Changes

Գիտակցափոխություն

Ավելացվել է 15 863 բայտ, 11:14, 25 Օգոստոսի 2013
Առանց այլ բարդությունների ոստիկանը, պաշտոնյան, ծերուկը և Մարվին Ֆլինը ուղևորվեցին ոստիականատուն։ Նրանք լուռ էին, բոլորին էլ տանջում էին վատ նախազգացումները։ Ամբողջ քաղաքակրթված գալակտիակայով մեծ ծեծված ճշմարտություն է, որ երբ գնում ես ոստիկանություն, փորձանքներն իրոք սկսվում են։
 
==ԳԼՈՒԽ 5==
 
Ոստիկանատանը Մարվին Ֆլինին և մյուսներին տարան ուղիղ այն մութ, խոնավ սենյակը, որտեղ ապրում էր ֆուլսզիմացի տելեպատը։ Այդ եռոտանի արարածը, Ֆուլսզիմ մոլորակի բոլոր բնակիչների նման, օժտված էր վեցերորդ՝ տելեպատային զգայարանով, հավանաբար ի փոխհատուցումն մնացած հինգ զգայարանների թուլության։
 
― Շատ բարի,― ասաց ֆուլսզիմացի տելեպատը, երբ բոլորը հավաքվեցին։― Մեկ քայլ առաջ եկեք, մարդ աստծո, և պատմեք ձեր պատմությունը։― Նա խստորեն մատը ուղղեց ոստիկանի կողմը։
 
― Պարոն,― ասաց ոստիկանը, շփոթմունքից ուղղվելով,― ես ոստիկանն եմ։
 
― Դա հետաքրքիր է,― ասաց տելեպատը,― բայց չեմ հասկանում, թե ինչ կապ ունի ձեր մեղավորության կամ անմեղության հարցի հետ։
 
― Բայց ինձ նույնիսկ չեն մեղադրում որևէ հանցանքի համար,― ասաց ոստիկանը։
 
Տելեպատը մի պահ խորհեց, հետո ասաց․
 
― Կարծես թե հասկացա․․․ Մեղադրվողներն այս երկուսն են։ Այդպե՞ս է։
 
― Այդպես է,― պատասխանեց ոստիկանը։
 
― Ներողություն եմ խնդրում։ Ձեզնից եկող մեղքի բուրմունքն ինձ մղեց հապճեպ բնորոշման։
 
― Մե՞ղք,― ասաց ոստիկանը։― Ե՞ս։― Ոստիկանը հանգիստ էր խոսում, սակայն մաշկի հատկանշական նարնջագույն շերտավորումը ցույց էր տալիս, որ նա անհանգստացած է։
 
― Այո, դուք,― ասաց տելեպատը։― Դուք չպետք է զարմանաք՝ խոշոր հափշտակումը այնպիսի բան է, որից գիտակից արարածների մեծ մասի մոտ մեղավորության զգացում է առաջանում։
 
― Բայց մի՛ րոպե,― բղավեց ոստիկանը։― Ես ոչ մի խոշոր հափշտակում էլ չեմ կատարել։
 
Տելեպատը փակեց աչքերը՝ մի պահ վերլուծելով սեփական մտքերը։ Վերջապես նա խոսեց․
 
― Ճիշտ եք ասում։ Ես ուզում էի ասել, որ դուք կկատարեք խոշոր հափշտակում։
 
― Կանխատեսությունը չի կարող ապացույց ծառայել դատարանում,― հայտարարեց ոստիկանը։― Եվ բացի այդ, ապագան կարդալը ազատ կամքի օրենքի անմիջական խախտում է։
 
― Դա ճիշտ է,― ասաց տելեպատը,― ներողություն եմ խնդրում։
 
― Ոչինչ, ոչինչ,― ասաց ոստիկանը։― Ե՞րբ եմ կատարելու այդ կարծեցյալ խոշոր հափշտակումը։
 
― Սրանից մոտ վեց ամիս հետո,― ասաց տելեպատը։
 
― Եվ ինձ կձերբակալե՞ն։
 
― Ոչ։ Դուք կփախչեք այստեղից ու կգնաք մի մոլորակ, որտեղ հանցագործներին իրենց կառավարությանը հանձնելու վերաբերյալ օրենք չկա։
 
― Հըմ, հետաքրքիր է,― ասաց ոստիկանը։― Կարո՞ղ եք ինձ ասել, թե․․․ Բայց կարելի է դա ավելի ուշ քննարկել։ Այժմ, դուք պետք է լսեք այս մարդկանց պատմությունները և որոշեք, թե ով է մեղավոր։
 
Տելեպատը նայեց Մարվինին, թափահարեց լողաթևը և ասաց․
 
― Կարող եք սկսել։
 
Մարվինը պատմեց իր պատմությունը, սկսած հայտարարությունը կարդալու պահից, ոչ մի բան բաց չթողնելով։
 
― Շնորհակալ եմ,― ասաց տելեպատը, երբ Մարվինը վերջացրեց։― Իսկ այժմ, պարոն, ձեր պատմությունը։― Նա շրջվեց դեպի ծեր մարսեցին, որը մաքրեց կոկորդը, քորեց կրծքավանդակը, մեկ թե երկու անգամ թքեց և սկսեց։
 
ԷՅՋԵԼԵՐ ԹՐՈՒՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
 
Ես նույնիսկ չգիտեմ, ինչից սկսել իմ պատմությունը, դրա համար ավելի լավ է սկսեմ անունիցս՝ Էյջելեր Թրուս և ցեղիցս՝ ներմուքրացի ադվենտիստ և զբաղմունքիցս՝ ես Աքելսես 5֊րդ մոլորակի վրա հագուստի խանութ ունեմ։ Գործս մի բան չի, խանութս փոքր է և գտնվում է հարավային բևեռում՝ Լամբերսայում․ ես ամբողջ օրը հագուստ եմ ծախում Վեներայից ներգաղթած բանվորների համար, որոնք հաղթանդամ, կանաչ, մազոտ մարդիկ են, շատ անգրագետ, տաքարյուն ու կռվի համար մոմ, չնայած ես նրանց դեմ նախապաշարմունքներ չունեմ։
 
Իմ գործում մարդը պետք է փիլիսոփա լինի։ Գուցե ես հարուստ չեմ, բայց գոնե առողջությունս տեղն է (փա՛ռք աստծո), և իմ կին Ալլուրան նույնպես առողջ է, չհաշված շոշափուկների թեթև ֆիբրոզը։ Երկու հասած տղա ունեմ, որոնցից մեկը Սիդնեպորտում բժիշկ է, իսկ մյուսը՝ քլանցի մարզիչ։ Մի հատ էլ աղջիկ ունեմ, որն ամուսնացած է, իսկ դա իհարկե նշանակում է, որ փեսա էլ ունեմ։
 
Այս փեսայիս ես երբեք չեմ վստահել, քանի որ նա սիրում է մոդայով զուգվել․ քսան զույգ կրծքապանակ ունի, չնայած կինը քորիչների մի համաչափ շարան էլ չունի։ Բայց ի՞նչ արած, այդ աղջիկն ինքը իր ձեռքով փորեց փոսը, թող հիմա էլ մտնի մեջը։ Բայց եթե մարդ այդքան հետաքրքրվում է հագուստներով, անուշահոտ հոդաքսանյութերով ու շքեղության այլ առարկաներով, իսկ ստանում է հեղուկ ծախողի աշխատավարձ (նա իրեն անվանում է «հիդրոսենսորային ինժեներ»), արդեն մի քիչ զարմանում ես։
 
Եվ նա միշտ փորձում է տարբեր հիմար ավանտյուրաների միջոցով այստեղից֊այնտեղից լրացուցիչ եկամուտ կորզել, իսկ ես պիտի ֆինանսավորեմ նրան իմ դառը քրտինքով, այն հաղթանդամ կանաչ վեներացիների հետ առևտուրով ձեռք բերած խնայողություններից։ ոնց որ անցյալ տարի, կպավ իր այդ մասնավոր ամպ սարքողով։ Ես ասացի՝ ախր դա ո՞ւմ է պետք։ Բայց կինս պնդեց, որ նրան օգնեմ, և նա իհարկե վառվեց։ Հետո նոր ծրագիր հղացավ՝ այս անգամ էլ ուզում էր, որ ես գնեմ փայլփլուն երկրորդ կարգի սինթետիկ բրդից գործվածքներ Վեգա 2֊րդից (դրանք նա գտել էր Հելիգոպորտում)։
 
Ես նրան ասացի․
 
― Լսիր, իմ հաճախորդներն՝ այդ վեներացի գոռգոռաններն, ի՞նչ են հասկանում մոդայիկ շորերից։ Նրանք երջանիկ են, եթե թվիլից շորտ ունեն, իսկ տոն օրերին՝ մի պարեգոտ։
 
Բայց իմ փեսան ամեն ինչին պատրաստ պատասխան ունի, և նա ինձ ասաց․
 
― Լսիր, պապա, ինչ չիմանամ֊չիմանամ, այդ վեներացիների սովորույթներին ու ապրելակերպին մի քիչ ծանոթ եմ։ Այդ մարդիկ, որանք անտառների խորքից միանգամից այստեղ են եկել, սեր ունեն ծիսական պարերի և վառ գույների հանդեպ։ Բնական բան չի՞։
 
Մի խոսքով, չերկարացնելու համար ասեմ, որ չնայած զգում էի, որ սխալ է, բայց, թողեցի ինձ համոզի ու քաշի այդ ավանտյուրի մեջ։ Բնականաբար, այդ փայլփլուն գործվածքները պետք է ինքս տեսնեի, որովհետև փեսայիս չեմ վստահի մի չթի կտոր էլ գնահատի։ Իսկ դա նշանակում էր գալակտիկայի կեսն անցնել մինչև Մարս՝ Հելիգոպորտ։ Դրա համար էլ սկսեցի պատրաստվել։
 
Ոչ ոք չէր ուզում հետս գիտակցափոխվել։ Չեմ էլ մեղադրում նարնց՝ ո՞վ իր կամքով կգա Աքելսես 5-րդի պես մոլորակ, բացի վեներացի գաղթականներից, որոնք կյանքում ավելի լավ բան չեն տեսել։ Բայց մի օր կարդացի այդ մարսեցու՝ Զե Կրագգաշի հայտարարությունը, թե ուզում է վարձով տալ իր մարմինը, քանի որ գիտակցությունն ուղարկում է սառնարան, երկարատև հանգստի։ Ահագին թանկ էր, բայց ի՞նչ արած․․․ Ես մի քիչ փող ստացա, մարմինս վարձու տալով ընկերներիցս մեկին, որը մինչև մկանային կոմյոտոզիսի պատճառով անկողնուն գամվելը քվարենց որսող էր եղել։ Հետո գնացի գիտակցափոխության բյուրո և պրոյեկտվեցի Մարս։
 
Պատկերացրեք ինչ զգացի, երբ տեսա, որ ինձ ոչ մի մարմին չի սպասում։ Բոլորը վազվում են, փորձում պարզել, թե ինչ է եղել ինձ ընդունող մարմնին, նույնիսկ փորձեցին ինձ ետ ուղարկել Աքելսես 5֊րդ,բայց չստացվեց, որովհետև ընկերս արդեն իմ մարմնով գնացել էր արշավանքի՝ քվարենց որսալու։
 
Վերջապես Թերեզիենշտադտի «Վարձով մարմին» ֆիրմայից ինձ համար մարմին ճարեցի, որի մեջ կարող եմ ամենաշատը տասներկու ժամ մնալ, քանի որ բոլոր մարմինները նախօրոք ամբողջ ամառվա համար տարբեր մարդկանց վարձով են տված։ Մարմինն էլ մարմին լինի՝ ծեր, զառամած, ինքներդ եք տեսնում, ու լավ էլ թանկ է։
 
Ես էլ ընկա սկսեցի պարզել, թե ինչն է պատճառը ու մեկ էլ տեսնեմ այս Երկրացի տուրիստը շվշվացնելով ման է գալիս այն մարմնով, որի համար փող եմ տվել և որը, պայմանագրի համաձայն, այս րոպեին ես պիտի զբաղեցնեի։
 
Դա ոչ միայն անարդար է, այլև վերին աստիճանի վնասակար իմ առողջության համար։ Այսքան բան։
 
 
Տելեպատը հեռացավ իր կացարանը, որպեսզի որոշում կայացնի։ Մի ժամ չանցած վերադարձավ և խոսեց հետևյալ կերպ։
 
― Երկուսդ էլ ազնվորեն վարձել եք, փոխանակել, մի խոսքով ձեռք եք բերել նույն՝ Զե Կրագգաշի սեփականությունը հանդիսացող մարմինը։ Վերոհիշյալ Զե Կրագգաշը ձեզնից յուրաքանչյուրին առաջարկել է այդ մարմինը։ Այդպիսով վաճառքն իրականցել է բոլոր օրենքների խախտումով։ Զե Կրագգաշի գործողությունը պետք է համարել հանցագործություն, ընդ որում կանխամտածված։ Ես կարգադրեցի հաղորդագրություն ուղարկել Երկիր, որպեսզի այնտեղ անմիջապես ձերբակալեն վերոհիշյալ Զե Կրագգաշին և կալանքի տակ պահեն այնքան ժամանակ, մինչև հնարավոր դառնա հանձնել մարսային իշխանություններին։
 
Երկուսդ էլ ազնվորեն ձեռք եք բերել միևնույն մարմինը, բայց և այնպես, առաջնային կամ էլի վաղ գնումը ըստ պայամանագրերի կատարել է պարոն Էյջելեր Թրուսը, որը պարոն Մարվին Ֆլինի հանդեպ երեսունութ ժամվա առավելություն ունի։ Հետևաբար պարոն Թրուսը, որպես առաջին գնորդ, իրավունք է ստանում տիրանալ մարմնին, իսկ պարոն Ֆլինը պարտավոր է դադարեցնել անօրինական տիրությունը և ի գիտություն ունենալ սեփականազրկության մասին գրավոր հրահանգը, որը նա հիմա կստանա ինձանից և որը պետք է ի կատար ածվի Գրինվիչյան վեց ստանդարտ ժամվա ընթացքում։
 
Տելեպատը Մարվինին մեկնեց սեփականազրկության հրահանգը։ Ֆլինը տխուր, սակայն հնազանդությամբ ընդունեց այն։
 
― Էհ, ինչ արած,― ասաց նա,― ավելի լավ է ետ գնամ Երկիր, իմ սեփական մարմինը։
 
― Դա,― ասաց տելեպատը,― ամենախելամիտ ընտրությունը կլիներ ձեր կողմից։ Դժբախտաբար, տվյալ պահին այդ բանն անհնար է։
 
― Անհնա՞ր, ինչո՞ւ։
 
― Որովհետև,― ասաց տելեպատը,― ըստ Երկրային իշխանության տելեպատային պատասխանի, որ հենց նոր ստացա, ձեր մարմինը, Զե Կրագգաշի գիտակցության ղեկավարությամբ, անհետացել է։ Նախնական հետաքննության արդյունքները մեզ ստիպում են կասկածել, որ Զե Կրագգաշը փախել է Երկրից, յուրացնելով ձեր մարմինը և պարոն Էյջելերի դրամը։
 
Նորությունն ուշ տեղ հասավ, բայց ի վրեջո Մարվինը հասկացավ ասվածի իմաստը։ Ինքը մնացել էր Մարսում օտար մարմնի մեջ, որից պետք է բաժանվեր։ Վեց ժամից նա կդառնար գիտակցություն առանց մարմնի ու մարմին ճարելու որևէ հույսի։
 
Գիտակցությունները չեն կարող գոյատևել առանց մարմինների։ Մարվին Ֆլինը դանդաղ ու դժկամությամբ հասկացավ, որ կանգնած է անխուսափելի մահվան դեմ հանդիման։
<references/>