Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 6885 բայտ, 14:14, 3 Հունվարի 2014
Ես խոստացա Ջոնին մտածել։ Նա թողեց իր այցեքարտը, և կիսատ թողնելով սուրճը գնաց։
 
 
==Զրույց սատանայի հետ==
 
 
Շատ է սխալվում նա, ով մտածում է, որ որոշում կայացնելիս ինձ վրա ինչ֊որ կերպ ազդեց այն խելահեղ գումարը, որը ես հնարավորություն ստացա աշխատելու։ Չեմ պնդի, որ ես փողի հանդեպ անտարբեր եմ, բայց հստակ կարող եմ ասել, որ միայն փողի համար ես երբեք չէի վտանգի նույնիսկ իմ մի մազը։
 
Հնարավոր է, որ ես չէի բավարարի Ջոնի խնդրանքը, բայց այստեղ արթնացավ իմ սատանան, որը այն ժամանակվանից, ինչ ապրում է մեջս, միայն մտածում է այն մասին, թե ինչպես դրդի ինձ որևիցե բախտախնդրության։ Երբեմն նա չափը անցնում է, և ես առանց խղճալու ճնշում եմ նրան իմ մեջ։ Որոշ ժամանակ նա լռում է առանց կյանքի նշաններ ցույց տալու։ Այդ ժամանակ, ես ինձ պահում եմ համարյա իդեալական․ խուսափում եմ խմել և ծխել, փողոցը անցնում եմ միայն կանաչ լույսի տակ, մեքենան վարում եմ ենթարկվելով ճանապարհային նշաններին, իսկ աշխատածս բոլոր փողերը տալիս եմ կնոջս մինչև վերջին մանրադրամը։ Այդպիսի օրերին, բոլոր ինձ ճանաչողները չեն կարող չուրախանալ։ Լավ հագնված, լվացված, սափրված, խուզված մազերով և, միևնույն ժամանակ բոլորի հետ բացառիկ սիրալիր։
 
Բայց գալիս է ժամանակը, սատանան արթնանում է և նորից սկսում է․
 
― Ինչո՞ւ ես վեր կենում։ Ճաշը պատրաստ չի, կարող ես էլի քնել։ Շտապել պետք չի, միևնույն է երբևիցե կմեռնես։ Այսօր պետք չի լվացվել, դու դա արել ես երեկ։ Պառկիր, ծխիր, թոքերդ լցրու ծխով։ Ահա՛ նրանք, քո սիգարետները, սեղանի վրա են։
 
Իմ սատանան այնքան համառ է, որ միշտ չի որ, հնարավոր է նրան դիմադրել։
 
Ես թափ տվեցի տուփից մի սիգարետ, չրխկացրեցի վառիչը և ծխեցի։
 
Բռավո, ― բացականչեց սատանան։ Ռակը, լավագույն միջոցն է ծխողների դեմ։
 
Դա նրա սիրելի ասույթն է։
 
― Հիմար, ― ասացի ես նրան։ ― Դու ոչ թե պետք է իմ մեջ նստես, այլ աշխատես ծխելու դեմ պայքարող հասարակական կազմակերպությունում։
 
Ներս քաշելով Մալբորոյի ծուխը, ես սկսեցի մտածել Ջոնի առաջարկության մասին։
 
Առաջարկը գրավիչ էր, բայց երևի թե ոչ իմ համար։ Ո՞ւր եմ ես մեկնելու։ Ի՞նչ է ինձ այնտեղ սպասում, այդ հեռավոր ապագայում։ Մի գուցե ինչ֊որ սարսափելի, տհաճ իրադարձություննե՞ր։ Ախր ես երեխա չեմ։ Ես լրջամիտ, ընտանիք ունեցող մարդ եմ, որի քառասունը (մի՞թե դա ճիշտ է), շուտով կլրանա։ Ժամանակն է հանդարտվել և ավելի խոհեմ լինել։ Խուսափել ավելորդ հուզմունքներից, սթրեսային իրավիճակներից, միջանցիկ քամիներից։ Հագնել խալաթ, թույլ թեյ եփել, ծայրահեղ դեպքում ծխամորճ ծխել, ինձ համար նստել գրասեղանի առաջ, դանդաղ զարգացող գործողությամբ մի ինչ֊որ վեպ գրել։
 
― Բոլոր մարդկային արատներից ամենազզվելին խոհեմությունն է, ― ասաց սատանան։
 
Դո՛ւրս կորիր։ Մի՛ խառնվիր ուրիշի գործերի մեջ։ Դու ինձ ձանձրացրել ես։
 
― Դու էլ ինձ, ― ասաց սատանան։ Հատկապես այն րոպեներին, երբ դառնում ես առաքինի։ Լսի՛ր, լսի՛ր, ― շշնջաց նա, ― դու լավ գիտես, որ խոհեմությունը անխոհեմ է։ Այսօր դու վախենում ես մրսելուց, իսկ վաղը քո վրա աղյուս է ընկնում, և այն ժամանակ, ի՞նչ տարբերություն, մրսա՞ծ ես դու, թե ոչ։ Ինչո՞ւ ես տատանվում։ Քեզ այսպիսի հաջողություն է տրվում, օգտվի՛ր։ Գնանք նայենք, ի՞նչ են ձեր կոմմունիստները այնտեղ հնարել վաթսուն տարվա ընթացքում։
 
― Իսկ դու սիրում ես կոմմունիստների՞ն, ― հարցրեցի ես ծաղրանքով։
 
― Այն էլ ո՜նց, ― բացականչեց սատանան։ Ինչպե՞ս նրանց չսիրել։ Նրանք էլ սատանաների նման, միշտ ինչ֊որ ուրախ բան են հնարում։ Լսիր, արի գնանք, ես քեզ շատ եմ խնդրում։
 
Լավ, ասացի ես։ Ենթադրենք, ես գնացի։ Բայց դա կլինի վերջին արկածը, որով ինձ գայթակղեցիր։
 
― Հոյակա՜պ է, ― ծափ տվեց սատանան։ ― Հիանալի՜ է։ Միանգամայն հնարավոր է, որ դա կլինի վերջին անգամ։
 
― Տխմար, ― ասացի ես նրան։ ― Ինչի՞ վրա ես ուրախանում։ Եթե ինձ հետ ինչ֊որ բան պատահի, ի՞նչ ես անելու առանց ինձ։
 
― Այո֊այո, ― ասաց սատանան տխուր։ ― Խոստովանում եմ, ինձ համար շատ դժվար կլինի առանց քեզ։ Բայց, ճիշտն ասած, ես կնախնտրեի տեսնել քեզ մեռած, քան խոհեմ։
 
― Փակիր բերանդ, ― ասացի ես։ ― Ու մի խանգարիր ինձ մտածել։
 
― Փակում եմ, ― խոնարհաբար ասաց սատանան և լռեց, հասկանալով, որ նա իր գործն արդեն արեց։
 
Եվ չնայած, որ ես ասել էի Ջոնին, որ որոշումս հազիվ թե դրական լինի, և որ ես նրան կզանգահարեմ ոչ շուտ քան շաբաթ֊շաբաթուկես հետո, ես զանգեցի նրան երեք օր անց և ասացի․ Այո։
Ադմին, Վստահելի
1876
edits