Changes

Ոդիսական

Ավելացվել է 231 196 բայտ, 13:12, 23 Հունիսի 2024
|աղբյուր =
}}
{{անավարտ}}
== Երգ առաջին։ Աստվածների ժողովը, Աթենասը քաջալերում է Տելեմաքոսին ==
== Երգ քսաներորդ։ Նախքան կոտորածը Սեղեխների: Զևսը քաջալերում է Ոդիսևսին ==
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Գավթում սարքեց անկողինն իր Ոդիսևսը աստվածազարմ,
Փռեց գետնին արաջառենի լմված կաշին և վերևից
Ծածկեց ձեռքով սեղեխների արդեն մորթած ոչխարների շատ օդիկներ:
Երբ նա պառկեց, Եվրինոմեն բերեց փռեց նրա վրա մի պատմուճան,
Բայց չքնեց Ոդիսևսը, այլ խորհում էր խոսնայրների մահվան մասին:
Մինչդեռ տնից այնժամ ելան ու գնացին ստրուկ կանայք,
Որ և առաջ լիրբ, անառակ կապ ունեին սեղեխների հետ զազրելի.
Հիրհըրոցով և խայտառակ զվարճանքով գնում, խոսում էին զավզակ:
Եվ, քինահույզ, խիստ բորբոքվեց Ոդիսևսի սիրած սիրտը իր կրծքի տակ,
{{տող|10}}Ուստի հուզված մտածում էր նա ինքն իր մեջ և իր հոգով խորաթափանց.
Արդյոք իսկույն չհարձակվել և չմատնե՞լ դաժան մահվան այդ բոլորին,
Թե՞ դեռ թույլ տալ, որ անզգամ և շնաբար այդպես լկնեն վերջին անգամ
Սեղեխների հետ վիսացող։ Մարմաջում էր սիրտն իր ներքուստ և զիլ հաչում,
Ուղիղ ինչպես շունն է հաչում և հարձակվում մի անծանոթ մարդու վրա՝
Իր նորածին լակոտների շուրջը արագ և հոգատար պտտվելիս,
Այդպես հաչում էր նա ներքուստ և վրդովվում այդ անամոթ գործի համար:
Ոդիսևսը կուրծքն իր թակեց և իր սրտին այս խոսքն ասաց նախատական.
«Սի՜րտ իմ, տոկա և հանդուրժի՛ր քարվականքն այս, քանզի չէ՞ որ համբերեցիր
Դու ավելի վատթարագույնն, երբ կիկլոսի զորությունը զարհուրելի
{{տող|20}}Լափլփեց քաջ ընկերներիս. այնտեղ տոկուն դու դիմացար, և խելքը քո
Քարանձավից քեզ դուրս հանեց, թեպետ մահն էր քո անխուսափ»։
Այդպես ասաց կշտամբանքով` սիրած սրտին իր դիմելով.
Եվ սիրտն իսկույն հնազանդվեց, որ քաջաբար կհամբերի անդ ամեն ինչ։
Բայց դիցազուն Ոդիսևսը մահիճի մեջ շուռումուռ էր գալիս անվերջ,
Ինչպես հաճախ խիստ բոցավառ կրակի մեջ մարդն անդադար
Պտույտ տալով, գալարում է պարարտաճարպ և արյունով լի փորոտին՝
Փափագելով, որ խորովածը խորովվի ավելի շո՜ւտ, փութանակի,
Այդպես ահա անկողնու մեջ Ոդիսևսն էր շուռ-մուռ գալիս խիստ մտահոգ.
Միտք էր անում՝ ինչպե՞ս արդյոք ինքը մենակ ձեռք բարձրացնի
{{տող|30}}Ընդդեմ բազում և անամոթ խոսնակների, մինչ երկնքից իջավ այժմ
Ու մոտեցավ նրան այնտեղ Աթենասը, որ նմանվել էր մի կնոջ։
Նա սնարին նրա կանգնեց ու ձայն տվեց և այս ասաց.
«Ինչո՞ւ արդյոք դու չես քնում, դու, բոլորից վատաբախտդ մարդկանց մեջ։
Քո տունն է սա, և քո տան մեջ են, ավադիկ, քո ամուսինն ու քո որդին,
Որին, որպես որդի, շատերը չափազանց կցանկային»։
Պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց անդ Ոդիսևսը քաջիմաց.
«Այդ ամենը ճիշտ է, իրավ, աստվածուհիդ, հանց ասացիր պատշաճաբար,
Բայց ես, ահա, մտատանջված, միտք եմ անում իմ սրտի մեջ և իմ հոգով՝
Ինչպե՞ս արդյոք ինքս մենակ ձեռք բարձրացնեմ սեղեխների դեմ բազմաթիվ
{{տող|40}}Որոնք այստեղ, այս հարկի տակ, հավաքվում են միահամուռ, բազմաժողով,
Եվ բացի այդ՝ ես իմ սրտում էլ առավել ալեկոծվող մի միտք ունեմ.
Եթե Զևսի և քո բարի ողորմությամբ դրանց հիմա ես կոտորեմ,
Ո՞ւր պիտ փախչեմ, որ ես փրկվեմ: Աղաչում եմ, գեթ այդ մասին դու մտածիր»։
Կրկին նրան իր խոսքն ասաց Աթենասը պայծառաչյա.
«Թերահավա՜տ. վտանգի մեջ մարդն ընկերոջն է հավատում, թեկուզ լինի
Նա ավելի թույլ ու նվաստ, նույնիսկ խելքով իր անկարող։
Մինչդեռ, ահա, աստված եմ ես և ամենուր պահպանել եմ քեզ մշտապես
Բոլոր ծանր գործերիդ մեջ, ուստի լսիր, այժմ հայտնում եմ քեզ բացեբաց.
Եթե նույնիսկ մեզ պաշարի հիսուն ջոկատ կազմող հզոր զորք մահապարտ
{{տող|50}}Եվ մարտատենչ, արեսական կրքով լցված, մեզ սպանել աստ ցանկանա,
Այդ դեպքում էլ մենք կհաղթենք և կշորթենք նրա եզներն ու ոչխարներն,
Բայց թող քունը քեզ նվաճի, քանզի իրոք տանջալից է ամբողջ գիշեր
Անքուն մնալ, աչք չփակել. շուտով արդեն փրկվելու ես աղետներից»։
 
Այդպես ասաց և աչքերին նրա ցանեց քաղցրանուշիկ, հանգիստ մի քուն
Եվ ինքն ապա, աստվածների վեհ դիցուհին, դեպ Օլիմպոս թռավ, գնաց:
Այդպես նրան գրկեց քունը, որ սիրտը միշտ ազատում է ծանր հոգսերից,
Եվ թուլացրեց մարմինն ամբողջ։ Մինչ արթնացավ նրա կինը այդ ժամանակ,
Նստեց ապա մահճակալի վրա փափուկ և հեծեծաց,
Իսկ երբ արդեն լացուկոծով նրա սիրտը լավ հագեցավ,
Նա, այդ կինը աստվածային, նախ աղերսեց և խոսքն ուղղեց Արտեմիսին.
{{տող|60}}«Ախ, Արտեմիս, աստվածուհիդ գերամեծար, դուստր Զևսի, երանի՜ թե
Դու վարսեիր քո սուր սլաքն իմ կրծքի մեջ և կորզեիր դու իմ հոգին,
Կամ գեթ միրիկն ահեղաձայն հափշտակեր ինձ անհապաղ
Եվ ինձ արագ վերցներ, տաներ դեպ հեռուներ, ճանապարհով անդնդային,
Տաներ այնտեղ և ինձ նետեր բերանի մեջ խոր, շրջահոս օվկիանոսի,
Ինչպես երբեմն այդպես տարավ գոռ մրրիկը Պանդարևսի դստրիկներին:
Ավա՜ղ, նրանց ծնողներին աստվածները կործանեցին, ուստի նրանք
Որբ մնացին հայրենական իրենց տան մեջ։ Ափրոդիտն էր, աստվածուհին,
Նրանց սնում միշտ պանիրով, քաղցր մեղրով, այլև գինով անուշահամ:
{{տող|70}}Եվ պարգևեց Հերան նրանց խելք ու հանճար, գեղեցկությունը գերազանց,
Իսկ Արտեմիսն օժտեց նրանց քաջահասակ, վայելչակազմ տեսքով չքնաղ.
Աթենասն էլ սովորեցրեց հրաշակերտ ու ոսկեշող ձեռագործ:
Եվ Ափրոդիտն աստվածահաղթ վեր բարձրացավ մի օր Օլիմպ երանավետ՝
Շանթազվարճ Զևսին այնտեղ աղերսելու, քանզի նա է ամենազոր,
Նրա կամքն է մահկանացու մարդկանց տալիս դժբախտություն ու բախտ փայլուն,
Որ թույլ տա նա կատարելու այդ կույսերի պերճ հարսանիքը ծաղկավետ:
Բայց կույսերին Հապիաները հափափեցին հանկարծակի
Ու հանձնեցին անագորույն Էրինիսին՝ ստրկական ժանտ վիճակի։
Ա՜խ, երանի ինձ էլ այդպես ոչնչացնեն աստվածները Օլիմպակյաց,
{{տող|80}}Կամ Արտեմիսը վարսագեղ թող ինձ զարկի փութանակի,
Որպեսզի ես Ոդիսևսի հետ տեսնվելու իջնեմ անդունդը, երկրի տակ,
Որ չդառնամ ես հրճվանքի միայն աղբյուր ավելի վատ մարդու համար։
Սակայն հաճախ հանդուրժում են մարդիկ աղետն ու վշտերը, երբ ցերեկով
Կյանքն է անցնում ջայլանքի մեջ, սիրտը տխուր, արցունքով լի,
Իսկ գիշերը նրանց սրտին քունն է տիրում, որ վատն ու լավը լիովին
Մոռացության է միշտ տալիս, երբ փակվում են աչքերը և թարթիչները,
Բայց ինձ աստվածն առաքում է ցնորամիտ և չարագույժ վատ երազներ:
Հենց այս գիշեր, երազումս, ինձ գրկել էր մի մարդ՝ նրան սաստիկ նման.
Այդպիսին էր նա, երբ գնաց զորքերի հետ, ուրախացավ սիրտս խորունկ,
{{տող|90}}Քանզի կարծես երազ չէր այդ, այլ իսկակա՜ն իրողություն մի ճշմարիտ»։
 
Ասաց այդպես, մինչդեռ ծագեց արդեն շողշող և ոսկեգահ Արշալույսը:
Լացուկոծի ձայնը նրա լսեց հանկարծ Ոդիսևսը աստվածազարմ,
Եվ ինքն իր մեջ խոր մտածեց, ապա նրա սրտին թվաց,
Որ ճանաչեց տիկինն իրեն և կանգնած է հիմա նա յուր գլխի վերև
Նա վեր կացավ, վերցրեց վերմակն ու օդենիք, որոնց մեջ ինքը պառկել էր,
Ծալեց, դրեց անդ բազմոցին, եզան կաշին տարավ, դրեց դռան ետև,
Ապա դարձավ և, ձեռքերը վեր կարկառած, ջերմ աղոթեց Զևս աստծուն.
«Զև՜ս հայր, եթե դու կամեցար ինձ ծովերով ու ցամաքով
Բերել, հասցնել իմ երկիրն այս, երբ կրեցի ես աղետներ բազմաչարչար,
{{տող|100}}Թող մեկն ու մեկն, ով արթուն է, այստեղ, ներքուստ, ինձ խոսք ասի բարենշան,
Իսկ արտաքուստ թող հանդես գա ու երևա քո նշանը, Զև՜ս երկնագով»:
Այդպես ասաց աղերսելով, և Զևսն զգոն լսեց նրան.
Թնդաց իսկույն և որոտաց որոտն ահեղ Օլիմպական բարձունքներից
Անդ, խտագույն ամպերի մեջ։ Ուրախացավ Ոդիսևսը աստվածազարմ.
Խոսեց նաև տան մեջ, այնտեղ, հաց աղացող ստրուկ կինը,
Քանզի ուներ ազգերի տեր Ոդիսևսը շատ, բազմազան,, աղորիքներ,
Որոնց շուրջը տասնևերկու կանայք էին անդ աշխատում միշտ ժրաժիր:
Աղում էին նրանք գարի, ոսկի ցորեն, որը մարդկանց ուղեղն է ճիշտ։
Մյուսներն այնժամ քնած էին, քանզի իրենց գործն ավարտել Էին արդեն,
{{տող|110}}Իսկ սա իր գործը տակավին չէր ավարտել, որպես մի թույլ և տկար կին։
Արդ, աղալը ընդհատելով, նա խոսք ասաց, բարի նշան տիրոջ համար
«Զև՜ս հայր, դու, որ գերիշխողն ես աստվածների, այլև մարդկանց,
Այսքան հուժկու որոտացիր այժմ երկնքից անծայրածիր և աստղազարդ,
Որտեղ չկար և ոչ մի ամպ։ Ո՞ւմ համար էր, որ հայտնեցիր քո նշանն այդ։
Այս խոսքը իմ, տարաբախտիս, գեթ կատարիր դու, ողորմած.
Թող որ այս օրն սեղեխների համար լինի օրը վերջին,
Նրանց, որոնք Ոդիսևսի տանն անում են խնջույքը այս մեծափափագ:
Տե՜ս, խոնջանքից սրտակոտոր՝ իմ թուլացած ծնկներն են այժմ ծալվում արդեն,
Այսքան գարի միշտ աղալիս, թող սա լինի վերջին խնջույքն ու նվագը»։
{{տող|120}}Ասաց այդպես, Զևսի հզոր որոտումից և այս կնոջ նոր ասածից
Ոդիսևսը խնդաց, խորհեց, որ վրեժն իր չար թշնամուց նա կլուծի։
Մինչ այլ բոլոր ստրկուհիք հավաքվեցին Ոդիսևսի շքեղ տան մեջ
Եվ անհապաղ անդ օջախի մեջ վառեցին կրակն անշեջ։
Իր մահիճում անդ արթնացավ և Տելեմաքն աստվածակերպ.
Հապճեպ հագավ նա իր հագուստն, ապա ուսին կախեց թուրը իր սայրասուր
Եվ ոտքերին կապեց մույկերն իր գեղեցիկ ու շողշողուն,
Հետո վերցրեց նիզակն ամուր ու սրածայր, պղնձակուռ:
Այդպես գնաց, կանգնեց շեմքին ու բարբառեց և խոսք ասաց Եվրիկլիային.
«Դու, մայրիկդ իմ սիրելի, հյուր եկվորին դուք պատվեցի՞ք մեծարանքով,
{{տող|130}}Արդյոք տվի՞ք պատշաճ ուտեստ կամ անկողին, թե՞ նա մնաց տան անխնամ:
Գիտեմ, մայրն իմ, թեպետ և նա ողջախոհ է և իմաստուն,
Մահկանացու մարդկանցից աստ երբեմն պատվում է այն մարդուն, որը սակայն
Նվաստգույնն է իսկապես, իսկ լավերին դուրս է անում առանց պատվի»:
Իսկույն նրան պատասխանեց և խոսք ասաց Եվրիկլիա կինը քաջիմաց.
«Ո՜հ , զավակս, զուր ես այդպես ամբաստանում քո մորն անմեղ.
Հյուր եկվորը խմեց գինին, որքան իր սիրտն էր փափագում,
Իսկ ուտելը,, երբ որ մարդ հարցրեց նրան, մերժեց, ասաց, որ չի ուզում,
Սակայն երբ որ նա քունն հիշեց և ցանկացավ պոկել այստեղ,
Մարդ իսկույն հրամայեց ստրուկ կանանց մահիճ սարքել պատշաճաբար։
{{տող|140}}Բայց անկողնում և դոշակի վրա քնել ինքը անձամբ չկամեցավ,
Որպես դժբախտ թափառական, տառապահար և անարժան,
Այլ գավիթում պառկեց, քնեց եզան մորթուն չմշակված
Եվ ոչխարի օդիկներին, իսկ վերևից մենք փռեցինք մի պատմուճան»։
Ասաց այդպես, և Տելեմաքն այնժամ տնից ժիր դուրս եկավ՝
Տեգ-նիզակը ձեռքին բռնած, հետևեցին նրան շներն արագարշավ:
Գեղասրունք աքեացոց ատյանը նա շտապ գնաց։
Այն ժամանակ Եվրիկլիան աստվածային՝ դուստրը Օպսի Պիսենորյան,
Անմիջապես հրամայեց ապարանքի ստրուկ կանանց.
«Օ՜ն, շուտափույթ գործի ելեք. տունն ու տեղը հավաքեցեք դուք ժրաջան
{{տող|150}}Եվ հատակին ջուր ցանեցեք, բազմոցները գեղեցկակերտ և շառագույն
Սփռոցներով լավ ծածկեցեք: Դուք էլ՝ ահա սեղաններն այս
Սպունգներով նուրբ սրբեցեք և մաքրեցեք սարկարաններն ու գավաթներն,
Որոնք շինված են կրկնականթ, իսկ դուք ջրի շուտ գնացեք դեպի աղբյուր
Եվ այնտեղից փութանակի լցրեք, բերեք ջուրը մաքուր,
Քանզի երկար էլ բացակա չեն լինելու խոսնայրները ապարանքից,
Այլ շատ շուտով այստեղ կգան, որովհետև տոն է այսօր մի ընդհանուր»:
Ասաց այդպես, և անսացին նրանք իսկույն, կատարեցին պատգամը այդ.
Արդ, նրանցից քըսան հոգի հապճեպ գնաց դեպի աղբյուրը սևաջուր,
Իսկ մյուսները տան մեջ, այնտեղ, մեծ խնամքով, ուշի–ուշով աշխատեցին:
{{տող|160}}Եկան նաև աքեացոց ծառաները աշխատասեր,
Որոնք ճարտար կտրատեցին փայտը այնտեղ, և աղբյուրից եկան կանայք,
Իսկ դրանցից հետո միայն խոզարածը եկավ արդեն,
Որ բերել էր երեք խոզեր, ընտիրները այնտեղ եղած խոզերամից,
Որոնց թողեց նա բակի մեջ բարձրապարիսպ ու պերճակերտ, որ արածեն,
Իսկ ինքն ապա Ոդիսևսին այնտեղ դիմեց և խոսք ասաց գորովալիր.
«Հը՜, ինչպե՞ս է, օտարական, հարգանքո՞վ են աքեացիք վարվում քեզ հետ,
Թե՞ այս տան մեջ, այստեղ, քեզ զուր անպատվում են առաջվա պես»
Պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Ո՞ւր էր թե ճիշտ, ո՜վ Եվմեոս, պատիժ տային աստվածները քարվականքի
{{տող|170}}Այս լիրբ գործին, որ վիսացող այս լրբենիք կատարում են, ահավասիկ,
Օտարի տանն՝ այսքան լպիրշ և անօրեն, նույնիսկ առանց ամոթանքի»:
 
Այդպես նրանք այդ առիթով խոսում էին իրարու հետ,
Մինչդեռ եկավ ու մոտեցավ անդ, Մելանթևսը այծարած.
Իր հետ բերել էր նա այծեր, քաջընտիրները հորանից,
Որպես ընծա խրախճանքին սեղեխների. իր հետ կային երկու հովիվ։
Այդ այծերին իսկույն կապեց նա գավիթում աղմըկահույզ
Եվ ինքն ապա Ոդիսևսին իսկույն դիմեց ու խոսքն ասաց այս կծվակիծ.
«Դեռ այստե՞ղ ես, լպիրշ մուրիկ, և տան մարդկանց դեռ ձանձրո՞ւյթ ես պատճառում դու՝
Ողորմություն մուրալով։ Դեռ չե՞ս գնա կամ չես կորչի դուրս այս դռնից.
{{տող|180}}Կարծեմ իրոք մենք իրարից չենք բաժանվի հեշտ ու թեթև,
Մինչև որ դու ուժն իմ ձեռքի այժմ չփորձես. գա՜րշ, անվայել մուրալ գիտես:
 
Չէ՞ որ այլուր խնջույք անող այլ աքեյանք շատ կան նաև»:
Այդպես խոսեց, ոչինչ չասաց նրան այլևս ամենագետ Ոդիսևսը,
Այլ լուռ գլուխը լոկ շարժեց՝ վրեժառու մտքերի մեջ խորասուզված:
Հետո եկավ և մոտեցավ հովիվն երրորդ՝ Փիլետիոս իշխանն արանց:
Խոսնայրներին նա բերել էր պարարտ այծեր, նաև ամուլ, ստերջ մի կով.
Նավորդները, որ դեպ կղզին փոխադրում են և այլ մարդկանց,
Հիմա սրանց փոխադրեցին, որոնք եկան ու տեղ հասան։
Նա իր բերած անասուններն ամուր կապեց աղմկահույզ գավիթի մեջ,
{{տող|190}}Ինքն էլ ապա շուտ մոտեցավ խոզարածին ու հարց տվեց նրան այսպես.
«Ասա դու ինձ, ո՜վ խոզարած, ո՞վ է արդյոք այս շրջիկը օտարական,
Որ եկել է մեր տունն, այստեղ: Ո՞ր ազգով է հպարտանում,
Եվ որտեղ է ցեղը նրա, կամ երկիրը յուր հայրենի։
Ավա՜ղ, դժբախտ. տեսքով որքա՜ն մեր մեծազոր արքային է սա նմանվում,
Մինչ աստվածներն անչափ վշտեր են շնորհում թափառական թշվառ մարդկանց,
Ինչպես նաև արքաներին մատնում են միշտ անագորույն տառապանքի»։
Ասաց այդպես, Ոդիսևսին մոտենալով՝ ջերմ ողջունեց իր աջ ձեռքով
Ու բարձրաձայն, բարյացակամ իր խոսքն ասաց այս թևավոր.
«Ողջո՜ւյն քեզ, հայր, - պանդուխտ եկվոր, իցի՜վ գտնես կյանք երջանիկ գեթ այսուհետ,
{{տող|200}}Մինչդեռ հիմա տանջում են քեզ բյուրաբազում վիշտ ու աղետ։
Զև՜ս հայր, չկա աստվածների մեջ քեզանից ավելի ժանտ ու մահաբեր,
Չես խնայում դու հեգ մարդկանց, որոնց իրավ դու ինքդ ես կոչում կյանքի,
Այլ, խառնելով աղետ ու վիշտ, թափում ես այն դժբախտների գլխին միայն:
Քեզ տեսնելով՝ եկվո՜ր, սիրտս փշաքաղվեց, արցունքն իջավ իմ աչքերին,
Ոդիսևսին ես հիշեցի։ Գուցե և նա, մտածեցի, այժմ, հիրավի,
Քեզ պես հագած նողկ ցնցոտի, թափառում է հեռու, օտար ազգերի մեջ,
Եթե միայն կենդանի է նա տակավին ու տեսնում է լույսն արևի:
Իսկ եթե նա մահացելէ և իջել է տունն Հադեսի,
Վա՜յ ինձ, ավա՜ղ, առանց ազնիվ Ոդիսևսի։ Չէ՞ որ նա էր, որ ինձ մանկուց
{{տող|210}}Կեփալլենյանց երկրում, այնտեղ, նախրորդ կարգեցիր եզներին,
Եվ այդ նախիրն այնքան է այժմ աճել, դարձել բազմագլուխ, սերընդով շատ,
Որքան երբեք չի բազմացել մի այլ մարդու հոտն եզների լայնաճակատ։
Ինձ այժմ օտարն է պատվիրում` իրեն բերել այդ կովն ու եզը գերազանց,
Որ աստ լափի: Չեն պատկառում նույնիսկ որդուց թագավորի՝ նրա տան մեջ,
Ոչ էլ նաև սարսափում են աստվածներից, այլ միտք ունեն մի չարատենչ.
Գույքն ու կայքը հար հեռացած մեծ արքայի աստ բաժանել իրարու մեջ:
Ա՜խ, իմ հոգին այս կրծքիս տակ մի այլ հոգսով է մտահույզ, ալեկոծված.,
Սակայն անչափ վատ կլիներ և անօրեն, քանի դեռ կա նրա որդին,
Թողնե՜լ, գնալ մի այլ երկիր, քշել, տանել նաև նրա նախիրները
{{տող|220}}Դեպի մարդիկ օտարազգի, բայց ավելի վատ է մնալ ու տեսնել միշո
Ինչպես մորթում են ուրիշի եզներ ու կով, և զուր կրել տանջանք ու վիշտ։
Ո՜հ, ես վաղուց, փախուստ տալով, կգնայի դեպ մեծասիրտ մի այլ արքա,
Քանզի այլևս հնար չկա հանդուրժել գործն այսքան ժպիրհ:
Բայց կմնամ ես տակավին, հուսով եմ դեռ, գուցե դժբախտ իմ տերը գա
Եվ շամբշագույն սեղեխների դաժան ոհմակն արտաքսի դուրս և ցրիվ տա:
 
Այնժամ նրան պատասխանեց և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Հովիվդ քաջ, նման չես դու լիրբ ու պանդույր մի այլ մարդու,
Եվ զգում եմ ես ինքս ահա, որ սիրտ ունես դու ողջախոհ և խորագետ,
Ուստի ես այժմ հայտնում եմ քեզ և երդվում եմ ես երդումով արդ մեծագույն.
{{տող|230}}Վկա է Զևսն, ավագագույնն աստվածների և վանատուր սեղանը այս,
Վկա է և օջախն անբիծ Ոդիսևսի, ուր գտել եմ ինձ ապավեն,
Որ Ոդիսևսը քո այստեղ եղած պահին ետ կդառնա, կգա իր տուն,
Եվ կտեսնես դու քո աչքով նրան այստեղ, հարկավ, եթե այդ կամենաս,
Երբ կոտորի նա նախճիրում խոսնայրներին, որ իշխում են աստ անօրեն»։
Նրան կրկին իր խոսքն ասաց իսկույն հովիվն այն եզնարած.
«Ա՜խ , ո՞ւր էր թե, օտարակա՜ն, այդ խոսքն իրավ գլուխ բերեր Կրոնոսյանն,
Այնժամ անշուշտ կիմանայիր դու զորությունն իմ ձեռքերի»։
Այդպես նաև Եվրիմեոսը հավերժ անմահ աստվածներին ջերմ աղոթեց,
Որ Ոդիսևսն ամենիմաց շուտով իր տուն վերադառնա։
 
{{տող|240}}Ահա այդպես իրարու մեջ նրանք խոսում էին այնտեղ,
Մինչ խոսնայրները պատրաստում Էին այնժամ կործանումը Տելեմաքի,
Սակայն նրանց ձախակողմից մի մեծ թռչուն թռավ անցավ հանկարծակի,
Բարձրաթռիչ արծիվ էր դա և ճանկերում իր՝ վեհերոտ մի աղավնի։
Ու Ամփինոմն իսկույն այնտեղ նրանց դիմեց և այս ասաց.
«Սիրելինե՜ր, գլուխ չի գա, չի հաջողվի խորհուրդը մեր
Տելեմաքի մահվան մասին, ուստի եկեք հիշենք նորից մեր խրախճանն»:
 
Անաց այդպես Ամփինոմը, խոսքն այդ բոլորն հավանեցին
Եվ փութապես աստվածազարմ Ոդիսևսի տունը եկան։
Բազմոցներին, նստիքներին վերարկուներն ու հագուստները դրեցին
{{տող|250}}Եվ սկսեցին անդ մորթոտել մեծ ոչխարներ ու պարարուն, սիրուն այծեր:
Փողոտեցին պարարտաճարպ նաև խոզեր ու նախրային կովը ստերջ,
Եվ խորովված ընդերքն հապճեպ բաժանեցին իրարու մեջ։
Գինին խառնվեց սարկարանում, խոզարածը բերեց, դրեց պերճ բաժակներն.
Փիլետիոսն, իշխանն արանց, զամբյուղներով գեղեցկակերտ
Մատըռվակեց հացն ամենքին, իսկ Մելանթևսն արագ լցրեց առատ գինին։
Այդպես նրանք ձեռք մեկնեցին իրենց առաջ պատրաստ դրված ուտեստներին,
Իսկ Տելեմաքն իր հոգու մեջ հղացավ միտքը խորամանկ նոր նենգության.
Իր հոր տան մեջ ամրակառույց նա, վիմակերտ շեմքին ընթեր,
Մի սեղանիկ և անվայել նստիք դրեց, բազմեցրեց անդ Ոդիսևսին,
{{տող|260}}Նրա առաջ դրեց պատրաստ ընդերքներից մի լավ բաժին,
Գինին լցրեց ոսկի բաժակ, ապա դիմեց իսկույն նրան և խոսք ասաց.
«Նստիր այստեղ, խմիր համեղ դու այս գինին սույն քաջերի հետ միասին,
Իսկ եպերանքն և ձեռքերը խոսնայրների քեզնից հիմա կվանեմ ես,
Քանզի չէ՞ որ սա իսկապես մի պանդոկ չէ և ոչ էլ տուն մի հանրային,
Այլ միմիայն Ոդիսևսի ապարանքն է, և ինձ է այժմ նա թողել այդ։
Իսկ դուք այստեղ, ո՜վ սեղեխներ, սանձե՛ք ձեր կիրքն ու դսրովանքն, նստե՛ք հանդարտ
Եվ զսպեցե՛ք ձեր ձեռքերը, որ չծագի մեր մեջ հանկարծ կագ ու կռիվ»:
 
Ասաց այդպես, այդ լսելով՝ ամենքն իրենց շրթունքները կրծոտեցին
Ու զարմացան Տելեմաքի վրա սաստիկ, քանզի խոսեց շատ համարձակ:
{{տող|270}}Մինչ նրանցից անդ բարբառեց ինքն Եվպիթյան Անտիոոսը այդ ժամանակ.
«Տելեմաքի այդ խոսքերը կհանդուրժենք, աքեացիք,
Թեպետ դրանք ցավալի են, քանզի նետեց սպառնանք նա մեզ.
Կրոնոսյան Զևսն է միայն արգելքը մեր, թե ոչ՝ նրան վերջ կտայինք
Մենք այս տան մեջ, թեկուզ և նա ճառել գիտի վսեմ ու վես»։
 
Այդպես ասաց Անտիոոսը, բայց նա թողեց նրա այդ խոսքն անուշադիր:
Մինչ քաղաքով բանբերները հարյուրաեզ զոհը տարան աստվածներին,
Ուստի շուտով հավաքվեցին գեղագանգուր աքեացիք
Անդ, նետաձիգ Ապոլլոնի անտառի մեջ ստվերածիր:
Սեղեխները միսը արդեն խորովեցին ու կրակից դուրս հանեցին
{{տող|280}}Եվ, բաշխելով իրարու մեջ, հրճվում էին խրախճանքով՝ այդ ազդեցիկ։
Մատըռվակող ծառաները Ոդիսևսի դեմ դրեցին
Այնքան բաժին, որքան ամենքն անդ ստացան, քանզի այդպես
Պատվիրել էր աստվածազարմ Ոդիսևսի սիրած որդին Տելեմաքը,
Աթենասն էլ՝ չարգելակեց և չզսպեց սեղեխների կիրքը անսանձ
Եվ քարվականքն ամբարտավան, որ ավելի խիստ բորբոքի
Լաերտին Ոդիսևսի սրտում ցասումը բազմամաղձ։
Խոսնայրների մեջ կար մի մարդ, մի չարագործ, իր վիսությամբ հռչականուն,
Կոչվում էր դա Կտեսիպպոս և բնակվում էր Սամեում, իր հարկի տակ։
Արդ, սա, իր հոր բյուրաբազում հարստությամբ քաջալերված,
{{տող|290}}Մրցակից էր հար բացակա Ոդիսևսի կնոջ համար:
Եվ այժմ նպերտ սեղեխներից նա բարբառեց և խոսք ասաց եպերալից.
«Ինձ լսեցեք, ո՜վ խոսնայրներ մեծահռչակ, ահա թե ինչ ես ձեզ կասեմ.
Այս եկվորը բաժին ստացավ, ինչպես հարկն է, մեզ հավասար,
Եվ իսկապես վայել չէ մեզ, լա՜վ չի լինի, ոչ էլ արդար՝
Տելեմաքի հյուրին զրկել, ո՜վ որ էլ գա տունն այս վսեմ:
Ուստի և ես նրան տալիս եմ պարգևն այս, որպեսզի նա ինքը արդեն
Նվերն այս տա բաղնեպանին և կամ ստրուկ ծառաներից մեկնումեկին,
Որ կան այստեղ, աստվածակերպ Ոդիսևսի ապարանքում այս բարեշեն»։
Ասաց այդպես և շուտափույթ ձեռքով հուժկու, հաստաբազուկ,
{{տող|300}}Վերցրեց այնտեղ նա զամբյուղից եզան մի ոտք ու շպրտեց
Ոդիսևսի վրա ուժգին, բայց, իր գլուխը թեքելով,
Նա խույս տվեց, ապա ժպտաց, իսկ ոսկորը զարկվեց պատին ամրակառույց,
Բայց նախատեց Կտեսիպպին Տելեմաքոսն այնժամ սրտով ցասումնալի.
«Բախտդ բերեց, Կտեսիպպոս, ուրախ եղիր և գոհունակ,
Որ չդիպավ զարկդ հյուրին, քո հարվածից այժմ խույս տվեց նա անվեհեր,
Թե ոչ` իսկույն քո կրծքի մեջ պիտ վարսեի ես սայրասուր իմ նիզակը,
Հայրդ այնժամ հարսանիքիդ փոխարեն քեզ պիտի թաղեր։
Թող էլ ոչ ոք չհանդգնի լրբություններ կատարել աստ, իմ հարկի տակ,
Կամ անվայել մի այլ վարմունք, քանզի արդեն հասկանում եմ ես ամենբան
{{տող|310}}Եվ լավ գիտեմ չարն ու բարին, մինչդեռ առաջ մանուկ էի ես մի անգետ։
Բա՜վ է, որքան ես ամեն բան համբերեցի մինչև այսօր և լավ տեսա՝
Ինչպես մորթում եք իմ մալը, հացն եք լափում, խմում գինին իմ ատրաշեկ,
Իսկ ինձ համար դժվարին է մենումենակ կռվել այստեղ բազմության դեմ,
Ուստի այլևս չհանդգնեք թույլ տալ վարմունք մի անվայել ու չարանենգ
Կամ հարուցել նոր գժտություն, իսկ եթե դուք այժմ, հիրավի,
Փափագում եք և միտք ունեք սուր պղինձով սպանել ինձ,
Այդ առավել կցանկամ ես, քանզի չէ՞ որ ավելի լավ է՝ մահանամ,
Քան թե տեսնեմ միշտ քարվականք, գործ անվայել ու զազրելի,
Վիրավորանքն իմ հյուրերի, բռնաբարումն ստրուկ կանանց,
{{տող|320}}Ստոր ու պիղծ անպատվությունն այստեղ, այս տանը գեղեցիկ»։
Ասաց այդպես, և բոլորը մունջ մնացին, խոսք չասացին.
Միայն որդին Դամաստորի՝ Ագելաոսը, բարբառեց անդ անագան.
«Բարեկամնե՜ր, Տելեմաքոսն արդարացի խոսեց այստեղ,
Հարկավոր չէ հիմա նրան պատասխանել թշնամաբար կամ անպատիվ,
Եվ թող ոչ ոք անարգ չանի ու ձեռք չտա օտարական այս շրջիկին
Կամ այլ մեկին ստրուկներից, որ դյուցազուն Ոդիսևսի պալատում են,
Բայց ես, ահա Տելեմաքին և իր մորը մի խոսք ունեմ գորովալի,
Որը, կարծեմ, սրտահաճո պիտի թվա նրանց սրտին:
Քանի դեռ ձեր հոգիներում, ձեր կրծքերում հույս կար իրոք,
{{տող|330}}Որ Ոդիսևսն ամենիմաց ետ կդառնա և իր տունը կգա մի օր,
Ձեզ բնավին չէր կարելի դատապարտել դանդաղման մեջ,
Որով դուք մեզ, խոսնայրներիս, այս տանն երկար պահում էիք, և արդարև՝
Լավ կլիներ, եթե հանկարծ Ոդիսևսը վերադառնար ու գար իր տուն,
Բայց պարզ է այժմ և անկասկած, որ էլ երբեք նրա դարձը գլուխ չի գա,
Ուստի և դու հիմա գնա անդ քո մոր մոտ և համոզիր նրան սրտանց՝
Ամուսնանալ այն քաջի հետ, ով ամենից ազնվագույնն է, ով ավելի
Պռույգ կտա։ Այնժամ և դու ուրախասիրտ կտիրանաս քո նոր գույքին
Եվ կհրճվես կերուխումով, իսկ մայրը քո ուրիշի տանն իր հոր գործը պիտի հոգա»:
Այնժամ նրան պատասխանեց և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց.
{{տող|340}}«Երդվում եմ քեզ, Ագելաոս, հանուն Զևսի, հանուն հորս աղետների,
Որն, երևի, Իթակեից հեռու և զուրկ կործանվել է կամ տարագիր
Շրջում է դեռ. ամուսնությունը ես իմ մոր չեմ արգելում, հակառակը,
Դրդում եմ ես՝ մարդու գնալ, ում կցանկա, ով անհամար ընծա կտա։
Մինչ հակառակ իր ցանկության և կամ խոսքով հարկադրական՝
Ես չեմ կարող քշել տանից, աստվա՜ծ չանի, որ այդպիսի գործ կատարեմ»:
Այդպես ասաց Տելեմաքը, սակայն Պալաս Աթենասը, սեղեխերին
Թաղեց անզուսպ ծիծաղի մեջ, խելքից հանեց, դարձրեց նրանց խելացնոր
Եվ սկսեցին նրանք ասնզուսպ մի հըռհըռոց, դեմքերն իրենց՝ այլանդակված՝
Ուտում, լափում էին նրանք հում միսն անեփ, արյունաթոր,
{{տող|350}}Աչքերն իրենց արցունքով էր լցված, սիրտը զգում էր վիշտ ու արհավիրք:
Այդ վիճակում նրանց այնտեղ իր խոսքն ասաց Թեոկլիմենն աստվածատես.
«Ո՜հ, թշվառներ, ի՞նչ ահռելի աղետ է արդ կամ արհավիրք վիճակվել ձեզ.
Խոր խավարն է պատել ձեր դեմքն ու ճակատը, ձեր մարմինը ոտից-գլուխ:
Շուրչը թնդում է հառաչա՜նք, ձեր այտերն են արցունքի մեջ ու վշտածոր,
Արյունով են ցողված պատերն, ամուր քիվերն ու բարավորն,
Եվ ուրվական ստվերներով լիքն են գավիթն ու բակն ամբողջ,
Որ սուրում են դեպ Էրեբոս անդնդախոր, իսկ երկնքից արևն արդեն
Անհետանում է վերջապես, և տիրում է խավարն ահեղ ամենուրևք»։
Ասաց այդպես, նրանք բոլորն հըռհըռացին ու ծաղրեցին նրան սաստիկ,
{{տող|360}}Եվ նրանցից սկսեց խոսել Եվրիմաքը Պոլիբոսյան.
«Խելագա՜ր է շրջիկը այս՝ օտար երկրից դեռ նոր եկած,
Պիստանինե՛ր ու ծառանե՛ր, պետք է դռան դուրս վռնդել իսկույն տնից,
Թող որ գնա հրապարակ, երբ տեսնում է այստեղ միայն մութ ու խավար»:
Եվրիմաքին պատասխանեց ու խոսք ասաց Թեոկլիմենն աստվածափառ.
«Ո՜վ Եվրիմաք, կարիք չկա, որ դու ինձ տաս առաջնորդող ուղեկիցներ,
Փա՜ռք աստծո, ես աչք ունեմ, այլև ականջ, ունեմ նաև ոտքեր մի զույգ.
Կրծքումս կա վայել հոգի, որ տակավին անվնաս է, նույնիսկ առույգ:
Ես դրանց հետ դուրս կգնամ, իսկ ձեր գլխին թափվելու է Ժանտ արհավիրք,
Որից ոչ ոք սեղեխներից էլ չի կարող խույս տալ մի կերպ և կամ փրկվել,
{{տող|370}}Քանզի նպիրտ, ամբարտավան մարդիկ եք դուք և կատարում եք շարունակ
Ոդիսևսի ապարանքում մի խայտառակ, հանցավոր գործ ու քարվականք»։
 
Այդպես ասաց և դուրս եկավ իսկույն տնից գեղեցկաշեն,
Պիրեոսի տուն նա գնաց, որ ընդունեց նրան սրտանց ու սիրալիր:
Մինչ սեղեխներն Տելեմաքին դսրովելու նպատակով սկսեցին,
Իրար դեմքի անդ նայելով, ծաղրել նրա խեղճ հյուրերով։
Այդպես ոմանք ամբարտավան ջահելներից խոսում էին կատակելով.
«Տելեմաքոս, մեկը չկա քեզ հավասար՝ լկտի, լպիրշ իր հյուրերով,
Եվ ո՞վ է սա, որ մոտդ կա, շրջմոլիկը այս մուրացկան,
Մի հարբեցող ու որկրամոլ, որ չգիտի և ոչ մի գործ, ոչ մի արհեստ,
{{տող|380}}Ինքը իսպառ եռանդազուրկ, բեռ է միայն երկրի համար,
Եվ կամ ո՞վ էր այն երկրորդը, որ գուշակող աստ ձևացավ լիրբ ու լկտի։
Ե՛կ դու, լսի՛ր, ինձ հավատա, բյուրապատիկ լավ կլինի և շահավետ,
Եթե գցենք այդ հյուրերին նավի վրա մեր բազմաթի
Եվ առաքենք դեպ Սիկելիա, դրանց համար վարձ կստանաս դու ահագին»։
Այդպես նրանք խոսում էին, բայց Տելեմաքն արհամարհեց ամենը այդ
Եվ միմիայն, լուռ նայելով իր հոր դեմքին, սպասում էր նա անհամբեր,
Թե ե՞րբ պիտի ձեռք բարձրացնի լիրբ, անամոթ սեղեխների գլխի վրա:
 
Այնժամ դստրիկն Իկարիոսի, Պենելոպեն խոհեմամիտ,
Դահլիճի մեծ մուտքին մոտիկ, նստած շքեղ իր բազմոցին,
{{տող|390}}Լսեց խոսքն ու ճոշանն ամբողջ, որ խոսեցին խոսնայրները իր հարկի տակ։
Սեղեխները խնջույքի մեջ ճաշում էին հռհռալով,
Փարթամաճոխ ու ցնծավետ, քանզիչէ՞ որ մորթել էին շատ անասուն,
Սակայն ոչինչ չկար այնքան անհաճելի և ահավոր,
Որքան ընթրիքն, որ պիտ տային նրանց շուտով աստվածուհին և քաջն հզոր,
Հանց հատուցում անդ կատարված լիրբ գործերի ու մոլությանց:
</poem>
== Երգ քսանմեկերորդ։ Աղեղնային առաջարկ ==
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Աթենասը՝ պայծառաչյա աստվածուհին, Իկարիոսի չքնաղ դստրիկ
Խոհեմամիտ Պենելոպի սրտին դրդեց, ահավասիկ՝
Առաջարկել սեղեխներին շողշող երկաթն ու պերճաղեղն, որպես մրցանք,
Որ պիտ լիներ Ոդիսևսի ապարանքում իբրև սկիզբ կոտորածի։
Եվ բարձրացավ Պենելոպեն օթևանի սանդուղներով այն բարձրաբերձ,
Այնուհետև փարթամ ձեռքով վերցրեց նա կոր, մեծ բանալին,
Պղնձակուռ և գեղեցիկ, կոթը կերտված վառ փղոսկրից,
Ապա գնաց ծառաների հետ միասին վերջին սենյակ,
Որտեղ պահված էին բազում և թանկարժեք գույքն ու գանձը թագավորի`
{{տող|10}}Ոսկի, պղինձ ու երկաթի ճարտարակերտ անթիվ գործեր։
Անդ կար աղեղ մի լայնալիճ և մի կապարճ նետերով լի,
Կային այնտեղ և վշտաբեր բյուրաբազում այլ փքիներ։
Ոդիսևսին դրանք ընծա էին տրված Լակեդեմոն երկրում երբեմն՝
Պատահաբար այնտեղ եղած աստվածակերպ, քաջ Իփիտոս Եվրիտյանից։
Նրանք միմյանց հանդիպեցին Մեսսենեում, քաջակորով Օրիսիլոքի
Գեղեցկակերտ ապարանքում։ Ոդիսևսը եկել էր հանց պարտահավաք
Մեսսենական ամբողջ ազգը պարտավոր էր վճարել պարտքն առանց վեճի,
Քանզի երբեմն մեսսենացիք Իթակեից սև նավերով բազմաթիակ
Հափշտակել, տարել էին երեք հարյուր գլուխ ոչխար և հովիվներ։
{{տող|20}}Ոդիսևսը, իբրև ջահել պատգամավոր, անցավ երկար ճանապարհն այդ:
Քանզի նրան առաքեցին իր հայրն և այլ խորհրդական ծերունիներն:
Իսկ Իփիտոսը փնտրում էր կորած ձիերն տասնևերկու շքեղ ճայիկ՝
Քուռակների հետ գեղեցիկ, նաև տոկուն շատ ջորիներ,
Որոնք հետո դարձան նրա եղերական մահվան պատճառ,
Երբ նա եկավ կորովալիր, գերահռչակ մեծ Հերակլես դյուցազնի մոտ
Որ զավակն էր Զևս զգոնի և գործել էր շատ սխրանքներ։
Նա ընդունեց իր մոտ նրան, բայց սպանեց իր հարկի տակ դաժանորեն՝
Չակնածելով ոչ երկյուղից աստվածների, ոչ սեղանից, որի վրա
Մեծարել էր նա իր հյուրին։ Երբ սպանեց նրան այդպես,
Նա իր տանը ապօրինի յուրացրեց նրա ձիերն ամրասմբակ։
Արդ, Իփիտոսն, իր ձիերին որոնելիս, անդ հանդիպեց Ոդիսևսին
{{տող|30}}Եվ ընծայեց նրան աղեղն, որը առաջ կրում էր ինքն՝ Եվրիտը մեծ,
Բայց մեռնելիս թողեց աղեղն իր զավակին ապարանքում իր բարձրաբերձ,
Իսկ Ոդիսևսը իր կողմից տվեց նրան մի սուր սուսեր և մի նիզակ,
Որպես սկիզբ հյուրամեծար ծանոթության։ Բայց իրար հետ այնուհետև
Սեղանակից չեղան նրանք, քանզի կանխեց Հերակլեսը՝ Զևսի որդին,
Եվ սպանեց աստվածակերպ Իփիտոսին՝ Եվրիտոսի ազնիվ որդուն։
Նա էր տվել աղեղը անդ, բայց չվերցրեց Ոդիսևսը աստվածազարմ
Այդ աղեղը, երբ սևաթույր նավի վրա մեկնում էր նա պատերազմի,
Այլ պահվում էր դա միշտ տան մեջ, հանց ընկերոջ լավ հիշատակ մի սրտատենչ,
Եվ այն կրում էր Ոդիսևսն միայն երկրում իր հայրենի։
{{տող|40}}Երբ թագուհին՝ չքնաղ կինը, խորդանոցը եկավ հասավ,
Ելավ, կանգնեց կաղնի շեմքին, որ շինել էր հյուսնը ճարտար.
Նա հղկել էր կոկ, հարթեցրել, լարով չափել ճշգրտորեն,,
Դրել էր և պինդ դրանդիք ու կախել էր դռներն ամուր և շողշողուն։
Այնտեղ ահա Պենելոպեն կտրեց չվանը օղակի,
Անցքը կոխեց պերճբ անալին, շարժեց, քաշեց դռան նիգը
Ու բաց արեց դռան փեղկերն, որոնք հանկարծ ահագնակի ճըռճըռացին,
Ինչպես ցուլը բառաչում է մարգերի մեջ, այնժամ այդպես
Շառաչեցին պերճ դռները պինդ բանալու այդ շարժումից։
Պենելոպեն կանգնեց բարձր պատվանդանին, որտեղ կային պերճ սնդուկներ,
{{տող|50}}Իսկ դրանց մեջ պահված էին անուշաբույր շատ հագուստներ։
Եվ թագուհին պարզեց ձեռքը, վերցրեց աղեղն, որ կախված էր այնտեղ սեպից
Ու փաթաթված պատյանի մեջ մի շողշողուն և գեղեցիկ։
Նստեց տիկինն իսկույն այնտեղ, իր ծնկներին դրեց աղեղն այդ սիրելի,
Ապա հանեց լայն աղեղը իր պատյանից և հառաչեց նա լալագին
Ու դառնադառն, իսկ երբ արդեն նա հագեցավ լաց ու կոծով,
Շուտ վեր կացավ, գնաց դեպի ամբարտավան սեղեխները, դեպի դահլիճն՝
Ձեռին բռնած ճկուն աղեղն ու պահոցը սլաքների՝ կապարճն ամուր,
Որտեղ կային բազմաբազում սուր սլաքներ օրհասաբեր,
Իսկ նրա հետ նաժիշտները տանում էին մի մեծ սնդուկ,
{{տող|60}}Որի մեջ կար բազմապիսի երկաթ, պղինձ, զենք-զրահը թագավորի։
Երբ թագուհին՝ չքնաղ կինը, եկավ, հասավ խոսնայրներին,
Կանգնեց այնտեղ, ամրակառույց, բարձր դահլիճի շեմքին մոտիկ.
Այտերն էին նրա ծածկված մի լուսափայլ, նուրբ շղարշով,
Երկու կողմից կանգնած էին նաժիշտները բարյացակամ:
Եվ փութապես բարբառելով` սեղեխներին անդ նա դիմեց և խոսք ասաց.
«Ինձ լսեցեք, ով խոսնայրներ կորովալիր, դուք որ այստեղ ու այս տան մեջ,
Երբ իմ սիրած ամուսինը բացակա է արդեն երկար, շատ ժամանակ,
Դուք հանապազ զբաղված եք կերուխումով, խրախճանքով անօրինակ
Եվ պնդում եք, թե այլ առիթ չկա դրան, այլ միմիայն այստեղ անվերջ
{{տող|70}}Դուք մրցում եք, թե ո՞վ ձեզնից ինձ հետ պիտի ամուսնանա և ինձ տանի։
Ահավասիկ, կանչում եմ ձեզ մի մրցության, որ գործն իսկույն կորոշի.
Ես դնում եմ այստեղ ահա մեծ, լայնաղեղն աստվածազարմ Ոդիսևսի.
Ով ձեզանից կարողանա ամուր ձեռքով լարը ձգել, թողնել ուժգին
Եվ սլաքը շեշտ անցկացնել անցքով բոլոր, տասնևերկու տապարների,
Ես հենց նրա հետ կգնամ և կթողնեմ օթևանն իմ, այս տունը պերճ,
Թեպետ անչափ չքնաղ է սա, որտեղ, ավա՜ղ, անցել է իմ կյանքը մատաղ,
Եվ դեռ, կարծեմ, տունն այս երկար պիտի հիշեմ, թեկուզ նույնիսկ երազի մեջ»։
 
Ասաց` այդպես և պատվիրեց Եվմեոսին՝ խոզարածին աստվածային,
Սեղեխների առաջ հապճեպ դնել աղեղն և երկաթներն վառ, գեղեցիկ.
{{տող|80}}Խիստ արտասվեց Եվմեոսը, սակայն իսկույն նա կատարեց հրամանն այդ,
Սրտանց ջայլեց և մյուս հովիվն, երբ որ տեսավ չքնաղ աղեղն իր արքայի,
Բայց կշտամբեց իսկույն նրանց Անտինոոսը, անվամբ կոչեց ու այս ասաց.
«Դո՜ւք, գռեհիկ ով պանդույրներ, որ միմիայն միշտ հոգում եք ձեր առօրյան,
Ո՛հ, թշվառներ, ի՞նչ եք թափում արցունքն այդպես և թագուհու սիրտն աղեկեզ
Զուր բորբոքում իր կրծքի տակ։ Առանց այդ էլ նրա հոգին
Վշտահար է հիմա սաստիկ, քանզի կորել է ամուսինն իր սիրելի,
Ուստի և դուք լուռ նստեցեք, կերեք կամ դուրս կորեք իսկույն
Եվ անդ, դրսում, ջայլանք արեք։ Գետնին դրեք աղեղը հարթ,
Որ աստ մրցեն խոսնայրները, բայց չեմ կարծում, որ այժմ հեշտիվ
{{տող|90}} Հնար գտնենք ձգել, լարել աղեղն հղկված ու ամրապինդ,
Քանզի բոլոր դյուցազնասիրտ քաջերի մեջ բնավ չկա այնպիսի մարդ,
Որպիսին էր Ոդիսևսը։ Նրան երբեմն ինքն տեսա
Եվ հիշում եմ, թեպետ իրոք ես մի մանուկ էի այնժամ»։
 
Ասաց այդպես, մինչդեռ ինքը իր սրտի մեջ նա հույս ուներ,
Որ ինքն անշուշտ կձգի լարն և կանցկացնի նետն անցքերով վառ երկաթի,
Մինչ առաջինն հենց ինքը նա անդիր վրա պիտի փորձեր
Հարվածն հուժկու ձեռքից ազնիվ Ոդիսևսի, որին, նստած նրա տան մեջ,
Այնքան լպիրշ անարգել էր՝ գրգռելով նաև բոլոր ընկերներին։
Եվ բարբառեց այնժամ այնտեղ զորությունը Տելեմաքի.
{{տող|100}}«Ավա՜ղ, Զևսը Կրոնոսյան ինձ, կարծես թե, խելքահան է արել արդեն.
Ահավասիկ, գերահռչակ ու խորագետ մայրն իմ հայտնեց աստ բացարձակ,
Որ նոր մարդու կմիանա և կթողնի նա տունը այս, գեղեցկաշեն,
Իսկ ես այստեղ հրճվում եմ արդ ծիծաղելով, հոգիս կարծես խելացնոր:
Օ՛ն անդր, շո՜ւտ, ժամն է հասել, դուք, խոսնայրներ, սկսեցեք մրցանքը այդ.
Չէ՞ որ չկա այսպիսի կին երկրում ամբողջ աքեական,
Ո՛չ Արգոսում, Միկենեում, ո՛չ Պիլոսում ավազածիր ու սրբազան,
Ո՛չ ծովաշուրջ Իթակեում, ոչ Էպիրում սև ու ցամաք.
Դուք այդ գիտեք, կարիք չկա, որ դրվատեմ ես մորը իմ արժանագով։
Մի դանդաղեք այլևս հիմա և զանց արեք պատրվակներն ուշացնելու,
{{տող|110}}Բավակա՜ն է, որքան այստեղ ձգձգեցիք դուք մրցության գործը վսեմ,
Ես ինքս ահա իմ ուժերը այս աղեղի մրցանքի մեջ պիտի փորձեմ:
Ա՜խ, եթե ես լարը ձգեմ, նետեմ սլաքն անցքի միջով երկաթների
Էլ այսուհետ ես բնավին չեմ վշտանա, որ մայրը իմ գերամեծար
Տունն այս թողեց և միացավ այլ մարդու հետ, այլ կմնամ իմ հարկի տակ,
Եթե պարզվի, որ կարող եմ ես հայրական զենքը շարժել այժմ քաջաբար»։
Ասաց այդպես ու վեր թռավ, կանզնեց ուղիղ, ապա հանեց իր վրայից
Ծիրանագույն ծածկոցն, ապա ուսից գցեց սուսերը սուր։
Արագ փորեց նա մի խանդակ, մեջը ցցեց տապարները,
Որոնք հողում ամուր պնդեց, չափեց լարով, ուղիղ շարեց
{{տող|120}}Ու կոխ տվեց հողը ոտքով։ Երբ այդ տեսան, շատ զարմացան,
Քանզի կարգին նա կատարեց այնպիսի գործ, որը երբեք չէր տեսել նա։
Կանգնեց ապա նա շեմքի մոտ և սկսեց փորձել աղեղն իր հայրական.
Ցնցեց աղեղն երեք անգամ՝ ճիգ թափելով մի կերպ լարել,
Երեք անգամ ձեռքից պոկվեց լարը ուժգին, բայց դեռ սիրտն էր իր հուսալիր,
Ու կարծում էր, որ կձգի և կանցկացնի սլաքն անցքով երկաթների.
Գուցե իրոք չորրորդ անգամ աղեղի լարը նա ձգեր լարվածությամբ,
Եթե գլխով չաներ հայրը և ցույց չտար, որ աշխույժն իր նա ընդհատի
Եվ բարբառեց այնժամ նրանց սուրբ կորովը Տելեմաքի,
«Վա՜յ ինձ, ուրեմն անզոր եմ ես ու հանապազ անփառունակ պիտի մնամ
{{տող|130}}Եվ կամ գուցե դեռահաս եմ ու վստահ չեմ ես զորությանն իմ ձեռքերի,
Որ կվանեմ ես թշնամուն, երբ իմ վրա կռվով նա գա նախահարձակ։
Այժմ արդեն դուք, որ ինձանից գերազանց եք կարողությամբ ձեր քաջազոր,
Փորձե՞ք ահա լայն աղեղն այս, որ շուտ վերջ տանք մենք մրցույթին։
 
Ասաց այդպես և լայն աղեղն իսկույն դրեց այնտեղ գետնին`
Հենելով այն դռան հղկված ու ամրակուռ այն փեղկերին։
Ապա հապճեպ պերճ աղեղի ծայրին տնկեց արագաթիռ նա մի սլաք
Եվ շուտափույթ նորից նստեց այն բազմոցին, ուստեք առաջ նա վեր կացավ։
Այնժամ նրանց անդ բարբառեց Անտինոոսը Եվպիթածին.
«Բարեկամնե՜ր, մենք բոլորս այժմ կըսկսենք. ամեն մեկը թող վեր կենա
{{տող|140}}Եվ իր հերթին աջակողմից թող մոտենա, ուստեք լցնում են արդ գինին»։
Այդպես ասաց Անտինոսը, և այդ խոսքը հավանեցին բոլորեքյան։
Հանդես եկավ նախ և առաջ Լիոդեսը Էնոպսածին։
Խոսնայրների գուշակն էր նա, նստում էր միշտ ընթեր շքեղ սարկարանին,
Անդ բոլորից միայն սրան խիստ ատելի էին ոճիրն ու քարվականքն։
Զայրանում էր սեղեխների դեմ նա հաճախ և նրանց զեխ արարքի դեմ։
Ահավասիկ, նա նախապես վերցրեց աղեղն ու սլաքը պղնձասուր,
Կանգնեց այնտեղ, շեմքին մոտիկ, և սկսեց լայն աղեղը փորձել այդպես։
Լարը ձգել չկարեցավ. անփորձ էին նրա ձեռքերը նրբագույն
Եվ հոգնեցին այնտեղ շուտով, ուստի դիմեց և խոսք ասաց սեղեխներին։
{{տող|150}}«Բարեկամնե՜ր, չեմ կարող ես լարը ձգել. մեկ ուրիշը թող գա, վերցնի,
Մինչ աղեղն այս դեռ բազմաթիվ դյուցազունների սիրտն ու հոգին
Կխորտակի ու կկորզի, և բացի այդ` շատ ավելի լավ կլինի
Աև մահանալ, քան կենդանի մնալ, իբր անհաջողակ այն գործի մեջ,
Հանուն որի հավաքվում ենք մենք ամեն օր և սպասում աստ օրնիբուն:
Գուցե շատերն իրենց սրտում հույս ունեն և համոզված են,
Որ կտանեն Պենելոպե վեհ ամուսնուն Ոդիսևսի,
Բայց երբ փորձեն լայնաղեղն այս և հասկանան՝ ի՛նչ բան է դա,
Ապա շուտով, պերճ ընծաներ խոստանալով, պիտի փնտրեն աքեացի
Պեղեցկազգեստ այլ հարսնացու, իսկ տիկինն այս կամուսնանա այն քաջի հետ,
{{տող|160}}Ով գերազանց ընծաներ տա և ում բախտն է վիճակել այդ արդարացի»։
Ասաց այդպես և լայնաղեղն իսկույն դրեց այնտեղ գետին՝
Հենելով այն դռան հղկված և ամրակուռ այն փեղկերին։
Ապա հապճեպ ծանր աղեղի ծայրին տնկեց նա մի սլաք
Եվ շուտափույթ նստեց նորից այն բազմոցին, ուստեք առաջ նա վեր կացավ։
Եվ Անտինոոսն աղաղակեց զայրագնաբար, նվամբ կոչեց ու խոսք ասաց.
«Ո՜վ Լիոդես, այդ ի՞նչ խոսք էր, որ դուրս թռավ քո շուրթերից.
Սարսափելի և դաժան խոսք, որն ես, իրավ, ամաչում եմ լսել անգամ:
Ինչպե՞ս է որ այս աղեղը մեծ քաջերի սիրտն ու հոգին
Պիտ խորտակի և կամ կորզի, նրա՞ համար, որ դու ձգել չկարեցար։
{{տող|170}}Ոչ, չի ծնել քեզ քո մայրը գերամեծար, իբր այնպիսի մի զավակի,
Որ քաջաբար օգտագործես դու աղեղն ու սուր սլաքը.
Բայց կան այստեղ այլ սեղեխներ մեծահռչակ, թող գան, ձգեն լարը ընտիր»։
Ասաց այդպես և պատվիրեց նա այծարած Մելանթևսին.
«Ո՜վ Մելանթևս, վեր կաց շուտով, կրակ վառիր դու թեժ և թունդ
Եվ առընթեր դիր մի նստիք, որի վրա մորթը փռիր դու լայնալիր,
Այլև գնա և պահեստից փութապես բեր ճարպի մի գունդ։
Թող ճարպն հալեն պատանիներն, թող տրորեն աղեղի լարն,
Որ լայնալիճն ապա փորձենք և ավարտենք այս մրցույթը հաղթանակով»։
Ասաց այդպես, և Մելանթևսը անհապաղ վառեց այնտեղ կրակն անշեջ,
{{տող|180}}Իսկ առընթեր բերեց դրեց նա մի նստիք, դրա վրա մորթը փռեց
Եվ շուտափույթ նա պահեստից վերցրեց, բերեց ճարպի մեծ գունդ։
Արդ, հալեցին ճարպն հոմանիք և սկսեցին փորձել հերթով աղեղը այն,
Սակայն ձգել չկարեցան, թեպետ անչափ ճիգ թափեցին, ուժ և կորով։
Մինչ տակավին հանդես չեկան ո՛չ Եվրիմաքն աստվածային, ո՛չ Անտինոոսն,
Որ առաջնորդ էին բոլոր սեղեխներին` դիրքով հզոր ու գերազանց:
Այդ միջոցին խոզարածը և եզնարածն աստվածազարմ Ոդիսևսի
Տնից հանկարծ դուրս գնացին՝ մեկը մյուսին հետևելով,
Եվ դուրս գնաց նույնպես ինքը՝ Ոդիսևսը աստվածակերպ։
Երբ դուրս եկան նրանք այնտեղ, բակի ետև, դարպասից դուրս,
{{տող|190}}Ոդիսևսը նրանց դիմեց և խոսք ասաց գորովալիր.
«Դո՜ւք, եզնարած և խոզարած, ուզում էի խոսք ասել ձեզ,
Սակայն ասե՞մ, թե՞ չասեմ այդ, թեպետ սիրտս ներշնչում է, որ ես ասեմ:
Ինչպե՞ս արդյոք դուք կօգնեիք Ոդիսևսին, եթե հանկարծ նա այստեղ գար,
Եվ կամ եթե մի ոմն աստված նրան բերեր, և նա կանգներ հիմա ձեր դեմ,
Խոսնայրների՞ն դուք կօգնեիք անխարդախ, թե՞ Ոդիսևսին։
Արդ, ասացեք, ինչպե՞ս է այդ ձեր սրտի մեջ այժմ ներշնչում ձեզ ձեր հոգին»:
Եվ եզնարած նախրորդն իսկույն պատասխանեց ու խոսք ասաց.
«Ո՜հ, իցի՜վ թե, դո՛ւ Զև՜ս մեր հայր, այդ մեր փափագը կատարես.
Թող որ նա գա, դյուցազունն այդ, կամ թող աստվածն այստեղ բերի մեր արքային,
{{տող|200}}Եվ դու այնժամ նոր կիմանաս իմ կորովը և զորությունն իմ ձեռքերի»։
Նույնպես և նա, Եվմեոսը, ջերմ աղոթեց իսկույն անմահ աստվածներին,
Որ ետ բերեն ամենիմաց Ոդիսևսին դեպի իր տուն։
Երբ որ նրանց միտքն ու հոգին լավ իմացավ անդ Ոդիսևսը իմաստուն,
Կրկին նրանց, այդ երկուսին, այնտեղ դիմեց և խոսք ասաց.
«Ե՜ս եմ, որ կամ, իմ տանն եմ ես՝ բյուր-բյուրավոր ժանտ աղետները հանդուրժած,
Քսան տարի անցնելուց ետ՝ վերադարձա ես իմ երկիրն հայրենավանդ,
Բայց տեսնում եմ, որ իմ բոլոր ծառաներից դուք եք միայն, որ սրտատենչ
Փափագում եք իմ գալստյան, իսկ մյուսներից դեռ չեմ լսել ամենևին,
Որ աղոթքով ցանկանային իմ գալուստը, իմ վերադարձը դեպի տուն:
{{տող|210}}Արդ, ես կասեմ ձեզ երկուսիդ, թե ի՞նչ է պետք, ի՞նչ կլինի այսուհետև
Եթե աստվածն իմ ձեռքով այն հաղթահարի սեղեխներին ամբարտավան,
Կամուսնացնեմ ձեզ երկուսիդ ու ձեզ կտամ նաև առատ գույքեր ու գանձ,
Տուն կշինեմ ես ձեզ համար առանձնակի, իմ տան կողքին,
Եվ դուք կապրեք, ինձ հարազատ, իբրև ընկեր կամ հանց եղբայր Տելեմաքին,
Իսկ որպեսզի դուք ինձ հիմա լավ ճանաչեք և համոզված լինեք սրտով,
Ահավասիկ, կհայտնեմ ձեզ և ցույց կտամ մի այլ նշան
Ահա սպին, որ ինձ ճերմակ իր ատմով հասցրեց վարազն,
Երբ որդոց հետ Ավտոլիկի որս անելու ես գնացի դեպի Պառնաս»։
Այդ ասելով՝ մի կողմ քաշեց նա ցնցոտին, նշեց սպին իր հոլանի,
{{տող|220}}Եվ երբ տեսան նրանք սպին, ճանաչեցին բացեիբաց,
Հեծեծացին անդ լալագին ու ձեռքերով փաթաթվեցին Ոդիսևսին ամենիմաց
Եվ գրկեցին, նրա գլուխն և ուսերը համբուրեցին սիրակարոտ։
Ոդիսևսը նույնպես հուզված ջերմ համբուրեց նրանց գլուխն ու ձեռքերը։
Այդպես նրանց ջայլանքի մեջ պիտի թողներ մայր մտնող լույսը Արևի,
Թե Ոդիսևսը ձայն չտար և չընդհատեր լացուկոծը այդ ընդհանուր
«Շո՛ւտ վերջ տվեք հեծեծանքին ու ջայլանքին, մի գուցե այժմ մեկնումեկը
Դուրս գա տնից, մեզ նկատի և ներս գնա ու բոլորին գործը պատմի:
Արդ, ներս գնանք, բայց ոչ մեկ տեղ ու միասին, այլ միառմի.
Նախ ես, ապա ներս եկեք դուք, բայց ուշադիր դուք հետևեք իմ նշանին։
{{տող|230}}Բոլորեքյան այստեղ դրանք՝ սեղեխները մեծահռչակ,
Չեն ցանկանա, հարկավ, ինձ տալ լայն աղեղը և կապարճն իր սլաքներով,
Ուստի աղեղն, ով խոզարած աստվածային, վերցրու և բեր դու տան միջով
Եվ ինձ հանձնիր ու այս ձեռքիս, նաև կանանց փութանակի դու պատվիրիր,
Որ ամրապինդ փակեն, կողպեն նրանք այնտեղ իրենց դռները սենյակի:
Եթե հանկարծ ներսից լսեն ճիչ, աղաղակ կամ հեծեծանք տղամարդկանց՝
Մեր գավիթում կամ բակի մեջ, թող դեպի բակը դուրս չգան,
Այլ թող այնտեղ մունջ ու լռիկ նստած մնան շուրջը իրենց աշխատանքի։
Իսկ քեզ, ահա, Փիլետիոս աստվածակերպ, պատվիրում եմ. դուռը բակի
Դու սողնակով շուտով փակիր և չվանով այն փաթաթիր, ամուր կապիր»։
{{տող|240}}Այդպես ասաց, քայլեց, գնաց նորից տունն իր գեղեցկաշեն,
Ապա նստեց այն նստիքին, ուստեք առաջ նա վեր կացավ,
Եվ ներս եկան հետո հովիվ ծառաները աստվածազարմ Ոդիսևսի,
Մինչդեռ աղեղն էր իր ձեռքում շարժում, փորձում Եվրիմաքոսը անդադար,
Տաքացնում էր այստեղ-այնտեղ վառ կրակով, քսմսում էր ճարպը լարին,
Բայց և այնպես չկարեցավ լարը ձգել. հուզվեց սրտով նա իր ազնիվ
Եվ զայրացած աղաղակեց ու այս խոսքը սրտակոտոր ձայնով ասաց.
«Վա՜յ ինձ, ավա՜ղ, վշտացած եմ և՛ իմ բախտի, և՛ բոլորիդ բախտի համար.
Ոչ թե միայն նրա համար եմ ես հուզված, որ զրկվեցի հարսանիքից,
Թեպետև դա ցավալի է (շատ կան, իրավ, աքեացի չքնաղ կանայք
{{տող|250}}Ծովապարփակ Իթակեում ու այլևայլ քաղաքներում մեզ հարակից)
Այլ նաև որ կարողությամբ այնքան ենք մենք նվաստագույն, թույլ ու տհաս,
Քան Ոդիսևսն աստվածային, որ չենք կարող ձգել այս պինդ աղեղի լարն,
Ուրեմն այս մեր քարվականքը պիտ իմանան սերունդները հետագայում»։
Եվ Անտինոոսն Եվպիթածին այսպես նրան իր խոսքն ասաց.
«Ո՛չ, չի կարող այդ պատահել, Եվրիմաքոս, այդ նաև դու շատ լավ գիտես:
Դու տե՜ս, այսօր ողջ ազգի մեջ տոն է, մի սուրբ, ընդհանուր տոն,
Եվ, հիրավի, ինչպե՞ս պիտի այս վիճակում լարը ձգենք լայն աղեղի:
Հանգիստ թողնենք աղեղն այստեղ, տապարներն էլ թող աստ մնան,
Քանզի պարզ է, կարծում եմ ես, որ ոչ մի մարդ այստեղ չի գա և չի տանի
{{տող|260}}Այդ ամենը ապարանքից Լաերտածին Ոդիսևսի։
Ուրեմն՝ օն ա՜դր, թող որ լցնի գինեմատույցն այժմ բաժակները լեփ-լեցուն,
Որպեսզի մենք հեղում անենք, իսկ աղեղը բոլորաձև առայժմ թողնենք։
Առավոտյան թող այծարած Մելանթևսը փութանակի
Այծեր բերի, հանց պատրուճակ, լավագույնները հորանից։
Մենք կզոհենք թիկնամսերը քաջաղեղ Ապոլլոնին
Եվ կսկսենք փորձել աղեղն ու կավարտենք այս մրցությունն»։
 
Անտինոոսն այդպես ասաց, նրանց այդ խոսքն հավանելի ու լավ թվաց:
Բանբերները ջուր բերեցին և ձեռքերին նրանց հապճեպ անդ լցրեցին,
Պատանիները խմիչքով լի լցրեցին սարկարանը մինչև բերան,
{{տող|270}}Հեղում արին և ըմպակները ամենքին բաժանեցին:
Այդպես, հեղումն ավարտելով, կուշտ խմեցին, որքան որ սիրտն էր փափագում,
Բայց Ոդիսևսն ամենիմաց, լի նենգանքով, դիմեց նրանց և խոսք ասաց.
«Արդ, ինձ լսեք, մեծահռչակ, վեհ թագուհու դուք խոսնայրներ,
Ձեզ կասեմ այն, ինչ որ սիրտն է ինձ ներշնչում իմ կրծքի տակ,
Աղերսում եմ, մանավանդ ձեզ, ո՛վ Եվրիմաք, ո՜վ Անտինոոս աստվածակերպ,
Դու որ այդպես այդ ասացիր և հայտնեցիր աստ քո խորհուրդը իմաստուն՝
Թողնել մրցանքը աղեղի և գործն հանձնել աստվածների կամքին միայն,
Որ հաղթությունն առավոտյան նա՛ վաստակի, ում որ կտա ինքը աստված:
Բայց նաև ինձ դուք տվեք այժմ աղեղն հղկված, որպեսզի գեթ ձեր առաջ արդ
{{տող|280}}Եվ ես փորձեմ ուժը ձեռքիս ու կորովն իմ, որ իմանամ՝ դեռ կա՞ արդյոք
Զորությունն այն, ինչպես առաջ դա կար մարմնիս անդամներում,
Թե՞ անխնամ, իմ տանջալից թափառման մեջ, խորտակված է իմ ուժն իրոք».
Ասաց այդպես, վրդովվեցին նրանք բոլորն ամբարտավան,
Խիստ վախեցան, որ մի գուցե `հանկարծ ողորկ աղեղի լարը նա ձգի,
Իսկ Անտինոոսը գոռգոռաց ու խոսք ասաց հայհոյանքի,
«Ո՜հ, դու շրջիկ թշվառական, հիմա՛ր, քո մեջ խելքի նշույլ անգամ չկա,
Եվ մի՞թե քեզ բավական չէ, որ այժմ այստեղ, քաջերիս հետ մեծահռչակ,
Հանգիստ հրճվում ես խնջույքում ու քո բաժինն էլ ստանում ես լիուլի:
Եվ բացի այդ՝ լսում ես մեզ, մեր ճառերը։ Մինչդեռ երբեք ոչ մի մուրիկ
{{տող|290}}Չի լսել մեզ և մեր խոսքը և չի բազմել մեր մեջ այսպես ու դեմառդեմ։
Այդ մեղրածոր գինին քեզ այժմ խելքից հանեց, հանց կուրացնում է շատերին,
Ով ագահ է և որկրամոլ, ով խմում է քաղցր գինին շատ անկանոն։
Նույն այդ գինին մի ժամանակ խելքից հանեց կենտավրոսին՝
Եվրիտիոնին՝ մեծահոգի Պիրիթոոսի ապարանքում։
Լապիթներին հյուր էր եկել, մինչ մտակուր արեց նրան քաղցր գինին,
Նա մոլեգնեց ու բորբոքեց Պիրիթոոսի տանը հուժկու կռիվ ու կագ:
Վիշտը տիրեց հերոսներին, հարձակվեցին, դուրս քաշեցին նրան տնից,
Ապա հապճեպ սուր պղնձով քիթն ու ականջը կտրեցին,
Եվ, խելազուրկ, նա հեռացավ այդ հյուրընկալ ապաստանից,
{{տող|300}}Գնաց՝ սիրտը շամբշանքով լի և խենթի պես հոգետոչոր:
Այդպես ծագեց թշնամանքը կենտավրների ու այդ հզոր քաջերի մեջ։
Գինեմոլ էր նա չափազանց, և իր գլխին ինքն էլ թափեց մահ ու փորձանք:
Եվ քեզ նույնպես ժանտ աղետներ գուշակում եմ ես չարագույժ,
Եթե ձգես լարն աղեղի, աստ օգնություն կարեկցական էլ չես գտնի,
Քեզ սև նավով ես կուղարկեմ դեպ Էքետոսն, այն թագավորը խուժադուժ,
Որ մահապարտ մարդկանց համար արհավիրք է կործանարար.
Նրա ձեռքից դու էլ երբեք չես ազատվի։ Տեղդ նստիր դու այժ հանգիստ,
Գինին խմիր և մի մտիր մրցության մեջ քաջերի դեմ այս պատանի»։
Բայց առարկեց նրան այնժամ Պենելոպեն խոհեմամիտ և այս ասաց.
{{տող|310}}«Ո՛չ, Անտինոոս, լա՜վ չես անում, անարդար ես վարվում այստեղ,
Որ անարգում ես հյուրերին Տելեմաքի, որոնք գալիս են նրա տուն,
Կամ կարծում ես, որ եթե սա, իր ձեռքերի ուժին վստահ,
Ոդիսևսի մեծ աղեղի լարը ձգել կարողանա,
Ապա ուրեմն ինձ կտանի նա իր տունը, և կլինեմ ես կրա կին,
Մինչդեռ այդ միտքը նա չունի, չի մտածում նա այդ մասին։
Թող որ բնավ ձեզնից ոչ ոք այս առիթով չվշտանա.
Շարունակեք խնջույքը ձեր, այդ անվայել գործը երբեք գլուխ չի գա»։
Այնժամ նրան իր խոսքն ասաց և առարկեց Պոլիբոսյան Եվրիմաքը.
«Ո՜հ, դստրիկդ Իկարիոսի, Պենելոպե դու խելացի,
{{տող|320}}Մենք չենք կարծում, որ իրոք նա քեզ կտանի. գործ կլիներ դա անարժան,
Այլ միմիայն ամաչում ենք մենք ճոշանքից տղամարդոց ու կանացի.
Թերևս մի օր աքեյանց մեջ ստոր մի մարդ, մի լրբենի, խոսի այսպես.
Նվաստագույն բազում մարդիկ խոսնայր դարձան մի դյուցազուն քաջի կնոջ,
Սակայն նրանք անզոր եղան լարը ձգել նրա ողկված, մեծ աղեղի,
Մինչդեռ եկավ մի շրջմոլիկ, մի խեղճմուրիկ, լարը ձգեց,
Այլև սլաքն հեշտ անցկացրեց անցքի միջով երկաթների,
Այդպես կասեն, և մեզ համար դա կլինի մի առականք ամոթալի»։
Եվ խելացի Պենելոպեն այսպես նրան անդ առարկեց ու խոսք ասաց.
«Եվրիմաքոս, ազգերի մեջ ավելի շուտ փառազուրկ են նրանք, ովքեր
{{տող|330}}Չեն ամաչում անվերջ վատնել տուն ու տեղը մեծահռչակ մի հերոսի,
Իսկ այստեղ այժմ ի՞նչ ես տեսնում դու խայտառակ կամ անարժան,
Մինչ այս շրջիկն է, հիրավի, քաջահասակ և պնդակազմ,
Եվ ասում է նա, ինքնապանծ, որ զավակն է ինքը ազնիվ ծնողների,
Ուստի նաև նրան տվեք աղեղն հղկված, տեսնենք՝ գործից ի՞նչ դուրս կգա,
Սակայն ահա հայտնում եմ ձեզ, և այդ խոսքը կկատարվի.
Իրոք, եթե այժմ նա ձգի լարն աղեղի, և Ապոլլոնն փառք տա նրան,
Փարթամ զգեստ կհագցնեմ իսկույն նրան, կտամ բաճկոն ու պատմուճան,
Կնվիրեմ սուր մի նիզակ, իբրև պաշտպան ընդդեմ մարդկանց ու շների,
Կտամ նրան երկսայրի սուր և ոտքերի համար մույկեր գեղեցկափայլ
{{տող|340}}Եվ կառաքեմ նրան այնտեղ, ուր փափագում է նա սրտանց»։
Մինչ իր մորը պատասխանեց և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Մա՜յր իմ, ոչ ոք աքեյանց մեջ այժմ չի կարող տիրել, իշխել այս աղեղին.
Ում կամենամ, ես այն կտամ կամ կմերժեմ, ինձնից բացի, իրավունքն այդ
Ոչ ոք չունի, ո՛չ քարքարոտ Իթակեի իշխանները արժանավոր,
Ո՛չ էլ նրանք, որ իշխում են Էլիսի լայն ու ձիաբույծ կղզիներին։
Ոչ, դրանցից բնավ ոչ ոք ինձ չի կարող արգելք լինել, եթե ես տամ
Կամ նվիրեմ Ոդիսևսի մեծ աղեղը այս շրջիկին, թեկուզ առմիշտ,
Բայց դու գնա քո սենյակը, գործդ հոգա այնտեղ հիմա
Եվ հետևիր քո գործվածքին ու ոստայնին, հրամայիր ծառաներին,
{{տող|350}}Որ աշխատանքը կատարեն, իսկ աղեղը տղամարդկանց գործն է միայն,
Մանավանդ իմ, և իմ տան մեջ ես եմ միայն իշխող տերը իրավազոր»:
Ասաց այդպես, Պենելոպեն, խիստ զարմացած, իր սենյակը իսկույն գնաց.
Որդու ազդու և խելացի խոսքը խորունկ նրա հոգու մեջ թափանցեց։
Երբ որ այդպես նա բարձրացավ անդ, վերնատուն, նաժիշտ կանանց հետ միասին,
Ջայլեց սրտանց և ջերմ ողբաց սիրակարոտ իր ամուսին Ոդիսևսին,
Մինչև որ քունն անուշաբույր նրա աչքին ցողեց խաժակն Աթենասը։
 
Իսկ կոր աղեղն վերցրեց տարավ Ոդիսևսին խոզարածը աստվածային,
Գոռգոռացին տան մեջ իսկույն սեղեխները բոլորեքյան,
Եվ ոմանք էլ՝ պատանիներն ամբարտավան, աղմըկելով այս ասացին.
{{տող|360}}«Ո՞ւր ես տանում կոր աղեղը, ո՞վ խոզարած դու ատելի և գռեհիկ.
Վայրենամիտ, քեզ կլափեն խոզերիդ մոտ քո շները արագավազ,
Որոնց այնտեղ դու ես սնել, մինչ օգնություն հովիվներից քեզ չի լինի,
Եթե միայն Ապոլլոնի, աստվածների ողորմությունը մեզ հասնի»։
Այդ ասացին, աղեղն իսկույն խոզարածը դրեց գետնին, ուր կանգնած էր.
Ահաբեկվեց նա բազմամբոխ գոռգոռոցից, որը տան մեջ թնդաց այնտեղ,
Բայց մյուս կողմից Տելեմաքոսն աղաղակեց և խոսք ասաց սպառնալից.
«Հայրիկ, աղեղն առաջ տար շուտ և մի լսիր դու ամենքին,
Թե ոչ՝ իսկույն, թեպետ քեզնից կրտսեր եմ ես, կվռընդեմ քեզ դեպի դաշտ
Ու քարերով կհարվածեմ, քանզի քեզնից զորավոր եմ ես իսկապես.
{{տող|370}}Ա՜խ երանի այս իմ ձեռքով ու զորությամբ նույնքան լինեմ ես գերազանց
Սեղեխներից բոլորեքյան, որոնք լցված են, ավադիկ, մեր տանն այսպես.
Այնժամ անշուշտ զայրագնաբար մեր տնից դուրս կքշեի ես շատերին,
Որոնք այստեղ արդ մոլեգնում են խայտառակ և հորինում միշտ քարվականք»։
Ասաց այդպես, խոսնայրները նրա վրա հըռհըռացին ծանակելով,
Բայց մեղմացավ նրանց դաժան վրդովունքը Տելեմաքի արարքի դեմ,
Մինչ խոզարածը տան միջով վերցրեց տարավ աղեղն այնժամ,
Տարավ, կանգնեց նա առընթեր և խելացի Ոդիսևսի ձեռքը դրեց,
Ինքը ապա կանչեց դայակ Եվրիկլիային և խոսք ասաց.
«Տելեմաքն է պատվիրում քեզ, ով Եվրիկլիա դու խորիմաց,
{{տող|380}}Որ ամրապինդ փակես, կողպես իսկույն դռները սենյակի,
Եթե մեկը ներսից լսի ճիչ ու աղմուկ մեր բակի մեջ կամ հառաչանք
Տղամարդկանց, թող դեպի բակը դուրս չգա բոլորովին,
Այլ թող այնտեղ մունջ ու լռիկ նստեն միայն շուրջը իրենց աշխատանքի»։
Նա բարձր ասաց, խոսքը այդ այն դայակի սրտին ազդեց,
Փակեց դռները սենյակի, և բազմաթիվ ծառաները անդ մնացին։
Փիլետիոսն էլ վեր կացավ անդ սուսուփուս և շուտ տնից թռավ դուրս,
Հապճեպ փակեց նա ամրապինդ պարսպապատ բակի դարպասն
Գավիթում կար մի պինդ չվան, կոր նավերի կառանն էր պիրկ.
Փիլետիոսը դրանով բակի դուռը ամուր փակեց ու ետ դարձավ,
{{տող|390}}Գնաց նորից նստեց այնտեղ, այն բազմոցին, ուստեք առաջ նա վեր կացավ,
Ոդիսևսին ուղղեց հայացքն իր անքթիթ։ Մինչ Ոդիսևսը մանրախույզ
Զննում, քննում էր աղեղը, շուռ էր տալիս այս ու այն կողմ, որ իմանա՝
Արդյո՞ք եղջյուրն որդ չի կերել, քանի տերը բացակա էր հար ու երկար:
Սեղեխները նայում էին միմյանց դեմքին, և ոմանք էլ խոսում էին.
«Սա, երևի, այսօրինակ աղեղների մի հին վարպետ է քաջավարժ,
Եվ կամ գուցե սա իր տանը ճիշտ այնպիսի մի լայնաղեղ պահած ունի,
Կամ միտք ունի սոսկ այդպիսին ինքը սարքել։ Տեսեք՝ ինչպես, ահավասիկ,
Ճարտարակի ամեն կողմից զննում է այն. քաջատեղյակ է շրջմոլիկն»։
Իսկ ոմանք էլ, պատանիներն ամբարտավան սեղեխներից, ծաղրում էին.
{{տող|400}}«Իցի՜վ թե սա, օտարականն այս մուրացիկ, միշտ այսպիսի բախտ ունենա,
Ինչպես հիմա լարն աղեղի անշուշտ ձգել կկարենա»։
Այդպես ահա խոսում էին խոսնայրները, մինչ Ոդիսևսը խելացի,
Վերցրած աղեղն հզոր ու մեծ, զննում էր այն ճարտարակի ու խորիմաց,
Եվ ճիշտ ինչպես վարպետն հմուտ, որը երգում և նվագում է կիթառով
Ճարտարակի ոլորելով պիրկ աղիքը գեր ոչխարի,
Հեշտիվ կապում է կիթառի նոր սեպերին՝ երկու կողմից լարերը ձիգ,
Այդպես հեշտիվ Ոդիսևսը ձգեց լարը այն մեծագույն, լայն աղեղի,
Իսկ երբ իր աջ ձեռքով բռնեց, փորձեց լարը նա փութապես,
Զնգաց լարը և գիլ հնչեց, ինչպես հնչեղ երգն է հնչում ծիծեռնակի։
{{տող|410}}Վիշտը պատեց սեղեխներին, և այլայլվեց, փոխվեց գույնը նրանց դեմքի,
Իսկ Զևսն հանկարծ հայտնաբերեց իր նշանը. նա որոտաց որոտաձայն։
Խորունկ խնդաց Ոդիսևսը աստվածազարմ, բազմաչարչար,
Քանզի տեսավ և հասկացավ նա նշանը նենգ Կրոնոսի հզոր որդու:
Եվ նա վերցրեց անդ, սեղանի վրա ընկած, սուր սլաքը արագաթիռ,
Թեպետ այն խոր կապարճի մեջ լցված էին այլ սլաքները բազմաթիվ,
Որոնց ուժը իրենց վրա խոսնայրները պիտ փորձեին այնտեղ շուտով:
Արդ, սլաքն այդ ձեռքով վերցրեց, լարը դրեց ակոսի մեջ
Եվ տեղնուտեղն, իր նստիքին նույնիսկ նստած, նա արձակեց՝
Նետն ուղղելով դեպի նշանն և բնավին չվրիպեց,
{{տող|420}}Այլ սլաքը պղնձակուռ թռավ, անցավ անցքի միջով տապարների,
Առաջինից մինչ վերջինը։ Ոդիսևսը Տելեմաքին այնժամ ասաց.
«Տելեմաքո՛ս, տե՜ս, շրջիկը քեզ խայտառակ չարեց՝ տանդ հար նստելով,
Չշեղվեցի ես թիրախից ու նշանին զարկեցի ճիշտ և բացի այդ՝
Աղեղի լարը ձգելիս չտանջվեցի. ուրեմն ողջ է իմ կորովը,
Ուստի իրոք արժանի չեմ անարգանքին, որ տալիս են ինձ հոմանիք:
Սակայն արդեն ժամն է հասել, աքեացոց պիտ ընթրիք տանք դեռ արևով,
Որպեսզի գեթ այնուհետև, առաջվա պես, կրկին հրճվենք սիրատենչիկ
Երգ ու պարով և կիթառով, որ պաճուճանքն են խնջույքի»։
Ասաց այդպես և հոնքերով նշան արեց փութանակի Տելեմաքը՝
{{տող|430}}Աստվածազարմ Ոդիսևսի սիրած որդին, գոտեպնդվեց իր սուր թրով,
Ձեռքը առավ տեգ-նիզակը երկայնաստվեր, ապա իսկույն
Կանգնեց կողքին իր ծնողի՝ հագած զենքը պղնձակուռ և շողշողուն։
</poem>
== Երգ քսաներկուերրորդ։ Սեղեխների կոտորածը ==
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Եվ Ոդիսևսն ամենիմաց հանեց, գցեց իր ցնցոտին,
Վերցրեց աղեղն ու կապարճը, որը լիքն էր սլաքներով,
Թռավ, կանգնեց բարձըր շեմքին, սլաքները թափեց գետնին,
Անդ իր առաջ, ոտքերի մոտ, ապա դիմեց խոսնայրներին ու բարձր ասաց.
«Ուրեմն այսպես, կատարված է հիմա արդեն մրցությունը դժվարագույն.
Արդ, կփորձեմ մի այլ թիրախ, որին երբեք և ոչ մի մարդ չի զարկել դեռ,
Գուցե դիպցնեմ ես անվրեպ, եթե միայն Ապոլլոնը փառքը տա ինձ»:
Ասաց, ուղղեց նա դառնավեր սուր սլաքը Անտինոոսին.
Սա այդ պահին, ոսկի բաժակը գեղեցիկ ու կրկնականթ
{{տող|10}}Ձեռքին բռնած, բարձրացնում էր, տանում դեպի բերանը յուր,
Որ մեղրածոր գինին խմի և բնավին չէր մտածում մահվան մասին:
Ո՞վ կարող էր խորհել նույնիսկ, թե դյուցազուն, խնջույք անող բազում մարդկանց
Բազմության դեմ սոսկ մի անհատ, թեկուզ լինի նա գերազոր և քաջասիրտ,
Կհանդգնի սփռել սև մահ և հորինել դաժան օրհասը ամենքի։
Նշան բռնած Անտինոոսի հենց կոկորդին՝ Ոդիսևսը նետն արձակեց.
Սուր պղինձը նրա փափուկ վզի մեջը խորունկ վարսվեց ու դուրս թռավ.
Նա խորտակվեց, թեքվեց մի կողմ, ձեռքից բաժակն իսկույն ընկավ,
Ու մարդկային հոծ արյունի վարար շիթերն իսկույն ևեթ
Դուրս ժայթքեցին ըռունգերից, ոտքով զարկվեց նա սեղանին,
{{տող|20}}Որ դըղըրդաց ու շուռ եկավ։ Գետնին թափվեց ուտեստն ամբողջ,
Միսն ու հացը կեղտոտվեցին. տան մեջ թնդաց իրարանցում, աղմուկ ու ճիչ։
Գոռգոռացին սեղեխները, երբ որ տեսան՝ ինչպես քաջը ընկավ տապաստ.
Բազմոցներից շուտ վեր թռան և ահաբեկ վազվզեցին դահլիճի մեջ։
Որոնելով՝ նայում էին գեղեցկակերտ այն պատերին և ամենուր,
Սակայն չկար և չգտան այնտեղ վահան, սուր ու նիզակ, տեգ ամրակուռ,
Ուստի խոսքով ծանրացասում դսրովեցին Ոդիսևսին ամենիմաց.
«Հե՜յ, շրջմոլիկ, լպի՜րշ գործ է՝ նետահարել դիցասնունդ մեծ իշխանի,
Էլ մրցություն դու չես տեսնի, մոտեցել է արդեն մահդ օրհասաբեր,
Մեր մարդկանցից սպանեցիր դու հերոսին ամենամեծ և անվանի.
{{տող|30}}Տե՜ս, ինչպե՜ս կը դառնաս բաժին դու գիշակեր անգղներին»։
Այդ էր ասում ամեն մեկը, կարծում էին՝ միամտաբար, այլև չկամ
Նա սպանեց այդ դյուցազնին, և չիմացան, ավա՜ղ, նրանք, այդ անմիտներն,
Որ և իրենց, բոլորեքյան, արդեն պատել է իր ցանցով մահտարաժամն,
Մինչ բարբառեց Ոդիսևսը ամենիմաց՝ խեթ նայելով իսկույն նրանց.
«Ո՜հ, շնացող դուք լրբենիք, կարծում էիք, որ ետ չեմ գա իմ տունն այլևս
Տրոյական հեռու երկրից, ուստի և ժանտ վատնում էիք գույքն իմ, գանձը,
Բռնաբարում էիք մախիզ դուք մեր կանանց ստրկուհի
Եվ տակավին ես կենդանի՝ տենչում էիք և իմ կնոջն այստեղ զավթել՝
Չակնածելով անծայրածիր երկնքի տեր աստվածներից:
{{տող|40}}Չվախեցաք իսկ, որ մարդիկ նզովելով ձեզնից կառնեն վրեժն հետո.
Արդ, բռնել է ձեզ բոլորիդ իր ցանցի մեջ մահ-օրհասը»։
Ասաց այդպես, և կաշկանդեց դալուկ սարսափն իսկույն նրանց.
Իրար անցան, պտտվեցին բոլորն այնտեղ՝ ելք փնտրելով ինչպե՞ս արդյոք
Փրկվել մահից, և միմիայն Եվրիմաքը պատասխանեց ու խոսք ասաց.
«Եթե իրոք իթակեցի Ոդիսևսն ես և եկել ես տունդ արդեն,
Ապա ուրեմն արդարացի դու խոսեցիր: Աքեացիք, ճիշտ որ, իրոք
Կատարել են թե՛ քո տանը, թե՛ դաշտերում շատ խայտառակ, ստոր գործեր,
Բայց մեղավորն այդ ամենի Անտինոոսն էր, որ տապալված է այժմ այստեղ։
Նա էր սարքողը քո տանմեջ ամեն տեսակ չար գործերի,
{{տող|50}}Սակայն ոչ թե նրա համար, որ փափագում էր հարսանիք քո կնոջ հետ.
Ա՛յլ բան էր նա խորհում իր մեջ, բայց կատարել թույլ չտվեց Կրոնոսյանն։
Նա միտք ուներ գեղեցկաշեն Իթակեում դառնալ արքա և ազգապետ,
Իսկ քո որդուն նա մտադիր էր սպանել գաղտոռոգայթ, դարանամուտ,
Եվ նա հիմա խոշոշված է արդարացի։ Սակայն եղիր դու բարեգութ,
Այժմ խնայիր մեզ բոլորիս, իսկ մենք իրոք կհատուցենք
Քո վնասներն, որքան լափել ու խմել ենք մենք քո տան մեջ,
Եվ բացի այդ ամեն մեկս քեզ տույժ կտանք, արժեքն ուղիղ քսան եզան,
Կտանք նաև ոսկի, պղինձ, որ մեղմանա քո սիրտն այդպես,
Մինչդեռ հիմա արդարացի զայրույթով ես դու բորբոքված»։
{{տող|60}}Եվ Ոդիսևսը խելացի, խստահայաց, խեթ նայելով, այս խոսքն ասաց.
«Ոչ, Եվրիմաք, եթե ինձ տաք ձեր հայրականն ամբողջովին
Եվ այն, որ դուք անձամբ ունեք, նաև այլ գույք, հանց հավելյալ,
Եվ այդ դեպքում ձեռք չեմ քաշի կոտորածից արյունահեղ,
Նախքան վրեժն իմ ես լուծեմ սեղեխներից նրանց զազիր գործի համար:
Ձեզ մնում է այժմ երկու ելք, կա՛մ աստ կռվել դեմ-հանդիման,
Կա՛մ փախուստի դիմել շուտով, փրկվել մահից և օրհասից,
Բայց ձեզանից, կարծեմ, ոչ ոք չի խուսափի իր ժանտաժուտ կործանումից»:
Ասաց այդպես, և թուլացան նրանց ծնկներն, այլև սրտերը սիրեցյալ։
Մինչ Եվրիմաքն այնժամ նրանց երկրորդ անգամ իր խոսքն ասաց,
{{տող|70}}«Բարեկամնե՜ր, այս քաջն էլ չի զսպի բնավ անպարտելի ձեռքերը յուր,
Եվ քանի որ արդեն վերցրել է սա հղկված աղեղը և պատկանդարանն,
Ողորկ շեմքից մեզ նետահար կանի անշուշտ, մինչև որ աստ
Մեզ, բոլորիս, ժանտ կոտորի: Հիշե՜նք, սակայն, մենք կռիվը
Եվ դուրս քաշենք մեր սուր սրերն, սլաքների դեմ մահաբեր
Սեղանները դարձնենք վահան և խմբովի, միահամուռ
Թունդ հարձակվենք սրա վրա, դռան միջից վանենք սրան, շպրտենք դուրս,
Վազ տանք ապա դեպի քաղաք ու բարձրացնենք ճիչ, աղաղակ,
Եվ կիմանա քաջն այս շուտով, որ արձակեց նետն իր հիմա վերջին անգամ»:
Այդպես ասաց ու գոռգոռաց, ապա իսկույն իր պատյանից
{{տող|80}}Նա դուրս քաշեց պղնձակուռ և երկսայրի սուսերը սուր
Ու շեշտակի, ահեղագոչ, նետվեց ուղիղ նրա վրա,
Բայց Ոդիսևսն ուղղեց սլաքն, զարկեց կրծքին, ստինքին մոտ,
Սուր պղինձը լերդը խրվեց, նրա ձեռքից սուսերն իսկույն գետնին ընկավ,
Նա գալարվեց սեղանի շուրջն ու, դրա հետ պտտվելով,
Ցած գլորվեց գետնատարած: Գետնին թափեց ուտեստն ամբողջ,
Ընկավ բաժակը կրկնականթ, նա հատակին զարկվեց դեմքով,
Աղաղակեց սրտակոտոր, զույգ ոտքերը թափահարեց,
Թակեց աթոռն ու աչքերն իր հավերժ պատեց մութը խավար:
Եվ Ամփինոմն աճապարեց՝ դուրս քաշելով սուսերը սուր,
{{տող|90}}Փութանակի նա հարձակվեց Ոդիսևսի դեմ մեծափառ,
Որ դուրս վանի նրան մի կերպ դռան միջից, մինչ ետևից
Պղնձասուր տեգ-նիզակով զարկեց նրան Տելեմաքոսը քաջաբար,
Զարկեց ուղիղ ուսերի մեջ, կրծքում իսկույն վարսվեց նիզակն.
Նա թնդյունով գլորվեց ցած ու իր դեմքով զարկվեց գետնին։
Երկայնաստվեր տեգն իր թողած Ամփինոմի մարմնում ցցված՝
Տելեմաքոսը ետ քաշվեց, նա վախեցավ՝ գուցե մեկը սեղեխներից,
Երբ որ ինքը, այնտեղ կքված, երկայնաստվեր տեգը բռնի և դուրս քաշի,
Իր ետևից աճապարի, ապա սրով իրեն զարկի և խոշոշի:
Նա վազեվազ եկավ իսկույն և շուտ հասավ իր սիրելի հորը այնտեղ,
{{տող|100}}Կանգնեց կողքին և առընթեր ու խոսքն ասաց այս թևավոր.
«Հայր իմ, ես քեզ արդ կբերեմ զենքեր՝ վահան, երկու նիզակ
Եվ սաղավարտ պղնձակուռ, որը գլխիդ հարմար կգա,
Զենք կհագնեմ նաև ինքս, զենքեր կտամ խոզարածին և հովիվին,
Քանզի չէ՞ որ զինված լինել շատ ավելի լավ է, անշուշտ»։
Նրան իսկույն պատասխանեց և խոսք ասաց Ոդիսևսը ամենագետ.
«Շո՛ւտ, վազեվազ գնա՛ և բե՛ր, քանի դեռ այս սլաքները չեմ վատնել ես.
Մի գուցե ինձ դռան միջից դուրս վանեն այժմ, եթե մնամ ես մեն-մենակ»։
Ասաց այդպես, և Տելեմաքն անսաց իսկույն իր սիրելի հոր պատգամին,
Վազեց, գնաց նա այն սենյակն, որտեղ զենքերն էին պահված փառապսակ
{{տող|110}}Այնտեղ վերցրեց նա չորս վահան, պղնձակուռ ութ գեղարդներ
Եվ խտաբաշ, պղնձակերտ ու գեղեցիկ չորս սաղավարտ։
Նա բոլորն այդ հապճեպ բերեց և շուտ հասցրեց անդ ծնողին իր սիրեցյալ
Նաև ինքը զինվեց իսկույն, հագավ պղինձը շողշողուն։
Նույնպես երկու ստրուկ հովիվն հագան զենքը գեղեցկափայլ
Ու կանգնեցին իսկույն կողքին բազմահնար և խելացի Ոդիսևսի,
Եվ քանի դեռ անդ նա ուներ կռվի համար սուր սլաքներ,
Նա անդադար, նշան բռնած ու միառմի, կոտորում էր իր հարկի տակ
Խոսնայրներին, և տապալվում էին նրանք իրար կողքի, գետնաթավալ։
Իսկ երբ արդեն սպառված էին սլաքները թագավորի,
{{տող|120}}Նա աղեղը այնժամ հենեց ամրակառույց ապարանքի բարավորին
Եվ թողեց անդ, դրանդուն կից, շողշողենի պատին մոտիկ:
Ինքն էլ ապա ծածկեց ուսերն իր՝ ասպարով այն քառաշերտ,
Փառավոր իր գլխին դրեց սաղավարտը հրաշակերտ,
Որի վրա ծածանվում էր ձիու մազից մի ահավոր, մեծ գարգմանակ
Այնուհետև ձեռքն իր առավ պղնձապատ երկու նիզակ:
Պինդ պատի մեջ գեղեցկակերտ կար գաղտ մի դուռ,
Որը կից էր և առընթեր ամրակառույց, պերճ դահլիճի բարձր շենքին,
Անձուկ և մութ, հանց ետնամուտք, դա տանում էր դեպի փողոց,
Դրա միջով դժվարությամբ մի մարդ կանցներ: Աստվածային խոզարածին
{{տող|130}}Հրամայեց Ոդիսևսը՝ կանգնել այնտեղ և պահպանել դուռն այդ ամուր:
Ագելաոսն այնժամ դիմեց սեղեխներին և խոսք ասաց.
«Բարեկամնե՞ր, մեկը չըկա, որ գեթ անցնի այս նեղ անցքով դեպի քաղաք,
Որ ամենքին այնտեղ հայտնի, հարուցանի ճիչ, աղաղակ,
Եվ այդ դեպքում կմոռանա նետահարելն այս քաջն առմիշտ»:
Նրան իսկույն պատասխանեց և խոսք ասաց այն այծարած Մելանթևսը.
«Հնար չկա, դիցասնունդ Ագելաոս. բակի շքեղ, մեծ դարպասին
Շատ մոտիկ է նեղ դուռը այդ, և այնքան է անմատչելի կածանն անձուկ,
Որ բյուրերին մի մարդ անգամ անդ կարգելի, եթե զորեղ է հիրավի,
Բայց սպասեք, ձեզ պահեստի ես սենյակից զենք կբերեմ, որ զինվեք դուք,
{{տող|140}}Եվ կարծում եմ, որ իսկևիսկ միայն այնտեղ, ոչ այլուրեք,
Պետք է զենքը պահած լինեն Ոդիսևսը և իր զավակը փառաշուք»:
Այդպես ասաց Մելանթևսը այն կայծարած ու դահլիճում եղած անցքով
Մի կերպ անցավ ու բարձրացավ սանդուղքներով դեպի պահեստն Ոդիսևսի։
Այնտեղ շտապ տասնևերկու վահան ընտրեց, նույնքան նիզակ
Եվ նույնքան էլ մեծ սաղավարտ՝ պերճ, պղնձափայլ ու գիսավոր,
Ապա շուտով նա ետ եկավ և ամենն այդ հանձնեց այնտեղ սեղեխներին։
Եվ թուլացան Ոդիսևի սիրտը սիրած ու ծնկները, երբ նա տեսավ՝
Ինչպես նրանք զենքերն հագան ու ճոճեցին նիզակները երկայնստվեր։
Հասկացավ, որ ծանր է գործը, որ կռիվը լինելու է դաժանագույն,
{{տող|150}}Ուստի իսկույն Տելեմաքին դիմեց այնտեղ և խոսքն ասաց այս թևավոր.
«Տելեմաքոս, տան մեջ անշուշտ մեկնումեկը ստրկուհի այդ կանանցից
Կամ Մելանթևսն ահա մեր դեմ բորբոքում են արդեն կռիվն այս չարադավ»։
Նրան իսկույն պատասխանեց և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Ո՜հ, իմ հայրիկ, մեղավորը ես եմ այստեղ, և ոչ ոքի մեղքը չէ դա.
Խորդանոցի ամրակառույց դուռը իրոք ես եմ թողել անդ կիսաբաց,
Ու երևի այդ նկատեց սեղեխների հատուկ լրտեսը աչալուրջ:
Ով Եվմեոս դու խոզարած, գնա՛, ամուր փակիր դուռը խորդանոցի
Եվ լավ նայիր, գուցե և անդ մեկնումեկը մեր կանանցից կատարեց այդ,
Կամ Դոլիոսյան Մելանթևսը, նրան եմ ես ավելի շուտ կասկածում այժմ»:
{{տող|160}}Այդպես նրանք իրարու հետ խոսում էին այդ առիթով,
Մինչ այծարած Մելանթևսը կրկին գնաց դեպ խորդանոց,
Որպեսզի զենք բերի նորից, բայց նկատեց խոզարածը աստվածային,
Նա փութապես դարձավ, ասաց Ոդիսևսին, որ կանգնած էր անդ, մերձակա.
«Դիցասնունդ Լաերտածին, ո՛վ Ոդիսևս ամենիմաց, արդ, սրիկա
Այդ լրբենին, որի մասին մենք կասկածում էինք իրոք,
Նորից գնում է խորդանոց, բայց ճշմարիտ դու ինձ ասա.
Արդյոք նրան ես սպանե՞մ, եթե ուժով գերազանցել կարողանամ,
Թե՞ նրան ես քարշ տամ, բերեմ, որպեսզի անդ պատժես նրան դու անխնա
Այն բազմազան ոճիրների, մեղքի համար, որ կատարեց քո տանը նա».
{{տող|170}}Նրան այսպես պատասխանեց և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Տելեմաքոսն ու ես մի կերպ խոսնայրներին մեծահռչակ
Դահլիճի մեջ, աստ, կզսպենք, թեպետ և խիստ մոլեգնում են ահա նրանք։
Դուք, երկուսդ, բռնեք նրան, գցեք մառան, ոլորեցեք ձեռ ու ոտը,
Ապա կապեք անգթորեն պինդ չվանով այն ոլորուն,
Սյունին գամեք անդ բարձրաբերձ, քաշեք, հասցրեք առաստաղի գերանի մոտ։
Այդպես նրան այնտեղ կապեք և փակեք դուռը ամրապինդ.
Թող կենդանի հար ու երկար այստեղ մնա, տանջանք կրի նա չարաչար:
Ասաց` այդպես, տիրոջ խոսքին հնազանդված, գործը իսկույն կատարեցին:
Շուտ խորդանոցը գնացին. այնտեղ էր նա, սակայն սրանց չը նկատեց,
{{տող|180}}Այլ մառանում մենումենակ գաղտնի փնտրում էր նա զենքեր,
Բայց կանգնեցին այնտեղ սրանք ու թաքնվեցին դրանդու մոտ, շեմքին ընթեր:
Երբ այծարած Մելանթևսը, հեռանալով, հապճեպ շեմքին անդ մոտեցավ,
Նա մի ձեռքով բռնած տանումէր գեղեցիկ մի սաղավարտ,
Իսկ մյուս ձեռքում ուներ մի լայն ու մեծ վահան, խիստ հնամաշ ու բորբոսնած.
Լաերտ քաջն էր մի ժամանակ, երիտասարդ իր օրերին, գործածում այն,
Այժմ ընկած էր բարձիթողի, և փոկերի կարերն էին արդեն փտած:
1
1
1
{{տող|190}}1
1
1
1
1
1
1
1
1
1
{{տող|200}}1
1
1
1
1
1
1
1
1
1
{{տող|210}}1
1
1
1
1
1
1
1
1
1
{{տող|220}}1
1
1
1
1
1
1
1
1
1
{{տող|230}}1
1
1
1
1
1
1
1
1
1
{{տող|240}}1
1
1
1
1
1
1
1
1
1
{{տող|250}}Դռան առաջ, նախաշեմքում, նրանք ահա միայնակ են արդ մնացել,
Ուստի և այժմ գեղարդները դուք չնետեք աստ բոլորը միանգամից,
Պետքէ որ այժմ մենք նախ նետենք նիզակներից վեցը միայն:
Թե Զևսը տա, փառք կշահենք, եթե զարկենք Ոդիսևսին,
Իսկ մյուսներից երկյուղ չկա, երբ տապալվի՝ նա խորտակված»:
Ասաց այդպես, նրանք բոլորն, հանց պատվիրեց, շեշտ նետեցին,
Բայց Աթենասն հարվածները նրանց բոլոր ունայն դարձրեց,
Մեկը այնտեղ ամրակառույց ապարանքի շեմքին դիպավ զուր, անտեղի,
Իսկ մյուսը, զարկվեց, խրվեց անդ հաստ դռան դրանդու մեջ.
Մեկն էլ, որպես ծանր պղինձ, դիպավ պատին զուր վզզալով,
{{տող|260}}Երբ որ այդպես սեղեխների գեղարդները սլացան զուր և ապարդյուն,
Անդ իր մարդկանց այս խոսքն ասաց բազմաչարչար Ոդիսևսը աստվածազարմ.
«Սիրելինե՛ր, ահա ինչ եմ ձեզ հորդորում, եկեք և մենք հուժկու նետենք.
Սլաքները խոսնայրների խուռն ամբոխին, որոնք ահա,
Բացի իրենց կատարած այ ոճիրներից, ցանկանում են սպանել մեզ»։
Ասաց այդպես, և բոլորը, նշան բռնած, շեշտ նետեցին սուր նիզակներն,
Եվ խորտակեց Ոդիսևսը Դեմոպտոլեմ քաջ սեղեխին,
Տելեմաքը՝ Եվրիադին, խոզարածը՝ Էլատոսին,
Իսկ եզների քաջ նախրորդը Պիսանդրոսին գետնին զարկեց:
Տապալվեցին դրանք բոլորն և կրծեցին ատամներով գետինը լայն,
{{տող|270}}Իսկ մնացյալ խոսնայրները նահանջեցին դեփի խորքը մեծ դահլիճի:
Սրանք, սակայն, վրա հասան, դուրս քաշեցին նիզակները դիակներից:
Երկրորդ անգամ խոսնայրերը, նշան բռնած, գեղարդները նետեցին շեշտ,
Բայց մեծ մասամբ վրիպեցին, Աթենասը ունայն դարձրեց հարվածներն այդ,
Մեկը նորից ամրակառույց ապարանքի շեմքին զարկվեց զո՜ւր, անտեղի,
Մյուսը վարվեց գեղեցկակերտ, ամուր դռան դրանդու մեջ,
Մեկն էլ, որպես ծանր պղինձ, դիպավ պատին զուր վզզալով:
Ամփիմեդոնն զարկեց միայն, վիրավորեց Տելեմաքի ձեռքի դաստակն,
Սուր պղինձը քերեց միայն, պոկեց ձեռքի մաշկը վերուստ,
Կտեսիպպոսը երկար տեգով քերծեց ուսը Եվմեոսի, ասպարից վեր.
{{տող|280}}Մինչ նիզակը, վեր թռչելով, գետնին ընկավ անհետևանք:
Նրանք նորից, կողքին կանգնած բազմհնար Ոդիսևսի,
Շեշտ նետեցին տեգերն հուժկու դեպի խումբը սեղեխների։
Զարկեց հիմա Ոդիսևսը քաղաքավեր Եվրիդամաս խոսնայր քաջին,
Տելեմաքոսը՝ սեղեխին Ամփիմեդոն, խոզարածքը՝ Պոլիբոսին,
Իսկ եզնարած հովիվն հզոր խիստ հավածեց ուղիղ կրծքին Կտեսիպպոսի
Եվ, հարվածով իր խրոխտացած, բացականչեց նա մեծապանծ.
«Դու, ծաղրաբան և չարախոս Պոլիթերսյան, էլ չխոսես այսուհետև
Դու մեծապարծ, հիմար խոսելն անվայել է, դու խոսելը վերապահիր
Աստվածներին, քանզի նրանք չէ՞ որ քեզնից գերազոր են,
{{տող|290}}Իսկ սա, որ այժմ դու ստացար, հատուցումն է այն ոսկորի, որ, հանց պարգև,
Դու նետեցիր այս շրջիկին՝ իր տուն եկած աստվածազարմ Ոդիսևսին»։
Այդպես ասաց այնժամ հովիվը կորեղջյուր արջառների,
Մինչ Ոդիսևսն դեմ-հանդիման տեգով երկայն ջախեց որդուն Դամաստորի,
Տելեմաքոսն Եվենորյն Լիոկրիտի փորը վարսեց նիզակն անգութ,
Եվ միջանցուկ պղինձը սուր իսկույն հերձեց և դուրս թռավ։
Նա գլորվեց բերանքսիվայր, ամբողջ դեմքով զարկվեց գետին։
Աթենասը տան մեջ վերուստ պարզեց հանկարծ իր ասպարը մարդակործան,
Եվ անդ իսկույն զարհուրանքի դողը բռնեց խոսնայրների դաժան հոգին.
Խուճապանքով վազվզեցին նրանք տան մեջ, ինչպես ցուլերը նախրային,
{{տող|300}}Որոնց վրա հարձակվում են դաժան բոռերը հույլիհույլ և հալածիչ՝
Վաղ գարունքին, երբ օրերն են դառնում արդեն երկարատև:
Հանց ցիները կորամագիլ, կորակտուց, լեռների մեջ հանկարծ թռչող,
Հարձակվում են թռչունների վրա անօգ, որոնք, դողդոջ ու ահաբեկ,
Դաշտերից շուտ թռչում են վեր, դեպ ամպերը, դեպ հովիտը թաքնվելու,
Մինչ անգղներն հալածում են և կոտորում նրանց անգութ ու մահակուր.
Էլ ապավեն նրանք չունեն, և հրճվում են որսը դիտող բազում մարդիկ,
Այդպես նրանք, հարձակվելով, խոսնայրներին տան մեջ այնտեղ
Եվ աջ ու ձախ ջարդում էին և ջախջախում գլուխները բազմաբազում:
Թնդում էր խուլ մի հառաչանք, ճիչ, աղաղակ, հատակն արյամբ էր հեղեղված։
{{տող|310}}Հանկարծ ելավ Ոդիսևսի դեմ Լիոդեսն, որ ծնկներին փարվեց նրա
Եվ աղաչեց մեծապաղատ ու խոսքն ասաց այս թևավոր,
«Աղերսում եմ քեզ, Ոդիսևս, խղճա դու ինձ և խնայիր,
Ա՜խ, հավատա, տան կանանցից ես ոչ ոքի ոչ մի վատ բան ոչ ասել եմ,
Ոչ կատարել, այլ մյուսներին խոսնայրներին, հակառակը.
Ես անդադար զսպում էի և հորդորում, որ վերացնեն այդ քարվականքն,
Բայց ինձ, ավա՜ղ, չլսեցին ու ձեռք քաշել զազիր գործից չկամեցան,
Ուստի և այդ ոճիրների համար հիմա մահ-օրհասին այսպես հասան։
Գուշակող եմ ես մի անմեղ, մի՞թե պիտի ես տապալվեմ նրանց կողքին,
Մի՞թե չկա երկրի վրա գնահատող առաքինի գործը հետո»:
{{տող|320}}Նրան այնտեղ խեթ նայելով՝ իր խոսքն ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Եթե դու ճիշտ գուշակող ես եղել նրանց, հանց ասացիր այժմ ինքնապարծ,
Ուրեմն և դու աղոթել ես ապարանքում այս մերթ ընդ մերթ,
Որ վերադարձն իմ դեպի տունը հեռանա և անկատար միշտ էլ մնա,
Որպեսզի իմ կնոջ հետ դու ամուսնանաս, ու քեզ զավակ նա պարգևի,
Ռւստի և դու չես խուսափի քո վերահաս դաժան մահից»։
Այդպես ասաց նա բարձրաձայն, կարող ձեռքով վերցրեց սուսերն այնտեղ ընկած,
Որ գցել էր գետնի վրա իր ձեռքով իսկ անդ սպանված Ագելաոսն,
Տեղնուտեղը վարեց այդ սուրը վզի մեջ նրա իսկույն,
Ու գլուխը պոկվեց, ընկավ գետնի վրա՝ դեռ բերանով խոսք ասելիս,
{{տող|330}}Բայց խույս տվեց սև օրհասից իր դժնդակ Տերպիասյան Փեմիոսն երգակ,
Որը այնտեղ խոսնայրների համար երգում և նվագում էր ակամա:
Ահավասիկ, ձեռքին բռնած բարձրահնչուն կիթառը յուր,
Մտորում էր տարակուսած` կանգնած այնտեղ, ետնամուտքի դռան կողքին,
Դո՞ւրս գալ արդյոք և անդ չոքել մեծն Զևսի Բագինի դեմ,
Ուր Լաերտը և Ոդիսևսն այրում էին զոհված եզան թիկնամսերն,
Թե՞ վազեվազ ծնկներն ընկնել և աղաչել մեծապաղատ։
Եվ արդ, այդպես մտածելիս, ավելի լավ և օգտավետ նրան թվաց՝
Իսկույն ևեթ փարվել ծնկին Լաերտածին Ոդիսևսի:
Ահավասիկ, նա սնամեջ իր կիթառը փութանակի դրեց գետնին,
{{տող|340}}Մեջտեղն այնտեղ սարկարանի ու բազմոցի արծաթապատ,
Ու ինքն ապա արագ վազեց, ծնկներն ընկավ Ոդիսևսի,
Այդպես նրան նա պաղատեց և խոսքն ասաց այս թևավոր.
«Աղաչում եմ, ո՜վ Ոդիսևս, խղճա դու ինձ և խնայիր,
Ինքդ հետո շատ կցավես, որ անտեղի սպանեցիր դու երգիչին,
Որն իր երգով խինդ ու հրճվանք է ներշնչում աստվածներին, այլև մարդկանց։
Գուսան եմ ես ինքնուսույց, և աստվածն է իմ սրտի մեջ
Ներշնչել տենչը երգերի. ես պատրաստ եմ երգել և քեզ, հանց աստըծո։
Դու իմ մահը մի փափագիր և ինձ, ավա՜ղ, մի գլխատիր.
Տելեմաքոսն էլ քեզ կասի, կհաստատի քո այդ զավակը սիրալիր,
{{տող|350}}Որ աստ, քո տուն, երգ երգելու խոսնայրների խնջույքներին,
Ես ակամա էի գալիս, ոչ ինքնակամ, այլ միմիայն
Նրանք, ինձնից հզորագույն ու բազմամարդ, կանչում էին ինձ բռնաբար»:
Աղաչանքի ձայնը լսեց անդ սրբազան զորությունը Տելեմաքի,
Նա մոտեցավ հորը իսկույն և այս խոսքը ասաց նրան.
«Հա՜յր, սպասի՛ր, սուր պղինձով մի հարվածիր դու անմեղին,
Այլ ազատենք նաև բանբեր մենք Մեդոնին, քանզի մեր տանն այս գերակա
Նա մշտապես եղել է ինձ ջերմ հոգատար իմ մանկության իսկ օիերից։
Ո՞ւր է, չկա, գուցե արդեն սպանեցին Փիլետիոսն ու խոզարած,
Գուցե տան մեջ ընկավ նա քո հարվածի տակ, երբ որ սիրտն էր քո բորբոքված:
Այդպես ասաց, և այդ խոսքը լսեց Մեդոնը խորիմաց,
{{տող|360}}Որ այդ պահին, խուսափելով սև օրհասից, պառկելէր անդ բազմոցի տակ՝
Խիստ կըծկված և իր վրա դեռ նոր քերթված արջառենի մորթը քաշած։
Արդ, դուրս թռավ նա բազմոցի տակից իսկույն, մի կողմ գցեց մորթը արագ,
Վազեց ապա և ծնկները Տելեմաքի բռնեց ամուր
Եվ աղերսեց նրան սրտանց ու խոսքն ասաց այս թևավոր,
«Այստեղ եմ ես, սիրելիդ իմ, խնայիր ինձ, ասա նաև քո հորը այժմ՝
Թող գերազոր կարողությամբ և պղնձով ինձ չզարկի և չսպանի:
Ընդդեմ մոլի խոսնայրների նա զայրացած է և ցասկոտ,
Նրանք, անմիտ, լափում էին գույքը նրա, նեղում էին քեզ անամոթ»։
Եվ Ոդիսևսը իմաստուն իսկույն Ժտաց, ապա նրան այս խոսքն ասաց.
{{տող|370}}«Վստա՜հ եղիր, Տելեմաքը քեզ կյանք տվեց ու փրկություն,
Որ այսուհետ լավ իմանաս, նաև պատմես ուրիշներին դու օրնիբուն,
Որքա՜ն լավ է ու գերադաս առաքինի, բարի գործը չար արարքից,
Բայց գնացեք հիմա բակը և դուրս եկեք հիմա տնից,
Հեռացեք այս ժանտ նախճիրից, դու և գուսանն այս երգասաց,
Իսկ տանը դեռ ես գործ ունեմ, որը հիմա պիտ կատարեմ»։
Ասաց այդպես, իսկույն երկուսն էլ փութապես դուրս գնացին նրանք տնից
Եվ նստեցին հզորազոր Զևս աստըծու բագինի մոտ,
Բայց տակավին, իրենց մահվանն սպասելով, նայում էին շրջահայաց:
Նայեց շուրջը Ոդիսևսը, որ իմանա՝ արդյոք ոչ ոք չի՞ մնացել
{{տող|380}}Անդ թաքնված ու կենդանի` խուսափելով մահից դաժան,
Բայց բոլորն էլ արյունթաթախ ու փոշեպատ թափված էին գետնի վրա,
Անշարժ ընկած ու մահացած. ինչպես ձկներն, որոնց հաճախ ձկնորս մարդիկ
Բազմահանգույց ուռկաններով դուրս են քաշում ճերմակ ծովից
Ու թափում են ավազածիր լայն ծովափին, և ձկներն այդ բոլորեքյան,
Աղի ջրին կարոտակեզ, թեփած մնում են ավազում իրար վրա,
Մինչև լույսից արեգակի նրանց կյանքն է ոչնչանում,
Արդ, այդպես էլ միմյանց վրա թափված էին սեղեխները չարաբաստիկ։
Եվ Ոդիսևսն ամենիմաց իր զավակին՝ Տելեմաքին այս խոսքն ասաց.
«Տելեմաքո՜ս, կանչիր այստեղ մեր դայակին՝ Եվրիկլիային,
{{տող|390}}Խոսք եմ ուզում ասել նրան, այն, որ սրտումս հիմա կա»:
Այդպես ասաց, և Տելեմաքն իր սիրելի ծնողի խոսքը կատարեց.
Արդ, բոթելով դուռը իսկույն, նա ձայն տվեց ու խոսք ասաց Եվրիկլիային.
«Վե՛ր կաց շուտով, ծեր դայակդ, դու, իմ մայրիկ տարիքավոր,
Որ հսկողն ես մեր տան եղած բոլոր ծառա ստրուկ կանանց.
Դո՜ւրս եկ, հայրս կանչում է քեզ, նա խոսք ունի քեզ ասելիք»։
Այդպես կանչեց, ու թևաթափ խոսքը մնաց սրտում ազնիվ այն պառավի:
Եվրիկլիան բացեց դուռը գեղեցկաշեն սենյակների
Եվ, դուրս գալով, շտապ եկավ։ Տելեմաքը նրան տարավ դեպի դահլիճ,
Ուր հոգեզուրկ դիակների կույտերի մեջ գտնվում էր Ոդիսևսը՝
{{տող|400}}Ամբողջովին արյունթաթախ, ուղիղ ինչպես առյուծն ահեղ,
Որ, լափելով նախրային եզն, վերադառնում, ետ է գալիս դեպի իր որջն.
Արյունոտ են և արյան մեջ նրա բաշը, այլև բերանն ու կուրծքն ամբողջ,
Այդ վիճակում նրա դեմքին նայելն անգամ արհավիրք է մի ահավոր:
Այդպես ծածկված էին արյամբ արնաշաղախ ձեռքն ու ոտքը Ոդիսևսի:
Երբ Եվրիկլիան տեսավ կույտը դիակների և տունն ամբողջ արյունոտված,
Ցնծաց սրտով և պատրաստ էր ճի՜չ արձակել, ճիչն ու գոռոցը բերկրանքի,
Բայց Ոդիսևսն իսկույն զսպեց այդ հուզմունքը հիացմունքի
Եվ, ձայն տալով, նրան դիմեց ու խոսքն ասաց այս թևավոր.
«Պառավ, սրտանց ուրախացի՜ր, սակայն կամաց և բերկրանքից մի գոռգոռա,
{{տող|410}}Քանզի մե՜ղք է, մեռյալների գլխին կանգնած, աղաղակել խրոխտապանծ։
Աստվածային ճակատագիրն այսպես սրանց պատժեց ահեղ ու դժնաբար,
Մահկանացու մարդկության մեջ սրանք բնավ չէին հարգում ոչ մի մարդու,
Թեկուզ լիներ նրանց դիմողն առաքինի կամ չարագործ։
Այդ անօրեն գործի համար սրանք ահա այս վիճակին արժանացան,
Սակայն դու ինձ այս բանն ասա ու մեր կանանց այժմ թվարկիր.
Ո՞վ էր այստեղ իմ պատիվը անարգանում, ո՞վ էր մեղսոտ կամ անբասիր»։
Եվ բարբառեց սիրած դայակ Եվրիկլիան ու այս խոսքը նրան ասաց.
«Քեզ, զավակս, արդ կպատմեմ ես ճշմարիտը, ապաքեն.
Ապարանքի ողջ այս տան մեջ կային հիսուն ստրուկ կանայք,
{{տող|420}}Որոնց այստեղ ուսուցել ենք մենք այլևայլ ձեռագործի,
Որպեսզի աստ, ստրկությունն հանդուրժելով, միշտ բուրդ գզեն և ասրեղեն.
Եվ դրանցից տասներկուսը ճանապարհին են լրբության
Ու չեն հարգում ոչ ինձ, ոչ էլ Պենելոպե ամենիմաց մեր թագուհուն։
Տելեմաքն էլ նոր է դարձել դեռ չափահաս, նոր է հասել կյանքին արբուն,
Մայրը նրան թույլ չէր տալիս գործն այդ հոգալ, կառավարել ստրուկ կանանց:
Թո՜ւյլ տուր՝ գնամ վերնատունը շողշողենի, գեթ արթնացնեմ քո կնոջը
Եվ խոսք ասեմ ավետալուր. այժմ քնած է նա աստըծու կամքով այնտեղ»։
Ու Ոդիսևսը գերիմաց կրկին նրան իր խոսքն ասաց,
«Ոչ, տակավին մի՛ արթնացրու, այլ դու կանչիր, որ այնտեղ գան բոլոր կանայք,
{{տող|430}}Որոնք մինչ այժմ իմ հարկի տակ կատարել են գործեր լպիրշ ու անամոթ»:
Այդպես ահա նա պատվիրեց, և սենյակից շուտ դուրս գնաց պառավը ծեր,
Հայտնեց կանանց կամքը տիրոջ և հորդորեց հազճեպ գնալ արքայի մոտ։
Ոդիսևսը Տելեմաքին, խոզարածին և նախրորդին եզնահովիվ
Կանչեց իր մոտ, դիմեց նրանց և թևավոր այս խոսքն ասաց,
«Նախ այդ կանանց պատվիրեցեք, որ դիակները դուրս տանեն։
Այնուհետև թող որ նրանք մաքուր ջրով և ծակոտկեն սպունգներով
Լավ լվանան, սրբեն, մաքրեն սեղաններն ու բազմոցները գեղեցկակերտ։
Իսկ երբ որ դուք լավ հարդարեք, կարգի բերեք տունը ամբողջ ըստ պատշաճի,
Նոր ցոփ կանանց դուք դուրս հանեք ապարանքից ամրակառույց,
{{տող|440}}Տարե՛ք այնտեղ, բակի ամուր ցանկի ետև, ձեղնահարկի տակ բոլորակ,
Հարվածեցեք դուք սրերով երկարասայր, խողխողեցեք,
Մինչև կորզեք իրենց հոգին, որ մոռանան Ափրոդիտի կիրքը լկտի,
Որով այստեղ տռփում էին՝ միանալով սեղեխների հետ գաղտնաբար»:
Ասաց այդպես, մինչդեռ եկան այդ միջոցին կանայք բոլոր.
Լալիս էին նրանք սաստիկ և ջերմաջերմ թափում արցունքը դառնադառն:
Նախ վերցըրին ու դուրս տարան դիակները սպանվածների
Ու դարսեցին միմյանց վրա բոլորաձև ծածկույթի տակ,
Գավիթից դուրս, անդ, ամրապինդ ցանկապատած բակի խորքում:
Ոդիսևսը, կանգնած, անձամբ պատվիրում էր և ստիպում խստադաժան,
{{տող|450}}Եվ նրանք էլ դիակները կրում, տանում էին արագ և ակամա:
Այնուհետև իսկույն ջրով ու ծակոտկեն սպունգներով անդ մաքրեցին,
Լավ սրբեցին սեղանները և բազմոցները գեղեցիկ։
Ապա իսկույն եզնարածը, խոզարածն ու Տելեմաքն այդ ժամանակ
Սուր բահերով լավ քերեցին ամրաշեն տան հատակն ամբողջ,
Իսկ քերուցքը ստրուկները հապճեպ տարան ու թափեցին դրսում, հեռու։
Երբ այդպիսով, ինչպես հարկն էր, հարդարեցին ամրակառույց դահլիճը ողջ,
Ստրուկ կանանց դուրս հանեցին ապարանքից գեղեցկաշեն
Ու քշեցին մի անձուկ տեղ՝ նեղ արանքը բակի և պինդ ձեղնահարկի,
Ուստեք խույս տալ չէր կարելի, և անդ խոսեց Տելեմաքոսը խորիմաց.
{{տող|460}}«Ո՜չ, հեշտ մահով, ազնի՜վ կերպով չեմ սպանի այստեղ սրանց,
Որոնք իմ մոր և իմ գլխին անարգանքներ են միշտ թափել
Ու տռփամոլ լրբության մեջ խոսնայրների հետ շնացել»։
Ասաց այդպես, վերցրեց ապա սևակտուց նավի ամուր ու մեծ կառանն
Եվ մեծագույն սյունին կապեց ու պատատեց անդ բարձրաբերձ
Գմբեթի շուրջ, այնպես արեց, որ ոչ ոքի ոտքը գետնին էլ չհասնի։
Ուղիղ ինչպես արագաթև շատ տորդիկներ, սրաթռիչ աղավնիներ,
Ընկնում են թավ թփերում գաղտնածածուկ սարքավորված նենգ վարմի մեջ,
Բոլորն այնտեղ կաշկանդվում են, և դառնում է վարմը նրանց մահվան թակարդ,
Այդպես հանգույցն ընկավ վիզը անդ ամեն մի ստրկուհու, ապա նրանք
{{տող|470}}Անդ կախվեցին գլուխնիվեր, որ մահանան մահով թշվառ ու խայտառակ,
Ու ցնցվեցին ոտքերն իրենց, բայց ոչ երկար, այլ միմիայն մեկ ակնթարթ:
Հերթը հասավ Մելանթևսին նախագավթով նրան բակը դուրս բերեցին,
Սուր պղնձով կտրատեցին նրա պնչներն ու ականջներն և պոկեցին
Անդամները ամոթանքի ու նետեցին շներին գեշ, որպես հում կեր,
Եվ բացի այդ, խիստ զայրացած, նրա ոտքերն ու ձեռքերը ջախջախեցին,
Ապա իսկույն անդ մաքրվեցին՝ լվանալով իրենց ձեռքերն ու ոտքերը,
Ու տուն եկան Ոդիսևսի: Այդպես ահա կատարվեց գործը ահավոր,
Եվ Ոդիսևսն այն ժամանակ ասաց սիրած իր դայակին՝ Եվրիկլիային.
«Շուտ ծծումբ բեր, դու, իմ մայրիկ, դարմանը այս գարշանքի դեմ, բեր և կրակ,
{{տող|480}}Որ դահլիճը ծխահարեմ, իսկ հետո դու գնա կանչիր,
Թող գա այստեղ Պենելոպեն նաժիշտ կանանց հետ միասին,
Բաց հորդորիր, որ հավաքվեն ու այստեղ գան տանը եղած բոլոր ծառայք:
Եվ Եվրիկլիան՝ սիրած դայակն, այսպես ասաց այնժամ նրան.
«Ո՜հ, որդյակս, ճիշտ է, այո՜, դու վայելուչ խոսք ասացիր,
Սակայն հիմա նախ քեզ բերեմ հագուստ՝ բաճկոն ու պատմուճան,
Քանզի չէ՞ որ անպատշաճ է, որ դու քո տանն հագած լինես մի ցնցոտի,
Որն հազիվ է ծածկում նույնիսկ այդ քո ուսերը թիկնավետ»։
Կրկին նրան պատասխանեց և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Նախ դու գնա՛ և կրակ բեր, որ դահլիճում այդ կրակը հիմա լինի»։
{{տող|490}}Ասաց այդպես, լսեց նրան սիրած դայակն, հնազանդված։
Գնաց, բերեց հուր և ծծումբ, իսկ Ոդիսևսը անհապաղ
Վառեց ծծումբն և շուտափույթ ծխահարեց մեծ դահլիճը ու բակն ամբողջ:
Մինչդեռ գնաց պառավն արագ Ոդիսևսի շքեղաշուք մեծ տան միջով,
Համբավ տարավ բոլոր կանանց և հորդորեց, որ հավաքվեն ու գան շուտով,
Դուրս թափվեցին սենյակներից և շուտ եկան՝ խանձողները ձեռքով բռնած,
Օղակեցին Ոդիսևսին, փաթաթվեցին ու գրկեցին նրան սիրով ու սրտագին,
Ողջունելով՝ համբուրեցին նրա գլուխն և ուսերը
Ու սեղմեցին նրա ձեռքը, իսկ Ոդիսևսն գորովանքով,
Սիրակարոտ, ջերմ լաց եղավ ու հեծեծաց, լա՜վ ճանաչեց նա բոլորին։
</poem>
== Երգ քսաներեքերորդ։ Պենելոպեն ճանաչում է Ոդիսևսին ==
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Ուրախ սրտով ու ցնծալից վազեց պառավը վերնատուն,
Որ տիրուհուն հայտնի շուտով, թե ամուսինն իր եկել է, տանն է արդեն։
Շարժվում էին նրա ծնկներն արագորեն, աճապարում էին ոտքերն:
Անդ նա թեքվեց նրա գլխին ու խոսքն ասացիր սրտագին.
«Վե՜ր կաց, որդյակ իմ սիրելի, Պենելոպե, որ աչքովդ դու տեսնես այն,
Ինչ որ սրտանց միշտ փափագում էիր այստեղ դու օրնիբուն։
Տե՜ս, ժամանեց Ոդիսևսը, իր տուն եկավ, թեպետ գալուստն է անագան.
Նա կոտորեց արդեն նպերտ սեղեխներին, որոնք այստեղ ամբարտավան
Վատնում էին իր տուն-տեղը, գույքը լափում և հալածում իր զավակին»։
{{տող|10}}Պատասխանեց և խոսք ասաց իսկույն նրան Պենելոպեն խոհեմամիտ.
«Ո՜հ սիրելիդ, դու իմ մայրիկ, աստվածները խելքից հանել են արդեն քեզ,
Եվ կարող են խելքից հանել նրանք նույնիսկ խելոք մարդուն,
Նույնպես կարող են հիմարին դարձնել խելոք և իմաստուն։
Դու էլ արդեն մտակուր ես, թեպետ իրոք խելոք էիր մինչև այսօր.
Ինչո՞ւ ես ինձ այդպես ծաղրում, երբ սիրտն է իմ բազմաթախիծ,
Մինչ հայտնում ես դու սուտ մի լուր։ Տե՜ս, դու ինձ զուր արթնացրիր քաղցր քնից,
Որ փակել էր արտևանունքն իմ խորախոր, քնած էի անդորրավետ։
Այդպես երբեք քաղցրանուշիկ ես չեմ քնել այն օրվանից, երբ Ոդիսևսն
Թողեց, գնաց դեպի Իլիոնն այն անիծյալ, հորջորջանքի միշտ անարժան։
{{տող|20}}Իջիր շուտով և ցած գնա, վերադարձիր սենյակը քո,
Քանզի եթե մեր կանանցից մեկ ուրիշը ադպես ինձ մոտ գար ու հայտներ
Մի այդպիսի անհեթեթ լուր և արթնացներ քաղցր քնից,
Ետ քշելով` ես սաստկաբար կարտաքսեի նրան նորից դեպի դահլիճ,
Իսկ քեզ հիմա քո զառամյալ ծերությունը փրկեց միայն»:
Եվ Եվրիկլիան` սիրանվեր այն դայակը, նրան նորից իր խոսքն ասաց.
«Ո՜չ, քա՜վ լիցի, քեզ, զավակս, ես չեմ ծաղրում, այլ խոսում եմ ճշմարտացի,
Ոդիսևսն է, հանց ասացի, արդեն եկել։ Նա այստեղ է, իր հարկի տակ
Այն շրջիկն է Ոդիսևսը, որին բոլորն աստ անարգում էին տան մեջ,
Մինչդեռ այստեղ Տելեմաքոսն վաղուց արդեն այդ լավ գիտեր,
{{տող|30}}Բայց թաքցնում էր զգուշաբար իր հոր մտքերն ու միտումներն,
Որ վիսացող խոսնայրներից լուծի վրեժն իր ահավոր»։
Ասաց այդպես, ցնծաց սիրտը Պենելոպի, իր մահիճից նա դուրս թռավ,
Գրկեց սրտանց նա պառավին և աչքերից թափեց արցունքը աղեկեզ,
Ապա նորից նա ձայն տվեց ծեր դայակին և խոսքն ասաց այս թևավոր.
«Ա՜խ, մայրիկ ջան, դու, սիրելիդ, ճշմարիտը ինձ այժմ ասա.
Եթե իրոք նա եկել է արդեն իր տուն, ինչպես հիմա դու հայտնեցիր,
Ապա ինչպե՞ս նա կարեցավ մեն ու մենակ դուրս գալ ընդդեմ խոսնայրների,
Որոնք չէ՞ որ միշտ հավաքվում էին այստեղ մեծ բազմությամբ ու խմբովի»։
Եվ Եվրիկլիան, ծեր դայակը, նրան կրկին իր խոսքն ասաց և առարկեց,
{{տող|40}}«Ես չտեսա և չգիտեմ, բայց լսեցի անդ կոտորվող մարդկանց հեծեծն:
Նստած էինք մենք շատ հեռու, ահաբեկված, դողդողալով.
Հրաշակերտ մեր սենյակում, դռներն էին փակված ամուր և քաջակուռ,
Մինչև որ անդ հանկարծ եկավ Տելեմաքոսը՝ քո որդին,
Եվ դուրս կանչեց ինձ սենյակից։ Հայրն էր հղել նրան, որ գա և ինձ կանչի,
Ու ես նրան գտա հանկարծ դիակների կույտերի մեջ այնտեղ կանգնած,
Դիակների, որոնք ամուր այն հատակին թափված էին իրար վրա։
Եվ, հիրավի, անդ մեծապես պիտի խնդար քո սիրտն ուրախ ու ցնծավետ,
Թե տեսնեիր նրան այնտեղ արնաշաղախ, որպես առյուծ:
Հիմա բոլոր այդ դիակներն հավաքված են այլուր, բակի դռան ետև,
{{տող|50}}Իսկ Ոդիսևսն անդ մեծագույն կրակ վառեց դահլիճի մեջ, իր հարկի տակ,
Ծծումբն այրեց ապարանքում, ինձ էլ հղեց, որ կանչեմ քեզ։
Վե՛ր կաց, գնա՜նք, ինձ հետևիր, ժամն է հասել, երբ սրտերը ձեր երկուսի
Պիտի լցվեն խոր բերկրանքով, քանզի շա՜տ եք դուք հանդուրժել վիշտ և աղետ։
Հիմա արդեն կատարված է երկարամյա ձեր մեծ փափագը պատարուն,
Քանզի եկավ նա կենդանի, իր օջախի մեջ է արդեն,
Այժմ իր տան մեջ նա գտավ քեզ և իր որդուն։ Սեղեխներին էլ չարամույն,
Որ խայտառակ գործեր արին, նա կոտորեց, վրեժն առավ իր հարկի տակ»:
Այնժամ նրան նորից ասաց Պենելոպեն իմաստալի.
«Ա՜խ, սիրելիդ դու իմ մայրիկ, հարկավոր չէ դեռ շատ ցնծալ, ուրախանալ,
{{տող|60}}Ինքդ գիտես, բոլորն էին խիստ փափագում սրտանց նրա վերադարձին,
Մանավանդ ես ամենից շատ, այլև որդիս ինձնից ծնված։
Այնուհանդերձ` համոզիչ չէ այն, որ դու ինձ հաղորդեցիր,
Այլ երևի գերահռչակ խոսնայրներին անդ կոտորեց ինքը աստված՝
Չարադաժան նրանց գործից և դժնաբարք արարքներից խիստ վրդովված։
Մահկանացու մարդկության մեջ նրանք բնավ չէին հարգում ոչ մի մարդու
Եվ ոչ ոքի, թեկուզ լիներ նրանց դիմողը բարեմիտ կամ չարագործ,
Ու պատժվեցին նրանք որպես ոճրագործներ։ Մինչ Ոդիսևսն անվերադարձ
Կործանված է, ա՜խ, նա կորավ օտարության մեջ հեռավոր»։
Եվ Եվրիկլիան, դայակը այն սիրատենչիկ, կրկին նրան իր խոսքն ասաց.
{{տող|70}}«Ո՜հ, զավակս, այդ ի՞նչ խոսք էր, որ դուրս թռավ քո շուրթերից,
Դու կարծում ես՝ ամուսինդ, որն այստեղ է, նույնիսկ իր սուրբ օջախի մոտ,
Իր տունն այլևս ետ չի՞ դառնա. թերահավա՜տ ես դու դեպ ինձ,
Ահավասիկ՝ քեզ ես կասեմ մի այլ նշան հաստատական ու բացահայտ.
Սպին նրա, որը նրան վարազն հասցրեց իր ատամով ճերմակափայլ,
Որն ես տեսա ոտքերը յուր լվանալիս և կամեցա հայտնել քեզ այդ,
Բայց նա ձեռքով իմ բերանը սեղմեց, փակեց այնժամ իսկույն
Եվ, որպես խիստ զգուշավոր, խորամանկ մարդ, արգելեց ինձ պատմելն անգամ։
Գնանք ուրեմն, ինձ հետևիր, իսկ այդ հարցում ես գլուխս գրավ կտամ.
Եթե իրոք խաբում եմ քեզ, ինձ սպանիր դու ժանտ մահով ապերջանիկ»։
{{տող|80}}Պատասխանեց այնժամ նրան Պենելոպեն խոհեմամիտ.
«Ո՜հ, սիրելիդ, դու իմ մայրիկ, միտումները հավերժակաց աստվածների
Դժվար թե դու լավ իմանաս, թեպետ և դու խոհական ես ու խելահաս,
Սակայն գնանք իմ որդու մոտ, որպեսզի գեթ տեսնեմ այնտեղ
Խոսնայրներին այն սպանված, այլև քաջին, որ կոտորեց իրոք նրանց»։
Այդպես ասաց, վերնատնից իջավ, գնաց, բայց սրտում իր տարակուսանք,
Միտք էր անում նա խորասույզ. արդյոք հեռվի՞ց հարց տալ սիրած իր ամուսնաց,
Թե՞ մոտենալ ու փաթաթվել և համբուրել նրա գլուխն ու ձեռքերը։
Եկավ, մտավ նա դահլիճը, անցավ շեմքը այն վիմակերտ,
Ապա նստեց Ոդիսևսին դեմ-հանդիման, կրակի մոտ և պատի տակ
{{տող|90}}Մինչդեռ նստած էր Ոդիսևսը առընթեր բարձր սյունին։
Գլուխը կախ՝ նայում էր ցած՝ սպասելով, որ գեթ լսի,
Թե ի՞նչ կասի կինն ազնվագույն, երբ իր աչքով տեսնում է այժմ իր ամուսնուն,
Բայց կինն այդպես նստած էր լուռ, քանզի սիրտն իր կաշկանդված էր խոր զարմանքից,
Մեկ ուզում էր ճիշտ ընդունել, որ ինքն է նա իր ամուսինն,
Մեկ էլ, կարծես, չէր ճանաչում նրան՝ հագած այն քրքրված գարշ ցնցոտին:
Եվ նախատեց Տելեմաքոսն այնժամ նրան, անվամբ կոչեց ու այս ասաց,
«Մա՜յր իմ, կամ դու չմայրն ես իմ, կամ սիրտ ունես ժանտ ու դժկամ:
Ինչո՞ւ ես դու սառն և օտար դեպի հայրըս։ Նստած այստեղ նրա դիմաց՝
Խոսք չես ասում, հարց չես տալիս, չես էլ ուզում խոսել անգամ։
{{տող|100}}Ո՜հ, չէր կարող ոչ մի այլ կին, սրտով թեկուզ շատ անողոք,
Վատ ընդունել իր ամուսնուն, որն, հանդուրժած բյուր-բյուր աղետ,
Վերադառնար իր երկիրը հայրենավանդ քսան տարի անցնելուց ետ։
Մինչ քո սիրտն է քո կրծքի տակ ավելի՜ պինդ, քան ապառաժ ամուր մի քար»:
Իսկույն նրան պատասխանեց և խոսք ասաց Պենելոպեն խոհեմամիտ.
«Ո՜հ, իմ որդյակ, սիրտս, ահա իմ կրծքի տակ, կաշկանդված է խոր զարմանքից,
Չգիտեմ՝ ինձ ի՞նչ պատահեց, ո՛չ կարող եմ մի խոսք խոսել, հարցմունք անել,
Ո՛չ էլ նայել նրա դեմքին, դեմ-հանդիման։ Եթե, սակայն,
Ոդիսևսն է սա իսկևիսկ վերադարձած, որն իր տունն է արդեն եկել,
Մենք իրարու ավելի լավ կճանաչենք, քանզի մեր մեջ կա մի նշան՝
{{տող|110}}Այլ մարդկանցից գաղտնածածուկ, որը միայն մենք լավ գիտենք»։
Ասաց այդպես, ժպտաց այնժամ բազմաչարչար Ոդիսևսը աստվածային
Եվ ութապես Տելեմաքին իր խոսքն ասաց այս թևավոր.
«Տելեմաքո՜ս, թույլ տուր մորդ, որ իր տան մեջ նա ինձ փորձի.
Նա ինձ շուտով ավելի լավ, հաստատապես կճանաչի,
Մինչդեռ հիմա խորշում է խիստ, զանց է առնում ինձ ընդունել, ինչպես ես կամ,
Քանզի ես այժմ կեղտի մեջ եմ, գարշ ցնցոտի ունեմ հագած։
Իսկ մենք հիմա լավ մտածենք՝ ինչպե՞ս անել, որ մեր գործը լավ ընթանա:
Երբ մեկնումեկն իր երկրի մեջ սպանում է այնպիսի մարդ,
Որ մահից ետ չունի նույնիսկ պատվախնդիր, վրիժառու ազգականներ,
{{տող|120}}Մարդասպանն այդ, թողած երկիրն իր հայրական, իսկույն դիմում է փախուստի:
Մինչ մենք այստեղ կոտորեցինք այս քաղաքի պատվարն ամբողջ,
Իթակեի գերահռչակ, մեծ քաջերին։ Արդ, այդ մասին դու հոգատար, լա՜վ մտածիր»։
Պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Հա՜յր սիրելիդ, այդ ի՛նքդ տես, դո՛ւ լավ գիտես. հանց ասում են՝ մարդկության մեջ
Դու խելքովդ գերազանց ես ու իմաստուն, և չի կարող մրցել քո դեմ
Ցորենակեր ու երկրածին և ո՛չ մի մարդ, ո՛չ մի անհատ։ Մենք աննկուն
Կը հետևենք քեզ համարձակ, և քաջության ոչ մի պակաս չի զգացվի:
Հանց զորավիգ` մենք քեզ կօգնենք, որքան կորով և ուժ ունենք»։
Նրան իսկույն պատասխանեց և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
{{տող|130}}«Ահա թե ես ինչ եմ ասում, այն, որ թվում է լավագույն և վայելուչ,
Լվացվեցե՛ք նախ և առաջ, հագե՛ք ապա պատմուճաններ
Եվ պատվիրե՛ք ստրուկ կանանց՝ զգեստ հագնել գեղեցկազարդ։
Թող երգիչը աստվածային, ձեռքը առած կիթառն հնչուն,
Ուրախավետ երգեր երգի, թող թնդան աստ պար ու նվագ և կաքավանք,
Որ ամեն մարդ, ով անցնում է ճանապարհով կամ ապրում է շրջակայքում,
Լսելով այդ` կարծիք կազմի ու մտածի, թե այստեղ մի հարսանիք կա,
Որպեսզի գեթ խոսնարների այս մեծագույն կոտորածի համբավը այժմ
Քաղաքի մեջ չտարածվի, մինչև գնա՜նք մենք այստեղից,
Հեռանա՜նք դաշտ, գնանք այգին մեր ծառաշատ, որ այնուհետ մենք միասին
{{տող|140}}Խորհուրդ անենք, թե որպիսի՞ լավագույն ելք մեզ կառաքի Օլիմպացին»։
Ասաց այդպես, և անսացին նրանք, պատվերն այդ լսեցին։
Լվացվեցին նախ և առաջ, ապա հագան պատմուճաններ,
Զարդարվեցին ստրուկ կանայք: Այնժամ երգիչն աստվածային
Վերցրեց կիթառն իր սնամեջ, քաղցր երգեց և բորբոքեց նրանց հոգին
Վառ տենչանքով անուշ երգի, նուրբ նվագի և մեծասքանչ պարերգության,
Եվ կաքավող տղամարդկանց, պերճագոտի այլև կանանց
Բյուր ոտքերի դոփյուններից ողջ ապարանքը դըղրդաց,
Եվ ամեն մարդ, ով այդ լսեց, այս էր խոսում դրսում, այնտեղ.
«Հարսանի՞ք է, մեկը անշուշտ ամուսնացավ բազմախոսնայր թագուհո հետ:
{{տող|150}}Անպիտա՜ն կին. էլ չսպասեց իր ամուսնուն օրինական ու դերակա,
Որ պահպանի այս մեծաշուք տունը նրա, մինչև որ նա ետ դառնա, գա»։
Այդպես էին խոսում դրսում, չգիտեին, թե իսկապես ի՞նչ կատարվեց,
Մինչ մեծասիրտ Ոդիսևսին մատուցող կինը տնօրեն, Եվրինոմեն,
Տան մեջ այնտեղ լավ լողացրեց, օծեց նրան յուղով փայլուն,
Բերեց, հագցրեց նրան բաճկոն և պատմուճան մի պերճաշուք:
Աթենասը նրա գլխին ցողեց պայծառ և գերագույն մի պերճություն,
Դարձրեց տեսքով շատ հաղթանդամ, քաջահասակ և ամակազմ,
Ծածկեց գլուխն իր մազերով գեղագանգուր, հանց հակինթի մի վառ ծաղիկ։
Ինչպես ոսկին ու արծաթն է իրար կցում ճարտարագործ վարպետն հմուտ,
{{տող|160}}Որին բազում արվեստների ձիրքն են տվել ինքն Աթենասն ու Հեփեստոսն,
Որպեսզի նա իր կերտվածքին ձև տա շքեղ, հանց գերհրաշ սքանչելիք,
Այդպես այնժամ նրա գլխին և ուսերին նա շնորհեց շուք և պերճանք,
Եվ դուրս եկավ լոգարանից Ոդիսևսը՝ տեսքով նման անմահներին.
Նա ետ եկավ, նստեց կրկին այն բազմոցին, ուստեք առաջ նա վեր կացավ,
Անդ, իր կնոջ դեմ-հանդիման, ապա դարձավ և այս խոսքը ասաց նրան.
«Տարօրինա՜կ է, որ անզոր կանանց մեջ քեզ աստվածները Օլիմպակյաց
Սիրտ են տվել անդրդվելի և ամենից ավելի ժանտ, անագորույն։
Ո՛չ, չէր կարող ոչ մի այլ կին, թեպետ սիրտը նրա լիներ դաժանագույն,
Վատ ընդունել իր ամուսնուն, որն հանդուրժած բյուր-բյուր աղետ,
{{տող|170}}Վերադառնար իր երկիրը հայրենավանդ քսան տարի անցնելուց ետ,
Դեհ, ինձ համար այլ անկողին սարքիր շուտով, դայա՜կ մայրիկ,
Գեթ մեն-մենակ պառկեմ հիմա, ճիշտ որ սիրտն է սա կրծքում երկաթաձույլ»:
Նրան իսկույն պատասխանեց և խոսք ասաց Պենելոպեն խոհեմամիտ.
«Զարմանալին դո՛ւ ես, կարծեմ, նպե՛րտ չեմ ես, ոչ էլ հպարտ,
Արհամարհել քեզ չեմ կարող։ Լավ հիշում եմ՝ ինչպես էիր դու այն պահին,
Երկայնաթի նավի վրա Իթակեից հեռանալիս այն ժամանակ։
Լա՜վ, Եվրիկլիա, մահճակալին այն հաստամեստ ու ամրապինդ՝
Սրա համար հիմա շուտով այնտեղ սարքիր դու անկողին,
Բայց չսարքես ննջարանում, դուրս բեր և դիր մահճակալը,
{{տող|180}}Որը անձամբ սա է շինել, փռիր օդիկ և վերևից փայլուն վերմակ»։
Այդպես ասաց նա՝ ամուսնուն իր փորձելով, բայց վրդովվեց Ռդիսևսը,
Հուզված սրտով պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց.
«Ա՜յ կին, այդ ի՞նչ խոսք խոսեցիր սրտակոտոր և անհաճո,
Ո՞վ է դրել իր մահճակալը ուրիշ տեղ, և դժվար թե այդ կատարեր
Նույնիսկ զորեղ վարպետ մի մարդ, և միմիայն ինքը աստված,
Եթե իրոք նա կամենար, հեշտ կարող էր փոխադրել այն ուրիշ տեղ,
Իսկ մարդկանցից այդ չէր կարող անել ոչ ոք։ Երիտասարդն անգամ հզոր
Չէր կարեն տեղից շարժել այն մահճակալը քաջարվեստ,
Որն առանձին նշան ուներ, ես ինքս էի կառուցել այն, և ո՛չ այլ ոք։
{{տող|190}}Մեր բակի մեջ կար մի բարձր, բազմատերև թուփ՝ թզենի,
Ամբարձուղեշ, ծաղկափթիթ, և նման էր դրա բունը մի հատ սյունի։
Դրա շուրջը ես շինեցի մի ննջարան և կերտեցի այդ ամբողջը
Խիտ, պնդագույն վեմ քարերից, այլև վերուստ կառուցեցի ես մի կտուր,
Նաև դռներ ես կախեցի՝ կերտված շքեղ ու հույժ ամուր:
Այնուհետև ես կտրեցի այդ թզենու բազմատերև, պերճ ճյուղերը
Եվ, կտրելով բունն արմատից, սուր պղինձով տաշեցի կոկ
Ու հղկեցի այն գեղաղեշ, ճարտարակի, լարով չափված ու ճշգրիտ,
Պինդ գչիրով ծակծկեցի, պատրաստեցի մահճակալին մութ ու նեցուկ։
Երբ այդպիսով ավարտեցի գործն սկսված՝ մահճակալը այդ անաղարտ
{{տող|200}}Զարդարեցի ես փղոսկրով՝ արծաթապատ, ոսկեճամուկ,
Ապա վրան ես քաշեցի շողշողենի ու շառագույն եզան կաշի։
Արդ, դրանք են նշանները մահճակալի, որ հայտնեցի, բայց չգիտեմ,
Ա՜յ կին, դեռ կա՞ իմ մահճակալը անվնաս. թե՞ մեկնումեկը մարդկանցից.
Բունն հերձելով այն թզենու, փոխադրել է մի ուրիշ տեղ»։
Ասաց այդպեսշ իսկույն կնոջ սիրտն ու ծնկները դողացին,
Ճիշտ համարեց նա նշաններն, որ Ոդիսևսը թվարկեց այդքան հաստատ,
Արտասվեց նա, վրա հստավ, վզով ընկավ Ոդիսևսի, վարվեց նրան,
Ջերմ, խանդակաթ նա համբուրեց նրա գլուխն ու խոսք ասաց.
«Մի՛ տրտնջա դու ինձ վրա, ո՜վ Ոդիսևս, մարդկության մեջ
{{տող|210}}Գերազանցն ես դու քո խելքով։ Ատվածները մեզ մատնեցին աղետների.
Նախանձահույզ՝ չկամեցան, որ միշտ լինենք մենք իրար հետ
Ու, ցնծավետ ապրել կյանքը մեր ջահել, հասնենք շեմքին մեր ծերության,
Իսկ հիմա դու մի՛ զայրանա, իմ դեմ բնավ մի վրդովվիր,
Որ, նախապես տեսնելով քեզ, չգգվեցի այսպես սրտանց ու սիրալիր,
Քանզի սիրտն իմ սարսափում էր միշտ սիրեցյալ իմ կրծքի տակ՝
Միգուցե ինձ մեկնումեկը եկվորներից խաբի հանկարծ:
Չէ՞ որ շատ կան խարդախ մարդիկ միտումներով նենգ ու դաժան,
Եվ Հեղինեն արգիացի, որ ծնունդն էր Զևս զգոնի,
Չէր միանա անկողնու մեջ սիրով օտար եկվորի հետ,
{{տող|220}}Եթե կանխավ նա իմանար, որ աքեյանց քաջ զավակները մարտաշունչ
Կրկին կռվով ետ կբերեն իրեն իր տունն, հայրենական սիրած երկիրն։
Աստվա՛ծն այդպես նրան դրդեց, որ կատարի նա գործը այդ քարվականքի,
Բայց նախապես իր հոգու մեջ չհասկացավ նա այդ ոճիրը խուժադուժ,
Որից նաև սկիզբ առան աղետները մեր տանջանքի։
Եվ այժմ ահա, երբ նշանները մահիճի թվարկեցիր դու բացահայտ,
Որոնք բնավ մարդկության մեջ դեռ չի տեսել և ոչ մի մարդ,
Այլ միմիայն այդ գիտեինք լոկ դու և ես, այլև մեկը նաժիշտներից,
Ակտորիսը, որին հայրս ինձ շնորհեց, որպեսզի գա այստեղ ինձ ետ,
Նա որ դուռը ննջարանիս պահպանում էր անվերջ արթուն։
{{տող|230}}Դու, Ոդիսևս, համոզեցիր սիրտն իմ արդեն, որ տոկուն էր և անվկանդ:
Այդպես ասաց և առավել հուզեց նրա սրտում փափագը ջայլանքի,
Նա լաց եղավ, գրկեց կնոջն իր սիրատենչ և անբասիր:
Ինչպես երկիրն է բերկրալի՜ հանկարծ թվում նավորդներին,
Որոնց նավը գեղեցկակերտ խիստ խորտակեց Պոսիդոնը ծովերի մեջ՝
Բորբոքելով ահեղագոչ հուժկու ալիք և փոթորիկ,
Շատ քչերը խուսափեցին անդունդներից ճերմակ ծովի
Եվ, թաթախված ամբողջ մարմնով աղի ջրում, լող տվեցին դեպի ցամաք
Ու ցնծացին, որ, աղետից խուսափելով, դուրս են գալիս երկրի վրա,
Այդպես ցնծաց Պենելոպեն, երբ նայում էր իր ամուսնուն,
{{տող|240}}Եվ չէր կարող ամենևին նրա վզից պոկել ձեռքերն իր սպիտակ։
Եվ վարդամատն Արշալույսը նրանց այդ հորդ արցունքի մեջ պիտ երևար,
Եթե նոր բան չմտածեր Աթենասը, աստվածուհին պայծառաչյա.
Նա աշխարհի սահմանի մոտ կանգնեցրեց Գիշերն երկար ժամանակով,
Ուշացրեց օվկիանոսում ելքը պայծառ ու ոսկեգահ Արշալույսի
Եվ արգելեց լծել ձիերն արագաչու և կորովի`
Մարդկանց համար միշտ լուսաբեր Փաեթոնին ու Լամպոսին։
 
Եվ կնոջն իր այնժամ դիմեց ու խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Ա՜յ կին, ավա՜ղ, դեռ չենք հասել մենք սահմանին աղետալից մեր փորձության,
Ինձ տակավին դեռ սպասում են բյուր ժանտալի, ծանր գործեր,
{{տող|250}}Որոնք բոլորն ես անխուսափ պիտ հանդուրժեմ և կատարեմ,
Ինչպես ասացն գուշակեց երբեմն հոգին Տիրեսիասի,
Այն օրը հենց, երբ որ իջա և գնացի ես օթևանը Հադեսի,
Որ գեթ հարցնեմ ընկերներիս, նույնպես և իմ վերադարձի մասին այնտեղ:
Բա՜վ է սակայն, Պենելոպե, ժամանա՜կն է գնանք արդեն դեպի մահիճն,
Որ, իրար մոտ այնտեղ պառկած, հրճվենք քնով քաղցրանուշիկ»։
Ել թագուհին՝ խոհեմամիտ Պենելոպեն, այնժամ նրան այսպես ասաց.
«Քեզ անկողին աստ կլինի՜, երբ քո հոգին այդ փափագի,
Քանի որ այժմ աստվածները այդ կամեցան, և դու կրկին
Վերադարձար, եկար քո տունը բարեկարգ և քո երկիրը հայրենի,
{{տող|260}}Բայց քանի որ այժմ հայտնեցիր գալիք գործը, որ աստվածն Է ներշնչել քեզ,
Պատմի՜ր դու ինձ այդ ապագա պայքարը քո, թեպետ գիտեմ, որ և հետո
Պիտի հայտնի այդ լինի ինձ։ Վատ չէ սակայն, եթե հիմա այդ իմանամ»։
Եվ Ոդիսևսն ամենիմաց պատասխանեց այնժամ նրան և խոսք ասաց.
«Ո՜հ, դու դժբախտ, ինչո՞ւ կրկին դու ինձ այդպես ստիպում ես հորդորելով,
Որ պատմեմ այդ։ Լա՜վ, կասեմ քեզ ու չեմ ծածկի ես ոչ մի բան,
Բայց քեզ համար ուրախալի չի լինի այդ, ցնծալու չեմ նույնպես և ես:
Նա ինձ ասաց, որ դեռ մարդկանց շատ քաղաքներ ես պիտ անցնեմ,
Որ տակավին, ձեռքիս բռնած ամրապինդ թին, պիտի երկար ես թափառեմ,
Մինչև որ գամ, հասնեմ մարդկանց, որոնք ծովին անծանոթ են, ծով չգիտեն
{{տող|270}}Եվ կերակուրն ասում էն միշտ առանց աղի, որոնք նաև
Անտեղյակ են ու չգիտեն՝ ի՞նչ է նավը արագաչու և կարմրակող,
Եվ չեն տեսել թեթև թիեր, որոնք թևերն են սև նավի։
Ասաց, որ ինձ նա ցույց կտա մի լավ նշան, որն ես երբեք չեմ մոռանա.
Երբ, շրջելիս, ես հանդիպեմ որևիցե մի ճամփորդի,
Որն հարց տա ինձ՝ «այդ ի՞նչպիսի հացի թիակ կա քո ուսին լուսաշողիկ»,
Այդ ժամանակ թեթև իմ թին պիտի ցցեմ, տնկեմ գետին ես փութապես,
Պիտի հարուստ զոհ մատուցեմ երկրասասան Պոսիդոնին գերերջանիկ.
Մի խոյ, մի եզ և խոզերին բեղմնավորող մի մեծ վարազ
Եվ, այնտեղից ետ գալով տուն, զոհ պիտ բերեմ հարյուրաեզն
{{տող|280}}Անծայրածիր երկնքի տեր աստվածներին հավերժակաց,
Եվ բոլորին, ինչպես հարկն է։ Մինչ մահը ինձ հասնելու չէ ծովի վրա,
Այլ կլինի այն շատ թեթև և անտանջանք, ինձ կտանի
Իմ լուսավոր ծերության մեջ, երբ որ լինեմ շրջապատված
Ես հանրային երջանկությամբ ժողովրդի։ Ասաց, որ սա կկատարվի»։
Նրան նորից իր խոսքն ասաց Պենելոպեն խոհեմամիտ.
«Եթե իրոք աստվածները սահմանել են այդ ծերությունը երջանիկ,
Ապա ուրեմն հույս կա, որ մենք աղետներից խույս պիտի տանք»։
 
Այդպես նրանք այդ գործերից խոսում էին իրարու հետ,
Մինչդեռ արդեն Եվրինոմեն և դայակը, ճրագների վառ լույսի տակ,
{{տող|290}}Նրանց մահիճն հարդարեցին, պերճ անկողինը փափկագույն։
Երբ, ծրաժիր աշխատելով, ննջարանում մահճակալը լավ սարքեցին,
Դայակն ավսարդ քուն մտնելու իր սենյակը գնաց կրկին:
Եվրինոմեն, վառ ճրագը ձեռին բռնած, տարավ նրանց դեպ ննջարան,
Իսկ երբ բերեց, հասցրեց այնտեղ, ննջարանը, ինքը դարձավ ու ետ գնաց։
Ուրախասիրտ նրանք մտան իրենց սովոր ու վաղեմի մահիճի մեջ։
Այդ ժամանակ Տելեմաքոսնշ եզնարածը, և խոզարածն
Ընդհատեցին ոտքի դոփյունն ու քարերը, դադարեցին նաև կանայք, է
Եվ քուն մտան բոլորեքյան ապարաքում ստվերամած։
{{տող|300}}Երբ երկուսով նրանք սիրո խոր տարփանքը վայելեցին,
Սկսեցին իրար պատմել, զրույց անել հոգեզվարճ:
Պատմեց կինը չքնաղագեղ, որքան կրեց ինքը իրոք
Իր հարկի տակ դաժան վշտեր՝ մինչ է նայելով սեղեխներին ամբարտավան,
Ինչպե՜ս գույքը վատնում էին և լրփլփում բյուրաբազում եզ ու ոչխար,
Որքա՜ն նաև քաղցր գինի կարասներով դատարկեցին։ ժանտաղետներ
Պատմեց նաև Ոդիսևսն իր գլխով արածն և այն, որքա՜ն ժանտ աղետներ
Նա պատճառեց իր թշնամյաց, որքա՜ն ինքն էր կրել վշտեր ու տառապանք։
Եվ լսում էր Պենելոպեն հոգեզվարճ, և քունն անգամ նրա աչքին,
Թարթիչներին, բնավ չիջավ, մինչև որ նա լսեց ամբողջ պատմությունը։
{{տող|310}}Նախ սկսեց պատմել նա այն՝ ինչպես ինքը հաղթահարեց կիկոններին,
Ինչպես եկավ այնուհետև նա լոտոսափագ երկիրը պտղատու,
Ի՛նչ կատարեց կիկլոպն ահեղ, ինչպե՛ս նրան ինքը պատժեց դաժանորեն՝
Հանուն սիրած ընկերների, որոնց հրեշն այդ լափլփեց անդ անողոք,
Ինչպե՛ս հասավ Էոլոսին, որն ընդունեց իրեն սիրով և ջերմեռանդ
Ու սրտալի ճանապարհեց, բայց չթողեց բախտը, ավա՜ղ, որ գա, հասնի
Սիրատենչիկ իր հայրենիք, ինչպես ապա թնդաց ահեղ մի փոթորիկ,
Քշեց, տարավ իրեն, խորունկ հառաչելիս, դեպի ծովերը ձկնավետ,
Ինչպես հետո եկավ հասավ Տելեփիլոս, քաղաքը այդ լեստրիգոնյանց,
Որոնք նավերն ու գեղեցկոտն ընկերներին ջախջախեցին անդ չարաղետ,
{{տող|320}}Բայց խույս տվեց այնժամ մահից Ոդիսևսը, իր սևաթույր նավի վրա,
Պատմեց գործերը Կիրկեի խիստ խորամանկ, հնարագետ ու գերհրաշ,
Ինչպես հասավ իր բազմաթին նավի վրա տունն Հադեսի այն հեղձուցիկ,
Որպեսզի անդ հարցմունք անի թրակիացի Տիրեսիասի ստվեր- ոգուն,
Ուր և տեսավ ինքը բոլոր ու բազմաբյուր ընկերներին իր ուղեկից
Եվ իր մորը, որ ծնել էր և սնել էր իրեն մանուկ իր հասակից,
Ինչպե՛ս լսեց նա այնուհետ ծովալքների երգն ու նվագն հրապուրիչ,
ինչպե՛ս հասավ նա ժայռերին այն շարժըվող, Քարիբդիսին այն ահավոր
Եվ Սկիլլային, որից երբեք չեն ազատվել մարդիկ բնավ, հանց բախտավոր,
Եվ ինչպե՛ս անդ ընկերներն իր կոտորեցին արջառներին Հելիոսի,
{{տող|330}}Ինչպե՛ս Զևսը բարձրադղորդ զարկեց շանթով հրաբորբոք
Եվ խորտակեց նավը արագ ու ծովակուր եղան ազնիվ իր ընկերներն,
Մինչդեռ ինքը անդ խույս տվեց ժանտ օրհասից և սև մահից իր վերահաս,
Ինչպե՛ս ապա նա Օգիգիե կղզին եկավ, դեպ Կալիպսոն հավերժահարս,
Ինչպես իրեն պահում էր նա քարայրի մեջ իր խորափոր,
Սնում էր միշտ և փափագում, որ ամուսին դառնա իրեն ինքն հավիտյան,
Խոստանում էր անմահ դարձնել և մշտապես երիտասարդ,
Բայց այդպիսով չհամոզեց սիրտն իր բնավ իր կրծքի տակ,
Ինչպե՛ս հետո, բյուր աղետներ կրելուց ետ, երկիրն եկավ փեակների,
Որոնք իրեն, հանց աստըծու, մեծարեցին սիրով, սրտանց,
{{տող|340}}Ինչպես նրանք առաքեցին իրեն նավով դեպ սիրելի իր հայրենիքն՝
Շնորհելով բյուրաբազում ոսկի, պղինձ և հագուստներ, իբրև նվեր,
Եվ հենց որ նա արտասանեց խոսքն այդ վերջին, Քունը իջավ նրա աչքին,
Քունն հոգու դեղ, որ թուլացնում է անդամներն և ցրում է սրտի ցավերն,
Մինչդեռ մի այլ բան մտածեց Աթենասը, պայծառաչյա աստվածուհին,
Երբ որ սրտանց նա համոզվեց, որ Ոդիսևսը լիովին
Արդեն հրճվեց իր խոր քնով և իր կնոջ անկողինով։
Փութանակի նա հորդորեց, որ հորդահոս Օվկիանոսից շուտով դուրս գա
Եվ իր լույսը սփռի մարդկանց մահկանացու պերճ Արշալույսը ոսկեգահ։
Այնժամ փափուկ իր մահիճից Ոդիսևսը ելավ, կնոջն այս խոսքն ասաց.
{{տող|350}}«Ա՜յ կին, արդեն մենք երկուսովս լավ հագեցանք՝ կրելով բյուր ցավ ու փորձանք,
Դու աստ անվերջ և հոգեբուխ ողբում էիր իմ վերադարձը տխրալի,
Իսկ, ես կամավ Զևսի և այլ աստվածների, վշտերի մեջ ու կաշկանդված,
Մաշվում էի հայրենազուրկ, թեպետև միշտ ձգտում էի ետ գալ իմ տուն:
Եվ քանի որ մենք երկուսով հիմա արդեն արժանացանք մեր մահիճին փափագելի,
Դու այժմ հոգա և պահպանիր մեր գույքն ու գանձն, որքան որ կա մեր հարկի տակ,
Իսկ պակասը նախիրների, որ վատնել են սեղեխները ամբարտավան
Ես ամեն կերպ կհայթայթեմ՝ ինքս կռվով, և կամ իրենք աքեացիք
Հոժարակամ կտան մասամբ մինչև լցվեն մեր փարախները լիովին,
Իսկ ես հիմա պիտի գնամ ծառաշատ մեր այգին ու մեր արոտները՝
{{տող|360}}Տեսնելու անդ իմ ազնիվ հորն, որ հոգեհույզ վշտանում է միշտ իմ համար:
Եվ քեզ, ա՜յ կին, պատվիրում եմ, թեպետև դու խելացի ես ու խորագետ.
Հենց որ ծագի լույս Արևը, համբավն իսկույն կտարածվի
Խոսնայրների մասին անշուշտ, որոնց այստեղ սպանեցի ես մեր տան մեջ.
Նաժիշտ կանանց հետ միասին դու վերնատունը բարձրացիր,
Նստիր այնտեղ և ոչ ոքի էլ չերևաս և ոչ մի խոսք էլ չխոսես»։
Ասաց, ապա իր ուսերին գցեց իսկույն զենքն ու զրահը պերճագոյն,
Շտապ քնից արթնացրեց Տելեմաքին, խոզարածին, եզնարածին,
Հրամայեց, որ և նրանք շուտով հագնեն զենքն արեսյան։
Նրանք նրան չհեստացան, այլ զինվեցին հապճեպ զենքով պղնձակուռ
{{տող|370}}Եվ, բացելով դռներն ապա, դուրս գնացին, առաջնորդում էր Ոդիսևսն։
Լույսը բացվեց ու տարածվեց երկրի վրա, Աթենասը պայծառաչյա
Խիտ խավարով պատեց նրանց և քաղաքից հանեց, տարավ արագորեն:
</poem>
== Երգ քսանչորսերորդ։ Հաշտություն ==
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Կիլլենական Հերմեսն ահա, ձեռքին ոսկի իր մականը գեղեցկափայլ,
Որով դյութում, քնեցնում էր մահկանացու մարդկանց աչքերն,
Ում կամենար կամ թե նրանց արթնացնում էր խոր քնից,
Կանչեց իսկույն ու ձայն տվեց խոսնայրների հոգիներին,
Բոթեց նրանց գավազանով։ Ծղրտալով նրանք նրան հետևեցին.
Հանց երամը չղջիկների քարանձավի խորքերի մեջ սրբազնաբույր,
Սերտ իրար հետ և խմբովի, աջ ու ձախ են այնտեղ սուրում,
Երբ ինչ-որ բան հանկարծակի պոկվի ժայռից և ընկնի ցած,
Այդպես նրանք ճղրտացին ու սլացան: Երախտագործ Հերմեսն իրենց
{{տող|10}}Առաջնորդում ու տանում էր ճանապարհով մի հեղձուցիկ։
Այդպես անցան դեպ Օվկիանոսն հորդահոսան, դեպի այտերը Լևկադյան,
Որտեղ բունն է երազների, ուր Հելիոսի դարպասներն են հաստատական,
Այդպես եկան, շուտով հասան ասփոդելյան դաշտավայրը,
Բնակավայրն հոգիների, ուր ապրում են մեռյալների ուրվականներն:
Այնտեղ ահա նրանք գտան հոգիներին Պելևսածին Աքիլլեսի,
Պատրոկլոսի, Անտիլոքի ազնվաբարո և անբասիր,
Մեծ Էասի, որ իր տեսքով գերազանցն էր դանայանց մեջ,
Բացի միայն գերահռչակ, դիցազնասիրտ Պելևսյանից,
Որի շուրջը անդ հավաքված էին նրանք այդ միջոցին:
{{տող|20}}Եվ մոտեցավ Ագամեմնոն Ատրիդեսի տխուր հոգին.
Շրջապատել էին նրան հոգիները այն բոլորի, որոնք իր հետ
Սպանվեցին այնտեղ՝ տան մեջ Էգիսթոսի ն օրհասին դարձան բաժին:
Ահավասիկ, նրան դիմեց այնտեղ հոգին Պելևսյանի և խոսք ասաց,
«Մենք, Ատրիդես, կարծում էինք, որ քաջազոր հերոսներից ամենից շատ
Դու ես իրոք շանթազվարճ Զևսի սրտին գերհաճելի,
Ուստի և դու իշխողն էիր բյուր մեծամեծ և գերազոր դյուցազների
Տրոյական երկրավայրում, ուր կրեցինք մենք աղետներ բյուր-բյուրավոր,
Սակյան և քեզ վիճակված էր բաժին դառնալ ժանտ օրհասին,
Որից չէ՞ որ չի խուսափում միշտ մահապարտ ծնվածներից և ոչ մի մարդ,
{{տող|30}}Բայց ավելի՜ լավ կլիներ, եթե հանդերձ իշխանությամբ քո վեհաշուք,
Դու տրոյական այն երկրի մեջ մահվան վիճակն ընդունեիր առոք-փառոք,
Եվ քեզ այնտեղ աքեացիք բոլորեքյան կկանգնեին դամբան-բլուր,
Իսկ դու այնժամ կթողնեիր քո զավակին մեծարելի փառքը համայն,
Մինչ այժմ, ավա՜ղ, թշվառ մի մահ քեզ վիճակեց ճակատագիրը, Ժանտ օրհաս»։
Այն ժամանակ այսպես նրան ասաց հոգին Ատրիդեսի.
«Ո՜հ, Աքիլլես գերերջանիկ, աստվածակերպ դու վեհ զավակդ Պելևսի,
Դու մահացար Տրոյայի մոտ, այնտեղ, հեռու մեր Արգոսից,
Եվ քո շուրջը, մարմնիդ համար մաքառելիս, կոտորվեցին քաջ զավակներն
Աքեացոց և տրոյացոց։ Հաղթ կռվամարտը մոռացած՝
{{տող|40}}Ինքդ, հզոր և մեծագույն, ընկած էիր անդ փոշու մեջ փոթորկալից։
Մինչ մարտեցինք մենք ամբողջ օրն ու կռիվն այդ ընդհատելու միտք չունեինք
Ամենևին, եթե Զևսը չընդհատեր այն՝ բորբոքելով մի փոթորիկ։
Սակայն մենք քեզ մարտամբոխից դուրս բերեցինք նավերի մոտ
Ու դրեցինք պերճ մահիճում։ Օծելիքով և գոլ ջրով մենք լվացինք
Անդ մարմինդ չքնաղագեղ, քո շուրջն այնժամ բյուրաբազում դանայացիք
Հորդ թափեցին ջերմ արտասուք և կտրեցին վարսերն իրենց,
Մարդ, լսած բոթը մահվան, հավերժակյաց նայադների հետ միասին,
Ծովից ելավ, հնչեց ջայլանքն, ու բռնկվեց ծովում հանկարծ մի ահազանդ,
Զարհուրելի թնդյուն, աղմուկ. ահաբեկված աքեացիք դողդողացին,
{{տող|50}}Ու քիչ մնաց, որ փախչելով շուտ թափվեին նավերի մեջ այն լայնանիստ,
Եթե նրանց անդ չզսպեր ծերն իմաստուն, բազմահնար գիտության տեր
Վեհ Նեստորը, որն և առաջ մարդկանց տալիս էր իմաստուն միշտ խորհուրդնեը:
Եվ նա ճառեց աքեյանց դեմ ու խոսք ասաց բարեխորհուրդ.
«Օ՜ն, կանգնեցե՛ք, արգիացիք, մի՛ փախեք դուք, աքեյանց քաջ պատանիներ,
Մայրն է նրա, անմահական նայադների հետ միասին ծովից ելած՝
Այս ծովափին, ահավասիկ, այժմ գալիս է իր մահացած որդուն այցի»։
Ասաց այդպես, և զսպեցին փախուստն իսկույն աքեացիք մեծահոգի,
Ու կանգնեցին քո շուրջն այնժամ չքնաղ դստերք ծովակենցաղ մեծ ծերուկի
Եվ լաց եղան կականալիր, քեզ հագցըրին հագուստն անեղծ, անմահական:
{{տող|60}}Ինն մուսաներն այնտեղ հերթով երգում էին քաղցր ձայնով ու սրտատենչ,
Եվ այնքան էր նրանց ողբը հոգետոչոր ու սրտահույզ,
Որ էլ ոչ ոք աքեյանց մեջ անդ չմնաց առանց լացի և արցունքի,
Ու շարունակ, տասնևյոթ օր գիշեր-ցերեկ, վայելչապես և անընդհատ
Ողբում էին քեզ աստվածներն հավերժակաց և մահապարտ անթիվ մարդիկ։
Երբ օրն հասավ տասնութերորդ, մենք հանձնեցինք քեզ խարույկին,
Կոտորեցինք, որպես զոհեր, հույր ոչխարներ և կորեղջյուր շատ արջառներ,
Քաղցր մեղրով և նուրբ յուղով փարթամ օծված աստվածային հագուստի մեջ
Հրկիզվեցիր դու խարույկում, իսկ աքեյանց մեծ հերոսները բազմաթիվ
Պտույտ եկան ու շրջեցին խարույկիդ շուրջը բոցավառ,
{{տող|70}}Շուրջը թնդաց աղմուկն ահեղ։ Երբ վերջապես հեփեստյան բոցն հրկիզեց քեզ,
Մյուս առավոտ հավաքեցինք մենք սպիտակ ոսկորներդ, ո՜վ Աքիլլես,
Որոնք իսկույն մենք լվացինք օծելիքով, այլև գինով անապական:
Մայրդ տվեց ոսկի կճուճ, Դիոնիսի նվերն էր այդ պերճապաճույճ,
Հեփեստոսի կերտվածքն էր դա գեղեցկափայլ, ինչպես հայտնեց այնտեղ քո մայրն:
Դրա մեջն են քո ոսկորները սպիտակ, ո՜վ Աքիլլես դու գերափառ,
Վաղամեռիկ Մենետածին Պատրոկլոսի ոսկորների հետ միասին,
Բայց քաջազոր Անտիլոքից առանձնակի, որին բոլոր ընկերներից,
Պատրոկլոսի մահից հետո, հարգում էիր դու առավել ու գերադաս:
Այնուհետև մենք, արգիյանք, ամբողջ զորքով աշտեավոր,
{{տող|80}}Հելլեսպոնտի լայնատարած այն ծովափին, ոսկորներիդ վրա այնտեղ,
Քեզ կանգնեցրինք շքեղ դամբան, մեծ ու բարձրիկ և փառահեղ,
Որ երևա, հայտերևակ, այն միշտ հեռուստ, ծովի միջից,
Արդի մարդկանց, նաև գալիք սերունդներին հավիտյանս հավիտենից:
Մայրդ հանեց աստվածների տված շքեղ մրցանակները գեղեցիկ,
Ապա դրեց դրանք իսկույն, հանց ընծաներ, քաջերի դեմ մրցանքի մեջ։
Դու շատ անգամ մասնակցել ես, ո՜վ Աքիլլես, բազմաբազում թաղումներին
Գերամեծար հերոսների կամ մահացած արքաների,
Երբ պատանիք, գոտեպնդված, կատարում են մրցությունը այդ քաջարի,
Սակայն դու խի՜ստ, սրտանց պիտի զարմանայիր, եթե իրոք տեսնեիր անդ,
{{տող|90}}Թե որպիսի՜ մրցանակներ էր դուրս բերել արծաթաոտ Թետիսն այնժամ քո մեծ պատվին,
Քանզի չէ՞ որ դու սիրելին էիր անմահ աստվածների։
Այդպես ահա քո անունը չի վերանա,, թեպետ արդեն մահացել ես,
Եվ քո փառքը մարդկության մեջ կմնա միշտ, հավերժորեն, ո՜վ Աքիլլես,
Իսկ ես, ավա՜ղ, ի՞նչ ստացա, ի՞նչ մի բերկրանք, երբ պատերազմն ավարտեցի,
Բացի նրանից, որ Զևսը ինձ, վերադարձին, Էգիսթոսի ձեռքով դահան
Եվ դավանքով իմ չար կնոջ, պատրաստեց մահն օրհասական»։
 
Այդպես նրանք այդ առիթով խոսում էին իրարու հետ,
Մինչ մոտեցավ այնտեղ նրանց բամբերն հանկարծ Արգոսասպան
Եվ անդ բերեց Ոդիսևսի ձեռքով ջարդված խոսնայրների հոգիներին։
{{տող|100}}Շատ զարմացան Ագամեմնոնն և Աքիլլեսն՝ այդ տեսնելով,
Ու ընդառաջ անդ գնացին։ Այնժամ հոգին Ագամեմնոն Ատրիդեսի
Լավ ճանաչեց Մելանևսի ազնիվ որդուն՝ Ամփիմեդոն քաջ հերոսին,
Քանզի երբեմն հյուր էր եղել Իթակեում նրա տանը ու հարկի տակ,
Եվ նախ նրան դիմեց հոգին Ատրիդեսի ու խոսք ասաց.
«Ամփիմեդոն, ի՞նչ պատահեց, որ դուք եկաք այս մութ երկիրը խավարչուտ,
Դուք, բոլորդ այդքան արի, հասակակից և փառավոր։
Եթե նույնիսկ մարդ ցանկանար մեծ քաղաքում ընտրել մարդիկ ականավոր,
Այսպիսիներ նա չէր գտնի։ Գուցե ծովում Պոսիդո՞նը կործանեց ձեզ՝
Բորբոքելով ձեր նավի դեմ ժանտ փոթորիկ և մեծագոչ թունդ ալիքներ,
{{տող|110}}Գուցե նույնիսկ ձեզ ցամաքում կոտորեցին թշնամինե՞րը ոխերիմ
Այն ժամանակ, երբ դուք շորթում էիք նրանց նախիրներից եզ ու խաշինք,
Եվ կամ գուցե տապալվեցի՞ք քաղաքի դեմ կանանց համար խիստ մարտելիս։
Պատասխանիր դու իմ հարցին, ես քո հյուրն եմ և դրանով էլ` ինքնապանծ։
Իրավ, մի՞թե դու չես հիշում, ինչպես ձեր տուն ես հյուր եկա մի ժամանակ
Աստվածազարմ Մենելայի հետ միասին հորդորելու Ոդիսևսին,
Որ արշավի և գա մեզ հետ գեղեցկակերտ նավի վրա դեպի Իլիոն:
Ամբողջ ամիս մենք շրջեցինք լայնատարած ծովում այնժամ,
Մինչև որ մեծ դժվարությամբ համոզեցինք Ոդիսևսին քաղաքավեր»։
Այնժամ նրան պատասխանեց և խոսք ասաց Ամփիմեդոն քաջի հոգին.
{{տող|120}}«Ով գերափառ Ատրևորդի, Ագամեմնոն, մարդկանց արքա,
Հիշում եմ ես այդ ամենը, հանց ասացիր, դիցասնո՜ւնդ դու գերակա,
Եվ ամեն բան, ահավասիկ, քեզ կպատմեմ ճշմարտացի՝
Ինչպես իրոք անդ կատարվեց մեր կործանումը չարաբաստ:
Մենք խոսնայրներ էինք կնոջ Ոդիսևսի, երբ նա չկար, բացակա էր,
Բայց ո՛չ մերժեց Պենելոպեն ժանտ հարսանիքն և ո՛չ էլ նա կատարեց այն
Մտածելով և նյութելով մեզ համար մահ ու սև օրհաս,
Եվ իր սրտում նա հղացավ խարդախությունն այս խորամանկ.
Իր տանը նա սարքեց ոստայն և սկսեց գործել սավան
Անչափելի, լայն ու երկայն, ապա նա մեզ այնտեղ դիմեց և այս ասաց.
{{տող|130}}«Դո՜ւք, դեռահաս իմ խոսնայրներ, երբ մեռած է Ոդիսևսը աստվածազարմ,
Երբ աշխարհում նա էլ չկա, մի շտապեք, հետաձգեք մեր հարսանիքն,
Մինչև սավանն ես ավարտեմ. թող հյուսվածքը և թելերն իմ զուր չկորչեն,
Պատանքն է սա հերոսասիրտ ծեր Լաերտի։ Երբ նրան բախտը դժնդակ՝
Ճակատագիրն, հանձնի մահվան հավերժավիշտ ժանտ վիճակին,
Պիտ ավարտեմ ես այդ գործը, որ աքեյանց կանայք այնժամ չկշտամբեն,
Թե պառկած է այդ ունևոր, հարուստ մարդը իր դագաղում, բայց անպատանք»։
Այդպես նա մեզ այնժամ ասաց, ու մեր ոգին հնազանդվեց նրա խոսքին։
Եվ սավանն այդ, հաստոցի մոտ, նա գործում էր լոկ ցերեկով:
Իսկ գիշերը հյուսվածքն ամբողջ քանդում էր նա՝ վառ ճրագը իր դեմ դրած:
{{տող|140}}Այդպես ուղիղ երեք տարի նա խաբխբեց մեզ, աքեյանց,
Բայց երբ եկավ չորրորդ տարին, պտըտվեցին ժամանակներն,
Անցան, կորան շատ ամիսներ, և սլացան բազմաբազում շատ-շատ օրեր,
Այնժամ նրա ստրկուհիք, անկարեկից իր վիճակին,
Գործն հայտնեցին, ու մենք նրան, ներս մտնելով, գաղտնի գործի մեջ բռնեցինք։
Ստիպեցինք, որ, հակառակ իր ցանկության, գործն ավարտի նա ակամա,
Իսկ երբ որ մեզ Պենելոպեն ցույց տվեց մեծ, գեղեցկափայլ գործվածքը այդ,
Այն, մաքրափայլ, շողշողում էր արևի պես, ասես լուսինը լուսացայտ:
Շուտով հանկարծ Ոդիսևսին աստվածներից մեկն անիրավ
Բերեց, հասցրեց իր ագարակն, ուր ապրում էր իր խրճիթում խոզարածը։
{{տող|150}}Այնտեղ եկավ սիրահոժար նաև որդին աստվածազարմ Ոդիսևսի՝
Ավազածիր սուրբ Պիլոսից նավի վրա ետ դառնալով,
Եվ արդ, նրանք, մտածելով սեղեխների մահն ու կորուստը ժանտաժուտ,
Անդուստ եկան, ժամանեցին հանկարծ քաղաքը փառավոր:
Նախ ժամանեց Տելեմաքը, իսկ Ոդիսևսն եկավ հետո և անագան,
Խոզարածը բերեց նրան, որն իր մարմնին հագած ուներ նողկ ցնցոտի,
Իբրև մուրիկ թշվառական, ծերուկի պես և հասակում խոր ծերության,
Ցուպը ձեռին, որպես նեցուկ: Այդպես նրան, որ ցնցոտի ուներ հագած
Եվ հանկարծուստ հանդես եկավ, չճանաչեց մեզնից ոչ ոք,
Ոչ էլ նրանք, որ հասակով երիցագույն էին նույնիսկ:
{{տող|160}}Մենք անարգում էինք նրան հարվածներով ու խոսքերով հայհոյանքի,
Բայց և այնպես՝ նա իր տան մեջ վիրավորանքն հանդուրժում էր առժամանակ
Եվ սրտապինդ համբերում էր հարվածներն ու եպարանքը ամեն տեսակ,
Բայց երբ նրան անդ ներշնչեց կամքը Զևսի ասպարակիր,
Տելեմաքի հետ միասին վերցրեց բոլոր նա իր զենքերը մարտական,
Տարավ, թաքցրեց այլ սենյակում և դռները փակեց ամուր,
Ապա, սիրտն իր լեցված դաժան մի նենգությամբ, նա ստիպեց անդ կնոջն իր
Առաջարկել մեզ՝ տարաբախտ սեղեխներիս, հանց մրցություն,
Փայլուն երկաթն ու աղեղը, որ սկիզբն էր և աղբյուրը կոտորածի։
Մինչդեռ մեզնից և ոչ մեկը չկարեցավ ձգել մի կերպ լարն աղեղի,
{{տող|170}}Քազնի ամուր էր չափազանց և դա բարձր էր մեր ուժերից:
Եվ աղեղն այդ բազմահնար Ոդիսևսի հաղթ ձեռքն ընկավ,
Թեպետ և մենք խոզարածին արգելեցինք, գոռգոռալով պատվիրեցինք,
Որ աղեղը նրան չտա։ Հայհոյեցինք ու ճառեցինք մենք այդ մասին,
Բայց Տելեմաքն հրամայեց խոզարածին, որ աղեղը հանձնի նրան,
Եվ լայն աղեղն իր ձեռքն առավ բազմաչարչար Ոդիսևսը աստվածային,
Նա հեշտ ձգեց լայն աղեղի, երկաթների անցքով սուրաց սլաքն իսկույն,
Այնուհետև եկավ, կանգնեց նա շեմքի մոտ, շորջը նայեց ահեղասաստ,
Ապա թափեց նա սլաքներն արագաթիռ, զարկեց արքա Անտինոոսին
Եվ արձակեց մյուսներիս գլխին նետերը վշտաբեր,
{{տող|180}}Ու բոլորս տապալվեցինք, թափվեցինք ցած իրար վրա ու խիտառխիտ.
Պարզ երևաց, որ օգնում էր նրան այնտեղ մեկնումեկը աստվածներից
Նա հարձակվեց՝ շուրջն, աջ ու ձախ պտույտ գալով, անդ բոլորին զարկեց նետով.
Գլուխները ջախջախվեցին, և հատակը արյամբ ծածկվեց ամբողջովին,
Թնդաց տան մեջ զարկվածների ճիչն, հառաչանքն, աղմուկն հուժկու ու այլանդակ։
Արդ, մենք այդպես կոտորվեցինք, Ագամեմնոն, Ոդիսևսի տան բակի մեջ
Մեր մարմինները տակավին թափված մնում են դեռ անթաղ,
Ու չգիտեն դեռ այդ մասին մեր սիրելիք, ազգականները մեր մոտիկ.
Նրանք դեռ մեզ չեն հավաքել, չեն լվացել սև արյունը մեր վերքերի,
Դեռ մեզ վրա ողբ չեն արել, որ մեռելոց շուքն ու պատիվն է լոկ վերջին»։
{{տող|190}}Եվ բարբառեց այնժամ հոգին Ատրիդեսի և խոսք ասաց.
«Երջանի՜կ ես դու, Ոդիսևս բազմահնար, ո՜վ իմսստուն Լաերտածին,
Որ այդպիսի առաքինի կին ընտրեցիր, որպիսին է Պենելոպեն,
Եվ ինչպիսի՜ արժանագով, ազնվաբարո վեհ սիրտ ունի
Իկարիոսի դուստրը վսեմ՝ իր ամուսնուն հավատարիմ և անբասիր.
Իսկապես որ հավերժորեն կշողշողա երկրի վրա փառքը նրա:
Խոհեմամիտ Պենելոպի փառքի մասին սերունդները միշտ, ապաքեն,
Կամքով անմահ աստվածների վսեմ երգեր պիտի երգեն։
Մինչ այդպես չէր դաժան դուստրը Տինդարևսի. գործ կատարեց նա չարանենգ
Եվ սպանեց օրինական իր ամուսնուն, ու միմիայն նզովքի երգ
{{տող|200}}Պիտի երգեն նրա մասին մարդկության մեջ։ Խայտառակեց նա հավիտյան
Նաև կանանց թույլ ու անզոր, թեկուզ լինեն նրանք բարի, անմեղապարտ»։
Այսպես նրանք իրարու հետ խոսում էին այն ժամանակ
Տանն Հադեսի, այնտեղ, երկրի անդունդների մեջ խորխորատ:
Մինչդեռ խումբը Ոդիսևսի, քաղաքից շուտ հեռանալով,
Ծեր Լաերտի դաշտը եկավ։ Ինքը՝ ծերուկն էր ձեռք բերել այդ ագարակն
Եվ այն անձամբ մշակել էր անդուլ ջանքով, աշխատանքով։
Տունն Էր նրա կանգնած այնտեղ, շուրջը գավիթ, տաղավարներ, հյուղ ու խրճիթ,
Որտեղ իրենց նիստուկացով ապրում, սնվում և գիշերում Էին կանայք,
Որոնք, որպես ստրկուհիք, անդ աշխատում էին դաշտում նրա համար:
{{տող|210}}Գտնվում էր այնտեղ նաև պառավ կինը սիկելիացի, որ ժրաջան
Խնամում էր այդ ծերուկին ագարակում, քաղաքից դուրս:
Ոդիսևսը այդ ժամանակ այսպես ասաց հովիվներին և իր որդուն.
«Շո՛ւտ գնացեք և ներս մտեք ահա տունը այդ բարեշեն,
Մի ընտրովի ու լավագույն խոզ մորթեցեք և ճաշկերույթ սարքեք շուտով,
Իսկ ես այսպես դեռ կգնամ և կփորձեմ իմ հորն այնտեղ.
Կճանաչի՞ արդյոք նա ինձ, երբ այժմ տեսնի ինձ իր աչքով և դեմառդեմ,
Թե՞ այլևս չի ճանաչի, զի հեռու եմ եղել երկար ժամանակով»:
Ասաց այդպես, հանձնեց իսկույն ծառաներին նա զենքերը արեսական,
Եվ փութապես նրանք այնտեղ տունը մտան: Իսկ Ոդիսևսն
{{տող|220}}Հազճեպ գնաց փորձն անելու դեպի այգին բազմապտուղ,
Բայց ընդարձակ այդ այգու մեջ նա չգտավ ո՛չ Դոլիոսին,
Եվ ո՛չ նրա զավակներին, ո՛չ էլ նույնիսկ ծառաներից մեկնումեկին,
Զի գնացել էին քարեր հավաքելու, որ ցանկ շինեն այգու համար։
Գնացել էր և Դոլիոսը, որ դաշտերում քարերի տեղ ցույց տա նրանց։
Ահավասիկ, նա այգու մեջ այդ պերճատունկ գտավ միայն իր հորը ծեր,
Որը փորում, թուփ էր տնկում։ Նա իր հագին զգեստ ուներ մի անվայել,
Խիստ կարկատված և անմաքուր, իսկ ոտքերին արջառենի սռնապաններ,
Որ քերծվածքից գեթ պաշտպանվի, իր ձևռքերին հագած ուներ նա ձեռնոցներ,
Որ փշերը չծակծկեն։ Գլխին ծածկել էր այծենի մի հին գլխարկ,
{{տող|230}}Որով շեշտվում էր տարաբախտ և տանջալից կեցվածքը յուր:
Ահավասիկ, երբ Ոդիսևսը բազմափորձ, աստվածային,
Տեսավ նրան ծերությունից այդպես ընկճված, վշտերի մեջ հոգեկորույս,
Կանգնեց իսկույն անդ բարձրաբերձ տանձենու տակ և արտասվեց նա դառնադառն,
Ապա իսկույն տարակուսեց, սրտով, հոգով նա մտածեց ինքը իր մեջ.
Նետվե՞լ արդյոք դեպի հայրն իր, գրկել նրան, համբուրել ջերմ ու սիրատենչ,
Բացեիբաց պատմել` ինչպե՛ս ինքը եկավ, հասավ երկիրն հայրենական,
Թե՞ նախապես հարցմունք անել ու ծերուկին փորձել խոսքով մի խորամանկ։
Եվ արդ, այդպես ես մտածելիս, ավելի լավ ու գերադաս թվաց նրան՝
Նախ և առաջծ երին փորձել խոսքով խարդախ, նախատական:
{{տող|240}}Այդպես ահա մտադրված՝ Ոդիսևսը դեպի ծերուկն ուղղվեց, գնաց,
Մինչ Լաերտը, գլուխը կախ, փորփորում էր և տնկում էր ինչ-որ մի բույս:
Եվ արդ, նրան մոտիկ կանգնեց ու խոսք ասաց նրա որդին մեծահռչակ,
«Ճի՛շտ որ, ծերուկ, դու անգետ չես այգեստանիդ մշակման մեջ,
Եվ խնամքն է քո գերազանց, երևում է, որ ամեն ինչ՝ տունկն ու թփերն
Խաղողն ու որթը, թզենիք, թմբերն, ածուն, տանձենիներն ու ձիթենիք
Իրոք առանց խնամքի չեն այս այգու մեջ, ահավասիկ։
Բայց այլ մի բան ես քեզ ասեմ, և դու սրտանց չզայրանաս.
Հոգատար չես դու քո մասին, ինչպես հարկն է. ծերության մեջ այդ հալումաշ
Հագուստ ունես դու անվայել, կեղտոտ ես դու և անմաքուր,
{{տող|250}}Եվ հազիվ թե քո տերը քեզ լավ չի պահում քո ծուլության իսկ պատճառով,
Քանզի, այսպես քեզ նայելով, ոչինչ քո մեջ ես չեմ տեսնում ստրկական.
Իրավ, տեսքով ու հասակով նման ես դու արքայազոր մի մեծ մարդու,
Ավելի շուտ նման ես դու այն ծերուկին, որ, կուշտ կերած և լվացված,
Պառկում, քնում է գիրգ մահճում, ինչպես որ այդ պատշաճ է ծեր, զառամ մարդկանց։
Բայց հիմա ինձ դու այս ասա, ճշմարիտը պատմիր միայն.
Ո՞վ է տերդ, ո՞ւմ ծառան ես, ո՞ւմն է այգին, որ խնամում ես դու այսպես:
Մի բան ևս դու ինձ ասա ճշմարտացի, անկեղծ խոսիր, որ իմանամ.
Ճի՞շտ է միթե, որ ընկել եմ ես Իթակե, ինչպես մեկը ինձ այժմ ասաց,
Հենց նոր, մի մարդ, մի անծանոթ, որին այստեղ պատահեցի:
{{տող|260}}Բայց նա բնավ սիրալիր չէր, քանզի ինձ հետ չհանդուրժեց խոսել անգամ,
Նույնիսկ լսել չցանկացավ, երբ ես նրան հարցմունք արի
Իմ վաղեմի հյուրի մասին՝ կենդանի՞ է նա տակավին և կա՞ արդյոք,
Թե՞ մահացել է նա արդեն և Հանդեսի տանն է վաղուց։
Ես կարող եմ և քեզ ասել, դու ինձ լսիր և լավ հիշիր,
Որ իմ տանը, հայրենիքում, մի ժամանակ ընդունեցի հյուր մի մարդու.
Մինչև հիմա իմ տունն եկած տարաշխարհիկ մահկանացու մարդկանց մեջ
Մի այդպիսի վե՜հ, իմաստուն, սիրալիր մարդ դեռ չեմ տեսել։
Պարծենալով պատմում էր նա, որ ծնված է Իթակեում ապառաժուտ
Նա ասում էր, որ իր հայրն է Արկիսիոսի որդի Լաերտն:
{{տող|270}}Արդ, ես նրան մեր տուն տարա, ընդունեցի հյուրամեծար
Ու պատվեցի սիրով, սրտանց մեր տան եղած պաշարներով առատագույն։
Նրան ես շատ պերճ ընծաներ նվիրեցի, ինչպես վայել էր այդ հյուրին,
Նախ յոթ տաղանդ ճարտարակերտ ոսկի նրան տվեցի ես,
Նվիրեցի նրան նաև մի սարկարան արծաթակերտ ու ծաղկազարդ,
Տասնևերկու հասարակ ձորձ և նույնքան էլ գորգ ու ծածկոց,
Նույնքան լոդիկ գեղեցկափայլ և նույնքան էլ սիրուն բաճկոն,
Եվ բացի այդ չորս ստրուկ կին չքնաղատես ու անաղարտ,
Պերճապաճույճ ձեռագործը լավ իմացող, որոնց ընտրեց ինքն անձնասեն»։
Պատասխանեց այնժամ նրան հայրը նրա՝ հորդ արտասուքն իր թափելով.
{{տող|280}}«Օտարակա՜ն, հենց այն երկիրն ես դու եկել, որի մասին հարց ես տալիս,
Մինչ այս երկրին այժմ իշխում են մարդիկ նպերտ ու չարագործ։
Իզուր ես դու առատ վատնել այդքան ընծա, հանց մեծարանք,
Սակայն եթե այդ քո հյուրին Իթակեում այժմ կենդանի դու գտնեիր,
Քեզ փոխադարձ նա կընդուներ հյուրամեծար, կնվիրեր պերճ ընծաներ
Ու պատվարժան քեզ կառաքեր քո հայրենիք, ինչպես վայել է հյուրերին,
Բայց դու հիմա այս ինձ ասա, ճշմարիտը միայն պատմիր.
Ավա՜ղ, ե՞րբ էր, ո՞ր տարին էր, երբ պատվելով, հանց հյուրընկալ,
Ընդունեցիր դու այդ անբախ տեկվոր հյուրին, իմ զավակին, եթե երբեմն
Եղել է ճիշտ նա իմ որդին։ Արդեն, հեռու սիրած երկրից իր հայրական,
{{տող|290}}Նրան լափել են ձկները ծովում մի տեղ, կամ որևէ մի ցամաքում
Կեր է դարձել նա հավքերին, գազաններին։ Ո՛չ իր մայրը ողբաց նրան՝
Մահվան պատանքը հագցնելիս, ո՛չ էլ հայրը։ Ավա՜ղ, նրան ողբալու չէ
Նաև կինն իր բազմաօժիտ, Պենելոպեն խոհեմամիտ։
Էլ չի դնի նա, մահամերձ, մահիճի մեջ նրան, որպես իր ամուսնուն,
Էլ չի փակի նրա աչքերն մահվան ժամին, ինչպես պատշաճ է մեռյալին։
Բայց դու պատմիր ճշմարիտն ինձ, որ ստուգապես ես իմանամ.
Ի՞նչ մարդ ես դու կամ ո՞ր ցեղից, և որտե՞ղ են ծնողներդ, քաղաքը քո,
Որտե՞ղ կանգնեց այն նավն արագ, որ բերեց քեզ և ուղեկից
Ընկերներիդ աստվածակերպ։ Գուցե եկար դու մի օտա՞ր նավի վրա,
{{տող|300}}Որը այստեղ քեզ ափ հանեց, ապա իսկույն վերադարձավ ու ետ գնաց»։
Պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց
«Ես քո հարցին ի պատասխան կասեմ ահա ճշմարտացի և ամեն ինչ.
Քաղաքից եմ ես Ալիբաս և ապրում եմ այնտեղ, իմ տանը փառահեղ,
Որդին եմ ես Ափիդասի, Պոլիպեմիդ թագավորի.
Իմ անունն է Էպերիտոս։ Արդ, այսպես ինձ մի ոմն աստված
Սիկանիեից քշեց, բերեց հիմա այստեղ, բայց ցանկությանն իմ հակառակ,
Եվ նավն է իմ կանգնած հեռու ձեր քաղաքից, բայց մոտ է այս ագարակին։
Հինգ տարի է անցել ուղիղ այն օրվանից, երբ Ոդիսևսն այդ վատաբախտ
Անդուստ մեկնեց ու հեռացավ իմ այն երկրից հայրենավանդ։
{{տող|310}}Ո՜հ, տարաբախտ, նույնիսկ կային թռչունների լավ նշաններ աջ կողմից, երբ
Նա հեռացավ։ Ես ճանապարհ դրի նրան ուրախասիրտ,
Այո, և նա սաստիկ ուրախ էր մեկնելիս։ Հույս ունեինք մենք սրտատենչ՝
Պահպանել մեր մտերմությունն և իրարու միշտ ընծաներ տալ գեղեցիկ»։
Ասաց այդպես, և խոր վշտի սևաթույր ամպն իսկույն ծածկեց հեգ ծերուկին.
Երկու ձեռքով վերցրեց հապճեպ նա ծխահար մոծիր-փոշին
Եվ այն իսկույն իր ալևոր գլխին ցանեց ու հեկեկաց նա հոգեհույզ:
Հուզվեց սիրտը Ոդիսևսի, և կծվակիծ շնչառությունն, ասես մի բոց,
Ժայթքեց նրա ըռունգներից, երբ որ տեսավ հոր հեծեծանքն ու կականը։
Ցատկեց իսկույն, գրկեց նրան, ջերմ համբուրեց և հոգեբուխ բացականչեց.
{{տող|320}}«Հա՜յր իմ, հա՜յր իմ, ես այստեղ եմ, ես, քո որդին, որին այդքան կարոտ ես դու,
Ոդիսևսն եմ, որ ետ եկա հայրենիքն իմ քսան տարի անցնելուց ետ։
Թո՛ղ այդ ջայլանքը դառնադառն, լաց մի՛ լինի արտոսրախառն:
Քեզ կպատմեմ ես ամեն ինչ, թեպետ պետք է, որ մենք սաստիկ աճապարենք.
Սպանեցի ես մեր տան մեջ այն հոգետանջ սեղեխներին,
Վրեժն առա նրանց դաժան ոճիրների և խայտառակ արարքների»։
Եվ Լաերտը, այնժամ նրան առարկելով, այսպես ասաց.
«Եթե իրոք Ոդիսևսն ես, իմ զավակը, որ այժմ ահա վերադարձար,
Ցույց տուր դու ինձ մի ապացույց կամ բացահայտ գեթ մի նշան, որ համոզվեմ։
Պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
{{տող|330}}«Ահա, նայիր, տես քո աչքով սպին ոտքիս վերքն այս մի օր
Ինձ Պառնասում իր սպիտակ, սուր ատամով հասցրեց վարազն,
Երբ որ այնտեղ ինձ հղեցիք դու և մայրս գերամեծար:
Ես գնացի դեպ Ավտոլիկն, դեպի հայրը իմ սիրած մոր,
Որ ստանամ ընծաները, որոնք երբեմն Ավտոլիկն էր խոստացել ինձ,
Իսկ այժմ ահա քեզ թվարկեմ այն ծառերը այս այգու մեջ,
Որոնք երբեմն այստեղ դու ինձ նվիրեցիր: Մանուկ էի ես մի փոքրիկ
Եվ վազվզում էի այգում քո ետևից, խնդրում էի, որ հայտնես ինձ
Անունները այս ծառերի։ Հայտնելով այդ դու ինձ այստեղ նվիրեցիր
Տասնևերեք տանձենիներ ու քառասուն թզենիներ,
{{տող|340}}Ապա տասը խնձորենի և խոստացար ինձ տալ հիսուն խաղողի որթ,
Որոնց վրա աճում են միշտ և շողշողում են ողկույզները պտղաճոխ։
Այժմ էլ ահա աստ աճում են բազմապիսի շատ պտուղներ,
Երբ որ լույսի շողքը առատ վերուստ թափում են Ժամերը՝ Զևսի դստրերք»։
Ասաց այդպես, և ծերունու սիրտն ու ծնկները թուլացան.
Ճիշտ համարեց նա նշաններն, որ թվարկեց եկվորն այնտեղ,
Դեպ իր որդին ձեռքերն ուղղեց բազկատարած, բայց ուշաթափ էր նա արդեն:
Եվ փութապես գրկեց նրան բազմաչարչար Ոդիսևսը աստվածային,
Երբ ծերն արդեն ուշքի եկավ, երբ շողացին գիտակցությամբ սիրտն ու հոգին,
Պատասխանեց նրան իսկույն և հետևյալ խոսքը ասաց.
{{տող|350}}«Փա՜ռք քեզ, Զևս հայր, դեռ կան ուրեմն վեհ աստվածներն Օլիմպոսում բարձրակատար,
Որ պատժեցին խոսնայրներին ոճիրների, ամբարտավան գործի համար:
Սակայն, ավա՜ղ, սիրտս սաստիկ սարսափում է, մի գուցե այժմ
Իթակեցիք բոլորեքյան աստ հավաքվեն և մի գուցե համբավն համայն
Ամենուրեք շուտ տարածեն և բորբոքեն քաղաքները Կեփալլենյան»։
Այնժամ նրան ի պատասխան այսպես ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Հանգի՜ստ եղիր, և այդ մասին թող մտահոգ էլ չլինի այժմ քո հոգին,
Գնա՜նք շուտով ապարանքն այն, որ գտնվում է այգու մոտ,
Այնտեղ արդեն ուղարկել եմ Տելեմաքին, խոզարածին ու նախրորդին,
Որ շուտափույթ անդ հարդարեն և պատրաստեն մեզ համար մի ճոխ ճաշկերույթ»:
{{տող|360}}Եվ գնացին նրանք, այդպես խոսակցելով, դեպի տունը գեղեցկաշեն,
Իսկ երբ եկան, շուտով հասան ապարանքը այն բարեկարգ,
Այնտեղ գտան Տելեմաքին, խոզարածին ու նախրորդին եզնահովիվ,
Որ կտրատում էին միսը, այլև խառնում սարկարանում քաղցր գինին
Մինչ պառավը սիկելիացի տան մեջ իսկույն մեծահոգի ծեր Լաերտին
Պատշաճապես, լավ լողացրեց, նրա մարմինն օծեց յուղով,
Ապա բերեց ու հագցրեց չքնաղագեղ մի պատմուճան:
Եվ մոտեցավ այդ ժամանակ ազգապետին Աթենասը աստվածուհի,
Դարձրեց նրան բարձրահասակ, այլև տեսքով իր մեծաշուք։
Երբ այդպիսով նա դուրս եկավ լոգարանից, խիստ զարմացավ սիրած որդին,
{{տող|370}}Քանզի տեսավ, որ նա տեսքով աստվածներին էր նմանվում,
Ուստի նրան նա ձայն տվեց և խոսքն ասաց այս թևավոր.
«Հա՜յր իմ, անշուշտ մեկնումեկը հավերժակաց աստվածներից
Տեսք շնորհեց քեզ ավելի քաջահասակ, հաղթ, ամրապինդ»։
Պատասխանեց իսկույն նրան և խոսք ասաց ծերուկ Լաերտը խորիմաց.
«Ո՜հ, երանի՜ թե լինեի, Զևս զգոն հայր, դուք, Աթենաս և Ապոլլոն,
Ես այնպիսին, ինչպիսին որ իշխում էի մի ժամանակ Կեփալլենյան կղզիներին
Եվ տիրեցի ես ծովափնյա գեղեցկակերտ հարուստ քաղաք Ներիկոսին
Ու երանի՜ հենց այդպիսին ես լինեի երեկ մեր տանն, մեր հարկի տակ,
Որ զենքն հագած մասնակցեի կռվին ընդդեմ խոսնայրների.
{{տող|380}}Պիտի անշուշտ ջախջախեի ես ծնկները շատ շատերի,
Որպեսզի անդ, մեր դահլիճում, տեսնելով այդ՝ ցնծար, խնդար և քո հոգին»:
Այսպես, սրանք իրարու հետ խոսում էին այդ առիթով,
Մինչդեռ նրանք, աշխատանքը ավարտելով, ճոխ ճաշկերույթը սարքեցին,
Ու նստեցին բազմոցներին, նստիքներին, իրար կողքի ու շարեշար,
Ապա շուտով ձեռք մեկնեցին ուտեստներին։ Այնժամ եկավ ու ներս մտավ
Ծերուկ Դոլիոսը յուր որդոց հետ միասին՝ ետ դառնալով աշխատանքից։
Նրանց հապճեպ գնաց կանչեց սիկելիացի կինը պառավ.
Նա էր սնել նրանց իրոք, նամանավանդ միշտ հոգատար
Խնամում էր նա ծերուկին այն օրվանից, երբ նա հասավ ծերությանը:
{{տող|390}}Մինչ, երբ նրանք այնտեղ տեսան Ոդիսևսին, իսկույն հոգով ճանաչեցին
Ու տեղնուտեղը, զարմացած, անդ կանգ առան սենյակի մեջ:
Ոդիսևսը դիմեց նրանց ու խոսք ասաց գորովալիր.
«Դե՜հ, ծերունիդ, նստիր, ճաշենք, արմանք-զարմանքդ մոռացիր.
Վաղուց է մենք սաստիկ ուտել ենք ցանկանում այս հարկի տակ,
Սակայն միայն մենք ձեզ էինք աստ սպասում, այսպես նստած»։
Այդպես ասաց Ոդիսևսը, բայց Դոլիոսը բազկատարած
Վազեց իսկույն, բռնեց ձեռքը Ոդիսևսի և համբուրեց թաթը ձեռքի
Ու ձայն տվեց ապա նրան և խոսքն ասաց այս թևավոր.
«Բարեկամս սիրակարոտ, վերադարձա՞ր դու վերջապես,
{{տող|400}}Բոլորովին հույս չունեինք. ճիշտ որ քեզ այժմ աստվածներն են բերել այստեղ:
Ո՜հ, ողջույն քեզ, խնդա սրտանց, թող աստվածները կյանք տան քեզ գերերջանիկ,
Բայց այս ասա դու ինձ հիմա, ճշմարիտը հայտնիր միայն, որ իմանամ.
Գիտի՞ արդյոք գործն իսկապես Պենելոպեն իմաստնագույն,
Որ դու արդեն վերադարձար, ապս թե ոչ՝ ես կուղարկեմ բանբեր իսկույն»։
Պատասխանեց այնժամ նրան և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Արդեն գիտե՜, գիտե, ծերուկ, պետք չէ, որ դու այդ բանն հոգաս»:
Ուստի իսկույն կոկ բազմոցին նստեց Դոլիոսը գերազնիվ,
Նույնպես նրա զավակները օղակեցին Ոդիսևսին,
Ձեռքը նրա պինդ սեղմեցին, ողջունեցին քաղցր խոսքով ու սրտալի,
{{տող|410}}Ապա, որպես սեղանակից, իրենց հոր մոտ նստոտեցին։
Այդպես նրանք, սեղան նստած, այնտեղ, տան մեջ ճաշում Էին հրճվանքով լի,
Մինչդեռ արագ շշուկն, համբավն, բանբերի պես, մտավ քաղաքն և ձախ ու աջ,
Ամենուրեք անդ տարածեց խոսնայրների օրհասն ահեղ և մահը ժանտ։
Բյուր-բյուր մարդիկ, բոթն իմացած, եկան հապճեպ ու ամբոխով,
Հեծեծանքով, տրտունջով լի, հավաքվեցին Ոդիսևսի դռան առաջ։
Դուրս բերեցին դիակները, և ամեն մարդ տարավ, թաղեց իր մեռյալին,
Սակայն նրանց, որոնք ուրիշ քաղաքներից էին եկած,
Շուտ հանձնեցին ձկնորսներին և նավերով իրենց տներն առաքեցին,
Ապա տխուր ու սրտահույզ՝ ամբոխալից հրապարակն եկան իսկույն:
{{տող|420}}Երբ բլորը միահամուռ հավաքվեցին ժողովի մեջ,
Եվպիթն հապճեպ ոտքի կանգնեց և նրանց դեմ այսպես ճառեց
Նրա սիրտը որդու համար կրծում էր վիշտը չարատանջ,
Անտինոոսին էր նա ողբում, ում Ոդիսևսն անդ սպանեց առաջինը,
Նրա համար դառն արտասուք հեղեղելով՝ այսպես ճառեց արդ նա այնտեղ.
«Բարեկամնե՜ր, այդ քաջն իրոք չար աղետներ թափեց գլխին աքեացոց.
Մեծահռչակ շա՜տ քաջերի իր հետ տարավ բյուրաբազում նավերի մեջ,
Մինչ խորտակեց ծովում նավերը խորափոր, իսկ այն մարդկանց էլ կործանեց:
Այդքան էլ այժմ, տուն դառնալով, նա կոտորեց Կեփալլենի դյուցազների։
Գործի դիմենք, քանի շուտ է, նախքան հապճեպ դեպի Պիլոս նա հեռանա,
{{տող|430}}Նախքան փախչի դեպի Էլիս աստվածային, որի իշխողն են էպիացիք:
Օն ա՜նդր, շո՜ւտ, գեթ հարձակվենք, որ ամոթանք չվաստակենք մենք մեր պատվին,
Քանզի ստոր մի քարվականք պիտ համարեն սերունդները մեր գործն հետո,
Եթե չառնենք մենք վրեժը մեր սպանված եղբայրների ու մեր որդոց։
Ես, օրինակ, այլևս ապրելը հաճելի չեմ համարի, ավելի շուտ
Կցանկանամ ես մահանալ, որ միանամ մեռյալներին այդ շուտափույթ:
Շարժվենք շուտով, բարեկամնե՛ր, որ չկանխեն նրանք և շուտ փախուստ չտան»:
Ասաց այդպես ու արտասվեց, կարեկցությամբ հուզվեց սիրտը աքեացոց,
Մինչ մոտեցան այնտեղ նրանց ինքը՝ Մեդոնն և երգիչը աստվածային,
Որ արքայի տնից եկան, երբ որ քունը նրանց թողեց ու հեռացավ:
{{տող|440}}Նրանք եկան ու կանգ առան մեջտեղն ուղիղ, և բոլորը խիստ զարմացան:
Մեդոնն այնժամ, որ խելացի մտքեր ուներ, դիմեց նրանց ու խոսք ասաg.
«Դուք ինձ հիմա ականջ դրեք, իթակեցիք: Ոդիսևսը, ահավասիկ,
Կատարեց գործն այդ ահավոր ոչ հակառակ կամքին անմահ աստվածների:
Ես ինքս անդ տեսա անմահ մի աստծու, որն առընթեր Ոդիսևսին
Կանգնած էր անդ՝ նմանվելով վեհ Մենտորի կերպարանքին,
Եվ այդ աստվածն այն ժամանակ, Ոդիսևսի առաջն ընկած, հանց առաջնորդ,
Քաջալերում էր նրան խիստ, վազվզելով դահլիճի մեջ՝ խոսնայրներին
Ահաբեկում, շփոթում էր, որոնք ընկնում, թափվում էին իրար վրա»։
Ասաց այդպես, և բոլորին դալուկ սարսափն իսկույն տիրեց,
{{տող|450}}Եվ բարբառեց այնժ այնտեղ Մաստորածին Հալիթերսեսը ծերունի.
Միակն էր նա, որ տեսնում էր ու լավ գիտեր և՛ անցյալը, և՛ ապագան:
Արդ, սա սրտանց, բարեխորհուրդ նրանց դիմեց ու խոսք ասաց.
«Հիմա դուք ինձ ականջ դրեք, իթակեցիք, թե ինչ պետք է ասեմ ես ձեզ.
Ձեր սեփական մեղքից է այդ, որ կատարվեց դաժան գործը, աղետը այս,
Քանզի ոչ ինձ, ոչ ազգապետ վեհ Մենտորին չլսեցիք,
Որ զսպեիք գեթ ձեր որդոց, թույլ չտայիք արարքները չար ու դժնի.
Գործեր արին նրանք անչափ նողկ, անօրեն, կատարեցին չար ոճիրներ
Եվ վատնեցին ու լափեցին գույքն ու գանձը վսեմագույն դյուցազունի,
Անարգեցին նրա կնոջն՝ զոր կարծելով, թե ետ չի գա նա հավիտյան։
Եվ այժմ, ահա, ինձ լսեցեք, թող կատարվի այն, ինչ կասեմ ես հիմա ձեզ.
{{տող|460}}Ո՛չ, չգնանք. թող որ ոչ ոք ինքն իր մեղքով մահտարաժամն իր չգտնի»։
Ասաց այդպես, և ժողովուրդը խառնամբոխ աղմկեց խիստ,
Նրա մեծ մասը վեր կացավ ու հեռացավ, բայց մնացին մյուսներն այնտեղ միահամուռ,
Քանզի բնավ նրանց սրտին խոսքն այդ չազդեց, այլ Եվպիթին հետևեցին,
Ուստի շուտով վազ տվեցին, որ զենք հագնեն պղնձակուռ,
Իսկ երբ արդեն լավ զինվեցին, հագան պղինձը շողշողուն,
Ամբոխախիտ հավաքվեցին քաղաքի մոտ լայնատարած:
Առաջնորդում էր Եվպիթը՝ անմիտ մի գործ որոճալով.
Կարծում էր նա, որ կլուծի վրեժն որդու սպանության, բայց չգիտեր,
Որ այլևս ետ չի դառնա ինքը իր տուն, այլ կգտնիՙ մահն իր դաժան։
 
{{տող|470}}Աթենասը այն ժամանակ Կրոնոսյան Զևսին դիմեց և խոսք ասաց,
«Ո՜վ ծնող հայր Կրոնոսյան, որ մեծագույնն և միշտ իշխող արքաներից,
Հայտնիր դու ինձ, այս իմ հարցին. ի՞նչ միտք ունես դու քո սրտում գաղտնի պահած,
Արդյոք ուզո՞ւմ ես նախճիրը շարունակել, այս ահավոր մարտը հուժկու
Թե՞ հարկավոր է հաստատել հաշտության սերը կողմերի մեջ այս երկու»:
Պատասխանեց նրան Զևսը ամպահալած և իր խոսքը այնպսս ասաց.
«Ո՜հ, զավակս, ինչո՞ւ ես դու հարցմունք անում ինձ այդ մասին,
Չէ՞ որ ինքդ, հենց դու անձամբ, մտածեցիր այն խորհուրդը իմաստալից,
Որ Ոդիսևսն, հայրենիքն իր ետ դառնալով, լուծի վրեժն իր նրանցից,
Ուստի վարվիր, ինչպես կուզես, բայց ասեմ քեզ, ո՛րն է այստեղ ավելի լավ.
{{տող|480}}Արդ քանի որ Ոդիսևսը աստվածազարմ սեղեխներից վրեժն առավ,
Թող որ երդմամբ հավատարիմ դաշինք կնքեն, որ միշտ լինի նա թագավոր,
Իսկ ես մահը նրանց որդոց, եղբայրների, այսուհետև
Մոռացության կտամ առմիշտ, թող նրանց մեջ առաջվա պես երն հաստատվի,
Թող երկիրը լիության մեջ հաշտ ու խաղաղբ արգավաճի»:
Այդպես ասաց, քաջալերվեց Աթենասը, քանզի ինքն էր ցանկանում այդ.
Ուստի նետվեց ու սլացավ օլիմպական գագաթներից դեպի երկիրը,
Մինչդեռ նրանք Լաերտի տանն, ինչպես հարկն է, ճաշում էին սրտահաճո:
Եվ խոսք ասաց այնտեղ այնժամ բազմահնար Ոդիսևսը աստվածազարմ,
«Թող մեկն իմ դուրս գա, տեսնի, մոտենո՞ւմ են արդյոք նրանք, մեր դեմ ելած»:
{{տող|490}}Ասաց ադպես, ու Դոլիոսի որդին վազեց, որ իմանա։
Գնաց, կանգնեց նա շեմքի մոտ և լավ տեսավ, որ շատ մոտ են նրանք արդեն,
Ուստի իսկույն նա ձայն տվեց Ոդիսևսին ու խոսքն ասաց այս թևավոր
«Այո՜, մոտ են նրանք արդեն, օն ա՜նդր, շո՜ւտ, զենքերն հագնենք մենք շուտափույթ»:
Ու վեր թռան բոլորն իսկույն, զենքերն հագան փութանակի՝
Ոդիսևսի հետ չորս հոգի և բացի այդ՝ վեց քաջ որդիք Դոլիոսի։
Նաև Լաերտն ու Դոլիոսը զենքերն հագան հոժարակամ,
Թեպետ և ծեր էին իրենք, բայց զինվեցին, հանց մարտիկներ։
Իսկ երբ արդեն այդպես հագան պղնձակուռ զենքն ու զրահը լուսաշող,
Դուռը բացվեց, և դուրս եկան բոլորն հապճեպ, Ողիսևսն էր առաջնորդող:
 
{{տող|500}}Եվ մոտեցավ այդ ժամանակ դուստրը Զևսի՝ Աթենասը, հանց զորավիգ,,
Որն իր ձայնով, կերպարանքով, նմանվել էր քաջ Մենտորին։
Նրան տեսավ ու խոր խնդաց բազմաչարչար Ոդիսևսը ատվածային
Եվ փութապես իր խոսքն ասաց Տելեմաքին, իր զավակին սիրատենչիկ.
«Տելեմաքո՜ս, քանի որ դու դուրս ես եկել ասպարեզն այս մարտակռվի,
Ինքդ գիտես, որ այժմ այստեղ մրցելու ես քաջարությամբ քաջերի հետ։
Ո՜հ, խայտառակ չանես տոհմը իմ պապերի, որոնք համայն երկրի վրա,
Ճակատներում քաջարությամբ և զորությամբ գերազանցել են բոլորին»։
Պատասխանեց իր հորն իսկույն և խոսք ասաց Տելեմաքոսը խորիմաց.
«Ո՜հ, սիրելիդ, իմ ծնող հայր, եթե սիրտդ ցանկանա այժմ, դու կտեսնես,
{{տող|510}}Որ պապերիդ տոհմը բնավ աստ խայտառակ ես չեմ անի»:
Ասաց այդպես, խնդաց Լաերտն ու բարբառեց իսկույն ևեթ.
«Ո՜հ, աստվածներ սիրանվեր, ի՞նչ օր է սա, որին հասա։ Ցնծում եմ ես,
Երբ իմ թոռը և իմ որդին մրցում են այժմ քաջարության փառքի համար»:
Այնժամ նրան, մոտենալով, այսպես ասաց Աթենասը պայծառաչյա.
«Ո՜վ Արկիսյան, որ ամենից ավելի շատ սիրելի ես դու իմ սրտին,
Արդ, օգնության կանչիր Զևսին և դստրիկին նրա խաժակն
Եվ ուժգնակի ճոճիր նիզակն երկնայնստվեր, ապա նետիր»։
Այդպես ասաց նրան Պալլաս Աթենասը և ներշնչեց մեծագույն ուժ,
Եվ նա իսկույն Զևսի դստերն անդ աղոթեց սրտանվեր ու ջերմեռանդ,
{{տող|520}}Ապա, նիզակն երկնայնստվեր հաղթ ճոճելով, նետեց ուժգին,
Զարկեց այդպես նա Եվպիթի պղնձակերտ սաղավարտին,
Չվրիպեց տեգը, հարկավ, այլ միջանցուկ պղինձն ուժգին ծակեց, անցավ.
Ցած գլորվեց Եվպիթն հուժկու, ու շառաչեց պղինձ զենքը նրա վրա։
Ոդիսևսն, իր ազնիվ որդին հարձակվեցին նախամարտիկ թշնամու դեմ
Եվ սկսեցին նրանց սով և երկսայրի նիզակներով ջախել, ջարդել։
Արդ, բոլորին պիտ ջարդեին, և ոչ մի մարդ տուն չէր դառնա այդ ժամանակ,
Եթե իսկույն Աթենասը՝ դուստրը Զևսի ասպարակիր,
Չաղաղակեր ահեղագոչ և չզսպեր ժողովրդին ամբոխասաստ.
«Շn՜ւտ կանգ առեք, իթակեցիք, դադար տվեք մարտակռվի արվահիրքին,
{{տող|530}}Որ շուտափույթ և անարյուն վերջ տանք մարտին այս անողոք»։
Աթենասը այդպես գոռաց, և դալկադեմ զարհուրանքը տիրեց նրանց.
Սարսափահար նրանց ձեռքից զենքերն անգամ ցած թափվեցին,
Ու ամեն ինչ աստվածուհու ահագնագոչ աղաղակից ընկավ գետին։
Ետ դառնալով՝ նրանք փախան դեպի քաղաք, որ գեթ այդպես փրկվեն մի կերպ,
Մինչ բազմափորձ աստվածազարմ Ոդիսևսը այնժամ գոռաց ահեղձայն
Եվ հարձակվեց ու հալածեց, հանց արծիվը բարձրաթռիչ։
Բայց այդ պահին Կրոնոսյանն իր հրաշեկ շանթը նետեց ծծմբախառն,
Որ և ընկավ Զևսի անհաղթ, զորավոր հոր դստեր առաջ:
Այդ միջոցին Ոդիսևսին պայծառաչյա Աթենասը այնպես ասեց.
{{տող|540}}«Դիցասնունդ Լաերտածին, ո՜վ Ոդիսևս ամենիմաց,
Շո՛ւտ դադարիր, այլև զսպիր կագն ու կռիվը չարաղետ,
Որպեսզի այժմ չզայրանա քո դեմ Զևսը, Կրոնոսյանն որոտաձայն»
Այդպես ասաց Աթենասը, Ոդիսևսը հնազանդվեց ուրախասիրտ։
Այդպես Պալլասն՝ վեհ Աթենասն, դուստրը Զևսի ասպարակիր,
Որ նմանվել էր Մենտորին կերպարանքով և իր ձայնով,
Թագավորի և ազգի մեջ անխախտ երդմամբ կնքեց դաշինք:
</poem>
96
edits