Changes
/* Առաջին գլուխ */
― Ախր անիմաստ բան է,― ասաց նա։ Այդ խոսքերից երեքն էլ շուռ եկան նրա կողմն ու պատրաստակամ, բայց՝ լուրջ, նայեցին։ Կ֊ն ի վրեջո կանգ առավ վերակացուի սեղանի դիմաց։
― Դատախաղ Հաստերերն իմ լավ ընկերն է,― ասաց նա։― Կարո՞ղ եմ զանգել նրան։
― Իհարկե,― ասաց վերակացուն։― Բայց չգիտեմ, թե ի՞նչ միտք ունի։ Որևէ իմաստ կունենար, եթե նրա հետ մասնավոր գործերի մասին խոսելու բան ունենայիք։
― Ի՞նչ միտք։― Ավելի շուտ շփոթված, քան զայրացած բղավեց Կ֊ն։― Դուք ո՞վ եք։ Դուք ինչ֊որ իմաստ եք ուզում, երբ երբևէ եղած ամենաանիմաստ բա՞նն եք մատուցում։ Մարդու սիրտ է տրաքում։ Նախ այս պարոններն են հարձակվում ինձ վրա, հիմա էլ նստել կամ կանգնել են այստեղ և ինձ հնարավորություն են տալիս ցուցաբերել վարգելու իմ բարձրակարգ ընդունակությունը։ Ինչ իմաստ ունի դատախազին զանգելը, եթե ես ձերբակալված եմ համարվում։ Լավ, չեմ զանգահարի։
― Բայց ինչո՞ւ ոչ։― Վերակացուն ձեռքը պարզեց դեպի նախասենյակը, ուր հեռախոսն էր։― Խնդրեմ, զանգահարեք։
― Ոչ, այլևս չեմ ուզում։― Կ֊ն մոտեցավ պատուհանին։ Ծերունիների խումբը դեռ կանգնած էր պատուհանի մոտ, և, երբ Կ֊ն մոտեցավ, թվաց, թե խանգարվեց այն հանգիստը, որով նրանք էին հետևում այստեղ կատարվող դեպքերին։ Պառավները նույնիսկ ուզում էին թաթերի վրա բարձրանալ, սակայն թիկունքում կանգնած բարձրահասակը շարունակ հանգստացնում էր նրանց։
― Այնտեղ էլ այսպիսի հանդիսատեսներ կան,― վերակացուին բարձրաձայն դիմեց Կ֊ն և ցուցամատը դուրս պարզեց։― Հեռացեք այդտեղից,― բղավեց նա ծերունիներին։ Իսկապես, երեքն էլ մի քանի քայլ ընկրկեցին, ծերունիները նույնիսկ կարմրամորուս մարդու թիկունքն անցան․ վերջինս իր հաղթ մարմնով ծածկեց նրանց և, դատելով շուրթերի շարժումներից, այդ հեռավորության վրա անհասկանալի ինչ֊որ բան ասաց։ Սակայն նրանք վերջնականապես չհեռացան, այլ թվում էր, թե հարմար պահի էին սպասում, որ կրկին կարողանային աննկատ մոտենալ պատուհանին։
― Դե, պարոնայք,― խոսեց Կ֊ն։ Նրան մի պահ թվաց, թե այստեղ բոլորը իր ուսերին են նստած։― Եթե ձեր տեսքերից դատելու լինենք, կարելի է իմ գործն ավարտված համարել։ Ես այն կարծիքին եմ, որ ավելի լավ կլինի այլևս չմտածել ձեր այստեղ գալու անհիմն կամ հիմնավոր լինելու մասին և երկուստեք ձեռքսեղմումով գործը հաշտ ու խաղաղ վերջացնել։ Եթե դուք նույնպես իմ կարծիքին եք, ապա՝ խնդրեմ։― Նա մոտեցավ սեղանին ու պարզեց ձեռքը։ Վերակացուն բարձրացրեց հայացքը, խոնարհեց և նայեց Կ֊ի՝ իրեն մեկնած ձեռքին։ Կ֊ն շարունակ մտածում էր, թե վերակացուն կհամաձայնի իր առաջարկին, վերջինս, սակայն, ոտքի կանգնեց, ֆրոյլայն Բյուրստների մահճակալի վրայից վերցրեց կլոր, կոշտ գործքի գլխարկը և, ինչպես նոր գլխարկները փորձելու ժամանակ են անում, երկու ձեռքով բռնած զգուշորեն դրեց։
― Ձեզ ինչքան հեշտ է թվում ամեն ինչ,― միաժամանակ ասաց նա Կ֊ին։― Կարծում եք, թե մենք պետք է գործին հեշտ ու խաղաղ վերջ տանք։ Ո՛չ,ո՛չ։ Այդպես, իրոք, չի լինի։ Սակայն ես չեմ ուզում ասել, թե Դուք չպետք է հուսահատվեք։ Ոչ, ինչի՞ համար։ Դուք միայն ձերբակալված եք, ուրիշ ոչինչ։ Ես պետք է այդ բանը տեղեկացնեի Ձեզ, տեղեկացրի և հետևեցի, թե Դուք ինչպես ընդունեցիք լուրը։ Այսօրվա համար այսքանը բավական է, և մենք կարող են հրաժեշտ տալ իրար։ Այսինքն՝ ժամանակավորապես։ Դուք երևի բանկ գնա՞լ կուզենաք այժմ։
― Բա՞նկ։ Ես էլ կարծեցի, թե ձերբակալված եմ,― Կ֊ն հարցը կամավորության որոշակի հնչերանգով տվեց, որովհետև՝ չնայած նրա ձեռքսեղմումը չէր ընդունվել, սկսած առանձնապես այն պահից, երբ վերակացուն ոտքի կանգնեց, իրեն շարունակ ավելի անկախ էր զգում այդ մարդկանցից և խաղ էր անում նրանց հետ։ Եթե նրանք գնային, Կ֊ն մտադիր էր մինչև տան դարպասը հետևներից գնալ և առաջարկել ձերբակալել իրեն։ Այդ պատճառով նա կրկնեց հարցը։
― Ինչպե՞ս կարող եմ բանկ գնալ, երբ ձերբակալված եմ։
― Ախ այդպե՞ս։― Վերակացուն, որ արդեն դռան մոտ էր, շրջվեց։ Դուք ինձ սխալ հասկացաք։ Դուք, ինչ խոսք, ձերբակալված եք, բայց դա Ձեր՝ գործերով զբաղվելուն չպետք է խանգարի։ Դա չպետք է խախտի նաև Ձեր առօրյա կյանքը։
― Այդ դեպքում ձերբակալված լինելն այնքան էլ վատ բան չէ,― ասաց Կ֊ն և մոտեցավ վերակացուին։
― Ես երբեք այլ կարծիքի չեմ եղել։
― Եվ ինձ թվում է, թե ձերբակալման մասին տեղեկացնելն այնքան էլ անհրաժեշտ չէր։― Կ֊ն ավելի մոտեցավ։ Մյուսները նույնպես մոտեցել էին և դռան մոտ կանգնել փոքր խումբ կազմած։
― Դա իմ պարտքն էր,― պատասխանեց վերակացուն։
― Հիմար պարտք է ,― չզիջեց Կ֊ն։
― Թեկուզ։ Սակայն եկեք նման խոսակցությունների վրա ժամանակ չվատնենք։ Ես մտածեցի, թե Դուք ուզում եք բանկ գնալ։ Իսկ եթե բառերի հանդեպ այդքան ուշադրություն եք հանդես բերում, կավելացնեմ միայն, որ Ձեզ չեմ ստիպում բանկ գնալ։ Պարզապես ենթադրեցի, թե ուզում եք,