Changes

Թոմ Սոյերի արկածները

Ավելացվել է 14 666 բայտ, 13:05, 15 Օգոստոսի 2013
/* Գլուխ XX */
― Հիմա կարող եմ ներել նրան, եթե նույնիսկ մեկ միլիոն հանցանք գործած լինի։
 
 
==ԳլուխXXI==
 
 
Թոմին համբուրելիս մորաքույր Պոլիի դեմքը այնպիսի արտահայտություն ուներ, որն տղայի վատ տրամադրությունը չքացրեց և նրան նորից դարձրեց թեթևասիրտ և երջանիկ։ Նա դպրոց գնաց և բախտ ունեցավ Միդս Լեյն մարգագետնի եզրին Բեքի Թեչըրին հանդիպելու։ Նրա տրամադրությունը միշտ որոշում էր անելիքը։ Առանց մի պահ վարանելու, նա վազեց աղջկա մոտ և ասաց․
 
― Այսօր ես շատ վատ վարվեցի, Բեքի, և այնպես ցավում եմ։ Ես այլևս այդպես չեմ անի, ինչքան ապրեմ։ Խնդրում եմ՝ հաշտվենք, այո՞։
 
Աղջիկը կանգ առավ և արհամարանքով նայեց տղայի դեմքին։
 
― Ես շատ շնորհակալ կլինեմ, եթե դուք ձեզ ինձնից հեռու պահեք, միստեր Թոմաս Սոյեր։ Ես ձեզ հետ երբեք չեմ խոսի։
 
Նա գլուխը թափ տվեց ու կողքով անցավ։ Թոմն այնպես շշմեց, որ նույնիսկ չկարողացավ պատասխանել․ «Շատ հոգս է, օրիորդ Խելոք»։ Պատասխանելու համար պահն արդեն անցել էր։ Նա ոչինչ չասաց, բայց այնուամենայնիվ կատաղեց։ Մտավ դպրոցի բակը, ցանկանալով, որ Բեքին տղա լիներ և պատկերացնելով, թե ինչպես պիտի ծեծեր նրան։ Այդ պահին նա անցավ աղջկա կողքով և վիրավորական խոսք նետեց։ Աղջիկը նույն ձևով պատասխանեց, և բաժանումը կատարյալ դարձավ։ Բարկացած Բեքին անհամբեր սպասաում էր, որ դասը վերսկսվի։ Ուզում էր տեսնել, թե ինչպես է Թոմը ծեծ ուտելու կեղտոտված գրքի համար։ Եթե նա երբևէ մտածել էր Ալֆրեդ Տեմպլին մատնելու մասին, Թոմի վիրավորական խոսքերից հետո այդ միտքը լրիվ չքացավ։
 
Խեղճ աղջիկ, չգիտեր, թե վտանգը ինչքան մոտ է իրեն։
 
Ուսուցիչ միստր Դոբինսը միջին տարիքի էր հասել չիրագործված երազանքով։ Նրա նվիրական ցանկությունն էր բժիշկ դառնալ, բայց աղքատությունը նրան դատապարտել էր դառնալու ոչ ավելին, քան գյուղական դպրոցի ուսուցիչ։ Ամեն օր նա մի խորհրդավոր քիրք էր հանում դարակից և զբաղվում դրանով, երբ աշակերտները դաս չէին պատասխանում։ Այդ գիրքը կողպեքի տակ էր պահվում։ Դպրոցում ոչ մի տղա չկար, որ չմեռներ այդ գրքի վրա մի հայացք գցելու ցանկությունից, բայց երբեք առիթ չէր լինում։ Յուրաքանչյուր տղա կամ աղջիկ իր կարծիքն ուներ այդ գրքի էության մասին, բայց ոչ մի կարծիք չէր համնկնում մյուսի հետ, և ոչ մի ճանապարհ չկար, ճշմարտությունը պարզելու։ Երբ Բեքին անցնում էր սեղանի մոտով, որը դռան մոտ էր, նկատեց, որ բանալին կողպեքի վրա է։ Թանկագին առիթ էր։ Աղջիկը շուրջը նայեց։ Մենակ էր։ Հաջորդ վայրկյանին գիրքը նրա ձեռքին էր։ Առաջին էջի ինչ֊որ պրոֆեսորի «Անատոմիա»֊ն նրա ուղեղին անհասկանալի մնաց։ Սկսեց էջերը թերթել։ Անմիջապես հասավ մարդկային դեմքի մի գեղեցիկ ու գունավոր նկարի։ Այդ պահին մի ստվեր ընկավ էջի վրա, և թոմ Սոյերը ներս մտավ ու մի հայացք գցեց նկարին։ Բեքին շտապեց գիրքը փակել և դժբախտություն ունեցավ նկարազարդ էջը մինչև կեսը պատռելու։ Նա գիրքը դրեց դարակի մեջ, բանալին դարձրեց ու բարկությունից լաց եղավ։
 
― Թոմ Սոյեր, ավելի ստոր լինել չեք կարող․ հետևել մեկին ու լրտեսել, թե նա ինչի է նայում։
 
― Ես ինչի՞ց իմանայի, որ դուք մի բանի եք նայում։
 
― Դուք պետք է ձեզնից ամաչեք, Թոմ Սոյեր։ Անշուշտ կմատնեք ինձ։ Եվ ի՞նչ պիտի անեմ ես, ի՞նչ պիտի անեմ։ Ինձ կծեծեն, իսկ ինձ դպրոցում երբեք չեն ծեծել։
 
Հետո նա փոքրիկ ոտքը գետնին խփեց և ասաց․
 
― Այդքան ստորացիր, եթե ուզում ես, իսկ ես մի բան գիտեմ, որը շուտով լինելու է։ Սպասիր և կտեսնես։ Ատելի, ատելի, ատելի տղա։ ― Եվ լացի մի նոր պոռթկումով սենյակից դուրս նետվեց։
 
Թոմը մնաց անշարժ, այս հարձակումից շշմած։ Հետո ասաց ինքն իրեն․
 
― Ինչ հետաքրքիր խենթ է այս աղջիկը։ Դպրոցում երբեք չեն ծեծել։ Ի՞նչ մեծ բան է ծեծվելը։ Իսկական աղջիկ է։ Դրանք շատ նուրբ մաշկ ունեն ու հավի սիրտ։ Դե, իհարկե, ես այդ Դոբինսին չեմ ասի այս փոքրիկ գժի մասին․ հաշիվ մաքրելու ուրիշ ձևեր կան, որ ստոր չեն։ Բայց դրանից ի՞նչ դուրս կգա։ Ծեր Դոբինսը հարցնելու է, թե ո՞վ է պատռել իր գիրքը։ Ոչ ոք չի պատասխանի։ Հետո վարվելու է այնպես, ինչպես սովոր է․ մեկ֊մեկ կհարցնի բոլորին, իսկ երբ հասնի հանցավորին, գլխի կընկնի առանց խոստովանելու։ Աղջիկների դեմքերը նրանց միշտ մատնում են։ Դիմացկուն չեն։ Սա ծեծ կուտի։ Դա Բեքի Թեչըրի համար վատ է, որովհետև խուսափելու տեղ չունի։ Թոմը մի փոքր մտածեց, հետո ավելացրեց․ ― Շատ լավ է․ կուզենար տեսնել ինձ այդ վիճակում, հիմա թող իր վրա փորձի։
 
Թոմը միացավ միջանցքում խաղացող աշակերտներին։ Մի քանի րոպեից ուսուցիչը վերադարձավ և աշակերտներին ներս տարավ։ Թոմը դասերով առանձնապես չէր հետաքրքրքվում։ Ամեն րոպե հայացք էր գցում աղջիկների կողմը, և Բեքիի դեմքը մտահոգում էր նրան։ Ամեն ինչ հաշվի առնելով, նա չէր ուզում խղճալ աղջկան, բայց չէր կարողանում։ Չէր կարողանում ուրախանալ նրա վիճակով։ Շուտով ընթերցանության գրքի գաղտնիքը բացվեց, և Թոմի միտքը որոշ ժամանակ զբաղվեց իր հարցով։ Բեքին դուրս եկավ իր ճնշված վիճակից և մեծ հետաքրքրություն ցուցաբերեց այդ իրադարձության նկատմամբ։ Նա չէր սպասում, որ Թոմը կկարողանա գլխացավանքից ազատվել, ասելով, թե ինքը չի թափել թանաքը։ Եվ նա իրավացի էր։ Թոմի ուրացումը ավելի վատթարացրեց գործը։ Բեքին կարծում էր, թե ինքը կուրախանա դրա համար, բայց այդպես չեղավ։ Երբ գործը հասավ ամենավատին, նա ցանկացավ վեր կենալ և ասել Ալֆրեդ Տեմպլի մասին, բայց ճիգ գործադրեց ու իրեն ստիպեց լուռ մնալ, որովհետև, ասաց նա ինքն իրեն, Թոմն անշուշտ կհայտնի գիրքը պատռելու մասին։ «Նույնիսկ դրա կյանքը ազատելու համար մի բան չեմ ասի», ― որոշեց նա։
 
Թոմը ծեծ կերավ ու տեղը վերադարձավ առանց վիրավորանք զգալու․ մտածում էր, թե երևի խաղի ժամանակ, առանց իմանալու, ինքը շուռ տված լինի թանաքը ընթերցանության գրքի վրա։ Նա ուրացավ ձևի համար, որովհետև այդպես էր ընդունված, ռ համառեց իր խոսքի վրա՝ ի սեր սկզբունքի։
 
Մի ամբողջ ժամ անցավ։ Ուսուցիչն իր գահի վրա ննջում էր։ Օդը լցված էր դաս սերտելու բզզոցով։ Ի վերջո միստր Դոբինսը ուղղվեց, հորանջեց, հետո բացեց դարակը և ձեռքը երկարեց գրքին, բայց դեռ չէր վճռել՝ գիրքը հանի՞, թե թողնի։ Աշակերտների մեծամասնությունը անտարբեր մնաց, բայց կային երկուսը, որ նրա շարժումները դիտում էին ուշադրությամբ։ Միստր Դոբինսը գիրքը մտացրիվ շուռ տվեց, հետո դուրս բերեց և աթոռի վրա տեղավորվեց՝ կարդալու։
 
Թոմը մի հայացք գցեց Բեքիի կողմը։ Աղջիկը գրքին նայում էր այնպես, ինչպես հալածված ու անպաշտպան նապաստակը իր գլխին ուղղված հրացանին։ Թոմն իսկույն մոռացավ աղջկա հետ ունեցած վեճը։ Մի բան պետք է մտածել՝ շտապ, կայծակի արագությամբ։ Բայց շտապողականության անհրաժեշտությունը նրան մտածելու անկարող դարձրեց։ Ահա, նա մի ներշնչում ունեցավ․ կվազի, գիրքը կխլի, դռնից դուրս կնետվի և կփախչի։ Բայց այդ որոշումը կայացնելիս տղան մի վայրկյան տատանվեց և հարմար առիթը բաց թողեց։ Ուսուցիչը բացեց գիրքը։ Երանի կորած առիթը նորից ներկայանար Թոմին։ Շատ ուշ էր․ ոչինչ չէր կարող այժմ Բեքիին օգնել։ Հաջորդ պահին ուսուցիչը նայեց դասարանին։ Նրա հայացքի տակ բոլոր աչքերը խոնարհվեցին։ Այդ հայացքի մեջ մի բան կար, որից անմեղներն էլ սարսափում էին։ Մինչև տասը հաշվելու չափ լռություն տիրեց։ Ուսուցիչը ցասումն էր կուտակում։ Հետո նա խոսեց․
 
― Ո՞վ է պատռել գիրքը։
 
Ոչ մի պատասխան չեղավ։ Եթե հատակին ասեղ ընկներ, ձայնը կլսվեր։ Լռությունը շարունակվեց։ Ուսուցիչը դեմք֊դեմքի ետևից քննեց հանցանքի նշան գտնելու համար։
 
― Բենջամեն Ռոջըրս, դո՞ւք պատռեցիք գիրքը։
 
Բացասական պատասխան։ Նորից լռություն։
 
― Ջոզեֆ Հարպըր, դո՞ւք պատռեցիք։
 
Նորից ժխտում։ Այս արարողության դանդաղ տանջանքի տակ Թոմի անհանգստությունը գնալով ավելանում էր։ Ուսուցիչը նայեց տղաների շարքին, մի պահ մտածեց, հետո նորից դարձավ աղջիկներին․
 
― Էմի Լաուրե՞նս։
 
Գլխի բացասական շարժում։
 
― Գրեյսի Մի՞լըր։
 
Նույն շարժումը։
 
― Սյուզան Հարպըր, դո՞ւք պատռեցիք։
 
Նորից բացասական շարժում։ Հաջորդ աղջիկը Բեքի Թեչըրն էր։ Թոմը ոտքից գլուխ հուզմունքից դողում էր, զգալով դրության անհուսալիությունը։
 
― Ռեբեքա Թեչըր (Թոմը նայեց աղջկա դեմքին․ սարսափից սպիտակել էր), դո՞ւք պատռեցիք, ո՞չ, դեմքիս նայեք (աղջկա ձեռքերը աղերսական բարձրացան), դո՞ւք պատռեցիկ գիրքը։
 
Մի միտք փայլատակեց Թոմի ուղեղում։ Նա վեր թռավ և գոռաց․
 
― Ես եմ արել։
 
Ամբողջ դպրոցը տարակուսանքով նայեց այս անհավատալի խենթությանը։ Թոմը մի պահ կանգնեց հավաքելու համար ուժերը և երբ գնաց իր պատժին ընդառաչ, զարմանքը, շնորհակալությունը, պաշտամունքը, որ Բեքիի աչքերից ճառագայթում էին, հարյուր հարվածի վարձատրություն թվաց։ Իր արարքի փայլով ներշնչված, նա ընդունեց միստր Դոբինսի երբևէ տված ամենաանխիղճ հարվածները։ Նույն անտարբերությամբ ընդունեց դպրոցից հետո երկու ժամ մնալու հավելյալ պատիժը, որովհետև գիտեր, թե ո՞վ է իրեն դրսում սպասելու, երբ իր գերությունը վերջանա։ Եվ դպրոցում մնալու ձանձրալի ժամերը կորուստ չէր համարում։
 
Այդ գիշեր Թոմը անկողին մտավ Ալֆրեդ Տեմպլերի դեմ վրեժ ծրագրելով, որովհետև ամոթով ու զղջումով Բեքին ամեն ինչ պատմել էր, չմոռանալով իր դավաճանությունը։ Բայց նույնիսկ վրեժ լուծելու մարմաջը շուտով տեղի տվեց ամենահաճելի մտածումներին․ նա ի վերջո քնեց Բեքիի վերջին խոսքերը ականջում․
 
― Թոմ, ինչպե՞ս կարող ես այդքան ազնիվ լինել։
Ադմին, Վստահելի
1876
edits