Changes

Բարթլբի գրագիրը

Ավելացվել է 19 705 բայտ, 18:53, 23 Փետրվարի 2018
― Բայց բծերը, Հնդկահավ,― ակնարկեցի ես։
 
― Ճշմարիտ եք ասում, սակայն ձեր թույլտվությամբ, սըր, նայեք այս մազերին։ Ես ծերանում եմ։ Լուրջ եմ ասում, սըր տաք միջօրեին արված մի երու բիծը չարժե բռնադատել ճերմակ մազերի դեմ։ Ծերությունը եթե նույնիսկ աղտոտում է էջը, անչափ պատվարժան է։ Ձեր թույլտվությամբ, սըր, մենք երկուսս էլ ծերանում ենք։
 
Դժվար է չընդունել նրա բողոքարկումը։ Ամեն դեպքում ես հասկացա, որ նա հեռացողը չէ, ուստի որոշեցի թողնել նրան, միաժամանակ վճռելով, որ միջօրեից հետո ավելի քիչ կզբաղվի կարևոր փաստաթղթերով։
 
Աքցանը, որն իմ ցուցակում երկրորդն էր, այտամորուսներով, գունատ և ընդհանուր առմամբ ծովահենի արտաքինով մի երիտասարդ էր մոտավորապես քսանհինգ տարեկան։ Ես միշտ նրան կարծել եմ երկու չար ուժերի զոհ՝ փառասիրության և անմարսողության։ Փառասիրությունը դրսևորվում էր շարքային գրագրի պարտականությունների կատարման խանդավառությամբ, նաև խիստ մասնագիտական գործերի աններելի յուրացումով, ինչպիսին է, օրինակ, իրավական փաստաթղթերի բնօրինակի սեփականացումԸ։ Անմարսողությունն արտահայտվում էր նրա դյուրագրգռության և զայրացկոտության մեջ (որոնց պատճառով, տառասխալ գործելիս, պարզ լսելի կերպով կրճտացնում էր ատամները), նաև՝ ավելորդ նզովքներում, որոնք ավելի շուտ ֆշշացնում էր, քան ասում, աշխատանքի եռուն պահին, իսկ ամենից շատ նա դժգոհ էր իր սեղանի բարձրությունից։ Չնայած Աքցանը հնարագետ էր ու խելացի, բայց երբեք չէր կարողանում սեղանը իրեն հարմարեցնել։ Մերթ ծղան էր դնում նրա տակ, տարբեր տեսակի քոթուկներ, խաղաքարտի կտորներ, և վերջապես այնքան հռու գնաց, որ ծծողականի միջոցով փորձում էր հասնել ճշգրիտ հարմարեցման։ Հետո, մեջքի հարմարության համար նա սուր անկյան տակ բարձրացնում էր սեղանի փեղկը, հասցնում մինչև կզակը և շարունակում գրել, այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե գրում է հոլանդական տան զառիթափ տանիքի վրա։ Այսպիսի պահերին նա հայտարարում էր, որ ձեռքերում արյան շրջանառությունը կանգ է առել։ Եթե սեղանն իջեցնում էր մինչև գոտկատեղը և գրելիս կռանում, ապա մեջքն էր սկսում ցավել։ Կարճ ասած, Աքցանը պարզապես չգիտեր, թե ինչ է ուզում։ Կամ, եթե ինչ֊որ բան ուզում էր՝ գրագրի սեղանից ազատվելն էր։ Նրա հիվանդագին փառասիրության դրսևորումներից մեկն այն սերն էր, որ նա տածում էր մաշված վերարկուներով սնափառ երիտասարդների նկատմամբ, որոնց իր հաճախորդներն էր անվանում։ Անտարակույս, ես շատ լավ իրազեկ էի, որ նա ժամանակ առ ժամանակ զբաղվում է քաղաքական տարբեր մեքենայություններով և երբեմն աշխատանք է տանում նաև դատարանում և անհայտ դեմք չէր Նյու Յորքի բանտի՝ «Գերեզմանատան» աստիճանների վրա։ Ես բոլոր պատճառներն ունեմ հավատալու, որ իմ բնակարանում նրան այցելած «հաճախորդներից» մեկը ոչ այլ ոք էր, եթե ոչ պարտատեր, իսկ վկայակոչված տիտղոսի իրավունքը պաշտպանող փաստաթուղթը՝ մուրհակ։ Սակայն, բոլոր այս թերություններով և ինձ պատճառած գլխացավանքներով հանդերձ, Աքցանը, իր հայրենակից Հնդկահավի նման, ինձ համար անչափ օգտակար մարդ էր․ գրում էր մաքուր, արագ և ցանկության դեպքում կարող էր ջենթլմենի պես հապել իրեն։ Ավելացնեմ, որ նա միշտ ջենթլմենի պես էր հագնվում և այս կերպ մեծ ազդեցություն ձեռք բերում իմ գրասենյակում։ Մինչդեռ, Հնդկահավի դեպքում, ես հազիվ էի ինձ զսպում, որպեսզի նրան խայտառակություն չհամարեմ։ Նրա շորերը յուղոտ էին, որոնցից ճաշարանների հոտ էր գալիս։ Ամռանը նա պարկանման, լայն անդրավարտիք էր հագնում, նրա վերարկուները ուղղակի նողկալի էին, իսկ գլխարկին ձեռք տալ հնարավոր չէր։ Սակայն եթե ես անտարբեր էի նրա գլխարկի նկատմամբ, քանի որ նրա բնատուր քաղաքավարությունն ու կախյալ անգլիացու հարգալից վերաբերմունքը ստիպում էին տուն մտնելուն պես հանել գլխարկը, ապա վերարկուի հարցն ուրիշ էր։ Վերարկուների հարցում ես փորձում էի հաշտվել այս մտքի հետ, բայց ապարդյուն։ Կարծում եմ, որ նման աղքատիկ եկամտով անհնար էր միաժամանակ և՛ պայծառ դեմք ունենալ, և՛ պայծառ վերարկու Ինչպես Աքցանը նկատեց մի անգամ՝ Հնդկահավի փողը հիմնականում գնում էր կարմիր թանաքի վրա։ Ձմեռային մի օր ես Հնդկահավին նվիրեցի իմ պատշաճ վերարկուներից մեկը, որը փափուկ միջադիր ուներ, տաք էր և կոճկվում էր ծնկներից մինչև պարանոցը։ Կարծում էի, թե Հնդկահավը կգնահատի իմ նվերը և կմեղմի ր հետկեսօրյա շտապողականությունն ու անհանգստությունը։ Բայց ոչ․ ես նույնիսկ գտնում եմ, որ այդ փափուկ ու տաք վերարկուն վնասակար ազդեցություն ունեցով նրա վրա, այն նույն իմաստով, որ չափազանց շատ վարսակը վնասակար է ձիուն։ Իրականում ինչպես խրտնած ձին է խուսափում ձիանոցից, այնդպես էլ Հնդկահավը կարծես խուսափում էր վերարկուից։ Իմ նվերը նրան ամբարտավան դարձրեց։ Հնդկահավը այն մարդկանցից էր, ովքեր անձկություն են զգում բարեկեցությունից։
 
Այսպես, Հնդկահավի յուրահատուկ սովորությունների մասին ես միայն կարող էի ներքուստ կռահել, իսկ ինչ վերաբերում է Աքցանին, միանգամայն համոզված էի, որ ինչքան էլ այլ տեսակետներից թերություններ ունենար, նա գոնե չափավոր երիտասարդ էր։ Սակայն թվում էր, թե բնությունն ինքն է նրա գինեվաճառը, և Աքցանին լույս աշխարհ բերելիս նրան այնպես է լիցքավորել ջղային և ոգելից խառնվածքով, որ ամենևին կարիք չուներ հարբելու։ Երբ հիշում եմ, թե ինչպես խախտելով սենյակի անդորրը, Աքցանը հանկարծ բարձրանում էր տեղից, սեղանի վրա կռանալով ալյն տարածում ձեռքերն ու գրկում ամբողջ գրասեղանը, այնպես էր շարժում ու ցնցում այն (կարծես վերջինս գիտակցորեն համառ մի էակ լիներ), մտադիր՝ հակաճառելու և բարկացնելու նրան, ապա սկսում էի մտածել․ Աքցանի համար ոգելից խմիչքը պարզապես ավելորդություն էր։
 
Ի բարեբախտություն ինձ (անմարսողության յուրօրինակ պատճառով), Աքցանի դյուրագրգռությունն ու դրանից բխող նյարդային վիճակը հիմնականում նկատվում էին առավոտյան, մինչդեռ կեսօրից հետո նա համեմատաբար խաղաղ էր։ Այնպես որ Հնդկահավի նոպաները սկսվում էին մոտավորապես տասներկուսին, և ես հնարավորություն չունեի նրանց տարօրինակությունները միաժամանակ տանելու։ Նրանց մոլուցքները պահակների նման հերթափոխում էին իրար, երբ Աքցանի նոպան սկսվում էր, Հնդկահավը հանգիստ էր, և հակառակը։ Նման պարագայում սա հիանալի դասավորություն էր։
 
Քաղցրաբլիթը՝ իմ ցուցակում երրորդը, պատանյակ էր, մոտավորապես տասներկու տարեկան։ Հայրը բեռնասայլորդ էր և շատ էր ուզում մեռնելուց առաջ որդուն դատավորի աթոռին տեսնել և ոչ թե սայլակառքի վրա։ Հետևաբար նա որդուն ինձ մոտ էր ուղարկում որպես իրավագիտության աշակերտ, ցրիչ, մաքրող ու ավլող՝ շաբաթական մեկ դոլար աշպատավարձով։ Տղան իր գրասեղանն ուներ, որը շատ չէր օգտագործում։ Տեսչական ստուգման ժամանակ նրա դարակում տարբեր տեսակի ընկույզների կճեպներ էին լինում։ Անկասկած, այս ուշիմ տղայի համար վսեմ իրավագիտությունը տեղավորված էր փոքրիկ ընկույզի մեջ։ Քաղցրաբլիթի առաջնային պարտականություններից մեկը (մի բան, որ նա կատարում էր մեծագույն պատրաստակամութամբ) Հնդկահավի և Աքցանի համար թխվածք և խնձոր մատակարարելն էր։ Քանի որ փաստաթղթեր արտագրելը ինքնին չոր ու ցամաք գործ էր, իմ երկու գրագիրները սիրով հյութալի խնձոր էին վայելում, որոնք վաճառում էին մաքսատան և փոստատան մոտ տեղադրված անթիվ տաղավարներում։ Բացի այդ, նրանք տղային համարյա միշտ ուղարկում էին կոճապղպեղի թխվածք բերելու (փոքրիկ, տափակ, կլոր և բավականին անուշահոտ), որից հետո էլ Քաղցրաբլիթը վաստակեց այս մականունը։ Ցրտաշունչ առավոտներին, երբ աշխատանքը լավ առաջ էր գնում, Հնդկահավը այդպիսի տասնյակ թխվածքներ էր կուլ տալիս, կարծես դրանք նշխարներ լինեին (իրականում այնքան էլ էժան չէին)։ Նման դեպքերում Հնդկահավի գրչածայրի ճռճռոցը խառնվում էր կրթկրթոցի հետ, որն առաջանում էր աղմուկով ծամելուց։ Կրակոտ կեսօրվա ընթացքում, երբ վրա էր հասնում կոպիտ սխալների և անշրջահայեցության ժամանակը, նա կոճապղպեղի անուշահացը պահում էր շրթունքների արանքում և համարյա դրանով կնքում գրավաթղթերը։ Ես քիչ մնաց այն ժամանակ նրան հեռացնեի, սակայն նա հանգստացրեց ինձ՝ արևելյան ձևով խոնարհվելով և ասաց․
 
― Ձեր թույլտվությամբ, սըր, իմ կողմից շռայլություն է իմ հաշվին ձեզ գրասենյակային պիտույքներով ապահովելը։
 
Շուտով պարտականություններիս շրջանակը (որպես սեփականատիրական իրավունքներ հաստատող նոտար, ինչպես նաև տարբեր փաստաթղթեր կազմող) բավական ընդհալնվեց։ Խղճի ատյանում ես դարձա դատավորի օգնական, և գրագիրների աշխատանքը բազմապատկվեց։ Այժմ նրանք ոչ միայն պետք է ավելի շատ ինձ հետ լինեին, այլև լրացուցիչ օգնության կարիք էի զգում։
 
Ի պատասխան իմ տված հայտարարությանը, մի առավոտ սուսիկ մի երիտասարդ հայտնվեց իմ գրասենյակի շեմքին (ամառ էր, և դուռը բաց էր)։ Հիմա էլ այդ պատկերն է աչքիս առաջ․ մեռյալի պես գունատ, կոկիկ, խղճալիորեն հարգալից և անբուժելի տխուր երիտասարդը՝ Բարթլբին։
 
Որակավորմանը վերաբերող հարցուփորձից հետո ես նրան աշխատանք տվեցի․ ուրախ էի, որ իմ գրագիրների ջոկատում հայտնվել էր հավասարակշիռ և ծանրաբարո անձնավորություն, որն, իմ կարծիքով, բարերար ազդեցություն պիտի ունենար Հնդկահավի թեթևամտության և Աքցանի կրակոտության վրա։
 
Մոռացա նշել, որ աշխատասենյակս երկու մասի էր բաժանվում ծալովի, ապակե դռներով, և որ մի մասը ինքս էի զբաղեցնում, մյուսը՝ գրագիրները։ Ես մերթ բաց էի թողնում դռները, մերթ փակում՝ նայած տրամադրության։ Բարթլբիին տեղավորեցի հենց դռների մոտ, բայց իմ մասում, որպեսզի այս խաղաղ երիտասարդը չնչին անհրաժեշտության դեպքում միշտ իմ տրամադրության տակ լինի։ Նրա գրասեղանը տեղադրեցի պատուհանի մոտ, որը նախկինում բացվում էր դեպի կեղտոտ հետնաբակը, և որը, հետագա կառույցների պատճառով, ներկայումս ոչ մի տեսարան չէր առաջարկում, չնայած լույսի հարցը վատ չէր։ Պատուհանից երեք ոտնաչափ հեռավորության վրա մի պատ կար, և լույսը թափանցում էր վերևից՝ երկու բարձրաբերձ ծենքերի արանքից, ինչպես գմբեթի փոքրիկ բացվածքից։ Սենյակում ես կանաչ վարագույր կախեցի, որը Բալթրբիին ամբողջովին ծածկում էր իմ տեսադաշտից, չնայած ձայնս նա հստակորեն կլսեր։ Այսպես յուրովի միահյուսվեցին մենությունն ու հասարակությունը։
 
Սկզբում Բարթլբին հսկայական աշխատանք էր տանում, ասես կարոտ էր ինչ֊որ բան արտագրելու, ուղղակի ագահաբար կուլ էր տալիս իմ փաստաթղթերը։ Ոչ մի ընդմիջում՝ մարսելու համար։ Աշխատում էր գիշեր֊ցերեկ, մերթ արևի, մերթ մոմի լույսի ներքո։ Ես հմայված կլինեի Բարթլբիի ջանասիրությամբ, եթե նա դյուզն֊ինչ զվարթ լիներ։ Սակայն նա գրում էր լուռ, մեքենայորեն և միշտ գունատ էր։
 
Անշուշտ, գրագրի աշխատանքի պարտադիր մասը բնօրինակը բառ առ բառ վավերացնելն է։ Եթե գրասենյակում մի քանի գրագիր են աշխատում, ապա օգնում են միմյանց․ մեկը կարդում է արտագրածը, մյուսը հետևում է բնօրինակին։ Սա անչափ ձանձրալի, հոգնեցուցիչ և քնաբեր աշխատանք է։ Ես պատրաստ եմ պատկերացնելու, որ ժրավյուն մարդկանց հաար այս գործն ուղղակի անտանելի է։ Օրինակ, ես չեմ կարող հավատալ, որ Բայրոնի նման եռանդուն բանաստեղծը կկարողանար հանգիստ նստել և Բարթլբիի հետ ստուգել, ասենք, հինգ հարյուր էջից բաղկացած փաստաթուղթը, այն էլ՝ գրված մանր ձեռագրով։
 
Երբեմն, շտապելիս, սովորություն ունեի ինքս ստուգելու որևէ կարճ փաստաթղթի ճշտությունը, և այդ նպատակով կանչում էի Հնդկահավին կամ Աքցանին։ Բարթլբիին վարագույրի ետևում նստեցնելով՝ ես հույս ունեի նման աննշան պարագաներում օգտվել գրագրի ծառայությունից։ Նրա աշխատանքի, կարծեմ, երրորդ օրն էր․ ոչ մի անհրաժեշտություն չկար ստուգելու նրա ձեռագիրը, պարզապես ցանկանում էի որքան հնարավոր է շուտ ազատվել ձեռքիս տակ եղած գործից, ուստի կանչեցի Բարթլբիին։ Շտապելով և վայրկենական պատրաստակամության բնական ակնկալությամբ՝ գլուխս հակել էի գրասեղանին դրված բնօրինակին, աջ ձեռքս գրչագրի հետ տարածած, այնպես որ Բարթլբին վարագույրի ետևից հայտնվելով՝ կարող էր առանց հապաղելու և ժամանակ կորցնելու վերցնել այն։ Ահա այդպիսի դիրքով նստած ես կանչեցի Բարթլբիին՝ թռուցիկ կերպով նշելով կանչելուս նպատակը, այն է՝ մի փոքրիկ փաստաթուղթ ստուգելու ինձ հետ։ Պատկերացրեք իմ զարմանքը, ավելին, իմ սարսափը, երբ, առանց իր մենությունից դուրս գալու, Բարթլբին մեղմ, բայց հաստատակամ ձայնով ասաց․
 
― Ես գերադասում եմ չանել այդ։