Changes

Յիշիր պատերազմը

Ավելացվել է 9294 բայտ, 04:49, 26 Հունիսի 2017
Սիրի՛ր պատմութիւնը։
 
 
==V։ Ցեղային բարոյականը==
 
Մէկ էլ բանանք մեր ցեղի կեանքի գիրքը, ճանաչենք մեր ժառանգական բարոյական թերութիւնները՝ մեր ժողովրդի քաղաքական խեղճութեան ներգործօն պատճառները հասկանալու համար։
 
Պատմութիւնը ասում է.—
 
Իր գոյութեան ձիգ տարածութեան վրայ չի եղել մի դէպք, որ հայութիւնը իր բովանդակ բարոյական եւ նիւթական ոյժերով ծառացած լինէր թշնամու դէմ՝ արտաքին վտանգը զինաթափելու վճռականութեամբ։ Հայաստան ներխուժող թշնամին երբեք իր դէմ չէ տեսել բովանդակ հայութիւնը միացեալ ճակատով՝ արտաքին աղէտը յետ մղելու վճռողականութեամբ։ Թշնամին միշտ էլ ոտք է դրել Հայաստանի հողի վրայ հայ կեանքի այն խառն ու խռով շրջաններում, երբ մեր ցեղի քաղաքական ճակատագիրը վարողները զբաղուած են եղել ներքին կռիւներով։
 
Երկպառակութեան ախտը յաճախ եւ յաճախ ի դերեւ է հանել մեր ցեղի դասական քաջութիւնը։ Երբ մեր արիութեան միացած չէ եղել մեր միաբանութիւնը՝ միշտ էլ չարաչար պարտութիւնն է եղել մեր բաժինը։ Իսկ երբ նախարար, իշխան, թագաւոր եղել են հաշտ ու համերաշխ՝ միշտ էլ յաղթել է թեւաբաց արծիւը հայոց։
 
Այն բոլոր ժողովուրդներից, որոնք բարեկամաբար թէ որպէս թշնամի, ոտք են դրած հայ հողի վրայ, ոչ ոք արիութեամբ չէ գերազանցել հայուն։ Օտարը Հայաստանում յաջողութիւն է ունեցել աւելի որպէս աղուէս քան առիւծ։ Հայաստանը որոշ ժամանակաշրջաններում, աւելի հայէն է պարտուած եղել քան օտարէն։
 
Ուզում եմ ասել, թէ ''ներքին'' թշնամին է եղել հայ բազուկը տկարացնողը։ Նա է առաջնորդել օտար զօրքերը դէպի հայկական լեռնակղզին։ Նրա դաւաճանութիւնն է յաջողութեան նժարը յաճախ թեքել թշնամու կողմը։ Եւ եթէ Հայաստան երկրում երբեւիցէ հնարաւոր է եղել որեւէ համազգային ձեռնարկ յաջողութեամբ պսակել՝ դա նշանակում է թէ այդ ժամանակաշրջանում է եղել թշնամին։
 
Այո՛, աշխարհակալ ազգերի սուրը չպիտի կարողանար բաժանել հայ երկիրը, եթէ հայ պետական գործչի նախանձը ու անհամերաշխութիւնը չնպաստէին թշնամուն։
 
Տրամաբանօրէն ի՞նչ է հետեւում այդ ամէնից.—
 
Այն, թէ հայ ժողովուրդի պատերազմներում պարտուելու պատճառները եղել են գերազանցօրէն ''հոգեբանական'', թէ մեր ցեղի անմիաբանութեան բերումով հայ զէնքն ու բազուկը աւելի օտարին են ծառայել քան հարազատ երկրին. թէ թշնամին յաճախ տիրել է Հայաստանին ոչ թէ յաղթական սրով, այլ այս կամ այն հայ պետական գործիչի դաւով ու դաւաճանութեամբ։
 
Կարճ. արտաքին թշնամին իր զէնքի յաջողութիւնները Հայաստանի հողի վրայ աւելի մեր հոգեբանական թերութիւն-ներին կը պարտի քան իր կարողութիւններին։
 
'''* * *'''
 
Մինչ ե՞րբ այդպէս։ Մինչեւ ե՞րբ հայոց պատմութիւնը շարունակէ մնալ կրկնութիւնը մեր աղէտալի թերութիւնների եւ սխալանքների։ Ո՞ւր է ելքն այս աննախընթացօրէն ցածր վիճակից, որը մայր երկրին կը սպառնայ գլխովին ոչնչացմամբ, իսկ գաղութների հայութեան աստիճանական ապազգայնացմամբ։
 
Ո՞րն է այն փրկարար միջոցը, այն համադարմանը, որ հանդիսանար փարատիչը մեր ժառանգած բարոյական ախտերի, որ հոգեփոխէր եւ ապրեցնէր մեզ որպէս ազգ, որ դարձնէր մեզ կարող ներգործօն ինքնապաշտպանութեան եւ ընդունակ' պետական անկախ կեանքի։
 
Ցեղային բարոյականն է այդ միջոցը, որ պահանջում է երկու բան. առաջինը՝ քաղաքական միակրօնութիւն, երկրորդը՝ զարգացումն այն բարոյական յատկութիւնների եւ ռազմարուեստագիտական կարողութիւնների, որոնք համապատասխան են մեր ժողովրդի հաւաքական կարիքներին եւ էապէս անհրաժեշտ՝ մեր ժողովրդի նիւթական եւ հոգեւոր ինքնապահպանման համար։
 
Արդի մեր ողբալի վիճակում, երբ մեր հայրենիքի ռազմագիտական բանալիները յանձնուած են օտար դռնապաններին, եւ երբ սպասւում է թրքական մահառիթ հարուած՝ ցեղային բարոյականն է, որ իմաստուն կերպով տեսնել պիտի տայ բարոյական եւ նիւթական այն հսկայական ուժերը, որ այսօր հայութիւնը կը վատնէ ընդունայն։ Ցեղային բարոյականն է, որ ռազմարուեստին ծառայող բոլոր գիտութիւնները պիտի լծէ մեր ժողովրդի ինքնապաշտպանութեան դժուարին գործին, ինչպէս եւ ամբարտակ պիտի կանգնեցնէ այլասերման հեղեղատի առջեւ։
 
Ապրի՛ր համաձայն ցեղիդ իդէալի, ապրիր համաձայն ցեղիդ բարձրագոյն սկզբունքներին։
 
Դատապարտելի եւ բարոյազուրկ է այն երջանկութիւնը, որ հակասութեան մէջ է հաւաքական երջանկութեան հետ, որ նպաստում է ցեղի տկարացման, որ խաթարում է այն ներդաշնակութիւնը, որը գոյութիւն պիտի ունենայ մեր մասնաւոր նպատակների եւ ազգային իդէալի միջեւ։
 
Քաղաքական միակրօնութիւն պէտք է մեզի, քանզի միակն ենք ժողովուրդներից, որն իրաւունք չունի ներքուստ պառակտուած լինելու։
 
Եթէ ճամբաների տարբերութիւն կայ, ապա կայ նպատակի ընդհանրութիւն։
 
Պէտք է լինինք միաիդէալ, միաշունչ, միակամ, քանզի անհամերաշխ ու անմիաբան մեր ժողովուրդը պատրաստի որս պիտի լինի իր հարեւանների համար։
 
'''* * *'''
 
Հայ ընտանիքը դեռ շարունակում է նայել իր զաւակների վրայ, որպէս իր մասնաւոր սեփականութեան։
 
Իսկ դպրոցը դաստիարակում է հայ մանուկները՝ ընտանիքների եւ ոչ նախ հայրենիքի համար։
 
Ընտանիք եւ դպրոց դաշնակցած՝ կը շարունակեն միայն առեւտրապաշտ խանութպան եւ արհեստաւոր հասցնել, երբ ժամանակն ու ցեղային բարոյականը հրամայողաբար կը պահանջեն հայէն՝ լինել նա՛խ հայրենակրօն ռազմիկ, չկորչելու համար։
 
Չենք ուզում հասկանալ, որ Արեւելքի մեր դժբախտ պայմաններում անմտութիւն է տուն շինել ու դաշտեր մշակել, երբ նրանց պաշտպանութեան համար կանխաւ չենք պատրաստուել։
 
Չենք ուզում հասկանալ, որ յիմարութիւն է անկախ հայրենիքի մասին երազել, երբ նախօրօք նրա պաշտպանութեան համար չենք սպառազինուել։
 
Չէ՛, չէ՛, չենք ուզում հասկանալ, որ հայ հաւաքականութիւնը օրուայ իր աղքատիկ հոգեբանութեամբ բարոյապէս ազատ չէ աւելի լաւ օրերի մասին երազելու, քանի դեռ հայ աշակերտող սերունդը չէ կրթւում որպէս ազգային ''նոր ուխտի'' միջնորդ, որպէս ցեղային բարոյականի կրող։
----
<references/>
23
edits