Changes

1984

Ավելացվել է 68 968 բայտ, 12:47, 20 Մարտի 2018
/* Մաս I */
Այդ պահին հեռէկրանը ծակող սուլոց արձակեց։ Աշխատանքին վերադառնալու ազդանշանն էր։ Երեքն էլ վեր թռան, որպեսզի միանան սկսված հրմշտոցին, և մնացած ծխախոտը թափվեց Ուինսթոնի սիգարետից։
 
=== VI ===
''Ազատությունը երկուսին զումարած երկու հավասար է չորսի ասելու հնարավորությունն է: Եթե դա թույլատրվի, մնացած ամեն ինչ կբխի դրանից։''
 
 
=== VIII ===
 
Ինչ-որ տեղից՝ միջանցքի խորքից, դեպի փողոց փչեց բոված սուրճի բույրը, իսկական, ոչ թե «Հաղթանակ» սուրճի։ Ուինսթոնն ակամա կանգ առավ։ Մոտ երկու վայրկյանով նա վերադարձավ իր մանկության գրեթե մոռացված աշխարհ։ Հետո դուռը շրխկոցով փակվեց ու ասես կտրեց բույրը, ինչպես հնչյուն։
 
Նա մի քանի կիլոմետր քայլել էր մայթերով, ու երակային վերքը տրոփում էր։ Երեք շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ բաց էր թողնում Հանրային կենտրոնում կազմակերպված երեկոն. անխոհեմ քայլ էր, քանի որ կասկածից վեր է, որ այցելությունները Կենտրոն խնամքով հաշվվում են: Սկզբունքորեն Կուսակցության անդամն ազատ ժամանակ չուներ և երբեք մենակ չէր մնում, միայն անկողնում: Ենթադրվում էր, որ երբ չի աշխատում, չի ուտում կամ քնում, ուրեմն մասնակցում է որևէ հանրային զվարճանքի. փոքր-ինչ վտանգավոր էր զբաղվել մի գործով, որը ենթադրում էր մենակության հակում, նույնիսկ մենակ զբոսանքի գնալը: Նորալեզվում անգամ այդպիսի բառ կար՝ ''սեփակյանք'', որը նշանակում էր անհատականություն և արտասովորություն: Բայց այս երեկո նախարարությունից դուրս գալիս ապրիլյան օդի քնքշությունը գայթակղեց նրան: Այդպիսի ջերմ կապույտ երկինք դեռ չէր տեսել այդ տարի, և հանկարծ երկարատև, աղմկոտ երեկոն Կենտրոնում, ձանձրալի ու հոգնեցնող խաղերը, դասախոսությունները, ջինով օծված, բայց ճռճռան ընկերությունը անտանելի թվացին: Մի ներքին մղումով նա հեռացել էր ավտոբուսի կանգառից ու թափառել էր Լոնդոնի լաբիրինթոսում, նախ՝ դեպի հարավ, հետո՝ արևելք, հետո՝ նորից հյուսիս, և կորել էր անհայտ փողոցներում՝ չմտահոգվելով, թե ինչ ուղղությամբ է գնում:
 
Նա իր օրագրում գրել էր. «Եթե կա հույս, ապա հույսը պրոլներն են»: Այս դարձվածքն անընդհատ պտտվում էր գլխում՝ որպես միստիկական ճշմարտություն ու ակնհայտ անհեթեթություն: Նա ինչ-որ աղոտ, դարչնագույն հետնախորշերում էր՝ երբեմնի Սուրբ Պանկրասի կայարանից հյուսիս-արևելք: Քայլում էր սալարկված փողոցով՝ փոքրիկ երկհարկանի տների մոտով, որոնց խարխուլ մուտքերը բացվում էին ուղիղ մայթի վրա, և որոնք զարմանալիորեն առնետաբներ էին հիշեցնում: Այսուայնտեղ՝ սալարկների արանքում, կեղտաջրով լի փոսեր էին: Մռայլ մուտքերում և դրանցից դուրս, երկկողմ ճյուղավորված նեղ նրբանցքներն ի վար հավաքված էին ապշելու թվով մարդիկ՝ հասուն, ծաղկման շրջանում գտնվող աղջիկներ՝ կոպիտ ներկած շուրթերով, երիտասարդներ, ովքեր հետապնդում էին աղջիկներին, հաստաբեստ շորորուն կանայք, որոնց տեսքից կարելի էր կռահել՝ ինչպիսին կլինեն աղջիկները տասը տարի անց, ծեր, կորացած արարածներ, որոնք օրորվում էին ծուռ ոտքերի վրա, և ցնցոտիապատ ոտաբոբիկ երեխաներ, ովքեր խաղում էին ջրափոսերում, իսկ հետո ցրվում մայրիկների բարկացած ճչոցներից։ Փողոցի պատուհանների գրեթե մեկ քառորդը կոտրված էր ու տախտակապատ։ Համարյա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում Ուինսթոնին, բայց ոմանք ուղեկցում էին զգուշավոր ու հետաքրքրասեր հայացքով։ Երկու խոշորամարմին կին՝ աղյուսագույն թևերը գոգնոցներին կանթած, խոսում էին մուտքի մոտ։ Մոտենալով Ուինսթոնը խոսակցության պատառիկներ լսեց.
 
- Այո՛, ասում եմ նրան, ամեն ինչ շատ լավ է, ասում եմ։ Բայց իմ փոխարեն դու էլ նույնը կանեիր։ Հեշտ է, ասում եմ, քննադատել, րայց որ իմ օրին լինեի՜ր...
 
- Հա՜,- ասաց մյուսը,- ճիշտ է։ Շատ էլ ճիշտ ես ասում։
 
Ճղճղան ձայները կտրուկ դադարեցին։ Կանայք թշնամական լռությամբ ուսումնասիրեցին անցնող Ուինսթոնին։ Ավելի ճիշտ՝ ոչ թե թշնամություն էր, այլ զգուշություն, վայրկենական քարացում, ինչպես պատահում է, երբ կողքից ինչ-որ անծանոթ կենդանի է անցնում։ Կուսակցության կապույտ տաբատը սովորական երևույթ չէր նման փողոցում։ Իսկապես, նման վայրում հայտնվելն անխոհեմություն էր, եթե, իհարկե, չես եկել որոշակի գործով։ Պարեկախումբը կարող է կանգնեցնել, եթե պատահաբար հանդիպես նրանց։ «Կարելի՞ է ձեր փաստաթղթերը, ընկե՛ր։ Ի՞նչ եք անում այստեղ։ Ժամը քանիսի՞ն եք դուրս եկել աշխատանքից։ Սա ձեր տան սովորական ճանապա՞րհն է», և այլն, և այլն։ Իհարկե, ոչ սովորական ճանապարհով տուն գնալն արգելող ոչ մի օրենք չկար, բայց բավական էր Մտքի ոստիկանությունը լսեր այդ մասին, և ձեզ վրա ուշադրություն կսևեռեիք։
 
Հանկարծ ամբողջ փողոցը սկսեց խլրտալ։ Բոլոր կողմերից նախազգուշացնող ճիչեր լսվեցին։ Մարդիկ ճագարների պես պահ մտան իրենց տներում։ Ուինսթոնից մի քայլի վրա մի երիտասարդ կին դուրս թռավ մուտքից, բռնեց ջրափոսում խաղացող փոքրիկ երեխային, գոգնոցով փաթաթեց ու հետ սուրաց, ամեն ինչ ասես մեկ շարժումով կատարվեց։ Նույն ակնթարթում հարևան ծառուղուց հայտնվեց ակորդեոն հիշեցնող սև կոստյումով մի տղամարդ, վազեց Ուինսթոնի ուղղությամբ՝ հուզված ցույց տալով դեպի երկինք։
 
- Շոգենա՜վ,- ճչաց նա։- Նայի՛ր, ղեկավա՛ր։ Հիմա կընկնի գլխներիս։ Արագ պառկեք։
 
Չգիտես ինչու, պրոլները հրթիռին «շոգենավ» էին ասում։ Ուինսթոնը բերանքսիվայր ընկավ գետնին։ Պրոլները գրեթե միշտ իրավացի էին, երբ զգուշացնում էին նման բաներից։ Նրանք օժտված էին ինչ-որ բնազդով, որը մի քանի վայրկյան առաջ հայտնում էր հրթիռի մոտենալու մասին, չնայած ենթադրվում էր, որ հրթիռը ձայնից արագ է սլանում։ Ուինսթոնը թևերով ծածկեց գլուխը։ Այնպիսի թնդյուն լսվեց, որն ասես ցնցեց մայթը. թեթև առարկաների տարափ տեղաց մեջքին։ Երբ ոտքի կանգնեց, պարզեց, որ պատված է մոտակա պատուհանի ապակու կտորտանքով։
 
Շարունակեց քայլել։ Ռումբը 200 մետրի վրա մի քանի տուն էր ավերել։ Օդում ծխի սև սյուն էր կանգնած, նրա տակ՝ գիպսափոշու ամպի մեջ, ավերակների շուրջն արդեն մարդիկ էին հավաքվում։ Նրա առաջ՝ մայթի վրա, սվաղի փոքրիկ կույտ էր, որի կենտրոնում Ուինսթոնը բաց կարմիր շերտագիծ տեսավ։ Երբ մոտեցավ, պարզվեց՝ կտրված դաստակ է։ Բացի արյունոտ վերքից՝ ձեռքն ամբողջությամբ սպիտակել էր, ինչպես գիպսե կաղապար։
 
Ոտքով խփեց-գցեց ջրատարը, հետո ամբոխից խուսափելու համար քայլեց աջ՝ նրբանցքն ի վար։ Երեք կամ չորս րոպեում հեռացավ ռումբի ավերած տարածքից. այստեղ՝ փողոցներում, թշվառ, մրջնային կյանքը շարունակվում էր այնպես, ասես ոչինչ էլ չէր պատահել։ Մոտավորապես երեկոյան ութն էր, և խմիչքի խանութները, ուր հաճախում էին պրոլները (դրանք կոչվում էին «պանդոկներ»), լեփ-լեցուն էին հաճախորդներով։ Մրոտ դռներից, որոնք անվերջ բացվում ու փակվում էին, փչում էր մեզի, թեփի ու թթու գարեջրի հոտը։ Շարքից առաջ ընկած շենքի անկյունում կիպ կանգնել էին երեք տղամարդ. մեջտեղինը ձեռքում ծալված թերթ ուներ, որը մյուս երկուսը նրա ուսի վրայից ուսումնասիրում էին։ Ուինսթոնը դեռ այնքան մոտ չէր՝ նրանց դեմքի արտահայտությունը տեսնելու համար, բայց զգում էր, որ մարմնի բոլոր մասերով կլանված են իրենց գործով։ Պարզ էր, որ ինչ-որ կարևոր նորություն են կարդում։ Ուինսթոնը մի քանի քայլ հեռավորության վրա էր, երբ հանկարծ խումբը բաժան-բաժան եղավ, ու տղամարդկանցից երկուսը կատաղի վեճի բռնվեցին։ Մի պահ թվաց՝ կանցնեն բռունցքների։
 
- Բթամի՛տ, չե՞ս լսում՝ ինչ եմ ասում։ Ասում եմ՝ յոթով վերջացող ոչ մի թիվ չի հաղթել տասնչորս ամսվա ընթացքում։
 
- Ես էլ ասում եմ՝ հաղթել է։
 
- Ո՛չ, չի հաղթել։ Տանը ունեմ երկու տարվա բոլոր գրանցումները։ Գրանցում եմ ժամացույցի ճշտությամբ։ Ասում եմ՝ յոթով վերջացող ոչ մի թիվ...
 
- Չէ՛, յոթը հաղթել է։ Կարող եմ նույնիսկ անիծյալ թիվն ասել։ Վերջանում էր չորս զրո յոթով։ Փետրվարին էր։ Փետրվարի երկրորդ շաբաթը։
 
- Փետրվարին քու տատիկը... Գրել եմ սևով սպիտակի վրա։ Ասում եմ քեզ՝ յոթով ոչ մի թիվ...
 
- Դե վե՛րջ տվեք,- ասաց երրորղ տղամարդը։
 
Վիճակախաղի մասին էին խոսում։ Ուինսթոնը հետ նայեց, երբ երեսուն մետր հեռացել էր։ Նրանք դեռ վիճում էին՝ վառվող, կրքոտ դեմքերով: Վիճակախաղը՝ ամեն շաբաթ հանձնվող հսկայական մրցանակներով միակ հանրային իրադարձությունն էր, որին պրոլները լուրջ ուշադրություն էին դարձնում։ Հնարավոր է՝ միլիոնավոր պրոլների համար վիճակախաղն ապրելու գլխավոր, եթե ոչ միակ պատճառն էր։ Դա նրանց բերկրանքն էր, նրանց խենթությունը, նրանց ցավի ամոքումը, նրանց ինտելեկտուալ խթանը։ Երբ հարցը վերաբերում էր վիճակախաղին, նույնիսկ մարդիկ, ովքեր հազիվ էին կարդում ու գրում, ցուցաբերում էին ապշեցուցիչ հիշողություն և բարդ հաշվարկների ունակություն։ Կար մարդկանց մի ամբողջ խումբ, որն ապրուստ էր հայթայթում համակարգեր, կանխատեսումներ ու թալիսմաններ վաճառելով։ Ուինսթոնը ոչ մի կապ չուներ վիճակախաղի հետ, որով զբաղվում էր Առատության նախարարությունը, բայց տեղյակ էր (անշուշտ, Կուսակցությունում բոլորն էին տեղյակ), որ մրցանակները հիմնականում երևակայական էին։ Իրականում վճարվում էին միայն փոքր գումարներ, իսկ մեծ մրցանակների հաղթողները գոյություն չունեցող մարդիկ էին։ Դա դժվար չէր կազմակերպել, քանի որ բացակայում էր որևէ իրական փոխադարձ կապ Օվկիանիայի մասերի միջև։
 
Բայց եթե հույս կա, ապա հույսը պրոլներն էին։ Պետք է կառչել ղրանից։ Երբ բառերով ես արտահայտում, միտքը թվում է բանական. իսկ երբ նայում ես կողքիցդ անցնող մարդ արարածներին, մտածումը վերածվում է հավատի։ Փողոցը, ուր նա թեքվեց, զառիթափ էր։ Այնպիսի զգացողություն ուներ, որ առաջ էլ է եղել այս թաղամասում, և որ մայրուղին մոտակայքում է։ Առջևում՝ ինչ-որ տեղից, գոռգոռոցներ լսվեցին։ Փողոցը կտրուկ թեքվեց, ապա ավարտվեց խուլ նրբանցք տանող մի քանի աստիճանով, ուր մի քանի կրպակատերեր թոշնած բանջարեղեն էին վաճառում։ Այդ պահին Ուինսթոնը հիշեց, թե որտեղ է։ Նրբանցքը տանում էր դեպի գլխավոր փողոց, իսկ հաջորդ խաչմերուկում՝ ընդամենը հինգ րոպեի հեռավորության վրա, հնավաճառի խանութն էր. այնտեղից էր գնել տետրը, որը հիմա իր օրագիրն էր։ Իսկ ոչ հեռու գտնվող գրենական պիտույքների փոքրիկ խանութում գնել էր գրչակոթ ու մի շիշ թանաք։
 
Մի պահ կանգ առավ աստիճանների գլխին։ Նրբանցքի հակառակ կողմում անշուք փոքրիկ պանդոկ էր, որի պատուհաններն առաջին հայացքից եղյամապատ, բայց իրականում ընդամենը պատված էին փոշով; Մի շատ ծեր մարդ՝ կռացած, բայց եռանդուն, ծովախեցգետնի կախված, սպիտակ բեղերով բացեց ճոճվող դուռն ու ներս մտավ: Ուինսթոնը կանգնած հետևում էր, երբ հանկարծ հասկացավ, որ այդ ծեր մարդը, ով առնվազն ութսուն տարեկան էր, միջին տարիքի է եղել, երբ սկսվել է հեղափոխությունը։ Նա և իր նման մի քանիսը կապիտալիզմի անհետացած աշխարհի հետ կապող վերջին թելն էին։ Կուսակցությունում քչերը կային, որոնց գաղափարները ձևավորվել էին մինչ հեղափոխությունը։ Ավագ սերունդը գերազանցապես բնաջնջվել էր հիսունականների ու վաթսունականների մեծ զտումների ժամանակ, և այն քչերը, որ ողջ էին մնացել, շատ վաղուց սարսափից ենթարկվել էին կատարյալ մտավոր կապիտուլյացիայի։ Եթե դեռ կար որևէ ողջ մարդ, ով կարող էր ճշգրիտ նկարագրել դարասկզբի կյանքի պայմանները, ապա դա կարող էր միայն պրոլ լինել։ Հանկարծ Ուինսթոնի մտքում հայտնվեց պատմության գրքի հատվածը, որն արտագրել էր օրագրի մեջ, և համակվեց խելագարի մղումով։ Կմտնի պանդոկ, կծանոթանա ծերունու հետ ու կհարցնի. «Պատմեք՝ ինչպե՞ս էիք ապրում, երբ փոքր էիք։ Ինչպիսի՞ն էր կյանքն այն ժամանակ։ Ավելի լա՞վ քան հիմա, թե՞ ավելի վատ»։
 
Արագ-արագ, որ չհասցնի վախենալ, նա իջավ աստիճաններով և անցավ նեղ փողոցը։ Անշուշտ, այդ ամենը խենթություն էր։ Ինչպես միշտ, պրոլների հետ խոսելն ու պանդոկ հաճախելն արգելող որևէ որոշակի օրենք չկար, բայց անհնար էր, որ այդ արտասովոր գործողությունն աննկատ մնար։ Եթե պարեկախումբը հայտնվի, ինքը կձևացնի, թե հանկարծ տկարություն է զգացել, բայց քիչ հավանական է, որ իրեն կհավատան։ Հրեց-բացեց դուռը, ու դեմքին փչեց թթու գարեջրի գարշելի հոտը։ Երբ ներս մտավ, ժխորը կիսով չափ պակասեց։ Թիկունքում զգում էր, որ բոլորը նայում են իր կապույտ տաբատին։ Սենյակի հակառակ ծայրում շարունակվող տեգախաղը դադարեց ուղիղ երեսուն վայրկյան։ Ծերունին, ում ետևից Ուինսթոնը եկել էր, կանգնած էր բարի մոտ ու վիճում էր բարմենի՝ թիկնեղ, գեր, արծվաքիթ ու հսկայական բազուկներով երիտասարդի հետ: Մի քանիսը, շուրջը կանգնած, ձեռքերին մի-մի բաժակ ջին, հետևում էին տեսարանին։
 
- Կարծեմ պարզ ասացի քեզ, չէ՞,- ասաց ծերուկը՝ կռվի տրամադրությամբ շտկելով ուսերը։- Իսկ դու ասում ես՝ պինտանոց գավաթ չունես անիծյալ պանդոկում։
 
- Գրողը տանի, ի՞նչ է նշանակում պինտա,- հարցրեց բարմենը՝ մատների ծայրերով հենվելով վաճառասեղանին։
 
- Սրա՜ն տեսեք։ Իրեն բարմեն է կոչում ու չգիտի՝ ինչ է պինտան։ Լսի՛ր, պինտան կվարտայի կեսն է, իսկ գալոնի մեջ չորս կվարտա կա։ Մյուս անգամ այբուբենն եմ սովորեցնելու։
 
- Երբեք չէի լսել,- կարճ կապեց բարմենը։- Լիտր ու կես լիտր. մենք այդպես ենք մատուցում։ Բաժակները ձեր դիմաց են՝ դարակի վրա։
 
- Ինձ պինտան է դուր գալիս,- պնդեց ծերունին։- Քեզ համար, ի՞նչ է, դժվա՞ր է մի պինտա գարեջուր տալը։ Երբ ջահել էի, գրողի տարած լիտրեր չկային։
 
- Երբ ջահել էիք, բոլորս ծառերի վրա էինք ապրում,- ասաց բարմենը՝ հայացք նետելով մյուս հաճախորդներին։
 
Բարձր ծիծաղ լսվեց, և Ուինսթոնի մտնելուց ստեղծված անհարմար վիճակը կարծես անցավ։ Ծերունու սպիտակ դեմքը վարդագունել էր։ Նա շրջվեց՝ ինքնիրեն փնթփնթալով, ու բախվեց Ուինսթոնին։ Ուինսթոնը հանդարտ բռնեց նրա թևը։
 
- Կարո՞ղ եմ խմիչք հյուրասիրել,- ասաց նա։
 
- Դուք ազնվազարմ մարդ եք,– ասաց ծերուկը՝ դարձյալ շտկելով ուսերը։ Նա կարծես չէր նկատել Ուինսթոնի կապույտ կոմբինեզոնը։- Պինտա,- հարձակողական տոնով դիմեց բարմենին։- Մի պինտա քոթակ:
 
Բարմենը խշշոցով մուգ դարչնագույն գարեջուր լցրեց երկու կեսլիտրանոց հաստ պատերով գավաթները, որոնք մինչ այդ ողողել էր վաճառասեղանի տակ դրված դույլի մեջ։ Գարեջուրը միակ խմիչքն էր, որ կարելի էր գտնել պրոլների պանդոկներում։ Պրոլներին ջին չէր հասնում, թեև իրականում կարող էին հեշտությամբ ճարել։ Տեգախաղը դարձյալ եռում էր, և բարի մոտ հավաքված տղամարդիկ խոսում էին վիճակախաղի տոմսերից։ Ուինսթոնի ներկայությունը մի պահ մոռացվեց։ Պատուհանի տակ սոճու փայտից սեղան կար, որտեղ էլ նա և ծերունին կարող էին խոսել՝ առանց վախենալու, որ իրենց կլսեն։ Վտանգն ահռելի էր, բայց, համենայնդեպս, սենյակում հեռէկրան չկար. համոզվել էր ներս մտնելուն պես։
 
- Գոնե մի պինտա լցներ,- փնթփնթաց ծերունին՝ նստելով բաժակի առաջ։- Կես լիտրը բավական չէ։ Չի հագեցնում։ Իսկ մի լիտրը չափից ավել է։ Միզապարկս լցվում է։ Էլ չասած գնի մասին։
 
- Դուք պետք է որ մեծ փոփոխություններ տեսած լինեք երիտասարդ տարիքից ի վեր,- փորձնական ասաց Ուինսթոնը։
 
Ծերունու բաց կապույտ աչքերը նախ նայեցին տեգախաղի տախտակին, ապա տեղափոխվեցին բար, իսկ բարից՝ տղամարդկանց զուգարանի դռանը, ասես սպասում էր, որ փոփոխությունները տեղի են ունենալու սրահում։
 
- Գարեջուրն ավելի լավն էր,- ի վերջո ասաց նա։- Եվ ավելի էժան։ Երբ ջահել էի, ոչ թունդ գարեջրի՝ քոթակի (մենք այդպես էինք ասում) պինտան չորս փենս արժեր։ Իհարկե, դա պատերազմից առաջ էր։
 
- Ո՞ր պատերազմից,- ասաց Ուինսթոնը։
 
- Պատերազմները չեն վերջանում,- անորոշ ասաց ծերունին։ Նա վերցրեց գավաթն ու դարձյալ շտկեց ուսերը։- Լավագույն ցանկություններով։
 
Նրա նեղ կոկորդում սրածայր ադամախնձորը զարմանալի արագ թռչկոտեց, ու գարեջուրն անհետացավ։ Ուինսթոնը մոտեցավ բարին ու վերադարձավ ևս երկու կեսլիտրանոց գավաթով։ Ծերունին երևի մոռացել էր մի ամբողջ լիտր խմելու վնասի մասին։
 
- Դուք ինձնից շատ տարիքով եք,- ասաց Ուինսթոնը։- Մինչև իմ ծնվելը երևի արդեն մեծ եք եղել։ Կարո՞ղ եք հիշել՝ ինչպիսին էր կյանքը հին օրերում՝ հեղափոխությունից առաջ։ Իմ տարեկիցներն իրականամ ոչինչ չգիտեն այն ժամանակների մասին։ Մենք կարող ենք իմանալ միայն գրքերից, իսկ ո՞վ գիտի՝ ճի՞շտ է դա, թե՞ սուտ։ Կուզեի իմանալ ձեր կարծիքը։ Պատմության գրքերում գրված է, որ մինչև հեղափոխությունը կյանքը միանգամայն տարբեր էր այսօրվա կյանքից։ Ահավոր ճնշումներ, անարդարություն, չքավորություն՝ այս ամենը՝ ավելի սարսափելի, քան կարող ենք պատկերացնել։ Այստեղ՝ Լոնդոնում, մարդիկ ծնված օրից մինչև մահ երբեք բավարար չէին սնվում։ Նրանց կեսը նույնիսկ կոշիկ չուներ։ Աշխատում էին օրական տասներկու ժամ, ինը տարեկանից թողնում էին դպրոցը, սենյակում քնում էին տասը հոգով։ Եվ միևնույն ժամանակ փոքր թվով մարդիկ՝ ընդամենը մի քանի հազար կապիտալիստներ (այդպես էին կոչում նրանց) հարուստ էին ու հզոր։ Նրանք տիրում էին այն ամենին, ինչին հնարավոր էր տիրել։ Ապրում էին մեծ, շքեղ տներում՝ երեսուն սպասավորների հետ, շրջում էին մեքենաներով ու չորսձիանի կառքերով, խմում էին շամպայն, կրում էին ցիլինդրներ...
 
Ծերունին հանկարծ պայծառացավ։
 
- Ցիլինդրնե՜ր,- ասաց նա։- Ինչ լավ բան հիշեցիր։ Հենց երեկ էի մտածում նույն բանի մասին։ Չգիտեմ՝ ինչու։ Ուղղակի մտածում էի, քանի տարի է՝ աչքովս ցիլինդր չի ընկնում։ Ոչ ոք չի կրում։ Վերջին անգամ հագել եմ հարսիս թաղման ժամանակ։ Ու դա... դե, ամսաթիվը չեմ կարող ասել, բայց երևի հիսուն տարի առաջ էր։ Հասկանալի է, որ վարձով էի վերցրել այդ դեպքի համար։
 
- Ցիլինդրներն այնքան էլ կարևոր չեն,- համբերատար ասաց Ուինսթոնը։- Բանն այն է, որ այդ կապիտալիստները, նրանք ու մի շարք փաստաբաններ, քահանաներ և այխ, ովքեր ապրում էին նրանց հաշվին, աշխարհի տերերն էին։ Ամեն ինչ ստեղծված էր նրանց համար։ Դուք՝ սովորական մարդիկ, աշխատողներդ, նրանց ստրուկներն էիք։ Նրանք ձեզ հետ կարող էին վարվել այնպես, ինչպես կուզեին։ Կարող էին անասունների պես նավով ուղարկել Կանադա։ Եթե ցանկանային, կարող էին քնել ձեր դուստրերի հետ։ Կարող էին հրամայել որ ձեզ ծեծեն, այսպես կոչված, յոթպոչանի մտրակով։ Երբ անցնում էին ձեր կողքով, պարտավոր էիք հանել գլխարկը։ Յուրաքանչյուր կապիտալիստ քայլում էր սպասավորների մի մեծ խմբով, որոնք...
 
Ծերունին դարձյալ պայծառացավ:
 
- Սպասավորնե՜ր,- ասաց նա։- Այդ բառը վաղուց չէի լսել։ Սպասավորնե՜ր։ Հիշողությունների գիրկն ընկա։ Հիշում եմ, շատ տարիներ առաջ մեկ-մեկ կիրակի օրերին գնում էի Հայդ Փարք՝ ելույթներ լսելու։ Փրկության բանակ, հռոմեացի կաթոլիկներ, հրեաներ, հնդկացիներ. ամեն տեսակ մարդ կար այնտեղ։ Բայց միայն մեկը, անունը չեմ հիշում, բայց նա իսկապես հզոր էր խոսում։ Ո՜նց էր խոսում։ Սպասավորները,- ասում էր,- բուրժուաների սպասավորները։ Ղեկավար դասի ծառաները։ Մակաբույծներ. նրանց այդպես էլ էր կոչում։ Եվ բորենիներ. հաստատ նրանց բորենիներ էր ասում։ Իհարկե, հասկանում ես, որ խոսքը վերաբերում էր Աշխատավորական կուսակցությանը։
 
Ուինսթոնն այնպիսի զգացողություն ուներ, որ ինքն ու ծերունին իրար չէին հասկանում։
 
- Իրականում ահա թե ինչ էի ուզում իմանալ,- ասաց նա։- Դուք զգու՞մ եք, որ հիմա ավելի ազատություն ունեք, քան այն ժամանակ։ Ձեզ վերաբերվու՞մ են ինչպես մարդ արարածի։ Անցյալում հարուստ մարդիկ, իշխանության գլուխ կանգնած մարդիկ...
 
- Լորդերի պալատը,- ասես մտաբերելով՝ ասաց ծերունին։
 
- Թող լինի Լորդերի պալատ։ Ուզում էի հարցնել՝ այդ մարդիկ կարո՞ղ էին վերաբերվել ձեզ ինչպես ստորակարգի, միայն այն բանի համար, որ իրենք հարուստ էին, իսկ դուք՝ աղքատ։ Ճի՞շտ է, որ դուք ստիպված էիք նրանց ասել «Սըր» և հանել գլխարկը, երբ անցնում էին ձեր կողքով։
 
Ծերունին ասես խոր մտքերի մեջ ընկավ։ Մինչ պատասխանելը նա խմեց իր գարեջրի մոտ մեկ քառորդը։
 
- Այո,- ասաց նա։- Նրանց դուր էր գալիս, երբ մատներդ տանում էիր գլխարկիդ։ Հարգանքի նշան էր։ Ես համաձայն չէի, բայց ինքս էլ էի հաճախ անում։ Ինչպես ասում եք, ստիպված էի։
 
- Ճի՞շտ է, որ, ես միայն մեջբերում եմ իմ կարդացած պատմության գրքերը, որ այդ մարդկանց ու իրենց սպասավորների համար սովորական բան էր ձեզ մայթից ջրատարը հրելը։
 
- Նրանցից մեկը ինձ մի անգամ հրեց,- ասաց ծերունին։- Հիշում եմ, ինչպես երեկ։ Թիավարման մրցումների երեկոն էր (նրանք սովորաբար սարսափելի կռվարար էին դառնում Թիավարման մրցումների ժամանակ), ես Շաֆթսբերի պողոտայում բախվեցի մի երիտասարդի։ Ազնվականի արտաքին ուներ. վերնաշապիկ, ցիլինդր, սև վերարկու։ Զիգզագ գնում էր մայթով, ու ես պատահաբար բախվեցի։ Ասում է՝ չե՞ս նայում՝ ուր ես գնում, ասում է։ Ասում եմ՝ առե՞լ ես այս անիծյալ մայթը։ Ասում է՝ հիմա կպոկեմ գլուխդ, եթե շարունակես կոպտել։ Ասում եմ՝ հարբած ես, կես րոպեից ոստիկաններին կհանձնեմ քեզ, ասում եմ։ Հավատու՞մ ես։ Նա ձեռքը դնում է կրծքիս ու այնպես է հրում, որ ընկնում եմ ավտոբուսի անիվների տակ։ Դե, այն ժամանակ երիտասարդ էի ու կարող էի բռնել նրան, ուղղակի...
 
Ուինսթոնին համակեց հուսահատության զգացումը։ Ծերունու հիշողությունն ընդամենը մանրամասների աղբակույտ էր։ Կարելի էր ամբողջ օրը հարցեր տալ նրան՝ առանց որոշակի տեղեկատվություն ստանալու։ Կուսակցության պատմությունը գուցե ճիշտ էր ինչ-որ իմաստով, իսկ գուցե միանգամայն ճիշտ էր։ Նա մի վերջին փորձ արեց։
 
- Գուցե պարզ չարտահայտվեցի,- ասաց նա։- Իրականում ուզում էի ասել, որ դուք երկար կյանք եք ապրել, ձեր կյանքի կեսն ապրել եք մինչև հեղափոխությունը։ Օրինակ՝ 1925 թվականին արդեն հասուն մարդ էիք։ Կարո՞ղ եք ասել, ըստ ձեր հիշողությունների, 1925 թվականին կյանքն ավելի լա՞վ էր, քան հիմա, թե՞ ավելի վատ։ Եթե ընտրելու հնարավորություն ունենայիք, այն ժամանա՞կը կընտրեիք, թե՞ ներկան։
 
Ծերունին մտազբաղ նայեց տեգախաղի տախտակին։ Ու մինչև վերջ խմեց գարեջուրը, առաջվանից ավելի դանդաղ։ Եվ սկսեց խոսել փիլիսոփայական համբերատարությամբ, ասես գարեջուրը փափկեցրել էր նրան։
 
- Գիտեմ, թե ինչ խոսք ես սպասում,- ասաց նա:- Սպասում ես, որ կասեմ՝ կնախընտրեի նորից երիտասարդ լինել: Մարդկանց մեծ մասը կասի` նախընտրում եմ երիտասարդ լինել, եթե հարցնեք: Երբ երիտասարդ ես, առողջ ես և ուժեղ: Երբ հասնում ես իմ տարիքին, այնքան էլ լավ չես զգում: Ահավոր տառապում եմ ոտքերիս ցավից, միզապարկս սարսափելի է: Գիշերը վեց-յոթ անգամ վեր եմ կենում անկողնուց: Մյուս կողմից՝ ծեր լինելը մեծ առավելություն է: Հոգսերը վերանում են: Ոչ մի հարաբերություն կանանց հետ, իսկ դա շատ մեծ բան է: Կհավատա՞ս, մոտ երեսուն տարի է՝ կին չեմ տեսել: Ու ամենակարևորը՝ չեմ էլ ուզում:
 
Ուինսթոնը հետ ընկավ պատուհանագոգին: Շարունակելն անիմաստ էր։ Նա պատրաստվում էր էլի գարեջուր գնել, երբ ծերունին հանկարծ ոտքի կանգնեց ու փութկոտ քայլերով շտապեց դեպի սենյակի կողքի գարշահոտ զուգարանը։ Լրացուցիչ կես լիտրն արդեն ազդել էր։ Ուինսթոնը մեկ-երկու րոպե նստած նայում էր իր դատարկ գավաթին, իսկ հետո չնկատեց էլ, թե ոտքերն ինչպես իրեն նորից քարշ տվեցին դեպի փողոց: Մտածեց, որ ամենաշատը քսան տարուց «Հեղափոխությունից առա՞ջ էր կյանքն ավելի լավ, թե՞ հիմա» մեծ ու պարզ հարցն ընդմիշտ անպատասխան էր մնալու: Իրականում նույնիսկ հիմա հնարավոր չէր պատասխանել, քանի որ հին աշխարհի ցրիվ եկած մազապուրծներն ի վիճակի չէին մի դարաշրջանը համեմատել մյուսի հետ: Նրանք հիշում էին միլիոնավոր անիմաստ բաներ՝ վեճը գործընկերոջ հետ, հեծանվի կորած պոմպի փնտրտուքը, վաղուց մահացած քրոջ դեմքի արտահայտությունը, փոշու պտտահողմը յոթանասուն տարի առաջ՝ քամոտ առավոտյան. բայց բոլոր կարևոր փաստերը նրանց տեսադաշտից դուրս էին: Նման էին մրջյունների, որոնք փոքր առարկաները տեսնում են, իսկ մեծերը՝ ոչ: Ու երբ հիշողությունը չէր արդարացնում իրեն, իսկ արձանագրությունները կեղծվում էին, ապա ստիպված էիր ընդունել Կուսակցության պնդումը, որ մարդկային կյանքի պայմանները բարելավվել են, որովհետև գոյություն չուներ ու երբեք չէր կարող գոյություն ունենալ որևէ նախնական տվյալ՝ ստուգելու համար։
 
Այդ պահին նրա մտքի թելը կտրվեց: Կանգ առավ ու նայեց վեր: Մի նեղ փողոցում էր, որի բնակելի շենքերի արանքն էին խցկվել մի քանի գորշ, փոքրիկ կրպակներ։ Անմիջապես գլխավերևում կախված էին երեք գունաթափ մետաղյա գնդեր, որոնք այնպիսի տեսք ունեին, ասես մի ժամանակ ոսկեզօծված են եղել: Նա կարծես ճանաչեց փողոցը։ Իհարկե։ Կանգնած էր հնավաճառի խանութի առաջ, որտեղից գնել էր օրագիրը։
 
Վախի խայթոցն անցավ մարմնով: Նախ՝ գիրք գնելը բավական անմիտ գործ էր, ու նա երդվել էր այլևս երբեք չմոտենալ այդ վայրին։ Այն պահին, սակայն, երբ իրեն թույլ տվեց մտածել, ոտքերը հետ բերեցին այստեղ: Բայց չէ՞ որ օրագիր պահելիս հույս էր ունեցել իրեն պաշտպանել ինքնասպանության նմանատիպ բնազդներից: Միևնույն ժամանակ նկատեց, որ չնայած գրեթե ժամը քսանմեկն էր՝ խանութը դեռ բաց էր։ Զգալով, որ ներսում պակաս նկատելի կլինի, քան մայթի վրա, ներս մտավ: Եթե հարցնեին, կասեր, որ փորձում է ածելի գտնել:
 
Խանութի տերը հենց նոր կախել էր նավթի լամպը, որն անմաքուր, բայց ծանոթ հոտ էր տարածում: Մոտ վաթսուն տարեկան տղամարդ էր՝ թուլակազմ ու կռացած, երկար, բարյացակամ քթով ու մեղմ աչքերով, որոնք աղավաղվում էին հաստ ակնոցից։ Մազերը գրեթե սպիտակ էին, իսկ հոնքերը՝ հաստ ու սև: Նրա ակնոցը, ազնվազարմ, անհանգիստ շարժումները, սև թավշից մաշված բաճկոնը ինտելիգենտ տեսք էին տալիս, ասես գրականագետ էր կամ երաժիշտ: Ձայնը փափուկ էր, խունացած, իսկ առոգանումթյունն այնքան աղավաղված չէր, որքան պրոլների մեծ մասինը:
 
- Ես ճանաչեցի ձեզ մայթին,- անմիջապես ասաց նա:- Դուք էիք, որ երիտասարդ աղջկա հուշանվեր-ալբոմ գնեցիք: Լավ թուղթ էր, շա՜տ լավ: Կրեմապատ թուղթ: Այդպիսի թուղթ չի արտադրվել, ը՜... իմ կարծիքով՝ արդեն հիսուն տարի,– նա ակնոցի վրայից նայեց Ուինսթոնին:- Ինչո՞վ կարող եմ օգնել: Թե՞ ուղղակի ուզում էիք նայել:
 
- Անցնում էի,- անորոշ ասաց Ուինսթոնը։- Պարզապես ներս մտա, ոչ մի հատուկ բան չեմ ուզում:
 
- Դե, ավելի լավ,- ասաց մարդը,- չեմ կարծում, թե կկարողանայի գոհացնել ձեզ,- փամփլիկ ձեռքը ներողություն հայցող շարժում արեց:- Ինքներդ եք տեսնում, կարելի է ասել՝ խանութը դատարկ է։ Մեր մեջ ասած՝ հնաոճ իրերի վաճառք գրեթե չկա: Պահանջարկ չկա, պաշարներ՝ նույնպես: Կահույքը, ճենապակին, ապակին քիչ-քիչ կոտրվեցին: Իսկ մետաղյա իրերի մեծ մասն ուղարկվել է վերաձուլման: Արդեն քանի տարի է՝ պղնձե մոմակալ չեմ տեսել:
 
Իրականում նեղլիկ խանութում ասեղ գցելու տեղ չկար, բայց գրեթե չկար նաև որևէ արժեքավոր իր: Հատակին ազատ տեղ համարյա չկար. բոլոր պատերի տակ նկարների անհամար փոշոտ շրջանակներ էին։ Ցուցափեղկում պնդօղակներով ու գնդերիթներով սկուտեղներ էին, մաշված հատիչներ, ջարդված սայրերով գրչահատներ, անփայլ ժամացույցներ, որոնք նույնիսկ չէին ձևացնում, թե սարքին են, և այլ բազմազան աղբ։ Միայն անկյունի փոքրիկ սեղանի մանրուքները՝ քթախոտի լաքապատ տուփերը, ագաթե կրծքազարդերը, և նման այլ բաները կարող էին փոքր-ինչ հետաքրքրություն առաջացնել։ Երբ Ուինսթոնը քայլեց սեղանի կողմը, աչքին ընկավ մի կլոր, հարթ բան, որ թույլ փայլում էր լամպի լույսի տակ: Ուինսթոնը վերցրեց:
 
Ապակու ծանր կտոր էր, մի կողմը՝ ծռված, մյուսը՝ հարթ, ասես երկու կիսագունդ լիներ։ Ապակու թե՛ գույնի, թե՛ կառուցվածքի մեջ յուրահատուկ փափկություն կար, կարծես անձրևաջուր լիներ։ Իսկ կենտրոնում խոշոր ծռված մակերեսով, տարօրինակ, վարդագույն, պարուրաձև իր էր, որը վարդ կամ ծովային հողմածաղիկ էր հիշեցնում:
 
- Ի՞նչ է սա,- հմայված հարցրեց Ուինսթոնը:
 
- Մարջան է, մարջան,- ասաց ծերունին:- Պետք է որ Հնդկական օվկիանոսից բերված լինի: Մի ժամանակ այն տեղադրում էին ապակու մեջ: Առնվազն հարյուր տարեկան է: Նույնիսկ ավելի՝ տեսքից դատելով։
 
- Գեղեցիկ իր է,- ասաց Ուինսթոնը։
 
- Գեղեցիկ է,- երախտագիտությամբ արձագանքեց տղամարդը։- Պետք է ասել, որ մեր օրերում նման իրերը չեն գնահատվում,- նա հազաց։- Հիմա, եթե ցանկանաք գնել, ձեզ համար արժի չորս դոլար։ Հիշում եմ՝ մի ժամանակ այսպիսի իրի համար ութ ֆունտ էին վճարում, իսկ ութ ֆունտը, հիմա չեմ կարող ասել՝ որքան էր, բայց շատ մեծ գումար էր ժամանակին: Բայց հիմա ու՞մ են պետք իսկական հին գործերը. դրանցից շատ քիչ է մնացել:
 
Ուինսթոնն անմիջապես վճարեց չորս դոլար և ցանկալի իրը գցեց գրպանը: Նրան գրավեց ոչ թե գեղեցկությունը, այլ այն, որ այն ներկայից միանգամայն տարբեր, այլ ժամանակի շունչն էր կրում, ուրիշ դարի բույրը։ Անձրևաջրի պես փափուկ ապակին նման չէր իր տեսած որևէ այլ ապակու: Իրը կրկնակի գրավիչ էր, որովհետև միանգամայն անպիտան էր, չնայած Ուինսթոնը կռահում էր, որ մի ժամանակ որպես ճնշածծան է օգտագործվել: Այնքան ծանր էր, որ գրպանը կախվել էր, բայց բարեբախտաբար դուրս չէր ցցվել: Տարօրինակ, Կուսակցության անդամի համար նույնիսկ վարկաբեկիչ իր էր։ Ամենայն հինը, եթե ավելի շիտակ՝ ամենայն գեղեցիկը կասկածի տեղիք էր տալիս: Հնավաճառը, սակայն, ակնհայտորեն աշխուժացել էր չորս դոլարը ստանալով: Ուինսթոնը հասկանում էր, որ կհամաձայներ նաև երեք կամ նույնիսկ երկու դոլարով:
 
- Վերևում մի սենյակ էլ կա: Եթե ուզում եք, կարող եք նայել,- ասաց նա:- Համարյա դատարկ է: Ընդամենը մի քանի իր։ Եթե վերև բարձրանանք, մեզ լույս պետք կգա։
 
Նա ևս մի լամպ վառեց ու մեջքը ծռելով դանդաղ շարժվեց վեր՝ մաշված ու դիք աստիճաններով, նեղ միջանցքով Ուինսթոնին տարավ դեպի սենյակը, որի պատուհանները ոչ թե փողոցին, այլ սալարկված բակին ու կափարիչավոր բազմաթիվ ծխնելույզներին էին նայում: Ուինսթոնը նկատեց, որ կահույքը դասավորված է այնպես, ասես սենյակում պետք է մարդ ապրի։ Հատակին՝ ուղեգորգ, պատերին՝ մեկ-երկու նկար, խոր, փնթի բազկաթոռ՝ բուխարու առաջ: Տասներկուժամանոց թվատախտակով հին ապակյա ժամացույցը թիկթակում էր բուխարու դարակին։ Պատուհանի տակ հսկայական, սենյակի գրեթե մեկ քառորդը զբաղեցնող մահճակալն էր՝ ներքնակով:
 
- Այստեղ էինք ապրում մինչ կնոջս մահը,- ասես ներողություն խնդրելով՝ ասաց ծերունին:- Կահույքը մաս-մաս վաճառում եմ։ Ահա կարմիր փայտից հրաշալի մահճակալ է... Կամ այդպիսին կլինի, եթե կարողանաք միջից վռնդել փայտոջիլներին։ Ասենք, երևի ձեզ այն չափազանց մեծ թվա։
 
Նա բարձրացրել էր լամպը, որ ամբողջ սենյակը լուսավորվի, և տաք ու աղոտ լույսի տակ այն զարմանալիորեն գրավիչ էր թվում: Ուինսթոնի ուղեղում մի միտք ծագեց. վատ չէր լինի շաբաթական մի քանի դոլարով վարձել սենյակը, եթե համարձակությունս հերիքի։ Այդ վայրի ու անիրագործելի միտքը չքացավ նույնքան անսպասելի, որքան ծնվել էր, բայց սենյակը նրա մեջ կարոտաբաղձություն, ինչ-որ ժառանգական հիշողություն արթնացրեց: Թվաց, թե լավ գիտի՝ ինչ բան է նստել այսպիսի սենյակում, բազկաթոռի մեջ, բուխարու կրակի կողքին, ոտքերը ցանցին հենած, իսկ ջեռոցին՝ թեյաման. լրիվ մենակ, լրիվ անվտանգ, ոչ ոք չի հետևում, ոչ մի ձայն չի հետապնդում, ոչ մի հնչյուն չկա, բացի թեյամանի երգից ու ժամացույցի սիրալիր կտկտոցից:
 
- Հեռէկրան չկա,- հանկարծ քրթմնջաց Ուինսթոնը:
 
- Ախ է՜դ,- ասաց ծերունին:- Այստեղ երբեք նման բան չի եղել: Չափազանց թանկ է: Ես երբեք չեմ զգացել անհրաժեշտությունը։ Այնտեղ` անկյունում, լավ, ծալվող սեղան կա: Չնայած, եթե ցանկանաք սեղանը բացել, անշուշտ կարող եք փոխել ծխնիները:
 
Մյուս անկյունում փոքրիկ գրապահարան կար, և Ուինսթոնն արդեն ձգվեց այդ կողմը։ Այնտեղ կատարյալ աղբ էր։ Ինչպես ամենուր, այնպես էլ պրոլների թաղամասերում գրքերի որսն ու ոչնչացումը նույնքան հիմնավոր էին կատարվում։ Քիչ հավանական է, որ Օվկիանիայի որևէ հատվածում պահպանված լինի 1960 թվականից վաղ տպագրված որևէ գրքի օրինակ: Ծերունին լամպը ձեռքին կանգնած էր վարդափայտի շրջանակով նկարի առաջ, որը կախած էր բուխարու մյուս կողմում՝ մահճակալի դիմաց:
 
- Եթե ձեզ հետաքրքրում են հին լուսանկարչական ալբոմները…,- նրբանկատորեն սկսեց նա:
 
Ուինսթոնը մոտեցավ, որ լավ տեսնի նկարը: Ուղղանկյուն պատուհաններով և առաջամասում փոքրիկ աշտարակով օվալաձև շենքի պողպատե փորագրություն էր։ Շենքի շուրջը ցանկապատ կար, իսկ թիկունքում՝ մի բան, որ հավանաբար արձան էր։ Ուինսթոնը մի քանի րոպե ուշադիր զննեց: Շենքը ծանոթ թվաց, բայց արձանը չէր հիշում:
 
- Շրջանակն ամրացված է պատին,- ասաց ծերունին,- բայց եթե ուզում եք, կհանեմ:
 
- Ես գիտեմ այդ շենքը,- վերջապես ասաց Ուինսթոնը։- Հիմա քանդված է: Փողոցի կենտրոնում՝ Արդարադատության պալատի հետևը։
 
- Ճիշտ է: Դատարանի առաջ: Ռմբակոծության տակ ընկավ… օ՜, շատ տարիներ առաջ: Մի ժամանակ եկեղեցի էր։ Սուրբ Կլեմենտի եկեղեցին, դանիացիների Սուրբ Կլեմենտը,- նա մեղավոր ժպտաց` ասես հասկանալով, որ ինչ-որ անհեթեթ բան է ասում, ու ավելացրեց,- «Նարինջներ ու կիտրոններ,- Սուրբ Կլեմենտի զանգերն են»։
 
- Ի՞նչ է դա,- ասաց Ուինսթոնը:
 
- Հա՜... «Նարինջներ ու կիտրոններ,- Սուրբ Կլեմենտի զանգերն են»։ Արտասանում էինք այդ բանաստեղծությունը, երբ փոքր էի: Շարունակությունը չեմ հիշում, բայց գիտեմ՝ ինչպես էր ավարտվում։ «Ահա և մոմը, որ լուսավորի ննջարանդ, ահա և կացինը, որ կտրի գլուխդ»: Պարի պես բան էր։ Մյուսները կանգնում էին ձեռք ձեռքի, իսկ դու պիտի անցնեիր տակով, ու երբ հասնում էին «Ահա կացինը, որ կտրի գլուխդ» տողին, իջեցնում էին թևերն ու բռնում քեզ: Միայն եկեղեցիների անուններ էին: Լոնդոնի բոլոր եկեղեցիների անունները, այսինքն` գլխավոր եկեղեցիների:
 
Ուինսթոնը ցրված մտածում էր՝ ո՞ր դարի եկեղեցի է: Միշտ էլ դժվար էր որոշել լոնդոնյան շենքերի տարիքը։ Եթե շենքը մեծ էր ու տպավորիչ, ուներ համեմատաբար թարմ արտաքին, ապա համարվում էր, որ կառուցվել է հեղափոխությունից հետո, իսկ ակնհայտորեն տարիքովները վերագրվում էին ինչ-որ հեռավոր, անորոշ ժամանակի, որ միջին դարեր էր կոչվում: Կապիտալիզմի դարերում որևէ արժեքավոր բան չէր ստեղծվել: Ո՛չ գրքերի, ո՛չ էլ ճարտարապետության օգնությամբ հնարավոր չէր իմանալ պատմությունը։ Արձանները, մակագրությունները, հուշաքարերը, փողոցների անունները. ամեն ինչ, որ կարող էր լույս սփռել անցյալի վրա, պարբերաբար փոխվում էր։
 
- Չգիտեի, որ եկեղեցի է եղել,- ասաց նա:
 
- Իրականում եկեղեցիներ շատ կան,- ասաց ծերունին,- պարզապես օգտագործվում են այլ նպատակներով: Ինչպե՞ս էր բանաստեղծությունը: Հա՜, հիշեցի։
 
 
''- Նարինջներ ու կիտրոններ,– Սուրբ Կլեմենտի զանգերն են:''
 
''- Երեք ֆարթինգ պարտք ես ինձ,– Սուրբ Մարթինն է զնգում միշտ:''
 
 
Այդքանն եմ հիշում: Ֆարթինգը փոքրիկ պղնձե մետաղադրամ էր, սենթի նման:
 
- Իսկ որտե՞ղ էր Սուրբ Մարթինի եկեղեցին,- հարցրեց Ուինսթոնը։
 
- Սուրբ Մարթի՞նը: Դեռ կանգուն է: Հաղթանակի հրապարակում՝ պատկերասրահի կողքին: Դիմացից եռանկյուն նախասրահ ունի, սյուներ ու երկար սանդուղք:
 
Ուինսթոնը լավ գիտեր այդ շենքը: Թանգարան էր՝ նախատեսված տարբեր քարոզչական ցուցադրությունների համար. հրթիռների ու Լողացող ամրոցների հսկայական մոդելներ, թշնամու վայրագությունները ցուցադրող մոմե համայնապատկերներ և այլն, և այլն:
 
- «Սուրբ Մարթինը դաշտերում», այդպես էր կոչվում,- ավելացրեց ծերունին,- չնայած չեմ հիշում, որ այդ կողմերում որևէ դաշտ լինի։
 
Ուինսթոնը չգնեց նկարը: Դա շատ ավելի անհեթեթ գնում կլիներ, քան ապակե ճնշածծանը, և անհնար էր տուն տանել, եթե, իհարկե, չհանվեր շրջանակից: Բայց մի քանի րոպե էլ մնաց, խոսեց ծերունու հետ, ում անունը, ինչպես Ուինսթոնը պարզեց, ոչ թե Ուիքս էր, ինչը կարելի էր ենթադրել խանութի ճակատամասի գրությունից, այլ Չարինգթոն։ Պարզվեց՝ պարոն Չարինգթոնի կինը մահացել է, նա վաթսուներեք տարեկան էր և արդեն երեսուն տարի ապրում էր այս խանութում։ Այդ ընթացքում շարունակ մտադրվում էր փոխել խանութի անունը, բայց այդպես էլ չփոխեց: Ամբողջ զրույցի ընթացքում Ուինսթոնի գլխում պտտվում էր կիսատ բանաստեղծությունը. «Նարինջներ ու կիտրոններ»,- Սուրբ Կլեմենտի զանգերն են։ «Երեք ֆարթինգ պարտք ես ինձ»,– Սուրբ Մարթինն է զնգում միշտ»: Տարօրինակ էր, բայց երբ քեզուքեզ արտասանում ես, թվում է՝ լսում ես զանգերի ղողանջը, անհետացած Լոնդոնի զանգերի, որոնք դեռ գոյություն ունեն ինչ-որ տեղ, անճանաչելի ու մոռացված: Նա կարծես լսում էր՝ ինչպես են մեկը մյուսի ետևից ղողանջում ցնորական զանգակատները: Մինչդեռ որքան հիշում էր, իրական կյանքում երբեք եկեղեցիների զանգերի ղողանջ չէր լսել։
 
Նա հրաժեշտ տվեց պարոն Չարինգթոնին ու մենակ իջավ աստիճաններով, որ ծերունին չտեսնի, թե ինքն ինչպես է զննում փողոցը, մինչ դռնից դուրս գալը։ Արդեն որոշել էր, որ միառժամանակ սպասելով, օրինակ՝ մի ամսից, կրկին կդիմի խանութ այցելելու ռիսկին: Դա, թերևս, ավելի վտանգավոր չէր, քան Կենտրոնի երեկոն բաց թողնելը։ Նրա կողմից լուրջ անմտություն էր օրագիրը գնելուց հետո դարձյալ այստեղ վերադառնալը՝ չիմանալով` արդյոք կարելի է վստահել խանութի տիրոջը: Բայցևայնպես...
 
Այո, ասաց ինքն իրեն, պետք է վերադառնալ: Էլի մի գեղեցիկ անպետքություն կգնի։ Ասենք, դանիացիների Սուրբ Կլեմենտի փորագրանկարը, կհանի շրջանակից ու կոմբինեզոնի տակ թաքցրած՝ կտանի տուն։ Պարոն Չարինգթոնի հիշողությունից կկորզի բանաստեղծության մնացած մասը։ Նույնիսկ վերևի սենյակը վարձելու խելագար ծրագիրը նորից ակնթարթորեն անցավ նրա մտքով: Մոտ հինգ վայրկյան տևած պոռթկումը մոռանալ տվեց զգուշության մասին, ու նա փողոց ելավ՝ առանց նախապես պատուհանից նայելու: Նույնիսկ քթի տակ երգում էր հորինած մեղեդին.
 
 
''- Նարինջներ ու կիտրոններ,– Սուրբ Կլեմենտի զանգերն են:''
 
''- Երեք ֆարթինգ պարտք ես ինձ,– Սուրբ Մարթինն է զնգում միշտ:''
 
 
Հանկարծ սիրտն ասես սառեց, աղիքները սեղմվեցին։ Մայթի վրա, մոտ տասը մետր հեռավորությունից մոտենում էր կապույտ կոմբինեզոնով մեկը։ Գրականության բաժնի այն աղջիկն էր, թխահեր աղջիկը։ Արդեն մթնում էր, բայց Ուինսթոնը հեշտությամբ ճանաչեց նրան։ Աղջիկը նայեց ուղիղ նրա դեմքին, հետո արագ շարունակեց քայլել, ասես չէր տեսել:
 
Մի քանի վայրկյան Ուինսթոնը չէր կարողանում շարժվել: Հետո շրջվեց դեպի աջ ու ծանրաքայլ առաջ անցավ՝ մի պահ չնկատելով, որ գնում է սխալ ուղղությամբ: Ամեն դեպքում, մի բան պարզ էր. անկասկած, աղջիկը լրտեսում էր իրեն: Երևի հետևելով հասել է այստեղ, որովհետև անհավանական է, որ զուտ պատահականությամբ հենց նույն երեկոյան զբոսներ նույն անհայտ փողոցում՝ մի քանի կիլոմետր հեռու այն թաղամասից, որտեղ ապրում էին Կուսակցության անդամները: Չափազանց շատ էր՝ զուգադիպություն լինելու համար: Կարևոր չէր՝ նա իսկապե՞ս Մտքի ոստիկանության գործակալ է, թե՞ ուղղակի սիրողական մակարդակի լրտես, ում առաջ էր էր մղում պնդերեսությունը։ Բավական էր, որ աղջիկը հետևում էր իրեն։ Երևի նաև տեսել էր, թե Ուինսթոնն ինչպես Է, մտնում պանդոկ։
 
Քայլելու համար մեծ ջանքեր էին պահանջվում։ Ամեն քայլափոխի գրպանի ապակու կտորը հարում էր ազդրը, ու նա անընդհատ ուզում էր հանել ու դեն նետել: Ամենաանտանելին, սակայն, ստամոքսի ցավն էր: Մի քանի րոպե այնպիսի զգացողություն ուներ, որ կմեռնի, եթե շուտ զուգարան չհասնի: Բայց նման թաղամասում հանրային զուգարան չէր կարող լինել։ Հետո կծկումներն անցան մնաց միայն բութ ցավը:
 
Պարզվեց` փողոցը փակուղի է: Ուինսթոնը կանգ առավ, մի քանի վայրկյան ցրված մտածեց, թե ինչ անի, հետո շրջվեց ու քայլեց հակառակ ուղղությամբ։ Երբ շրջվեց, մտքով անցավ, որ աղջիկն իր կողքով անցել է երեք րոպե առաջ, և վազելու դեպքում գուցե կարողանա հասնել նրան։ Կարող է գնալ աղջկա հետևից՝ մինչև կհասնեն մի խաղաղ տեղ, հետո սալաքարով ջարդուփշուր կանի նրա գանգը: Գրպանի ապակու կտորը ծանր է և հարմար։ Բայց անմիջապես հրաժարվեց այդ գաղափարից, որովհետև որևէ ֆիզիկական ջանք անելու միտքն անգամ անտանելի էր: Վազել չէր կարող, հարվածել՝ նույնպես: Բացի այդ, աղջիկը երիտասարդ էր և ուժեղ ու կպաշտպանվեր: Մտածեց նաև շտապ Հանրային կենտրոն հասնելու և մինչ փակվելն այնտեղ մնալու մասին, որ մասնակի ալիբի ապահովի երեկոյի համար: Բայց դա նույնպես անհնար էր։ Նրան համակել էր մահացու հոգնածությունը: Միակ բանը, որ ուզում էր, արագ տուն հասնելն ու հանգիստ նստելն էր։
 
Քսաներկուսն անց էր, երբ հասավ տուն։ Լույսն անջատելու էին քսաներեքն անց երեսունին: Մտավ խոհանոց ու համարյա մի թեյի բաժակ «Հաղթանակ» ջին կուլ տվեց։ Հետո մոտեցավ խորշում դրված սեղանին, նստեց ու դարակից հանեց օրագիրը: Բայց անմիջապես չբացեց: Հեռէկրանից հնչող կնոջ մետաղյա ձայնը հայրենասիրական երգ էր ճղճղում: Նա նստել ու նայում էր գրքի մարմարե կազմին՝ ձայնն իր գիտակցությունից հեռացնելու անհաջող փորձեր անելով:
 
Հետևիցդ գալիս են գիշերը, միշտ գիշերը։ Ամենաճիշտը մինչև նրանց գալը ինքնասպանություն գործելն էր։ Անկասկած, ոմանք այդպես էլ վարվում էին: Իրականում անհետացումների մեծ մասն ինքնասպանություններ էին: Բայց աշխարհում, որտեղ հնարավոր չէր հրազեն կամ արագ ազդող ու հուսալի թույն գտնել, ինքնասպան լինելու համար պետք էր ունենալ հուսահատ խիզախություն: Նա զարմանքով մտածեց ցավի ու վախի կենսաբանական անպիտանության, մարդկային մարմնի դավաճանության մասին, որը միշտ անշարժանում է հատկապես այն պահին, երբ հատուկ ջանքեր են պետք։ Նա կարող էր լռեցնել թխահեր աղջկան, եթե բավականաչափ արագ գործեր, բայց հենց չափազանց մեծ վտանգի պատճառով կորցրեց գործելու ուժը։ Ճգնաժամի պահերին մտածում էր, որ մարդ երբեք չի կռվում արտաքին թշնամու, այլ միշտ՝ իր մարմնի դեմ։ Նույնիսկ հիմա, չնայած ջինին, ստամոքսի բութ ցավը խանգարում էր մտքերի կապակցվածությանը։ Նա հասկացավ, որ նույնը լինում է բոլոր հերոսական կամ ողբերգական իրավիճակներում. ռազմաճակատում, տանջախցում, սուզվող նավի վրա միշտ մոռացվում է, թե ինչի համար ես պայքարում, որովհետև մարմինն այնքան է ուռչում, մինչև լցնում է տիեզերքը, և նույնիսկ երբ վախը կամ ցավից ճչալը չի անշարժացնում քեզ, կյանքը վայրկյան առ վայրկյան վերածվում է պայքարի` սովի կամ ցրտի ու անքնության, ստամոքսի այրոցի կամ ցավող ատամի դեմ:
 
Նա բացեց օրագիրը: Կարևոր էր գոնե ինչ-որ բան գրի առնել: Հեռէկրանի կինը նոր երգ էր սկսել։ Ձայնը փշրված ապակու սուր բեկորների պես խրվում էր ուղեղի մեջ: Նա փորձեց մտածել Օ'Բրայենի մասին, ում համար կամ ում գրում էր օրագիրը, բայց դրա փոխարեն սկսեց մտածել, թե ինչ կպատահի, երբ Մտքի ոստիկանությունը ձերբակալի իրեն: Էական չէր՝ անմիջապե՞ս կսպանեն, թե՞ ոչ։ Սպանությունը սպասելի էր։ Բայց մահից առաջ (ոչ ոք չէր խոսում նման բաներից, սակայն բոլորը գիտեին այդ մասին) լինում էին որոշակի հերթականությամբ խոստովանություններ, որոնց միջով պարտավոր էիր անցնել՝ հատակին սողալով, աղերսելով, որ խնայեն, կոտրված ոսկորների չխկչխկոցով, ջարդված ատամներով և պռճոկած մազերի արյունոտ թանձրուկներով:
 
Ինչու՞ պիտի դիմանաս այս ամենին. մեկ է, վերջը միշտ էլ նույնն է: Մի՞թե հնարավոր չէ կրճատել կյանքը մի քանի օրով կամ շաբաթով։ Ոչ ոք երբեք չէր խուսափում մերկացումից, և բոլորը խոստովանում էին։ Մտքի հանցագործություն կատարելուն պես պարզ էր դառնում, որ մինչև որոշակի օր մեռնելու ես: Այդ դեպքում ինչու՞ ապագայում դիմանալ այդ սարսափին, որը ոչինչ չէր փոխում:
 
Նա նորից փորձեց արթնացնել Օ'Բրայենի պատկերը, և այս անգամ ավելի մեծ հաջողությամբ, քան նախկինում: «Մենք կհանդիպենք այնտեղ, ուր խավար չկա»,- ասել էր Օ'Բրայենը։ Ուինսթոնը գիտեր՝ դա ինչ է նշանակում, կամ կարծում էր, թե գիտի։ Այն վայրը, ուր խավար չկա, երևակայական ապագան է, որը երբեք չես տեսնի, բայց կանխատեսելով կարող ես միստիկական կերպով հաղորդակցվել նրան։ Բայց քանի դեռ հեռէկրանի ձայնն անդադար հնչում էր ականջների մեջ, այլևս չէր կարող հետևել մտքի ընթացքին: Նա սիգարետը դրեց բերանը։ Ծխախոտի կեսն անմիջապես թափվեց լեզվին, ու դժվար էր թքել դառը փոշին: Մեծ եղբոր դեմքը լողաց մտքում՝ փոխարինելով Օ'Բրայենին։ Ինչպես մի քանի օր առաջ, Ուինսթոնը գրպանից հանեց մի մետաղադրամ ու նայեց։ Դեմքը նայում էր իրեն՝ ծանր, հանդարտ, հայրաբար. բայց ի՞նչ ժպիտ էր թաքնված սև բեղերի տակ: Եվ կապարե մահազանգի պես վերադարձան բառերը.
 
 
<center>'''ՊԱՏԵՐԱԶՄԸ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է'''
 
'''ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆ Է'''
 
'''ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺ Է'''</center>
== Մաս II==
8
edits