Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 8 բայտ, 12:08, 26 Հունվարի 2014
/* Կաբեսոտ */
Իհարկե, ես սկսեցի անշտապ քանդել թերթը, որպեսզի հնարավորին չափ շատ իմանամ այն հասարակության մասին, որում հայտնվել եմ։ Ինչպես և նախկինում թերթը կոչվում էր «Պրավդա»։ Մոտ կես մետր զբաղեցնում էին շքանշանների պատկերները, որոնցով թերթը պարգևատրվել էր աշխատավորների վերադաստիարակության, երկար տարիների անխոնջ գործունեության համար։ Թերթի անվան տակ գրված էր, որ նա Կոմմունիստական կուսակցության և պետական անվտանգության օրգանն է։ Ահա թե ինչ էր նշանակում լոզունգներից մեկի վրա տեսածս ԿՊԳԲ հապավումը։
Մոտավորապես մետրուկես թուղթ նվիրված էին Գենիալիսսիմուսին։ Սկզբում նրան համազգեսոտվ մինչև գոտկատեղը պատկերող մեծ նկարն էր, որի վրայի շքանշանները զբաղեցնում էին նրա ողջ կուրծքը կզակից մինչև փորը։ Դիմանկարի տակ տեղադրված էր կարճ բժշկական տեղեկագիր նրա առողջության մասին։ Ես սկզբից տագնապ ապրեցի, կարծելով, որ Գենիալիսսիմուսի հետ ինչ֊որ բան է պատահել, բայց հետո տեսա, որ տեղեկագիրը պարունակում էր դրական տեղեկություններ, որոնք երևի թե տպագրվում են ամեն օր։ Այնտեղ ասված էր, որ գիշերային պտղաբեր աշխատանքից հետո Գենիալիսսիմուսը իրեն լավ է զգում։ Սիրտը, ստամոքսը, երիկամները, լյարդը, թոքերը և մյուս օրգանները գերազանց են գործում։ Կատարելով հանձնարարված ֆիզիկական վարժությունները և համեստ բուսական սննունդ ընդունելով, Գենիալիսսիմուսը նորից անցել է իր ամենօրյա տիտանիկ աշխատանքին, ի բարորություն ամբողջ մարդկության։ Հետո տպված էին նրա հրամանգրերը։ Կլյազմա գետի վերանվանման մասին Կարլ Մարկսի անվան գետ։ Ուղղիչ աշխատանքային կազմակերպություններին շքանշաններով և մեդալներոով պարգևատրելու մասին։ Այնտեղ մոտավորապես այսպես էր գրված․ «Աշխատավորների վերադաստիրակման և նրանց գիտակցության մեջ կոմունիստական իդեալների ներդրումի համար պարգևատրել․․․» Եվ հետո, ընդհանուր, խիստ, հատուկ ճամբարների, հսկող հաստատությունների և բանտերի երկար ցուցակ, որոնց մեջ էին Լեֆորտովոյի Կարմիր դրոշի Ակադեմիական և Ֆ․ Է․Ձերժինսկու անվան Ակադեմիական բանտերը։ Տպված էին նաև տարբեր հեռագրեր, որոնք Գենիալիսսիմուսը մեծ քանակությամբ ուղարկում էր ինչ֊որ համագումարների, կոնֆերանսների և խորհրդակցությունների հասցեներով։ Ես առանձնապես ժամանակ չունեի, բայց մի այդպիսի հեռագիր կարդացի։ Նա ուղղված էր ինչ֊որ վաստակավոր դոնորների, որոնք, ինչպես ասված էր, իրենց ազնիվ և անձնուրաց գործունեությամբ, օգնում են կատարել համատարած խնայողության և թափոնների օգտահործման կուսակցական որոշումը։ Հետաքրքիր էր ամբողջ թերթը։ Հոդվածներ խնայողության օգուտների մասին, ֆելիետոն երկար շալվարներ և շրջազգեստներ կրող և բուրժուական պարերով տարվող երիտասարդների մասին։ Ծաղրանկարներ, առակներ, ֆենոլոգի գրառումներ։ Այդ ամբողջը կարդալու համար ես ժամանակ չունեի, դրա համար աշխատում էի ընտրել գլախավորը։ Օրինակ « Ինչու ենք մենք սիրում Գենիալիսսիմուսին» հոդվածից ես իմացա, որ նա համաժողովրդական առաջնորդ է և զբաղեցնում է միանգամից հինգ բարձրագույն պաշտոն։ Նա և՛ ՑԿ ԿՊԳԲ֊ի Գլխավոր քարտուղարն է, և՛ Գերագույն Հնգանկյունի և պետական անվտանգության կոմիտեի կոմիտեներիի նախագահը, և՛ ամբողջ Ռուսաստանի պատրիարքը։ Թերթից ես իմացա, որ գտնվելով թշնամիների երեք օղակով շրջապատված, պետությունը ունի որոշ դժվարություններ, իսկ սահմանափակ քանակությամբ սովետական զորքերը տեղակայված են Աֆղանա֊Պակիստանյան Ժողովրդա֊Դեմոկրատական հանրապետության տարածքում։ Իմացա և այն մասին, որ երկիրը հաջողությամբ բուժում է այն վերքերը, որոնք ստացել է ոչ վաղուց ավարտված Բուրյատ֊Մոնղոլական պատերազմի ընթացքում։
Ավելին ես չհասցրեցի կարդալ, որովհետև կաբեսոտ խուժեց Իսկրինա Ռոմանովնան։
Ադմին, Վստահելի
1876
edits