Changes
: Բոլորը հրաժեշտ տվեցին երջանիկ տնատիրոջը, եւ Քրիստոֆեր Ռոբինը գնաց ճաշելու Դնչիկի ու Թուխի հետ։ Ճանապարհին բարեկամները պատմեցին նրան, թե ինչպիսի Սարսափելի Սխալ են թույլ տվել, եւ երբ Քրիստոֆեր Ռոբինը վերջացրեց ծիծաղելը, նրանք երեքով երգեցին Ճանապարհային Աղմուկիկը Ձյունոտ Եղանակի համար, եւ երգում էին ամբողջ ճանապարհին, ընդ որում, Դնչիկը, որի ձայնը մի քիչ կտրված էր, միայն տիրլիմ֊բոմ֊բոմ էր ասում։
: «Իհարկե, թվում է, տիրլիմ֊բոմ֊բոմ անելը հասարակ բան է, — ինքն իրեն մխիթարում էր Դնչիկը, — բայց բոլորը չէ, որ կարող են այդ անել»։
==ԳԼՈՒԽ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ==
::Որտեղ անտառ է
:::գալիս Վագրը եւ
:::նախաճաշում է
: Կեսգիշերին Վինի֊Թուխը հանկարծ արթնացավ ու ականջները սրեց։ Հետո անկողնուց վեր կացավ, վառեց մոմը եւ մոտեցավ պահարանին՝ ստուգելու, արդյոք որեւէ մեկը չի՞ փորձում ներս մտնել։ Բայց պահարանում ոչ ոք չկար, եւ նա լրիվ հանգստացած մոմը մարեց ու կրկին անկողին մտավ։ Եվ այստեղ նա նորից Կասկածելի Ձայն լսեց, այն նույն ձայնը, որ նրան արթնացրել էր։
: — Այդ դո՞ւ ես, Դնչի՛կ, — հարցրեց Թուխը։
: Բայց Դնչիկը չէր։
: — Ներս արի, Քրիստոֆեր Ռոբի՛ն, — ասաց Թուխը։ Բայց Քրիստոֆեր Ռոբինը ներս չեկավ։
: — Վաղը կպատմես, Իա, — քնկոտ ձայնով ասաց Թուխը։
: Բայց ձայնը չէր կտրվում։
: — ՌՌՌՌՌ, — ասում էր Հայտնի Չէ Ով, եւ Թուխը հանկարծ զգաց, որ ինքը բոլորովին չի ուզում քնել։
: «Ի՞նչ կարող է լինել, — մտածեց նա։ — Մեր Անտառում շատ ձայներ կան, բայց սա ինչ֊որ շատ տարօրինակ ձայն է։ Սա ոչ երգեցողություն է, ոչ ֆսֆսոց, ոչ էլ նույնիսկ խռմփոց… Նույնիսկ բանաստեղծության նման էլ չէ։ Սա ինչ֊որ շատ անծանոթ աղմուկ է, եւ աղմկում է մի անծանոթ գազան։ Իսկ ամենից կարեւորն այն է, որ նա աղմկում է իմ դռան մոտ։ Երեւի պետք է վեր կենալ ու խնդրել նրան, որ վերջ տա»։
: Վինին վեր կացավ անկողնուց եւ դուռը բացեց։
: — Ողջո՛ւյն, — ասաց նա, դիմելով Հայտնի Չէ Թե Ում։
: — Ողջո՛ւյն, — պատասխանեց Հայտնի Չէ Թե Ով։
: — Այ քեզ բա՛ն, — ասաց Թուխը։ — Ողջո՛ւյն։
: — Ողջո՛ւյն։
: — Ա՜խ, այդ դո՞ւ ես, — ասաց Թուխը։ — Ողջո՛ւյն։
: — Ողջո՛ւյն, — պատասխանեց օտար Գազանը, տարակուսելով, թե մինչեւ երբ է շարունակվելու ողջույնների փոխանակությունը։
: Թուխն էլ հենց այն է, պատրաստվում էր չորրորդ անգամ ասել՝ «Ողջույն», բայց մտածեց, որ թերեւս չարժե եւ դրա փոխարեն հարցրեց․
: — Ո՞վ ես դու։
: — Ես եմ, — պատասխանեց Ձայնը։
: — Մի՞թե, — ասաց Թուխը։ — Լավ, նե՛րս արի։
: Հայտնի Չէ Թե Ովը ներս եկավ, եւ մոմի լույսի տակ Թուխն ու նա աչքերը իրար վրա չռեցին։
: — Ես Թուխն եմ, — ասաց Վինի֊Թուխը։
: — Իսկ ես՝ Վագրը, — ասաց Վագրը։
: — Իսկապե՞ս, — ասաց Թուխը։ (Չէ՞ որ նա դեռ երբեք այդպիսի գազան չէր տեսել)։ — Իսկ Քրիստոֆեր Ռոբինը գիտե՞ քո մասին։
: — Իհարկե, գիտե՛, — ասաց Վագրը։
: — Դե, — ասաց Թուխը, — հիմա կեսգիշե է, իսկ դա ամենահարմար ժամանակն է քնելու համար։ Իսկ առավոտյան նախաճաշին մենք մեղր ունենք։ Վագրերը մեղր սիրո՞ւմ են։
: — Նրանք ամեն ինչ են սիրում, — ուրախ ասաց Վագրը։
: — Ուրեմն, քանի որ նրանք սիրում են հատակին քնել, ես նորից անկողնում կպառկեմ, — ասաց Թուխը, — իսկ վաղը կզբաղվենք մեր գործերով։ Բարի գիշեր։
: Եվ նա անկողին մտավ ու շուտով քնեց։
: Առավոտյան, երբ Վինի֊Թուխն արթնացավ, Վագրը արդեն նստած էր հայելու առաջ եւ իրեն էր դիտում։
: — Բարի լույս, — ասաց Թուխը։
: — Բարի լույս, — պատասխանեց Վագրը։ — Այստեղ ինչ֊որ մեկը կա, ճիշտ եւ ճիշտ ինձ նման։ Իսկ ես կարծում էի, միայն ես եմ այսպիսին։
: Թուխը իջավ մահճակալից եւ սկսեց բացատրել, թե ինչ բան է հայելին։ Բայց նա հազիվ էր ամենահետաքրքիր տեղին հասել, երբ Վագրը ասաց․
: — Մի րոպե՛։ Ների՛ր, խնդրում եմ, բայց այնտեղ ինչ֊որ մեկը սեղանիդ վրա է բարձրանում… ՌՌՌՌՌ, — գռմռաց նա, բռնեց սփռոցի ծայրից, քաշեց հատակին, երեք տակ փաթաթվեց նրա մեջ, գլորվեց մինչեւ սենյակի անկյունը եւ հուսահատ պայքարից հետո սփռոցի տակից հանեց գլուխն ու զվարթ հարցրեց․ — Դե, ո՞վ հաղթեց։ Ե՞ս։
: — Դա իմ սփռոցն է, — ասաց Թուխը, սփռոցը բարձրացնելով հատակից։
: — Երբեք մտքովս չէր անցնի, որ սրան այդպես են անվանում, — ասաց Վագրը։
: — Սա փռում են սեղանին, իսկ հետո վրան ափսեներ են շարում։
: — Իսկ դա ինչո՞ւ էր ուզում կծել ինձ, երբ ես չէին նայում։
: — Չեմ կարծում, թե ուզում էր կծել։
: — Ուզում էր, — ասաց Վագրը, — բայց դա ո՜վ է, որ չափվի ինձ հետ։
: Թուխը սփռոցը փռեց սեղանին, սփռոցի վրա մի մեծ կճուճ մեղր դրեց, եւ նրանք նստեցին նախաճաշելու։
: Հենց որ նստեցին, Վագրը բերանը մեղրով լցրեց… եւ գլուխը ծռած նայեց առաստաղին։ Հետո չփչփոց լսվեց, զարմացած չփչփոց, եւ մտահոգ չփչփոց, եւ վերջապես մի չփչփոց, որ նշանակում էր․ «Հետաքրքիր է, այս ի՞նչ են մեզ հրամցրել»։
: Իսկ հետո վճռական ձայնով ասաց․
: — Վագրերը մեղր չե՛ն սիրում։
: — Ա՛յ,ա՛յ֊ա՛յ, — ասաց Թուխը, աշխատելով ձեւացնել, թե խիստ վշտացել է։ — Իսկ ես կարծում էի Վագրերը ամեն ինչ սիրում են։
: — Ամեն ինչ, բացի մեղրից։
: Մեր մեջ ասած, Վինի֊Թուխը կարգին ուրախացել էր, ուստի շտապեց հայտնել Վագրին, որ հենց ինքը Թուխը նախաճաշը վերջացնի, միասին հյուր կգնան Դնչիկին, եւ Դնչիկը երեւի իրենց կաղին կհյուրասիրի։
: — Շնորհակալություն, Թուխ, — ասաց Վագրը, — որովհետեւ Վագրերը ամենից շատ հենց կաղին են սիրում։
: Եվ ահա նախաճաշից հետո նրանք հյուր գնացին Դնչիկին։ Ճանապարհին Թուխը բացատրում էր, որ Դնչիկը Շատ Փոքր Արարած է եւ չի սիրում, երբ ոստնում են իր վրա, այնպես որ ինքը Թուխը խնդրում է Վագրին առաջին ծանոթության ժամանակ գոնե քիչ ոստնել, իսկ Վագրը, որ ամբողջ ճանապարհին մեկ թաքվում էր մեկ թաքնվում էր ծառերի հետեւում, մեկ հանկարծ դուրս թռչում դարանից, փորձելով բռնել Թուխի ստվերը, երբ նա չէր նայում, պատասխանում էր, որ Վագրերը ոստնում են մինչեւ նախաճաշը, բայց հենց որ մի քիչ կաղին ուտեն, դառնում են Խաղաղ ու Հարգալից։ Այսպես աննկատ նրանք շուտով հասան Դնչիկի տանն ու բախեցին դուռը։
: — Բարեւ, Թո՛ւխ, — ասաց Դնչիկը։
: — Բարեւ, Դնչի՛կ։ Սա Վագրն է։
: — Ի֊ի֊իսկապե՞ս, — հարցրեց Դնչիկը եւ աթոռի հետ միասին անցավ սեղանի մյուս կողմը։ — Ես չգիտեի, որ Վագրերն այդքան մե՛ծ են լինում։
: — Հայ֊հա՜յ, դու դեռ մեծերին չես տեսել, — ասաց Վագրը։
: — Վագրերը կաղին են սիրում, —ասաց Թուխը, — դրա համար էլ քեզ մոտ եկանք։ Որովհետեւ խեղճ Վագրը մինչեւ հիմա դեռ չի նախաճաշել։
: Դնչիկը Վագրի առաջ մի զամբյուղ կաղին դրեց ու ասաց․ « Հյուրասիրվեք, խնդրեմ», իսկ ինքը ամուր սեղմվեց Թուխին, իրեն ավելի քաջ զգաց, ու նույնիսկ համարձակվեց ասել․ «Ուրեմն, դո՞ւ ես Վագրը։ Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ», ընդ որում, համարյա ուրախ ձայնով։
: Բայց Վագրը չպատասխանեց, որովհետեւ նրա բերանը լցված էր կաղինով… Նա բավականին երկար բարձրաձայն ծամում ու խրթխրթացնում էր, իսկ հետո ասաց․
: — Միրո մի մի րերո՛։
: — Իսկ երբ Թուխն ու Դնչիկը հարցրեցին․ «Ի՞նչ, ի՞նչ», նա ասաց․
: — Միրո մի պե պապե՛, — ու դուրս վազեց։
: Համարյա նույն պահին էլ նա հետ եկավ ու համոզված հայտարարեց․
: — Վագրերը կաղին չե՛ն սիրում։
: — Իսկ դու ասում էիր, նրանք ամեն ինչ սիրում են, բացի մեղրից։
: — Ամեն ինչ, մեղրից ու կաղինից բացի՛, — բացատրեց Վագրը։
: Թուխը ասաց․ «Ա֊ա՜, հասկանալի է», իսկ Դնչիկը, որ մի քիչ էլ ուրախ էր, որ Վագրերը կաղին չեն սիրում, հարցրեց․
: — Իսկ տատասկափուշ սիրո՞ւմ են։
: — Տատասկափո՞ւշ, — ասաց Վագրը, — իհարկե՛, Վագրերը աշխարհում ամենից շատ հենց տատասկափուշ են սիրում։
: — Ուրեմն, գնանք Իայի մոտ, — առաջարկեց Դնչիկը։
: Եվ երեքով ճանապարհ ընկան։ Նրանք գնում էին, գնում ու գնում եւ վերջապես հասան այնտեղ, ուր ապրում էր Իան։
: — Բարեւ, Իա, — ասաց Թուխը։ — Սա Վագրն է։
: — Ո՞րը, սա՞, — հարցրեց Իան։
: — Սա՛, — միաբերան բացատրեցին Դնչիկն ու Թուխը, իսկ Վագրը մինչեւ ականջները լայն ժպտաց ու ոչինչ չասաց։
: Իան երկու անգամ պտտվեց Վագրի շուրջը՝ սկզբում մի կողմից, հետո՝ մյուս։
: — Ասացիք ինչպե՞ս է սա կոչվում, — իր զննումները վերջացնելուց հետո հարցրեց նա։
: — Վագր։
: — Հը՛մ, — ասաց Իան։
: — Նա քիչ առաջ է եկել, — բացատրեց Դնչիկը։
: — Հը՛մ, — կրկնեց Իան։
: Որոշ ժամանակ նա մտորում էր, ապա հարցրեց․
: — Իսկ ե՞րբ է գնալու։
: Թուխը սկսեց Իային բացատրել, որ Վագրը Քրիստոֆեր Ռոբինի լավ բարեկամն է ու այսուհետեւ ընդմիշտ ապրելու է Անտառում, իսկ Դնչիկը բացատրում էր Վագրին, որ Իայի ասածներից նա չպետք է նեղանա, որովհետեւ նա, այսինքն, Իան, միշտ է այդպես մռայլ, իսկ Իա֊Իան բացատրում էր Դնչիկին, որ ընդհակառակը, այսօր իր տրամադրությունը արտասովոր բարձր է, իսկ Վագրը բացատրեց բոլորին ու ամեն մեկին առանձին, որ ինքը մինչեւ հիմա չի նախաճաշել։
: — Վա՜յ, այդպես էլ գիտեի, որ կմոռանամ, — վերջապես ասաց Թուխը։ — Վագրերը միայն տատասկափուշ են ուտում, դրա համար էլ եկել ենք քեզ մոտ։
: — Շնորհակալություն, Թուխ, զգացված եմ քո ուշադրությունից։
: — Օ՛յ, Իա, չէի ուզում ասել, որ քեզ չէինք ուզում տեսնել…
: — Հասկանալի է, հասկանալի։ Մի խոսքով, ձեր նոր շերտավոր բարեկամը նախաճաշել է ուզում։ Միանգամայն բնական է։ Ասում եք, ո՞նց են նրան մեծարում։
: — Վագր։
: — Արի մի տեսնեմ, Վագր։
: Իան Վագրին առաջնորդեց տատասկափշի ամենափշոտ թփի մոտ։
: — Այս թուփը ես խնամքով պահում էի ծննդյանս օրվա համար, — ասաց նա, — բայց վերջ ի վերջո ի՞նչ բան է ծննդյան օրը․ այսօր կա, իսկ վաղը՝ հետքն էլ չես գտնի։ Խնդրեմ, Վագր, հյուրասիրվիր։
: Վագրը շնորհակալություն հայտնեց ու անվճռական նայեց Թուխին։
: — Տատասկափուշը սա՞ է, — շշնջաց նա։
: — Այո, — ասաց Թուխը։
: — Այն, որ Վագրերն աշխարհում ամենից շատ են սիրո՞ւմ։
: — Միանգամայն ճիշտ է, — ասաց Թուխը։
: — Պարզ է, — ասաց Վագրը։
: Եվ նա խիզախորեն մի հաստ ճյուղ պոկեց, գցեց ատամի տակ ու բարձրաձայն խրթխրթացրեց։ Բայց անմիջապես էլ նստեց տեղում եւ թաթը բերանը տարավ։
: — Վա՛յ֊վա՛յ֊վա՛յ, — — ասաց նա։
: — Ի՞նչ պատահեց, — հարցրեց Թուխը։
: — Մրմռո՛ւմ է, — փնթփնթաց Վագրը։
: — Ձեր բարեկամը, — ասաց Իան, — երեւի մեղու է կուլ տվել։
: Թուխի բարեկամը մի պահ դադարեցրեց գլուխը թափ տալը (նա փորձում էր փշերը հանել) եւ բացատրեց, որ Վագրերը տատասկափուշ չեն սիրում։
: — Այդ դեպքում միտք ունե՞ր փչացնել այս հոյակապ նմուշը, — խստորեն հարցրեց Իան։
: — Ախր դու ինքդ էիր ասում, — սկսեց Թուխը, — ինքդ էիր ասում, որ Վագրերը սիրում են ամեն ինչ, բացի մեղրից ու կաղինից։
: — Եվ տատասկափշի՛ց, — բացականչեց Վագրը, լեզուն դուրս գցած, հսկայական պտույտներ գործելով նրա շուրջը։
: Թուխը տխուր նրան նայեց։
: — Հիմա ի՞նչ պիտի անենք, — հարցրեց նա Դնչիկին։
: Դնչիկը գիտեր, թե ինչ պիտի անեն։
: Առանց երկար֊բարակ մտածելու նա ասաց, որ հարկավոր է գնալ Քրիստոֆեր Ռոբինի մոտ։
: — Նրան դուք կգտնեք Կենգուի տանը, — ասաց Իան, հետո գլուխը մոտեցրեց Թուխի ականջին ու բարձրաձայն շշնջաց․ — Արդյոք չե՞ք կարող խնդրել ձեր բարեկամին, որ նա իր սպորտային վարժությունները մեկ այլ վայր տեղափոխի։ Այսօր ես մտադիր եմ ճաշել եւ ամենեւին չեմ ուզում, որ իմ ճաշը տրորեն ոտքերով։ Սա, իհարկե, չնչին բան է, կարելի է ասել՝ քմահաճույք, բայց մեզնից ով կարող է հպարտանալ, որ ինքը զերծ է այդ փոքրիկ թուլությունից։
: Թուխը լուրջ տեսքով գլխով արեց ու կանչեց Վագրին։
: — Գնացինք։ Մենք գնում ենք Կենգուի մոտ։ Նրա տանը քեզ համար ինչպիսի նախաճաշ ասես կգտնվի։
: Վագրը ավարտեց վերջին պտույտը եւ վազեց Թուխի մոտ։
: — Մրմռո՛ւմ է, — բացականչեց նա, լայն ու բարեհամբույր ժպտալով։ — Գնացի՛նք, — եւ առաջ վազեց։
: Դնչիկն ու Թուխը դանդաղ քայլում էին նրա հետեւից։ Ճանապարհին Դնչիկը չէր խոսում, որովհետեւ ոչ մի բան էլ չէր կարողանում մտածել, իսկ Թուխը լուռ էր, որովհետեւ նոր բանաստեղծություն էր հորինում, եւ երբ վերջապես բանաստեղծությունը պատրաստ էր, նա սկսեց․
:<poem>
:Խեղճ Վագրի հետ ո՞նց վարվենք,
:Ինչպե՞ս փրկենք նրան,
:Չի՛ մեծանում, չի՛ աճում,
:Չի՛ ուտում ոչ մի բան։
:Ոչ քաղցր մեղր է ուտում,
:Ոչ էլ համեղ կաղին,
:Մի խոսքով՝ ոչի՛նչ, ոչի՛նչ,
:Ինչ որ՝ մարդիկ կարգին։
:Հրաժարվեց նույնիսկ
:Տատասկափուշ ծամել,
:Տեսե՛ք, տեսե՛ք, թե ո՛նց են
:Բոլորն իրար անցել։
:Ինչպե՞ս վարվենք Վագրի հետ,
:Պետք է նրան փրկել,
:Վագրին շատ է անհրաժեշտ,
:Մի քիչ հասակ առնել։
:</poem>
: — Բայց նա առանց այդ էլ շա՜տ խոշոր է, — բացականչեց Դնչիկը։
: — Իսկ իրականում դեռ այդքան մեծ չի։
: — Բայց նա շատ մեծ է թվում։ Պարզապես հսկայակա՛ն։
: Այս լսելուց հետո Թուխը մտքի մեջ ընկավ ու մռթմռթաց ինքն իրեն․
:<poem>
:Չգիտեմ, նա քանի Մետր է,
:Քանի Լիտր ու Կիլոգրամ,
:Բայց Վագրերը, երբ ցատկում են,
:Մեզ թվում են ՀՍԿԱՅԱԿԱՆ։
:</poem>
: — Ահա մի բանաստեղծություն եւս, — ասաց Թուխը։ — Հավանեցի՞ր, Դնչիկ։
: — Այո, — ասաց Դնչիկը, — բացի Լիտրից։ Իմ կարծիքով, դա ավելորդ է։
: — Ես մեղք չունեմ, — ասաց Թուխը, — ինքը ուզեց անպայման Կիլոգրամի կողքին լինել։ Ես էլ թողեցի, որ ինձնից ձեռք քաշի։ Եվ ընդհանրապես, սա բանաստեղծություն գրելու ամենալավ ձեւն է՝ թողնել, որ իրերը իրենք գտնեն իրենց տեղը, գնան այնտեղ, ուր ուզում են։
: — Ես այդ չգիտեի, — խոստովանեց Դնչիկը։
: Իսկ Վագրը ամբողջ ժամանակ ամենաուրախ տեսքով թռչկոտում էր առջեւում, րոպեն մեկ հետ դառնալով, որպեսզի հարցնի․ «Այս կողմը գնա՞մ»։ Վերջապես երեւաց Կենգուի տունը, եւ Քրիստոֆեր Ռոբինն էլ այնտեղ էր։ Վագրը չորս ոտք էլ փոխ առած իրեն գցեց նրա մոտ։
: — Ախ այդ դո՞ւ ես, Վա՛գր, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։ — Ես գիտեի, որ դու այս կողմերում ես։
: — Ես այնքան բան եմ գտել Անտառում, — հպարտ֊հպարտ հայտարարեց Վագրը։ — Եվ թուխ եմ գտել, եւ դնչիկ, եւ նույնիսկ իա եմ գտել։ Միայն նախաճաշ ոչ մի տեղ չգտա։
: Թուխն ու Դնչիկը մոտեցան Քրիստոֆեր Ռոբինին, ողջագուրվեցին նրա հետ եւ ամեն ինչ բացատրեցին։
: — Դու երեւի կիմանաս, թե Վագրերը ինչ են սիրում, — ասաց Թուխը։
: — Եթե շատ չարչարվեմ, երեւի հիշեմ, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը, — բայց կարծում եմ Վագրն ինքն էլ գիտի։
: — Ես գիտեմ, — ասաց Վագրը, — նրանք սիրում են ամեն ինչ, բացի մեղրից, կաղինից եւ մեկ էլ… այդ ծակող բաները ո՞նց էին կոչվում։
: — Տատասկափուշ։
: — Այո, մեկ էլ բացի դրանից։
: — Դե լավ, ոչինչ։ Կենգուն քեզ նախաճաշ կտա։
: Նրանք մտան տուն, եւ երբ Ճստիկ Ռուն ասաց՝ «Բարեւ, Թո՛ւխ», եւ «Բարեւ, Դնչի՛կ» (մեկական անգամ), եւ «Բարեւ, Վա՛գր» (երկու անգամ, որովհետեւ նախ, դա շատ լավ էր հնչում եւ հետո, չէ՞ որ նա առաջին անգամ էր այդպես բարեւում), Նրանք պատմեցին Կենգուին, թե ինչու են եկել, եւ Կենգուն շատ քնքուշ ասաց․ «Հապա, սիրելի Վագր, նայիր պահարանում, տես ինչը քեզ դուր կգա»։ Որովհետեւ Կենգուն իսկույն հասկացավ, որ թեեւ արտաքինից Վագրը շատ խոշոր է, բայց նույնքան կարիք ունի քնքշանքի ու հոգատարության, որքան Ճստիկ Ռուն։
: — Ես էլ կարո՞ղ եմ նայել, — հարցրեց Թուխը, որ արդեն զգում էր ժամը տասնմեկի մոտիկությունը, եւ, համաձայնություն ստանալով, նա խտացրած կաթի մի ոչ մեծ տուփ գտավ։ Ինչ֊որ բան երեւի նրան հուշեց, որ Վագրերը խտացրած կաթ չեն սիրում, եւ տուփը առած նա սուսուփուս մի անկյուն քաշվեց։
: Բայց ինչքան շատ էր Վագրը մեկ քիթը, մեկ թաթը մտցնում մեկ այս, մեկ այն ամանի մեջ, այնքան նորանոր բաներ էր հայտնագործում, որ Վագրերը չեն սիրում։ Եվ երբ նա տակնուվրա արեց ամբողջ պահարանը եւ գտավ այն բոլորը, ինչ վագրերը չեն սիրում ու հասկացավ, որ դրանցից եւ ոչ մեկը չի կարող ուտել, հարցրեց․
: — Հիմա ես ի՞նչ պիտի անեմ։
: Բայց եւ՛ Կենգուն, եւ՛ Քրիստոֆեր Ռոբինը, եւ՛ Դնչիկը, հավաքված Ճստիկ Ռուի գլխին, նրան համոզում էին ձկան յուղ խմել։ Ռուն ասում էր․ «Գուցե պետք չի, հը՞», իսկ Կենգուն ասում էր․ «Դե, դե, թանկագին Ռու, հիշիր, թե ինչ ես ինձ խոստացել»։
: — Այդ ի՞նչ են անում, — Դնչիկի ականջին փսփսաց Վագրը։
: — Նրան դեղ են տալիս, — ասաց Դնչիկը, — վիտամիններ։ Իսկ նա ատում է դեղը։
: Վագրը ավելի մոտեցավ եւ հետեւից խոնարհվեց Ռուի բազկաթոռին։ Եվ հանկարծ նա հանեց լեզուն, լսվեց բարձրաձայն չփչփոց, եւ, զարմանքից վեր թռչելով, Կենգուն բացականչեց՝ «Ա՜խ» ու հասցրեց բռնել գդալի պոչից ճիշտ այն պահին, երբ վերջինս անհետանում էր Վագրի երախում։ Գդալը նա փրկեց, բայց ձկան յուղը չքացավ։
: — Աստվա՜ծ իմ, Վա՛գր, սիրելի՛ս, — շշնջաց Կենգուն։
: — Նա իմ դե՛ղը խմեց, նա իմ դե՛ղը խմեց, նա խմեց իմ դե՛ղը, — հիացած ծվծվում էր Ռուն, կարծելով, որ դա ճարպիկ կատակ է։
: Իսկ Վագրը նայեց առաստաղին, փակեց աչքերը, նրա լեզուն պտույտներ գործեց դնչի շուրջը, որպեսզի ոչ մի կաթիլ հանկարծ չկորչի, եւ երանավետ ժպիտով ասաց․
: — Ահա թե ի՛նչ են Վագրերը իսկապես սիրում։
: Եվ զարմանալի չէ, որ Վագրը սկսեց ապրել Կենգուի մոտ։ Հիմա ամեն օր նախաճաշին, ճաշին ու ընթրիքին նա մեծ բավականությամբ ձկան յուղ է խմում, իսկ երբեմն էլ կազդուրվելու համար ուտում է մեկ֊երկու գդալ շիլա, ինչ սովորաբար նախաճաշին ուտում է Ռուն։ Կենգուն գտնում է, որ Վագրին կազդուրվել է պետք, թեեւ Դնչիկն այլ կարծիքի է։
: — Անձամբ ես գտնում եմ, — նման դեպքերում ասում է նա Թուխին, — անձամբ ես գտնում եմ, որ նա առանց այդ էլ չափազա՛նց ամրակազմ է։