==VII==
Բարեկամին ճանապարհ դնելուց հետո Անդրեյ Եֆիմիչը նստում է սեղանի մոտ և նորից սկսում է կարդալ։ Ոչ մի ձայն չի խանգարում երեկոյի և ապա գիշերվա խաղաղությունը, և ժամանակը կարծես թե կանգ է առնում ու գրքին խոնարհված բժշկի հետ միասին անշարժանում. , և թվում է, ոչինչ գոյություն չունի, բացի այդ գրքից ու կանաչ լուսամփոփով լամպից։ Բժշկի կոպիտ, գեղջկական դեմքը կամաց֊կամաց լուսավորվում է խանդաղատանքի ու հրճվանքի ժպիտով, որ պատճառում է նրան մարդկային խելքի շարժմունքը։ Օ՜, ինչո՞ւ մարդն անմահ չէ, մտածում է նա։ Ինչի՞ համար են ուղեղի կենտրոններն ու ծալքերը, ինչի՞ համար են տեսողությունը, լեզուն, ինքնազգացումը, հանճարը, եթե այդ բոլորին վիճակված է հոդն անցնելու և, վերջիվերջո, երկրագնդի կեղևի հետ մեկտեղ սառչելու և ապա միլիոնավոր տարիներ երկրագնդի հետ միասին անիմաստ ու աննպատակ պտտվելու արեգակի շուրջը։ Սառչելու և ապա պտտվելու համար բոլորովին էլ կարիք չկա չգոյությունից դուրս բերել մարդուն՝ նրա վեհ, համարյա աստվածային խելքով ու հետո, ասես ծաղրելով, հող դարձնել նրան։
Նյութերի փոխանակությո՜ւն։ Բայց ի՜նչ վախկոտություն է անմահության այդ սուռոգատով իրեն մխիթարելը։ Բնության մեջ տեղի ունեցող անգիտակից պրոցեսները ցածր են մինչև իսկ մարդկային հիմարությունից, որովհետև հիմարության մեջ, այնուամենայնիվ, կա գիտակցություն և կամք, իսկ պրոցեսների մեջ բացարձակապես ոչինչ չկա։ Միայն երկչոտը, որի մեջ մահվան երկյուղ ավելի շատ կա, քան արժանապատվություն, կարող է մխիթարել իրեն նրանով, որ իր մարմինը ժամանակով ապրելու է խստի, քարի, դոդոշի մեջ... Իր անմահությունը նյութերի փոխանակության մեջ տեսնելը նույնքան տարօրինակ է, որքան պատյանին փայլուն ապագա գուշակելն այն բանից հետո, երբ թանկագին ջութակը ջարդվել է և անպետքացել։
Երբ ժամացույցը խփում է, Անդրեյ եֆիմիչը ետ է ընկնում բազկաթոռի թիկունքին ու փակում աչքերը, որպեսզի մի քիչ մտածի։ Եվ պատահականորեն, գրքում կարդացած լավ մտքերի ազդեցության տակ, նա մի հայացք է նետում դեպի իր անցյալը և ներկան։ Անցյալը զզվելի է, ավելի լավ է այն չհիշել։ Իսկ ներկան նույնն է, ինչ և անցյալը։ Նա գիտե, որ այն պահին, երբ իր մտքերը սառած երկրագնդի հետ միասին պտտվում են արեգակի շուրջը, իր բժշկական բնակարանի կողքին, մեծ տան մեջ մարդիկ տառապում են հիվանդություններից ու կեղտոտության մեջ. միգուցե մեկնումեկն անքուն է և կռվում է միջատների դեմ, մեկնումեկը վարակվում է կարմիր քամիով կամ տնքում է խիստ ամուր կապած վիրակապից. գուցե հիվանդները հիվանդապահուհիների հետ թուղթ են խաղում և օղի խմում։ Հաշվետու տարում խաբել են տասներկու հազար մարդու, ամբողջ հիվանդանոցային գործը, ինչպես և քսան տարի առաջ, կառուցված է գողության, բանսարկությունների, բամբասանքների, խնամության, կոպիտ շառլատանության վրա, և հիվանդանոցն առաջվա նման անբարոյական և բնակիչների առողջության համար վերին աստիճանի վնասակար մի հիմնարկություն է։ Նա գիտե, որ համար 6 հիվանդասենյակում ճաղերի հետևում Նիկիտան ծեծում է հիվանդներին, և որ Մոիսեյկան ամեն օր շրջում է քաղաքում ու ողորմություն հավաքում։
Մյուս կողմից էլ նրան հիանալի հայտնի է, որ վերջին քսանհինգ տարվա ընթացքում բժշկական գիտությունը հեքիաթային փոփոխություն է կրել։ Երբ նա համալսարանում սովորում էր, նրան թվում էր, թե բժշկագիտությունը շուտով ընկնելու է այն վիճակի մեջ, ինչ և ալքիմիան ու մետաֆիզիկան, իսկ հիմա, երբ նա գիշերները կարդում է, բժշկագիտությունը նրան հուզում է և նրա մեջ առաջացնում զարմանք ու մինչև իսկ հրճվանք։ Իրոք որ, ի՜նչ անսպասելի փայլ, ի՜նչ հեղափոխություն։ Անտիսեպտիկայի շնորհիվ այնպիսի վիրահատություններ են անում, որոնք մեծ Պիրոգովն անհնարին էր համարում մինչև անգամ in spe<ref>Ապագայում (լատ.)</ref>։ Սովորական զեմստվոյական բժիշկները սիրտ են անում կատարելու ծնկի հողի հոդի ռեզեկցիա, հարյուր որովայնահերձությունը տալիս է մի մահվան դեպք, իսկ քարագոյացման հիվանդությունն այնպիսի դատարկ բան է համարվում, որ դրա մասին մինչև իսկ չեն գրում։ Արմատապես բժշկվում է սիֆիլիսը։ Հապա ժառանգականության թեորիա՞ն, հիպնոտի՞զմը, Պաստյորի և Կոխի գյուտե՞րը, առողջաբանությունն ու վիճակագրությո՞ւնը, հապա մեր ռուսական զեմստվային բժշկագիտությո՞ւնը։ Իսկ հոգեբուժությունը,— հիվանդությունների իր այժմյան դասակարգությամբ, նրանց որոշման ու բուժման մեթոդներով,— առաջներում եղածի հետ համեմատած՝ այդ մի ամբողջ էլբրուս է։ Հիմա խելագարների գլխին սառը ջուր չեն լցնում և նրանց տենդաշապիկ չեն հագցնում. նրանց մարդավայել են պահում և մինչև իսկ, ինչպես լրագրերում են գրում, նրանց համար ներկայացումներ ու պարահանդեսներ են կազմակերպում։ Անդրեյ Եֆիմիչը գիտե, որ ներկայիս հայացքների և ճաշակի առկայությամբ այնպիսի մի գարշելի բան, ինչպիսին համար 6 հիվանդասենյակն է, հնարավոր է թերևս միայն երկաթուղուց երկու հարյուր վերստ հեռավորության վրա, մի փոքրիկ քաղաքում, որտեղ քաղաքագլուխը և բոլոր ձայնավորները կիսագրագետ քաղքենիներ են, որոնք հանձին բժշկի տեսնում են մի քուրմի, որին պետք է հավատալ առանց որևէ քննադատության, թեկուզ նա հալած անագ լցնի բերանդ. իսկ մի ուրիշ տեղ հասարակությունը և լրագրերը այդ փոքրիկ Բաստիլիայի փոշին արդեն վաղուց քամուն տված կլինեին։
«Սակայն ի՞նչ օգուտ,— հարց է տալիս Անդրեյ Եֆիմիչն ինքն իրեն՝ աչքերը բանալով։— Դրանից ի՞նչ օգուտ։ Ե՛վ վարակի կանխում կա, և՛ Կոխ, և՛ Պաստյոր, բայց բանի էությունը բնավ չի փոխվել։ Հիվանդացումներն ու մահացությունը նույնն են մնացել։ Խելագարների համար պարահանդեսներ և ներկայացումներ են կազմակերպում, սակայն, այդուհանդերձ, նրանց ազատ չեն արձակում։ Նշանակում է, բոլորը դատարկ բան է և ունայնություն. և ոչ մի զանազանություն Վիեննայի լավագույն կլինիկայի և իմ հիվանդանոցի միջև, իսկապես ասած, չկա»։
Բայց թախիծը և նախանձի նման ինչ֊որ զգացում խանգարում են նրան անտարբեր լինելու։ Դե, երևի, հոգնածությունից է։ Ծանրացած գլուխն իջնում է գրքի վրա, նա ձեռքերին է դնում երեսը, որպեսզի փափուկ լինի, և մտածում է.
«Ես վնասակար գործի եմ ծառայում և ռոճիկ ստանում եմ այն մարդկանցից, ում խաբում եմ. ես ազնիվ մարդ չեմ։ Բայց չէ որ ինքնին վերցրած ես ոչնչություն եմ, ես անհրաժեշտ սոցիալական չարիքի մի մասնիկն եմ միայն. բոլոր գավառական չինովնիկները վնասակար են և անտեղի ռոճիկ են ստանում... Նշանակում է՝ իմ անազնվության համար մեղավոր եմ ոչ թե ես, այլ ժամանակը... Եթե ես մի երկու հարյուր տարի ուշ ծնվեի, ուրիշ մարդ կլինեի»։
Երբ խփում է ժամը երեքը, նա հանգցնում է լամպն ու գնում է ննջարան։ Նրա քունը չի տանում։:<references/>
==VIII==