Changes

Վերադարձ ԽՍՀՄ֊ից

Ավելացվել է 49 131 բայտ, 00:36, 12 Հուլիսի 2013
:   Երբ մարդուն պարտադրում են հետեւել որեւէ նշանաբանի, ապա նրա միտքն առնվազն զգում է, որ ազատ չէ։ Բայց եթե նա այնպես է ձեւված, որ նույնիսկ չի էլ սպասում նշանաբանին՝ պատասխանելու համար, միտքը կորցնում է անգամ իր ստրկացման գիտակցությունը։ Կարծում եմ՝ շատ կզարմանային երիտասարդ խորհրդային քաղաքացիները եւ կառարկեին, եթե նրանց ինչ֊որ մեկն ասեր, թե իրենք ազատ չեն մտածում։ Եվ քանի որ միշտ լինում է այնպես, որ մենք որոշ առավելությունների արժեքը հասկանում ենք միայն դրանք կորցնելուց հետո, անհրաժեշտ է մեկ անգամ լինել ԽՍՀՄ֊ում (կամ Գերմանիայում անկասկած), որպեսզի գնահատենք մտքի այն անգին ազատությունը, որ մենք դեռ ունենք Ֆրանսիայում եւ որը երբեմն չարաշաում ենք։
:   Լենինգրադում ինձ խնդրեցին մի փոքրիկ ճառ պատրաստել գրականագետների եւ ուսանողների մի ժողովում արտասանելու համար։ Ես ընդամենը ութ օր էր, ինչ գտնվում էի ԽՍՀՄ֊ում եւ նոր֊նոր էի փորձում ծանոթանալ միջավայրին, ուստի իմ տեքստը ներկայացրի X֊ի եւ Y֊ի դատին։ Նրանք ինձ անմիջապես հավատացրին, որ այդ տեքստը չի համապատասխանում ոչ ճիշտ ուղղությանը, ոչ էլ ճիշտ տոնին, եւ որ այն, ինչ ես պատրաստվում էի ասել, շատ անպատշաճ կթվա։ Է՜հ, գրողը տանի, ես դա ինքս էլ ըմբռնեցի հետագայում։ Եվ հետո այդ ճառն արտասանելու առիթ էլ չունեցա։ Ահա այն․ «Ինձ շատ հաճախ կարծիք են հարցրել ԽՍՀՄ֊ի արդի գրականության վերաբերյալ։ Կուզենայի բացատրել, թե ինչու եմ հրաժարվել այդ մասին արտահայտվելուց։ Դա ինձ միեւնույն ժամանակ թույլ կտա լուսաբանել իմ այն ճառի որոշ կետեր, որ ես արտասանել եմ Կարմիր հրապարակում, Գորկու հուղարկավորության հանդիսավոր օրը։ Այնտեղ ես խոսում էի նոր խնդիրների մասին, որոնք ծագել էին խորհրդային հանրապետությունների հաղթանակի հետեւանքով․ խնդիրներ, որոնց մասին ասում էի, թե պատմության մեջ դրանց ստեղծումն ու մեր խորհրդածությանն առաջադրումը ԽՍՀՄ֊ի ամենամեծ ձեռքբերումներից չէր։ Քանի որ մշակույթի ապագան, ըստ իս, սերտորեն կապված է այդ խնդիրների լուծման հետ, անօգուտ չեմ համարում վերադառնալ դրանց եւ տալ որոշ ճշգրտումներ»։
:………………………………………………………………………………………………………
:   «Մարդկանց մեծամասնությունը, անգամ եթե այն կազմված է լավագույն ներկայացուցիչներից, երբեք չի ծափահարում որեւէ գործի նոր, հավանական, ապշահար եւ ապշեցուցիչ կողմերին, այլ միայն նրան, ինչ արդեն ճանաչում է նրա մեջ, այսինքն՝ պարզունակությանը։ Ինչպես կան բուրժուական պարզունակություններ, այնպես էլ կան հեղափոխական պարզունակություններ, շատ կարեւոր է համոզվել դրանում։ Կարեւոր է համոզվել, որ այն, ինչ նրանում համապատասխանում է որեւէ ուսմունքի, թեկուզ լինի ամենաառողջ եւ ամենաամուր հաստատված ուսմունքը, երբեք այն չէ, ինչը կազմում է արվեստի գործի խոր արժեքը, եւ ոչ էլ այն, ինչը նրան թույլ կտա գոյատեւել։ Նա կգոյատեւի միայն այն դեպքում, երբ առաջադրի նոր հարցումներ՝ կանխելով ապագայի հարցումները, երբ այն տա դեռեւս չծագած հարցերի պատասխանները։
:   Վախենում եմ, որ մեծ թվով գործեր, որոնք ամողջությամբ ներծծված են զուտ մարքսիստական ոգով եւ որին էլ պարտական են իրենց այսօրվա հաջողությամբ, ապագայի մարդկանց համար հիվանդանոցային անտանելի հոտ արձակեն։ Եվ ես կարծում եմ, որ ամենաարժեքավոր գործերը կլինեն միայն նրանք, որոնք կկարողանան ազատվել նման մտահոգություններից։
:   Ինչ վերաբերում է այսպես կոչված հայելու գրականությանը, այսինքն այն, որը սահմանափակվում է միայն հասարակության, իրադարձությունների, դարաշրժանի պարզ արտացոլանքը լինելով, ապա ես արդեն ասել եմ իմ կարծիքը։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ինքնահայեցողությունը (եւ ինքնազմայլումը) կարող թ լինել դեռ շատ երիտասարդ հասարակության առաջին հոգսը, բայց շատ ցավալի կլիներ, որ այդ առաջին հոգսը լիներ նրա միակն ու վերջինը։</ref>
 
==VI==
:&nbsp;&nbsp;&nbsp;Սեւաստոպոլ՝ մեր ճանապարհորդության վերջին փուլը։ Անշուշտ ԽՍՀՄ֊ում կան անչափ հետաքրքիր ու գեղեցիկ քաղաքներ, բայց դեռ ոչ մի տեղ ես այդպես չէի զգացել, թե որքան կարող ես հրապուրվել։ Սեւաստոպոլում ես գտա մի հասարակություն, որը պակաս ապահովված եւ ընտիր էր, քան Սուխումի կամ Սոչիի հասարակությունը, բայց դա ողջ ռուսական կյանքն էր իր թերություններով եւ, ավաղ, տառապանքներով, նրա հաղթանակների ու նվաճումների կողքին, որոնք ավելի մեծ երջանկություն են բերում կամ խոստանում մարդուն եւ օրերին զուգընթաց լույսը մեղմացնում է ստվերը կամ, ընդհակառակը, ավելի թանձրացնում է այն։ Բայց այդ ողջ մռայլ պատկերը, որ ես տեսնում էի այնտեղ, ճիշտ նույնքան, որքան ամենալուսավոր տեսարանը, ինձ երբեմն ցավագնորեն կապում էր այդ երկրին, այդ միացյալ ժողովուրդներին, այդ նոր կլիմային, որը նպաստավոր էր ապագայի համար եւ որի բեղուն գրկում կարող էր ծլարձակել ամենաանհուսալի սերմը… Այդ ամենը ես պիտի լքեի։
:&nbsp;&nbsp;&nbsp;Եվ արդեն ինձ ճնդում էր դեռեւս անհայտ մի տագնապ։ Ի՞նյ պիտի ասեի՝ Փարիզ վերադառնալով, ի՞նչ պատասխանեի այն հարցերին, որ արդեն կանխազգում էի։ Ինձնից, անկասկած, մի ամբողջ շարք դատողություններ էին սպասում։ Ինչպե՞ս բացատրեի այն բարոյական ջերմությունն ու սառնությունը, որ միմյանց հերթագայելով՝ պատել էին ինձ ԽՍՀՄ֊ում։ Մի՞թե մեկ անգամ եւս պնդելով իմ սերը՝ պիտի թաքցնեի այն, ինչ կուտակվել էր իմ մեջ, եւ ստեի՝ գովաբանելով ամեն ինչ։ Ո՛չ, ես չափազանց լավ էի գիտակցում, որ այդպես վարվելով՝ կդավաճանեի ԽՍՀՄ֊ին եւ այն գաղափարին, որի կրողն էր նա մեր բոլորի աչքին։ Բայց եւ մեծ սխալ կլիներ այդ երկուսը կապակցել միմյանց այնպես, որ գաղափարը պատասխանատու լիներ այն ամենի համար, ինչից մենք դժգոհում ենք ԽՍՀՄ֊ում։
:&nbsp;&nbsp;&nbsp;Այն օգնությունը, որ ԽՍՀՄ֊ը վերջերս ցուցաբերեց Իսպանիային, խոսում է այն մասին, թե դեռ ինչպիսի քայլերի է ընդունակ նա։
:&nbsp;&nbsp;&nbsp;ԽՍՀՄ֊ը չի դադարել մեզ դասեր տալուր եւ զարմացնելուց։
 
==Հավելված==
=== I — Հակակրոնական պայքար ===
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Ես չեմ եղել Մոսկվայի հակակրոնական թանգարաններում, բայց այցելել եմ Լենինգրադինը՝ տեղադրված Սուրբ Իսահակի տաճարում, որի ոսկյա գմբեթը հոյակապ շողարձակում է քաղաքի վրա։ Տաճարի արտաքին տեսքն իսկապես գեղեցիկ է, սակայն ներսը սոսկալի է։ Այնտեղ պահպանված մեծածավալ սրբապատկերները իրենց տեսքով կարող են միայն ցատկատախտակի դեր կատարել աստվածանարգությունների համար։ Նրանք իսկապես վանող են։ Թանգարանի տեսքն ընդհանուր առմամբ պակաս հանդուգն է, քան սպասում էի։ Այնտեղ գիտությունը հակադրված է կրոնական առասպելին։ Ցիցերոնները հանձն են առել օգնել ծույլ մտքերին այնտեղ, որտեղ համոզելու համար բավական չեն օպտիկական գործիքները, աստղաբաշխական, բնապատմական, անատոմիական կամ վիճակագրական ցուցապաստառները։ Այդ ամենը դեռ զուսպ է եւ ոչ շատ սպանիչ։ Դա վաելի շուտ Ռեկլյու է եւ Ֆլամարիոն, քան Լեո Տաքսիլ։ Տերտերներն, օրինակ, լավ օգտվում են դրանից։ Բայց մի քանի օր առաջ Լենինգրադի արվարձաններում, Պետերգով տանող ճանապարհին պատահաբար հանդիպեցի մի տերտերի, իսկական տերտերի։ Միայն նրա տեսքն ավելի պերճախոս էր, քան ԽՍՀՄ֊ի բոլոր հակակրոնական թանգարանները։ Հանձն չեմ առնում այն նկարագրել։ Հրեշավոր, վանող ու ծիծաղելի այդ մարդն ասես հորինված էր բոլշեւիզմի կողմից որպես խրտվիլակ՝ ընդմիշտ խրտնեցնելու գյուղական վայրերի բարեպաշտ զգացումները։
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Դրան հակառակ չեմ կարողանում մոռանալ եկեղեցու դռնապահ մի հոգեւորականի հրաշագեղ դեմքը։ Այդ եկեղեցին մենք այցելեցինք X… ժամանելուց առաջ։ Ինչպիսի՜ արժանապատվություն կար նրա քայլվածքում, ինչպիսի՜ ազնվություն՝ դիմագծերում, ինչպիսի՜ տխրամած եւ հաշտված հպարտություն։ Ոչ մի խոսք, ոչ մի նշան նա չուղղեց մեզ, ոչ մի հայացք չփոխանակեցինք։ Առանց նրա գիտության, նրան դիտելով մտածում էի ավետարանական «tradebat autem»֊ի մասին, որից ներշնչվում էր Բոսյուեն ինքը։
:&nbsp;&nbsp;&nbsp;Սեւաստոպոլի մերձակա Խերսոնեսի հնագիտական թանգարանը նույնպես գտնվում է եկեղեցում<ref>Սոչիի մոտակայքում գտնվող մի եկեղեցում մենքի ականատես եղանք պարի դասի։ Գլխավոր զոհասեղանի տեղում զույգեր էին պտտվում ֆոքստրոտի կամ տանգոյի հնչյունների տակ։</ref>։ Որմնանկարներն այնտեղ պահպանվել են, անկասկած, իրենց վանող տգեղության շնորհիվ։ Դրանց բացատրական ցուցանակներ են փակցրել։ Քրիստոսի մի պատկերի վերեւում, օրինակ, կարելի է կարդալ․ «Առասպելական կերպար, որ երբեք գոյություն չի ունեցել»։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ես չեմ կարծում, թե ԽՍՀՄ֊ը խելացի է վարել այս հակակրոնական պատերազմը։ Մարքսիստներին թույլատրվում էր հիմնվել միայն պատմությանը եւ, դխտելով Քրիստոսի աստվածային էությունն ու մինչեւ իսկ գոյությունը, մերժելով եկեղեցու դրույթները, սրբազերծելով Հայտնությունը, խիստ նյութապաշտորեն եւ քննադատաբար մոտենալ մի ուսմունքի, որն այսուհենդերձ մի նոր հույս էր բերում աշխարհին եւ ամենաարտառոց հեղափոխական խմորիչն էր, որ կարելի էր պատկերացնել այն ժամանակներում։ Նրան թույլատրվում էր ասել այն, ինչում եկեղեցին ինքը դավաճանել էր նրան, եւ որով Ավետարանի այդ ազատագրական ուսմունքը, ավա՜ղ, եկեղեցու իսկ մեղսակցությամբ, կարող էր տեղի տալ իշխանության վատթարագույն չարաշահումների։ Ցանկացած միջոց ավելի լավ էր, քան լռության մատնելն ու ժխտելը։ Միակ բանը, որ նրանք կարող էին անել, ձեւացնելն էր, թե իբր այն բոլորովին չի եղել, եւ անգիտությունը, որի մեջ այդ հարցում նրանք պահում են ժողովրդին, թողնում է նրան առանց քննադատական պաշտպանության՝ չպատվաստված մի միստիկական համաճարակի դեմ, որից միշտ պետք է վախենալ։
:&nbsp;&nbsp;&nbsp;Կա նաեւ (սկզբում ես իմ քննադատությունը ներկայացրի ամենանեղ կողմով) հարցի գործնական կողմը։ Ավետարանի եւ նրանից բխող ամեն ինչի անգիտությունն ու ժխտումը, անշուշտ, չի կարող ինչ֊որ բանով չաղքատացնել մարդկությունն ու մշակույթը։ Չէի կամենա, որ ինձ կասկածեին անաչառության մեջ եւ այստեղ տեսնեին իմ անձնական համոզմունքի կամ կրթության նշանները։ Ես նույնը կասեի եւ հունական առասպելների մասին, որոնք, իմ կարծիքով, նույնպես օժտված են խոր եւ հարատեւ դաստիարակչական բնույթով։ Ինձ անհեթեթ է թվում դրանց հավատալը, բայց եւ նույնքան անհեթեթ է նրանց մեջ պարունակվող ճշմարտության հատիկը ժխտել եւ կարծել, թե դրանց հետ բոլոր հաշիվները կարող ենք փակված համարել՝ թեթեւակի ժպտալով եւ ուսեր թոթվելով։ Ինչ վերաբերում է այն արգելակմանը, որ կրոնը կարող է բերել մտքի զարգացման ընթացքին եւ այն յուրահատուկ ծալքին, որ ուղեղում կարող է առաջացնել հավատը, ապա դրանք լավ եմ ճանաչում եւ կարծում եմ, որ լավ է այդ ամենից ազատել նոր մարդուն։ Ես ընդունում եմ նաեւ, որ սնոտիպաշտությունը, օժանդակելով տերտերներին, գյուղերում եւ այլուր (ես այցելել եմ կայսրուհու պալատները) պահպանում է մի սարսափելի բարոյական տիղմ, եւ հասկանում եմ, որ նրանք կարիք են զգում մեկընդմիշտ մաքրել այդ ամենը։ Գերմանացիներն այս դեպքի համար ունեն մի հիանալի արտահայտություն, որի ֆրանսերեն համարժեքը ապարդյուն փորձում եմ գտնել․ «Երեխային դուրս նետեցին լողատաշտակի ջրի հետ»։ Իրերը չզանազանելու եւ յափազանց մեծ շտապողականության արդյունք։ Հնարավոր է, որ լողատաշտակի ջուրը կեղտոտ ու գարշահոտ է եղել, եւ ինձ համար դժվար չէ դրանում համոզվելը, այնքան կեղտոտ նույնիսկ, որ երեխային էլ են մոռացել եւ ամեն ինչ թափել են առանց ստուգելու։
:&nbsp;&nbsp;&nbsp;Եվ երբ հիմա լսում եմ, որ հաշտված ժողովուրդը հանդուրժողականորեն վերաձուլում է զանգերը, վախենում եմ, որ դա դառնա նոր սկիզբ, եւ նորից հաշտակը լցվի կեղտաջրով… այս անգամ առանց երեխայի։
 
=== II — Օստրովսկի ===
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Օստրովսկու մասին ես կարող եմ խոսել միայն խորագույն հարգանքով։ Եթե մենք ԽՍՀՄ֊ում չլինեինք, կասեի, որ նա սուրբ է։ Կրոնն ավելի պայծառ դեմքեր չի ունեցել։ Նա միակը չէ, որ նման անձանց ծնունդ կարող է տալ։ Օստրովսկին դրա ապարույցն է։ Խորին համոզմունքը բավական է այստեղ, առանց ապագա փոխհատուցման, քան խստագույն պարտականություն կատարած լինելու բավարարման զգացումը։
:&nbsp;&nbsp;&nbsp;Դժբախտ պատահարի հետեւանքով Օստրովսկին կորցրեց տեսողությունը եւ ամբողջովին հաշմանդամ դարձավ… Թվում է, թե զրկվելով արտաքին աշխարհի հետ բոլոր կապերից եւ ասես ի վիճակի չլինելով հող գտնել ընդարձակվելու համար, Օստրովսկու հոգին ձգվել է դեպի վեր։
:&nbsp;&nbsp;&nbsp;Մենք շտապում ենք նրա մահճակալի մոտ, որը նա արդեն վաղուղ չի լքել։ Ես նստում եմ նրա սնարի մոտ, մեկնում ձեռքս, որ նա բռնում է, կամ, ավելի ճիշտ, խլում է, ինչպես կյանքի մեկնած մի հենարան, եւ մեկ ժամ տեւած մեր այցելության ողջ ընթացքում նրա նիհար մատներն անդադար շոյում են իմ մատները, հյուսվում նրանց՝ ինձ հաղորդելով նրա համակրանքի դողդոջ շունչը։
:&nbsp;&nbsp;&nbsp;Օստրովսկին ոչինչ չի տեսնում, սակայն նա խոսում է, լսում, նրա միտքը սրվում է, քանզի երբեք ոչինչ չի շեղում այն, բացի թերեւս ֆիզիկական ցավից։ Բայց նա չի տրտնջում, եւ նրա նիհար, գեղեցիկ դեմքը դեռ կարողանում է ժպտալ՝ չնայած դանդաղ հոգեվարքին։
:&nbsp;&nbsp;&nbsp;Սենյակը, որտեղ նա պառկած է, լուսավոր է, բաց պատուհաններից ներս է հորդում թռչունների երգը, այգու ծաղիկների բույրը։ Ի՜նչ խաղաղ է այստեղ ամեն ինչ։ Մայրը, քույրը, ընկերները, այցելուները լուռ նստած են նրա մահճակալից ոչ հեռու՝ լսելով մեզ եւ երբեմն֊երբեմն որոշ գրառումներ անելով մեր խոսակցությունից։ Ես ասում եմ Օստրովսկուն, թե ինչպիսի արտառոց ուժ է հորդում իմ մեջ նրա ներկայությունից։ Բայց այդ գովեստն ասես անհանգստություն է պատճառում նրան․ հիանալ պետք է ԽՍՀՄ֊ով, նրա կատարած մեծ գործերով․ նրան միայն դա է հետաքրքրում, ոչ անձամբ ինքը։ Երեք անգամ հրաժեշտ եմ տալիս՝ վախենալով նրան հոգնեցնել, քանզի կարող եմ ենթադրել, թե որքան հյուծող է նման երկարատեւ խանդավառությունը։ Բայց նա ինձ խնդրում է քիչ էլ մնալ․ զգում եմ, որ խոսելու կարիք ունի։ Նա կշարունակի խոսել եւ մեր գնալուց հետո․ իսկ խոսել նրա համար նշանակում է թելադրել։ Հենց այդպես է նա գրել իր կյանքի մասին պատմող գիրքը։ Նա ինձ ասում է, որ հիմա մի ուրիշ գիրք է թելադրում։ Առավոտից մինչեւ երեկո եւ մինչեւ ուշ գիշեր նա աշխատում է։ Թելադրում է անդադար։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ես վեր եմ կենում, ի վերջո, հեռանալու համար։ Նա խնդրում է ինձ համբուրել իրեն։ Ես շրթունքներս հպելով նրա ճակատին՝ հազիվ եմ զսպում արցունքներս։ Ինձ հանկարծ թվում է, թե ես նրան ճանաչում եմ վաղուց, թե հեռանում եմ ընկերոջս մոտից։ Ինձ թվում է նաեւ, որ մահամերձի եմ հրաժեշտ տալիս… Բայց ինձ ասում են, որ արդեն մի քանի ամիս է, ինչ նա ասես քայլ առ քայլ մոտենում է մահվանը, եւ միայն եռանդն է այդ խարխուլ մարմնում պահպանում հանգչող կրակը։
 
=== III — Կոլտնտեսություն ===
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Ուրեմն, մեկ օրվա ծախսը կազմում է 16.50 ֆրանկ։ Բայց կոլտնտեսության բրիգադիրը, որի հետ երկար զրուցում եմ, մինչ իմ ընկերները գնում են լողանալու (այս կոլտնտեսությունը ծովափին է), ինձ բացատրում է, որ այն, ինչ կոչվում է «աշխատանքային օր», պայմանական չափի միավոր է, եւ որ լավ բանվորը կարող է մի օրում կատարել կրկնակի կամ նույնիսկ եռակի «աշխատանքային օր»<ref>Այս հաշվարկներում «օրերը» ենթարկվում են տասնորդական բաժանումների։</ref>։ Նա ինձ ցույց է տալիս անհատական օրագրերը, հաշվարկման թղթերը, որոնք բոլորն անցնում են նրա ձեռքի տակով։ Այնտեղ հաշվի է առնվում ոչ միայն քանակությունը, այլ նաեւ աշխատանքի որակը։ Օղակավարները նրան հաշվետվություն են տալիս, եւ դրանց հիման վրա նա կազմում է վճարման փաստաթղթերը։ Դա բավականաչափ բարդ հաշվապահություն է պահանջում, եւ նա չի թաքցնում, որ փոքր֊ինչ գերհոգնած է, բայց եւ այնպես շատ գոհ է, քանզի ակտիվ անձնակազմի համար արդեն հաշվվում է երեք հարյուր աշխատանքային օր՝ տարվա սկզբից (հիմա օգոստոսի 3֊ն է)։ Այդ բրիգադի ավագը ղեկավարում է 56 մարդ։ Նրանց եւ իր միջեւ կան առանձին օղակների ավագներ։ Այսպիսով, ստեղծվում է աստիճանակարգ։ Սակայն «աշխատանքային օրվա» հիմնավճարը նույնն է բոլորի համար։ Բացի այդ, յուրաքանչյուրն ունի սեփական այգի, որը մշակում է կոլտնտեսության աշխատանքը ավարտելուց հետո։
:&nbsp;&nbsp;&nbsp;Այդ աշխատանքի համար սահմանված ժամեր չկան․ յուրաքանչյուրը, եթե այլ շտապ գործ չունի, աշխատում է, երբ կամենա։
:&nbsp;&nbsp;&nbsp;Դա ինձ ստիպում է մտածել, թե արդյոք սա այն կոլտնտեսականներից չէ, որոնք ավելի քիչ են մատակարարում, քան «աշխատանքային օրվա» նախատեսված միջին քանակը։ Բայց ոչ, այդպես չի պատահում, պատասխանում են ինձ։ Այդ «աշխատանքային օրը» ոչ թե միջին, այլ շատ հեշտ ստացվող նվազագույն չափն է։ Ավելին, չափազանց ալարկոտներն արագ հեռռացվում են կոլտնտեսությունից, որի առավելություններն այնքան մեծ են, որ յուրաքանչյուրը, ընդհակառակը, ձգտում է մտնել այնտեղ, դառնալ նրա անդամը։ Բայց իզուր, կոլտնտեսականների թիվը սահմանափակ է։
:&nbsp;&nbsp;&nbsp;Այդ արտոնյալ կոլտնտեսականները, փաստորեն, ամսական վաստակում են 600 ռուբլի։ «Որակյալ» բանվորները երբեմն ավելին են ստանում։ Իսկ «ոչ որակյալները», որոնք մեծ թիվ են կազմում, օրական ստանում են 5֊6 ռուբլի<ref>Պե՞տք է արդյոք հիշեցնել, որ տեսականորեն ռուբլին հավասար է 3 ֆրանսիական ֆրանկի, այսինքն՝ օտարերկրացին, գալով ԽՍՀՄ, 3 ֆրանկով գնում է յուրաքանչյուր ռուբլու թղթադրամը։ Բայց ռուբլին իր գնողունակությամբ բոլորովին չի գերազանցում ֆրանկին։ Ավելին, որոշ ապրանքներ (եւ ամենաանհրաժեշտները) դեռ շատ բարձր գին ունեն (ձու, կաթ, միս, հատկապես կարագ եւ այլն), ինչ վերաբերում է հագուստին…</ref>։ Հասարակ աշխատավորներն ավելի քիչ են վաստակում։
:&nbsp;&nbsp;&nbsp;Թվում է՝ պետությունը կարող էր ավելին վճարել։ Բայց քանի դեռ սպառման առաքվող հումքի քանակը չի ավելացել, աշխատավարձի ավելացումը կհանգեցնի միայն գների աճի։ Իսկ դա ամեն դեպքում անընդունելի է։
:&nbsp;&nbsp;&nbsp;Մինչ այդ աշխատավարձի տարբերությունները լավ մասնագիտացման շահագրգռվածություն են առաջացնում։ Աշխատուժը չափազանց շատ է, պակասում են մասնագետները, ղեկավար ուժերը։ Պետությունը ոչինչ չի խնայում այդպիսիներին ձեռք բերելու համար, եւ թերեւս ոչինչ ինձ այնքան չի հիացնում ԽՍՀՄ֊ում, որքան կրթության հնարավորությունները, որոնք արդեն համարյա ամենուր դրված են ամենաաննշան աշխատավորների տրամադրության տակ՝ թույլ տալով (եւ միայն նրանց) դուրս գալ անհուսալի վիճակից։
 
=== IV — Բոլշեվո<ref>Հետագայում ես իմացա, որ այդ օրինակելի Բոլշեւո քաղաքում բնակության ընդունվում էին միայն հանցագործմատնիչները։</ref> ===
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Ես այցելեցի Բոլշեւո։ Սկզբում այն ընդամենը մի գյուղակ էր եէել, որը ինչ֊որ մեկի հրամանով, Գորկու նախաձեռնությամբ վեց տարի առաջ բուսնել էր մի ակնթարթում։ Այսօր այն բավական կարեւոր քաղաքներից է։
:&nbsp;&nbsp;&nbsp;Բոլշեւոն առանձնահատուկ է նրանով, որ բոլոր բնակիչները նախկին հանցագործներ են․ գողեր, նույնիսկ մարդասպաններ… Քաղաքի ձեւավորմանն ու կառուցմանը հիմք էր հանդիսացել այն միտքը, որ հանցագործները զոհեր են, ճիշտ ճանապարհից շեղված մարդիկ, եւ որ խելացի վերադաստիարակությունը նրանց կարող է դարձնել հրաշալի սովետական քաղաքացիներ։ Բոլշեւոն դրա խոսուն ապացույցն է։ Քաղաքը ծաղկում է։ Այնտեղ կառուցված շատ գործարաններ արագ դարձել են օրինակելի նմուշներ։
:&nbsp;&nbsp;&nbsp;Բոլշեւոյի բոլոր բնակիչները ուղղվել են առանց որեւէ հսկողության եւ դարձել եռանդուն, կարգապահ, խաղաղ աշխատավորներ՝ չափազանց հետեւողական բարիքների մեջ եւ համակված կրթվելու ցանկությամբ, որի համար բոլոր միջոցներն ունեն իրենց տրամադրության տակ։ Եվ միայն նրանց գործարանները չեն, որ հիացնում են ինձ, այլեւ նրանց հավաքույթի վայրերը, ակումբը, գրադարանը եւ մյուս բոլոր հաստատությունները, որոնք իսկապես ավելի լավ հնարավոր չէ պատկերացնել։ Զուր էինք այդ նախկին հանցագործների դեմքին, շարժումների եւ խոսքի մեջ փնտրում նրանց անցյալ կյանքի հետքը։ Չէր կարող լինել ավելի դաստիարակիչ, հանգստացնող ու քաջալերիչ բան, քան այդ այցելությունը։ Նրանց օրինակը մեզ համոզում էր, որ բոլոր հանցանքների մեջ պետք է մեղադրել ոչ թե մարդուն, որը կատարում է դրանք, այլ հասարակությանը, որը դրդում է գործել այդ ոճիրները։ Նրանցից մեկին, իսկ հետո մեկ ուրիշին շնդրեցինք խոստովանել անցյալի հանցանքները, պատմել, թե ինչպես է դարձի եկել եւ ընդունել նոր վարչակարգի գերազանցությունը, ինչ անձնական բավականություն է ստանում դրան ենթարկվելուց։ Որքան էլ տարօրինակ լինի, բայց դա ինձ հիշեցրեց այն դաստիարակիչ խոստովանությունները, որ ես երկու տարի առաջ լսել էի Թաունում, օքսֆորդյան շարժման կողմնակիցների մեծ ժողովի ժամանակ։ «Ես մեղսագործ էի եւ դժբախտ, ես չարիք էի գործում, բայց հիմա հասկացել եմ, փրկվել, երջանիկ եմ»։ Եվ այդ ամենը շատ անմիջական, նույնիսկ պարզունակ ձեւով՝ չբավարարված թողնելով հոգեբաններին։ Բայց դա չի խանգարում, որ Բոլշեւոն մնա այն ամենաարտառոց նվաճումներից մեկը, որով կարող է պարծենալ երիտասարդ խորհրդային պետությունը։ Չգիտեմ, այլ երկրներում մարդը կարո՞ղ է լինել նույնքան դյուրաթեք։
 
=== V — Բեսպրիզորնիկները<ref>Անտեր երեխաներ։</ref> ===
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Հույս ունեի, թե այլեւս բեսպրիզորնիների չէի տեսնի։ Սեւաստոպոլը լիքն է նրանցով։ Ինձ ասացին, որ Օդեսայում նրանք ավելի շատ են։ Բեսպրիզորնիներն այլեւս նույնը չեն, ինչ սկզբանական ժամանակներում։ Այսօր նրանց ծնողները գուցե դեռ կենդանի են․ այդ երեխաները փախել են իրենց հայրերի գյուղից՝ երբեմն արկածներ որոնելու ցանկությամբ, բայց ավելի հաճախ այն պատճառով, որ նրանք չեն պատկերացնում, թե որեւէ այլ տեղ կարող են նույնքան թշվառ ու քաղցած լինել, որքան իրենց տանը։ Ոմանք տասը տարեկան չկան։ Բեսպրիզորնիները տարբերվում են նրանով, որ ավելի շատ են հագնված (չեմ ասում ավելի լավ), քան մյուս երեխաները։ Դա նշանակում է, որ իրենց հագին է ողջ ունեցվածքը։ Մյուս երեխաները շատ հաճախ շրջում են հասարակ անդրավարտիքով (հիմա ամառ է եւ սարսափելի շոգ)։ Նրանք մերկիրան, բոկոտն շրջում են փողոցներում, եւ դա միշտ չէ, որ պետք է աղքատնության նշան համարել։ Նրանք լողում են ծովում, դուրս գալիս ջրից, հետո նորից վերադառնում։ Ունեն իրենց տունը, որտեղ կարող են թողնել մյուս զգեստները, անձրեւային օրերի, ձմեռվա համար նախատեսված հագուստը։ Իսկ բեսպրիզորնին անօթեւան է։ Վարտիքից բացի նա սովորաբար ունենում է ցնցոտի դարձած բաճկոն։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ես չգիտեմ, թե ինչով են ապրում բեսպրիզորնիները։ Գիտեմ միայն, որ եթե նրանց ինչ֊որ կերպ հաջողվում է հաց գնել, ուղղակի խժռում են։ Անկախ ամեն բանից մեծամասնությունը զվարթ է, բայց ոմանք էլ ասես արդեն հալվում են ոտքի վրա։ Մենք զրուցում ենք շատերի հետ, ձեռք բերում նրանց վստահությունը։ Երեխաները, ի վերջո, մեզ ցույց են տալիս այն վայրը, որտեղ հաճախ քնում են, երբ եղանակը հարմար չէ դրսում գիշերելու համար։ Դա Լենինի մի հուշարձանի մոտերքում է, նավերի բեռնման առափնյա փողոցի վրա բացված գեղեցիկ, սյունազարդ սրահի տակ։ Ձախ կողմը ծով իջնող սրահի հենաշենքի նման ինչ֊որ բանի մեջ կա փոքրիկ փայտե մի դուռ, որը հրելու փոխարեն քաշում ես դեպի քեզ (ինչպես արեցի ես մի առավոտ, երբ այդտեղով շատ մարդ չէր անցնում, քանզի վախենում էի բացահայտել նրանց թաքստոցը եւ պատճառ դառնալ նրանց վտարմանը), եւ ես հայտնվեցի որմի մեծության եւ առանց ծածկի մի ապաստարանում, որտեղ տեսա կատվի նման պայուսակի վրա կծկված ու քնած մի փոքրիկ սոված երեխայի։ Ծածկեցի դուռը, որպեսզի չխանգարեմ նրա քունը։
:&nbsp;&nbsp;&nbsp;Մի առավոտ մեզ ծանոթ բեսպրիզորնիները չէին երեւում (նրանք սովորաբար թափառում են քաղաքային զբոբայգու շրջակայքում)։ Հետո նրանցից մեկը, որին մնեք այնուհանդերձ գտանք, հայտնեց, որ ոստիկանությունը շուրջկալ էր կազմակերպել ու բռնել բոլորին։ Ի դեպ, իմ ընկերներից երկուսը ներկա էին եղել այդ շուրջկալմանը։ Մի միլիցիոներ, որին նրանք հարցաքննել էին, պատասխանել էր, որ երեխաները կհանձնվեն որեւղ պետական հաստատության։ Հաջորդ օրը բոլորը նորից այնտեղ էին։ Ի՞նչ էր պատահել․ «Մեզ չուզեցին ընդունել»,— ասացին մանկիկները։ Արդյոք իրե՞նք էին հրաժարվել ենթարկվել պարտադիր կարգուկանոնին եւ նորից փախել։ Ոստիկանության համար դժվար չէր լինի կրկին բռնել։ Թվում է՝ երեխաները ուրախ պիտի լինեին, որ ինչ֊որ մեկն ուզում է իրենց դուրս բերել այդ թվշառությունից, բայց գուցե նրանք թշվառության մեջ ունեցած իրենց ազատությունը գերադասում են նրանից, ինչ առաջարկվել էր։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ես տեսա, թե ինչպես էին քաղաքացիական զգեստոգ երկու ոստիկաններ տանում մի շատ փոքրիկ, հազիվ ութ տարեկան մանչուկի։ Նրանք երկուսով էին, քանզի փոքրիկը դիմադրում էր վայրի գազանիկի նման, հեծկլտում էր, ճչում, թափահարում ոտքերը, կծում… Մոտ մի ժամ անց նույն տեղով անցնելիս տեսա նույն մանչուկին՝ հանդարտված։ Նստած էր մայթին։ Ոստիկաններից մեկը կանգնել էր նրա մոտ եւ խոսում էր հետը։ Փոքրիկն այլեւս չէր փորձում փախչել, նա ժպտում էր ոստիկանին։ Հետո մի մեծ բեռնատար մեքենա մոտեցավ ու կանգ առավ։ Ոստիկանը օգնեց երեխային բարձրանալ, բայց ո՞ւր գնացին նրանք։ Չգիտեմ։ Ես պատմում եմ այս աննշան իրադարձությունը, քանզի ԽՍՀՄ֊ում շատ քիչ բան ինձ հուզեց այնպես, ինչպես այն մարդու վերաբերմունքը երեխայի նկատմամբ, նրա ձայնի համոզկեն մեղմությունը (ա՜հ, որքան կկամենայի հասկանալ, թե ինչ էր նա ասում), նրա գորովալից ժպիտը, շոյիչ քնքշությունը, որով ձեռքերի մեջ առավ երեխային… Ես հիշում էի Դոստոեւսկու «Մուժիկ Մարեյը»<ref>Մի գրողի օրագիրը։</ref>․ արժեր ԽՍՀՄ գալ դա տեսնելու համար։
 
==Լրացումներ իմ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից գործին (հունիս 1937)==
 
===I===
 
:Իմ «Վերադարձ ԽՍՀՄ֊ից»֊ի հրապարակումից հետո գլխիս վիրավորանքների հեղեղ տեղաց։ Ինձ հատկապես մեծ ցավ պատճառեց այն, որ վիրավորողների մեջ էր Ռոմեն Ռոլանը։ Ես շատ ծանոթ չեմ նրա գրվածքներին, բայց միշտ մեծ հարգանք եմ ունեցել նրա բարոյական անհատականության հանդեպ։ Հենց այդ պատճառով էլ ինձ մեծ վիշտ պատճառեց նրա վարմունքը․ որքա՜ն սակավ են նրանք, ովքեր հասնում են ծերության՝ առանց ցույց տալու իրենց մեծության ծայրահեղ կողմերը։ Կարծում եմ, որ «Բախումներից վեր»֊ի հեղինակը խիստ կդատեր ծերացած Ռոլանին։ Այդ արծիվն արդեն հյուսել է իր բույնը եւ հիմա հանգչում է այնտեղ։
:&nbsp;&nbsp;&nbsp;Հայհոյողների մեջ եղան եւ մի քանի բարեհաճ քննադատներ։ Այս գիրքը գրում եմ ի պատասխան նրանց։
:&nbsp;&nbsp;&nbsp;Նրանցից մեկը՝ Պոլ Նիզանը, շատ խելացի մի անձնավորություն, ինձ յուրահատուկ նկատողություն արեց․ «ԽՍՀՄ֊ը ներկայացրել է որպես քարացած մի երկիր, որտեղ այլեւս ոչինչ չի փոխվում»։ Չգիտեմ, թե որտեղ է նման բան տեսել։ Ճիշտ է, ես ասել եմ, որ ԽՍՀՄ֊ը փոխվում է ամսեամիս։ Եվ հենց դա է ինձ վախեցնում։ Ամսեամիս փոխվում է Խորհրդային պետությունը, գնում է դեպի վատը։ Ավելի ու ավելի է հեռանում այն պատկերացումներից, որ մենք ունեինք նրա ներկայի ու ապագայի վերաբերյալ։
 
:***
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Անտարակույս ես հիանում եմ ձեր հաստատուն վստահությամբ եւ ձեր սիրով (ասում եմ առանց հեգնանքի), բայց, այնուհանդերձ, խոստովանեք, ընկերներ, որ սկսում եք անհանգստանալ։ Դուք շարունակ մեծացող տագնապով (օրինակ, մոսկովյան դատավարություններից հետո) մտածում եք, թե մինչեւ երբ հարկ կլինի լռել ու հավանություն տալ։ Վաղ թե ուշ ձեր աչքերը կբացվեն, ստիպված կլինեն բացվել։ Այդ ժամանակ դուք՝ ազնիվներդ, հարց կտաք ինքներդ ձեզ, թե ինչպես եք կարողացել այդքան երկար փակ պահել<ref>Ա՜հ, որքան շատ են այդ ազնիվ հոգիները, որոնք սկսում են տանջվել, որոնք ավելի ու ավելի կտանջվեն, մինչեւ ստիպված լինեն, ի վերջո, ընդունել սխալը։
:&nbsp;&nbsp;&nbsp;«Լինելով նախկին կոմունիստական ակտիվիստ, խորհրդային պաշտոնյա, որը երեք տարուց ավելի աշխատել է մամուլում՝ պրոպագանդայի ապարատում եւ ձեռնարկությունների տեսչութչունում, ես ներքին ծանր պայքարից եւ իմ կյանքի ամենաբուռն հակամարտություններից հետո գալիս եմ նույն եզրակացությունների, ինչ որ դուք»— գրում է ինձ Ա․ Ռուդոլֆը՝ Abschied Sovietrussland֊ի հեղինակը։</ref>։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ասենք ազնիվներից առավել քաջատեղյակ անձինք չեն էլ վիճարկում իմ հավաստիացումները։ Նրանք բավարարվում են բացատրություններ փնտրելով եւ տալով։ Այո, բացատրություններ, որոնք միաժամանակ լինեն ողբալի իրադրության արդարացումները։ Քանզի նրանց համար խնդիրը միայն այն չէ, որ ցույց տան, թե ինչպես են հասել այդ իրավիճակին, (ինչը, ըստ էության, հեշտությամբ հասկանալի է), այլ, որ ապացուցեն, թե ճիշտ է եղել դրան հասնելը կամ գոնե նրա միջով անցնելը՝ սկզբում, իհարկե, ավելի լավ ժամանակների սպասումով։ Նաեւ ապացուցեն, որ այն ճանապարհը, որով ընթանում են նրանք՝ երես թեքելով սոցիալիզմից եւ Հոկտեմբերյան հեղափոխությունից, այնուամենայնիվ տանում է դեպի կոմունիզմ, որ այլ ճանապարհ չկա, եւ որ այդ ես եմ, որ ոչինչ չեմ հասկանում։
 
:***
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Մակերեսային քննությունն, հապճեպ դատողություն՝ ասել են իմ գործի մասին։ Կարծես հենց առաջին հայացքից չէր, որ ԽՍՀՄ֊ը թովում էր մեզ եւ միայն ավելի խոր թափանցելով չէր, որ տեսանելի էր դառնում նրա մեջ եղած ողջ վատթարագույնը։ Որդը միշտ մրգի խորքերում է թաքնվում։ Բայց երբ ձեզ ասացի, որ այդ խնձորը որդնած է, դուք ինձ մեղադրեցիք պարզ չտեսնելու կամ խնձորներ չսիրելու մեջ։
:&nbsp;&nbsp;&nbsp;Եթե ես բավարարվեի միայն հիանալով, դուք ինձ չէիք հանդիմանի մակերեսայնության մեջ, եւ սակայն, հենց այդ դեպքում դրան արժանի կլինեի։
 
:***
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Ինձ ծանոթ են ձեր քննադատությունները։ Համարյա նույն խոսակցությունն էր ծավալվել իմ «Ճանապարհորդություն Կոնգոյում» եւ «Վերադարձ Չադից» գրքերի շուրջ։ Այն ժամանակ ինձ առարկում էին, որ․
:&nbsp;&nbsp;&nbsp;1. Չարաշահումները, որոնց մասին խոսում էի, եզակի ու անհետեւանք դեպքեր են (քանզի չէին կարող ամբողջությամբ ժխտել)։
:&nbsp;&nbsp;&nbsp;2. Արդի պետությամբ հիանալու համար բավական էր այն համեմատել նախորդի՝ նվաճումից առաջ եղածի հետ (ուզում էի ասել հեղափոխությունից առաջ)։
:&nbsp;&nbsp;&nbsp;3. Այն ամենը, ինչ ես ողբալի էի համարում, ուներ խոր պատճառներ, մի բան, որն անընդունակ էի եղել հասկանալ․ ժամանակավոր չարիք՝ առավել մեծ բարիքի սպասումով։
:&nbsp;&nbsp;&nbsp;Այն ժամանակ բոլոր քննադատությունները, հարձակումներն ու վիրավորանքները գալիս էին աջերից, իսկ դուք՝ ձախերդ, բոլորովին չէիք հոգում որեւէ նշանակություն տալ իմ բացահայտ «անիրավասությանը», դուք չափազանց երջանիկ էիք, որպեսզի անմիջապես կառչեիք իմ հայտարարություններից, քանզի դրանք ձեռնտու էին ձեզ եւ օգտակար։ Եվ ճիշտ նույն կերպ այսօր եւս ինձ չէիք հանդիմանի իմ «անիրավասության» համար, եթե միայն գովաբանեի ԽՍՀՄ֊ը եւ հայտարարեի, որ այնտեղ ամեն ինչ հրաշալի է։
:&nbsp;&nbsp;&nbsp;Դա չխանգարեց (եւ ինձ համար միայն դա է կարեւոր), որ Կոնգոյի հետախուզական ծառայություններն հետագայում հաստատեին այն ամենը, ինչ ես ասել էի։ Նույն կերպ եւ այն անթիվ վկայությունները, որ հասնում են ինձ՝ զեկույցներ, անկողմնակալ դիտորդների հաղորդագրություններ (որքան էլ, որ նրանք «ԽՍՀՄ֊ի մեծ բարեկամներ» լինեին կամ եղած լինեին այնտեղ այցելելուց առաջ) գալիս էին հաստատելու ԽՍՀՄ֊ի ներկա դրության վերաբերյալ իմ հավաստիացումները եւ ավելի ուժեղացնելու իմ մտավախությունները։
 
:***
 
:&nbsp;&nbsp;&nbsp;«Ճանապարհորդություն Կոնգոյում»֊ի մեծագույն թերությունն ու խոցելի կողմն այն էր, որ ես չէի կարող բացեիբաց նշել իմ ցուցմունքների աղբյուրները եւ, այդպիսով, ինձ հանդիմանողներին տալ նրանց անունները, ովքեր, վստահելով իմ զսպվածությանը, խոսել էին, կամ հնարավորություն էին տվել ծանոթանալ այնպիսի փաստաթղթերի, որոնք սովորաբար գերադասում են ցույց չտալ եւ որոնք ես իրավունք չունեի բացահայտել։
 
===II===
 
:&nbsp;&nbsp;&nbsp;Ինձ մեղադրել են, որ ես չափազանց փոքր հիմքերից հսկայական դատողություններ եմ բխեցրել, չհիմնավորված հավաստիացումներ եւ հապճեպ եզրակացություններ արել։ Այն փաստերը, որ ես մեջ էի բերում, եւ որոնք արձանագրել էի, գուցե եւ ճշգրիտ էին բայց եզակի դեպքեր էին եւ ոչինչ չէին ապացուցում։
:&nbsp;&nbsp;&nbsp;Իմ դիտարկումներից ես հրապարակել եմ միայն ամենատիպականները (ավելի ուշ կներկայացնեմ մի քանիսը)։ Ես կարծում էի, որ անօգուտ էր գիրքը զեկույցներով, թվերով ու վիճակագրությամբ ծանրաբեռնելը․ նախ, որովհետեւ ինձ համար կանոն էի մշակել՝ երբեք չօգտվել որեւէ տեղեկությունից, եթե ինքս անձամբ չէի տեսել կամ լսել, հետո, որովհետեւ շատ չեմ վստահում պաշտոնական թվերին, եւ հատկապես որովհետեւ այդ թվերից ու «ցուցմունքներից» (որ ես, ի դեպ, ուսումնասիրել եմ), կարելի էր գտնել եւ այլուր։ Բայց քանի որ ինձ խնդրում են, կտամ մի քանի ճշգրիտ տեղեկություններ։
:&nbsp;&nbsp;&nbsp;Ֆերնան Գրենիեն, Ժան Պոնսը եւ պրոֆեսոր Ալեսանդրին միասին ճանապարհորդում էին կարծեմ հարյուր հիսունինը ուղեկիցներով, որոնք բոլորն էլ իրենց նման «ԽՍՀՄ֊ի բարեկամներն» էին։ Զարմանալի չէ, որ այդ երեք մեղադրողների վկայությունները (մեղադրյալը ես եմ) ընդհանրություններ ունեն։ Այն թվերը, որ նրանք բերում էին իմ սխալն ապացուցելու համար, նույնն են․ թվեր, որ նրանց տրամադրել են, եւ որ նրանք ընդունել են առանց վերստուգման։
:&nbsp;&nbsp;&nbsp;Կաշխատեմ բացատրել, թե որքան վատ են նրանք գլուխ հանում այն թվերից, որ տալիս են նրանց այլ վկաներ՝ անկասկած ավելի քաջատեղյակ, քանզի երկար աշխատել են ԽՍՀՄ֊ում եւ ժամանակ են ունեցել թափանցել «տակի ոլորտները», մինչդեպ այդ հարյուր վաթսուներկու ուղեւորներն ընդամենն անցել են այնտեղով։ Նրանց ճանապարհորդությունը տեւել է քսան օր, որից միայն տասնչորսը՝ Ռուսաստանում, օգոստոսի 14֊ից 28֊ը։ Այդ կարճ ժամանակամիջոցում նրանք հասցրել են շատ բան տեսնել․ բայց միայն այն, ինչ նրանց ցույց են տվել։ Նրանցից (նկատի ունեմ իմ երեք մեղադրողներին) ոչ մեկը ռուսերեն չգիտեր։ Հուսով եմ, նրանք ինձ թույլ կտան իմ հերթին մակերեսային համարել նրանց հայտարարությունները։ Ինչպես արդեն ասել եմ, քանի դեռ A. E. F.֊ում ճանապարհորդում էի «ուղեկիցների» հետ, ամեն ինչ հրաշալի էր թվում։ Իրականությունը ես հայտնաբերեցի միայն այն ժամանակ, երբ թողեցի ղեկավարների մեքենան եւ որոշեցի միայնակ շրջել երկրում, ոտքով, որպեսզի կարողանամ այդ վեց ամիսների ընթացքում ուղղակի հաղորդակցության մեջ մտնել տեղացիների հետ։
:&nbsp;&nbsp;&nbsp;Օ՜հ, Աստված վկա, ես էլ եմ ԽՍՀՄ֊ում տեսել այդ մոդել֊գործարանները, ակումբները, դպրոցները, կուլտուրայի այգիները, մանկապարտեզները, ինձ էլ են հիացրել դրանք, եւ այնուամենայնիվ, ի տարբերություն Գրենիեի, Պոնսի ու Ալեսանդրիի, եւ ուզում էի, որ ինձ գայթակղեն, որպեսզի իմ հերթին գայթակղեի ուրիշներին։ Եվ քանի որ գայթակղելն ու գայթակղվելը հույժ հաճելի բան են, կկամենայի, որ նշված պարոնայք համոզվեն, թե այդ գայթակղությանը հակառակվելու համար պետք է որ շատ անառարկելի պատճառներ ունենայի։ Եվ որ ես դա չեմ անում «մակերեսայնորեն», ինչպես ասում են նրանք։
 
***
<references/>