Changes
/* 4 */
Այս է պատմությունը կանանց էտապի ժամանման, որը հետագայում նոր էջ բացեց կալանավորական կյանքի դեռ գրի չառնաված տարեգրության մեջ, որի մասին հետագայում այնքան պատմվեց ու նյութ դարձավ սրտաշարժ, անգիր երգերի, բերեց իր հետ այնքան ուրախություն, միաժամանակ և մորմոք ու ցավ։ Ովքե՞ր էին այդ անհայտ բանաստեղծներն ու երգահանները, ոչ ոք չտեսավ նրանց, ոչ ոք չիմացավ նրանց անունը, բայց ապրում էին նրանք, ստեղծագործում առանց թուղթ ու մատիտի, առանց ստեղծագործական գործուղման ու տողավարձի։ Մեկնող էտապները բանտից բանտ տանում էին այդ կենդանի, ժամանակակից, սրտակեղեք դյուցազներգությունները, ժամանող էտապները բերում էին նորերը՝ այս ամենն անգիր, բերնե֊բերան, սակայն որոնք մի օր գրի կառնվեն կամ գրի են առնվում անկասկած՝ միլիոնավորների աննախընթաց, անկարելի, անկրկնելի, ահավոր այդ ողբերգությունն ի գիտություն սերունդների։ Ամե՛ն։
==5==
Ճամբարային ընտանիք կազմելու գործում Մամոն առաջիններից չէր։ Երբ կանանց էտապը բնավորվեց կանանց գոտու այժմ արդեն առաջին և երկրորդ բարաքներում, մի կարճ ժամանակ անց նրանք կամաց֊կամաց իրենք իրենց գտան։ Կին բրիգադիրներն ու օրապահներն սկսեցին հոգ տանել իրենց արտաքինին, երբ գալիս էին տղամարդկանց գոտին հաց, նախաճաշ, ընթրիք ստանալու կամ երբ բոլորը տասնօրյակում մի անգամ լողանալու համար մտնում էին ադամական դրախտը։ Տեղ հասնելուց հետո նրանք նամակներ գրեցին իրենց հարազատներին և ծանրոցներ խնդրեցին։ Երջանիկները միայն ստացան պատասխան նամակ կամ ծանրոց։ Մեծ մասի հարազատներն, ըստ երևույթին, ընկել էին գերմանացիների տիրապետության տակ։
Գլխավոր բժիշկ՝ նույն ինքը կալանավոր Սոլոմոն Գավրիլովիչ Տրախտենբրոտն առաջինն էր, որ սիրային կապ հաստատեց Ժոզեֆինա Էռնեստովնա Վիտկովսկայայի հետ։ Առաջին իսկ օրից ճամբարային վարչությունը գործն այնպես դրեց, որ կալանավորների և կալանավորուհիների միջև որևէ կապ բացառվի։ Օրինազանցներին սպառնում էր խիստ պատիժ, մինչև աքսոր, տուգանային դաժան ճամբարները։ Այդ օրենքը տարածվում էր բոլոր կալանավորների՝ Մամոյից մինչև գկխավոր բժկի վրա․ հաց կտրողի, շեֆ֊խոհարարի, կարգադրիչի ու կոմենդանտի, մի խոսքով, շարքային կալանավորներից մինչև ճամբարային ազնվականների վրա։
Կեցությունը ոչ միայն որոշում է գիտակցությունը, այլև մարդկանց վարքն ու բարքը։ Շարքային կալանավորների մտքով անգամ չէր անցնում, այսպես ասած, հանցավոր կապեր ստեղծել կալանավորուհիների հետ։ Կալանավորը, որն ապրում է իր օրաբաժնով, զուրկ է ուղղակի կամ անուղղակի լրացուցիչ միջոցներից, լծված է ընդհանուր, ծանր աշխատանքների, նրա համար կինն այն էր, ինչ աշխատող չարքաշ եզի համար Չայկովսկու Երրորդ սիմֆոնիան։ Հա՛ց․ ― ահա ինչով էր զբաղված նրա ուղեղը։ Ամենից առաջ հա՛ց, մեծ քանակությամբ հա՛ց, որ ուտի այնքան, որքան ցանկանում է։ Կշտության զգացողությունից նա զրկվել է այն օրից, երբ զրկվեց ազատությունից։ Գիշերները երազում, առաջին շրջանում, նա դեռ տեսնում էր հարազատներին, իր սիրած ու նախընտրած ուտելիքները, մոտիկ մարդանց, իրենց տունը։ Ժամանակի ընթացքում, կեցության հետ, փոխվեցին նաև երազները։ Հիմա նա երազում միայն հաց է տեսնում և ոչ այն տեսակ֊տեսակ հացերը, որոնցով նա սնվում էր տանը, ոչ, այլ հատկապես ճամբարային, բանտային գորշ և խառնածին հացը, հինգ հարյուր գրամ այն հացը, որն ուտում էր նա մեկ զարկով, մի ակնթարթում, իսկ ուտելուց հետո չէր կարող որոշել․ երա՞զ էր դա, թե իրականություն։ Հաց ուտելու այս մեծ, սխրալի արարողությունը շարունակվում էր երազում, նա տեսնում էր բեռնատար մեքենաներ՝ բարձված ճամբարային, հատկապես ճամբարային հացի «բուխանկաներով», որոնցից մի քանիսին տեր էր կանգնում նա և ուտում էր, ուտում երջանիկ մոլուցքով, ուտում էր կատաղի ու անհագուրդ։ Նա զարթնում էր ծնոտների ցավից ու դեռ աչքերը փակ զգում էր, որ ծնոտները գործում են, իսկ լորձունքը թրջել է խոտով լցված կոշտ բարձը։
Այսպես էր ապրում ճամբարի բնակչության իննսունհինգ տոկոսը, և այսպես էր ապրում Մամոն բրուտանոց մտնելուց առաջ։ Միայն առաջին օրերին նրանց հետաքրքրությունը շարժեց եվաների հայտնությունը, որից հետո նորից անձնատուր եղան նրանք քաղցի և ծանր աշխատանքի ճիրաններին և իրենց հանգիստն ու անդորրը գտան միայն գետնափոր մեռելատանը, ուր այլևս չէր անհանգստացնում նրանց գոնգի ձայնը։ Ու չնայած որ մեռելատունը (մո՛րգ, մո՛րգ․․․) ոչ մի օր ազատ չէր լինում ժամանակավոր բնակիչներից, կալանավորների թիվը չէր պակասում։ Ժամանող մեծ ու փոքր էտապները բերում էին պատշաճ համալրում։
Երբ Ժոզեֆինա Էռնեստովնան բժշկական սպիտակ խալաթով երևաց բուժարանում, որպես Մերպերտի օգնական, կալանավորները խիստ զարմացան․ այդ ինչպե՞ս էտապի ժամանման օրը նրանք չեն նկատել բարձրահասակ, բարեկազմ, ձվաձև դեմքով, նշաձև խաժ աչքերով այս լեհուհուն, որին այնքան սազում է բժշկական խալաթը։ Հիրավի, երբ երևում էր նա գլխավոր բժշկի մոտ, թվում էր, թե նա՛ է գլխավոր բժիշկը։ Իսկ Սոլոմոն Գավրիլովիչը պարզապես նրա ֆելդշերն է։ Գլխավոր բժիշկը ճամբար եկավ Վլադիվոստոկի էտապով, և նրա հետ եկողներից ոչ մեկի մտքով չէր անցնում, որ այդ նիհար, միջահասակ, աշխարհին և մարդկանց կկոցուն աչքերով նայող փնթի կալանավորը ոչ այլ ոք է, եթե ոչ հայտնի բժիշկ֊վիրաբույժ Ս․ Գ․ Տրախտենբրոտը, որը կարճ ժամանակ հետո դառնալու է ճամբարի արքան ու աստվածը։ Իսկ երբ նա դարձավ արքա և աստված, չպետք է ուրանալ, առանձին ուշադրությամբ էր ընդունում իր էտապի մարդկանց, մեծարելով նրանց անուն֊հայրանունով, բայց մնալով միշտ ժլատ աշխատանքից ազատելու փափուկ խնդրում։
― Առանձին բան չկա, Պալ Պավլովիչ, գիշերը կհանգստանաք, իսկ առավոտյան․․․ հերոսի պես․․․
Գլխավոր բժիշկ նշանակվելուց հետո Սոլոմոն Գավրիլովիչ Տրախտենբլոտը լցվեց ու կարելի էր ասել ճարպակալվեց այն աստիճանի, որ դժվարությամբ էր կապում սեփական կոշիկի կապերը․ այս գործում նրան օգնության էր գալիս մոտ գտնվող սանիտարներից մեկն ու մեկը, որը երևի արժանի էր գլխավորի կոշիկների կապերը ոչ միայն կապելու, այլև արձակելու։
Թիվ 1 կուշտ մարդը ճամբարում Սոլոմոն Գավրիլովիչն էր, նա էր, որ ազատ մուտք ուներ կանանց գոտում, ապրում էր հիվանդանոցի առանձին խուցերից մեկում և ամեն հարմարություն ուներ լինելու ճամբարի թիվ1 Ադամը և ունենալու իր Եվան կամ եվաներն այնպես, որ երբեք չբռնվեր հանցանքի վրա։ Կալանավորուհիներն անխտիր, ամեն գնով աշխատում էին արժանանալ նրա ուշադրությանը, և չի կարելի ասել, որ զուր անցան նրանցից ոմանց ջանքերը։ Այն էլ նկատեց նա, որ վտանգավոր էր այդ վարքագիծը, իր թռուցիկ հոմանուհիները խանդից դրդված՝ կարող էին հիմար դրության մեջ դնել իրեն, գործը հասցնել ճամբարային պետերին և այն ժամանակ․․․ Սոլոմոն Գավրիլովիչ Տրախտենբրոտի փորձված և հմուտ աչքերից չէր վրիպել Ժոզեֆինա Վիտկովսկայան, որը, ինչպես պարզվեց, ծանոթ էր լատինական տառերին։ Ընտրությունը կայացած էր, գլխավոր բժշկի հորդորով նա հայտնեց կարգադրիչին, որ ինքը, Ժոզեֆինա Էռնեստովնա Վիտկովսկայան, բժշկական կրթություն ունի, ճիշտ է ոչ լրիվ և խնդրում է օգտագործել իրեն ըստ մասնագիտության։
Ճամբարի պետը նայեց կալանավորուհու անձնական գործը և այնտեղ ոչինչ չգտավ, բացի նրանից, որ նա ծնվել է 1913 թվականին Լոձում և որ օրինական կինն է Լեհական բարձրաստիճան զինվորական Յանուշ Վիտկովսկու՝ գնդակահարված Մոսկվայում, 1938 թվականաին, լրտեսական մեղադրանքով։ Ժոզեֆինա Վիտկովսկայան գլխավոր բժշկին հայտնեց գործի անհաջող ընթացքի մասին․ վերջինս կկոցեց աչքերը և խորհուրդ տվեց հայտնել պետին, որ ինքը գրել է իր հարազատներին և շուտով կստանա պետք եղած փաստաթղթերը։ Այդ օրերին էր, որ Տրախտենբրոտը զինված հսկողության տակ տարված էր ճամբարի պետի կացարանը։ Ճանապարհին նա հազար ու մի վատ ենթադրություններ է արել, հիշել իր բոլոր աշխատանքային ու կենցաղային, ճամբարային մեղքերը, որոնք երևի այնքան ծանր էին, որ պետը հարկ է համարել կանչել նրան իր կացարանը և հաշիվը մաքրել։ Դռների մեջ նրան դիմավորել է ինքը՝ Տոնկարյովը սիրալիր և մտահոգ ժպիտով։ Տրախտենբրոտի պատմելով, նա՝ պետը, մինչև անգամ սեղմել է նրա ձեռքը և հայտնել, որ կինը հիվանդ պառկած է և որ նա՝ պետը՝ չի վստահում ազատ բժիշկներին և խնդրում է, որ ինքը նայի հիվանդին։ Ա՛ռ քեզ չար սատանա։
Ամեն ինչ անցել էր բարեհաջող։ Տրախտենբրոտը մանրազնին քննության էր ենթարկել հիվանդին, լսել սիրտը, չափել արյան ճնշումը, փոքրիկ մուրճով խփել հիվանդի ծնկին, նայել լեզուն և խնդրել էր, որ նաչալնիցան (այսինքն՝ պետուհին․․․) բարեհաճի «ա՜ ա՜ ա՜» ասել։ Չէ, չի կարելի ասել, որ դրությունը լուրջ է կամ նման մի բան, չի էլ կարելի պնդել, որ ամեն ինչ բարեհաջող է։ Մի փոքր ներվերը․․․ սիրտը մի փոքր․․․ ― հմուտ բժիշկը դեղգիրներ գրեց (վաղուց էր, ինչ դեղգիրներ չէր գրել, նրա սիրտը ճմլվեց ցավից․․․) և պատրաստվեց մտնելու զինված պահակի հսկողության տակ՝ ճամբար վերադառնալու համար։ Սակայն, Տրախտենբրոտի պատմելով, պետը նրան հյուրասիրել է հարյուր հիսուն գրամի չափ օղիով, լիմոնի բարակ մի շերտով և հարցրել՝ ինչպե՞ս են գործերը։ Ահա այստեղ է, որ բժիշկը լուծել է Ժոզեֆինա Էռնեստովնայի խնդիրը․ «Մինչև փաստաթղթերն ստանալը թող գա, աշխատի, քաղաքացի պետ, Մերպերտը չի հասցնում․․․»։
Ինչպես Տխրախտենբրոտն է հետագայում պատմել Մերպերտին (իսկ Մերպերտն Աշոտ դայուն․․․), պետը չի խոսել բուժարանի գործերի և այն մասին, թե որքա՞ն է զբաղված Մերպերտը կամ կալանավորուհու փաստաթղթերը ե՞րբ կհասնեն, ո՛չ, պետը հարցը դրել է պետական մերկությամբ, առանց մտնելու բժշկի սարքած ծխածածկույթի տակ և առանց թույլ տալու, որ նրա, այսինքն՝ բժշկի փչած թոզը մտնի իր աչքերը։ Նա պարզապես ասել է․
― Եկեք այսպես պայմանավորվենք, եթե բռնվեցիք, հույս մի դրեք իմ պաշտպանության վրա։ Ոչ մի ուժ ձեզ չի փրկի։ Իսկ եթե հղիանա, կգա կոմիսիա ու քեզ հետ ես էլ կթռչեմ խեցգետիննրտի ձմեռանոցը․․․
Այսպես կազմվեց ճամբարային թիվ 1 ընտանեկան բջիջը, և քանի որ խնդիրը վերաբերում էր ոչ թե հանցանք գործելուն կամ չգործելուն, այլ բռնվելուն կամ չբռնվելուն, Սոլոմոն Գավրիլովիչ Տրախտենբրոտը ձեռք առավ բոլոր նախազգուշական միջոցները չբռնվելու համար։ Նա մանրամասն պատմեց գործի էության, ողջ գրվածքի մասին Մերպերտին և խնդրեց նրա աջակցությունն իր ընտանեկան կյանքի ապահովության գործին․․․ Մերպերտն իր հերթին, այս կարևոր գործի ապահովությանն ի խնդիր, զինավորագրեց թվով վեց, այսինքն ողջ սանիտարական կազմը։ Երբ միասին ճաշելուց հետո (հիվանդանոցի խոհարար Մաոն նրանց համար հատուկ ճաշ էր պատրաստում՝ չորս տեսակի․․․) պատասխանատու զույգը քաշվում է հանգստանալու բժշկի խցում, սկսվում էր Մերպերտի և թվով վեց սանիտարների անհանգստութայն ժամը։ Նրանք աննկատելի կերպով հսկում էին բոլոր վտանգավոր և կասկածելի կոմունիկացիաները՝ պետք եղած դեպքում վտանգի ազդանշան տալու համար։ Վտանգի դեպքում այլայլված զույգը վեր էր թռչում տեղից, լեհուհին արագ կարգի էր բերում մազերն ու շորերը, նետվում բուժարանը և Մերպերի հետ զբաղվում բուժարանի սակավաթիվ սրվակների կարգավորմամբ, իսկ բժիշկը խորասուզվում էր բժշկական մի գրքի էջերում։
Այնուհետև հայտնի դարձավ հիվանդանովի տնտեսվար, դորիական ոլորուն բեղերով Մավրինի կենակցությունը վայելչահասակ և բարետես ուկրաինուհի Լենա Մուսենկոյի հետ։ Մոտ հիսուն տարեկան Մավրինը քսանամյա այս աղջկան ձեռք բերելու և ձեռքում պահելու համար սերենադներ չերգեց նրա պատուհանի տակ, ոչ էլ երկնքից աստղեր վար բերելու փորձ կատարեց նրա իսկապես կարապի վիզը զարդարելու համար․ նա մահացող կալանավորների հացի օրաբաժիններից մեկը տալիս էր նրան առանց խնայելու, իսկ մնացած բաժինները սանիտարների միջոցով ծախում և փող էր կուտակում։ Գրեթե անեն օր սիրուն Լենան նախաճաշ և հաց ստացողներին օգնելու պատրվակով թափանցում էր տղամարդկանց գոտին, չորս կողմը վախեցած եղնիկի աչքերով նայելով՝ դատապարտվածի քայլերով մտնում էր Մավրինի խուցը և տասը րոպեից դուրս էր գալիս ծեծվածի նման, փեշի տակ պահած մի բաժին հացը։
Հացի, խոհանոցի, բաղնիքի տնորենները, ինչպես նաև սափրիչ Աբլապը գերադասեցին սեռական֊պարտիզանական կյանքը, որը թեև նույնքան վտանգավոր՝ սակայն ավելի քիչ պարտավորեցնող էր և՛ նութապես, և՛ բարոյապես։ Գրասենյակային աշխատողներն ավելի վայելուչ պահեցին իրենց, անցան ընդհատակյա ընտանեկան կենցաղավուրթյան։
Երբ աբասթումանցի կառապան Մամոն բրուտանոցի խոնավ չորանոցում ալլահի կամքով սեր էր անում նկարիչ֊քանդակագործուհի Լյուդմիլա Շարթի հետ, ճամբարային կենակցությունը դադարել էր զարմանք պատճառելուց։ Ո՛չ, ճամբարային ընտանիք կազմելու գործում Մամոն առաջիններից չէր։
==Վեցերորդ գլուխ==
Բրուտանո՜ց, ի՛մ բրուտանոց, ես քեզ դեռ երկար պիտի հիշեմ, ավելի շուտ՝ ես քեզ երբեք չեմ մոռացել, ու չեմ մոռնա, որովհետև մի բան հիշում են, երբ մոռացել են։ Ես քեզ՝ երբե՛ք։
Ես հիշում եմ՝ երբ աշունն իր գորշ թևերը փռում էր գործարար բակի ու թվում էր ամբողջ աշխարհի վրա, երբ անձրևը ծեծում էր քո պատուհանների կեղտոտ ապակիները, դու բուրում էիր, ի՜նչ էիր բուրոմ, հող ու կավ էիր բուրում ու այդ հողն արդար էր նրա վրա աշխատող մարդու նման ու կավը իմ և Մամոյի բոբիկ ոտների տակ չարչարված էր ու հունցված, որպեսզի Աշոտ դային նրանցից ամաններ պատրաստի ու հետո իր ձեռքով շինած քուրայում թրծի ու տա հազարավոր կալանավորներին, ― առե՛ք, կերեք, կերե՛ք ինչով կլցնեն, միշտ հիշելով, որ մարդն է շինում և թրծում հողե ամանները և ոչ թե աստվածները։ Ես հիմա հավատում եմ, ավելի քան հավատում, որ ազատն աստվածն է սկզբում շունչ փչել իր կավե շինվածքին և նրան կենդանություն պարգևել, ստեղծել է մարդուն և այդ մարդն օրորոցից մինչև կախաղան բանն ու գործը թողած՝ «ազատությո՜ն» է գոչել ու տենչացել։ Նույն այդ աստվածը, երևի, մի ուրիշ հաղածնի է աշխարհ գործուղել արտակարգ լիազորություններով, որ ոչ թե բոբիկ ոտներով, այլ ծանր, երկաթե սապոգներով ոտքի տակ առնի միլլիոններին, տրորի ու հունցի, կավ դարձնի, որ նրանք «ազատություն» բառն անգամ մոռանան, և հետո այդ կավից նո՛ր մարդ պատրաստի ի՛ր շնչով, ի՛ր կերպարանքով, նոր դրախտի խոստումով, որ այդ մարդը լինի վախկոտ ու դաժան, անողնաշար, փառամոլ ու դաժան, որ հսկողության տակ առնի անգամ մարդկային սերը։ Որ մարդիկ պատժվեն սիրելու համար, իսկ դաժանության համար պարգևատրվեն, որ նրա արձանները կանգնեն բոլոր կայաններում, հրապարակներում, քաղաքներում ու ավաններում, որ նրա նկարը կախվի բոլոր տների պատերից, որ նրա անունով կոչվեն քաղաքներ ու գործարաններ, հարյուր հազարավոր փողոցներ և հազարավոր հրապարակներ։ Որ բոլոր գրիչները գրեն նրա մասին, բանաստեղծները նրան գովերգեն, նկարիչները նրան նկարեն, երգիչները նրան երգեն, գիտնականները նրա անունով գործեն, զինվորականները նրա ցուցումով կռվեն, ողջ երկիրն օվսա՜ննա երգի, ու նա անհագուրդ խմի փառքի աղջուրն ու չհագենա, մոլեգնի ՜․․․
Բրուտանոց, իմ բրուտանո՜ց, ես չեմ մոռանա քո ձմեռները, երբ ջերմաչափ միայն Ժոզեֆինա Էռնեստովնան ուներ և հաճախ այն ցույց էր տալիս քառասուն, ու մենգրել իրավաբան Տուրկիան մեռնում էր կեսգիշերին, և հետո ցույց էր տալիս երեսունչորս, ու քիմիկոս Արտաշես Ջանփոլադյանն էր փակում իր աչքերը։ Հիվանդանոցից ու գարշահոտ բարաքներից դուրս ջերմաչափի փոխարեն գործում էր ցրտաչափը։ Սնդիկը թռչում էր քառասունի վրա ու չէր հուսահատվում, մագլցում էր վեր ուվեր, և հիվանդանոցում ազատված տեղերը նորերն էին գրավում։
Ընդարձակ բրուտանոցի մի անկյունում վառվում էր վառարանն ու ճարճատում։ Եթե ազատ ժամանակ ունենաս, նստես նրա մոտ և լսես ուշադրությամբ, ապա վառարանը, կերգի քո բոլոր ուզած եղանակները։ Նա գիտե անգամ ամենածիծաղելի երգերը, բավական է, որ դու հիշես եղանակը և նա կերգի․
Ծնկիդ ծալը, դոշիդ խալը, խանբաջի՜․․․
Դու սիրուն ես, քան քո տալը, խանբաջի՜․․․
Դու վառարանին հանդիմանում ես թեթևամտության, անլրջության համար, ու վառարանը հիմա երգում է քո հիշած նոր երգի աղաչավոր եղանակը․
Ամենա սո՜ւրբ երրորդություն,
Տուր աշխարհին խաղաղություն,
Բանտարկելուց՝ ազատություն
Եվ հիվանդաց՝ առողջություն
Իսկ հիմա․․․ աչքերդ տաքանում են, դու, ի՞նչ է, արտասվե՞լ ես ուզում։ Թաշկինակի կարիք չկա, վառարանը չորացնում է թարթիչներդ ու երգում, ու երգում․
Մի՛ լա, մի՛ թացի աչքերդ․․․
Մամոն այսօր մտահոգ է։ Աշխատանքի ընթացքում ես նկատեցի, որ նա մի քանի անգամ գաղտագողի նայեց գերմանուհու կողմը։ Այս մի քանի ամիսների ընթացքում վեջինս լցվել է և լցվել է․․․ ես չեմ ուզում սանձազերծել իմ երևակայությունը։ Իհարկե կլցվի, ի՞նչ կա այստեղ զարմանալի։ Նա, ճիշտ է, դատապարտված է 25 տարվա բանտարկության, սակայն այդ ամենևին չի նշանակում, թե դատապարտվել է 25 տարվա նիհարության։ Քսանհինգ տարվա ընթացքում ամեն բան կարող է պատահել մարդու կյանքում։ Քի՞չ կան այնպիսի կալանավորներ, որոնք նիհար են եղել, բայց հետագայում լցվել, բարենորոգվել են։ Ժոզեֆինա Էռնեստովնան ձեզ օրինակ։ Ճիշտ է, Լյուդմիլան այնպես չի սնվում, ինչպես այս գեղեցկատես լեհուհին, բայց չէ՞ որ Մամոն ջանք չի խնայում գրեթե ամեն օր, ճաշից հետո և բանթողից առաջ մի բանով ուրախացնելու նրան։ Այն էլ ճիշտ է, որ Ժոզեֆինա Էռնեստովնան գիրացել է և՛ մարմնով, և՛ դեմքով, գիրացել համաչափ գիրությամբ, իսկ Լյուդմիլան․․․ նրա դեմքը նույն նիհար, անառողջ դեմքն է, ոտները մնացել են բարակ, իսկ ինքը մի տեսակ լցվել է, այո, մի տեսակ լցվել։
Ես չեմ ուզում անձնատուր լինել երևակայությանը։ Ես կավ եմ հունցում և նայում ձախակողմյան պատի երկայնքով ամրացված երկար տախտակներին, որոնց մենք դարակ ենք ասում։ Նրանց վրա կողք֊կողքի շարված են Լյուդմիլա Շարթի մեծ ու փոքր, թրծված կամ դեռ հում աշխատանքները։ Այստեղ կարելի է տեսնել և՛ գլխաքանդակ, և՛ բյուստ։ Գլխաքանդակների վզները պետք եղածիծ ավելի երկար են, և այս հանգամանքը գլուխներին տալիս է ավելի ազդեցիկ տեսք։ Այստեղ կարելի է տեսնել Պուշկինի, Տարաս Շևչենկոյի, Հայնեի, Տոլստոյի, ինչ֊որ անհայտ֊անծանոթ երիտասարդի, Չայկովսկու, Շիլլերի, Դոստոևսկու, Նիցշեի գլուխներն ու կիսանդրիները։ Այս ամենը հիշողությամբ, որը, ինչպես երևում է, արվեստագիտուհու ուժեղ կողմերից մեկն է։
Չի կարելի ասել, որ Շարթի ստեղծագործական աշխատանքներն անցան առանց միջադեպերի։ Երբ նա աշխատում էր Հայնեի վրա, ներս մտավ Բիչկոն, նայեց նրա աշխատանքին և մտրակով ցույց տալով Հայնեին, հարցրեց․
― Ո՞վ է, ի՞նչ ազգից է։
― Գերմանացի է, բանաստեղծ, ― պատասխանեց Շարթը։
― Գերմանացի՜, ― անհանգստացավ Բիչկոն, ― մեռա՞ծ է, ապրո՞ւմ է։
― Մեռած է, վաղուց․․․
― Գերմանացի, ― Բիչկոն հառաչեց, ― դու ավելի լավ է մի ուրիշ գործի վրա ժամանակ սպանի․․․ մինչև ես իմանամ նրա ինչ լինելը․․․ անուն֊ազգանո՞ւնը․․․ Զբաղմո՞ւնքը․․․
― Հայնրիխ Հայնե․․․ բանաստեղծ։
Նա գրպանից հանեց տրորված բլոկնոտի նման բան, մի կարճլիկ մատիտ և գրեց։
― Հանկարծ փորձանքի մեջ չընկնենք․․․ Դու էլ, ես էլ, ― բացատրեց նա։
Լյուդմիլան կիսատ Հայնեն դրեց պատուհանի գոգը և չորանոց մտավ՝ չորացած ամանները հավաքելու։
Բիչկոյի գնալուց հետո անհանգստացած Մամոն մոտեցավ Աշոտ դայուն և հարցրեց․
― Ի՞նչ խաբար է․․․
Աշոտ դային բացատրեց։
― Ա՜յ Լյուդմիլա, ― դիմեց Մամոն ներս մտնող Լյուդմիլային իր ռուսերենով, ― էլ գլուխ չգտա՞ր․․․ Հիտլերի զեմլյակի գլուխն ի՞նչ գլուխ է․․․
― Հիտլերը վառում է նրա գրքերը, ― գրեթե ճչաց Լյուդմիլան, ― մի՞թե դրսում չեք կարդացել։
Մամոն սսկվեց։
― Ճիշտ, ― օգնության հասավ Իոնասը ոչ պակաս փայլուն ռուսերենով։ ― Հիտլերը Հայնե չի սիրում․․․ կրակ․․․
Ու ցույց տվեց վառարանը։
Երկու օր հետո եկավ Բիչկոն։
― Ոչինչ չպարզվեց, ― ասաց նա ծխախոտի ծուխը փչելով կիսատ Հայնեի կողմը, ― վերադասը․․․ մի խոսքով՝ չգիտեն, նրանց հայտնի չէ․․․
Աշոտ դային կանգնեցրեց անիվը և ասաց․
― Քաղաքացի՛ պետ, Հիտլերը վառում է այդ մարդու գրքերը․․․ մարդը հակաֆաշիստ է․․․
― Ճի՞շտ ― հանկարծակիի եկավ Բիչկոն, ― եթե դա ճիշտ է․․․ Հիտլերի թշնամին մեր բարեկամն է, պարզ է ու հասկանալի․․․
Գործարար բակի պետը դիմեց Շարթին․
― Ճի՞շտ է․․․ այդ ավազակը վառո՞ւմ է սրա գրքերը․․․
― Ամբողջ աշխարհին է հայտնի․․․ Մի՞թե թերթերում չեք կարդացել, ― պատասխանեց Շարթը Հայնեի չափ և Հայնեի պես դառնացած։
― Էլ ինչո՞ւ միանգամից չասացիր։
― Որովհետև դուք ոչ ոքի չեք հավատում, ― պատասխանեց Շարթը, ― ես ներողություն եմ խնդրում, բայց այդ այդպես է։
― Դուք մոռանում եք, որ ես կալանավոր եմ, ― ասաց Բիչկոն, մի նոր ծխախոտ վառելով, ― ես մտածում եմ և՛ ձեր, և՛ իմ մասին։ Չեմ թաքցնում, ես վախենում եմ, մի սխալ, մի ծուռ քայլ, և ինձ էլ քաղաքական կդարձնեն, կվառվեմ ոնց որ Սիդորի դեզը։ Այո, ես վախենում եմ։
― Իսկ ինչո՞ւ մենք չենք վախենում, ― մտքերի փոխանակությունը շարունակեց Շարթը։
― Դո՞ւք․․․ էլ ինչ վախ։ Այրվել պրծել եք․․․
Օդը ծանրացավ։
Ինչևէ․․․ Դուք վերջացրեք այս մարդու գլուխը, տեսնենք ինչ է գալու գլխներիս։
Նա ժպտաց։ Ակներև էր նրա ցանկությունը։ Նա ուզում էր իր ծանր խոսքերի տպավորությունը ցրել։ Այդ մենք ենք այրվել, պրծել Սիդորի դեզի պես․․․
Այսպես ծնվեց Հայնեն։
Երբ Լյուդմիլա Շարթն սկսեց խաղալ կավի հետ, Բիչկոն անհանգստացավ․ ինչպե՞ս կնայի վերադասն այդ գործին։ Մի օր չէ մի օր՝ ազատանիները կմտնեն բրուտանոց, վերահասու կլինեն․․․ Չե՞ն բռնի իր օձիքը, չե՞ն մեղադրի թույլ հսկողության, քաղաքական հանցագործների հետ մեղմ վարվելու մեջ։ Մի օր նա մտավ բրուտանոց, մոտեցավ չորանոցում աշխատող Լյուդմիլային և հարցրեց․
― Լենին կարո՞ղ ես պատրաստել։
― Կարող եմ։
― Ինձ համար երկու Լենին պատրաստի։ Համարիր անհատական պատվեր․ ինձնից կստանաս երկու բաժին հաց․․․ եղա՞վ։
― Ինչո՞ւ չէ․․․
― Չուշացնես։
Մամոն բարձրացավ յոթերորդ երկինք՝ այնտեղ մշտական բնակություն հաստատելու հաստատ մտադրությամբ։ Շորորալով էր նա կավը հունցում, ասես գլխի վրա պտտվում էր գերմանուհու շուրջը և հետևում նրա աշխատանքին։ Եկավ օրը, և երկու Լենինը պատրաստ էին դեմքի նույն արտահայտությամբ, նույն գլխարկով, երկու Լենին, երկուսն էլ մի բոյի, մոտիկ ու հարազատ։
Եկան և թրծելու օրերը։ Քուրան կոնուսաձև է․ կղմինդրից շինած Զանգեզուրի լեռների մակետ լինի ասես կամ « Նամուսի» Բարխուդարի փափախի խիստ մեծացրած տարբերակը։ Շինված է փոսի մեջ, Աշոտ դայու ձեռքով։ Նրա ստորոտում վառարանի անցքն է, որն առավոտից մինչև կեսգիշեր կլլում է Աշոտ դայու ձեռքով նետված չոր փայտերը։ Ծուխը բարձրանում է կոնուսի գագաթից, լայն ծխանցքով, որի պատերը տաքացնում են քուրայի որովայնը։ Այնտեղ կան կղմինդրե աստիճաններ, ուր Աշոտ դային տեղավորում է հազարի հասնող ամաններ, սակավաթիվ փարչեր, ծաղկաման, մոխրաման։ Նախքան վառարան վառելը Աշոտ դային կղմինդրներով փակում է կոնուսի վերջավորությունը, խնամքով սվաղում, որ ջերմությունը ելք չունենա։
Վառարանի քառակուսի անցքը դռնակ չունի ― ներսն ընդարձակ է, կիսակլորաձև, հատկապես նրա համար պատրաստված չոր փայտերը վառվում են ու վառվում։ Թրծարանի վառարանը չի երգում բրուտանոցի վառարանի նման քո ուզած երգը, ո՛չ, նա այնպիսի ամեհի ձայներ է հանում, որ դու մոռանում ես քո գիտցած և մանավանդ չգիտցած երգերը։ Նա մերթ վայում է, մերթ կաղկանձում, անսուզսպ ու խելագար պահանջում, սպառնում, հայհոյում ու մանավանդ վայում, վայում Ահարոնյանի լալկան աշնան քամու նման, ծխնելույզում։ ― Ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ֊վո՜ւ֊ո՜ւո՜ւ․․․
Հիմա ինձ սպասում է մի ուրիշ մեծ հաճույք ու բավականություն․ լվանալ ոտներս և նստել պատշաճ հեռավորության վրա վառարանի դեմ, մի մախորկա փաթաթել, վառել այն դուրս ընկած կրակից և լսել Աշոտ դայուն։ Նա տխրությամբ վերհիշում է իր հորը, դիլիջանցի բրուտ Քրիստափորին, այն մասին, թե ինչպես վաղ մանկությունից օգնել է հորը, սովորել բրուտություն, առանց իմանալու, որ այդ գործը կարող է իրեն պետք գալ ինչպես ինքն է ասում՝ Սիբիրներում։ Հետո սովորել է, մի ոտքը դրել Էջմիածին ճեմարանից ներս․․․
Փոքրիկ կիսանդրիներն Աշոտ դային խնամքով տեղավորեց քուրայում այնպես, որ իր ասելով՝ ոչ այրվեն, ոչ էլ հում մնան։ Ընդհանրապես թրծելու հատկապես առաջին օրը նրա համար ծանր ու լարված օր էր։ Քուրան պետք է վառել 15-16 ժամ անընդհատ։ Աշոտ դային առավոտյան վառում էր մի օր առաջ պատրաստված քուրան, իսկ երեկոյան ժամը հինգին աշխատանքները վերջանում էին, այնինչ հարկավոր էր շարունակել տաքացումը մինչև գիշերվա ժամը 12-1-ը։ Ճամբարային բաժանմունքի պետի՝ փոխգնդապետ Կուցենկոյի հատուկ կարգադրությամբ․․․
Երբ գործարար բակի աշխատանքները վերջանում էին և բրիգադները ճամբար էին վերադառնում, դարպասների մոտ ընդունող պահակապետը հաշվելուց հետո հայտարարում էր, որ մի հոգի պակասում է։ Ուղեկցող ավագ պահակը երկու քայլ մոտենում էր կալանավորներին ընդունող ավագին ու զեկուցում, որ բաժանմունքի պետի հատուկ կարգադրությամբ կալանավոր բրուտ Աշոտ Ռոստոմյանը (նա արտասանում էր Ռաստամյան) մնացել է բրուտանոցում աշխատանքի բերումով։ Եվ ուրիշ ոչինչ։ Նման օրերին ես ինձ որբ էի զգում, մենակ և անընկեր։ Ի՞նչ է անում հիմա Աշոտ դային, մենակ, մեն֊մենակ հսկայական գործարանում․․․ Ինչո՞ւ մենակ, ― անդրադառնում էի ես, իսկ պահա՞կը․․․ մե՜ծ բավականություն։
Կեսգիշերին գալիս էր Աշոտ դային, թեթև բարձրանում տախտակամածին, հարցնում․
― Հայդուկ, լավ֊լա՞վ ես, ― ու ես իսկապես ինձ լավ֊լավ էի զգում։
Հիմա նա մի կտոր հացի հետ խփշտում է սառած ընթրիքը։
― Իսկ դու՞․․․ գիշերով, մենակ, սարսափելի չէ՞․․․
― Նախ՝ մենակ չէի․ չուվաշ Պետրովը հսկում էր իմ անձի անձեռնմխելիությունը համաձայն սահմանադրության․․․
― Չէ՞ր նեղում։
― Դոստացանք․․․ մի քիչ խմած էր, դառնացած։
Նա իջավ տախտակամածից, ճաշամանն ու գդալը ընդհանուր լվացարանում լվաց ու վերադարձավ։
― Տարածելու կարիք չկա, ― շարունակեց նա, ― Պետրովի հայրը նույնպես բռնված է և քշված է Կոլիմա․․․ մի՛ զարմանա։
― Այդ սարսափելի չուվաշի հա՞յրը․․․
Աշոտ դային ժպտաց․
― Մարդիկ այն չեն, ինչ երևում են, ― ասաց նա, ― մեր ժամանակներում մարդը շատ է բարդացել իր էությամբ․․․ Ուրիշ բան են մտածում, ուրիշ բան խոսում, հակառակ իրենց էության՝ գործում․․․ Մարդու մեջ դրել են ինչ֊որ չար զսպանակներ, լարում են իրենց ուզած ձևով ու բաց թողնում։ Ու մարդիկ չար են՝ հակառակ իրենց կամքի, իրենց խմորի․․․
― Պետրովը քեզ օրինակ, ― շարունակեց Աշոտ դային հանվելով, ― կին ունի, երեխաներ, զորակոչված է ու հազար֊հազարների նման քշված այս աշխատանքին։ ― Նայում եմ քեզ վրա ու հորս եմ հիշում, ― մորմոքվում էր նա, ― անմեղ, անշառ մարդ էր․․․ Գոռում եմ ձեզ վրա ու սիրտս ցավում է։ Բայց ինչ կարող եմ անել, ծառայություն է․․․ օրենք․․․ ― Հա, քիչ էր մնացել մոռանայի, գրպանումս․․․
Նա բամբակյա բաճկոնի գրպանից շորի մեջ փաթաթված մի բան հանեց ու դրեց իր արկղը։
― Մի կտոր խոզի ճարպ տվեց, հրաժարվեցի, հնար չեղավ․․․ ― Գոնե հորս հասցեն ունենայի, ― գանգատվում էր Պետրովը, ― տարան ոչ մի լուր․․․ Մայրս երկու տարի առաջ դիմեց օրգաններին, պատասխանեցին, որ ուղարկված է Կոլիմա․․․ իսկ նամակ՝ չկա։ ― Խնդրեց, որ այս մասին ոչ ոքի․․․ ― կհանեն, կուղարկեն տուգանային գնդեր, որպես ժողովրդի թշնամու որդու․․․
Աշոտ դային լռեց։ Բարաքը քնած էր խոր քնով։ Ծանր աշխատանքից հետո քնած են ճամբարի բոլոր բնակիչները, երևի, բացի մեզնից ու քրեականներից, որոնք ցերեկները քնում, իսկ գիշերները թուղթ են խաղում։
― Դեհ, քնենք, ― ասում է Աշոտ դային, ― բարի գիշեր․․․ առավոտյան խոզի ճարպով մի լավ․․․ կնախա․․․
― ․․․ ճաշենք, ― լրացնում եմ ես մտքումս, իսկ Աշոտ դային արդեն քնած է։
Իսկ իմ քունը չի տանում։ Բարաքում տիրում է անթափանց խավար, միայն մուտքի ձախ կողմը քնող օրապահ Նուրանբաևի աղոտ լույսն է պլպլում։ Այդ գիշեր նա է հսկում բարաքի անդորրը։ Իհարկե, այդ հսկողությունը ձևական է, եթե քրեական պախաններն ու վառնակները թափանցեին բարաք ոչ բարի նպատակներով, օրապահը չտեսնելու պիտի տա։ Այդպիսի դեպքեր՝ որքա՜ն ասես։ Բացի բարաքների օրապահներից, հերթով հսկում են ճամբարի քունը բարաքների ավագները։ Նրանք շրջում են մեծ ճանապարհի վրա, երբեմն մոտենում այս կամ այն բարաք՝ ստուգելու օրապահների զգոնությունը, կամ նստում մի քանի րոպե ու խոսում շշուկով։ Ճամբարի անդորրը հսկում են նաև ճամբարի չորս անկյուններում բարձրացող հսկիչ աշտարակները՝ չորս զինված պահակներով, ինչպես և պահակատանը նստած պահակները, որոնք հաճախ մտնում են ճամբար՝ ստուգելու ավագների զգոնությունը․․․Հսկիչ աշտարակների պահակները նույնպես ստուգում են մեկ֊մեկու։ Հաճախ գիշերային լռության մեջ լսվում է նրանց կանչը։
― Լսիր, առաջին, ― լսո՞ւմ ես․․․
― Լսում եմ․․․ Լսիր երրորդ, ― լսո՞ւմ ես․․․
― Լսում եմ․․․ չորրորդ լսո՞ւմ ես․․․
― Լսում եմ․․․
Ճնշող և ծանր տպավորություն էին թողնում աշտարակից աշտարակ թռչող գիշերային այդ ավելի քան պարզ հարց ու պատասխանները, որոնք ավելորդ, միանգամայն ավելորդ տեղը հիշեցնում էին ճամբարի բնակիչներին իրենց դժխեմ կացությունը։
Բարաքում տիրում է անթափանց խավար․ եթե անտես մի ձեռք սեղմեր գոյություն չունեցող էլեկտրական լույսի կոճակը, եթե բարաքում հրաշքով վառվեին բազում լույսեր և եթե լույսի տակ դու նայեիր քնած կալանավորների դեմքերին, վերահասու կլինեիր անհավատալի, հրաշք թվացող երևույթի․ ― քնած կալանավորները մեծամասամբ ժպտում են, այո՛, ժպտում իսկական, մարդկային ժպիտով։ Բազմերանգ են այդ ժպիտները, ոմանք ժպտում են դառը ժպիտով, ոմանք՝ քաղցր, համարյա մանկական, կան հեգնական, թերահավատ, տարակուսող ժպիտեր, և կան այնպիսիք, որոնք ժպտում և կարծես հազիվ են զսպում իրենց ծիծաղը։ Ամբողջ օրը լարված ու տանջված՝ երբ նրանք քնում են, ասես ազատություն են տալիս իրենց կաշկանդաված զգացմունքներին, ազատ ու անպատասխանատու երազներ են տեսնում․ ազատվում են, տուն են գնում, հարազատներին են գրկում, համբուրում, ուտում են այն, ինչ ցերեկով երազել են, ընկերներով գարեջրատուն են մտնում և պատահում է այնպես, որ գարեջրատանը հանդիպում են․․․ ո՞ւմ են հանդիպում, իրենց քննիչին կամ ճամբարի պետին, կամ կալանավորներից մեկն ու մեկին, որը կալանավորական հագուստ֊կապուստով գարեջուր է վաճառում․․․
Ու երազը վերջանում է, ասես անհայտ մի ձեռք կալանավորին շուռ է տալիս ձայնապնակի նման, ու սկսվում է մի նոր երգ ու երազ։
Այդ գիշեր երևի ես չեմ ժպտացել։ Ամբողջ գիշեր չուվաշ պահակ Պետրովի հետ եմ եղել։ Նա, հրացանը դրած կողքին, նստած մեր բարաքում, օղի է խմում և երեխայի նման լալիս։ ― Կոլիմայից էտապ է գալիս, ― ասում է նա, ― երևի հայրս էլ գա, ինչպե՞ս պիտի հանդիպենք իրար, ես՝ պահակ, նա՝ կալանավոր․․․ Հետո նա մի քանի մեծ կտոր խոզի ճարպ է տալիս Աշոտ դայուն, երկու լրիվ բուխանկա հաց և խնդրում։ ― Կտաք հորս, կարիք չկա ասելու՝ թե ումից է, թե չէ կիմանան և ինձ կքշեն տուգանային գնդեր որպես ժողովրդի թշնամու որդու․․․ Այդ միջոցին բարաքի դուռը բացվում է, ներս է մտնում պահակապետը։ Պետրովը ոտքի է կանգնում, բարձրացնում է հրացանը և գոռում․ «կարգը մի խանգարեք, խոզեր, սրիկաներ, ես ձեզ տուգանային ճամբար կքշեմ այնպես, որ․․․»։
Ես զարթնում եմ։