Մարվինն այս ամենը գիտեր, եւ այնուհանդերձ, անբավարարվածություն էր զգում։ Նա գնացել էր տեղական Խորհրդատուի մոտ, բայց ապարդյուն։ Այդ բարի մարդը փորձել էր Մարվինին օգնել «Իրավիճակային գործոնի վերլուծության» միջոցով, սակայն Մարվինը ներքնապես չէր արձագանքել այդ փորձին։ Նա ուզում էր ճանապարհորդել, չէր կարողանում ազնվորեն քննել այդ ցանկության գաղտնի իմաստը եւ ճանապարհորդությանը փոխարինող ոչ մի բան էլ չէր կամենում ընդունել։
Եվ այժմ, կարդալով այդ սովորական եւ, սակայն, հուզաթռթիռ հայտարարությունը՝ շատ նման հազարավոր ուրիշներին, բայց եւ եզակի ու առանձնահատուկ (քանի որ ինքն էր այդ պահին կարդացողը), Մարվինը կոկորդում ինչ֊որ տարօրինակ համ զգաց։ Գիտակցությունը փոխանակել մարսեցու հետ… տեսնել Մարսը, այցելել Ավազե արքայի որջը, անցնել Ճեղքվածքի ակուստիկ փայլատակման միջով, ունկնդրել Մեծ չորացած ծովի խրոմատիկ ավազներին։
Նախկինում էլ նա երազել էր։ Բայց այս անգամ ուրիշ էր։ Կոկորդի տարօրինակ համը վկայում էր ինչ֊որ կազմավորվող որոշման մասին։ Մարվինը իմաստուն կերպով որոշեց դրա ընթացքի վրա չբռնանալ։ Փոխարենը գլխին դրեց թասակը եւ քայլեց կենտրոն՝ դեղատուն<ref>ԱՄՆ֊ում դեղատները ծառայում են նաեւ որպես խորտկարաններ։</ref>։
<references/>