Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 11 352 բայտ, 14:11, 8 Փետրվարի 2014
/* Երկար շալվարավորը */
Ես նայեցի շալվարիս և էլի չհասկացա, թե ինչու նրանք այստեղ ապրող մարդկանց դուր չեն գալիս։ Շալվար է էլի։ Նույնիսկ շատ լավն է։ Եթե նրանց դուր է գալիս կարճ հագնվել, ես դեմ չեմ, բայց ինչո՞ւ են նրանք ինձ անընդհատ կպչում։
 
 
==Բուսական խոզի միս==
 
 
Ես զգացի, որ սովածացել եմ և սկսեցի փնտրել, թե որտեղ կարելի է նախաճաշել։ Փողոցի մյուս կողմում, տեսա մի հաստատություն, որի դուռը անընդհատ բացվում ու փակվում էր, որովհետև մարդիկ մտնում ու դուրս էին գալիս։ Իմիջիայլոց, ժամանակին այդ շենքում գարեջրատուն կար, հետո՝ կաթնային սրճարան, և այժմ, այնտեղ նույնպես կարծես թե նման մի բան կար։
 
Վերևում, տանիքի տակ ես տեսա արդեն ծանոթ բանվորին, որը մկանոտ ձեռքերից մեկում բռնել էր գդալը, իսկ մյուսում՝ պատառաքաղը։ Պատառաքաղի վրա ինչ֊որ բան կար, բայց ինչ, ես չկարողացա որոշել։ Բանվորը բարեհամբույր ժպտում էր, իսկ նկարի տակ այսպիսի բառեր էին գրված․
 
ՆԱ ՈՎ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՄԹԵՐՔ Է ՀԱՆՁՆՈՒՄ, ԳԵՐԱԶԱՆՑ Է ՍՆՎՈՒՄ։
 
Մուտքի ցուցանակի վրա գրված էր․ ՊՐԵԿՈՄՊԻՏ «ԼԱԿՈՄԿԱ»։ Մի քիչ մտածելուց հետո, ես հիշեցի, որ «ՊՐԵԿՈՄՊԻՏ»՝ նշանակում է Կոմունիստական Սննդի Ձեռնարկություն։ Փողոցն անցելիս, ես քիչ մնաց ընկնեի կցասայլով ահռելի շոգեբեռնատարի տակ։ Սեղմելով բոլոր արգելակները, վարորդը կանգնեցրեց մեքենան և ողողեց ինձ այնպիսի ընտրայլ բառերով, որ դժվար չէր ճանաչել իմ բաղնիքային ծանոթ Կուզյաին։ Կարծես նա մտադիր չէր սահմանափակվել միայն բառերով և արդեն թռչում էր դեպի ինձ գլխավերևում պահած շարժիչը լարելու գործիքը։
 
― Կուզյա, ― բղավեցի ես վախեցած։ ― Չե՞ս ճանաչում, ինչ է։
 
― Ահ, այդ դու ես հայրիկ։ Կուզյան իջեցրեց գործիքը, բայց կարծես հիասթափված էր, որ այդ նախապատրաստությունը իզուր անցավ։ ― Ինչո՞ւ ես ման գալիս ճանապարհին անբան բերանբաց։ Այստեղ, հայրիկ, զգույշ եղիր, թե չէ կամ մեքենայի տակ կգցեն, կամ գլուխդ կջարդեն։ Այդ այնտեղ, կապիտալիստների մոտ է ամեն ինչ ավելի հեշտ։ Այնտեղ երևի, փողոցներով միայն ավանակներ ու ուխտեր են ման գալիս, իսկ մեզ մոտ, ինքդ ես տեսում ինչպիսի տեխնիկա է։
 
Նա հարցրեց ինձ, ինչպես են գործերս, պետք չի արդյոք օգնություն, և մի անգամ էլ հիշեցրեց, որ եթե ինձ անհրաժեշտ լինեն շոգեկաթսա, ցիլինդրներ, կամ նման բաներ, ես միշտ կարող եմ համարձակ դիմել նրան։ Դրանից հետո նա գնաց, իսկ ես բարեհաջող անցա պողոտան և մոտեցա Պրեկոմպիտին։
 
Հերթը մեծ չէր, մի վաթսուն մարդ, ոչ ավելի։
 
Ծակ զինվորական շապիկով և կարմիր թևակապով տարեց սերժանտը կանգնած էր մուտքի մոտ և դակիչով ծակում էր նրան մեկնված մոխրագույն թղթերը։
 
Հերթում կանգնած, ես կարդացի պատին կախված հայտարարությունը, որում ասված էր, որ ընդհանուր սննդային կարիքները բավարարվում են միայն երկրորդական մթերքի հանձման վկայական ներկայանելուց հետո։
 
Այստեղ տեղադրված էին նաև «Վարքագծի կանոնները Կոմունիստական Սննդի ձեռնարկություններում»։ Կանոններում ասված էր, որ կոմունյաններին կանոնավոր և որակով սննունդ ապահովելուն ուղղված ԿՊԳԲ֊ի և անձամբ Գենիալիսիմուսի անխոնջ աշխատանքի շնորհիվ, առկա են զգալի հաջողություններ այդ գործում։ Սնուդը դառնում է ավելի լավը, որակով, և դիետիկ։ Գիտական ուսումնասիրությունների արդյունքում ձեռք են բերված մեծ հաջողություններ գիրության դեմ պայքարում։
 
Այնուհետև ասվում էր, որ Պրեկոմպիտում արգելված է․
 
1 Ընդունել սնունդ վերնազգեստով
 
2 Նվագել երաժշտական գործիքների վրա
 
3 Ոտքերով կանգնել սեղաններին և աթոռներին
 
4 Թափել սեղաններին սննդի մնացորդները
 
5 Պատառաքաղով քչփորել ատամները
 
6 Հեղուկ ճաշերով ջրել հարևաններին
 
7 Խստիվ արգելվում է լուծել ի հայտ եկած կոնֆլիկտները կերակրի մնացորդներով, կաթսաներով, ափսեներով, գդալներով, պատառաքաղներով և ուրիշ պետական սեփականություն ներկայացնող առարկաներով
 
Ճշմարտացի լինելու համար պետք է ասել, որ հերթը բավական արագ էր շարժվում։ Մարդիկ մեկը մյուսի հետևից տալիս էին սերժանտին իրենց թղթերը, նա ծակում էր դրանք, և մարդիկ ներս էին մտնում։
 
Երբ հասավ իմ հերթը, գրպանումս գտա «Զյուդոյչե ցայտունգ» թերթի վաթսուն տարի վաղեմություն ունեցող թերթի մի կտոր։ Ես ծալեցի այն երկտակ և տվեցի սերժանտին, որը առանց նայելու ծակեց այն։
 
Ես շատ գոհ մնացի այն բանից, որ իմ սոցիալիստական և կապիտալիստական հնարքները, հաջողությամբ գործում են այստեղ և ներս մտա։
 
Ինձ թվաց, որ առաջնային մթերքը համարայա երկրորդականի հոտը ունի։
 
Մուտքի դիմացի պատին կախված էր Գենիալիսիմուսի մեծ դիմանկարը և նրա խոսքերը․ «Մենք ապրում ենք ոչ թե ուտելու համար, այլ ուտում ենք, որ ապրենք»։
 
Պրեկոմպիտը նման էր ինքնասպասարկվող սոցիալիստական ճաշարանի․ բարձր, առանց աթոռների սեղաններ, պոլին թեփ։ Ձախ պատի երկայնքով պլաստմասայից սարքված խողովակներից թեթև միջնորմի ետևը՝ երկար վաճառասեղան վրան շարված ուտելիքներով, որոնց վրա նայելիս միանգամից ուզում էիր մաքուր օդ դուրս գալ։ Բայց առաջինը՝ ես շատ սոված էի, երկրորդն էլ՝ ես եկել եմ այստեղ ուսումնասիրելու կյանքի բոլոր մանրամասնությունները, այդ թվում նաև սննդի համակարգը։
 
Ես կանգնեցի դեպի վաճառսեղան գնացող մարդկանց հերթում և բոլորի հետ շարժվելով, հասա պատից կախված մենյուին, որը կարդացի մեծ հետաքրքրությամբ։ Այն բաղկացած էր այս հերթականությամբ թված չորս ճաշտեսակից․
 
1․ Սննդարար ապուր «Լեբյոդուշկա» բրնձի արգանակով։
 
2. Վիտամինազացված բուսական խոզի միս «Պրոգրեսս», շոգեխաշած կաղամբի հետ։
 
3․ Կիսել վարսակից՝ «Գվարդիական»։
 
4․ Ջուր բնական՝ «Թարմություն»։
 
Ես ներողություն եմ խնդրում ընթերցողից, որ այսքան մանրամասն եմ նկարագրում այս կանոնները, ցուցակները, մենյուն, բայց ինձ թվում է, որ դա անհրաժեշտ է շատ թե քիչ ամբողջական պատկերացում տալու համար այն հասարակության մասին, որում ես գտնվում էի։
 
Երկու երիտասարդ կոմսորկա, ոչ այնքան մաքուր խալաթներով արագ սպասարկում էին հաճախորդներին։ Բոլորի նման, ինձ էլ տվեցին նշված ճաշատեսակներով պլսստմասայից սկուտեղ։ Երկու ափսե, երկու բաժակ և գդալ (բոլորը պլաստմասայից) կապված էին սկուտեղին պողպատե շղթաներով։ Եվս երկու շղթա (երևի դանակի և պատառաքաղի համար) կտրված էին։ Հոտ քաշելով ուտելիքից, ես, անկեղծ ասած, տհաճությամբ կնչռոտեցի դեմքս, և մտածեցի, որ որոշ դեպքերում կարելի է կշտանալ միայն հոտից։
 
Բայց, կրկնում եմ, ես ղեկավարվում էի ոչ միայն քաղցով, այլև հետազոտողի հետաքրքրասիրությամբ։
 
Ես գտա սեղան, որի մոտ միայն մի տիկին դանդաղ խմում էր իր վարսակի կիսելը։ Թույլտվություն խնդրեցի կանգնել նրա կողքին, և երբ նա մի ինչ֊որ անհասկանալի բան մրթմրթաց, ես ճանաչեցի այն նույն կնոջը, որը օտար լեզուներ էր հասկանում։ Ելնելով նրա անբարյացակամ հայացքից, կարծում եմ, նա էլ ինձ ճանաչեց։
 
Փորձելով ապուրը, ես միանգամից գլխի ընկա, որ այդ վսեմ անունն առաջացել էր ոչ թե երկարավիզ թռչունից, այլ նույնանուն խոտից, որից ես առիթ եմ ունեցել ուտել նախկինում, կոլխոզների ծաղկման ժամանակաշրջանում։ Քանի որ շատ սոված էի, մի երկու գդալ դժվարությամբ կերա, իսկ ինչ վերաբերվում է «Պրոգրեսս» բուսական խոզի մսին, որը պատրաստված էր երևի թե պրեսսի տակ դրված շաղգամից, ճիշտն ասած ուտել չկարողացա։ Այսինքն՝ սկզից մի քիչ կերա, բայց կերածս միանգամից սկսեց դեպի դուրս մղվել, այնպես որ ես հազիվ հասցրի այն կաբեսոտ, որտեղ և իմ քմահաճ օրգանիզմը դուրս մղեց այն։
Ադմին, Վստահելի
1876
edits