Changes
/* Գլուխ տասներկուերորդ */
Եբևէ եղե՞լ եք մի տան, որտեղ սիրահար զույգ կա։ Դա տանջալից փորձություն է։ Ասենք թե դուք ցանկանում եք հանգստանալ հյուրասենյակում և ձեր քայլերն ուղղում եք այնտեղ։ Դուռը բացելիս աղմուկ եք լսում, կարծես մեկը հանկարծ ինչ-որ անհետաձգելի գործ է հիշել և, երբ ներս եք մտնում, Էմիլին կանգնած է պատուհանի մոտ և ողջ էությամբ կլանված նայում է դիմացի մայթին, իսկ ձեր ընկերը՝ Ջոն Էդվարդը, սենյակի մյուս անկյունում տարված դիտում է ինչ-որ մեկի հարազատների լուսանկարները։
― Օ՛Օ՜, ― ասում եք դուք, կանգնելով դռան շեմին, ― չգիտեի, որ այստեղ մարդ կա։
― Ի՞նչ եք ասում, ― սառը պատասխանում է Էմիլին այնպիսի տոնով, կարծես ձեզ չի հավատում։
― Շատ խավար է այստեղ։ Ինչու՞ չեք վառում լամպը։
Ջոն Էդվարդն ասում է՝ օ՛օ՜, նույնիսկ չի էլ նկատել։ Իսկ Էմիլին պատասխանում է, որ իր հայրը չի սիրում, երբ օրը ցերեկով լամպը վառում են։
Դուք նրանց մեկ-երկու վերջին նորություններ եք հաղորդում և արտահայտում ձեր կարծիքը Իռլանդական հարցի վերաբերյալ, բայց դա ակնհայտորեն նրանց չի հետաքրքրում։ Նրանք միայն պատասխանում են․ «Օ՛»«Օ՜», «մի՞թե», «իսկապե՞ս», «այո՞», «Չի" կարող պատահել»։ Եվ տասը րոպե այսօրինակ խոսակցություն վարելուց հետո, զգուշորեն մոտենում եք դռանը և դուրս եք սողոսկում ու դեռ զարմանում եք, որ դուռը, առանց ձեր մասնակցության, անմիջապես շրխկոցով փակվում է ձեր ետևից։
Կես ժամից որոշում եք գնալ և ծխել ձմեռային այգում։ Այնտեղի միակ աթոռը զբաղեցրել է Էմիլին, իսկ Ջոն Էդվարդը, եթե կարելի է հավատալ զգեստներին, ակնհայտորեն նստած է հատակին։ Նրանք ոչինչ չեն ասում, բայց նրանց հայացքն ասում է այն ամենը, ինչ թույլ է տալիս քաղաքակիրթ հասարակությունը։ Անմիջապես ետ եք դառնում և դուռը ծածկում ձեր ետևից։