Ես դուրս նայեցի իլլյումինատորից և որոշեցի, որ մենք գտնվում ենք բավականին մեծ թվով ինքնաթիռների հերթում, որոնք սպասում էին թույլտվության իրենց տեղը գրավել թռիչքուղու վրա։ Հերթի սկիզբը թեքվել էր աջ, և ես հնարավորություն ունեի տեսնել առջևից շարժվող մեքենաները։
Առջևում «Լուֆտգանզայի» երկու ինքնաթիռ էին, հետո «Ալիտալիա», նրանից հետո իսրաելական «Էլ Ալ» ընկերությանը պատկանող ինքնաթիռ, հետո բուլղարական «Տու֊154֊ը», անգլիական «Կառավելլան» և էլի մեկ գերմանական «Բոինգ»։ Երբ վերջապես մենք էլ թեքվեցինք, ես տեսա, որ անմիջապես մեր ետևից, ներքև
թեքված դելֆինանման քթով կարծես հոտ քաշելով մեր հետքից, գալիս էր սովետական Աէրոֆլոտի հպատրությունը՝ հպարտրությունը՝ «Իլ֊62֊ը», 382776 համարով։
Չնայած ալկոհոլիզմից վատացած հիշողությանս, ես այս համարը հեշտությամբ հիշեցի։ Թվերի առաջին մասը բազմապատկվում է միջին մասում գտնվող թվի վրա, ստացվում է 38 x 2 = 76: Որպեսզի չհիշես այդպիսի թիվը պետք է բացարձակ անմիտ լինես, իսկ ես, փառք Աստծո, դեռ այդպիսին չէի։
Վերջապես ստացվեց թռիչքի թույլտվությունը։ Մեր մեքենան տեղում կանգնած դղրդաց, բացելով իր տուրբինների թևերը, հետո ծանրորեն շարժվեց տեղից և սարսափելի ոռնոցով և թղկթղկոցով սկսեց իր տակ առնել թռիչքային ուղին։
Մեր կողքով անցան ինքնաթիռների հերթը, օդանավակայանի շինությունները, ինչ֊որ տեղ կորավ, անհետացավ, գույնզգույն մեքենաներով լցված ավտոճանապարհը։ Ես տեսա Իզար գետի ոլորանը, ԲՄՎ ֆիրմայի չորսցիլլինդրանոց շենքը, երկգլլխանի Ֆրաուէն Կիրխե եկեղեցին, իսկ հետո մանրամսները անորոշանում էին, ջնջվում, անտառների և լճերի ուրվագծերը սեղմվում էին, կարծես ես նրանց նայում էի շուռ տված հեռադիտակով, արագ փոխելով ֆոկուսային ֆոկուսի հեռավորությունը։
Մնաս բարով, Մյունխեն։ Մնաս բարով Գերմանիա։ Մնաս բարով իմ անցյալ կյանք։ Մնաս բարով անիծված քսաներորդ դար։