Changes
/* Գլուխ 26 */
― Ոչ այժմ, երախտապարտ եմ ձեզ,― պատասխանեց Մարվինը,
սրբելով փոշեհատիկները մուգ կանաչ բպտիստից<ref>Բառախաղ՝ ուզում է ասել բատիստից, մինչդեռ «բապտիստ» բառը նշանակում է կնքող։</ref> ֆիլդեկոսե նախշուն լամբակներով վերարկուից, որը նրա համար կարել էր Փալփինգ լեյնի<ref>Նշանակում է շոշափողների կամ քծնոնղերի փողոց։</ref> Ժոֆրեն։
― Այդ դեպքում գուցե մի պտղունց քթախո՞տ,― տեղեկացավ սըր Ժյուլը, հրամցնելով յուր փոքրիկ պլատինե քթախոտատուփը՝ Սնեդումցի Դուրի ձեռքի աշխատանքը, որի վրա սրածայր պողպատով նկարած էր որսի մի տեսարան Լեժի Նարնջային անտառում։
― Գուցե ավելի ուշ,― ասաց Մարվինը, աչքերը հառելով յուր պարային կոշիկների կրկնակի վարդակապված արծաթաթել նրբաքուղերին։
― Իմ ձեզ այստեղ բերելու նպատակը,― կտրուկ ասաց տանտերը,― տեղեկանալն էր, թե հնարավորություն ունե՞ք արդյոք աջակցելու մեզ մի բարի ու արդար գործում՝ գործ, որի մասին, հույս ունեմ, կատարելապես անտեղյակ չեք։ Խոսքը վերաբերում է սըր Լեմփրի <ref>Նշանակում է քարալեզ։</ref> Հայթ <ref>Նշանակում է բարձունք։</ref> դ՝Ագուստինին, որն ավելի հայտնի է որպես Լուսավորյալ։
― Դ՝Ագուստի՛նը,― բացականչեց Մարվինը։― Բայց չէ՞ որ ես ճանաչել եմ նրան, երբ դեռ հազիվ պատանի էի,․․․ 02֊ին կամ․․․03֊ին, չեչոտ ժանտախտի տարում։ Նա հաճախ էր այցելում մեր ամառանոցը։ Մինչև օրս հիշում եմ նշակարկանդակի խնձորները, որ բերում էր ինձ համար։
― Ես հուսով էի, որ կհիշեք նրան,― ցածրաձայն ասաց սըր Ժյուլը։― Բոլորս ենք հիշում։
― Եվ ինչպե՞ս է իրեն զգում այդ մեծամեծ ու բարի ջենտլմենը։
― Բավական լավ․․․ Մենք հուսով ենք։
Մարվինն ակնթարթորեն ուշադրությունը լարեց։
― Ի՞նչ նկատի ունեք, սըր։
― Անցյալ տարի դ՝Ագուստինն աշխատում էր Դուվաննեմորի կալվածքում, որը գտնվում է Մոր՝ դ՝Ալենքոնից ոչ հեռու, Սանգրելայի ստորոտում։
― Ես գիտեմ այդ տեղը,― ասաց Մարվինը։
― Նա ավարտում էր յուր գլուխգործոցը՝ Անվճռականության էթիկան, որով երկնել էր այս էլ քսան տարի։ Երբ հանկարծ, մի խումբ զինավառ մարդիկ, նախապես կոտորելով ծառաներին և կաշառելով անձնական թիկնապահներին, խուժեցին Ռյուն աշխատասենյակը, որտեղ դ՝Ագուստինն աշխատում էր։ Ուրիշ ոչ ոք ներկա չէր, բացառությամբ նրա դստեր, որն անկարող էր միջամտել։ Այդ անանուն մարդիկ բռնեցին ու կապեցին դ՝Ագուստինին, ապա այրեցին նրա գրքի բոլոր պահպանված օրինակները, իսկ իրեն գերի տարան։
― Որպիսի՛ խայտառակություն,― գոչեց Մարվինը։
― Նրա աղջիկը, ականատես լինելով այդչափ ահասարսուռ մի տեսարանի, ուշակորույս եղավ ու ընկավ մոռացության գիրկը, այն ասիտճան խոր, որ մեռածի նմանվեց։ Այդպիսով այդ ակամա կեղծիքը փրկեց նրան անտարակույս մահից։
― Ցնցո՛ղ պատմություն,― մրմնջաց Մարվինը։― Սակայն ո՞ւմ շահերն էին մղում բռնություն գործել մի անվնաս գրագողի նկատմամբ, որին շատերն անվանում են մեր ժամանակի ու դարաշրջանի ականավոր փիլիսոփա։
― Ասում եք, անվնա՞ս,― տեղեկացավ սըր Ժյուլը և նրա շուրթերը ծամածռվեցին ցավագին քմծիծաղից։― Արդյոք ծանո՞թ եք դ՝Ագուստինի աշխատանքին, որ այդպես եք ասում։
― Բախտ չեմ ունեցել ծանոթանալու,― ասաց Մարվինը։― Իմ կյանքն, իրավ ասած, քիչ հնարավորություն է ընձեռնել նման զբաղմունքների համար, քանզի բավական ժամանակ է, որ ճանապարհորդում եմ։ Սակայն ինձ թվում է, որ այդքան մեղմաբարո ու հարգամեծար մարդու գրածներն անշուշտ․․․
― Ինձ թույլ կտամ ձեզ հետ չհամաձայնել,― ասաց սըր Ժյուլը։― Այդ հիանալի ու արդարամիտ ծերունին, որի մասին խոսում ենք, տրամաբանական հետևողականության անդառնալի ընթացքի շնորհիվ առաջ է քաշել մի վարդապետություն, որը, տարածվելու դեպքում, կարող է արյունահեղ հեղափոխության առիթ դառնալ։
― Անշուշտ, դա հաճելի բան չէ,― սառնորեն ասաց Մարվինը,― և ո՞րն է այդ դատապարտելի ուսմունքի էությունը։
― Կամա՛ց, ողորմած պարոն, կամա՛ց։ Դ՝ Ագուստինի քարոզած գաղափարները ինքնին այնքան ահավոր չեն, որքան, ավելի շուտ, դրանց հետևանքները։ Այդ գաղափարները բարոյախոսական երանգ ունեն, և ավելի ապստամբական չեն, քան լուսնի ամենամյա աճը կամ նվազումը։
― Բարի եղեք․․․ մի օրինակ ասել։
― Դ՝ Ագուստինը հայտարարում է, որ մարդիկ ծնվել են հավասար,― ցածրաձայն ասաց սըր Ժյուլը։
Մարվինը մտածեցայդ մասին։
― Այդ միտքը նորություն է,― ի վերջո ասաց նա,― սակայն ինչ֊որ չափով համոզիչ է։ Ուրի՞շ։
― Նա հայտարարում է, որ արդարացի վերաբերմունքը գովելի է և աստծո աչքերում գոհացուցիչ։
― Իրերը դիտելու տարօրինակ ձև,― որոշեց Մարվինը։― Եվ այնուհանդերձ, հը՜մ․․․
― Դ՝ Ագուստինը նաև պնդում է, որ չարժե ապրել, եթե չես ուսումնասիրում կյանքը։
― Բավական արմատական տեսանկյուն,― ասաց Մարվինը։― Եվ, իհարկե, ակնբախ է, թե ինչ կպատահեր, եթե այդ գաղափարները հասնեին բնակչության լայն խավերին։ Թագավորի և եկեղեցու հեղինակությունն անխուսափելիորեն կսասանվեր․․․ և այնուամենայնիվ, այնուամենայնիվ․․․
― Այո՞,― մեղմորեն հուշեց Ժյուլը։
― Եվ այնուամենայնիվ,― ասաց Մարվինը, աչքերը երազկոտ սևեռած նկարազարդ միահյուսված պալադիումներով տերակոտե առաստաղին,― և այնուամենայնիվ, արդյոք նոր կարգուկանոն չէ՞ր ստեղծվի քաոսից, որն անխուսափելիորեն կառաջանար։ Չէ՞ր ծնվի արդյոք մի նոր աշխարհ, որում ազնվականության ամբարտավան կամայականությունները կվերանային ու կբարեփոխվեին, իրենց տեղը զիջելով անձնական արժանապատվության գաղափարին, աշխարհ, որում անարգ, քաղաքականության մեջ խրված եկեղեցու ամպագոռգոռ սպառնալիքներին կհակադրվեին մարդուև Աստծո միջև ստեղծված նոր հարաբերությունները, առանց գեր տերտերների կամ գող վանականների միջնորդության։
― Դուք իրոք կարծում եք, որ դա հնարավո՞ր է,― թավիշին քսվող մետաքսի պես փափուկ ձայնով հարցրեց սըր Ժյուլը։
― Այո,― ասաց Մարվինը։― Այո, աստծո ծղունգները վկա, հավատում եմ։ Եվ կօգնեմ ձեզ փրկելու դ՝ Ագուստինին և տարածելու այս տարօրինակ ու հեղափոխական, նոր վարդապետությունը։
<references/>