, նրանք բոլոր մատչելի գրքերի մեջ անխոնջ փնտրում էին Ֆլամեր ազգանունը։ Այլ կերպ էլ ինչպե՞ս կարող էին հասկանալ, թե Սառկեկն ինչ էր ուզում գողանալ։ Ամբողջ խնդիրն այն էր, որ շատ դժվար էր որոշել, թե որտեղից էր պետք սկսել որոնումները, առանց իմանալու, թե Ֆլամերն ինչ կարող էր արած լինել, որ արժանի լիներ գրքերի մեջ գրանցվելու պատվին։ Նրա անունը չկար ո՛չ «Քսաներորդ դարի մեծ հրաշագործները», ո՛չ «Մեր ժամանակների նշանավոր հրաշագործ դեմքերը» գրքերում։
:Նրա անունը չկար նաև «Ժամանակակից կարևորագույն հրաշագործական հայտնագործությունները» և «Հրաշագիտության ժամանակակից նվաճումների ուսումնասիրությունը» գրքերում։ Անշուշտ, նրանց տրամադրության տակ կար դեռ ամբողջ հսկայական գրադարանը իր տասնյակ հազարավոր հատորներով, հազարավոր գրադարակներով և հարյուրավոր գրապահարաններով։
:Հերմիոնան որոնում էր ուշադրության արժանի թեմաների և վերնագրերի՝ իր կողմից մշակված, համակարգված ցուցակով, իսկ Ռոնը պարզապես անցնում էր շարքերով և ձեռքը գցում առաջին իսկ պատահած գրքին։ Մինչ այդ Հարրին հետախուզության գնաց Արգելված մաս։ Նա միառժամանակ աչքերով անցնում էր գրքերի կազմերի վրայով՝ մտորելով արդյո՞ք Ֆլամեր անունը հենց այդ գրքերի մեջ է, թե՝ ոչ։ Դժբախտաբար Արգելված մասից որևէ գիրք վերցնելու համար պետք էր ուսուցիչներից որևէ մեկից թույլատրող երկտող ունենալ, իսկ նա գիտեր, որ նման թույլտվություն իրեն երբեք չեն տա։ Արգելված մասում հավաքված էին այն գրքերը, որոնք հզոր սև մագիա էին պարունակում, իսկ սև մագիա երբեք չէին դասավանդում Հոգվորթսում և այդ գրքերը թույլատրվում էր ընթերցել միայն սև արվեստներից պաշտպանություն ուսումնասիրող բարձր դասարանցիներին։
:— Ի՞նչ ես փնտրում այստեղ, տղաս։
:— Ոչինչ, ― ասաց Հարրին։
:Գրադարանավար մադամ Փինսը նրա վրա թափահարեց իր ձեռքի փոշեհավաք փետուրը.
:— Այստեղ դու անելիք չունես, տղաս։ Առաջ անցի՛ր, դուրս արի՛ այստեղից։
:Իրենից դժգոհ, որ չկարողացավ արագ մի խելքին մոտ պատասխան հորինել, Հարրին դուրս եկավ գրադարանից։ Նրանք երեքով արդեն նախօրոք պայմանավորվել էին, որ մադամ Փինսից ոչ մի բան չեն հարցնելու Ֆլամերի մասին։ Թեև համոզված էին, որ մադամ Փինսը, անշուշտ, կկարողանար պատասխանել իրենց հարցին, սակայն վախենում էին, որ այսպես թե այնպես, դա ի վերջո կհասնի Սառկեկի ականջին, ինչը բնավ ցանկալի չէր։
:Հարրին մյուս երկուսին սպասեց գրադարանին հարող միջանցքում, սակայն մեծ հույսեր չէր կապում նրանց հաջողության հետ։ Արդեն երկու շաբաթ էր, ինչ երեքով որոնումների մեջ էին, բայց, քանի որ դրանք սահմանափակվում էին միայն դասերից դուրս հատուկենտ կարճատև պահերով, զարմանալի չէր, որ նրանք դեռ հաջողության չէին հասել։ Նրանց ընդամենը մի քանի ժամ էր պետք, որպեսզի առանց մադամ Փինսի շնչառությունը ծոծրակին զգալու, հնարավորություն ունենային հանգիստ փորփրելու գրադարանում։
:Հինգ րոպե անց Ռոնը և Հերմիոնան՝ գլուխները բացասաբար թափ տալով, մոտեցան Հարրիին, և նրանք երեքով գնացին ճաշելու։
:― Դուք կշարունակեք առանց ինձ փնտրել, չէ՞, ― ասաց Հերմիոնան, ― և մի բու կուղարկեք ինձ, երբ նորության ունենաք։
:― Իսկ մինչ այդ, դու կարող ես հարցնել քո ծնողներին, արդյոք, նրանք որևէ բան գիտե՞ն Նիքողայոս Ֆլամերի մասին թե՝ ոչ, ― ասաց Ռոնը, ― նրանցից հարցնելը վտանգավոր չի լինի։
:― Բացարձակապես վտանգավոր չի լինի, մանավանդ որ նրանք երկուսն էլ ատամնաբույժ են։
:Արձակուրդներն սկսվելուն պես Ռոնն ա Հարրին գրեթե մոռացան Ֆլամերի մասին, որովհետև նրանց օրերն այնքա՜ն լեցուն էին հաճելի ժամանցով։ Ամբողջ ննջարանը իրենց տրամադրության տակ էր, և ընդհանուր սենյակը գրեթե դատարկ էր համեմատած սովորական օրերի հետ։ Այնպես որ, բուխարուն ամենամոտ դրված բոլոր լավագույն բազկաթոռներն իրենց էին պատկանում։ Նրանք ժամերով նստում էին բուխարու կրակի առաջ և կրակխառնիչի վրա խորովում ճաշի սեղանից մնացած հացի կտորները, թխվածքաբլիթները, զեֆիրի խորանարդիկները և երկար-բարակ զրուցում տարբեր բաների մասին, որոնցից ամենազվարճալին Մալֆոյի հետ հաշվեհարդար տեսնելու պլաններ կազմելն էր՝ և որքան աներևակայելի, այնքան ավելի զվարճալի։
:Ռոնը սկսել էր Հարրիին սովորեցնել հրաշագործական շախմատ խաղալ։ Սա միանգմայն նույն խաղն էր, ինչ մագլական շախմատը, միայն այն տարբերությամբ, որ հրաշագործական շախմատի խաղաքարերը կենդանի էին։ Եվ դա այնպիսի տպավորաթյուն էր ստեղծում, ասես խաղացողը սպարապետի պես կովի է ուղարկում իր զինվորներին։ Յուրաքանչյուր խաղացող պետք է ունենար իր շախմատային զորքը, որը խաղից հետո երբեք չէր կարելի թողնել հակառակորդի շախմատային զորքի հետ նույն տուփի մեջ։ Ռոնի շախմատամարտիկները հին էին և բավականին մաշմշված, ավելի ճիշտ կլիներ ասել՝ ծեծված, ջարդված։ Ինչպես նրա ունեցած ամեն ինչը, շախմատի հավաքակազմը նայնպես ժամանակին պատկանել էր նրա ընտանիքի մյուս անդամներին, տվյալ դեպքում ՝ շախմատամարտիկները նրա պապինն էին եղել։
:Ինչևէ, շախմատի հին, փորձված զինվորները հիանալի էին խաղում։ Ռոնը նրանց բոլորին այնքան լավ էր ճանաչում, որ նրա համար բոլորովին դժվար չէր հնազանդեցնել իր մարտիկներին ու ստիպել, որ իր ուզածն անեն։
:Հարրին խաղում էր Սիմուս Ֆինիգանից՝ մինչև արձակուրդների վերջը վերցրած շախմատամարտիկներով, և վերջիններս նրան բոլորովին չէին հնազանդվում։ Մի կողմից Հարրին ինքը այնքան էլ լավ խաղացող չէր, և կարծես դա քիչ էր, մյուս կողմից էլ, շախմատամարտիկները նրան անդադար տարբեր խորհուրդներ էին գոռգոռում, և դա այնքան էր շփոթեցնում Հարրիին, որ նա գրեթե միշտ պարտվում էր. «Քո կարծիքով այդ ի՛նչ ես անում, հը՞... Ու՞ր ես ինձ՝ ուղարկում... Աչք չունե՞ս, ինչ է... Չես տեսնո՞ւմ, որ Ձի է... Ախր գլուխս կուտի... Սրան ուղարկի՛ր, ա՛յ սրան... Դրան մենք կարող ենք զոհել...» և այլն, և այլն։
Սուրբ Ծննդյան տոնի նախօրյակին Հարրին անկողին մտավ՝ մտքում պատկերացնելով հաջորդ օրվա համեղ ուտելիքներն ու զվարճությունները, սակայն բոլորովին չմտածելով, որ կարող է նաև նվերներ ստանալ։ Իսկ հաջորդ առավոտյան, երբ արթնացավ, առաջինը ինչ աչքովն ընկավ, մահճակալի վրա իր ոտքերի տակ կիտված փաթեթների փոքր կույտն էր։
:— Շնորհավոր Սուրբ Ծնունդ, — քնաթաթախ ասաց Ռոնը, մինչ Հարրին՝ արագ դուրս թռնելով մահճակալից, ուսերին էր գցում իր տնային պարեգոտը։
:— Քո տոնն էլ շնորհավոր լինի, — ասաց Հարրին, — չե՞ս գա մի այս կողմը նայես։ Այստեղ կարծես նվերներ կան։
:— Նվերներ կա՞ն, ասում ես... Բա էլ ի՞նչ պիտի լիներ, կաղամբի գլու՞խ... — մրթմրթաց Ռոնը, չգիտես ինչու ոչ տոնական տրամադրությամբ ու շրջվեց դեպի իր նվերները, որոնք Հարրիի նվերներից ակնհայտորեն ավելի շատ էին։
:Հարրին վերցրեց վերևի փաթեթը՝ դարչնագույն թղթով փաթաթված և վրան խզբզված՝ «Հարրիին. Հագրիդից»։ Մեջը՝ ձեռքով պատրաստված, ոչ այնքան լավ հղկված, մի փայտյա սրինգ էր։ Ակնհայտորեն, Հագրիդն ինքն էր պատրաստել այդ սրինգը։ Հարրին փչեց, և սրինգից դուրս եկած ձայնը բվի վայուն հիշեցրեց։
:Երկրորդ, շատ փոքր փաթեթի պարունակությունը մի երկտող էր.
:Մենք ստացանք քո ուղերձը։
:Փաթեթին կից կգտնես
:Սուրբ Ծննդյան տոնի քո նվերը՝
:քեռի Վերնոնից եւ մորաքույր Պետունիայից
:Երկտողին սոսնձապատ երիզով ամրացված էր հիսուն պենսանոց մի մետաղադրամ։
:― Շատ սիրալիր է, ― ասաց Հարրին։
:Ռոնը հիացած էր հիսուն պենսանոց մետաղադրամի տեսքով։
:― Վաա՜ու... Ի՞՛նչ տարօրինակ ձև ունի... Սա ի՞նչ է, իսկապե՞ս փող է...
:― Վերցրու քեզ, ― ասաց Հարրին ծիծաղելով Ռոնի հիացմունքի վրա։
:― Դեհ, Հագրիդը, մորաքույր Պետունիան ու քեռի Վերնոնը պարզ քր, իսկ սրանք ումի՞ց են։
:― Կարծես, ես գլխի եմ ընկնում, թե այդ մեկն ումից է, ― ասաց Ռոնը կարմրելով ու մատնացույց անելով մի մեծ փաթեթ. ― մեր մայրիկից է։ Ես նրան գրել էի, որ դու ոչ մի նվեր չես սպասում և նա... Օ՛հ, ո՜չ... ― տնքաց Ռոնը, ― նա քեզ համար ուիզլիական ջեմպր է հյուսել։
:Հարրին պոկել էր փաթեթի թուղթը ու միջից հանել ձեռքով հյուսած, վառ զմրուխտագույն մի հաստ ջեմպր և մի տուփ տնական հալվա։
:― Ամեն տարի նա մեզ համար ջեմպրներ է հյուսում, ― ասաց Ռոնը, բացելով իր սեփական փաթեթը, ― և իմս միշտ եփած տոմատի գույնի է։
:― Ի՜նչ բարի է մայրիկդ, ― ասաց Հարրին մի կտոր հալվա դնելով բերանը, որը հիանալի համ ուներ։
:Մյուս փաթեթի պարունակությունը նույնպես քաղցրավենիք էր. մի մեծ տուփ շոկոլադե գորտեր՝ Հերմիոնայից։
:Մնաց ևս մեկ փաթեթ։ Հարրին վերցրեց փաթեթը և ձեռքի մեջ ծանրութեթև արեց։ Այն օդի պես թեթև Էր։ Եվ երբ նա քանդեց փաթեթը կապող ժապավենը, ինչ-որ թափանցիկ, արծաթափայլ, մետաքսից էլ բարակ ու փափուկ, շղարշանման գործվածք դանդաղ հոսեց հատակին ու ծալքերով կուտակվելով, շողշողաց պողպատագույն փայլով։ Ռոնը հիացած շունչ քաշեց։
:— Ես լսել էի սրանց մասին, — ասաց նա հիացական շշուկով, ձեռքից ցած գցելով բոլոր-համի-սիսեռահատիկներով տոպրակը, որը ստացել էր Հերմիոնայից։ ― Եթե դա իսկապես այն է, ինչ ես մտածում եմ... բայց դրանք շա՜տ հազվագյուտ են և շա՜տ արժեքավոր...
:— Սա ի՞նչ է։
:Հարրին գետնից բարձրացրեց շողշողացող շղարշի կտորը, որը բավականին տարօրինակ զգացողություն էր առաջացնում ձեռքի մեջ, ասես ջրի թելիկների հետ հյուսված լիներ։
:— Դա անտեսանելիության թիկնոց է, — ասաց Ռոնը երկյուղածության ու ակնածանքի արտահայտությամբ։
:— Ես համոզված եմ, հենց դա է, որ կա... Ապա, փորձի՛ր։
:Հարրին թիկնոցը գցեց ուսերին, ու Ռոնը հիացախառն ակնածանքով շշնջաց.
:— Ի՜նքն է... ապա ցած նայիր։
:Հարրին ցած նայեց իր ոտքերին, սակայն դրանք անհետացել էին։ Նա նետվեց հայելու մոտ և, իսկապես, տեսավ իր արտացոլումը, սակայն հայելու մեջ երևում էր միայն օդի մեջ տնկված որբացած գլուխը, իսկ ամբողջ մարմնի փոխարեն՝ թիկունքում ընկած սենյակի տարածությունն էր։ Նա թիկնոցը քաշեց գլխի վրա, և նրա արտացոլումը լրիվ անհետացավ հայելու միջից, ասես ինքը բոլորովին էլ այնտեղ չէր։
:— Երկտողը տեսա՞ր, — հանկարծ ասաց Ռոնը։ Մի երկտող էր դուրս ընկել փաթեթի միջից։
:Հարրին թիկնոցը հանեց ու վերցրեց երկտողը։ Այն գրված էր նեղլիկ, հավասար հանգույցներով, մանրատառ, գեղեցիկ ձեռագրով, որը նա առաջին անգամ էր տեսնում։
:Քո հայրը մեռնելուց առաջ ի պահ էր տվել ինձ այս իրը։ Ժամանակն է, որ վերադարձնեմ քեզ։
:Ճի՛շտ օգտագործիր այն։
:Շնորհավոր Սուրբ Ծնունդ։
:Երկտողի տակ ստորագրություն չկար։ Հարրին աչքը չէր կտրում երկտողից, իսկ Ռոնը՝ թիկնոցից։
:— Ի՜նչ ասես կտայի սրանից ունենալու համար, — ասաց նա։ — Քեզ ի՞նչ պատահեց։ :— Ոչինչ, — ասաց Հարրին, սակայն նա շատ տարօրինակ զգացում ուներ։ Ո՞՛վ կարող է ուղարկած լինել այդ թիկնոցը և, արդյոք, իսկապե՞ս այն պատկանել է իր հորը։
:Մինչ նա կհասցներ մի բան ասել կամ մի ուրիշ բան մտածել, ննջասենյակի դուռը կրնկի վրա բացվեց, և Ֆրեդ ու Ջորջ Ուիզլիները միաժամանակ մտան ներս։ Հարրին արագ թաքցրեց թիկնոցը։ Նա բոլորովին չէր ուզում, որ ուրիշներն էլ այն տեսնեն։
:— Շնորհավոր Սուրբ Ծնունդ։
:— Հե՛յ, մի տե՛ս է... Հարրին էլ է ուիզլիական ջեմպր նվեր ստացել։
:Ֆրեդի ու Ջորջի հագին վառ կապույտ գույնի ջեմպրներ էին, մեկի կրծքին դեղին թելերով հյուսված էր մեծատառ «Ֆ», իսկ մյուսի կրծքին՝ մեծատառ «Ջ»։
:— Հարրիինը մերից լավն է, սակայն, ― ասաց Ֆրեդը, ձեռքի մեջ շուռ ու մուռ տալով Հարրիի ջեմպրը։ ― Ակնհայտ է, որ մայրիկը շատ ավելի մեծ ջանքեր է գործադրում, երբ ընտանիքի անդամների համար չի հյուսում։
:— Էդ ինչո՞ւ քոնը չես հագել, Ռոն, — պահանջեց Ջորջը, ― էլ մի սկսիր, շուտ արա՛, հագի՛ր։ Եվ՛ շատ լավ տեսք ունի, և՛ շատ տաք է։
:— Տանել չեմ կարող այս գույնը, — կիսաձայն մրթմրթաց Ռոնը, ջեմպրը գլխին քաշելով։
:— Ահա խնդրեմ, քոնի վրա ոչ մի տառ էլ չկա, — նկատեց Ջորջը, ― ուրեմն նրա կարծիքով դու քո անունը երբեք չես մոռանում։ Բայց մենք էլ դմբո չենք և շատ լավ ենք հիշում, որ մեր անունները Ջերդ ու Ֆորջ են։
:— Այդ ի՞նչ աղմուկ է այստեղ...
:Այդ պահին Փերսի Ուիզլին սրտնեղած արտահայտությամբ գլուխը դռնից ներս մտցրեց։ Երևում էր, որ նա նույնպես հենց նոր էր բացել իր նվերների փաթեթները, որովհետև ձեռքին գցած մի ջեմպր ուներ, որը Ֆրեդն անմիջապես թռցրեց նրանից։
:— «Փ»–ն հաստատ նշանակում է «փիս»։ Ա՛խ, «Փ»– Փե՜րսի... ափսոս, որ անունդ Արսի չի, թե չէ «Ա» կլիներ ջեմպրիդ վրա գրված։
:— Բա ո՞նց, «Ա», որ նաև «Ավագ» նշանակեր։ Էս ինչո՞ւ չես հագել, Փերսի, դե շուտ արա՛, դու էլ հագիր, տե՛ս Հարրին էլ է ջեմպր ստացել։
:— Մ-մի՛ արեք... Չե՛մ... չե՛մ ուզում... — սրտնեղեց Փերսին, մինչ երկվորյակները, երկու ուսից բռնած ջեմպրը նրա գլխին էին քաշում՝ քթից ցած նետելով ակնոցը։
:— Եվ հույս չունենաս, որ այսօր Ավագների հետ ես նստելու, — ասաց Ջորջը, — Սուրբ Ծնունդն ընտանեկան տոն է։
:Նրանք երկու կողձից Փերսիին ջեմպրով ձերբակալեցին և բրդբրդելով, հանդիսավոր քայլքով դուրս տարան սենյակից։
:Հարրին իր կյանքում դեռ երբեք Սուրբ Ծննդյան տոնի առթիվ այդպիսի ճաշկերույթ չէր ունեցել։ Սեղանին կային գրեթե հարյուր հատ կարմրախորով, չաղ հնդկահավեր, խաշած ու տապակած կարտոֆիլի հսկայական բլուրներ, մեծ սկուտեղներով խոզի ապխտած տափակ երշիկներ (դրանց սովորաբար չիպոլատա են ասում), ճենապակյա թասերով՝ կարագի մեջ եփած սիսեռ, արծաթյա պնակներում թանձր ու յուղալի արգանակ, թթվաշ լոռամրգիով ու տարբեր համեմունքներով համեմված սոուսներ, և գրեթե ամեն մի ափսեի կողքին՝ կախարդական ճարճատիկների խրձեր։ Այդ Ֆանտաստիկ ճարճատիկները բոլորովին նման չէին այն՝ միանգամից պատռվող թղթյա կափարիչներով մագլական հասարակ ճարճատիկներին, որ Դարզլիներն էին միշտ գնում, և որոնց մեջ սովորաբար պլաստիկ նյութից փոքրիկ խաղալիքներ են լինում կամ ծամոնի գնդիկներ։ Հարրին ու Ֆրեդը քաշեցին մի կախարդական ճարճատիկի թելից, և այն ոչ միայն, պարզապես, սրաձայն ճայթեց ու օդ թռավ՝ թնդանոթից բաց թողած արկի պես, այլ պարուրեց նրանց թանձր երկնագույն մշուշով, որից տերեփուկի ու հիրիկի նուրբ հոտ էր գալիս, իսկ ճարճատիկի պատրույգի միջից իրար ետևից դուրս թռան ծովակալի մի իսկական եռանկյուն գլխարկ և մի քանի կենդանի սպիտակ մկներ։
:Ուսուցիչների բարձր սեղանի մոտ նստած Դամբլդորը իր սրածայր մոգական գլխարկը փոխել էր ծաղկազարդ բերետով և ուրախ ծիծաղում էր պրոՖեսոր Ֆլիթվիքի պատմած անեկդոտի վրա։
:Հնդկահավին հաջորդեցին երկնագույն բոցերով պարուրված Սուրբ Ծննդյան տոնի փուդինգները; Փերսին քիչ մնաց ատամը կոտրեր փուդինգի կտորի մեջ իրեն հասած արծաթյա սիքելով։
:Հարրին դիտում էր, թե ինչպես է Հագրիդը հետզհետե ավելի ու ավելի կարմրում՝ շարունակ գինի խմելով իր գավաթից։ Հանկարծ թեքվելով պրոՖեսոր Մըք Գոնագալի կողմը, Հագրիդը մի հյութեղ համբույր ճպպացրեց նրա այտին։ Ի զարմանս Հարրիի, Մըք Գոնագալը, որը նստած էր՝ սրածայր գլխարկը գլխին կողքի թեքված, զվարթ քրքջաց ու փոքրիկ աղջնակի պես կարմրեց։
:Երբ Հարրին վերջապես հեռացավ սեղանից, նա ուղղակի բեռնված էր ճարճատիկների միջից դուրս թռած նվերներով, որոնց մեջ կային մի ամբողջ կապոց չպայթող լումինէսցենտ փուչիկներ, գորտնուկներիդ-հախից֊ինքդ-արի կախարդական դեղ ու սարքի հավաքակազմ և կախարդական շախմատամարտիկների մի հրաշալի ջոկատ։ Սպիտակ մկներն անհետացել էին, և Հարրին վատ նախազգացում ուներ, որ այդ գիշեր նրանք դառնալու էին Միսիզ Նորիսի տոնական ընթրիքը։
:Հարրին և Ուիզլիները մի հիասքանչ կեսօր անցկացրին՝ բակում՝ ձնագնդիկներով իսկական ճակատամարտ սարքելով։ Հետո մրսած, թաց ու շնչակտուր, բայց անչափ երջանիկ, բոլորը միասին լցվեցին Գրիֆինդորի ընդհանուր սենյակն ու փլվեցին բազկաթոռների մեջ՝ տաք բուխարու առաջ, որտեղ էլ Հարրին առաջին անգամ ներկայացրեց իր նոր շախմատամարտիկներին և խայտառակ պարտություն կրեց Ռոնից։ Նա կարծում էր, որ իր պարտությունը գուցե այդքան անմխիթար չլիներ, եթե Փերսին անդադար մեջ չընկներ իր սրտացավ խորհուրդներով։
:Հնդկահավի մսով բրդուջների, շոկոլադե տրյուֆելների և ելակի քաղցրախյուսով տոնական տորթի հետ մի քանի գավաթ բուրումնավետ թեյ խմելուց հետո,
բոլորն այնքան հագեցած ու քնկոտ էին, որ բազկաթոռների մեջ փռված՝ էլ ուրիշ ոչինչ չէին կարող անել, քան զվարճանալ՝ դիտելով, թե ինչպես է Փերսին Գրիֆինդորի աշտարակով մեկ հետապնդում Ֆրեդին ու Ջորջին, ովքեր թռցրել էին նրա Ավագի կրծքանշանը։
:Դա Հարրիի կյանքում Սուրբ Ծննդյան լավագույն տոնն էր։ Սակայն անբողջ օրը նրա ուղեղի հեռավոր ծալքերում դեգերում էր մի անհանգիստ միտք։ Եվ միայն անկողնում պառկած, նա ժամանակ գտավ հանգիստ ծանրութեթև անելու այդ միտքը, իսկ դա, անշուշտ, վերաբերում էր անտեսանելիության թիկնոցին և այն իրեն ուղարկողին։
:Ռոնը, որը կշտացել էր հնդկահավի մսով բրդուջներով ու ելակի խյուսով տորթով և պաշարված չէր իրեն խանգարող խորհրդավոր մտքերով, իր մահճակալի վարագույրը քաշեց ու նույն վայրկյանին անուշ քնեց։ Հարրին մահճակալից ցած թեքվեց ու դարակից հանեց անտեսանելիության թիկնոցը։
:Իր հայրիկինն է... Դա իր հայրիկի թիկնոցն է եղել։ Հարրին ձեռքի մեջ հոսեցրեց նուրբ թափանցիկ ծալքերը, կտորը մետաքսից էլ փափուկ էր ու օդի պես թեթև։ «Ճի՛շտ օգտագործիր»՝ հիշեց նա երկտողի զգաշացումը։
:Նա չէր կարող ստիպել իրեն հրաժարվել այն անմիջապես փորձելու մտքից։ Հարրին դուրս սահեց անկողնուց ու թիկնոցը գցեց ուսերի վրա։ Ցած նայելով սեփական ոտքերին, նա միայն լուսնի լույսով ուրվագծված ստվերներ տեսավ։ Դա մի շատ զարմանահրաշ զգացում էր։
:Ճի՛շտ օգտագործիր այն։
:Հանկարծ Հարրիի ուղեղով կայծակի պես մի միտք փայլատակեց։ Այդ թիկնոցով ամբողջ Հոգվորթսը նրա տրամադրության տակ էր։ Մինչ նա կանգնած էր մթության ու բացարձակ լռության մեջ, հանկարծ բուռն հուզմունքը հեղեղեց նրա բոլոր երակները։ Չէ որ նա կարող է այդ թիկնոցով ամեն տեղ գնալ, բացարձակապես ամե՜ն տեղ... և Ֆիլչը երբեք ոչինչ չի իմանա։
:Ռոնը մրմնջում էր խոր քնի մեջ։ Պե՞տք է, արդյոք, արթնացնել նրան։ Ինչ-որ բան նրան ետ պահեց առաջին մղումից։ Չէ՞ որ դա իր հոր թիկնոցն էր։ Հարրին մտածեց, որ այդ անգամ՝ այդ առաջին անգամ, նա պետք է մենակ փորձի թիկնոցը։
:Հարրին գաղտագողի դուրս եկավ ննջասենյակից, իջավ պտատակաձև աստիճաններով, կտրեց անցավ ընդհանուր սենյակը և դուրս մագլցեց Չաղ Կոմսուհու դիմանկարի միջով։
:— Ո՞վ կա այդտեղ, — աչալուրջ կանչեց Չաղ Կոմսուհին։ Հարրին ոչինչ չասաց։ Նա արագ քայլեց միջանցքն ի վար։
:Ու՞ր կարելի էր գնալ։ Հարրին կանգ առավ ու սկսեց մտածել։ Նրա սիրտը մոլեգին բաբախում էր։ Հետո նրա գլխում մի միտք ծագեց։ Դեհ, իհարկե՝ գրադարանի Արգելված մասը։ Նա կկարողանա հանգիստ կարդալ ինչ ուզենա, մինչև վերջապես չիմանա, թե ով էր Նիքողայոս Ֆլամերը։ Հարրին ճանապարհ ընկավ դեպի գրադարան՝ անտեսանելիության թիկնոցն ավելի մոտ քաշելով կրծքի վրա։
:Գրադարանում անթափանց ու սարսափազդու խավար էր տիրում։ Հարրին մի լապտեր վառեց՝ գրապահարանների միջև ընկած անցումները տեսնելու համար։ Լապտերն այնպիսի տեսք ուներ, ասես օդի մեջ ինքն իրեն էր ճախրում։ Թեև Հարրին զգում էր լապտերի ծանրությունը կրող իր ձեռքը, սակայն՝ օդի մեջ առանց պահող ձեռքի ճախրող լապտերի տեսքից սարսուռ էր անցնում ամբողջ ողնաշարով։
:Արգելված մասը գրադարանի ամենավերջին հատվածում էր գտնվում։ Հարրին զգուշորեն անցավ հաստ արգելապարանի վրայով և ձեռքի լապտերը բարձրացրեց՝ գրքերի անվանումները կարդալու համար։ Դրանք նրան գրեթե ոչինչ չէին ասում։ Դրանց պլոկված ու մաշված ոսկեփայլով վերնագրերը գրված էին անծանոթ լեզուներով։ Շատերն ընդհանրապես ոչ մի վերնագիր չունեին։ Գրքերից մեկի վրա մի մուգ բիծ կար, որն անչափ նման էր արյան հետքի։ Հարրիի ծոծրակի մազերը սկսեցին հետզհետե ցցվել ու սառնասարսուռ խուտուտ առաջացնել։ Գուցե դա նրա երևակայության արդյունքն էր, գուցե և ոչ, սակայն թվում էր, որ գրքերի շարքերից ինչ-որ ցածր անհանգիստ շշուկ էր լսվում, ասես դրանք զգում էին, որ գրդարանում կար մեկը, որն այդտեղ չպետք է լիներ։
:Ինչևէ, ինչ-որ տեղից պետք էր սկսել։ Լապտերը զգուշությամբ դնելով գետնին, նա սկսեց դիտել ներքևի դարակին շարված գրքերը։
:Ուշադրությունը գրավեց արծաթափայլ կազմով մի սև հաստափոր հատոր։ Նա դժվարությամբ դուրս քաշեց հատորը շարքի միջից, որովհետև այն շատ ծանր էր, և մի ծնկի վրա հավասարակշռություն պահպանելով, բացեց։
:Մի ահավոր, արյուն սառեցնող ճիչ խախտեց գրադարանի համապարփակ լռությունը, և ճչացողը... գիրքն էր։ Հարրին գիրքն անմիջապես թրմփոցով փակեց, սակայն ճիչը շարունակվում էր ու շարունակվում՝ աննկարագրելի բարձր, ականջի թաղանթը ցավեցնող և ընկճող կայունությամբ։ Հարրին ետ-ետ գնաց ու սայթաքեց իր լապտերի վրա, որն անմիջապես հանգավ։ Արդեն խուճապի մատնվելով, նա միջանցքով մոտեցող ոտնաձայներ լսեց։
:Ճչացող գիրքը մի կերպ ետ խցկելով դարակի վրա, նա փախուստի դիմեց ու Ֆիլչի կողքով անցավ գրեթե գրադարանի մուտքի մոտ։ Ֆրլչի գունատ, լայն չռած աչքերը նայում էին ուղիղ նրա միջով, և Հարրին՝ մի կերպ չհպվելով նրա առաջ պարզած ձեռքին, անցավ նրա կողքով ու վազեց միջանցքով, իսկ գրքի անտանելի ճիչը դեռ զրնգում էր նրա ականջներում։
:Հարրին շեշտակի կանգ առավ մի բարձրահասակ զինազգեստի մոտ։ Այնքան էր կլանվել գրադարանից հեռու փախչելով, որ չէր էլ նկատել, թե ուր էր գնում։
:Գուցե մթությո՞ւնն էր պատճառը, որ չէր կարողանում կռահել, թե որտեղ էր գտնվում։ Նա շատ լավ էր հիշում, որ նման բարձրահասակ զինազգեստ կար առաջին հարկում՝ խոհանոցի դռների մոտ, բայց այդ պահին նա պետք է առնվազն հինգերորդ հարկում լիներ։
:― Պրոֆեսոր, դուք ինձ խնդրել էիք անմիջապես տեղեկացնել ձեզ, եթե գիշերով ամրոցում շրջող մարդ հայտնաբերեմ կամ նկատեմ, որ ինչ-որ մեկը գրադարանի Արգելված մասն է մտել։
:Հարրին զգաց, թե ինչպես արյունը ետ հոսեց իր դեմքից։ Որտեղ էլ նա գտնվելիս լիներ այդ պահին, Ֆիլչը հաստատ կարճ ճանապարհ գիտեր, որովհետև նրա թավ ու խռպոտ ձայնը հետզհետե մոտենում էր և, ի սարսափ իրեն, Ֆիլչի զրուցակիցը ոչ այլ ոք, քան ինքը՝ Սառկեկն էր, որը և պատասխանեց նրան.
:― Արգելված մասո՞ւմ, ասում ես... Ինչևէ, դժվար թե նրանք շատ հեռուն գնացած լինեն։ Մենք նրանց դեռ կարող ենք բռնել, եթե շտապենք։
:Հարրին արձանի պես գամված, կանգնած էր տեղում, երբ Ֆիլչն ա Սառկեկը անկյունից դուրս եկան միջանցք՝ նրան դեմ առ դեմ։ Անշուշտ, նրանք իրեն չէին տեսնում, բայց միջանցքը շատ նեղլիկ էր և, եթե նրանք շարունակեին գալ իր ուղղությամբ, շատ շուտով պարզապես կընդհարվեին նրա հետ։ Թիկնոցը, ճիշտ է, անտեսանելի էր դարձնում, սակայն ոչ՝ թափանցիկ։
:Նա, ինչքան կարող էր կամացուկ, սկսեց նահանջել։ Ձախից մի կիսաբաց դուռ կար։ Դա նրա միակ հույսն էր։ Եվ նա շունչը պահած դռնից ներս խցկվեց՝ ջանալով չկպչել դռան կիսաբաց փեղկին և, բարեբախտաբար, նրան հաջողվեց ներս սողոսկել առանց Ֆիլչի ու Սառկեկի կողմից նկատվելու։ Նրանք անցան Հարրիի կողքով, իսկ նա շունչը պահած ծեփվել էր պատին և լսում էր հեռացող ոտնաձայները։ Լա՜վ պրծավ։ Կարելի է ասել, որ բախտը բերեց։ Մի քանի վայրկյան անց նա վերջապես ուշադրություն դարձրեց այն սենյակին, որտեղ պատսպարվել էր։
:Դա մի չօգտագործվող դասասենյակ էր։ Պատերի տակ երևում էին իրար վրա կիտված դպրոցական սեղանների ու աթոռների մութ ուրվագծերը։ Սենյակի մեջտեղում շուռ տված աղբադույլ կար, սակայն ուղիղ նրան դեմ-դիմաց, պատին հենված, կանգնած էր մի իր, որը, կարծես, բոլորովին էլ այս սենյակում չպետք է լիներ։ Ասես, ինչ-որ մեկը քիչ առաջ այն բերել էր այդտեղ, պարզապես, ոտքի տակից հանելու համար։
:Դա մի հիասքանչ հայելի էր՝ կանգնած երկու հաստաճիրան թաթերի վրա և գետնից գրեթե մինչև առաստաղը բարձրացող, ոսկյա ծաղկազարդ շրջանակով։ Հայելու գագաթին, շրջանակի վրա, անհասկանալի բառեր կային փորագրված.
:Հարրիի խուճապն անցավ՝ Ֆիլչի ու Սառկեկի հեռացող ձայների հետ։ Նա մի քայլ արեց դեպի հայելին՝ ցանկանալով հայելու մեջ կրկին նայել սեփական արտացոլմանը և ոչինչ չտեսնել։ Եվս մի քանի քայլ, և նա կանգնեց հայելու առաջ։
:Հարրին հանկարծ երկու ձեռքով ամուր բռնեց բերանը, որպեսզի խլացնի կոկորդից դուրս եկող ճիչը։ Նա տեղում կրունկների վրա պտտվեց ու ետ նայեց։ Նրա սիրտը շատ ավելի ուժգին էր բաբախում, քան այն ժամանակ, երբ ականջների մեջ զրնգում էր արգելված գրքի՝ արյուն սառեցնող ճիչը։ Հայելու մեջ նա տեսել էր ոչ միայն ինքն իրեն, այլ նաև անծանոթ մարդկանց մի մեծ խումբ, որոնք սենյակում կանգնած էին ուղիղ իր ետևում։
:Բայց սենյակը դատարկ էր։ Արագ շնչելով, նա դանդաղ ետ շրջվեց դեպի հայելին։
:Ահա ինքը՝ արտացոլված հայելու մեջ, շատ գունատ և սարսափահար աչքերով, իսկ իր ետևում արտացոլվում էին սենյակում կանգնած ամենաքիչը ևս տաս հոգի։ Հարրին կրկին ուսի վրայով ետ նայեց, սակայն իր ետևում ոչ ոք չկար կանգնած։ Կամ գուցե բոլոր կանգնածները նույնպես անտեսանելի էին։ Գուցե նա կանգնած էր մի սենյակում, որը լեփ-լեցուն էր անտեսանելի մարդկանցով, իսկ այդ հայելու գաղտնիքն այն էր, որ նա արտացոլում էր ոչ միայն տեսանելի, այլ նաև բոլոր անտեսանելի մարդկանց։
:Նա կրկին նայեց հայելու մեջ։ Նրա արտացոլման ետևում կանգնած էր մի կին, որը ժպտում էր իրեն ու ձեռքով անում։ Հարրին ձեռքը երկարացրեց օդի մեջ՝ դեպի ետ։ Եթե այդ կինն իսկապես այնտեղ էր, ապա ինքն անպատճառ կշոշափեր նրան, որովհետև կինը շատ մոտ էր կանգնած իրեն, սակայն նրա ետևում միայն դատարկ օդն էր։ Այդ կինը և մյուսները գոյություն ունեին միայն հայելու մեջ։
:Կինը շատ գեղեցիկ էր։ Նա մուգ կարմիր մազեր ուներ, իսկ աչքե՜րը․․․ ― Ա՛յ, աչքերը ճիշտ իմ աչքերի նման են, ― մտածեց Հարրին՝ մոտենալով հայելուն, ― վառ կանաչ գույնի և ճիշտ նույնպիսի կտրվածքով, ― սակայն մոտենալով, նա հանկարծ նկատեց, որ կնոջ աչքերից արցունքներ են հոսում։ Նա և՛ ժպտում էր, և՛ միևնույն ժամանակ լաց լինում։ Նրա կողքին կանգնած բարձրահասակ նիհար, խառնիխուռն սև մազերով տղամարդը հոգատարությամբ գրկեց կնոջ ուսը։ Այդ տղամարդը ակնոց էր կրում, և նրա մազերը ճիշտ Հարրիի մազերի նման խիտ ու անհնազանդ ցցված էին ականջների ետևում։
:Հարրին արդեն այնքան մոտ էր կանգնած հայելուն, որ նրա քիթը գրեթե հպվում էր հայելու մեջ իր քթի արտացոլմանը։ Հանկարծ նա հասկացավ.
:― Մա՞մ... ― շշնջաց նա, ― Պա՞պ... Նրանք պարզապես նայում էին իրեն մեղմ ու հանդարտ ժպիտով։ Հարրին սկսեց հայացքը դանդաղ դեմքից դեմք տանել և տեսավ ճիշտ իր աչքերի նման ուրիշ զույգ կանաչ աչքեր, իր քթի նման ուրիշ քթեր։ Իսկ մի նիհարիկ ծերուկ ասես ճիշտ նույնպիսի ոսկրոտ ծնկներ ուներ, ինչպես ինքը։ Կյանքում առաջին անգամ Հարրին տեսնում էր իր ընտանիքին։
:Փոթթերները ժպտում էին Հարրիին ու ձեռքով անում, իսկ նա կարոտած, ագահ աչքերով հայացքը չէր կարողանում կտրել հայելուց, ափերն ամուր սեղմելով ապակուն, ասես հույս ուներ ներս ընկնել հայելու մեջ՝ նրանց բոլորի մոտ։ Նախկինում իրեն անծանոթ մի հզոր հոգեկան ցավ ներսից պաշարեց իրեն, միևնույն ժամանակ և՛ ուրախության պոռթկումի, և՛ անսահման, անփարատելի տխրության հախուռն մակընթացաթյուն առաջացնելով զգացմունքների մեջ։
:Դժվար էր ասել, թե ինչքան ժամանակ էր նա կանգնած այդտեղ։ Արտացոլումները ո՛չ կորչում էին, ո՛չ էլ խամրում, իսկ նա նայում էր ու նայում, մինչև հեռավոր մի ձայն նրան ետ բերեց իրական աշխարհ։ Չէր կարելի այդտեղ ավելի երկար մնալ։ Նա պետք է ննջարան տանող ճանապարհը գտներ։ Հարրին մի կերպ աչքերը կտրեց մոր դեմքից՝ շշնջալով. «Ես կվերադառնամ» և դուրս շտապեց սենյակից։
:— Կարող էիր, չէ՞, ինձ էլ արթնացնել, — բարկացած ասաց Ռոնը։
:— Դու կարող ես այսօր գալ ինձ հետ։ Ես նորից եմ գնալու։ Ուզում եմ, որ դու էլ տեսնես հայելին։
:— Իսկապես, շատ կուզենայի տեսնել հայրիկիդ ու մայրիկիդ, — ասաց Ռոնը։
:— Իսկ ես ուզում եմ տեսնել բոլոր ձերոնց, բոլոր Ուիզլիներին։ Դու ինձ ցույց կտաս քո բոլոր եղբայրներին ու ազգականներին։
:— Դու մերոնց կարող ես տեսնել, երբ ուզենաս, — ասաց Ռոնը, ― հենց այս տարի ամառային արձակուրդներին մի քանի օրով մեր տուն կգաս։ Բայց շատ հնարավոր է, որ այդ հայելին ցույց է տալիս միայն արդեն մահացած մարդկանց։ Ափսոս որ այդպես էլ Ֆլամերին չկարողացանք գտնել։ Մի կտոր հաց ու երշիկ կեր։ Քեզ ի՞նչ է եղել, ինչո՞ւ ոչինչ չես ուտում։
:Հարրին չէր կարող ուտել։ Նա տեսել էր իր ծնողներին և այդ երեկո կրկին պիտի տեսներ։ Նա գրեթե լրիվ մոռացել էր Ֆլամերի մասին։ Սառկեկը, եռագլուխ շունը, գաղտնախուցը. ոչինչ այլևս կարևոր չէր... Ու՞մ էր պետք, թե ինչ էր պահպանում եռագլուխ շունը... Ի՜նչ տարբերություն, Սառկեկը կգողանար դա, թե չէր գողանա...
:— Հո վատ չես զգում քեզ, — ասաց Ռոնը, — շատ տարօրինակ տեսք ունես այսօր։
:Հարրին ամեն ինչից շատ վախենում էր, որ դեպի հայելին տանող ճանապարհը չի գտնի։ Այդ գիշեր Ռոնի հետ թիկնոցով ծածկված, նրանք ստիպված էին ավելի դանդաղ շարժվել։ Նրանք նախ փորձեցին գրադարանի դռների մոտից կրկնել Հարրիի անցած ուղին և գրեթե մեկ ժամ թափառեցին մութ ա ցրտաշունչ միջանցքներով՝ այդպես էլ չգտնելով դեպի հայելու սենյակը տանող ճանապարհը։
:— Ես հիմա սառցի կտոր կդառնամ։ Արի մոռանանք հայելին ու վերադառնանք ննջարան։
:— Ո՛չ, — ֆշշացրեց Հարրին, — ես գիտեմ, որ այստեղ մոտերքում պիտի լինի։
:Նրանք անցան իրենց դեմ դիմաց՝ օդի մեջ ճախրող մի բարձրահասակ վհուկի ուրվականի կողքով, սակայն էլ ուրիշ ոչ մեկի չտեսան։ Ճիշտ այն պահին, երբ Ռոնը սկսեց բողոքել, որ իր ոտքերն արդեն սառցակալել են, ու եթե շտապ ետ չգնան, ինքը սառցահարվելուց կմեռնի, և իր ցրտահարված ուրվականը ընդմիշտ կմնա Հոգվորթսի գիշերային միջանցքներում սավառնելու, Հարրին հանկարծ տեսավ ասպետական զինազգեստը։
:― Այստե՛ղ է, հենց այստե՛ղ,.. Այ-յո՛... Գտա՛, վերջապես...
:Նրանք դուռը ներս հրեցին։ Հարրին ուսի վրայից թիկնոցը ցած գցեց ու վազեց ուղիզ հայելու մոտ։ Ահա և նրանք՝ հայրիկն ու մայրիկը։ Տեսնելով Հարրիին, նրանք ուրախացած գլխով արին։
:— Տեսա՞ր... — շշնջաց Հարրին։
:— Ես ոչինչ չեմ տեսնում;
:— Նայի՛ր, չե՞ս տեսնամ... Բոլորն էլ այստեղ են,..
:— Ես միայն քեզ եմ տեսնում։
:— Ճիշտ տեղից չես նայում... Այստեղ արի՛, իմ տեղը կանգնի՛ր...
:Հարրին մի կողմ քաշվեց, բայց իր տեղը Ռոնին զիջելով, նա հայելու մեջ այլևս չէր տեսնում իր ընտանիքին։ Հայելու մեջ միայն Ռոնն էր՝ իր գույնզգույն գիշերազգեստով, գզգզված մազերով ու զարմանքից կլորացած աչքերով։
:Ռոնը հիպնոսված պլշել էր իր արտացոլման վրա։
:— Ապա մի ինձ նայի՛ր...
:— Չես տեսնո՞ւմ շուրջդ կանգնած քո ամբողջ ընտանիքին։
:— Վ-վ-ո՜չ... ես մենակ եմ... բայց ես ուրիշ եմ... Ես ոնց որ ավելի մեծ լինեմ տարիքով... Վաա՜ուու... Ախր ես... ես Հոգվորթսի Առաջին աշակերտն եմ...
:— Ի՞նչ...
:— Ես... ես մի կրծքանշան ունեմ, ճիշտ Բիլի ունեցածի նման և իմ ձեռքին Միաբանաթյունների գավաթն է ու... ու Քվիդիչի գավաթը... Վաա՜ուու... Ախր, ես քվիդիչի կապիտա՜ն եմ... — Ռոնը, մի կերպ աչքերը կտրելով իր արտացոլումից, հազախառն հիացմունքով շրջվեց Հարրիի կողմը։
:— Ի՞նչ ես կարծում, այս հայելին ապագա՞ն է ցույց տալիս։
:— Այդ ինչպե՞ս պիտի ապագան ցույց տա, եթե իմ ընտանիքի բոլոր անդամները վաղուց մեռած են։ Մի կողմ քաշվի՛ր։ Թո՛ղ տեսնեմ...
:― Դու ամբողջ անցած գիշեր նայել ես, մի քիչ էլ թող ես մենակ նայեմ։
:— Հա՛, դու ընդամենը կանգնած ես քվիդիչի գավաթը ձեռքիդ բռնած։ Ի՞նչ հետաքրքիր բան կա դրա մեջ։ Թո՛ղ, ես ուզում եմ ծնողներիս տեսնել։
:― Մի՛ հրի...
:Միջանցքից հանկարծ մի ձայն լսվեց, և նրանց՝ հետզհետե տաքացող երկխոսությունն ընդհատվեց։ Նրանք չէին զգացել, թե ինչքան բարձր էին խոսում։
:— Շո՜ւտ արա, այս կողմն արի։
:Հարրին հասցրեց թիկնոցը գցել իրենց գլխին հենց այն պահին, երբ դռան ճեղքի մեջ հայտնվեցին Միսիզ Նորիսի լուսարձակող կանաչ աչքերը։ Ռոնն ու Հարրին, շունչները պահած, անշարժ կանգնած միևնույն բանն էին մտածում, արդյո՞ք անտեսանելիության թիկնոցն ազդում է կատուների վրա, թե՝ ոչ։ Թվում էր, թե մի ժամ տևեց, մինչև կատուն դռան մոտից հեռացավ։
:— Այստեղ մնալն այլևս ապահով չէ։ Շատ հնարավոր է, որ կատուն մեզ լսել է ու հիմա գնաց Ֆիլչի ետևից։ Գնացինք այստեղից։
:Եվ Ռոնը՝ դիմադրող Հարրիին թևից բռնած, դուրս տարավ սենյակից։
:Նույնիսկ հաջորդ առավոտյան սառույցը դեռ չէր կոտրվել։
:— Շախմատ չխաղա՞նք, — ասաց Ռոնը։
:— Ոչ։
:— Չգնա՞նք, տեսնենք ինչ կա-չկա Հագրիդի մոտ։
:— Ոչ... Դու գնա, եթե ուզում ես։
:— Ես գիտեմ, թե ինչի մասին ես մտածում, Հարրի. այն հայելու։ Մի գնա այնտեղ այս գիշեր։
:— Իսկ ինչու՞ չգնամ։
:— Չգիտեմ։ Ես ուղղակի շատ վատ նախազգացում ունեմ։ Դրանից բացի, արդեն քանի անգամ փորձանքից հազիվ ես մազապուրծ փրկվել։ Ֆիլչը, Սառկեկը և
Միսիզ Նորիսը ֆռֆռում են ամենուրեք։ Հետո ի՞նչ, որ անտեսանելի ես, բա որ հանկարծ ընդհարվես նրանցից մեկնումեկի հետ ու բռնվես։ Իսկ եթե հանկարծ մի բան շուռ տաս ու մատնես ինքդ քեզ։
:― Ճիշտ ու ճիշտ Հերմիոնայի պես ես խոսում։
:— Հա՛րրի, ես լուրջ եմ ասում, մի՛ գնա։
:Սակայն միայն մեկ միտք էր պտտվում Հարրիի գլխում, այն է՝ հնարավորին չափ վաղ վերադառնալ հայելու մոտ, և Ռոնը չէր կարող նրան կանգնեցնել։
:Երրորդ գիշերը Հարրին ճանապարհը շատ ավելի արագ գտավ, քան նախորդ անգամ։ Նա այնքան արագ էր քալլում, որ իր քայլերով անթույլատրելի աղմուկ էր բարձրանամ։ Դա ինքն էլ գիտեր, սակայն, բարեբախտաբար, ճանապարհին ոչ մեկին չհանդիպեց։
:Եվ, ահա, հայելու մեջ կրկին մայրիկն ու հայրիկը ծաղկեցին սիրատոչոր ժպիտով, իսկ պապիկներից մեկը ուրախ-ուրախ գլխով արեց նրան։ Հարրին ծնկները ծալեց ու նստեց հատակին՝ ուղիղ հայելու դիմաց։ Ոչինչ չէր կարող խանգարել նրան ամբողջ գիշեր մնալ այդտեղ՝ իր ընտանիքի հետ։ Ոչինչ...
:— Ուրեմն կրկի՞ն վերադարձար այստեղ, Հարրի։
:Հարրիին այնպիսի զգացում պատեց, ասես իր բոլոր ներքին օրգանները միանգամից սառցի կտոր դարձան։ Նա ուսի վրայով ետ նայեց։ Պատի տակ կիտված դպրոցական սեղաններից մեկի վրա նստած էր ոչ այլ ոք, քան ինքը՝ Ալբուս Դամբլդորը։ Հարրին հաստատ անցել էր նրա կողբով և տարված լինելով ծնողներին կրկին տեսնելու անհաղթահարելի ցանկությամբ, երևի չէր նկատել նրան։
:— Ես... ես ձեզ չէի տեսել, սըր։
:— Տարօրինակ է, թե անտեսանելիությունը ինչքան կարճատես է դարձնում մարդուն, ― ասաց Դամբլդորը և Հարրիի սրտից մի մեծ քար ընկավ, երբ նա նկատեց, որ Դամբլդորը ժպտում է։
:― Դեհ, ի՞նչ... ― ասաց Դամբլդորը՝ ցած սահելով սեղանից և անմիջապես նստելով հատակին, Հարրիի կողքին. ― տեսնում եմ, դու էլ՝ քեզնից առաջ հարուրավոր ուրիշ մարդկանց նման, հայտնաբերեցիր «Իրենքնազարե» հայելու հրաշքները։
:― Ես չգիտեի, որ հայելին այդպես է կոչվում։
:― Ը՜ըմ... ինձ ցույց է տալիս իմ ընտանիքը...
:― Իսկ քո ընկեր Ռոնը իրեն տեսավ դպրոցի լավագույն աշակերտի պատվոնշաններով զարդարված։
:― Այդ ինչպե՞ս իմացաք...
:― Ինձ անտեսանելիության թիկնոց պետք չէ, անտեսանելի լինելու համար, ― մեղմ ասաց Դամբլդորը, ― Դեհ, ի՞նչ, դեռ գլխի չե՞ս ընկել, թե ինչ է ցույց տալիս այս հայելին։
:Հարրին գլուխը բացասաբար թափ տվեց։
:― Լավ, հիմա կփորփեմ հուշել։ Աշխարհում միայն ամենաերջանիկ մարդը կարող է այս հայելին զուտ որպես հասարակ հայելի օգտագործել, այսինքն, երբ նայի հայելու մեջ, ինքն իրեն կտեսնի ճիշտ այնպես, ինչպես կա։ Դեռ չկռահեցի՞ր։
:Հարրին մտածեց, հետո դանդաղ ասաց.
:― Հայելին մեզ ցույց է տալիս այն, ինչը մենք ուզու՞մ ենք տեսնել...
:― Եվ այո և ոչ, — ասաց Դամբլդորը հանդարտ ձայնով։ ― Այս հայելին մեզ ցույց է տալիս ոչ այլ ինչ, քան մեր հոգու ամենանվիրական, ամենախոր թաքնված ցանկություններն ու իղձերը։ Դու, որ երբեք չես ճանաչել ընտանիքիդ, տեսնում ես բոլոր հարազատներիդ՝ շուրջդ կանգնած։ Ռոնալդ Ուիզլին, որը միշտ եղել է իր ավագ եղբայրների հաջողությունների ստվերում, իրեն տեսնում է մեն-մենակ՝ իր բոլոր եղբայրների փառքն ու հաջողությունները գերազանցող նվաճումներով։ Ինչևէ, այս հայելին մեզ ոչ գիտելիք է տալիս, ոչ էլ ճշմարտությունն է ասում։ Քանի՜–քանիսն են ցնորվեյ՝ դրա առջև կանգնած զմայլվելով անիրական իղձերի ու երազանքների տեսիլքային արտացոլքով և իրականության հետ կապը կորցնելով, պարզապես խելագարվել են, չիմանալով ճշմարի՞տ են կամ նույնիսկ ընդհանրապես իրականանալիք են, արդյոք, հայելու ցույց տվածները... Վաղը հայելին այստեղից մի ապահով տեղ կտեղափոխվի։ Հա՛րրի, խնդրում եմ քեզ, չփորձես այլևս փնտրել այն։ Եթե երբևէ կրկին հանդիպես հայելուն, այսօրվանից ավելի պատրաստված կլինես այդ հանդիպմանը։ Չի կարելի ապրել երազանքների մեջ և մոռանալ իրականությունը, հիշի՛ր ասածս... Իսկ հիմա, գուցե հագնե՞ս քո զարմանահրաշ թիկնոցն ու ննջարան վերադառնա՞ս։ Հարրին ոտքի կանգնեց։
:― Սըր... պրոֆեսոր Դամբլդոր, կարո՞ղ եմ մի հարց տալ Ձեզ։
:― Դու արդեն մի հարց տվեցիր... ― ժպտաց Դամբլդորը, ― բայց, կարող ես երկրորդն էլ տալ։
:― Իսկ դուք ի՞նչ եք տեսնում, երբ նայում եք հայելու մեջ։
:― Ե՞ս... Ես ինձ տեսնում եմ մի զույգ բրդյա, տնահյուս գուլպա ձեռքիս մեջ բռնած, ― ասաց Դամբլդորը։ ― Եվս մեկ անգամ Սուրբ Ծննդյան տոները եկան ու անցան, և կրկին ոչ մեկի մտքով չանցավ ինձ մի զույգ տաք գուլպա նվիրել։ Մարդիկ, չգիտես ինչու, ինձ միայն գրքեր են նվիրում։
:Արդեն անկողնում Հարրիի մտքով անցավ, որ Դամբլդորը, ամենայն հավանականությամբ, լուրջ չէր խոսում գուլպաների մասին։ Սակայն հետո՝ Բոքոնին իր բարձի վրայից մի կողմ քշելով, նա մտածեց, որ իր հարցը բավականին անձնական էր և այնքան էլ քաղաքավարի չէր։