Մնաս բարով, Մյունխեն։ Մնաս բարով Գերմանիա։ Մնաս բարով իմ անցյալ կյանք։ Մնաս բարով անիծված քսաներորդ դար։
==Երկրորդ մաս==
==Թռիչքը==
Ես ենթադրում եմ, որ այս գրքի ընթերցողներին հետաքրքրում են տիեզերական ուղևորության մանրամասները․ ծանրաբեռնումը, աստղային պեյզաժները, մետեորիտները, հանդիպումները և մարտերը օտար քաղաքակրթությունների ներկայացուցիչների հետ։
Ավաղ, ոչ մի նման բան մեր ճանապարհորդության ընթացքում տեղի չունեցավ։ Կարճ ասած, ում որ դա է հետաքրքրում, թող կարդան գիտաֆանտաստիկ վեպեր, որոնց հետ ես ոչ մի առնչություն չունեմ։ Ես նկարագրում եմ միայն այն ինչ եղել է, և ոչ մի ուրիշ ավելորդ բան։
Իսկ այն մասին, ինչ եղել է իրականում, նույնիսկ անհարմար է պատմել։ Որոշ մանրամասներ ես հաճույքով բաց կթողնեի և միայն իմ բացառիկ ազնվությունը թույլ չի տալիս, մի քայլ անգամ նահանջել ճշմարտությունից։
Ուրեմն այսպես, ճիշտն ասած, թռիչքի մասին ես ունեմ շատ անորոշ հիշողություններ։ Որովհետև, հենց որ մենք պոկվեցինք գետնից, ես նորից քնեցի։ Հետո ինձ արթնացրեց ուղեկցորդուհին, որը իր առջևից հրում էր խմիչքներով սայլակը։ Ժպտալով ծառայողական ժպիտով, նա հարցրեց ինձ, թե ինչ եմ ես խմելու։ Իհարկե ես ասացի․ օղի։ Նա նորից ժպտաց և մեկնեց ինձ պլաստմասսայից բաժակը և խաղալիքի չափս ունեցող (50 գրամմ) «Սմիռնոֆֆ» օղու փոքրիկ շիշը։ Նա արդեն պատրաստվում էր առաջ շարժվել, երբ քնքշորեն բռնեցի նրա արմունկը և հարցրեցի, մոտավորապես ո՞ր տարիքի երեխաներին են տալիս այսպիսի քանակ։ Նա հասկացավ կատակը և անմիջապես, նույն ժպիտով, հանեց երկրորդ շիշը։ Ես էլ ժպտացի և գրավեցի նրա ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ երբ տոմս էի վերցնում, և մուծում նրա համար հիմնավոր գումար կանխիկ դրամով, ինձ խոստացվեց անսահման քանակությամբ խմիչք։ Նա զարմացավ և հայտնեց, որ անսահմանափակ քանակով ոչ մի բան բնությունում չի լիում։ Դրա համար էլ նա համենայն դեպս կուզենար իմանալ, թե քանի հատ այսպիսի սրվակ ինձ կբավարարի։
― Լավ, ― ասացի ես, տվեք տաս հատ։
Նշածս թիվը չի կարելի համարել աներևակաելի։ Բայց քրքրելով սայլակը, ուղեկցորդուհին գտավ այնտեղ ևս հինգ շիշ «Սմիռնոֆֆ», իսկ մնացածի ետևից վազ տվեց մեր ապարատի գլխամասը։
Երբ ես շարեցի բոլոր շշերը իմ առջև, հարևանս, որը պատվիրել էր մի բաժակ տոմատի հյութ, հանեց մուգ ակնոցները և սկսեց հետաքրքրությամբ հետևել իմ գործողություններին։ Հետո ներողություն խնդրեց և հարցրեց, մի՞թե ես իսկապես պատրաստ եմ տեղավորել իմ մեջ օղու այսպիսի սարսափելի քանակ։ Ես բացատրեցի նրան, որ կես լիտրը ռուս մարդու համար միայն սկզբնական, և կարելի է ասել բնական չափն է։
Առանց ակնոցների նրա դեմքը ինձ ավելի ծանոթ թվաց, քան առաջ։ Ինչ֊որ տեղ ես նրան անկասկած տեսել էի։ Խմելով ևս երկու սրվակ ստույգ հիշեցի, թե հատկապես որտեղ։ Մյունխենում, գլխավոր կայարանում։ Այնտեղ, տոմսարկղի մոտ, կախված էին ձախ տեռորիստների դիմանկարները, որոնցից ամեն մեկի համար ոստիկանությունը խոստանում էր հիսուն հազար մարկ։
Հիմա հիսուն հազարը կողքս էր նստած։
Իհարկե, ոստիկանությունը միշտ նախազգուշացնում է բնակչությանը տեռորիստների հետ զգուշույշ լինել և ինքնուրույն նրանց ձեռք չտալ, բայց ես մտածեցի, որ այս փոքրիկ մարդուն ես ինքս էլ կարող եմ առանց ոստիկանության օգնության սեղմել։ Եթե նույնիսկ նա զենք ունի, նա հազիվ թե հիմա կարողանա այն օգտագործել։ Սակայն գերմանական մարկի կարիք ես հիմա չունեի, դրա համար էլ խմելով ևս մի երկու շիշ, ես ասացի հարևանիս, որ ես նրան ճանաչել եմ։ Նա սկսեց ամեն ինչ հերքել։
― Թող փչոցդ, ― ասացի նրան։ Ես ձեզ, տեռորիստներիդ, լավ եմ ճանաչում, բայց մատնել քեզ չեմ պատրաստվում, որովհետև առաջինը՝ ես մատնիչ չեմ, իսկ երկրորդը՝ այն պատճառով, որ այստեղ չկա գերմանական ոստիկանություն։
Նա իջեցրեց աչքերը և թաքուն սեղմեց ձեռքս։ Հետո կիսաձայն ասաց, որ իր կուսակցությունը գնահատում է ազնիվ մարդկանց և երբեք չի մոռանանա իմ մատուցած ծառայությունը։ Ես հարցրեցի, թե դա ինչ կուսակցություն է, և նա հաճույքով բացատրեց ինձ, որ նրանց կուսակցության անունն է «Միտք֊գաղափար֊գործողություն»։ Նրանց նպատակն է խորտակել փտած կապիտալիստական կարգը և փոխարինել այն առաջավոր կոմունիստականով։ Հասկանալով, որ առաջավոր գաղափարների քարոզչությունը պետք է լինի գործունյա և տեսանելի, Գործադիր կոմիտեի անդամները իրագործեցին մի քանի բացարձակ հաջողված օպերացիաներ․ կազմակերպեցին հարձակում ամերիկյան ռազմական բազայի վրա, ընդհատակյա հեղափոխական դատարանի որոշումով մահապատժի ենթարկեցին երկու հայտնի գործարարների և մի դատախազի։
― Ափսո՜ս, ― հայտնեց ինձ տեռորիստը, որ մեր գործողությունները դեռևս չեն հասկացվում ժողովրդի կողմից։ Լինելով խաբված ճարպիկ կապիտալիստների խորամանկ զիջումներից և վաճառված արհմիութենական առաջնորդների կողմից, բանվորներն ու գյուղացիները դեռևս չեն հասկանում իրենց դասակարգային շահերը և չեն ուզում պայքարել կոմունիստական իդեալներրի հաղթանակի համար։
― Այո, այո, ― հաստատեցի ես։ Մարդիկ չեն ուզում պայքարել, որովհետև չափից ավելի լավ են ապրում։ Շատ կուշտ են։
― Ոչ միայն դա, ― առարկեց տեռորիստը։ Մարդկանց պասսիվությանը շատ է նպաստում հակակոմունիստական քարոզչությունը։ Նրանք ճարպկորեն օգտագործում են Սովետական Միությունում և Արևելյան Եվրոպայի երկրներում թույլ տրված սխալները, և պատկերում են կոմունիզմը միայն սև գույներով։ Ես հույս ունեմ, որ կկարողանամ վերջ տալ այդ չարամիտ հերյուրանքներին։
― Ինչպե՞ս, ― հարցրեցի ես։
Երիտասարդը պատրաստակամորեն պատասխանեց, որ այդ որոշումը ընդունել են նրա պայքարի ընկերները։ Իմանալով դեպի ապագա ճանապարհորդելու հնարավորության մասին, նրանք որոշեցին ուղարկել այնտեղ իրենց ամենաակտիվ անդամներից մեկին, որպեսզի նա միաժամանակ կարողանա և՛ խուսափել հետապնդումներից, և՛ իր աչքերով տեսնել կոմունիզմը և՛ բերել իր հետ համոզիչ ապացույցներ կոմունիզմի անվերապահ առավելությունների մասին, բոլոր մնացյալ համակարգերի հանդեպ։
Իմ հարցին, թե որտեղից նա ճարեց տոմսի փողը, նա հիշեցրեց ինձ ոչ վաղուց կատարված Դյուսսելդորֆյան բանկի համարձակ կողոպուտը, որի ժամանակ սպանվեցին մի գանձապահ և երկու ոստիկան։
Չսպասելով իմ հաջորդ հարցին, նա բացատրեց, որ իրենց կուսակցությունը սպանությունների է դիմում միայն որպես բացառիկ միջոց դասակարգային պայքարի սրման շրջանում և միայն բարձր նպատակներից ելնելով։ Բայց երբ կոմունիստական կարգը հաղթանակի, բոլոր բանտերը անմիջապես կոչնչացվեն և ընդմիշտ կվերացվի մահապատիժը։
Բնականաբար, ես հարցրեցի, թե ինչպե՞ս է նա պատկերացնում կյանքը ապագա կոմունիստական հասարարգում։
Երիտասարդը պատկերացնում էր այդ կյանքը ոչ թե մոտավորապես, այլ շատ հստակ։ Պատմեց, որ ապագայի մարդիկ կապրեն ոչ մեծ, բայց հարմարավետ քաղաքներում, որոնցից ամեն մեկը կլինի ծածկված ահռելի ապակյա գմբեթով։ Այդ քաղաքում կլոր տարի կշողա արևը (երբ բնական արև չի լինի, ավտոմատ կերպով կմիանան նրան փոխարինող կվարցային լամպերը): Հասկանալի է, որ այդպիսի քաղաքում կլինեն հրաշալի բույսեր, փողոցներում կաճեն արմավենիներ և սոսիներ։
Կոմունիզմի ժամանակ, ― ասաց նա, բոլոր մարդիկ կլինեն երիտասարդ և գեղեցիկ, առողջ և սիրահարված իրար։ Նրանք կզբոսնեն արմավենիների տակ, կվարեն փիլիսոփայական զրույցներ և կլսեն մեղմ երաժշտություն։
― Իսկ ի՞նչ է, ― հետաքրքրվեցի ես, ծերություն, հիվանդություններ և մահ չեն՞ լինի։
― Իհարկե չեն լինի, ― հավաստիացրեց երիտասարդը։ Ես ձեզ ասում եմ, որ բոլորը կլինեն երիտասարդ, առողջ և, իհարկե, անմահ։
― Շա՜տ հետաքրքիր է, ― ասացի ես։ ― Իսկ ինչպե՞ս եք դուք պատրաստվում դրան հասնել։
Մենք չենք պատրաստվում, ― արագ առարկեց տեռորիստը։ Մենք գործողության մարդիկ ենք։ Մենք զբաղված ենք պայքարով։ Ւսկ առողջության և հավերժական երիտասարդության հարցերը, թող լուծեն գիտնականները։
Վերադառնալով կլիմայի և ապագայի քաղաքների մասին խոսակցությանը, ես նկատեցի, որ ապրել բարենպաստ պայմաններում անընդհատ լուսավորող արևի և արմավենիների տակ, միգուցե և շատ հաճելի է, բայց ի՞նչ անեն այն մարդիկ, որոնք սիրում են ձյունը, սառնամանիքը և տարբեր ձմեռային զվարճությունները։
― Այդ մարդկանց համար, ― ասաց նա, նույնպես կստեղծվեն բոլոր պայմանները։ Արևային քաղաքներում կլինեն հատուկ հատկացված տեղեր, արհեստական ձնե բլրակներով։ Այնտեղ հնարավոր կլինի ինչքան ուզում եք սահել, դահուկների վրա դրված ճոճվող բազկաթոռների վրա նստած։
Ես նրան նաև հարցրի, թույլ կտրվի՞ արդյոք, կոմունիզմի ժամանակ ազատ կարդալ գրքեր։ Այդ հարցից նա մի քիչ զարմացավ և ասաց, որ բարձր գաղափարների և բարոյականության մասին գրքերը, իհարկե, բոլորին հասանելի կլինեն լավ զարգացած գրադարանների ցանցի միջոցով։
Այդ ժամանակ բերեցին ճաշը (հավ, աղցան, պանիր, թխվածքաբլիթներ, նարնջի հյութ)։ Այսպիսի ուտեստներով մեղք կլիներ չխմել։ Խմելով էլի երեք շիշ, ես անցա սալոնով, և ծանոթացա մյուս ուղևորների հետ։
Դեղին դեմքով քառասուն տարեկան կինը, հույս ուներ ապագայում բուժվել քաղցքեղից։
Մի մեծ ֆիրմայի ներկայացուցիչ, ուզում էր պարզել, կգործի՞ արդյոք վաթսուն տարի հետո Ուրենգոյ֊Արևմտյան Եվրոպա գազամուղը։
Զուգարանի հերթում ես հանդիպեցի մի համերկրացու, որը թռչում էր ապագա, հույս ունենալով, որ այնտեղ վերականգնված է միապետությունը։
Շփվելով տարբեր մարդկանց հետ, ես վերադարձա իմ տեղը և ընդունեցի ևս երկու «Սմիռնոֆֆ»։ Հնարավոր է խմածիցս, կամ աննկատելի տիեզերական ճոճումից գիտակցությունս որոշ չափով մթագնեց, այնպես որ թռիչքի մնացած մասից հիշում եմ միայն որոշ դրվագներ։ Ժամանակ առ ժամանակ ես այն աստիճան ոչինչ չէի հասկանում, որ ի ամոթ ինձ իլյումինատորի կողքից անցնող Պրոկսիմա Ցենտավրան շփոթեցի Հյուսիսային աստղի հետ։ Սակայն այդ բոլոր տիեզերական մարմինները ֊ մեծ, միջին, փոքր, ընդհանրապես ոչ մի տպավորություն չթողեցին ինձ վրա։
Կյանքիս ընթացքում տեսել եմ բնության և մարդու ստեղծած բազմաթիվ զարմանալի հրաշալիքներ։ Տեսել եմ Էլբռուսը և Մոնբլանը, Մոսկովյան Կրեմլը, Պիզայի աշտարակը, Կյոլնի տաճարը, Բուկինգհեմյան պալատը և Բռուկլինյան կամուրջը։ Չնայաց գիտեի, որ նայելով նրանց, պետք է ինչ֊որ բան զգամ և հետևաբար արտասանեմ վսեմ բառեր, ես ոչ մի արտասովոր բան չէի զգում, բայց բառեր, իհարկե ասում էի։
Հիշում եմ, մի անգամ երբ Փարիզում էի, ինձ ցույց տվեցին մի շենք և ասացին․ «Նայի՛ր, սա Լուվրն է»։ Ես նայեցի և մտածեցի․ «Դե Լուվրն է, և ի՞նչ»։
Նույնն էլ ես մտածում էի, նայելով մեր կողքով անցնող աստղերին, մոլորակներին, աստերոիդներին և քարե բեկորներին․ և ի՞նչ։
Բայց մի տիեզերական օբյեկտ, շարժեց իմ երևակայությունը, և նրա մասին, երևի թե, հիմա կպատմեմ։