Changes
Երբ ժամացույցը խփում է, Անդրեյ եֆիմիչը ետ է ընկնում բազկաթոռի թիկունքին ու փակում աչքերը, որպեսզի մի քիչ մտածի։ Եվ պատահականորեն, գրքում կարդացած լավ մտքերի ազդեցության տակ, նա մի հայացք է նետում դեպի իր անցյալը և ներկան։ Անցյալը զզվելի է, ավելի լավ է այն չհիշել։ Իսկ ներկան նույնն է, ինչ և անցյալը։ Նա գիտե, որ այն պահին, երբ իր մտքերը սառած երկրագնդի հետ միասին պտտվում են արեգակի շուրջը, իր բժշկական բնակարանի կողքին, մեծ տան մեջ մարդիկ տառապում են հիվանդություններից ու կեղտոտության մեջ. միգուցե մեկնումեկն անքուն է և կռվում է միջատների դեմ, մեկնումեկը վարակվում է կարմիր քամիով կամ տնքում է խիստ ամուր կապած վիրակապից. գուցե հիվանդները հիվանդապահուհիների հետ թուղթ են խաղում և օղի խմում։ Հաշվետու տարում խաբել են տասներկու հազար մարդու, ամբողջ հիվանդանոցային գործը, ինչպես և քսան տարի առաջ, կառուցված է գողության, բանսարկությունների, բամբասանքների, խնամության, կոպիտ շառլատանության վրա, և հիվանդանոցն առաջվա նման անբարոյական և բնակիչների առողջության համար վերին աստիճանի վնասակար մի հիմնարկություն է։ Նա գիտե, որ համար 6 հիվանդասենյակում ճաղերի հետևում Նիկիտան ծեծում է հիվանդներին, և որ Մոիսեյկան ամեն օր շրջում է քաղաքում ու ողորմություն հավաքում։
Մյուս կողմից էլ նրան հիանալի հայտնի է, որ վերջին քսանհինգ տարվա ընթացքում բժշկական գիտությունը հեքիաթային փոփոխություն է կրել։ Երբ նա համալսարանում սովորում էր, նրան թվում էր, թե բժշկագիտությունը շուտով ընկնելու է այն վիճակի մեջ, ինչ և ալքիմիան ու մետաֆիզիկան, իսկ հիմա, երբ նա գիշերները կարդում է, բժշկագիտությունը նրան հուզում է և նրա մեջ առաջացնում զարմանք ու մինչև իսկ հրճվանք։ Իրոք որ, ի՜նչ անսպասելի փայլ, ի՜նչ հեղափոխություն։ Անտիսեպտիկայի շնորհիվ այնպիսի վիրահատություններ են անում, որոնք մեծ Պիրոգովն անհնարին էր համարում մինչև անգամ in spe1։ spe<ref>Ապագայում (լատ.)</ref>։ Սովորական զեմստվոյական բժիշկները սիրտ են անում կատարելու ծնկի հողի ռեզեկցիա, հարյուր որովայնահերձությունը տալիս է մի մահվան դեպք, իսկ քարագոյացման հիվանդությունն այնպիսի դատարկ բան է համարվում, որ դրա մասին մինչև իսկ չեն գրում։ Արմատապես բժշկվում է սիֆիլիսը։ Հապա ժառանգականության թեորիա՞ն, հիպնոտի՞զմը, Պաստյորի և Կոխի գյուտե՞րը, առողջաբանությունն ու վիճակագրությո՞ւնը, հապա մեր ռուսական զեմստվային բժշկագիտությո՞ւնը։ Իսկ հոգեբուժությունը,— հիվանդությունների իր այժմյան դասակարգությամբ, նրանց որոշման ու բուժման մեթոդներով,— առաջներում եղածի հետ համեմատած՝ այդ մի ամբողջ էլբրուս է։ Հիմա խելագարների գլխին սառը ջուր չեն լցնում և նրանց տենդաշապիկ չեն հագցնում. նրանց մարդավայել են պահում և մինչև իսկ, ինչպես լրագրերում են գրում, նրանց համար ներկայացումներ ու պարահանդեսներ են կազմակերպում։ Անդրեյ Եֆիմիչը գիտե, որ ներկայիս հայացքների և ճաշակի առկայությամբ այնպիսի մի գարշելի բան, ինչպիսին համար 6 հիվանդասենյակն է, հնարավոր է թերևս միայն երկաթուղուց երկու հարյուր վերստ հեռավորության վրա, մի փոքրիկ քաղաքում, որտեղ քաղաքագլուխը և բոլոր ձայնավորները կիսագրագետ քաղքենիներ են, որոնք հանձին բժշկի տեսնում են մի քուրմի, որին պետք է հավատալ առանց որևէ քննադատության, թեկուզ նա հալած անագ լցնի բերանդ. իսկ մի ուրիշ տեղ հասարակությունը և լրագրերը այդ փոքրիկ Բաստիլիայի փոշին արդեն վաղուց քամուն տված կլինեին։
«Սակայն ի՞նչ օգուտ,— հարց է տալիս Անդրեյ Եֆիմիչն ինքն իրեն՝ աչքերը բանալով։— Դրանից ի՞նչ օդոլտ Ե՛վ վարակի կանխում կա, և՛ Կոխ, և՛ Պաստյոր, բայց բանի էությունը բնավ չի փոխվել։ Հիվանդացումներն ու մահացությունը նույնն են մնացել։ Խելագարների համար պարահանդեսներ և ներկայացումներ են կազմակերպում, սակայն, այդուհանդերձ, նրանց ազատ չեն արձակում։ Նշանակում է, բոլորը դատարկ բան է և ունայնություն. և ոչ մի զանազանություն Վիեննայի լավագույն կլինիկայի և իմ հիվանդանոցի միջև, իսկապես ասած, չկա»։
Երբ խփում է ժամը երեքը, նա հանգցնում է լամպն ու գնում է ննջարան։ Նրա քունը չի տանում։
:<references/>
==VII==