― Ապրես, ― Սիրոմախինը նույնիսկ ուրախությունից թռչկոտեց։ ― Ես գիտեի, որ դուք խելացի մարդ եք և ճիշտ որոշում կընդունեք։ Իսկ ինչ վերաբերում է այդ մատնություններին, ապա ես ձեզ համար մի գաղտնիք բացեմ․ գրելու համար թուղթ չկա։ Մեզ մոտ Մոսկորեպում թղթի հետ․․․ ― նա ձեռքը տարավ կոկորդին․․․ դրությունը անհույս է։
==Երրորդ մաս==
==Հաճելի կյանք==
― Հիանալի ծաղրեցիք ինձ երեկ, ― ասացի ես նայելով Սմերչևին ներքևից և կողքից։ ― Ես մտածեցի, որ ձեր կոմունիզմը այնպիսին է, ինչպիսին ես երեկ տեսա, բայց դա այդպես չէ։
― Այո, մենք գիտեինք, որ դուք հումորիստ եք և ուզում էինք ցույց տալ, որ մենք էլ ունենք հումորի զգացում։
Մենք քայլում էինք Սմերչևի հետ արմավենիների լայն ծառուղու երկայնքով։ Այս անգամ նա ոչ թե համազգեստով էր, այլ թեթև, բաց գույնի կոստյումով և նույնպիսի բաց գույնի թեթև կոշիկներով։ Արևը կանգնած էր զենիթում, պայծառ լուսավորում էր, բայց չէր կուրացնում, տաքացնում էր բայց չէր վառում։ Արմավենիների ճյուղերին նստած էին ինչ֊որ աներևակայելի գեղեցկության թռչուններ, որոնք երգում էին դրախտային ձայներով։
Մենք, կարելի է ասել, ոչ թե քայլում, այլ թռչում էինք, ժամանակ առ ժամանակ հրվելով գետնից։ Ես զգում էի մարմնումս արտակարգ թեթևություն, ինչի մասին ասացի Սմերչևին։
― Իսկ դուք չե՞ք կռահում, թե ինչու, ― հարցրեց Սմերչևը ժպտալով։
― Ինչո՞ւ, ― հարցրի ես։
Մեր գիտնականները հայտնագործել են այնպիսի սարք, որը թուլացնում է երկրի ձգողականությունը։
Մի՞թե նույնիսկ այդպիսի բան գլխի ընկան անել։ ― Իսկ ինչի՞ համար դա արեցին։
― Հենց այնպես, ― ասաց Սմերչևը։ Որպեսզի մարդկանց համար հաճելի լինի ապրել։
Մենք թռչում էինք բարձր գեղեցիկ շենքերի առջևով։ Նրանք հիշեցնում էին ինձ Նյու֊Յորքի որոշ երկնաքերծեր, բայց ավելի լուսավոր էին և կարծես ավելի եթերային։ Շենքերը միացված էին իրար թափանցիկ սրահներով, որտեղ աճում էին արմավենիներ և գլիցինիաներ։
Ամենուրեք լսվում էր մանուկների և սիրահարների ծիծաղը։
Մեզ ընդառաջ, մեր նման թեթև, թռչում էին երիտասարդ, կարմրատակած այտերով և ոգեշնչված դեմքերով տղաներ և աղջիկներ։
Բոլոր աղջիկները կարճ կիսաշրջազգեստներով էին և գեղեցիկ ոտքերով։ Բոլորը ուտում էին «պլոմբիր» պաղպաղակ և ինձ նայում սիրահարված աչքերով, բոլորը ուզում էին ինձ, և ես էլ ուզում էի խոսել նրանց հետ վսեմ բաների մասին։
Մարդիկ պտտվում էին ծառուղու երկայնքով դրված կարուսելներում, ճոճվում ճոճանակների վրա և թռչում օդում ինչ֊որ նարնջագույն նավակներով։
Երկնքում սավառնում էր երկնագույն տրանսպարանտ, որի վրա գրված էր․
ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՆԱԼ ԿՅԱՆՔԻՑ՝ ԱՄԵՆ ՄԻ ԿՈՄՈՒՆՅԱՆԻՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ Եվ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Արդեն մի քանի ժամ զբոսնում էինք, իսկ արևը նախկինի նման կանգնած էր զենիթում՝ չէր շարժվում, չէր կուրացնում և չէր վառում։
Ես հարցրեցի Սմերչևին, թե ինչ է դա նշանակում, նա նայեց ինձ բարյացակամ ժպիտով։
― Մի՞թե դուք չհասկացաք։ Սա արհեստական արև է։
― Արհեստակա՞ն, ― հարցրի ես։
― Այո, իհարկե, արհեստական։ Եվ եղանակն էլ է արհեստական։
Ինչպե՞ս ձեզ հաջողվեց հասնել դրան, ― հարցրի ես։ ― Շատ հասարակ, ― ասաց Սմերչևը։ Ամեն ինչ շատ պարզ է։ Ամբողջ քաղաքը ծածկված է լեռնային ճենապակուց սարքված գմբեթով։
― Եվ ձեր մոտ չե՞ն փոխվում տարվա եղանակները։
― Ոչ տարվա եղանակները, ոչ էլ օրվա ժամերը, ― այդպիսի բաներ մեզ մոտ չկան։ Այստեղ միշտ ցերեկ է և միշտ ամառ։
Իսկ ինչպե՞ս են մարդիկ քնում այս լույսի տակ։
― Շատ հասարակ։ Ովքեր ուզում են քնել, փակում են վարագույրները։ Սակայն, ― ավելացրեց նա, մեզ մոտ մարդիկ սովորաբար չեն քնում։
Իմ հարցին թե ինչու, Սմերչևը բացատրեց, որ մարդիկ չեն քնում, որովհետև ափսոսում են ժամանակ կորցնել։ Կյանքն այնքան լավն է, որ ամեն րոպե և ամեն վարկյան մարդիկ Հաճույք են ստանում։
― Իսկ ե՞րբ են նրանք աշխատում, ― հարցրի ես։
― Նրանք երբեք չեն աշխատում, ― եղավ պատասխանը։
Հանդիպած մարդկանց մեջ կային շատերը, որոնց ես ճանաչում էի անցյալ կյանքից, նրանց մեջ էին նաև դեռ իմ ժամանակ մահածացներ։ Նրանք բարեկամաբար ձեռքով էին անում ինձ՝ ես էլ նրանց, և դա ինձ ամենևին չէի զարմացնում։ Ես հասկանում էի, որ գտնվում եմ դրախտում, որը ստեղծել է ոչ թե Աստվածը, այլ մարդիկ։ Ես հասկանում էի, որ եթե այդ մարդիկ կարողացել են ստեղծել արհեստական արև և թուլացնել երկրի ձգողականությունը, զարմանալի չէ, որ նրանք սովորել են վերակենդանացնել հանգուցյալներին։ Իմիջիայլոց, այդ ծառուղին նման էր մի ահռելի սուպերմարկետի, նրա եզրերին գտնվում էին անսահման երկարությամբ վաճառասեղաններ, որոնց վրա շարված էին տարբեր տեսակի երշիկներ, պանիրներ, բելուգա, բարակ կտրատված սեմգա, կարմիր ու սև և բադրջանի խավիար։
Եվ ամեն տեսակի մրգեր ու բանջարեղեն, անսովոր և սովորական․ նարինջ, մանդարիններ, արտիշոկներ, ավոկադո, բանաններ, անանասներ։
Եվ իհարկե, տարբեր գինիներ, կոնյակներ, օղիներ, ջուր, հյութեր, գազավորված ըմպելիքներ և գարեջրի տարբեր տեսակներ՝ շշերով, պահածոյացված, տակառներով ― մի խոսքով, ինչպես մեր շտոկդորֆի սուպերմարկետում, բայց մի փոքր ավելի քիչ։
Բայց մեր սուպերմարկետում սովորաբար, մարդիկ են լինում (երբեմն շաբաթ և կիրակի օրերին նույնիսկ գոյանում է մի վեց հոգուց բաղկացած հերթ), իսկ այստեղ ոչ ոք ոչինչ չի վերցնում, բոլորը անցնում են կողքով և նույնիսկ չեն նայում։ Միայն աղջիկներն են ճանապարհին թռցնում պլոմբիր կամ խուրմա և ծիծաղելով թռչում առաջ։
― Իսկ ինչո՞ւ այստեղ ոչինչ չեն վերցնում, ― հարցրեցի ես Սմերչևին, տեսածիցս ցնցված։ ― Ինչ է, ոչ ոք փող չունի՞։
― Ւհարկե չունեն, ― պատասխանեց Սմերչևը, հանելուկային ժպիտով։
― Ահա՜, ― ասացի ես, ամեն ինչ հասկանալի է, սոցիալիզմի ժամանակ անձամբ ես, փող չունեի, բայց դե կապիտալիզմի ժամանակ էլ ունեցածս շատ չէր։
Այդ բառերս ուրախացրին Սմերչևին և նա չգիտես ինչու սկսեց անձայն ծիծաղել։ Եվ ծիծաղելով քաղաքավարի բացատրեց, որ մարդկանց մոտ փող չկա, որովհետև դրա կարիքը չկա։ Այստեղ ամեն մեկը վերցնում է իր ուզածը բացարձակապես անվճար, իսկ հիմա ոչինչ չեն վերցնում, որովհետև շատ վաղուց բավարարել են իրենց կարիքները և այդ ամենին արդեն նայել չեն կարողանում։ Նրանք բացի «պլոմբիրից ու խուրմայից ոչինչ չեն ուզում ուտել։
― Ուրեմն, ես կարող եմ վերցնել ինչ ուզեմ և որքան ուզե՞մ, ― հետաքրքրվեցի ես թերահավատորեն։
Սմերչևը դրական պատասխանեց։
Այն ժամանակ ես մոտեցա վաճառասեղանին և, սկզբից անվստահ, իսկ հետո ավելի ու ավելի համարձակ, սկսեցի մթերք հավաքել․ երկու շիշ լիտրանոց շվեդական օղի «Աբսոլյուտ», մի փայտ կրակովյան երշիկ, երկար հաց, մի քանի հատ իշխան, մի փաթեթ մաքրված խեցգետին, մի կապոց բանան և էլի ինչ֊որ պաշտետներ, խավիար, խտացրաց կաթ, կանաչ ոլոռ, սպանախ և էլի տարբեր բաներ։ Մի մասը ես խցկում էի գրպաններս, մյուսը՝ ծոցս, ձեռքերիս մեջ այնքան բան կար, որ գլխիցս վերև էր հասել և ինչ֊որ բաներ արդեն ընկնում էին, իսկ ինձ համար դեռ քիչ էր ու քիչ։
Ես բարձրացրի գլուխս, որպեսզի նայեմ, ինչպես կարելի է տեղավորել ևս մի խտացրաց կաթ, երբ հանկարծ տեսա Ռուդիին, որը լողում էր օդում իր «յագուարով» և մի ձեռքով թափահարում էր ինձ, իսկ մյուսով գրկում ֆրոյլայն Գլոբկեին։
Ես էլ ուզեցի ձեռքով անել Ռուդիին և այդ շարժումից, Վավիլոնյան աշտարակը, որը ես պահում էի ձեռքերիս վրա անաղմուկ փլվեց։ Ես սկսեցի հավաքել այդ ամենը, վախենալով, որ հիմա ինձ անհապաղ կձերբակալեն կամ կսկսեն ամոթանք տալ։ «Քաղաքացի, ― կասեն, ― ինչպե՞ս չեք ամաչում այդպես բարբարոսաբար վերաբերվել ժողովրդի հարստության հետ»։
― Դե հերիք է հավաքես գետնից, ― լսեցի ես ծանոթ ծաղրալի ձայնը։ Դա հիգիենիկ չէ։
Ես նայեցի ներքևից վերև և իմ առաջ տեսա Լյոշկա Բուկաշևին սպիտակ կոստյումով և առանց մորուք։ Իսկ նրա կողքին կանգնած էր թափանցիկ շորերով Ժանետան և սեղմվում էր նրան։ Նա պատմում էր անեկդոտ Վովկա֊մորկովկայի մասին, իսկ Ժանետան անպարկեշտ ծիծաղում էր։
― Իսկ ո՞ւր է Լեոն, ― հարցրի ես։
― Ահա նա, ― ասաց Ժանետան և ես տեսա Լեոյին, որը նստարանի վրա նստած համբուրվում էր կնոջս հետ։
Դա մի տեսակ տհաճ էր ինձ համար, բայց ոչ թե շատ, այլ մի քիչ։ Ես թեթևորեն ցատկեցի և սավառնելով օդում մոտեցա նրանց։
― Ինչպես չես ամաչում, ― ասացի ես կնոջս, ― կենդանի ամուսնուդ առաջ համբուրվում ես ուրիշի հետ։ Դու հո գիտես, որ նա դրանից նույնիսկ հաճույք չի ստանում։
― Հիմարություն, ― ասաց Զիլբերովիչը Սիմիչի ձայնով։ Երբ ապրում էի սոցիալիզմի ժամանակ, ես ոչ մի բանից հաճույք չէի ստանում, բացի քո վեպերից։ Իսկ հիմա, բացի քո գրքերից ես ամեն ինչից էլ հաճույք եմ ստանում։
― Տեսնում ես, ― ասացի կնոջս։ ― Նա ինձ վիրավորում է, չի կարդում իմ վեպերը, իսկ դու նրա հետ համբուրվում ես։
Այստեղ Սմերչևը թեքվեց իմ կողմը և շշուկով ասաց։
― Կլասիկ Կլասիկովիչ, ― դուք իզուր եք ձեզ պահում հետամնաց սեփականատիրոջ նման։ Այստեղ, մեզ մոտ, ոչ ոք չունի սեփականություն։ Մեզ մոտ կանայք պատկանում են բոլորին, և ձեր կինն էլ պատկանում է մեր ողջ հասարակությանը։ Արի գնանք բաղնիք, փիսիկս, ― ասաց նա և վերցնելով կնոջս ձեռքերի վրա, լողաց մի ինչ֊որ կողմ։
Ես նետվեցի նրանց ետևից, բայց զգացի որ արդեն ոչ թե թռչում եմ, այլ հազիվ֊հազ վազում եմ ինչ֊որ վարելահողով, ոտքերս սոտ են տալիս ցեխի մեջ, իսկ երկրային ձգողականությունը միացել է իր ողջ հզորությամբ։
Սմերչևը կնոջս ձեռքերի վրա պահած թռչում էր գետնի վրայով, իսկ ես արդեն ոչ թե վազում, այլ լողում էի ինչ֊որ ցեխի մեջ, բայց միևնույն է կամաց֊կամաց հասնում էի նրանց, երբ իմ առջև հայտնվեց Զվեզդոնին երկար սև գիշերային շապիկով և մոմը ձեռքին։
― Ոչ մի աստված չկա, ― կամաց ասաց նա։ Կա միայն Գենիալիսիմուսը, միայն Գենիալիսիմուսը, և ոչ ոք բացի Գենիալիսիմուսից։
― Դե գնա այստեղից քո Գենիալիսիմուսի հետ, ― ասացի ես, փորձելով տեղաշարժել նրան իմ ճանապարհից։
Բայց նա տեղից չէր շարժվում, և մոտեցնելով ինձ իր դեմքը, թափ էր տալիս իր նոսր մորուքը, աչքով անում, ատամները ցույց տալիս։ Ես ոչ մի կերպ չէի կարողանում նրան շրջանցել, իսկ կինս Սմերչևի հետ թռչում էր ավելի ու ավելի հեռու և այն ժամանակ հուսահատությունից, ես դեպի ինձ քաշեցի Զվեզդոնիին, կծեցի նրա քիթը և արթնացա բարձը ատամներիա մեջ։