Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 13 194 բայտ, 22:42, 3 Հունվարի 2014
Ոստիկանը, որի հետ ես խոսում էի, այնուամենայնիվ, գրի առավ «ֆոլկսվագենի» համարը, իսկ «Պրիմայի» մնացորդը դրեց փոքրիկ ցելոֆանի մեջ և պահեց սեյֆում։
 
 
==Առևանգում==
 
 
Նույն օրը ինձ հետ մի դեպք պատահեց, որը հիմա կարելի է անվանել զվարճալի, բայց այն ժամանակ նա ինձ այդպիսին չթվաց։
 
Վերադառնալով ոստիկանությունից, որոշեցի դուրս նետել գլխիցս իմ բոլոր կասկածները և մի քիչ ցրվել։
 
Ես նստեցի հեծանիվս և գնացի զբոսնելու մեր շտոկդորֆյան անտառում։ Իմ վտարումից հետո ինձ համար սովորական և սիրելի էին դարձել հեծանվային զբոսանքները։ Այդ ամբողջ, մեծամասամբ փշատերև անտառը, որը բաժանում է մեր գյուղը Մյունխենի ծայրամասից, շատ սիրելի է ինձ և հիշեցնում է մեր մերձմոսկովյան անտառները, բայց տարբերվում է նրանցից, ամբողջ անտառը լայնքով ու երկայնքով հատող ասֆալտե և խճե ճանապարհներով, որոնց խաչմերուկներում դրված են ուղեցույցներ, իսկ բացատներում մանրամասն քարտեզներ։ Այնպես որ այստեղ նույնիսկ ցանկության դեպքում, հնարավոր չէ մոլորվել։ Ես անցնում էի իմ սիրած ճանապարհով, որը միացնում է Բուխենդորֆը Նոյրիդին, նա ուղիղ է, ասֆալտապատ, և սովորական օրերին դատարկ։ Շարժվում էի բավականին արագ, խորհելով առաջիկա ճանապարհորդության մասին և երևի այնպես էի տարվել մտքերով, որ չնակտեցի մի ինչ֊որ բան, որը սպասում էր ինձ ճանապարհին։
 
Ես հիմա էլ չգիտեմ, թե ինչ կար այնտեղ։ Երևի դա ձգված պարան էր, որին բախվելով ես ընկա և կորցրեցի գիտակցությունս։ Իսկ մի գուցե ինձ խափանել էին ուրիշ միջոցով, ստույգ ոչինչ չեմ կարող ասել։ Ես միայն հիշում եմ, որ գնում էի հեծանվով ու մտածում։ Իսկ հետո հիշողության կորուստ, և հետո ինչպես ասում են ամերիկացիները, ես ինձ գտա մի փոքրիկ բազմոցի վրա, որը մի թեթև շարժվում էր իմ տակ։
 
Մտածելով, որ ես գտնվում եմ իմ սենյակում, ես ենթադրեցի որ երկրաշարժ է և ուզում էի վեր թռչել տեղիցս։ Բայց տեղնուտեղը նկատեցի, որ առաջին՝ մարմինս չի ուզում ինձ ենթարկվել, երկրորդ՝ որ ես տանը չեմ, այլ վարագույրված պատուհաններով ավտոբուսի մեջ։ Ավտոբուսը ինչ֊որ տեղ է գնում, իսկ իմ առջև նստած են երեք մարդ, երկուսը սովորական կոստյումներով, իսկ մեկը ամբողջովին սպիտակ հագած, երևի բժիշկ։
 
Աստվա՜ծ իմ, ― մտածեցի ես։ Այս ի՞նչ է պատահել ինձ, ինչի՞ տակ եմ ես ընկել և ու՞ր են տանում ինձ։
 
Ես շարժվեցի, որպեսզի ինչ֊որ կերպ ինձ շոշափեմ և ստուգեմ իմ մարմնիս վիճակը։
 
Հենց որ ես կյանքի նշաններ ցույց տվի, իմ առջև նստած մարդիկ էլ շարժվեցին, իսկ բժիշկը ինչ֊որ բան ասաց անծանոթ լեզվով։ Ուշադիր նայելով ես տեսա, որ նա բժիշկ չէ, այլ ավելի շուտ ինչ֊որ արաբ ազգային սպիտակ տարազով և սպիտակ ծածկոցով, որը փակում էր դեմքի կեսը։ Մնացած երկուսը, երևի նույնպես արաբներ էին, բայց հագնված էին եվրոպացիների նման։ Կոստյում հագնողները կլինեին մոտ երեսուն տարեկան, իսկ այդ ծածկոցովը՝ թերևս ավելի մեծ էր։
 
Երբ արթնացա, նրանք մի քանի խոսք փոխանակեցին, հետո նա, ծածկոցովը, խոսեց արագ, բարձր և հրամայական։ Ընդ որում, երբ նա բացեց բերանը, նրա ատամներից ինչ֊որ երկնագույն փայլ տարածվեց, որից կարծես, ավտոբուսում լույսն ավելացավ։
 
Երբ նա լռեց, ուղեկիցերից մեկը գլխով արեց և դիմեց ինձ անգլերենով։ Անվանելով ինձ ազգանունով (իհարկե ավելացնելով «միստր» բառը), նա ասաց, որ նորին Մեծությունը (այսինքն նա, ով ծածկոցով է) բերում է ինձ իր խորագույն ներողությունները, այն բանի համար, որ նրանք ստիպված էին այդպես անքաղաքավարի վարվել ինձ հետ։ Նրանք երբեք իրենց թույլ չէին տա այդպիսի վերաբերմունք այսպիսի հարգված և արժանավոր մարդու նկատմամբ, որպիսին իրենց խորին համոզմամբ ես եմ հանդիսանում։ Միայն բացառիկ անհրաժեշտությունը ստիպեց նրանց այդ քայլին դիմել, ինչի համար Նորին Մեծությունը նորից ու նորից ափսոսանք է հայտնում։
 
Ակնհայտ էր, որ այն ինչ֊որ բանից հետո, որ պատահել էր ինձ հետ ոչ վաղուց, ես հիշողության որոշ կորուստ ունեի, չգիտեի ինչի համար է ափսոսում Նորին Մեծությունը, և որոշեցի Լռել։
 
― Բայց, ― ասաց թարգմանիչը, ― Նորին մեծությունը հույս է հայտնում, որ դուք ձեզ բավական լավ եք զգում և շատ հիշաչար չեք լինի իրենց նկատմամբ։ Նորին Մեծությունը պատրաստ է իր կողմից հատուցել այն ոչ մեծ վնասը, որը մենք ակամա հասցրեցինք ձեզ։
 
Այդ բառերի ժամանակ Նորին Մեծությունը եռանդուն գլխով արեց (չբացելով սակայն դեմքը), մտավ իր փեշի տակ և երկար ժամանակ խճճվելով և փորփորելով շորի ծալքերի մեջ, վերջապես հանեց ծխախոտի տոպրակի նման մի կաշվե քսակ, և խնամքով դրեց մեզ բաժանող նեղ սեղանի վրա։
 
― Սա ի՞նչ է, ― հարցրեցի ես աչքի ծայրով նայելով տոպրակին։
 
― Փոքրիկ անձնական նվեր, Նորին մեծության կողմից, ― ժպտաց թարգմանիչը (Նորին Մեծությունն էլ, շփոթված ժպտաց): ― Մի քիչ ոսկի։
 
Ես փակեցի աչքերս և սկսեցի մտածել, թե այս ի՞նչ մարդիկ են և ի՞նչ են ուզում ինձանից։ Ոչինչ չհասկանալով, ես բացեցի աչքերս և ուղիղ հարցրեցի նրանց այդ մասին։
 
Սկզբում Նորին Մեծությունը արագ֊արագ ինչ֊ որ բան ասաց։ Հետո թարգմանիչը ինձ բացատրեց, որ նրանք ներկայացնում են ոչ մեծ, բայց շատ հարուստ մի արաբական երկիր։ Իմանալով իմ առաջիկա ուղևորության մասին․․․
 
― Ինչպե՞ս այդ մասին իմացաք, ― ընդհատեցի ես նրան։
 
― Մեզ մոտ Արևելքում ասում են, ― կամաց ասաց թարգմանիչը, ― որ եթե ականջդ դնես գետնին, կարելի է լսել ամբողջ աշխարհը։
 
Ուրեմն, դնելով ականջը գետնին և իմանալով իմ մտադրությունների մասին, նրանք որոշեցին դիմել ինձ մի փոքրիկ, բայց նուրբ խնդրանքով։ Նրանք հույս ունեն, որ արաբական երկրների մեծ ընկեր Սովետական Միությունում, մի որոշ ժամանակ անց, որոշ գաղտնիքներ կդադարեն լինել գաղտնիք։ Եվ նրանք, իմ ուղեկիցները, շատ շնորհակալ կլինեն, եթե ինձ հաջողվի ճարել և բերել այստեղ սովորական ջրածնային ռումբի մանրամասն գծագրերը, որոնք իրենց պետք են բացառապես խաղաղ նպատակներով։ Եթե ես մատուցեմ իրենց այդպիսի ծառայություն, նրանք, և անձամբ Նորին Մեծությունը պարտքի տակ չեն մնա և ոսկու պարկը, որը ես կստանամ մի քանի լուսանկարված կադրերի համար, կարող է լինել հիսուն անգամ ավելի մեծ նրանից, որը դրված է իմ առաջ։
 
Առաջին ցանկությունս էր ուղարկել նրանց Շայթանի մոտ, բայց ճիշտն ասած ես համոզված չէի, որ իմ անկեղծությունը բարենպաստ կլինի ինձ համար։ Այն ժամանակ ես որոշեցի օգտվել Խոջա Նասրեդդինի դրական փորձով, որը, ինչպես հայտնի է, խոստացել էր շահին, քսան տարվա ընթացում էշին սովորեցնել խոսել մարդկային լեզվով։ Նասրեդդինը համոզված էր, որ իրեն վտանգի չի ենթարկում, քանի որ քսան տարվա ընթացքում կամ շահը կմեռնի, կամ ավանակը, կամ էլ ինքը, Նասրեդդինը կկանգնի Ալլահի առաջ։
 
Մյուս կողմից, չցանկանալով նրանց աչքին երևալ չափից ավելի պատրաստակամ իրենց ցանկությունը կատարելու, ես ասացի, որ իհարկե, ես կաշխատեմ ամեն ինչ անել իմ համեստ հնարավորությունների սահմանում (և ոչ այնքան փողի համար, որքան հատկապես հարգելով նրանց երկիրը և անձամբ Նորին Մեծությանը), բայց ոչինչ խոստանալ չեմ կարող։ Հիմա, ― ասացի ես, դժվար է պատկերացնել, ինչպիսին կլինի իմ երկիրը այդքան երկար տարիներից հետո և ես չգիտեմ, որ տվյալները արդեն բաց կլինեն, իսկ որոնք կմնան գաղտնի։
 
Հասկանում եք, ես շատ եմ ուզում օգտակար լիել ձեզ համար, բայց միևնույն ժամանակ, ամեն մի անօրինական գործունեություն հակասում է իմ համոզմունքներին։
 
Այստեղ նրանք երեքն էլ միասին արաբերեն խոսեցին և հանկարծ, Նորին Մեծությունը մաքուր ռուսերեն լեզվով և համարյա առանց առոգանության ասաց․
 
Մենք ձեզ չենք զրկում ձեր համոզմունքներից և ոչ մի բան չենք ստիպում անել։ Բայց երբ հիասքանչ ապագայից վերադառնալիս կընկնեք մեր դժվար ներկան, միգուցե դուք կցանկանաք մտածել ձեր, ձեր երեխաների և թոռների մասին։
 
― Ձերդ գերազանցություն, ― հարցրեցի ես ցնցված, ― որտե՞ղ են ձեզ այդքան լավ սովորեցրել ռուսերեն լեզուն։
 
Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության մոսկովյան Համալսարանում, ― հաճույքով պատասխանեց Նորին Մեծությունը և ժպտաց հանելուկային փայլ արձակելով։
 
Այդպիսով մեր խոսակցությունն ավարտվեց և հինգ րոպե հետո առևանգողները իջեցրին ինձ մի ինչ֊որ փողոցում հեծանվի և կաշվե քսակի հետ։
 
Ավտոբուսից իջնելիս, ես չկարողացա զսպել ինձ և հարցրի Նորին Մեծությանը, թե արդյո՞ք նրա ատամները սարքված են պլատինայից։
 
― Ի՜նչ եք ասում, ― արձագանքեց Մեծությունը, ― ես բավականաչափ ապահովված եմ, որպեսզի կարողանամ ինձ թույլ տալ ադամանդյա ատամներ։
Ադմին, Վստահելի
1876
edits