Changes

Զաւա՛կս

Ավելացվել է 7299 բայտ, 00:39, 19 Օգոստոսի 2013
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Զաւա՛կս |հեղինակ = [[Գարեգին Նժդեհ]] }} [[Կատեգորիա:Հրապարակախոսություն]] Աժան ...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Զաւա՛կս
|հեղինակ = [[Գարեգին Նժդեհ]]
}}
[[Կատեգորիա:Հրապարակախոսություն]]


Աժան ձեռք չէ բերւում առիւծի մորթին:

Այդ այսպէս լինելով հանդերձ՝ երբ մեծացար դու, զաւա՛կս, ձգտի՛ր տիրանալ նրան, բայց միամտութիւն չունենաս կարծելու, թէ Երկրագնդի վրայ կարելի է փառքի տէր դառնալ, առանց նախանձահեղձ սինլքորների չարութիւնը գրգռելու:

Զօրավա՞ր ես եօթ վէրք - չզարմանաս, եթէ մի օր դասալիքը դատաւորդ հանդիսանայ: Մեր աշխարհի լրբութիւններից մէկն էլ այդ է, չզարմանաս եւ չկրկնես զայրոյթով. «Թող զինուորն իր ստացած վէրքերը եւ հովիւը՝ իր ոչխարները համրէ»:

Չար անասուն է մարդս, երբ նախանձում է: Մեր աշխարհում միշտ էլ վատասիրտը հայհոյել է աներկիւղ ասպետին, երկչոտը՝ մութ անկիւնից քար նետել հերոսին:

Նախանձը - մասնաւորապէս հայկականը - ընտրում է ճամբաներից ամենակարճը, եւ թոյլատրելի համարում թշնամանքի բոլոր զէնքերը:

Նա, որին դեռ երէկ էր ինչ խլեցիր առիւծի բերնից, փրկեցիր ստոյգ մահից՝ վաղը կարող է իժի նման գարշապարդ փնտռել:

Նա, որն այսօր ձիուդ ասպանդակները բռնելը իր համար պատիւ է համարում՝ վաղը կարող է փողոցաշունչ ամբոխը գրգռել անձիդ դէմ:

Նա, որ երէկ խորապէս կը ցաւէր, թէ հայոց դաշտերում չի աճում այն ազնիւ դափնեվարդը, որ արժանի լինէր յաղթական ճակատդ զարդարել՝ վաղը կարող է ցեխ նետել քո կատարած պատմական գործին:

Մի՛, մի՛ զարմանար, եթէ իրենց կեանքը սրիդ պարտողները այսպէս վարուեն քեզ հետ, եւ մի՛ զայրանար, քանզի անձիդ դէմ ապերախտողը շուն չէ՛, այլ՝ մարդ:


* * *

Սէր, յարգանք, պաշտամունք պարտադրել՝ նշանակում է իշխանութիւն ունենալ մարդկանց հոգիների վրայ:

Պաշտամունք - ասել է՝ ճանաչում ենք մեր պաշտածի իշխանութիւնը, եւ բարոյական որոշ տուրք տալիս նրան:

Ուրիշների մէջ մենք, էապէս, սիրում ենք այն, ինչ որոշ չափով կայ ե՛ւ մեր մէջ:

Արին սիրում է արիութիւնը անգա՛մ իր հակառակորդների մէջ: Մենք սիրում ենք նրանց, որոնց նմանում ենք մասամբ, եւ առնուազը՝ անտարբեր ենք դէպի այն բոլորը, որոնք հոգեբանօրէն օտար են մեզ: Հայրենապաշտը քո անձի մէջ տեսնում է մի բան իր ոգուց, եւ ցնծում քո յաջողութիւնների առթիւ: Անհայրենասէրն, ընդհակառակը, քո անձի, քո գործերի մէջ տեսնում է այն, ինչ պակասում է իրեն - եւ հենց այդ է պատճառը, որ նա չի՛ հանդուրժում քո հոգեւոր լուծը, քո իշխանութիւնը: Ահա՛ թէ ո՛ւր է շրջապատիդ որոշ տարրերի պաղ անտարբերութեան, երբեմն էլ՝ թշնամանքի գաղտնիքը:


* * *

Սինլքորներ կան, որոնց եթէ ապտակեցիր, իրենց ստացած հարուածը կ’ընդունին ուղղուած իրենց քաղաքական փարախի, եկեղեցու, ծրագրի դէմ: Թքեցի՞ր - թքուած կը հռչակեն իրենց տէրերը, եւ նրանց կռնատակից կը նետեն քեզ:

Ջրի պէս շարժուն, ջրի պէս ամեն ձեւ ու գոյն առնելու ընդունակ՝ սրանք մէկի ստուերն են, միւսի՝ արձագանգը, երրորդի՝ կապարճակիրը:

Մի աստուածութիւն ունին - օրուայ իշխանաւորը, որի մանկլաւիկը, պնակալէզը, շնիկը լինելու մէջ է իրենց երջանկութիւնը: Եւ միշտ էլ ունին - մի ձեռքում խունկ, միւսի մէջ՝ ցեխ: Վա՜յ քեզ, եթէ կայսե-րաբար առատաձեռն չեղար սրանց նկատմամբ: Վա՜յ, եթէ չգնահատեցիր սրանց սողունութիւնը: Եւ հազար վա՜յ, եթէ ժպտալու փոխարեն «անհեռատեսութիւն» ունեցար բերան արիւնելու չափ զօրաւոր կերպով քաշելու սրանց սանձը:

Նման չարարուեստ էակներից շաղախուած մի ցածոգի ամբոխ, դարեր առաջ, արդարն Արիստիդէսին - իր ծայրահեղ ազնուութեան համար - հայրենի հողէն ու ջրէն օգտուելու իրաւունքից զրկեց. դա սպանեց Սոկրատէսին, եւ, աւազակների հետ՝ խաչ հանեց Նազովրեցուն:



* * *

Հայաստանից դուրս, իմ ճամբին քար ու տատասկ ցանողներ շատ եղան: Գիտեմ, զաւա՛կս, տարբեր ճամբայ պիտի չունենաս նաեւ դու: Եւ եթէ քեզ յաջողուեց ոտքերիդ արիւնով յագեցնել տատասկները, եւ քարերը վերածել վերելքդ հեշտացնող մարմարիոնէ սանդուխների՝ վատերը պիտի կուրանան, որպէսզի չտեսնեն մեծութիւնը կատարածդ գործի:

* * *

Հեռու հայրենի լեռներից, ես սովորեցի թքել ինձ թշնամացող նախանձոտ տգիտութեան ու չարութեան վրայ - թքել ու անցնել: Քեզ, սակայն, պիտի չյանձնարարեմ այդ վարքագիծը: Դու աշխատի՛ր աւելի՛ զօրաւոր լինել, քան եղաւ հայրդ: Դու սովորի՛ր ծիծաղել մարդկային վատութիւնների վրայ ու անցնել անցասում:

Ո՜հ, ուր էր թէ գէթ քո սերունդը ազատ մնար անհայրենիք կեանքի անէծքից, եւ արդար փառքը - առիւծի մորթին - դու փնտրէիր հայրենի ազատ եւ անկախ աշխարհում՝ միշտ գիտակցելով, որ հազարիցս լաւ է պատմական մի գործ կատարել, թէկուզ հազար թշնամի շահելով, քան մարդկային չարութիւնից զերծ մնալու գնով՝ դուրս մնալ պատմութիւնից:


«Ռազմիկ», 1940թ., 25 դեկտ., թիւ 1
Վստահելի
129
edits