Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 18 007 բայտ, 12:21, 26 Հունվարի 2014
/* Կաբեսոտ */
Օգտագործելով Գենիալիսսիմուսի դիմանկարը և բժշկական տեղեկագրի մի մասը, ես վերցրի պայուսակս և շտապեցի դուրս։
 
 
==Թշնամական օղակներում==
 
 
Հանդիսատեսից մաքրված տարացքում, ինձ իսկապես սպասում էին և նյարդայնանում Սմերչևը և նրա տեղակալները։
 
― Ամեն ինչ լա՞վ է, ― հարցրեց Սմերչևը և, առանց լսելու պատասխանը ասաց, որ ժամանակն է քաղաք գնալ, որովհետև առանց այն էլ չափազանց երկար մնացինք այստեղ։
 
Ես հետաքրքրվեցի իմ ուղեբեռով, և ինձ ասվեց, որ ճամպրուկս կստանամ ուրիշ տեղ։
 
Մենք դուրս եկանք փողոց։
 
Զենիթում կախված արևը անխնա վառում էր։ Ճաքճքված մայթի մոտ շարքով կանգնած էին երկու զրահամեքենա (մեկը առջևից, մյուսը ետևից) և չորս բարձր և հին բեռնատարներ, որոնք պատրաստվում էին մեկնել ։ Նրանցից ամեն մեկի վրա գրված էր՝ «ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ»։ Մեքենաների մեջ կանգնած էին երևի թե այն նույն մարդիկ, որոնք հենց նոր սրտանց դիմավորում էին ինձ օդանավակայանի ներսում։ Նրանք այնքան խիտ էին լցված, որ ընկալվում էին որպես ամեն ինչին անտարբեր, ոչինչ չարտահայտող դեմքերով մի բազմագլուխ օրգանիզմ։ Ես նրանց ձեռքով արեցի, բայց ոչ ոք չպատասխանեց, երևի այն պատճառով, որ հնարավոր չէր դուրս հանել ձեռքերը։
 
Առաջին զրահամեքենան ազդանշան տվեց, և ամբողջ շարքը, թողնելով ծխի և գոլորշու ամպեր, դանդաղ շարժվեց տեղից։ Ետևի բեռնատարում ես տեսա մեքենայի կողին կրծքով սեղմված խեղճ Գյանձյա֊ձկնիկին։ Նրա տանջված դեմքը պատած էր քրտնքի խոշոր կաթիլներով և արտահայտում էր հնազանդություն և հանդուրժողականություն։ Մեր հայացքները հանդիպեցին և ես նրան առանձին ձեռքով արեցի։ Նա պատասխանեց ինձ տխուր ժպիտով և շուռ եկավ, պարզ էր, որ հիմա ինձ հետ գլուխ դնելու տրամադրություն չուներ։
 
Շարքը հեռացավ, ծուխը ցրվեց, և հրապարակի վրա մնացին մասսամբ շոգեքարշային, մասամբ էլ գազոգեներատորային մի քանի զրահամեքենա և տաս֊տասնհինգ մարդատար մեքենաներ։
 
Սմերչևը ինձ բացատրեց, որ շոգեքարշային և գազոգեներատորային վառելիքի անցան նրանից հետո, երբ կուլտիստների, վոլյունտարիստների, կոռուպցիոնիստների և ռեֆորմիստների գիշատից գործողությունների արդյունքում, Բաքվի և Տյումենի նավթը վերջնականապես սպառվեց։ Հիմա բենզինային շարժիչներ օգտագործվում են միայն զինվորական տեխնիկայում և հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներում։
 
Մենք մոտեցանք այն զրահամեքենային, որի բաց դռների մոտ կանգնած էր կարճ ու գույնը գծաց կոմբինեզոնով մի երիտասարդ՝ տանկիստի սաղավարտով։
 
Նա այդ անշնորհք մեքենայի վարորդն էր և նրա անունն էր, ինչքան էլ որ դա տարօրինակ լինի, պարզապես Վասյա։
 
Ներսում կիսամութ էր և շոգ, ինչպես շոգեբաղնիքում։ Տեղավորվելով Վասյաի կողքին, ես միանգամից թրջվեցի և վախեցա, որ այս վերջին ուղևորությանը ես չեմ դիմանա։
 
Սմերչևը և նրա ուղեկիցները նստցին ետևում, մեքենայի երկայնքով դրված փայտե նստարանների վրա։
 
Վասյան փակեց զրահապատ դուռը, երկար ազդանշան տվեց, տեղերով փոխեց ինչ֊որ լծակներ, և մենք ճանապարհ ընկանք։
 
Ինչ֊որ բարդ շրջադարձեր կատարելով ճանապարհի այն մասում, որը կոչվում է հանգույց, Վասյան վերջապես դուրս բերեց իր մարտական մեքենան լայն մայրուղու վրա, որը անցյալ կյանքում ինձ հայտնի էր որպես Լենինգրադյան։ Այն ժամանակվանից ճանապարհը նկատելիորեն քանդվել էր։ Ասֆալտը տեղ֊տեղ ճաքած էր, տեղ֊տեղ փոսեր էին առաջացել, տեղ֊տեղ էլ ընդհանրապես չկար։ Մեր Վասյան վարպետորեն շրջանցում էր այդ բոլոր անհավասարությունները, իսկ երբեմն էլ կամ չէր հասցնում, կամ չէր կարողանում տիրապետել մեքենայի կառավարմանը, և մենք ընկնում էինք և հետո նորից դուրս լողում փոսերից։
 
Երկու կողմից մայրուղին շրջապատված էր երկուսուկես մետրանոց երկաթբետոնե ցանկապատով, և վերեվից քաշված երեք շարք փշալարով։
 
Ընդհանուր առմամբ ճանապարհը դատարկ էր և հանգիստ։ Բայց ժամանակ առ ժամանակ պարսպի հակառակ կողմից դեպի ճանապարհ էին թռչում բավականին մեծ քարեր կամ աղյուսներ։ Մի աղյուս ընկավ մեր զրահամեքենայի տանիքին և ջարդվեց այնպիսի դղրդյունով, կարծես թնդանոթային ական լիներ։
 
― Սեմիտներն են զվարճանում, ― ասաց Վասյան անտարբեր։
 
― Սեմիտնե՞րը, ― հարցրեցի ես։ ― Այսինքն՝ հրեանե՞րը։
 
― Ո՞վ, ― զարմացավ Վասյան։
 
― Անցյալում այդպիսի ժողովուրդ կար, ― թեքվելով աթոռի մեջքից բացատրեց Վասյաին հայր Զվեզդոնին։ ― Շատ վատ մարդիկ էին։ Նրանք Հիսուս Քրիստոսին խաչեցին։ Բայց մեզ մոտ, փառք Գենիալիսսիմուսին, նրանք չկան։ Իսկ առաջին օղակում դեռ հանդիպում են։
 
Ես հարցրեցի, թե ինչ բան է այդ Առաջին Օղակը։ Այստեղ խոսակցությանը միացավ Սմերչևը և ասաց, որ Մեծ Մոսկվայի սահմաններում կառուցված կոմունիզմը, բնականաբար, առաջացնում է ոչ միայն հիացում, այլև դրսում բնակվող մարդկանց տարբեր խմբերի նախանձը։ Հասկանալի է, որ կոմունյանների և Մոսկորեպի սահմաններից այն կողմ ապրող մարդկանց հարաբերություններում գոյություն ունի որոշ լարվածություն և նույնիսկ թշնամություն, որը, ինչպես ճշմարտացի նկատել է Գենիալիսսիմուսը, ունի օղակաձև կառուցվածք։ Թշնամության Առաջին Օղակը կազմում են սովետական ռեսպուբլիկաները, որոնց կոմունյանները անվանում են որդիական, Երկրորդը՝ եղբայրական սոցիալիստական երկրները, իսկ Երրորդը, թշնամական կապիտալիստական երկրները։
 
― Սովորաբար, ― բացատրեց ինձ Սմերչևը, ― այդ օղակները մենք կրճատ անվանում ենք՝ Որդիական Թշնամության Օղակ, Եղբայրական Թշմամության Օղակ, և, բնականաբար, Թշնամիների Թշնամական Օղակ։ Բայց ավելի հաճախ մենք ուղղակի ասում ենք․ Առաջին, Երկրորդ և Երրորդ Օղակ։
 
― Իսկ այդ սեմիտները, ― հարցրեցի ես, ― եթե նրանք հրեաներ չեն, ապա ովքե՞ր են։
 
― Դե, առաջինը, ― ժպտաց Սմերչևը, ― ոչ թե սե֊, այլ սիմիտներ, իսկ երկրորդը՝ այդ մարդկանց մասին, նույնիսկ խոսել չարժե։
 
― Դե, ոմանց արժե, ոմանց էլ ոչ, ― կասկածանքով նկատեց Ձերժինը, բայց չզարգացրեց իր միտքը։
 
Մեր մեքենան դանդաղ էր շարժվում։ Ճանապարհն էր խցանված, թե էլի ինչ֊որ բան, բայց մենք բավականին հաճախ կանգ էինք առնում, և հետո դղրդոցով շարժվում առաջ։ Իմ առաջ գտնվող դիտորդի համար նախատեսված ճեղքը, լայն համայնապատկեր տեսնելու հնարավորություն չէր տալիս, իսկ Առաջին Օղակից մեր ճանապարհը պաշտպանող պատի վրա ես տեսնում էի Գենիալիսսիմուսի անհամար թվով դիմանկարները, հաճախ ոչ ամբողջովին, այլ միայն նրանց առանձին մասերը։ Մեկ մորուքը, մեկ երկարաճիտ կոշիկները, մեկ լամպասները։
 
Ես տեսնում էի մեծ թվով տարբեր լոզունգներ, կոչեր և բարի ցանկություններ, որոնցից շատերը ինձ վաղուց ծանոթ էին, բայց կային և նորերը։ Ասենք, այսպիսին․
 
ՄԵՐ ՀՆԳԱՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ․
 
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԿՐՈՆ, ԶԳՈՆՈԻԹՅՈՒՆ, ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ։
 
Ես հարցրի Սմերչևին, թե երբվանի՞ց է կրոնը համարվում համատեղելի կոմունիստական գաղափարախոսության հետ։ Խոսակցությանը խառնվեց հայր Զվեզդոնին և ասաց, որ կրոնի ներգրավումը կոմունիզմի կառուցմանը դա այն խնդիրներից մեկն էր, որ Գենիալիսսիմուսը դրել էր Օգոստոսյան հեղափոխության ժամանակ։ Անցյալում վուլգարիզատորները հաշվի չէին առնում եկեղեցու դաստիարակչական հնարավորությունները, իսկ հավատացյալներին անընդհատ ճնշում էին։ Հիմա եկեղեցին համարվում է կուսակցության կրտսեր քույրը, նրան տրված են մեծ իրավունքներ և հնարավորություններ, բայց միայն մի պայմանով․ եկեղեցին պետք է քարոզի ոչ թե Աստծո հավատը, որը, ինչպես հայտնի է գոյությում չունի, այլ կոմունիստական գաղափարները և անձամբ Գենիալիսսիմուսին։
 
Ես նաև հարցրեցի, ի՞նչի համար են նրանց պետք անվտանգության օրգանները (կամ ԲԵԶՈ֊ն, ինչպես իրենք են անվանում), եթե պարտիան, հաշվի առնելով նրա այժեմյան անունը, ինքն է զբաղվում պետական անվտանգությամբ։
 
― Չկա՞ արդյոք այստեղ ինչ֊որ հակասություն, ― հարցրեցի ես։
 
― Ոչ մի հակասություն էլ չկա, ― վճռական ասաց Սմերչևը։ ― Կուսակցությունը մեր հասարակության ղեկավար և ուղղորդիչ ուժն է, իսկ ԲԵԶՈ֊ն՝ դա ծառայություն է․ Հասկանալի՞ է։
 
Հիմա, հիշելով առաջին օրը Մոսկորեպում, ես մտածում եմ, որ չնայած ինձ վրա մինգամից թափվեցին բազմաթիվ հակասական և անսպասելի տեղեկություններ, ես բավականին արագ սկսեցի հասկանալ որոշ բաներ։ Օրինակ, ինքս, առանց կողմնակի օգնության, գլխի ընկա, որ «կոմսոր» բառը նշանակում է «կոմունիստական զինակից», «կոմպիս» ― «կոմունիստական գրող», «սլագեն» ողջույնը՝ նշամակում է «կեցցե Գենիալիսսիմուսը», իսկ թե ինչու են նրանք «Օ Աստվա՜ծ֊ի» փոխարեն ասում «Օ Գե՜նա», իմ կարծիքով բացատրության կարիք չունի։ Բայց ինձ հետաքրքրում էր մի շատ էական հարց․ ի՞նչպես է իրագործվում Մոսկորեպում կոմունիզմի հիմնական դրույթը ― ամեն մեկից իր կարողություններով, ամեն մեկին ըստ պահանջի։ Ես հարցրեցի դրա մասին Սմերչևին, և նա ասաց, որ, այդ դրույթը, իհարկե, ամենաանմիջական ձևով պահպանվում է։
 
― Ուրեմն, ― հարցրեցի ես, ― ամեն մարդ կարող է մտնել ցանկացած խանութ և բացարձակապես անվճար վերցնել այնտեղ ինչ ուզո՞ւմ է։
 
― Այո, ― ասաց Սմերչևը, ― ամեն մարդ կարող է մտնել իր ուզած տեղը, և բացարձակապես ոչինչ չվճարելով դուրս գալ այնտեղից։ Բայց մենք խանութներ չունենք։ Մեզ մոտ գործում են պրեկոմպիտներ, այլ կերպ ասած, կոմունիստական սնունդի ձեռնարկություններ, որոնք մոտավորապես առաջվա ճաշարաններն են։ Նրանք գտնվում են մեոբսկոպերում, այսինքն՝ մարդաշատ հասարական վայրերում։ Բացի այդ, մենք ունենք պուկոմրասովների լայն ցանց, այսինքն՝ կոմունիստական բաշխման կետեր կոմունյանների աշխատատեղերում։ Այնտեղ ամեն կոմունյանին ստանում այն ամենը, ինչի կարիք ունի, այն սահմաններում, որնոք ամբողջապես բավարարում են նրան։
 
― Հասկանալի է, ― ասացի ես։ ― Իսկ ո՞վ է որոշում, նրա կարիքները։ Նա ի՞նքը։
 
― Մաքուր մետաֆիզիկա, հեգելիզմ և կանտիզմ, ― ուրախ բացականչեց Պրոպագանդա Պարամոնովնան։
 
Բայց Սմերչևը պիտակներ չկպցրեց, այլ ասաց, որ իմ հարցը նրան տարօրինակ է թվում։
 
― Ինչո՞ւ մարդ ինքը պիտի որոշի իր կարիքները։ Նա կարող է բավարար չափով պատրաստ չլինել դրան։ Միգուցե, նա ունի ինչ֊որ, այսպես ասած, անիրագործելի ցանկություներ, որոնք նա համարում է կարիքներ։ Միգուցե նա ուզում է երկնքից վերցնել լուսինը։ Ոչ, այդպես չի կարելի։ Կարիքները որոշելու համար մեզ մոտ ամենուրեք գոյություն ունեն Հնգանկյուններ, ինչպես Բարձրագույն, այնպես էլ տեղական։ Նրանց մեջ մտնում են կուսակցական, կրոնական ակտիվիստներ, ԲԵԶՈ֊ի աշխատակիցներ և այլն։ Նախքան որոշում ընդունելը, թե այս կամ այն մարդ ինչ կարիքներ ունի, պետք է պարզել նրա անհատական ֆիզիկական և բարոյական հատկանիշները, նրա քաշը, հասակը, գաղափարական հայացքները, վերաբերմունքը աշխատանքին, նրա մասնակցության չափը հասարակական կյանքում։ Բնականաբար, մարդը, որը լավ է աշխատում, կատարում է բոլոր պահանջները, մասնակցում է հասարակական աշխատանքներին, ջանասիրաբար ուսումնասիրում է Գենիալիսսիմուսի աշխատությունները, այդպիսի մարդու մոտ, կարիքները ավելի շատ են, քան մի ինչ֊որ ծույլիկի կամ հասարակական կարգը խախտողի մոտ։
 
― Մեզ մոտ, Մոսկորեպում, կարգ խախտողներ համարյա չեն լինում, ― ասաց Ձերժին Գավրիլովիչը։
 
― Խախտողներ չեն լինում, ― համաձայնվեց Սմերչևը։ ― Բայց մարդիկ միանման չեն աշխատում։ Մեկը կատարում է պլանը երկու հարյուր տոկոսով, իսկ մի ուրիշը միայն հարյուր հիսուն, և համարել, որ նրանց կարիքները նույնն են, ես կասեի, դա շատ անարդարացի կլիներ։
Ադմին, Վստահելի
1876
edits