Changes

Ճանճերի տերը

Ավելացվել է 8136 բայտ, 17:55, 5 Դեկտեմբերի 2013
}}
[[Category: Արձակ]]
{{անավարտ}}
=Առաջին գլուխ=
― Ինձ որ հարցնես, էս կղզի է։ Հրեն ծովի մեջ էլ ժայռը։ Մեծեր կարող են իսկի չլինել։
 
Գիրուկը ցնցվեց։
 
― Ո՞նց թե, բա օդաչո՞ւն, նա չէր երևում, բայց հո էն առջևի խցիկում էր, չէ՞։
 
Խարտյաշն աչքերը կկոցած նայում էր ծովի ժայռին։
 
― Հետո մնացած երեխեքը,― շարունակեց գիրուկը,― գոնե կեսը փրկված կլինեն, չէ՞։ Ճիշտ չե՞մ ասում։
 
Խարտյաշ տղան որքան կարելի է անբռնազբոս դիմեց ջրի կողմը։ Նա փորձում էր անմիջական լինել ու շատ բացահայտ չցուցաբերել իր անտարբերությունը, բայց գիրուկը վրա էր տալիս։
 
― Ի՞նչ, ուրեմն, մեծեր հե՞չ չեն մնացել։
 
― Չեմ կարծում, թե մնացած լինեն,― հանդիսավոր ասաց խարտյաշը, բայց և իսկույն նրան համակեց հանկարծ իրականացած բաղձանքի բերկրանքը։ Նա բացատի մեջտեղում կանգնեց գլխիվրա ու բերանով մեկ ժպտաց շուռ տված գիրուկին։
 
― Մեծերը չկա՜ան․․․
 
Գիրուկը մի պահ մտածեց։
 
― Բա էն օդաչո՞ւն։
 
Խարտյաշը ոտքերը ցած իջեցրեց ու նստեց քրտնախաշ հողին։
 
― Նա մեզ ցած գցեց, իսկ ինքը թռավ֊գնաց։ Սենց տեղ հո չէ՞ր նստելու, էն էլ ակերով ինքնաթիռով։
 
― Մեր վրա հարձակվեցին, չէ՞․․․
 
― Ոչինչ, ինքն ուզածիդ պես հետ կգա։
 
Գիրուկը գլուխը տարուբերեց։
 
― Մենք որ իջնում էինք, ես պատուհանից նայում էի՝ մեր էն կողքը կրակ էր կպել։
 
Նա հայացքով չափեց բացատը։
 
― Էս բոլորն ինքնաթիռի արածն էր։
 
Խարտյաշը ձեռքը պարզեց ու շոշափեց ծառի փշրված բունը։ Նրա հետաքրքրությունը կարծես թե արթնացավ։
 
― Ասում ես էլի, բա ի՞նքն ինչ եղավ,― ասաց նա,― կամ կտորները։
 
― Փոթորիկը քշեց լցրեց ծովը։ Տես ո՜նց է փշրել բոլոր ծառերը։ Մեջը երևի դեռ երեխեք կային։
 
Նա մի պահ վարանեց, ապա վերջապես հարցրեց․
 
― Անունդ ի՞նչ է։
 
― Ռալֆ։
 
Գիրուկը սպասեց, որ իր անունն էլ հարցնեն, բայց Ռալֆ անունով տղան ոչ մի նախաձեռնություն չցուցաբերեց, ցրված ժպտաց, ոտքի կանգնեց ու նորից դիմեց ծովախորշի կողմը։ Գիրուկը հետ չմնաց։
 
― Երևի էստեղ մերոնցից էլի լիքը կան, դու ոչ ոքի չե՞ս տեսել։
 
Ռալֆը գլուխը թափ տվեց և քայլերն արագացրեց, բայց ոտքը ճյուղի դեմ առավ, ու նա փռվեց գետնին։
 
Գիրուկը շնչակտուր կանգնեց նրա կողքին։
 
― Մորքուրս չի թողնում վազեմ,― բացատրեց նա,― շնչարգելությանս համար։
 
― Շնագելությա՞ն։
 
― Հա, շունչս տեղը չի գալիս։ Ես մեր դպրոցի շնչարգելությամբ միակ տղան էի։― Հպարտորեն ասաց գիրուկը։― Համ էլ երեք տարեկանից ակնոց եմ դնում։
 
Նա ակնոցը հանեց և մեկնեց Ռալֆին, աչքերը ճպճպացնելով ու ժպտալով, հետո կեղտոտ բաճկոնի փեշով սկսեց մաքրել։ Հանկարծ նրա գունատ դեմքը ծամածռվեց ցավից ու ներքին կենտրոնացումից։ Նա սրբեց այտերի քրտինքն ու ակնոցն իսկույն տեղը հագցրեց։
 
― Էդ մրգերը․․․
 
Նա աչքի անցկացրեց բացատը։
 
― Ես ոնց որ թե, էդ մրգերից․․․
 
Նա ակնոցը շտկեց, հանկարծ նետվեց մի կողմ ու պպզեց թփերի ետևում։
 
― Հեսա կգամ․․․
 
Ռալֆը զգուշությամբ ոտքի կանգնեց և ճյուղերի արանքով սպրդեց անտառ։ Շուտով գիրուկի տնքոցները մնացին հետևում, և նա մոտեցավ իրեն ծովից անջատող վերջին պատնեշին։ Մագլցեց կոտրված ծառի վրայով ու անտառից դուրս եկավ։
 
Ամբողջ ափերով մեկ փետրավոր արմավենիներ էին ցրված։ Նրանք աճում էին ուղիղ, կոր կամ արևի կողմը թեքված, և իրենց կանաչ թևերով ճախրում էին երեսուն մետրանոց բարձունքում։ Տապալված ծառերի բները տեղ֊տեղ պատռել էին խոտի կոշտ գորգը, որը ցիրուցան ծածկված էր փտող կոկոսներով ու արմավի ծիլեորվ։ Հետևում միայն մութ անտառն էր ու բացատի երկար սպին։ Ռալֆը, ծառին հենված, կանգնել էր ու անթարթ նայում էր առջևի շողշողուն ջրին։ Մի մղոն հեռվում, մարջանի խութերին խփվելով, փրփրում էր մուգ կապույտ օվկիանոսը, բայց խութերի անկանոն աղեղի մեջ փակված ծովախորշը լեռնային լճակի պես հարթ էր ու անխռով և շողում էր երկնագույնի, կանաչի ու ծիրանու բոլոր երանգներով։ Արմեվների դարավանդի ու ծովի միջև ընկած նոր լողափը անծայր աղեղով ձգվում֊հասնում էր անսահմանությանը։ Ամենուր իշխում էր թանձր, համարյա տեսանելի շոգը։
 
Ռալֆը դարավանդից թռավ ու կոշիկներով խրվեց ավազի մեջ։ Շոգը խփեց գլխին։ Հագուստը սկսեց խանգարել, և նա դեն նետեց կոշիկներն ու կտրուկ շարժումով ոտքերից ձգեց գուլպաները։ Հետո նորից ցատկեց դարավանդին, գլխի վրայով հանեց շապիկն ու կանգնեց գանգանման կոկոսների կողքին, արմավների կանաչ ստվերների խաղի տակ։ Ապա գոտին արձակեց, դուրս սահեց շալվարի ու վարտիքի միջից և, բոլորովին մերկ, հայացքն ուղղեց ցոլցլուն ծովի ու լողափի կողմը։
 
Տղան բավական մեծ էր՝ տասներկուսն անց, և, կորցնելով մանկական ցմփորությունը, դեռ ձեռք չէր բերել դեռահասի կազմվածքին հատուկ անշնորհքությունը։ Ուսերի թափից ու լայնությունից դատելով, նա կարող էր բռնցքամարտիկ դառնալ, սակայն մեղմ աչքերն ու բերանի ուրվագիծը բարեհոգություն էին վկայում։ Նա թեթևակի թխկացրեց արմավենու բնին և, իվերջո համակերպվելով կղզու գոյության հետ, լիաթոք ծիծաղեց ու նորից կանգնեց գլխի վրա։ Հետո ճարպկորեն շուռ եկավ, ցած թռավ դարավանդից, և, ծունկի գալով, երկու ձեռքով ավազը քաշեց իր մոտ։ Ապա հետ նստեց ու իր փայլուն, անհանգիստ աչքերը դարձրեց ջրի կողմը։
 
― Ռա՛լֆ․․․
 
Գիրուկը դարավանդից ոտքերը զգուշորեն իջեցրեց ու նստեց եզրին։
 
― Կներես, որ ուշացա, էդ մրգերը․․․