Փորձելով ապուրը, ես միանգամից գլխի ընկա, որ այդ վսեմ անունն առաջացել էր ոչ թե երկարավիզ թռչունից, այլ նույնանուն խոտից, որից ես առիթ եմ ունեցել ուտել նախկինում, կոլխոզների ծաղկման ժամանակաշրջանում։ Քանի որ շատ սոված էի, մի երկու գդալ դժվարությամբ կերա, իսկ ինչ վերաբերվում է «Պրոգրեսս» բուսական խոզի մսին, որը պատրաստված էր երևի թե պրեսսի տակ դրված շաղգամից, ճիշտն ասած ուտել չկարողացա։ Այսինքն՝ սկզից մի քիչ կերա, բայց կերածս միանգամից սկսեց դեպի դուրս մղվել, այնպես որ ես հազիվ հասցրի այն կաբեսոտ, որտեղ և իմ քմահաճ օրգանիզմը դուրս մղեց այն։
==Սիրո պալատ==
Դուրս գալով կաբեսոտից, ես դեմ առ դեմ հանդիպեցի այն կնոջը, որը օտար լեզուներ էր հասկանում։ Տպավորությունն այնպիսին էր, որ նա հատուկ ինձ էր սպասում, որովհետև տեսնելով ինձ, ամբողջ դահլիճով մեկ ճղճղան ձայնով բղավեց․
― Ի՞նչ է, ձեզ դուր չի՞ գալիս մեր ուտելիքը։
Ես, ոչինչ չպատասխանելով դուրս եկա փողոց։ Նա եկավ ետևիցս։ Ես շարժվեցի ներքև նախկին Գորկու փողոցով, որը հիմա կոչվում է Գենիալիսիմուսի Աշխատությունների Առաջին հատորի անվան պողոտա։ (Հետո ես իմացա, որ կոմունիստական Մոսկվաում կա 26 պողոտա, որոնցից ամեն մեկը նվիրված է Գենիալիսիմուսի հատորներից մեկին:)
Կինը եկավ ետևիցս։
― Սրա՜ն նայեք, ― մրթմրթում էր նա, հետևիցս քարշ գալով։ ― Երկար շալվար է հագնում, կեղտը հանձնել չի ուզում, մեր ճաշերից զզվում է։
― Լսիր, տյոտյա, ― ասացի ես, շրջվելով նրա կողմը, ― աստծու սիրո հանգիստ թող ինձ, քո հավեսը չունեմ։
Կարծես դա պետք չէր ասել։
Ոհո֊հո֊հո՜, ― բղավեց նա, աշխատելով անցորդների ուշադրությունը գրավել։ ― Երկար շալվար է հագնում, կեղտը հանձնել չի ուզում, մեր ուտելիքից զզվում է հերիք չի, դեռ ինչ֊որ Աստված է հիշում։ Նա զզվում է։ Նրա սիրտը մեր խոզի մսից խառնում է։
― Դե գնա այստեղից․․․ ― չդիմացա ու ասացի ես և անցա փողոցի մյուս կողմը։
Խնդրում եմ ներել ինձ այսպիսի կոպիտ արտահայտության համար։ Նախկին կյանքում, երբեք ինձ թույլ չեմ տվել կանանց այդպիսի բան ասել։ Բայց այդ վհուկը ինձ ուղղակի համբերություբից հանեց։
Ես քայլում էի Առաջին Հատորի պողոտայով ներքև ընկճված տրամադրությամբ։ Այս կոմունիստական թագավորությունում ես ինձ հարմարավետ չէի զգում։ Իհարկե, ես եկել եմ այստեղ միայն մեկ ամսով, բայց վախենում եմ, որ բուսական խոզի մսով, նույնիսկ այդ մի ամիսը չեմ դիմանա։
Ոչ, ես չէի ուզում առավելություններ։ Ես ուզում էի լինել բոլորի պես։ Եվ իհարկե, ոչ մի դեպքում ոչ մի բանի չէի ուզում խառնվել։ Ւմ նպատակն էր լինել օբյեկտիվ և առանց ավելորդ զգայականության փաստերը արձանագրել։ Հանուն դրա ես պատրաստ էի ամենաանսպասելի և վտանգավոր փորձությունների։ Եվ ուտելիքի հանդեպ էլ երբեք շատ պահանջկոտ չեմ եղել, բայց այդ կոմունիստական խոզի միսն ու «Լեբյոդուշկա» ապուրը իմ օրգանիզմը ուղղակի չի ընդունում։
Միգուցե, մեղավորը կյանքի հանդեպ ունեցած իմ հայացքներն են։ Դրանք երևի հետամնաց են դեռ այն ժամանակվանից, երբ ես ապրում էի սոցիալիզմում։ Իսկ հետո, երբ ընկա կապիտալիզմ և ամեն օր ենթարկվում էի նրա վնասակար, քայքաիչ ազդեցությանը ու սնվում կապիտալիստական կերակուրներով, դա ազդեց ոչ միայն մտածողությանս այլ նաև ստամոքսիս աշխատանքի վրա։ Նա շատ նրբազգաց էր դարձել։
Երևի իմ բացատրությունը գիտական չէ, բայց տրամադրությունս, ճիշտն ասած, շատ վատն էր։
Այդ տրամադրությամբ ես շարվժում էի դեպի ներքև, պողոտայի այն մայթով, որտեղ սոցիալիզմի ժամանակ Ելիսևյան խանութն էր։
Չնայած մռայլ տրամադրությանս, ես շուրջս էի նայում, որոշ բաներ նկատում և ինձ համար նշում։
Օրինակ, ինձ շատ զարմացրեց, որ Նեմիրովիչ֊Դանչենկոյի անվան փողոցը չէր վերանվանվել կոմունիստականի, չնայած հայտնի է, որ նա սոցիալիստական րեալիզմի հիմնադիրներից էր, իսկ կուսակցությունը խիստ քննադատում է այն։ Բայց երբ ես մոտեցա նախկին Սովետական հրապարակին, ես ավելի շատ զարմացա։ Ինձ ծանոթ, ձիու վրա նստած Յուրիյ Դոլգորուկիի արձանը այնտեղ այլևս չկար։ Ասենք ձին կար, բայց նրա վրա նստած էր Գենիալիսիմուսը։ Մի ձեռքում նա պահել էր իր գիրքը, մյուսում՝ թուրը։ Իսկ հրապարակը այժմ կոչվում էրԳենիալիսիմուսի Գիտական Հայտնագործությունների հրապարակ։
Անկեղծորեն ասած, ինձ համար այնքան էլ հասկանալի չէր, թե ի՞նչ կապ ունի այդ հուշարձանը գիտական հայտնագործությունների հետ։ Ասենք թե գիրքը՝ ունի։ Բայց ի՞նչ գործ ունեն ձին և թուրը։
Այստեղ իմ ուշադրությունը գրավեց այն շենքը, որում առաջ գտնվում էր ռեստորան «Առագվին»։ Այժմ այնտեղ, իհարկե, ոչ մի «Առագվի» չկար»։ Շենքի ճակատին, տանիքի տակ ահռելի տառերով գրված էր․
ՍԻՐՈ ՊԱԼԱՏ
Ճիշտն ասած, ես միանգամից չհասկացա, թե ինչ է դա նշանակում։ Բայց մոտենալով շենքին, ծանր դռների աջ կողմում տեսա մի ցուցանակ, որի վրա գրված էր հետևյալը։
Ն․ Կ․ ԿՐՈՒՊՍԿԱՅԱԻ անվան ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԼԵՆԻՆԻ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ ՀԱՍԱՐԱԿԱՑ ՏՈՒՆ
― Օհո՜, ― ասացի ես ինքս ինձ։ ― Այ սա, ես հասկանում եմ, կոմունիզմ է։
Տրամադրությունս նկատելիորեն բարձրացավ։
Ես կարծեցի, որ հաստատաությունը աշխատում է միայն երեկոյան, բայց կարդացի, որ բնակչությանը սեկսուալ ծառայություններ են տրամադրվում ժամը 8.30 մինչև17.30, ճաշի ընդմիջումը ժամը 13 մինչև14։
Ես նայեցի ժամացույցին։ Ուղիղ ինն անց քառասուներկու րոպե էր։ Այդպիսի գործերի համար ամենահարմար ժամանակը չէր, բայց մյուս կողմից, ինչո՞ւ չէ որ։
Երկրորդ հարկի բարձրության վրա կախված պլակատի վրա պատկերված էր բռունցը բարձրացրած բանվորը։ Նրա տակ գրվածը, ինձ համարյա ծանոթ էր․
ՈՎ ՀԱՆՁՆՈՒՄ Է ԵՐԿՐՈՐԱԿԱՆ ՄԹԵՐՔ,
ՆԱ ՍԵՔՍՈՎ ՀՐԱՇԱԼԻ Է ԶԲԱՂՎՈՒՄ
Ներքևում կախված էին ԳԷՕԼՊԴԻԿ֊ում ընդունված վարքի կանոնները (այդպես էր այդ տարորինակ ձեռնարկության կրճատ անվանումը): Այնտեղ ասված էր, որ սեքսուալ ծառայությունները մատուցվում են ինչպես ձեռնարկությունների, հիմնարկությունների և հասարակական կազմակերպությունների կոլեկտիվների, այնպես էլ անհատական դիմումներով։
Ես ինքնաբերաբար հիշեցի վարորդ Կուզյաին և նրա ընկերոջը, որոնք լվացման կետում ուզում էին ինձ ներքաշել օրգիայի մեջ։ Ա՛յ քեզ բարբարոսներ։ Ինչո՞ւ այդ ինտիմ գործով զբաղվել միասին, երբ գոյություն ունեն օրինականացված միջոցներ կարիքների անհատական բավարարման համար։
Այսպես մտածելով, շարունակեցի աչքերով սահել կանոնների վրայով և իմացա, որ ծառայություններ մատուցվում են միայն երկրորդական մթերքի հանձնման փաստաթուղթը ներկայացնելուց հետո և որ ԳԷՕԼՊԴԻԿ֊ում արգելվում է․
1. Բերել և ծառայություն մատուցել կողմնակի պարտնյորների
2. Սպասարկվել վերնահագուստով։
3. Ծառայություն ստանալ միջանցքներում, աստիճանների վրա, աստիճանների տակ, կաբեսոտում և ուրիշ չնախատեսված վայրերում, բացի հատուկ նախատեսնվածներից։
4․ Օգտվել ինքնագործ հակաբեղմնավորիչ միջոցներով և սադիսզմի ու մազոխիզմի համար նախատեսված գործիքներով։
5. Նվագել երաժշտական գործիքների վրա։
6. Փչացնել կոմունիստական գույքը։
7. Խստիվ արգելվում է լուծել ի հայտ եկած կոնֆլիկտները սեքսի համար նախատեսված սարքավորումներով։
Այստեղ, ինչպես և պրեկոմպիտում, կանգնած էր մի տղամարդ ձեռնակապով թևքի վրա ու դակիչով։ Ես տվեցի նրան թերթի այն նույն կտորը, բայց մյուս կողմից, և նա, ինչպես և պրեկոմպիտյան պահապանը, դակեց առանց նայելու։
Ներսից դա նման էր պոլիկլինիկայի։ Լայն, լինոլիում փռած հատակով միջանցք, մուգ կապույտ յուղաներկով պատած պատեր։ Երկու կողմում, հավասար տարածության վրա կաբինետների բեշ գույնի դռներ, իսկ մուտքից ձախ՝ աստիճանների ետևը, փայտե պատնեշ և ապակե լուսամուտ, որի վրա գրված էր ՐԵԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ ։
Ինձ ընդառաջ, գալիս էր մի խուրձ թղթապանակներ ձեռքին մի աղջիկ սպիտակ խալաթով, որը հազիվ էր ծածկում նրա աշխատանքային գործիքը։
― Սլագեն, ― ասաց նա ինձ։
― Սլագեն, ― պատասխանեցի ես և փորձեցի բռնել նրան մի որևիցե տեղից։ Բայց նա ճարպկորեն խույս տվեց, զարմացած նայեց ինձ և սկսեց դժգոհ բարձրանալ աստիճաններով, հնարավորություն տալով ինձ ուսումնասիրել նրան լավագույն կողմից։
Չես ուզում, մի ուզի, ասացի ես և մոտեցա րեգիստրատուրային, որտեղ նստած տարեց կնոջ ակնոցի շրջանակը ստվարաթղթից էր։ Նա ինչ֊որ բան էր գործում։ Ես ինձ անհարմար էի զգում, բայց, հաղթահարելով շփոթմունքս դիմեցի նրան և ասացի, որ ցանկանում եմ որևիցե կերպ ծառայություն ստանալ։
Ոչինչ չասելով, նա իմ ձեռքը խցկեց մի թղթի կտոր։ Դա իհարկե անկետա էր, սակայն բավականին համեստ։ Պատասխանելով հարցերին, ես նշեցի ազգանունս, աստղային անունս և հայրանունս։ Որպեսզի ուշադրություն չգրավեմ, տարիքս պակասեցրեցի ուղիղ վաթսուն տարով։
«Վեներական հիվանդություններ» սյունյակում ես բնականաբար, գրեցի «ոչ»։
Ես վերադարձրի անկետան գրանցողին։ Նա հագցրեց այն երկար, ժանգոտ, սուր ծայրով ձողի վրա, մի կողմ դրեց իր գործվածքը, դուրս եկավ պատնեշի ետևից և չարտասանելով ոչ մի խոսք գնաց միջանցքով, աղմկելով բանալիների կապոցով։
Նա բացեց N6 դուռը, ինձ ներս թողեց և գնաց, այդպես էլ ոչինչ չասելով։
Ես փակեցի իմ ետևից դուռը և շուրջս նայեցի։ Դա ոչ մեծ սենյակ էր առանց վարագույրի պատուհանով։ Անկյունում դրված էր մի նեղ, մոմլաթով ծածկված թախտ, որի կողքը դրված էր պլաստմասայից դույլ։ Ոչ բարձ, ոչ ծածկոց չէր երևում։ Թախտի վրա կախված էր Գենիալիսիմուսի դիմանկարը մի թեթև բացված մազոտ կրծքով, իսկ տակը նրա ասույթը․
ՍԵՐԸ՝ ԴԱ ԲՈՒՌՆ ԾՈՎ Է։
Բացի նրա դիմանկարից, պատերին կախված էին տարբեր պլակատներ։ Դռան մոտ, փայտյա շրջանակի մեջ տեղադրված էր ինչ֊որ տեքստ։ Դա ԳԷՕԼՊԴԻԿԻ կոլեկտիվի աշխատակիցների աշխատանքային պարտավորություններն էին։ Այնտեղ ասված էր, որ ի պատիվ ԿՊԳԲ֊ի 67-րդ համագումարի, իրնեք ստանձնում են հետևյալ պարտավորությունները․
1. Բարձրացնել աշխատանքային կարգապահությունը և հաճախորդների բավարարման կուլտուրան։
2. Ավելացնել մեկ մահճակալ֊տեղի օգտագործման կարողությունը օրում ոչ պակաս, քան 13 տոկոսով։
3. Ավելացնել գենետիկ նյութի հավաքումը 6 տոկոսով։
4. Աշխատել խնայված նյութերով։
5. Ուսումնասիրել և կոնսպեկտավորել Գենիալիսիմուսի «Սեքսուալ հեղափոխությունը և կոմունիզմը» գիրքը։ Քննությունը այդ գրքով, հանձնել ոչ պակաս քան չորսի։
6. Սիստեմատիկ կերպով բաց թողնել պատի թերթ։
7. Բոլոր աղջիկներին հանձնել «Պատրաստ եմ աշխատել և պաշտպանել Մոսկորեպը» կրծքանշանը ստանալու նորմերը։
8. Պահպանել զգոնուցյունը և ժամանակին հայտնել ԲԵԶՈ֊ին կասկածելի հաճախորդների մասին։
Տեսնելով, որ ոչ ոք չի շտապում սպասարկել ինձ, ես սկսեցի ուսումնասիրել պլակատները։
Նրանց վրա պատկերված էին դրվագներ աշխատավորների ամենօրյա գործունեությունից․ԳԷՕԼՊԴԻԿ֊ի տնորեն, Կոմունիստական աշխատանքի կրկնակի Հերոս, Գլխավոր Հնգանկյունի անդամ Վեներա Միխայլովնա Մալոֆեեվաի հանդիպումը առանցքակալներ արտադրող գործարանի աշխատավոր֊ընտրողների հետ, ԳԷՕԼՊԴԻԿԻ աշխատակիցները ճակնդեղ հավաքելիս։ Մաիսմեկյան շքերթի ժամանակ, երկրոդ կարգի սանիտարական հրահանգիչ Էրոտինա Կորեննայան կարդում է դասախոսություն՝ «Գենիալիսիմուսը մեր սիրելի տղամարդն է» թեմայով։
Ուսումնասիրելով պլակատները, ես նստեցի թախտի ծայրին և սկսեցի սպասել։
Ոչ ոք չէր գալիս։
Երբ արդեն ուզում էի գնալ պարզելու, թե ինչումն է բանը, դուռը բացվեց և սենյակ մտավ գրանցողը։
― Դուք արդեն վերջացրե՞լ եք, ― հարցրեց նա, նայելով ինձ ակնոցների վրայով։
― Ւ՞նչը վերջացրի, ― հարցրեցի ես։
― Ի՞նչ է նշանակում «ինչը» ― ասաց նա խիստ տոնով։ ― Այն, ինչի համար այստեղ եկել եք։
Առանց պատասխանս լսելու, նա փակեց դուռը և գնաց։
Ես հասա նրան միջանցքում։
― Մամաշա, դուք ինչ է, ծիծաղո՞ւմ եք, ― բռնեցի ես նրա արմունկից։ ― Ինչպե՞ս ես պետք է վերջացնեի, եթե ինձ մոտ ոչ ոք չեկավ։
Ինձ թվաց, որ նա զարմանքով նայեց ինձ։
― Իսկ ո՞ւմ էիք դուք սպասում։
Հիմա արդեն ես զարմացա։
― Ինչպե՞ս թե ում, ― ասացի ես։ ― Սպասում էի աշխատակիցներից որոևիցե մեկին։
Իմ կարծիքով, նա նորից ոչինչ չհասկացավ։ Երկար և ուշադիր նայեց ինձ վրա, կարծես ես խելագար լինեի, հետո ասաց։
― Կոմսոր հաճախորդ, դուք ինչ է լուսնի՞ց եք ընկել։ Մի՞թե դուք չգիտեք, որ մեզ մոտ ընդհանուր կարիքներ ունեցող հաճախորդների համար ինքնասպասարկում է նախատեսված։
― Ահա՛ նա։ Ահա՛ նա, ― լսեցի ես սարսափսլի գոռոց և տեսա ձեռնարկություն ներս խուժած օտար լեզու հասկացող կնոջը։ Նրա ետևում երևում էին երկու միլիցիոներ։