Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 13 897 բայտ, 14:28, 5 Հունվարի 2014
/* Առևանգում */
― Ի՜նչ եք ասում, ― արձագանքեց Մեծությունը, ― ես բավականաչափ ապահովված եմ, որպեսզի կարողանամ ինձ թույլ տալ ադամանդյա ատամներ։
 
 
==Անսպասելի հանդիպում==
 
 
Այ մտածեք, ի՞նչ կգնեիք դուք ձեր ենթադրյալ ծանոթների համար, եթե նախատեսել եք ճանապարհորդություն վաթսուն տարի առաջ։
 
Ես շփոթված կանգնած էի Մյունխենի Կաուֆխոֆ (մեր լեզվով առևտրի տուն) հայտնի խանութի մեջտեղում։
 
Իսկապես, ամեն ինչ կա, իսկ ինչ գնել, չեմ պատկերացնում։ Ջինսե՞ր, վառիչնե՞ր, հաշվիչնե՞ր, ծամո՞ն։
 
Ծամոն, ես լսել եմ, Սովետական Միությունում հայտնվել է սեփական արտադրության։ Նրանք, իհարկե առայժմ զիջում են արևմտյան նմուշներին, բայց ես չէի կասկածում, որ վաթսուն տարվա ընթացքում տեխնիկական հեղափոխության զարգացման հետևանքով, պարտիայի և կառավարության պատմական որոշումների և աշխատանքային կոլլեկտիվների խանդավառության շնորհիվ, տեղի կունենան արմատական փոփոխություններ դեպի լավը, ծամելու առարկաների արտադրության և հասարակության լայն շերտերին նրանց մատակարարման գործում։
 
Ջինսերի մասին ես նույնպես մտածում էի, որ վաթսուն տարի հետո, անխուսափելիորեն, նույնպես ինչ֊որ առաջընթաց կլինի, և լեհական կամ ասենք հունգարական ջինսեր, գոնե Մոսկվայում հնարավոր կլինի գտնել։
 
Մի զույգ ջինսեր, ես համենայն դեպս գնեցի։ Գնեցի նաև ինչ֊որ փողկապներ, շարֆեր, մի երկու հատ հինգ մարկ արժողությամբ ծալովի հովանոցներ, էլեկտրոնային շախմատներ, գծագրության գործիքներ, տարբեր տեսակի դեկորատիվ կոսմետիկա․ շրթներկեր, մատների լաք, դիմափոշի, արհեստական թարթիչներ, այդպիսի բաները, ես գիտեմ, երբեք գործածությունից դուրս չեն գալիս։
 
Իմ մասին իհարկե, ես նույնպես մտածեցի և գնեցի ժապավեններ ֆոտոապպարատի, դիկտոֆոնի և գրամեքենայի համար, բլոկնոտներ, գրիչներ, բացի այդ ես ձեռք բերեցի մի քանի զույգ սպիտակեղեն, գուլպաներ, ձեռնոցներ, օճառ, ատամի մածուկ, նոր ածելի «Ժիլլետ» և երկու տուփ սայրեր։ Այդ ամենը ես գնեցի ելնելով այն հանգամանքից, որ գուցե այդ նույն իրերը ապագայում կլինեն անհամեմատ լավ որակի, բայց ինձ համար չափազանց անսովոր։
 
Տեսնելով «Մյունխեն֊1982» մակագրությամբ վերնաշապիկներ, ես, մինագամից վերցրեցի հինգ հատ։ Հետո քարտեզների և ուղեցույցների բաժնում գտա աշխարհի տարբեր քաղաքների գծագրերը, այդ թվում նաև Մոսկվայինը։ Որոշեցի, որ այդ իրը պետք է ձեռք բերել (գոնե նրա համար, որպեսզի համեմատեմ այժմյան Մոսկվան անցյալի Մոսկվայի հետ), ես վերցրեցիի քարտեզներից մեկը և սկսեցի ուսումնասիրել, զարմանալով նրա մանրամասնությանբ։ Մոսկվայում, երբ ես այնտեղ ապրում էի, նույնպես հրատարակվում էին նմանատիպ քարտեզներ, բայց նրանց վրա նշված էին միայն գլխավոր փողոցները և այն էլ ոչ բոլորը։ Իսկ այստեղ ես գտա նույնիսկ այն փոքրիկ նրբանցքներն ու փակուղիները, որտեղ ես երբևիցե ապրել եմ։
 
― Գրող Կարցեվի անվան փողոցը այնտեղ չկա՞, ― լսեցի ես ետևից ծաղրալից ձայն և, ցնցվելով ետ նայեցի։
 
Բաց կանաչ թիկնոցով և մոխրագույն գլխարկով իմ առջև կանգնած էր քմծիծաղ տվող Լյոշկա Բուկաշևը, իմ նախկին ընկերը, համակուրսեցին և բաժակակիցը։
 
Ժամանակին մենք միասին սովորել էինք ժուռնալիստիկայի ֆակուլտետում, հետո աշխատել ռադիոյում ես գրական, նա՝ նորությունների բաժնում։ Երեկոները մենք անց էինք կացնում ժուռնալիսիտի Տանը, երբեմն երկուսով, երբեմն էլ երեքով։ Նա բերում էր հետը իր բարեկամ Էդիկին, գանգուր մազերով երիտասարդին, որը ինքն֊իրեն անվանում էր գենետիկ և իմմորտոլոգ։ Ես այդ Էդիկին առաջին ծանոթության ժամանակ հարցրեցի, զբաղվո՞ւմ է նա արդյոք կյանքի երկարացման հարցերով։ Նա ասաց, որ կյանքի երկարացման խնդիրը նրա համար ոչ մի հետաքրքություն չի ներկայացնում, որ այդ հիմարությամբ զբաղվում են գերոնտոլոգները։ Նրան հետաքրքրում է ոչ թե կայնքի տևողությունը, այլ հավիտենական կյանքը։
 
― Այսինքն՝ դուք ուզում եք կյանքի էլեկսի՞րը գտնել, ― հարցրեցի ես։
 
Նա պատասխանեց, որ փնտրում է մի ինչ֊որ ուրիշ բան, բայց հիմարների համար կարելի է անվանել և էլեկսիր։ Ես արդեն քիչ մնաց վիրավորվեի, բայց այստեղ նա շփոթվեց և ասաց, որ, խոսելով հիմարների մասին, նա նկատի ուներ ոչ թե ինձ, այլ այն բյուրոկրատներին, որոնք չեն հավատում պրոբլեմի լուծման հնարավորությանը, չեն տալիս նրան լաբորատորիա և փայտեր են խցկում իր անիվների մեջ։ Մի անգամ նրան քիչ մնաց նստեցնեին մենդելիզմ֊մորգանիզմի համար, նրա մասին ֆելյետոններ էին գրում «Կրոկոդիլում», և նա շնորհակալ էր Լյոշկայից, որը առաջինը դրական արձագանքեց նրա փորձերի մասին ռադիոյով։
 
Լյոշկան ընդհանրապես այն մարդկանցից է, որոնք հենց այնպես ուրիշին վատություն չեն անի։ Լավության վերաբերյալ ինքն իր մասին ասում էր այսպես․ «Ես պատրաստ եմ բարություն արարել ողջամիտ սահմաններում։ Ուզո՞ւմ ես ես քեզ պարտք տամ «երեքանոց»։
Իր հայացքներով նա ավարտուն ցինիկ էր և կարիերիստ։ Բայց նրա կարիերան ստացվեց միայն երկրորդ փորձից։ Առաջին փորձը նա կատարեց դեռ համալսարանի առաջին կուրսում։
Ես հիմա էլ լավ եմ հիշում նրան, այնժամանակվանին։ Մեր բոլոր ուսանողների մեջ նա ամենամեծերից և անենաաղքատներից էր։ Նա ընդունվեց համալսարան բանակից հետո և ամբողջ առաջին կուրսը ման եկավ զինվորական հագուստով։ Ւր հորը, որը զոհվել էր պատերազմի ժամանակ, չէր հիշում։ Լյոշկայի մայրը՝ Պոլինա Պետրովնան աշխատում էր դռնապան Սիվցեվ Վրաժոկում, որտեղ ուներ յոթ և կես մետրանոց առանց պատուհանների սենյակ։
 
Նա ինձ պատմել էր, որ ծնված օրվանից երբեք (նույնիսկ բանակում) կուշտ չէր կերել և ընդունվել էր համալսարան ոչ թե լրագրություն սովորելու համար, այլ որպեսզի անցնի այն մարդկանց թվին, որոնք համով ուտում են, լավ հագնվում և որոնց չեն ծեծում միլիցիայում (նրան մի անգամ ծեծել էին)։
 
Բայց արդեն առաջին կուրսում նա հասկացավ, որ մարդիկ, որոնց չեն ծեծում միլիցիայում, նույնպես բաժանվում են խմբերի, և նա ասաց ինձ, որ իսկական կարիերա կարելի է անել ոչ թե պրոֆեսսիոնալ, այլ «պարտիական֊սեռական» գծով։ Ես կարծում էի, որ նրա դիտարկումները ունեն վերացական բնույթ, հետո տեսա, որ ոչ, նա փորձում է օգտագործել դրանք գործնական նպատակներով։
 
Հազիվ ընդունվելով համալսարան, նա սկսեց ակտիվություն ցուցաբերել կոմերիտմիության կոմիտեում, հետո դարձավ մեր կուրսի կոմերիտմիության քարտուղարը և Սովետական Միության Կամմունիստական պարտիայի թեկնածու։ Սեռական գիծը նա նույնպես աչքաթող չեր անում և կապվեց մեր ուսանողուհիներից մեկի հետ, որը պատմական և հերոսական բոլշևիկի թոռնիկ էր և բացի դրանից, Լյոշկայի նման այրվում էր կոմերիետական աշխատանքով։
 
Երկրորդ կուրսում Լյոշկան պատրաստվում էր ամուսնանալ այդ ուսանողուհու հետ և պարտիայի լիիրավ անդամ դառնալ։ Այս նույն ժամանակ նրան առաջադրեցին ֆակուլտետի կոմերիտմիության առաջնորդ, մի պաշտոն, որից սկսած Լյոշկայի որոշ նախորդները հասան իշխանության վերևները։ Եվ ահա, նրան առաջադրեցին և քվեարկությունից առաջ, բացառապես ձևի համար հարցրեցին հանդիսատեսին, թե արդյոք առարկողներ կա՞ն։
 
Եվ այստեղ բեմ է դուրս գալիս Լյոշկայի լացակումած հարսնացուն և ասում, որ ինչքան էլ որ դա դժվար լինի իր համար նա պետք է հայտարարի ընկեր Բուկաշևին անվստահություն, քանի որ նա երկդեմ մարդ է․ հասարակության առաջ ասում է մի բան, իսկ մասնավոր խոսակցություններում մի ուրիշ բան։ Օրինակ նրա հետ զրուցելիս նա անվանել է Լենինին Вовка-морковка։
 
Ժամանակները արդեն ազատամիտ էին, այդ պատճառով Բուկաշևին համալսարանից չհեռացրեցին։ Պարտիական տոմս նա չստացավ, առաջնորդ նրան չընտրեցին, բայց թողեցին կոմերիտմիությունում, խիստ նկատողությամբ անձնական գործում։ Ոչ մի մեծ կարիերայի մասին խոսք լինել չէր կարող, և ռադիոյում նա աշխատում էր որպես ամենացածր կարգի լրագրող, գրում էր արտադրության առաջավոր աշխատավորների, արագընթաց ձուլման և բարձր կաթնատվության մասին։
 
Նրա պաշտոնական դիրքը և աշխատավարձը շատ դանդաղ էին աճում, մինչև որ համարայա պատահաբար, նորից դուրս եկավ պարտիական֊սեռական գծի վրա։
 
Նա ինչ֊որ տեղ ծանոթացավ արտաքին գործերի փոխնախարարի աղջկա հետ և այս անգամ իր հնարավորությունը բաց չթողեց։ Ամուսնացավ, ընդունվեց պարտիա և սկսեց արագ լրացնել բաց թողնվածը։
 
Այն ժամանակ մենք վիճեցինք և մեր ճակատագրերը տարբեր ուղղություններով շարժվեցին։ Ես դարձա այլախոհ, ինձ հեռացրեցին գրողների Միությունից և նույնիսկ պատրաստվում էին նստեցնել, իսկ նա, ընդհակառակը, արագ վեր էր բարձրանում․ քաղաքական մեկնաբան դարձավ հեռուստատեսությունում, լինում էր արտասահմանում, կատարելով այնտեղ ինչ֊որ կարևոր հանձնարարություններ, և նույնիսկ, ինչպես լսել եմ, անդամակցում էր ստեղծագործողների այն խմբին, որը գրում էր գրքեր Բրեժնևի փոխարեն։ Ինքնին հասկանալի է, որ մենք Մոսկվայում չէինք հանդիպում, իսկ ահա այստեղ, Մյունխենում, հանդիպեցինք։
Ադմին, Վստահելի
1876
edits