Բայց մի տիեզերական օբյեկտ, շարժեց իմ երևակայությունը, և նրա մասին, երևի թե, հիմա կպատմեմ։
==Տեսիլք==
Համարյա թռիչքի վերջում, երբ մենք արդեն մտել էինք երկրի ձգողականության գոտին և քարշ էինք գալիս վարկյանում ութ կիլոմետր արագությամբ, հերր Օտտո Շմիդտը, հանկարծ հաղորդեց ռադիոյով, որ աջ նավակողում գտնվում է, հավանաբար, արհեստական ծագում ունեցող տիեզերական օբյեկտ։ Ուղևորները նետվեցին պատուհանների մոտ։ Ես նույնպես (ես հենց աջից էի նստած)։ Ես տեսա գնդաձև, մեծ, վաթսունից֊յոթանասուն մետր, կամ միգուցե և ավելի մեծ (տիեզերքում բոլոր չափսերը շատ հարաբերական են) տրամագիծ ունեցող հսկայական ակվարիումի նման մի բան, անսովոր անտենաներով, տիեզերական քամուց տատանվող արևային մարտկոցների թերթիկներով, լուսնի խառնարաններին նման շատ մեծ իլյումինատորներով։
Բոլոր իլյումինատորները մութ էին, բացի մեկից։ Բայց այդ մեկում երևացողը, ինձ թվաց ուղղակի ֆանտաստիկ։ Դա մի մեծ, ճենապակե ջահով վառ լուսավորված, ընդարձակ կլոր սենյակ էր։ Ամբողջ հատակը ծածկված էր արևելյան գորգով, իսկ պատերը ընկույզե պանելներով։ Իլյումինատորի մոտ դրված էր շատ որակյալ, լայն, հնաոճ գրասեղան, իսկ նրա վրա մի քանի տարբեր գույների հեռախոսներ։ Սեղանի մի ծայրին դրված էր մեծ գլոբուս, մյուսին՝ հեռուստացույց։ Պատերի տակ կային էլի ինչ֊որ առարկաներ․ կաշվե բազմոց, սուրճի սեղան, Լենինի բյուստը կարմիր պատվանդանի վրա։ Այդ ամենը հիշեցնում էր բարձրաստիճան սովետական ղեկավարի ծառայողական աշխատասենյակ, ճիշտ է բավականին անսովոր ուրվագծերով։
Սկզբից ինձ թվաց, որ աշխատասենյակում ոչ ոք չկա, բայց հանկարծ նկատեցի, որ խորքից դուրս լողաց և սկսեց մոտենալ իլյումինատորին ահռելի չափսերի մի ձուկ։ Ավելի ճիշտ, ինձ թվաց որ ձուկ է, բայց ավելի ուշադիր նայելով տեսա, որ ձուկը խիտ մորուքով մարդանման մի էակ է։ Հին սպորտային կոշիկներով, մաշված ջինսերով, մորեգույն սվիտերով էակը, դանդաղ շարժվում էր տարածքով թափահարելով ձեռքերով, ինչպես լողաթաթերով, աստիճանաբար մոտենալով իլյումինատորին, առանց նայելու նրա մեջ։ Հայացքը ուղղած ինչ֊որ տեղ ներքև, էակը շարժում էր շրթունքները, կարծես խոսում էր կամ ինչ֊որ մեկի, կամ ինքն իր հետ։
Մեր համեմատական արագությունը այդ տարօրինակ կառույցի հետ հավասար էր համարյա զրոյի, և այդ պատճառով պարզ երևում էր, ինչպես էր այդ մարդը շարժում շրթունքները, խոժոռվում և երբեմն ինչ֊որ մեկին հրամայաբար ինչ֊որ բան ցույց տալիս մատով։
Հանկարծ նա բարձրացրեց գլուխը (գուցե պատահաբար), ցնցվեց, և անփորձ լողորդի նման դժվարությամբ շարժվելով տարածաության մեջ, մոտեցավ իլյումինատորին։
― Հե՜յ, հե՜յ, ― խմբովի կանչեցին նրան մեր ապպարատի ուղևորները (կարծես թե նա կարող էր լսել) և թափահարեցին ձեռքերը։
Նա մի կերպ հաղթահարեց տեղաշարժվելու խնդիրը, ձեռքը գցելով ինչ֊որ բռնակի և դեմքը սեղմեց ապակուն։ Նա նայում էր մեր կողմը այնպիսի հուսահատությամբ, ինչպիսին կարելի է տեսնել միայն այն մարդու դեմքին, որին մահապատիժ է սպասում։
Բայց ամենից շատ ինձ շփոթեցրեց և զարմացրեց այն հանգամանքը, որ այդ ուժասպառ, ճաղատացող և անխնամ մորուքով մարդը ինչ֊որ բանով նման էր խնամված, հաջողակ, սափրված և ինքնավստահ Լյոշկա Բուկաշևին։ Ես, իհարկե հասկանում էի, որ դա չի կարող լինել Բուկաշևը։ Նա մնացել էր ինչ֊որ տեղ հեռավոր անցյալում։ Բայց հազիվ ես այդպես մտածեցի, երբ նկատեցի, որ նրա հայացքը կանգ առավ ինձ վրա։ Աստվա՜ծ իմ։ Մարմնովս դող անցավ։ Դա ոչ մի կերպ չէր կարող լինել Բուկաշևը, բայց հնարավոր չէր պատկերացնել, որ ինքը չէ։ Ակնհայտ էր, որ նա ինձ ճանաչեց։ Տեսնելով ինձ, ցնցվեց և սկսեց ձեռքերով նշաններ անել, կարծես ուզում էր ինչ֊որ բան ասել։ Իմ ձեռքը նույնպես ինքնաբերաբար շարժվեց, որպեսզի պատասխանի նրան, բայց այդ ժամանակ մեզ մոտ երևի միացան արգելակները, և տիեզերական տունը իր բանտարկյալի հետ, թռիչք կատարեց տարածությունում և կտրուկ փոքրանալով սկսեց արագ հեռանալ, ինչպես ձեռքից բաց թողնված փուչիկ։
Ես ուզում էի քննարկել տեսածս հարևանիս հետ, բայց նա կարծես թե, ոչինչ չէր տեսել։ Համենայն դեպս, երբ ես շրջվեցի նրա կողմը, նա մատիտը ձեռքին ինչ֊որ բրոշյուր էր կարդում, տեղ֊տեղ ընդգծելով և նշումներ կատարելով լուսանցքներում։ Ես դրսի կողմից նայեցի գրքին, որպեսզի իմանամ նրա անվանումը։ Դա գերմաներեն թարգմանված Լենինի «Պետությունը և հեղափոխությունը» հայտնի աշխատույթունն էր։
Խաղաղ և այդքան սովորական գործով զբաղված մարդու տեսքը, հանգստացրեց ինձ, և ես որոշեցի, որ երևի ննջել եմ և հարբած վիճակում մի այդպիսի բան եմ երևակայել։
Ուշքի գալու համար, ես խմեցի սմիռնոֆկայի վերջին շիշը, բայց դրանից ավելի հարբեցի, գիտակցությունս շուտով նորից մթագնեց և ես քնեցի։
==Համար֊38276==
Ես ուշքի եկա տիրող լռությունից և միանգամից չհասկացա, թե ինչ է տեղի ունենում։ Մեր ապարատը արդեն չէր աղմկում և չէր դողում։ Թողնելով իրենց տեղերը, ուղևորներից շատերը պորտֆելներով, պայուսակներով և ճամպրուկներով լուռ հավաքվել էին անցումներում։
Լինելով հարբած և քնատ ես չկարողացա միանգամից հիշել, որտեղից, ո՞ւր և ինչու եմ թռել։ Բայց դուրս նայելով պատուհանից, միանգամից հիշեցի։
Իլյումինատորի ապակուց այն կողմ երևում էր այրված խոտով ծածկված դաշտը, ճաքաց ճանապարհը և քիչ հեռվում՝ բետոնից ու ապակուց սարքված շենքը։ Շենքի վերևի մասում մեծատառերով գրված էր․
ՄՈՍԿՎԱ։
Այդ բառի տակ տեղադրված էին ինչ֊որ դիմանկարներ, իսկ տանիքի վրա, շոգ հուլիսյան արևի տակ շողում էր կարմիր աստղը։
Կարո՞ղ էի ես հանգիստ մնալ։ Չափազանց հուզված, ես վեր թռա տեղիցս, բայց այդ ժամանակ ռադիոյով հայտարարեցին, որ տեղական օդանավակայանի աշխատակիցները, չեն կարողանում գտնել մեր մեքենային համապատասխանող նավասանդուղք, դրա համար ուղևորներին խնդրում են չհուզվել և չզբաղեցնել անցումը, դուրս գալու մասին կլինի հատուկ հայտարարություն։
― Դա շատ կանխատեսելի էր, ― վերադառնալով իր տեղը, ասաց իմ պատանի հարևանը։ ― Երևի մեր կոսմոպլանը երեկվա օրվա տեխնիկա է, դրա համար էլ նրանց մոտ չկան համապատասխան սարքեր։
Ես չպատասխանեցի։ Նայում էի պատուհանից և չէի կարողանում աչքս կտրել տեսածից։ Մեր ապարատի կողքը, հարևան կանգառում, կանգնած էր մաշված և ձախ կողմի վրա ուժգին ծռված 38276 համարն ունեցող «Իլ-62» ինքնաթիռը։
Ի՞նչ էր սա նշանակում։
Ես ոչինչ չէի հասկանում։ Ես չէի հասկանում, ինչպես ստացվեց, որ այդ հին, դանդաղաշարժ ինքնաթիռը, որը նույնիսկ չի կարող հասնել լույսի արագությանը, այստեղ հայտնվեց մեզանից շուտ։
Հանկարծ գլխի ընկա․ սա պրովոկացիա է։
Այո, իհարկե, այս ամբողջ թռիչքը դեպի ապագա ամբողջովին վարպետորեն սարքված պրովոկացիա էր։
Տե՜ս, թե ինչ լավ աշխատեցին։
Ուրեմն և Ռուդին, որը համոզում էր ինձ այդպիսի ճանապարհորդության հնարավորության մասին, և ֆրոյլայն Գլոբկեն, և Ջոնը, և արաբ առևանգիչները, և Լյոշկա Բուկաշևը, և ինքնաթիռի անձնակազմը, որը նրանք կոսմոպլանի տեղ էին ներկայացնում, բոլորն էլ գործում էին միևնույն, ԿԳԲ֊ում հիմնավորապես նախագծված սցենարով և բերեցին ինձ ոչ թե երկու հազար ինչ֊որ մի թվի, այլ այժման Մոսկվան։
Իսկ ես, հիմարս (քիչ էին ինձ դաս տվել), այդքան հեշտ ընկա այս ծուղակը։
Միանգամից լրջանալով, սկսեցի շտապ ելք փնտրել ստեղծված իրավիճակից։ Բայց ի՞նչ կարող էի ես նախաձեռնել։
Ես ճնշեցի իմ մեջ առաջացած խուճապահար ցանկությունը ինչ֊որ տեղ փախչել և թաքնվել զուգարանում, կամ նստարանի տակ։ Ես միշտ գիտեի, որ կրիտիկական րոպեներին չմտածված գործելակերպը, դա ամենակարճ ճանապարհն է դեպի վախճանը։ Բայց ի՞նչ պետք է ես անեի։ «Հարձակվիր անձնակազմի վրա» ― խորհուրդ տվեց իմ սատանան ոչ այնքան վստահ։ ― Հարձակվել անձնակազմի վրա, պատանդներ վերցնել և պահանջել անհապաղ վերադարձնել ինքնաթիռը Մյունխեն։ Այս միտքը ես միանգամից մերժեցի, որպես անիրագործելի։ Ես չունեի ինձ մոտ ոչ ռումբ, ոչ ատրճանակ, և ոչ էլ նույնիսկ փոքրիկ դանակ, ոչ մի այնպիսի բան, ինչով կարողանայի սպառնալ անձնակազմին։ Խորհելով դրության մասին, ես շարունակում էի պատուհանից դուրս նայել և հանկարծ նկատեցի, որ շենքի ճակատի դիմանկարները այն չէին, որոնց ես հրաժեշտ տվեցի այստեղից մեկնելիս մի քանի տարի առաջ։ Քրտնած ապակու միջից նրանք վատ էին երևում, բայց նրանցում կար ինչ֊որ տարօրինակ բան։
Դրանք հինգն էին։
Ձախից առաջինի վրա պատկերված Հիսուս Քրիստոսին նման մարդը, ոչ թե հին պատառոտված հագուստով էր, այլ լավ կոստյումով, բաճկոնակով, փողկապով և նույնիսկ կարծես, ժամացույցի շխթայով։ Նրա կողքին տեղավորվել էր Կարլ Մարկսը։ Աջից գտնվող երկու դիմանկարը պատկերում էին Էնգելսին և Լենինին։ Բայց ինձ ցնցեցին ոչ թե միակ ճշմարտացի գիտական աշխարահայացքի հիմնադիրների դիմանկարները, և նույնիսկ ոչ Հիիսուս Քրիստոսը (չնայած նա այդ խմբում օտար էր ընկալվում), այլ միջին նկարի վրա պատկերված դեմքը։ Այդ մորուքավոր, մարշալի ուսադիրներով, զինվորական հագուստով թեթևակի բաց օձիքով մարդը նման էր․․․ ո՞ւմ մասին դուք մտածեցիք․․․ Սյո, այո։ Նույն Լյոշկա Բուկաշևին, որի հետ ես գարեջուր էի խմում Անգլիական այգում, որը երեք ժամ առաջ հետևում էր մեզ Մյունխենի օդանավակայանում և որին ես կարծես թե նոր էի տեսել զարմանալի տիեզերական ապարատում։ Այդ Լյոշկան, չնայած որ մորուքով էր, ավելի էր նման իսկական Լյոշկային, որովետև ուներ շատ հաջողակ և ինքնավստահ տեսք, ճիշտ է, հայացքը ավելի սուր էր, քան կյանքում։
Ես բռնեցի գլուխս և տնքացի։
― Աստվա՜ծ իմ, ― մտածեցի ես։ Ի՞նչ է նշանակում այս բոլորը։ Ինչո՞ւ է իմ աչքին անընդհատ երևում այդ անիծված Բուկաշևը։ Մի՞թե ինձ մոտ արդեն սկսվել է ալկոհոլային պսիխոզ։
Դե լավ, ― ասացի ինքս ինձ։ ― Ենթադրենք ոչ մի տիեզերքում էլ ես չեմ եղել, այլ թռել եմ սովորական «Բոինգով»։ Ենթադրենք։ Պրոկսիմա Ցենտավրան և տիեզերական ակվարիումը, որի մեջ լողում էր Բուկաշևը, ԿԳԲ֊ի լաբորատորիաներում նախագծված օպտիկական հնարքներ էին։ Բայց ի՞նչ է նշանակում դիմանկարների այս խառնաշփոթը։ Նորից հնարքներ են, ինձ մոլորության մեջ գցելու համա՞ր։ Այդպիսի բան չի կարող լինել։
Այն բանին, թե որտեղ, ում և ինչ հերթականությամբ կախել դիմանկարները, իմ երկրի իշխանությունները միշտ էլ վերաբերվում էին հնարավոր լրջությամբ, ամեն մի այդպիսի ինքնագործունեության համար, անցյալի ժամանակներում տալիս էին բավականին մեծ ժամկետներ։ Հավատալ, որ նրանք կախել են դրանք իմ նման թակարդն ընկած անշնորհքին խաբելու համար, ես ճիշտն ասած, ուղղակի չէի հավատում։ Բայց այդ դեպքում ի՞նչ է նշանակում այս ամենը։ Ի՞նչ պետք է ես ենթադրեի։ Որ Լյոշկան «Իլով» ավելի արագ է թռել, քան ես «Բոինգո՞վ»։ Որ նա երեք ժամում հասցրեց դառնալ մարշալ, աճեցնել մորուք, գրավել իշխանությունը և կախել իր նկարնե՞րը։ Ենթադրությունները անհավանական էին, բայց ավելի հավանական ոչինչ միտքս չէր գալիս։
Մինչ ես լարում էի ոչինչ չհասկացող գլուխս, մեր մեքենայի մոտ գլորվեցին երկու գորտագույն մեծ և ծանր տրանսպորտային միջոց։ Զրահամեքենայի և շոգեքարշի տարօրինակ խառնուրդ։ Համենայն դեպս նրանք երևի թե շարժվում էին գոլորշիի օգնությամբ, որի խիտ ամպերը դուրս էին գալիս մեքենայի քթի վրա գտնվող խողովակից։ Հենց որ զրահամեքենաները կանգնեցին մեր և ծռված «Իլի» միջև, բացված լյուկերից, մեկը մյուսի հետևից, ինչպես զամբյուղից թափվող սունկեր, դուրս թռան կարճ շալվարներով և կարճ ավտոմատներով զինվորականներ։ Նրանք տեղն ու տեղը ցրվեցին և շրջապատեցին ինքնաթիռը, ուղղելով նրա վրա իրենց զենքը։
Այդ ժամանակ խռխռաց ռադիոն և Հերր Օտտո Շմիդտը հաղորդեց, որ մոսկովյան իշխանությունները այդպես էլ չգտան սանդուղք և ուղևորները ստիպված պետք է օգտվեն արտակարգ պատահարների համար նախատեսված պարանե սանդուղքից, որի համար ինքը, նավապետը, անձնակազմի և «Լյուֆտգանզա ընկերության կողմից բերում է իր խորին ներողությունը։
Սակայն, մարդիկ արդեն այնքան էին շտապում թողնել ապարատը, որ պատրաստ էին իջնել ոչ թե պարանե սանդուղքով, այլ ուղղակի պարանով։ Առավել ևս, որ դիմանկարները, ինչպես ես նկատեցի, բացի ինձանից, ոչ մեկին չէին հուզում։
Հերթը սկսեց առաջ շարժվել։ Ես վերցի «դիպլոմատս» և հայտնվեցի հերթի վերջում։ Նախավերջինը իմ պատանի հարևանն էր։
Ելքի մոտ կանգնած երկու ուղեկցորդուհիները, հոգնած ժպտալով, ցանկանում էին ուղևորներին երջանիկ ժամանց և հիշեցնում էին, որ հետադարձ չվերթը տեղի կունենա ուղիղ մեկ ամսից։
Անկեղծ ասած, ես շատ էի հուզվում, չիմանալով, ինչ է սպասվում ինձ ներքևում։ Այդ պատճառով, հավասարվելով ուղեկցորդուհիներից մեկի հետ, ես նրան հարցրեցի, չի՞ կարող նա արդյոք տալ ինձ ևս մի երկու շիշ «Սմիռնոֆֆ», և լայն բացելով բերանս, ցույց տվեցի, որ այնտեղ ամեն ինչ վառվում է։
Նա սկզբից չհասկացավ, իսկ երբ հասկացավ, բավականին սառն բացատրեց, որ ընկերությունը սպասարկում է ուղևորներին միայն թռիչքի ժամանակ, իսկ թռիչքը արդեն ավարտված է։
Ես նորից էի բացում բերանս, խփում կրծքիս, բառերով և նշաններով բացատրում, որ շատ է հարկավոր, քանի որ ունեմ ոչ մեծ կոպֆշմերցե, այսինքն՝ գլխացավ, բայց նա մնաց անտարբեր իմ բացատրություններին, ինչպես ժայռ։
Մինչ ես բացատրում էի, մնացած ուղևորները արդեն իջել էին ինքնաթիռից։ Ես մոտեցա բացված լյուկին, նայեցի ներքև և ընկրկեցի։ Հողը հեռու էր, իսկ պարանից աստիճանը թվում էր այնքան անհուսալի։ Եվ ընդհանրապես, ինչո՞ւ ես պետք է այդպիսի գումար տալով, մագլցեմ կապիկի նման ինչ֊որ պարաններով։ Բայց երբ տեսա, թե ինչ է կատարվում ներքևում, ինձ ամբողջապես կորցրեցի։ Ինձանից առաջ իջաց ուղևորները, կանգնած էին շրջապատված զինվորականների խիտ պատով, որոնք նրանց վրա նշան էին բռնել իրենց ավտոմատներով։ Զինվորականները մեկ֊մեկ քշում էին ուղևորներին և համարյա ներս հրում զրահամեքենաներից մեկի մեջ։
― Շարժվիր, արագ, ավելի արագ, ― հրամայում էր ուսադիրների վրա չորս աստղ ունեցող կարճահասակ ամրակազմ սպան, որը երևի կապիտան էր։
Մեքենան ճռռում էր և փնչացնում, կուլ տալով ուղևորներին, որոնք հնազանդ էին և անտարբեր։ Միայն մեկը փորձեց դիմադրել։ Դա իմ հարևան֊տեռորիստն էր։
― Գենոսսե, ― նետվեց նա դեպի կապիտանը։ ― Իխ բին այն կոմունիստ։ Պետք չի արագ, արագ, պետք է բարեկամություն֊խաղաղություն։ Արագ֊արագ պետք չէ։
― Ինչպե՞ս թե պետք չէ արագ֊արագ, ― զարմացավ կապիտանը։ ― Պետք է արագ֊արագ։ ― Նա ծիծաղեց և խեղճին այնպես տվեց քացով, որ նա հայտնվեց մեքենայի մեջ, ինչպես գնդակը դարպասում։
Կապիտանը հարցական նայեց ինձ։ Ես տագնապից ինքնաբերաբար ետ֊ետ գնացի, բայց դեմ առա ինչ֊որ երկաթի։ Երբ ետ նայեցի՝ ցնցվեցի։ Ավտոմատը վրաս պահած կանգնած էր, չգիտես որտեղից հայտնված կարճ ոտքերով զինվորը և առանց թարթելու նայում էր ինձ իր ասիական նեղ աչքերով։
Ես ամեն ինչ հասկացա և շարժվեցի դեպի ելքը, որպեսզի իջնեմ, երբ ներքևից լսածս արտահայտությունը ինձ շատ զարմացրեց։
― Ռամազաև, ― ձայն տվեց կապիտանը։ Գրողին ձեռք չտաս, նա մերը չէ։
― Լսում եմ, ― պատասխանեց Ռամազաևը և իմ կողքով ներքև թռավ համրելով սանդուղքի պարանները։
Ես չհասցրեցի մտածել, թե որտեղից էին նրանք իմացել, որ ես գրող եմ, երբ Ռամազաևը և նրա հրամանատարը, թռան գոլորշի արձակող մեքենայի մեջ, որը կտրուկ շարժվեց տեղից, տագնապալի շչակ արձակելով։
Չհասկանալով, թե ինչ է տեղի ունենում, ես նայեցի ուղեկցորդուհուն։ Նա ժպտաց և հանկարծ արագ ինձ մեկնեց մի շիշ «Սմիռնոֆֆ»։
― Դանքե շյոն, ― ասացի ես և ուզում էի միանգամից բացել շիշը, բայց տեսա որ ներքևում հայտնվեց զինվորականների մի նոր խումբ․ երեք տղամարդ և երկու կին։ Նրանք նույնպես կարճ շալվարներով ու շրջքագեստով էին, բայց ավելի լավ որակի, քան նրանք, առաջինները։ Եվ բոլորը բացի մեկից կեպիներով։ Ակնհայտ էր, որ երեք տղամարդու և կանանցից մեկի ուսադիրները գեներալական էին, մյուս, ավելի երիտասարդ կինը կապիտան էր։ Գեներալներից մեկը, երևի թե եկեղեցական էր։ Նա հագել էր մուգ, շատ կարճ, ներքևի մասում լամպասներով, մինչև ծնկները հասնող փարաջա, գլխին մեծ երեսկալով վանականի գլխարկ, իսկ կրծքի վրա խոշոր, և միգուցե նույնիսկ արծաթե աստղ։ Աստղի ամեն մի ծայրում խաչեր էին։ Այդպիսի խաչերով աստղ կար նաև գլխարկի վրա։ Կին գեներալի լամպասները փեշի վրա էին, բայց ընդհանուր առմամբ, նրա համազգեստը զարմանք չէր պատճառում։
Գեներալների կրծքին կային բազմաթիվ շքանշաններ, իսկ կին֊կապիտանը ուներ միայն երկու մեդալ։ Երևի թե բոլորն էլ կարճ խուզված էին, որովհետև նույնիսկ կանանց մազերը գլխարկի տակից չէին երևում։
==Ջերմ հանդիպում==
Մոտենալով պարանե սանդուղքի ներքևի ծայրին, նրանք կանգ առան և նայում էին ինձ ներքևից վերև, կկոցելով աչքերը կուրացնող արևից և բարեհամբյուր ժպտում էին։ Ես էլ նրանց անվստահ ժպտացի և շարունակեցի կանգնած մնալ, չիմանալով ինչ անել։ Այդպես մենք իրար էինք նայում, մինչև զինվորականների խմբից դուրս եկավ երևի ամենագլխավոր գեներալը։ Նա բոլորից բարձրահասակ էր, գեր, և ուսադիրների վրա ուներ ոչ թե մեկ, ինչպես մնացածների մոտ, այլ երկու մեծ աստղ։
― Դե ինչ, Վիտալիյ Նիկիտիչ, ― ասաց նա ցածր, թավ ձայնով։ ― Իջեք ներքև, մենք ձեզ սպասում ենք։
Նրա խոսքերից պարզ դարձավ, որ նրանք ոչ միայն իմ մասնագիտությունը գիտեն, այլև իմ անունը նրանց համար գաղտնիք չէ։
Ես տատանվում էի, չիմանալով ինչպես իջնեմ։ Հետո, սրտապնդվելով, պառկեցի փորիս վրա և շատ ստորացուցիչ դիրքով, ոտքերով առաջ, դանդաղ սողացի դեպի ելքը։ Պատկերացնում եմ, ինչքան ծիծաղելի էր այդ տեսարանը ներքևից։ Ասենք, վերևից էլ (ուղեկցորդուհիներից մեկը չդիմացավ և փռթկաց):
Երբ ոտքերս արդեն կախվել էին անդունդի վրա, ես հանկարծ խուճապի մատնվեցի և վախեցա, զգացի, որ սողում եմ, բայց անօգնական ոտքերս չեն կարողանում գտնել հենարան։ Ես եղունգներս գցեցի ռետինե հատակին, բայց նա շատ հարթ էր։ Հնարավոր է ես վայր ընկնեի և դրանով իմ արկածները վերջանային, բայց ուղեկցորդուհիները ձայնները այնպես գցեցին, որ հերր Օտտո Շմիտդը դուրս թռավ իր նավախցից և վերջին րոպեին բռնեց ձեռքերիցս։
Նա ինձ բռնած պահեց, մինչև ես ոտքերով գտա աստիճանը։
― Ֆոռզիխտ, ֆոռզիխտ, հուզվում էր հերր Շմիտդը։
Նա բաց թողեց մի ձեռքս և միայն երբ բռնվեցի պարանից, բաց թողեց և մյուսը։
Ես սկսեցի զգուշորեն իջնել, իսկ նրանք, ներքևում կանգնածները, հանկարծ ծափահարեցին։ Ես մտածեցի, որ նրանք ինձ ձեռք են առնում և զայրացա։ Զայրույթը ինձ ուժ տվեց, և մնացած ճանապարհը ես անցա շատ ավելի վստահ, առավել ևս, որ ինչքան մոտենում էի գետնին, այնքան իմ վայրեջքը ավելի անվտանգ էր դառնում։ Իմ ետևից պարանով իջեցվեց իմ «դիպլոմատը»։
Իջնելիս, ես չէի բացառում, որ ինձ միանգամից կձերբակալեն։ Բայց ոչ մի նման բան չպատահեց։ Հենց որ ես զգացի ոտքերիս տակ ամուր հողը, զինվորականները մոտեցան ինձ, և ես նկատեցի, որ նրանց շքանշանները և մեդալները պատրաստված էին պլաստմասսայից։ Գլխավոր գեներալը առաջինը մոտեցավ, մեկնեց ինձ իր թմփլիկ ձեռքը և ժպտալով ասաց․
― Սլագեն։
Ես կարծեցի, որ «Սլագենը» նրա ազգանունն է, և ասացի իմ ազգանունը, չնայած նա առանց այդ էլ այն գիտեր։ Հետո ինձ մոտեցավ մի ուրիշ գեներալ, մեկնեց ձեռքը և նորից ասաց «Սլագեն»։ Մտածելով, որ երկրորդ Սլագենը առաջինի եղբայրն է՝ նրան էլ ներկայացա։ Բայց շատ զարմացա, երբ երկու կինն ու հոգևորականը նույնպես Սլագեններ դուրս եկան։
Երբ ես արդեն բոլորին ներկայացել էի, նրանք վերադասավորվեցին, և կին֊կապիտանը հայտնվեց իմ և գլխավոր գեներալի միջև։
― Դե ինչ, Վիտալիյ Նիկիտիչ, ― ասաց գեներալը, շարունակելով ժպտալ։ ― Թույլ տվեք ինձ, մեր փոքրիկ կոմպիսյան պատվիրակության կողմից սրտանց շնորհավորել ձեզ վերադարձի արթիվ։ Ինչպես հնում էին ասում, բարի գալուստ հարազատ հողը։ ― Նա լայն բացեց ձեռքերը, կարծես ուզում էր ինձ գրկել, բայց նորից իջեցրեց նրանք։
Ես չէի հասցրել պատասխանել, երբ խոսեց կին֊կապիտանը․
Վիտալիյ Նիկիտիչ, կոմսոր Սմերչևը սրտանց շնորհավորում է ձեր ժամանումը և ասում «Բարի գալուստ ձեր հարազատ հողը»։
― Ես դա հասկացա, ― ասացի ես, ես խուլ չեմ։
― Նա ասում է, որ խուլ չէ, ասաց կապիտանը գեներալին։
Ասա նրան, ― հաղորդեց գեներալը, ― որ ես հիացած եմ նրանով, որ նա իր տարիքում այդքան հիանալի տեսք ունի և նույնիսկ չի կորցրել լսողությունը։
Մինչ կինը ինչ֊որ անհասկանալի պատճառով կրկնում էր նրա բառերը, ես զարմացած նայում էի նրանց և մտածում, ինչո՞ւ են նրանք կարծում, որ ես իմ ոչ լրիվ քառասուն տարեկան հասակում պետք է խուլ լինեմ։ Արտահայտելով իրենց հիացմունքը իմ վիճակից, գեներալը թույլտվություն խնդրեց ներկայացնել ինձ, պատվիրակության բոլոր անդամներին։
― Ինձ, ― ասաց նա, ― անվանում են Սմերչև Կոմու֊Նե֊Իվանովիչ։
― Ո՞ւմ֊Նե֊Իվանովիչ, ― կրկնեցի ես զարմացած։
Կապիտանը թարգմանեց (եթե նույն բառերի կրկնությունը նույն լեզվով կարելի է անվանել թարգմանություն) իմ բառերը գեներալին, որը ծիծաղեց (մյուս գեներալները նրան աջակցեցին) և բացատրեց, որ որոշ ենթականեր նրա բացակայութան ժամանակ իսկապես իրեն անվանում են Կոմու֊Նե֊Իվանովիչ, իսկ իրականում նրա անունն է Կոմմունիյ Իվանովիչ։ Նա նաև ասաց, որ ինքը գրականության գծով գեներալ֊լեյտենանտ է, երկրի Գլավկոմպիսը և Հոբելյանական Հնգանկյունի նախագահը։
Կոմմունիյ Ւվանովիչը ներկայացրեց ինձ պատվիրակության մնացած անդամներին, որոնց անուններն ու պաշտոնները ես նշում եմ այն հաջորդականությամբ, ինչպես որ նրանք ներկայացվեցին։
1. Սիրոմախին Ձերժին Գավրիլիչ, ԲԵԶՈ֊ի Գլխկոմգրի գեներալ֊մայոր, Հոբելյանական Հնգանկյունի Երկրորդ անդամ։
2․Կորովյակ Պրոպագանդա Պարամոնովնա, քաղաքական ծառայության գեներալ֊մայոր, Գկխկոմգրի քաղաքական դաստիարակության և պրոպագանդայի բաժնի առաջին տեղակալ։ Հոբելյանական Հնգանկյունի Երրոդ անդամ։
3․ Հայր Զվեզդոնիյ, եկեղեցական ծառայության գեներալ֊մայոր, Գլխկոմգրի հոգևոր սննդի առաջին տեղակալ, Հոբելյանական Հնգանկյունի Չորրորդ անդամ։
4. Պոլյակովա Իսկրինա Ռոմանովնա, գրական ծառայության կապիտան, Հոբելյանական Հնգանկյունի Հինգերորդ անդամ և քարտուղար։
Չնայած Իսկրինա Ռոմանովնան բառ առ բառ կրկնում էր այն ամենը, ինչ ասում էին պատվիրակության անդամները, ես ամեն ինչ չէ, որ հասկանում էի։ Ես այնքան էլ չհասկացա, ինչ էին նշանակում այդ բոլոր կոչումները և պաշտոնները, ինչու են նրանց անունները այդքան տարօրինակ, ով է Գլխկոմգիրը, ինչ Հոբելյանական Հնգանկյունի մասին է գնում խոսքը և ընդհանրապես ի՞նչ է դա։ Նաև ռուսերեն լեզվում, ինչպես ես նկատեցի, իմ բացակայության ժամանակ հայտնվել են բազմաթիվ նոր բառեր, հասկացություններ և արտահայտություններ։ Ներկայացնելով իրեն և իր ուղեկիցներին, Կոմմունիյ Իվանովիչը հարցրեց (իսկ կապիտանը թարգմանեց), արդյոք ես չունե՞մ հարցեր։
Ես այնքան շատ հարցեր ունեի, որ չգիտեի ինչից սկսել։ Եվ սկզբի համար հարցրեցի, թե ինչ բան է իրենից ներկայացնում Հոբելյանական Հնգանկյունը և ում հոբելյանն է պատրաստվում նշել։
Կոմմունիյ Իվանովիչը ինձ հաճույքով բացատրեց, որ Հոբելյանական Հնգանկյունը դա Հնգանկյունի կողմից հատուկ ստեղծված ատեղծագործական կոմիտեն է, որին հանձնարարված է կազմակերպել, նախապատրաստել և բարձր գաղափարական մակարդակով անց կացնել իմ հոբելյանը։
― Ի՞մ հոբելյանը, ― հարցրեցի ես զարմացած։ ― Ախ, այո, մոտ օրերս կլրանա իմ քառասուն տարին։ Ես լրիվ մոռացել էի այդ մասին։
Դուք ասում եք քառասուն տարի՞ն։ ― Սմերչևը նայեց իր ուղեկիցներին։ ― Ւհարկե ոչ, Վիտալիյ Նիկիտիչ, ― նա ներողամտորեն ժպտաց։ ― Դուք քառասուն տարեկան չեք։ Լրանում է ձեր հարյուր տարին։
Սկզբից ես զարմացա, բայց հետո ամեն ինչ հասկացա։
― Իսկապես, ― ասացի ես։ Դե իհարկե, հարյուր տարին։ Իսկ իմ մտքով, ազնովորեն ասած, նույնիսկ չանցավ, ― չնայած եթե ես ավելի լավ մտածեի, կարող էի ինքս գլխի ընկնել։
Ես նույնիսկ ծիծաղեցի, և ամբողջ Հնգանկյունին ինձ հետ ծիծաղեց։ Մտածելով ժամանակի հրաշքների մասին, ես դեռևս փնթփնթում էի ինչ֊որ անհասկանալի բառեր և արտահայտություններ, ինչպիսիք էին «օ՜հ», «տես է», «այ քեզ բան»։
― Ասացեք, ― հարցրեցի ես գեներալին, ― իսկ որտեղի՞ց դուք իմ մասին գիտեք։
Նրանցից ոչ մեկը պատասխան չտվեց, կարծես ոչինչ չէին լսել, բայց այն բանից հետո, երբ Իսկրինա Ռոմանովնան կրկնեց հարցս, բոլորը միանգամից ժպտացին, իսկ Կոմմունիյ Իվանովիչը զարմացած տարածեց ձեռքերը․
Ինչ եք ասում Վիտալիյ Նիկիտիչ, ինչպես կարող էինք ձեզ չիմանալ, երբ ձեր ստեղծագործությունները ուսումնասիրել ենք դեռ պրեդկոմբերում։
― Կոմսոր Սմերչևը ասում է, ― կրկնեց թարգմանչուհին, որ ձեր ստեղծագործությունները մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք դեռ պրեդկոմբերում։
― Որտե՞ղ, որտե՞ղ, ― հարցրեցի ես։
― Պրեդկոմբերում, ― կրկնեց նա։ ― Իսկ դուք երբեք չե՞ք սովորել պրեդկոմբերում։
― Իսկ դա ի՞նչ բան է։
― Պրեդկոմբ՝ նշանակում է կոմմունիստական ուսուցանման ձեռնարկություն։
― Հասկանալի է, ― ասացի ես։ ― Եվ դուք անձամբ նույնպե՞ս ուսումնասիրել եք իմ ստեղծագործությունները պրեդկոմբում։
― Իհարկե, Վիտալիյ Նիկիտիչ, մեզ մոտ յուրաքանչյուր պրեդկոմբ պարտադիր կերպով ուսումնասիրում է նախնական գրականությունը։
Չէ, իսկապես կինս իրավացի էր, երբ ասում էր, որ ալկոհոլի մշտական օգտագործումը քայքայիչ ազդեցություն է ունենում մարդու մտավոր ունակությունների վրա։ Ինչքան շատ էի ես հարցեր տալիս և ստանում պատասխաններ, այնքան ավելի ու ավելի քիչ էի հասկանում, իսկ այն իմացությունը, որ բանից դուրս է գալիս, գոյություն ունի նախնական գրականություն, ինձ ուղղակի ընկճեց։
― Դե լավ, ― ասացի ես։ ― Ես շատ ուրախ եմ, որ պրեդկոմբերում դուք այդքան լավ եք յուրացրել նախնական գրականությունը, բայց ես չեմ կարողանում հասկանալ, ինչպե՞ս դուք իմացաք իմ գալու մասին։
Պատվիրակության անդամները նորից իրար նայեցին, իսկ Կոմմունիյ Իվանովիչը ժպտաց և զարմացած տարածեց ձեռքերը։
― Ինչ եք ասում, Վիտալիյ Նիկիտիչ, ինչո՞ւ եք մեր մասին այդքան վատ մտածում։ Մենք չենք ժխտում, որ մեր հետախուզության աշխատանքում դեռ կան որոշ թերություններ, բայց մի՞թե դուք կարծում եք, որ վաթսուն տարվա ընթացքում, այն չէր կարող լուծել այդպիսի, եկեք ճիշտն ասենք, ոչ այնքան բարդ խնդիրը։
― Սակայն մենք պետք է գնանք, ― միջամտեց խոսակցությանը մինչ այդ լռող Ձերժին Գավրիլովիչը։ Թե չէ շոգ է։ Ինչպես Հոնոլուլույում, ― ավելացրեց նա, և քմծիծաղ տալով, նայեց Կոմմունիյ Իվանովիչին։
― Դե, Հոնոլուլույում, ― ասաց Կոմմունին, ես կարծում եմ, միգուցե նույնիսկ ավելի հով է։ Այնտեղ կլիման ավելի ծովային, խոնավ է, և օվկիանոսից անընդհատ քամի է փչում։ Ւսկ մեզ մոտ կլիման կոնտինենտալ է։
Ես հասկացա նրանց ակնարկը և գնահատեցի նրանց տեղեկացվածությունը։ Եվ միայն հիմա գլխի ընկա, թե ինչ է կատարվել։ Ես կարծում էի, որ թողել եմ Բուկաշևին անցյալում, իսկ իրականում նա իր դարն անցած «Իլով», այստեղ է վերադարձել վաթսուն տարի առաջ, և, իհարկե, վաղուց մահացել է։ Բայց նրա հաշվետվությունը Մյունխենի մեր հանդիպման մասին, կցվել է գործին և հաշվի առնվել։
Չէ, տարօրինակ և հանելուկային բան է այդ ժամանակը։
Այստեղ ես հիշեցի այն տիեզերական տեսիլքը և մտածեցի, որ դա, իհարկե, միայն ու միայն պատրանք էր։
Ինձ անհագստացնում էր, օդանավակայանի շենքի ճակատին փակցված դիմանկարը, նա չափից ավելի շատ էր հիշեցնում Բուկաշևին։ Բայց մյուս կողմից, Հնգանկյունի անդամներն էլ ինձ ինչ֊որ մեկին հիշեցնում էին։ Անցնելով առաջ, պետք է ասեմ, որ ապագայի Մոսկվայում ես շատերին հանդիպեցի, որոնք շատ նման էին անցյալում հանդիպածս մարդկանց։ Երբեմն այնքան նման, որ ես գրկաբաց նետվում էի նրանց վրա, և իհարկե ընկնում անհարմար դրության մեջ։ Ինչպես ես հետագայում հասկացա, մարդու արտաքին դիմագծերի տարբերակները բնությունում, երևի թե սահմանափակ են, միայն մարդու ներքին էությունն է անկրկնելի։ Սակայն, ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում և ներկայում ես հանդիպել եմ նույնիսկ շատ կրկնելի մարդկանց։ Ես դեռ մտածում էի, երբ ինձ առաջարկեցին մտնել օդանավակայանի շենքը, որտեղ (այդպես ասաց Կոմմունիյ Իվանովիչը) ինձ անհամբերությամբ սպասում էին իմ ընթերցողներն ու երկրպագուները։
Մենք շարունակեցինք ճանապարհը։ Իմ և Կոմմունիյ Իվանովիչի միջև քայլում էր Իսկրինա Ռոմանովնան, Կոմմունիյ Իվանովիչի ձախ կողմից բադի նման ճոճվելով՝ կարճլիկ և գեր Պրոպագանդա Պարամոնովնան, իմ աջ կողմից, ուղղելով ուսերը, քայլում էր Ձերժին Գավրիլովիչը, իսկ նրա ետևից մեկ ոտքով բետոնին խփելով, մի տեսակ ծռված, ամբողջապես ցնցվելով, թափ տալով գզգզվախծ մորուքը, ծամածռելով դեմքը ու աչքով անելով, կաղում էր հայր Զվեզդոնին։
Ճանապարհին ես հարցրեցի Կոմմունիյ Իվանովիչից, ինչո՞ւ է նա ոչ թե ուղղակի ինձ դիմում, այլ թարգմանչուհու միջոցով։
― Արդյո՞ք, ― հարցրեցի ես, ― մենք միևնույն լեզվով չենք խոսում։
Նա քաղաքավարի սպասեց թարգմանությանը, հետո բացատրեց, որ չնայած մենք երկուսս էլ օգտվում ենք մոտավորապես նույն բառերով, բայց ինչպես հայտնի է (ինձ դա հայտնի չէր), կարևոր են ոչ միայն բառերի նշանակությունը այլև նրանց գաղափարական հիմքը, և հենց դրա համար էլ անհրաժեշտ է թարգմանիչը, որը փոխանցում է միտքը մի գաղափարախոսությունից մյուսը, հաշվի առնելով նրանց տարբերությունը։
― Սակայն, ― ավելացրեց նա, եթե դա ձեզ անհանգստացնում է, եկեք փորձենք շփվել առանց թարգմանչի։ Իսկ դժվարանալու դեպքում, Իսկրինա Ռոմանովնան միշտ ձեր տրամադրության տակ կլինի։ Ուրիշ հարցեր ունե՞ք։
― Ասացեք խնդրեմ, ― հարցրեցի ես սարսափելի հուզվելով, ― իսկ ի՞նչ քաղաքական համակարգ է հիմա ձեր պետությունում։
Սմերչևը հայացքներ փոխանակեց ուղեկիցների հետ, կանգնեց, և ձեռքը դնելով իմ ուսին հանդիսավոր տոնով ասաց․
― Ոչ մի քաղաքական համակարգ, Վիտալիյ Նիկիտիչ, մեր մոտ չկա։ Առաջին անգամ մեր և մարդկության պատմության մեջ, մեր մոտ կառուցված է առանց համակարգի և դասերի կոմմունիստական հանրություն։
― Ի՜նչ եք ասում, ― զարմացա ես։ ― Մի՞թե դուք կառուցել եք իսկական կոմմունիզմ։
Դե իհարկե իսկական, ― հաստատեց Սմերչևը։
― Իհարկե, ոչ խաղալիքային, ― իր խոսքը մտցրեց Ձերժին Գավրիլովիչը և ինչ֊որ տարօրինակ հայացքով նայեց ինձ։
― Մի՞թե, մի՞թե, մի՞թե դա իրականություն է դարձել, ― մռթմռթում էի ես։ ― Իսկ ես չէի հավատում։ Իսկ ես կասկածում էի։ Եվ ինչքան հիմարություններ եմ այդ առիթով ասել։
― Այո, ասել եք, ― խիստ տոնով նկատեց Պրոպագանդա Պարամոնովնան։
― Դե, ասել է և ասել, ― պաշտպանեց ինձ Ձերժին Գավրիլովիչը։ ― Դա այնքան վաղուց էր, և նաև հնարավոր է, որ այն ժամանակ Վիտալիյ Նիկիտիչը գտնվում էր օտար ուժերի ազդեցության տակ։
Այդ միտքը ինձ զարմացրեց, և ես առարկեցի, որ օտար ազդեցություններից անցյալ կյանքում ես շատ թե քիչ, բայց խուսափում էի։
― Մենք դա գիտենք, ― ասաց Ձերժին Գավրիլովիչը։
Դուք, իհարկե, միշտ էլ տարբերվել եք մտածելակերպի ինքնուրույնությամբ, բայց գիտեք, պատահում են մարդիկ, որոնք մեզ հիպնոսացնում են։ Այդպիսի մարդկանց դուք նույնիսկ կարող եք վերաբերվել հումորով, բայց երբ նա բացում է բերանը և մի խոսք է ասում, դուք ինքներդ ձեզ անիծելով, պատրաստ եք նետվել աշխարհի ծայրը։
― Կամ նույնիսկ այնպիսի կորած տեղ ինչպիսին Տոռոնտոն է, ― ուրախ շարունակեց Սմեռչևվը։
Սատանան տանի, ― մտածեցի ես, ի՞նչ են նրանք ակնարկում։ Ուզում են ասել, որ իմ մասին ամեն ինչ գիտե՞ն։ Այո, դա այդպես է, բայց նրանք այնքա՜ն ժամանակ ունեին իմ մասին տեղեկություններ հավաքելու համար։ Հետաքրքիր է, ինչների՞ն է պետք այդ հեռավոր անցյալը և ի՞նչ են ուզում նրանք գտնել այնտեղ։
― Ուրեմն դուք ասում եք, ― վերադարձա ես ընդհատված թեմային, ― որ կոմունիզմը արդեն կառուցվա՞ծ է։ Իսկ ես, ճիշտն ասած դա չէի սպասում և չէի կանխատեսում։ Հարցը նրանում է, որ առաջավոր աշխարահայացքների մասով ես միշտ թույլ եմ եղել։ Ես, գիտեք, ունեի այսպես ասած ոչ գիտական ուղեղ, և մարկսիստական թեորիայից միշտ վատ գնահատականներ էի ստանում։ Բայց մի կարծեք, ես շատ ուրախ եմ, որ ամեն ինչ ստացվեց ոչ իմ սպասվածի նման։ Փառք աստծո, որ ես սխալվել եմ։
― Ո՞ւմ փառք, ― զարմացած հարցրեց Պրոպագանդա Պառամոնովնան։
― Նա ասաց․ «փառք Աստծուն», ― կրկնեց իմ բառերը Իսկրինա Ռոմանովնան։
― Բայց ոչ մի աստված էլ չկա, ― հանկարծ վեր թռավ Հայր Զվեզդոնին և աջ ոտքով խփեց գետնին։ ― Ոչ մի աստված էլ չկա, չկար և չի լինի։ Կա միայն Գենիալիսսիմուսը, որը այնտեղ, վերևում, ― Զվեզդոնին ցույց տվեց մատով երկինքը, ― անքուն աշխատում է, նայում մեզ և մտածում մեր մասին։ Փառք Գենիալիսսիմուսին, փառք Գենիալիսսիմուսին, ― փնթփնթում էր նա, կարծես խելագար լիներ, և աջ ձեռքով սկսեց ինչ֊որ տարօրինակ շարժումներ անել։ Կարծես խաչակնքվում էր, բայց ինչ֊որ նոր անսովոր ձևով։ Ամբողջ հինգ մատով այսպիսի սխեմայով․ ճակատ, ձախ ծունկ, աջ ուս, ձախ ուս, աջ ծունկ, ճակատ։
Մյուսները կանգ առան և սկսեցին կրկնել այդ շարժումները և մրթմրթալ․ ― «Փառք Գենիալիսսւմուսին, փառք Գենիալիսսիմուսին»։
Ես զարմացած և նույնիսկ որոշ վախով էի նայում նրանց։ Ինձ թվաց, որ նրանք բոլորը, միգուցե շոգից, մի թեթև թռցրել են խելքները։
Վիտալիյ Նիկիտիչ, լսեցի ես մտահոգ շշնջույն։ Ձեզ նույնպես պետք է աստղակնքել։
Շշնջում էր թարգմանչուհին։ Ես նայեցի նրան և դեմքի ծամածռություններով ցույց տվի, որ աստղակնքել չգիտեմ։ Բայց որսալով Պրոպագանդա Պարամոնովնայի զարմացած հայացքը, ես նույնպես ինչ֊որ կերպ շարժեցի ձեռքս, ինչը, հավանաբար, նրան ոչ այնքան բավարարեց։
Վերջացնելով այդ տարօրինակ և ինձ համար ոչ այնքան հասկանալի գործողությունը, բոլորը միանգամից հանգստացան, և մենք շարժվեցինք առաջ։
Ճանապարհին Կոմմունիյ Իվանովիչը բացատրեց ինձ, որ իսկական կոմունիզմի կառուցումը հնարավոր դարձավ Օգոստոսյան կոմունիստական մեծ հեղափոխության արդյունքում, որը նախապատրաստվել և իրագործվել էր Գենիալիսսիմուսի ղեկավարությամբ և մասնակցությամբ։
― Հույս ունեմ, որ դուք հասկացաք, ― ասաց նա, ― որ Գենիալիսսիմուսը ― մեր սիրելի, թանկագին և միակ առաջնորդն է։
Այո֊այո, ասացի ես։ Գլխի եմ ընկնում։ Միայն թե այնքան էլ չեմ հասկանում, ինչ է նշանակում այդ «Գենիալիսսիմուս» բառը։ ― Ի՞նչ է դա, ազգանո՞ւն, անո՞ւն, թե պաշտոն։
― Այդ բոլորը միասին, ― ասաց Սմերչևը։ ― Հասկանում եք, մեր, կոմունյանների մոտ, բոլորն ունեին անուններ, որոնք տրված էին ծնված օրվանից, իսկ հետո մենք նրանք փոխարինեցինք աստղացումի ժամանակ ստացած անուններով, այսինքն՝ աստղային անուններով։ Այդ անունները արտացոլում են ամեն մի մարդու հիմնական գործունեությունը։ Իսկ Գենիալիսսիմուսը հայտնվեց միանգամայն ինքնաբերաբար։ Գենիալիսսիմուսը միաժամանակ և մեր կուսակցության Գլխավոր քարտուղարն է, և ունի Գեներալիսսիմուս զինվորական կոչումը, և բացի այդ տարբերվում է հասարակ մարդկանցից իր համակողմանի հանճարեղությամբ։ Հաշվի առնելով բոլոր այդ առանձնահատկությունները, մարդիկ նրան անվանում էին «մեր հանճարեղ գլխավոր քարտուղար և գեներալիսսիմուս»։ Բայց ինչպես հայտնի է, նրա բազմաթիվ արժանիքներց մեկն էլ համեստությունն է, և նա շատ անգամ է խնդրել մեզ անվանել նրան ավելի հասարակ, կարճ և համեստ բառով։ Վերջ ի վերջո սկսեց գործածվել այս հասարակ և բնական անվանումը՝ Գենիալիսսիմուս։
Թվում էր, մեր հանդիպման վայրից մինչև օդանավակայանի շենքը, այնքան էլ հեռու չէր, բայց ճանպարհին Սմերչևը հասցրեց պատմել, թե ինչպես և ինչու իրագործվեց Օգոստոսյան հեղափոխությունը։
Նրանից ես իմացա, որ Գենիալիսսիմուսը, երբ դեռ հասարակ գեներալ էր, հաճախ էր մտածում, ինչու այդքան լավ մշակված կոմունիզմի կառուցման թեորիան, չի հաջողվում իրագործել։ Բազմակի անգամ և ամենահիմնավոր կերպով աշխատելով բոլոր գիտական սկզբնաղբյուրների և թեորետիկ հաշվարկների վրա, նա գտավ այն սխալները, որոնք թույլ էին տրվել կոմունիզմի կառուցման ընթացքում։ Կուսակցության և պետության նախկին ղեկավարները, գռեհկացնելով հանճարեղ ուսմունքը, փորձում էին կառուցել կոմունիզմ հաշվի չառնելով տեղական և ընդհանուր պայմանները։ Ժամանակին նույնիսկ հանճարեղ Լենինը ենթադրում էր, որ կոմունիզմ կարելի է կառուցել միանգամից ամբողջ երկրագնդում, համաշխարհային ռևոլյուցիյա իրագործելով։ Հետո առաջարկվեց դրույթ, որ կոմունիզմի առաջին էտապը, սոցիալիզմը, կարելի է կառուցել և մեկ առանձին վերցված երկրում։ Այդպես էլ արվեց։ Սակայն անցումը սոցիալիզմից կոմունիզմ շատ ավելի բարդ դուրս եկավ, քան թվում էր սկզբից։ Բոլոր փորձերը կառուցել կոմունիզմ միայն մեկ երկրում անհաջող եղան։ Վերլուծելով այդ փորձերը և զարգացնելով հեղափոխական թեորիան, ապագա Գենիալիսսիմուսը դեռ այն ժամանակ եկավ այն ճշմարիտ եզրակացությանը, որ անհաջողությունների արմատը կայանում է նրանում, որ նախորդ կառուցողները, ղեկավարվելով գռեհկացված գաղափարներով, ցուցաբերում էին շտապողականություն, հաշվի չէին առնում ոչ երկրի չափերը, ոչ աննպաստ եղանակային պայմանները, ոչ բազմազգ բնակչության մեծամասնության հետամնացությունը։ Վերջի վերջո ապագա Գենիալիսսիմուսը եկավ այն պարզ, բայց հանճարեղ որոշմանը, որ կոմումիզմ կարելի է և պետք է սկզբում կառուցել առահձին վերցված քաղաքում։
Եվ դա իրականացվեց։ Պատմական խտացրած ժամանակաշրջանում կառուցվեց կոմունիզմ Մոսկվայի սահմաններում, որը դարձավ աշխարհում առաջին կոմունիստական ռեսպուբլիկան (կրճատ ՄՈՍԿՈՐԵՊ)։
― Ներեցեք, ― ասացի ես, լավ չհասկացա։ Մոսկվան այլևս չի՞ մտնում Սովետական Միության կազմի մեջ։
― Ոչ միայն մտնում է, այլև առաջվա նման նրա աշխարհագրական, մշակույթային և հոգևոր մայրաքաղաքն է, ― հպատությամբ հաղորդեց Սմերչևը։ ― Բայց մեր սիրելի Գենիալիսսիմուսը իրեն հատուկ պայծառատեսությամբ մշակեց թեորիա, որով հնարավոր է երկու հասարակարգերի համատեղելիությունը միևնույն պետության սահմաններում։
― Ահա՜, ուրախացա ես, որ սկսում եմ ինչ֊որ բան հասկանալ։ ― Դա նշանակում է, ինչպես Չինաստանում։ Նրանք էլ ժամանակին մշակել էին երկու համակարգի թեորիա։
Երևի թե, ես ինչ֊որ բան այնպես չասացի։ Պատվիրակության անդամները ինչ֊որ տարօրինակ հայացքներ փոխանակեցին։
― Ինչո՞ւ եք այդպես ասում, ― առարկեց հայր Զվեդոնին։
― Այո, ժպտաց Պրոպագանդա Պարամոնովնան, ― ձեր հայտարարությունից մետաֆիզիկայի, հեգելյանիզմի և կանտիզմի հոտ է գալիս։
― Դե ինչո՞ւ, ինչու, ― անհապաղ խառմվեց Ձերժին Գավրիլովիչը։ Վիտալիյ Նիկիտիչը ասում է այն, ինչ մտածում է։ Ճի՞շտ է, Վիտալիյ Նիկիտիչ։
― Այո, իհարկե, արագ համաձայնվեցի ես, երախտագիտությամբ նայելով Ձերժինի վրա։
Իսկ ինչ վերաբերում է Չինաստանին, ներողամտաբար ասաց Սմերչևը, ապա չարժի համեմատել այդ երկիրը Սովետական Միության հետ, իսկապես չարժի։ Չինաստանը ընդգրկում է իր մեջ և սոցիալիստական տարածքներ, և այնպիսի չարամիտ քայքայվող կապիտալիստական օջախներ, ինչպիսիք են Հոնկոնգը, Թայվանը և Խոնսյու կղզին։ Իսկ Սովետական Միությունը, լինելով մի ամբողջ սոցիալիստական մայրցամաք, ունի կոմունիստական միջուկ, որը դարձել է ոգեշնչող օրինակ բոլոր ժողովուրդների համար, որոնք դեռ չեն հասել զարգացման այդ մակարդակին։ Տարբերությունը, համաձայնվեք, շատ էական է։
Ինչքան ավելի էինք մոտենում օդանավակայանի շենքին, այնքան ավելի ու ավելի ուշադիր էի ես նայում շենքի ճակատին կախված դիմանկարներին և հարցրեցի Սմերչևին, թե ով է այն մարդը, որը այդքան նման է Հիսուս Քրիստոսին։
― Ինչպե՞ս թե ով, ― զարմացավ Սմերրչևը։ Հենց ինքը Հիսուս Քրիստոսն է։
― Բայց մենք երկրպագում ենք նրան, տեղում պտտվեց և ոտքով խփեց գետնին հայր Զվեզդոնիյն, ― ոչ թե որպես ինչ֊որ Աստծո որդու, այլ որպես առաջին կոմունիստի, Գենիալիսսիմուսի մեծ նախորդի, որի մասին Քրիստոսը ժամանակին ասել էր․ « Բայց իմ ետևից եկողը ինձանից ավելի ուժեղ է»։
Ես համոզված էի, որ այդ բառերը պատկանում էին ոչ թե Քրիստոսին, այլ Հովանես Մկրտիչին, բայց համենայն դեպս չառարկեցի։
Օդանավակայանի աղյուսե պատի վրա ես տեսա կիսանջված գրություն․ Ուշարդրություն։ Դռները բացվում են ավտոմատ կերպով։ Բայվ ոչ մի դուռ ընդհանրապես չկար, պատի խոռոչը ոչնչով փակված չէր։
Սմերչևը կանգ առավ ինձ առաջ թողնելով։ Հենց որ ես ներս մտա, թնդաց երաժշտությունը, և մարդկանց մի մեծ խումբ սկսեց թափահարել կարմիր դրոշակներով, պլլակատներով, Գենիալիսսիմուսի և․․․ ես չհավատացի աչքերիս․․․ իմ դիմանկարներով։
Ձերժինը դուրս թռավ առաջ և ուսերով սկսեց տեղ բացել ամբոխի մեջ, նրա ետևից, մարդկանց հրելով գնում էր Սմերչևը, Սմերչևից հետո ― ես։
Տրանսպարանտների վրա գրված լոզունգները մոտավորապես այսպիսին էին․
ԿԵՑՑԵ ԳԵՆԻԱԼԻՍՍԻՄՈՒՍԸ
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐԻՑ ԼԱՎՆ ԵՆՔ
ՄԵՐ ՈՒԺԸ ՄԵՐ ՀՆԳԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ Է
ՓԱՌՔ ԿՊԳԲ
ՆԱԽՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՍՈՎՈՐԵՆՔ ՈՒ ԿՎԵՐԱՍՈՎՈՐԵՆՔ
Դեռևս չհասկանակով, թե ինչ է կատարվում, ես հայտնվեցի բեմի նման ինչ֊որ տեղ, կարմիր թղթով ծածկված սեղանի առաջ։ Մոտավորապես նույն հերթականությամբ, ինչպես որ քայլում էինք, իմ երկու կողմերից տեղավորվեց կոմպիսի պատվիրակությունը։ Միայն Իսկրինա Ռոմանովնան տեղավորվելով իմ ձախ ուսի ետևը, շշնջաց ականջիս, որ պատրաստ է ինձ օգնել, եթե ինչ֊որ բան անհասկանալի լինի։
Կոմմունիյ Իվանովիչը կանգնեց և բարձրացրեց ձեռքը։ Երաժշտությունը լռեց։ Լսվեցին բուռն ծափահարություններ։ Սմերչևը նշաններով կանգնեցրեց նրանց։
― Թանկագին կոմունյաններ և կոմունյաննուհիներ, ― հուզված սկսեց Սմերչևը։
Գենիալիսսիմուսը անձամբ է հանձնարարել ինձ ներկայացնել ձեր թանկագին, հարգելի, ուշացած հյուրին։ ― Այստեղ նորից հնչեցին բուռն ծափահարություններ։ ― Վաթսուն տարի, քաջաբար հաղթահարելով բացառիկ դժվարություններ, նա հասնում էր այստեղ անցյալից, որ իր աչքերով տեսնի մեզ և մեր իրագործումները, և անցյալ սերունդների անունից գլուխ տա մեր սիրելի Գենիսլիսսիմուսին նրա անխոնջ գործունեության համար, որը ուղղված է մեր ժողովրդի և աշխարի բարեկեցությանը։
Ճիշտն ասած, ես արդեն վատ եմ հիշում նրա բոլոր ասածները։ Հիշում եմ միայն, որ նա շատ բարձր գնահատեց իմ գրական նվաճումները, որոնցում ես, ինչպես նա ասաց, անվախ քննադատում էի իմ ժամանակի սոցիալիստական հանրության արատները, ինչի համար էլ անարդար կերպով պատժվեցի, կուլտիստների, վոլյունտարիստների , կոռռուպցիոներների և րեֆորմիստների կողմից, որոնք սողոսկել էին կուսակցության շարքերը։ Չնայած դրան իմ քաջարի և կոշտ քննադատությունը առանձին դեպքերում իր համեստ նշանակությունը ունեցավ այն շարժումում, որը վերջի վերջո բերեց Օգոստոսյան հեղափոխությանը։
Սմերչևի խոսքը բազմակի անգամ ընդհատվում էր բուռն ծափահարություններով, և հանդիսատեսը ամեն անգամ վանկարկում էր Գենիալիսսիմուսի և իմ անունները։
Ընդհանեապես, դա այնպիսի հուզիչ հանդիպում էր, որ նույնիսկ չեմ կարող նկարագրել։ Թմբուկների որոտի տակ դահլիճ ներս բերեցին գվարդիական զորամասի դրոշը, որը, ինչպես պարզվեց, իմ անունն էր կրում։
Պիոներները ինձ մատուցեցին մի մեծ ծաղկեփունջ, կապեցին վզիս կարմիր փողկապ և կարդացին բանաստեղծություններ, որոնցից ես հիշեցի այսպիսի քառատող․
Այստեղ, Մոսկորեպում, ամեն պիոներ,
Կարդալով էջերը ձեր փառավոր,
Աշխատում է Կարցևից օրինակ վերցնել,
Կարցևի նման աշխատել և սովորել։
Բոլոր ելույթ ունեցողները, ողջունելով ինձ, խոստանում էին աշխատել, սովորել, ծառայել բանակում և ապրել Կարցևի նման։ Հնարավոր է, նրանցից ոմանք իրենց գովեստներում չափը անցան, բայց խոստովանում եմ, նրանց ասածները միևնույն է շատ և շատ հաճելի էին, երբեմն նույնիսկ աչքերումս երևում էին արցունքներ։
Նրանք բոլորը հաճախ հիշատակում էին Գենիալիսսիմուսին (Գենիալիսսիմուսը ասաց, Գենիալիսսիմուսը նկատեց, Գենիալիսսիմուսը հրահանգել է), բայց միևնույն ժամանակ տարօրինակն այն էր, որ նրան էին վերագրում հայտարարություններ, արտահայտություններ և ասացվածքներ, որոնք (ես դա ստույգ գիտեի) նրա ասածները չէին։
Ելույթ ունեցողների մեջ էին նաև Ձերժին Գավրիլովիչը և հայր Զվեզդոնին։ Առաջինը իմ հասցեին ասաց ամենաջերմ հաճոյախոսոըթյուններ և կոչ արեց մոսկորեպցիներին իմ ժամանումի արթիվ ավելի շատ կոմունիստական զգոնության։
― Մենք, ― ասաց նա, ամենևին չենք կասկածում, որ Վիտալիյ Նիկիտիչը եկել է մեզ մոտ մաքուր մտադրություններով, բայց մենք պետք է հիշենք, որ նույն ճանապարհով մեզ մոտ կարող են ներթափանցել և ծպտվյալ թշնամիներ։
Հայր Զվեզդոնիի խոսքը լի էր մեջբերումներով Սուրբ գրքից, որոնց հեղինակը, եթե հավատանք նրան, Գենիալիսսիմուսն էր։
Անցյալի պարզամիտ կոմունիստները, ասաց Զվեզդոնին, չլինելով ծանոթ Գենիալիսսիմուսի հիմնարար ուսմունքին, առանց բավարար հիմքեր ունենալու ժխտում էին այնպիսի, հիմա արդեն անվիճելի երևույթները, ինչպիսիք են կուսական հղիությունը, հարությունը, համբարձումը, երկրորդ հայտնությունը։ Հիմա այդպիսի երևույթների հնարավորությունը համոզիչ կերպով ապացուցված է ժամանակակից գիտության և կրոնի նվաճումներով։ Դրա ակնհայտ օրինակը մենք տեսնում ենք մեր առջև։ Վիտալիյ Նիկիտիչը, ինչպես մենք գիտենք, վաղուց մահացել է։ Բայց նա այժմ հարություն է առել և հայտնվել մեզ մոտ։ Եվ եթե հիմա ձեր մեջ կգտնվի որևէ մեկը, Գենիալիսսիմուսի բառերով ասած, Անհվատ Ֆոման, դե ինչ, նա կարող է մոտենալ, ձեռք տալ Վիտալիյ Նիկիտիչին և համոզվել, որ նա մսից ու արյունից է։
Հետո ելույթ ունեցավ տիեզերագնացների ջոկատի ղեկավար Պրոգրեսս Անիսիմովիչ Միլովիդովը։ Նա պատմեց իմ բացակայության ժամանակ իրագործված եզակի տիեզերական փորձի մասին։ Պարզվում է, մոտ ինը ամիս առաջ տիեզերագնացներ Ռակետա և Գելիյ Սոլնցևները, նրանց հետ գտնվող բժիշկ Պիրոժկովի հսկողության տակ, իրականցրին բեղնավորում անկշռելիության պայմաններում, և հիմա օր֊օրի սպասում են նորածնին, որը բժիշկ Պիրոժկովի կարծիքով պետք է որ տղա լինի։ Նրանք հույս ունեն ծննդաբերել նրան կուսակցության 67֊րդ համագումարի սկզբին և արդեն նախօրոք ընտրել են Սյեզդիյ անունը։ Միլովիդովը կարդաց տիեզերագնացների կողմից ինձ ուղարկված հեռագիրը․ «Սիրելի նախնական գրող, շնորհավորում ենք ձեր վերադարձը։ Ավարտում ենք կարևրագույն բիո֊գենետիկ փորձը։ Փառք Գենիալիսսիմուսին։ Սոլնցեվ, Սոլնցևա, Պիրոժկով»։
Այն ամենը ինչ ես տեսա և լսեցի այդ միտինգին, սարսափելի հետաքրքիր էր, բայց մի քիչ հոգնեցուցիչ։ Սյդ պատճառով ես ուրախացա, երբ Սմերչևը ասաց, որ հավաքի հիմնական մասը ավարտված է և նրան մնում է միայն կարդալ Բարձրագույն Հնգանկյունի հրամանագիրը։
Քանի որ այդ հրամանագիրը անմիջապես ինձ էր վերաբերվում, ես հիշեցի այն բառ առ բառ։ Ահա թե ինչ էր այնտեղ ասված․
«Հաշվի առնելով այն ներդրումը նախնական(մինչկոմունիստական) գրականության ստեղծման մեջ, նրա գործողություններում բացակայող հանցավոր մտադրությունները, նրա աշխարհահայցքի հետամնցությունը և վաղեմությունը Կարցեվ Վիտալիյ Նիկիտիչին․
1. Լիկատար արդարացնել և այսուհետև համարել Լենինինյան Կոմունիստական կարմիր դրոշի շքանշանակիր Մոսկովյան րեսպուբլիկայի լիիրավ քաղաքացի։
2. Արդարացված Կարցևին շնորհել գրական ծառայության կրտսեր լեյտենանտի կոչում և ընծայել Կլասսիկ աստղային անունը։
3. Կլասսիկ Նիկիտիչ Կարցևի մոտալուտ հարյուրամյակի արթիվ հայտարարել նրա հոբելյանը համաժողովրդական տոն։
4. Պարտադրել Հոբելյանական Հնգանկյունին կազմակերպել հոբելյանի նախապատրաստումը բարձր գաղափարական֊քաղաքական մակարդակով, և բոլոր աշխատավորական կոլլեկտիոներում անցկացնել հանդիսավոր միտինգներ, ժողովներ, ընթերցողական կոնֆերանսներ Հոբելյարի հիմանկան գործերի պարտադիր ուսուցումով։
Բնական է, հրամանգիրը ստորագրել էր անձամբ Գենիալիսսիմուսը։
Երաժշտության հնչյունների տակ ինձ հանձնվեցին անձնագիրը, զինվորակն տոմսը և էլի ինչ֊որ գրքույկներ և թղթեր, որոնք ես խցկեցի իմ «դիպլոմատը»։
Այդ զարմանալի միտինգը ավարտվեց ոչ մեծ համերգով, որը վարում էր լեյտենանտի կոչում ունեցող մի օրիորդ։ Աղջիկների երամը կատարեց փոքրիկ կարապների պարը։ Հետո ելույթ ունեցան ակրոբատ Նեժդանով եղբայրները։ Մինչ նրանք իրար տանում էին ձեռքերի վրա, թռչում ու սալտո կատարում, բեմին մոտեցավ կարմրատակած այտերով և շաղված աչքերով մի գեր կին։
Երդվում եմ, ես նրան միանգամից ճանաչեցի։ Ես նրան ճանչում էի իմ անցյալ կյանքի ամբողջ ընթացքում, սկսած ծնվածս օրվանից մինչև մեկնելուս պահը էմիգրացիա։ Նա երբեք չէր փոխվում, միշտ նույն տարիքը ուներ, նույն կազմվածքը և նույն սև թավշյա շրջազգեստը։ Այժմ այդ շրջազգեստը շատ ավելի կարճ էր, քան առաջ, ծնկներից բավականին վերև, բայց ինչպես և նախկինում մեծ դեկոլտեով էր։
Հանդիպումը այդ տիկնոչ հետ ինձ այնպես հուզեց, որ ես մոռացա Նեժդանով եղբայրների մասին և նայում էի բացառապես նրան։ Հենց որ ակրոբատները վերջացրին իրենց ելույթը, սև հագած տիկինը բարձրացավ բեմ, կանգնեց մեջտեղում և դրեց իր մերկ ձեռքերը փարթամ կրծքի վրա։
― Իսկ հիմա, ― ասաց վարողը, ― Մոսկորեպի ժողովրդական դերասանուհի Զիրկա Նեչիպորենկոյի կատարմամբ կհնչի ուկրաինական ժողովրդական երգ․․․
― «Գյանձյան֊ձկնիկ է», ― բացականչեցի ես և ծափահարեցի։
Պրեզիդիումի անդամները զարմանքով ինձ նայեցին։ Ես նկատեցի, որ ինչ֊որ չափով զարմացան և հանդիսատեսները։ Շրջվեց և ինձ նայեց նաև երգչուհին։ Բայց վարողը իրեն չկորցրեց և ժպտաց ինձ։
― Ճիշտ է։ «Գյանձյան֊ ձկնիկ է», ― հայտարարեց նա։
Զիրկա Նեչիպորենկոն հանդուգն տեսք ընդունեց, ինձ աչքով արեց և, ջարդելով ձեռքերը ուրախ երգեց․
Հենց որ Գյանձյան ինձ նայում է,
Սիրտս միանգամից մարում է
Օհ, ասեք բարի մարդիկ
Ինչ կլինի հիմա ինձ հետ․․․
Լսում էի երգչուհուն և զգում ինձ միաժամանակ և հոգնած և շատ հուզված։ Վերջապես, թող որ ուշ, եկավ ինձ մոտ նա, վաստակված ճանաչումը։ Իսկապես, ի՞նչ արժեմ, ինչի՞ եմ հասել անցյալ կյանքում։ Միայն նրան, որ ինձ անվանում էին խուլիգան, խմող, մաքսանենգ, սեկսուլ ավազակ, օտար հետախուզությունների ծառա, միջազգային իմպերիալիզմի սպասավոր, սպեկուլյանտ, ֆարցովսչիկ, մակաբույց, զրպարտիչ, անշնորհակալ, ոչխարի մորթով գայլ, շուն, որը հաչում է երեսուն արծաթի համար։ Ես հիմա, նույնիսկ դժվարանում եմ հիշել բոլոր այն վիրավորական մակդիրները, որոնցով անցյալում պարգևատրել էին ինձ կուլտիստները, վոլյունտարիստները, կոռուպցիոնիստները և ռեֆորմիստները։ Հիմա ես ամբողջովին վարձատրված էի այդ ամենի համար սիրով և լայն ճանաչումով, բոլոր հանդիպած կոմմունյանների և կոմպիսյան պատվիրակության անդամների կողմից, որոնք դիմում էին ինձ իմ նոր անունով՝ Կլասսիկ (բացի Ձերժին Գավրիլովիչից, որը սկսեց անվանել ինձ «թանկագինս»): Դրա համար էլ, երբ ինձ առաջարկեցին ելույթ ունենալ պատասխան խոսքով, սարսափելի հուզվեցի։
Ես բարձրացա տրիբունայի վրա, լռեցի, նայեցի այդ գեղեցիկ, խելացի և ոգեշնչված դեմքերին։
― Բարև, երիտասարդ, անծանոթ ցեղակիցներ․․․ ― սկսեցի ես և հանկարծ, չդիմացա և լաց եղա։
Երևի պատճառը հոգնածությունս էր, հուզմունքը և խմածիս հետևանքը։ Այդ ամենից հետո ինձ համակեց իսկական հիստերիկա։ Ես փորձեցի վերցնել ինձ ձեռքերիս մեջ, լարվեցի, և հանկար ինձ հետ ինչ֊որ բան կատարվեց։ Մարմինս կորցրեց քաշը, ես վեր բարձրացա առաստաղի տակ և դանդաղ լողացի մարդկանց գլխների վրայով։