Changes
/* Գլուխ XVI */
Այդ երեկո ընթրիքին տղաները շատ չէին խոսում․ մի տեսակ խեղճացած էին, երբ Հեքը ճաշից հետո պատրաստեց իր ծխամորճը և ուզում էր նրանց համար պատրաստել, նրանք հրաժարվեցին, ասելով, թե իրենց վնասել է։
==Գլուխ XVII==
Կեսգիշերվա մոտ Ջոն արթնացավ և տղաներին կանչեց։ Օդում կանգնած էր ինչ֊որ ճնշող տոթ, որը լուրջ բան էր գուշակում։ Տղաները իրար մոտ եկան ու զգացին կրակի հաճելի ընկերությունը, թեև անշունչ մթնոլորտը հեղձուցիչ էր։ Նրանք նստել և սպասում էին։ Կրակի լույսից այն կողմ ամեն ինչ կուլ էր գնացել խավարի սևությանը։ Հանկարծ ինչ֊որ փայլ անորոշ կերպով լուսավորեց շրջապատը և անհայտացավ։ Շուտով մի ուրիշը փայլեց ավելի ուժեղ։ Հետո մի ուրիշը։ Մի թույլ հառաչանք անցավ անտառի ծառերի միջով, և տղաներն իրենց այտերին ինչ֊որ շունչ զգացին, դողացին, մտածելով, որ «գիշերվա ոգին» անցավ կողքով։ Մի փոքր դադար եղավ։ Հանկարծ կայծակի մի չարագուշակ փայլ գիշերը ցերեկ դարձրեց և ցույց տվեց յուրաքանչյուր ցողունը, իրարից անջատ ու տարբեր, որ աճում էին իրենց ոտքերի տակ, և երեք գունատ, վախեցած դեմքեր։ Երկնքով որոտաձայն անցավ ամպրոպը և կորավ՝ հեռվում արձագանքելով։ Սառը քամի փչեց, խշրտացնելով բոլոր տերևներն ու խոտերի վրա շաղ տվեց սպիտակ մոխիրը։ Մի ուրիշ ուժեղ բռնկումից լուսավորվեց անտառը։ Դրան հետևեց վայրկենական մի անկման աղմուկ, որը կարծես ծառերը շուռ էր տալիս ուղիղ տղաների գլխին։ Նրանք սարսափահար իրար սեղմվեցին հաջորդող խոր մթության մեջ։ Անձրևի խոշոր կաթիլները սկսեցին ընկնել տերևների վրա։
― Շտապեք, տղաներ, դեպի վրանը, ― բացականչեց Թոմը։ Տարբեր ուղղություններով, արմատների կպչելով և որթատունկերի արանքով մթության մեջ նրանք առաջ վազեցին։ Մի սարսափելի փոթորիկ ոռնաց ծառերի արանքում, ստիպելով, որ իր ճանապարհին ամեն ինչ երգի։ Փայլատակող կայծակները հաջորդում էին մեկը մյուսին, և խլացուցիչ որոտներ էին լսվում։ Եվ ահա սկսվեց հեղեղանման անձրևը։ Փոթորիկը տերևների միջով անձրևի հոսանքը գետին էր հասցնում։ Տղաներն իրար կանչեցին, բայց ոռնացող քամին և պայթող ամպրոպը նրանց ձայնը խլացրեց։ Ի վերջո, իրար ետևից նրանք տեղ հասան ու պատսպարվեցին վրանի տակ՝ մրսած, վախեցած ու թրջված, բայց գոհ էին, որ թշվառության մեջ միասին էին, ընկերներով։ Նրանք չէին կարողանում խոսել։ Հին առագաստը այնպես կատաղի էր թափահարվում, որ եթե նույնիսկ մյուս ձայները չլինեին, նրանք իրար լսել չէին կարողանա։ Փոթորիկը գնալով սաստկացավ։ Հանկարծ առագաստը պատռվեց իր ամրացված տեղերից և քամու հետ թևեր առավ, թռավ։ Տղաներն իրար ձեռք բռնեցին և շարունակ վայր ընկնելով ու իրար բախվելով փախան։ Ապաստանեցին գետափնյա մի մեծ կաղնու տակ։ Այժմ տարերքի պայքարը ամենակատաղի վիճակումն էր։ Կայծակների անդադար փայլատակումների տակ, որոնք վառվում էին երկնքում, ներքևում, անձրևի քողի տակից պարզ երևում էին անստվեր կռացած ծառերը, հորդացած գետը՝ փրփուրից սպիտակած, և հանդիպակաց ափին գտնվող բարձր ժայռերի մութ ուրվագծերը։ Երբեմն մի հսկա ծառ պայքարը լքում էր և ընկնում, ջարդելով շրջապատի մատղաշ ծառերը։ Կայծակի որոտն ընդմիջվում էր ականջ խլացնող սուր ու կտրող պայթյուններով և անասելի զարհուրանք պատճառում։ Փոթորիկը լարեց իր բոլոր ուժերը։ Թվում էր, թե շուտով կղզին կտոր֊կտոր կանի, կվառի, կհեղեղի մինչև ծառերի կատարները, կքշի հեռու և կխլացնի այնտեղի բոլոր արարածներին, բոլորին միասին, մի րոպեում։ Սարսափելի, վայրագ գիշեր էր անապաստան երեխաների համար։
Բայց ի վերջո ճակատամարտն ավարտվեց, և տարերքի ուժերը նահանջեցին հեռացան թուլացող սպառնալիքով։ Խաղաղություն հաստատվեց։ Տղաները ճամբար վերադարձան կարգին վախեցած, բայց այդտեղ պարզվեց, որ պետք է շնորհակալ լինեին․ մեծ թեղին, որի տակ գիշերում էին, ջարդված էր, կայծակնահար եղած, լավ էր, որ աղետի պահին ծառի տակ չէին մնացել։
Ճամբարում ամեն ինչ թրջվել էր, ինչպես նաև կրակը, որովհետև իրենց սերնդի նման թեթևամիտ երեխաներ էին և անձրևի դեմ միջոցներ չէին նախատեսել։ Դա անախորժ բան էր, որովհետև մինչև ոսկորները թրջվել ու մրսում էին։ Նրանց հուսահատությունը շատ ակներև էր, բայց նկատեցին, որ կրակը այնքան էր առաջացել կոճղի տակ (այն դեպի վեր էր ցցված և գետնից բարձր էր), որ մի բուռ կրակ ազատվել էր թրջվելուց․ նրանք համբերությամբ չոր ցախ ու կեղև հավաքեցին ծառերի բների տակ պաշտպանված տեղերից և հաջողվեց կրակը նորից վառել։ Կրակին դրեցին խոշոր ճղափայտեր, մինչև որ ստացվեց մի մեծ խարույկ։ Ուրախացան։ Չորացրին իրենց թրջված ապուխտը, ընթրեցին և դրանից հետո նստեցին կրակի մոտ ու մինչև առավոտ խոսեցին գիշերային իրենց արկածի մասին։ Միևնույն է, քնելու համար ոչ մի կտոր չոր տեղ չկար ամբողջ շրջապատում։
Երբ արևն ընկավ տղաների վրա, նինջը հաղթեց, և նրանք գնացին գետափ ու պառկեցին ավազի վրա։ Իսկ երբ արևն սկսեց կամաց֊կամաց այրել, նրանք վեր կացան և ծուլորեն անցան նախաճաշ պատրաստելու։ Նախաճաշից հետո ջարդված էին, հոգնած և նորից մի փոքր տան կարոտ էին զգում։ Թոմը նկատեց այդ նշանները, սկսեց ծովահեններին ոգևորել ինչքան հնարավոր էր։ Բայց նրանք ոչ գնդիկների, ոչ կրկեսի, ոչ լողանալու և ոչ էլ որևէ բանի ցանկություն չունեին։ Նա հիշեցրեց տպավորիչ գաղտնիքը։ Նորից ուրախության աղաղակ բարձրացավ։ Այդ ուրախությունը դեռևս չէր անցել, երբ Թոմը հետաքրքրեց նրանց մի նոր մտքով։ Պետք է կարճ ժամանակով թողնեին ծովահենությունը և հնդկացիներ դառնային։ Այս միտքը գրավեց նրանց։ Շուտով մերկացան և ոտքից գլուխ սև ցեխով ներկվեցին, դարձան զեբրերի պես շերտավոր։ Բոլորն էլ, անշուշտ, առաջնորդներ էին և գնացին անտառ անգլիական գաղութի վրա հարձակվելու։
Շուտով բաժանվեցին երեք թշնամի ցեղերի, թաքստոցից դուրս գալով՝ իրար վրա հարձակվեցին ահռելի ռազմակոչերով և միմյանց հազարավոր զոհեր պատճառելով։ Արյունահեղ օր էր, հետևաբար և գոհացուցիչ։
Ընթրիքի ժամին ճամբարում հավաքվեցին քաղցած, բայց երջանիկ։ Սակայն այժմ մի նոր դժվարություն առաջ եկավ։ Թշնամի հնդկացիները չէին կարող հյուրասիրության հացը միասին կտրել առանց նախապես հաշտություն կնքելու և դա պարզապես անհնար էր առանց խաղաղության ծխամորճ ծխելու։ Ուրիշ արարողության մասին նրանք երբեք չէին լսել։ Վայրենիներից երկուսը համարյա ափսոսացին, որ ծովահեն չէին մնացել։ Բայց այլ ճանապարհ չկար։ Աշխատելով ինչքան հնարավոր է ուրախ երևալ, նրանք ծխամորճ ուզեցին և սկսեցին հերթով ծխել, ինչպես կարգն էր։
Եվ ահա ուրախ էին, որ վայրենացել էին․ մի բան շահել էին։ Պարզվեց, որ կարող էին ծխել առանց ստիպված լինելու կորած դանակը որոնելու։ Նրանք լրջորեն անհանգստանալու չափ իրենց վատ զգացին։ Ինչպե՞ս կարելի էր կորցնել այդ հրաշալի առիթը։ Ընթրիքից հետո զգուշությամբ, ինչպես և բավական մեծ հաջողությամբ, մի անգամ փորձեցին։ Հրաշալի երեկո անցկացրին։ Իրենց նոր հաջողությամբ ավելի հպարտ ու ավելի երջանիկ էին, քան եթե վեց ցեղ գերեին և մաշկահան անեին։
Իսկ հիմա նրանց թողնենք, որ ծխեն և շատախոսեն, առայժմ կարող ենք պատմությունը շարունակել առանց տղաների։