Changes
: Հիշե՛ք, ընկերներ, որ ոչինչ չի կարող սասանել ձեր հաստատակամությունը։ Ոչ մի փաստարկ չպետք է ձեզ ուղուց շեղի։ Մի՛ լսեք, երբ ձեզ հորդորեն, թե Մարդն ու կենդանիներն ընդհանուր շահեր ունեն, թե մեկի բարգավաճումը նաեւ մյուսների բարգավաճումն է։ Բոլորը սո՛ւտ է։ Մարդն ուրիշ ոչ մի էակի շահ չի հետապնդում, բացի իրենից։ Թող եւ մեր՝ կենդանիներիս միջեւ կատարյալ միասնություն տիրի, կատարյալ ընկերություն հանուն պայքարի։ Բոլոր մարդիկ թշնամիներ են։ Բոլոր կենդանիներն՝ ընկեր են։
: Այդ պահին իսկական մի իրարանցում սկսվեց։ Գնդապետի ճառի ընթացքում չորս մեծ առնետ դուրս էին սողացել իրենց ծակուռներից եւ հետեւի թաթերին նստած ականջ էին դնում։ Շները հանկարծ նկատել էին նրանց, եւ առնետներին փրկել էր միայն կայծակնային փախուստը։ Գնդապետը բարձրացրեց տոտիկը, լռության հրավիրելով։
: — Ընկերներ,— ասաց նա,— այդ հարցը պետք է քննել։ Արդյո՞ք վայրի էակները, ինչպես, օրինակ, առնետներն ու նապաստակները, մեր բարեկամն են, թե՞ թշնամին։ Եկեք քվեարկենք։ Ժողովին առաջարկում եմ են հետեւյան հարցը․ բարեկա՞մ են արդյոք առնետները։
: Տեղնուտեղը քվեարկելով, ճնշող մեծամասնությամբ որոշվեց, որ առնետները բարեկամ են։ Այլախոհներն ընդամենը չորսն էին՝ երեք շներն ու կատուն, որն, ինչպես պարզվեց հետագայում երկու կողմից էլ քվեարկել է։ Գնդապետը շարունակեց․
: — Ես ուրիշ ասելիք համարյա չունեմ։ Պարզապես կրկնում եմ՝ երբեք չմոռանաք մարդու եւ նրա հետ կապված ամեն ինչի հանդեպ թշնամության պատգամը։ Ամեն երկոտանի թշնամի է։ Ամեն չորքոտանի կամ թեւավոր՝ ընկեր է։ Հիշեցեք նաեւ, որ Մարդու դեմ պայքարելով, մենք չպետք է նմանվենք նրան։ Անգամ նրան նվաճելով, մի՛ որդեգրեք նրա արատները։ Ոչ մի կենդանի երբեւէ չպե՛տք է ապրի տան մեջ, կամ քնի անկողնում, հագուստ կրի, գործածի ոգելից խմիչքներ, ծխի, շփվի փողի հետ կամ առեւտուր անի։ Մարդու բոլոր սովորույթները չարիք են։ Եվ, ամենից կարեւորը՝ ոչ մի կենդանի երբեւէ չպե՛տք է բռնանա իր նմանների վրա։ Ուժեղ, թե տկար, խելոք, թե միամիտ, մենք բոլորս եղբայրներ ենք։ Ոչ մի անասուն երբեւէ չպե՛տք է սպանի մի ուրիշ անասունի։ Բոլոր կենդանիները հավասար են։