― Սամարրայում ժամադրություն ունեմ<ref>Ըստ երևույթին խոսքը գնում է արևելյան առասպելի մասին, համաձայն որի մի հարուստի մոտ է գալիս նրա սիրած ծառան և աղաչում է, որ տերն իրեն ձի տա, որպեսզի ինքը կարողանա փրկվել մահից (մահը շուկայում հանդիպել էր ծառային և մատով սպառնացել նրան)։ Տերը ձի է տալիս և ծառան մեկնում է Սամարա։ <br> Հաջորդ օրը հարուստը հանդիպում է Մահին և հարցնում, թե ինչո՞ւ է մատով սպառնացել ծառային։ <br> ― Ախր, շատ զարմացա նրան այստեղ տեսնելով,― պատասխանում է Մահը,― քանի որ երեկոյան հետը ժամադրություն ունեի Սամարայում։</ref>,― ասաց քեռի Մաքսը։― Շնորհակալ եմ գինու համար, տղաս, քեզ լավ պահիր։ Ի միջի այլոց, գիտե՞ս, որ քիթդ տկտկում է։
― Եթե տեսությունը հասկանաք, դա բավական պարզ բան է,― ասաց Վալդեզը։― Այժմ, հաջողությունը հաստատ դարձնելու համար, պետք է գտնենք որոնումների օպտիմալ ձևը։ Ակներևաբար, եթե երկուսդ էլ ակտիվորեն փնտրում եք, իրար գտնելու ձեր շանսերը նկատելիորեն նվազում են։ Պատկերացրեք երկու մարդու, որոնք փնտրում են իրար հանրախանութիանվերջանալի, մարդաշատ միջանցքներում, և հակադրեք դրան հետևյալ խելամիտ ստրագեգիան՝ մեկը փնտրում է, իսկ մյուսը նստած է որոշակի տեղում և սպասում է,որ իրեն գտնեն։ Մաթեմատիկորեն այդ ամենը չափից դուրս խճճված է ու բարդ, ուստի պետք է պարզապես խոսքիս հավատաք։ Ձեր (նրա) նրան (ձեզ) գտնելու լավագույն հնարավորությունը կլինի, եթե մեկը որոնի, իսկ մյուսը թույլ տա, որ իրեն որոնեն։ Դա ժողովրդական հին ճշմարտություն է։
― Ուրեմն ի՞նչ ենք անելու։
― Հենց նո՛ր ասացի,― գոչեց Վալդեզը։― Մեկը պետք է փնտրի, մյուսը պետք է սպասի։ Քանի որ Կետիի գործողությունների վրա մենք ազդել չենք կարող, ընդունում ենք, որ նա բնազդաբար որոնում է ձեզ։ Դուք, հետևաբար, պետք է հաղթահարեք բնազդային մղումը և սպասեք, այդպիսով թույլատրելով, որ ձեզ գտնի։
― Ուրեմն ինձ մնում է միայն սպասե՞լ։
― Այո։
― Եվ դուք իրոք կարծում եք, որ նա ինձ կգտնի՞։
― Պատրաստ եմ կյանքս գրավ դնել, որ այդպես է։
― Հըմ․․․ շատ լավ։ Բայց այդ դեպքում հիմա ո՞ւր ենք գնում։
― Այն վայրը, որտեղ պետք է սպասենք։ Գիտականորեն դա կոչվում է Հայտնաբերման կետ։
Մարվինը շփոթահար նայում էր, ուստի Վալդեզը շարունակեց բացատրել։
― Մաթեմատիկորեն, բոլոր տեղերն էլ հավասար հնարավորություններ են ընձեռնում Կետիին ձեզ գտնելու։ Հետևաբար մենք կարող ենք ընտրել կամայական Հայտնաբերման կետ։
― Եվ ի՞նչ կետ եք դուք ընտրել,― հարցրեց Մարվինը։
― Քանի որ ռեալ տարբերություն չկա,― ասաց Վալդեզը,― ես ընտրեցի Մոնտանա Վերդես դե Լոս Տրես Պիկոս գյուղը Լոմբրոբիա երկրի Ադելանտե գավառում։
― Դա ձեր հայրենի գյուղն է, այնպես չէ՞,― հարցրեց Մարվինը։
― Ճիշտն ասած, այո,― ասաց Վալդեզը, թեթևակի զարմացած ժպտալով։― Երևի հենց այդ պատճառով էլ այդքան արագ գլուխս եկավ։
― Իսկ Լոմբրոբիան շատ հեռու չէ՞։
― Բավական հեռու է,― ընդունեց Վալդեզը։― Բայց մեր ժամանակն իզուր չի կորչի, քանի որ ձեզ կսովորեցնեմ տրամաբանություն, ինչպես նաև իմ հայրենիքի ժողովրդական երգերը։
― Դա արդար բան չէ,― մրթմրթաց Մարվինը։
― Իմ բարեկամ,― ասաց Վալդեզը,― երբ օգնություն եք ընդունում, պետք է պատրաստ լինեք ստանալ այն, ինչ ձեզ ի վիճակի են տալ, այլ ոչ թե այն, ինչ կուզեիք ստանալ։ Երբեք չեմ հերքել, որ բոլոր մահկանացուների պես ես էլ անթերի չեմ, բայց այդ մասին հիշեցնելն անշնորհակալություն է ձեր կողմից։
Մարվինը ստիպված էր համաձայնել, քանի որ հույս չուներ, թե առանց կողմնակի օգնության քաղաք դառնալու ճամփան կգտնի։ Ուստի նրանք շարունակեցին գնալ սարերով ու ձորերով, և շատուշատ ժողովրդական երգեր երգեցին․ տրամաբանության համար, սակայն, չափից դուրս ցուրտ էր։
<references/>