Երևի պատճառը հոգնածությունս էր, հուզմունքը և խմածիս հետևանքը։ Այդ ամենից հետո ինձ համակեց իսկական հիստերիկա։ Ես փորձեցի վերցնել ինձ ձեռքերիս մեջ, լարվեցի, և հանկար ինձ հետ ինչ֊որ բան կատարվեց։ Մարմինս կորցրեց քաշը, ես վեր բարձրացա առաստաղի տակ և դանդաղ լողացի մարդկանց գլխների վրայով։
==Կաբեսոտ==
Ես ուշքի եկա կտրուկ հոտից։ Ինչ֊որ մեկը սառը ջուր էր լցնում բերանս, մեկ ուրիշը քթիս տակ էր խցկում ամոնիակով թրջված բամբակի կտորը։
Բացելով աչքերս, ես տեսա իմ վրա խոնարհված Ձերժին Գավրիլովիչի դեմքը։ Տեսնելով, որ ես ուշքի եկա, նա ավելի կռացավ և շշնջաց․
― Միայն մեկ հարց․ որտե՞ղ է սեյֆի բանալին։
Նայելով այս ու այն կողմ տեսա, որ մենք գտնվում ենք ինչ֊որ փոքրիկ սենյակում, որը իրենից ներկայացնում էր բուժ․ կետի նման մի բան։ Այնտեղ էին նաև բոլոր կոմպիսները։
― Ներեցեք, ― ասացի ես շատ թույլ ձայնով։ ― Կարծես ես չափից ավելի հուզվեցի։
― Ոչինչ, ոչինչ, ― ասաց Սմերչևը։ ― Այդպես պատահում է։ Հիմա մենք ձեզ կտանենք հյուրանոց, մեր ամենալավ հյուրանոցը, այնտեղ դուք կհանգստանաք և ուշքի կգաք։
Կարծես նրանք շտապում էին։ Ես անհարմար էի զգում նրանց ուշացնելու համար, բայց այդ բոլոր հուզումների պատճառով (նաև ժամանակն էր եկել) ի հայտ եկավ կարիք, ավելի ճիշտ երկուսը, և ես, մի քիչ ամաչելով հարցրեցի, թե որտեղ է այստեղ զուգարանը։
― Զուգարա՞ն, ― Սմերչևը կնճռոտեց ճակատը և հարցական նայեց Իսկրինա Ռոմանովնային։
― Կլասսիկ Նիկիտիչը նկատի ունի ԿԱԲԵՍՈՏԸ, ― ժպտաց Իսկրինա Ռոմանովնան։
― Ա՜հ, կաբեսոտը, ― հոգոց հանեց Սմերչևը։ ― Դե հա, իսկապես կաբեսոտը։ ― Այդ ո՞նց ես միանգամից գլխի չընկա։ Դա հասկանալի է, դա բնական է։ Ինչպես ասում է Գենիալիսսիմուսը, ոչ մի մարդկային բան մեզ օտար չէ, ― ասաց նա և ծիծաղեց։
Իսկրինա Ռոմանովնան եկավ ինձ ճանապարհելու, և ես գնացի, վերցնելով հետս «դիպլոմատը», որովհետև սոցիալիստական սովորությամբ վախենում էի, որ այն կգողանան։ Ճանապարհին Իսկրինա Ռոմանովնան բացատրեց ինձ, որ ԿԱԲԵՍՈՏ՝ նշանակում է Բնական Ուղղորդումների Կաբինետ։ Բերելով ինձ կաբեսոտի դռների մոտ (այնտեղ կար համապատասխան գրություն), Իսկրինա Ռոմանովնան հոգատարությամբ հարցրեց, ինչի համար է պետք ինձ այս հաստատությունը, մե՞ծ, թե փոքր կարիքի։ Ես կարմրեցի և հարցրեցի, ի՞նչի հետ է կապված նրա հետաքրքրութունը այդպիսի ինտիմ մանրամասներին։ Նա պատասխանեց, որ հարցնում է ոչ թե հետաքրքրասիրությունից, այլ որովհետև ուզում է օգնել ինձ ձևակերպել իմ կարիքը։ Թե ինչ էր դա նշանակում, ես հետո հասկացա։
Ներս մտնելով ինձ հետ կաբեսոտ, Իսկրինա Ռոմանովնան դիմեց ինտելլիգենտ տեսք ունեցող և նույնիսկ սպիտակ խալաթ հագած, ակնոցները ականջներին կոշկակապերով ամրացրած կնոջը։ Տիկինը ինձ տվեց մոխրագույն թղթից ինչ֊որ բլանկ, որտեղ ես պետք է նշեի ազգանունս, աստղային անունս, ծննդյան տեղը և տարեթիվը, կաբեսոտ այցելելու նպատակը (այդ սյունակում Ւսկրինա Ռոմանովնայի ցուցմունքով ես գրեցի․ «երկրորդական ապրանքի հանձնում»): Հետո ես ստորագրեցի, դրեցի ամսաթիվը, որից հետո Ւսկրինա Ռոմանովնան դուրս եկավ, իսկ ինձ թույլ տրվեց գործի անցնել, ինչի համար ուղիղ այդ տիկնոջ աչքերի առաջ էին գտնվում մի երկար շարք անցքեր։
Այդ կինը ինձ շփոթեցնում էր, որովհետև ես պատրաստվում էի անել ոչ միայն այն, ինչը նշեցի անկետայում։ Եթե ընթերցողը չի մոռացել (ես չեի մոռացել), իմ գրպանում պետք է լիներ հրաժեշտի ժամանակ ուղեկցորդուհու տված «Սմիռնոֆֆի» փոքրիկ շիշը, որը օգտագործելու իսկական ժամանակն էր։ Բայց երբ ես գնացի ամենահեռու փոսի մոտ և, շրջվելով հերթապահին մեջքով, ձեռքս գցեցի գրպանս, այնտեղ ոչ մի շիշ չգտա։ Ես նույնիսկ շուռ տվեցի գրպաններս և նայեցի արդո՞ք այնտեղ ծակ չկա։ Բայց ոչ մի ծակ այնտեղ չկար։
Ինձ մնում էր միայն դառնությամբ ժպտալ։ Կոմունիզմ նրանք կառուցել են, իսկ գրպաններ միևնույն է մտնում են։ Ինչ որ սրիկա օգտվել է այն հանգամանքից, որ ես ուշագնաց էի եղել։ Իզուր չէ, որ ես անհանգստանում էի իմ «դիպլոմատի» համար։
Տրամադրությունս այնքան ընկավ, որ դադարեցի անհարմար զգալ և, դնելով իմ պայուսկը առաջս, անցա գործի հերթապահի հսկողության տակ։
Ուղիղ իմ առջև վաղուց չներկված բազմապիսի նկարներով պատն էր։ Այնտեղ նաև քիմիական մատիտով գրված կոչ կար․ «Պրոլետարներ բոլոր երկրների, սրբվե՛ք»
Պետք է ասել, որ անձամբ ինձ այդ արձանագրությունը տհաճություն պատճառեց։ Ես ոչ մի կերպ չէի կարող մտածել, որ մարդիկ, հասնելով կոմունիզմի, ընդունակ են այդպիսի կատակների։ Բայց գրվածը գունաթափված էր, և ես մտածեցի, որ միգուցե, նա գրվել է ոչ թե հիմա, այլ դեռ իմ ժամանակ։ Եվ ես նույնիսկ մի քիչ անհարմար զգացի անցած սերնդի համար, որը չէր կարող որևիցե ավելի սուր կատակ մտածել։ Այդ գրառումի տակ, ես տեսա երեք տառից բաղկացած ևս մի բառ։ Նա անընթեռնելի էր, միգուցե ինչ֊որ մեկը փորձել էր այն սվաղել, բայց ոչ այնքան հաջող, որովհետև ծեփի տակից միևնույն է երևում էր։ Դա «ՍԻՄ» բառն էր։ Կարդալով այն, ես նույնիսկ ծիծաղեցի, ինչով առաջացրի հերթապահի զարմացած հայացքը։
― Ես ծիծաղում եմ, ― ասացի ես նրան, ― որովհետև այստեղ գրված է «ՍԻՄ», իսկ ես այդպիսի անունով ծանոթ ունեմ։
Ինձ թվաց, որ իմ խոսքերը զարմանք և նույնիսկ վախ առաջացրին նրա մոտ։ Նա շատ տարօրինակ նայեց ինձ, հետո դռանը և մատը դրեց շրթունքներին։
Ես ոչինչ չհասկացա, բայց մտածեցի, որ ըստ երևույթին, այս ստեղծագործության հեղինակը իրավացի է և պետք է կատարել նրա ուղերձը։
« Իսկ կա՞ արդյոք այստեղ թուղթ, ― մտածեցի ես տագնապով»։ Զարգացած սոցիալիզմի ժամանակ, ինչքան ես հիշում էի, հանրային զուգարաններում երբեք զուգարանի թուղթ չէր լինում և պայծառ ապագա կառուցողները ստիպված էին լինում հաղթահարել որոշ դժվարություններ։ Ես կասկածանքով շուրջս նայեցի և համոզվեցի, որ իմ բացակայության ժամանակ, այստեղ տեղի են ունեցել զգալի դրական տեղաշարժեր։ Թուղթ կար։ Այն էլ ոչ թե ինչ֊որ կտորտանքներ, այլ մի ամբողջ ռուլոն, որը փաթաթված էր հատակին հատուկ ամրացված ձողին։ Ահա թե ինչ է նշանակում կոմունիզմ։ Ճիշտ է, թուղթը թերթի էր։ Լավ է, մտածեցի ես, եթե այս թուղթը ինչ֊որ մեկը կտրատել է և սոսնձել, ուրեմն մարդու նկատմամբ հոգատարությունը այս հասարակությունում բարձր մակարդակի վրա է։ Ես բռնեցի թղթի ծայրից և քաշեցի դեպի ինձ։
Եվ տեսա այն, ինչին, ճիշտն ասած, այնքան էլ պատրաստ չէի։ Ոչ, այդ ռուլոնը թերթից չէր։ Այդ թերթն էր տպված ռուլոնի նման։
Չեմ կարող արտահայտել, թե ինչքան էի ցնցված։ Ուղևորվելով հեռավոր ճամբորդության, ես, բնականաբար, պատրաստ էի ամենա տարբեր անակնկալների։ Ես սպասում էի տեսնել անհավանական գիտական նվաճումներ, իմանալ տիեզերագնացերի թռիչքի մասին դեպի Մարս կամ Յուպիտեր, ենթադրում էի, որ Մոսկվայի տեսքը բավականին փոխված կլինի։ Դեպի երկինք կխոյանան հիասքանչ լուսավոր շենքեր, նրանց միջև կթռչեն հրաշալի ապարատներ, եվ ուրիշ շատ գիտական հրաշքներ ինձ համար դժվար չէր պատկերացնել։ Բայց ես երբեք չէի մտածում, որ ապագայի մարդիկ կգտնեն այդպիսի հանճարեղ և պարզ լուծում զուգարանի թղթի հետ կապված դժվարությունները լուծելու համար։
Իհարկե, ես սկսեցի անշտապ քանդել թերթը, որպեսզի հնարավորին չափ շատ իմանամ այն հասարակության մասին, որում հայտնվել եմ։ Ինչպես և նախկինում թերթը կոչվում էր «Պրավդա»։ Մոտ կես մետր զբաղեցնում էին շքանշանների պատկերները, որոնցով թերթը պարգևատրվել էր աշխատավորների վերադաստիարակության երկար տարիների անխոնջ գործունեության համար։ Թերթի անվան տակ գրված էր, որ նա Կոմմունիստական կուսակցության և պետական անվտանգության օրգանն է։ Ահա թե ինչ էր նշանակում լոզունգներից մեկի վրա տեսածս ԿՊԳԲ հապավումը։
Մոտավորապես մետրուկես թուղթ նվիրված էին Գենիալիսսիմուսին։ Սկզբում նրան համազգեսոտվ մինչև գոտկատեղը պատկերող մեծ նկարն էր, որի վրայի շքանշանները զբաղեցնում էին նրա ողջ կուրծքը կզակից մինչև փորը։ Դիմանկարի տակ տեղադրված էր կարճ բժշկական տեղեկագիր նրա առողջության մասին։ Ես սկզբից տագնապ ապրեցի, կարծելով, որ Գենիալիսսիմուսի հետ ինչ֊որ բան է պատահել, բայց հետո տեսա, որ տեղեկագիրը պարունակում էր դրական տեղեկություններ, որոնք երևի թե տպագրվում են ամեն օր։ Այնտեղ ասված էր, որ գիշերային պտղաբեր աշխատանքից հետո Գենիալիսսիմուսը իրեն լավ է զգում։ Սիրտը, ստամոքսը, երիկամները, լյարդը, թոքերը և մյուս օրգանները գերազանց են գործում։ Կատարելով հանձնարարված ֆիզիկական վարժությունները և համեստ բուսական սննունդ ընդունելով, Գենիալիսսիմուսը նորից անցել է իր ամենօրյա տիտանիկ աշխատանքին, ի բարորություն ամբողջ մարդկության։ Հետո տպված էին նրա հրամանգրերը։ Կլյազմա գետի վերանվանման մասին Կարլ Մարկսի անվան գետ։ Ուղղիչ աշխատանքային կազմակերպություններին շքանշաններով և մեդալներոով պարգևատրելու մասին։ Այնտեղ մոտավորապես այսպես էր գրված․ «Աշխատավորների վերադաստիրակման և նրանց գիտակցության մեջ կոմունիստական իդեալների ներդրումի համար պարգևատրել․․․» Եվ հետո, ընդհանուր, խիստ, հատուկ ճամբարների, հսկող հաստատությունների և բանտերի երկար ցուցակ, որոնց մեջ էին Լեֆորտովոյի Կարմիր դրոշի Ակադեմիական և Ֆ․ Է․Ձերժինսկու անվան Ակադեմիական բանտերը։ Տպված էին նաև տարբեր հեռագրեր, որոնք Հենիալիսսիմուսը մեծ քանակությամբ ուղարկում էր ինչ֊որ համագումարների, կոնֆերանսների և խորհրդակցությունների հասցեներով։ Ես առանձնապես ժամանակ չունեի, բայց մի այդպիսի հեռագիր կարդացի։ Նա ուղղված էր ինչ֊որ վաստակավոր դոնորների, որոնք, ինչպես ասված էր, իրենց ազնիվ և անձնուրաց գործունեությամբ, օգնում են կատարել համատարած խնայողության և թափոնների օգտահործման կուսակցական որոշումը։ Հետաքրքիր էր ամբողջ թերթը։ Հոդվածներ խնայողության օգուտների մասին, ֆելիետոն երիտասարդների մասին, որոնք կրում են երկար շալվարներ և շրջազգեստներ ու տարված են բուրժուական պարերով։ Ծաղրանկարներ, առակներ, ֆենոլոգի գրառումներ։ Այդ ամբողջը կարդալու համար ես ժամանակ չունեի, դրա համար աշխատում էի ընտրել գլախավորը։ Օրինակ « Ինչու ենք մենք սիրում Գենիալիսսիմուսին» հոդվածից ես իմացա, որ նա համաժողովրդական առաջնորդ է և զբաղեցնում է միանգամից հինգ բարձրագույն պաշտոն։ Նա և՛ ՑԿ ԿՊԳԲ֊ի Գլխավոր քարտուղարն է, և՛ Գերագույն Հնգանկյունի և պետական անվտանգության կոմիտեի նախագահը, և՛ ամբողջ Ռուսաստանի պատրիարքը։ Թերթից ես իմացա, որ գտնվելով թշնամիների երեք օղակով շրջապատված, պետությունը ունի որոշ դժվարություններ, իսկ սահմանափակ քանակությամբ սովետական զորքերը տեղակայված են Աֆղանա֊Պակիստանյան Ժողովրդա֊Դեմոկրատական հանրապետության տարածքում։ Իմացա և այն մասին, որ երկիրը հաջողությամբ բուժում է այն վերքերը, որոնք ստացել է ոչ վաղուց ավարտված Բուրյատ֊Մոնղոլական պատերազմի ընթացքում։
Ավելին ես չհասցրեցի կարդալ, որովհետև կաբեսոտ խուժեց Իսկրինա Ռոմանովնան։
Կլասսիկ Նիկիտիչ, դուք դեռ նստա՞ծ եք։ Այնտեղ ձեզ մարդիկ են սպասում, իսկ դուք այստեղ թերթեր եք կարդում։ Ես սարսափելի շփոթվեցի։
― Իսկրինա Ռոմանովնա, ― ասացի ես, ինչո՞ւ եք այստեղ մտնում առանց թույլտվության։ Ինձ համար անհարմար է ձեզ հետ խոսել գտնվելով այս դրությունում։
― Ի՞նչ է նշանակում անհարմար է, ― ասաց նա։ Մեզ մոտ չկան այդպիսի հասկացություններ, ինչպիսիք են հարմարը և անհարմարը։ Իսկ այն, որ մարդիկ ձեզ սպասում են իսկապես անհարմար է։
Ես միևնույն է խնդրեցի նրան անհապաղ դուրս գալ և շտապեցի։ Ափսոսում էի, որ պետք է բաժանվել թերթից, ես հաճույքով կտանեի այն ինձ հետ, բայց այդ անտանելի տիկինը աչքերը չէր հեռացնում ինձանից, և բացի այդ, ճիշտն ասած, այն դնելու տեղ էլ չունեի։ Այդպիսի փաթեթը ծոցում չես պահի, իսկ իմ «դիպլոմատը» առանց այն էլ բերնեբերան լիքն էր։
Օգտագործելով Գենիալիսսիմուսի դիմանկարը և բժշկական տեղեկագրի մի մասը, ես վերցրի պայուսակս և շտապեցի դուրս։