Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 35 856 բայտ, 16:33, 30 Մայիսի 2021
/* Գլուխ յոթերորդ․ Դենեթորի Խարույկը */
====Գլուխ յոթերորդ․ Դենեթորի Խարույկը====
Սև Ստվերը Դարպասի մոտից հետ քաշվեց, սակայն Գենդալֆը շարունակում էր անշարժ մնալ։Իսկ Փիփինը ոտքի կանգնեց, ասես նրա վրայից մեծ ծանրություն ընկավ։ Նա կանգնած լսում էր եղջերափողերի ձայները և նրան թվում էր, թե հիմա իր սիրտը կպայթի ուրախությունից։ Եվ հետագայում էլ, ամբողջ կյանքի ընթացքում, հեռվից եկող եղջերափողի ձայն լսելիս նրա աչքերում արցունքներ էին հայտնվում։ Բայց հիմա նա հանկարծ հիշեց, թե ինչի համար էր եկել ու վազեց առաջ։ Այդ պահին Գենդալֆը շարժվեց և խոսեց Լուսաչի հետ՝ պատրաստվելով անցնել Դարպասը։ — Գե՛նդալֆ, Գե՛նդալֆ,— կանչեց Փիփինը, և Լուսաչը կանգ առավ։ — Ի՞նչ ես անում այստեղ,— հարցրեց Գենդալֆը։ — Մի՞թե չգիտես Քաղաքի օրենքը, որ արծաթասև հագնողները չպետք է լքեն Միջնաբերդը՝ առանց Տիրակալի թույլտվության։ — Ես թույլտվություն ունեմ,— պատասխանեց Փիփինը։ — Նա ինձ հեռացրել է, ու ես շատ վախեցած եմ։ Էնտեղ, վերևում, սարսափելի բան կարող է կատարվել։ Ինձ թվում է, Տիրակալը ցնորվել է․ վախենում եմ, որ նա իրեն կսպանի, և Ֆարամիրին էլ կսպանի։ Չե՞ս կարող ինչ-որ բան անել։ Գենդալֆը նայեց Դարպասից այն կողմ և լսեց ուժգնացող ճակատամարտի աղմուկը դաշտերում։ — Ես պետք է գնամ,— ասաց նա։ — Սև Հեծյալն այնտեղ է, և նա դեռ կարող է մեզ կործանման հասցնել։ Ես ժամանակ չունեմ։ — Բայց ախր Ֆարամի՛րը,— բացականչեց Փիփինը։ — Նա չի մեռել, նրանք կենդանի կայրեն նրան, եթե ինչ-որ մեկը նրանց չկանգնեցնի։ — Կենդանի կայրե՞ն,— կրկնեց Գենդալֆը։ — Այդ ի՞նչ նոր հեքիաթ է, պատմիր, արա՛գ։ — Դենեթորը գնաց դամբարանների մոտ,— սկսեց Փիփինը,— Ֆարամիրին էլ տարավ հետը, և նա ասում է, որ բոլորս պիտի այրվենք, իսկ ինքը չի ուզում սպասել, ուզում է, որ խարույկ վառեն ու այրեն իրեն ու Ֆարամիրն։ Նա մարդկանց ուղարկեց յուղ ու փայտ բերելու։ Ես Բերեգոնդին ասացի, բայց վախենում եմ, որ նա չհամարձակվի լքել իր դիրքը։ Նա հիմա պահակ է։ Եվ առհասարակ, նա ի՞նչ կարող է անել։ — եվ նա մի շնչով պատմեց ամեն ինչ՝ դողացող ձեռքերով հպվելով Գենդալֆի ծնկին։ — Մի՞թե դու չես կարող փրկել Ֆարամիրին, Գենդալֆ։ — Գուցե և կարող եմ,— պատասխանեց Գենդալֆը,— բայց եթե ես այդ անեմ, կմեռնեն ուրիշները։ Ինչ արած, գնանք, որովհետև այլ օգնություն նրան չի կարող հասնել։ Բայց դրանից բխող վատ հետևանքներ են լինելու։ Այո, նույնիսկ Միջնաբերդի սրտում Թշնամին մեզ հարվածելու զորություն ունի՝ այդ նրա կամքն է այնտեղ գործում։ Որոշում ընդունելով, նա այլևս չհապաղեց․ ընթացքի ժամանակ որսալով Փիփինին՝ նստեցրեց իր առջև, և Լուսաչը վարգեց Քաղաք։ Նրանք սլանում էին Մինաս Թիրիթի բարձրացող փողոցներով, իսկ հետևում ընթացող ճակատամարտի աղմուկը գնալով ուժեղանում էր։ Ամենուր մարդիկ ուշքի էին գալիս սարսափի ճիրաններից, ճանկում զենքերն և ձայնում իրար․ — Ռո՜հանը, Ռոհանն է եկե՜լ։  Կանչում էին հրամանատարները՝ ռազմիկները հավաքվում էին, շատերն արդեն գնում էին դեպի Դարպասը։ Նրանք հանդիպեցին իշխան Իմրահիլին, և նա ձայնեց նրանց․ — Այդ ու՞ր, Միթրանդիր․ Ռոհիրիմները մարտնչում են Գոնդորի դաշտերում, մենք պետք է հավաքենք մեր ամբողջ ուժերը։ — Հավաքիր բոլորին, մինչև վերջին մարդը և նույնիսկ ավելին,— ասաց Գենդալֆը։ — Եվ շտապիր, ժամանակ մի կորցնիր։ Ես կգամ, հենց կարողանամ։ Բայց հիմա անհետաձգելի գործ ունեմ Դենեթորի մոտ։ Քեզ վրա վերցրու հրամանատարությունը Տիրակալի փոխարեն։ Նրանք շարունակեցին գնալ, և որքան մոտենում էին Միջնաբերդին, այնքան քամին ուժեղանում էր, փչում նրանց դեմքերին, և նրանք տեսան լուսաբացի ցոլքը հեռվում՝ հարավում, որ գնալով մեծանում էր։ Բայց դա նրանց քիչ հույս բերեց, որովհետև չգիտեին, թե ինչ չարիք է սպասվում իրենց առջևում, և վախենում էին չափազանց ուշ հասնել։ — Խավարը ցրվում է,— ասաց Գենդալֆը։ — Բայց Քաղաքում այն դեռ ծանր է։ Միջնաբերդի դարպասի մոտ նրանք պահակներ չգտան։  — Ուրեմն Բերեգոնդը գնացել է այնտեղ,— հուսադրվեց Փիփինը։ Նրանք շրջվեցին ու շտապեցին դեպի Փակ Դուռը տանող ճանապարհով։ Այն լայն բացված էր, և դռան առջևում փռված էր դռնապանը։ Նա սպանված էր, բանալի չկար մոտը, երևում է՝ վերցրել էին։ — Թշնամու գործն է,— ասաց Գենդալֆը։ — Նրան ուրախացնում են նման բաները՝ երբ ընկերը սպանում է ընկերոջը, խառնաշփոթ է տիրում սրտերում և հավատարմությունը տարբեր կերպ է ընկալվում։  Նա իջավ ձիուց և հրամայեց Լուսաչին վերադառնալ իր ախոռը։  — Մենք պետք է հիմա դաշտում լինեինք, իմ ընկեր,— ասաց նա։ — Սակայն ստիպված ենք հետաձգել, ինձ այլ գործեր են սպասում։ Ամեն դեպքում, արագ ինձ մոտ արի, երբ լսես կանչս։ Նրանք անցան դուռը և գնացին զառիվայր, ոլորապտույտ ճանապարհով։ Լուսանում էր, և ճանապարհի երկայնքով ձգվող բարձր սյուներն ու քանդակները թվում էին դանդաղ անցնող մոխրագույն ուրվականներ։  Հանկարծ լռությունը խախտեցին ներքևում լսվող ճիչերն ու թրերի զրնգոցը՝ այդպիսի ձայներ այդ սրբազան վայրում չէին լսվել Քաղաքի կառուցման օրերից ի վեր։ Վերջապես նրանք հասան Ռաթ Դինեն և շտապեցին Փոխարքաների Տուն, որի հսկայական գմբեթն ուրվագծվում էր մթնշաղում։ — Կա՛նգ առեք, կա՛նգ առեք,— ճչաց Գենդալֆը՝ նետվելով դեպի դուռը տանող քարե սանդուղքը։ — Վե՛րջ տվեք այդ խելագարությանը։ Դենեթորի սպասավորները ջահերով ու թրերով հարձակվել էին Պահապանի արծաթասև հագուստներով Բերեգոնդի վրա, իսկ նա, ամենավերևի աստիճանին կանգնած, պաշտպանում էր շեմը։ Նրանցից երկուսն արդեն ընկել էին նրա թրից՝ արյունով ներկելով դամբարանի հատակը․ մյուսները անիծում էին նրան՝ անվանելով հանցագործ ու դավաճան։  Առաջ վազելով՝ Գենդալֆն ու Փիփինը լսեցին մահացածների տանից եկող Դենեթորի ճիչը․  — Շտապե՛ք, արագացրե՛ք։ Արեք, ինչպես հրամայել եմ, սպանե՛ք դավաճանին։ Թե՞ ես ինքս պետք է այդ անեմ։  Դուռը, որ Բերեգոնդը պահում էր ձախ ձեռքով, հանկարծ բացվեց, և հետևում հայտնվեց Քաղաքի Տիրակալը՝ վեհաշուք, ահարկու․ աչքերում փայլում էր կրակը, ձեռքին բռնել էր մերկացրած թուրը։  Բայց Գենդալֆը մի ցատկով հայտնվեց աստիճաններին, և մարդիկ նահանջեցին նրա առջև, քանզի նրա հայտնվելը նման էր մութ վայրում լույսի բռնկման, և մեծ էր նրա զայրույթը։ Նա բարձրացրեց ձեռքը՝ և Դենեթորի հարվածելու պատրաստ թուրը թռավ նրա ձեռքից ու ընկավ թիկունքում ինչ-որ տեղ՝ դամբարանի մթության մեջ։ Զարմացած Դենեթորը նահանջեց Գենդալֆի առջև։ — Այս ի՞նչ է կատարվում, տիրակա՛լ,— խստորեն հարցրեց Գենդալֆը։ — Մահացածների տանը տեղ չկա ապրողների համար։ Եվ ինչու՞ են մարդիկ կռվում այստեղ, դամբարանային սրահներում, երբ իրական կռիվը Դարպասի առջև է։ Եվ կամ մի՞թե մեր Թշնամին արդեն Ռաթ Դինեն է նույնիսկ թափանցել։  — Այդ երբվանի՞ց է Գոնդորի Տիրակալը պարտավոր պատասխան տալ քո առջև,— պատասխանեց Դենեթորը։ — Թե՞ ես իրևավունք չունեմ հրամայել իմ ծառաներին։ — Ունես,— ասաց Գենդալֆը։ — Սակայն մյուսներն էլ իրավունք ունեն վիճարկել քո հրամանը, եթե այն ցնորամիտ է, դաժան ու չար։ Որտե՞ղ է որդիդ, Ֆարամիրը։ — Պառկած է այնտեղ, ներսում,— արձագանքեց Դենեթորը։ — Վառվում է, արդեն այրվում է, կրակն արդեն նրա մարմնի մեջ է։ Բայց, ոչինչ, շուտով բոլորս կայրվենք։ Արևմուտքը ձախողվեց․ ամեն ինչ կայրվի մեծ կրակի մեջ, և ամեն ինչի վերջը կգա։ Մոխի՛ր, միայն մոխիր ու ծուխ կմնա, որն էլ կցրի քամին։ Գենդալֆը, տեսնելով նրան պատած խելագարությունը, սարսափեց, որ նա արդեն ինչ-որ չար ու անշտկելի գործ արած լինի ու շարժվեց առաջ, իսկ նրա հետևից՝ Բերեգոնդն ու Փիփինը։ Դենեթորը նահանջեց, հետ-հետ գնաց և կանգ առավ սեղանի մոտ։ Սակայն նրանք այնտեղ անվնաս գտան Ֆարամիրին՝ պառկած ու դեռևս տենդի մեջ։ Նրա տակ փայտ էր կիտած, և շուրջը նույնպես բարձր կույտեր էին, և ամբողջը ներծծված էր յուղով, նույնիսկ Ֆարամիրի զգեստներն ու վրայի ծածկոցը։ Բայց կրակը դեռ չէին վառել։ Այստեղ Գենդալֆը բացահայտեց իր մեջ թաքնված ոչ ծերունական զորությունը, ճիշտ այնպես, ինչպես բացահատում էր մոխրագույն թիկնոցի տակ թաքնված ճերմակությունը։ Նա ցատկեց վառելիքի կուտերի վրա և, թեթևությամբ գրկելով հիվանդին, իջավ ու տարավ նրան դեպի դուռը։ Այդ պահին Ֆարամիրը տնքաց և քնի մեջ կանչեց հորը։  Դենեթորը ցնցվեց, ասես սթափվելով տրանսից․ նրա աչքերի կրակը մարեց, այտերով գլորվեցին արցունքները։ Եվ նա ասաց․ — Մի խլիր որդուս ինձանից, նա կանչում է ինձ․․․ — Կանչում է,— պատասխանեց Գենդալֆը,— բայց քեզ առայժմ չի կարելի նրա մոտ։ Նա մահվան շեմին է և բուժման կարիք ունի, որը հնարավոր է և չգտնի։ Իսկ քո գործն է՝ դուրս գալ ռազմի դաշտ ու կռվել Քաղաքիդ համար, որտեղ, հնարավոր է և գտնես քո մահը։ Սրտիդ խորքում դու այդ գիտես, Դենեթոր։  — Նա այլևս չի արթնանա,— ասաց Դենեթորը։ — Կռիվն ապարդյուն է։ Ինչու՞ պետք է ձգտենք ամեն կերպ երկարացնել մեր կյանքը, ինչու՞ չմեռնենք միասին, կողք-կողքի։ — Քեզ այդպիսի իրավունք չի տրված՝ տնօրինել մահվանդ ժամը, Գո՛նդորի Կառավար,— գոչեց Գենդալֆը։ — Միայն հեթանոս արքաներն են այդպես վարվել Մութ Ուժերի իշխանության ներքո, կուրացած հպարտությունից ու հուսահատությունից, իրենց հետ սպանելով նաև իրենց ազգականներին՝ մեղմելու համար սեփական մահը։  Այս խոսքերով նա դուրս եկավ մահաբեր դամբարանից՝ իր հետ տանելով Ֆարամիրին, և պառկեցրեց նրան շեմին դրված պատգարակի վրա, որով նրան այստեղ էին բերել։ Դենեթորը հետևեց նրան, բայց հանկարծ կանգ առավ՝ դողալով ու կարոտով նայելով որդու դեմքին։ Մի պահ նա տատանվեց, մինչդեռ մյուսները լուռ սպասում էին՝ տեսնելով նրա տանջանքները։ — Գնանք,— ասաց Գենդալֆը։ — Մենք պետք ենք այնտեղ։ Դու դեռ շատ բան կարող ես անել։  Բայց հանկարծ Դենեթորը ծիծաղեց։ Նա ուղղվեց, կրկին վեհ կեցվածք ընդունեց և հպարտ քայլերով վերադաձավ սեղանի մոտ, ապա բարձրացրեց քարը, որ բարձի տեղ դրված էր նրա գլխի տակ։ Հետո վերադարձավ շեմի մոտ և քարի վրայից մի կողմ նետեց ծածկոցը՝ և բոլորը տեսան Փալանթիրը նրա ձեռքին։ Երբ նա բարձրացրեց այն, գունդն սկսեց լուսարձակել ներքին կրակով այնպես, որ Տիրակալի նիհար դեմքը լուսավորվեց ասես կարմիր բոցից, և թվում էր, թե այն կերտված է կարծր քարից, սև, սուր ստվերներով, վեհ, հպարտ ու սարսափազդու։ Նրա աչքերը փայլեցին։  — Հպարտություն և հուսահատությու՞ն, ասում ես,— բացականչեց նա։ — Ինչ է, կարծում էիր, որ Սպիտակ Աշտարակի աչքերը կու՞յր են։ Ո՛չ, ես տեսել եմ ավելին, քան դու գիտես, Մոխրագու՛յն հիմար։ Քո հույսը պարզապես անտեղյակության արդյունք է։ Գնա, ուրեմն, աշխատի՛ր, ապաքինի՛ր, գնա կռվի՛ր։ Ունայն է ամեն ինչ։ Գուցե և հիմա հաղթանակես ռազմի դաշտում, ընդամենը մեկ օրով, բայց ընդդեմ այն ուժի, որ ելել է մեր դեմ, հաղթանակ չկա։ Դեպի այս Քաղաքն է ձգվել նրա ձեռքի ընդամենը մեկ մատը։ Ամբողջ Արևելքը շարժման մեջ է։ Եվ նույնիսկ հիմա քո հույսի քամին խաբում է քեզ և Անդուինի վրայով այստեղ է քշում սև առագաստներով նավատորմը։ Արևմուտքը ձախողվել է։ Ժամանակն է, որ հեռանան բոլոր նրանք, ովքեր չեն ուզում դառնալ ստրուկներ։ — Նման խորհուրդներն անկասկած Թշնամուն հաղթանակ կբերեն,— ասաց Գենդալֆը։ — Դե ուրեմն, շարունակիր հուսալ,— ծիծաղեց Դենեթորը։ — Մի՞թե ես քեզ չեմ ճանաչում, Միթրանդիր։ Քո հույսն է իշխել իմ փոխարեն, կանգնել յուրաքանչյուր գահի հետևում՝ հյուսիսում լինի, հարավում, թե արևմուտքում։ Ես կարդացել եմ քո մտքերը և գիտեմ, թե դու ինչ ես տենչում։ Կարծում ես, ես չգիտե՞մ, որ հրամայել ես այս կոլոտիկին լռել։ Որ բերել ես նրան այստեղ լրտեսելու ինձ հենց իմ պալատում։ Բայց և այնպես մեր զրույցի ժամանակ ես կարողացա իմանալ քո ուղեկիցների անուններն ու նպատակները։ Ուրեմն, դու ուզում ես ձախ ձեռքով ինձ որոշ ժամանակ օգտագործել Մորդորի դեմ որպես վահան, իսկ աջով իմ փոխարեն գահին նստեցնել այն Հյուսիսային Թափառականի՞ն։  Սակայն իմացիր, Գե՛նդալֆ Միթրանդիր, ես գործիք չեմ լինի քո ձեռքին։ Ես Անարիոնի տան կառավարն եմ և չեմ նվաստանա՝ դառնալով ինչ-որ դուրսպրծուկի թուլամիտ պալատականը։ Եթե նույնիսկ նա ինձ ապացուցի իր իրավունքը, միևնույնն է, նա ընդամենը Իսիլդուրի հեռավոր ժառանգն է, և ես գլուխս չեմ խոնարհի այդպիսի մարդու, խորտակված տան վերջին ժառանգի առջև՝ վաղուց զրկված խշխանությունից և արժանապատվությունից։  — Իսկ ի՞նչ կուզենայիր, եթե ամեն ինչ քո կամքով լիներ,— հարցրեց Գենալֆը։ — Կուզենայի, որ ամեն ինչ մնար այնպես, ինչպես եղել է իմ կյանքի բոլոր օրերին,— պատասխանեց Դենեթորը, — և ինչպես եղել է ինձանից առաջ իմ նախնիների օրոք․ լինել այս Քաղաքի Տիրակալը խաղաղության մեջ և ինձանից հետո թողնել գահը որդուս, և որպեսզի նա ինքն իր գլխի տերը լինի, և ոչ թե կախարդի աշակերտը։ Բայց եթե ճակատագիրը մերժում է ինձ դրանում, ապա ես ոչինչ չեմ ուզում․ ո՛չ կիսատ կյանք, ո՛չ կիսատ սեր, ո՛չ կիսատ արժանապատվություն։  — Իմ կարծիքով՝ փոխարքան, վերադարձնելով իշխանությունը օրինական արքային, չի զրկվում ո՛չ սիրուց, ո՛չ արժանապատվությունից,— առարկեց Գենդալֆը։ — Եվ, բացի դրանից, դու իրավունք չունես որոշել որդուդ փոխարեն, քանի դեռ նրա մահը կասկածի տակ է։ Այդ խոսքերից Դենեթորի աչքերը կրկին բոցավառվեցին, և նա, Քարը թևի տակ դնելով, հանեց դանակն ու նետվեց դեպի պատգարակը։ Բայց Բերեգոնդն առաջ ցատկեց ու կանգնեց Ֆարամիրի առջև։ — Ա՜խ Այսպես,— ճչաց Դենեթորը,— դու արդեն հասցրել ես գողանալ որդուս սիրո կեսը, հիմա էլ իմ դեմ ես ուղղում իմ ասպետների սրտե՞րը։ Որպեսզի նրանք զրկե՞ն ինձ որդուցս։ Սակայն մի բանում դու գոնե չես կարող ինձ խանգարել՝ տնօրինել սեփական կյանքիս ավարտը։ Մո՛տ եկեք,— գոռաց նա իր հպատակներին։ — Եկե՛ք, եթե ոչ բոլորդ եք դավաճան։  Երկուսը աստիճաններով վազեցին նրա մոտ։ Նա արագ հափշտակեց նրանցից մեկի կանթեղը և իրեն գցեց դամբարան։ Եվ մինչ Գենդալֆը կհասցներ խանգարել նրան, նա կանթեղը մտցրեց վառելիքի մեջ՝ և այն անմիջապես բռնկվեց ու ճարճատեց։Այնուհետև Դենեթորը ցատկեց սեղանի վրա, և պարուրված կրակով ու ծխով, ոտքերի տակից վերցրեց փոխարքայի իր գավազանը, ապա, ծնկին խփելով, կոտրեց։ Կտորները կրակի մեջ նետելով, նա խոնարհվեց ու պառկեց սեղանին՝ երկու ձեռքով Փալանթիրը սեղմելով կրծքին։ Եվ ասում են, որ այդ օրվանից յուրաքանչյուր ոք, ով սիրտ էր անում նայել այդ քարի մեջ ու բավականաչափ կամք չէր ունենում ենթարկելու Քարը իրեն, տեսնում էր միայն կրակի բոցերի մեջ խորշոմող երկու ծեր ձեռքեր։ Գենդալֆը վշտից ու սարսափից շրջեց երեսն ու փակեց դուռը։ Որոշ ժամանակ նա մտքերի մեջ ընկած լուռ կանգնած էր շեմին, մինչդեռ մյուսները դրսում կանգնած լսում էին կրակի ագահ մռնչյունը։ Հետո Դենեթորը բարձր ճիչ արձակեց՝ միայն մեկ անգամ, ու հավիտյան լռեց, և ոչ մի մահկանացու այլև նրան չտեսավ։ — Այսպիսին էր Դենեթորի, Էքթելիոնի որդու վերջը,— ասաց Գենդալֆը։ Նա շրջվեց Բերեգոնդի և սարսափից քարացած սպասավորների կողմը։ Եվ այսպիսին էին ձեր մինչև այժմ ճանաչած Գոնդորի վերջին օրերը։ Վատի համար, թե լավի՝ այն այլևս անցյալ է։ Մենք չարագործությունների ականատես եղանք, բայց այժմ թո՛ղ որ ձեր միջև թշնամանքները վերանան, քանզի այն մտածված էր թշնամու կողմից և գործում էր նրա կամքով։ Դուք ներքաշված էիք պարտականությունների ցանցի մեջ, որը ձեզ ստիպում էր կատարել միմյանց հետ անհամատեղելի գործողություններ, բայց ցանցը դուք չեք հյուսել։ Մտածեք, սակայն, Տիրակալի ծառաներ, կույր՝ ձեր հնազանդության մեջ, որ եթե չլիներ Բերեգոնդի դավաճանությունը, Ֆարամիրը՝ Սպիտակ Աշտարակի զորավարը, հիմա նույնպես այրված կլիներ։ Տարեք այս դժբախտ վայրից ձեր ընկած ընկերներին։ Իսկ մենք կտանենք Ֆարամիրին՝ Գոնդորի փոխարքային այնտեղ, որտեղ նա կկարողանա հանգիստ քնել կամ մեռնել, եթե այդ է նրա ճակատագիրը։  Գենդալֆն ու Բերեգոնդը, բարձրացնելով պատգարակը, շարժվեցին դեպի Բուժման Տներ, և Փիփինը գլուխը կախ գնաց նրանց հետևից։ Բայց Տիրակալի ծառաները ապշած նայում էին, չկարողանալով հայացքները կտրել մահացածների տանից։ Երբ Գենդալֆը հասավ Ռաթ Դինենի մյուս ծայրին, բարձր ճայթյուն լսվեց։ Շրջվելով՝ նրանք տեսան, որ տան գմբեթը ճեղքվել է, և ճեղքերից ծուխ է դուրս ժայթքում։ Իսկ հետո այն դղրդյունով փլվեց կրակի բուռն փոթորկի մեջ, և անխռով կրակի լեզուները դեռ երկար պարում ու թրթռում էին ավերակների մեջ։ Միայն այդ ժամանակ ծառաները սարսափահար փախան այդտեղից՝ հետևելով Գենալֆին։  Վերջապես նրանք հասան Փակ Դռան մոտ, և Բերեգոնդը վշտահար նայեց դռնապանին։  — Մինչև կյանքիս վերջը ինձ չեմ ների այս արարքիս համար,— ասաց նա։ — Բայց ինձ առաջ էր մղում շտապելու մոլուցքը, իսկ նա չէր ուզում լսել և թուր մերկացրեց ինձ վրա։ — Նա հանեց բանալին, որ խլել էր դռնապանից, փակեց դուռն ու կողպեց այն։ — Իսկ այժմ այն պետք է հանձնվի տիրակալ Ֆարամիրին,— ավելացրեց նա։ — Դոլ Ամրոթի իշխանն է հրամայում Տիրակալի բացակայության պայմաններում,— ասաց Գենդալֆը։ — Բայց քանի որ հիմա նա այստեղ չէ, ես պետք է ստանձնեմ այդ գործը։ Պահիր այդ բանալին Բերեգոնդ, և պահպանիր այն, քանի դեռ Քաղաքում նորից կարգ ու կանոն չի տիրել։  Վերջապես նրանք դուրս եկան Քաղաքի վերին օղակներ և առավոտյան լույսի տակ շարժվեցին դեպի Բուժման Տներ։ Դրանք առաձնացված գեղեցիկ տներ էին՝ նախատեսված ծանր հիվանդ մարդկանց խնամքի համար, բայց այժմ դրանք վերափոխել էին պատերազմում վիրավորված կամ մահացող մարդկանց խնամելու համար։ Դրանք գտնվում էին Միջնաբերդի դարպասից ոչ հեռու, վեցերորդ օղակում, հարավային պատի մոտ, և շրջապատված էին պարտեզով, ինչպես նաև կանաչապատ մարգագետին կար՝ այստեղ այնտեղ աճած ծառերով՝ և դա միակ այդպիսի վայրն էր Քաղաքում։ Այնտեղ էին ապրում այն մի քանի կանայք, որոնց թույլատրվել էր մնալ Մինաս Թիրիթում, քանի որ նրանք հմուտ էին բժշկման գործում և օգնում էին բուժակներին։  Գենդլաֆն ու նրա ուղեկիցները արդեն արդեն տանում էին պատգարակները Տների գլխավոր մուտքի մոտ, երբ բարձր, ականջ ծակող ճիչ լսեցին, որը տարածվեց Դարպասի դիմաց, դաշտի գլխին, մխրճվեց երկնքի մեջ ու քամուց քշվելով հետզհետե մարեց։ Ճիչ այնքան սարսափազդու էր, որ մի պահ բոլորը քարացան, բայց երբ այն ցրվեց, անսպասելի նրան սրտերը թեթևացան ու լցվեցին մեծ հույսով, և նման բան նրանք չէին զգացել այն պահից սկսած, երբ խավարը սողաց արևմուտքից․ և նրանց թվաց, որ ավելի լուսացավ ու արևը ճեղքեց ամպերը։  Սակայն Գենդալֆի դեմքը մռայլ ու տխուր էր։ Նա կարգադրեց Բերեգոնդին ու Փիփինին տանել Ֆարամիրին Բժշկման Տներ, իսկ ինքը բարձրացավ մոտակա պատի վրա, և այնտեղ, ինչպես ճերմակ քարից կերտված արձան, նա կանգնել էր նոր ծագող արևի տակ ու նայում էր ներքև։ Եվ նա տեսավ իրեն տրված հատուկ տեսողությամբ այն ամենը, ինչ կատարվել էր։ Եվ երբ Էոմերը հետ եկավ ճակատամարտի առաջնագծից ու կանգ առավ դաշտում ընկածների կողքին, նա հառաչեց, թիկնոցը կրկին գցեց ուսերին ու իջավ պատերի վրայից։ Քիչ անց, երբ Բերեգոնդն ու Փիփինը դուրս եկան, գտան նրան դռան առջև, մտքերի մեջ ընկած, լուռ կանգնած։  Նրանք նայեցին նրան, բայց Գենդալֆը որոշ ժամանակ լռում էր։  — Իմ բարեկամներ,— վերջապես խոսեց նա,— և դուք, այս Քաղաքի ու արևմտյան հողերի բնակիչներ։ Տեղի են ունեցել փառավոր ու մեծ վիշտ պարունակող իրադարձություններ։ Լացե՞նք, թե՞ ուրախանանք։ Կատարվել է այն, ինչի մասին մենք նույնիսկ հուսալ չէինք համարձակվում՝ ոչնչացվել է Թշնամու զորավարը, և դուք լսեցիք նրա վերջին ու հուսահատության արձագանքը։ Բայց նա հեռացել է մեծ վշտի ու դառը կորուստների գնով, և այդ ես գուցե կարողանայի կանխել, եթե չլիներ Դենեթորի խելագարությունը։ Ահա թե ինչքան հեռու են արդեն տարածվել Թշնամու ձեռքերը։ Ավա՜ղ։ Բայց այժմ ես հասկանում եմ, թե ինչպես է նրա կամքը կարողացել մուտք գործել Քաղաքի հենց սիրտը։ Թեև փոխարքաները կարծում էին, որ այդ գաղտնիքի մասին միայն իրենք գիտեն, բայց ես վաղուց եմ կռահել, որ այստեղ՝ Սպիտակ Աշտարակում, պահպանվել է Յոթ Տեսնող Քարերից առնվազն մեկը։ Իր իմաստության օրերին Դենեթորը չէր համարձակվում ո՛չ օգտագործել այն, ոչ էլ մարտահրավեր նետել Սաուրոնին՝ իմանալով սեփական ուժի սահմանները։ Բայց նրա իմաաստությունը չդիմացավ փորձությանը՝ և երբ ուժեղացող վտանգն սկսեց սպառնալ իր տիրույթներին, նա առաջին անգամ նայեց Քարի մեջ ու խաբվեց, իսկ Բորոմիրի գնալուց հետո, կռահում եմ, ավելի հաճախ է նայել։ Նա չափազանց հզոր է՝ Մութ Ուժին կամքին ենթարկվելու համար, բայց, այնումենայնիվ նա տեսել է միայն այն, ինչ այդ Ուժը թույլ է տվել տեսնել։ Ստացած գիտելիքներն անկասկած հաճախ են օգտակար եղել նրան, սակայն Մորդորի մեծաթիվ ուժերի տեսիլքը, որ նրան պարբերաբար ցույց են տվել, հուսահատությամբ է սնուցել նրա սիրտը, մինչև որ ցնորել է նրա միտքը։  — Հիմա հասկանում եմ, թե ինչը ինձ էն ժամանակ տարօրինակ թվաց,— ասաց Փիփինը սարսռալով։ — Տիրակալը հեռացավ սենյակից, որտեղ պառկած էր Ֆարամիրը, իսկ հետո, երբ վերադարձավ, ես առաջին անգամ մտածեցի, որ նա փոխված է՝ ծեր և կոտրված։ — Հենց այն ժամանակ, երբ Ֆարամիրին բերեցին Աշտարակ, մեզանից շատերը տարօրինակ լույս տեսան ամենավերին սենյակում,— ավելացրեց Բերեգոնդը։ — Սակայն մենք առաջ էլ ենք այդ լույսը տեսել, և Քաղաքում վաղուց են լուրեր պտտվում, որ Տիրակալը ժամանակ առ ժամանակ մտովի մարտնչում է իր Թշնամու հետ։ — Ավա՜ղ, ուրեմն ճիշտ եմ կռահել,— հոգոց հանեց Գենդալֆը — Այդպես է Սաուրոնի կամքը թափանցել Մինաս Թիրիրթ, և այդ պատճառով եմ ես այստեղ, այլ ոչ թե դաշտում։ Եվ ստիպված կլինեմ այստեղ էլ մնալ, որովհետև բացի Ֆարամիրից, շուտով այստեղ կբերեն այլ վիրավորներ։ Ես պետք է իջնեմ ու դիմավորեմ նրանց։ Այնտեղ, դաշտում, ես ականատես եղա մի տեսարանի, որը շատ ծանր է իմ սրտի համար, և դեռ կարող է ավելի մեծ վիշտ տեղի ունենալ։ Արի ինձ հետ, Փիփին։ Բայց դու, Բերեգոնդ, պետք է վերադառնաս Միջնաբերդ և տեղեկացնես պահակախմբի գլխավորին կատարվածի մասին։ Վախենում եմ, որ նրա պարտքը կլինի ազատել քեզ պահակախմբից․ բայց ասա նրան, որ եթե ես կարող եմ խորհուրդ տալ իրեն, ապա թող ուղարկի քեզ Բժշկման Տներ, որպեսզի քո հրամանատարին պահակություն անես ու սպասարկես, և նրա կողքին լինես, երբ արթնանա, եթե, իհարկե, ճակատագիրն այդպես կամենա։ Քանզի քո շնորհիվ նա փրկվեց ողջ-ողջ այրվելուց։ Իսկ այժմ գնա։ Ես շուտով կվերադառնամ։ Այս խոսքերով նա շրջվեց ու Փիփինի հետ իջավ Քաղաքի ներքին օղակներ։ Մինչդեռ նրանք գնում էին, քամին մոխրագույն անձրև բերեց, և բոլոր կրակները մարեցին, և ծխի մեծ ամպեր քուլա-քուլա բարձրացան Քաղաքի վրա։ ====Գլուխ ութերորդ․ Բուժման Տները==== Մերիի աչքերը մշուշվել էին արցունքներից ու հոգնածությունից, երբ նրանք վերջապես մոտեցան Մինաս Թիրիթի ավերված Դարպասին։
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]
Վստահելի
1342
edits