Changes
/* ՍԱՐԴԵՐ ԵՎ ՃԱՆՃԵՐ */
― Այ այնտեղ մի ամբողջ հրդեհ է՝ խարույկներ, ջահեր․ լսո՞ւմ եք, երգում են, տավիղ նվագում․․․
Նրանք երկար ականջ դրեցին և, ի վիճակի չլինելով գայթակղությանը դիմանալ, նորից վեր կացան ու գնացին։ Արդյունքն ավելի քան տխուր եղավ։ Իսկ խնջույքը նախորդներից ավելի ճոխ էր, ավելի շքեղ, նրանց գլխավորում էր անտառի արքան, որ նստած էր տերևներից թագը ոսկեմազ գլխին դրած, ճիշտ֊ճիշտ Բոմբուրի երազի թագավորի պես։ Էլֆերը թասերը փոխանցում էին մեկը մյուսին, ոմանք տավիղ էին նվագում, մյուսները երգում էին։ Նրանց փայլուն մազերին ծաղիկներ էին հյուսած, օձիքների և գոտիների վրա շողշողում էին թանկարժեք քարեր, դեմքերն ու ձայները ուրախություն էին ճառագում։ Երգերն այնքան զրնգուն ու սքանչելի էին, որ Տորինը մտավ շրջանի կենտրոնը․․․
Երգողները խոսքի կեսին լռեցին, մեռելային լռություն տրիեց․․․ բոլոր կրակները հանգան, խարույկների տեղում սև ծխի սյուներ բարձրացան, մրի֊մոխրի փոշին փակեց թզուկների աչքերը։ Անտառը նորից լցվեց սրանց ողբ ու կականով։
Բիլբոն վազվզում էր չորս կողմը և կանչում էր հա կանչում․
― Դորի, Նորի, Օրի, Օյն, Ֆիլի, Կիլի, Բոմբուր, Բիֆուր, Դվալին, Բալին, Տորին Օուքենշի՜լդ․․․
Նրանք, մթության մեջ անտեսանելի, նույնն էին անում, դեռ «Բիլբոն» էլ ավելացնելով։ Բայց աստիճանաբար թզուկների ձայները մարեցին, հեռացան, հետո, ինչպես հոբիտին թվաց, օգնություն հայցող վայնասունի վերածվեցին, ապա ամեն ինչ սսկվեց, և Բիլբոն մենակ մնաց լիակատար լռության ու մթության մեջ։
Սա նրա կյանքի ամենածանր պահերից մեկն էր։ Բիլբոն բավական արագ որոշեց, որ մինչև առավոտ ոչինչ անել պետք չէ, անիմաստ է մթության մեջ խարխափել և ուժասպառ լինել․ ան էլ նախաճաշի ոչ մի հույս չունենալով, որպեսզի ուժերը վերականգնի։ Բիլբոն նստեց, մեջքով հենվեց ծառին և, արդեն քանիերորդ անգամ, հիշեց իր հեռավոր բույնը, լեփլեցուն մառանները։ Նա խորասուզվեց խոզապուխտի, ձվերի, բոված հացի մասին իր երազանքների մեջ, երբ հանկարծ զգաց ինչ֊որ մեկի հպումը։ Նրա ձեռքին ինչ֊որ ամուր մածուցիկ պարան սեղմվեց, իսկ երբ նա փորձեց վեր կենալ, տեղունտեղն ընկավ, քանի որ նրա ոտքերը խճճվել էին էլի նույն գարշանքով։
Եվ հանկարծ նրա թիկունքից մի հաղթանդամ սարդ հայտնվեց։ Սա էր, որ մինչ ինքը ննջում էր, իրեն փաթաթել էր սարդոստայնով։ Բիլբոն տեսնում էր նրա աչքերը, զգում, թե ինչպես են հպվում իրեն փրչոտ թաթերը․ սարդը շատ բարեխղճորեն աշխատում էր՝ Բիլբոյին փաթաթում էր զզվելի թելերով։ Լավ էր, որ Բիլբոն ժամանակին սթափվեց՝ մեկ րոպե ևս, և նա արդեն շարժվել չէր կարողանա։ Եվ այն ժամանակ սարդը թույն կներարկեր, ինչպես սովորական սարդերը անում են ճանճերին։ Բիլբոն բռունքցներով սկսեց քաջաբար կռվել նողկալի արարածի հետ ու հանկարծ դաշույնը միտն ընկավ։ Հենց որ նա դուրս քաշեց դաշույնը, սարդը ետ թռավ, իսկ Բիլբոն այդ ժամանակ կտրատեց իրեն փաթաթված թելերը։ Այժմ հարձակվելու հերթը իրենն էր, և գրոհեց սարդի վրա։ Եթե սարդն իմանար, թե իրեն ինչ է սպառնում, ապա իսկույն կծլկեր, բայց նա հաստատ այդպիսի խայթով «որսի» սովոր չէր, և Բիլբոն հասցրեց դաշույնով հարվածել նրա գլխին։ Սարդը թռչկոտեց, պար եկավ, թաթերը ահավոր ցնցեց, այդ ժամանակ Բիլբոն երկրորդ հարվածով նրան տապալեց գետնին։ Բայց ինքն էլ տեղնուտեղն ընկավ և երկար ժամաակ գիտակցությունը կորցրեց։
Երբ նա ուշքի եկավ, շուրջը սովորական ցերեկային աղոտ կիսամութ էր։ Սարդը ընկած էր կողքին, դաշույնի բերանը սև խալերով էր պատված։ Սպանել հսկայական սարդին մթության մեջ, միայնակ, առանց կախարդի, առանց թզուկների կամ որևէ մեկի օգնության, դա, պետք է ասեմ, միստր Բեգինսի կյանքում չլսված իրադարձություն էր։ Նա իրեն բոլորովին ուրիշ էր զգում, առավել քաջ ու անողոք։ Նա դաշույնը խոտերին քսելով մաքրեց և դրեց պատյանը։
― Այսուհետ ես քեզ Խայթ եմ անվանելու,― ասաց նա դաշույնին։
Հետո գնաց հետախուզության։ Անտառում անդորրն էր թագավորում։ Ամենից առաջ հարկ էր բարեկամներին փնտրել․ նրանք գնալ չէին կարող, եթե, իհարկե, նրանց գերի չէին վերցրել էլֆերը կամ ավելի վատթար որևէ մեկը։ Բիլբոն հասկանում էր, որ գոռալն այնտեղ վտանգից զերծ չէ, դրա համար էլ երկար կանգնել էր տեղում ու մտածում էր, թե որ կողմում է արահետն ու որ կողմ շարժվել թզուկներին փնտրելու համար։
«Ինչո՞ւ մենք չլսեցինք Բեորնի ու Հենդալֆի խորհուրդները,― իրեն կոտրում էր նա։― Իսկ հիմա ամեն ինչ խճճեցինք։ «Մենք»։ Լավ է, եթե «մենք» լինենք, թե չէ մենակ շատ սարսափելի է»։
Վերջապես նա հիշեց, թե գիշերը որտեղից էին գալիս օգնության կանչող ճիչերը․ բարեբախտաբար (իսկ դա նրա հետ գալիս էր ծնված օրվանից) մի քիչ ավելի, մի քիչ պակաս, բայց ճիշտ որոշեց տեղը և իսկույն էլ սկսեց զգուշությամբ շարժվել այդ ուղղությամբ։ Ինչպես արդեն շատ անգամ ասել եմ, հոբիտները գիտեն անտառում քայլել, ինչպես ոչ ոք, բացի դրանից Բիլբոն դրել էր մատանին։
Նա զգուշորեն գաղտագողի գնաց այնքան ժամանակ, մինչև առջևում մի սև գունդ նշմարեց․ շատ թանձր սև՝ նույնիսկ Սև Անտառի համար, ասես մութ գիշերվա մի կտոր լիներ, որ մոռացել էր օրը բացելու հետ ցրվել։ Մոտիկ գնալով՝ նա հասկացավ, որ դա սարդոստայն է, մի քանի շերտ իրար վրա փաթաթված։ Եվ այստեղ նա իր վերևում սարդեր տեսավ՝ հսկայական, ահավոր, սարսափելի, իրենց համար նստած էին ճյուղերին։ Բիլբոն դողաց․ մատանին՝ մատանի, բայց հանկարծ ու իր հոտն առնե՞ն․․․ Ծառի ետևում կանգնած, որոշ ժամանակ դիտում էր նրանց անտառի լռության ու անդորրի մեջ և հանկարծ հասկացավ, որ զազրելի արարածները խոսում են իրար հետ։ Նրանց ձայները բարակ ճռռոցի ու սուլոցի էին նմանվում․ բայց Բիլբոն տարբերեց բառերը։ Նրանք թզուկների մասին էին խոսում։
― Թեժ էր կռիվը, բայց թե արժեր,― ասաց մեկը։― Համա թե պինդ է դրանց կաշին։ Փոխարենը ներսից հաստատ հյութեղ կլինեն։
― Այո, այո, մի քիչ կախված կմնան՝ ավելի կհամովանան,― հաստատեց մյուսը։
― Չափից ավելի չպահեք նրանց,― ձայն տվեց երրորդը,― որ չչորանան, թե չէ ինչ֊որ նիհար֊միհար են։ Երևի վատ են սնվել վերջին ժամանակները։
― Հիմա սպանենք դրանց, ասում եմ ձեզ,― սուլեց չորրորդը,― իսկ հետո թող սատկած մնան կախված։
― Դե նրանք առանց այդ էլ սատկած են։ Հավատացեք ինձ,― առարկեց առաջինը։
― Իսկի էլ սատկած չեն։ Նոր մեկը շուռումուռ էր գալիս, երևում է ուշքի է եկել։ Գնանք, ցույց տամ։
Եվ գեր սարդը արագ վազեց ճյուղի մոտ, որից կողք կողքի կախված էին մի դյուժին մեծ֊մեծ փաթեթներ։ Նոր միայն Բիլբոն նրանց նկատեց ծառի ստվերում և սարսափեց․ փաթեթներից դուրս էին ցցված՝ մեկից թզուկի ոտք, մեկից՝ քիթ, մյուսից մորուքի ծայրը, մեկ ուրիշից՝ կնգուղը։
Սարդը ուղղվեց դեպի ամենամեծ փաթեթը։
«Երևի թե խեղճ Բոմբուրն է»,― մտածեց Բիլբոն։
Սարդը ուժեղ կսմթեց Բոմբուրի քթի ծայրը։ Անտարակույս Բոմբուրը կենդանի էր։ Մի խուլ վայնասուն լսվեց և դուրս ցցված ոտքը դիպուկ քացի տվեց սարդին։ Այնպիսի մի ձայն լսվեց, ասես խփեցին փուքսը բաց թողնող ֆուտբոլի գնդակին․ կատաղած սարդը ճյուղից ցած ընկավ, բայց ժամանակին կառչեց սեփական ոստայնի թելից։
Մնացածները հռհռացին։
― Դու ճիշտ ես,― ասացին նրանք,― նախաճաշը ողջ֊առողջ է և քացի֊քացի է անում։
― Հիմա կդադարեցնի,― չարությամբ ֆշշացրեց սարդը և սողաց վերև։
Բիլբոն հասկացավ, որ գործելու ժամանակն է։ Մինչև սարդերը հասնել չէր կարող, կրակելու համար ոչինչ չուներ։ Ետ նայելով՝ մի փոսորակ տեսավ, ըստ երևույթին չորացած առվի հուն էր, որտեղ շատ քար կար։ Բիլբոն քար նետելու վարպետ էր։ Երկար չմտածելով՝ նա վերցրեց ձվի նման ողորկ մի քար, որ շատ հարմար տեղավորվեց ափի մեջ։ Տղա ժամանակ Բիլբոն շատ էր վարժություններ արել՝ տարբեր առարակների վրա քարեր շպրտելով, այնպես որ ճագարները, սկյուռներն ու թռչունները դեռ նրա կռանալը տեսնելուն պես խելակորույս փախչում ու թռչում էին զանազան կողմեր։ Մեծանալով՝ նա շատ ժամանակ էր տրամարդում օղեր ու տեգեր նետելու, ձողիկին կրակելու, կեգլի, գնդակ խաղալու և նետելու ու շպրտելու բնույթի ուրիշ շատ խաղերին։ Առհասարակ Բիլբոն շատ բան գիտեր, բացի նրանից, որ ծխի օղակներ էր բաց թողնում, հանելուկներ էր լուծում և եփութափ անում։ Ուղղակի ես առաջ ժամանակ չունեի այդ բոլորի մասին պատմելու։ Հիմա էլ ժամանակ չունեմ։ Մինչև նա քարեր էր ընտրում, սարդը հասավ Բոմբուրին, և մի րոպե հետո նրա երգը երգվելու էր։ Այստեղ Բիլբոն քարը նետեց։ Թըրը՛խկ։ Քարը կպավ սարդի գագաթին, և նա անզգա, ճանկերը չռած, թրմփաց գետնին։
Երկրորդ քարը սուլոցով պատռեց մեծ սարդոստայնը և տեղնուտեղը սպանեց կենտրունում նստած սարդին։ Խուճապն ընկավ սարդերի գաղութը, և միառժամանակ, կարող եմ ձեզ հավատացնել, նարնք թզուկների մասին մտածել անգամ մոռացան։ Բիլբոյին տեսնել չէին կարող։ Բայց հասկացան, թե որ կողմից են քարերը թռչում։ Կայծակի արագությամբ նրանք սլացան ճյուղերի վրայով՝ բոլոր ուղղություններով ոստայն նետելով։ Տարածությունը լցվեց մահաբեր ճոճանակներով։
Բայց Բիլբոն արդեն ուրիշ տեղ վազեց։ Նա սարդերին գժվեցնելու, գրգռելու, ինչպես հարկն է բարկացնելու ցանկություն ունեցավ։ Երբ այնտեղ, ուր մինչ այդ կանգնած էր նա, մոտ հիսուն սարդ հավաքվեց, Բիլբոն սկսեց նրանց վրա քարեր շպրտել, իսկ հետո ծառերի արանքում պարելով երգեց, որպեսզի գրավի սարդերի, ինչպես նաև թզուկների ուշադրությունը
Գեր սարդը ճյուղից
Կախվել է ներքև
Եվ ինձ չի տեսնում
Օրը ցերեկով։
Հեյ, հիմար ծերուկ,
Լսո՞ւմ ես դու ինձ,
Թող ոստայնը քո,
Եկ իմ ետևից։
Երևի այնքան էլ հաջողակ երգ չէր զայրացնելու համար, բայց մի՛ մոռացեք, որ ինքն էր հնարել, հանպատրաստից, ամենաանպատեհ պահին։ Երգն իր գործը տեսավ․ մինչև Բիլբոն երգում էր, քարեր նետում և ոտքերով դոփում, տառացիորեն բոլորը նետվեցին դեպի նա։ Ոմանք թռան ներքև ու վազեցին գետնի վրայով, մյուսները սուրում էին ճյուղերով և թափ առնելով թռչում ծառից ծառ, երրորդները նոր թելեր էինգ գցում մթին տարածության մեջ։ Սարդերն առավել ճարպիկ դուրս եկան, քան սպասում էր Բիլբոն։ Նրանք ախր շա՜տ էին չարացել։ Առաջինը՝ քարերը նրանց դուր չեկան, երկրորդը՝ սարդերը տանել չեն կարողանում, երբ նարցն «գեր սարդ» են անվանում, դե դե իսկ արդեն «ծեր հիմարը» ում էլ ասես դուր չի գա։
Բիլբոն նետվեց նոր տեղ, բայց սարդերը ցրվեցին ամբողջ բացատով մեկ և արագ֊արագ սկսեցին ոստայն հյուսել ծառաբների միջև։ Ըստ երևույթին նրանց մտահաղացումն այսպիսին էր․ շատ շուտով հոբիտը անխուսափելիորեն կհայտնվի ծուղակում և նրա ճանապարհը փակված կլինի։ Բայց բոլոր կողմերից իրեն հետապնդող միջատնեորվ շրջապատված Բիլբոն իր մեջ ուժ գտավ ևս մի երգ փգելու․
Ցանց են հյուսում ինձ համար
Եվ իմ շուրջը տարածում,
Սակայն զուր է ամեն ինչ,
Ինձ չեն տեսնի այդ ցանցում։
Ահա և ես։ Դե փորձեք
Պոկվել խարդախ ձեր թելից։
Հիմար, ծերուկ սարդուկներ,
Դե վազեք իմ ետևից։
Այստեղ նա շրջվեց և տեսավ, որ երկու բարձր ծառերի միջև գտնվող վերջին ազատ տարածությունը ևս պարուրված է սարդոստայնի թելերով, բայց բարեբախտաբար, ոչ թե իսկական խիտ ցանցով, այլ առանձին հաստ թելերով՝ փութկոտ այս ու այն կողմ ձգված։ Բիլբոն հանեց դաշույնը, կտրատեց դրանք և երգելով փախավ։
Սարդերը դաշույնը նկատեցին և, չնայած հազիվ թե հասկացած լինեին դրա ինչ լինելը, ամբողջ բազմությամբ ընկան հոբիտի ետևից՝ գետնի երեսով և ճյուղերի վրայով․ մազոտ թաթերը երևում֊անհետանում էին, ծնոտները շխկ֊շխկում էին, աչքերն ակնակապիճներից դուրս էին թռչում, սարդերը կատաղությունից շնչահեղձ էին լինում։
Բիլբոն վազեց անտառի խորքը, հետո անաղմուկ, թաքուն թեքվեց մի կողմ, իսկ սարդերը շարունակեցին նույն ուղղությամբ առաջ սուրալ։
Բիլբոյի ժամանակը շատ սուղ էր․ շուտով հուսախաբված սարդերը, նրան կորցնելով, կվերադառնային թզուկների մոտ։ Մինչ այդ նա պետք է հասցնի փրկել իր բարեկամներին։ Ամենադժվարը այն երկար ճյուղի վրա բարձրանալն էր, որից կախված՝ ճոճվում էին փաթեթները։ Կասկածում եմ, թե նա կարողանար այդ բանն անել, եթե ճյուղից կախված չլիներ սարդերից մեկի անզգուշորեն թողած կպչուն ոստայնաթելը։ Բիլբոն ձեռքերի մաշկը պլոկելով, այդ թելով վեր մագլցեց և քիթ֊քիթ դեմ առավ գերիներին հսկող մի ծեր, չաղ, զզվելի սարդի։ Սրա զբաղմունքն այն էր, որ ժամանակ առ ժամանակ կսմթում էր նրանց, որ իմանա, թե որն է ավելի հյութեղ։ Եվ հենց այն է, մտածում էր մինչև մյուսների վերադարձը համտես անի, երբ հանկարծ միստր Բեգինսը, առանց երկար֊բարակ մտածելու, դաշույնը խրեց նրա փորը, և սարդը ցած թրմփաց ծառից։
Հաջորդ խնդիրն էր ազատել մոտակա թզուկին։ Բայց ինչպե՞ս։ Կտրեր թե՞լը, որից կախված է նա։ Խեղճն այդ մեծ բարձրությունից ներքև կընկնի։ Բիլբոն սողաց մինչև առաջին փաթեթը, ճյուղը շարժելով, որից թզուկները ցնցվում ու ճոճվում էին։ «Ֆիլին է կամ Կիլին,― մտածեց Բիլբոն՝ երկնագույն կնգուղի ծայրը տեսնելով։― Ավելի շուտ՝ Ֆիլին է»,― որոշեց նա, զննելով փաթեթից ցցված երկար սուր քիթը։ Կռանալով՝ Բիլբոն հաջողությամբ կտրատեց բոլոր ամուր, կպչուն թելերը, որ պարուրել էին Ֆիլիին, և վերջինս քացի֊քացի անելով հայտնվեց Բիլբոյի առջև։ Ենթադրում եմ, որ Բիլբոն, չկարողանալով իրեն զսպել ծիծաղեց, տեսնելով, թե ինչպես է Ֆիլին թափահարում ընդարմացած ոտքերն ու ձեռքերը և պարում թևատակերից կապած թելի վրա, ճիշտ֊ճիշտ պարող խաղալիքի նման։
Վերջապես Ֆիլին Բիլբոյի օգնությամբ բարձրացավ ճյուղին և իրեն լավ դրսևորեց․ օգնեց հոբիտին՝ մնացած թզուկներին ազատելու, չնայած որ շատ վատ էր զգում։ Նրա սիրտը խառնում էր սարդի թույնից և այն բանից, որ կես օր ու կես գիշեր կախված պտտվել էր իր առանցքի շուրջը և շնչել միայն քթով։ Նրան այդպես էլ միանգամից չհաջողվեց կպչուն ոստայնաթելերը մաքրել ունքերի և արտևանունքների վրայից, իսկ մորուքը առավել ևս չէր մաքրվում, հետո ստիպված եղավ տեղ֊տեղ կտրել։ Եվ այսպես նրանք սկսեցին հերթով ճյուղի վրա քաշել թզուկներին և ազատել բոժոժից։ Բոլորը նույնքան վատ էին զգում, որքան Ֆիլին, իսկ ում քիթն ավելի կարճ էր կամ ով թույնի ավելի մեծ բաժին էր ստացել, առավել ևս վատ։
Այս եղանակով նրանք ազատեցին Կիլիին, Բիֆուրին, Բոֆուրին, Դորիին և Նորիին։ Խեղճ Բոմբուրն այնքան տանջահար էր (նրան, որպես ամենագիրուկի, բոլորից շատ էին կսմթել), որ ճյուղից գլորվեց, թրմփաց գետնին, տերևների կույտի վրա, և մնաց անշարժ պառկած։ Բայց հինգ թզուկ դեռ ճոճվում էին ճյուղի ծայրին, երբ սարդերը, է՛լ ավելի կատաղած, սկսեցին վերադառնալ։
Բիլբոն իսկույն ետ վազեց ճյուղի վրայով ու սկես դաշույնով ետ մղել վեր բարձրացող սարդերին։ Բայց Ֆիլիին ազատելիս նա մատանին հանել էր ու մոռացել էր դնել մատին, այնպես որ սարդերն այժմ նրան տեսան և թուք շաղ տալով սուլեցին․
― Մենք քեզ տեսնում ենք, օձի ձագ․․․ Մենք քո արյունն այնպես կծծենք, որ միայն ոսկորներդ ու կաշիդ մնա։ Ո՜ւխ։ Նա Խայթ ունի։ Թող լինի։ Միևնույն է, մենք նրան մեր ճանկը կգցենք, գլխիվայր կկախենք մեկ֊երկու օր․․․
Այդ միջոցին ազատված թզուկները աշխատում էին․ դանակներով կտրում էին մնացած գերիների կապերը։ Մի քիչ էլ՝ և բոլորն ազատ կլինեն։
Իսկ հետո՞։ Սարդերը նրանց բավական հեշտ որսացին, բայց դա գիշերն էր, մթության մեջ, հանկարծակիի բերելով։ Իսկ այս անգամ մահացու կռվի հոտ էր գալիս։
― Ցած, ցած իջեք,― գոռաց Բիլբոն թզուկներին։― Այդ տեղ մի՛ նստեք, հիմա ձեզ ցանցի մեջ կառնեն։
Սարդերը հոծ խմբով մագլցում էին հարևան ծառերը և սողում թզուկների գլխավերևի ճյուղերին։
Թզուկները վայրկենապես թռան կամ ընկան ցած, բոլոր տասնմեկն էլ, մի կույտով։ Նրանք հազիվ էին ոտքի վրա կանգնում, այնքան որ թույլ էին։ Այժմ բոլորը հայտնվեցին գետնին, հաստլիկ Բոմբուրն էլ հետները հաշված, որին կողքերից պահում էին նրա զարմիկները՝ Բիֆուրն ու Բոֆուրը։ Բիլբոն թռչկոտում էր նրանց շուրջը, իր Խայթը թափահարելով, իսկ հարյուրավոր մոլեգնած սարդեր աչքերը չռել էին նրանց վրա՝ բոլոր կողմերից․ կողքերից, վերևից, ներքևից։ Դրությունն անհուսալի էր թվում։
Եվ այստեղ մարտն սկսվեց։ Թզուկներից մի քանիսի մոտ դանակներ կային, մյուսների մոտ՝ փայտեր, շուրջը լիքը քար էր թափված, իսկ Բիլբոյի ձեռքին էլֆյան դաշույնն էր։ Նրանք մեկը մյուսի հետևից ետ մղեցին սարդերի գրոհները և շատերին ջարդեցին։ Բայց այդպես երկար շարունակվել չէր կարող։
Բիլբոն բոլորովին հալից ընկել էր, թզուկներից միայն չորսն էին ոտքի վրա ամուր կանգնած, սարդերն անխուսափելիորեն հաղթելու էին բոլորին, ինչպես ուժասպառ եղած ճանճերի։
Բիլբոնյին, որ գլուխ էր ջարդում շարունակ, թե ինչ պետք է լինի հետո, մնում էր միայն թզուկներին հայտնել իր մատանու գաղտնիքը։ Ցավալի էր, բայց ուրիշ ելք չկար։
― Հիմա ես կանհետանամ,― ասաց նա։― Կաշխատեմ սարդերին իմ կողմքը քաշել, իսկ դուք բոլորդ միասին եղեք և ճեղքեք դուրս եկեք հակառակ ուղղությամբ, ձախ, մոտավորապես այնտեղ, ուր մենք տեսանք էլֆերի խարույկները։
Բիլբոն մեծ դժվարությամբ սա մտցրեց նրանց գլուխը, քանի որ նրանք օդում կախվելուց, գոռգոռալուց, քարեր նետելուց ու փայտեր ճոճելուց բթացել էին։
Դանդաղել չէր կարելի․ սարդերը նրանց ավելի ու ավելի խիտ էին շրջապատում։ Բիլբոն դրեց մատանինև, ի մեծ զարմանք թզուկների, վարկենապես անհետացավ։
Նույն պահին ծառերի միջից լսվեց «գեր սարդ», «ծեր հիմար»։ Դա սարդերի մեջ խառնաշփոթություն առաջացրեց։
Նրանք կանգ առան։ Մի քանիսը վազեցին փայնի կողմը։ «Ծեր հիմար» խոսքը նրանց բոլորովին հանեց համբերությունից, նրանք ուղղակի գլուխները կորցրին։ Բալինը, մյուսներից շուտ գլխի ընկնելով, թե որն է Բիլբոյի պլանը, թզուկներին գրոհի տարավ։ Թզուկները հավաքվեցին հոծ խմբով և, քարերի տարափ տեղալով, սարդերին ետ մղեցին ու ճեղքեցին նրանց պատնեշը։
Հակառակ կողմում երգն ու ճիչերը հանկարծ դադարեցին։ Աղոթելով, որպեսզի Բիլբոյին սարդերը չբռնեն, թզուկները շարժվեցին առաջ։ Չափազանց դանդաղ․․․ Նրանք ուժասպառ էին եղել և արդեն հազիվահզ էին քարշ գալիս, իսկ սարդերը կրնկակոխ հետևում էին։ Թզուկները ստիպված էին մի գլուխ շուռ գալ և վանել թշնամուն։ Շատ սարդեր ճյուղերի վրայով վազում էին նրանց գլխավերևում երկար, կպչուն թելեր ցած գցելով։
Դրությունը գնալով ծանրանաում էր, երբ հանկարծ հայտնվեց Բիլբոն և անսպասելի կողքից հարձակվեց սարդերի վրա։
― Վազեք առաջ,― գոռաց նա։― Ես սրանց կպահեմ։
Եվ, պահեց նարնց։ Նա ետ ու առաջ էր նետվում՝ կտրատելով թելերը, կտոր֊կտոր անելով ճանկերը, ծակծկելով նրանց գեր մարմինները․․․ Սարդերը կատաղությունից փքվում էին, ֆշշացնում էին ու թքում, սարսափելի անեծքներ էին տեղում, բայց Խայթը այնպիսի ահ էր ներշնչում, որ նրանք մոտենալ չէին համարձակվում։ Ոչ մի անեծք չօգնեց․ որսը դանդաղ, բայց հաստատապես ձեռնքերից դուրս էր գալիս։
Սարսափելի մարտը երկար տևեց, երևի մի քանի ժամ։ Վերջապես, երբ Բիլբոն զգաց, որ այլևս չի կարող ո՛չ ձեռքերը բարձրացնել, ո՛չ էլ գոնե մի հարված հասցնել, հետապնդողները հանկարծ նրանց հանգիստ թողեցին և հուսախաբված, ուղևորվեցին դեպի տուն՝ անտառի իրենց մութ անկյունը։
Եվ այդ ժամանակ թզուկները նկատեցին, որ գտնվում են բացատի եզրին, որտեղ առաջ էլֆերի խարույկներ էին վառվում։ Նրանք մտածեցին, որ այստեղ բարի կախարդանք է թաքնված, և դա սարդերի սրտով չէ։ Այստեղ ճամփորդները կարող էին հանգստանալ և լիաթոք շնչել։
Նրանք այդպես էլ արեցին։ Բայց հանգստանալուց հետո Բիլբոյին նեղեցին հարցերով, ամենակարևորը՝ նա ինչպե՞ս կարողացավ անհետանալ։ Մատանու պատմությունը նրանց այնպես էր հետաքրքրել, որ աշխարհում ամեն ինչ մոռացել էին։ Բալինը պահանջեց նորից պատմել Գոլլումի դեպքը, հանելուկները, և առհասարակ ամեն ինչ, հենց սկզբից, բայց այնպես, որ մատանին իր պատշաճ տեղը գրավի։ Շուտով լույսն սկսեց աղոտանալ, և այդ ժամանակ այլ հարցեր տեղացին․ որտե՞ղ են իրենք, որտե՞ղ է արահետը, որտեղի՞ց ուտելիք ճարել, հետ ի՞նչ են անելու։ Այս բոլոր հարցերն այժմ նրանց Բիլբոյին էին տալիս և բացաահայտորեն նրանից պատասխան սպասում։ Ինչպես տեսնում եք, նրանք խիստ փոխել էին իրենց կարծիքը միստր Բեգինսի մասին և (ինչպես կանխագուշակել էր Հենդալֆը) հարգանքով էին լցված նրա հանդեպ։ Այժմ նրանք չէին փնթփնթում Բիլբոյի վրա, այլ սպասում էին, որ նա որևէ ցնցող պլան առաջարկի։ Նրանք շատ լավ էին հասկանում, որ եթե հոբիտը չլիներ, իրենք այժմ կենդանի չէին լինի, դրա համար էլ նորից ու նորից շնորհակալություն էին հայտնեցին նրան։ Մեկը նույնիսկ խոնարհվեց նրա առաջ, բայց թուլությունից չկարողացավ ոտքերի վրա մնալ և բերանքսիվայր ընկավ գետին։
Մատանու պատմությունը բոլորովին չգցեց Բիլբոյին նրանց աչքում․ նրանք հասկացան, որ բացի հաջողությունից ու մատանուց, նա խելք ու հնարամտություն էլ ունի, առանց որոնց ոչինչ չի ստացվի։ Նրանք այնքան գովաբանեցին Բիլբոյին, որ նա իսկապես էլ իրեն խիզախ արկած որոնող զգաց, իսկ եթե ուտելու մի բան էլ գտնվեր, նա ավելի խիզախ կլիներ։